Փաստերի ստուգում

Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Փաշինյանը, իրականությանը չի համապատասխանում

Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Փաշինյանը, իրականությանը չի համապատասխանում

Նախօրեին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման տաղավարում «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների, Փաշինյան-Էրդողան, Փաշինյան-Ալիեւ բանակցությունների մասին, ասել է․ [20:26] «Վերջերս լուրեր գնաց, որ Կարս քաղաքում պետք ա տեղի ունենա հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի [միջեւ]։ Հիմա տրամաբանական հարց․ էս ստացվում ա, որ դուք կատարել եք Թայիփ Էրդողանի ասածները, եւ նա ձեզ ընդունում ա, ընդ որում՝ Կարս քաղաքում, եւ էդ Կարս քաղաքում պատրաստվում ա մի փաստաթուղթ ստորագրվել՝ հաշտության պայմանագիր, որով իբր Հայաստանը ոչ մի պահանջ չունի Թուրքիայի հանդեպ»։ Ավետիսյանի պնդումները, սակայն, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում։ Բանն այն է, որ լուրեր չեն շրջանառվել, թե Փաշինյանն ու Էրդողանը հանդիպելու են Կարսում։ Թեեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Կարս քաղաքի մասին հիշատակում իրականում եղել է․ մասնավորապես, հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս տարվա օգոստոսի 11-ին հաղորդել էին [1, 2], որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական՝ հինգերորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, Կարս քաղաքում։  Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը նույն օրը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել էր, որ այդ պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա, եւ որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին իրենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում են։  Այդ մեկնաբանությունից հետո Կարսում հանդիպում անցկացնելու հավանականության մասին այլ լուրեր չեն տարածվել, համենայն դեպս հայկական մեդիատիրույթում։ Իսկ Փաշինյան-Էրդողան՝ Կարսում կայանալիք հանդիպման մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Քննարկումները եղել են այն կոնտեքստում, որ հանդիպումները կարող են անցկացվել կամ Հայաստանում, կամ Թուրքիայում։ Թեեւ այս առնչությամբ էլ հարկ է նշել, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հերքել է թուրքական «Սաբահ» պարբերականի տեղեկությունը, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում կողմերի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը մինչ այժմ չորս հանդիպում են ունեցել՝ առաջինը Մոսկվայում, մյուսները` Վիեննայում․ վերջին հանդիպումը եղել է հուլիսի սկզբին։ Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, թեեւ մինչեւ հիմա ո՛չ Երեւանը, ո՛չ Անկարան չեն նշել, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունը: Իսկ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են միայն մեկ անգամ՝ Չեխիայում, որտեղ էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։ Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Այսպիսով, Կարսում հայ ու թուրք պաշտոնյաների հանդիպման հավանականության մասին լուրերը շրջանառվել են ոչ թե վերջերս, այլ ամիսներ առաջ՝ օգոստոսին։ Դրանց մասին սկզբում գրել են թուրքական աղբյուրները, լուրերը հրապարակվել են նաեւ հայկական աղբյուրներում, սակայն պաշտոնական գերատեսչությունների ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀ ԱԳՆ խոսնակն ու ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, առնվազն պաշտոնապես չեն հաաստատել այդ տեղեկությունները։ Բացի դրանից՝ որեւէ տեղեկություն չի շրջանառվել այն մասին, թե Կարսում հանդիպելու են Էրդողանն ու Փաշինյանը, դրա վերաբերյալ այժմ էլ չկա նախնական պայմանավորվածություն։ Ինչ վերաբերում է հնարավոր ստորագրվելիք փաստաթղթին, ապա որեւէ կոնկրետ փաստաթղթի եւ դրա բովանդակության մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Այսպիսով, «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի պնդումը, թե վերջերս լուրեր են շրջանառվել, որ Կարսում պետք է հանդիպեն Էրդողանն ու Ալիեւը, իրականությանը չի համապատասխանում։ Հայարփի Բաղդասարյան
21:43 - 10 նոյեմբերի, 2022
Նարեկ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Նարեկ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին, 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման հյուրն էր «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։ Հաղորդավարը՝ Դերենիկ Մալխասյանը, այսպիսի հարց է հնչեցնում․ [12:42] «Հիմա՝ իշխանություններից ազատվելու, իշխանափոխության մասին․ «Դիմադրության» շարժումը բավականին տեւական ժամանակ այդ օրակարգով հրապարակում էր, հունիսի 3-ին տեղի ունեցավ այն, ինչը շատերը տեսան եւ համոզվեցին, որ իշխանությունը պատրաստ է ճգնաժամային պահին կրակել, բիրտ ուժ կիրառել, ցրել ժողովրդին, եւ կրկին շատերը մտածեցին, որ սահմանադրական ճանապարհը կամ այն ճանապարհը, որով հանրային ճնշման միջոցով պետք է իշխանություն փոխվի, ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանութան, այդ ճանապարհը հենց Նիկոլ Փաշինյանը փակում է ընդդիմության առաջ՝ պատրաստ լինելով կրակելու։ Հիմա, Ձեր կարծիքով, պատային վիճակ չի՞ ստացվում այս առումով»։ Նարեկ Մանթաշյանն այս հարցին այսպես է արձագանքում․ [13:28] «Էն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր կրակելու, եթե ոմանք համոզվել են հունիսի 3-ին, ես դրանում համոզվել եմ շատ ավելի վաղուց, երբ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներից մեկում նա բացեիբաց հայտարարեց, որ «ես պատրաստ եմ ընդդիմության որեւէ հավաք կամ, էսպես, բարձրացրած ձայն տանկերի մամլիչների տակ ճզմելու․․․»»։ Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացնում Փաշինյանի խոսքերը։ Այսպես, վերջինս նշում է, որ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցներից մեկում ասել է «ընդդիմությանը տանկերով ճզմելու պատրաստակամության մասին»։ Խոսքը 2019 թվականի հունիսի 3-ի հարցազրույցի մասին է, որի ժամանակ Փաշինյանը, ի թիվս այլնի, խոսում է հայաստանյան ժողովրդավարությունից, դատաիրավական համակարգի բարեփոխումներից, անդրադառնում նաեւ ընդդիմադիրների քննադատություններին, այդ թվում այն պնդումներին, որ Ռոբերտ Քոչարյանը, որն այդ ժամանակ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում կալանավորված էր, քաղբանտարկյալ է։ Մասնավորապես, մեկնաբանը՝ Հրայր Թամրազյանը, դիմելով Փաշինյանին՝ ասում է․  [45:44] «Պարո՛ն վարչապետ, հիմա, այ դուք, իբրեւ, լինելով նախկին քաղբանտարկյալ, ավելի քան երեքուկես տարի բանտում եք եղել, եւ հիմա ինչպե՞ս կմեկնաբանեք Քոչարյանի այն պնդումները, թե ինքը քաղբանտարկյալ է»։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասում է․ [46:02] «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես էսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան քաղաք եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում տանկերի թրթուրների տակ ճզմել։  Եթե ես իրավունք ունեմ զինված ուժերի, տանկերի թրթուրների տակ ճզմել ընդդիմությանը․․․ Եթե ես իրավունք չունեմ էդպիսի բան անելու, ես ասելով՝ որեւէ մեկը իրավունք չունի էդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել։ Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ Հայաստանում տենց ա, մեր մոտ, երբ որ հանկարծ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կհավաքենք, կմտցնենք Երեւան քաղաք՝ դե եկեք-վերցրեք իշխանությունը, տեսնեմ՝ ոնց եք վերցնում»։ Փաշինյանն, ըստ ամենայնի, տանկերը Երեւան մտցնելու այս դրվագը նկարագրում է՝ նկատի ունենալով 2008թ․ մարտիմեկյան դեպքերը, որոնց ժամանակ մայրաքաղաքում մարտական զրահամեքենաների առկայության վերաբերյալ տեղեկություններ կան, համացանցում պարզ որոնմամբ էլ կարելի է գտնել մայրաքաղաքի կենտրոն բերված զրահամեքենաների, բայց ոչ տանկերի կադրեր։ Թեեւ տարբեր գործիչներ, եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը, տարբեր տարիների իր ելույթներում խոսել է «ժողովրդի ընդվզումը տանկերի թրթուրների տակ ճզմելու» մասին։ Որպես օրինակ՝ 2014 թվականին Ազգային ժողովում Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նիստի ժամանակ իր ելույթում [2:44] Փաշինյանն ասել է․ «2008 թվականի Մարտի 1-ը ժողովրդական ընդվզման լուսավոր մի օր էր, որ իշխանությունը ճնշեց տանկերի թրթուրների տակ»։Կամ մեկ այլ օրինակ՝ պատերազմից հետո՝ 2021թ․ մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր հրավիրել՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի և ներքաղաքական իրավիճակի լուծման ուղիների շուրջ: Այդ օրն իր ելույթում Փաշինյանն ասել է․ «[․․․] Գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում՝ այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանի Հանրապետությունը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ[...]»։ Այսպիսով, Նարեկ Մանթաշյանը, փաստացի, կոնտեքստից կտրված է ներկայացնում Փաշինյանի մեկնաբանությունը՝ ներկայացնելով, թե նա ասել է, որ «պատրաստ է ընդդիմությանը ճզմել տանկերի տակ»։ Այնինչ Փաշինյանը իր տեսանկյունից զուգահեռ է անցկացրել Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու եւ ընդդիմությանը տանկերով ճզմելու կարելիության միջեւ՝ ինքն էլ ընդգծելով, թե «որեւէ մեկն իրավունք չունի այդպիսի բան անելու»։ Ի հիշեցում՝ այս տարվա հունիսի 3-ին, «Դիմադրություն» շարժումը երթ էր անում, եւ երբ երթը հասել էր կառավարական առանձնատների մոտ եւ փորձում էր շարժվել դեպի խորհրդարանի շենք, բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ, որոնց հետեւանքով տասնյակ վիրավորներ եղան եւ ոստիկանների, եւ ակցիայի մասնակիցների շարքերից։ Բախումների ժամանակ ոստիկանությունն օգտագործեց լուսաձայնային նռնակներ։ Հունիսի 3-ի բախումների քրոնիկոնը մանրամասն ներկայացրել են fip.am-ի մեր գործընկերները։ Հայարփի Բաղդասարյան
12:28 - 10 նոյեմբերի, 2022
Վիգեն Սարգսյանն ու կինը Բելմոնտ քաղաքում իսկապես առանձնատուն են ձեռք բերել․ Արման Բաբաջանյանը ճիշտ է

Վիգեն Սարգսյանն ու կինը Բելմոնտ քաղաքում իսկապես առանձնատուն են ձեռք բերել․ Արման Բաբաջանյանը ճիշտ է

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մի փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով, թե այդ փաստաթուղթն ապացուցում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այս տարվա մայիսին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ավելի քան 2 մլն դոլարով առանձնատուն է ձեռք բերել։ «Վիգեն Սարգսյանն ու նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը, միասին արդեն բնակվում են նոր 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատանը»,- նշել էր Արման Բաբաջանյանը։ Արման Բաբաջանյանն այլ մանրամասներ չէր ներկայացրել, իսկ կից փաստաթղթից պարզ են դառնում այն մարդկանց անունները, որոնցից պաշտպանության նախկին նախարարը ենթադրաբար գնել է առանձնատունը։ Այսպիսով, ըստ Բաբաջանյանի հրապարակած փաստաթղթի, առանձնատունը պատկանել է Ջուլիեն և Նիսսիա Գրատիերներին։ Google Maps-ից տեղեկանում ենք, որ Բաբաջանյանի նշած հասցեում իրոք առանձնատուն կա։ Բեմլոնտ քաղաքի պաշտոնական կայքից էլ իմանում ենք, որ 2021-ի տվյալներով նշված անձինք իրոք գրանցված են եղել այս հասցեում (տե՛ս 5-րդ և 23-րդ էջերը)։ Անշարժ գույքի մասին տեղեկություններ պարունակող տարբեր կայքերում նշվում է, որ այս առանձնատունը վերջին անգամ վաճառվել է 2022 թ․ մայիսի 20-ին 2 050 000 ԱՄՆ դոլարով (zillow.com, realtor.com, compass.com): Առանձնատունը վերևից և ներսից, լուսանկարները՝ compass.com-ից Իսկ Մասաչուսեթսում անշարժ գույքի գործարքների մասին տեղեկություններ պարունակող Banker & Tradesman կազմակերպության կայքից իմանում ենք առանձնատան վաճառքի մասին այլ մանրամասներ։ Այս տարվա հունիսին հրապարակված զեկույցում Banker & Tradesman-ը նշում է, որ Գրատիեր ամուսինները 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատունը վաճառել են Վիգեն Սարգսյանին և Լուսինե Գալաջյանին  (տե՛ս էջ 29)։ Առանձնատան գինն ու վաճառքի ամսաթիվը նույնն են, ինչ վերը նշված կայքերում։ Այսպիսով, բաց և հասանելի տվյալներն ապացուցում են, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու նրա կինն ԱՄՆ-ում՝ Բեմլոնտ քաղաքում, առանձնատուն են ձեռք բերել։ Գլխավոր լուսանկարը՝ compass.com-ի Աննա Սահակյան
17:18 - 26 հոկտեմբերի, 2022
QS World University Ranking-ում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են․ Բաբկեն Թունյանը սխալվում է

QS World University Ranking-ում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են․ Բաբկեն Թունյանը սխալվում է

Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի հայտնի բուհերը տեղ չեն գրավում «անգամ աշխարհի լավագույն բուհերի ոչ թե հազարյակում, այլ տասըհազարյակում»։ Պատգամավորը, սակայն, սխալվում է, որովհետև կան 1500-2000 հաստատություն ներառող վարկանիշային ցանկեր, որտեղ Հայաստանյան որոշ բուհեր ներառված են։ ԱԺ այսօրվա նիստի ընթացքում քննարկվող հարցերից էր Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Նախագծի քննարկման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին։ Թունյանը հարցի ընթացքում այսպիսի միտք արտահայտեց․ «Բուհերի միավորման հետ կապված այս վերջին պատմությունները որ եղավ, ես, անկեղծ ասած, չգիտեի, էդ ժամանակ իմացա, որ մեր էն բոլոր հայտնի բուհերը, որոնք մենք համարում ենք առաջատար, տեղ չեն գրավում անգամ աշխարհի լավագույն բուհերի ոչ թե հազարյակում, այլ տասհազարյակում»։  Իրականում, սակայն, Երևանի պետական համալսարանն (ԵՊՀ) ու  Հայ-ռուսական համալսարանն ընդգրկված են QS World University Ranking-ում։ Այս վարկանիշային ցանկը ներառում է 1500 կրթական հաստատություն, իսկ ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը գտնվում են 801-1000 դիրքում։ Այս հարցին Infocom-ն անդրադարձել էր դեռ օրեր առաջ, երբ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի ընթացքում բանավեճ էր սկսվել հայաստանյան բուհերի վարկանիշների վերաբերյալ։ Մենք ներկայացրել էինք, որ հայաստանյան ոչ մի բուհ ընդգրկված չէ Շանհայի վարկանիշային ցանկում։ Սակայն հայաստանյան տարբեր բուհեր ընդգրկված են վարկանիշային այլ ցանկերում։ The Times Higher Education-ի վարկանիշային ցանկում, օրինակ, ներառված է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը․ այս ցանկը ներառում է 1799 հաստատություն։ Ավելի քան 30 000 հաստատություն ներառող Webometrics-ի ցանկում էլ ԵՊՀ-ն, օրինակ, 3050-րդ տեղում է, Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ 4375, Հայ-ռուսական համալսարանը՝ 5011 (հայաստանյան այլ բուհեր կարող եք գտնել այստեղ)։ Այսպիսով, 1500 հաստատություն ներառող QS World University Ranking վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են։ Այլ ցանկերում ևս ներառված են հայաստանյան մի քանի բուհեր, որոնք ամենևին էլ տասըհազարերորդական տեղերում չեն։   Գլխավոր լուսանկարը՝ Sputnik-ի Աննա Սահակյան
15:41 - 25 հոկտեմբերի, 2022
ԵՄ քաղաքացիական առաքելությունների փորձը․ Վրաստան, նախկին հարավսլավական հանրապետություններ և այլ տարածաշրջաններ

ԵՄ քաղաքացիական առաքելությունների փորձը․ Վրաստան, նախկին հարավսլավական հանրապետություններ և այլ տարածաշրջաններ

Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունն արդեն  Հայաստանում է։ Խումբը բաղկացած է մոտ 40 հոգուց և Հայաստանում է լինելու առնվազն երկու ամիս ժամկետով։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում  տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության էին եկել հայ-ադրբեջանական սահման ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցում։  Ըստ հայտարարության՝ Հայաստանը նախապես համաձայնել էր առաքելությանը, իսկ Ադրբեջանը համաձայն է «համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա»։ Հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ առաքելությունն իրականացվելու է Հայաստանի տարածքից։  ԵՄ միջնորդությամբ երկու երկրների համաձայնության հասնելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 5-ին, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանը դեմ էր առաքելությանը։ «Ուրիշ ի՞նչ եք ուզում, որ մենք անենք։ Մենք չենք պատրաստվում ԵՄ զորքեր ուղարկել առանց երկու կողմերի համաձայնության»,- հայտարարել էր Բորելը։ Բորելն անդրադարձել էր նաև ԵԱՀԿ առաքելության՝ տարածաշրջան ուղարկվելու հնարավորությանը՝ նշելով, որ առավելագույնը, որ ԵՄ-ն կարող է անել, միջնորդի դեր ստանձնելն է մինչև ԵԱՀԿ առաքելությունը կգնա տարածաշրջան, ինչը չի լինի, եթե երկու երկրներն էլ չցանկանան։   Հոկտեմբերի 18-ին՝ Նորվեգիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում ԵԱՀԿ առաքելության տեղակայման որոշումը սպասվում է մոտ ապագայում։  Եվրոպական միությունը արդեն փորձ ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում, քաղաքացիական առաքելություն իրականացնելու։    Քաղաքացիական և ռազմական առաքելություններ Եվրոպական միությունը կարող է իրականացնել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական առաքելություններ, ինչպես նաև ռազմական գործողություններ։  Առաքելությունների մասին որոշումները կայացնում է Արտաքին գործերի խորհուրդը։ 2003 թվականից սկած՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր ռազմավարության հաստատումից հետո,  Եվրոպական միությունն իրականացրել է 37 առաքելություն, որից 18-ը հիմա ընթացքի մեջ է։  Ընթացիկ առաքելություններից 11-ը քաղաքացիական է, 7-ը՝ ռազմական։ ԵՄ-ը քաղաքացիական և ռազմական առաքելություններ ունի ռազմական կոնֆլիկտ ունեցող մի շարք երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Լիբիան, Պաղեստինը, Վրաստանը, Կոսովոն և այլն։  Քաղաքացիական առաքելությունների անդամները զինված չեն, ուղարկվում են աջակցելու հակամարտությունների կարգավորմանը, սահմանների անվտանգությանը, անվտանգային ռեֆորմներին և այլն։ Ռազմական առաքելությունների դեպքում ուղարկվում է զինված անձնակազմ դասընթացների, ռազմական գործողությունների և այլ նպատակներով։ ԵՄ գործող ռազմական առաքելություններից մեկի նպատակն, օրինակ, ծովահենների դեմ պայքարն է։ Եվրոպայի տարածքում ԵՄ իրականացրած միակ ռազմական օպերացիան Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում է եղել 2004 թվականին՝ պարտադրելու համար շուրջ  9 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրի կետերի պահպանումը։ ԵՄ ռազմական առաքելությունների մեծամասնությունը ուսումնական է, հիմնականում՝ Աֆրիկյան երկրներում։  Հայաստան ուղարկվող առաքելությունը հաստատելուն զուգահեռ` ԵՄ-ն հաստատեց ավելի քան 15 000 ուկրաինացի զինվորականների վերապատրաստման առաքելությունը։   Վրաստան Վրաստան Եվրոպական միության՝ 200 հոգուց բաղկացած քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշում կայացվել է 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմից հետո՝ դիտարկելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ սահմանային հատվածը։ ԵՄ-ը միջնորդել էր պատերազմի ավարտը հայտարարող 6 կետից բաղկացած պայմանագիրը, որի՝ ԵՄ առաջարկած նախնական կետը նախատեսում էր նաև ԵՄ կամ ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ուղարկել տարածաշրջան, սակայն կնքված պայմանագրում այդ կետը բացակայում էր։  Ռուսաստանը համաձայնություն տվել էր առաքելության՝ բուֆերային գոտում կամ Վրաստանի տարածքում գտնվելուն․ ո՛չ Աբխազիայի և ո՛չ Հարավային Օսեթիայի իշխանությունները թույլ չեն տալիս առաքելությանն անցնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այսինքն՝ ԵՄ մանդատը գործում է միայն Վրաստանի տարածքում։ Այս առումով Վրաստանի առաքելությունը նմանություններ ունի Հայաստան ուղարկվելիք առաքելության հետ, որը գտնվելու է սահմանի միայն հայկական կողմում։  Ըստ հաղորդագրությունների՝ Վրաստանի ՊՆ-ը կատարել է սահմանամերձ շրջաններից ծանր զինտեխնիկայի դուրսբերման առաջարակը, մինչդեռ ռուսական կողմը չի արձագանքել դրան։ Այսինքն՝ ԵՄ առաքելությունը Վրաստանում միակողմանի է։  Մինչև 2008 թվականի առաքելության ուղարկումը ԵՄ-ը մեկ այլ առաքելություն էր ուղարկել Վրաստան 2005 թվականին՝ Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ առաքելության վրա վետո դնելուց հետո։ ԵՄ-ն ուղարկել էր երեք քաղաքացիական փորձագետների՝ սահմանային խնդիրների ուղղությամբ Վրաստանում աշխատելու համար․ ավելի մեծ առաքելություն ուղարկելուն դեմ էին արտահայտվել Իտալիան, Հունաստանը և Ֆրանսիան Ռուսաստանի առարկություններից հետո։  Ըստ ԵՄ պաշտոնական հաղորդագրությունների՝ առաքելության շոշափելի արդյունքներ գրանցելուն և խաղաղության հասնելուն խանգարում էին Ռուսաստանի ստեղծած խոչընդոտները, ինչպես օրինակ՝ ԵՄ պատվիրակությունների՝ Աբխազիայի և Օսեթիայի տարածք մուտքի արգելքը, զինատեսակների սահմանափակման մասին պայմանագիրը չկնքելը և այլն։    Նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետություններ Եվրոպական միության՝ շուրջ 16 տարի շարունակված և այժմ ավարտված առաքելություններից մեկը նախկին Հարավսլավիայի պետությունների տարածքում էր Սլովենիայի և Խորվաթիայի անկախության հռչակումից հետո, երբ Հարավսլավիայի ժողովրդական բանակը բախումներ սկսեց։ Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի և Նիդերլանդների միջնորդությամբ Սլովենիան համաձայնվեց կնքել պայմանագիր և թույլատրել առաքելություն ուղարկել, որը պիտի հետևեր հրադադարի ռեժիմի պահպանմանը և հարավսլավական բանակի՝ Սլովենիայի տարածքից դուրսբերմանը։ Հաջորդող տարիների ընթացքում առաքելությունը ընդլայնել էր գործունեության սահմանները նախկին Հարավսլավիայի մաս կազմող մյուս պետությունների տարածքում։    Սահմանային առաքելություններ ԵՄ քաղաքացիական առաքելությունների շարքում բավական շատ են սահմանների դիտարկման կամ սահմանային անվտանգության ապահովման առաքելությունները։ Այսպես, ուկրաինա-մոլդովական սահմանին ԵՄ սահմանապահ ծառայությունն իրականացնում է ԵՄ ստանդարտներին համապատասխան ծառայություն։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի ֆոնին ԵՄ-ը դիտորդական առաքելություն չի ուղարկել, սակայն 2014-ին ֆինանսավորել է ԵԱՀԿ առաքելությունը։ Այդ ժամանակ դիտորդներին գերի էին վերցրել Դոնեցկի և Լուգանսկի ուժերը։ ԵՄ առաքելությունն աջակցում է նաև Լիբիայի ցամաքային, օդային և ծովային սահմանների դիտարկմանն ու սահմանային ծառայության ռազմավարության մշակմանը։ Առաքելությունը կից է ՄԱԿ 2011 թվականին ստեղծված առաքելությանը և ստեղծվել է Լիբիայի կառավարության խնդրանքով՝ «աջակցելու անցումային իշխանություններին իրենց հետկոնֆլիկտային ջանքերում»։  Մինչև այս տարի ամառ գործում էր նաև Պաղեստինի տարածքում ԵՄ առաքելություն, որն աջակցություն էր ցույց տալիս պաղեստինյան իշխանություններին Պաղեստին-Իսրայել և Պաղեստին-Եգիպտոս սահմանահատումների և սահմանային այլ հարցերի շուրջ։ ԵՄ-ը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել 2005 թվականին սկսված առաքելությունը, եթե քաղաքական և անվտանգային իրավիճակը թույլ տա։ Գլխավոր լուսանկարը՝ Վրաստանում ԵՄ առաքելությունից Անի Ավետիսյան
15:52 - 21 հոկտեմբերի, 2022
Ինչպես են վարկանիշավորվում համալսարանները․ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի բանավեճի հետքերով

Ինչպես են վարկանիշավորվում համալսարանները․ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի բանավեճի հետքերով

Հոկտեմբերի 14-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստն էր, որին մասնակցում էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Նիստի ընթացքում Կարեն Թռչունյանի և բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի միջև բանավեճ սկսվեց։ Կարեն Թռչունյանը բերեց համալսարանների վարկանիշային ցանկերի օրինակներ՝ նշելով, որ դրանցից մեկում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն ավելի բարձր դիրքում է, քան Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Բուհի ռեկտորն էլ նշեց, որ այդ համեմատությունն արդարացի չէ։ Փորձել ենք հասկանալ, թե նախարարի տեղակալը վարկանիշավորման ինչ ցանկերի մասին է նշել, ինչպես են վարկանիշավորվում համալսարանները, և ինչ «ոչ արդարացի» համեմատության մասին է խոսում բուհի ռեկտորը։ Այսպիսով, Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ շրջանառվում է Բրյուսովի անվան պետական համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու նախագիծ։ Բրյուսովի անվան համալսարանում դեմ են նախագծին։ Բուհում գիտխորհրդի ընդլայնված նիստի ընթացքում խոսք գնաց Բրյուսով անվան և Մանկավարժական համալսարանների վարկանիշներից, և ԿԳՄՍ նախարարի տեղակալը, հնչող հարցերին ի պատասխան, նշեց․ «Ըստ QS, Շանհայի և Times Higher Education-ի վարկանիշավորման՝ ո՛չ դուք (Բրյուսովի անվան պետական համալսարանը- խմբ․) կաք, ո՛չ Մանկավարժականը։ Scopus-ի վարկանիշագիտատեղեկատվական շտեմարանում պատմության մեջ ընդհանրապես Բրյուսովը տպագրել է 18 հոդված, Մանկավարժականը՝ 198»։ Այնուհետև Կարեն Թռչունյանը բերեց վարկանիշային այնպիսի ցանկի օրինակ, որտեղ երկու բուհերն էլ կան․ «Եթե 30 հազար համալսարաններ կան աշխարհում, Webometrics-ում Բրյուսովը գտնվում է 12 873-րդ տեղում, եթե չեմ սխալվում, Մանկավարժական համալսարանը գտնվում է 8845-րդ դիրքում»։ Կարինե Հարությունյանը հակադարձեց․ «Ադ բոլոր վարկանիշավորման համակարգերում․․․ Մասնավորապես՝ Շանհայի վարկանիշավորման հայտնի համակարգն ընդհանրապես ունի այդպիսի գրառում, որ այնտեղ չեն վարկանիշավորում հումանիտար ուղղվածություն ունեցող բուհերը»։ Կարեն Թռչունյանն արձագանքեց՝ ոչ։  Կարինե Հարությունյանն էլ պատասխանեց․ «Այո՛, որովհետև իրենց մոտ տվյալները հիմնականում վերաբերում են բնագիտական ոլորտին, Նոբելյան և այլ մրցանակակիրներին, վերաբերում են Science և այլ ամսագրերում հրապարակված հոդվածների թվին։ Այս [Բրյուսովի անվան պետական] համալսարանը, բոլորն էլ գիտեն, որ լեզվական, հումանիտար, սոցիալական գիտությունների ոլորտում համալսարան է, և այդքան արդար չէ համադրել համալսարանը։ Իսկ Մանկավարժական համալսարանն ունի բոլոր բնագիտական ուղղվածությունների և մաթեմատիկական ուղղվածությունների մասնագետներ և աշխատակազմ։ Այդ համեմատությունն արդարացի չէ»։ Կարեն Թռչունյանն էլ հայտարարեց․ «Համեմատությունը շատ արդար է, և այդտեղ եթե կա QS վարկանիշավորման համակարգ, այնտեղ կան նաև social and humanitarian sciences [սոցիալական և հումանիտար գիտություններ] հատվածներ»։  Կարինե Հարությունյանի նշած չափանիշներն, իրոք, վերաբերում են Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկին (անգլ.՝ Academic Ranking of World Universities, ARWU) կամ Շանհայի վարկանիշային ցանկին։ ARWU-ն համալսարանների վարկանիշավորման համար սահմանել է չափանիշներ (օրինակ՝ կրթության որակ, հետազոտութունների արդյունքներ) և այդ չափանիշներին համապատասխան ցուցանիշներ։ Այդ ցուցանիշներն են համալսարանի շրջանավարտների և անձնակազմի ստացած Նոբելյան կամ Ֆիլդսյան մրցանակները (վերջին մրցանակը տրվում է մաթեմատիկոսներին), շատ հղումներ ունեցող հետազոտողոները, Science և Nature գիտական ամսագրերում հրապարակված աշխատությունները և այլն։  Կազմակերպությունը, սակայն, նշում է, որ հումանիտար և սոցիալական գիտությունների բնագավառում մասնագիտացված հաստատությունների համար, ինչպիսին է, օրինակ, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը, Science և Nature գիտական ամսագրերում հրապարակված աշխատությունների ցուցանիշը հաշվի չի  առնվում,  և այդ ցուցանիշի կշիռը տեղափոխվում է այլ ցուցանիշների: Հետաքրքր է, որ նույն Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոցը ներառված է Շանհայի վարկանիշային ցանկում, չնայած որ մասնագիտացած է հասարակական գիտություններում։ Շանհայի վարկանիշային ցանկում, սակայն, ո՛չ Մանկավարժական համալսարանը կա, ո՛չ էլ Բրյուսովի անվան համալսարանը, ինչպես նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։ Այս ցանկը ներառում է 1000 համալսարան, և այնտեղ ընդգրկված չէ հայկական ոչ մի բուհ։ Կարեն Թռչունյանի նշած վարկանիշավորման մեկ այլ կազմակերպություն՝ QS World University Ranking-ը, 6 ցուցանիշ է առանձնանցնում, որոնցով վարկանիշավորում է աշխարհի լավագույն համալսարանները։  Ակադեմիական հեղինակություն՝ համալսարաններում դասավանդման և հետազոտության որակը։  Գործատուի հեղինակություն․ ինչպե՞ս են հաստատությունները պատրաստում ուսանողներին հաջող կարիերայի համար, ո՞ր հաստատություններն են ապահովում առավել կոմպետենտ, նորարար և արդյունավետ շրջանավարտների: Պրոֆեսորադասախոսական կազմ/ուսանող հարաբերակցություն․ խոսքը մեկ ուսանողի հաշվով դասավանդողների թիվն է, և հաշվի է առնվում, թե ինչպես են հաստատություններն ուսանողների համար ապահովում դասախոսներին նշանակալից հասանելիություն: Հղումները ամեն ֆակուլտետի համար․ համալսարանի հետազոտությունների որակը չափվում է ամեն ֆակուլտետի հղումներով՝ հաշվի առնելով համալսարանի կողմից հինգ տարվա ընթացքում հրապարակված հոդվածների ակադեմիական հղումների ընդհանուր թիվը։ Արտասահմանյան ուսանողներ և դասախոսներ․ ըստ QS World University Ranking-ի՝ միջազգային հզոր հաստատություններն ապահովում են բազմազգ միջավայր։ Այս վարկանիշային ցանկում հայաստանյան բուհերից ներառված են Երևանի պետական և Հայ-ռուսական համալսարանները։ Ցանկը ներառում է մոտ 1500 համալսարան։ The Times Higher Education-ը ևս համալսարանները վարկանիշավորելիս հաշվի է առնում մի քանի ցուցանիշներ՝ ուսուցում, հետազոտություններ, գիտական հոդվածներին հղումներ, միջազգային ուսանողների և աշխատակիցների ներգրավում, միջազգային համագործակցություններ, բիզնես հատվածից ֆինանսների ներգրավում։ Այս վարկանիշային ցանկում հայաստանյան բուհերից կա միայն Պոլիտեխնիակական համալսարանը։ Ցանկում կա 1799 համալսարան։ Ինչ վերաբրեում է ԿԳՄՍ նախարարի տեղակալի նշած Webometrics-ին, ապա այնտեղ, իսկապես, կան և՛ Մանկավարժական համալսարանը, և՛ Բրյուսովի անվան համալսարանը։ Webometrics-ը նշում է, որ վարկանիշավորում է «աշխարհի բոլոր համալսարանները, ոչ թե միայն զարգացած աշխարհի մի քանի հարյուր հաստատություններ»։ «Միայն հետազոտությունների վրա հիմնված վարկանիշավորումները կողմնակալ են տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, հասարակական և հումանիտար գիտությունների նկատմամբ, առարկաներ, որոնք սովորաբար ներառում են ստանդարտ համալսարանի գիտնականների և ուսանողների կեսից ավելին: Webometrics-ը նաև անուղղակի կերպով չափում է այլ առաքելություններ, ինչպիսիք են դասավանդումը կամ, այսպես կոչված, երրորդ առաքելությունը՝ հաշվի առնելով ոչ միայն համալսարանի գործունեության գիտական ազդեցությունը, այլև տեխնոլոգիաների տրանսֆերի տնտեսական նշանակությունը, հանրության ներգրավվածությունը (սոցիալական, մշակութային, բնապահպանական դերերը) և նույնիսկ քաղաքական ազդեցությունը»,- նշում է կառույցը։ Այս վարկանիշային ցանկում Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանն, իրոք, 12873-րդ տեղում է, Մանկավարժականը՝ 8845 տեղում։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Երևանի պետական համալսարանը 3050-րդ տեղում է։   Աննա Սահակյան
14:17 - 19 հոկտեմբերի, 2022
Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է

Փաստաբանի և դատավորի վերաբերյալ գործը կաշառքի հետ առնչություն չունի․ «Արմենիա» ՀԸ–ն սխալվում է

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի եթերով երեկ երեկոյան լուր է հեռարձակվել՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական գործի վերաբերյալ, որում երկու սխալ տեղեկություն է եղել։ Հեռուստամեկնաբանը ասել է․ «Կաշառքի գործով ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կմնա ազատության մեջ․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը։ Նույն գործով անցնում է նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է»։ Իրականում, սակայն, փաստաբանի եւ դատավորի վերաբերյալ քրեական գործը առնչություն չունի կաշառքի հետ: Թեեւ գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն մինչ այս պահը չկա, եւ միակ հայտարարությունը, որ եղել է, պաշտպանական կողմինն է, սակայն վերջինս քանիցս հերքել է այդ լուրերը։ Մասնավորապես, կաշառքի հետ առնչության մասին մամուլը գրել է Ալեքսանյանի ձերբակալման հաջորդող ժամերին, սակայն կարճ ժամանակ անց նրա պաշտպան Գայանե Պապոյանը հերքել է այդ լուրը․ «Թեեւ նախազգուշացվել եմ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, սակայն ցանկանում ենք բոլորին տեղեկացնել, որ նախաձեռնված քրեական վարույթը կաշառքի հետ բացարձակ կապ չունի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։ ԶԼՄ–ների հետ ճեպազրույցում երեկ դա հերքել է նաեւ ինքը՝ Ալեքսանյանը․ «Լուրեր են պտտվում, թե իբրեւ ինձ առաջադրվել է մեղադրանք՝ ինչ–որ կաշառքի հետ կապված, եկեք ուղիղ ասեմ՝ դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ կաշառքի մեղադրանքի մասին խոսք չի գնում, չի էլ կարող գնալ, ինձ ճանաչող բոլոր մարդիկ շատ լավ գիտեն, որ ես կոռուպցիոն որեւէ գործի մեջ չեմ կարող ներգրավված լինել»,– ասել է փաստաբանը՝ մանրամասնելով, թե իր մեղադրանքը ինչ հանգամանքների է առնչվում։ Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։  Ինչ վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքին, ապա դա ոչ թե կալանավորման միջնորդության մերժման, այլ ձերբակալման ժամկետի ավարտով է պայմանավորված։ Բանն այն է, որ Ալեքսանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Նույն հոդվածի համաձայն՝ այդ հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տեւել 24 ժամից ավելի: Հետեւաբար, երեկ՝ հոկտեմբերի 18-ի կեսօրին, երբ լրացել է Ալեքսանյանի ձերբակալման ժամկետը, նա օրենքի ուժով ազատ է արձակվել։ Դրան զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, քննել է փաստաբանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը եւ ավարտելով այն՝ հեռացել առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը տեղեկացրել է, որ որոշման հրապարակման կոնկրետ ժամ դատարանը չի նշել։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ էլ փաստաբանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշում առկա չէ։ Հավելենք, որ այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Նրան կալանավորելու միջնորդության քննությունը եւս ավարտվել է․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 12։00-ին։ Մինչ այդ դատավորի ձերբակալման ժամկետը լրացել է, եւ նա եւս օրենքի ուժով ազատ է արձակվել։ Մենք փորձել ենք տեղեկություն ստանալ նաեւ պատկան մարմիններից, սակայն ԱԱԾ–ից մեր զանգերին չեն պատասխանել, իսկ Դատախազությունից առայժմ հրաժարվել են գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ։ ԼՐԱՑՈՒՄ․ Հոկտեմբերի 24-ին ԱԱԾ-ն դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով եւս հերքվել է կաշառքի հանգամանքը։   Միլենա Խաչիկյան
11:20 - 19 հոկտեմբերի, 2022
Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ

Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանին։  Հովակիմյանի թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման եւ քննադատության առիթ դարձան՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով։ Խոսքը նրա քաղաքական եւ կուսակցական գործունեության, օրենքի պահանջներին համապատասխանել-չհամապատասխանելու եւ իր իսկ քվեարկությանը անձամբ մասնակցելու մասին է։ Infocom-ն ամփոփել է, թե օրենսդրական ինչ նախապատրաստությամբ եւ էթիկական ինչ խախտմամբ է Հովակիմյանը ընտրվել ԿԸՀ նախագահի պաշտոնում։ ԿԸՀ-ն անկախ մարմին է, Հովակիմյանը՝ քաղաքականացված անձ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Համանման կարգավորում առկա է նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում, որի 39-րդ հոդվածի համաձայն՝ ԿԸՀ անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ եւ չի ներկայացնում իրեն նշանակողին: Նա չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Թեեւ օրենքի տեքստը հենց ԿԸՀ անդամի, ոչ թեկնածու մասին է, սակայն հասկանալի է, որ քաղաքականացված գործունեությամբ աչքի ընկած թեկնածուի հետագա գործունեության օբյեկտիվությունն ու անաչառությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկածի տեղիք տալ։  Վահագն Հովակիմյանի գործունեությունը առավելապես կապված է եղել հենց իշխող քաղաքական ուժի հետ։ Ըստ պաշտոնական կենսագրության՝ 2012-2015թթ. նա եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը, 2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետը, իսկ 2016 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, իսկ 2021 թ․ հունիսի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Այնուհանդերձ, իր ընտրությունից ընդամենը 4 օր առաջ, երբ պաշտոնապես հաստատվեց, որ ինքն է ԿԸՀ անդամի թեկնածուն, Հովակիմյանը հայտարարեց, որ դիմում է ներկայացրել ՔՊ կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ․ «Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլեւս դադարեցված է»,- գրեց նա՝ տեղեկացնելով, որ նույն օրը նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւ պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմումներ։ Ստացվում է, որ Վահագն Հովակիմյանի՝ կուսակցությունից դուրս գալու դիմումը ֆորմալ բնույթ է կրել՝ պայմանավորված սոսկ ԿԸՀ անդամի՝ օրենսդրական պահանջներին համապատասխանելու անհրաժեշտությամբ։ Ընտրական օրենսգիրքը փոփոխելով՝ համապատասխանեցվել է Հովակիմյանին Վահագն Հովակիմյանի ընտրությունից օրեր առաջ լրատվական կայքերից մեկը գրեց, որ նա չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պաշտոնին։ Որպես հիմնավորում՝ կայքը,  հղում տալով օրենքին, մեջբերեց մի նորմ, ըստ որի՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝  1) բարձրագույն իրավաբանական կրթություն եւ վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ. 2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան եւ վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ.  3) բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5  տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ  4) բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:  Ըստ կայքի՝ Հովակիմյանը միայն 2021-ին է ստացել իրավագետի որակավորում, երկու տարվա մասնագիտական ստաժ չի կարող ունենալ, չունի նաեւ գիտական աստիճան, հետեւաբար չի համապատասխանում այդ պաշտոնին։ Իրականում, սակայն, կայքի աչքից վրիպել է այն հանգամանքը, որ մեջբերված իրավակարգավորումը ամիսներ առաջ, երբ դեռ ոչ պաշտոնապես արդեն իսկ շոշափվում էր Հովակիմյանի անունը՝ որպես ԿԸՀ նախագահի թեկնածու, Խորհրդարանի կողմից փոփոխության է ենթարկվել։ Մասնավորապես, կրթական եւ մասնագիտական հիշյալ պահանջները նախատեսված են եղել 2016 թ․ մայիս ամսին ընդունված Ընտրական օրենսգրքով, սակայն 2022 թ․ հուլիսի ամսին ՔՊ խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Արթուր Հովհաննիսյանը հեղինակել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» մի նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկել են կրճատել ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները՝ դրանք վերաշարադրելով հետեւյալ կերպ․ «ԿԸՀ անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք»։ Նախագծի պատմության մեջ որպես այս փոփոխության հիմնավորում նշված է․ «Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է ԿԸՀ թեկնածուի համար պահանջվող չափանիշները: Միեւնույն ժամանակ Սահմանադրությամբ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար գործում են պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ինչպես նաեւ ամրագրված է, որ ԿԸՀ անդամների համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Ընտրական օրենսգրքի (42-րդ հոդված) գործող կարգավորումները ԿԸՀ անդամի թեկնածուների համար սահմանում  են լրացուցիչ պահանջներ, ինչի հնարավորությունը Սահմանադրությունը չի նախատեսում»:  Թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցումների ժամանակ նախագիծն ընդունվել է 66 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների արդյունքում, քվեարկությանը ներկա են եղել միայն իշխանական պատգամավորները, քանի որ ընդդիմադիրներն այդ ժամանակ արդեն իսկ բոյկոտում էին ԱԺ նիստերը՝ չմասնակցելով դրանց։ Ի դեպ, Վահագն Հովակիմյանն այդ քվեարկությանը նույնպես մասնակցել է՝ կողմ քվեարկելով առաջարկվող փոփոխությանը։ Հանրապետության նախագահը օրենքի փոփոխությունը ստորագրել է հուլիսի 20-ին, այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Այսպիսով, թեեւ ակներեւ է, որ օրենքի հիշյալ դրույթը փոփոխության է ենթարկվել ԿԸՀ նախագահի՝ իշխանությանը ցանկալի թեկնածուին՝ Վահագն Հովակիմյանին համապատասխանեցնելու համար, սակայն փաստ է, որ ընտրության պահին զուտ ֆորմալ առումով նա համապատասխանել է այդ պաշտոնին։  Հովակիմյանը սխալվում է․ նրա ընտրությունը կատարվել է օրենքի խախտմամբ Վահագն Հովակիմյանի ընտրության ամենավիճահարույց դրվագն այն էր, որ նա, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցեց իր քվեարկությանը՝ դրանով իսկ խախտելով օրենքի պահանջը։ Քվեարկությունից հետո, երբ «Ազատության» լրագրողը ԱԺ-ում փորձեց մեկնաբանություն ստանալ Հովակիմյանից՝ հետաքրքրվելով արդյո՞ք չի համարում, որ շահերի բախում է թույլ տվել, վերջինս պատասխանեց, թե «ԱԺ կանոնակարգ»-ը շահերի բախում տեսնում է, երբ օրենքների քննարկում է, որը անձի համար կարող է շահեկան լինել։ Հովակիմյանը, սակայն, սխալվում է․ պատգամավորի՝ շահերի բախում թույլ տալու դեպքերը սահմանված են ոչ թե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, այլ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով, որով էլ հստակ արգելք է նախատեսված պաշտոնի նշանակվելու դեպքում թեկնածուի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու համար։ Այսպես․ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը։ Նույն օրենքի 4-րդ հոդվածն էլ սահմանում է, թե ինչ է շահերի բախումը, եւ ինչ է նշանակում իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը։ Ըստ այդմ, դա, ի թիվս այլնի, նաեւ պատգամավորի կողմից քվեարկությանը մասնակցելն է, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ․․․ պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը, բացառությամբ  նույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների (խոսքը ԱԺ-ում պատգամավորի պաշտոնով պայմանավորված պաշտոնների մասին է), ինչպես նաեւ որպես ԱԺ-ի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածու՝ իր ելույթի: Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է ԱԺ-ի կամ իր անդամակցած հանձնաժողովի նիստում ելույթից կամ քվեարկությունից առաջ հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվում է հարգելի: Այսպիսով, իր իսկ քվեարկությանը մասնակցելով՝ այդ պահի դրությամբ պատգամավոր Վահագն Հովակիմյանը թույլ է տվել պատգամավորական էթիկայի խախտում։ Ընդ որում, նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ ԿԸՀ անդամը, ըստ Սահմանադրության 195-րդ հոդվածի, ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, որը 107 պատգամավորի դեպքում 65-ն է։ Այսինքն՝ Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազ 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է․ 107 պատգամավորներից քվեարկությանը միայն 65-ն է մասնակցել, 65-ն էլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ հոկտեմբերի 10-ին մի շարք ՀԿ-ներ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ խիստ անընդունելի է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրել է խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին, որը դեռեւս չսկսած իր պաշտոնավարումը, այս քվեարկությանը մասնակցելով` թույլ է տալիս շահերի բախում․ «Նման գործընթացով Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրելով` վտանգի տակ է դրվելու նոր ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկանիշը՝ անկախ մյուս անդամների աշխատանքի որակից, ջանասիրությունից եւ անկողմնակալությունից»: Հայտարարությամբ ՀԿ-ները նշել էին նաեւ, որ անհրաժեշտ են համարում դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին` ԱԺ պատգամավոր եւ ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանի կողմից հիշյալ օրենքով պատգամավորի շահերի բախմանն առնչվող պահանջների խախտման հարցը քննարկելու նպատակով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնելու կոչով։ Ի՞նչ է նախատեսում օրենքը պատգամավորական էթիկայի կանոնների խախտման դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորական էթիկայի կանոնների պահպանումը պատգամավորի պարտականությունն է։ Նույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ում կարող է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով, ի թիվս այլնի, պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ ԱԺ եզրակացություններ ներկայացնելու համար: Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է ԱԺ որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը: Պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ երկու ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկության դեպքում հարցի քննարկումն ավարտելու նպատակով ԱԺ որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ ամսով։ Հանձնաժողովի նիստերը փակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահի սահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, ինչպես նաեւ այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովը ընդունում է եզրակացություն, որը ԱԺ նիստում չի քննարկվում, տեղադրվում է ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում: Հավելենք, որ նախորդ շաբաթ՝ Վահագն Հովակիմյանի ընտրությունից եւ ՀԿ-ների դիմում-կոչից օրեր անց, Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱԺ 3 խմբակցություններին՝ խնդրելով հայտնել իրենց դիրքորոշումը Հովակիմյանի՝ իր իսկ քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկացնել՝ պատրաստվո՞ւմ են արդյոք ներկայացնել ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ։ Հարցման պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։   Միլենա Խաչիկյան
20:57 - 18 հոկտեմբերի, 2022
Հայտարարությունը ոչ թե Սերդար, այլ Աքիֆ Քըլըչինն է, իսկ «ֆուտբոլային դիվանագիտություն» ձևակերպումը՝ РИА-ինը

Հայտարարությունը ոչ թե Սերդար, այլ Աքիֆ Քըլըչինն է, իսկ «ֆուտբոլային դիվանագիտություն» ձևակերպումը՝ РИА-ինը

Երեկվանից հայաստանյան մի շարք կայքերում «Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ» վերնագրով նյութեր են տարածվում։ Նյութերի որոշ մասի գլխավոր լուսանկարում Ռուբեն Ռուբինյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչն են (7or.am, hayeli.am, armeniasputnik.am, mitk.am, yerevan.today, արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4, 5) Վերնագրի ու լուսանկարի այսպիսի համադրությունից տպավորություն է ստեղծվում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը «ֆուտբոլային դիվանագիտության» դիմելու մասին հայտարարություն է արել, սակայն նյութն ամբողջությամբ կարդալիս պարզ է դառնում, որ խոսքը Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաաթայ Քըլըչի մասին է։ Մի քանի այլ լրատվամիջոցների վերնագրերում շեշտվում է, որ խոսքը Աքիֆ Քըլըչի մասին է, և գլխավոր լուսանկարում Սերդար Քըլըչը չէ։ Որոշ լրատվամիջոցներ էլ նյութը հրապարակել են «Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ» վերնագրով՝ չհստակեցնելով, թե որ Քըլըչի մասին է խոսքը։ Հայաստանյան լրատվամիջոցների աղբյուրը РИА Новости-ն է, որը հղվում է թուրքական Star-ին։ РИА Новости-ն գրել է․ «Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»»։ Այնուհետև մեջբերվում են Աքիֆ Քըլըչի խոսքերը․ «2023-ի մարտի 25-ին Հայաստանում, սեպտեմբերին՝ Թուրքիայում տեղի կունենան երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումները (Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակում)։ Մեր հավաքականը կմեկնի այնտեղ, գուցե մենք ել գնանք: Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում էլ է դրական դինամիկա նկատվում։ Դա պետք է արվի առանց սադրանքների դիմելու»։ Թուրքական Star-ում, սակայն, նշված չէ, որ Աքիֆ Քըլըչը որևէ բան է ասել «ֆուտբոլային դիվանագիտության» մասին։ Star-ն, իր հերթին, հղում է անում թուրքական մեկ այլ լրատվամիջոցի՝ Sabah-ին, որն էլ հենց Աքիֆ Քըլըչի հետ հարցազրույց է անցկացրել։ Լուրի սկզբնաղբյուրում ևս «ֆուտբոլային դիվանագիտության» մասին ոչինչ չկա։ Ըստ Sabah-ի՝ թուրք պաշտոնյան նշել է միայն Հայաստանի և Թուրքիայի հավաքականների գալիք ֆուտբոլային հանդիպումների մասին․ «Հայտարարելով, որ մարտի 25-ին Հայաստանում, իսկ սեպտեմբերին Թուրքիայում կանցկացվի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղ, Քըլըչը ասել է․ «Մեր ազգային հավաքականը գնալու է այնտեղ (Հայաստան- խմբ․), գուցե մենք էլ գնանք։ Կարգավորման գործընթացը (հայ-թուրքական հարաբերությունների- խմբ․) դրական է ընթանում։ Ադրբեջանի հետ էլ է դրական։ Պետք է քայլեր անել՝ առանց սադրանքների դիմելու»»։ Այպիսով, «ֆուտբոլային դիվանագիտության» դիմելու մասին ձևակերպումը РИА Новости-նն է, իսկ հայաստանյան լրատվամիջոցներն այդ ձևակերպումը վերագրում են թուրք պաշտոնյային։ Բացի այդ՝ մի քանի լրատվամիջոցներ վերնագրում գրել են միայն պաշտոնյայի ազգանունը՝ Քըլըչ, և տեղադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի մասնակցությամբ լուսանկար՝ տպավորություն ստեղծելով, որ վերջինս է նման հայտարարություն արել։ Հավելենք, 2008 թ. հունիսի 23-ին՝ Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կհրավիրի Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: 2008թ. սեպտեմբերի 6-ին Աբդուլլահ Գյուլը ժամանել էր Երևան։ 2009թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանը և Թուրքիան Ցյուրիխում ստորագրել էին հարաբերությունների կարգավորման արձանագրություններ։ 2009թ. հոկտեմբերի 14-ին էլ Սարգսյանն էր Թուրքիա մեկնել՝ ֆուտբոլային խաղ դիտելու։ Ստորագրված արձանագրությունները, սակայն, այդպես էլ չվավերացվեցին երկու երկրների կողմից։ 2014-ին Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց․ «Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»:  Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի այս փուլն անվանվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» (մանրամասն կարող եք կարդալ Թաթուլ Հակոբյանի հոդվածում)։ Գլխավոր լուսանկարում՝ Աքիֆ Քըլըչը (լուսանկարը՝ Sabah-ից)   Աննա Սահակյան    
17:40 - 18 հոկտեմբերի, 2022
Ովքեր կարող են նախաձեռնել սանկցիաներ ԵՄ-ում. Բորելի խուսափողական պատասխանը մանիպուլյատիվ է

Ովքեր կարող են նախաձեռնել սանկցիաներ ԵՄ-ում. Բորելի խուսափողական պատասխանը մանիպուլյատիվ է

Հոկտեմբերի 5-ին Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Եվրոպական խորհրդարանի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում խուսափողական պատասխան տվեց Ադրբեջանի դեմ սանկցիաներ (պատժամիջոցներ) կիրառելու մասին հարցին։  Նա, մասնավորապես, նշեց, որ ԵՄ անդամ երկրներից որևէ մեկը դեռևս նման առաջարկ չի ներկայացրել։  «Սանկցիաները ԵՄ անդամ երկրների գործն են»,- հայտարարեց Բորելը։    Ինչպես են ընդունվում ԵՄ սանկցիաները Ժոզեֆ Բորելի կարճ պատասխանից կարելի է ենթադրել, թե ԵՄ-ը սանկցիաներ չի ընդունում առանց անդամ երկրներից եկող առաջարկների։ ԵՄ սանկցիաները կարող են լինել կա՛մ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների շրջանակում, կա՛մ որպես այդ որոշումների լրացում, կա՛մ ընդունվել ԵՄ սեփական նախաձեռնությամբ։ ԵՄ պատժամիջոցներն ընդունվում են միաձայն՝ Խորհրդի որոշմամբ, և պարտադիր են անդամ բոլոր  պետությունների համար: Եթե ​​որոշումը նախատեսում է երրորդ երկրի հետ տնտեսական և ֆինանսական հարաբերությունների ամբողջական կամ մասնակի կրճատում կամ ընդհատում, ապա ԵՄ կանոնակարգն ընդունվում է որակյալ մեծամասնությամբ՝ Հանձնաժողովի և Միության արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի համատեղ առաջարկով։ Գործնականում, սակայն, այս որոշումները ընունվում են կոնսենսուսով։  Նույն կերպ այս տարվա սեպտեմբերի 28-ին Ժոզեֆ Բորելը և Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը հայտարարեցին սանկցիաների հերթական փաթեթի առաջարկի մասին։ Ժոզեֆ Բորելի ելույթից ժամեր առաջ ԵՄ անդամ երկրները հաստատեցին այս փաթեթը։  Մինչև փաթեթի ընդունումը, սակայն, Մալթան, Կիպրոսը և Հունաստանը դեմ էին արտահայտվում ռուսական գազի վրա դրվող նոր սահմանափակումներին՝ հայտարարելով իրենց համար սպասվող տնտեսական խնդիրների մասին։  Ըստ ԵՄ կանոնադրության՝ ԵՄ սանկցիաները կամ սահմանափակող միջոցները նախատեսված են՝ համաձայն ԵՄ Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP)։ Ըստ դրա՝ նման միջոցների կիրառության առաջարկ անում է Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Խորհրդի  Գերագույն ներկայացուցիչը (High Representative)։ Հենց այս պաշտոնն է զբաղեցնում Ժոզեֆ Բորելը։  Առաջարկը քննում են տարբեր մարմիններ, և հաստատում և/կամ վերանայում է ԵՄ Խորհուրդը միաձայն, իսկ Եվրոպական խորհրդարանը տեղեկացվում է ընդունված որոշման մասին։ ԵՄ Արտգործնախարարությունը՝ EEAS-ը, օգնում է Բորելին սանկցիաների առաջարկների կազմման, պահպանման կամ վերանայման գործում։  Խորհրդի ընդունած սանկցիաները կարող են արգելել անձի մուտքը ԵՄ տարածք, կասեցնել ընկերությունների աշխատանքը կամ սառեցնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաշիվները։ Դրանք պարտադիր են դառնում ընդունման պահից։ Բորելի հայտարության այն մասը, որ ԵՄ անդամ երկրները կարող են առաջարկել պատժամիջոցներ, սխալ չէ։ Մի շարք դեպքերում անդամ պետությունները իրենց երկրներում ընդունված պատժամիջոցները  առաջարկում են ընդունել ԵՄ մակարդակով։ Այսպես, այս տարվա ամռանը Լիտվան առաջարկել էր ԵՄ մուտքի արգելք սահմանել Ռուսաստանի պատրիարք Կիրիլի նկատմամբ, սակայն Հունգարիան դեմ էր արտահայտվել։  Եթե փորձենք այս ամենը կարճ ներկայացնել, ապա պատժամիջոցների դեպքում սովորաբար տեղի է ունենում Բորելի ասածի հակառակ գործընթացը․ ԵՄ խորհուրդն առաջարկում է սանկցիաներ, իսկ անդամ երկրները հաստատում են դրանք կամ մերժում։   Գլխավոր լուսանկարում՝ Բորելը Անի Ավետիսյան
11:50 - 07 հոկտեմբերի, 2022
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ Արմեն Գրիգորյանին են վերագրել Fox News-ի լրագրողի խոսքերը

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ Արմեն Գրիգորյանին են վերագրել Fox News-ի լրագրողի խոսքերը

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ իրենց վերնագրերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին են վերագրել Fox News-ի լրագրողի խոսքերը։ Սեպտեմբերի 30-ին Fox News-ում հրապարակվել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցի հիման վրա պատրաստված հոդված, որի սկզբում լրագրողը գրել է․ «Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանն ավելի մեծ աջակցություն գտավ ԱՄՆ-ից, քան իր պատմական դաշնակից Ռուսաստանից»։ «Արմենպրես» գործակալությունը թարգմանել է հոդվածը՝ շեշտելով, որ այդ ձևակերպումը տվել է ամերիկյան լրատվամիջոցը․ «Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից Ռուսաստանի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաալիքն այսպես է բնութագրել վերջին իրադարձություններից հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը»։  Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ «Արմենպրես» գործակալությանը հղումով հրապարակել են Գրիգորյանի՝ Fox News-ին տված հարցազրույցը՝ հետևյալ վերնագրով․ «Հայաստանը ավելի շատ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից, քան դաշնակից Ռուսաստանից. Արմեն Գրիգորյան»։ Վերնագրից այնպիսի տպավորություն է, որ այս խոսքերն ասել է Հայաստանի ԱԽ քարտուղարը, սակայն, ինչպես նշեցինք, նման ձևակերպում արել է Fox News-ի լրագրողը։   Աննա Սահակյան
18:39 - 03 հոկտեմբերի, 2022
Միֆեր Թուրքիայից՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի մասին

Միֆեր Թուրքիայից՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի մասին

Օգոստոս ամսին  թուրքական guvengazetesi.com.tr լրատվամիջոցը «Հայաստանից եկող մեծ սպառնալիք» վերնագրով ծավալուն հոդված էր հրապարակել Հայկական ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ։ Հոդվածի մի փոքր հատված արտատպվել էր ermenihaber.am եռալեզու կայքում (գործում է հայերեն, թուրքերեն, ռուսերեն)՝ «Թուրք պաշտոնյա. «Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար» վերնագրով։ Ermenihaber.am-ի այդ հրապարակումն էլ արտատպել էին հայկական այլ ԶԼՄ-ներ։ Հաշվի առնելով հոդվածում խնդրահարույց մի շարք պնդումների առկայությունը՝ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը (որպես էներգետիկ ոլորտի պատասխանատու գերատեսչություն) եւ ՀՀ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին (որպես ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը վերահսկող մարմին)՝ դրանց ճշմարտացիության վերաբերյալ մի շարք հարցեր հղելով եւ պարզաբանումներ խնդրելով։ ՏԿԵՆ-ից հարցումը վերահասցեագրել էին Հայկական ատոմային էլեկտրակայանին (այսուհետ՝ ՀԱԷԿ), իսկ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից (այսուհետ՝ Կոմիտե) նշել էին, որ հաշվի առնելով հարցերի ծավալը եւ կարեւորությունը` համապատասխան տեղեկության տրամադրման նպատակով անհրաժեշտ է լինելու դիտարկել նաեւ արխիվային փաստաթղթեր, որոնց համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ։ Օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում ստանալով պատասխանները՝ կարող ենք փաստել, որ թուրք հեղինակի պնդումներն ու ենթադրություններն իրականությանը չեն համապատասխանում։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ոչ թե ավարտվել է, այլ երկարաձգվել Այսպես․ հոդվածի սկզբում հեղինակը նշել է, որ ՀԱԷԿ-ը շարունակում է շահագործվել՝ չնայած դրա ժամկետի ավարտին։ Ըստ ամենայնի, նա նկատի ունի շահագործման նախագծային ժամկետը։ Տեղեկություն ստանալու հարցմամբ մենք խնդրել էինք հայտնել, թե որքան է եղել ՀԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետը, եւ եթե այն ավարտվել է, ապա երբ եւ ինչի հիման վրա է որոշում կայացվել շարունակել շահագործումը։  Ըստ պաշտոնական պատասխանների՝ Հայաստանում գործում է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը, որը շահագործման է հանձնվել 1980 թվականին: Շահագործման նախագծային (նշանակված) ժամկետը մինչեւ 2016 թ․ սեպտեմբերն էր, եւ մինչեւ այդ նախատեսվում էր Հայաստանում կառուցել միջուկային նոր էներգաբլոկ, ինչը, սակայն, հետաձգվեց՝ պայմանավորված Ֆուկուշիմայի աղետի հանգամանքներով եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամով. «Գործող Էներգաբլոկի կանգի եւ դրա արդյունքում առաջնային վառելիքաէներգետիկ պաշարների՝ նավթի, գազի, ածուխի բացակայության պայմաններում Հայաստանը կարող էր հայտնվել կրիտիկական իրավիճակում, քանի որ ՀԱԷԿ-ում արտադրվում է երկրում սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 38%-ը: Ուստի, ՀՀ կառավարությունը 2012 թվականի ապրիլի 19-ի №461 որոշմամբ սկսեց կայանի շահագործման ժամկետը երկարեցնելուն ուղղված գործընթացը»։ Մշակվեց համապատասխան ծրագիր, եւ իրականացվեցին համալիր աշխատանքներ (ռեսուրսի գնահատում, անվտանգության բարձրացման միջոցառումներ, մոդիֆիկացիաներ, սարքերի, սարքավորումների եւ համակարգերի համապարփակ գործիքային հետազոտություններ, վերլուծություն եւ այլն), որոնցով հիմնավորվեց ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչեւ 2026թ․ սեպտեմբեր ամիսը։  Արդյունքում, Կոմիտեն, ուսումնասիրելով իրականացված աշխատանքներն ու հիմնավորող փաստաթղթերը, թույլատրեց շահագործման ժամկետի երկարաձգումը: Ըստ ՀԱԷԿ-ի՝ այդ որոշումը համապատասխանում է համաշխարհային պրակտիկային, ընդ որում, ընդունելի է ատոմակայանների շահագործման ժամկետը մինչեւ 60 տարի երկարեցնելու հնարավորությունը․ «Ներկայումս աշխարհում շարունակում են աշխատել 70-ական թվականներին շահագործման հանձնված 85 էներգաբլոկներ, որոնք 10 տարով ՀԱԷԿ-ից հին են»,– ասված է պատասխանում։ Նույն համատեքստում հեղինակը նաեւ նշել է, որ Հայաստանը խախտում է Եվրոպական միության հետ 1999 թ. կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ ՀԱԷԿ-ը պետք է փակվեր մինչ 2004 թ.։ Մենք հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք երբեւէ նախատեսվել է ՀԱԷԿ-ի շահագործման դադարեցում մինչ 2004 թ., եւ արդյո՞ք առկա է կամ առկա է եղել նման համաձայնագիր, եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված եղել այդ որոշումը, եւ հետագայում ի՞նչ հիմքերով է այն փոփոխվել։ Ի պատասխան՝ Կոմիտեից տեղեկացրել են, որ 1994թ․ Եվրամիության ղեկավարությունը ՀՀ նախագահին ուղղված գրությամբ հայտնել է, որ Հայաստանում ստեղծված էներգետիկ ճգնաժամի հաղթահարման համար չի առարկի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, իսկ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը կտրամադրի 50 մլն ԱՄՆ դոլար Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման համար՝ պայմանով, որ Հայաստանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի մինչ 2004 թ․ դադարեցնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը․ «ՀՀ նախագահը պատասխան գրությամբ հայտնել է, որ Հայաստանը կդադարեցնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործումը համապատասխան (նույն հզորության, էներգետիկ անկախության նման մակարդակ ապահովող) նոր էներգետիկ հզորություն գործարկելուց հետո»։ Հետագայում արդեն էներգաբլոկի անվտանգ շահագործումը շարունակելու եւ անվտանգության մշտական բարձրացման արդյունքների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվել է Եվրամիությանն ու Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությանը (այսուհետ՝ ԱԷՄԳ), ինչը հնարավորություն է տվել գնահատել կայանի անվտանգության մակարդակը որպես միջին՝ ըստ համաշխարային վարկանիշի (14-րդ տեղ՝ ատոմակայաններ շահագործող 32 երկրների շրջանում):  ՀԱԷԿ-ի հավաստմամբ՝ ներկայումս միջազգային կազմակերպությունների մոտ կա ըմբռնում՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ (տեխնիկական իրագործելիությունը հաստատելու եւ անվտանգության հիմնավորման դեպքում) մինչ փոխարինող միջուկային հզորություններ կառուցելը։ Խոսելով ՀԱԷԿ-ի արդիականացման մասին՝ հեղինակը գրել է, թե տեխնիկական սպասարկման աշխատանքներին կմասնակցեն մոտ 400 փորձագետ՝ Բելառուսից, Ռուսաստանից, Սլովակիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Չեխիայից եւ այլ երկրներից, իսկ ՀԱԷԿ-ը փակ կմնա 141 օր, որից հետո այն հնարավոր կլինի շահագործել մինչեւ 2036 թվականը։ Մենք հետաքրքրվել էինք՝ առաջիկայում նախատեսվո՞ւմ են արդյոք արդիականացման նոր աշխատանքներ, թե՞ կայքը, ըստ ամենայնի, նկատի ունի 2021 թ.-ի աշխատանքները, որոնց շրջանակում ՀԱԷԿ- ի աշխատանքը դադարեցվեց 141 օրով։ Ըստ Կոմիտեի՝ հաշվի առնելով նշված 141 օր ժամանակը՝ կարելի է ենթադրել, որ խոսքը հենց 2021 թ․ պլանային նախազգուշական վերանորոգման մասին է․ «Այդ ժամանակ երկարատեւ կանգառի անհրաժեշտությունը առաջացել էր ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման մեծածավալ միջոցառումների՝ մոդիֆիկացիաների ներդրման համար։ Իրականացված աշխատանքների հիման վրա Կոմիտեի կողմից թույլատրվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի հետագա շահագործումը, ինչպես արդեն նշվեց, մինչ 2026 թ․սեպտեմբերը։ Այնուհանդերձ, անվտանգության բարձրացման աշխատանքները շարունակական բնույթի աշխատանքներ են եւ ուղեկցում են շահագործման փուլում գտնվող ցանկացած ատոմային էլեկտրակայանի»,– հայտնել են Կոմիտեից։ Ինչ վերաբերում է հիշյալ 2036 թ․–ին, այդ մասին հիշատակվում է Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում։ Դրանով նախատեսվում է գործող էներգաբլոկի անվտանգության հիմնավորման պարագայում այն շահագործել մինչ 2036 թվականը․ «Ի դեպ, ՀԱԷԿ–ում Եվրոպական մի շարք երկրներից ավելի քան 400 մասնագետների ժամանումն ու աշխատանքը հոդվածի հեղինակի՝ ՀԱԷԿ-ը որպես «աշխարհի ամենավտանգավոր ատոմակայան» գնահատելու լավագույն հերքումն է»,- նշել են ՀԱԷԿ-ից` հավելելով, որ 2021 թ․ շահագործման հանձնելուց առաջ՝ վերանորոգման-վերականգնողական աշխատանքների (ՎՎԱ) ավարտից հետո, ՀԱԷԿ-ում տեսչական ստուգումներ են անցկացրել միջազգային եւ ազգային մի շարք կազմակերպությունների պատվիրակություններ, ինչի արդյունքում վերջիններս կայանի վերագործարկման համար խոչընդոտներ չեն հայտնաբերել․ «Առանց ԱԷՄԳ-ի կողմից ՎՎԱ արդյունքների հավանության ՀԱԷԿ-ի վերագործարկումը հնարավոր չէր լինի»: Կառուցումից ի վեր ՀԱԷԿ-ում վթարներ տեղի չեն ունեցել Թուրք հեղինակը նաեւ նշել է, թե կառուցումից ի վեր ՀԱԷԿ-ում բազմաթիվ լուրջ վթարներ են տեղի ունեցել։ Հարցմամբ խնդրել էինք մանրամասնել, թե երբ, ինչ բնույթի, ինչ լրջության եւ քանի վթար է տեղի ունեցել ՀԱԷԿ-ում, իսկ դրանց առկայության դեպքում՝ նաեւ պատճառները եւ հետեւանքները բնակչության եւ շրջակա միջավայրի վրա։ Կոմիտեից հայտնել են, որ ՀԱԷԿ-ում երբեք վթարներ տեղի չեն ունեցել։ Համաձայն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջազգային եւ ազգային օրենսդրության՝  վթարը ունի կոնկրետ սահմանում։ Ըստ այդմ, վթարը ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ստեղծված իրավիճակ է, որի ժամանակ տեղի է ունեցել անվտանգ շահագործման սահմանները գերազանցող քանակությամբ ռադիոակտիվ նյութերի ելք եւ (կամ) իոնացնող ճառագայթման տարածում: Ըստ ՀՀ կառավարության համապատասխան որոշման էլ՝ վթարը բնութագրվում է ելակետային պատահարով, զարգացման ուղիներով եւ հետեւանքներով: Կոմիտեի փոխանցմամբ՝ ՀԱԷԿ-ի շահագործման ընթացքում տեղի են ունեցել միայն միջադեպեր, որոնք ԱԷՄԳ–ի համակարգի սանդղակով երբեք բարձր չեն եղել 1-ին մակարդակից․ «Տեղի ունեցած միջադեպերը սահմանված կարգով հաղորդվում են Կոմիտեին, ինչպես նաեւ՝ ԱԷՄԳ-ին։ Տեղեկությունը հրապարակվում է նաեւ ԱԷՄԳ–ի կողմից վարվող «International Reporting System» համակարգի բազայում»։ ՀԱԷԿ-ից էլ հայտնել են, որ շահագործման ողջ ընթացքում տեղի ունեցած միակ լուրջ պատահարը կարելի է համարել թիվ 1 էներգաբլոկի (ներկայումս դուրս է բերված շահագործումից) տուրբինային բաժանմունքում (մեքենասրահում) 16-րդ անցուղու մալուխների բռնկումը։ Այն տեղի է ունեցել 1982 թ․ հոկտեմբերի 15-ին: Ըստ ԱԷԿ-ների պատահարների միջազգային սանդղակի՝ տվյալ պատահարին վերագրվել է «0» աստիճան, ինչը նշանակում է, որ այն եղել է տեխնիկական բնույթի պատահար, որը կապված չէ միջուկային կայանի եւ նրա աշխատանքի հետ․ «Այս պատահարը չի դասակարգվում որպես վթար, քանի որ տեղի չի ունեցել ճառագայթաակտիվ նյութերի արտահոսք ռեակտորային կայանի սահմաններից դուրս: Բռնկումը վերացվել է, վնասված մալուխները եւ առանձին տարրեր փոխարինվել են, եւ թիվ 1 էներգաբլոկը շարունակել է իր բնականոն աշխատանքը ընդհուպ մինչեւ 1989 թ․ կանգը, որից հետո այդ բլոկը չի շահագործվում»,- ասված է պատասխանում։ 1988 թ․ Սպիտակի երկրաշարժը ՀԱԷԿ-ի համար բացասական որեւէ հետեւանք չի առաջացրել Հոդվածի հեղինակը նաեւ պնդումներ է արել այն մասին, որ չնայած ՀԱԷԿ-ը գտնվում է Սպիտակ քաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա, այնուհանդերձ, 1988 թ. երկրաշարժի ժամանակ մեծ վնաս է կրել, ստեղծել ռադիոակտիվ արտահոսքի վտանգ եւ փակվել սեյսմիկ խոցելիության պատճառով։ Պատկան մարմիններից մենք խնդրել էինք հայտնել՝ արդյո՞ք Սպիտակի երկրաշարժից հետո առաջացել է «ռադիոակտիվ արտահոսքի վտանգ», եւ արդյո՞ք 1989 թ. ՀԱԷԿ-ի շահագործման դադարեցման պատճառը Սպիտակի երկրաշարժի հետեւանքով կայանի կրած «մեծ վնասներն» են։ Բացասական պատասխանի դեպքում խնդրել էինք պարզաբանել, թե ինչ պատճառաբանությամբ է ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը նման որոշում կայացրել։ ՀԱԷԿ-ից ստացված պատասխանի համաձայն՝ Սպիտակի երկրաշարժը ՀԱԷԿ-ի համար բացասական որեւէ հետեւանք չի առաջացրել։ Կայանի սարքերը Ռիխտերի սանդղակով մինչեւ 5,6 բալանոց ցնցումներ են գրանցել, այնինչ պաշտպանական սահմանը, ըստ նույն սանդղակի,  6 բալն է եղել։ Իսկ երկրաշարժի ուժգնությունը, ինչպես հայտնի է, կազմել է 7 բալ․ «Երկու էներգաբլոկներն էլ երկրաշարժի պահին եւ դրանից հետո շարունակել են աշխատել բնականոն շահագործման ռեժիմով, եւ կայանի սարքավորումների ու շինարարական կառուցատարրերի հետագա մանրամասն զննման արդյունքում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Ուստի, ռադիոակտիվ արտահոսքի կամ Ատոմակայանի կողմից կրած վնասների մասին տեղեկությունը անհիմն է, քանի որ որեւէ համակարգ վնասված չի եղել, առկա ռադիացիոն մոնիթորինգի համակարգերը որեւէ արտահոսք չեն գրանցել»։ Այնուամենայնիվ, Չեռնոբիլյան սինդրոմի եւ Հայաստանի բնակչության սեյսմիկ շոկի ֆոնի վրա ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը (Հայկական ԽՍՀ մինիստրների խորհուրդի ներկայացմամբ) որոշում է ընդունել 1989 թվականի փետրվարի 25-ին կանգնեցնել թիվ 1 էներգաբլոկը, իսկ մարտի 18-ին՝ թիվ 2 էներգաբլոկը: Ըստ Կոմիտեի՝ դա եղել է բացառապես քաղաքական որոշում։ Նույն համատեքստում հեղինակը նշել է, որ եթե անգամ ՀԱԷԿ-ում պայթյունի վտանգ չկա, միեւնույն է, տարածաշրջանում աղտոտվածության եւ քաղցկեղի առաջացման համար ճանապարհը բաց է։ Թեեւ նա չի հիշատակել քաղցկեղի դեպքերի որեւէ պաշտոնական վիճակագրություն, այնուհանդերձ նշել է Իգդիրի վրա ՀԱԷԿ-ի ունեցած ենթադրյալ ազդեցության մասին՝ օրինակ բերելով նույն քաղցկեղի դեպքերի աճը, բուսականության չորացումը եւ այլն, որոնք, ըստ հեղինակի, մտածելու տեղիք են տալիս։ Մենք խնդրել էինք պարզաբանել, թե որքանո՞վ է ողջամիտ այս տեսակ բացասական հետեւանքները առհասարակ ատոմակայանների եւ կոնկրետ Հայկական ատոմակայանի շահագործման հետ կապելը։ Խնդրել էինք նաեւ ներկայացնել, թե ՀԱԷԿ-ում ինչ եղանակով եւ ինչ հաճախականությամբ է իրականացվում շրջակա միջավայրի արտանետումների մոնիթորինգ։ Կոմիտեից նշել են, որ պնդումն իրականացվել է առանց վիճակագրական տվյալների վերլուծության կամ գիտական հետազոտությունների արդյունքների համապատասխան հղումների, ինչը ենթադրում է, որ այն հեղինակի սուբյեկտիվ գնահատականն է։ Մինչդեռ ՀԱԷԿ-ի հրապարակում եւ հսկվող տարածքում իրականացվում է շուրջօրյա մոնիթորինգ ռադիացիոն իրավիճակի վերաբերյալ, որի արդյունքները փաստում են, որ այնտեղ ռադիացիոն իրավիճակի գնահատման պարամետրերը չեն գերազանցում միջազգայնորեն սահմանված չափորոշիչները։ Հետեւաբար, բնականոն շահագործման ռեժիմում ՀԱԷԿ-ի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ըստ Կոմիտեի, պրակտիկորեն բացակայում է․ «Դրանից բացի, «Միջուկային անվտանգության մասին» եւ «Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման մասին» միացյալ կոնվենցիայի շրջանակներում ՀՀ–ն պարբերաբար ԱԷՄԳ–ին է ներկայացնում ազգային հաշվետվություններ, որտեղ նշվում է նաեւ ՀԱԷԿ-ի հրապարակում եւ հսկվող տարածքում ռադիացիոն իրավիճակի պարամետրերի մասին տեղեկություն, ինչը հասանելի է նաեւ բնագավառի թուրք մասնագետներին։ ԱԷՄԳ-ի կողմից ստեղծված են մասնագիտական հարթակներ պրոֆեսիոնալ քննարկումների համար, եւ մինչ օրս ոչ մի երկրի, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, նմանատիպ հարցեր չեն բարձրացվել»,– ասված է պատասխանում։ ՀԱԷԿ-ից էլ ընդգծել են՝ եթե, ըստ հեղինակի, ՀԱԷԿ-ի ազդեցությունը կայանից բավականաչափ հեռավորության վրա գտնվող իրենց բնակավայրի վրա այդչափ բացասական է, ապա մերձակա տարածքներում եւ հենց Հայաստանում պետք է լիներ ուռուցքաբանական աղետ՝ այրված անապատի ֆոնի վրա․ «Սակայն, բարեբախտաբար, օբյեկտիվ պատկերը բացարձակապես այլ է. աղուտավոր կիսաանապատը, որտեղ կառուցվել է Հայկական ԱԷԿ-ը, ներկայումս առավելագույնս պատված է այգիներով, բանջարանոցներով, անտառային տնկարկներով»։ ՀԱԷԿ-ը լիովին վերահսկում է արտանետվող տեխնիկական ջրերի ակտիվությունը Թուրք հեղինակը գրել է, որ ռեակտորի սառեցման համար օգտագործվող կեղտաջրերը արտանետվում են Արաքս գետ, այնուհետեւ՝ լցվում Կասպից ծով, ուստի, Մեծամորի ԱԷԿ-ը լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ Կասպից ծովի սահմանակից բոլոր երկրների համար։ Հարցմամբ խնդրել էինք հայտնել այս պնդման իսկությունը, ինչպես նաեւ պարզաբանել ՀԱԷԿ-ում առաջացրած ջրերի կառավարումը եւ արտանետման դեպքում դրանց ազդեցությունը բնակչության եւ շրջակա միջավայրի վրա։ Կոմիտեից հայտնել են, որ նշվածը բացարձակ ապատեղեկատվություն է, քանի որ ռեակտորի սառեցման համար կեղտաջրեր չեն օգտագործում․ «Մասնավորապես, ՀԱԷԿ-ի դեպքում ռեակտորը հովանում է փակ համակարգում շրջանառվող առաջին կոնտուրի ջրով, որն իր հերթին հովանում է նույնպես փակ համակարգում շրջանառվող երկրորդ կոնտուրի ջրով, իսկ վերջինս էլ հովանում է տեխնիկական ջրով (որը եւս շրջանառու փակ համակարգ է)»։ ՀԱԷԿ-ից էլ մանրամասնել են արտանետումների կառավարումը։ Ըստ այդմ, հատուկ հսկիչ բաքերում չափվում է ՀԱԷԿ-ից արտանետվող տեխնիկական ջրերի գումարային ակտիվությունը, եւ միայն սահմանված չափը չգերազանցելու դեպքում է թույլատրվում դրանց արտանետումը՝ տրված հատուկ բնապահպանական բնութագրավկայականի հիման վրա, որտեղ ներկայացված է ջրի տեսակարար ակտիվությունը, դրա ծավալը եւ այլ պարամետրեր․ «Արտանետումն իրականացվում է հատուկ խողովակաշարով դեպի մաքրման կառուցվածքներ, իսկ այնտեղից՝ ջրանցքով դեպի Սեւ ջուր գետ: Արտանետվող ջրի ակտիվությունը վերահսկվում է խողովակաշարի՝ ԱԷԿ-ից ելման կետում, մաքրման կառուցվածքներից ելման կետում եւ Սեւ ջուր գետ արտանետման վայրում: Արտանետվող ջրերի եւ մթնոլորտ արտանետվող գազերի միջին տեսակարար ակտիվությունը ՀԱԷԿ-ի շահագործման ողջ ժամանակահատվածի ընթացքում չի գերազանցել սահմանված նորմատիվային արժեքների 1%-ը (թույլատրելի արժեքներից հարյուր անգամ պակաս է)»։ ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքը եւ ռադիոակտիվ թափոնները պահվում են բացառապես ՀՀ-ում Հեղինակը նշել է, թե կան պնդումներ, որոնց համաձայն՝ Հայաստանը ռադիոակտիվ թափոններ է վաճառում Վրաստանին։ Նշել է նաեւ, թե իբր «օկուպացիայի ժամանակ» ՀԱԷԿ-ի միջուկային թափոնները թաղվել են Ղարաբաղում։ Թեեւ այս պնդումները դարձյալ հիմնված չեն որեւէ ստույգ աղբյուրի վրա, այնուհանդերձ, հետաքրքրվել էինք՝ ռադիոակտիվ թափոններ վաճառելու պրակտիկա առհասարակ գոյություն ունի՞, եթե ոչ, ապա հնարավո՞ր է, որ ՀՀ-ից այդպիսի թափոններ այլ նպատակներով տեղափոխված լինեն Վրաստանի կամ Արցախի Հանրապետություն։ Հաշվի առնելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների արտահանումը ՀՀ-ից (բացառությամբ որոշ դեպքերի)՝ խնդրել էինք հայտնել, թե ինչ են արվում եւ որտեղ են պահվում ՀԱԷԿ-ի ռադիոակատիվ թափոնները, արդյո՞ք ՀՀ-ն ունի ռադիոակտիվ թափոնների հաշվառման եւ վերահսկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, եթե ոչ, ապա ո՞ր երկրի հետ համագործակցությամբ է դա իրականացվում։ Թափոնները Ղարաբաղում թաղելու եւ արտահանելու վերաբերյալ պնդումները Կոմիտեն բացարձակ ապատեղեկատվություն է որակել՝ նշելով, որ անկախությունից հետո ՀԱԷԿ-ում առաջացող աշխատած միջուկային վառելիքը եւ ռադիոակտիվ թափոնները պահվում են բացառապես  ՀԱԷԿ–ի տարածքում, եւ դրանց կառավարումն իրականացվում է ազգային եւ միջազգային կանոնակարգերի, ինչպես նաեւ ուղեցույցների, ներքին ընթացակարգերի ու հրահանգների համաձայն․ «Հայաստանը ունի մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ միջուկային զենքի չտարածման երաշխիքների կիրառման պայմանագիր, եւ ՀՀ-ում առկա բոլոր միջուկային նյութերը հաշվառված են եւ գտնվում են պետական վերահսկողության ներքո։ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին ՀՀ-ի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համաձայնագրի հիման վրա ԱԷՄԳ տեսուչների կողմից պարբերաբար իրականացվում են ստուգումներ, որոնք փաստում են Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը»։ ՀԱԷԿ–ից էլ հավելել են, որ ճառագայթաակտիվ թափոնների հաշվառումն ու պահումը իրականացվում են միայն ՀԱԷԿ-ի տարածքում՝ հատուկ շինություններում, կառույցներում, առանձնացված հրապարակներում եւ լցարաններում։ Տեղի ընտրությունը կախված է թափոնի տեսակից՝ հեղուկ կամ պինդ, եւ կատեգորիաներից՝ բարձր, միջին կամ ցածր ակտիվության: «Կայանը բավարար չափով հագեցված է անհրաժեշտ սարքավորումներով, սարքերով, գործիքներով, պատշաճ որակավորում ունեցող անձնակազմով»։ Ըստ ՀԱԷԿ–ի՝ վերահսկվող գոտում (որտեղ հնարավոր է ճառագայթային աղտոտում) առարկաների, գործիքների, սարքերի եւ նյութերի հետ ցանկացած շփում թույլատրվում է միայն հատուկ դոզային կարգագրերով, որոնցում ամրագրվում է շփման թույլատրելի ժամանակը (ռադիացիոն մոնիթորինգի արդյունքներով): Վերահսկվող գոտուց նյութական ցանկացած  արժեքի դուրսբերումը կատարվում է հատուկ անցագրերով եւ ճառագայթումային ֆոնի թույլատրելի մակարդակը չգերազանցելու վերաբերյալ տեղեկանքի առկայության դեպքում։ Ավելի խիստ է կայանից նյութական արժեքների, առավել եւս՝ ՀՀ–ից դուրսբերման ընթացակարգը․ այդ դեպքում ավելացվում են տեղափոխման հիմնավորմանը եւ նպատակին ներկայացվող պահանջները․ «ՀՀ- ից այն բեռների արտահանման համար, որոնց ռադիացիոն ֆոնը գերազանցում է բնականը (սակայն թույլատրելիի սահմաններում է), անհրաժեշտ է ստացող երկրի եւ տարանցիկ երկրի համաձայնությունը՝ պայմանագրի առկայությունը»,– հավելել են Հայկական ԱԷԿ–ից։ Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ հայկական ԱԷԿ-ի միջեւ զուգահեռները անհիմն են, քանի որ դրանք իրար հետ կապ չունեցող նախագծեր են Ըստ հոդվածի հեղինակի՝ Մեծամորի ատոմակայանը, ինչպես Չեռնոբիլը, կառուցվել է ռուսական ամենահին տեխնոլոգիաներով, ուստի, այն խորհրդային ժամանակներից մնացած ամենավտանգավոր էլեկտրակայանն է, եւ եթե վթար տեղի ունենա, ապա դա կազդի ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլ նաեւ շրջակա բոլոր պետությունների վրա, ինչպես Չեռնոբիլի դեպքում էր։ Մենք խնդրել էինք հայտնել՝ արդյո՞ք ողջամիտ են կայքի այս համեմատությունները, եթե ոչ, ապա որո՞նք են էական տարբերությունները Մեծամորի եւ Չեռնոբիլի ատոմակայանների միջեւ։ Ըստ պաշտոնական պատասխանների՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ հայկական ԱԷԿ-ի ռեակտորների միջեւ զուգահեռներն անհիմն են՝ հաշվի առնելով դրանց կառուցվածքների սկզբունքային տարբերությունը։ Դրանք իրար հետ կապ չունեցող նախագծեր են։ Բանն այն է, որ Չեռնոբիլի ատոմակայանը եռացող տիպի միակոնտուր ատոմակայան է, իսկ ՀԱԷԿ-ը՝ երկկոնտուր, ճնշման տակ գտնվող ջերմատարով ատոմակայան։ Էական տարբերությունն այն է, որ եթե միակոնտուր ատոմակայանում տուրբոգեներատորին աշխատեցնող գոլորշին ռադիոակտիվ է, ապա երկկոնտուր ատոմակայանում այն ռադիոակտիվ չէ (առաջին կոնտուրի ջուրը, հովացնելով միջուկային վառելիքը, տաքանում է, եւ այդ ջերմությունը շոգեգեներատորի միջոցով փոխանցում է երկրորդ կոնտուրի ջրին՝ չխառնվելով վերջինիս հետ, եւ երկրորդ կոնտուրի ջուրն էլ, վերածվելով գոլորշու, աշխատեցնում է տուրբոգեներատորին)։  Կոմիտեից շեշտել են, որ ատոմակայանների մասին խոսելիս «ամենահին» եւ «ամենավտանգավոր» բառերը գործածելը սխալ մոտեցում է, քանի որ ատոմակայանների անվտանգության գնահատման համար օգտագործվում են բնագավառում գործող չափորոշիչներ, որոնք իրենցից ներկայացնում են թվային կոնկրետ արժեքներ։ Շարունակելով ՀԱԷԿ-ի վտանգավորության մասին պնդումները՝ կայքը գրել է նաեւ, որ ԱԷՄԳ–ն եւ ԵՄ-ն են հայտարարել, որ այն աշխարհի ամենավտանգավոր ատոմակայանն է։ Մենք հարցրել էինք՝ արդյո՞ք այս կառույցների կողմից նման գնահատական երբեւէ հնչել է։ Ըստ պաշտոնական պատասխանների՝ այդ հայտարարությունը բացարձակապես անհիմն է․ ԵՄ-ն քաղաքական կառույց է, եւ երբեւէ որեւէ պաշտոնական անձի կողմից նման պնդում չի հնչեցվել, իսկ ԱԷՄԳ-ն, հանդիսանալով ՄԱԿ-ի կառուցվածքային միավոր, իր կանոնադրության համաձայն տալիս է բացառապես մասնագիտական գնահատականներ եւ նման գնահատական ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի վերաբերյալ երբեւէ չի տվել։  Այս համեմատությունը, ըստ ՀԱԷԿ-ի, նույնն է, ինչ ԱԷՄԳ–ին եւ ԵՄ-ին կողմնակալության եւ անսկզբունքայնության մեջ մեղադրելը, քանի որ հայկական ԱԷԿ-ը որպես «աշխարհում ամենավտանգավոր ԱԷԿ» գնահատելիս պետք է անհապաղ ներկայացվեր այն կանգնեցնելու խստագույն պահանջ․ «Հայկական ԱԷԿ-ը շահագործվում է ԱԷՄԳ-ի ուղեցույցներին խիստ համապատասխան, պարբերաբար ընդունում է ԱԷՄԳ-ի տարբեր առաքելություններ եւ դրանց, ինչպես նաեւ՝ ԵՄ–ի  կողմից իրականցված սթրես-թեստերի արդյունքներով՝ կատարում բազմաթիվ աշխատանքներ։ Վերոնշյալ, ինչպես նաեւ դոնոր այլ երկրների եւ կազմակերպությունների աջակցությամբ (խորհրդատվական, տեխնիկական, ֆինանսական) հայկական ԱԷԿ-ում իրականացվում են անվտանգության եւ հուսալիության բարձրացմանն ուղղված շարունակական ծրագրեր: Հայաստանը լիովին կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները»,- ասված է պատասխանում։ Հեղինակը նաեւ նշել է, որ 1986թ. մարտի 31-ին հարյուրավոր մարդիկ Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովին ուղարկած նամակում պահանջում էին փակել ՀԱԷԿ-ը, որ նման պահանջ է ներկայացվել նաեւ Հայաստանի անկախացման գործընթացում ականավոր մտավորականների եւ անկախության շարժման առաջնորդների կողմից, ինչպես նաեւ՝ որ ԱԷՄԳ–ի՝ այն ժամանակվա գլխավոր տնօրենի տեղակալ Մորիս Ռոզենը, որը 1995 թ․ Մեծամորում փորձաքննություն է կատարել, նույնպես խոստովանել է, որ Մեծամորի ճարտարապետական նախագիծը թերի է եղել։ Այս ենթադրյալ դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների առկայության դեպքում խնդրել էինք դրանք եւս ներկայացնել։ Ըստ պաշտոնական պատասխանների՝ հասարակական ակտիվիստների բողոքները, հատկապես՝ Խորհրդային Հայաստանի փլուզման ժամանակներում, կրում էին քաղաքականացված բնույթ, եւ հիմնված չէին որեւէ հիմնավոր փաստարկների վրա․ «Անցյալ դարի ութսունական թվականների վերջին մարդիկ փնտրում էին կյանքի որակից իրենց դժգոհության բացատրությունը, եւ ոմանք կարծում էին, որ ՀԱԷԿ-ը, «Նաիրիտ»-ը, այլ «վնասակար» արտադրություններ կանգնեցնելով՝ Հայաստանը կազատվի ԽՍՀՄ-ի խնամակալությունից եւ ձեռք կբերի երկար սպասված անկախությունը։ Սակայն կյանքը ցույց տվեց հակառակը, եւ արդեն 1993 թ․ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի աշխատանքը վերսկսելու ՀՀ կառավարության որոշումը ընկալվեց ըմբռնումով եւ հավանությամբ»։  Կոմիտեից նշել են, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վերաթողարկումից հետո իրականացվում է շահագործման իրականացման բաց քաղաքանություն, որի ընթացքում լուսաբանվում են ոչ միայն էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումները, այլ նաեւ ՀԱԷԿ-ում կազմակերպվող աշխատանքային, գիտական հանդիպումները, միջազգային կառույցների կողմից իրականացվող փորձագիտական առաքելությունները, անցկացվող վթարային վարժանքները եւ այլն․ «Այժմ էլ հանրության լայն շրջանակներում առկա չէ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման դադարեցմանն ուղղված հանրային կարծիք»,– ասված է ՀԱԷԿ–ի պաշտոնական պատասխանում։ Հավելենք, որ թեեւ Թուրքիայում պաշտոնյաների մակարդակով պարբերաբար հնչում են հայտարարություններ հայկական ԱԷԿ-ի՝ իբր վտանգավոր լինելու վերաբերյալ, սակայն տվյալ դեպքում հայկական մեդիայում տարածված «թուրք պաշտոնյա» ձեւակերպումը ճիշտ չէ, որովհետեւ հոդվածի հեղինակը՝ Այդըն Դենիզը, ոչ թե պաշտոնյա է, այլ թուրքական «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավարը։ Հայկական ԶԼՄ-ների համար աղբյուր հանդիսացած Ermenihaber.am կայքն էլ, չնայած վերնագրում նշել է «թուրք պաշտոնյա», սակայն հրապարակման մեջ հեղինակին ներկայացրել է որպես հիշյալ կառույցի ղեկավար։ Այսպիսով, թուրքական guvengazetesi.com.tr լրատվամիջոցի հրապարակած հոդվածի պնդումները՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի մասին, անհիմն են, չփաստարկված եւ միտված են խեղաթյուրելու Հայաստանի կողմից ազգային եւ միջազգային օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը։     Միլենա Խաչիկյան
18:22 - 25 սեպտեմբերի, 2022
Ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելություն․ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքերը սխալ են ներկայացվում

Ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելություն․ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքերը սխալ են ներկայացվում

Այսօր ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարվել։ Հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ սխալ են ներկայացրել նիստի ընթացքում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչայի խոսքը։ Այսպիսով, news.am-ը գրել է, թե իբր, Յենչայի խոսքով  «ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի երկիր՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը՝ անդամ երկրներին հետագա զեկույցներով»։ Նույն բովանդակությամբ հրապակում է արել նաև lurer.com-ը։ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալը, սակայն, խոսել է ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելության մասին։ «Հայաստանի դիմումի համաձայն՝ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան՝ սահմանին իրավիճակը գնահատելու և իր անդամ պետություններին զեկուցելու համար։ ՄԱԿ-ը սերտ կապի մեջ է մտահոգ կողմերի և կազմակերպությունների հետ»,- նշել է նա իր ելությում (տեսանյութի երկրորդ ելույթը)։ Այսպիսով, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի խոսքը սխալ է ներկայացվել՝ տպավորություն ստեղծելով, թե ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան։
21:07 - 15 սեպտեմբերի, 2022
 Պետությանը խոշոր չափի վնասներ պատճառած ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումներում

Պետությանը խոշոր չափի վնասներ պատճառած ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումներում

Հայաստանում արագաչափ և անվտանգության տեսախցիկներ արտադրող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունը հունիսի մեկին  Ոստիկանության հետ կնքել է «բջջային հավելվածների ծրագրային ապահովման մշակման ծառայությունների»՝ 450 000 ընդհանուր արժեքով պայմանագիր։ 2021-2022 թվականներին ընկերությունը տարատեսակ ծառայություններ է մատուցել Մասիսի և Վեդու համայնքապետարաններին, Արդարադատության նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և պետական այլ մարմինների։  Ընկերության վերջին ամենախոշոր պայմանագրի ընդհանուր արժեքը շուրջ 534 միլիոն դրամ է՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկին տեսահսկման սարքավորումածրագրային համակարգեր մատակարարարելու համար։  Հերթական վճարումը  ԱՆ-ն կատարել է  այս տարվա մայիսի վերջին։ Նախարարությունը պայմանագիրը կնքել է 2021 թվականին, իսկ վճարումները շարունակվելու են 2022 թվականի ողջ ընթացքում։   Մատակարար «Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն հայտնի է որպես անվտանգության տեսախցիկներ և արագաչափեր արտադրող ընկերություն։ Ընկերության բաժնետերերը Ալեքսան և Գուրգեն Զաքարյաններն են։ Յուրաքանչյուրը տնօրինում է ընկերության 50 %-ը։ Եղբայրներին նույն համամասնությամբ պատկանում է նաև հայտնի «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը։  «Սեքյուրիթի դրիմը» Հայաստանի Հանրապետությանը երկար տարիներ արագաչափ տեսախցիկներ և դրանց սպասարկման ծառայություններ էր մատակարարում «Էլլիպս ՋիԷյ»-ի հետ համագործակցությամբ։  Պետությունը «Սեքյուրիթի դրիմի» հետ համագործակցությունը դադարեցրեց 2018 թվականին հարուցված քրեական գործից հետո՝ նոր պայմանագրեր չկնքելով ընկերության հետ։ Սակայն, նույն գործունեությամբ զբաղվող, նույն սեփականատերերն ունեցող և նույն քրեական գործերով անցնող «Էլլիպս ՋիԷյ»-ը շարունակում է հաղթել պետական գնումների մրցույթներում։  Զաքարյան եղբայրները Հայաստանում և Հայաստանից դուրս բազմաթիվ այլ ընկերություններ էլ ունեն։   Քրեական գործերը դեռևս քննվում են Խաբեության եղանակով պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ 2018 թվականի հունիսին քրեական գործեր էին հարուցվել, մեղադրանք էր առաջադարվել երկու ընկերության մի շարք աշխատակիցների։ Ըստ քրեական գործի նյութերի՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրենությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ «միմյանց միջև նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակում 2017 թվականի փետրվարից մինչև 2018-ի հունիս կազմել է փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր»:  Քրեական գործի շրջանակում պարզվել է պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը․ այն կազմում է ավելի քան 210 միլիոն դրամ։ Ընկերությունների աշխատակիցները մի քանի տարվա ընթացքում պետության հետ կնքված պայմանագրերով յուրացրել էին ավելի քան մեկ միլիարդ դրամ գումար։  Գլխավոր դատախազությունից, ի պատասխան Infocom-ի հարցման, հայտնեցին, որ Քննչական կոմիտեում գործի քննությունը դեռևս շարունակվում է, մեղադրանք է առաջադրված վեց անձի։ Իսկ նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը հասցված ավելի քան 290 միլիոն դրամի վնաս։ Այս տարվա փետրվարին civic.am կայքը հայտնել էր «Էլլիպս ՋիԷյ»-ի դեմ  նոր քրեական գործի մասին՝ հղում անելով Քննչական կոմիտեին։ Ըստ դրա՝ ընկերությունը հերթական անգամ դիմել էր խարդախության։ «Էլլիպս ՋիԷյ»-ի նկատմամբ այլ քրեական գործերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Դատախազությունից հայտնեցին, որ ընկերությունը «պետությանը խոշոր վնաս պատճառելու», ինչպես նաև «հարկն առանձնապես խոշոր չափով չվճարելու» նպատակով կեղծել է մի շարք փաստաթղեր և ներկայացրել կեղծ տվյալներ։ Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման՝ կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը, որի հետևանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել։ Այս քրեական գործով մեդադրանք է առաջադրված երեք անձի։ Այս տարվա հուլիսի վերջին ևս Քննչական Կոմիտեն խուզարկություն էր իրականացնում երկու ընկերությունների գրասենյակներում։ Միևնույն ժամանակ, «Էլլիպս ՋիԷյ»-ը շարունակում է մեծ և փոքր ծառայություններ մատուցել պետական մարմիններին։    Անի Ավետիսյան
15:31 - 25 օգոստոսի, 2022
Ոչ թե «կառուցողական», այլ «ոչ կառուցողական մոտեցումներ» Հայաստանից․ Բայրամովի հայտարարությունը սխալ է ներկայացվում

Ոչ թե «կառուցողական», այլ «ոչ կառուցողական մոտեցումներ» Հայաստանից․ Բայրամովի հայտարարությունը սխալ է ներկայացվում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր ալժիրցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում խոսել էր Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ հայտարարելով, թե «Հայաստանը որոշ ոչ կառուցողական մոտեցումներ է ցուցաբերում» եռակողմ հայտարարության կյանքի կոչման հարցում․ «Ադրբեջանը հարևան երկրների հետ նորմալ հարաբերությունների ձևավորման կողմնակից է: Մենք կարող ենք առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման առումով՝ հիմնված սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի վրա»,- ասել էր Բայրամովը։  Վերջինիս այս հայտարարությունը, սակայն, սխալ է ներկայացվել նախ ադրբեջանական, ապա՝ հայկական լրատվամիջոցներում։ Լուրերը սկզբնական շրջանում տարածվել էին՝ Բայրամովին վերագրելով «Հայաստանը կառուցողական մոտեցումներ է ցուցաբերում» հայտարարությունը։ Ժխտական մասնիկի բացակայությամբ լուրը տարածել էր նաև «Ազատություն» ռադիոկայանը, որի հայերեն բաժինը հետագայում ուղղեց սխալը, իսկ անգլերենում այն շարունակում է մնալ սխալ։ Սխալ տարբերակը տարածել են նաև 1in.am-ը, 5tv.am-ը,  «Առավոտ»-ը, aysor.am-ը  և այլ կայքեր՝ հղում անելով կա՛մ ադրբեջանական կայքերին, կա՛մ «Ազատություն» ռադիոկայանին։ Հայտարարության սխալ մեկնաբանության սկզբնաղբյուրը ադրբեջանական կայքերն են, ամենայն հավանականությամբ պետական ԱՊԱ գործակալությունը, որը ևս հրապարակելուց հետո ուղղել է սխալը։ Թեպետ սխալը ուղղելը շատ ժամանակ չի պահանջել ադրբեջանական կայքերից, հայկական մամուլում և սոցիալական ցանցերում թեման շարունակվում է քննարկվել և շահարկվել։  «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը Բաքվի հռետորաբանության ենթադրյալ փոփոխությունը կապել է «ստվերում ինչ-որ իրադարձությունների» հետ։ Նման եզրակացություններ արել են նաև այլ օգտատերեր։  Բաքվի, հռետորիկան, սակայն «մեկ գիշերում» ամենևին էլ չի փոխվել, պարզապես լրատվականները բաց էին թողել «ոչ» ժխտական մասնիկը։  Բայրամովը և Ադրբեջանի այլ պաշտոնյաներ Հայաստանի «ոչ կառուցողական մոտեցումների» և «Զանգեզուրի միջանցքի» հարցը հետաձգելու մասին ակտիվորեն խոսում էր նաև նախորդող օրերին։  Անի Ավետիսյան
19:38 - 10 օգոստոսի, 2022
Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվել․ Գառնիկ Դավթյանը սխալվում է

Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվել․ Գառնիկ Դավթյանը սխալվում է

Երեկ՝ «168.am»-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը խոսեց «Նիկոլ Փաշինյանի հակառուսական գործողությունների մասին»։  «Ժամանակին մտածում էինք, որ Նիկոլ Փաշինյանը․․․ Ռուսաստանի հետ հարաբերությունների անկման համատեքստում, օրինակ, չդիմավորեց Պուտինին օդանավակայանում, տարատեսակ հակառուսական հայտարարություններ արեց, մեդիայից կտրեց ռուսական ալիքների հեռարձակումը»։ Գառնիկ Դավթյանը, սակայն, սխալվում է․ Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվել։ 2020-ին, երբ պետք է ընդունվեր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, խոսակցություններ կային, որ օրենքի նախագիծը հակառուսական է։ Պատճառը օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետն էր, որով սահմանվում էր․ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողները, եթե այլ բան նախատեսված չէ մինչև սույն դրույթն ուժի մեջ մտնելը կնքված միջազգային պայմանագրով»: 2020-ի դրությամբ գործող օրենսդրությամբ օտարերկրյա լրատվամիջոցները կարող էին լիցենզիա ստանալ։ Նոր օրենքով սահմանվում էր, որ օտարերկրյա լրատվամիջոցները չեն կարող հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու լիցենզիա ստանալ։ Այս լրավտամիջոցները, սակայն, Հայաստանում կարող են գործել պայմանագրի հիման վրա։ Օրենքի նախագծին 2020-ին անդրադարձել էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը․ «Այս հարցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա»:  «Ազատության» եթերում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հերքել էր, որ նախագծով ենթադրվում է փակել ռուսական ալիքները։ «Բոլոր երկրները ունեն հանրային մուլտիպլեքս, որը եթե մենք համեմատենք սպառողական զամբյուղի հետ, այնտեղ մտնում է տեղեկատվական այն նվազագույն զամբյուղը, որը ցանկացած մարդ Հայաստանում, ով ունի հեռուստացույց, կարող է տեղեկատվական ապրանքը սպառել: Այստեղ պետությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի կստանա այն նվազագույն փաթեթը տեղեկատվության, որն ինքը երաշխավորում է: Դա հանրային մուլտիպլեքսն է, որտեղ այսօր, բացի տեղական հեռուստաընկերություններից, հեռարձակվում են նաև օտար հեռուստաընկերություններ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ աշխարհում որևէ այլ երկիր չկա, որտեղ հանրային մուլտիպլեքսում լինեն հասարակական, քաղաքական ուղղվածություն ունեցող օտար հեռուստաալիքներ: Խնդիրը նոր օրենքով կարգավորում է հենց այդ հանրային մուլտիպլեքսը, որտեղ օտար հեռարձակողները կարող են հեռարձակվել միայն միջպետական կամ միջկառավարական կամ միջազգային պայմանագրերով: Խոսքը չի գնում փակելու մասին, հարյուրավոր օտար հեռարձակողների մասին, որոնք առկա են կաբելային ցանցերում, արբանյակներում և այլն, խոսքը գնում է միայն հանրային մուլտիպլեքսի մասին»,- նշել էր ՀՌՀ նախագահը:  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ուժի մեջ մտավ 2020-ի օգոստոսի 7-ին։ 2011-ին տրամադրված լիցենզիաներով Հայաստանում հեռարձակվում էին ռուսական «РТР планета», «Первый канал» և «Культура» հեռուստաալիքները։ «РТР планета»-ն հեռարձակվում է ՀՀ ողջ տարածքում, մյուսները՝ մայրաքաղաք Երևանում։ Հայաստանում հեռարձակվում էր նաև ռուսական «Мир»-ը, սակայն միջպետական պայմանագրի հիման վրա։ ՀՌՀ-ի՝ 2021-ի տարեկան հաղորդման մեջ նշվում է․ «Մինչև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ուժի մեջ մտնելն օտարերկրյա տեսալսողական ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվում էին լիցենզիայի հիման վրա, սակայն 2021 թվականից հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա տեսալսողական ծրագրերի հեռարձակումներն իրականացնում են առանց լիցենզիայի՝ միջպետական պայմանագրի հիման վրա»: Տարեկան հաղորդումից նաև տեղեկանում ենք, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2020 թ․ դեկտեմբերի 30-ին կնքվել է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, որի համաձայն՝ յոթ տարի ժամկետով հեռարձակվում են նախկինում լիցենզիայի հիման վրա հեռարձակված հեռուստաընկերությունները: Միջպետական պայմանագրով հեռարձակվում է նաև «Мир»-ը։ Մինչև նոր օրենքի ընդունումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում էր նաև ամերիկյան CNN-ը։ 2021-ից, սակայն, CNN-ն այլևս չի հեռարձակվում։ ՀՌՀ նախագահ Տիգրան Գրիգորյանը նշել էր՝  պատճառն այն է, որ ԱՄՆ–ում պետական հեռուստաընկերություններ չկան, և ԱՄՆ–ն չի կարող, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանի հետ միջպետական պայմանագիր կնքել։ Այսպիսով, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանում օտարերկրյա լրատվամիջոցները լիցենզիա չեն կարող ստանալ, սակայն կարող են գործել միջպետական պայմանագրերի հիման վրա։ Իսկ մինչև օրենքի ընդունումը Հայաստանում հեռարձակված ռուսական հեռուստաալիքները շարունակում են հեռարձակվել նաև հիմա՝ արդեն միջպետական պայմանագրի հիման վրա։ Աննա Սահակյան
17:47 - 10 օգոստոսի, 2022