Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ։

Ծնվել է 1965 թվականի մարտի 5-ին: Ծննդավայրը՝ Ստեփանակերտ: 1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։ 1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։ 1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավելի պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։

1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները։ 1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։ 1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։

1995-1999 թթ. ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996)։ 1992-1995 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1995-1999 թվականներին եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, 4.5 տարի անց նրան ներում է շնորհվել։

2004-2005 թվականներին ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը ։ 2005 թվականին հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։ 2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում: 2018 թվականին ազատ է արձակվել բանտից։ 

Եթե ուժայինը չկա, հարց է ծագում՝ ես գալիս եմ պաշտոն ստանալո՞ւ. Սամվել Բաբայան
 |news.am|

Եթե ուժայինը չկա, հարց է ծագում՝ ես գալիս եմ պաշտոն ստանալո՞ւ. Սամվել Բաբայան |news.am|

news.am: Ես ցանկանում եմ խոսել անմիջական ուղիղ, բոլոր այն խնդիրների մասին, որոնք կան, որ բոլորիս մտահոգում է, եւ մենք պարտավոր ենք մեր երկիրը ազատ, անկախ տեսնել, ինչպես հռչակել ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտում հանրային հավաքում հայտարարեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը: «Մի խումբ մարդիկ լավ չեն գիտակցում, մտածում են հավաքներ ենք անում, մրցակցություն է իշխանության համար: Որեւէ  մրցակցություն չկա, որեւէ խնդիր չունենք, ունենք շատ լուրջ խնդիր, որ կարող ենք դառնալ փախստական, եթե շարունակենք կողքից դիտորդի դերում լինեն: Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86 600 քառակուսի կմ տարած ունի, որի մեջ ընդգրկված է Ղարաբաղը, եւ Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը: Դա իր իրավունքն է: Ես երկու տարի խոսում եմ, թե ինչ խնդիրներ ունենք, եւ ոնց պետք է լուծենք: Բոլորը ասում են՝ էս մեկը Նիկոլի մարդն է, էն մեկը եկել է չգիտեմ ում փրկի: Իշխանությունն ընդհանրապես որեւէ արձագանք չունի այդ խնդիրներին: Հիմա փորձում ենք բոլորս փրկիչ ձեւանալ: Կամ էլ ձեւակերպել են հետեւյալ կերպ՝ պայքարել մինչեւ վերջ: Ինչի համար, ինչ նպատակ ենք հետապնդում, այդ պայքարն ուր է տանում մեզ, ոչ ոք չի ասում: Ինչի՞ համար ենք պայքարում. Մեզ որեւէ պայքար պետք չի, մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծենք, ստեղածագործենք եւ լինենք պաշտպանված: Սա է մեր ապագան»,-ասաց նա: Սամվել Բաբայանը ձեւակերպեց 5 կետերը, որոնք անհապաղ պետք է կատարվեն. «Առաջինը մեր պաշտպանությունն է, քանի որ առանց պաշտպանության ոչինչ չենք կարող անել: Պաշտպանությունը պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակով, ոչ թե խմբերով, ջոկատներով: Երկրորդը մեր դեմոգրաֆիան վերականգնելն է, որ տնտեսությունը զարգացնենք, ծնելիությանը զարկ տանք: Երրորդը թոշակառուների խնդիրը լուծելն է, որ սոցիալական այս վիճակից դուրս բերենք, երկիրը պետք է լինի զարգացող, տնտեսությունը գործի, հակառակ դեպքում այստեղ չենք կարողանալու ապրել: Եթե մենք չենք կարողանում այդ հարցերը լուծել, մենք կորցնելու ենք Արցախը: Այն խնդիրները, որ ես ձեւակերպել եմ 5 կետից բաղկացած, 100 օրում պետք է կատարենք, եթե մեզ տան այդ հնարավորությունը: Հակառակ դեպքում կստացվի, որ մենք բոլորի նման սուտասան ենք: Ես վստահ եմ, որ կատարելու ենք»,-հայտարարեց Սամվել Բաբայանը: Նա անդրադարձավ տեսակետին, որ շատերն առաջարկում են ուժային կռույցների վերահսկողությունը չտալ Սամվել Բաբայանին. «Բայց եթե ուժայինը չկա, մեր պաշտպանությունը չկա, մեր ներքին խնդիրները չենք կարողանում կարգավորել, հարց է ծագում՝ ես գալիս եմ պաշտոն ստանալո՞ւ: Ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ես գալիս եմ անկեղծ ձեզ ծառայելու: Հնարավորությունը կստեղծվի, կծառայենք ձեզ, երկիրը կտանենք ճիշտ ճանապարհով, ապագա կունենանք Արցախում»: Սավվել Բաբայանը կոչ արեց չընկրկել, մինչեւ վերջ կանգնել. «Ինչքան էլ անձրեւ լինի, դժվար լինի, երկար ենք կանգնելու եւ պարտադրելու ենք, որ բոլոր խնդիրները լուծվի: Խնդրում եմ, որ համբերատար լինեք, կարողանանք այս խնդիրները լուծել: Այն արցախցիները, որոնք իրենց տներում, խոհանոցներում են խոսել այս 3-4 տարին, դուրս գան, կանգնեն մեզ հետ եւ միասին պահանջեն այդ խնդիրների լուծումը»,-ասաց նա:  
16:35 - 15 մայիսի, 2023
Ստեփանակերտում ընթանում է հանրահավաք․ մասնակիցները հայտարարությամբ հանդես եկան, որով պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարարի պաշտոնում

Ստեփանակերտում ընթանում է հանրահավաք․ մասնակիցները հայտարարությամբ հանդես եկան, որով պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարարի պաշտոնում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթանում է Սամվել Բաբայանի հրավիրած հանրահավաքը։ Հանրահավաքի ընթացքում մասնակիցները հայտարարությամբ հանդես եկան, որով պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարարի պաշտոնում․ «Խիստ մտահոգված լինելով Արցախում և նրա շուրջը ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակի կապակցությամբ, անհամաձայնություն հայտնելով իշխանությունների՝ Արցախի մարտահրավերներին ու սպառնալիքներին, անհամաձայնություն հայտնելով գոյութենական վտանգի պայմաններում Արցախում  անհամահունչ, ներքաղաքական խմորումների առնչությամբ, ինչպես նաև ընդունելի համարելով 2020 թվականի համապետական ընտրությունների արդյունքներով վստահության քվե ստացած 2-րդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի՝ ստեղծված իրավիճակից ելքի տեսլականը, Արցախի նախագահից պահանջում ենք Սամվել Անդրանիկի Բաբայանին նշանակել Արցախի Պետական նախարարի պաշտոնում և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ԱՀ օրենքի իրավակարգավորումները, վերջինիս օժտել համարժեք լիազորությամբ»։ Հանրահավաքին հրավիրված էր նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։ Հանրահավաքի մասնակիցները Թովմասյանից պահանջում են ԱԺ-ում հաստատել և առաջարկել նախագահին ընդունել որոշումը։ Արցախի նախագահը հայտարարեց․ «Ձեր առաջարկով ես նախագահին կառաջարկեմ Արցախում սկսել կոնսուլտացիաներ, որպեսզի վաղը որևէ քաղաքական ուժ այսքան մարդով հավաքվեն, ասեն՝ այսինչին տեսնում ենք այսինչ պաշտոնում»։
15:20 - 15 մայիսի, 2023
Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել․ Սամվել Բաբայան

Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել․ Սամվել Բաբայան

Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունները. «Ադրբեջանի նախագահը ինչ ուզում է ասի, բայց մենք ապրելու ենք Արցախում, ապրելու ենք անկախ՝ հռչակագրի ու ժողովրդի ընտրած ճանապարհով, պաշտպանելու ենք մեր երկիրը։ Ալիևը պետք է լուրջ նստի բանակցությունների, այլ ոչ թե ասի՝ ես հրավիրում եմ Բաքու։ Բայց քանի որ նա դեռևս խորը չի գիտակցում Արցախը, նման հայտարարությունները մեզ չեն վերաբերվում»,- ասել է Բաբայանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը անկեղծ չէ, ԼՂ-ն պետք է հստակեցնի բանակցային թեման։ Վերջինս հայտնել է, թե առաջարկել էր, որ արցախյան կողմը ձևակերպի կետերը, որոնք փոխվստահություն են ներշնչելու երկու կողմին, դրանից հետո լսել ադրբեջանցիներին, հասկանալ՝ եթե նրանք կընդունեն այդ կետերը, նոր խոսեն այլ հարցերի շուրջ։ «Ադրբեջանը վերջից է սկսել խոսելը, առանց վստահություն ձեռք բերելու, ասում է պետք է անեք այս կամ այն բանը։ Արցախի հետ վերջնագրով խոսելը լավ բանի չի բերում, խորհուրդ կտայի, որ սկսեն փոխվստահությունից։ Արցախի ժողովուրդը 91 թվականին հանրաքվե է անցկացրել, անկախություն է հռչակել և հռչակագիր ունի, ու որևէ մեկին չի տվել լիազորություն, որ այդ մարդը իրավունք ունենա, գնա բանակցի այլ կոնտեքստում»,- հայտարարեց Սամվել Բաբայանը։ Նրա խոսքով՝ ինքը լսում է երեկ ՀՀ վարչապետ, մինչ այդ Ադրբեջանի ղեկավարը, Արցախի ղեկավարությունը և ընդհանրապես վերջին 30 տարի մեր ղեկավարությունը բանակցում են ինչ-որ գաղտնի բաներ, որոնք իրականության հետ չէին համապատասխանում։ «Սա է մեր դժբախտությունը։ Ժողովրդից պետք է մանդատ ստանաս, պետք է ասես, որ գնալու ես բանակցես ինտեգրացում, ժողովուրդը կտա քեզ էդ լիազորությունը, կգնաս, կանես, եթե ոչ, եթե նա Անկախության հռչակագիր է ընդունել, դու պարտավոր ես դրանից դուրս չգալ։ Սա է խնդիրը»,- նշեց Բաբայանը։ Նա ընդգծեց, որ ինքը համարում է, որ Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։ Հարցին, թե ինչ կարգավիճակ է տեսնում Արցախի համար, Բաբայանն ասաց․ «Անկախություն՝ ինչ-որ հասարակությունը հռչակագրով ընդունել է, ուրիշ ոչինչ»։ Լրագրողի դիտարկմանը, որ դա կնշանակի նոր պատերազմ, Արցախի ԱԽ նախկին քարտուղարը արձագանքեց, որ ամեն ինչի պատրաստ են ու պատրասվելու են։ «Բայց եթե անգամ ինչ-որ կարգավիճակ պետք է ստանանք, դրա համար պետք է հանրաքվե անցկացնել Արցախի ժողովրդի շրջանում, Արցախում, ստանալ մանդատ, նոր միայն գնալ բանակցությունների։ Չի կարելի հռչակագիր ընդունել Անկախության, գաղտնի բանակցություններ վարել, էս վիճակին հասցնել,․ մի հատ էլ ասել՝ ժողովուրդ, ինչ ա կատարվել, ամեն ինչ նորմալ ա։ Ու իրենք էլ որպես հանցագործ ման գան»,- ասաց Բաբայանը։ Խոսելով պատերազմի մասին՝ նա ասաց, որ պատերազմում պարտվել ենք մեր մեղքով, այլ ոչ թե, որ Ադրբեջանը ուժեղ է եղել։ Նա նշեց, որ ցանկացած խնդիր լուծվելու է, իսկ եթե Ադրբեջանն ուզում է բանակցություններ, պետք է քննարկել, հասկանալ՝ ինչ քայլերով են գնում բանակցությունների։ Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահը հայտարարություններ է արել՝ Հայաստանից պահանջելով հայտարարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», ինչպես նաև նշել, թե «Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր գտնեն»։
09:53 - 20 ապրիլի, 2023
Սամվել Բաբայանը անդրադարձել է իր՝ շրջափակումից հետո ՀՀ-ից Արցախ վերադառնալուն

Սամվել Բաբայանը անդրադարձել է իր՝ շրջափակումից հետո ՀՀ-ից Արցախ վերադառնալուն

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը անդրադարձել է իր՝ դեկտեմբերի 12-ից (Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց) հետո Արցախ գալուն ու դրա վերաբերյալ քննարկումներին։  Սամվել Բաբայանի գրառումը՝ ստորև․ «Իմ Արցախ գալը ոռնոց է բարձրացրել․ թե՝ եկել է Արցախը հանձնի Ադրբեջանին, իսկ նախկին և ներկա ղեկավարությանը՝ որպես ռազմական հանցագործ՝ Բաքվին։ Նախ իմ՝ Արցախում «հայտնվելու» մասին․ ես և իմ ընտանիքը գրանցված ենք և ապրում ենք Արցախում, իսկ թե որտեղ եմ ես գիշերը քնում, իմ անձնական գործն է։ Այդ մասին հաշվետու կլինեի, եթե պաշտոն զբաղեցնեի Արցախում։ Շրջափակման պայմաններում իմ Արցախ գալ-գնալը դեղին մամուլի նյութ սարքելը շատ անհետաքրքիր զբաղմունք է։ Լավ է, որ ինքնախոստովանական ցուցմունքներ եք տալիս, այն էլ՝ գրանտակեր լակոտ-լուկուտների, Արցախից վախած-փախածների բերանով։ Դա խոսում է այն մասին, թե ինչքան հանցագործություն եք կատարել 20 տարվա մեջ, որ պատրաստ եք Արցախի ժողովրդից գողացված փողերով լրատվականներ առնել, փողեր ու ջանքեր թափել, միայն թե՝ Բաբայանը չգա։ Եթե իմ գաղափարների և առաջարկությունների շուրջ բովանդակային քննակում կարող եք պատվիրել, անգամ կարող եմ բանավիճել, որպեսզի ժողովրդին ցույց տամ ձեր մտքի դատարկությունը։ Իսկ հայրենասիրություն խաղալով մոլորեցնելը այլևս չի ստացվում․ երբ խաբում էիք, թե տարածաշրջանում ամենաուժեղ բանակը մերն է, բայց բյուջեն ուղղում ձեր անձնական գրապանները, երբ զորահանդես էիք կազմակերպում ոչ թե հասարակությանը հաշվետու լինելու, այլ նկարվելու համար, ժողովուրդը վերջնականապես համոզվել է 2020 թվականին։ Մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Արցախ-Հայաստանի հանացագործ խունտան պատրաստ է Արցախը հանձնել թուրքին, միայն թե Սամվել Բաբայանը չգա իշխանության։ Այն, ինչ տեսնում ենք մամուլում, ցույց է տալիս Արցախն այս վիճակին հասցրած ազգի դավաճանների վախի չափը։ Ոռնացողներն ու նրանց քաղաքական հովանավորները լավ գիտեն, որ, երբ պատասխանատվություն ստանձնեմ, բոլորը պատասխան են տալու՝ Արցախը թալանելու, Արցախի ժողովրդին սնանկացնելու, Արցախը կործանելու համար։ Այոˊ, պատասխանատվության եմ ենթարկելու բոլորին, բայց խոստանում եմ՝ Բաքվին չեմ հանձնելու։ Ձեր դատաստանը հայ ժողովուրդն է անելու՝ Արցախում, որտեղ թաղված է ձեր հանցագործությունների ֆունդամենտը»,- նշված է Սամվել Բաբայանի գրառման մեջ։ 
12:49 - 24 փետրվարի, 2023
Եթե կա ցանկություն՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, ապա պետք է ուղիղ բանակցություններով խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ սկսելով փոխվստահությունից. Սամվել Բաբայան
 |artsakhpress.am|

Եթե կա ցանկություն՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, ապա պետք է ուղիղ բանակցություններով խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ սկսելով փոխվստահությունից. Սամվել Բաբայան |artsakhpress.am|

artsakhpress.am: Նրանք, ովքեր գիտեն քարտեզը, հասկանում են, որ ցանկացած մեկը, որ կցանկանա մտնել Արցախ, 100 ճանապարհ կա Արցախ գալու և գնալու։ Այս մասին ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք իր՝ դեկտեմբերի 12-ից հետո Արցախ գալը չի ապացուցում ադրբեջանական կողմի պնդումը, թե «Արցախը շրջափակման մեջ չէ»։ Բաբայանի խոսքով՝ երբ ասում ենք շրջափակում, նկատի ունենք, որ փակ է մշտական ճանապարհը․ «Հարցը այն չէ, որ եթե մենք գյուղական ճանապարհներով կարող ենք մտնել Արցախ, շրջափակում չկա։ Եվ երկրորրդ․ եթե մարդ արարածին պետք է լինում մի բան, իր համար խոչընդոտ չկա։ Այսինքն՝ ցանկացած վիճակում ելք կա»։ Անդրադառնալով ստեղծված իրավիճակին ու Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների թեմային, Բաբայանը հայտարարեց, որ պետք է հասկանալ, թե Ադրբեջանն իրոք ցանկանում է հաշտվել, թե ոչ։ Բաբայանի համոզմամբ՝ եթե կա ցանկություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, ապա ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում: «Ադրբեջանը Հադրութի քաղաքացուն հանում է իր տնից, ավտոմատով կանգնում ու ասում եկեք հաշտվենք։ Եթե նրանք համարում են, որ պիտի հաշտվեք, ապա պետք է փոխվստահության մթնոլորտը ստեղծենք։ Առաջինը հասկանանք, թե մեր դիմացինն ինչ է ուզում, հասկանանք պահվածքը: Այդ փաթեթը պետք է ստեղծել։ Ադրբեջանը վերջին երկու տարում հայտարարություններ է տարածում իր արտգործնախարարի, պաշտպանության նախարարի շուրթերով, որ ձևավորել են հինգ կետ, որից բխող պատասխանները կան: Պետք է մեր հասարակության լայն խավերի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ քննարկենք, հղկենք մի փաստաթուղթ, իսկ դրանով ով է բանակցելու, հետաքրքիր չէ»,- նշեց Սամվել Բաբայանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կցանկանա բանակցել, նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին դուրս բերել այս տարածաշրջանից, ուստի ցանկանալու է բանակցել Արցախի հետ:   «Պետք է բանակցի, քո դրած հարցերը մաքսիմում, ինչքանով հնարավոր է լուծի, որովհետև, եթե ինքը դրան չի գնում, ժամանակ է ձգում, սառեցնում է այս կոնֆլիկտը մի նոր ձևով, ապա գալու է մի պահ, որ Ռուսաստանը իր ուժը հավաքած կլինի, իսկ Ադրբեջանը կարող է նորից վասալի դեր ընդունել։ Ես գտնում եմ որ Ադրբեջանը դա չի ուզում»,- ընդգծեց Բաբայանը: Ըստ Բաբայանի, բանակցությունների առաջին փուլը պետք է ուղղված լինի փոխվստահության ստեղծմանը: «Եթե նա զենքը պահում և մեզ ասում է զենքդ ցած դիր, իհարկե, չեմ դնելու։ Հավատանք, որ երկուսս էլ ուզում ենք լուծել խնդիրը, նոր անցնենք Ղարաբաղի կարգավիճակին։ Առաջինը չանելով երկրորդին չես հասնելու։ Մենք 30 տարի բանակցել ենք՝ առաջինը չանելով, որ երկրորդը լուծենք, բայց չենք լուծել։ Բանակցելու տեսանկյունից կարող են թիմ կազմել և այդ փաստաթուղթը հղկվի և վերցնեն գնան բանակցությունների, որի շրջանակից իրավունք չունեն դուրս գալու։ Եթե իրենց հայտարարությունները ճիշտ են, որ ուզում են խաղաղություն, ապա մեզ հետ հարցերը պիտի լուծեն։ Մենք էլ ենք պատրաստ, չենք խուսափում դրանից», - շեշտեց Սամվել Բաբայանը:
10:30 - 22 փետրվարի, 2023
Չեմ հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել

Չեմ հավակնում Արցախի նախագահի պաշտոնին․ Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Այն, ինչ գրում է հայկական մամուլը թուրքական օրակարգի սպասարկում է․ Բաբայանը եկավ, Բաբայանը գնաց, ինչպես եկավ և գնաց, ում հետ հանդիպեց, ինչ նպատակով, ինչ է պլանավորում և այլն։ Այս հարցերի վերաբերյալ մի քանի անգամ մեկնաբանություն եմ տվել, որովհետև ինձ թվացել է, թե մենք մամուլ և քաղաքական վերլուծաբաններ ունենք, ովքեր ի վիճակի են հասկանալու և մեկնաբանելու քաղաքական հայտարարությունները։ Բայց քանի որ դրանց վերլուծական մտքի թռիչքը չափվում է ֆինանսական հատկացումներով, ստիպված եմ ևս մեկ անգամ վերահաստատելու իմ դիրքորոշումը: -ԱՀ սահամանդրական կարգավորումները Արցախի սուբյեկտայնության հիմքում դրված ականներ են, որոնք այս ճգնաժամի պայմաններում շղթայական ռեակցիայով փոշիացնելու են Արցախի վերջին փշրանքները։ Ուստի, կրկնում եմ՝ սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն։ Սա է հուշում պետական մտածողությունը։ Մնացածը մարդու իրավունքների, իշխանություն զավթելու և այլ պատճառաբանություններով նեղ անձնական շահեր են։ -Սթափ գնահատելով Արցախի անվտանգության ներկա և ապագա մարտահրավերները՝  ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չեմ հավակնում ԱՀ նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից, կառավարման մոդելից, նախագահի ընտրության կարգից և այլն։ Եվ թույլ չեմ տա, որ իմ անձը շահարկեն ներքաղաքական գզվռտոցներում։ -Մրցակիցներ չունեմ, այդ թվում՝ քաղաքական դաշտում։ Հետևապես՝ ինձ ամեն մեկին մրցակից դարձնելուց առաջ մտածեք՝ ես և նա մրցելու ի՞նչ ունենք։ Ես ինքնուրույն գործիչ եմ, ով իր ողջ գիտակցական կյանքը շարունակելու է մեկ նպատակ և շահ ունենալ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։ Այն ինչ ասում եմ, ապացուցել եմ դեռևս 1999-ին․ գիտակցաբար հետքայլ եմ արել՝ պետականությունը վեր դասելով քաղաքական շոուից։ Նույն եմ անում նաև այսօր։ Հարգելիˊ հայրենակիցներ, սիրելի՜ արցախցիներ, Միˊ տրվեք իմ և ձեր ճանաչած կենդանական աշխարհի քաղաքական ինտրիգներին։ Միˊ կրկնեք անցյալի սխալները»։
09:31 - 16 փետրվարի, 2023
Արցախում սահմանադրական ճգնաժամ է․ Սամվել Բաբայան

Արցախում սահմանադրական ճգնաժամ է․ Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Արցախում ներքաղաքական հնարավոր զարգացումների ֆոնին աճում է տեղեկատվական փոխհրաձգությունը: Քաղաքական վերադասավորումների արդյունքում իշխանության մեջ տեղավորվելու նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները։ Ինչևէ։ 2020թ․ համապետական ընտրություններից առաջ և հետո մշտապես, այդ թվում՝ հրապարակավ, կարևորել եմ սահամանադրական բարեփոխումները։ Հարցն առանցքային էր նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը սրվեց հետպատերազմականշրջանում։ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության՝ մեկ քայլ առաջ, երկուսը՝ հետ մարտավարությունը հանգեցրեց սահմանադրական ճգնաժամի, որը լուծելու փորձերը կապվեցին կադրային քաղաքականության և/կամ առանձին անձանց փոխատեղումների հետ։ Այս մոտեցումը ևս սոսկ իրավիճակային էր, որը, հավասարակշռելու փոխարեն, հակակշռեց իշխանությունը՝ իր հերթին առավել խորացնելով ճգնաժամը։ Արցախի «սուպերնախագահական» կառավարման մոդելում, կարծես թե, տարանջատվել են իշխանության թևերը, բայց ոչ հավասարակշռման գործնական մեխանիզմները․ ամեն բան սկսում է նախագահի ինստիտուտից և կրկին հանգում դրան։ Ասել է թե՝ բոլորը կարող են որոշում կայացնել, բայց այդ բոլոր որոշումների հետևանքների պատասխանատվությունը կրկին վերագրվում է նախագահին։ Ահա թե ինչու բոլորը իշխանություն են, բայց՝ անմեղսունակ, բոլորն օժտված են լիազորությամբ, բայց՝ ոչ պատասխանատվությամբ։ Ցանկության դեպքում իսկ չեն կարող այն ստանձնել, պատասխանատվության «մենաշնորհը» Սահմանադրությամբ վերապահվել է նախագահին։ Սահմանադրական նման կարգավորումների պայմաններում արդյո՞ք ինչ-որ մեկը ցանկություն կունենա իշխանություն լինել, արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է ձգտել պաշտոն զբաղեցնել։ Ինչ-որ մեկը՝ գուցե, բայց ո´չ ես։ Արցախում ստեղծված սահմանադրական ճգնաժամը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով Արցախի քաղաքական և հասարակական շրջանակների խղճին է, ովքեր տառապում են բացառապես պաշտոն զբաղեցնելու, պետական բյուջեից սնվելու, իշխանական շրջանակներին հնարավորինս մերձ հարելու մոլուցքով, բայց ոչ քաղաքական և հասարակական պատասխանատվություն կիսելու պատրաստակամությամբ։ Արցախում և նրա շուրջը ստեղծված իրավիճակը սահմանադրական ճգնաժամի ուղղակի հետևանք է, ուստի, փոխանակ զբաղվելու դրա հետևանքները մեղմելու պարապ գործով, բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն դրա պատճառների վերացմանը։ Կոչ եմ անում Արցախի սուբյեկտայնության վերջին փշրանքների պահպանմամբ մտահոգ շրջանակներին բոլոր հնարավոր ջանքերն ուղղել ճգնաժամի հանգուցալուծմանը, որը կարող է հնարավոր դառնալ բացառապես սահմանադրական փոփոխությունների եղանակով»։
18:31 - 14 փետրվարի, 2023
Սերգեյ Ղազարյանը՝ Արցախի ԱԳ նախարար․ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ է արել կառավարության կազմում

Սերգեյ Ղազարյանը՝ Արցախի ԱԳ նախարար․ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ է արել կառավարության կազմում

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` համաձայն հրամանագրերի՝ Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար: Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար: Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Նույն օրը նախագահը հաստատել է կառավարության որոշում Արմեն Մանգասարյանին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին:
09:41 - 11 հունվարի, 2023
«Միասնական հայրենիքը» Արցախում նոր ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում

«Միասնական հայրենիքը» Արցախում նոր ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում վերահսկողության մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Դիտարկելով բնապահպանական ակցիայի քողի ներքո ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքում վերահսկողության հնարավոր մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ կողմերի պաշտոնական հրապարակումներն ու մոտեցումները՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝ 1 – Օրախնդիր պահանջ է միջազգային հանրության գործուն մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ պատվիրակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընթացակարգերով սահմանված կարգով՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը, այն է՝ հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը։ 2 – Միանգամայն մերժելի են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից չբխող գործողություններն ու միջամտությունները, որոնք խոչընդոտում են իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի իրավունքներն ու ազատությունները։ Արգելված առարկաների վերահսկողության հիմնավորմամբ համապատասխան սարքավորումներ պետք է տեղակայել նախևառաջ Քարվաճառ-Մատաղիս և Խուդաֆերին-Սանասար-Քաշաթաղ-Քարվաճառ երթուղիներում, եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջաններում, որտեղ ադրբեջանական կողմը ոչ միայն կենտրոնացրել է հսկայական քանակությամբ կենդանի ուժ և զինտեխնիկա, այլև այդ տարածքներով ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք և այն։ Սա այն դեպքում, երբ առանց մարտական գործողությունների հանձնված տարածքները պետք է լինեն ապառազմականացված գոտիներ՝ միջազգային սկզբունքների և նորմերի համապատասխանությամբ, սույն դեպքում՝ ՌԴ խաղաղապահության պատասխանատվությամբ։ 3 – Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները, ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման հենակետերը՝ 5 կմ լայնությամբ եզրագծով (աջ և ձախ կողմերից 2․5-ական կմ)՝ խաղաղապահ պատասխանատվության գոտում անվտանգության նկատառումներով տեղակայելով ոչ ավել, քան մեկ հսկիչ-անցագրային կետ, դիցուք՝ Հայաստան-Արցախ սահմանագծին։ 4 – Մտահոգիչ են Հայաստանի՝ որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմի մոտեցումները նույն հայտարարության դրույթների մեկնաբանության, քաղաքական նպատակահարմարությամբ դրանց վերաբերյալ ձևավորված հայեցողական վերաբերմունքի առնչությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է հետամուտ լինեն մասնավորեցնելու և եռակողմ հայտարարությունից բխող փաստաթղթերում ամրագրելու բովանդակային և տեխնիկակական վերոնշյալ հարցերը՝ հայտարարության մյուս կողմերին պարտավորեցնելով ամբողջ ծավալով իրացնելու ստանձնած պարտավորությունները։ 5 – Տարակուսելի է Արցախի Հանրապետության իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական դրսևորումների ֆոնին, մասնավորապես ռազմավարական նշանակության տարածքային կորուստներ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր (11-12 դեկտեմբերի, 2020թ․), Փառուխ գյուղ և հարակից Քարագլուխ բարձունք (24 մարտի, 2022թ․), Կուսանաց լեռ՝ հարակից Սարիբաբ և Բուզդուխ բարձունքներով (3 օգոստոսի 2022թ․), լարվածություն շփման գծում՝ զոհերի և վիրավորումների ելքով, միջադեպեր քաղաքացիական բնակչության շրջանում և այլն։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի Հանրապետության ներքաղաքական դասավորվածությունը չի արտացոլում հետպատերազմյան իրողությունները․ քաղաքական ղեկավարությունը բացարձակ անհաղորդ է Արցախում և Արցախի շուրջ մարտահրավերների էությանը, որոնց հաղթահարումը հնարավոր է բացառապես նոր ընտրությունների ելքով։ Արդյունքում Արցախի ժողովրդի վստահության մանդատ ստացած իշխանությունը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու պոզիտիվ լեգիտիմություն կստանա, հակառակ դեպքում՝ ժողովուրդը կարող է դիմել համարժեք քայլերի»,- ասված է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:  Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։ Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։
13:18 - 07 դեկտեմբերի, 2022
Սամվել Բաբայանը կոչ-խնդրանք է ուղղել Արցախի և Հայաստանի նախագահներին

Սամվել Բաբայանը կոչ-խնդրանք է ուղղել Արցախի և Հայաստանի նախագահներին

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Ստեփանակերտից կոչ-խնդրանք է ուղղել Արցախի և Հայաստանի նախագահներին։ «Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։ Մեզանից յուրաքանչյուրն Արցախում և Արցախով է հաջողել։ Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։ Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության»։
09:38 - 06 հոկտեմբերի, 2022
Հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին․ Սամվել Բաբայան

Հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին․ Սամվել Բաբայան

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության նկատմամբ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի կապակցությամբ։ «Ադրբեջանը, հերթական անգամ օգտվելով աշխարհաքաղաքական գործընթացներից և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի փորձը, այսօր հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ակնհայտորեն առաջնորդվելով նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով՝ Ադրբեջանը շարունակաբար ուժի կիրառմամբ առավելագույնն է կորզելու հայկական կողմից։ Այս համատեքստում հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին։ Կանոնավոր և մարտունակ բանակն է պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդի ֆիզիկական անվտանգության,  երկրի սոցիալ-տնտեսական զարգացման երաշխավորը։ Ուստի պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը․ վերջ տալ միջազգային հանրությանն ապավինելու անփառունակ փորձերին, խմբագրել պաշտպանական քաղաքականությունն ու ձևավորել համահայկական մարտահրավերներին և սպառնալինքներին համարժեք զինված ուժեր։ Հայաստանի նկատմամբ պարբերական ոտնձգությունների հետևանքները վերացնելու փոխարեն, պիտի կանխարգելել դրանք․ և այդ կանխարգելիչ գործոնի բացարձակ մենաշնորհը բանակին է։ Հակառակն ապացուցելու փորձերն ու այդ կապակցությամբ արդարացումները սիրողական-կուսակցական մոտեցումներ են։
14:29 - 13 սեպտեմբերի, 2022
Սամվել Բաբայանը հերքում է պատերազմի օրերին Արցախը լքելու մասին լուրերը և դիմում ԱՀ դատախազությանը

Սամվել Բաբայանը հերքում է պատերազմի օրերին Արցախը լքելու մասին լուրերը և դիմում ԱՀ դատախազությանը

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության գրասենյակը հաղորդագրություն է տարածել կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի անունից, որտեղ Բաբայանն անդրադարձել է պատերազմական օրերին Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ լուրերին։ «Հետպատերազմյան շրջանում շահադիտական դրդումներով պարբերաբար հրապարակ են նետվում իմ, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ, որի կապակցությամբ անհրաժեշտ եմ գտնում անդրադառնալու մի շարք էական հանգամանքների: 2020թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին, զբաղեցնելով նախագահին կից անվտանգության հարցերով խորհրդակցական մարմնի քարտուղարի պաշտոնը, պատերազմի ողջ ընթացքում կատարել եմ իմ պաշտոնեական լիազորություններից բխող գործողություններ, այդ թվում՝ խորհրդատվություն տրամադրել մարտական գործողությունների կազմակերպման վերաբերյալ։ Հարցերը, թե այդ խորհրդատվական դիտարկումներից քանիսն են ընդունելի դարձել և/կամ ինչ ճշգրտությամբ են իրականացվել, այլ հասցեատեր ունեն։ 2020թ․ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթական չեն)։ Գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվել հայկական կողմի համար խիստ անբերենպաստ պայմաններով հայտնի եռակողմ հայտարարությունը։ Տեղեկանալով հայտարարության մասին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, փորձել եմ կանխել այն, սակայն փաստաթուղթն արդեն ստորագրված էր։ Որպես ԱԽ քարտուղար, անզոր լինելով փոխելու զարգացումների ընթացքը, այլևս նպատակահարար չեմ գտել շարունակել զբաղեցնել հնչեղ, բայց անբովանդակ այդ պաշտոնը։ Ապա, ի նշան բողոքի, հրաժարվել եմ նաև «Արցախի հերոս»  բարձրագույն կոչումից: Պետական համակարգից հեռանալուց հետո, բազմակողմանիորեն գնահատելով Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իմ քաղաքական գաղափարակիցների հետ մշակել և Արցախի ու Հայաստանի իշխանություններին եմ ներկայացնել ճգնաժամային կառավարման ոլորտային մոտեցումներ, ծրագրեր, հայեցակարգեր։ Նշեմ նաև, որ ԱՀ իշխանությունների հետ պարբերական շփումներ եմ ունենում իբրև խորհրդարանական ուժի առաջնորդ, իսկ ՀՀ իշխանությունների հետ առնչվել եմ բացառապես արտախորհրդարանական ուժերի հարթակում, ապա հեռացել՝ ձևաչափի անարդյունավետության պատճառով։ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննչական գործողությունների շրջանակում երկու անգամ հրավիրվել եմ հարցաքննության, պարզաբանումներ տվել մարտական գործողություններին իմ առնչության և ներգրավվածության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կանխակալ մեդիահրապարակումներով ինձ մեղսագրվող արարքների ապացուցման դեպքում պատրաստ եմ կրելու պատասխանատվություն։ Հակառակ դեպքում հետամուտ եմ լինելու՝ պատասխանատվության ենթարկելու զրպարտության և սուտ մատնության հեղինակներին։ Զինվենք համբերությամբ և հետևենք դատավարական գործընթացներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները իմ, որպես ԱՀ բարձրաստիճան պաշտոնյայի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու  վերաբերյալ տեղեկությունների հիմքով օրենքով սահմանված գործողություններ չեն նախաձեռնել, դիմում եմ ԱՀ դատախազությանը՝ վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և համապատասխան քրեաիրավական որակմամբ ճշմարտությունը բացահատելու պահանջով։ Իրավապահ մարմինների գործողությունների առանցքում, ի դեպ, վաղուց հայտնված պիտի լիներ նաև ԱԽ 2020թ․ նոյեմբերի 6-ի նիստում շրջանառված պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող, պետության կողմից պահպանվող և պաշտպանվող տեղեկատվության՝ ԱԽ քատուղարի ելույթի առանձին դրվագների հանրայնացված լինելու հանգամանքը։ Պետական, ռազմական, քաղաքական, հասարակական իմ ողջ գործունեության ընթացքում առաջնոդվել եմ բացառապես սեփական գաղափարներով և խղճով: Ըմբռնումով եմ մոտենում ինձ վերագրվող երևույթները, քանի որ շրջանակները, ովքեր մշտապես ուղղորդվոմ են ինչ-ինչ կենտրոններից, չեն կարող հավատալ ազատ և անկաշկանդ միտք ունենալու հնարավորությանը: Հարգելով յուրաքանչյուրի արտահատվելու իրավունքը, այնուամենայնիվ համոզված եմ, որ այդ հասկացությունը նույնական չէ զրպարտության ու սուտ մատնության հետ․ որևէ մեկի իրավունքը չի կարող իրացվել մյուսի իրավունքների ոտնահարման հաշվին»,–ասվում է հաղորդագրությունում։
10:08 - 05 սեպտեմբերի, 2022
ՀՀ ԶՈւ-ն դուրս է բերվել ԼՂ-ից, Արցախի անվտանգությունն ապահովում են տեղի ինքնապաշտպանական ուժերը և սակավաթիվ խաղաղապահ զորակազմը. «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

ՀՀ ԶՈւ-ն դուրս է բերվել ԼՂ-ից, Արցախի անվտանգությունն ապահովում են տեղի ինքնապաշտպանական ուժերը և սակավաթիվ խաղաղապահ զորակազմը. «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ապառազմականացման Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. Վերջին օրերին, օգտվելով աշխարհաքաղաքական տեղաշարժերից, Ադրբեջանն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ նոր օրակարգ է թելադրում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման անհիմն պահանջներ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարում է․ · Խստորեն դատապարտում ենք ԼՂ-ում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումներն ու Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումները: · ՀՀ-ի ԶՈւ-ի ստորաբաժանումները դուրս են բերվել ԼՂ-ից և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովվում է տեղի ինքնապաշտպանական ուժերի և սակավաթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցներով։ · Արցախի բնակչության նկատմամբ շարունակաբար իրականացվող զինված հարձակումների, էթնիկ ատելության հրահրումների, հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման, հայաթափման ադրբեջանական քաղաքականության համապատկերում Արցախի ժողովուրդն այլընտրանք չունի, քան ձեռնարկել ինքնապաշտպանության միջոցառումներ: · Արցախի Հանրապետությունն իրացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ պաշտպանելու իր ժողովրդի հիմնարար իրավունքները ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից։ Ուստի, անթույլատրելի ենք համարում Արցախի ժողովրդի անվտանգության անվերապահ երաշխավորի՝ Արցախի Պաշտպանության բանակի, կազմալուծման և/կամ զինաթափման որևէ պահանջ: Նման պահանջը միաժամանակ չի արտացոլում Հայտարարությամբ ստանձնած Կողմերի պարտավորությունները: · Կարևորելով ՌԴ-ի միջնորդական ջանքերը ԼՂ-ի հակամարտության կարգավորման և խաղաղապահ առաքելություն ստանձնելու գործում, ինչպես նաև հաշվի առնելով ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիվ միջամտությունները, համոզված ենք, որ ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ ներկայությանը միջազգայնորեն ամրագրված երաշխիքներով և հստակ գործառույթներով օժտելը օրվա հրամայականն է: Արցախի ԶՈւ-ն Արցախի ժողովրդի գոյաբանական նախադրյալն ու երաշխիքն է, ուստի նրա գործառնությունները սահմանափակող և իրավական կարգավիճակը վատթարացնող ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն ոչ միայն հակադարձ համեմատական է Արցախի ժողովրդի ազգային-անվտանգային շահերին, այլև ոտնձգություն է Արցախի հայկական ապագայի նկատմամբ:
16:53 - 05 օգոստոսի, 2022
Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած` 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին: Բաբայանն ասաց` պատճառները մի քանիսն են: «Հլը չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ», - նշեց նա: Բաբայանը պատերազմի օրերին եղել է Արցախի ԱԽ քարտուղարը: Նա չի ցանկանում առայժմ հրապարակել իր որոշման պատճառները, ասաց` անձնավորված չէ, ակնարկեց, թե խաղի կանոնները չեն պահպանում. «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»: Թե ինչու է Բաբայանը հեռացել հանձնաժողովից, չհաջողվեց պարզել իշխանական անդամներից: Նրա դերը շատ կարևորած Անդրանիկ Քոչարյանը չպատասխանեց «Ազատության» զանգերին: Պատերազմի հանգամանքներն Ազգային ժողովում քննելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, երբ դեռ չէր ձևավորվել 8-րդ գումարման Ազգային ժողովը: Այդ հայտարարությունից 10 ամիս է անցել, բայց հանձնաժողովի բուն աշխատանքը դեռ չի սկսվել, երկու դռնբաց նիստ է եղել 2 ամիս առաջ տեխնիկական բնույթի: Մինչև հանձնաժողովի ձևավորումը ամիսներ շարունակ իշխանականներն իրավական ուղիներ էին փնտրում, որ շրջանցեն ԱԺ կանոնակարգն ու հանձնաժողովն ավելի մեծ մասշտաբով ձևավորեն, ընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերը: Այդ լուծումներն օդում մնացին: Վարչապետ Փաշինյանի հետ համագործակցող արտախորհրդարանական ուժերից ընտրեցին Սամվել Բաբայանին, Նորայր Նորիկյանին և Դավիթ Սանասարյանին: Անդրանիկ Քոչարյանը նրանց վերջին նիստում ներկայացրեց անկախ խորհրդատուի կարգավիճակում: Մյուս անկախ խորհրդատուներն ի՞նչ իրավական հիմքերով են հանձնաժողովում և արդյոք հետևելու են Սամվել Բաբայանի օրինակին, թե՞ կաշխատեն: Նորիկյանն ու Սանասարյանը չարձագանքեցին մեր զանգերին: Փաշինյանի հետ համագործակցող 11 արտախորհրդարանական ուժերից մեկից պետք է Բաբայանին փոխարինող ընտրեն, քննիչ հանձնաժողովում միայն իշխանական պատգամավորներ են, ընդդիմադիրները հենց սկզբից են հրաժարվել այս հանձնաժողովում աշխատել:  
16:29 - 27 ապրիլի, 2022
Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու համար. Դավիթ Բաբայան
 |azatutyun.am|

Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու համար. Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բավականին ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախում իրավիճակը կայունացնելու՝ ադրբեջանական զինուժին ելման դիրքեր վերադարձնելու համար, վստահեցնում է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Պաշտոնյան պնդում է՝ իրավիճակը վերահսկելի է: «Այո, բարդ է, բայց դա կապ չունի: Մենք ապրում ենք նման իրավիճակում տարիներ շարունակ, առավել ևս 2020 թվականի վերջի երրորդ պատերազմից հետո հայտնվել ենք նման բարդ իրավիճակում: Բայց դա չի նշանակում, որ պետք է խուճապի մատնվենք», - ասաց Բաբայանը: Առաջնագծի բոլոր հատվածներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, գիշերը և մինչև առավոտյան ժամը 10-ը իրավիճակը չի փոխվել՝ մնալով լարված, սակայն հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Փառուխում պայմանավորվածություն է խախտվել, այս մասին այսօր հրապարակավ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով՝ ադրբեջանցիներն առաջ են եկել ռուս խաղաղապահների ներկայությամբ: Ստեփանակերտում կարծում են, որ այս իրավիճակից նաև ռուս խաղաղապահներն են անակնկալի եկել: «Հիմա ռուս խաղաղապահները նույնպես, միգուցե առաջին անգամ, տեսել են՝ ով ով է, հասկացել են՝ ինչ է Ադրբեջանը: Եվ իսկապես սա մի իրադարձություն է, որն անակնկալի բերեց նաև ռուս խաղաղապահներին», - նշեց Դավիթ Բաբայանը: Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց նաև, որ Փառուխի օրինակով Ադրբեջանական հարձակման տարածման միտումներ կան: Փառուխը հիմա, ըստ պաշտոնական տեղեկությունների, խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ ռազմավարական Քարագլուխ բարձունքում ամրացված հենակետերում դեռ շարունակում է մնալ Ադրբեջանի զինուժը: Արցախի արտաքին գործերի նախարարն ասում է՝ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր ծավալապաշտական նկրտումները, սա նորություն չէ. «Մենք գիտենք՝ ինչ է Ադրբեջանը, սա ոչ միայն Փառուխն է, սա գազամատակարարման երկու անգամ տապալումն է, հումանիտար ահաբեկչություն է և այլն, բայց պետք է կանգնենք, պետք է աշխատենք, պետք է ամուր լինենք, ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք և իսկապես հասկանանք, որ պատմական պահ է, մենք իրավունք չունենք սխալներ գործելու»: Պաշտոնական Ստեփանակերտից Արցախի կարգավիճակի մասին խոսակցություններ ֆոնին կրկին հաստատում են՝ իրենց համար կարմիր գիծ է՝ Արցախը երեբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
21:02 - 31 մարտի, 2022