Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում․ Սուրեն Պապիկյան

Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի համատեղ ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե Հայաստանի ու ՌԴ-ի միջև ՀՕՊ միացյալ պաշտպանության համակարգի մասին պայմանագրի առկայությունը ներդաշնակ լինելո՞ւ է հայ-ֆրանսիական համագործակցության հետ։ Ավելի վաղ ֆրանսիացի նախարարը, անդրադառնալով ՀՕՊ համակարգերի մատակարարմանը, հայտարարել էր, որ հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի: Ի պատասխան վերոնշյալ հարցի՝ Լըկորնյուն ասաց, որ դիվանագիտական այդ հենքը կա, բայց կան պարտավորություններ, որոնք ընդունվում են բոլորի կողմից։  «Ինչպես ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, Երևանն իրավունք ունի թեքվել դեպի այն գործընկերները, որոնք հուսալի են»,- հավելեց նա։ Ապա Սուրեն Պապիկյանը անդրադարձավ հարցին՝ նշելով, որ այն իր իրավասության տիրույթում է՝ չնայած հարցն ուղղված էր ֆրանսիացի գործընկերոջը․ «Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու մասին է և մեր երկնքի անվտանգությունը ապահովելու մասին է։ Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում»։
12:51 - 23 փետրվարի, 2024
Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին․ Սուրեն Պապիկյան

Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին․ Սուրեն Պապիկյան

Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, կարծում եմ՝ այն պիտի դիտարկենք երկուստեք։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը հակադրության մեջ չի՞ մտնում Հայաստան-Ռուսաստան պարտավորությունների կամ ՀԱՊԿ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների մասով։ Պապիկյանը հիշեցրեց 2022թ․ դեպքերը, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի, և Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնվեցին ՀՀ տարածքներ։ Նրա խոսքով հենց այդ ժամանակ Հայաստանն առաջին անգամ հայտարարեց, որ ռազմատեխնիկական համագործակցությունը և այս ոլորտը դիվերսիֆիկացնելու խնդիր է դրել։ «Կարծում եմ՝ հարցը, որ տալիս եք, դա Հայաստանի սուվերեն իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից։ Այս հարցում մենք շատ հստակ ենք, պարզ և անթաքույց»,- հավելեց նա։ Հարցի մյուս մասին, թե Իրանի տրամադրությունները ստուգվե՞լ են այս առումով, Պապիկյանը պատասխանելով ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հաարապետության է և որևէ մեկի դեմ չէ։ «Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները բնականաբար հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ։ Կարծում եմ՝ մեր Ռուսաստանի գործընկերներն էլ նույնը պետք է անեն, և մնացած մեր բոլոր գործընկերները՝ ևս»,- ընդգծեց նախարարը։ Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության․ «Կարիք չկա, որ ինչ-որ մեկը մտահոգվի, որովհետև մտահոգվողը պիտի մենք լինենք, խոսքը վերաբերում է մեր շահին»։
12:39 - 23 փետրվարի, 2024
Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման հարցին, նշեց, որ «հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի»։ Նա հայտարարեց նաև, որ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը ներառում է ոչ միայն սպառազինությունների մատակարարում, այլև վերապատրաստում։ Ըստ նրա՝ խոսքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում վերապատրաստումների մասին է։ Ֆրանսիան Հայաստանում կունենա մշտական ռազմական խորհրդատու, իսկ հայ սպաները և ենթասպաները հնարավորություն կունենա վերապատրաստվել Ֆրանսիայի ռազմական դպրոցներում։ Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Ֆրանսիան մեծացնելու է հակաօդային պաշտպանական բնույթի միջոցների վաճառքը Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն ունի օդը պահելու խնդիր, և որ Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական բնույթի զենք-զինամթերք, ֆրանսիացի նախարարը  կարծիք հայտնեց, որ վերջերս տեղի ունեցող բոլոր հակամարտություններից հետևությունն այն է, որ պաշտպանական միջոցները ամենակարևոր կետն են․ ծայրահեղ դեպքում դրանք հնարավորություն են տալիս պաշտպանվել մարտի դաշտում, ինչը տեսանք Ուկրաինայում, բայց հատկապես հնարավորություն են տալիս պաշտպանելու քաղաքացիական հասարակությանը և կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ էներգետիկան, տրանսպորտը, օդանավակայանները և այլն։ «Մենք տեսնում ենք՝ գնալով ավելի շատ սպառնալիքներ են լինում՝ սկսած ԱԹՍ-ների դեմ պաշտպանությունից մինչև հրթիռային և հարձակողական ինքնաթիռների դեմ պաշտպանությունը։ Դա ճիշտ է նաև մեզ համար։ Ֆրանսիայում մենք աշխատանքներ ենք տանում հրթիռային բազայի վերակազմավորման առումով և նոր ռազմասպառազինության, որը հնարավորություն է տալիս ավելի լավ պաշտպանելու մեր օդը»,- ասել է նա։ Լըկորնյուն հայտարարեց, որ որքանով Ֆրանսիան հզորացնում է իր բազան, այնքան ավելի մեծ հնարավորություն է տալիս դա Հայաստանի հետ համագործակցության համար։ «Շատ արագ մենք կկարողանանք նոր բաներ առաջարկել։ Minstrel հրթիռների մասին ենք օրինակ խոսել այս առավոտ: Սրանք մոտահար հրթիռային սարքեր են։ Վերապատրաստման առումով․ բավականին հեշտ է դրանք գործածելը։ Երկրորդ շերտի պաշտպանության համար առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն, այդ մասին խոսել ենք ՀՀ պաշտպանության նախարարի հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընդամենը ներկայացնում է ֆրանսիական հնարավորությունները՝ և՛ սպառազինության, և՛ վերապատրաստման առումով։ «Վերջին շերտի պաշտպանությունը կա նաև, որը շատ ավելի լուրջ տեխնոլոգիա է․ Thales ռադարների մասին է խոսքը։ GM-200 ռադարների մատակարարում շատ շուտով կլինի արդեն»,- նշեց նախարարը։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ տրամադրվող զենք-զինամթերքը պաշտպանական բնույթի է, և, որ միակ ձևը, որ ՀՕՊ համակարգերը չկիրառվեն, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի։
12:15 - 23 փետրվարի, 2024
Նախարարները կարևորել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը

Նախարարները կարևորել են ՀՀ ԶՈՒ բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը

Փետրվարի 23-ին՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու իրենց գոհունակությունը հայտնել համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։  Միաժամանակ նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ: Նախարարները կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը և այն երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ջանքերը:  Հատուկ ուշադրության են արժանացել ռազմական կրթության, մարտական պատրաստության, տարբեր վարժանքների, խորհրդատվական և փորձագիտական աջակցության հարցերը: Քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:  Նախարարներն ընդգծել են, որ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը բացառապես ուղղված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը:
11:52 - 23 փետրվարի, 2024
ՀՀ շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ստեղծված անվտանգային միջավայրից․ Պապիկյան

ՀՀ շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ստեղծված անվտանգային միջավայրից․ Պապիկյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը պաշտպանության նախարարությունում ստորագրեցին փաստաթղթեր: Փաստաթղթերի ստորագրմանը հաջորդեց Սուրեն Պապիկյանի և  Սեբաստիեն Լըկորնյուի մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հաստատեց տեղեկությունը, որ երեկ պաշտպանական սպառազինության խմբաքանակ է բերվել Հայաստան․ ««Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով կգա Հայաստան»։ «Շատ չմանրամասնեմ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհտեև առաջնահերթ է այս տարածաշրջանում և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։ Որևէ մեկը չի կարող քննադատել ՀՀ բանակին իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար»,- նշեց նա։ Ֆրանսիացի լրագրողի հարցին, թե «արդյո՞ք վտանգ կա Ադրբեջանի կողմից, և դա ստիպում է նախարարին նոր պայմանագիր կնքել», Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ չի կարող հերքել, որ կա վտանգ (ադրբեջանական կողմի հարձակման՝ խմբ․), որը տեսանելի է առկա հռետորաբանությունից։ «ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի»,- ընդգծեց Պապիկյանը։ Պաշտպանության նախարարը ասաց նաև, որ անկախ նրանից, թե առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը․ «Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են»։
11:23 - 23 փետրվարի, 2024
Այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», հանդիպել ֆրանսիական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ. Պապիկյան

Այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», հանդիպել ֆրանսիական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Ելիսեյան պալատում մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը: Այդ մասին տեղեկանում ենք Սուրեն Պապիկյանի Ֆեյսբուքի էջից:   «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության հետևողական զարգացմանն ու ամրապնդմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին առնչվող հարցեր:   Այնուհետև ներկա ենք գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:   Իսկ այսօր՝ փետրվարի 22-ին, վարչապետի գլխավորությամբ այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ»,- նշված է գրառման մեջ:
18:58 - 22 փետրվարի, 2024
Սուրեն Պապիկյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Սուրեն Պապիկյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետի պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ:Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը Աննա Հակոբյանի և Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվեն Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը Միսաք Մանուշյանի պանթեոնիզացիայի արարողությունը, կնոջ՝ Մելինե Մանուշյանի ուղեկցությամբ, տեղի է ունենալու փետրվարի 21-ին՝ Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ։ Միսաք Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են՝ Վիկտոր Հյուգոն, Ժան-Ժակ Ռուսոն, Մարի և Պիեռ Կյուրիները, Էմիլ Զոլան, Ալեքսանդր Դյուման և այլք: Վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
12:14 - 21 փետրվարի, 2024
Պապիկյանը ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին

Պապիկյանը ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Սուրեն Պապիկյանը շնորհավորել է օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական նորանոր հաջողություններ, հայրենիքին անմնացորդ ծառայելու կամք ու կորով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտպանության նախարարը խորհրդակցության ավարտին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:
15:09 - 20 փետրվարի, 2024
Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցության հարցեր

Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցության հարցեր

Փետրվարի 17-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ։ Նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
15:11 - 17 փետրվարի, 2024
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու զորամասերում

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու զորամասերում

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման զորամասերում։ Նախարար Պապիկյանը զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանի ուղեկցությամբ շրջել է զորամասերում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղ-կացարանային պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը, հանդիպել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։ Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև զորամասերի սպաներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։
20:30 - 08 փետրվարի, 2024