Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

ԼՂ-ին որպես վարկ հատկացվող գումարները 2024-ին կուղղվեն տարբեր ծրագրերի իրականացմանը. նախարար
 |armenpress.am|

ԼՂ-ին որպես վարկ հատկացվող գումարները 2024-ին կուղղվեն տարբեր ծրագրերի իրականացմանը. նախարար |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղին մինչև այժմ որպես միջպետական վարկ հատկացվող գումարները Հայաստանի կառավարությունը հաջորդ տարի կուղղի տարբեր ծրագրերի իրականացմանը: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ բյուջեի նախագիծը ներկայացվել է սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղից հայրենակիցների բռնի տեղահանումը: Եվ բյուջեի ներկայացված սցենարում չկա այն ամբողջական միջոցառումների և ծրագրերի շրջանակը, որը կառավարությունը պատրաստվում է իրագործել 2024 թվականին: Ներկայումս գերատեսչություններն աշխատում են այն հավելյալ ծրագրերի, միջոցառումների վրա, որոնք պետք է ներառվեն 2024-ի պետբյուջեում: «Ճիշտ է՝ բյուջեի այս տարբերակը ներկայացված է ՀՆԱ-ի մեջ 3.2 տոկոս դեֆիցիտով, բայց մեր պատկերացմամբ այդ դեֆիցիտը 2024-ին կաճի մինչև 4.6 տոկոս, որ կարողանանք իրականացնել այդ բոլոր միջոցառումները: Սա որևէ հավելյալ ֆիսկալ ծանրաբեռնվածություն չի ավելացնի մեր վրա, որովհետև մեր այսօրվա պատկերացումներով այն գումարները, որոնք հատկացվում էին Լեռնային Ղարաբաղին՝ որպես միջպետական վարկ, կկարողանանք հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը: Հույս ունենք, որ այդ գումարները բավարար կլինեն դրա համար»,- ասաց Հովհաննիսյանը:
14:33 - 30 հոկտեմբերի, 2023
ՀՀ–ում ինտերնետ շահումով խաղերը վերահսկելու համար նախատեսում են ներդնել օպերատորի գաղափարը |armeniasputnik.am|

ՀՀ–ում ինտերնետ շահումով խաղերը վերահսկելու համար նախատեսում են ներդնել օպերատորի գաղափարը |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Շահումով խաղերի խաղադրույքների ծավալի մեջ կա վիճակագրական խնդիր, որը բացառելու համար ՀՀ–ում կներդրվի օպերատորի գաղափարը։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Ըստ նրա` խաղադրույքների մեջ կրկնակի հաշվարկների խնդիր կա, ավելին` խաղացողի ստացած բոնուսները ևս հաշվվում են որպես խաղադրույք։ «Ոլորտի ամբողջական թափանցիկությունը խնդիր է, իսկ ծրագրային աուդիտը բավականին թանկ է, սակայն դրա փոխարեն այլ լուծում մենք ունենք։ ՊԵԿ-ի և ֆիննախի հետ համատեղ օպերատորի գաղափարն ենք առաջարկում։ Ցանկացած ինտերնետ շահումով խաղ լինելու է օպերատորի սերվերի վրա, ու պետությունն այդպիսով տեսնելու է խաղադրույք անելու փաստը։ Դրանից հետո հույս ունենք, որ վիճակագրական խնդիր այլևս չի առաջանա»,- նշեց փոխնախարարը։ Հանձնաժողովի նիստում քննարկվեց ու դրական եզրակացություն ստացավ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրացված և փոփոխված տարբերակը 2–րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Ավագ Ավետիսյանի խոսքով` ՀՀ ՊԵԿ–ը եռամսյակը կամ կիսամյակը մեկ ստուգումներ անում է, սակայն առցանց անընդհատ ստուգումն ուղղակի անհնարին է։ Փոխնախարարը ներկայացրեց վիճակագրական տվյալներ ևս, ըստ որոնց` երեք տարվա կտրվածքով երևում է շահումով խաղերի գրեթե կրկնակի, եռակի աճը։ 2020 թ. միայն խաղադրույքների մասով այդ թիվը կազմել է 2 տրլ դրամ, 2021 թ.` 3.9 տրլ, 2022 թ.` 5.8 տրլ։ 2023 թ. տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն ակնկալում ենք, որ մեր կողմից օրենսդրական կոնկրետ սահմանափակումների շնորհիվ արդեն իսկ ունենք ցուցանիշի նվազում»,– ասաց Ավանեսյանը։ Ըստ նրա` այս ոլորտի համաշխարհային աճը շատ ավելի ցածր է եղել, քան ՀՀ–ում արձանագրված ցուցանիշը։ Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակեց շահումով խաղերի ոլորտը կարգավորող և սահմանափակումներ առաջարկող նոր մեխանիզմներ։ Ի դեպ, օրենսդրական այս փաթեթն ուժի մեջ կմտնի 2024 թ. ապրիլի 1–ից։
12:57 - 16 հոկտեմբերի, 2023
Շահումով խաղերի ոլորտն աճել է 7 տոկոսով․ այն այլևս ամենաարագ աճող ոլորտը չէ․ ֆինանսների նախարարի տեղակալ |armeniasputnik.am|

Շահումով խաղերի ոլորտն աճել է 7 տոկոսով․ այն այլևս ամենաարագ աճող ոլորտը չէ․ ֆինանսների նախարարի տեղակալ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Շահումով խաղերը ՀՀ տնտեսական աճի վրա այլևս մեծ ազդեցություն չունեն, ինչպես նախկինում էր։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։   «2016 թ., երբ ՀՆԱ–ն ընդամենը 0.2 տոկոսով աճել էր, եթե շահումով խաղերի ոլորտը չլիներ, ապա մենք ռեցեսիայի մեջ էինք լինելու։ Այսինքն, այս ոլորտի կարևորությունն ու աճը մյուսների համեմատ միշտ շատ բարձր է եղել։ Եթե դիտարկում ենք 2023 թ. վերջին ամիսները, ապա ընդհանուր ծառայությունների ոլորտն աճել է 14 տոկոսով, մինչդեռ շահումով խաղերի ոլորտն աճել է ընդամենը 7 տոկոսով։ Այսինքն, աճ կա, սակայն դա այն աճը չէ, որ տնտեսության հիմնական քարշակող ոլորտն ինքը լինի»,– նկատեց փոխնախարարը։   ԱԺ հանձնաժողովում քննարկվում էր «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրացված և փոփոխված տարբերակը 2–րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։   ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի տվյալներով` ՀՀ տնտեսության վրա հատկապես վերջին տարիներին սկսել են ազդել լրիվ այլ ոլորտներ։ Օրինակ` կացության ծառայություններն աճել են 30 տոկոսով, տեղեկատվական ծառայությունները` 51 տոկոսով, տրանսպորտը՝ 30 տոկոսով, վարչական օժանդակ ծառայությունները, որոնք հիմնականում այդքան արագ չեն աճում, դարձյալ աճել են 7 տոկոսով, կրթությունը` 10 տոկոսով և այլն։   «Եթե համեմատության մեջ ենք նայում, ապա հասկանում ենք, որ շահումով խաղերի ոլորտն այլևս արագ աճող ոլորտներից մեկը չէ, ճիշտ է` համաշխարհային տրենդը շարունակում է միջինում 10-15 տոկոս աճել։ Բացի այդ, մինչև տարեվերջ կարող է շատ փոխվել. չենք կարող կանխատեսում անել, քանի որ այս ոլորտը կարող է անսպասելի աճ ունենալ, բայց մենք կարծում ենք, որ տրենդը կամաց–կամաց սկսում է դանդաղել։ Սա միգուցե ժամանակավոր երևույթ է»,– նկատեց Ավանեսյանը։   Նրա խոսքով` նախարարության քաղաքականությունն այն է, որ փորձեն ոլորտը պահել թափանցիկ, նվազեցնել սոցիալական վնասները, այլ ոչ թե ընդհանրապես արգելեն։   «Համաձայն ենք, որ միակ ձևը, որպեսզի ստիպենք խաղամոլին չխաղալ, դա արգելեքն է, սակայն դա կհանգեցնի նրան, որ խաղամոլը կգնա կրիմինալ մարդկանց մոտ խաղալու, ընդհատակ կմտնի, սև շուկա կձևավորվի։ Արդյունքում, ստացվում է, որ սոցիալական այն շերտերը, որոնք օրենքից դուրս են գործում կամ չեն ենթարկվում ընդհանուր կանոններին, իրենք սկսում են դրա արդյունքում հարստանալ և իրենց ազդեցությունն ընդհանուր հասարակության վրա սկսում է մեծանալ։ Դրանից ամեն գնով պետք է խուսափել»,– ընդգծեց փոխնախարարը։   Այդ պատճառով, ըստ նրա` ՀՀ ֆինանսների նախարարությունը փորձում է ընդհանուր կարգավորումները խստացնել, սակայն ոչ այնպես, որ մարդիկ շատ արագ գնան ու մտնեն սև շուկա կամ օտարերկրյա կայքերում սկսեն խաղալ, որոնք ՀՀ–ում լիցենզավորված չեն, քանի որ ՀՀ քաղաքացիները պաշտպանված չեն այնտեղ տեղի ունեցող գործողություններից։  
12:25 - 16 հոկտեմբերի, 2023
Դեսպան Մարագոսը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու ԼՂ տեղահանվածների մասով ՀՀ Կառավարության ծրագրերին

Դեսպան Մարագոսը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու ԼՂ տեղահանվածների մասով ՀՀ Կառավարության ծրագրերին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:   Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ և բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ համագործակցության արդի մակարդակը, պատրաստակամություն է հայտնել՝ մեկտեղելու ջանքերը այդ համագործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ:   Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերն ու անելիքները: Վասիլիս Մարագոսը վերահաստատել է Եվրոպական Միության հանձնառությունը՝ աջակցելու նշյալ ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին:   Կողմերն քննարկել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման արդյունավետության բարձրացմանը, ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերին, ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում հետագա համագործակցության ու հնարավոր նոր ուղղություններին առնչվող հարցեր:
15:57 - 13 հոկտեմբերի, 2023
ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցել ցանկացողների համար

ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցել ցանկացողների համար

Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապտություն բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների ապահովմանն ուղղված օժանդակություններ և նվիրատվություններ կատարելու ցանկություն են հայտնել: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նվիրատվություններն ընդունելու և տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքներին ուղղելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ: Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005002762 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-paymants համակարգով հետևյալ հղումով:
21:50 - 29 սեպտեմբերի, 2023
2024 թ. պետական բյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար
 |news.am|

2024 թ. պետական բյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիտում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ 2024 թ. ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար։ «Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի պայմաններում, երբ ունենք տասնյակ հազարավոր բռնի տեղահանված փախստականներ, որոնց պետք է ապահովենք առաջնային հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում պետք է ապահովենք նաև նրանց արժանապատիվ կեցությունը։ Այս պահին, քանի որ չունենք հստակ թիվ, թե քանի մարդ է բռնի տեղահանվել ՀՀ, մենք բյուջեում հստակ տող ենք սահմանել նրանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ, որի մեծությունն անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,– հայտարարեց նախարարը։ Նրա խոսքով` 2024 թ. ՀՀ պետական բյուջեի հիմքում դրվել են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, որոնք նախատեսել են տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք մեր կյանքի անբաժան մասն են դարձել։ «Այս պայմաններում մենք բարելավում ենք մեր կանխատեսման գործիքները, որոնց հիման վրա կազմում ենք մի շարք սցենարներ, որոնցից ընտրում ենք մեկը և դնում բյուջեի հիմքում։ Մնացած տարբերակները հնարավորություն են տալիս քանակապես գնահատել ռիսկերն ու դրանց հիման վրա ձևավորել պահուստներ, որոնք պետք է ֆինանսական ապահովության բարձիկներ հանդիսանան հիմնական ռիսկերի նյութականացման, ինչպես նաև անկանխատեսելի ծախսերի ի հայտ գալու դեպքում»,– ընդգծեց նախարարը։ Նա վստահեցրեց, որ չնայած արտաքին ռիսկերին` ՀՀ տնտեսությունը շարունակում է դրսևորել բավական բարձր դիմադրողականություն։ «Տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ, երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաեւ այս տարվա ընթացքում: Առաջին եռամսյակում արձանագրված 10.5 տոկոս տնտեսական աճը, իսկ 2023 թ. հունվար–օգոստոս ամիսներին` տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.4 տոկոս աճը։ Այս պայմաններում 2023 թ. տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակում, որը ներկա միտումների պայմաններում կարող է նույնիսկ ավելին լինել»,-ասաց նախարարը:
14:33 - 28 սեպտեմբերի, 2023
Ֆինանսների նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներ

Ֆինանսների նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առիթով, հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ավելի ամրապնդվել: «Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` ֆինանսատնտեսական համագործակցության բոլոր ուղղություններով երկու երկրների կապերը զարգացնելու հարցում: Նախարար Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ համագործակցել ենթակառուցվածքների ֆինանսավորման, առեւտրաշրջանառության ընդլայնման, մասնավոր ներդրումների խթանման գործիքների եւ մի շարք այլ կարեւոր ուղղություններով:Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ թեմաների, մասնավորապես՝ քննարկել են հանրային ֆինանսների ոլորտում փորձի եւ գիտելիքի արդյունավետ փոխանակման ուղղությամբ համագործակցության խորացման հարցեր»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
23:16 - 27 սեպտեմբերի, 2023
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը:  Ֆինանսների նախարարության լրատվականի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի կառավարիչ տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Դրակինոսը, ՎԶԵԲ Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Կատարինա Հանսենը, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին: Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար: Նախարարը հատուկ ընդգծել է ՎԶԵԲ-ի կարևոր դերը ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման գործում: Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է առկա ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցերը՝ շեշտելով նաև այդ ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացման անհրաժեշտությունը: ՎԶԵԲ փոխնախագահը նույնպես անդրադարձել է ընթացիկ ծրագրերին՝ համաձայնելով դրանց սահմանված ժամկետներում իրականացման անհրաժեշտության հետ: Կողմերն անդրադարձել են նաև հաջորդ տարի Երևանում անցկացվելիք ՎԶԵԲ տարեկան ժողովին՝ կարևորելով միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատշաճ ապահովումը: Նախարար Հովհաննիսյանը ընդգծել է, որ հայկական կողմը կգործադրի բոլոր ջանքերն այդ աննախադեպ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:    Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել մեկտեղել ջանքերը համագործակցության բոլոր ուղղություններով ցանկալի արդյունքների հասնելու համար:
11:04 - 05 սեպտեմբերի, 2023
Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ Վահե Հովհաննիսյանը, բարձր գնահատելով Եվրոպական միության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում ԵՄ-ի հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ընթացիկ բարեփոխումներին, այդ թվում՝ պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման գործընթացին աջակցելու ուղղությամբ անձնական մեծ ներդրումի համար։ Եվրամիության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է իր լավագույն ջանքերը հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, դիտարկել տարբեր ոլորտներում կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և նախանշել համագործակցության հնարավոր նոր ուղղությունները։
19:41 - 09 օգոստոսի, 2023
Միկրոձեռնարկատիրության ոլորտում մոտ 35 հազար անձի եկամտահարկի վճարը կավելանա. պատասխանատուները ռիսկեր չեն տեսնում
 |armenpress.am|

Միկրոձեռնարկատիրության ոլորտում մոտ 35 հազար անձի եկամտահարկի վճարը կավելանա. պատասխանատուները ռիսկեր չեն տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում հուլիսից միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող մոտ 35 հազար անձի համար եկամտահարկի վճարը փոխվել է։ Եթե նախկինում մեկ աշխատողից գանձվում է 5 հազար դրամ, ապա այժմ պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարվի։ Ոլորտում աշխատող միկրոձեռներեցներից շատերն անտրամաբանական են համարում այս փոփոխությունը՝ նշելով, որ մի քանի աշխատող ու մինչև 24 մլն շրջանառություն ունեցողը ևս վճարում է նույն հարկը, մի քանի հարյուր աշխատող ու միլիարդների շրջանառություն ունեցող խոշոր բիզնեսն էլ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ այս փոփոխությունների հիմքում արդարության սկզբունքի վերականգնումն է։ «Այստեղ որևէ ռիսկ չի գեներացվում, այլ հակառակը, ռիսկերը կառավարվում են ու ստեղծվում է ավելի արդար ու հավասար հարկային միջավայր։ Համեմատությունը պետք է կատարել ոչ թե գործատուների տեսանկյունից ու ասել, որ արդար չէ, երբ փոքր ու մեծ շրջանառություն ունեցողները վճարում են նույն հարկը, այլ նայել աշխատողների ու այդ եկամուտը ստացողների տեսակետից։ Պետք է կարևորել այն, որ միևնույն եկամուտը ստացող անձինք վճարեն միատեսակ հարկեր։ Հակառակ պարագայում որևէ կերպ բացատրելի չէ, թե ինչու պետք է 150 հազար դրամ ստացող բուժքույրը վճարի 20 տոկոս եկամտահարկ, իսկ 1 մլն դրամ աշխատավարձ ստացողը վճարի 5 հազար դրամ, միայն նրա համար, որ աշխատում է միկրոձեռներեցության ոլորտում։ Որտե՞ղ է այստեղ արդարությունը»,-ասաց Արման Պողոսյանը։ Նախարարության տվյալների համաձայն՝ ոլորտում առկա է շուրջ 53 հազար միկրոձեռնակատիրության սուբյեկտ, աշխատողների թիվը մոտ 35 հազար է։ Նախնական գնահատականներով, վերը նշված փոփոխություններով պայմանավորված, լրացուցիչ հարկային եկամուտը կիսամյակի համար կլինի 2,5-3,5 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով՝ 5-7 մլրդ դրամ։ Միկրոձեռնարկատիրական սուբյեկտների շուրջ 36 տոկոսը զբաղվում է առևտրով, շուրջ 21 տոկոսը սպասարկման ծառայությունների, 16 տոկոսը մշակող արդյունաբերության ոլորտներում են։ Համեմատաբար քիչ թվով միկրոձեռնարկատերեր կան հանրային սննդի, կացության, փոխադրումներ ոլորտներում։
14:21 - 28 հուլիսի, 2023
Կառավարությունն ամբողջությամբ կհրաժարվի եկամտահարկի վերադարձի օրենքից․ նախագիծ
 |civilnet.am|

Կառավարությունն ամբողջությամբ կհրաժարվի եկամտահարկի վերադարձի օրենքից․ նախագիծ |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը մտադիր է աստիճանաբար հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից ոչ միայն Երևանում, այլև ամբողջ հանրապետության տարածքում կառուցվող տների դեպքում։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ֆինանսների նախարարության ներկայացրած օրինագծով առաջարկվում է ըստ մար­զերի և ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել եկամտային հարկի վերադարձի կիրառության շրջա­նակը։ Ըստ նախագծի՝ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չի լինի Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից՝ մնացած բոլոր մարզերում։ Բացառություն կլինի միայն կառավարության հաստատած ցանկում ներառված սահ­մանամերձ բնակավայրերում գտն­վող կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում։ «Ամբողջ աշխարհում բնա­կա­­րա­նա­շի­նությունը համարվում է շահու­թա­բեր և մաս­­նա­վոր ներ­դրող­ների մոտ հետա­քրքրու­թյուն վայե­լող ոլորտ, և այս պարա­գա­յում պետական բյու­ջեի սահ­մա­նափակ հնարավորությունները բնակարանաշինու­թյամբ զբաղ­վող տնտե­սա­վա­րող սուբ­յեկտ­ներին աջակցության նպատակով օգտագործելը բյու­ջե­տային ծախսերի առաջ­նա­հեր­թու­թյուն­ների որոշման քաղաքականության տեսանկյունից հիմ­նա­վորված չէ։ Ավելին, համակարգի՝ ներկա առանձնահատկություններով գոյությունը նշանակում է պետա­­կան բյուջեից սուբսիդա­վոր­­ման ճանա­պար­հով շարունակել բուռն կեպով խթանել երկու ոչ արտա­հա­նելի՝ ֆինանսական և շինարա­րու­թյան ոլորտ­ների զարգացումը, ինչը համահունչ չէ ՀՀ կառա­­վա­րության որդեգրած՝ տնտե­սու­թյան արտա­­­­հանելի հատ­վածը խթանելու քաղաքականու­թյանը»,- ասված է նախագծի հիմնավորումներում։ Ֆինանսների նախարարությունը նշում է, որ եկա­մտա­յին հարկի վերա­դարձման համա­կարգի շրջանակներում պետա­կան բյուջեից կատարվող ծախ­սերը էական են և յուրաքանչյուր տարի աճում են, որը մեծ բեռ է պետական բյուջեի համար։ Գերատեսչության հաղորդած տվյալների համաձայն՝ այս ծրագրով 2015-ի ընթացքում վար­կա­ռու­ներին վերա­դարձ­վել է 273,9 մլն դրամ, 2016-ին՝ 1,3 մլրդ դրամ, 2017-ին՝ 2,4 մլրդ դրամ, իսկ 2018-ին՝ 4,7 մլրդ դրամ, 2019-ին՝ 7,9 մլրդ դրամ, 2020-ին՝ 13,3 մլրդ դրամ, 2021-ին՝ 22,6 մլրդ դրամ, իսկ 2022-ին՝ 36,5 մլրդ դրամ։ Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է 2015-ից, նպատակը երկրում շինարարության ակտիվացումն էր։ Այս օրենքով բնակարան գնողների համար հիփոթեքային վարկի տոկոսները հետ են վերադարձվում գնորդի եկամտահարկի չափով։ 2021-ի սեպտեմբերին կառավարությունը որոշել էր աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման հնարավորությունից։ Մասնավորապես, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երևանում։
16:16 - 11 հուլիսի, 2023
«Կառավարության որոշումը խմբագրել ենք՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»․ Ֆինանսների նախարարը՝ Հաշվեքննիչ պալատի բացահայտումների մասին

 |aravot.am|

«Կառավարության որոշումը խմբագրել ենք՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»․ Ֆինանսների նախարարը՝ Հաշվեքննիչ պալատի բացահայտումների մասին |aravot.am|

aravot.am: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արձագանքեց ԿԳՄՍ նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությանը։ Ըստ նախարարի՝ մանրամասն ուսումնասիրել են, եւ իրենց համար ակնհայտ է դարձել, որ այն ձեւը, որով ԿԳՄՍ նախարարությունը վճարել է աշխատավարձեր, համապատասխանել է այն մտադրություններին, որոնք եղել են։ «Սակայն Հաշվեքննիչ պալատի կողմից բարձրաձայնված հարցի հետեւանքով ակնհայտ է դարձել, որ այստեղ  տարընթերցումների հարց է առաջացել։ Եվ այդ պատճառով ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել այդ տարընթերցումներից խուսափելու համար խմբագրել կառավարության որոշումը՝ համապատասխանեցնելու այն նախապես ունեցած նպատակներին։ Հետեւաբար, արդեն շրջանառության մեջ է գտնվում այդ որոշման նախագիծը, դա մեզ հնարավորություն կտա խմբագրել կառավարության որոշումը՝ ավելորդ հարցեր ու խնդիրներ չառաջացնելու համար»։ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ իրենք ընդամենն առաջնորդվել են այն մեթոդաբանությամբ, որով պարտավոր են առաջնորդվել։ «Եվ հիմք ենք ընդունել իրավական ակտի կիրառման պահանջները»,- ասաց նա։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց․ «Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ տարընթերցումների տեղ է մնացել, բայց մեթոդաբանության կիրառության տեսանկյունից մեզ համար միանշանակ է, որ այդպես էլ պիտի կիրառվեր։ Բայց տարընթերցումներից խուսափելու նպատակով, ինչպես պարոն Հովհաննիսյանն ասաց, նախագծի փոփոխություն արդեն շրջանառում ենք, եկող շաբաթ կուղարկենք արդարադատության նախարարություն՝ փորձաքննության։ Կարծում եմ՝ հուլիսի ընթացքում նախագիծը կընդունենք»։
13:42 - 23 հունիսի, 2023
«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»

2023թ. հունիսի 22-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»: Վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ․ տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները զգալիորեն բարելավվել են՝ պայմանավորված կապիտալի և աշխատուժի ներհոսքի աճով, որոնց մի մասը ակնկալվում է, որ կպահպանվի: Անդրադառնալով 2022թ. երկնիշ (12.6%) տնտեսական աճին՝ վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը կշարունակի կայուն մնալ: Մասնավորապես, 2023թ. համար կանխատեսվում է շուրջ 7% տնտեսական աճ, իսկ 2024թ. համար՝ 5-6%: Բացի այդ, գործակալության կանխատեսումներով հարկաբյուջետային ցուցանիշները կկայունանան ներկայիս մակարդակի վրա, իսկ պարտքի բեռը կգտնվի նախահամավարակային շրջանից ավելի ցածր մակարդակում՝ առաջիկա տարիներին կայունանալով 45% մակարդակում և նպաստելով հարկաբյուջետային կայունության ամրապնդմանը: Այնուամենայնիվ, երկրի տնտեսական և հարկաբյուջետային իրավիճակը նկարագրելիս վարկանիշային գործակալության ներկայացուցիչներն անդրադարձել են առկա բարելավումները հակակշռող աշխարհաքաղաքական ռիսկերին:  
10:31 - 23 հունիսի, 2023
Կանխիկ խաղադրույքը կարգելվի ինտերնետային շահումով խաղերից օգտվելիս․ Կառավարությունը հաստատեց նախագծերի փաթեթը |armtimes.com|

Կանխիկ խաղադրույքը կարգելվի ինտերնետային շահումով խաղերից օգտվելիս․ Կառավարությունը հաստատեց նախագծերի փաթեթը |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով այն, նշեց՝ դրանով առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվների գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները և մասնավորապես սահմանել. «Առաջին՝ ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային, այդ թվում՝ քարտային հաշիվների միջոցով, և երկրորդը՝ արգելվում է տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով»: Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ նախագծի ընդունումը նախ և առաջ միտված է նրան, որ յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից և իրեն պատկանող հաշվի միջոցներից՝ սրանով էլ ավելի վերահսկելի դարձնելով իր վարքագիծը. «Մյուս կողմից խաղացողները, ովքեր չունեն սեփական բանկային հաշիվներ, հնարավորություն չեն ունենա մասնակցել շահումով խաղերին»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ սա նույնպես սկզբունքային բարեփոխումներից է, որը իր համար ունի շատ երկար պատմություն՝ սկսվում է 2015-16 թվականներից Կապանում ունեցած հանդիպումներից. «Կապանում ունեցած հանդիպման ժամանակ շենքի բնակիչները, հիմնականում՝ կանայք, իմ ուշադրությունը հրավիրեցին փաստի վրա, որ շենքերի արանքում, գործնականում ամեն շենքի մոտ, երբեմն նույնիսկ շքամուտքի մոտ բուքմեյքերական գրասենյակներ կան: Նրանք ասում էին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում աշխատող իրենց ամուսինները աշխատավարձի օրը տուն են բերում դրա միայն մի մասը, քանի որ նախ մտնում են բուքմեյքերական գրասենյակներ, հետո՝ նոր գալիս տուն»: Կառավարության ղեկավարի խոսքով առաջին փուլով մեծ դժվարությամբ լուծել են բոլոր գազալցակայաններում խաղային ավտոմատների գործունեության հարցը և արգելել այն: «Երբ մենք այդ խողովակը փակեցինք, մարդիկ սկսեցին մտածել ավելի քաղաքակիրթ բիզնեսի մասին, և գազալցակայաններում հայտնվեցին ամենատարբեր ծառայություններ»,- նշեց նա: Վերջինս նշեց, որ հաջորդ փուլով, ըստ էության, փակել կամ էականորեն սահմանափակել են բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը. «Ընդ որում՝ երկու որոշումների կայացումն էլ ուղեկցվել է բողոքի ակցիաներով»: Ըստ վարչապետի՝ հաջորդ խնդիրն այն էր, որ մարդիկ գնում, տերմինալներով կանխիկ միջոցներ էին ներդնում էլեկտրոնային դրամապանակներ և այնտեղից խաղադրույքներ կատարում. «Ժամանակի ընթացքում փոխեցինք այդ կարգավորումը՝ պահանջելով, որ նույնականացվի, թե ում է պատկանում էլեկտրոնային դրամապանակը»: Որից հետո, ըստ Փաշինյանի, ի հայտ է եկել այլ խնդիր. «Երբ մարդիկ, օրինակ, բրոկերներ են ի հայտ գալիս, որոնք իրենց դրամապանակներով 100 միլիոնների շրջանառություն են անում, որը, ըստ էության, ապօրինի գործունեություն է: Գիտենք, որ քրեակատարողական հիմնարկներում շատ մոդայիկ են այդ ծառայությունները: Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ այդ դրամապանակները չեն կարող լիցքավորվել կանխիկ, կարող են լիցքավորվել անկանխիկ՝ միայն բանկային հաշվից կամ բանկային քարտից: Այսինքն՝ մենք բացառում ենք որևէ անհետագծելի խաղադրույք, որը շատ կարևոր է»:
13:59 - 22 հունիսի, 2023