ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն․ ՀՀ ԱԳՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով, մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:  Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է»: ՀՀ ԱԳՆ-ն նշում է՝ վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:  «Չարդարացված ենք համարում նաև ՀՀ ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները, քանի որ բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանք»:  ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ անհասկանալի են Հայաստանին ուղղված մեղադրանքները պաշտպանական նպատակներով սպառազինությունների ձեռքբերման առիթով, որովհետև Ադրբեջանը Հայաստանից անգամներով ավել սպառազինություն է ձեռքբերում, ինչի մասին Հայաստանը համապարփակ տեղեկատվություն է ստանում:  «Այս առիթով պաշտոնապես վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության նվիրումը խաղաղության օրակարգին, ինչպես նաև դրանից բխող սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների ստեղծման և երկու երկրների միջև սահմանի հարակից տարածքներն ապառազմականացնելու` Ադրբեջանին ուղղված մեր առաջարկը», - նշված է հայտարարության մեջ:  Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), Կութի (Գեղարքունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ), Չինարիի (Տավուշի մարզ), Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
11:11 - 06 ապրիլի, 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:  Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում: ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաև, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք  լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել»,- հայտնում են ՊՆ-ից:
09:30 - 06 ապրիլի, 2024
Քննարկվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-ների արտադրության խթանման հարցեր

Քննարկվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-ների արտադրության խթանման հարցեր

Այսօր ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրագույն ղեկավար կազմի, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի տնօրինության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և մասնավոր կազմակերպությունների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա․ Քոչարյանը, հանձնաժողովի նախագահի տեղեկալ Ա․ Խաչատրյանը, հանձնաժողովի անդամներ Վ․ Ալեքսանյանը, Վ․ Գաբրիելյանը, Հ․ Սարգսյանը, հանձնաժողովի փորձագետ Վ․ Ավետիսյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-լեյտենանտ Է․ Ասրյանը, ԳՇ պետի տեղակալ՝ գնդապետ Ա․ Երոյանը, ՀՀ ԶՈՒ ԱԹՍ վարչության պետ՝ գնդապետ Կ․ Փիլիպոսյանը, ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար՝ գնդապետ Ա․ Մանգասարյանը, ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ՝ գնդապետ Ա․ Հովհաննիսյանը, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահ Ա․ Մեհրաբյանը և այլք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-երի արտադրության խթանման, գիտելիքահեն տնտեսության ստեղծման նպատակով միջազգային առաջատար փորձի ուսումնասիրման, Հայաստանի ռազմական ավիացիան և ռազմարդյունաբերությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և հարակից այլ հարցեր։ Գնդապետ Ա․ Հովհաննիսյանը ներկաներին զեկույցի տեսքով ներկայացրել է տվյալ ոլորտի կատարելագործման ուղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նշել են ոլորտային ցուցանիշների բարելավմանն ուղղված իրենց պատկերացումները, ինչպես նաև ոլորտային օրենքների մշակման հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնել:
15:23 - 04 ապրիլի, 2024
ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է․ դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ․ ՊՆ

ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է․ դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:   Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:   ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
20:40 - 01 ապրիլի, 2024
Լավ է ստանալ ԵՄ առաքելության հաստատումը, որ սահմանին արտասովոր շարժ չի նկատվել. Կլաար |azatutyun.am|

Լավ է ստանալ ԵՄ առաքելության հաստատումը, որ սահմանին արտասովոր շարժ չի նկատվել. Կլաար |azatutyun.am|

azatutyun.am: data-sider-select-id="c77208df-6a98-42f9-91ce-fdea9937b5c3">Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունն այսօր ողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է։ «Ոչ մի արտառոց շարժում չի նկատվել», - ասված է առաքելության X-ի գրառման մեջ։   Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մեկնաբանելով այս գրառումը, իր հերթին գրել է, որ լավ է ունենալ հաստատում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից, որ ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ չի նկատվել։ «Հենց դա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ստեղծել։ Մենք բաց ենք մնում Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար», - նշել է նա:   Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը պնդել էր, թե սահմանի տարբեր հատվածներում «հայկական զինված ուժերի ակտիվ տեղաշարժ է նկատում», ապա սպառնացել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր այս հաղորդագրությունը։
18:29 - 31 մարտի, 2024
Երևանը հերքում է Բաքվի մեղադրանքները սահմանի տարբեր ուղղություններում հայկական ԶՈՒ կուտակումների, տեղաշարժերի վերաբերյալ

Երևանը հերքում է Բաքվի մեղադրանքները սահմանի տարբեր ուղղություններում հայկական ԶՈՒ կուտակումների, տեղաշարժերի վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում: Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբրև  Հայաստանի զինված ուժերի ինտենսիվ տեղաշարժ է նկատվում սահմանի տարբեր հատվածներում, և որում զգուշացնում է, թե «ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի ադրբեջանական բանակի կողմից»։
11:18 - 31 մարտի, 2024
Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը

Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը, հետևել մարտական հրաձգությանը: Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ բարձրագույն սպայակազմը զորախաղին հետևել են նաև տարատեսակ ԱԹՍ-ների նկարահանումների միջոցով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին, ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:Նախարարն ընդգծել է ռազմարդյունաբերողների հետ ամենօրյա աշխատանքի կարևորությունը՝ զինված ուժերը նորարար և արդյունավետ զինատեսակներով համալրելու համար: Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարն օպերատիվ հավաքների մասնակից սպայակազմի հետ քննարկել է այս շաբաթ իրականացված համալիր միջոցառումները, ամփոփել քառօրյա հավաքները և տվել համապատասխան հանձնարարականներ: Այնուհետև նախարար Պապիկյանը զորավարժարանի մեկ այլ տեղամասում հետևել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների պարապմունքներին: Բարձրաստիճան սպաները ներկայացրել են ակադեմիայի տեսական դասերի ու գործնական պարապմունքների նոր ձևաչափը, որը նպաստելու է անձնակազմի մարտական պատրաստության ամրապնդմանը, արհեստավարժության բարձրացմանը: Սուրեն Պապիկյանը հետևել է կուրսանտների հրաձգությանը, հանձնարարել է խրախուսել լավագույն արդյունք գրանցած զինծառայողներին:
22:25 - 28 մարտի, 2024
«Մենք հող հանձնող չենք»․ ԶՈՒ ԳՇ պետ |azatutyun.am|

«Մենք հող հանձնող չենք»․ ԶՈՒ ԳՇ պետ |azatutyun.am|

azatutyun.am: Եթե հասկանում եք, թե ինչ է պատերազմը, պատերազմը կարող է լինել մեկ ժամ հետո, երկու ժամ հետո, երեք ժամ հետո, մեկ տարի հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո, այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք պատերազմ կլինի», Ասրյանը պատասխանեց․ - «Մենք հող հանձնող չենք»։ Անցած շաբաթ Տավուշի մարզում Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Երևանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալը և հենց սա է, ըստ գործադիրի ղեկավարի, պատճառը, որ պետք է գնան այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
14:20 - 25 մարտի, 2024
Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքների ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին

Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքների ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին

Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 25-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, զինված ուժերում ներդրված մի շարք ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև խոսել զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների ընթացքի մասին։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն իր զեկույցում անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, ընդգծել ղեկավար կազմի ամենօրյա ուշադրության կարևորությունը` ուսումնական փուլի լիարժեք կազմակերպման, մարտավարամասնագիտական դասերի և պարապմունքների պատշաճ իրականացման համար։ Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ, դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։
14:16 - 25 մարտի, 2024