Սահմանային լարվածություն Տավուշում

2020 թվականի հուլիսի 12-ին, ժամը 12։30 Տավուշի մարզի հայկական դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա։ Ադրբեջանցի զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ 

Դրանից հետո սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։ 

Հուլիսի 13-ին հակառակորդը նույն սցենարով, տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսել է հրետակոծությունը։ 

Նույն օրը Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ 

Հուլիսի 12-ի, լույս 13-ի գիշերվանից հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ DDoS հարձակման տակ են եղել։ 

Հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը՝ կամիկաձե: 

Հուլիսի 13-ին մարտական պայմաններում առաջին անգամ կիրառվել են հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ-ի՝ դրանք փայլուն արդյունքներ են գրանցել:

Հուլիսի 13-ի, լույս 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ 

Հուլիսի 14-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել։ Ժամը 12-ի մոտակայքում հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հուլիսի 14-ին ադրբեջանական հաքերները կիբերհարձակում են գործել gov.am, e-gov.am եւ primeminister.am պաշտոնական կայք էջերի վրա։ Վարչապետի կայքում հաքերները տեղադրել էին Ալիեւի ուղերձը եւ Մուբարիզ Իբրահիմովի նկարը։

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 11 սպանվածի մասին․ կորուստների թվում կա նաեւ երկու մայոր: 

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Առանձնատունը վնասվել է, վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: 

Հուլիսի 14-ին հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ 

ՀՀ ԶՈՒ-երի խոցած ԱԹՍ-ն «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքն է, որն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար։ Սա աշխարհում այս տիպի ԱԹՍ-ի առաջին հայտնի խոցումն է:

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Գնդակոծության հետեւանքով վնասվել է 7 տուն: 

Հուլիսի 14-ի երեկոյան հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Զինծառայողներն առաջնագծում չեն եղել։

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ի սահմաններում սահմանում տիրել է հարաբերական անդորր։

Հուլիսի 14-ին հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները։

Հուլիսի 14-ին Monte Melkonian Cyber Army-ն կոտրել եւ հրապարակել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների եւ այլ անձանց տվյալներ՝ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:

Հուլիսի 14-ին, Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։ 

Հուլիսի 14-ին, ժամը 18։00-ից սկսված հարաբերական անդորրը պահպանվել է նաեւ հուլիսի 15-ի առավոտյան։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ 

Հուլիսի 15-ին պահպանվել է հրադադարի ռեժիմը։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է եղել։

Հուլիսի 15-ի, լույս 16-ի գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ 

Հուլիսի 15-ին, ժամը 05:20-ին ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվել է նաեւ առավոտյան։ 

Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության խմբի անդամները մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների հիշատակի պատարագին

Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության խմբի անդամները մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների հիշատակի պատարագին

Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խմբի անդամները մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների հոգիների խաղաղության համար մատուցված պատարագին: Կիրակի օրը` հուլիսի 19-ին, Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոսի Այլակերպության տաղավար տոնի առիթով եպիսկոպոսական Պատարագին Բերյո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցել ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի մարտական գործողությունների ժամանակ նահատակված` ՀՀ ԶՈւ մայոր Գարուշ Համբարձումյանի, ՀՀ ԶՈւ կապիտան Սոս Էլբակյանի, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի հոգիների խաղաղության համար: Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, մարդասիրական խմբի բոլոր անդամները, այլ պաշտոնատար անձինք: Աղոթք է մատուցվել նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար` մաղթելով, որ ապահովությունը և խաղաղությունը վերահաստատվի Հայաստանի ու Արցախի սահմաններին:
10:22 - 20 հուլիսի, 2020
Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ |hetq.am|

Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ |hetq.am|

hetq.am: ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ ֆրանսաբնակ հայերը բողոքի ցույց կազմակերպեցին «Stop Aliev», “Stop the war”, “Artsakh à nous” (Արցախը մեզ), «Արցախը մերն է» կարգախոսներով։ Ցույցի մասնակիցները պաստառներ էին պարզել Տավուշում օրերս զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի լուսանկարով։ «Նոր սերունդ»-ի ներկայացուցիչ Սաշա Վայտետն ասաց, որ բողոքի ակցիային մասնակցել է մոտ հինգ հարյուր հայ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից՝ Փարիզ, Դիժոն, Ռեն, Նանսի։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն իր ելույթում ասաց, որ սփյուռքը Հայաստանի ու Արցախի հետ է, եւ Ադրբեջանը չի կարողանալու հաջողել իր հարձակումներում։ Լոնդոնյան միջադեպից, որտեղ բախվեցին հայ եւ ադրբեջանցի ցուցարարները, խուսափելու համար փարիզյան ակցիայի կազմակերպիչները նախապես չեն հայտարարել իրենց նախաձեռնության մասին, այլ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով են տեղեկացրել հայ համայնքին։ Քանի որ ցույցն արտոնված չէր, փարիզյան ժանդարմերիան թույլ չտվեց երկար ժամանակ շարունակել այն։ Սաշա Վայտետի խոսքով՝ Ֆրանսիայի հայկական բոլոր կազմակերպությունները միացել էին իրենց, եւ «սա, կարելի է ասել, ժողովրդական շարժում էր»։ Լուսանկարները տրամադրել է Սաշա Վայտետը 
20:21 - 19 հուլիսի, 2020
Ռուսաստանը շատ զգուշավոր է եղել իր քաղաքականության մեջ՝ փնտրելու բացառապես խաղաղ լուծումներ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը

Ռուսաստանը շատ զգուշավոր է եղել իր քաղաքականության մեջ՝ փնտրելու բացառապես խաղաղ լուծումներ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը - Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական բախումների պատճառները: - Շատ շնորհակալ եմ այսօր Ձեր ծրագրում ինձ հյուրընկանելու համար:  Պատճառները բազմաթիվ են, սակայն, իմ կարծիքով, հիմնական պատճառն այն է, որ հուլիսի 12-ին Հայաստանի ուղղությամբ հարձակում գործելով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձ արեց միակողմանի զիջումներ պարտադրել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Ես կարծում եմ, որ մենք հերթական անգամ ի ցույց դրեցինք, որ կա Լեռնային Ղարաբաղի համակարտության միայն մեկ լուծում. լուծում, որը հիմնված է ամուր փոխզիջման վրա երեք ներգրավված կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանի առավելապաշտությունն խաղաղ գործընթացում առաջընթաց գրանցելու միակ խոչընդոտն է: Ադրբեջանի ղեկավարության՝ Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված շարունակական ագրեսիվ, թշնամական, ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանին և Արցախին ուղղված պատմական պահանջները, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը եղել են այսօրվա մեր իրադրության ակնհայտորեն ընդգծված պատճառները:  Սա նոր փորձ էր, սակայն կարծում եմ, որ ևս մեկ անգամ պարզորոշ կերպով ի ցույց դրվեց, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, որ հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ կարծում եմ, որ ևս մեկ անգամ շատ հստակ ձևով ի ցույց դրվեցին Հայաստանի պաշտպանական կարողությունները: Մենք շարունակում են հանձնառու լինել բացառապես խաղաղ կարգավորմանը և ամենաորոշիչ և վճռական ձևով մերժում ենք ռազմական լուծումը: - Նախքան քաղաքական և խաղաղ կարգավորման մասին խոսելը, ցանկանում եմ իմանալ,  եթե հիմնական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ է, ապա ինչու՞ են այս անգամ ռազմական բախումները երկրի հյուսիս-արևելյան սահմանին ընթանում։ - Կարող եմ ենթադրել, որ սա Ադրբեջանի կողմից սխալ հաշվարկ էր. միգուցե նրանց թվացել էր, որ Հայաստանի պաշտպանական կարողությունները խոցելի են տվյալ հատվածում, և նրանք կարող էին ներթափանցել Հայաստանի տարածք այդ հատվածից: Սակայն, կարծում եմ, նրանք ականատես եղան, որ Հայաստանի պաշտպանական կարողություններն ուժեղ են, և որ իրավիճակն ապակայունացնելու,  այս հակամարտության աշխարհագրությունը Լեռնային Ղարաբաղից անդին ընդլայնելու և Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմ ծավալելու փորձերն առավել հստակորեն և վճռականորեն տապալվեցին։  - Ադրբեջանին Թուրքիայի աջակցության առնչությամբ ո՞րն է Ձեր մեկնաբանությունը: Էրդողանը նշել է, որ իրենք լիովին Ադրբեջանի կողքին են, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարը ասել է, որ վրեժխնդիր են լինելու այս բախումների ընթացքում Ադրբեջանի բանակի սպանվածների համար։ - Չեմ կարող ասել, որ մենք զարմացած էինք Թուրքիայի դիրքորոշումից, որը հանդիսանում է ապակայունացնող գործոն ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև մյուս բոլոր հարևան տարածաշրջաններում: Մենք ականատես ենք եղել ուժի, ներթափանցման և միջամտության այսօրինակ դրսևորմանն այլ տարածաշրջաններում, այդ թվում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Փորձ է կատարվում Թուրքիայի այս նեո-օսմանական քաղաքականությունը հետապնդել նաև մեր տարածաշրջանում: Մենք ուշադրությամբ հետևում էինք այդ հայտարարություններին, և այդ հայտարարության մեջ տեղ գտած դրույթներից մեկը մեր տարածաշրջանում Թուրքիայի պատմական առաքելության մասին է: Մենք ստիպված ենք հիշեցնել, որ դա տխրահռչակ, հանցավոր առաքելություն է, դա մի առաքելություն է, որն իր մեջ կրում է անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության իրագործման հիշողությունը:  - Հիշատակելով Ցեղասպանությունը և այն, ինչ տեղի է ունեցել պատմության ընթացքում, արդյո՞ք դա է պատճառը, որ այս բախումներում և վերջին դեպքերի ժամանակ Թուրքիան  բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի։ - Ինչպես ասացի, սա տարածաշրջանում ուժի և ուժային քաղաքականության դրսևորում էր, որ արտահայտեց նրանց նկրտումները, մեր տարածաշրջանում անկայունություն սերմանելու նրանց քաղաքականությունը: Թուրքիայի այս շատ վտանգավոր աշխարհաքաղաքական քաղաքականությունը որևէ կերպ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և որևէ կերպ չի նպաստում ամուր, ուժեղ կայունությանը մեր տարածաշրջանում: Այս քաղաքականությունը կտրականապես հակասում է մյուս գործընկերների և հարևան երկրների քաղաքականությանը, որոնք ավելի հավասարակշռված են եղել, ավելի զգուշավոր և ընկալող, որ մեր տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն տարածաշրջանի որևէ երկրի հաշվին: Ուստի, Թուրքիայի միակողմանի մոտեցումը, Ադրբեջանի հետ ցեղային ընդհանրության վրա հիմնված քաղաքականությունը սնում է անկայունություն: - Արդարացի՞ եք համարում այն, որ Թուրքիան ռազմական տեսանկյունից աջակցում է Ադրբեջանին: Թուրքիայի ռազմաարդյունաբերության նախարարն ասել է, որ այս բախումներում կներդնեն իրենց ամբողջ ռազմաարդյունաբերական հնարավորությունները Հայաստանի դեմ Ադրբեջանին աջակցելու համար։ Հայաստանը դիմելո՞ւ է որևէ միջազգային կամ այլ աջակցության: - Հայաստանն ունի պատշպանվելու սեփական կարողությունները: Հայաստանը նաև համագործակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրների հետ: Հայաստանն աշխատանքներ է իրականացնում բազմաթիվ գործընկերների հետ, Հայաստանը նաև փոխգործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը երկիր է, որն աշխատում է կայունության ուղղությամբ և մերժում է որևէ ռազմական լուծում, ռազմական ճանապարհով տարածաշրջանային քաղաքականության իրականացում: Մենք վճռականորեն կմերժենք նման քաղաքականությունը դիվանագիտական հարթակում, քաղաքական առումով և մենք, անշուշտ, պատրաստ կլինենք պաշտպանելու: Սակայն անկայունության որևէ ռազմական ընդլայնում և ռազմական լուծումների հետապնդում աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի համար: Դա նաև ի ցույց կդնի ևս մեկ անգամ Թուրքիայի շատ ապակառուցողական և վտանգավոր քաղաքականությունը: - Ռուսաստանի դերի մասին։ Այժմ այնտեղ անակնկալ զորավարժություններ են իրականացվում երկու ռազմական  շրջաններում` հարավային և արևմտյան, ինչպես նաև առկա է ռուսական միջնորդությունը։ Արդյո՞ք ապավինում եք վերջինիս՝ ռազմական բախումները դադարեցնելու հարցում։ - Նախ և առաջ, թույլ տվեք կրկին անդրադառնալ նրան, թե ինչ ճանապարհով ենք հետամուտ լինում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Խաղաղ կարգավորումն առաջնահերթ գերակայություն է: Այն տեղի է ունենում միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը ներառում է Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Ռուսաստանը շատ կառուցողական կերպով աշխատանք է իրականացրել մյուս երկու երկրների հետ՝ բոլոր շահագրգիռ կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար ընդունելի, փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանին ու Արցախին, մենք լիովին հանձնառու ենք այնպիսի լուծման, որը փոխզիջումային է, որը զգուշորեն մշակված է՝ բավարարելու անվտանգային շահերը, անվտանգային խնդիրները, բոլոր կողմերի առաջնահերթությունները, և Ռուսաստանը շատ զգուշավոր է եղել իր քաղաքականության մեջ՝ փնտրելու բացառապես խաղաղ լուծումներ: Մենք մեծապես ողջունում ենք այդ քաղաքականությունը և կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացին հետամուտ լինելու համար։ Պատերազմը տարբերակ չէ։ Դա աղետ է ողջ տարածաշրջանի համար: Մենք լիովին և կտրականապես մերժում ենք ռազմական որևէ լուծում, որևէ պատերազմ մեր տարածաշրջանում: Սա է մեր քաղաքականությունը: 
19:33 - 19 հուլիսի, 2020
ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել նավթագազային այդ մուղերի անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել նավթագազային այդ մուղերի անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում․ Արծրուն Հովհաննիսյան

Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ։ Մոտավորապես 70 անգամ է խախտվել հրաադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են ոչ մեծ տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն լիովին վերահսկում է իրավիճակը։ Այս մասին այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին նշեց, որ Համայնքներում ամենակարևոր փոփոխությունը, որ այսօր ես տեսա, լիարժեք վերադարձն էր գյուղատնտեսական աշխատանքներին։ «Այսինքն՝ մարդիկ, արդեն վերադարձած, զբաղվում էին իրենց գործով, որի համար շատ ուրախ ենք։ Նշանակում է՝ կյանքը վերադառնում է իր բնականոն հունին»,- հավելեց մարզպետը։ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով այն, որ ադրբեջանական լրատվամիջոցներում շահարկվում են միջազգային էներգակիրները, և թե ՀՀ-ն կհարվածի ադրբեջանական ենթակառուցվածքներին, ասաց, որ ՀՀ Զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն, և որ դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է։ «Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում։ Թող միջազգահին ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է, ոչ թե սպառող։ ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»,- նշեց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հայկական կողմի վիրավորներին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նրանց վիճակը նույնն է։ «Այն վիրավորների մոտ, որոնք ունեին միջին կամ միջինից բարձր վիճակ, կա բավական լավ դինամիկա, սակայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակում փոփոխություն չկա»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։  
19:16 - 19 հուլիսի, 2020
Դիմել ենք միջազգային կազմակերպություններին, որովհետև թիրախավորվում են կրթական օբյեկտները․ ԿԳՄՍ նապարար Արայիկ Հարությունյան

Դիմել ենք միջազգային կազմակերպություններին, որովհետև թիրախավորվում են կրթական օբյեկտները․ ԿԳՄՍ նապարար Արայիկ Հարությունյան

Այսօր դիտարկել ենք դպրոցները Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում և Մովսեսում։ Այս մասին Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Դպրոցները տարբեր աստիճանի պատրաստվածություն ունեն, ըստ էության ապաստարաններ կան։ Բայց պարոն մարզպետի հետ մի շարք հանձնարարականներ ենք տվել դպրոցների ղեկավարներին և խոսել ենք նաև համայնքապետերի հետ, որպեսզի աջակցություն ստանանք այս առումով, և մինչ սեպտեմբերի 1-ը ոչ միայն երեք համայքներում, որոնք այցելել ենք, այլև սահմանապահ մյուս համայնքներում պատշաճ պատրաստություն լինի ապաստարանների տեսակետից։ Եվ մենք սեպտեմբերի 1-ին, երբ հնարավորություն ստանանք վերսկսելու առկա մեթոդով դասընթացները, ապաստարանների տեսակետից նույնպես ապահովված լինենք և ռազմական իրավիճակների սրման կամ հրետակոծության ժամանակ կարողանանք մեր երեխաներին տեղափոխել այդ ապաստարանները»,- ասաց նախարարը։ Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այս օրերին հակառակորդը թիրախավորել է նաև կրթական հաստատությունները, մասնավորապես մի շարք համայնքներում վնասվել են մանկապարտեզի և դպրոցի շենք։ «Այս կապակցությամբ նախարարությունը և անձամբ ես դիմումներ ենք ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մեր մտահոգությունները հայտնելով այս կապակցությամբ, որովհետև սրանով թիրախավորվում են կրթական օբյեկտները․ սա անթույլատրելի իրավիճակ է կրթության իրավունքի տեսակետից, կյանքի իրավունքի տեսակետից։ Կոչ ենք արել նաև, որ միանան այս անթույլատրելի երևույթների դեմ պայքարին։ Նմանատիպ նամակներ հղել եմ նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա ներկայացուցչություններին»,- նշեց Հարությունյանը։ Նախարարը նաև ասաց, որ սահմանամերձ գյուղերի կրթական համակարգի համար և առհասարակ կրթության հետ կապված՝ ունեն արտոնություններ, մասնավորապես ուսանողների համար կան արտոնություններ, դպրոցներում որոշակի արտոնություններ գործում են, ճանապարհի հետ կապված կան արտոնություններ։ «Եթե մասնագետների կարիք կա, մենք պատրաստ ենք մասնագետների հարցը նաև այլ կերպ լուծել։ Հեռավար ուսուցումը թույլ տվեց, որ ուսուցիչների մեծ մասը ծանոթանա հեռավար ուսուցման և դասավանդման մեթոդներին։ Թափուր հաստիքների հարցը կարող ենք լուծել հեռավար մեթոդով։ Ուզում ենք սեպտեմբերից ամբողջությամբ վերադառնալ առկա դասավանդման մեթոդին»,- հավելեց նա։
18:42 - 19 հուլիսի, 2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները․ ԱԳՆ խոսնակ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները․ ԱԳՆ խոսնակ

Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ոչ ԼՂ հակամարտությունում, ոչ էլ տարածաշրջանում։ Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմ, և առաջին գործողությունը, որ թուրքական կողմը պետք է իրականացնի, դրա հետևանքների վերացումն է։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությանը՝ խոսնակն ասաց․ «Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևորում էր ՀԱՊԿ-ի գործընկերներին տեղեկատվության տրամադրումը, որը տեղի ունեցավ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները։ Այդ հայտարարությունում միանշանակ նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում։ Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանային գծում։ Այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով դիմելու կարիք դեռևս չկա»։ Նա նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներգրավված են եղել գործընթացում, մասնավորապես Ռուսաստանի համանախագահը։ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է եղել իր ռուս գործընկերոջ հետ, շփումներ են տեղի ունեցել նաև զինվորականների մակարդակով։ Մեկնաբանելով Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցը՝ Աննա Նաղդալյանն ասաց․ «Զենքի վաճառքը Ադրբեջանին մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում։ Եվ իրադարձությունները, որ տեղի ունեցան հուլիսի 12-ից հետո, բավական հաստացրին այս պնդումների վերաբերյալ մեր փաստական ապացույցները։ Այս հարցը մշտապես լինելու մեր օրակարգի բաղկացուցիչ մասը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»։ Նա նաև ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքում 2018-ին ստեղծված օպերատիվ կապը գործում է, բայց, հաշվի առնելով, որ այս  վերջին իրադրության սրումը եղել է լայնամասշտաբ և կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ աշխատանքներն իրականացնել միջնորդների միջոցով։ «Ադրբեջանի գործողությունները կամ, կարելի է ասել, մեղադրանքները կրում են բացառապես մանիպուլյատիվ բնույթ, քանի որ մի կողմից Ադրբեջանը փորձում է ուժ կիրառել, մյուս կողմից իրեն ու իր գազամուղները փորձում է ներկայացնել որպես զոհ։ Հայաստանը միշտ հանդես է գալիս պատերազմի դեմ, Հայաստանը միշտ հանդես է գալիս հրադադարի ամրապնդման դիրքերից և մշտապես պատրաստ է իրականացնել հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլեր տարբեր հատվածներում»,-ասաց ԱԳՆ խոսնակը։ Պատասխանելով Ադրբեջանում ԱԳ նախարարի փոփոխության վերաբերյալ հարցին՝ ԱԳՆ խոսնակն ասաց, որ ընդունել են ի գիտություն այն, որ Ադրբեջանի կրթության նախարարը ներկայումս զբաղեցնում է երկրի ԱԳ նախարարի պաշտոնը։ «Բայց մենք ելնում ենք այն իրողությունից, որ Ադրբեջանում արտաքին քաղաքական ուղղությունը մշակվում է բարձրագույն ղեկավարության կողմից, և այս առումով հայկական կողմը բանակցություններ  է վարում ոչ թե անձերի, անհատների, այլ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- հավելել է նա։ Մեկնաբանելով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծելու վերաբերյալ հայտարարությունը՝ Նաղդալյանը նշեց․ «Մեզ համար կարևոր է ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային աշխատանքների վերականգնումը, այլ նաև այդ առաքելության ընդլայնումը։ Այն փաստի մասին, որ մոնիթորինգային աշխատանքները պետք է ընդլայնվեն, նշել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Նորից ասեմ, որ այդ աշխատանքների դադարեցումը կապված է աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի տարածման հետ»։
22:44 - 18 հուլիսի, 2020
Եկող շաբաթվա վերջում կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները․ Տավուշի մարզպետ

Եկող շաբաթվա վերջում կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները․ Տավուշի մարզպետ

Այսօր ունեցել ենք հերթական խաղաղ օրը։ Ամբողջ օրվա ընթացքում որևէ հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ։ Մեր բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Անդրադառնալով վնասված ենթակառուցվածքներին՝ մարզպետը նշեց, որ երեկ՝ օրվա վերջում, ըստ էության, ավարտել են բոլոր ենթակառուցվածքային վերանորոգումները, այդ թվում՝ ջրագծերի վերականգնումը, ոռոգման համակարգերի վերականգնումը, որը հնարավորություն է տվել, որ մարդիկ գյուղատնտեսության կիսատ մնացած գործերը հասցնեն մինչև վերջ։ «Այսօրվա դրությամբ առանձնացրել ենք 12 տուն․ 6-ը՝ Այգեպար գյուղում, 6-ը՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ մենք արդեն կարող ենք սկսել վերականգնողական աշխատանքները։ Երկու բնակարանում արդեն սկսել ենք։ Եկող շաբաթվա վերջում մենք ըստ էության կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները։ Այսօրվա գույքագրման առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք հայտնաբերեցինք մի շարք ավերածություններ, որոնք եղել են նախկին հրետակոծությունների արդյունքում, այդ թվում 90-ականներից սկսած։ Այդ դեպքերը ևս կվերացվեն այս շինարարական աշխատանքների ընթացքում»,-նշեց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ առնվազն երկու շենք վերականգնման ենթակա չէ։ Դրանց փոխարեն պետք է կառուցվեն նորերը։  Մարզպետը կոչ արեց, որ նրանք, ովքեր մեկնում են Բերդ կամ վերադառնում են Բերդից, հիմնականում, եթե այլ խիստ պահանջ չկա, պարտադիր օգտագործեն Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհը, որովհետև դա համարվում է ամենաանվտանգ երթուղին։ Այլ պարագաներում իրավիճակի սրման դեպքում կարող են լինել որոշակի խնդիրներ։  Հայկ Չոբանյանը նաև նշեց, որ տուժել են ավտոմեքենաներ․ այս հարցերը ևս գույքագրված են, և հաստատ կլինեն որոշակի փոխհատուցումներ։ Քանի որ ռմբահարվել են նաև անասնագոմեր, կան նաև գյուղատնտեսական կենդանիների վնասներ։ Այդ փոխհատուցումը ևս կտրվի։  Անդրադառնալով տներին ավելի մոտ ապաստարաններ կառուցելու հարցին՝ մարզպետը ասաց․ «Չի կարելի ասել, որ ապաստարանները կառուցվել են միայն դպրոցներում և մանկապարտեզներում։ Հիմնականում ընտրվել են ամենաապահով տարածքները։ Բոլոր սահմանապահ գյուղերն ունեն ապաստարաններ։ Նկուղային տարածքները, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են որպես ապաստարաններ, այս օրերին հիմնականում նրանք են կիրառվել։ Ուզում եմ հատուկ նշել մեր ժողովրդի ինքնապաշտպանական զգացողությունը և բնազդը։ Ցուցանիշը, որ 100-ից ավելի հրետակոծությունների արդյունքում ունենք ընդամենը 1 վիրավոր, առաջին հերթին մեր ժողովրդի ինքնապաշտպանական մշակույթի արդյունք է, և երկրորդը քաղպաշտպանության հաստատությունների լավ աշխատանքի արդյունք է»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են այցելել կամ հյուրընկալել Տավուշի երեխաներին, Հայկ Չոբանյանն ասաց, որ դրա կարիքը այս պահին չկա։ «Մենք պաշտոնական տարհանում չենք իրականացրել։ Հիմա կառավարության հետ քննարկվում են հնարավոր ճամբարային ձևաչափերը։ Որոշում լինելու դեպքում մենք ավելի քաղաքակիրթ ձևով կիրականացնենք մեր երեխաների  տեղափոխումը Տավուշից դուրս, որը նաև որոշակի վերականգնողական, կրթական, մշակութային նշանակություն կարող է ունենալ»,- ասաց նա։
22:35 - 18 հուլիսի, 2020
ՀՀ-Ադրբեջան լարվածությունը հնարավորություն տվեց Թուրքիային ևս մեկ անգամ բարձրաձայնելու Կովկասում իր հետաքրքրությունների մասին․ թուրքագետ Անահիտ Վեզիրյան |lragir.am|

ՀՀ-Ադրբեջան լարվածությունը հնարավորություն տվեց Թուրքիային ևս մեկ անգամ բարձրաձայնելու Կովկասում իր հետաքրքրությունների մասին․ թուրքագետ Անահիտ Վեզիրյան |lragir.am|

lragir.am: Զրուցակիցն է թուրքագետ Անահիտ Վեզիրյանը - Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը մեկնել է Թուրքիա, որտեղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարիի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակը։ Մինչ այդ էլ թուրքական կողմից հայտարարություններ եղան, որ սատարում են Ադրբեջանին։ Որքանո՞վ Թուրքիայի ակտիվությունը պետք է լուրջ ընդունել։ - Ընդհանրապես Թուրքիային պետք է լուրջ ընդունել։ Նա տարածաշրջանում հավականություններ ունեցող, դրանք բարձրաձայնող և իրացնել փորձող երկիր է։ Եվ ասվածը գործնականում տեսնում ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, Իրաքում, նաև Լիբիայում և Արևելյան Միջերկրականում։ Իսկ եթե հիշենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բազմիցս արտահայտած «աշխարհը մեծ է հինգից» միտքը, որը յուրատեսակ բողոք է ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից բացի մյուս երկրների՝ մասնավորապես Թուրքիայի նվազ դերակատարման դեմ, ինչպես նաև միջուկային զենք ունենալու ցանկության մասին հայտարարությունները, ապա կարելի է ասել, որ Էրդողանի հավակնությունները չեն բավարարվում տարածաշրջանով։ Հայաստան-Ադրբեջան հերթական լարվածությունն էլ հնարավորություն տվեց Թուրքիային ևս մեկ անգամ բացեիբաց բարձրաձայնելու Կովկասում իր հետաքրքրությունների մասին։ 4 օրերի ընթացքում բազմաթիվ արձագանքներն են եղել՝ սկսած նախագահ Էրդողանից վերջացրած անհայտ քաղաքական գործիչներով։ Միակողմանի, չհավասարակշռված, կոռեկտության սահմաններն անցող բառապաշարի կիրառմամբ բարձաստիճան պաշտոնյաների, պետական գերատեսչությունների հայտարարությունները, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան սահմանին թուրքական մարտական ԱԹՍ-ների թռիչքների մասին մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական և քարոզչական փաթեթավորմամբ տեղեկությունները մի քանի հասցեատերերի ուղղված ուղերձներ էին։ Նախ աջակցություն էին Ադրբեջանի իշխանություններին, որոնք հանրային դժգոհության լուրջ ճնշման տակ էին, և ազդակներ ադրբեջանական հասարակությանը, որ «թուրք մեծ եղբայրն իրենց կողքին է և միայնակ չի թողնելու»։ Հայաստանին հոգեբանորեն ճնշելու և ըստ իրենց «Հայաստանին իր տեղը ցույց տալու» փորձ։ Տարածաշրջանում հավակնություններ ունեցող այլ պետությունների և մասնավորապես Ռուսաստանի առաջ ցուցադրում, որ Թուրքիան այստեղ կենսական շահեր ունի և պատրաստ է դրանք պաշտպանել։ Անդրադառնալով փոխնախարար Ռամիզ Թահիրովի գլխավորությամբ Ադրբեջանի ՊՆ պատվիրակության այցին, որի կազմում է եղել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևը, կարծում եմ արժե նշել, որ այցը համընկավ հուլիսի 16-ի հետ, երբ ՀՀ զինված ուժերը կասեցրել էին ադրբեջանական հերթական հարձակումը։ Ակնհայտ է, որ օրակարգում սահմանային հարցն է եղել։ Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել։ Այս պահի դրությամբ այցի շոշափելի արդյունքը Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության պետ Իսմայիլ Դեմիրի հայտարարություն է, որ պաշտպանական արդյունաբերությունը մշտապես գտնվում է Ադրբեջանի տրամադրության տակ։ Այստեղ նշեմ, որ այս ոլորտում համագործակցությունը նոր չէ․ Թուրքիան Ադրբեջանին զենքի գլխավոր մատակարարներից է։ Այս տարի Թուրքիան 30 մլն դոլարի վարկ էր տրամադրել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար, իսկ հուլիսի սկզբին Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը հայտնել էր, որ թուրքական ԱԹՍ-ներ են ձեռք բերելու։ Այս պահին ինձ հետաքրքրող հարցերից մեկն է, թե այդ համալրումները Թուրքիայի տրամադրած 30 մլն վարկի շրջանակներում են լինելու, թե ոչ։ - Որքանո՞վ էր այս հարձակումը Թուրքիայի գիտությամբ կամ միջամտությամբ տեղի ունեցել։ - Ես հակված չեմ այն կարծիքին, որ սա Թուրքիայի հետ պլանավորված կամ պայմանավորված հարձակում էր։ Թուրքիան Ադրբեջանի հարձակումն օգտագործեց ևս մեկ անգամ հայտարարելու տարածաշրջանի նկատմամբ իր պատմական հավակնությունների, կենսական շահերի առկայության մասին։ Ընդ որում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում նկատվում են անուղղակի ակնարկներ առ այն, որ լարումի հետևում կանգնած են այլ ուժեր։ Ինչպես օրինակ Էրդողանը Հայաստանին մեղադրելով Ադրբեջանի վրա հարձակվելու մեջ՝ նշել, թե «նման քայլը Հայաստանի տրամաչափից դուրս քայլ» էր։ Այսօր արդեն Էրդողանի կրկին հայտարարությունը է արել թեմայի առնչությամբ, որը խիստ տարբերվում էր նախորդից, և հիմնականում կիրառվել են մշտապես օգագործվող, մեզ համար սովորական դարձած արտահայտություններ։ Սա ցույց է տալիս, որ կրքերը Թուրքիայում հանդարտվելու միտում ունեն, և այս պահին Թուրքիան շահագրգռված չէ իրավիճակի թեժացմամբ։ Շարունակությունը՝ lragir.am-ում
20:30 - 18 հուլիսի, 2020
Սահմանին վիրավորված 4 զինծառայող առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցից |armenpress.am|

Սահմանին վիրավորված 4 զինծառայող առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ։ «Վիրավորում ստացած 5 զինծառայող միջին ծանրության վիրավորումներ ունեն և դրական դինամիկայով շարունակում են իրենց բուժումը։ Մեկ զինծառայող շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում։ Մյուս 4-ը առաջիկայում արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից»,-  ասաց Ստեփանյանը։ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:   Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին հուլիսի 18-ի գիշերվանից պահպանվել է հարաբերական անդորր։
16:17 - 18 հուլիսի, 2020
Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ

Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ

Հուլիսի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին։ Հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել հուլիսի 12-ից ի վեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները և հայտարարությունները։ Մասնավորապես, դեսպան Պապիկյանը Հայաստանի խորին մտահոգությունը հայտնեց Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ նման հայտարարությունները պարզապես ոտնահարում են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, լրջագույն մարտահրավեր են հանդիսանում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսևորում։ Դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ ԱԷՄԳ-ը իր մանդատի շրջանակներում, իր դիրքորոշումը կհայտնի Ադրբեջանի նման անպատասխանատու և վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ։ Մտահոգություն հայտնելով զարգացումների կապակցությամբ՝ զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորեցին Հայաստանի ատոմակայանի անվտանգության և ապահովության հրամայականը և այդ առումով ընդգծեցին Հայաստանի և գործակալության միջև տարիներ շարունակ զարգացող արդյունավետ համագործակցությունը։
15:33 - 18 հուլիսի, 2020