Նոյեմբերյան

Արճիս․ քանդված մշակույթի տան եւ արվեստաշատ բազմաթիվ տների գյուղը [մարzoom]

Արճիս․ քանդված մշակույթի տան եւ արվեստաշատ բազմաթիվ տների գյուղը [մարzoom]

Նոյեմբերյանից 25կմ այն կողմ Արճիսն է։ Ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի գյուղ, որի չորս կողմը կանաչ-կանաչ է՝ սարեր, անտառներ, ձորակներ, այգիներ։ Բարդ ռելիեֆ ունի Արճիսը, գյուղում պտտվելիս լավ հոգնում ես։ Բայց բացվող տեսարանները հոգնությանը լուրջ մխիթարանք են։  Տեսարան Արճիսից Գյուղամիջում են վարչական շենքը, Հայփոստի գրասենյակը, երկուսն էլ՝ հին ու ժանգոտած դռներով։ Ոչ աշխատանքային օրով եմ գյուղ եկել․ վարչական ղեկավարը տեղում չէ, գյուղապետարանի դուռն էլ՝ կողպված։ Հեռախոսով զրուցում եմ վարչական ղեկավարի՝ Սոս Միկիչյանի հետ, ասում է՝ գյուղում չէ, հեռախոսով էլ պատասխանել չի կարող։ Չեմ ստիպում, իհարկե, գյուղի մասին բնակիչներն ամենից լավ կպատմեն։ Եւ առաջին մարդը, որ պատահում է, գյուղապետարանի նախկին աշխատակիցն է։ Հայփոստի շենքը Գյուղամիջում ծառերի հովին դրած զրուցարանում հանդարտ նստած՝ տիկին Գայանեն ոլոռ է մաքրում։ Մոտենում, նստում եմ դիմացը, ձեռքի հետ ես էլ եմ մաքրում, զրույցի բռնվում։ Գայանե Մուսայելյանը մինչեւ այս տարվա մարտն աշխատել է գյուղապետարանում։ Հիմա ինքն ու ամուսինը բիզնես են անում՝ խանութպաններ են։ Տիկին Գայանեն չի մտահոգվում, որ էլ գյուղապետարանում չէ։ Ասում է՝ կարողացածի չափ փորձել է աջակցել արճիսեցիներին, նրանց խնդիրներին լուծումներ գտնել, բայց հիմա էլ չի դժգոհում, որ խանութով ու այգու գործերով է զբաղվում, այդպես նաեւ հանգստանում է։ Հենց այս զրուցարանի կողքին էլ իրենց խանութն է։ Ոլոռը տիկին Գայանեն իր այգուց է հավաքել, ասում է՝ քանի քիչ մարդ է գնում-գալիս, նստում է այստեղ, մաքրում մշակածը․ պիտի սառեցնի, պահի։ Բայց այս տարի բերքը կարծես լավը չի եղել։  Տիկին Գայանեն ոլոռ է մաքրում Գայանեն ինձ մի քանի տվյալներ է հայտնում գյուղի մասին․ ասում է՝ մոտ 300 տնտեսություն կա Արճիսում՝ հազարին մոտ փաստացի բնակչով։ Այստեղ մարդիկ անասպանահությամբ զբաղվում են, բայց ոչ շատ ակտիվ, ավելի շատ այգեգործությամբ են զբաղվում, մրգատու ծառեր, հատապտուղներ են մշակում՝ դեղձ, արքայանարինջ, ազնվամորի, եւ այլն։ Լավ պտղատու այգիներ կան, միայն թե իրացման խնդիրն է գյուղացիներին մտահոգում։ Բոլորը չէ եւ միշտ չէ, որ կարողանում են գյուղի մեջ կամ ճամփեզրերին իրենց ապրանքը վաճառել։ Խոշոր, սիրուն բերքը լավ վաճառվում է, մի քիչ մանրոտների իրացման հարցն է բարդ․ «Էստեղ աշխատող, ստեղծող մարդիկ են, եթե իրացման հարցը լուծվեր, մարդկանց համար շատ լավ կլիներ»,- ասում է զրուցակիցս, որը շատ համեստ է՝ խոսում է ցածրաձայն, հանգիստ, եւ ափսոս՝ նկարվել էլ չի սիրում։ Ջրի հարցն էլ է անհանգստացնող։ Խմելու ջուր կա, բայց ոռոգման ջրի ցանց չկա, նախատեսվում է օգոստոսին լուծել այս հարցը, բայց մինչ այդ բնակիչներն այգիները ջրելու հարցում դժվարանում են։ Ճանապարհներն էլ լրիվ սարքած չեն, խմելու ջրի գիծը քաշելուց հետո քանդվել են։ Տիկին Գայանեի հետեւում հետաքրքիր մի շենք է երեւում։ Ասում է՝ մշակույթի տունն է, բայց սարսափելի վիճակում է։ Ճիշտն ասած՝ սկզբում հավատս չի գալիս, մինչեւ ինքս չեմ մոտենում շենքին, որն առաջին հայացքից ճակատային գեղեցիկ պատով վինտաժ շինություն է։ Մշակույթի տունը Պատկերը փոխվում է, երբ թեթեւ հրում եմ փայտե դռները․ քանդված ու փոշու, աղբի մեջ կորած սենյակներ, որ, կարծես, զուգարան են ծառայում կենդանիների համար։ Մշակույթի տունը՝ ներսից Անմխիթար վիճակում գտնվող այս շենքը նորոգելու հույս, կարծես թե, չկա։ Միայն պատերն են կանգուն․ հատակն ու առաստաղը քանդված են, կոտրված փայտերը փլվել են գետնին, լուսամուտների ապակիները կոտրված են, շրջակայքի ծառերն էլ արդեն իրենցով են անում արտաքին պատերն ու իրենց ճյուղերը պատուհաններից ներս խցկում։ Մշակույթի տունը՝ ներսից Նկարներ եմ անում, բարձրանում տիկին Գայանեի մոտ։ Ասում է՝ մի քանի անգամ եկել-նայել են՝ գուցե վերանորոգեն, բայց շատ ծախսերի հետ է կապված։ Ափսոսանք ենք հայտնում իրար։ Հետո տիկին Գայանեն ասում է, որ իր դուստրը՝ Գոհարը կգա քիչ հետո, գնացել է թութ հավաքելու։  Հեռվից մոտեցող գեղեցկադեմ, երիտասարդ կինը Գոհարն է․ ծաղկավոր սիրուն շորով, նուրբ մատների ծայրերը՝ թթից թանաքագույն, որ այնքան սազում են իր հագուստի ու վարդագույն շրթներկի հետ։ Պարզվում է՝ Գոհար Ալավերդյանը փայտից զարդեր է պատրաստում, վաճառում իր օնլայն խանութում՝ Փայտփորիկում։ Գոհարի ականջներին իր պատրաստած օղերն են։ Այս կնոջից անչափ շատ գույն ու թախիծ է գալիս ինձ, բայց զգում եմ՝ ինչ-որ անտեսանելի փակ դուռ կա մեր միջեւ, որի բանալին դեռ չեմ գտնում։ Գոհար Ալավերդյանը Մինչ Գոհարն իր աշխատանքները ցույց կտա, խոսքի մեջ իմանում եմ, որ նա նաեւ Արճիսի դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին է, իսկ այս տարի ճանապարհել է դպրոցն ավարտող իր դասղեկական դասարանը։ 2020 թվականի օգոստոսի 28-ից Գոհարը սկսել է իր բիզնեսը։ Այս օրը նա լավ է հիշում․ «Գաղափարը մի գիշերում է եղել, անունը որոշվել է, գործունեությունը՝ սկսվել»,- պատմում է Գոհարը,- «Ես վերցնում եմ անգույն փայտի կտոր, որոշում եմ ձեւը, գույները։ Հետո կտրում են փայտը, տալիս ինձ, ես կամ ներկում եմ դրանք, կամ տպագրում բնապատկերներ, կամ իմ նախընտրությամբ, կամ հաճախորդների»։ Գոհարն ամենատարբեր ձեւի ականջօղեր, ապարանջաններ, վզնոցներ ու կրծքազարդեր է սարքում, բոլորը՝ փայտից։ Նաեւ մանկական զարգացնող խաղեր է պատրաստում։ Պատվերների քանակից Գոհարը դժգոհ չէ։ Ասում է՝ բիզնեսն ինքն իրեն պահում է․ ինքը համ եկամուտ է ստանում, համ էլ՝ հաճույք։ Արդեն բիզնեսն ընդլայնելու մտքեր ունի․ սպասում է սարքավորումները գան, որ արդեն ինքն իր ձեռքով կտրի, մշակի փայտը։ Գոհարի աշխատանքներից Գոհարին նորից եմ հարցնում՝ ինչո՞ւ որոշեց դպրոցից բացի նաեւ զարդեր պատրաստելով զբաղվել, ինձ թվում է՝ դեռ չեմ ստացել այդ հարցի պատասխանը։ Մի քիչ դադարներով ասում է՝ օրը․․․ ժամանակը լցնելու համար։ Գոհարն իր երկու աշխատանքն էլ շատ է սիրում, բայց այս մեկի մասին շատ ակնածանքով է խոսում։ Ի՞նչն է ամենից շատ դուր գալիս իրեն, հարցնում եմ․ «Աշխատանքի ողջ ընթացքը՝ ստեղծումից մինչեւ վաճառք։ Այսինքն՝ օղը ոնց ստանամ, ինչ գույն տամ, ինչ գույն ստանամ, ոնց համադրեմ, ոնց նկարեմ, ոնց տեղադրեմ էջում, հետն ինչ տեքստ գրեմ։ Ամեն ինչը»,- ժպտալով պատմում է զրուցակիցս։  Գոհարի աշխատանքներից Գոհարը շատ է օգտագործում մանուշակագույնը, ասում է՝ այս տարվա գույնն է։ Այդ գույնն Արճիսին շատ է սազում։ Թթի գույնն է։ Թութը հավաքելիս Գոհարին իր երկու բալիկներն են օգնում․ հատ-հատ հավաքում են, սիրուն դասավորում, որ շուտով վաճառեն։ Գոհարի աշխատանքներից Թթենու մասին խոսելով՝ ես ու Գոհարը քայլում ենք մի քիչ հեռու՝ ծառերի տակ, որ մենակ լինենք։ Ասում եմ՝ արի, քեզ պորտրետ անեմ։ Գոհարը սիրուն դիրք է բռնում, հայացքը՝ հեռու, հեռու ինչ-որ տեղ։ Մի պահ լուռ ենք, չենք խոսում։ Ասում է՝ 2020-ի մարտն էր․ զինվորական ամուսինը սրտի կաթվածից մահացավ։ Ցավի մասին ես չեմ կարող գրել, ես չեմ կարող պատմել թե ինչ կարող է զգալ Գոհարը, որ հիմա իմ առաջ մեջքն ուղիղ կանգնած է։ Ես լսում եմ Գոհարին, որ հիշում է՝ քանի անքուն գիշեր է ունեցել ու ոնց է որոշել, որ չի կարելի կոտրվել, կորսվել։ Որ ամուսինը հաստատ կհպարտանար իրենով։ Մենք երկուսս էլ վստահ ենք, որ նա հպարտանում է, ու հակառակը լինել չի կարող։ Գոհարն ուժ է գտել իր երեխաներից, իր հողից, որ մշակում է, ուժ է գտել սիրուց, որ չի մահանում, անգամ եթե մարդիկ են մահանում։ Որովհետեւ սերը, կարծեմ, մարմին չունի, չի քայքայվում ու վերանում, այն բազմանում է կիսվելով, բողբոջելով, այնքան ժամանակ, քանի կա հիշողություն։ Օդում սավառնող հիշողություն՝ մանուշակագույն, տերեւի թարմ դառնահամով, բայցեւ թթի քաղցր հոտով։  Արճիսեցի երեխաներից մեկը, որի անունը երեւի թե շոգից մոռացել եմ, ինձ ուղեկցում է դեպի գյուղի հին եկեղեցի։ Շատ քչախոս տղա է, ու մինչ ես շնչակտոր բարձրանում եմ վերեւ ձգվող ոլորապտույտ ու քարքարոտ ճանապարհով, տղան արագ-արագ, մեծ քայլերով ինձնից առաջ է ընկել։ Մի հին ու մի ոչ այնքան հին մատուռներ են կողք կողքի։ Մեկը՝ բաց ու կիսաքանդ մուտքով, մյուսը՝ նորոգված տանիքով, դուռը՝ ցածր, որ մարդը խոնարհվելով մտնի։ Այստեղից լավ տեսարան է բացվում գյուղի վրա։ Արճիսի հին եկեղեցական շինությունը Արճիսում է ապրում քանդակագործ Մարատ Մուսայելյանը։ Նրա տան բակում սիրուն վարդեր են աճեցված, կտորով ծածկված է խաչքարը, որի վրա աշխատում է հիմա։ Մարատը խնամքով բացում է իր աշխատանքը, որի սիմվոլները, հակառակ օրինաչափության, երկու կողմերում տարբեր են։ Այս խաչքարի վրա դուռը կարծես անհամաչափ է քանդակված․ Մարատը չի սպասում իմ հարցին ու միանգամից պատասխանում է․ «Գաղափարն էն ա, որ դուռը մի կողմից բացվում ա դեպի ներս»։ Ուշադիր լինելու դեպքում այս դրվագը նկատելի է։ Մարատը վաճառում է այս խաչքարը, նրա թույլտվությամբ հեռախոսահամար եմ տեղադրում (+374 91 492 370)։ Մարատը մանրաքանդակներ է անում նաեւ․ զարմանում եմ, երբ իմանում, որ մատիտի ծայրերին։ Գունավոր մատիտների վրա խնամքով փորված են մեր այբուբենի տառերը։ Մարատի աշխատանքներից «Հեսա ցույց տամ քեզ, որ փոքր քանդակներ էլ եմ անում՝ մատիտի ծայրերի վրա։ Ուղղակի հիմա ժամանակի խնդիր կա, աչքերի խնդիր կա, գնալով արդեն առաջվա պես չես տեսնում»,- ասում է Մարատը։ Ամենաառաջին քանդակն էլ հենց մատիտից է սկսել․ «Ասեղով սկսեցի քանդակել, տեհա, որ ստացվում ա ինչ-որ մի բան»,- ծիծաղում է նա,- «սկսեցի փոքրացնել, փոքրացնել՝ մինչեւ երկու միլիմետր»։ Հարցնում եմ՝ խոշորացույցո՞վ է աշխատում, ասում է՝ ոչ միայն առանց խոշորացույցի, այլեւ ժամանակին նույնիսկ առանց ակնոցի։ Սա Մարատի համար ուղղակի հոբբի է, իսկ նա մասնագիտությամբ շինարար է, ՌԴ-ում է սովորել։ Բայց, ասում է, չի փոշմանում, որ հիմա գյուղում է․ «Գյուղն էլ իրա տեղն ունի, քսան տարուց ավելի ա արդեն բնակվում ենք ստեղ, սիրում ենք։ Սովորելուց հետո վերադարձել ենք, մեր կյանքն արդեն գյուղում ա, էս էլ մեր պապական տունն ա։ Գյուղում ի՞նչ կարաս անես, բաղ, հողամաս։ Բայց դե հայ ենք, չէ՞, կուզենք՝ նենց լինի, մի քանի գործ լինի։ Հիմա համ հողամաս ենք մշակում, համ քանդակում»,- պատմում է զրուցակիցս։ Մարատը պատվերներով է աշխատում․ մեկը խաչքար է ուզում, մեկը՝ էտյուդային քանդակներ, եւ այդպես։ Պարզվում է՝ արճիսեցի իմ հյուրընկալը նաեւ գլուխկոտրուկներ է պատրաստում։ Երբ ինձ ներս են հրավիրում ինքն ու տիկինը՝ գերմաներենի մասնագետ տիկին Կարինեն, Մարատը միանգամից մի քանի գլուխկոտրուկ է հրամցնում ինձ․ «Հլը փորձի էն օղը մի թելից մյուսին գցես»,- ասում է նա։ Մարատի գլուխկոտրուկներից Ես երկար եմ տանջվում, բայց ինձ մոտ չի ստացվում, իսկ Մարատը դա վայրկենական է անում։ Հետո հերթով ցույց է տալիս մյուս գլուխկոտրուկները՝ ինչպես սիրտը հանել մետաղե փակ կծիկից, ինչպես բազմաթիվ կտորներից ստանալ քառակուսի, եւ այլն։ Ասում է՝ չի սիրում պարապ մնալ, ու մտքով անցել է գլուխկոտրուկներ էլ սարքել։ Մարատի գլուխկոտրուկներից Հիմա սիրողական է պատրաստում՝ ձեռքի տակ եղած հումքից, կլինի փայտ, մետաղ, թել կամ այլ ինչ։ Վաճառքի չի դնում, ասում է՝ գուցե վաճառեր, եթե ավելի սիրուն, լավ նյութից սարքեր, հիմա ուղղակի սիրողական զբաղվում է․ «Ես ինչ ձեռքս ընգել ա, էդ բաներով սարքել եմ»,- ասում է նա։  Մարատի գլուխկոտրուկներից Մարատն ու իր որդիներից մեկը մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Որդին վիրավորվել է, բայց երկուսն էլ, բարեբախտաբար, վերադարձել են տուն։ Պատերազմի ժամանակ որդին ժամկետային զինծառայող է եղել, Մարատը որպես կամավոր է գնացել։ Նա պատմում է, որ պատերազմի մի օր, հանգիստ մի պահի այդ ողջ օրերի լարվածությունը թուլացնելու համար թղթի վրա շաշկի է գծել, քարերն էլ սարքել հրանոթի արկի բեկորներից ու տվել տղաներին․ «Մտքովս անցավ։ Ու զինվորնին էնքան ուրխացան։ Կռիվը կռիվ ա, բայց կռվի ընթացքում էլ ժամանակ ա լինում, չէ՞, միշտ չէին կրակոցները, ու մարդիկ նստում, շաշկին խաղում էին։ Քար չէր, բան չէր, բայց ակուրատնի սարքած էին քարերն էդ մարտագլխիկների բեկորներով։ Նկարել են, մինչեւ սօր էլ ցույց են տալիս»,- ասում է Մարատը։ Եւ մինչեւ այսօր, պատմում է, մարտի դաշտի ընկերներն իրեն հիշում են, հաճախ են հանդիպում։  Մարատ Մուսայելյանը Երբ Մարատի դիմանկարն եմ անում, նրա կինը վերեւից կատակում է՝ այնպես չանեմ, թե ամուսնուն սիրահարվեն։ Մարատի նկարը ցույց եմ տալիս տիկնոջը, ստանում նրա հավանությունն ու Մարատի ժպիտը, հաջողություն մաղթում, իսկ տիկին Կարինեին՝ հատուկ՝ Auf Wiedersehen։ Հայարփի Բաղդասարյան
18:56 - 07 հուլիսի, 2022
Լճկաձոր․ մոտ 400 մեղվաընտանիքների ու  մեղվի պես աշխատող մոտ 400 բնակիչների գյուղակը [մարzoom]

Լճկաձոր․ մոտ 400 մեղվաընտանիքների ու մեղվի պես աշխատող մոտ 400 բնակիչների գյուղակը [մարzoom]

Արճիս գյուղի արեւելյան կողմում Գուգարաց լեռների լանջերին փռված է Լճկաձորը։ Այրումից ճանապարհը ոլորաններով տանում է դեպի այս գյուղ, որտեղ ընդամենը 100 տնտեսություն կա՝ 400-ին մոտ բնակչով։ Մեքենայի լուսամուտից նայում եմ անտառներին, մտովի պատկերացնում քարտեզը, հիշում, որ այս տարածքում լիճ, ամեն դեպքում, չկա, թեեւ անունն այդպիսի պատկերներ է ստեղծում։ Բայց այդ մասին՝ հետո։ Քարքարոտ ճանապարհով մեքենան ընթանում ու կանգ է առնում ուղիղ գյուղապետարանի մոտ։ Հեռվից անգամ երեւում է, որ այդ փոքրիկ շենքը նույնիսկ նախորդ դարավերջին չի կառուցվել․ ճաքխքած-նորոգած պատեր, փայտե տանիք, հին լուսամուտներ՝ քարե պատերի արանքում։ Գյուղի վարչական ղեկավարի՝ Հրայր Միրզոյանի մեքենան կանգնում է մուտքի ցանցե ցանկապատի մոտ հենց այն պահին, երբ զանգում եմ նրան՝ ճշտելու՝ կարո՞ղ է ինձ ընդունել արդյոք։ «Էդ նկարողը Դուք ե՞ք»,- հարցնում է ինձ՝ մեքենայից տեսնելով, որ նկարում եմ գյուղից դեպի ձորը բացվող տեսարանը։ Մտնում ենք գյուղապետարան, որը գյուղսովետի նախկին շենքն է ու Լճկաձորին ծառայում է 1932 թվականից։ Միրզոյանն ասում է՝ գյուղապետարանի շենքը նաեւ դպրոց է եղել, ինքն այնտեղ է սովորել։ Իսկ հիմա դպրոցը հենց գյուղապետարանի կողքին է։ Այն բարեկարգ է, մաթեմատիկայի առանձին անկյուն էլ ունի, որ առավել մոտիվացնի երեխաներին սովորել այդ գիտությունը։ Այս գաղափարը ուսուցչուհի Ռուզան Մալինյանինն է եղել։ Բայց Լճկաձորի դպրոցը հիմնական է, իններորդն ավարտելուց հետո աշակերտները հարեւան գյուղերում են շարունակում կրթությունը։ Լճկաձորի դպրոցում մոտ 90 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզի սաների թիվը քսանի չի հասնում։  Լճկաձորն առաջին հայացքից էլ շատ ջերմ տպավորություն է թողնում։ Բայց այստեղ, ինչպես շատ այլ գյուղերում, կան խնդիրներ, որոշները՝ լուծման ճանապարհին, որոշները՝ առկախված։ Վարչական ղեկավարի հետ մեր զրույցը սկսում ենք գյուղի առավելություններից խոսելով․ «Մի բռաչափ գյուղ ա»,- ասում է Միրզոյանը,- «գեղեցիկ բնություն ունի, լավ աշխարհագրական դիրք։ Ժողովուրդը, մթնոլորտը՝ դրական, մարդամոտ են Լճկաձորում»։ Այս դրականի կողքին, սակայն, խնդիրներն ավելի շատ են, անվերջ թվարկելու։ Ամենալուրջ հարցերից մեկը խմելու ջրի խնդիրն է, բայց մոտ մեկ ամսից, ինչպես նշում է վարչական ղեկավարը, այդ հարցը պետք է որ լուծվի։ Նոր ցանց է կառուցվել։ Իսկ մինչ այս երեսուն տարուց ավելի գյուղում խմելու ջուր չի եղել, տեղացիներն անտառից եկող ջրերից են օգտվել։  Հրայր Միրզոյանը Գյուղում ճանապարհները բարվոք վիճակում չեն, բայց օգոստոսին նախատեսված է խճապատում․ սպասում են՝ ջրագիծն ամբողջությամբ կառուցվի, որ անցնեն ճանապարհների հարցին։ Բայց ամենից մեծ խնդիրը կոյուղու հարցն է․ գյուղում կոյուղագիծ չկա․ «Շատ բարդ ա, մանավանդ, որ էստեղ էլ համարվում ա սողանքային գոտի, խնդիրներ կարող են առաջանալ»,- ասում է վարչական ղեկավարը։ Խնդրից տեղյակ են համայնքապետարանում, բայց լուծումը մեծ ծախսերի հետ կապ ունի, աջակիցներ են պետք։ Լճկաձորում մարդիկ հիմնականում այգեգործությամբ են զբաղվում, դեղձի, արքայանարնջի այգիներ են մշակում։ Բայց կան մարդիկ, որ զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ընդամենը 132 խոշոր եղջերավոր կենդանիներ են պահում եւ 354 մեղվաընտանիք։ Ընդհանուր 160 հա ջրովի հողատարածք կա Լճկաձորում, բայց այդքանը չի էլ օգտագործվում, միայն մոտ 120 հեկտարը․ «Չորացումները շատ են, այգիները համատարած չորանում են, մանավանդ դեղձինը»,- մտահոգ ասում է զրուցակիցս։ Անալիզներ արել են, բայց կոնկրետ պատճառ չի ասվել։ Վարչական ղեկավարը ենթադրում է, որ չորացման պատճառ կարող են լինել Թեղուտի պոչամբարի թափոնաջրերը․ «Դրանք շատ նպաստեցին այգիների չորանալուն։ Պիտի մի հատ նորմալ անալիզ արվի հողն էլ, ծառն էլ, որ պատճառը հասկացվի»։ Գյուղապետարանին մոտիկ ապրում է Բեջանյան Դերենիկը, որը մեծ այգի ունի․ թուզ, նուռ, արքայանարինջ, ֆեյխուա, մուշմուլա՝ ճապոնական զկեռ է մշակում, նույնիսկ Կարմիր գրքում գրացնված արջատխլենի։ Դերենիկ պապն էլ է մտահոգված այգիների չորանալու խնդրով։ Ասում է՝ Լճկաձորում կլիման շատ բարենպաստ է, պարզապես ջրի խնդիր կա, այս ամիսներին հույսները բնական տեղումների վրա է, բայց անձրեւն էլ շոգ ամռանը հաճախ պատահող բան չէ, որ ծառին ու բույսին անհրաժեշտ ջուրն ապահովի։ «Տեղումների քանակը գարնանը, աշնանը, ձմռանը բավարարում է, ուղղակի ամռանը դժվար է․ բույսին ամենաանհրաժեշտ շրջանն է, բայց խոնավությունը չի բավարարում»։ Դերենիկ Բեջանյանը Դերենիկ պապը տոհմիկ գյուղատնտես է․ «Իմ պապը, հայրս, հորեղբայրս, բոլորը գյուղատնտեսներ են եղել։ Ես էլ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ եմ»,- այգին ինձ ցույց տալու ընթացքում իր մասին պատմում է Դերենիկը։ Նա խնամքով մի կողմ է տանում մուշմուլայի տերեւը, որից տակից երեւում է փոքրիկ պտուղը։ Այս կողմերում նռան ծառերն էլ են շատ․ Դերենիկ պապի այգու մի անկյունը կարմիր երանգ է ստացել նռենու ծաղկաթերթերից։ Դերենիկ պապի տան դարպասների մոտից գյուղապետարան գնացող ճամփեզրից մեր կողմ է նայում լճկաձորցի մի պապիկ ու ժպտալով ձայն է տալիս, թե՝ «հմի Դերենիկը լրիվ ասել ա, էլի՜»։ «Ես գյուղատնտեսության սահմաններից դուրս չեմ եկել, Մալինյա՛ն»,- համագյուղացուն նույնկերպ ձայնում է Դերենիկ պապը,- «մենակ ասել եմ՝ ժամանակին գյուղը տեղափոխել են ստեղ, որովհետեւ հարմար են գտել կլիման, հողը, ջուրը»։ Հետո շրջվում, ինձ ասում է, որ մարդիկ տարբեր պատճառներով տեղափոխվել, եկել-հասել են այս կողմերը, բայց դիմեմ Մալինյանին, նա ավելի լավ կասի։  Դերենիկ Բեջանյանը Դերենիկ պապին հաջողություն եմ մաղթում ու քայլում դեպի ընկեր Մալինյանը՝ Ռուսլան պապը։ Բայց Լճկաձորում նրան ընկեր Մալինյան են դիմում։ Նա Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրենն է, մասնագիտությամբ՝ աշխարագրագետ, հիմա նաեւ գրող, արդեն Գրողների միության անդամ է։ Հարուստ կենսագրություն ունի ընկեր Մալինյանը․ սկզբում աշխարհագրություն է դասավանդել Ոսկեվանի եւ Այրումի միջնակարգ դպրոցներում, ապա եղել է Այրումի եւ Հաղթանակի միջնակարգ դպրոցների տնօրեն, ինչպես նաեւ Լճկաձորի գյուղական խորհրդի նախագահ, հետո էլ՝ Լճկաձորի դպրոցի տնօրեն։ Այդ դպրոցում Մալինյանն այժմ աշխարհագրություն է դասավանդում։ Ի դեպ, նա հրատարակած հինգ գիրք ունի՝ «Տավուշի մարզի տեղանունների բառարան», «Տեղանվանապատում», «Նոյեմբերյանի տարածաշրջանի տեղանունների բառարան», «Ժամանակ, ժամանակ», «Ծիրանի ծառը»։ Պարզվում է՝ ընկեր Մալինյանը հավաքագրել ու բառարանագիտական մշակման է ենթարկել Տավուշի տեղանունների վերաբերյալ նյութերը։ Այսինքն՝ հենց նա է, որն ամենալավը կպատասխանի՝ անլիճ այս անկյունն ինչու է Լճկաձոր կոչվում։ Մենք գնում ենք Մալինյանի տուն՝ ճանապարհին խոսելով գյուղից ու դրա պատմությունից։ Լիճ, ուրեմն, ինչպես ասացի, Լճկաձորում չկա, թեեւ ձոր կա։ Ուրեմն, Մալինյանն ուսումնասիրել ու պարզել է, որ Մակար Բարխուդարյանն իր «Արցախ» աշխատությունում գրել է, որ «Լճկաձորի բնակիչները նախ Խոյից են գաղթել են Ուլաշտու, ապա տեղափոխվել Թարգեւին, ապա Ճալու եւ Հուսկ, հետո Լճկաձոր»։ Իսկ նորագույն ուսումնասիրություններից էլ պարզվում է, որ նրանք որոշ ժամանակ էլ Արցախում են ապրել։ Այդպես, 1875-ին այժմյան լճկաձորցիների նախնիները գալիս են ներկայիս գյուղից ոչ հեռու՝ Գոլեր կոչվող վայր, մի հին, լքված գյուղի ավերակները վերաշինում ու հաստատվում այդտեղ։ Այդ բնակավայրը Նորաշեն են կոչում, բայց այդ անունը երկար չի մնում։ Գյուղացիները ձորի գետակի վրա մի փոքրիկ ջրամբար (լճակ) են կառուցում, տեղանքն էլ ստանում է Լճի ձոր անունը։ Ժամանակի ընթացքում գյուղի Նորաշեն անունը մոռացվում է եւ դրան փոխարինում է Լճկաձոր անունը։ Երեք տասնամյակ այդ ձորում ապրելուց հետո տեղանքի փակ դիրքի պատճառով գյուղացիները տեղափոխվում են այժմյան Լճկաձորի տարածք՝ իրենց հետ բերելով այդ անունը։  Այսպես, զրուցելով հասնում ենք ընկեր Մալինյանի տուն, որի առաջ փռված է նրանց մեծ ու սաղարթախիտ այգին, որ ավելի շատ անտառ է հիշեցնում։ Այգու մի հատվածը գեղեցիկ մշակված է՝ համաչափ, կոկիկ, մյուս մասը Մալինյաններն ավելի շատ վայրի են թողնում, բայց խնամքով մաքրում են, իսկ բնությունը մնացածն ինքնուրույն կանի։ Մալինյանը գյուղը շատ է սիրում, նրա հինգ գրքերից երկուսը գեղարվեստական են, ու գրողն իր պատմվածքներում հաճախ է նկարագրում գյուղական տեսարանները։  Ռուսլան Մալինյանը Այգուց տուն ենք գալիս։ Մալինյանը ցույց է տալիս իր աշխատասենյակը՝ բազմաթիվ գրքերով, որոնց արանքներում թաքնված են նաեւ իր աշխատանքները։ Ձգվում, գտնում, ինձ ցույց է տալիս։ Առաջին գիրքը «Նոյեմբերյանի տարածաշրջանների բառարանն է», որն աշխարհագրական-գեղարվեստական աշխատություն է, որտեղ ներկայացված են տարածաշրջանի սարերը, վանքերը, գյուղերը։ Տեղանունների մասին նյութեր հավաքելը երկար ժամանակ է տեւել․ Մալինյանը ոչ միայն անձամբ է հավաքել դրանք, այլեւս ամեն անկյունում իր մտերիմների միջոցով հավաքել է հնարավոր բոլոր տեղեկությունները, որոնք ընթերցողին կարող են հետաքրքրել․ «Գիտեք, էս անունների ստուգաբանությունը շատ դժվար հարց է։ Մեծ մասը չկա որեւէ տեղ։ Նյութերը հավաքել ենք հարցումներով, հանրագիտարաններով, հանդիպումներով, ամեն կերպ։ Նույնիսկ նյութեր կան՝ հանրագիտարաններում սխալ են»,- ասում է Մալինյանը։ Իսկ մյուս գիրքը վերաբերում է ամբողջ Տավուշի մարզի տեղանուններին․ դրա նյութերի հավաքագրման համար տարիներ են պահանջվել։  Մալինյանի հետազոտական աշխատանքները կարդացել են նրա մտերմիները, գրող ընկերները ու շատ հավանել, առաջարկել նաեւ գեղարվեստական գործեր գրել։ Ինչն էլ, պարզվել է, լավ էլ ստացվում է Մալինյանի մոտ։ Հիմա նա երկու նոր գրքի վրա է աշխատում․ «Վերջերս սկսել եմ բանաստեղծություններ գրել։ Էդ գրողների ջրերն եմ ընկել»,- կատակելով ասում է զրուցակիցս,- «Բայց երբ ինձ Գրողների միության տոմսը տալիս էին, ասի՝ պարոն Միլիտոնյան, մորուք չեմ պահելու»,- ծիծաղում է Մալինյանը, հետո ինձ նվիրում տեղանունների իր բառարանն ու խորհուրդ տալիս․ «Տավուշի մարզում ուր էլ գնաս, կկարդաս, նոր կգնաս»։  Թեեւ Մալինյանն ունի համակարգիչ, բայց սիրում է ձեռագրով աշխատել։ Նոր նյութերը գրում է ճերմակ թղթերի վրա, պահում հին թղթապանակում։ Նոր աշխատանքներից մեկը կոչվում է «Գլուխս բարձին դնելուց առաջ»․ այս աշխատանքում Մալինյանն իր մտքերն է գրառում, որոնք այցելում են ուշ երեկոյին, երբ բոլորն արդեն քնել են, երբ պատուհանից դուրս միայն ծղրիդների փսփսոցն է։  Հարցնում եմ՝ իսկ անցած բաներին շա՞տ եք անդրադառնում, թե՞ միշտ առաջ։ Հոգոց հանելով է պատասխանում Մալինյանը․ «Հա՜հ, անցած բաներին շատ եմ անդրադառնում․․․ Բայց»,- մեկ էլ ժպիտը դեմքին է գալիս,- «էն փնթփնթան բիձեքից չեմ, էլի՜, նորություններ շատ եմ սիրում»։ Անցյալից խոսելիս արձակած այդ հոգոցը, ինձ թույլ եմ տալիս կարծել, եղբոր մասին է։ Ռուսլան Մալինյանի եղբայրը՝ Հարություն Մալինյանը, Ոսկեպարում տեղի ունեցած «Օղակ» գործողության զոհերից է։ Նրա երկու թոռնիկները՝ Մերին ու Հայկը, Ռուսլան Մալինյանի տանից ինձ ուղեկցում են դեպի Հարություն Մալինյանի հուշաքարի մոտ։ Հարություն Մալինյանի հուշաքարը Երեխաներն ամբողջ ճանապարհին լուռ են լինում, հետո միասին գնում ենք Լճկաձորի ժամը՝ եկեղեցին, որ թվագրվում է 19-րդ դարին։ Այդ եկեղեցու քանդված պատերի արանքում էլ անցյալի հոգոցներ կան։ Լճկաձորի ժամը՝ եկեղեցին Բայց այդ հոգոցները ցրում է Լճկաձորից դեպի սարերը բացվող տեսարանը, որտեղ, երեւի, նիրհում են այն բոլորի հոգիները, որոնց ժամանակը հիշողություն է դարձնում։  Հայարփի Բաղդասարյան
23:53 - 06 հուլիսի, 2022
#մարzoom [օր 6]. Կարմիր գրքում իրենց տեղը գտած ծառերը, Ջանգյուլումն ու Վարդավառը և շատ ավելին

#մարzoom [օր 6]. Կարմիր գրքում իրենց տեղը գտած ծառերը, Ջանգյուլումն ու Վարդավառը և շատ ավելին

Հայարփին այսօր Լճկաձորում էր. վերադարձավ` գյուղատնտեսությամբ զբաղվող Դերենիկի այգուց խիստ տպավորված, ասում է` այնտեղ ծառեր կան, որ Կարմիր գրքում են գրանցված: Բացի դրանից, նա հյուրընկալվել է գրող, աշխարհագրագետ Ռուսլան Մալինյանին, որը հավաքագրել ու բառարանագիտական մշակման է ենթարկել Տավուշի տեղանունների վերաբերյալ նյութերը։ Արծվիկն էլ Բերդավանում էր. զրուցում էր մանկավարժ Սամսոն Խոջոյանի հետ ու, պահը բաց չթողնելով, օգտվում պատմության ուսուցչի այգու բերք ու բարիքից: Լյուսին Կողբ է այցելել. նա ճշտել է, թե ինչ է սպասվում գյուղի հյուրերին Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում: Մեկ այլ տոնական իրադարձության` Ջանգյուլում փառատոնի մասին Լիլիթը զրուցել է Բերդավան հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Մեկ էլ, մեր թիմը կրկին ընդլայնվել է. մեզ միացել է Մերին, որ բոլորիս իր հետ տանի Նոյեմբերյանի գողտրիկ գյուղերով:
19:43 - 04 հուլիսի, 2022
Ոսկեվան․ գյուղ, որտեղ խաղաղությունը կիթառի հնչյունների ձայնն ունի [մարzoom]

Ոսկեվան․ գյուղ, որտեղ խաղաղությունը կիթառի հնչյունների ձայնն ունի [մարzoom]

Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղ եմ հասնում կեսօրն անց։ Այստեղ արեւն այնքան մոտ է թվում, որ անընդհատ ուզում եմ ուսիցս «քշել»՝ չկծմծի։ Ոսկեվանը մեծ չէ, մի ծայրից մյուսը ոտքով հեշտ ու հանգիստ կարելի է անցնել։ Անաղմուկ, խաղաղ մի անկյուն՝ թեեւ ուղիղ հակառակորդի դիտակետում։ Չնայած, տեղացիներն ասում են՝ պատերազմից հետո կրակոցներ չեն եղել գյուղի ուղղությամբ։  Գյուղի հենց սկզբում՝ ճանապարհի ձախ թեւին, իրար կողքի են վարչական ու մշակույթի տան շենքերը։ Առաջինը՝ բարվոք վիճակում, երկրորդը, սակայն՝ անմխիթար։ «Մշակույթից» եմ սկսում իմ պտույտը գյուղում, ինձ ուղեկցում է ոսկեվանցի Կարինե Ալեքսանյանը, որը մշակույթի տանը կիթառի դասընթացներ է վարում։  Կարինեն նվագել սովորել է բոլորովին վերջերս՝ 2017 թվականին։ Բայց կիթառ նվագելն իր մանկության երազանքն է եղել, միայն թե հնարավորություն չի ունեցել ու երազանքի իրականացումը հետաձգվել է։ Կարինեն, սակայն, որքան էլ երազկոտ է, նույնքան համարձակ։ Ասում է՝ կիթառ միայն հեռուստացույցով էր տեսել ու առաջին անգամ գործիքը ձեռքն է վերցրել ուսուցչուհու մոտ․ «Երբ իմացա, որ Դիլիջանից Նոյեմբերյան է եկել մի մասնագետ ու սիրողական դասընթացներ է անցկացնում, մասնակցեցի դրանց, մինչեւ ուսուցիչը գնաց Երեւան»,- պատմում է Կարինեն ու շարունակում, որ պատասխանատվությունը շատ մեծ էր, ուստի ինքը չի բավարարվել ստացած գիտելիքներով ու շարունակել է զբաղվել ինքնակրթությամբ։ Պատմելու ընթացքում Կարինեն կիթառը գրկից մի կողմ չի դնում, ձեռքերն էլ խնամքով դրել է վրան։  Կարինե Ալեքսանյանը Արդեն որոշ ժամանակ անց Կարինեն լսել է մասնագետների կարծիքը, ներկայացրել իր գիտելիքները՝ հասկանալու՝ կարո՞ղ է դասընթաց կազմակերպել։ Իսկ մասնագետները շատ են հավանել, ու արդեն 2017-ի վերջին Կարինեն առաջին աշակերտներն է ունեցել։  Մեկ ամիս առաջ էլ սկսել է պարապմունքներ անցկացնել նաեւ ոսկեվանցի երիտասարդների հետ, ու շատ արագ թիմ է հավաքել․ Կարինեի մոտ այժմ Ոսկեվանի մշակույթի տանը կիթառի դասերի է գնում 19 երիտասարդ, ընդ որում՝ ոչ միայն Ոսկեվանից, այլ նաեւ հարեւան Բաղանիսից։ կիթառի դասերը սովորաբար վեց ամսից մեկ տարի են տեւում՝ կախված նրանից, թե աշակերտներն ինչպես են յուրացնում գիտելիքները։ Ոսկեվանի խմբային դասերից բացի՝ Կարինեն պարապում է նաեւ Նոյեմբերյանում՝ անհատական։  Կարինեն կես-կատակ ասում է՝ երեւի իր մոտ ավելի լավ ստացվում է գիտելիքները փոխանցել՝ մանկավարժություն անել, քան նվագել։ Զրուցակիցս մասնագիտությամբ բուժքույր է, նաեւ մանկավարժ՝ թեեւ ոչ բարձրագույն կրթությամբ։ Բայց, միեւնույն է, եկել-հասել է իր հոգու մասնագիտությանը։  Երբ Կարինեն որոշել է գնալ կիթառի դասերի, իմացել է, որ հարեւանի երեխան, որն իրենից փոքր է մոտ տասնհինգ տարով, եւս սիրում է կիթառ ու ինքն էլ է ուզում սովորել․ «Ես էլ ասում էի՝ երբ ես առնեմ կիթառ, դու էլ իմ կիթառով կնվագես, կսովորես, մինչեւ քոնն ունենաս։ Բայց էնպես ստացվեց, որ ինքն ավելի շուտ ունեցավ իր գործիքը՝ Ձմեռ պապիկն Ամանորին նվիրեց։ Էդ պահին ես չէի կարող ինձ համար գնել, ու երբ աղջնակն ունեցավ կիթառ, ասաց՝ որ կարող եմ իր կիթառից օգտվել, մինչեւ իմն ունենամ։ Հետո, երբ սկեսուրս լսեց՝ ինչպես եմ նվագում, երգում, ինքը շատ հուզվեց ու ասաց՝ թոշակս ստանամ՝ քեզ համար կիթառ եմ առնելու։ Սկեսուրիս օգնությամբ առանք իմ կիթառը»,- ժպտալով պատմում է զրուցակիցս։ Վախեր, իհարկե, ունեցել է, որ կարող է ինչ-որ բան չստացվել, բայց ժամանակը ցույց է տվել, որ այն, ինչ սրտումդ է, սիրով ես անում, անպայման հաջողվում է։ Կարինեն աշակերտների հետ «պայման է կապել»՝ ուսուցման իմաստն այն է, որ սովորողներն արդյունքում նվագեն ավելի լավ, քան իրենց ուսուցիչը․ «Կթվա՝ ուղղակի խոսքեր են, բայց հենց այդպես էլ եղավ՝ իմ սաներն ինձնից լավ են նվագում»։ կիթառը հիմա Կարինեի մտերիմ ընկերն է, չի լքում տխրության պահերին։ Իսկ Կարինեն տխրությունն իր մեջ չի ամփոփում-թաղում։ Ասում է՝ եթե գոյություն ունի մի բաժակ տխրություն, ու դա իր բաժինն է, ինքը բաժակի պարունակությունը չի թափում, արագ «խմում է», անցնում առաջ՝ ապրել է պետք, վայելել ամեն պահը, որ տրված է։ Կարինեն հուլիսի 9-10-ին փառատոն է կազմակերպում Նոյեմբերյանում՝ «Շնորհակալություն, մայ՛ր հող» խորագրով։ Ասում է՝ անընդհատ մտքեր է ունեցել՝ ո՞րն է մեր համընդհանուր սխալ քայլերի պատճառը․ «Մտքով սկսեցի քանդել էդ կծիկը ու հասկացա, որ մեր մայր հողը ըստ արժանվույնի չգնահատելն է։ Մայր հողը՝ որպես հայրենիք, մենք սիրում ենք, բայց սխալ ենք սիրում, բառերով չեն սիրում։ Մարդիկ պիտի բարի լինեն։ Մենք պիտի ուրախանանք, որ մեր երեխաներից լավ սովորող երեխաներ կան, մեզնից լավ աշխատավարձ ստացող մարդիկ։ Որովհետեւ դա համընդհանուր բարօրության համար է։ Եթե միայն մեկ-երկուսն այդպիսին լինեն, ապա հայրենիքը շենացնելու գործը միայն նրանց ուսերին կմնա։ Բայց այդ գործում բոլորի ջանքն է պետք, բոլորը պիտի ավելի զարգանան, ավելի կրթվեն, ավելի ունեւոր լինեն, որ փոփոխությունը զգալի լինի»,- իր մտորումներն է պատմում Կարինեն։ Նա կարծում է, որ կազմակերպելիք միջոցառումը հնարավորություն կտա արժեւորել մայր հողը՝ որպես հայրենիք, որպես բնություն, որպես արժեք։ Փառատոնի ժամանակ երաժշտության ուղեկցությամբ ուրցահավաք է լինելու Նոյեմբերյանի Սրբասարում, թեյի, սուրճի ընդմիջումներ են լինելու, թերթերուկ են թխելու, ձեռագործ իրերի ցուցադրություն-վաճառք է լինելու, նաեւ վարպետաց դասեր։ Մի քանի ընկերություններ իրենց արտադրանքով արդեն իսկ միացել են ու կմասնակցեն ցուցահանդես-վաճառքներին։ Իսկ թե ինչու հենց ուրցահավաք, Կարինեն մեկնաբանում է, որ այն մայր հողից ինչ-որ բան ստանալու խորհրդանիշ է․ «Նաեւ, ուրցն ինքնին դեղաբույս է, լավ կլիներ՝ առողջ կենսակերպի մշակույթը զարգանար մեզ մոտ, հետո, որ ուրցով թեյախմությունն էլ դառնա ավանդույթ։ Դա մտածելակերպ կարող է փոխել։ Ուրցի թեյախմությունն արվեստի պես բան է, այդ մթնոլորտը լավ տրամադրություն է բերում, լավ մթնոլորտ ստեղծում, դրանից էլ հաստատ ինչ-որ բան դեպի դրականն է փոխվում»։ Միջոցառումը թեեւ դեռ ֆինանսավորված չէ, բայց կազմակերպչական աշխատանքներն արդեն մեծ հաշվով արված են։ Մնում է գտնեն նաեւ ֆինանսավորողի՝ իրենց նպատակն ըստ պատշաճի կյանքի կոչելու համար, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում մշակույթի ու զբոսաշրջության զարգացմանը։ Մինչ մենք զրուցում ենք, մշակույթի տուն են գալիս Կարինեի աշակերտները։ Նրանցից մեկը՝ Էլեն Ալեքսանյանը, ծնվել է Երեւանում, բայց հիմա ապրում է Բաղանիս գյուղում, ու ամեն շաբաթ գալիս է հարեւան Ոսկեվան՝ մասնակցելու կիթառի դասերին․ «Էս գյուղ գալը իմ ամենալավ բաներից մեկն ա եղել։ Երեւանն էլ եմ շատ սիրում, բայց գյուղն իմ համար ուրիշ աշխարհ ա։ Գյուղում պապիկիս հետ էի ապրում, ու էստեղին կապող ամենակարեւոր օղակը նաեւ ինքն ա եղել։ Պապին հիմա չկա, բայց մեկ ա ես գյուղի տանն իր ներկայությունը զգում եմ։ Արմատներով ես ոսկեվանցի եմ, բայց Բաղանիսում ենք ապրում։ Բաղանիսն էլ եմ շատ սիրում։ Բաղանիսն էլ ա սահմանամերձ»,- ասում է Էլենն ու շարունակում, որ սահմանամերձ գյուղում ապրելն ուրիշ հպարտություն է, քեզ ավելի պարտավորված ես զգում։ Էլենն արդեն որոշել է՝ տուրիզմի ուղղությամբ է ուզում մասնագիտանալ, ինչը հնարավորություն կտա իր հարազատ գյուղերը ցույց տալ աշխարհին։ Այդ որոշման մեջ ավելի հաստատակամ է դարձել, երբ իր ուսուցչի տղան, որը եւս ուզում էր տուրիզմի ոլորտում մասնագիտանալ, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Էլենն ասում է՝ իրեն ավելի պարտավորված է զգում, լավ մասնագետ պիտի դառնա։ Նա կարծում է, որ իր ընտրած մասնագիտությամբ աշխատանքը կարող է համեմել կիթառ նվագելով։ Էլեն Ալեքսանյանը Ոսկեվանցի Թերազա Հարությունյանն էլ է անչափ սիրում իր գյուղը։ Ասում է՝ գյուղում մարդիկ ավելի բարի են, ավելի մարդամոտ։ Իսկ սահմանին այդքան մոտ ապրելը իրեն չի անհանգստացնում․ «Ես չեմ վախենում ոչ կրակոցից, ոչ թշնամուց․ զինվորների քույր եմ։ Մեծ եղբայրս էլ է ծառայել, փոքր եղբայրս էլ՝ չնայած առողջական խնդրին։ Միջնեկ եղբայրս՝ Արմանն էլ է ծառայել, հետո անցել պայմանագրային ծառայության։ Բայց 2015թ․ հունվարի 17-ին զոհվել է»,- այս ասելիս Թերեզայի կոկորդը լցվում է, բայց նա չի լալիս ու պատմում է, որ այդ դեպքը մի ցավոտ կետ է եղել, որ իրեն ավելի է մոտեցրել գյուղին, հիմա չի ուզում ու չի պատկերացնում, որ որեւէ պարագայում կլքի Ոսկեվանը․ «Եթե գյուղից դուրս գանք․․․ սահմանին կանգնած զինվորն ամեն անգամ հետ կնայի ու կտեսնի, որ մարդիկ գնում են, կմտածի՝ ուրեմն ինքն անիմաստ է կանգնած դիրքում, եթե թիկունքին մարդիկ չկան»։  Թերեզա Հարությունյանը Թերեզան դեռ հստակ չգիտի՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, որովհետեւ տարբեր մտքեր ունի։ Համ ուզում է ռազմական գործով զբաղվել, համ էլ ռուսերենի ուսուցիչ դառնալ։ Բայց, ոնց որ թե, ավելի շատ ռազմական ուսումնասարան գնալու միտքն է հաղթում, մնում է՝ ծնողների համաձայնությունը ստանա։  Գյուղի նկարազարդ կանգառը՝ տեղի խորհրդանիշերով Մշակույթի տանը, բացի կիթառի դասընթացներից, նաեւ կավի, կարպետի ու նկարչության խմբակներ կան։ Շուտով ուզում են նաեւ դհոլի խմբակ բացել։ Բայց տարածքի պայմանները մտահոգող են։ Շենքը վերանորոգման կարիք ունի, հատկապես մեծ դահլիճը, որն այժմ օգտագործման պիտանի չէ․ կիսախարխուլ բեմ, քանդված հատակ, կիսակոտրած, լքված ու փոշոտ նստարաններ, որոնք, ի դեպ, ինչպես նշում է տնօրենը, ինչ-որ մեկը գնել է, բայց անգամ չի էլ տարել տարածքից։ Մշակույթի տան տնօրենը՝ Արթուր Մելքոնյանը, մեր զրույցում ասում է՝ 2000-ականների սկզբից մշակույթի տան այդ մեծ դահլիճն ուղղակի ունակ չէր գործելու։ Բայց ծրագրեր կան, որ այս տարի դահլիճը պիտի մասնակի վերանորոգվի։ Սուբվենցիոն ծրագրով որոշակի աշխատանքներ կարվեն, բեմը կսարքվի, բայց ծախսը շատ է լինելու, երեւի թե բոլոր հարցերը չլուծվեն։  Արթուր Մելքոնյանը Մշակույթի տան պատուհանից երեւում է գյուղապետարանը։ Տանիքին ինչ-որ բան է նորոգում վարչական ղեկավարը։ Սպասում եմ ավարտի, մի քիչ զրուցեմ հետը։ Գնում եմ գյուղապետարան, դուռը թակում ու երբ սկսում եմ ներկայանալ, զգում եմ՝ ոնց որ արդեն տեղյակ է՝ ով եմ։ Պարզվում է՝ վարչական ղեկավարը՝ Սերգեյ Գրիգորյանը, մինչ այս աշխատանքին անցելը պայմանագրային զինծառայող է եղել, ու երեւի այդ հանգամանքի բերումով էլ մինչեւ իմ՝ գյուղապետարան մտնելը տեղեկացել է՝ ով է այս անծանոթ մարդը, որ աջ ու ձախ է պտտվում իրենց գյուղում։ Գյուղում 1343 մարդ է բնակվում, 277 փաստացի տնտեսություն կա։ Ոսկեվանում էլ, ինչպես Կոթիում, խոտհարքերը հակառակորդի դիտարկման տակ են։ Մարդիկ անասուններին չեն կարողանում արածեցնել որոշ տարածքներում․ գյուղում 500-ից մի քիչ ավելի խոշոր եղջերավոր անասուն կա։ Հիմա հունձի շրջանն է, գյուղապետն էլ պարբերաբար հետեւում է աշխատանքներին։  Սերգեյ Գրիգորյանը Ոսկեվանում այգիները, դաշտերը նորմալ ոռոգվում են, բայց խմելու ջրի խնդիր կա․ ջուրը մոտիկ գյուղերից են բերում։ Ջրաֆիկացման հարցը լուծելու համար դիմել են համայնքապետարանին, բայց չգիտեն՝ երբ կլուծվի։ Գյուղը գազաֆիկացված է, փողոցային լուսավորություն էլ գրեթե բոլոր թաղամասերում կա։ Բայց ճանապարհների նորոգման հարց կա, դա էլ պիտի որ առաջիկայում լուծվի․ եկող տարի ճանապարհների տուֆապատում է նախատեսվում։ Գյուղապետը մի խնդիր էլ է առանձնացնում, Հայփոստը տեղափոխել են կողքի գյուղ՝ Բաղանիս։ Գյուղի տարեցները ստիպված ոտքով են գնում մի քանի կիլոմետր, որպեսզի թոշակ, նպաստ ստանան; Մի քանի ամիս է՝ այս հարցով դիմել են պատկան մարմիններին, բայց լուծում չի տրվել խնդրին։ Գրիգորյանն ասում է՝ փոստը Բաղանիս տեղափոխելու պատճառը տարածքի խնդիրն է եղել, բայց, ըստ նրա, կարելի էր փոստը բացել Մշակույթի տանը, մինչեւ նախկին շենքը կվերանորոգվեր։ Գյուղում պտտվելիս հեռվից տատիկների եմ տեսնում, մոտենում։ Այնպես են ողջունում, կարծես հենց ինձ էլ սպասում էին․ «Արի, ցավդ տանեմ, արի։ Որտեղացի՞ ես»,- իհարկե առաջինը հնչում է մշտական այս հարցը։ Ընկերուհիները՝ Վերան ու Լուսիկը, զրուցում էին գյուղից արտագնա աշխատանքի գնացողների մասին։ Լուսիկ տատիկը Մտահոգվում են՝ լավ գյուղ է, բայց շատ աշխատանք չկա, եթե այգու, հողի գործ չես անում։ Հարցնում են՝ հավանե՞լ եմ գյուղը, ու երբ ասում եմ, որ շատ լավ, հանգիստ գյուղ է, տատիկներն առաջարկում են մնալ իրենց մոտ, հաստատ մի լավ իսան կգտնվի ինձ համար։ Վերա տատիկը Բայց տատիկների «սիրտն այս անգամ կոտրում եմ», առողջություն մաղթում ու քայլում գյուղից դուրս եկող ճամփի ուղղությամբ, մինչեւ կգա մեր մեքենան ու ինձ կտանի Նոյեմբերյանի մի ուրիշ անկյուն՝ այլ բարի ու հավես մարդկանց մոտ, որոնց չեն կոտրում առօրյա խնդիրները, եթե կողքներին սիրելի հոգիներ կան։ Իսկ այսպիսի ջերմ գյուղերում այդ հոգիները կան։ Հայարփի Բաղդասարյան
18:02 - 03 հուլիսի, 2022
#մարzoom [օր 5]. Նոյեմբերյանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ավանդույթները, «VitRoom»-ն  ու Արճիսի մարդիկ

#մարzoom [օր 5]. Նոյեմբերյանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ավանդույթները, «VitRoom»-ն ու Արճիսի մարդիկ

մարzoom-ի մեր թիմի այսօրվա օրը խիստ հագեցած էր։ Մինչ Լիլիթը Նոյեմբերյանի մի անկյունում երկու ընկերուհիների հիմնած «VitRoom» ստուդիայում էր՝ նկարելու, թե ինչպես են նրանք եռաչափ մոդելավորմամբ պատրաստում տարբեր իրեր, կախազարդեր, Սեւակն ու Լյուսին հյուրընկալվել էին Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբի հիմնադիր Արմեն Ամիրաղյանին։ Ակումբը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ամենշաբաթյա խաղեր է կազմակերպում, եւ մեր նյութը պատմելու է Ամիրաղյանի ու այդ ակումբի մասին։ Իսկ Հայարփին Արճիս գյուղում էր, որտեղ տիկին Գայանեին ոլոռ մաքրելու գործում «օժանդակություն» ցուցաբերելուց հետո գնացել էր իր նյութերի նոր հերոսներին՝ մատիտի ծայրերին փորագրություններ անող ու գլուխկոտրուկներ պատրաստող Մարատին ու փայտից զարդեր պատրաստող Գոհարին բացահայտելու։
12:26 - 03 հուլիսի, 2022
Կոթի․ խստահայաց սարերի ու մարդկանց հյուրընկալ եզերքը [մարzoom]

Կոթի․ խստահայաց սարերի ու մարդկանց հյուրընկալ եզերքը [մարzoom]

Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղը հսկող սարերը խստահայաց են։ Երկինքն էլ այսօր մռայլ է, եւ Կոթիում շրջելու համար օրը սկզբում շատ ջերմ չի բացվում․ մենք գյուղ ենք մտնում այն պահին, երբ հուղարկավորության թափորը շարժվում է գերեզմանատուն։ Այդ արարողությունը շրջանցելու համար Գուգլ քարտեզով գյուղամեջ տանող այլ ճանապարհ եմ գտնում ու քայլում աջ թեւով ներքեւ իջնող արահետով։ Ամռանը Կոթիում ամենամուգ կանաչն է ամենուր, ամենախիտ բացատներն ու այգիներն են, որոնց ծառերի արանքից դժվար են նշմարվում տները։ Սալորենիներ, ընկուզենիներ՝ ամեն քայլափոխի։ Աչքս քարտեզից կտրել՝ մի հարմար ցոգոլ եմ փնտրում մի լքված թվացող այգու մեջ ու հայացքս հանկարծ ընկնում է գերեզմանաքարերին․ փոքրիկ գերեզմանատուն կա այգիների արանքում։ Հետո իմանում եմ, որ Կոթիում այդպիսի փոքրիկ գերեզմանատներ շատ են հանդիպում, ընտանեկան են։ Գերեզմանները հիշողություններ են՝ ամփոփված հողում, որին ավելի ես կապվում հարազատի կորստի հետ ու լքել-գնալ չես կարող։ Այդպես են մտածում նաեւ Կոթիում, որտեղ մարդիկ հեշտ բնավորություն չունեն, ինչպես իրենց սարերը։  Ֆեյսբուքյան խմբերից մեկի անունը «Կոթիի բարդ հասարակություն է»։ Իրենք իրենց այդպիսին են համարում։ Ես էլ մտածում եմ՝ հարց ու փորձ անեմ՝ ինչի՞ց է ծագել այդ կարծիքը։ Եւ հենց առաջին իսկ պատահած անցորդը վառ օրինակն է լինում այդ բնավորության արտահայտման․ շիկահեր, գեղեցկադեմ մի կին, որն այնքան էլ շփվել չի սիրում անծանոթների հետ, արագ-արագ քայլելով անցնում է, իսկ հարցերին՝ ո՞նց եք, գյուղամեջ ճի՞շտ եմ գնում, կտրուկ պատասխաններ տալիս ու շարունակում իր ճամփան։  Կեսօրն արդեն մի քիչ զավեշտալի է թվում, երբ հասնում եմ մի ճաշարան, որտեղի աշխատող տիկինը ծանոթանալու արարողակարգային երկու րոպեից հետո հրավիրում է ներս՝ սուրճ խմելու, ու պարզվում է՝ քիչ առաջ տեսած թաղման ժողովուրդը հիմա հոգեհացի է գալու։ Մինչ նրանք տեղավորվում են, հասցնում եմ նաեւ իմանալ, որ մի քիչ ներքեւ Լաուրիկ տատն է ապրում, որին անպայման պիտի հյուր գնալ։ Մուտքի գաղտնաբառը՝ կանչել Լաուրիկ տատի։ Լաուրիկ տատի տունը թաքնված է փայտե կանաչ ցանկապատների արանքում։ «Լաուրիկ տատի՜, Լաուրիկ տատի՜․․․»։ Կանչելով իջնում եմ աստիճանները, ու համարյա հույսս կտրում եմ՝ կարծելով՝ այսօր իմ օրը չէ, ինձ ընդառաջ է գալիս փոքրամարմին տատիկն ու զարմացած նայում, թե՝ էս ո՞վ է։ Դե՜, պատմում եմ՝ ինչի եմ գյուղ եկել, ու որ ինձ ասել են՝ տատի հետ զրույցի առիթը հանկարծ բաց չթողնեմ, տատն ինձ միանգամից հրավիրում է բակ, ու առանց ավելորդ համոզում-առաջարկությունների ձեռնամուխ լինում սուրճի սեղան դնելուն։ Տատիկը, չնայած տարիքին, արագաշարժ ու ճարպիկ է։ Մինչ ես բակի դետալներն եմ ուսումնասիրում, հյուրընկալս լույսի արագությամբ տնից բերում է սուրճի բաժակները, երբ առաջարկում եմ ինքս պատրաստել սուրճը, նույն արագությամբ հայտնվում է կողքիս, դիմացս դնում սրճեփը, սուրճն ու շաքարը, ու անհետանում։ Ձայն եմ տալիս՝ «տա՜տ, էդ ուր գնացիր, սուրճը հեսա լինում ա»։ Մեկ էլ ձայնը լսում եմ այգուց՝ «կա՛ցի, կա՛ցի, մոռ եմ բերում»։ Լաուրիկ տատը Բերում, լվանում է, շաքար լցնում վրան, ու ասում, որ ամբողջն ինձ համար է հավաքել, չուտել չեմ կարող։ Հետն էլ բացում է հենց երեկ փակած կոմպոտը, լցնում բաժակները, խոսքի մեջ ասում, որ իր թոռի անվանակիցն եմ։  Տատն ասում է՝ ֆիզիկական աշխատանքից հեչ չի նեղվում, բայց ծանր կյանք է ունեցել՝ ցավալի կորուստներ․ «25 տարեկան թոռս ավարիա տվուց, մահացավ։ Աղջիկս 53 տարեկանում ուռուցքով հիվնդացավ, մահացավ։ Մյուս թոռանս՝ տղիս աղջկա ջահել մարդը գնաց պատերազմ, զոհվեց, երկու երեխեքի հետ թոռս մենակ մնաց»։ Ամեն վերջակետից հաջորդ նախադասությունն ընկած վայրկենական արանքում տատը ծանր հոգոց է հանում․ «Ֆիզիկական աշխատանքը մարդուն բան էլ անում չի։ Բայց էդ կորուստնին մարդուն շատ ա ցավ պատճառում»։  Թեման ծանր է, փոխում ենք։ Միանգամից հարցնում եմ տատին՝ Կոթիի ժողովրդին ինչի՞ են ասում բարդ հասարակություն։ Էն էլ տատն առաջին անգամ է նման բան լսում։ Բայց սկսում է մտածել․ «Դե՜, բարդ ասելով՝ ի՞նչ ենք հասկանում։ Ուղղակի երեւի պակասությունը մարդկանց ագրեսիվացրել ա։ Սահմանն էլ մոտիկ ա։ Իննսունականներին շատ ջախջախվեցինք։ Մենք սհե չենք էլել․․․ Իրեք հեդը Գրադի սնարյադը մեր դռանը վեր ա ընգել։ Էս ժղովուրդը պրոբլեմներ շատ ա ունեցել, վերջը, ժղովուրդ ա, էլի։ Համ էլ, էդ «Կիսաբաց լուսամուտներ» ա, ինչ ա, մի օր տեհա․․․ Հլա կոթեցիքին չեն հվանմ»,- ասում է տատն՝ իր զարմանքն արտահայտելով, թե ոնց կարող են ջահել, առողջ տիկնայք գնալ այդ հաղորդմանն ու ասել, թե գործ չունեն։ Տատն իր օրինակն է բերում՝ 80-անց է, բայց մինչեւ հիմա մշակում է այգին։ Ընդ որում՝ ամենայն մանրակրկտությամբ, նկարչի հմտությամբ։ Լաուրիկ տատը, որ աշխատանքի համար մեդալ է ստացել անգամ, կարծում է՝ հիմա ժողովուրդը «լոդրացել է»։ Ասում է՝ երեւի հիասթափվել է, աշխատանք չի սիրում։ Տատն աշխատասեր է, բայց հիմա առողջությունն առաջվանը չէ․ «Դանդաղ մեռնելու վախտն ա։ Որ Աստված ինձ հարգել է, լավ կլներ՝ մահս հեշտ լիներ, շատ եմ տանջվել։ Նենց էլ գնահատված կնիկ չեմ եղել, որ ասեմ հա՜»։ Խոսակցության ժամանակ Լաուրա տատիկի ամուսինն է գալիս՝ Սամվել պապիկը, որ գործերով գյուղամեջ էր դուրս եկել։ Տատը գնում կանգնում է ամուսնու կողքին, ում հետ կյանք է կիսել ուղիղ 63 տարի։ Հոգու հետ է խաղում․ «Ես 18 տարեկան էի, ինքն էլ բանակից նոր էր եկել, փախցրուց ինձ։ Ես չէի սիրում, ուրիշին էի սիրում»,- ասում է տատն, իսկ պապը, թե՝ «հո-հո-հո», իբր՝ չի հավատում։ Սամվել պապը խոստովանում է, որ կնոջը շատ է սիրում։  Տատը մոռի մուրաբայի մի բանկա է դնում պայուսակիս մեջ, հրահանգում՝ ընկերներիդ հետ կուտես։ Խոստանում եմ, որ իրենց էլի հյուր կգամ ու հաջողություն եմ մաղթում։ Բայց սրտիս մեջ ոնց որ տրտմություն մտավ, երբ տատը շնորհակալություն ասաց իրենց հյուր գնալու համար։ Լաուրա տատիկենց տան մոտ է Կոթիի գյուղապետարանը՝ շրջապատված խնամված պարտեզով։ Գյուղապետարանի պատին Մարշալ Բաղրամյանի նկարն է փակցված․ Բաղրամյանը ծնունդով Կոթիից է եղել։ Աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին, որ նայում է հակառակորդի դիրքերին, կոտրված է․ անցքը թշնամու կրակոցից է բացվել՝ 2015-ին։  Մի ուրիշ սենյակում պահարանի վրա շարված են տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդի կողմից արձակված զինատեսակների բեկորներ, փամփուշտներ։ Այդ կտորները կարծես հավերժական հիշեցում լինեն։ Կոթիի վարչական ղեկավարը՝ Անդրանիկ Հախվերդյանը, իմ այցի պահին դաշտերում է՝ արտհնձի աշխատանքներին է հետեւում։ Բանն այն է, որ արտերը հակառակորդի դիտարկման տիրույթում են, գյուղապետն էլ հետեւում է հնձի աշխատանքներին, կազմակերպում ընթացքը, որ կոմբայնավարները համաչափ անեն իրենց աշխատանքը, միայն իրենց նախընտրած հատվածները չհնձեն։ Բայց Հախվերդյանը հեռախոսով բարեհամբույր զրուցում է մեզ հետ։ Ասում է՝ ցորենի դաշտերը միջդիրքային տարածքում են։ Դեպքեր են եղել, երբ հակառակորդը կրակել է այդ ուղղությամբ, ու արտը հրդեհվել է։ Այս տարի այդպիսի դեպք, բարեբախտաբար, չի եղել։ Կոթիի 1500 հա վարելահողերից շուրջ հազարն այսօր չի մշակվում․ հակառակորդի ուղիղ դիտակետում են։ Դա նաեւ անասնապահությամբ զբաղվելուն է խոչընդոտում։ Այժմ գյուղում հազարից մի փոքր ավելի խոշոր եղջերավոր անասուն կա։  Գյուղապետն ասում է՝ Կոթիում խմելու ջրի հաճախականության խնդիր կա, բայց այժմ այդ հարցով էլ են զբաղվում․ պլանավորման աշխատանքներ են տարվում, որ ամենօրյա ջուր լինի։ Ունեն նաեւ հեռահար ծրագիր՝ կառուցել 10.000 տոննա տարողությամբ ջրամբար, որը հնարավորություն կտա 300-ից ավելի հա ոռոգել, հիմա կարգին ոռոգվում են միայն տնամերձ հողերը։ Պլանավորում են նաեւ Կոթիի գտածոների թանգարան բացել, ինչը, գյուղապետի համոզմամբ, կգրավի զբոսաշրջիկներին։ Նոյեմբերյանի համայնքապետարանի առաջատար մասնագետ, Կոթիի գյուղապետարանում համայնքային ծառայող Արայիկ Բեջանյանն էլ մեր զրույցում պատմում է, որ տեղացիներն արդեն վաղուց հարմարվել են իրենց աշխարհագրական դիրքին, եւ ոչ մեկի մտքով էլ չի անցնում թողնել-հեռանալ։ «Մարդիկ կապված են էս հողին։ Ու չեն թողնի իրենց հարազատների գերեզմանները պղծեն։ Պատմություն ունեն էստեղ, արմատներ»,- ասում է Բեջանյանը։ Երբ խոսում ենք կոթեցիների բարդ բնավորության մասին, նա մեկնաբանում է, թե՝ էստեղ մեկը մեկից խելացի են, ամեն ինչ յուրովի են բացատրում, պարզամիտ չեն, դրա համար բարդ են թվում։  Արայիկ Բեջանյանը Լաուրա տատիկն, ամեն դեպքում, մի քիչ կոտրել է այդ կարծրատիպը, հիմա շտապում եմ Կոթիի 2000-ին մոտ բնակիչներից մեկի՝ նկարիչ Կարո Բեջանյանի տուն։ Ճիշտ է՝ ճանապարհին հանդիպող մարդիկ ձեռքը բավականին հեռու էին պարզում՝ ցույց տալով Կարոյանց տունը, բայց այն լավ էլ մոտ էր՝ գյուղապետարանից ոտքի ճամփա։ Հասնում եմ մի տան մոտ, բակում սուրճի սեղանի մոտ հավաքված մարդիկ կան։ Հավասար կտրած բեղերով, կոկիկ սափրված տղամարդուն դիմելով՝ ասում եմ՝ ներեցեք, Կարոն Դուք եք, չէ՞։ Ասում է՝ հա՜, նման եմ չէ՞։ Կարո Բեջանյանը Կարո Բեջանյանը դասավանդում է գյուղի դպրոցում։ Նա նաեւ գերեզմանաքարերի վրա է նկարներ անում, թեեւ, ասում է, իրեն կտավներն են հոգեհարազատ․ նկարելն իր տարերքն է, քարի վրա նկար անելը՝ ուղղակի աշխատանք։ Կարոն սովորել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանում, հետո աշխատանքի բերումով եկել է հարազատ կողմերը, բայց գործուղել են կողքի գյուղ՝ Բարեկամավան։ Կարոն ծիծաղելով ասում է՝ բայց լավ էր, տիկնոջս էնտեղից բերի։ Հետո տեղափոխվել է Կոթի ու հաստատվել այստեղ․ 1986թ․-ից Կոթիի դպրոցի նկարչության ուսուցիչն է։  Կոթին շատ է սիրում, իր կտավներում գյուղից շատ բնապատկերներ կան։ Կարոն կարծում է՝ արվեստագետները գյուղին շատ մոտ պիտի լինեն․ «Նկարիչը 10-րդ հարկում գործ չունի, հասկանո՞ւմ ես»,- ասում է նա։ Հետո քարի գործից խոսում՝ շեշտելով, որ դա իր նախասիրած աշխատանքը չէ, «ուղղակի հազար ումի հարցեր կան»։ Ասում է՝ երեխեքը նկարել սիրում են։ Հիմա գծագրությունը դպրոցից հանել են, բայց ինքը գծագրություն պարապում է երեխաների հետ, ու չի եղել դեպք, որ իր աշակերտներն ուսումնական հաստատություններ ընդունվելիս մասնագիտական քննությունները չստանան։ Շուտով դպրոցում նկարչության խմբակ էլ պետք է բացվի․ Կարոն այդ առիթով բավականին ոգեւորված է․ «Ես չեմ ուզում խմբակում երեխեն առանց պրակտիկ իրերի գա, ուղղակի նայի։ Ես ուզում եմ համ ես ստեղծագործեմ, իմ մոլբերտը դնեմ, համ երեխեքը»,- ասում է Կարոն։ Համայնքը հաստիք է բացել, աշխատավարձ սահմանել, ուստի խմբակն էլ ամբողջությամբ անվճար կլինի։ Կարոն հույս ունի՝ հնարավոր կլինի երեխաներին ապահովել անհրաժեշտ պարագաներով․ «Խմբակը սեպտեմբերից կգործի։ Եւ դա շատ կարեւոր բան ա։ Էդ էրեխանց հետ զբաղվել ա պետք, շնորհալի էրեխեք ունենք։ Սահմանային գոտի ա․․․ Գիտես ինչ, ես մի բանից եմ մի քիչ շատ վատ զգում, որ ամբողջ Հայաստանը սարքել են Էրեւան»,- ասում է Կարոն ու կարեւորում, որ սահմանամերձ գյուղերում էլ երեխաները լավ կրթություն ստանալու, հետաքրքիր զբաղմունքներ ունենալու հնարավորություններ ունենան։ Հետո Կարոն շտապում է իր գործերը ցույց տալ։ Նա առանձնահատուկ կիրք ունի հատկապես գծանկարների հանդեպ, թեեւ շատ կոլորիտային կտավներ էլ ունի, որոնցում զիլ արտահայտված է Կոթիի բնությունը։  Կարոյի թոռներն օգնում են պապին հատ-հատ ցույց տալ նկարները, հետո փոքրիկ Արտյումն էլ իր նկարներն է ցույց տալիս, երկուսով գալիս, բոլորում են պապին, ու սիրահոժար լուսանկարվում հայրենի սարերի ֆոնին։ Երեխաները, որ Ռուսաստանից եկել են պապի տուն, վազվզում, խաղում են բակում ու տանը, որի պատուհաններից մեկին հակառակորդի արձակած փամփուշից բացված անցք կա։ Այդ անցքից երեւի քամի է սողոսկում սենյակ՝ բերելով խոտհունձի տաք բույրեր ու դուրս տանելով կտավների արանքում հավաքված փոշին։ Հայարփի ԲաղդասարյանԼուսանկարները՝ Լիլիթ Նազարեթյանի
00:54 - 02 հուլիսի, 2022
Ջուջևան․ ոսկի տեղն ու «կանաչ տեսարժան վայրերը» [մարzoom]

Ջուջևան․ ոսկի տեղն ու «կանաչ տեսարժան վայրերը» [մարzoom]

«Փահլավա եմ սարքում, էսա կգամ»,- ասում է Անուշիկը, երբ զանգում եմ Ջուջևանում հանդիպելու համար: Արդեն գիտեմ, որ Անուշիկը յուրահատուկ սեր ունի խոհանոցի նկատմամբ ու կարող է ամբողջ օրը տորթ ու թխվածք թխել: Երազում է մի օր տորթերի սեփական բիզնեսն ունենալ, բայց հիմա դրա մասին շատ չի խոսում: Շնչակտուր հասնում է գյուղի կենտրոն ու միասին սկսում ենք շրջել Ջուջևանով: Այստեղ արդեն հասել է մորին: Անուշիկը գիտի դրանց բոլոր թաքնված վայրերը ու սկսում է դրանք հավաքել: Ամբողջ ամռան ընթացքում նա Ջուջևանի անտառներից հավաքում է բոլոր հնարավոր բարիքները՝ հատապտուղներ, խոտաբույսեր, մրգեր: «Կարանք ծաղիկներ էլ փնջենք հետը»,- ասում է նա ու պատրաստում է ջուջևանյան բարիքներով փունջը: «Հա՜, քաղելը շատ-շատ եմ սիրում»,- պսպղուն աչքերով ասում է նա,- «ես քաղելու բոլոր գործերում կամ, անցած տարի նաև ուրց եմ վաճառել»: Անուշիկը Անուշիկ Իսրայելյանը 15 տարեկան է, ապրում է Տավուշի մարզի Ջուջևան գյուղում: Մտածում է արևելագետ դառնալու մասին: «Չասեմ թուրքերենի հետ սեր ունեմ, բայց էդ լեզուն մի տեսակ պետք ա»,- ասում է նա: Ջուջևանը Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհին է, նախորդում է Նոյեմբերյան քաղաքին: Այստեղ շատերը զբաղվում են անասնապահությամբ, և Ջուջևանը տարածաշրջանում հայտնի է իր արտադրած ամենահամեղ կաթնամթերքով: Գլխավոր մայրուղուց երևում է գյուղապետարանի շենքը, որի ներսում են նաև գյուղի մանկապարտեզը, գրադարնն ու փոստը: Իսկ գյուղի ներսի նեղլիկ փողոցների աջ ու ձախ կողմերում՝ ծառերի խիտ շերտերի արանքներից արդեն երևում են գյուղի տները: Դրանց մի մասն արդեն դատարկ է, այնինչ այգու ծառերի ճյուղերը բերքից կախվել են:  Փողոցում մի քանի երեխաներից բացի ոչ ոք չկա: Այստեղ ապրում է մոտ 500 հոգի: Անուշիկը պատմում է, որ առանձնապես տեսարժան վայրեր չունեն. տեսարժանն իրենց անտառներն են ու չկրկնվող բնությունը: «Գնանք Սերոժի պապի ու Անժիկ տատի տուն, յուրահատուկ զույգն են, երևի գյուղի ամենատարեց զույգն են»,- առաջարկում է Անուշիկը: Մոտենում ենք տան բակին, բարձրահասակ, երկար ձեռքերը մեկնած տան դարպասին՝ Սերոժ պապն ինչ-որ բան է վերանորոգում: Սերոժ պապը «Ի՞նչ լավ բան կպատմես Ջուջևանից»,- ողջունելուց հետո հարցնում եմ Սերոժ պապին: «Ուրեմն»,- սկսում է պապն ու խոսելիս երևում է միայն ներքևի միակ ատամը,- «Էս մի քանի վախտը մի ավտո անց կեներ, մեջիցը մի տղամարդ դուրս եկավ, թե՝ հոպար էստեղի՞ց ես: Ասի՝ այո, էստեղ ծնվել եմ, էստեղ մեծացել, էստեղ էլ ապրում եմ»,- հպարտ տոնայնությամբ պատմում է նա: «Ասավ՝ ես Լեննագանից եմ, դուք էս ինչ ոսկի տեղ եք ապրում: Հետո մտքիցս դուս չի գալիս էդ, որ ասավ՝ էս ինչ ոսկի տեղ ենք ապրում, բայց մենք սրա ղադրը (արժեքը) գիդենք ոչ»: Խոսակցությունը լսելով՝ տան երկրորդ հարկից ներքև է շտապում Սերոժ պապի կինը՝ Անժիկ տատը, որը 89 տարեկան է: Անժիկ տատն ու Սերոժ պապը «Պատմե, որ էս մարդը 90 տարեկան ա, 90 հատ ծառ ա տնկել Ջուջևանի անտառներում», - ամուսնուն ցույց տալով՝ ասում է Անժիկ տատը: Այնուհետև ամուսինները իրար կողքի նստում են իրենց բակի փայտե նստարանին, ու Սերոժ պապը սկսում է պատմել, թե ինչպես է երիտասարդ տարիքում սիրահարվել Անժիկ տատի երգին, ինչպես են ամուսնացել, ունեցել 4 երեխա: «Հետո սաղ հարսանիքներին կանչեին երգելու, իրա պատվին ես էլ ուրխանեի»,- կնոջ մասին ասում է Սերոժ պապը: Նրանց տնից դուրս գալուց հետո շարունակում ենք շրջել Ջուջևանով: Անուշիկը շտապում է ինձ ցույց տալ գյուղի եկեղեցին՝ սուրբ Գրիգորը, որը թվագրվում է 17-18-րդ դարերի: Գյուղի բնակիչները բազմիցս են դիմել թե՛ անհատների, թե՛ կառույցների՝ այն վերանորոգելու համար, սակայն արձագանք չեն ստացել:  «Դե, մեր եկեղեցին մի քիչ շատ անմխիթար վիճակում ա»,- ասում է նա: Ես էլ մտածում եմ, որ երևի որոշակիորեն վնասված է վաղուց չվերանորոգված այլ կառույցների նման: «էսա՛, եկեղեցու դուռն էլ բաց ա»: Ներքև տանող աստիճաններով մտնում ենք եկեղեցի, որտեղ հատակը անձրևներից հետո դեռ տիղմոտ է, իսկ տանիքում ծիծեռնակների անհամար բներն են: «Ոնց ասեմ, էստեղ նույնիսկ նորմալ մոմ վառելու տեղ չկա, ինչքան էլ փորձենք նորմալ մաքրենք, մեկ ա՝ ավերակ ա մնում»,- ասում է Անուշիկն ու ցույց տալիս պատի խոռոչներից մեկը՝ պատված մոմով ու մրով․ եկեղեցու մոմ վառելու հատվածն է: «Սպասեք էստեղ գոնե նկարներ դնեմ, որ նկարելիս սիրուն լինի»,- ասում է Անուշիկն ու հատակից բարձրացնում սրբապատկերները: Եկեղեցուց դուրս ենք գալիս ու շարունակում քայլել գյուղով: Մոտենում ենք գյուղի համար նկատելի մեծ շինության՝ նախկին դպրոցն է: Պատուհանից երևում է դեռևս խորհրդային շուքով կահավորված տեխնոլոգիայի դասարանը: Տեխնոլոգիայի դասարանը Իսկ շենքի մնացած հատվածները կիսած են. այստեղ ապրում են տեղի մի քանի ընտանիքներ:  Ջուջևանի դպրոցի նոր շենքի բացումը 2002-ին է եղել: Անցնող ուսումնական տարում այստեղ սովորել է 73 աշակերտ, որոնցից 6-ն այս տարի ավարտել են: Նրանց թվում է նաև Արթուրը՝ Անուշիկի ավագ եղբայրը: Այժմ նա պատրաստվում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ընդունելության քննություններին, հետո զորակոչվելու է բանակ: Արթուրը 18 տարեկան է և արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է թե՛ փայտագործությամբ, թե՛ նկարչությամբ, թե՛ քանդակագործությամբ: Նա իր և իր գործերի մասին խոսել շատ չի սիրում, փոխարենը Անուշիկն է փորձում Արթուրի ձեռքի բոլոր աշխատանքները ներկայացնել: Նրանց տան փայտի կահույքի և իրերի (զարդատուփ, ժամացույց, սկուտեղ) մեծ մասը Արթուրի ձեռքի աշխատանքներն են: Երբ ժամանակ է ունենում, նաև պատվերներ է ընդունում: Արթուրի և Անուշիկի մայրիկը՝ Անահիտ Խոջյանը, հպարտությամբ ցույց է տալիս որդու պատրաստած նարդին, որը խնամքով պահում է. նարդու ամբողջ լայնությամբ փորագրված է Տաթևի վանքը: Անահիտն ասում է, որ շատերն են զարմանում, որ իրենց տղան այս տարիքում նման վարպետությամբ գործեր է պատրաստում: Արթուրը «Ո՞րն է եղել ամենադժվար գործը»,- հարցնում եմ Արթուրին: «Դժվար գործ չկա»,- թեթև ժպտալով ու ամաչելով՝ պատասխանում է նա: «Ով խելոք նստում ա, նրան էլ քանդակում ա»,- ծիծաղելով ասում է Անուշիկը: Միասին իջնում ենք տան առաջին հարկը, որտեղ Արթուրի արվեստանոց/արհեստանոցն է: Նրա աշխատանքային սեղանին Գառոյի քանդակն է՝ գանգրահեր ու հույն փիլիսոփայի հիշեցնող լուրջ դեմքով մեզ է «նայում»: Մինչ այդ՝ իրական Գառոն բակում լուռ ու հանդարտ ծխում է. հին օրաթերթի մեջ փաթաթում է թութունն ու իրականում էլ նույն «հույն փիլիսոփայի դեմքով» նայում ու ծխում է: Նա գալիս է օգնելու տնտեսության հարցերում, Արթուրն էլ այդ ընթացքում նրան քանդակել է: Ծնողների մահից հետո Գառոն մենակ է ապրում, գյուղացիները օրավարձով տարբեր աշխատանքներ են առաջարկում, որպեսզի ապրուստի միջոց ունենա: Գյուղացիները նրա մասին են հոգ տանում, ինքն էլ՝ գյուղի շների: Ասում են՝ գյուղում 2 էշ կա, մեկը Գառոյինն է, որով միշտ մոտակա անտառներից փայտ է բերում: Գյուղի կոլորիտային դեմքերից մեկն է Գառոն: Անուշիկի հետ շարժվում ենք դեպի ընկեր Անուշենց տուն: Անուշ Ալեքսանյանը երկար տարիներ աշխատել է գյուղի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Մտնում ենք տուն, որն ամբողջությամբ զարդարված է ընկեր Անուշի ձեռքի աշխատանքներով՝ մեծ ու փոքր գորգերով: Իսկ գորգերի վրա պատկերված են հայոց պատմության և գրականության ամենավառ դրվագներն ու դեմքերը: Վերջին աշխատանքը Տիգրան Մեծն է: Ընկեր Անուշը «Բոլոր պատկերներն իմ պաշտամունքային անձինք են, քանի որ մեզ այսօր ուժ է պետք, չենք կարող թուլանալ»,- ասում է Անուշ Ալեքսանյանը: Հաջորդիվ նախատեսում է աշխատել իր հնագույն վիշապագորգի վրա. ընկեր Անուշն իր մահճակալի բարձի տակից հանում է մաշված, բայց դեռ պահպանված գույներով գորգը, որին ցանկանում է երկրորդ կյանք տալ: Նրա երազանքն է հնարավորություն ունենալ գորգագործության խմբակ ունենալ Ջուջևանում, որպեսզի կարողանա իր գիտելիքը փոխանցել երիտասարդներին: Բացի դրանից՝ նա աշխատում է բուսաներկերով, որոնց ստացման գաղտնիքները ցանկանում է փոխանցել կրտսեր սերնդին: Բայց, ինչպես ինքն է ասում, «չի գտնում այդ համարձակ հովանավորին, որը նման բան կնախաձեռնի»: Չնայած արդեն մի քանի տարի է՝ չի աշխատում դպրոցում, բայց գյուղի երեխաների հետ շարունակում է իր ակտիվ գործունեությունը Ջուջևնում: «Երեխաների հետ կապը միշտ ամուր է, չեմ կարողանում առանց երեխաների, ծաղիկների չափ սիրում եմ»,- ասում է ընկեր Անուշը, իսկ նրա ամբողջ բակը լի է տարբեր գույների վարդերով: Արդեն 30 տարի է՝ յուրաքանչյուր օգոստոսի 11-ին այստեղ Նավասարդ են նշում. ընկեր Անուշն իր շուրջն է համախմբում գյուղի դպրոցականներին ու երիտասարդներին, ու միասին կազմակերպում են համագյուղական մեծ միջոցառում: «Դա էլ է իմ պաշտամունքից եկել»,- ասում է Անուշ Ալեքսանյանը,- «բայց նաև Ջուջևանի բնությունն եմ սիրում և մարդկանց, որոնք ազնիվ են, որոնք աշխատասեր են»: Մեզ ճանապարհելիս նա դուրս է գալիս իր բակ ու մեզ նվիրում է իր այգու վարդերից: Ես ու Անուշիկն էլ շտապում ենք կրկին մի քիչ մորի հավաքել Ջուջևանի «տեսարժան, կանաչ վայրերից»: Ջուջևանով սիրով շրջեց Մերի Մամյանը
23:14 - 30 հունիսի, 2022