Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ․ Պետրոսյան |armtimes.com|

Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները հայտնվել են հակառակորդի վերահսկողության տակ․ Պետրոսյան |armtimes.com|

armtimes.com: Սեւանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով հայտնվել են հակառակորդի վերահսկողության ներքո։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Այդ երկու գետերի սնուցման ակնունքները հիմնականում Քարվաճառի շրջանում են, եւ, ցավոք, այդ տարածքներն այս պահին գտնվում են հակառակորդ կողմի վերահսկողության տակ։ Այդ տարածքներում են նաեւ գտնվում Սեւանի ջրահավաք հիմնական աղբյուրները»,- ասաց նախարարը։ Նա նշեց, որ այս փաստի շուրջ ՀՀ բնապահպանական որոշ շրջանակներ արդեն մտահոգություններ են հայտնել, իսկ նախարարությունն իր հերթին ուսումնասիրություններ է իրականացրել ու արդյունքները ներկայացրել ՊՆ-ին եւ վարչապետի աշխատակազմին։ Այս հարցի շուրջ, ըստ նրա, նախարարությունն ավելին անել չի կարող, քանի որ նման գործառույթներ չունի։ Անդրադառնալով սահմանազատման արդյունքում հնարավոր նոր վտանգների վերաբերյալ հարցին՝ Պետրոսյանն ասաց, որ դրանում նախարարությունը եւս մասնակցության մանդատ չունի ու ներգրավված չէ. «Բայց պետք է ասեմ, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի որոշ արգելավայրեր ու արգելոցներ սահմանակցում են ՀՀ միջազգային սահմաններին արեւելյան ու արեւմտյան կողմերից, եւ, բնականաբար, մեր մասնագետների հետ մենք պերմանենտ աշխատանքային շփումների եւ կապի միջոցով հսկողության տակ ենք պահում այդ գործընթացները»։ Նախարարն ընդգծեց՝ այս պահին բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները համընկել են ՀՀ սահմանների հետ, եւ սահմանների ճշգրտման արդյունքում նման խնդիրներ չեն առաջացել։
17:56 - 26 հունվարի, 2021
Սեւանի ափամերձ տարածքները ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել․ նախարար |armtimes.com|

Սեւանի ափամերձ տարածքները ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը չարաշահումներ է թույլ տվել․ նախարար |armtimes.com|

armtimes.com: Սեւանի ափամերձ տարածքները 1901․5 մետր նիշից ցածր գտնվող ապօրինի շինություններից մաքրող կապալառու ընկերությունը պայմանագրով ստանձնած իրենց պարտավորություններում չարաշահումներ է թույլ տվել։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Անցյալ տարի փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում մենք կապալառու ընկերության վճարումները դադարեցրել էինք ու փաստաթղթերն ուղարկել դատախազություն»,- հայտնեց նախարարը։ Նա հայտնեց նաեւ, որ այդ փաստերով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, իսկ չվճարված գումարները վերադարձվել են պետական բյուջե։ Թե ինչ խախտումներ է կատարել այդ կապալառու ընկերությունը, Պետրոսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք կա։ Նախարարը նաեւ հայտնեց, որ մինչպատերազմական փուլում շուրջ 3-4 տասնյակ շենք-շինություններ, տաղավարներ ապամոնտաժվել են, եւ նոր տեխնիկայի ձեռքբերմանը զուգընթաց արդեն գարնանը կվերսկսվի ավելի լայն ծավալով ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը, ինչպես նաեւ՝ շինաղբի ու այդ տաղավարների դուրսբերումը առափնյա տարածքներից: Խոսելով 2021 թվականի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին՝ նա հայտնեց, որ 2021-ի բյուջեով արդեն նախատեսված գումարները նախարարությունը մտադիր է վերաբաշխել։ Այդ առաջարկով նախարարությունն արդեն իսկ պատրաստվում է դիմել Կառավարությանը. «Մենք արդեն աշխատում ենք Կառավարության համապատասխան որոշման նախագծի վրա, որպեսզի այդ գումարներն ուղղվեն «Սեւան» ազգային պարկի սեփական կարողությունների զարգացմանը, որպեսզի ոչ թե երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվի այդ աշխատանքը, այլ «Սեւան» ազգային պարկը նախարարության վերահսկողության ներքո ձեռքբերի սեփական տեխնիկական միջոցներ, մոտ մեկ տասնյակ մշտական աշխատատեղ ապահովի եւ Սեւանի մաքրման աշխատանքներն իրականացնի սեփական միջոցներով»։ Նախարարը հույս հայտնեց, որ գարնանը մեծ թափով կվերսկսվեն մաքրման դադարեցված աշխատանքները։
16:59 - 26 հունվարի, 2021
24-ժամյա հատուկ հերթապահություն Սևանա լճում

24-ժամյա հատուկ հերթապահություն Սևանա լճում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումը շարունակում է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։ Վերջին օրերին «Սևան» ազգային պարկի պահնորդական ստորաբաժանումը նավով 24-ժամյա հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս օրերի ընթացքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 23 ապօրինի ցանց: Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:   Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։   Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ, որի շրջանակներում իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում:
19:54 - 09 հունվարի, 2021
Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ

Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ

2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ Իրականացվող գործողությունների շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 22-ին շրջակա միջավայրի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի, ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև հաստատվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում (2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ) իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագիր։ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվելու է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։ Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։Միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են Սևանա լճի «Սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր կիրականացվեն նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն համապատասխան գրություններով դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով աջակցել մարզպետարանների և համայնքապետարանների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների միջոցով կազմակերպել համատեղ ստուգայցեր՝ սիգի փողոցային առևտուրը վերահսկելու նպատակով։
14:24 - 26 դեկտեմբերի, 2020
Ծովագյուղում ապօրինի շինարարության գործով տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

Ծովագյուղում ապօրինի շինարարության գործով տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրությամբ   պարզվել է, որ մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող Մ-14 ավտոմայրուղու Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս 11.5 կմ հատվածում՝ մայրուղուց լիճ ընկած տարածքում, կատարվում են շինարարական աշխատանքներ: Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմին չեն ներկայացվել շինարարության թույլտվություն և տեղեկանք, ինչը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 15-ի թիվ 596-Ն որոշման պահանջների խախտում է և նշված շինարարական աշխատանքները դիտարկվում են որպես ինքնակամ: Տեսչական մարմինը 2020 թ․ հունիսի 23-ին գրություն է ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանին` տեղեկացնելով համայնքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին։ Ծովագյուղ համայնքի ղեկավարին՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջների, առաջարկվել է կասեցնել վերոհիշյալ հասցեում իրականացվող ինքնակամ շինարարությունը և ապահովել դրա հետևանքների վերացումը, որից հետո ձեռնարկված միջոցառումների մասին տեղյակ պահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Սակայն նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ Ծովագյուղ համայնքի ղեկավարից պատասխան գրություն չստանալու արդյունքում Տեսչական մարմինը օգոստոսի 14-ին երկրորդ գրությամբ է դիմել համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը և օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել և մինչ օրս մնացել է անպատասխան։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
15:36 - 15 սեպտեմբերի, 2020
Նախատեսվում է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ. գործի է դրվել հատուկ տեխնիկա

Նախատեսվում է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ. գործի է դրվել հատուկ տեխնիկա

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․ «Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները շարունակվում են: Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների»՝ 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները։ Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից: Մաքրման ենթակա տարածք է մինչեւ 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ՝ ճահճի վերածվել։ Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից ուղղված է Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը։ Հիշեցնեմ, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 140 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի նախատեսվել է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։ Այս պահին ամբողջությամբ մաքրված է շուրջ 50 հեկտար։ Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել լճի անխոչընդոտ առողջացումը։  Տեսանյութն արված է «Սևան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմանում»։
12:35 - 09 սեպտեմբերի, 2020
Սեւանա լճի 1905 մետրից ցածր շինությունների սեփականատերերին ծանուցում է ուղարկվել, որպեսզի իրենք քանդեն այն |armtimes.com|

Սեւանա լճի 1905 մետրից ցածր շինությունների սեփականատերերին ծանուցում է ուղարկվել, որպեսզի իրենք քանդեն այն |armtimes.com|

armtimes.com: Սեւանա լճի բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում սահմանված նիշից (1905 մետր) ցածր գտնվող բոլոր շենք-շինությունների սեփականատերերին «Սեւան ազգային պարկ»-ի կողմից ծանուցում է ուղարկվել, որ պարտավոր են նիշից ցածր գտնվող իրենց սեփականության կամ տիրապետության տակ գտնվող շենք-շինությունը քանդել։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Սասուն Միրոյանը լուսանկար էր տեղադրել իր էջում՝ գրելով, որ ապամոնտաժվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան այն հատվածները, որոնք նիշից ներքեւ են գտնվում։ Դրանից հետո Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել էր, թե շինությունը քանդվում է Գասպարյանի ցուցումով՝ լողափի տարածքը բարեկարգելու համար։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ Գասպարյանի առանձնատան առափնյա մասն է 1905 մետր նիշից ցածր, ու այդ մի հատվածը անպայմանորեն ենթակա է քանդման: Ավելին՝ armtimes.com-ում
17:19 - 07 սեպտեմբերի, 2020
Ովքե՞ր կկարողանան սիգ որսալ Սևանա լճում.  արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը

Ովքե՞ր կկարողանան սիգ որսալ Սևանա լճում. արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը

Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախագծում իրականացված լրացումների համաձայն՝ այսուհետ Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։ Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։ Նոր լրացումներով թույլատրվելու է որսալ առնվազն 400 գրամ և ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն։Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։ Հիշեցնենք. այն ձկնորսները, որոնք չեն ցուցաբերել նախաձեռնություն հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ՝ արդյունագործական փորձարարական ձկնորսության ծրագրին մասնակցելու համար, և պայմանագիր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ հնարավորություն կունենան մինչև սեպտեմբերի 16-ը հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ՝ արդյունագործական որս իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Այնուհետ սահմանված ժամկետում պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ։Օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի առկայության դեպքում ձկնորսները կկարողանան մասնակցել Սևանա լճում առաջիկայում մեկնարկող սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության ծրագրին։Փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ սահմանվել է սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ։ Կարգի գործարկման պահից սկսած՝ յուրաքանչյուր քաղաքացի, որը Սևանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով։ Հավելեք նաև, որ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու և վերահսկվելու է Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա և ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։
15:58 - 07 սեպտեմբերի, 2020
Ձկնագողերը փորձել են ցանցով գողանալ Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ

Ձկնագողերը փորձել են ցանցով գողանալ Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ որոշ ձկնագողեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով։«Սևան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ՝ Կարճաղբյուրի ստորին հատվածներում, գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված և Սևանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի Գեղարքունի տեսակի, միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել սեփական շահերի համար։«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը սնվում է պետական բյուջեից։ Հիմնադրամի նպատակն է լճում վերականգնել գերորսի հետևանքով ոչնչացման եզրին հասած եզակի ձկնատեսակի կենսապաշարները, այն դեպքում, երբ որոշ շրջանակներ՝ օգտվելով համացանցում առկա տեղեկատվությունից, թիրախավորել են բացթողնման վայրն ու սեփական շահը պետական, հանրային, բնապահպանական շահից բարձր դասելով՝ փորձել են, փաստորեն, գողանալ ոչ թե պարզապես մանրաձուկը, այլ պետության ջանքը, լճի առողջացումը, Սևանի էկոհամակարգի վերականգնումը։«Սևան» ԱՊ-ի պահնորդական հատուկ ջոկատի հետևողական և հստակ մշակված գործողությունների արդյունքում ցանցավանդակը գտնվել և հեռացվել է։ Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում՝ կրկին բաց է թողնվել։«Սևան» ԱՊ-ի պահնորդներն իրականացնում և իրականացնելու են շուրջօրյա հերթապահություն, աչալրջորեն հսկում են իրենց վստահված տարածքները՝ նմանօրինակ զազրելի միջադեպերը կանխելու նպատակով։Դեպքի առթիվ «Սևան» ազգային պարկի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն»։
11:19 - 04 սեպտեմբերի, 2020
Սևանա լճում ստորջրյա հետազոտողները ափ են դուրս բերել մարդկային ոսկորներ և խորտակված նավակի բեկորներ |armenpress.am|

Սևանա լճում ստորջրյա հետազոտողները ափ են դուրս բերել մարդկային ոսկորներ և խորտակված նավակի բեկորներ |armenpress.am|

armenpress.am: Սևանա լճում իրականացվել են գիտական մակարդակով ստորջրյա հնագիտական հետախուզական աշխատանքներ. սուզորդները լճի հատակին փաստագրել են խորտակված նավակի պահպանված հատված, որոշ բեկորներ դուրս են բերել ափ։ Արտաքին զննությամբ՝ բեկորներից մեկի վրա պահպանված գամը՝ նման չէ գործարանային արտադրանքի, ավելի հավանական է, որ այն դարբնի աշխատանք է. հնարավոր է այն ունի մի քանի հարյուրամյա պատմություն։ Հնագետների, երկրաբանների արշավախմբի և «ԱրմԴայվինգ» ակումբի սուզորդների համատեղ նախաձեռնությամբ կատարված հետազոտական աշխատանքի արդյունքում ափ են դուրս բերվել մարդկային մի քանի ոսկորներ, ստորին ծնոտ՝ պահպանված ատամներով, որոնք, ըստ նախնական հետազոտության արդյունքների, հավանաբար պատկանել են չափահաս տղամարդու։  Արշավախումբն ավելի վաղ պեղումներ է իրականացրել Սևանա լճին մոտ գտնվող «Արտանիշ 23» դամբարանադաշտում, այն թվագրվում է մ.թ.ա. 12-6-րդ դարեր: Առաջին անգամ Արտանիշ գյուղում հնագիտական պեղումներ իրականացվել են անցած տարի նույն արշավախմբի նախաձեռնությամբ. «Արտանիշ 29» և «Արտանիշ 23» դամբարանադաշտերի տարածքում պեղվել էր մեկական դամբարան։ «Թաքնված և ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով» ծրագրի (ղեկավար՝ երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյան) մասին խոսելիս արշավախմբի անդամ, մասնագիտությամբ հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը մանրամասնեց՝ այս մեթոդը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում։ Նախկինում հանքեր գտնելու համար կիրառվել է միայն Անգլիայում։ Մեխանիզմը հետևյալն է՝ ոչ մեծ քանակության հողի նմուշից կարողանում են որոշել, թե տվյալ հատվածում հողի տակ ինչ տեսակի մետաղ կամ օրգանական նյութ կարող է լինել։ Ֆոսֆորի մեծ քանակությունը կարող է հուշել տվյալ տարածքում հողի տակ մարդկային կամ կենդանական ոսկորների կուտակումների մասին։ «Նախորդ տարի հնավայրից վերցված հողային նմուշառումով երկրաբանական մեթոդիկայի կիրառմամբ, երկրաբան-գործընկերների կողմից փաստվել էր ֆոսֆորային պիկ (կուտակում). պեղումների արդյունքում բացվել է դամբարան, որտեղ ժամանակին խմբային թաղում է իրագործված եղել։ Խոսելով դամբարանը կառուցած հնահանրության թաղման ծեսի մասին, կարող ենք մանրամասնել, որ այդ ժամանակաշրջանի մարդկանց բնորոշ է եղել, բացի մահացած մարդկանցից, դամբարանի խցում տեղադրել նաև ուղեկցող գույք՝  խեցանոթներ (երբեմն դատարկ, որոշ դեպքերում լցված որոշակի ուտելիքներով), տարատեսակ մետաղե (ոսկի, արծաթ, բրոնզ և այլն) պերճանքի առարկաներ՝  զարդեր, ուլունքներ, ինչպես նաև տղամարդկանց պարագայում զենքեր, որոնք բավականին լավ են պահպանվում» - հավելեց մարդաբան Հասմիկ Սիմոնյանը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:54 - 31 օգոստոսի, 2020
Սևանի ափին առաջին անգամ գործարկվել է իշխանի տեսակավորման սարքը․ փոխնախարարները Գեղարքունիքի մարզում էին

Սևանի ափին առաջին անգամ գործարկվել է իշխանի տեսակավորման սարքը․ փոխնախարարները Գեղարքունիքի մարզում էին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը այցելել են Գեղարքունիքի մարզում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում ստեղծված ձկնաբուծական տնտեսություն։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Սևանի էնդեմիկ՝ Գեղարքունի և ամառային իշխան ենթատեսակների բուծման, պահպանման և վերարտադրության գործընթացին։ Շրջայցի ընթացքում փոխնախարարները դիտարկել են Սևանա լճում տեղադրված իշխանի աճեցման ցանցավանդակները, որտեղ իշխանի մանրաձկից արտադրվում է արդյունաբերական ձուկ, հետևել են ձկների կերակրկման գործընթացին, ծանոթացել տնտեսությունում ներդրված սարքավորումներին։ Այնուհետև փոխնախարարների ներկայությամբ ափամերձ տարածքում առաջին անգամ գործարկվել է ձկների ավտոմատ տեսակավորման սարքավորումը, որի միջոցով հնարավոր է կազմակերպել ձկների տեսակավորում ըստ քաշի և տեղափոխում ցանցավանդակների միջև: «Արտահանման նպատակով ձկան տեսակավորման գործընթացն իրականացվում է առաջին անգամ է․ այստեղ ենք՝ հետևելու գործընթացին։ Այդ սարքավորումը եզակի է Հանրապետությունում և տարածաշրջանում, որը հնարավորություն է տալիս տեղում բուծման և արդյունագործական նպատակով ըստ քաշերի տեսակավորել ձուկը», - նշել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։ Միաժամանակ նա հավելել է, որ Սևանի իշխանը հիմնականում արդյունահանվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԱՄՆ։      Այցի ընթացքում ներդրված սարքավորման միջոցով տեսակավորվեց շուրջ մեկ տոննա ապրանքային ձուկ, որը կիրառվելու է արտահանման նպատակով՝պատվիրատուին ըստ իր պահանջի համապատասխան քաշի ձուկ մատակարարելու համար։    Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման նկատառումով ձկնաբուծարանում բուծվող ձուկը մասամբ բաց է թողնվում լիճ, իսկ մյուսը մասն օգտագործվում է վերամշակման նպատակով։ Դրանով իսկ էնդեմիկ այս ձկնատեսակների բուծումը ձեռք է բերում ոչ միայն բնապահպանական, այլև արդյունագործական կարևոր նշանակություն։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը նշել է, որ տնտեսությունում բուծվում է մոտ 220 տոննա Գեղարքունի և ամառային բախտակ ենթատեսակի ձուկ։ Նա ընդգծել է, որ տեսակավորման սարքի գործարկման և աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման շնորհիվ տնտեսությունում հաջողվել է հասնել ավելի բարձր արդյունքների։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ներքին շուկայում իշխանի իրացման ծավալը կկրկնապատկվի, իսկ գինն աստիճանաբար կնվազի։ 2019 թվականին հանրապետությունից արտահանվել է շուրջ 6000 տոննա ձուկ և ձկնամթերք և, չնայած համաճարակային ներկա իրավիճակին, այս պահի դրությամբ արտահանման ծավալները չեն զիջում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին։ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ Հանրապետությունում աստիճանաբար ավելանում են նաև այլ ձկնամթերքի, այդ թվում՝ խավիարի արտահանման ծավալները, որոնց ցուցանիշը 2019 թվականին կազմել է շուրջ 350 տոննա, մեծացել է նաև արտերկրում հայկական խավիարի պահանջարկը։ Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերին ու պետական աջակցության շրջանակում իրականացվող միջոցառումներին, քննարկվել են ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև ձկնաբուծարանի զարգացման հեռանկարային ծրագրերը։
11:11 - 25 օգոստոսի, 2020
Սևանի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինություններ ապամոնտաժումը գործնական փուլում է

Սևանի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինություններ ապամոնտաժումը գործնական փուլում է

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․   «Սևանի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինություններ ապամոնտաժումը գործնական փուլում է։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ «Սևան» ազգային պարկ» այցի ժամանակ տեղում վերհանվեց ափամերձ հատվածի ապօրինի կառուցապատման դեպք․ Սևանի Թերակղզու կենտրոնական հատվածում, նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարհից ձախ լճափնյա մասում տարածքի հողօգտագործողն ինքնակամ տեղադրել էր երկաթյա կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարան։   Նախարարը կարգադրեց ստուգել համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայությունն ու իրավախախտումներին շուտափույթ լուծում տալ՝ ամենասեղմ ժամկետներում ափամերձ հատվածն ազատելով ապօրինի կառույցից։ Այս պահին ապօրինի տաղավարի ապամոնտաժումն ընթացքի մեջ է։ Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։ Ստուգայցերն ու դիտարկումները կրում են պարբերական բնույթ, ապօրինի և օրենքի խախտմամբ կառուցված յուրաքանչյուր շենք-շինություն ու տաղավար կապամոնտաժվի՝ օրենքով սահմանված կարգով։ Պահպանե՛նք մեր ազգային հարստությունը»։
11:01 - 25 օգոստոսի, 2020