Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր։

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։ 


Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին: Նշենք՝ մայիսի 6-ին խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել էր օրենսդրական փաթեթը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ներկայացվել: Հիմնական և հարակից զեկուցողներ Համազասպ Դանիելյանը և Վահագն Հովակիմյանը ներկայացրել են պարզաբանումներ նախագծի ուժի մեջ մտնելու գործընթացի վերաբերյալ: Նախագծով նախատեսված ամենավերջին կարգավորումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից և վերաբերում է նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելու գործառույթի առումով: Հրապարակվելուց 30 օր անց ուժի մեջ կմտնեն դրույթներ, որոնցով կկանոնակարգվեն աշնանը նախատեսվող ՏԻՄ ընտրությունների գործընթացը:  Համապետական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից: Այսօր՝ ժամը 18.30-ին, ԱԺ արտահերթ նիստում տեղի կունենա նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը: 
13:48 - 07 մայիսի, 2021
Այս իշխանության ուժը որևէ եղանակով դատական իշխանության գործունեությանը չմիջամտելու մեջ է. Վարդանյան |armenpress.am|

Այս իշխանության ուժը որևէ եղանակով դատական իշխանության գործունեությանը չմիջամտելու մեջ է. Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գործող իշխանության ուժը համարում է այն, որ չի ցանկանում որևէ եղանակով միջամտել դատական իշխանության գործունեությանը: Այս մասին Վարդանյանն ասաց խորհրդարանի մայիսի 7-ի նիստում: «Մեզ մեղադրում են նրանում, որ մենք թույլ ենք, որ մենք չենք կարողանում հստակ հարաբերություններ հաստատել դատական իշխանության հետ, չենք կարողանում կարգավորել դատախազության հետ կապված հարցերը: Այս իշխանության ուժը նրա մեջ է, որ մենք չենք կարողանալու ու չենք ուզում կարողանալ որևէ եղանակով միջամտել դատական իշխանության, դատախազական մարմինների, իրավապահ համակարգի գործունեությանը»,- ասաց Վարդանյանը: Պատգամավորը նշեց, որ այսօր դժվար է հասկանալ այդ ամենը, սակայն տարիներ անց այդ գործունեությունը կգնահատվի: «Հավատացնում եմ, որ կանցնեն տարիներ, և այն, ինչ այսօր տեղի է ունենում, կգնահատեն, որպես անկախ դատական իշխանության, իրենց գործունեությունն արժանապատիվ իրականացնող իրավապահ համակարգի ձևավորման տարիներ»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:
11:56 - 07 մայիսի, 2021
«Հիանալի» նորություն ունեմ. հունիսի 20-ի ընտրությունները լինելու են հին Ընտրական օրենսգրքով․ Դանիել Իոաննիսյան

«Հիանալի» նորություն ունեմ. հունիսի 20-ի ընտրությունները լինելու են հին Ընտրական օրենսգրքով․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն անցկացվելու են հին ընտրական օրենսգրքով: Նա, մասնավորապես, տեղեկացրել է․«Մի «հիանալի» նորություն ունեմ. հունիսի 20-ի ընտրությունները լինելու են հին ընտրական օրենսգրքով: Բացի ռեյտինգային ընտրակարգից որևէ այլ կարգավորում չի փոխվելու առաջիկա ընտրությունների համար: Այո, «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում են զարմացնել՝ նույնիսկ պատրաստի ռեֆորմները տապալելու իրենց բացառիկ կարողությամբ: Մարդիկ են, որոնք 2 տարուց ավել, ունենալով աննախադեպ մեծամասնություն Ազգային ժողովում, չկարողացան (իսկ ոմանք՝ չուզեցին) բարեփոխել ընտրական օրենսգիրքը: Երևի կարող եմ չհիշացնել ընտրական բարեփոխումներ անելու Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները՝ սկսած 2018-ի ապրիլից, կառավարության ծրագրից և վերջացրած 2020-ի նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզով: Ու այս տապալման միակ մեղավորը հենց «Իմ քայլն» է. ոչ հանրապետության նախագահը, ոչ դատարանները, ոչ նախկինները, ոչ ադրբեջանցիք և ոչ էլ ընդդիմությունը: Հստակեցնեմ՝ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր որոշեց, որ հետաձգում է ընտրական օրենսգրքի քննարկումը, ինչը նշանակում է, որ ԱԺ-ն այն չի ընդունի նախքան ընտրությունների նշանակումը: Իսկ նշանակումից հետո, բնականաբար, կանոնները չեն փոխվելու: Հ.Գ. Առհասարակ, որևէ մեկն այս երկրում այդքան չի խանգարում ժողովրդավարության զարգացմանը (կամ չնահանջմանը), որքան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը (և, իհարկե, դրա «հոգևոր հայր» Արարատ Միրզոյանը)»:
19:37 - 03 մայիսի, 2021
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկումը՝ հեղինակի առաջարկությամբ

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկումը՝ հեղինակի առաջարկությամբ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ հեղինակի առաջարկությամբ:  Նախագծի հեղինակ Համազասպ Դանիելյանն ասաց, որ նախագծի հետաձգման պատճառը վաղը մեկնարկելիք ԱԺ նիստի օրակարգի հագեցած լինելու հանգամանքն է, մինչդեռ ԸՕ փոփոխությունների նախագիծը, ըստ նրա, առանձին քննարկելու անհրաժեշտություն ունի, ինչպես նաև, Դանիելյանի խոսքով, ժամանակ է անհրաժեշտ նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած կարծիքն իրացնելու և քննարկելու համար:  Նա նշեց, որ նախագիծը կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբին՝ արագացված ընթացակարգով և, ամենայն հավանականությամբ, կընդունվի երկու ընթերցմամբ:  Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձանագրեց, որ նախագծում տեխնիկական լուծումներն ամփոփելու և առաջարկները փաթեթով իրացնելու նպատակով հարցի քննարկումը հետաձգվում է, հաջորդ շաբաթ կնախաձեռնվի արտահերթ նիստ և կառաջարկվի քննարկել նախագիծը: 
10:56 - 03 մայիսի, 2021
2020 թ. կոռուպցիոն գործերով վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ դրամի վնաս. ՀՀ գլխավոր դատախազ |1lurer.am|

2020 թ. կոռուպցիոն գործերով վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ դրամի վնաս. ՀՀ գլխավոր դատախազ |1lurer.am|

1lurer.am: Նախորդ տարի կոռուպցիայի դեմ պայքարը եղել է դատախազության առաջնահերթությունների շարքում՝ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով դատախազության 2020 թ. գործունեության մասին հաղորդումը: «Միայն 2020 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ, ընդ որում՝ այս թիվը գերազանցում է 2019 թվականի արդյունքները 7.3 տոկոսով: 2020 թվականին մեր ձեռնարկած միջոցներով կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս, ինչը շուրջ 105 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա արդյունքները: Դրական շարժ ունենք  նաև վնասի վերականգնման մասով. 2020 թվականի ընթացքում այդ գործերով վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ դրամի վնաս, այն դեպքում, երբ 2019 թվականին վերականգնվել էր 12.4 մլրդ դրամի վնաս»,- նշեց Դավթյանը:
13:07 - 30 ապրիլի, 2021
Առաջարկվեց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման վարույթով գործերի քննության համար սահմանել հստակ ժամկետ |1lurer.am|

Առաջարկվեց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման վարույթով գործերի քննության համար սահմանել հստակ ժամկետ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթով գործերի քննության համար հստակ ժամկետ սահմանել:  Նախագծի հեղինակ Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում՝ որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Նախագծով առաջարկվում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ նման գործերն իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում: Պետրոսյանը տեղեկացրեց, որ բոլոր առաջարկներն ընդունվել են: Հարակից զեկույցում պատգամավոր Արթուր Դավթյանը դրական գնահատեց օրենսդրական առաջարկը՝ նշելով, որ այս գործերով դատարանները կաշկանդված կլինեն, ավելի սեղմ ժամկետներում կնշանակեն երկրորդ նիստերը: Արդյունքում՝ վեճի լուծումը կլինի ավելի սեղմ ժամկետում: Պատգամավորն առաջարկեց պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հայցերն առաջին ատյանի դատարանում քննել և լուծել եռամսյա ժամկետում: Առաջարկվեց հայցադիմումի պատասխանը ներկայացնել այն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը պետք է քննի և որոշում կայացնի այն վարույթ ընդունելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ գործադիրը կողմ է նախագծին և ներկայացրել է որոշակի առաջարկներ: Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու ժամկետն առաջարկվեց սահմանել մեկ ամիս: Փոխնախարարը փաստեց, որ դատարանների գերծանրաբեռնվածությունն է դատական նիստերի ձգձգման պատճառը: Հանձնաժողովը հարցի առնչությամբ տվեց դրական եզրակացություն:
11:44 - 30 ապրիլի, 2021
Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մի շարք օրենքներում փոփոխությունների լրամշակված փաթեթին |armtimes.com|

Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մի շարք օրենքներում փոփոխությունների լրամշակված փաթեթին |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովը 79 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը:  Պետաիրավական հանձնաժողովի նիստում նախագծի զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախագծում կատարվել են մի քանի փոփոխություններ: Մասնավորապես՝ նախագծից հանվել է 154.10-րդ հոդվածը, այն է՝ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը, ինչի համար նախատեսվում էր պատիժ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով: Հովակիմյանը հավելեց, որ որոշում է կայացրել տվյալ հոդվածը հանել տարընթերցումներից խուսափելու համար: Վահագն Հովակիմյանը հավելեց, որ մնացած փոփոխությունները տեխնիկական են: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծում էլ Հովակիմյանը նշեց, որ ավելացում է արվել: Մասնավորապես համացանցում քարոզարշավի կամ քարոզչության համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական քարոզարշավ անելու դեպքում նույնպես կլինի վարչական տույժ, ինչը ներկայիս կարգավորումներում բացակայում էր, և լռության օրը համացանցում քարոզչություն իրականացնելու դեպքում վարչական տույժ նախատեսված չէ: «Իմ քայլ»-ի պատգամավորն ասաց, որ Քաղաքացիության մասին օրենքում էլ կատարվել են միայն տեխնիկական շտկումներ: Քննարկումից հետո Պետաիրավական հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթի լրամշակված տարբերակին:
18:15 - 28 ապրիլի, 2021
Երթևեկության կանոնների իրավախախտումներով բողոքարկումները դատարանում կքննվեն գրավոր ընթացակարգով |armenpress.am|

Երթևեկության կանոնների իրավախախտումներով բողոքարկումները դատարանում կքննվեն գրավոր ընթացակարգով |armenpress.am|

armenpress.am: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ Հայաստանում վարչական դատարաններում մի շարք իրավախախտումներով բողոքարկումների գործերը կքննվեն բացառապես գրավոր ընթացակարգով՝ առանձին բացառություններով: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը: «Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածների պայմաններում, երբ բողոքարկում կներկայացվի դատարան, քննություն իրականացնել բացառապես գրավոր ընթացակարգով: Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ եթե դատարանը անհրաժեշտություն է տեսնում անցնել բանավոր քննության, դրա հնարավորությունն ունի: Կողմերն էլ զրկված չեն միջնորդություն ներկայացնելուց և դատարանին խնդրելուց ընդհանուր կարգով քննությունն իրականացնելուց»,-ասաց Գրիգորյանը: Նա ներկայացրեց այն հոդվածները, որոնցով առաջարկվում է, որ պարտադիր լինի գրավոր քննություն: Դա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3 հոդվածն է, որը նախատեսում է առանց ամրակապվելու կամ համապատասխան տրանսպորտային միջոցի դեպքում առանց սաղավարտի երթևեկելու կամ ուղևոր տեղափոխելու համար վարչական պատասխանատվություն, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը, նաև ՃԵԿ կանոնների խախտումները, լուսացույցի սահմանված կանոնների խախտմամբ երթևեկելը, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը և այլն: Այս բոլոր իրավախախտումներով բողոքարկումները  դատարաններում քննվելու են բացառապես գրավոր ընթացակարգով՝ առանձին բացառություններով: Նախագիծը միտված է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն:
16:31 - 07 ապրիլի, 2021
Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորով. Դատական օրենսգրքի նախագիծը լրամշակվել է

Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորով. Դատական օրենսգրքի նախագիծը լրամշակվել է

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ նվազեցվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թիվը, դատարանը կգործի 15 դատավորով, որից առնվազն 10-ը պետք է լինեն մասնագիտացված կոռուպցիոն հանցագործությունների, 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի գծով: Նախարարի խոսքով՝ սահմանվել են Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ քաղաքացիական դատարաններում առանձին դատավորների միջև գործերի բաշխման առանձնահատակությունները:  Բադասյանն ասաց, որ նախագծից հանվել են Վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածուների համար բարեվարքության ուսումնասիրությունն անցնելու պարտադիր պահանջի կարգավորումները:  Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքից էլ հանվել են Հակակոռուպցիոն դատարանին կոռուպցիոն հանցագործություններով միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասության վերապահման և Վերաքննիչ քրեական դատարանի վերաբերյալ դրույթները՝ հաշվի առնելով, որ Կառավարությունն այդ առումով առաձին նախաձեռնությամբ է հանդես եկել:  Եվս մեկ փոփոխություն՝ նվազեցվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերը՝ դրանք հավասարեցնելով դատավորների պաշտոնային դրույքաչափերին, միաժամանակ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար հավելումներ են սահմանվել:  Արդարադատության նախարարը նշեց, որ գլխավոր դատախազությունում ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացնող դատախազների պաշտոններում կարող են նշանակվել միայն բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք: 
11:50 - 07 ապրիլի, 2021
Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածում փոփոխություն կլինի |hetq.am|

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածում փոփոխություն կլինի |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Կառավարությունն առաջարկում է օրենսգքրի 164-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն կատարել` հստակեցնելով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածը: Գործող օրենքով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:   Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ փոփոխությունը տեխնիկական է: 164 հոդվածի երրորդ մասում նշվում է` հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով: Գործադիրն առաջարկում է հոդվածի երրորդ մասի «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով: Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգում:
13:28 - 17 մարտի, 2021
Վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն |1lurer.am|

Վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը ԱԺ-ն ընդունել էր առաջին ընթերցմամբ: Հիշեցնենք, որ նախագծի ընդունումը հնարավորություն է ընձեռելու պաշտպանել անձի պատիվն ու արժանապատվությունը զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն է ընձեռելու ավելի ստույգ տեղեկություն ստանալու: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում էր՝  ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ 239 քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել 5000 թվով: Ասաց՝ դա վերաբերում է վիրավորանքին:  8-րդ մասի 2-րդ կետում 2000 թիվը փոխարինել 10.000 թվով. սա վերաբերում է զրպարտությանը:  Սիմոնյանը հայտնեց, որ այդ ընթացքում գրավոր որևէ առաջարկ չի ներկայացվել, բայց գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել առաջին ընթերցմամբ ընդունված և իր կողմից առաջարկված Քաղաքացիական օրենսգրքում ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ 239 քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել 3000-ապատիկով՝ նախկին 5000-ապատիկով առաջարկի փոխարեն: 8-րդ մասի 2-րդ կետում 2000-ապատիկի չափը փոխարինել 6000-ապատիկ չափով, նախկինում առաջարկված էր 10-հազարապատիկ: Սիմոնյանն ընդգծեց, որ փոփոխության դրդապատճառներից է այն, որ նախագիծը ոչ թե տնտեսական է, այլ առնչվում է իրավիճակին, որ այսօր տիրում է վիրավորանքի և զրպարտության մասով: Կարծում է, որ 3000-ապատիկը և 6000-ապատիկը բավարար չափ են, որով դատարանը կարող է որոշում կայացնել: Շեշտեց՝ այն տուգանք չէ, փոխհատուցում է: Նշեց նաև, որ նվազագույն զամբյուղից սկսած 1998 թվականից այս կողմ ամեն ինչ փոխվել է, դա տնտեսական մասով նույնպես հանդիսանում է այդ փոփոխության դրդապատճառ:
12:28 - 17 մարտի, 2021
Պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

Պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին: Պատգամավորն առաջարկում էր դրույթ սահմանել, ըստ որի խմբակցությունները հնարավորություն են ստանում հանձնաժողով հրավիրված Կառավարության առանձին անդամի չներկայանալու և բացատրություններ չտալու դեպքում գրավոր հարցապնդմամբ դիմել գործադիրին, անհրաժեշտության դեպքում ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, թե քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնյաների դեպքում գործ ունենք քաղաքական պատասխանատվության հետ: «Քաղաքացին, ընտրողը պետք է որոշեն՝ այդ մարդն իրոք այն մարդն է, որ պետք է իրեն ներկայացնի կառավարությունում, խորհրդարանում կամ այլ մարմնում: Եվ քաղաքական պատասխանատվությունը քաղաքական թիմի համար կարևոր է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ թեև ԱԺ քննիչ հանձնաժողովների կայացման խնդիր կա, բայց ներկայացված նախագիծը չի լուծում այդ հարցը:
11:29 - 17 մարտի, 2021
Առաջարկվում է ավելացնել դատարան դիմելու պետտուրքերի չափերը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |1lurer.am|

Առաջարկվում է ավելացնել դատարան դիմելու պետտուրքերի չափերը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:   Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոխվել, մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ: Մասնավորապես, ըստ նրա, փոխվել են՝ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի չափերը և այլն:  Փոխնախարարի խոսքով՝ դիտարկելով պետության կողմից դատարանների վրա ծախսված գումարը և հավաքագրվող պետական տուրքերը՝ 4-5 անգամ տարբերություն է նկատվում: Նա տեղեկացրեց, որ 2018-ին փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 մլրդ դրամ, 2019-ին փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, եկամուտները՝ մոտ 2 մլրդ դրամ, նույն ցուցանիշներն են նաև 2020-ին: Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք երկրներում պետական տուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում:  Նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, թե պետական տուրքի ինչ նոր դրույքաչափեր են սահմանվում դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:  «Առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատարանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ:  Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ: Պետտուրքի գործող նվազագույն չափը 1500 դրամ է:     Արբիտրաժի վճռի կատարողական թերթի տրամադրման համար պետտուրք չի գանձնվի: Պետական տուրք չի գանձվի դիտորդական կազմակերպությունների կողմից ներակայացված, ընտանիքում բռնության կանխարգելման գործերով հայցերի, հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում»,- նշեց նա:   Վահե Դանիելյանն ասաց, որ դատարան դիմելու առումով պետական տուրքն ապահովում է դատարանների ծախսերի փոխհատուցում և  քաղաքացիների դեմ անհիմն հայցերից պաշտպանվածություն: Նա վստահեցրեց, որ այդ դեպքում պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ, այլ հակառակը:  Հանձնաժողովի անդամները, մի շարք խնդիրներ մատնացույց անելուց և առաջարկներ ներկայացնելուց հետո, հավանություն տվեցին նախագծին. այն կներառվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:  Նշենք՝ ավելի վաղ նախագիծը քննարկվել էր նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում: Հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախագծին:
15:17 - 24 փետրվարի, 2021
Հակակոռուպցիոն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրինագծի քննարկումը հետաձգվեց |armenpress.am|

Հակակոռուպցիոն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրինագծի քննարկումը հետաձգվեց |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու նախագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը: ԱԺ հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ  այն հակակռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ է: «Քանի որ առաջինից երկրորդ ընթերցմանը բավականին ծավալուն աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա, որը մասամբ կատարել ենք, մասամբ էլ ընթացքի մեջ է, հանձնաժողովի հետ նույնպես համագործակցում ենք առանձին հարցեր քննարկելու առումով, առաջարկում եմ հետաձգել նախագծի քննարկումը, ներառել հետագա օրակարգում»,- ասաց նախարարը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատարանը կգործի առնվազն 25 դատավորի թվակազմով: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կգործի առնվազն 10 դատավորի թվակազմով: Այսպիսով, նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց մինչև 2 ամիս ժամկետով:
14:02 - 24 փետրվարի, 2021