ՅՈՒՆԻՍԵՖ

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծվել է 1946 թվականին՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերից է համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը՝ նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը: 1994 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հետ համագործակցությունը սկսեց երկամյա ծրագրով, որն ուղղված էր այն ժամանակ երկրում գերակա արտակարգ իրավիճակի խնդիրներին: 1995 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համագործակցության առաջին ծրագիրը, որի առանցքում էին առողջապահությունն ու կրթությունը: Գործունեության ոլորտներն են՝ առողջապահություն, կրթություն, նախադպրոցական կրթություն, երեխաների պաշտպանություն, արդարադատության մատչելիություն, սոցիալական պաշտպանություն և մանկական աղքատություն, երեխայակենտրոն բյուջետավորում, երեխաների իրավունքների մշտադիտարկում, անվտանգ միջավայրի ստեղծում:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մրցավազքում հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին. ՅՈՒՆԻՍԵՖ
 |1lurer.am|

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մրցավազքում հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին. ՅՈՒՆԻՍԵՖ |1lurer.am|

1lurer.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը և ԱՀԿ գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է. «Հաստատված պատվաստանյութերի 128 միլիոն չափաբաժնից, պատվաստումների ավելի քան երեք քառորդը, մինչ օրս, կատարվել է ընդամենը 10 երկրում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60% -ը։ Այժմ գրեթե 130 երկիր՝ 2.5 միլիարդ մարդ, դեռ պետք է ընդունեն մեկ դեղաչափ: Ինքնաոչնչացման այս ռազմավարությունը կյանքեր և նյութական միջոցներ կարժենա, վիրուսը կենթարկվի մուտացիայի, պատվաստանյութի ազդեցությունը կնվազի, կխարխլի համաշխարհային տնտեսության վերականգնումը։ Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն և ավելի քան 70 տարվա գործընկերներ, պետություններին կոչ են անում շրջահայացություն ցուցաբերել, պատվաստանյութերի կիրառման այնպիսի ռազմավարություն մշակել, որը հնարավորություն կտա կանխարգելել վիրուսի տարածումն ու վերջ դնել համավարակին։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առողջապահության աշխատակիցները համավարակի առաջնագծում են եղել. պետք է նախ իրենք պաշտպանված լինեն, որպեսզի կարողանան պաշտպանել մեզ։ COVAX- ի մասնակից երկրներն արդեն իսկ պատրաստվում են պատվաստանյութերի  կիրառմանը: Առողջապահական աշխատողները վերապատրաստվել են, դեղաչափերի պահպանման համակարգերը (սառցային շղթաները) պատրաստ են: Սպասում են պատվաստանյութերի համաչափ և արդարացի բաշխմանը։ Բոլոր երկրներում 2021 թվականի առաջին 100 օրվա ընթացքում պատվաստանյութերի կիրառումը սկսելու համար անհրաժեշտ է ապահովել. որ այն երկրները, որոնք պատվաստել են իրենց առողջապահության աշխատակիցներին և հիվանդության ռիսկի խմբում գտնվող բնակչությանը, COVAX նախաձեռնության միջոցով  պատվաստանութերը տրամադրեն այլ երկրներին, որպեսզի վերջիններս նույնպես կարողանան կիրառել դրանք: որ COVAX նախաձեռնությունը լիովին ֆինանսավորվի՝  պատվաստանյութերի ստեղծման, արտադրության ու հավասար բաշխման համար, որպեսզի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն իրենց ֆինանսական և տեխնիկական միջոցներն օգտագործեն պատվաստանյութերը տեղակայելու և կիրառելու համար: Ամբողջական ֆինանսավորման դեպքում, COVAX-ում ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց մինչև 166 ԱՄՆ դոլար եկամուտ կլինի: որ պատվաստանյութերի արտադրողներն արդարացիորեն բաշխեն պատվաստանյութերի սահմանափակ քանակը. կարգավորումների և քաղաքականության վերանայման նպատակով ԱՀԿ-ին տրամադրեն արտադրության անվտանգության և արդյունավետության վերաբերյալ տվյալները՝ որպես գերակա խնդիր, արագացնել և առավելագույնի հասցնել արտադրություն ու փոխանցել տեխնոլոգիան այլ արտադրողների, որոնք կարող են օգնել ընդլայնել գլոբալ հասանելիությունը։ Պատվաստանյութերի արտադրության ընդլայնման և առավել հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է նաև երկրների ղեկավարների աջակցությունը: ՔՈՎԻԴ-19-ը ցույց տվեց, որ բոլորիս ճակատագրերը փոխկապակցված են: Հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին»:
19:55 - 12 փետրվարի, 2021
Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի հետ։Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երեխաների իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը, կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմական իրավիճակում երեխաներին ուղղված աջակցության կազմակերպման, ոլորտում առկա օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։«Երեխաները մեր ամենախոցելի շահառուներն են։ Կարևորագույն խնդիրը, որին առնչվում ենք, երեխաների աղքատությունն է։ Ընդ որում՝ բազմազավակ ընտանիքներում խնդիրն ավելի նկատելի է»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը՝ միաժամանակ մանրամասնելով, որ այս պահին նախարարության առաջնահերթություններից է բազմազավակ ընտանիքների համար սոցիալական երաշխիքներն ավելի հասցեական և արդյունավետ դարձնելը։Նախարարը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների բացահայտման և նրանց՝ հասարակություն լիարժեք ինտեգրման համար պայմանների ապահովումը:«Հաշմանդամություն ունեցող երեխաներն է՛լ ավելի խոցելի են, և այդ ուղղությամբ մենք անելու ենք առավելագույնը․ մասնավորապես՝ հաշմանդամության նոր օրենքի ներդրման միջոցով առողջության գնահատման մեթոդից անցում կկատարենք ֆունկցիոնալության գնահատման»,- ասել է նախարարը։Շնորհակալություն հայտնելով կառավարությանն ու պատասխանատու մարմիններին ներդրած ջանքերի համար, որոնք զգալի փոփոխություն են մտցրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության, վերջիններիս հանդեպ խտրական վերաբերմունքի վերացման հարցում, Մարիան Քլարկն ընդգծել է՝ արդյունքները շատ են, բայց անելիքներ ևս կան։Վերջինս երեխաների իրավունքների հայեցակարգերի մշակման գործում կարևորել է փորձագիտական աջակցությունը՝ այն դիտարկելով միջազգային իրավական ակտերի համապատասխանության կոնտեքստում։Մարիան Քլարկի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կորոնավիրուսի համավարակի և հակամարտության հետևանքով տուժած շուրջ 35,000 ընտանիքների կարիքների գնահատում է իրականացրել, որը կարող է օգտակար լինել առաջիկա ծրագրերի իրականացման գործում։Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև արցախայությանն ուղղված աջակցության ծրագրերում այլ գործընկերների ներգրավումն ու համագործակցության ընդլայնումը։
21:39 - 20 հունվարի, 2021
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություն-կոչը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություն-կոչը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոչով դիմել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության, և արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ: Հիմնվելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մանդատի վրա, այն է՝ «երաշխավորել բոլոր երեխաների իրավունքներն ամենուր», որում հռչակվում են յուրաքանչյուր երեխայի նկատմամբ կիրառելի համամարդկային և անքակտելի իրավունքներ, ցանկանում ենք կոչ անել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին քայլեր ձեռնարկել և դատապարտել այն բռնությունը, որը սանձազերծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել մարտական գործողություններն ընդդեմ երեխաների և քաղաքացիական բնակչության, ինչպես նաև՝ հավատարիմ մնալ երեխայի կյանքի անշեղելի իրավունքի պաշտպանությանը և լիարժեքորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ, ԼՂՀ) ողջ սահմանի երկայնքով: Առաջին իսկ օրվանից Ադրբեջանն օգտագործում է ծանր և հեռահար հրթիռներ և ավիացիա քաղաքացիական բնակչության դեմ: Հոկտեմբերի 16-ի դրությամբ մարմնական վնասվածք է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 9-ամյա աղջնակ, ով սպանվել է իր տան բակում, իսկ նրա երկու տարեկան եղբայրը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Հոկտեմբերի 10-ին՝ հրադադար հայտարարելուց հետո, ադրբեջանական դիվերսիոն խումբը կատարել է Հադրութ քաղաքի բնակիչների սպանություններ: Ինչպես հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նրանց թվում եղել են երկու քաղաքացիական անձինք՝ մայր և նրա հաշմանդամություն ունեցող որդին, ովքեր սպանվել են իրենց տան մեջ: Ադրբեջանական զինված ուժերն օգտագործում են կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով: Ինչպես հայտնի է, կասետային զինամթերքը սարսափելի ազդեցություն է ունենում երեխաների վրա: Ինչպես ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետազոտությունն է ցույց տվել, կասետային ռումբերից տուժողների մոտ 40 տոկոսը երեխաներ են, ովքեր սպանվում կամ մարմնական վնասվածք են ստանում անմիջական մարտական գործողությունների ավարտից երկար ժամանակ անց: Կասետային զինամթերքի ռիսկն հատկապես մեծ է երեխաների համար, քանի որ դրանք չափսերով փոքր են և փայլուն և դրանով իսկ հետաքրքրասիրություն են առաջացնում երեխաների մոտ: Ադրբեջանի կողմից կիրառվող հաջորդ մեթոդը խաղաղ բնակչության թիրախային և պարբերական ահաբեկումն է անօդաչու թռչող սարքերի/դրոնների միջոցով: Դրանց կիրառությունը քաղաքացիական անձանց բնակության վայրերում վերստին ապացուցում է, որ Ադրբեջանը դիտավորյալ է թիրախավորում խաղաղ բնակչությանը: Հոկտեմբերի 14-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք համայնքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերով կատարված այդօրինակ թիրախային հարձակման հետևանքով վիրավորվել է 14-ամյա տղա, ով գնում էր դաշտ՝ կարտոֆիլ հավաքելու: Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը կրկին անգամ թիրախավորեցին ՀՀ Գեղարքունիքի մարզը՝ այս անգամ վնաս պատճառելով Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներին՝ կոտրելով պատուհանները և վնասելով դպրոցների շենքերի պատերը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում ներկայումս արձակուրդ է, և հարձակման պահին շենքերի ներսում երեխաներ չեն եղել: Այնուամենայնիվ, ներսում էին վարչական աշխատողները, ովքեր, բարեբախտաբար, կարողացել են խուսափել վտանգից: Այն երեխաները, ովքեր մինչ օրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) գյուղական և քաղաքային բնակավայրերում են, ոչ միայն զրկված են կրթության իրավունքից, այլ նաև  մշտապես ապրում են մահվան վախի պայմաններում, անգամ երբ ապաստարաններում են: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել է ավելի քան 10 դպրոցի, ինչպես նաև մի քանի մանկապարտեզի հիմնական և օժանդակ շինություն: Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) 24,000 երեխա զրկված է կրթություն ստանալու և դպրոց հաճախելու որևէ հնարավորությունից: Դրանից զատ, Հայաստանի Հանրապետության 119 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 10,815 երեխա կյանքի համար վտանգավոր պայմանների պատաճռով զրկված է դպրոց և մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Ռազմական հարձակումներին զուգահեռ,  քանի դեռ աշխարհի ժողովուրդները պայքարում են մահաբեր ԿՈՎԻԴ-19 վիրուսի դեմ՝ դժվարությամբ դիմակայելով առաջ եկած դժվարություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) նկուղներում և այլ ապաստարաններում մնացած մարդիկ չունեն սոցիալական հեռավորությունը պահպանելու որևէ հնարավորություն, որը նրանց թույլ կտար խուսափել ԿՈՎԻԴ-19-ի տարածումից: Ավելին, նրանց համար սահմանափակ է խմելու ջրի և անհրաժեշտ սանիտարական պայմանների հասանելիությունը, ինչի պատճառով այդ իրավիճակն անհամեմատ ավելի վտանգավոր է դառնում: Բազմաթիվ կառույցներ, պետությունների առաջնորդներ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ չեզոք դիրքորոշում են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ տեղի ունեցող այս շարունակական և անգութ հարձակումների առնչությամբ: 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը) հայտարարություն տարածեց՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ) տիրող իրավիճակի հետ, որում կոչ արեց զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ժամանակ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ). 📍հավատարիմ մնալ իր մանդատին և աջակցել յուրաքանչյուր երեխայի կյանքի իրավունքի պաշտպանությանը՝ անկախ նրա բնակության վայրից և այդ վայրի միջազգային ճանաչումից, 📍դիտարկել և փաստաթղթավորմամբ արձանագրել երեխայի իրավունքների խախտման դեպքերը, 📍գնահատել երեխաների կարիքներն արտակարգ իրավիճակում մարդասիրական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից, 📍դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ սանձազերծված բռնությունը: Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Իրավունքի զարգացման ու պաշտպանության հիմնադրամ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հայաստանի Հելսինկյան կոմիտե «Իրազեկ քաղաքացիների միավորում» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Կրթության Ասպարեզ ՀԿ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ Հանրային Լրագրության ակումբ Գորիսի մամուլի ակումբ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ «Ունիսոն» ՀԿ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ Կանանց աջակցման կենտրոն «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ «Փինք» իրավապաշտպան ՀԿ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա «Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ «Սոցիալական արդարություն» ՀԿ Կանանց իրավունքների տուն «Տաթևիկ» ՀԿ «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ «Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն «Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ Սպիտակի Հելսինկյան խումբ «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ «Ագաթ» ՀԿ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ «Լայն հնարավորություններ» երիտասարդական ՀԿ Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոն Կանանց Ռեսուրսային Կենտրոն «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ «Վստահություն» առողջապահական կազմակերպություն Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն Կանանց Համերաշխության հիմնադրամ «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ «Շամս» մարդասիրական ՀԿ «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն»
13:35 - 21 հոկտեմբերի, 2020
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում անհապաղ կյանքի կոչել հումանիտար հրադադարը |armenpress.am|

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել ԼՂ հակամարտության գոտում անհապաղ կյանքի կոչել հումանիտար հրադադարը |armenpress.am|

armenpress.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի պատճառով այս օրերին մեծ թվով երեխաներ են տուժել։ Այս մասին նշվում է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։ «Լեռնային Ղարաբաղում և նրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունը սարսափելի և անընդունելի վնասներ է պատճառում երեխաներին: Երեխաների մահվան դեպքերի և վիրավորումների մեծ թվից բացի, վնասվել կամ ավերվել են տասնյակ տներ և դպրոցներ: Մեծ թվով երեխաներ և ընտանիքներ շաբաթներ շարունակ տառապել են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից: ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամենաուժեղ կերպով կոչ է անում անհապաղ կյանքի կոչել հումանիտար հրադադարը, որի շուրջ երկու կողմերը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին: Երեխաները, ընտանիքները և քաղաքացիական օբյեկտները, որոնց հետ նրանք կապ ունեն, պետք է պաշտպանված լինեն՝ համաձայն մարդու միջազգային և հումանիտար իրավունքների: Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը լավագույնս բխում է բոլոր երեխաների շահերից»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ:
21:26 - 17 հոկտեմբերի, 2020
Համագործակցում ենք ՀՀ գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական և այլ աջակցություն տրամադրելու գործում․ ՅՈՒՆԻՍԵՖ

Համագործակցում ենք ՀՀ գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական և այլ աջակցություն տրամադրելու գործում․ ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն այցելել են ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին, ծանոթացել և զրուցել նրանց հետ: «Այդ պահին հիվանդանոցում գտնվող Նարեկը պատմել է, թե ինչից և ինչպես է վիրավորվել: Նաև պատմել է, որ շատ է սիրում մաթեմատիկա և շախմատ։ Ապաքինվելուց հետո, պայմանավորվել ենք հանդիպել և միասին շախմատ խաղալ: Նարեկին ընկերակցում էր Ռուբենը, որը, ցավոք, վնասվածքների պատճառով նոր է վերսկսում խոսել: Նրա վիրավորվելու մասին մեզ պատմեց մայրիկը: Իմացանք նաև, որ Ռուբենը շատ հետաքրքրություններ ունի, ֆուտբոլի մեծ սիրահար է և չի պատրաստվում հրաժարվել իր սիրած խաղից։ Այցելել ենք նաև երկու տարեկան Արծվիկին: Նրան խնամում է մայրիկը: Բուժանձնակազմի հետ քննարկել ենք փոքրիկի ապաքինման ընթացքը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը բոլոր այն երեխաների հետ է, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է՝ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պաշտպանել բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանուն յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի: Ինչպես միշտ, համագործակցում ենք ՀՀ գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական և այլ աջակցություն տրամադրելու գործում»,- նշված է «ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան»-ի տարածած հայտարարության մեջ։  
17:55 - 17 հոկտեմբերի, 2020
UNICEF-Հայաստանը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ |armenpress.am|

UNICEF-Հայաստանը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) Հայաստանի գրասենյակը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխայի ծանր վիրավորվելու կապակցությամբ և վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը: «Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։ Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է UNICEF-ի հաղորդագրության մեջ։
10:32 - 15 հոկտեմբերի, 2020
150 միլիոն երեխա հայտնվել է աղքատության մեջ՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով |forrights.am|

150 միլիոն երեխա հայտնվել է աղքատության մեջ՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով |forrights.am|

forrights.am: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ կտրուկ աճել է բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը՝ հասնելով գրեթե 1,2 միլիարդի։ Սրա մասին է խոսվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի նոր վերլուծության մեջ։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 15 տոկոսով կամ ևս 150 միլիոնով աճել է զրկանքների մեջ ապրող երեխաների թիվը։ Բազմաչափ աղքատության վերլուծությունը հիմնված է կրթության, առողջապահության, բնակարանային, սանիտարահիգիենիկ պայմանների կամ ջրի հասանելիության վերաբերյալ ավելի քան 70 երկրներից ստացված տվյալների վրա։ Զեկույցն ընդգծում է, որ վերլուծության մեջ ներառված երկրներում մինչև կորոնավիրուսային համավարակը երեխաների 45 տոկոսը ծայրահեղ խոցելի են եղել առնվազն մեկ չափելի դրսևորման ուղղությամբ։ «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ներդրված արգելափակումները միլիոնավոր երեխաների ավելի խորը աղքատության մեջ են գցել»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Աղքատության ճիրաններից մի կերպ դուրս պրծնող ընտանիքները նորից են հայտնվել աղքատության մեջ։ Մյուսները կրում են նախկինում իրենց անծանոթ զրկանքներ։ Իսկ առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ մենք ավելի շատ մոտեցել ենք այս ճգնաժամի սկզբին, քան՝ ավարտին»։ Զեկույցում նշվում է, որ մանկական աղքատությունը շատ ավելին է, քան միայն դրամային չափումներն են։ Թեև դրամական աղքատության չափումները, ինչպիսիք ընտանիքի եկամուտներն են, կարևոր են, դրանք միայն մասնակի են բացահայտում աղքատության մեջ ապրող երեխաների զրկանքները։ Մանկական աղքատության ողջ ծավալը հասկանալու համար բոլոր պոտենցիալ զրկանքները պետք է վերլուծվեն ուղղակիորեն։ Սա նաև մատնանշում է բազմաչափ աղքատությունը վերացնելու համար բազմաոլորտային քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը՝ ուղղված առողջապահության, կրթության, սնուցման, ջրի ու սանիտարահիգիենիկ և բնակարանային խնդիրների լուծմանը։ Սոցիալական պաշտպանությունը, ներառական հարկաբյուջետային քաղաքականությունը, սոցիալական ծառայության համակարգում ներդրումները, ինչպես նաև միջամտությունները զբաղվածության և աշխատանքի ոլորտներում հույժ կարևոր են ընտանիքներին աջակցելու, երեխաներին աղքատությունից դուրս հանելու և հետագա «ավերածություններից» խուսափելու համար։ Այն ներառում է որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնում և երեխաներին համապատասխան գործիքներով և տեխնոլոգիաներով զինում կրթությունը հեռավար կարգով շարունակելու համար, ինչպես նաև ներդրումներ ընտանիքահեն քաղաքականության մեջ, ինչպիսիք են վճարովի արձակուրդն ու երեխայի խնամքի կազմակերպումը։ Զեկույցում ասվում է, որ ոչ միայն աղքատության մեջ ապրող ավելի շատ երեխաներ կան այսօր, այլև՝ ամենաաղքատ երեխաներն է՛լ ավելի են աղքատանում։ Որոշ երեխաներ խոցելի են մեկից ավելի չափումներում, իսկ մյուսները՝ խոցելի չեն, հետևաբար՝ զրկանքների միջին քանակը ըստ յուրաքանչյուր երեխայի, կարելի է գործածել գնահատելու, թե որքան աղքատ են երեխաները։ Համավարակից առաջ ծայրարհեղ զրկանքների միջին թիվն ըստ յուրաքանչյուր երեխայի, մոտավորապես 0,7 էր։ Այսօր, գնահատականների համաձայն, այդ թիվն աճել է 15 տոկոսով՝ կազմելով 0,85։ Թեև վերլուծությունն արդեն իսկ մռայլ պատկեր է ներկայացնում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ իրավիճակը առաջիկա ամիսներին կարող է վատթարանալ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Սեյվ դը Չիլդրենը հանձն են առել շարունակել մշտադիտարկել զարգացող այս իրավիճակը և աշխատել կառավարությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ դիմակայելու այդ աճին։ «Մենք պետք է հիմա գործենք, որպեսզի կանխարգելենք ավելի շատ երեխաների զրկանքները կարևորագույն հարցերում, ինչպիսիք են դպրությունը, առողջապահությունը, սնունդը, ջուրն ու տանիքը»,- ավելացրել է Ֆորը։ «Կառավարությունները պետք է առաջնահերթությունը տան ամենախոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելուն՝ սոցիալական պաշտպանության համակարգերի արագ ընդլայնման, այդ թվում՝ դրամական փոխանցումների և երեխայի նպաստների միջոցով, հեռավար ուսման հնարավորություններով, առողջապահության ծառայությունները հասանելի դարձնելով և դպրոցական սննդով ապահովելով։ Այս կարևորագույն ներդրումներն այսօր կարող են նախապատրաստել պետություններին՝ դիմակայելու վաղվա ցնցումներին»։ Կորոնավիրուսային համավարակից առաջ և հետո մանկական խոցելիության տվյալները վեր հանելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Սեյվ դը Չիլդրենը դիտարկել են, թե քանի երեխա է խոցելի եղել բազմաչափ աղքատության հայեցակարգի յուրաքանչյուր չափումով և համեմատել դրանք վերլուծության մեջ ներառված երկրների երեխաների բնակչության հետ։
12:30 - 25 սեպտեմբերի, 2020
Համատեղ ծրագրեր՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու․ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Համատեղ ծրագրեր՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու․ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Ողջունելով հյուրին նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել կլիմայական փոփոխությունների և բնապահպանական աղետների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունն ու դրանց համատեքստում՝ երեխաների վրա բացասական ազդեցությունների չեզոքացումը։ Նախարար Պետրոսյանն ընդգծել է, որ երեխաների, դեռահասների և երիտասարդների վրա կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցությունների մեղմման գործում առանցքային նշանակություն ունի էկոկրթական բաղադրիչը, որը թույլ կտա անգամ նախակրթական տարիքից ձևավորել բնության նկատմամբ պատասխանատու ու հոգատար վարք դրսևորող քաղաքացու։ Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթինգը շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար, ապա հակիրճ ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի օրակարգը։ Տիկին Քլարկ—Հաթինգը, մասնավորապես անդրադարձել է երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի եռամյա ծրագրին, ապա առաջարկել դիտարկել կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրում երեխաներին առնչվող նախագծերի իրականացման հնարավորությունները: Նախարար Պետրոսյանը շեշտել է, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները, որոնք կնպաստեն Հայաստանում շրջակա միջավայրի բարելավմանն ու առողջացմանը՝ ակտիվորեն ներգրավելով հասարակության բոլոր շերտերին, մասնավորապես՝ երիտասարդներին։Այդ ուղղությամբ իրականացվում են ինչպես օրենսդրական բարեփոխումներ, այնպես էլ գործնական քայլեր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում՝ էկոկրթական բաղադրիչը ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու համար։ Այդ համատեքստում նախարար Պետրոսյանն առանձնացրեց ՏԻՄ օրենքում ՇՄՆ կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն իսկ հավանության է արժանացել և գտնվում է գործարկման փուլում։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ) վավերացրել է դեռևս 1993թ., իսկ 2018թ. մեկնարկել է Ազգային հարմարվողականության ծրագիրը (ՀԱԾ), որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ կլիմայի փոփոխության (ԿՓ) ՀԱԾ մշակման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող ծրագրերի շրջանակներում՝ ի նպաստ շրջակա միջավայրի առողջացման և երեխաների վրա բնական աղետների և կլիմայի փոփոխությունների ազդեցությունների մեղմման և չեզոքացման։ Տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգը շնորհակալություն հայտնեց նախարար Պետրոսյանին ընդունելության համար և հույս հայտնեց, որ համատեղ ուժերի ներդրման շնորհիվ նախանշված թիրախները հնարավոր կլինի հաղթահարել ամենասեղմ ժամկետներում։
13:01 - 23 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Նախարար Ա.Հարությունյանը, ողջունելով հյուրերին, նախ, շնորհավորել է տիկին Հաթինգին նշանակման կապակցությամբ և ասել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության հաջող փորձառությունը նաև հետայսու շարունակելու ցանկություն կա: Նրա խոսքերով, բարեփոխումների առանցքում երեխաների իրավունքների պաշտպանությունն է, մասնավորապես, կրթության իրավունքի իրացումը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մենք նույն ալիքի վրա ենք նշված ուղղություններով և հույս ունենք ջանքերը մեկտեղելով ավելի մեծ արդյունքներ գրանցել»,-ասել է Ա.Հարությունյանը: Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել` պատրաստ են աջակցել, որ հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաները նույնպես ակտիվ ներգրավված լինեն գործընթացին: Ի պատասխան նախարար Ա.Հարությունյանը տեղեկացրել է, որ անցած ամիսներին շուրջ 4000 սարքավորում է տրամադրվել դրա կարիքն ունեցող սովորողների, բացի այդ, հեռավար դասերը բաց թողած աշակերտներին հնարավորություն է տրվել մասնակցելու դասընթացների: Նա նաև արձանագրել է, որ կորոնավիրուսային հիվանդության պարագայում կրթական գործընթացները վերսկսելն իսկապես լուրջ մարտահրավեր է շատ երկրների համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով նախադպրոցական կրթության թեմային, հայտնել է, որ նոր օրենքի ընդունումից հետո անելիք շատ կա. մինչև 2023 թվականն այդ բնագավառում նույնպես անցում է կատարվելու համընդհանուր ներառակության: Տիկին Հաթինգն էլ ասել է, որ պատրաստ են ֆինանսավորում գտնել և աջակցել անհրաժեշտ ուղղություններով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտնել է «Գլոբալ գործընկերություն կրթության ոլորտում» (Global Partnership for Education) միջազգային կազմակերպության հետ հնարավոր համագործակցության մասին, որի շրջանակներում կարևորվել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնակցային դերը:
12:54 - 22 սեպտեմբերի, 2020
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին: Հանդիպմանը մասնակցել է նաև Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը: Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» երեք ծրագրով իրականացրած աշխատանքների համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բնակչության պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը, հատկապես՝ սեյսմիկ պաշտպանության, հոգեբանական ծառայության և փրկարար ծառայության արձագանքման ուղղություններով՝ գործնական առաջարկությունների ակնկալիքով: Տիկին Մարիան Քլարկ-Հաթինգը նշել է, որ ուրախ է հանդիպման համար և վերահաստատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթության ներդրման հարցերում:Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ արդյունավետ համագործակցության հույս է հայտնել և վստահեցրել, որ դեռ շատ առիթներ կլինեն համատեղ աշխատանքները քննարկելու համար:
16:01 - 07 սեպտեմբերի, 2020
Ջրի սղության պատճառով Բեյրութում բազմաթիվ ընտանիքներ հուսահատ վիճակում են |hetq.am|

Ջրի սղության պատճառով Բեյրութում բազմաթիվ ընտանիքներ հուսահատ վիճակում են |hetq.am|

hetq.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաղորդագրություն է տարածել Լիբանանում դեռեւս չլուծված ջրի խնդրի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ «ԲԵՅՐՈՒԹ, 1-ը սեպտեմբերի, 2020 թ. – Լիբանանում դեռևս լուծված չէ պայթյունի հետևանքով առաջացած ջրի խնդիրը: Ծանր իրավիճակում են հատկապես այն 300 000 մարդիկ, այդ թվում՝ մոտ 100 000 երեխա, որոնց տները պայթյունի հետևանքով վնասվել կամ ավերվել են: Նրանք զրկված են մաքուր ջրից և սանիտարահիգիենիկ ծառայություններից, ահազանգում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Վիճակը վատթարացել է հատկապես Բեյրութի մերձակա շրջաններում, որտեղ վնասվել են պայթյունին մոտ գնտվող բազմաթիվ շենքերի ջրամբարներն և ջրահեռացման համակարգերը։ Տուժած գոտիներում ջրամատակարարման ցանցից ամբողջությամբ անջատվել է շուրջ 130 շենք, վնասվել են ավելի քան 500 բնակելի շենքերի ջրամատակարարման համակարգերը։ «Քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են աճել, ավելի քան երբևէ, կարևոր է պայթյունից տուժած, կյանքերը տակնուվրա եղած ընտանիքներին և երեխաներն ապահովել մաքուր ջրով և սանիտարահիգիենիկ պայմաններով», - նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուկի Մոկուոն: «Երբ համայնքներին հասանելի չեն այս կենսական ծառայությունները, ջրի սղությամբ պայմանավորված հիվանդությունների, այդ թվում կորոնավիրուսի տարածման հավանականությունը կարող է ձայնի արագությամբ աճել», - ավելացրել է նա: Այն տներում, որտեղ ջրատարը չի հասնում, մտահոգիչ է ոչ միայն խմելու ջրի, այլև ջրահեռացման խնդիրը: Դժվարություններ են առաջանում նաև շշալցված կամ ցիստերներով ջուր գնելու հարցում, քանի որ բարձր ջերմաստիճանին զուգահեռ հնարավոր է ջրի արժեքի բարձրացում: Պայթյունից անմիջապես հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ գործընկերների և ջրամատակարարման ծառայությունների հետ գնահատել է ենթակառուցվածքին հասցված վնասը: Beirut Mount Lebanon BML Water Establishment ջրմուղ ընկերությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ վերականգնել է ավելի քան 100 շենքերի ջրամատակարարման համակարգերը, տեղադրվել է անհրաժեշտ 3 300 ջրի բաքերից 570-ը: Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջրով է ապահովել առաջինը օգնության հասած ջոկատներին և տուժած ընտանիքներին, տրամադրել է ավելի քան 4 340 հիգիենայի հավաքածու և 620 մանկական հանդերձանք: ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնութմաբ ցիստերներով ջուր է մատակարարվել 20 տնային տնտեսությունների և Լիբանանի Կարմիր խաչի երեք կենտրոնների: Սա հատկապես կարևոր է, քանի որ օճառով հաճախ լվացվելը կորոնավիրուսի կանխարգելման անհարժեշտ պայմաններից է: «Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը տուժած երեխաներին ու ընտանիքներին, ինչպես նաև առաջնագծում աշխատողներին մաքուր ջրով ապահովելն էր», - նշել է Յուկի Մոկուոն: «Համագործակցելով համապատասխան մարմինների և մեր գործընկերների հետ` մենք կարողացել ենք աջակցել ավելի քան 6 650 երեխաների և նրանց ընտանիքների։ Բայց ավելին անելու կարիք կա, իսկ ժամանակը չի սպասում»: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում է տեղի հազարավոր երիտասարդների անհրաժեշտ հմտություններով զինելու ուղղությամբ, որպեսզի նրանք ևս երկրի վերակառուցման գործում իրենց դերն ունենան՝ այդ թվում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պահմանման և նորոգման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:07 - 01 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխայի

ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական օգնություն կտրամադրի 0-18 տարեկան 3110 երեխաների, որոնց ընտանիքները պետական ընտանեկան նպաստի համակարգի շահառուներ են: Միանվագ դրամական օգնությունը կկազմի 26 500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաները: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև: «Քանի որ հազարավոր ծնողներ պայքարում են իրենց կենցաղն ու եկամուտը ապահովելու համար, ՀՀ կառավարությունը այս ընթացքում աշխատել է ընդլայնել սոցիալական պաշտպանության միջոցառումները, որպեսզի հասնի ամենախոցելի անձանց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ մենք հույս ունենք օժանդակել ոչ միայն հաշմանդամություն ունեցող ամենախոցելի երեխաներին, այլև՝ քարտեզագրել առողջապահական և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների կարիքը հանրապետության ողջ տարածքում և միասնական մոտեցում մշակել՝ հետագայում այս ծառայությունները համակարգելու և իրականացնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 82,415,000 դրամ: Աջակցության գումարի չափը որոշվել է նախարարության հետ համատեղ՝ հիմնվելով նախկին սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթների և նվազագույն սպառողական զամբյուղն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի վրա. «Հաշմանդամություն ունեցող երեխաները, հատկապես նրանք, ովքեր ապրում են ամենաաղքատ տնային տնտեսություններում, անհամաչափորեն են զգում կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցությունը։ Հետևաբար՝ նրանց լրացուցիչ աջակցություն է հարկավոր ճգնաժամին դիմակայելու համար։ Եթե համակարգված գործողություններ չիրականացնենք կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցությունը չեզոքացնելու և համավարակին պատասխան հարված հասցնելու համար, արդեն իսկ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող հազարավոր երխաներ, է՛լ ավելի ծանր իրավիճակում կհայտնվեն», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարք-Հաթինգը։ Աջակցությունը տրամադրվելու է հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի և գանձապետարանի միջոցով ամսական ընտանեկան նպաստների վճարումների հետ համատեղ՝ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրելու պահից մեկ-երկու ամիսների ընթացքում։ Տրամադրված աջակցության գործընթացին գործընկերները հետևելու են համատեղ։ Բացի միանվագ դրամական աջակցությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակել է տեղեկատվական փաթեթ՝ ծրագրի շահառու հանդիսացող հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների ծնողների և խնամակալների համար, որը կբաշխի «Հայփոստ»-ի աջակցությամբ: Որպես երկարաժամկետ աջակցություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել տեխնիկական աջակցություն՝ հոգեկան առողջության և հոգե-սոցիալական աջակցության ծառայությունները զարգացնելու համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների համար: Նշենք, որ աջակցությունը տրամադրվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության 2016-2020 թթ. ծրագրի համաձայն, ինչպես նաև 2019-2020 թ. գործողությունների երկամյա ծրագրի, ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19 բազմոլորտ արձագանքման և ՄԱԿ-ի համատեղ «ՔՈՎԻԴ-19-ը և կայունությունը Հայաստանում՝ խոցելի մարդկանց և համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմման» ծրագրի շրջանակներում:
11:47 - 31 օգոստոսի, 2020
Աշխարհի երեխաների 1/3-ը զրկված է հեռավար ուսուցման հնարավորթյունից, երբ դպրոցները փակ են. ՅՈՒՆԻՍԵՖ |hetq.am|

Աշխարհի երեխաների 1/3-ը զրկված է հեռավար ուսուցման հնարավորթյունից, երբ դպրոցները փակ են. ՅՈՒՆԻՍԵՖ |hetq.am|

hetq.am: ՅՈՒՆԻՍԵՖ-ն անհապաղ գործողությունների կոչ է անում՝ թվային անջրպետը վերացնելու, հեռավար ուսուցումը յուրաքանչյուր երեխայի համար հասանելի դարձնելու և ամենակարևորը՝ դպրոցներն անվտանգ վերաբացելու համար։ Դպրոցների վերաբացմանն ընդառաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոր զեկույց է հրապարակել, որում հստակ երևում է հեռավար կրթության հասանելիության անհամաչափությունը: Առցանց կրթվելու հնարավորությունն անհասանելի է եղել աշխարհի երեխաների մեկ երրորդի համար: «Առնվազն 463 միլիոն երեխայի համար հեռավար ուսուցում հասկացողությունը գոյություն չի ունեցել, երբ կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակվեցին»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Երեխաների այսքան մեծ թվի կողմից ամիսներ շարունակ կրթության չստանալը համաշխարհային կրթական ճգնաժամ է։ Դրա հետևանքները կարող են իրենց զգացնել տալ տնտեսության մեջ և հասարակության շրջանում գալիք տասնամյակների ընթացքում»։ Ազգային և տեղական արգելափակումների բարձրակետին դպրոցների փակման պատճառով գրեթե 1,5 միլիոն դպրոցականներ են տուժել։ «Հեռավար ուսուցման հասանելիությունը» զեկույցն անդրադառնում է հեռավար ուսուցման թերություններին և ընդգծում ծառայության անհասանելիության մակարդակը։ Զեկույցում օգտագործվել են նախադպրոցական, տարրական և միջին դպրոցի աշակերտներին հեռավար ուսուցման համար տանը անհրաժեշտ տեխնոլոգիաների և գործիքների առկայության վերաբերյալ համաշխարհային վերլուծական տվյալներ 100 երկրներից։ Ներառված են տվյալներ հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի հասանելիության, ինչպես նաև դպրոցների փակման ընթացքում այս հարթակների համար մշակված համապատասխան կրթական ծրագրերի առկայության վերաբերյալ։ Չնայած զեկույցում առկա արդեն իսկ մտահոգիչ տվյալներին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ պատկերը կարող է ավելի վատը լինել: Անգամ, տանը համապատասխան տեխնոլոգիաների և գործիքների առկայությունը չի կարող երաշխավորել, որ երեխան հնարավորություն ունի այդ հարթակների միջոցով հեռավար կրթվելու: Տանը կարող են գոյություն ունենալ այլ գործոնները՝  երբ երեխան պարտադրված է տնային գործեր անել, ստիպված է աշխատել, առցանց և հեռարձակվող  դասերի պահին բացակայում են սովորելու համար  բարենպաստ պայմանները: Զեկույցը ներկայացնում է տարածաշրջանների միջև առկա նշանակալի անհավասարությունը։ Սահարյի հատվածի աֆրիկայան երկրներում աշակերտներն ամենաշատն են տուժել․ այստեղ աշակերտների կեսին հնարավոր չի եղել ներգրավել հեռավար ուսուցում գործընթացում: Տարածաշրջան Դպրոցականների նվազագույն մասնաբաժինը, որոնց հասանելի չէ հեռավար ուսուցումը (%) Դպրոցականների նվազագույն թիվը, որոնց հասանելի չէ հեռավար ուսուցումը Արևելյան և Հարավային Աֆրիկա                     49%  67 մլն Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկա    48% 54 մլն Արևելյան Ասիա և Խաղաղօվկիանոսյան երկրներ      20% 80 մլն Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա                   40% 37 մլն Հարավային Ասիա                    38%  147 մլն Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա              34% 25 մլն Լատինական Ամերիկա և Կարիբյան ծոցի երկրներ                9%  13 մլն Ընդամենը 31% 463 մլն Զեկույցը նաև ներառում է հասանելիության վերաբերյալ տվյլաներ ըստ տարիքային խմբերի․ կրթության և զարգացման համար կարևորագույն այս տարիներին հեռավար ուսուցումը հասանելի չի եղել ամենակրտսերներին: Նախադպրոցական տարիքի երեխաների 70 տոկոսին, այն է՝ 120 մլն երեխայի հնարավոր չէ հեռավար կրթություն տրամադրել, հիմնականում փոքր տարիքի երեխաների համար առցանց ուսուցման հետ կապված խնդիրների և սահմանափակումների, կրթական այս տարիքի երեխաների համար հեռավար ուսուցման ծրագրերի բացակաության և հեռավար ոսուցման համար տանն անհրաժեշտ գործիքների բացակայության պատճառով։ Տարրական դպրոցի աշակերտների առնվազն 29 տոկոսին, այն է՝ 217 միլիոն աշակերտի հնարավոր չէ հասնել։ Միջին դպրոցի ցածր դասարանցիների առնվազն 24 տոկոսին, այն է՝ 78 միլիոն երեխայի հեռավար ուսուցում չի տրամադրվել։ Հեռավար կրթությունը ամենաքիչը բաց թողնող տարիքային խումբը միջին դպրոցի բարձր դասարանցիներն են։ Այս տարիքային խմբի 18 տոկոսը, այն է՝  48 միլիոն աշակերտ չի ունեցել հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիական միջոցները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ է անում՝ արգելափակումները թուլացնելու դեպքում առաջնահերթություն տալ դպրոցների անվնտանգ վերաբացմանը։ Անհնրինության դեպքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է կրթության շարունակականության և վերաբացման ծրագրերում կիրառել «փոխհատուցման մեխանիզմներ»՝ բաց թողած դասերը լրացնելու նպատակով։ Դպրոցների վերաբացման գործողությունների ծրագրերում և գործելակերպում պետք է ներառել կրթության հասանելիության ընդլայնում, այդ թվում՝ հեռավար ուսուցում հատկապես խոցելի խմբերի համար։ Կրթական համակարգերը ևս պետք է հարմարեցվեն և մշակվեն այնպես, որ դիմակայեն ապագա ճգնաժամերին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դպրոցների վերաբացմանն ուղղված հայեցակարգը, որ թողարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՊՀԿ-ի և Համաշխարհային բանկի հետ համատեղ, ազգային և տեղական իշխանություններին ուղղված գործնական առաջարկություններ է պարունակում։ Ուղեցույցի առանցքում են քաղաքականության բարեփոխումները, ֆինանսավորումը, դպրոցների անվտանգ վերաբացումը, բաց թողած ուսուցման լրացումը, երեխաների բարեկեցությունն ու պաշտպանությունը, խոցելի խմբերի  երեխաներին հասնելը։
16:36 - 27 օգոստոսի, 2020
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Օգոստոսի 24-ին Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգն (Marianne Clark-Hattingh) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին:  Հաջորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին և այդ գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությանը: ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է երեխաներին վերաբերող իրավական դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև ընթացիկ ինստիտուցիոնալ բարեփոխումները: Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսային համավարակի արդյունքում առաջացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները: Կարևորվել են երեխաների խնամքի, կրթության շարունակականության ապահովման հարցերը՝ որպես զարգացման առանցքային նախապայմաններ: Անդրադարձ է կատարվել նաև առավել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների՝ ներառյալ սահմանամերձ բնակավայրերի երեխաների պաշտպանության խնդիրներին: 
08:56 - 25 օգոստոսի, 2020