Սերգեյ Բագրատյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1963թ. հունվարի 3-ին Վայոց Ձորի մարզի Արտաբույնք (նախկինում՝ Եղեգիս) գյուղում:

1986թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը: Ճարտարագետ-երկրաբան: 1996թ.՝ Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանը (ԵՏԻՀ): Իրավաբան: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: Տնտեսագիտության թեկնածու, ԵՏԻՀ պրոֆեսոր։ Պահեստազորի ավագ լեյտենանտ:

1980-1981թթ. Ազիզբեկովի թիվ 17 շարժական մեքենայացված տրեստում աշխատել է բետոնագործ։ 1986-1987թթ. եղել է Վայքի շինարարական իրերի կոմբինատի հանքի պետ։ 1987թ.՝ «Սապֆիր» արտադրական միավորման ավագ տնտեսագետ։ 1988-1993թթ.՝ Երեւանի կերամիկական կոմբինատի արտադրամասի պետ, 1993-1994թթ.՝ «Հայշինտեխկենտրոն» տրեստի տնօրեն: 1996-1999թթ.՝ Էրեբունի համայնքի ավագանու անդամ: 1998-2008թթ.՝ «Վայք» հյուրանոց ԲԲԸ խորհրդի նախագահ, 2002-2004թթ.՝ «Քիմռեակտիվ» ԲԲԸ կառավարիչ, 2006 թվականից՝ «Կիրառական տնտեսագիտության ազգային կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ։ 2010-2012թթ. եղել է Վայոց ձորի մարզպետ։ 1996 թվականից դասավանդում է Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանում։ 2017 թվականից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտական եւ կրթական միջազգային կենտրոնում:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, համապետական ընտրական ցուցակ): 06.02.2019-11.02.2019թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.02.2019-08.08.2020թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 08.08.2020-25.08.2020թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 07.09.2020-02.08.2021թթ.՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 14.01.2019-23.07.2020թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, 23.07.2020-02.08.2021թթ.՝ խմբակցություններում ընդգրկված չի եղել:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ապացուցելու բան չունեմ, ես խոսքս իրենց չեմ ուղղել. Սերգեյ Բագրատյանը՝ «Լիդիան Արմենիայի» մասին |aysor.am|

Ապացուցելու բան չունեմ, ես խոսքս իրենց չեմ ուղղել. Սերգեյ Բագրատյանը՝ «Լիդիան Արմենիայի» մասին |aysor.am|

aysor.am։ Քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իմ դեմ դատական հայց է ներկայացրել՝ նշելով, որ ավելի վաղ արածս հայտարարությունը վնասել է իրենց գործարար համբավին, պատվին և արժանապատվությանը, մենք էլ դատական նիստի ընթացքում մեր մոտեցումները կփոխանցենք դատարանին և հանրությանը, այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ «Ջերմուկցիների հետ հանդիպման ընթացքում արված իմ հայտարարությունները վերաբերել են հանքարդյունաբերության մեջ կոռուպցիոն ռիսկերին՝ ընդհանրապես։ Դատի տալու հնարավորություն և իրավունք ունի այն կազմակերպությունը, որն ինքն իրեն կասկածում է կոռուպցիոն ռիսկերի մեջ։ Եթե տվյալ հանդիպման հայտարարության տեքստը նայեք, ես պատասխանում եմ մի գրության, որտեղ հարցը տրված է հետևյալ կերպ՝ ինչո՞ւ են հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաներ տրամադրվում այն կազմակերպություններին, որոնք վնաս են տալիս։ Ես բանավոր կերպով պատասխանում եմ, որ նախկին իշխանության օրոք եղել են կոռուպցիայի դեպքեր՝ նկատի ունենալով գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը, մամուլում տեղեկատվությունը։ «Լիդիան Արմենիա» անուն չկա ընդհանրապես։ Բնականաբար, «Լիդիան Արմենիայի» նկատմամբ մեծ հարգանք չունեմ, որ հոգնակիով խոսեի։ Կասեի՝ «Լիդիան Արմենիա», բայց ես ասել եմ «իրենք»։ Նրանք ոչ մի հիմնավոր ապացույց չունեն, որ դա իրենց է վերաբերում։ Եթե վերագրում են իրենց, դա իրենց իրավունքն է։ Իրենք պետք է ապացուցեն, որ նման ռիսկերի մեջ չեն։ Ես ապացուցելու բան չունեմ, ես խոսքս իրենց չեմ ուղղել», - շեշտեց Սերգեյ Բագրատյանը։ Պատգամավորը միաժամանակ տեղեկացրեց, որ ընկերության՝ իր դեմ երկրորդ դատական հայցի հայցադիմումն առայժմ չի ստացել։
10:44 - 27 սեպտեմբերի, 2019
Գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի, առաջարկվող վարկերն էլ անմատչելի են գյուղացիների մեծ մասի համար. Սերգեյ Բագրատյան |tert.am|

Գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի, առաջարկվող վարկերն էլ անմատչելի են գյուղացիների մեծ մասի համար. Սերգեյ Բագրատյան |tert.am|

tert.am։ Մենք տարիներ շարունակ չենք կարողանում էֆեկիվ օգտագործել գյուղատնտեսության հնարավորությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով նախագահի տեղակալ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա նշեց, որ գյուղացիները նախկինում արդեն իսկ բարձր վարկավորումներ ստանալով կորցրել են իրենց վարկունակությունը: «Առաջարկվող վարկերը գրեթե անմատչելի է գյուղացիների մեծ մասին՝ սև ցուցակներում լինելու և վարկերի ընթացակարգը անհասկանալի լինելու պատճառով: Բացի այդ, օրինակ՝ տոհմային տավարաբուծության ծրագիր է առաջարկվում այն դեպքում, երբ կերային բազային հնարավորություն է պետք և խիստ հարստացված կեր է պետք, որը չենք կարողանում ապահովել»,-ասաց նա և նշեց, որ առաջարկում են վարկ, որի ընթացակարգը պարզ չէ: Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ մենք ոչ թե պետք է ինչ-որ ծրագիր մեխանիկորեն տեղափոխենք Հայաստան, այլ պետք է տեղայնացնենք: Անդրադառնալով ոռոգման համակարգին՝ պատգամավորը նկատեց, որ երեք հողակտոր ունենալու դեպքում երեքից երկուսը ոռոգելի չեն լինում: Նա նշեց, որ դրա պատճառը հնացված ենթակառուցվածքներն են, ոռոգման համակարգի նախկինում կոռումպացված լինելն է: Ավելին՝ tert.am
09:08 - 08 հունիսի, 2019
Սահմանին ծառայող զինվորականների պարտքի հաշվին կպահվի աշխատավարձի 30 տոկոսը |news.am|

Սահմանին ծառայող զինվորականների պարտքի հաշվին կպահվի աշխատավարձի 30 տոկոսը |news.am|

news.am։ Հայ զինվորականներից, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) կատարողականի ժամանակ կպահվի աշխատավարձի մոտ 30 տոկոսը։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 4-ին ասել է օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։Նրա խոսքով՝ աշխատավարձի 30 տոկոսի պահումը նախատեսված է մինչեւ ամբողջ առգրավվող գումարի մարումը։ «Այս օրինագծի էությունը մեր հարգանքի արտահայտությունն է առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորականներին։ Սա միջոց է՝ գոնե մի փոքր ուշադրություն դարձնելու այդ մարդկանց»,- ասել է Բագրատյանը՝ պարզաբանելով, որ եթե զինվորականը 200 հազար դրամ աշխատավարձ ստանա, նրանից կպահվի 60 հազար, իսկ մնացած գումարը նա կարող է օգտագործել սեփական կարիքների եւ ընտանիքի անդամների կարիքների բավարարման համար։
09:29 - 04 հունիսի, 2019
Խոշոր կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով ոսկե ձվեր ածել, բայց դրանք նեխելու են՝ դատապարտված են վերադարձվելու այն մարդկանց, ումից խլվել են․ Ս․ Բագրատյան ||tert.am

Խոշոր կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով ոսկե ձվեր ածել, բայց դրանք նեխելու են՝ դատապարտված են վերադարձվելու այն մարդկանց, ումից խլվել են․ Ս․ Բագրատյան ||tert.am

tert.am։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, թե կարծես՝ թվերի տվյալներով ամեն ինչ նորմալ է, կանխատեսվում է 6, 1% տնտեսական աճ 2019թ-ի համար։ «Բայց սրանք բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս՝ ինչպե՞ս պետք է մեր տնտեսությունից զարգացում ակնկալել, եթե մեր տնտեսությունում ներդրումներ չկան»,-ասաց նա և նշեց, որ հեղափոխությունից հետո ներդրողները դեռևս սպասումների մեջ են։«Հարց է առաջանում, արդյո՞ք ներքին ռեզերվները ճիշտ են օգտագործվում, հատկապես ԿԲ-ի կողմից համակարգը կարգավորվո՞ւմ է այնպես, որ ներդրումներ արվեն: Կարծում եմ՝ այստեղ պատասխանը բացասական է: Ինչո՞ւ բանկային համակարգը ակտիվ չի սպասարկում ներդրումային միջավայրը։ Ժամանակն է, որ ԿԲ-ն ճիշտ դրամավարկային քաղաքականություն իրականացնի»,-ասաց նա։ Բագրատյանի խոսքով` ԿԲ-ն չի սպասարկում պարզ պատճառով, որովհետև բանկային կապիտալը ստեղծվել է, իր խոսքով, «նախկին պաշտոնյաների կողմից ժողովրդին թալանելու միջոցով ստեղծված կապիտալով», և այդ կապիտալը բնականաբար չունի ազդակ ներդրվելու տնտեսության մեջ»։«Լինելով այլ ռեժիմի մասնակիցներ, նրանք ցանկություն չունեն ներդրումներն արագացնել»,-ասաց նա և հավելեց, որ դրան զուգահեռ գյուղացիական տնտեսությունները կանգնած են լուրջ խնդիրների առաջ՝ չեն կարողանում ցածր տոկոսադրույքներով վարկերից օգտվել կամ էլ սև ցուցակներում են։ Բագրատյանը նաև ասաց, թե հայտարարվել է, որ 130 000 մարդու սև ցուցակներից հանել են, բայց ինքը կասկածում է, որ այդպես է։«Այս պարագայում, եթե հետևում ենք ընթացքին, խոշոր կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով ոսկե ձվեր կաճեն: Այդ ոսկե ձվերը նեխելու են, որովհետև չի աշխատելու և դատապարտված է վերադարձվելու այն մարդկանց, ումից խլվել է։Կապիտալը հնարավոր չէ արտահանել, այդ պատճառով էլ չի արտագաղթում։ Չի արտագաղթել, որովհետև հնարավոր չէ այլ բանկերում այդ գումարները տեղաբաշխել: Իրավական հիմքերը չեն կարող ցույց տալ, դրա համար դատապարտված են մնալ բանկերում»,-ասաց նա։Ըստ պատգամավորի՝ ԿԲ-ն այս պարագայում պետք է նախաձեռնողական լինի, գնա գյուղացիների մոտ, հետաքրքրվի, թե ինչու չեն զբաղվում գյուղատնտեսությամբ։«Ենթադրելի է, որ բանկային կապիտալը սառած վիճակում է զգալի հատվածում: Պետք է կարողանանք ամեն կերպ ներգրավենք ռեալ տնտեսության մեջ, դրա համար պետք է ռեֆորմների գնալ»,-ասաց նա և նշեց, որ պետք է կոոպերատիվ բանկեր ձևավորվել։
07:35 - 04 հունիսի, 2019
Սերգեյ Բագրատյանն առաջարկում է խոշոր հարկատուներից բացի մնացած բոլոր տնտեսվարողներին մտցնել շրջանառության հարկի դաշտ |armenpress.am|

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է խոշոր հարկատուներից բացի մնացած բոլոր տնտեսվարողներին մտցնել շրջանառության հարկի դաշտ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարությանը կոչ է անում պարզեցնել հարկային քաղաքականությունը և բացի խոշոր հարկատուներից՝ մնացած բոլորին հարկել շրջանառության հարկով:  Բագրատյանը նման տեսակետ հայտնեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին: «Քաղաքական հեղափոխությունը պետք է վերաճի տնտեսական հեղափոխության: Առաջարկում եմ դրա բանալիներից մեկը: Պետք է գնանք հարկային քաղաքականության պարզեցման ճանապարհով, իսկ պարզեցման համար պետք է գործիքակազմ տանք: Շրջանառության հարկի շեմի բարձրացումը շատ թույլ գործիք է: Եթե համարձակ հեղափոխության գնանք, կարող ենք խոշոր հարկատուի հատվածը հանել, մնացած ամբողջը մտցնել շրջանառության հարկի դաշտ՝ գտնելով լավագույն գործակիցը, դա կարող է լինել 7, 10 կամ 20 տոկոսը: Բայց պետք է լինի այն լավագույն գործիքը, որը բյուջեի ակնկալվող մուտքերի վրա ոչ միայն բացասական չի ազդի, այլ նաև դրական ազդեցություն կունենա»,-ասաց Բագրատյանը: Նրա կարծիքով՝ ներդրումներ բերելու, տեղական տնտեսությունը զարգացնելու ու արտահանումը խթանելու իմաստով պարզեցնելը լավագույն ճանապարհն է: Բագրատյանի կարծիքով՝ քաղաքացիները ցանկանում են պարզ հարկային օրենսդրությամբ աշխատել: «Քաղաքացին պետք է իմանա, որ օրինակ 100 դոլար աշխատեց, դրանից 10 դոլարը պետք է տա պետությանը՝ որպես հարկ: Կոչ եմ անում, խոշոր հարկատուներին հանած, մնացած ողջ տնտեսական դաշտը մտցնել շրջանառության հարկի տակ: Եվ կտեսնենք, որ 5 տարի անց մենք կունենանք լրիվ այլ տնտեսություն, այլ մոտեցումներ»,-եզրափակեց պատգամավորը: Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը դարձնել 115 մլն դրամ՝ ներկայում գործող 58,35 մլն դրամի փոխարեն:
13:10 - 30 ապրիլի, 2019