Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

ԼՂ դեմ սանձազերծված պատերազմը, ագրեսիվ հարձակումը Հայաստանի 3 մարզերի ուղղությամբ պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը. ՀՀ ՄԻՊ

ԼՂ դեմ սանձազերծված պատերազմը, ագրեսիվ հարձակումը Հայաստանի 3 մարզերի ուղղությամբ պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը. ՀՀ ՄԻՊ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ՄԱԿ-ի թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանի ելույթը՝ ստորև. «Ձերդ գերազանցություն փոխնախարար, Ձերդ գերազանցություն դեսպաններ, Մեծարգո տիկին մշտական համակարգող Քաղաքացիական հասարակության սիրելի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք։ Պատիվ է մասնակցել Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը ՄԱԿ-ի 1325 բանաձևի ներքո Հայաստանի մշակած ազգային ծրագրի բացման միջոցառմանը։ Այս բանաձևի ու ազգային ծրագրի հետևողական իրականացման կարևորությունն էլ ավելի է հաստատվում տարածաշրջանային ու միջպետական հակամարտությունների աճի ու միջազգային մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի ճգնաժամի ֆոնին։ Հայաստանում մենք շատ լավ գիտենք խաղաղության ու անվտանգության գինը, մենք մեր ընտանիքների, հարազատների ու հենց մեր մաշկի վրա արդեն տասնամյակներ ամեն օր զգում ենք խաղաղության ու անվտանգության կործանարար դեֆիցիտը մեր տարածաշրջանում։ «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2022 թվականի զեկույցն իրոք մտահոգիչ պատկեր է ներկայացնում։ Այսպես, գլոբալ առումով արձանագրվել է ռազմական բյուջեների աննախադեպ աճ՝ հասնելով պատմական մաքսիմումի (2.1 տրիլիոն ԱՄՆ դոլարի), այն ֆոնին, որ էականորեն նվազել են հակամարտությունների գոտիներում գործող կանանց կազմակերպություններին հատկացվող գումարները։ Անգամ ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղաշինական առաքելություններում կանանց թիվը նվազել մինչև 19%՝ համեմատած 2020 թ. 23%-ի հետ։ Սրանք պարզ փաստեր են, որոնք կարելի է լրացնել շատ ավելի բարդ վերլուծություններով։ Սակայն պարզ հարց է առաջանում՝ իսկ միգուցե պատճառահետևանքային կապ կա այս տենդենցների միջև։ Հարգելի ներկաներ, Կանանց մասնակցությունը խաղաղաշինությանն ու անվտանգությանը գենդերային հավասարության ապահովման հարց չէ, այն ազգային, տարածաշրջանային ու եթե կուզեք գլոբալ անվտանգության հարց է։ Հայաստանի անվտանգության հարցերով որշումներ կայացնող մարմնի կազմերում (անկախ տարբեր ժամանակահատվածում դրանց տարբեր անուններից ու սահմանադրաիրավական կարգավիճակներից) երբևէ կին չի եղել՝ առ այսօր։ Որքա՞ն կարելի է բնակչության միայն ուղիղ կեսի ինտելեկտի ու իմաստնության վրա հիմնել ամբողջ բնակչության անվտանգությունն ու խաղաղությունը։ Սա անթույլատրելի ճոխություն է։ Բայց մյուս կողմից, մենք՝ կանայք, պետք է գիտակցենք ստեղծված վիճակի լրջությունն ու առավել ակտիվ ու համաձակ լինենք խաղաղաշինության ու անվտանգության ապահովման նախաձեռնություններում, խոսակցություններում, մասնագիտացման հարցերում, քանի որ միայն տղամարդիկ ակնհայտորեն դա լավ չեն անում։ Այլ կերպ ասած՝ մեր բոլորի խաղաղությունն ու անվտանգությունը մեր իսկ բոլորի կարիքն ունի։ Հայաստանի սահմանամերձ համայնքներում իմ այցերն ու շփումները պարզորոշ ցույց են տալիս, որ կանայք ու աղջիկներն առավել խոցելի են զինված հարձակումների, տեղահանումների, ճգնաժամային այլ իրավիճակների ու պարզապես՝ սողացող ու մշտարթուն պատերազմի պայմաններում ուղղակի ամեն օր ապրելու, նպատակներ իրականացնելու, իրենց երեխաներին խնամելու ու դասիարակելու, ընտանիքներ կառուցելու և պահպանելու, աշխատելու հարցերում։ Ադրբեջանի կողմից 2020 թ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը, այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիվ հարձակումը Հայաստանի երեք մարզերի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնաչությանն ու կենսական ենթակառուցվածքները, այդ թվում՝ տարհանման ճանապարհները, ու մինչ օրս շարունակվող ներխուժումը, պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը։ Յուրատեսակ խոցելի են զինված ուժերում ծառայող կանայք՝ այնպիսի ռեժիմների ու պետությունների դեմ իրենց պարտքը կատարելիս, որտեղ կնատյացությունն ու հասարակության մեջ կնոջ դերի դեգրադացված պատկերացումներն ուղղակի վտանգավոր չափերի են ու համընդհանուր կանոն։ Այո՛, վառ օրինակը այս տարվա սեպտեմբերի հարձակման ընթացքում ադրբեջանական զինուժի զարհուրելի գործողություններն են հայ կին զինծառայողների նկատմամբ և առավել վտանգավոր է այն, թե կնատյացության ու էթնիկ ատելության նման սենտիմենտներն ինչպիսի ընդգրկում ունեն ադրբեջանական հանրության շրջանում։ Հարգելի ներկաներ, Ինչպես արդեն ասացի, խաղաղության ու անվտանգության լուծումները մեր կարիքն ունեն, ու յուրաքանչյուրս մեր տեղում գործ ունենք անելու։ Ահա այս միտքն է ինձ ոգեշնչել ստեղծելու Պաշտպանին առընթեր կանանց հարցերով խորհուրդ, որտեղ Հայաստանի հատկապես մարզերում գործող կանանց կազմակերպությունների ձայնն առավել լսելի ու մասնակցությունն առավել արդյունավետ դարձնելն է։ Մեր նպատակն է միավորելու ջանքերը՝ կանանց օրակարգերն առաջ մղելու, կանանց իրավազորելու ու ոգեշնչելու, որ իրավատեր լինեն մեր բոլորի կայուն, խաղաղ ու անվտանգ կյանքի համար։ Այս տարվա սեպտեմբերի սկզբին կայացած մեր առաջին իսկ հանդիպմանն ընթացքում Խորհրդում համաձայնության ենք եկել մի գործողության ծրագրի շուրջ, որի նպատակն է ավելացնել կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը իրավապահ համակարգերում։ Պայմանավորվել ենք հաջորդիվ աշխատել զինված ուժերում կանանց առավել իմաստալից ներգրավման ուղղությամբ։ Մեր գործողությունների ծրագիրը տրամաբանորեն ներդաշնակ է «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի հետ և ապահովելու է մի շարք գործողությունների ուղղակի կատարումը։ Ամփոփելով՝ թույլ տվեք բոլորիս շնորհավորել կատարված աշխատանքի համար ու մաղթել ուժ, նվիրում ու եռանդ՝ ծրագիրը կյանքի կոչելու համար»։ 
15:56 - 02 նոյեմբերի, 2022
Բաքվում հայ գերիների դատավարությունները նպատակ ունեն ահաբեկելու հայ հասարակությանը. ՀՀ ՄԻՊ-ը՝ Մոնպելիեի փաստաբաններին

Բաքվում հայ գերիների դատավարությունները նպատակ ունեն ահաբեկելու հայ հասարակությանը. ՀՀ ՄԻՊ-ը՝ Մոնպելիեի փաստաբաններին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգին, ներկայացուցիչներ Լյուկ Կիղքյաշաղյանին, Ամին ֆաղաժին, Նաիրա Զորոյանին։ ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանը ողջունել է և շնորհակալություն հայտնել պալատի ներկայացուցիչներին հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության համար կատարած աշխատանքի համար, ապա ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, դերն ու մանդատը։ Գրիգորյանը խոսել է փակ հաստատություններ այցերի, մշտադիտարկումների մասին, տեղեկացրել, որ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփվում են ՄԻՊ-ի զեկույցներում։ Պաշտպանն անդրադարձել է քաղաքացիների կողմից ստացված դիմումներին, ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում Պաշտպանի միջամտությամբ դրական լուծում ստացած դիմումների թվի աճ է նկատվում. «Մեզ համար նպատակն է ոչ թե ասել՝ իրավունքի խախտում է եղել (պետական մարմնի կողմից), այլ աշխատելը, որ անձի իրավունքը վերականգնվի»,-նշել է Գրիգորյանը։ Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ-ում մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին՝ շեշտադրում անելով անվտանգային հարցերի վրա։ Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքներին, ներկայացրել իրավունքների շարունակական խախտումներն ու պատերազմական հանցագործությունները, որոնք արձանագրվել են Պաշտպանի արտահերթ զեկույցներում։ Գրիգորյանը խոսել է նաև Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող դատավարությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք արհեստական են և ավելի շատ նպատակ ունեն ահաբեկելու թե ընտանիքներին և թե հայ հասարակությանը։ Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար՝ նշելով, որ շատ կարևոր է տեղեկացված լինել Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի մասին և այն ներկայացնել աշխարհին։
10:31 - 27 հոկտեմբերի, 2022
2018-ից ի վեր Հայաստանը էական որակական առաջընթաց է գրանցել երկրի ժողովրդավարության ամրապնդման հարցում. ՀՀ ՄԻՊ

2018-ից ի վեր Հայաստանը էական որակական առաջընթաց է գրանցել երկրի ժողովրդավարության ամրապնդման հարցում. ՀՀ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, մասնակցել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» Արևելյան Հարևանության տարածաշրջանի ամենամյա համաժողովի պանելային քննարկմանը: Պաշտպանը ելույթ է ունեցել «Երկրի առաջընթացը բարեփոխումների և մարդու իրավունքների ոլորտում» թեմայով:   Ելույթում Պաշտպանը նշել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը էական որակական առաջընթաց է գրանցել երկրի ժողովրդավարացման և ժողովրդավարության ամրապնդման հարցում՝ ջանալով կառուցելով ամուր և դիմակայուն ինստիտուտներ։ Գրիգորյանը խոսել է ընտրական համակարգի բարեփոխումների մասին՝ նշելով, որ քանիցս անց են կացվել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Այս գնահատականը վերահաստատվել է անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների կողմից։ Միևնույն ժամանակ նշել է, որ տեղական ընտրությունների անցկացումը շարունակում է խնդիրներ բացահայտել, որոնք պետք է հասցեագրվեն։   Պաշտպանը խոսել է նաև դատական համակարգի փոփոխությունների վերաբերյալ. «Հայաստանը դեռևս պայքարում է իր բարեփոխումների համար, որոնց նպատակն է ապահովել անկախ, հաշվետու և արդյունավետ դատական համակարգ՝ ինչ-որ կերպ բարձրացնելու հանրային վստահությունը համակարգի նկատմամբ։   Բարեփոխումների այս ոլորտը, իմ գնահատմամբ, վերջին տարիների ընթացքում մեկ քայլ առաջ է, երկու քայլ՝ հետ։ Միևնույն ժամանակ ողջունելի զարգացումներ են դատավորների համար բարեվարքության ստուգման մեխանիզմների ներդրումը, հայտարարագրման առավել ամբողջական համակարգի ներդրումը, ինչպես նաև նոր մասնագիտացված դատարանների ստեղծումը»,- նշել է Գրիգորյանը:   Պաշտպանը ելույթում անդրադարձել է իրավապահ համակարգի բարեփոխումներին՝ կարևորելով քաղաքացիական վերահսկողության դերը՝ որպես ժողովրդավարական կառավարման հիմնաքար: Անդրադարձել է նաև գենդերային հավասարությանը, կանանց ներգրավվածությանը պետական կառավարման համակարգում: Խոսելով բարեփոխումների խոչընդոտների, մարտահրավերների մասին՝ Գրիգորյանը ասել է. «Առաջին հերթին ամենամեծ մարտահրավերն անվտանգության անմիջական սպառնալիքներն են և շատ անկայուն անվտանգային իրավիճակը երկրում և տարածաշրջանում»:   Նրա խոսքով՝ այս մարտահրավերը եզակի է դարձնում Հայաստանի իրավիճակը ժողովրդավարական բարեփոխումների համար և շատ հաճախ ժողովրդավարության, մարդու իրավունքների օգտին կատարված ընտրությունը քննադատվում է շատերի կողմից. «Արդյո՞ք ժողովրդավարական ուղին տեղին է մեր երկրի անվտանգության մարտահրավերների համար, թե՞ օրինակ՝ ավտորիտար քայլերը կարող են ավելի լավ անվտանգություն ապահովել»։ Պաշտպանը շեշտել է, որ որքան էլ նման հարցերի առկայությունը բացատրելի է, այդուհանդերձ, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները անվտանգության կարևոր բաղադրիչներն են և Հայաստանը պետք է շարունակի այս ուղղությամբ առաջ շարժվել։   Պանելային քննարկմանը մասնակցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:   Համաժողովին ներկա էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:   Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը» (GGF) խիստ արձագանքող, հարմարվողական և պահանջարկի վրա հիմնված հիմնադրամ է, որը հիմնականում կենտրոնացած է մի շարք զարգացող երկրներում կառավարման և տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար տեխնիկական աջակցություն տրամադրելու վրա: 2017 թվականին Միացյալ Թագավորության կառավարությունը հավանություն է տվել «Լավ կառավարման հիմնադրամի» ընդլայնմանը` ներառելով Հայաստանը:   Այս տարի Արևելյան հարևանության տարածաշրջանի GGF համաժողովը հոկտեմբերի 19-21-ը անց է կացվում Երևանում:
15:29 - 20 հոկտեմբերի, 2022
Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռ չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի մարմինները. ՀՀ ՄԻՊ
 |1lurer.am|

Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռ չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի մարմինները. ՀՀ ՄԻՊ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված 1-2 օրվա տարբերությամբ սեպտեմբերի 13-ից հետո անհետ կորածների թվի մասին տեղեկության տարբեր լինելը: «Ուշադրություն դարձրեք, տարբեր օրերին այդ թվերը կարող են փոխվել: Օրինակ՝ ամսի 16-ի դրությամբ միայն մեր գրասենյակ հարազատների, ընտանիքների կողմից ունեինք 40-ից ավելի դիմում, պնդում էին՝ իրենց հարազատն անհետ կորած է: Այդ ընթացքում մոտ 130 մարմին էր փոխանցվել, նույնականացման գործընթացում այս թվերը փոփոխվեցին: Մյուս կողմից էլ ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների գտնվելու մասին: Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները»,- ասաց Գրիգորյանը:
13:56 - 20 հոկտեմբերի, 2022
ՄԻՊ-ը Տոյվո Կլաարից ստացել է ենթադրյալ ռազմական հանցագործություն պատկերող տեսանյութերը

 |factor.am|

ՄԻՊ-ը Տոյվո Կլաարից ստացել է ենթադրյալ ռազմական հանցագործություն պատկերող տեսանյութերը |factor.am|

factor.am: ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը Եվրոպական Միության Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարից ստացել է իր կողմից ավելի վաղ թվիթերյան միկրոբլոգում հիշատակված տեսանյութերը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ «Այդ տեսանյութերի վերաբերյալ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից»,- մանրամասնում են կառույցից՝ ընդգծելով, որ Պաշտպանի հաստատությունը դեռևս 2021 թվականին տեղեկացված է եղել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հարուցված են քրեական գործեր պատերազմական հանցագործությունների փաստերի առնչությամբ։ Ավելի վաղ Քրիստինե Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին խնդրել էր տեսանյութեր տրամադրել իրեն, որոնք, ըստ Կլաարի գրառման, «կարող են վկայել ադրբեջանցի գերիների խոշտանգումների կամ մարմիններն անարգելու մասին»: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները անզեն հայ գերիների գնդակահարում։
17:07 - 19 հոկտեմբերի, 2022
Պաշտպանը շվեյցարական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքները

Պաշտպանը շվեյցարական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքները

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը։ ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել Հայաստան և ՀՀ ՄԻՊ գրասենյակ այցի համար, ապա ներկայացրել հաստատության գործառույթները, դերը և մանդատը: Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումներին ու հումանիտար իրավիճակին, ներկայացրել է պատերազմական հանցագործությունները, որոնք արձանագրված են Պաշտպանի արտահերթ զեկույցներում։ «Չկա անվտանգություն առանց մարդու իրավունքների և երաշխավորված չեն մարդու իրավունքներն առանց անվտանգության»,- շեշտել է Գրիգորյանը: Պաշտպանը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին՝ ներառյալ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առաջնահերթություններին։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կատարվող աշխատանքի համար։
12:35 - 17 հոկտեմբերի, 2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է Ներքին Հանդ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այցելել է Ներքին Հանդ

Հոկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք, որը սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով անվտանգային առավել դժվար իրավիճակում է հայտնվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը։ «Պաշտպանը հետաքրքրվել է համայնքի բնակիչների անվտանգության ապահովման, կենսական ենթակառուցվածքներից ու հաղորդակցության ուղիներից օգտվելու, բնակիչների սեփականության իրավունքի խախտումների փաստերից։ Պաշտպանն արձանագրել է, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ագրեսիվ ու շարունակվող ոտնձգության հետևանքով համայնքի բնակիչների, հատկապես կանանց ու երեխաների համար ստեղծվել է առավել դժվարին իրավիճակ՝ հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության, բնականոն կենսաապահովման, սեփականության ու կրթության իրավունքի և այլ հիմնարար իրավունքների իրացման համար։ Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է բնակիչներին, որր փաստահավաք առաքելության հետևությունները կներկայացվեն ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ կոնկրետ առաջարկություններ կուղարկվեն կառավարությանը՝ առաջարկելով լուծումներ արձանագրված խնդիրների համար։ Պաշտպանին ուղեկցել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը»։
11:43 - 15 հոկտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը Էստոնիայի դեսպանին է ներկայացրել հայ ռազմագերիների խոշտանգման փաստերը

ՀՀ ՄԻՊ-ը Էստոնիայի դեսպանին է ներկայացրել հայ ռազմագերիների խոշտանգման փաստերը

Հոկտեմբերի 13-ին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ռինա Կալյուրանդին: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ-ի գործառույթները, դերը և մանդատը: Ներկայացրել է Պաշտպանին առընթեր ձևավորված կանանց իրավունքների հարցերով խորհրդի աշխատանքները, նշել նպատակները: Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է, որ կանանց իրավունքների հարցերով խորհրդի կազմում ներգրավված են հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ, որոնց մեծ մասը ՀՀ մարզերից են: Պաշտպանը խոսել է նաև կնոջ դերի մասին՝ անվտանգության և խաղաղության համատեքստում՝ շեշտելով, որ կարևորում է կանանց առավել ակտիվ ներգրավվումը իրավապահ կառույցներում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքներին, որի ընթացքում 3 մարզերից տարհանվել է 7600-ից ավելի մարդ, որից 1437 երեխա, 99 հաշմանդամություն ունեցող անձ: Նշել է, որ թիրախավորվել են կենսական քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ դպրոցները, վիրավորվել է 7 քաղաքացիական անձ, սպանվել՝ 4-ը: Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների խոշտանգման, գերիների արտադատական սպանությունների ու անդամահատումների փաստերը, որոնք ամփոփված են Պաշտպանի  հրապարակած արտահերթ զեկույցներում: Պաշտպանը խոսել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարածքային ստորաբաժանումների մասին և կարևորել դրանց դերը կատարվող աշխատանքներում, նշել է, որ եկող տարի նախատեսվում է 5-րդ տարածքային ստորաբաժանման բացումը: Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին և ՄԻՊ թիմին կատարած աշխատանքի, փաստահավաք աշխատանքների և հայտարարությունների համար: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:  
16:59 - 14 հոկտեմբերի, 2022
ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին. ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին

ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին. ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին: Հանդիպման ընթացքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից արձանագրված Ադրբեջանի սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները, անդրադարձել հայ զինծառայողների, ներառյալ ռազմագերիների, նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի փաստարկված դեպքերին, այդ թվում կին զինծառայողների նկատմամբ։ Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հայ զինծառայողների արդարադատական սպանությունների մասին փաստերը՝ ընդգծելով միջազգային դերակատարների կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտման կարևորությունը։ Պարոն Վիննիկովը շնորհակալություն է հայտնել համապարփակ ներկայացման համար և նշել, որ ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, այդ թվում ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման, ինչպես նաև անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության շրջանակներում։
12:19 - 14 հոկտեմբերի, 2022
Հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքի վրա ադրբեջանական ԶՈՒ հարձակման ընթացքում․ ՀՀ ՄԻՊ

Հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքի վրա ադրբեջանական ԶՈՒ հարձակման ընթացքում․ ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակը հայտարաություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․   «Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։   Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը տեղորոշել է վայրը, հաստատում ենք, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։ Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ Այս փաստերն ի թիվս այլ ապացույցների՝ հաստատվում են սույն թվականի հոկտեմբերի 4-ին հայրենադարձված հայ ռազմագերիների վկայություններով։   Նշված փաստերը մանրամասներով փաստաթղթավորվել են և կուղարկվեն միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու դերակատարներին։   Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցանքները շարունակում են մնալ անարձագանք, իսկ անպատժելիությունը նրանց քաջալերում է նոր ու ավելի ծանր հանցանքներ գործելու համար։ Այս արարքները պետք է հստակորեն դատապարտվեն միջազգային իրավասու դերակատարների կողմից։ Միջազգային հանրությունը պետք է առավել հետևողականորեն պահանջի ադրբեջանական իշխանություններից պատշաճ քննություն իրականացնել և հանցագործներին ու կազմակերպիչներին մեդալներով զարդարելու փոխարեն պատժել նրանց»։    
15:12 - 12 հոկտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները

ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ ՄԻՊ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։ Իր խոսքում Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։  Իր խոսքում պարոն Ռոքվոյը կարևորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները և հայտնել պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։
14:00 - 11 հոկտեմբերի, 2022
Պաշտպանի թիմերն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած զինծառայողների հետ. Քրիստիննե Գրիգորյան

Պաշտպանի թիմերն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած զինծառայողների հետ. Քրիստիննե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ներկայացրել է սեպտեմբերի 13-ից մեկնարկած Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման ու դրան հաջորդած օրերի ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հրապարակված արձանագրված, փաստագրված մարդու իրավունքների շարունակական ու համատարած խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցները։   Սեպտեմբերի 16-ին հրապարակված զեկույցում ներկայացվել են սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած իրադարձությունները, զեկույցն ունի նաև փակ հատված։   Հոկտեմբերի 4-ին հրապարակվել է զեկույցի թարմացված տարբերակ՝ ամբողջական փաստական տվյալներով, և առանձին փակ զեկույց խոշտանգումների և վատ վերաբերմունքի փաստերով:   Զեկույցի բաց հատվածում ներկայացվել են մարդու իրավունքների խախտումները՝ քաղաքացիական անձանց թիրախավորում, քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների թիրախավորում, երեխաների իրավունքների խախտումներ, հաշմանդամություն ունեցող անձանց խախտումներ։   Առանձին հատված է առանձնացվել հայատյացության օրինակների վերաբերյալ: «Զեկույցներում ներկայացված փաստերը Պաշտպանի կողմից ապացուցման, հաստատման մեր ստանդարտով ճշտված տեղեկություններն են»,- ասել է Գրիգորյանը։   Պաշտպանը խոսել է նաև ադրբեջանական կողմից տեղեկատվական հարձակումների, Ադրբեջանում հայատյացության քաղաքականության, տարբեր սոցհարթակներում ադրբեջանական հարձակման խմբերի մասին. «Մենք ունենք իրենց ստացած կարգադրությունների վերաբերյալ ապացույցներ, թե կոնկրետ ում էջերի վրա պետք է հարձակվել»։   Ինչ վերաբերում է հայ գերեվարված զինծառայողների սպանության տեսանյութին, կին զինծառայողների մարմինների անարգման, անդամահատման դեպքերին ու Ադրբեջանում նմանատիպ դեպքերի վերաբերյալ իրականացվող իբր քննություններին, Գրիգորյանն ասել է. «Նման գործեր հարուցելն ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային հանրության աչքին շղարշ ստեղծել է»։   Պատասխանելով լրագրողի հարցին՝ ադրբեջանական զինծառայողների կողմից հայ գերեվարված զինծառայողների սպանության տեսանյութի վերաբերյալ միջազգային արձագանքի վերաբերյալ, Գրիգորյանն ասել է, որ այն բավականաչափ արագ էր ու հասցեական։   Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ հանցագործությունների մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, Գրիգորյանն ասել է, որ դիմել է վերջինիս. «Ես խնդրել եմ ինձ տրամադրել այն տեսանյութերը, որոնք իր համոզմամբ, կարծիքով՝ կարող են առերևույթ խոսել հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական զինվորների կամ գերիների մարմինների խոշտանգումների վերաբերյալ։ Նա ասել է, որ անպայման կուղարկի, սակայն մինչ այս պահը ես չունեմ այդ տեսանութերը»։   Հարցին՝ արդյոք այցելե՞լ է գերությունից վերադարձած զինծառայողներին, Գրիգորյանն ասել է, որ Պաշտպանի թիմերն անհատական առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ, ինչի վերաբերյալ հաստատությունն առանձին զեկույց է ներկայացնելու։   Գրիգորյանը նաև պատասխանել է, որ փորձել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալ այդ թվում ադրբեջանցի իր կոլեգայից, որն այդպես էլ չի արձագանքել։    
16:59 - 07 հոկտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Կլաարին՝ պահանջելով ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու նյութերը

 |armenpress.am|

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Կլաարին՝ պահանջելով ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու նյութերը |armenpress.am|

armenpress.am: ՄԻՊ-ը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և խնդրել, որպեսզի իրեն տրամադրի այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։ Անդրադառնալով Կլաարի թվիթերյան գրառմանը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը: Նշենք, որ ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարության տեսանյութից հետո Կլաարը գրառում էր արել` դատապարտելով այն։ Դրան հաջորդել էր Կլաարի մեկ այլ գրառումն այն մասին, թե մի քանի տեսանյութ է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված, իբր, պատերազմական հանցագործությունների մասին։ «Իմ հանձնառությունն եմ հայտնել` հետևել այդ հաղորդագրություններին ու դրանց մասին հայտնել ՀՀ իրավապահներին։ Կլաարը պատասխանել է, որ կուղարկի այդ տեսանյութն ինձ, սակայն մինչ այս պահը դեռ չի ուղարկել»,-ասաց Գրիգորյանը։ Գրիգորյանը մեկնաբանեց նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում գերեզմանների հայտնաբերման լուրին, որտեղ, իբրև թե ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորություն է կատարվել։ «Կարևոր եմ համարում բոլոր հնարավոր հանցագործությունների օբյեկտիվ քննությունը, սակայն սոցցանցերում շրջանառվող տեսանյութը խնդրահարույց է: Իմ համոզմամբ՝ այդ հարցով պետք է զբաղվի փորձագետների անկախ միջազգային խումբը»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ տեսագրությունն իր համար արժանահավատ չէ։
14:03 - 07 հոկտեմբերի, 2022
Քրիստիննե Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելել են Սյունիքի մարզ

Քրիստիննե Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելել են Սյունիքի մարզ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, վերջինիս հետ զրուցել սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։   Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։   Այնուհետև Պաշտպանն ու դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին։   Վերիշեն համայնքում հանդիպել են հրետակոծության եւ արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին, ինչպես նաև՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի։ Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։  
15:34 - 05 հոկտեմբերի, 2022
ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը

ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը։ Պատրաստվել է նաև հատուկ փակ զեկույց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։    Պաշտպանն իր հրապարակային զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, ներկայացրել մեծածավալ փաստահավաք աշխատանքների արդյունքները։   Անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող հայ զինծառայողների նկատմամբ ֆիզիկական բռնության, նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի և ծաղրանքի, այնպես էլ զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների կադրերին, որոնք բուռն քաջալերման ու գովաբանման են արժանացել ադրբեջանական հազարավոր օգտատերերի կողմից։   Ներկայացվել են նաև Ադրբեջանի կողմից էթնիկ հայատյացության քաղաքականությանը բնորոշ այլ փաստեր։   Պաշտպանն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել կին զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը փաստող տեսանյութերին, որոնք ակտիվ տարածվում էին ադրբեջանական սոցիալական կայքերում և տարբեր հարթակներում։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ տեսանյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ կանանց նկատմամբ բռնությունը, նրանց մարմինների խոշտանգումը կատարվել է ոչ միայն ազգային, այլև գենդերային ատելության շարժառիթով։   Պաշպանը զեկույցում շեշտել է, որ հաճախակի բնույթ է կրել զոհված զինծառայողների մարմինների/մարմինների մասերի հրապարակումներին ուղեկցող «լավագույն հայը մահացած հայն է» և «լավագույն հայուհին մահացած հայուհին է» գրառումները։   Ատելության ու բռնության կոչեր հնչել են ինչպես սոցիալական ցանցերի օգտատերերի, այնպես էլ հասարակական ու քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից։ Զեկույցում ներկայացվում է նաև, որ ատելության խոսքը քարոզվում ու վերատադրվում է դպրոցներից սկսված մինչև պետական պաշտոնյաների ելույթներով։ Վերլուծված են կոնկրետ օրինակներ։   Պաշտպանի փաստահավաք աշխատանքները և մեդիամոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնատար անձինք և հասարակական գործիչները ՀՀ իշխանությունների, զինված ուժերի, և նույնիսկ քաղաքացիական անձանց գործողությունների մասին իրենց խոսքում օգտագործում են «հայկական ֆաշիզմ» արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետության՝ «ֆաշիստական պետություն» լինելու գաղափարը բազմիցս արտահայտվել է Ադրբեջանի նախագահի կողմից, և հիմնվում է վերջինիս կողմից արվող այն պնդման վրա, որ ՀՀ ներկայիս տարածքը «պատմական ադրբեջանական հողերի» վրա է կառուցված։   Զեկույցում ներկայացվում է նաև դեռևս 2022թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին Պաշտպանի փաստահավաք առաքելության կողմից արձանագրված ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության ահաբեկման վերաբերյալ հավաստող փաստեր։ Հիմնավորվել է, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից խաղաղ բնակչության ահաբեկման ու վնասման գործողությունները, որպես էթնիկ ատելության շարժառիթով պայմանավորված ու հրամանատարության կողմից համակարգված գործողություններ, փաստացի միտված են եղել սեպտեմբերյան ագրեսիայի համար հիմքեր նախապատրաստելուն, քանի որ հիմնականում թիրախավորել են սեպտեմբերին հարձակման ենթարկված համայնքները։   Հրապարակային զեկույցի հաջորդ գլուխներում անդրադարձ է կատարվում մարդասիրական հարցերին, տեղահանված ու ռազմական ակտիվ գոտիներից չտարհանված առավել խոցելի անձանց, սպանված ու վիրավորված քաղաքացիական անձանց, կենսական ենթակառուցվածքներին, շրջական միջավայրին, ինչպես նաև զբոսաշրջությանն ու տնտեսությանը հասցված վնասներին։   Հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների կտտանքների փաստերը վերլուծված են երկրորդ ոչ հրապարակային զեկույցում և պատշաճ կարգով ներկայացվելու են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։
13:51 - 05 հոկտեմբերի, 2022
Մենք գործ ունենք կոնկրետ ռազմագերու կարգավիճակի հետ, և կա ուղղակիորեն ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն. ՀՀ ՄԻՊ

Մենք գործ ունենք կոնկրետ ռազմագերու կարգավիճակի հետ, և կա ուղղակիորեն ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն. ՀՀ ՄԻՊ

Հանրային հեռուստաընկերության եթերում «Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների» վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խոսել է հոկտեմբերի 2-ին համացանցում հայտնված տեսանյութի մասին, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը: Գրիգորյանը հայտնել է, որ Պաշտպանի հաստատությունը նաև գիտի՝ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում. «Տեսանյութի բովանդակությունը վերլուծելիս՝ ակնհայտ է, որ հայ զինծառայողներն անզեն են. չեն դիմադրում։ Մենք գործ ունենք կոնկրետ ռազմագերու կարգավիճակի հետ, և կա ուղղակիորեն ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն»։ Տեսանյութի վերաբերյալ Պաշտպանի վերլուծություններն արդեն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին. «Մենք հետամուտ ենք լինելու, որ սա իր գնահատականը ստանա»,- նշել է Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում նմանատիպ գործերի քննությանը, Պաշտպանն ասել է, որ Ադրբեջանում արդարադատություն չի իրականացվում, ձևական, արհեստական շղարշ են ստեղծում միջազգային հանրության առջև։  
10:54 - 03 հոկտեմբերի, 2022