«Խուռհատ սար»-ի քրեական գործ

Խուռհատ սարի անվանումը ստացած քրեական գործը 44-օրյա պատերազմին առնչվող գործերից է, որի շրջանակում քննվում են 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի մասնակցությամբ Հադրութին հարակից Խուռհատ սարում մարտական օպերացիայի մանրամասները։

Ուսումնական գումարտակի նորակոչիկ անձնակազմը հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Խուռհատ սար, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։

Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո չկանոնակարգված նահանջի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին այլ սպաների հետ հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ, պատշաճ տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ միայն ժամանակավորապես է հաջողվել թաքնվել անտառներում եւ հարակից գյուղերում։

Իշխան Վահանյանը մեղադրանքը չի ընդունում։

Խուռհատ սարում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հաղորդման հիման վրա երկրորդ քրեական վարույթն է նախաձեռնվել

Խուռհատ սարում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հաղորդման հիման վրա երկրորդ քրեական վարույթն է նախաձեռնվել

2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութին հարակից Խուռհատ սարում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ռազմական օպերացիայի ձախողման, ոչ կանոնակարգված նահանջի եւ դրա պատասխանատուների վերաբերյալ մի շարք հարցեր շարունակում են առկախված մնալ։ Չնայած նրան, որ նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը ամբաստանյալի աթոռին է եւ մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ, դեպքի բոլոր հանգամանքները առայժմ պարզ չեն։ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով դատարանը այս տարվա հուլիս ամսից հարցաքննությունների փուլում է, որի շրջանակում դատակոչվում  եւ հարցաքննվում են ինչպես հիշյալ գումարտակի շարքային զինծառայողներ, այնպես էլ սպայական կազմից, այդ թվում՝ բարձրագույն սպայակազմից առանցքային վկաներ։ Տուժողների իրավահաջորդներն էլ, վերջինններիս ցուցմունքներում առերեւույթ հանցակազմի տարրեր տեսնելով, հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում։ Վերջին հաղորդումը, որը, ինչպես մեր զրույցում հայտնել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի գործողությունների վերաբերյալ է (Առստամյանի ցուցմունքը՝ այստեղ), զոհված եւ անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ ներկայացրել են նոյեմբերի 20-ին։ Այս հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Infocom-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 549-րդ եւ 550-ի հոդվածների 3-րդ մասերի` պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու եւ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Սա ծնողների հաղորդման հիման վրա նախաձեռնված երկրորդ քրեական վարույթն է։ Նախորդ հաղորդումը ներկայացրել էին հոկտեմբերի 17-ին, որի հիման վրա, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, դարձյալ վարույթ է նախաձեռնվել նույն հոդվածներով։ Այս հաղորդումը վերաբերում էր Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո զորքի հետ նահանջ իրականացրած Հայկազ Գրիգորյանի, Վազգեն Վարդանյանի եւ մյուս սպաների գործողություններին (սպաների ցուցմունքները՝ այստեղ եւ այստեղ)։ Ուշագրավ է, որ սպաների ցուցմունքները քրեական վարույթ նախաձեռնելու հիմք են հանդիսանում ներկայում, երբ գործը դատաքննության փուլում է, մինչդեռ նրանք նույն դեպքերի շուրջ նախաքննության փուլում էլ քննչական մարմնում հարցաքննվել են։ Գոռ Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ հիշյալ երկու վարույթները միացվել են, իրականացվում է նախաքննություն։   Միլենա Խաչիկյան
17:26 - 21 դեկտեմբերի, 2022
Ըստ գնդապետ Արթուր Քարամյանի՝ Խուռհատ սարում օպերացիայի ձախողման համար մեղավոր են բոլոր հրամանատարները

Ըստ գնդապետ Արթուր Քարամյանի՝ Խուռհատ սարում օպերացիայի ձախողման համար մեղավոր են բոլոր հրամանատարները

2020 թ․ հոկտեմբեր ամսին Հադրութի հարակից Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին դատարանում երեկ շուրջ հինգ ժամ հարցաքննվեց Ջրականի զորամասի նախկին հրամանատար, ներկայում Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Քարամյանը։ Վերջինիս հարցաքննությունն անցավ անհանգիստ մթնոլորտում, քանի որ նրա ցուցմունքը տարբեր դրվագներով հակասում էր նախկինում հարցաքննված տարբեր սպաների ցուցմունքներին։ Քարամյանը որոշ դետալներ դժվարացավ կոնկրետացնել, բացատրեց՝ հիշողության որոշակի կորուստ ունի։ Հարցաքննության սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը վկային նախազգուշացրեց սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ նա իրավունք ունի ցուցմունք չտալ իր, իր ամուսնու (կնոջ) եւ մերձավոր ազգականի դեմ։  Վկան հայտնեց, որ ճանաչում է մեղադրյալ Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական նորմալ հարաբերություններ։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտի դաշտն ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել եւ հեռացել: Առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Արթուր Քարամյանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանն իրեն բանավոր հրամանով ազատել է ուսումնական գումարտակի ղեկավարման պարտականությունից Ըստ վկա Արթուր Քարամյանի ցուցմունքի՝ հոկտեմբերի 5-ին ինքը հեռախոսային կապով Պաշտպանության բանակի՝ այդ ժամանակվա հրամանատար Ջալալ Հարությունյանից բանավոր հրաման է ստացել հիշյալ զորամասի հրամանատարի պաշտոնը ստանձնելու մասին։ Նախքան դա նա եղել է նույն զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի՝ առաջնագծի հարցերով տեղակալը։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 7-8-ի մոտակայքում, Հադրութի դպրոցում հանդիպել է ուսումնական գումարտակի անձնակազմին եւ արձանագրել, որ վերջինս բարոյահոգեբանական վատ վիճակում է, մարտական առաջադրանքներ կատարելուն՝ անպատրաստ, ինչի մասին զեկուցել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։ Վերջինս էլ, ըստ Քարամյանի, իրեն ասել է՝ ունեցած անձնակազմը սա է, այս ձեւով ենք կարող անցնել պաշտպանության։ Նշենք, սակայն, որ Առստամյանը հարցաքննության ժամանակ դատարանում հայտարարել էր, որ չի եղել զեկույց, թե անձնակազմն անպատրաստ է, մասնավոր դեպքեր են եղել միայն՝ կապված հիվանդների, վիրավորների հետ։ – Զենքին չտիրապետող, բարոյալքված, կոտրված զինվորներին ռազմաճակատ տանելը դավաճանությո՞ւն է թե՞ ոչ,– հարցրեց ծնողներից մեկը։ – Որոշումը ընդունվել է այն կարգավիճակից, որ այլ անձնակազմ չկա։ – Բա որ իմ տղան երդում տված չի եղել, ի՞նչ իրավունքով եք տարել ռազմաճակատ։ Դատավորը վերաձեւակերպեց հարցը․ – Եթե նորակոչիկ են եղել, դուք իրավունք ունեցե՞լ եք մարտական հերթապահության եւ ռազմական գործողությունների ներգրավել այն բանից հետո, երբ ինքներդ էլ ասում եք, որ բարոյալքված վիճակում էին։ – Ոչ, չպետք է կատարվեր, բայց ուրիշ ձեւ չի եղել։ Արթուր Քարամյանի խոսքով՝ հոկտեմբերի 8-9-ին հենց Կարեն Առստամյանն է իրեն հրամայել Խուռհատ սարի տարածքում տեղազննում իրականացնել եւ դպրոցում եղած անձնակազմին տեղակայել այնտեղ, ինչը արվել է։ Այդ ժամանակ, սակայն, ըստ վկայի՝ ինքն ազատված էր ուսումնական գումարտակի ղեկավարման պարտականությունից, քանի որ հիշյալ հեռախոսազրույցի ժամանակ Ջալալ Հարությունյանն իրեն հրամայել էր զբաղվել միայն 1-ին եւ 4-րդ գումարտակներով՝ տեղեկացնելով, որ մյուս գումարտակների, այդ թվում՝ 5-րդ ուսումնական գումարտակի ղեկավարումը կիրականացվի դիվիզիայի հրամանատարի՝ Կարեն Առստամյանի միջոցով։ Հարցին՝ Առստամյանն իմացե՞լ է այդ մասին, վկան դրական պատասխանեց՝ նշելով, որ ինքը հայտնել է նրան, սակայն Առստամյանն իրեն է կանչել՝ տեղազննման, ըստ ամենայնի, հաշվի առնելով, որ ինքը հադրութեցի է, տեղանքին՝ լիարժեք ծանոթ։ Արթուր Քարամյանը Ջալալ Հարությունյանի այդ հրամանով պայմանավորեց այն հանգամանքը, որ ուսումնական գումարտակի վերաբերյալ բավարար տեղեկացված չի եղել, մշտական կապ նրանց հետ չի պահել։ Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին՝ անկախ հրամանից, ընդհանրապես օրինակա՞ն է, որ նա, լինելով մի պաշտոնի, իր լիազորությունների մի մասը չկատարի (այսինքն՝ չզբաղվի մյուս գումարտակներով), վկան բացասական պատասխան տվեց։ Հարցին՝ ո՞վ է այդ հրամանի ժամանակ իր կողքին եղել, որ կարող է հաստատել այս խոսքերը, վկան պատասխանեց, որ կապը չլսվող էր․ – Ձեր կարծիքով՝ այդ հրամանը արձանագրվե՞լ է,– հարցրեց դատավորը։ – Երեւի թե՝ ոչ։ – Ինչո՞ւ եք այդպես ասում։ – Եսիմ, դե, էդ ժամանակ ի՞նչն էր արձանագրվում,– պատասխանեց վկան։ Արթուր Քարամյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Շարունակելով իր ցուցմունքը՝ վկան պատմեց, որ Խուռհատ սարի հարձակման ժամանակ Իշխան Վահանյանն իրեն երկու անգամ հեռախոսով զանգել է։ Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հայտարարեց, որ քրեական գործով ձեռք են բերվել թե՛ Քարամյանին, թե՛ Վահանյանին պատկանող հեռախոսահամարների՝ հոկտեմբերի 9-ի եւ 10-ի վերծանումները, ըստ որոնց՝ նրանց միջեւ զանգեր տեղի չեն ունեցել․ «Ուրեմն՝ սխալվում եմ, ռադիոկապով»,– ասաց վկան։ Ըստ նրա՝ առաջին զրույցի ժամանակ Վահանյանն ասել է, որ հակառակորդը հարձակվել է իրենց բնագծի վրա, պահել չեն կարողանում, անձնակազմն էլ արդեն ղեկավարել հնարավոր չէ, ինչին ի պատասխան՝ ինքն առաջարկել է անձնակազմին հավաքել մի տեղ, որպեսզի հասկանան՝ ինչ են անելու։ Երկրորդ զրույցի ժամանակ, ըստ վկայի, Վահանյանն ասել է, որ արդեն բնագծերից դուրս են եկել․ «Եթե չեմ սխալվում, ասաց՝ արդեն Հադրութ բնակավայրում ենք»,– հայտնեց վկան։ – Դուք ե՞րբ եք տեղեկացել, որ հակառակորդը գտնվում է Հադրութում,– հարցրեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։ – Այդ օրը՝ երեկոյան։ – Վահանյանի հետ զրուցելու ժամանակ չե՞ք իմացել։ – Ոչ, դեռ նոր էր հարձակումը սկսվել, կեսօրին եմ խոսել իր հետ։ – Այդ ժամանակ Վահանյանը հայտնե՞լ է, որ անձնակազմի հետ չի գտնվում,– հարցրեց Գեւորգ Ավետիսյանը։ – Ոչ,– պատասխանեց վկան։ – Իսկ իր հեռանալու կամ վիրավորում ստանալու մասին հայտնե՞լ է։ – Ոչ, վիրավորվելու մասին խոսք չի եղել,– պատասխանեց վկան՝ նշելով, որ այդ մասին ինքը հետագայում զինծառայողներից է լսել։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ավելի ուշ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի՝ 2021 թ․ փետրվարի 18-ին տրված նախաքննական ցուցմունքը, քանի որ դրանում եւ դատարանում տրված ցուցմունքում առկա էին էական հակասություններ։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Նախաքննական ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ քննիչի մոտ հարցաքննվելիս վկան նշել է, որ Վահանյանն իրեն հայտնել է վիրավորման մասին, եւ ինքն էլ Վահանյանին է տեղեկացրել Հադրութում հակառակորդի՝ մեծ քանակությամբ ուժերի առկայության մասին՝ հորդորելով այդ ուղղությամբ չգնալ։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան նախ ասաց, որ չի հիշում, ապա նշեց՝ ասել է նման բան, բայց հետո պարզվել է, որ այդ ժամանակ հակառակորդը դեռ Հադրութում չի եղել, այլ՝ վերեւի գյուղում։ Ըստ նույն նախաքննական ցուցմունքի՝ Վահանյանը, գտնվելով խուճապահար վիճակում, Քարամյանին հայտնել է, որ իրենք զոհեր ու վիրավորներ ունեն, զորքը փախչում է, ինքն էլ ուզում է հեռանալ, Քարամյանն էլ, ըստ իր ցուցմունքի, հորդորել է չհեռանալ, զորքին հավաքել մի տեղ, փորձել թաքնվել՝ խոստանալով հետո դուրս գալու հստակ ճանապարհներ ցույց տալ․ – Այսինքն՝ հրամայել եք նրան մնա՞լ՝ անգամ վիրավոր լինելով։ – Դե, ասել է, որ ոտքի վրա է, ծանր չէր երեւի։ Մեղադրողը տեղեկացրեց, որ ըստ նշանակված փորձաքննության՝ Վահանյանի վիրավորումը եղել է թեթեւ աստիճանի․ – Այդ պայմաններում սպան ի՞նչ վարքագիծ պետք է դրսեւորեր։ – Տեղում վիրակապեր, շարունակեր մարտը,– պատասխանեց վկան՝ նշելով, որ եթե վիրավորումն այնպիսին է, որ սպան ի վիճակի չէ, ապա պետք է պարտականությունների կատարումը պաշտոնապես փոխանցի այլ սպայի, իսկ տվյալ դեպքում նման բան իրեն հայտնի չէ։ – Իսկ նահանջը պատշա՞ճ կերպով է իրականացվել։ – Ոչ,– պատասխանեց վկան։ Քարամյանի ցուցմունքի որոշ դրվագներ հակասում էին նաեւ այլ սպաների ցուցմունքներին Գնդապետի խոսքով՝ հիշյալ զրույցներից հետո արդեն Վահանյանի հետ կապը կորել է։ Հարցին՝ եթե ինքն ազատված էր 5-րդ գումարտակի ղեկավարման պարտականությունից, ինչո՞ւ էր Վահանյանն իր հետ կապվել, վկան դժվարացավ հստակ պատասխան տալ։ Նրա խոսքով՝ դրանից հետո նահանջի ընթացքում մեկ անգամ էլ խոսել է սարում գտնվող սպա Հայկազ Գրիգորյանի հետ, սակայն Գրիգորյանը դատարանում ցուցմունք տալիս հայտնել էր, որ վերադաս հրամանատարության հետ կապվելու հնարավորություն չի ունեցել։  Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը – Ե՞րբ եք տեղեկացել, որ մնացած սպաներն են ղեկավարումն իրականացնում։ – Չեմ տեղեկացել, մի անգամ Նելսոն Հակոբջանյանն է կապվել, ասել է՝ արդեն նռնակ է նետում հակառակորդը, երեւի էդ ժամանակ էլ նա զոհվել է, որովհետեւ դրանից հետո հակառակորդը նրա ռադիոկայանով դուրս եկավ կապի։ – Նահանջների հետ կապված ինչ տեղեկություն ունեցել եք, զեկուցել ե՞ք Առստամյանին,– հարցրեց տուժողների իրավահաջորդ Գուրգեն Գրիգորյանը։ – Այո։ – Նա ցուցմունք է տվել, որ չի տիրապետել իրավիճակին, քանի որ զորամասի հրամանատարներն իրեն չեն զեկուցել։ – Բոլոր զեկույցներն էլ եղել են,– պնդեց վկան։ – Կապի բացակայության մասին զեկուցե՞լ եք։ – Այո։ –  Առստամյանն ասում է՝ չեն զեկուցել, սո՞ւտ է խոսում։ – Չգիտեմ, ես զեկուցել եմ։ Գրիգորյանը նաեւ հետաքրքրվեց, թե նախքան սարը գնալը գումարտակի հագեցվածությունը, կապի միջոցների լիցքավորման առկայությունը ճշտե՞լ է, ինչին ի պատասխան՝ վկան ասաց՝ լիցքավորումը՝ ոչ, հագեցվածությունը՝ այո․ բահեր, անգամ տրակտոր են ուղարկել սարը՝ ինժեներական աշխատանքների։ Մինչդեռ նախորդ դատական նիստին սպա Արսեն Ղարիբյանը հայտնել էր, որ ինժեներական աշխատանք, որպես այդպիսին, չի կատարվել, չէր էլ կարող կատարվել, որովհետեւ գործիքներ չկային։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը – Երբ օպերացիան ձախողվեց, Կարեն Առստամյանը Ձեզ ի՞նչ հրաման տվեց,– հարցրեց նախագահող դատավորը։ – էդ տեղանքի հետ կապված՝ ոչ մի։ – Չի՞ հայտնել, որ սարը գրավել են, զորքը իջել, ցաքուցրիվ է եղել։ – Ոչ։ – Բա ո՞վ է հոգացել այդ զորքի մասին։ Դատավորի այս հարցին երկարատեւ լռություն հաջորդեց։ – Դատավարության մասնակիցների մոտ այն տպավորությունն է, որ ամեն պաշտոնատար անձ փորձում է իր պարտականությունների ենթադրյալ չկատարումը շրջանցել՝ հղում տալով մյուսներին։ Դուք միջին օղակ եք, ձեր օղակից ներքե՞ւ է խնդիրը եղել թե՞ վերեւ,– հարցերց դատավորը։ – Հաշվի չառնելով հակառակորդի գերակա ուժերը՝ հրամանատարներինը՝ ամեն մեկինն իր մասով,– պատասխանեց վկան՝ հետագայում հավելելով, որ եթե հարվածային ԱԹՍ–ները չլինեին, խնդիրը գուցե կատարվեր։  – Իսկ որ կոնկրետ վերլուծում եք, սարի դեպքերում ո՞վ է խնդիր ստեղծել, ո՞վ է եղել թույլ օղակը, որի պատճառով ամբողջ օպերացիան ձախողվել է։ – Մեկին չեմ կարող նշել, բոլորը,– պատասխանեց վկան։ – Վերջիվերջո, Դուք սարի օպերացիայի ձախողման համար ո՞ւմ եք մեղավոր համարում որպես գնդի հրամանատար, չէ՞ որ դա, ըստ էության, նաեւ Ձեր օպերացիան է եղել։ – Ինձ, ես եմ հրամանատարը։ –Բայց չէ՞ որ Դուք հեռացված էիք այդ գումարտակի ղեկավարումից։ – Իրենք իրենց մասով պիտի պատասխանեն․․․ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Պատասխանելով տուժողների իրավահաջորդների հարցերին՝ Արթուր Քարամյանը հայտնեց, որ 1-2 օր անց, այսինքն՝ հոկտեմբերի 11-12-ին սպա Գարիկ Վարդերեսյանից է տեղեկացել, որ անտառում շրջափակման մեջ մնացած զինվորներ կան։ Թե քանիսը, վկան չգիտեր։ Տուժողի իրավահաջորդներից Հրանտ Հարությունյանը հարցրեց՝ փորձե՞լ է կապվել նրանց հետ, ինչին վկան պատասխանեց, որ անգամ խոսել է զինծառայողներից մեկի հետ, ասել, որ եթե համարձակվեն դուրս գալ, ինքը ուղղությունը կբացատրի, սակայն այդ մեկ զանգից հետո նրանց հետ կապը կորել է։ Վկայի այս պատասխանը զարմացրեց դահլիճում գտնվող ծնողներին․ ըստ նրանց՝ ծնողները մինչ հոկտեմբերի 17-ը կապի մեջ են եղել նրանց հետ։ – Որ էրեխեքը չկարողացան դուրս գալ, դուք ինչո՞ւ չգնացիք էրեխեքի մոտ,- հարցրեց տուժողի իրավահաջորդներից մեկը։ – Դրանից հետո ես առաջնագծում եմ եղել, այդ պատճառով,– պատասխան Քարամյանը՝ պնդելով, որ շրջափակման մեջ մնացածների մասին եւս նույն օրը Առստամյանին տեղեկացրել է։ Կարեն Առստամյանը, սակայն, դատարանում հայտարարել էր, որ ինքն այդ մասին միայն հոկտեմբերի 16-ին կամ 17-ին է իմացել։ Վկայի հարցաքննությունից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել մինչ այս դատակոչված եւ չներկայացած վկաներից Խաչատուր Անախասյանին, Վարուժան Մարգարյանին, Դմիտրի Սարգսյանին, Արմեն Երիցյանին, Արազ Խաչատրյանին, Սամվել Ղուկասյանին, Լեւոն Հայրապետյանին եւ Սերգեյ Առաքելյանին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 19-ին։   Միլենա Խաչիկյան  
22:28 - 09 դեկտեմբերի, 2022
Ըստ վկայի՝ սպաներն առանց ռադիոկապի են մեկնել Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի

Ըստ վկայի՝ սպաներն առանց ռադիոկապի են մեկնել Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի

#Կարճ_ասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին շարքային Ռոման Դոլինյանը եւ սպա Արսեն Ղարիբյանը։ Վերջինիս հարցաքննությունն անցավ լարված մթնոլորտում։ Ղարիբյանը հայտարարեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի հարակից Խուռհատ սարը բարձրանալիս, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտերի եւ դասակների հրամանատարներն իրենց մոտ ռադիոկապ չեն ունեցել․ մինչեւ սարը բարձրանալը տվել են՝ լիցքավորման դնելու եւ այլեւս հետ չեն ստացել, քանի որ այն հատվածը, որտեղ գտնվել են մարտկոցները, հրետակոծության է ենթարկվել։ Նա նաեւ պատմեց, թե ըստ իր տեղեկությունների՝ ինչպես է ստացվել, որ նահանջի ժամանակ մի խումբ զինծառայողներ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ բաժանվել են անձնակազմից, ինչի հետեւանքով սխալ ուղղությամբ են գնացել եւ զոհվել։ Այնուհանդերձ, նրա ցուցմունքներում որոշ հակասություններ եղան, եւ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը։ #Մանրամասն 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի հարակից Խուռհատ սարը բարձրանալիս, Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտերի եւ դասակների հրամանատարներն իրենց մոտ ռադիոկապ չեն ունեցել, կապի միակ միջոցը եղել է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի մոտ, որը, հիշեցնենք, ըստ մեղադրանքի, մարտի դաշտը ինքնակամ լքելիս այն իր հետ տարել է։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում նման ցուցմունք երեկ տվեց պատերազմի ժամանակ հիշյալ գումարտակի ականանետային մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ, ներկայում կապիտան Արսեն Ղարիբյանը։ Վերջինս հայտնեց, որ Վահանյանի հետ ունի միայն ծառայողական փոխհարաբերություններ։ Ղարիբյանի հարցաքննությունն անցավ լարված մթնոլորտում, ինչի պատճառով նիստը պարբերաբար ընդմիջվեց՝ ձգվելով մինչեւ ուշ երեկո։  Վկա Արսեն Ղարիբյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Նախքան Խուռհատ սարի իրադարձություններից խոսելը վկա Արսեն Ղարիբյանը անդրադարձավ Նյուզգար կոչվող տեղամասում տեղի ունեցած դեպքերին։ Ըստ նրա՝ պատերազմը սկսելուց օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, իր ականանետային մարտկոցի միջոցները ոչնչացվել են, ինչի մասին ինքը զեկուցել է, բայց օգնություն այդպես էլ չի ստացել, այդ իսկ պատճառով իր անձնակազմով մեկնել է հրամանատարական դիտակետ՝ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Գարիկ Վարդերեսյանի տված խնդիրները կատարելու։  Լուսանկարում՝ վկա Արսեն Ղարիբյանը Մեկնելուց օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին, Նյուզգարում հարձակում է եղել, հայկական ստորաբաժանումները զոհեր եւ վիրավորներ են ունեցել։ Լուրն իմանալուց հետո, ըստ վկայի, գումարտակի հրամանատարը կապվել է գնդի հրամանատարի հետ, մեքենա է ուզել զոհերին եւ վիրավորներին տեղափոխելու համար, իսկ երբ մարտերը որոշ չափով թուլացել էին, ինքը, Վարդերեսյանը, նրա վարոդը եւ վարորդի հայրը միասին գնացել են այն վայրը, որտեղ արդեն հավաքված են եղել վիրավորները։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տեղեկացրեց՝ քրեական գործում տվյալներ կան, որ գումարտակի հրամանատարի հրամանով շտապօգնության մեքենայով վիրավորներին օգնություն ցուցաբերելու է մեկնել այդ պահին շտաբի պետ Իշխան Վահանյանը, եւ խնդրեց հայտնել՝ հրամանատարական կետում գտնվելով՝ վկան իմացե՞լ է այդ մասին։ Վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ մշտապես այնտեղ չի եղել, գնացել–եկել է, վաշտերին սնունդ բաժանել։ Հարցին՝ հետագայո՞ւմ էլ իրեն չեն հասել տեղեկություններ այդ մասին, վկան բացասական պատասխան տվեց։ Մեղադրող դատախազը հայտարարեց, որ վկայի ցուցմունքում էական հակասություններ կան, եւ դատավոր Ջոն Հայրապետյանի թույլտվությամբ հրապարակեց նույն դրվագի վերաբերյալ նրա՝ նախաքննության փուլում՝ 2021 թ․ հուլիսի 8-ին տված ցուցմունքը։ Ըստ այդ ցուցմունքի՝ վկան տեղեկացել է, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով իբրեւ վիրավորներ հանելու պատճառաբանությամբ լքել է մարտադաշտը։ Սա լսելով՝ վկան ասաց, որ այդ ժամանակ ավելի լավ է հիշել, եթե ասել է, ուրեմն՝ դա համապատասխանում է իրականությանը։ Շարունակելով ընթերցել նախաքննական ցուցմունքը՝ մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ վկան հայտնել է նաեւ, որ հետագայում դասակի հրամատարներից Արթուր Դանիելյանից (որը վիրավոր գտնվել է Նյուզգարում) տեղեկացել է, որ Վահանյանը մոտեցել է գյուղին, սակայն չի մտել գյուղ, այլ մոտակայքից ձեւականորեն վերցրել է 2-3 վիրավոր եւ հեռացել։ Այդ ժամանակ Ղարիբյանը ասել է նաեւ, որ Վահանյանը տեղյակ է եղել Դանիելյանի վիրավորումից, սակայն նրան օգնություն չի ցուցաբերել։ Այս ցուցմունքը եւս վկան դատարանում պնդեց։ Վկայի խոսքով՝ կապի խնդիր դեռ հոկտեմբերի 6-ից է եղել Այդ դեպքերից հետո, ըստ վկայի, հոկտեմբերի 4-ին գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հրամանով ավելի նպաստավոր շրջան են զբաղեցրել Թոզարանի ուղղությամբ։ Հարցին՝ Վարդերեսյանը վերադաս հրամանատարությանը զեկուցե՞լ է կամ թույլտվություն ունեցե՞լ է, վկան դժվարացավ հստակ պատասխանել՝ ասելով, որ իր կարծիքով՝ ինքնուրույն նման որոշում չէր կայացնի։ Նշենք, որ ըստ դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի ցուցմունքի՝ Վարդերեսյանը գումարտակի հրամանատարի պաշտոնից օրեր անց ազատվել է առանց թույլտվության, անփույթ նահանջների պատճառով։ Մինչդեռ փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովը ցուցմունք է տվել այն մասին, որ Վարդերեսյանի այդ որոշումը գուցե ճիշտ է եղել, որովհետեւ նորակոչիկների անձնակազմն անպատրաստ էր, զինվոր կար՝ մի անգամ կրակած չկար։ Նահանջելուց հետո զբաղեցրած նոր բնագծում մնացել են 2 օր՝ մինչ հոկտեմբերի 6-ը, երբ նորից հարձակում է եղել եւ չեն կարողացել դիրքը պահել։ Այդ ժամանակ, ըստ վկայի, նահանջի կոնկրետ հրաման չի եղել․ երբ վիրավորները շատացել են, սպա Հովհաննես Նազարյանը եւս վիրավորվել է, հարկադրված են եղել նահանջել․ – Երբ նահանջեցիք, պարտավոր չէի՞ք զեկուցել վերադաս հրամանատարությանը,– հարցրեց դատախազը։ – Պարտավոր էինք, բայց միջոց չկար զեկուցելու, զարյադկաները նստած են եղել, հեռախոսով էլ կապ չէր բռնում։ – Վիրավորում ստացած սպան կապի միջոց չունե՞ր։ – Կապ տվեց, որ շտապօգնության մեքենան գա, դրանից հետո էլ կապի միջոց չմնաց,– պատասխանեց վկան։ Տուժողների իրավահաջորդ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե իրենք հստակ իմացել են, որ շտապօգնությունը գալիս է, եւ սպան տեղափոխվելու է հոսպիտալ, ինչո՞ւ նրա ռադիոկապը չի վերցրել՝ հաշվի առնելով, որ ինքն է միակ սպան, որ մնում է այդ անձնակազմի հետ։ Վկան դժվարացավ հստակ պատասխանել, ասաց՝ գուցե սխալվել է, լավ կլիներ, որ վերցներ, բայց իրավիճակն այնպիսին է եղել, որ չի արել։ Կարեւորը, ըստ նրա, այն էր, որ դրանից մեկ–մեկ ու կես ժամ անց այդտեղից դուրս են եկել։  Քիչ անց, երբ Գրիգորյանը հարցրեց՝ արդյո՞ք նման պարտավորություն չուներ,  վկան պատասխանեց, որ պարտավոր չէր ուրիշ վաշտի ունեցվածքը վերցնել, իր անձնակազմը նրանց էր միացել օգնություն ցուցաբերելու համար․ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը – Կանոնակարգով սահմանված է, որ եթե սպան դուրս եկավ, Դուք հրամանատարությունը ընդունեցիք, անհրաժեշտ միջոցները պետք է լինեն Ձեզ մոտ, ինչո՞ւ չեք արել,– հարցրեց փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։ – Ես հրամանատարությունը ոչ մեկից չեմ ընդունել, Նազարյանը իմ հրամանատարը չի եղել, իր ռացիան էլ, չգիտեմ, երեւի հետը տարել է։ – Հրամանատար չկա, բարձր սպան տեղում Դուք եք։ – Ես իմ ստորաբաժանումն եմ պարտավոր ղեկավարել։ – Մնացածին պարտավոր չե՞ք։ – Ուրիշ ստորաբաժանումներին ղեկավարել պարտավոր չեմ։ Վկայի այս պատասխանը վրդովեցրեց փաստաբանին, որը դատարանից եւ դատախազից պահանջեց այս հայտարարությունների հիման վրա նրա նկատմամբ եւս քրեական հետապնդում սկսել՝ չսպասելով իր կողմից հաղորդում ներկայացնելու։ Հիշեցնենք՝ մի քանի սպաների հարցաքննությունից հետո զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, ինչի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելուն եւ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Արսեն Ղարիբյանի խոսքով՝ սպաների ռադիոկապերի մարտկոցները ուղարկել են լիցքավորման եւ այդպես էլ հետ չեն ստացել Հոկտեմբերի 6-ի հիշյալ նահանջից հետո անձնակազմը տեղափոխվել է Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց, որտեղ էլ սպայակազմի փոփոխություն է եղել․ Գարիկ Վարդերեսյանը ազատվել է գումարտակի հրամանատարի պաշտոնից, եւ նրա փոխարեն Իշխան Վահանյանն է նշանակվել։ Հոկտեմբերի 8-ին արդեն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանից խնդիր են ստացել՝ բարձրանալու Խուռհատ սարը։ Ըստ վկայի՝ բարձրացողների մեջ եղել են 15 վաշտ, ականանետային մարտկոցը եւ առանձին դասակներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 150 հոգի։ Բացազատվել են ողջ անձնակազմով, զբաղեցրել մոտ 1 կմ երկարությամբ բնագիծը։ Մինչեւ հոկտեմբերի 10-ը որեւէ գործողություն չի եղել։ Տուժողների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ այդ 2 օրվա ընացքում ինժեներական ի՞նչ աշխատանքներ են կատարել պաշտպանության անցնելու համար, ինչին ի պատասխան վկան ասաց՝ ինժեներական աշխատանք, որպես այդպիսին, չի կատարվել, չէր կարող կատարվել, որովհետեւ գործիքներ չկային․ ամեն զինվոր մի հարմար քար է գտել, որ հետեւը թաքնվի, կրակի։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Հոկտեմբերի 10-ին՝ հարձակման օրը, գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, ըստ վկայի, բնագծի հակառակ ծայրում էր՝ իրեն ոչ տեսանելի․ – Բա եթե հարձակում լիներ, ի՞նչ ձեւով նա պիտի ձեր գործողությունները ղեկավարեր,– հարցրեց հանրային մեղադրողը։ – Չեմ կարող ասել, կապի միջոց չի եղել, որ ասեմ՝ դրանով։ – Բա ձեր կապի միջոցները ի՞նչ եղան։ – Մեր կապի միջոցները դպրոցում տվեցինք՝ զարյադկի, տենց էլ հետ չեկան։ – Այսի՞նքն։ – Ես լիցքավորիչ չունեի, քանի որ կամազս, որի մեջ այն գտնվում էր, կրակային կետ հասնելու ժամանակ խփել էին։ Դպրոցում ռացիաները տվել ենք կապի պետ Հովհաննես Մուրադյանին, նա է տարել՝ դիվիզիայի կապի հանգույցով լիցքավորելու, որովհետեւ դիվիզիայում դվիժոկ կար, իսկ դպրոցում հոսանք չկար։ Խնդիրը որ ստացանք, գնացինք սարը, այդ ժամանակ էլ չհասցրինք․․․ – Բա Դուք սպա եք, հարց չբարձրացրի՞ք, թե ոնց եք ղեկավարելու կամ ղեկավարվելու առանց կապի միջոցի։ – Այդ պահին հրետակոծություն է եղել դպրոցի շրջանում, ասել են, որ էնտեղ, որտեղ զարյադկի են դրել, էլ գնալ հնարավոր չէր, չեն կարող վերցնել։ – Դուք, որպես ենթակա անձնակազմ ունեցող սպա, հարց չբարձրացրի՞ք, ի վերջո մարտի պայմաններում էիք գտնվում։ – Ոչ մի վաշտի մոտ էլ չկար, սաղ էլ գիտեին, ո՞ւմից ուզեի։ Գումարտակի հրամանատարի մոտ մի հատ կար, էն էլ՝ վերադասի հետ կապվելու համար։ Նշենք, որ վկայի այս պատասխանները անակնկալի բերեցին դահլիճում գտնվող անձանց․ մինչ այս հարցաքննված մյուս սպաները, թեեւ նշել էին, որ Վահանյանի հեռանալուց հետո ռադիոկապ չեն ունեցել եւ հեռախոսով են փորձել ինչ–որ բան անել, սակայն չէին պարզաբանել, թե ինչով է պայմանավորված եղել անձամբ իրենց ռադիոկապերի բացակայությունը։ Լուսանկարում՝ մեղադրյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Հաջորդիվ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը առաջարկեց պատմել, թե ինչպես է սկսվել հարձակումը։ Ըստ վկայի՝ հարձակումից մոտ 2-3 ժամ առաջ 800 մ հեռավորության վրա հայկական համազգեստով անձանց է նկատել, գնացել է Վահանյանի մոտ, զեկուցել այդ մասին, ասել՝ հնարավորության դեպքում ճշտեն, թե ովքեր են։ Այդտեղ է գտնվել նաեւ զորամասի հրամանատարի տեղակալ Նելսոն Հակոբջանյանը, որը հայտնել է, թե  նրանք Ցորի զորամասից են․ «Իր պատասխանից հասկացա, որ տենց էլ պիտի լիներ, որ ինչ–որ զորամասից մարդիկ պիտի գային»,– ասաց վկան՝ հավելելով, որ հանձրարարություն են ստացել նրանց մոտ չգնալ, այլ շարունակել հեռվից դիտարկել հակառակորդի մեքենաները։ 3 ժամ անց՝ ժ․ 12-ի մոտակայքում, հարձակումը սկսվել է։ Հակառակորդը եղել է մոտ 100 հոգով։ Հարցին, թե Վահանյանն ինչ հրաման է տվել այդ ժամանակ, վկան ասաց, որ կոնկրետ բան չի ասել, նա էլ իր ավտոմատ կռիվ էր անում, մի պահ է եկել իրենց կողմ, դրանից հետո նրան այլեւս չի տեսել։ Թե երբ եւ ուր է գնացել նա, վկան չգիտեր։ Ի վերջո, հարկադրված նահանջ են իրականացրել, ըստ վկայի՝ առանց կոնկրետ հրամանի․ յուրաքանչյուրը, կողքինին նայելով, հասկանալով, հետ է քաշվել, իսկ սպաներով կրակելով պահել են, որպեսզի զորքը սարից դուրս գա, բարձրանա անտառ, թաքնվի․ – Լավ, հնարավորություն չունեիք պաշտպանվելու, բա նահանջի հրաման չպիտի՞ տայիք, տեղյակ էիք՝ ո՞ւր պիտի նահանջեիք,–  հարցրեց մեղադրողը։ – Հադրութ քաղաքը երեւում էր մեր հետեւում, տեսնում էինք վառվող տներ, հրետանային կրակոցներ, զգացվում էր, որ թուրքը մտել է, տները պաժառ տված էին, ահավոր վիճակ էր, ո՛չ կարող էինք քաղաքի կողմ գնալ, ո՛չ ձոր, միակ փրկությունը անտառն էր։ – Տեղյա՞կ եք, որ նահանջ կատարելիս պիտի ունենալ վերադաս հրամանատարության թույլտվությունը։ – Պետք է ունենամ, բայց այդ պահին չէի կարող։ Ըստ վկայի՝ երբ բոլորով հավաքվել են ու քայլել անտառով, հասել են մի կետի, երբ կրակոցների ձայներ են լսել, այդ ժամանակ մի քանի պատրաստված սերժանտի հետ սպաներով բարձրացել են կրակոցների ուղղությամբ՝ մոտ 50-60 մետր հեռու, որպեսզի հասկանան՝ ովքեր են, եւ որ ուղղությամբ պետք է գնան։ Զորքի հետ մնացել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը եւ նորանշանակ սպա Տիգրան Աբազյանը։ Նրանց հորդորել են սպասել, մինչեւ տեսնեն՝ ինչ է կատարվում․ – Սպասեցի՞ն։ –Սպասեցին էնքան ժամանակ, մինչեւ հակառակորդը սկսեց սնարյադ կրակել էդ ուղղությամբ, իմ կարծիքով՝ ուզում էին կրակել 3–րդ գումարտակի վրա, շեղումների պատճառով արկերը անտառի մեջ ընկան,– պատասխանեց վկան՝ բացատրելով, որ այն կետից, որտեղ արկերը ընկել են, սպասող անձնակազմը 2 մասի է բաժանվել․ նրանք, որոնք մնացել են արկերից վերեւ, քիչ անց միացել են իրենց, իսկ նրանք, որոնք մնացել են արկերից ներքեւ՝ սպա Հովհաննես Մուրադյանի հետ, գնացել են դեպի Հադրութ տանող սխալ ճանապարհով։ Նշենք, որ մինչ այս որեւէ սպա դատարանում չէր պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ մի խումբ զինծառայողներ Մուրադյանի հետ բաժանվել են անձնակազմից։ – Բա դուք ի՞նչ արեցիք։ –Մեր բարձրացած հատվածում թուրքն էր, բայց մյուս կողմից լսվում էին հայերի ձայները, կոնկրետ 3-րդ գումարտակի հրամանատարի ձայնը լսել ենք, չենք կարողացել մոտենալ, իջել ենք, միացել արկից վերեւ մնացած անձնակազմին։ –Բա ի՞նչ գիտեք, որ մյուսները այդ ուղղությամբ են գնացել։ – Հովոյի հետ մի սերժանտ կար՝ Գասպարյան Գեւորգ, հեռախոսով նրա հետ եմ կապվել, իմացել։ – Ըստ Ձեզ՝ Հովհաննես Մուրադյանի հետ այդ ուղղությամբ գնացած անձնակազմը տեղյա՞կ էր, որ հակառակորդը Հադրութում է։ –Իմ կարծիքով՝ հա, սաղիս էլ պարզ էր, Հադրութը վառվում էր․․․ – Իսկ ըստ Ձեզ՝ տրամաբանակա՞ն է՝ իմանան եւ գնան այդ ուղղությամբ։ – Տրամաբանական չէ, բայց արկերի պայթյուններից փրկվելու համար առանց հասկանալու էլ կարող են գնալ։ – Ենթադրո՞ւմ եք, թե՞ Գասպարյանն է ասել, երբ զանգել եք։ – Գասպարյանի հետ որ խոսել եմ, դեռ այդ ճանապարհ չէին մտել, ասում էր՝ նկատել ենք, որ թուրքերը ռուսերեն խոսում են, ասում են՝ իջեք, մենք ձեզ վնաս չենք տա, բայց չեն արել թուրքերի ասածով, սպասում էին՝ մեկը գա, օգնի՝ դուրս գան։ – Իսկ դուք ի՞նչ միջոցներ ձեռնարկեցինք, որ միանաք նրանց։ – Միայն Գասպարյանի մոտ է հեռախոս եղել, իր հետ եմ խոսել, ասել եմ՝ որ ուղղությամբ գան, մեզ միանան, որոշենք՝ ինչ ենք անում։ – Բա ինչո՞ւ չեկան։ – Սպասել ենք ահագին, կապը կտրվել է, անհասանելի են դարձել, էդ պահին առաջ ենք շարժվել։ – Տեղեկացե՞լ եք՝ հետագայում ինչ ճակատագրի են արժանացել։ – Զոհվել են,– պատասխանեց վկան՝ թվարկելով այդ անձնակազմի մեջ եղած իր դասակի 4 զոհերի անունները՝ Շիրակ Գասպարյան, Արմեն Մելքոնյան, Տիգրան Աբազյան, Դավիթ Ադոյան։ Լուսանկարում՝ Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը Դահլիճում գտնվող ծնողների մեջ էր զոհված Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը, որը հարցեր հղեց Ղարիբյանին այն մասին, թե իր որդին երբ, ինչ պայմաններում է վիրավորվել եւ զոհվել։ Սպան պատմեց, որ Ադոյանը ՄՈԲ–ից մի տարեց մարդու օգնելիս է եղել, վերջից քայլելիս է եւ մնացել է արկի հարվածից ներքեւ գտնվող անձնակազմի հետ, բայց այդ օրը չի զոհվել, Հարութ Կարախանյանի գլխավորությամբ մի խմբի հետ կարողացել են մի տուն, մտնել այնտեղ, թուրքերից պաշտպանվել․ «Կապվել ենք Հարութի հետ, նա է ասել, որ մոտ մեկ շաբաթ եղել են տան մեջ, դրանից հետո տանից դուրս են եկել, այդ ժամանակ է դեպքը տեղի ունեցել»։ Հարցին, թե իմանալով, որ իր զինվորը իրենից հեռու է, ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել՝ անձամբ գնացել կամ այլ ուժեր ուղարկել՝ նրանց փրկելու համար, վկան պատասխանեց․ «Զեկուցվել է, որ անձնակազմը մնացել է ու այս վիճակում է, իսկ հետ չեմ գնացել, որովհետեւ թուրքը չորս կողմը վերցրած է եղել, հնարավոր չի եղել, իմ ուժերը չեն ներել, որ ես հակառակորդին ճեղքեմ, գնամ նրանց հետեւից»։ –Էդ էրեխեքը օրեր շարունակ կարողացան ապրել, որ թուրքը նրանց չտեսնի, դու չկարողացա՞ր գնալ, հանել,– լսվեց դահլիճից։ Ի վերջո, Վանք գյուղով գնացել, դուրս են եկել դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհ։ Վկա Ռոման Դոլինյանի խոսքով՝ Վահանյանը խոստացել է գալ վիրավորների հետեւից, սակայն այդպես էլ չի  եկել Հարցաքննված մյուս վկան Ռոման Դոլինյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող։ Հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում տեղի ունեցած իրադարձությունների մասին նա ոչինչ չգիտեր, քանի որ 2-ի լույս 3-ի գիշերը վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ Լուսանկարում՝ վկա Ռոման Դոլինյանը Դոլինյանի վիրավորումը հիշյալ օրը Նյուզգար կոչվող տեղամասում է եղել, որտեղ էլ ուղեւորվել էր Վահանյանը՝ օգնություն ցուցաբերելու։ Նրա խոսքով՝ երբ շտապօգնության մեքենան եկել է, Վահանյանը վարորդի կողքին նստած է եղել, առանց իջնելու ասել է՝ ով թեթեւ վիրավոր է, թող իջնի մեքենայից, որպեսզի ավելի ծանր վիրավորներին տանեն, հետո գան մյուսների հետեւից։ Դոլինյանն էլ, համարելով, որ մյուսներից թեթեւ վիրավոր է, իջել է։ Իր հետ միասին սպասելիս են եղել այլ զինծառայողներ, որոնք, իր տպավորությամբ, ունեցել են միջին ծանրության վնասներ բերանի, մեջքի հատվածում։ Մեքենան գնացել է եւ այլեւս չի վերադարձել․ «Ամբողջ գիշեր սպասել ենք, չեն վերադարձել, առավոտյան մեր վաշտի վարորդն է մեզ իջեցրել»,– ասաց նա։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ քանի՞ վիրավոր վերցրեց Վահանյանը, վկան պատասխանեց՝ 4-5, որոնք նստատեղերն են զբաղեցրել, եւ եթե ուրիշ վիրավոր էլ տեղափոխեին, գետնին կնստեցնեին։ Նա նաեւ նշեց, որ Վահանյանը միայնակ է եղել վարորդի կողքին գտնվող երկտեղանոց նստարանին։ Հարցին՝ հնարավո՞ր է՝ նա եւս վիրավոր լիներ, վկան բացասական պատասխան տվեց, ապա դատավորի հարցերին ի պատասխան՝ ասաց՝ քանի որ նստած է եղել, եթե ազդրի հատվածում վիրավորում ունենար, ինքը կարող է եւ չտեսներ։ Ամեն դեպքում, Վահանյանը, ըստ վկայի, ծանր վիրավորի տեսք չուներ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 8-ին։   Միլենա Խաչիկյան
23:45 - 30 նոյեմբերի, 2022
«Նահանջն ավելի լավ իրականացնելու հնարավորություն է եղել»․ սպան՝ Խուռհատ սարում մարտական գործողությունների մասին

«Նահանջն ավելի լավ իրականացնելու հնարավորություն է եղել»․ սպան՝ Խուռհատ սարում մարտական գործողությունների մասին

#Կարճասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ։ Պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի կապի պետ Վիգեն Ծատրյանը, պարզաբանելով զորամասի ստորաբաժանումների միջեւ կապի ապահովման ընթացակարգերը, հայտնեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում մնացած անձնակազմը լիարժեք հնարավորություն է ունեցել վերադաս հրամանատարության հետ կապվելու եւ նահանջն ավելի լավ իրականացնելու։ Վկայի այս հայտարարությունը զարմացրեց դատավարության մասնակիցներին, քանի որ մինչ այս դատարանում հարցաքննված բոլոր վկաները ճիշտ հակառակն էին ասել՝ նշելով, թե Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո չեն կարողացել կապ հաստատել վերադաս հրամանատարության հետ, ինչի պատճառով էլ ոչ կանոնակարգված նահանջ է իրականացվել։ Մյուս վկա Ղարիբ Ջավադյանն էլ, որը պատերազմի ընթացքում նշանակվել է նույն գումարտակի դասակի հրամանատար, չկարողացավ հստակ պատասխանել, թե քանի զինծառայող է եղել գումարտակում, քանիսը՝ իր դասակում, եւ նահանջից հետո քանիսն են ողջ մնացել։ Նա չկարողացավ նաեւ պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ նույն գումարտակի անձնակազմի մի մասը Խուռհատ սարում հարկադրված նահանջ իրականացնելիս գնացել է այն ուղղությամբ, որը, ինչպես իրենց հայտնել են, հակառակորդն արդեն գրաված է եղել։ #Մանրամասն 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութի հարակից Խուռհատ սարում մնացած անձնակազմը լիարժեք հնարավորություն է ունեցել վերադաս հրամանատարության հետ կապվելու եւ նահանջն ավելի լավ իրականացնելու։ Այս մասին երեկ հայտարարեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի կապի պետ, սպա Վիգեն Ծատրյանը։ Վերջինս ներկայացել էր դատարան՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվելու։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք,  Վահանյանը նահանջի պահին սարում չի եղել․ ըստ մեղադրանքի՝ այդ օրը աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել եւ հեռացել:  Ներկայանալով դատարանին՝ Ծատրյանը հայտնեց, որ Իշխան Վահանյանին ճանաչում է, նրա հետ ունի նորմալ, ծառայողական հարաբերություններ։ Լուսանկարում՝ վկա Վիգեն Ծատրյանը Ըստ վկայի՝ որպես կապի պետ իր գործառույթն է եղել զորամասի բոլոր ստորաբաժանումների հետ կապի ապահովումը, ինչի շրջանակում իրեն հասանելի են եղել մինչեւ գումարտակի հրամանատարի մակարդակով ընթացող խոսակցությունները, դրանից ցածրերը՝ ոչ․ «Մինչեւ հոկտեմբերի 6-7–ը ես միշտ կապի մեջ եմ եղել բոլոր ստորաբաժանումների հետ, 5-րդ գումարտակից կապի մեջ եմ եղել ե՛ւ Վարդերեսյանի (գումարտակի նախկին հրամանատարն է,–հեղ․), ե՛ւ Մուրադյանի (գումարտակի կապի դասակի հրամանատարն է,–հեղ․) հետ, իսկ կոնկրետ սարում ինչ է տեղի ունեցել, ռադիոկապով չեմ կարողացել լսել, որովհետեւ էդ ցանցը մեզ մոտ չի եղել, դա գումարտակի կապով է եղել, որը հասանելի չի եղել գնդին»,– պատմեց նա։ Դատավարության մասնակիցների հարցերին ի պատասխան՝ նա պարզաբանեց, թե գումարտակները վերադաս հրամանատարության հետ ինչպես եւ ինչ ռադիոցանցով են կապ հաստատել։ Ըստ այդմ, զորամասի հրամանատարի եւ բոլոր գումարտակների հրամանատարների միջեւ մշտապես գործել է երկու ռադիոցանց՝ «Հայտեռա» եւ «Այքոմ» տեսակների, իսկ գումարտակի հրամանատարի եւ ավելի ցածր օղակների՝ վաշտի եւ առանձին դասակների միջեւ՝ միայն մեկ՝ «Այքոմ» ռադիոցանցը։ Յուրաքանչյուր գումարտակում եղել է 3 հատ «Հայտեռա» տեսակի ռադիոկապ, որոնցից 2-ը՝ գումարտակի հրամանատարի մոտ, 1-ը՝ շտաբի պետի։  Վկայի այս խոսքերից հետեւում է, որ Վահանյանը, որպես գումարտակի հրամանատար, իր մոտ ունեցել է 2 հատ «Հայտեռա» տեսակի ռադիոկապ, մինչդեռ ըստ մեղադրանքի՝ նա մարտի դաշտը թողնելիս իր հետ տարել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Դատավորի հարցին՝ Վահանյանից բացի ո՞վ կարող է հաստատել, որ նրա մոտ ոչ թե մեկ, այլ երկու ռադիոկապ է եղել, վկան դժվարացավ պատասխանել։ Ծատրյանի խոսքով՝ վաշտերն էլ իրենց հերթին ապահովված են եղել «Այքոմ» ռադիոկապով՝ գումարտակի հրամանատարների հետ կապի դուրս գալու համար։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին՝ եթե գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը նահանջի պահին գնացած է եղել, սարում գտնվող անձնակազմը իր մոտ ունեցած «Այքոմ» ռադիոկապով կարո՞ղ էր կապվել վերադաս հրամանատարության հետ, ինչին վկան դրական պատասխան տվեց՝ ասելով, որ կարող էին կապվել կա՛մ զորամասի, կա՛մ գնդի հրամանատարի հետ, եւ դրա համար, ըստ վկայի, հատուկ գիտելիքներ պետք չէին, որովհետեւ բոլոր հաճախականությունները նախապես տեղադրված էին բոլոր ռադիոկապերի վրա։ Մոտ 10-15 ալիք է եղել, եւ եթե համարով չիմանային էլ, այդքան անգամ ալիքը փոխելով՝ կապի դուրս կգային։ Վկայի այս պատասխանները զարմացրին դատավարության մասնակիցներին, քանի որ մինչ այս դատարանում հարցաքննված բոլոր վկաները ճիշտ հակառակն էին ասել՝ նշելով, թե Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո չեն կարողացել կապ հաստատվել վերադաս հրամանատարության հետ, ինչի պատճառով էլ ոչ կանոնակարգված նահանջ է իրականացվել։ Արդյունքում, բազմաթիվ զինծառայողներ զոհվել են, վիրավորվել կամ անհետ կորել։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը –Ենթակա անձնակազմն ասում էր՝ չենք կարողացել «Այքոմ»–ով կապվել վերադաս հրամանատարության հետ,– վկային հայտնեց նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը։ –«Այքոմ»–ում մեկ հաճախականություն չի, կոճակներ կան, պիտի փոխեին ու վերեւ խոսեին՝ զորամասի հրամատարի կամ շտաբի պետի հետ,– ասաց վկան՝ նշելով, որ հեռավորությունն էլ կապ ուներ։ –Զորամասի հրամանատարը որտե՞ղ է գտնվել հոկտեմբերի 10-ին, հնարավո՞ր էր նրա հետ կապվել Խուռհատ սարից։ –Գտնվել է 1–ին կամ 4-րդ գումարտակի հետ, սարից այդ հեռավորության վրա «Այքոմ»–ով կապվել երեւի թե հնարավոր չէր,– պատասխանեց վկան՝ միաժամանակ ընդգծելով, որ շտաբի պետի հետ հնարավոր էր։ Նշենք, որ հոկտեմբերի 9-ին, երբ Վահանյանը նշանակվել է գումարտակի հրամանատար, շտաբի պետի է նշանակվել Ալբերտ Աբրահամյանը։ –Շտաբի պետը որտե՞ղ է գտնվել հոկտեմբերի 10–ին,– հարցրեց դատավորը։ –Ինձ հետ՝ Կարմրակութ գյուղում,– պատասխանեց վկան։ Դատավորը հետաքրքրվեց՝ այսինքն՝ եթե սպաները ցանկանային կապ հաստատել շտաբի պետի հետ, հեռավորությունը այնպիսին էր, որ կկարողանայի՞ն։ Վկան դրական պատասխան տվեց։ –Վստահաբա՞ր։ –Այո,– ասաց նա։ –Եթե դիցուք, կապի դասակի հրամանատարը հենց սարում զոհվեր, կապի դասակի այլ զինվորներ էլի կկարողանայի՞ն։ –Այո։ –Բայց չէ՞ որ ուսումնական գումարտակ էր։ –Ուսումնական էր, բայց Մուրադյանի անձնակազմը կարող էր։ –Այսինքն՝ նահանջ կատարելիս վաշտի, դասակի հրամանատարները հնարավորություն ունեի՞ն միմյանց հետ կապ հաստատել եւ իրականացրել նահանջը ավելի լավ։ –Միանշանակ՝ այո,– ասաց վկան՝ ընդգծելով, որ ամեն վաշտում եղել է ութական «Այքոմ» տեսակի ռադիոկապ, ընդ որում՝ ութն էլ տարբեր անձանց մոտ էին։ –Եվ «Այքոմ» ռադիոկապի միջոցով սարի վրա գտնվող անձնակազմը լիարժեք հնարավորությո՞ւն է ունեցել կապ հաստատել շտաբի պետի հետ,– դարձյալ ճշտեց դատավորը։ –Այո։ –Իսկ ո՞նց կբացատրեք, որ բոլորը ասում են՝ չէ։ –Չեմ կարող ասել, երեւի մեղքը իրենց վրա չգցելու համար,– պատասխանեց վկան՝ կարծիք հայտնելով, որ կապի խափանումը, ըստ ամենայնի, խուճապից է եղել, որովհետեւ մինչ հոկտեմբերի 10-ը այն անխափան գործել է։ Վկայից հետաքրքրվեցին նաեւ, թե այդ ռադիոկապերի մարտկոցները մինչեւ քանի ժամ կարող են պահել լիցքավորումը։ Ի պատասխան՝ նա ասաց՝ 1 օր, իսկ ակտիվ աշխատանքի դեպքում՝ մինչեւ 18 ժամ։ Այս հանգամանքը էական է այնքանով, որ Իշխան Վահանյանը հայտարարել է, թե իր մոտ եղած «Հայտեռա» ռադիոկապի մարտկոցը նստած է եղել (խոսքը հոկտեմբերի 10-ի մասին է, այնինչ անձնակազմը սար էր բարձրացել ընդամենը մեկ օր առաջ,–հեղ․)։ Վիգեն Ծատրյանը, սակայն, պարզաբանեց՝ «Հայտեռա» տեսակի բոլոր ռադիոկապերը ունեցել են 1 մարտկոց իրենց վրա, եւ եւս 2-ը՝ պահեստային։ –Այսինքն՝ եթե գումարտակի հրամանատարն իր մոտ ունի 2 հատ «Հայտեռա», կարո՞ղ ենք ենթադրել, որ ունի 6 մարտկոց,– հարցրեց դատավորը։ –Այո, եթե ոչ 6, ապա 5՝ հաստատ, որովհետեւ 4 հատ հաստատ եղել է մինչեւ մարտական գործողությունները, իսկ դրանից հետո մեկական էլ հատկացվել է,– պատասխանեց վկան՝ եզրահանգելով, որ ինտենսիվ օգտագործելու ժամանակ հինգ մարտկոցով 3-4 օր հնարավոր էր կապի մեջ լինել։ Ըստ վկա Ղարիբ Ջավադյանի՝ Վահանյանը չէր կարող սարում բեկորային վնասվածք ստանալ Հարցաքննված մյուս վկան պատերազմի ժամանակ նույն գումարտակի 13-րդ դասակի հրամանատար Ղարիբ Ջավադյանն էր։ Վերջինս 2008 թվականից ծառայել է Ջրականի զորամասում՝ որպես վաշտի ավագ, իսկ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին, ստանալով սպայի կոչում, նշանակվել դասակի հրամանատար․ «Հարցրել են՝ ուզո՞ւմ ես դառնալ աֆիցեր, ասել եմ՝ հա, իմ անունն էլ են գրել»,- դատարանում հայտնեց նա՝ նշելով, որ Վահանյանն է իր թեկնածությունն առաջարկել։ Դատավորի հարցին ի պատասխան՝ Ջավադյանը հայտնեց, որ Վահանյանի հետ ինքը որեւէ տեսակի հարաբերություն չունի։  Լուսանկարում՝ վկա Ղարիբ Ջավադյանը Խոսելով սարում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ վկա Ղարիբ Ջավադյանը պատմեց, որ Վահանյանն իրենց հրահանգել է դիրքավորվել, սակայն մարտը սկսելուց հետո, որպես այդպիսին, որեւէ այլ հրաման չի տվել․ «Ես իրենից մի քիչ ներքեւ էի, լսում էի, որ ասում էր՝ սենց լավ ա, սենց պահեք, ես ջոկում էի, որ կամ վիրավոր է, կամ վիրավորի է օգնում, տենց մի բան»,- ասաց նա՝ նշելով, որ հետո զինվորներից է տեղեկացել, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով հեռացել է։ Ավելի ուշ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից մի հատված, որում վերջինս նշել է, որ երբ նահանջել են անտառի կողմ, ինքը մտածել է, որ Վահանյանը պիտի գա, միասին ելքեր գտնեն, սակայն ի զարմանս իրեն, անձնակազմից շատերը ասել են, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով դիմել է փախուստի։ Դատարանում վկան հաստատեց իր այս խոսքերը։ Նախքան հեռանալը Վահանյանը վիրավորվել է թե ոչ՝ վկան չի տեսել, ասաց՝ դրանից օրեր առաջ է Վահանյանն իրեն ասել, որ հետեւից վիրավորվել է։ Նա նաեւ նշեց, որ սարում հակառակորդը հրետանի չի կիրառել, ուստի Վահանյանը, ինչպես բժշկական տեղեկանքներում է նշված, չէր կարող այդտեղ բեկորային վնասվածք ստանալ։ Ջավադյանի խոսքով՝ հակառակորդի հարձակման ժամանակ պետք է դիմակայեին, սակայն երբ վիրավորները շատացել են, հարկադրված են եղել նահանջել։ Թե ով է տվել այդ հրամանը, նա չգիտեր, ասաց՝ Վահանյանը հեռանալիս ոչ մեկին չի փոխանցել իր պարտականությունները, ոչ մեկը ինքնակամ էլ չի ստանձնել դրանք։ Վկայի խոսքով՝ նահանջ իրականացնելիս սպաներից Հայկազ Գրիգորյանը հեռախոսով կապ է հաստատել ոմն գնդապետի հետ, ապա հեռախոսը փոխանցել իրեն, քանի որ ինքը, որպես տեղացի, ավելի լավ կհասկանար, թե որ կողմով է պետք շարժվել։ Գնդապետի խորհրդով՝ Հադրութ չմտնելու համար շարժվել են դեպի Թաղասեռ գյուղ, որտեղից էլ հետո տեղափոխվել են Ազոխ գյուղ․ «Որ սարից հելել ենք, էնտեղ ընդհանրապես մարդ չի մնացել, ամբողջ գումարտակը եկել է, դեպի Թաղասեռ գնացել ենք բոլորով, բայց դրանից էն կողմ չեմ հիշում, ես էի, իմ հետեւից տասը հոգի գալիս էր, հետեւից՝ գումարտակը, տենց գալիս էին, Արալեռ գյուղում, որ երկրորդ անգամ բոյի մեջ մտանք, դրանից հետո էլ չեմ կարող ասել՝ անձնակազմը՝ ոնց, ինչ»։ Նահանջի այս դրվագի վերաբերյալ դատավարության մասնակիցները մի շարք հարցեր հղեցին վկային, որոնց տրված անորոշ պատասխանները զայրացրին դահլիճում գտնվող ծնողներին։ Վերջիններս սկսեցին ափսոսանք հայտնել, որ իրենց զավակների կյանքը նման սպաների են վստահել։ Վիգեն Ծատրյանը չգիտեր՝ ինչպես է սպաներից մեկը անձնակազմի մի մասի հետ սխալ ճանապարհով գնացել Վկային հարցեր հղեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը՝ հետաքրքրվելով, թե նահանջի ժամանակ սպաներից ով է իր հետ եղել։ -Կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը Ձեզ հե՞տ էր,-հարցրեց Ավետիսյանը։ -Մինչեւ Թաղասեռ հասնելը Մուրադյանին տեսել եմ, դրանից էն կողմ չեմ տեսել,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ սարից մինչեւ Թաղասեր մոտ 3 կմ է։ Հիշեցնենք, որ ուսումնական գումարտակի կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը այն սպան է, որի ղեկավարությամբ անձնակազմի մի մասը գնացել է արդեն գրավված Հադրութի ուղղությամբ, ինչի արդյունքում բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը -Ինչպե՞ս կպատճառաբանեք, որ Թաղասեռից հետո Մուրադյանին չեք տեսել, կամ Ձեզ հաջողվել է դուրս գալ, նրան՝ ոչ․ եթե իրար հետ եք եղել, ըստ տրամաբանության՝ պիտի կարողանայիք բոլորով դուրս գալ այդտեղից,- ասաց դատախազը։ -Դե, գումարտակը իրարից հեռու–հեռու գալիս էր, որպեսզի բան լինի, շատ զոհեր չլինի, ինքը երեւի հեռու է եղել, դրա համար չեմ նկատել, որ մնացել է էդտեղ,- պատասխանեց վկան։ -Այսինքն՝ էդտե՞ղ են խփել իրեն։ –Ես չեմ տեսել։  -Որ գնում էիք Թաղասեռ, արդեն տեղյա՞կ էիք, որ Հադրութը գրավված է։ –Այո, անձնակազմին մարդ է պատահել, ասել է՝ չեք կարող Հադրութ գնալ։ – Այդ մասին Մուրադյանը տեղյա՞կ էր, եթե ձեզ հետ է եղել ճանապարհին։ –Դա չեմ կարող ասել։ –Որ իմացաք՝ գրավված է, սպաներով ի՞նչ միջոցներ ձեռնարկեցիք, որ ենթականերին տեղեկացնեք։ – Փորձել ենք անձնակազմին հավաքել մի ձեւ, էդ արանքից հանել, կարելի է ասել՝ շրջափակման մեջ էինք, մի կերպ անձնակազմին վերցրել ենք, հելել։ –Ինչպե՞ս կբացատրեք, որ գումարտակի մի հատվածը գնում է էն ուղղությամբ, որը հակառակորդը գրավել է, եւ դուք ունեք այդ տեղեկությունը։ –Քանի որ ցրված գալիս էր գումարտակը, իմ մտածելով՝ երեւի հետ են ընկել կամ ճանապարհը փոխել, էդ ուղղությամբ են գնացել,-պատասխանեց վկան։ Սպան չկարողացավ նշել՝ իր ղեկավարած դասակում քանի զինվոր է եղել Վկային հարցեր հղեց նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը՝ փորձելով հասկանալ, թե ի սկզբանե քանի զինվոր է եղել գումարտակում, քանիսը՝ նրա ղեկավարած դասակում, եւ քանիսն են մնացել վերջում։ Այս հարցերին ի պատասխան՝ վկան մի քանի վայրկյան շարունակ լռեց՝ չկարողանալով հստակ թվեր նշել, ապա ասաց՝ սկզբում գումարտակը առնվազն 140 հոգի կլիներ, նահանջից հետո՝ 50-60, ապա ուղղեց՝ 40-50։ Դատավորը հետաքրքրվեց՝ պատերազմի ժամանակ վկան վիրավորվե՞լ է, ինչին նա բացասական պատասխան տվեց։ Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ խոսվել է գումարտակում ավելի քան 370 զինծառայողի մասին, որոնցից տուն է վերադարձել մոտ 150-ը։ Սպաներից Հայկազ Գրիգորյանն էլ (որը վկա Ղարիբ Ջավադյանի խոսքով՝ իր հետ է եղել,-հեղ․) իր ցուցմունքով հայտնել է, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի, որոնցից շուրջ 60-ն է իր հետ եղել։ Ենթադրվում է, որ Գրիգորյանը եւ Ջավադյանը նույն 60 հոգուն նկատի ունեն։ –Դուք Ձեր դասակի թվակազմը գիտե՞ք,– հետաքրքրվեց նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը։ –Որ ասել են՝ դասակի հրամանատար եմ, չեմ էլ հասցրել իմանալ՝ դասակս քանի հոգի է,– պատասխանեց վկան։ –Բա ո՞նց էիք ղեկավարելու, եթե չգիտեիք՝ քանի հոգի է, վերջիվերջո սար եք բարձրացել, մարտական առաջադրանք եք կատարել, Դուք չգիտեի՞ք՝ ձեր ղեկավարության ներքո քանի հոգի ունեք։ –Խառն է եղել․․․– պատասխանեց նա՝ հավելելով, որ դրանից առաջ՝ որպես վաշտի ավագ դեմքով ճանաչել է, մոտ 22-23 հոգանոց դասակ է եղել։  Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանն էլ հետաքրքրվեց՝ նահանջից հետո, երբ փորձել են ճշտել՝ ով կա, ով չկա, ի վերջո ի՞նչ են հասկացել․ – Որ տեսա՝ անձնակազմը քիչ է, մտածեցի՝ երեւի սխալվել են կամ ուրիշ ճանապարհով մտել, մի քանի անգամ անուններով գոռացել եմ, որ տեսնեմ՝ կարողա անտառից ձայն հանեն, մի քսան անգամ գոռացել եմ, ձայն հանող չկար,– պատասխանեց Ջավադյանը։ Վկան համաձայնեց, որ իրավունք չունեին առանց մյուսներից տեղեկություն ունենալու նահանջել Պատասխանելով հարցերին՝ Ղարիբ Ջավադյանը նաեւ նշեց, որ սար բարձրանալիս եղել են 6 սպաներով՝ ինքը, Իշխան Վահանյանը, Հայկազ Գրիգորյանը, Արսեն Ղարիբյանը, Հովհաննես Մուրադյանը եւ Վազգեն Վարդանյանը։ Իջնելիս, սակայն, նրանցից բոլորը ներկա չեն եղել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը – Զինվորական կանոնակարգով՝ իրավունք ունեի՞ք չորս սպաներով միասին հեռանալ՝ առանց մնացածից տեղեկություն իմանալու եւ չկազմակերպելով մնացածի նահանջը։ –Ոչ, իրավունք չունեի, բայց ես․․․ –Այսինքն՝ որ չորսով իջել, զինվորների հետ միասին գնացել եք, խախտե՞լ եք կանոնակարգը,– հարցրեց փաստաբանը։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հիշեցրեց, որ վկան իրավունք ունի չպատասխանել իր դեմ հնչած հարցերին։ –Բա խղճի՞ դեմ, բա երկրի՞– հարցրեց Գուրգեն Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե վկան չպատասխանի, ուրեմն դավաճան է։ –Աստծու դեմ պատասխան կտա,–լսվեց ծնողներից մեկի ձայնը։ –Մենք բոլորով միասին իջել ենք, էդ ընթացքում չեմ էլ պատկերացրել, չգիտեմ՝ ինչի համար իրենք ուրիշ ուղղությամբ գնացին,–պատասխանեց վկան։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 29-ին։   Միլենա Խաչիկյան
23:53 - 22 նոյեմբերի, 2022
44-օրյա պատերազմին առնչվող նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

44-օրյա պատերազմին առնչվող նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութին հարակից Խուռհատ սարում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն օրերս հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Infocom-ի հարցին ի պատասխան Դատախազությունից տեղեկացրին, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 549-րդ եւ 550-ի հոդվածների 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։ Խոսքը վերաբերում է պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելուն եւ զինվորական պաշտոնեական անփութությանը։ Զինծառայողների ծնողների այս հաղորդման հիմք են հանդիսացել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի պետ, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով դատարանում ի հայտ եկած հանգամանքները։ Վահանյանը, հիշեցնենք, հանդիսանալով հիշյալ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետ, ըստ մեղադրանքի, 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը օգտագործել է որպես պատրվակ, վերցրել վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել եւ հեռացել։ Նրա հեռանալուց հետո անձնակազմը տեղում գտնվող մի քանի սպաների հետ միասին անկանոն նահանջ է իրականացրել։ Դատական գործի շրջանակում քննության առարկա են դարձել ոչ միայն Վահանյանի այս գործողությունները, այլ նաեւ այդ նահանջի մանրամասները։ Մասնավորապես, հարցաքննության ժամանակ սպա Հայկազ Գրիգորյանը պատմել է, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի․ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանել է, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն այդ ժամանակ հայտարարել է, որ վկայի խոսքերը հանցագործության տարրեր են պարունակում, որից հետո իրավահաջորդների անունից հաղորդում է ներկայացվել։ Մեր զրույցում Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնված վարույթով քննության առարկա պետք է դառնան ինչպես տվյալ օրը տվյալ վայրում գտնվող սպաների գործողությունները, այնպես էլ դրանից առաջ՝ հոկտեմբերի 7-ի մոտակայքում, զինծառայողներին Հադրութի զորամաս տեղափոխելը։ Բանն այն է, որ Հադրութի զորամասն էլ այդ ժամանակ անվտանգ չի եղել, եւ ըստ տուժող կողմի՝ սխալ էր զինծառայողներին այնտեղ տանելը։ Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնված վարույթով ծնողներն առայժմ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել, դատավարական որեւէ գործողության չեն մասնակցել։ Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ այժմ հանցագործության մեկ այլ հաղորդում են պատրաստում․ «Հիմա երկրորդ հաղորդումն ենք պատրաստում գեներալ Կարեն Առստամյանի հետ կապված, նրա ցուցմունքը խոստովական ցուցմունք էր, որ վկայում էր անգործության մասին, քննությունը կպարզի՝ ուղղակի՞ թե՞ հանցավոր անգործության»,- ասաց նա։ Նշենք, որ Կարեն Առստամյանը պատերազմի ժամանակ այն դիվիզիայի հրամանատարն էր, որի ղեկավարման ներքո է գտնվել նորակոչիկների հիշյալ գումարտակը։ Դատարանում ցուցմունք տալիս Առստամյանը նշել է, որ Վահանյանի ենթադրյալ փախուստի, կապի միակ միջոցի բացակայության եւ զորքի ոչ կանոնակարգված նահանջի մասին իրեն չի զեկուցվել, ինքը օրեր անց է իմացել, իսկ իմանալուց հետո հնարավորություն չի ունեցել ենթադրաբար անտառներում մնացած զինծառայողների դուրսբերման ուղղությամբ որեւէ գործողություն իրականացնել։ Առստամյանի ցուցմունքը նաեւ որոշ դրվագներով հակասել է նույն օրը հարցաքննված փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովի ցուցմունքին։ Վերջինս դատարանում հայտնել է, որ սեպտեմբերի 21-ից սկսած՝ տեխնիկայի շարժ է նկատվել, 24-ին կամ 25-ին անօդաչու են բարձրացրել եւ տեսել հակառակորդի մեծ քանակությամբ կուտակումը։ Այդ օրը, ըստ նրա, Կարեն Առստամյանը, իր կողքին է եղել, մինչդեռ Առստամյանը նշել է, որ ինքը արձակուրդում է գտնվել, եւ ծառայության է վերադարձել միայն սեպտեմբերի 26-ին։ Սեմյոնովի խոսքով՝ նման կուտակումների դեպքում պետք էր առաջինը գործել, խոցումներ իրականացնել, սակայն իրենք, որքան էլ զեկուցել են վերադաս հրամանատարությանը, դիվիզիայի հրամանատարից կամ ուրիշ մեկից նման հրաման այդպես էլ չեն ստացել․ «Պետք է պարզվի, թե մինչեւ ում են զեկուցել, արդյոք մինչեւ վերջ զեկուցվել է՝ Պաշտպանության բանակի շտաբի պետ, ՀՀ զինված ուժերի շտաբի պետ, երկու Հանրապետությունների նախարարներ, Անվտանգության խորհրդի քարտուղար, Գերագույն գլխավոր հրամանատար․․․ Եթե այս բոլոր անձանց հասցվել է, ապա ինչո՞ւ որեւէ գործողություն չի արվել, զինվորները ամսի 26-ին հանգիստ իրենց գործով են եղել, այդպես չի լինում,- մեր զրույցում ասաց փաստաբանը՝ կատարվածը դավաճանություն որակելով։   Միլենա Խաչիկյան
14:43 - 04 նոյեմբերի, 2022
Անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով Հադրութի գրավման մասին, նահանջել է այդ ուղղությամբ․ Վահանյանի գործով հարցաքննվեց ևս 2 սպա

Անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով Հադրութի գրավման մասին, նահանջել է այդ ուղղությամբ․ Վահանյանի գործով հարցաքննվեց ևս 2 սպա

#Կարճ_ասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ։ Պատերազմի ժամանակ Հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար Լեւոն Բաբայանը պատմեց, որ երբ հոկտեմբերի 10-ի նահանջի ժամանակ վերադաս հրամանատարությունից տեղեկացել է, որ Հադրութ քաղաք գնալը վտանգավոր է, այդ մասին հայտնել է ներկա անձնակազմին։ Բոլորին թե ոչ՝ վկան դժվարացավ հստակեցնել։ Այնուհանդերձ, նշեց, որ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանին այդ ժամանակ չի տեսել, իսկ Մուրադյանը այն սպան է, որի ղեկավարությամբ անձնակազմի մի մասը գնացել է Հադրութի ուղղությամբ, ինչի արդյունքում բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։ Մեկ այլ դասակի հրամանատար Արթուր Դանիելյանն էլ պատմեց, որ հոկտեմբերի 2-ին, երբ ինքը վիրավոր ընկած է եղել Նյուզգյար տեղամասում, Իշխան Վահանյանի ղեկավարած շտապօգնության մեքենան եկել է, սակայն իրեն չի տարհանել․ այլ վիրավորների հետ այդտեղ թողնելով՝ հեռացել է։ Թե ինչու, վկան չգիտեր, հետագայում չի էլ հարցրել․ «Ոչ մեկին էդ հարցը չեմ տվել, վերեւն Աստված կա, ամեն մարդու արածն իր դեմն ա գալու»,– ասաց նա։  #Մանրամասն 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարում նահանջ իրականացնելու ժամանակ, սպայական կազմը  բջջային կապով իմացել է, որ Հադրութ քաղաքի ուղղությամբ գնալը վտանգավոր է, քանի որ հակառակորդն արդեն այնտեղ է, բայց չնայած դրան՝ N զորամասի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմի մի մասը, պատշաճ չտեղեկացվելով, հրամանատարներից մեկի հետ այդ ուղղությամբ է գնացել, ինչի հետեւանքով բազմաթիվ զինծառայողներ զոհվել եւ գերեվարվել են։ Խուռհատ սարում նահանջը եւ դրան նախորդած դեպքերը քննարկման առարկա են նույն գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի՝ այդ օրը աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ նա վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել եւ հեռացել։ Հիշյալ նահանջը իրականացվել է դրանից հետո։ Դատարանը ներկայում հարցաքննությունների փուլում է։ Դատակոչի ենթակա 40 անձանից առայժմ հարցաքննվել են շուրջ 17-ը։ Ըստ կապիտան Լեւոն Բաբայանի՝ Վահանյանը, կաղալով քայլելով, կանգնեցրել է վիրավորների մեքենան, նստել եւ հեռացել Երեկ դատակոչված վկաների թվում էր կապիտան Լեւոն Բաբայանը, որը նախքան պատերազմը եղել է գնդի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ Սեպտեմբերի 16-ին նշանակվել է հիշյալ 5-րդ ուսումնական գումարտակի հակատանկային դասակի հրամանատար, սակայն օրեր անց՝ սեպտեմբերի 26-ին, իրեն տեղափոխել են դիրքեր, քանի որ այնտեղ գտնվող 4-րդ գումարտակը հակատանկային դասակի հրամանատար չի ունեցել։ Փաստացի, պատերազմի ժամանակ ուսումնական գումարտակն այլեւս իր հրամանատարության ներքո չի եղել, նրանց հետ չի առնչվել։ Այնուհանդերձ, Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Բաբայանը՝ իր մեկ հաշվարկով (այսինքն՝ նա եւ եւս երկու անձ), ներկա են եղել՝ այլ խնդիր իրականացնելու նպատակով․ «Հոկտեմբերի 9-ին Վազգեն Վարդանյանը (դասակի հրամանատար է,–հեղ․) ինձ զանգել է, ասել, որ տանկերի շարժ կա, իմ կարիքը կա, ես էլ վերադասության հետ ճշտել եմ, իմ մեկ հաշվարկով գնացել ենք Հադրութի սարը, ուսումնական գումարտակն արդեն այնտեղ է եղել, ձախ կողմից իրենք են նստած եղել, աջ կողմից՝ մենք, ամսի 10-ին, որ Հադրութը գրավել են, նոր դուրս ենք եկել»։ Լուսանկարում՝ վկա Լեւոն Բաբայանը 9-ի երեկոյան, ըստ Բաբայանի, հրետանին է հարվածել, իսկ հաջորդ օրը կեսօրից մարտ է ընթացել, ուսումնական գումարտակը զոհեր եւ վիրավորներ է ունեցել։ Վիրավորներին իջեցրել են, որից հետո արդեն անձնակազմն է իջել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ այսինքն՝ նահա՞նջ է իրականացվել, վկան պատասխանեց․ «Եթե կարելի է այդպես ասել․․․ Նահանջը ո՞րն է, հետ էին գալիս սարից, որովհետեւ վիրավորները շատ էին, հակառակորդը շատ էր խորանում»։ Այդ ժամանակ է, որ վկան նկատել է Վահանյանին․ «Երբ անձնակազմը իջնում էր սարից դեպի ճանապարհ, Վահանյանը կաղալով գալիս էր, գոռում էր՝ վիրավոր կա, կանգնեցրեք, մի հատ կամազ էր մնացել, կանգնեցրել են, տեսել եմ, որ նստել է մեքենան, ճանապարհով իջել»,– ասաց նա՝ հավելելով, որ չգիտի՝ այլ վիրավորների Վահանյանն իր հետ տարել է, թե չէ։ Վկան հայտնեց նաեւ, որ հոկտեմբերի 10-ին հրետանի չի աշխատել, այնինչ Վահանյանը, ըստ բժշկական տեղեկանքների, այդ օրը բեկորային վնասվածք է ստացել։ Հրետանու պետը հաղորդել է, որ Հադրութի ուղղությամբ գնալը վտանգավոր է Բաբայանի խոսքով՝ Վահանյանի հեռանալուց մոտ 15 րոպե անց հեռախոսով (քանի որ իր ռադիոկապի լիցքավորումը ավարտված է եղել,–հեղ) կապ է հաստատել հրետանու պետի, հրետանու շտաբի պետի հետ, որոնք իրեն ասել են, որ Հադրութի ուղղությամբ չգնան, որովհետեւ թշնամին արդեն լցվել է քաղաք։ Տեղում գտնվող սպաներով որոշել են բարձրանալ հարակից սարերից մեկը, որպեսզի վերեւից տեսնեն թշնամու շարժը եւ հասկանան՝ ուր գնալ։ Այս դրվագի հետ կապված հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի շարք հարցեր հղեց վկային․ -Երբ տեղեկացաք, որ Հադրութի ուղղությամբ չպետք է գնալ, ուսումնական գումարտակն ամբողջ կազմով ձեզ հե՞տ էր,- հարցրեց Ավետիսյանը։ -Ամբողջը չէ, վերեւը վիրավորներ ենք ունեցել, զոհեր էլ,– պատասխանեց վկան։ -5-րդ գումարտակը 300-ից ավելի անձնակազմ է ունեցել, մնացած անձնակազմը ձեզ հե՞տ էր։ -Մնացած անձնակազմը անտառից ճանապարհով իջել է ներքեւ, մենք էլ իրենց հետ իջել ենք, ինձնից առաջ մարդ գնացել է թե չէ՝ չեմ կարող։ Մնացած սպաների հետ հասկացել ենք, որ Հադրութ գնալը վտանգավոր է, որոշել ենք բարձրանալ սարը։ Մենք առջեւից ենք գնացել, անձնակազմը՝ մեր հետեւից, այդ ժամանակ կապի դասակի Հովոյի հետ (նկատի ունի կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանին–հեղ․) շարասյան մի որոշ մասը իջել է ներքեւ․ թե ինչ պայմաններում, ինչու են նման որոշում կայացրել, չեմ կարող ասել,– պատասխանեց վկան։ -Իսկ 5-րդ գումարտակի սպայակազմին փոխանցե՞լ եք ձեր այդ տեղեկությունը, որ Հադրութ գնալը վտանգավոր է– հետաքրքրվեց դատախազը։ -Խոսքով փոխանցվել է, անձնակազմը որ հավաքված է եղել, ընդհանուր խոսել ենք, որ ասեմ՝ կապի միջոցով է ասվել, չեմ տեսել նման բան։ -Հովհաննես Մուրադյանին կամ նրա հետ գտնվողներին փոխանցելու հնարավորություն եղե՞լ է։ -Ես Հովհաննեսին այդ ժամանակ չեմ տեսել, ինքը հետո է ոնց որ իջել անտառից, մենք, որ որոշել ենք բարձրանալ, իրենք ամենավերջից որոշել են իջնել անտառ, ես չեմ տեսել՝ ոնց է այդ որոշումը կայացրել կամ ինչի համար,– ասաց վկան։ Նշենք, որ ըստ այլ ցուցմունքների՝ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու նրա հետ գտնվող անձնակազմին փրկվել չի հաջողվել սխալ ճանապարհով գնալու պատճառով։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Դատավոր Ջոն Հայրապետյանը եւս հետաքրքրվեց՝ արդյո՞ք վկան, կապիտան լինելով, պարտականություն չի ունեցել՝ բոլորին հայտնելու, որ ով գնա Հադրութի ուղղությամբ, զոհվելու է․ «Ունեի, ասել եմ, նենց չի՝ տասը հոգի էինք, որ կարողանայինք տասով բարձրանալ, նենց չի՝ ես եմ որոշել, սպաներով որոշել ենք, մի շարասյունով գնացել ենք իրար հետեւից, հետո թե ոնց է Հովոն էդ ճանապարհից հետ դարձել, չեմ կարող ասել»։ Այնուհանդերձ, նա կարծիք հայտնեց, որ եթե Մուրադյանը տեղյակ լիներ Հադրութում հակառակորդի գտնվելու մասին, այդ ուղղությամբ զորքին չէր տանի․ «Ես սենց գիտեմ․ ինքը ասել է՝ էս կողմը մարդ չկա, գնանք, քյասար դուրս գանք, եթե տեղյակ լիներ, չեմ կարծում՝ տենց բան կաներ, դա մարդկային չէր լինի»։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հարցեր ուղղեց նաեւ այն մասին, թե նա, որպես սպա, ինչ միջոցներ է ձեռնարկել նահանջը պատշաճ կազմակերպելու համար․ -Ասել ենք, որ իրար հետեւից գան, ապահովության համար որոշեցինք, որ իրար հետեւից բարձրանանք, ոչ թե իրար կողքի, նենց չի՝ ես եմ որոշել, սպաների հետ խոսել ենք՝ ոնց լինի, որ լավ լինի,– պատասխանեց վկան։ -Որպես սպա՝ նահանջն այդպե՞ս պետք է կատարեիք,- հարցրեց մեղադրողը։ -Տենց կոնկրետ բան չկա՝ նահանջը ոնց կատարես, այդ պահից ելնելով․․․ -Փորձեմ հուշել Ձեզ․ վերադաս հրամանատարությունից ումի՞ց եք նահանջի թույլտվություն ստացել։ -Ոչ մեկից։ -Իսկ տեղյա՞կ եք, որ նահանջում են բացառապես հրամանատարի թույլտվությամբ եւ իմացությամբ։ -Վահանյան է եղել հրամանատար, նա ճշտել է թե չէ, չեմ կարող ասել, իմ մասին ասեմ․ հակառակորդը որ եկել, հասել է, սարը վերցրել է, անձնակազմը իջել է, ես էլ հետները իջել եմ,  մենակ կանգնեի, ի՞նչ անեի։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք սպաներով մասերի են բաժանվել՝ զորքին դիմացից, մեջտեղից, հետեւից ուղեկցելու համար, թե՞ իրենք առջեւից են գնացել, զինվորները՝ նրանց հետեւից․ «Ես կոնկրետ դիմացից եմ գնացել, մյուսների մասին չեմ կարող ասել»,- ասաց Լեւոն Բաբայանը՝ նշելով, որ սպաներից Վազգեն Վարդանյանն է իր հետ եղել, Հայկազ Գրիգորյանին չի տեսել։ Նշենք, սակայն, որ նախորդ նիստերին դատարանում ցուցմունք տալիս Վազգեն Վարդանյանը հայտնել է, որ ինքն ու Հայկազ Գրիգորյանը միասին են փորձել զորքին անվտանգ դուրս հանել։ Նրանք նաեւ նշել են, որ իրավիճակն այդ ժամանակ այնպիսին էր, որ սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, ինչի արդյունքում անձնակազմը 3 խմբի է բաժանվել։ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը խնդրեց նկարագրել, թե զորքն այդ ժամանակ ինչ հոգեվիճակում էր, խուճապ կա՞ր, ինչին վկան պատասխանեց․ «Միանշանակ խուճապ կար, բոլորս խառնված էինք, էդ իրավիճակում բոլորն էլ խառնվում են»։ Ի վերջո, կեսգիշերն անց դուրս են եկել անտառից, վկայի խոսքով՝ 40-42 հոգով։ 5-րդ ուսումնական գումարտակը մոտ 370 անձնակազմ է ունեցել, ըստ տուժող կողմի՝ նրանցից միայն 150-ն է ողջ մնացել։ Արթուր Դանիելյանի խոսքով՝ Վահանյանի ղեկավարած շտապօգնության մեքենան, վիրավորներին մարտի դաշտում թողնելով, հեռացել է Հարցաքննված մյուս վկան 5-րդ ուսումնական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կապիտան Արթուր Դանիելյանն էր՝ մեկը այն անձանցից, որին, ըստ ցուցմունքների, գումարտակի՝ այդ ժամանակ դեռ շտաբի պետ, մայոր Իշխան Վահանյանը, հոկտեմբերի 2-ին մարտի դաշտում վիրավոր թողնելով, հեռացել է։  Արթուր Դանիելյանի ցուցմունքը առավելապես վերաբերում էր դրան եւ դրան նախորդած օրերին, երբ ինքը երկու անգամ առիթ է ունեցել՝ Վահանյանին հանդիպելու։ Սարում հոկտեմբերի 10-ի մարտական գործողություններից վկան տեղեկություն չուներ, քանի որ այդ ժամանակ բուժման մեջ է եղել։  Դատարանում ցուցմունք տալով՝ Արթուր Դանիելյանը պատմեց, որ Իշխան Վահանյանի հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ, այժմ շփում չունի։ Լուսանկարում՝ վկա Արթուր Դանիելյանը Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում Վահանյանի հետ առաջին հանդիպումը եղել է սեպտեմբերի 29-ին, երբ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը զոհվել է, իսկ Վահանյանը՝ վիրավորվել․ «Ես իմ աչքով վիրավորվելը չեմ տեսել, բայց որ իջել եմ հրամանատարական դիտակետ՝ կապի մարտկոցները մեզ մոտ տանելու, տեսել եմ, որ նա նստած է եղել, ասել է՝ մի պուճուր վիրավորվել եմ, բայց նորմալ է, բան չկա»։ Հարցին՝ վիրավորումը ակներե՞ւ էր, վկան բացասական պատասխանեց՝ նշելով, որ վիրակապ չի տեսել, միայն Վահանյանն է ձեռքով ցույց տվել ոտքի տվյալ հատվածը։ Թե դրանից հետո նա ինչ քայլեր է ձեռնարկել, բուժօգնության դիմել է թե ոչ՝ վկան չգիտեր։ Նշենք, որ ըստ քրեական գործի՝ Վահանյանը աջ ազդոսկրի վնասվածքը ստացել է հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում, դրանից առաջ վիրավորում ստանալ-չստանալու վերաբերյալ տեղեկություններ չեն պարզվել։ Տուժող կողմը, սակայն, այն համոզմանն է, որ նա շատ ավելի վաղ է վիրավորվել, իսկ հոկտեմբերի 10-ին վերքը քչփորել է՝ մարտի դաշտը թողնելու պատրվակ ստեղծելու համար։ Ըստ Վահանյանի՝ ինքը երկու անգամ է վիրավորվել։ Վահանյանի հետ երկրորդ հանդիպումը, ըստ վկայի, եղել է հոկտեմբերի 2-ին, երբ ինքը նույն վաշտի մեկ այլ դասակի հրամանատար Հայկ Ղազարյանի հետ հրաման է ստացել՝ Նյուզգյարում գտնվող 2-րդ գումարտակին օգնության հասնելու։ Տեղի հրամանատարի՝ Արթուր Քյարամյանի հետ ճշգրտել են՝ ով որտեղ է տեղակայվելու, ինչ խնդիրներ է ունենալու, եւ երբ ցանկացել են վերադառնալ՝ որոշված բնագծերը զբաղեցնելու, տեղ չհասած՝ հրետակոծության են ենթարկվել․ առաջին ալիքն իրեն շպրտել է, գիտակցությունը կորցրել է, իսկ երկրորդից բեկորային վիրավորում է ստացել․ «Հայկին խավարի մեջ տեսնելով՝ ուզում եմ քայլել դեպի նա, մի հատ էլ որ խփում է, էդտեղ արդեն չոքում եմ, հետո նոր զգում եմ, որ ոտքս էլ նորմալ չի գործում»։ Այդ ամենից հետո, երբ ուշքի է եկել, ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա է նկատել, որը ղեկավարել է ներսում գտնվող Իշխան Վահանյանը։ Բղավել է, որ հանկարծ չկանգնի, քշի, տեսնի՝ վիրավորներ հո չե՞ն մնացել, սակայն պարզվել է՝ մեքենան արդեն հեռանալիս է եղել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ այսինքն՝ ավելի հեռվում գտնվող վիրավորնե՞ր էլ կային, որոնց կարող էին հանել, վկան պատասխանեց․ «Այո, հենց Նյուզգյարում, որտեղ հրետակոծություն էր եղել, չգիտեմ՝ վիրավորներ թե․․․ Հետո պարզվել է, որ զոհեր են եղել, որոնողական աշխատանքների ժամանակ այդտեղից մոտավորապես 7-8 հոգու հանել են»։ Ավետիսյանի հարցին՝ ըստ վկայի՝ ինչու մեքենան չի մոտեցել եւ իրեն էլ չի տարհանել, նա պատասխանեց․ «Պատճառը ինձ մի հարցրեք, ես չգիտեմ, թե խի ավտոն դալշը չգնաց, ենթադրում եմ՝ կարողա տեղ չի եղել, կարողա․․․ չգիտեմ․․․» Նրա խոսքով՝ Վահանյանը մեքենայից չի իջել, իր որպիսիությունն անգամ չի հարցրել։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Պատասխանելով դատավորի հարցին՝ հետագայո՞ւմ էլ չի հետաքրքրվել Վահանյանից, թե ինչու է իրեն մարտի դաշտում թողնելով հեռացել, վկան բացասական պատասխան տվեց․ «Ոչ մեկի էդ հարցը չեմ տվել, վերեւն Աստված կա, ամեն մարդու արածն իր դեմն ա գալու, իմաստը ո՞րն էր՝ հարցնեի՝ ինձ ինչո՞ւ չես հանել, ի՞նչ էր փոխվելու»։ Հարցին, թե այդ մեքենայով քանի վիրավոր էր հնարավոր տեղափոխել, վկան պատասխանեց, որ դա կախված է վիրավորների վիճակից․ եթե մեջքից վիրավոր կամ անդամահատված անձինք չկան, նստած վիճակում 8-9 հոգի հնարավոր է, իսկ եթե ծանր վիրավորներ են, որոնց պառկեցնել է անհրաժեշտ՝ ավելի քիչ։ Տվյալ դեպքում՝ իրենց մեջ երկուսն էլ եղել են։ Արթուր Դանիելյանի խոսքով՝ ինքն է լարով վիրակապել իր վերքը, իսկ մյուս հրամանատար Հայկ Ղազարյանին այլեւս չի հանդիպել։ Ենթադրում է՝ նա զոհվել է, քանի որ որոնողական աշխատանքների ժամանակ նրա հագուստն ու ռադիոկապը գտել են։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, 5 զինծառայողների հետ միասին մի կերպ հասել է Կարմիր Շուկա։ Դրանից հետո՝ մինչ պատերազմի ավարտը, Դանիելյանը բուժման մեջ է եղել, Վահանյանի հետ այլեւս չի առնչվել․ «Վահանյանին մեկ էլ մի անգամ հանդիպել եմ իրենց տանը․ որ մտա, բազկաթոռին նստած էր, հարեւաններից էլ կային նստած, ու որ տեղից պիտի ելներ՝ թեկուզ փաթաթվեր, թեկուզ բարեւ տար, չհելավ, ասաց՝ կներես, չեմ կարողանում, սաղ ոտքերս ասկոլկա են, ես էլ նորմալ եմ ընդունել, որովհետեւ գիտեմ՝ դա ինչ բան է․․․ Ու տենց, պատմեց, որ ընկել են շրջափակման մեջ,  էլ արդեն չեմ խորացել․ ամեն անգամ այդ զրույցները տանելիս իմ մոտ․․․  Չի ստացվում, սաղ գալիս է իմ աչքի դեմը, աշխատում եմ քիչ լսեմ»։ Դատավորի հարցին, թե Վահանյանի տուն ինչ նպատակով է գնացել, վկան պատասխեց․ «Մի հատ իմ աչքով տեսնեի էդ մարդու աչքերը»։ Հանրային մեղադրողը հիշեցրեց՝ քրեական գործի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ վիրավորվել է Վահանյանի միայն մեկ ոտքը, այն  էլ՝ թեթեւ․ «Այնինչ դուք նշում եք, որ նա ասել է, թե երկու ոտքն էլ բեկորներով է պատված եղել, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպես ասել»,-հարցրեց Ավետիսյանը, ինչի վկան պատասխանեց՝ ասելով․ «Ես մի բան գիտեմ․ եթե մարդը մի սուտ է ասում, պիտի մի յոթ բան էլ սուտ ասի, որ այդ մի սուտը ճիշտ դառնա, իսկ թե քանիսն է պետք, որ այդ յոթը ճիշտ դառնա, ես արդեն չգիտեմ»։ Իշխան Վահանյաին որպես սպա բնութագրելով՝ Արթուր Դանիելյանն ասաց․ «Սպաները լինում են մի քանի տեսակի․ կա սպա, որ բայեվոյ է, կա սպա, որ ասֆալտի սպա է, իսկ այդ երկու տեսակները իրար հետ համեմատելի չեն։ Ես, որ տեսել եմ Վահանյանի ծառայությունը, եղել է պահանջկոտ, եղել է ծառայող, բայց որպես բայեվոյ սպա՝ ես իրեն չեմ տեսել»։ Դանիելյանը նաեւ հայտնեց, որ ուսումնական գումարտակը անհրաժեշտ զինտեխնիկայով ապահովված եղել է։ Ինչ վերաբերում է նրանց պատրաստվածությանը, դժվարացավ հստակ գնահատականներ տալ՝ ասելով, որ պատերազմից կարճ ժամանակ առաջ է այդտեղ տեղափոխվել, նրանց չի ճանաչել․ «Բայց որ ասեմ իմ զինվորը չի պարտվել, դա հաստատ է, իրենց պետք չէր սովորեցնել, իրենք կռվում էին»,- նշեց նա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 21-ին։   Միլենա Խաչիկյան
22:18 - 01 նոյեմբերի, 2022
Լարված դատական նիստ, իրարամերժ ցուցմունքներ․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեց ևս երկու վկա

Լարված դատական նիստ, իրարամերժ ցուցմունքներ․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեց ևս երկու վկա

#Կարճասած 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով երեկ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին 18-րդ հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Կարեն Առստամյանը եւ զորամասի օպերատիվ բաժնի պետ Ռյուրիկ Սեմյոնովը, որոնց ցուցմունքները որոշ դրվագներով իրարամերժ էին։ Կարեն Առստամյանը հայտնեց, որ նախքան պատերազմի սկսվելը ինքն արձակուրդում է եղել, սեպտեմբերի 26-ին նոր վերադարձել է, մինչդեռ Ռյուրիկ Սեմյոնովի խոսքով՝ սեպտեմբերի 24-ին կամ 25-ին անօդաչու սարքով արձանագրել են հակառակորդի զորքերի կուտակումը, ինչին Առստամյանը ներկա է եղել։ Առստամյանը նաեւ հայտնեց, որ հոկտեմբերի 3-ին նորակոչիկների գումարտակի մի մասը առանց հրամանի նահանջել է, ինչի հետեւանքով վտանգվել են այլ գումարտակի ստորաբաժանումներ։ Սեմյոնովը, սակայն, հերքեց նաեւ այլ ստորաբաժանումների վտանգվելու հանգամանքը՝ նշելով, որ միգուցե ճիշտ է եղել այդ որոշումը, որովհետեւ նորակոչիկների անձնակազմը անպատրաստ է եղել, նվազագույնին չի տիրապետել․ նույնիսկ մարդիկ կային՝ մի անգամ չէին կրակել։ Խոսելով հոկտեմբերի 10-ի՝ ամբաստանյալի ենթադրյալ փախուստից հետո կատարված նահանջի մասին՝ դիվիզիայի նախկին հրամանատարն ասաց, որ իրեն այդ պահին մանրամասներ չեն հայտնել, եւ ինքը օրեր անց է տեղեկացել զորքի շրջափակման մեջ ընկնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ չի զեկուցվել նաեւ կապի միջոցի բացակայության մասին, որը, ըստ մեղադրանքի, Վահանյանը իր հետ տարել է։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը տարակուսանք հայտնեց, թե եթե նման կարեւոր հանգամանքները չեն զեկուցել, ապա ինչպես է ամբողջ կորպուսը իրեն ենթարկվել։ #Մանրամասն «Բանակի ղեկավար կազմից որեւէ մեկը չի իմացել, որ պատերազմը 2020 թ․ սեպտեմբերի 27-ին է սկսելու, բայց հակառակորդի շարժի հետ կապված տեղեկություն ունեցել ենք, եւ զգոնության բարձրացում է արվել»։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ հայտարարեց գեներալ-մայոր Կարեն Առստամյանը։ Նա մեկն է այն վկաներից, որ հարցաքննվեց ՊԲ N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործի շրջանակում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ին, Խուռհատ սարում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ իշխանության անգործություն դրսեւորելու եւ մարտի դաշտը լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Երեկվա նիստը, թեեւ նշանակված էր ժամը մեկին, սկսվեց ուշացումով․ դատարանի շենքում նիստերի ազատ դահլիճ չկար։ Դատավարության մասնակիցներն ու զոհված զինծառայողների ծնողները ստիպված էին դատարանի բակում սպասել, մինչեւ որեւէ դահլիճ ազատվի։ Շենք մտնել նույնպես չէր թույլատրվում․ ըստ կարգադրիչների՝ ներսում ծանրաբեռնված էր, թեեւ մարդկանց կուտակումներ տեսանելի չէին։ Սպասողական վիճակն ավելի լարեց ծնողների առանց այն էլ լարված նյարդերը․ «Ինչքա՞ն կարելի է մարդկանց անարգել»,– դատարանի բակում զայրացավ տուժողի իրավահաջորդներից Արսեն Ղուկասյանը՝ դժգոհելով, որ անգամ մայրերին ներսում նստել չեն թույլատրում։ Րոպեներ անց ներկա մայրերին կանչեցին ներս՝ այնտեղ սպասելու։ Ի վերջո, գրեթե մեկ ժամ անց նիստերի դահլիճն ազատվեց, շարունակվեց գործով վկաների հարցաքննության փուլը։ Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ նախագահի դեմ Գեներալ-մայոր Կարեն Առստամյանը նիստերի դահլիճ մտավ ոչ թե ընդհանուր, այլ ներսի մուտքից, որտեղից դատավորն է մտնում կամ ամբաստանյալին են ներս բերում։ Նման փոփոխություն, որպես կանոն, արվում է վկայի անվտանգությունն ապահովելու նկատառումներով։ Ներկայանալով դատարանին՝ Առստամյանը հայտնեց, որ Արցախյան 3 պատերազմների մասնակից է, 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 18-րդ հրաձգային դիվիզիայի  հրամանատար, հետագայում տեղափոխվել է կադրերի ռեզերվ, ապա՝ ազատվել աշխատանքից սեփական դիմումի համաձայն։ Լուսանկարում՝ գեներալ-մայոր Կարեն Առստամյանը Նշենք, որ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկության համաձայն՝ Առստամյանը պաշտոնից ազատվել է 2020 թ․ նոյեմբերի 8-ին, այսինքն՝ պատերազմի ավարտից մեկ օր առաջ։ Դրանից ամիսներ անց՝ 2021 թ․ մարտի 24-ին, նա դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի՝ պահանջելով վերջինիս պարտավորեցնել իրեն տրամադրել իր ազատման հրամանագիրը։ ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ քննելով հայցը, այս տարվա հունվարի 3-ին վճռել է մերժել այն՝ հիմնավորմամբ, որ Առստամյանին պաշտոնից ազատելու մասին առաջարկությունը եւ կից հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել «Հույժ գաղտնի» դրոշմագրով, այսինքն՝ այն համարվում է պետական գաղտնիք, ինչի պարագայում նախագահի մերժումը եղել է իրավաչափ։ Դատարանի այս որոշման դեմ Առստամյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Ըստ դիվիզիայի նախկին հրամանատարի՝ իրեն հայտնի չեն եղել 5-րդ գումարտակի նորակոչիկներ, որոնք դեռեւս զինվորական երդում տված չեն եղել Դատարանում ցուցմունք տալով՝ Առստամյանը հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է միայն Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Առստամյանի հարցաքննության սկզբում նախքան հոկտեմբերի 10-ի դեպքերին անդրադառնալը հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի քանի հարց հղեց մարտական կանոնագրքերով սահմանված դրույթների մասին։ Նա նախ հետաքրքրվեց՝ կա՞ իրավական հիմք, ըստ որի՝ ուսումնական գումարտակում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողները կարող են պատերազմական իրավիճակում ընդգրկվել պաշտպանական գործողություններում։ Բանն այն է, որ Վահանյանի ղեկավարած գումարտակը ուսումնական էր, եւ դրանում 1-2 ամսվա զինծառայողներ էին, որոնց մի մասը, ըստ տուժող կողմի, անգամ զինվորական երդում չէր տվել․ «Այո, կան ղեկավար փաստաթղթեր, ըստ որոնց՝ պատերազմը սկսվելու պարագայում փոփոխական կազմը ցրվում է հրաձգային գումարտակների միջեւ, իսկ մնացածը զորամասի հրամանատարի որոշման համաձայն անցնում է պաշտպանության իրենց պաշտպանության շրջանում»։ Ի պատասխան հարցին՝ իսկ առկա՞ են իրավակարգավորումներ զինվորական երդում չտված ժամկետայիններին մարտական գործողություններում ներգրավելու վերաբերյալ, վկան դժվարացավ հստակ իրավական ակտեր նշել, բայց ասաց՝ 5-րդ գումարտակում իրեն հայտնի չեն եղել զինծառայողներ, որոնք զինվորական երդում տված չեն եղել։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը Վկայի այս հայտարարությանը վրդովեցրեց տուժողի իրավահաջորդներից Վարդուհի Մանուկյանին, որը տեղից հայտարարեց, որ նա ստում է․ «Հադրութի դպրոցում իրեն այդ մասին հայտնի դարձել է, ես ուղղում եմ մտցնում, հարգելի՛ դատարան»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հորդորեց լռություն պահպանել՝ նշելով, որ նա չի կարող ուղղում մտցնել․ «Ախր, ես փաստ գիտեմ, որ նա սուտ է խոսում»։ «Դատարանն է որոշելու՝ ով ինչ է խոսում»,- պարզաբանեց Հայրապետյանը՝ հորդորելով չմիջամտել, որպեսզի ինքը ստիպված չլինի դատական սանկցիա կիրառել։ Սակայն աղմուկը չդադարեց, եւ դատարանը նկատողություն հայտարարեց Մանուկյանին։ Արձագանքելով դրան՝ տուժողի իրավահաջորդն ասաց․ «Եթե մի անգամ էլ սուտ խոսի, ու ես միջամտեմ, նկատողություն տվեք նրան, որովհետեւ նա եկել է այստեղ՝ ճիշտը պատմելու, ոչ թե սուտը մեր ականջները լցնելու»,- բղավեց նա՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով վկայի հասցեին։ Ի վերջո, դատարանը Մանուկյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց։ Նիստը ընդմիջվեց։ Շարունակելով իր ցուցմունքը եւ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուսումնական գումարտակի անձնակազմը պատրաստ եղել է պաշտպանություն իրականացնելուն, վկան ասաց․ «Ավելի լավ կլիներ՝ վեց ամիս պատրաստվեին, եթե դա չի եղել, միանշանակ դառնում է ոչ լիարժեք»։ Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչով է պայմանավորված եղել այդ անձնակազմին մարտական գործողությունների մեջ ներգրավելու որոշումը, վկան պատասխանեց, որ այդ անձնակազմը զբաղեցրել է իր պաշտպանական դիրքը 2-րդ գծում, սակայն հետագայում իրադարձություններն այնպես են զարգացել, որ աջակողմյան թեւը դարձել է առաջնագիծ։ Նա նաեւ նշեց, որ չի եղել որեւէ զեկույց, թե 5-րդ գումարտակին որեւէ միջոց պակասում է, միայն մարտկոցային միջոցների պակասի խնդիր է եղել, որը լուծել են։ Առստամյանի ցուցմունքի եւ քրեական գործում առկա որոշ տեղեկությունների միջեւ հակասություններ կային Շարունակելով հոկտեմբերի 10-ին նախորդած իրադարձությունների թեման՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային հայտնեց, որ քրեական գործում կան տեղեկություններ, ըստ որոնց՝ հոկտեմբերի 2-ին Նյուզգար կոչվող տեղամասում տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում են ստացել մի շարք զինծառայողներ, որոնց դուրս բերելու նպատակով Իշխան Վահանյանը մեկնել է այդ վայր, սակայն ձեւականորեն է կատարել իր վրա դրված պարտականությունները՝ այնտեղից գնալով Մեխակավանի զինվորական հոսպիտալ եւ այլեւս չվերադառնալով ծառայության վայր։ Արձագանքելով այս տեղեկությանը՝ վկան ասաց, որ իրեն դրա մասին չեն զեկուցել․ եթե զեկուցեին, միջոցներ կձեռնարկվեին։ Մեղադրողը, սակայն, հայտնեց՝ քրեական գործով կան նաեւ տեղեկություններ, որ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Գարիկ Վարդերեսյանը զեկուցել է այդ մասին իր վերադասին, վերադասն էլ՝ իրեն՝ վկային․ «Չեմ կարող ասել, չկա տենց բան»,- ասաց Առստամյանը։ Առկա այլ տեղեկությունների համաձայն էլ՝ այդ միջադեպից հետո ուսումնական գումարտակի սպայակազմի կողմից ոչ միանշանակ է ընդունվել Վահանյանի արարքը, եւ այդ պատճառով Առստամյանի միջամտությամբ Վահանյանը 2 օր անց՝ հոկտեմբերի 4-ին, վերադարձվել է շարք եւ ներգրավել նահանջող զինծառայողների որոնողական աշխատանքներում․ «Առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- արձագանքելով ասաց վկան։ Ըստ Կարեն Առստամյանի՝ հոկտեմբերի 3-ի-4-ի մոտակայքում 5-րդ գումարտակը առանց թույլտվության նահանջել է Պատասխանելով հանրային մեղադրողի հարցին՝ արդյո՞ք սեպտեմբերի 27-ից մինչ հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում 5-րդ գումարտակը պատշաճ իրականացրել է իր գործառույթները, Կարեն Առստամյանը պատմեց, որ մինչեւ հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ այո, մասնակցել է մարտական գործողությունների, ունեցել՝ նաեւ հերոսական դրվագներ։ Ամսի 3-ին արդեն իրեն զեկուցել են, որ գումարտակի վաշտերից մեկը նահանջել է 9 կմ կոչվող տարածքի ուղղությամբ, սակայն դրա վերաբերյալ որեւէ պարզաբանում զորամասի հրամանատարը չի տվել։ Դրանից հետո՝ ամսի 4-ին, գումարտակի մնացած անձնակազմը եւս, այսպես կոչված, Թոզարան ճանապարհով նահանջել է, սակայն դրա թույլտվությունը չի եղել․ «Ես հանդիպումներ եմ ունեցել շտաբի պետի, պետի տեղակալների, ժամկետային, սերժանտական, սպայական անձնակազմի հետ, անձնակազմը թրջված, բարոյալքված վիճակում է եղել, ցուցում է տրվել հաջորդող բնագծերում ամրանալու վերաբերյալ, որից հետո վերադարձել եմ իմ առաջնային ղեկավարման կետ, իսկ շտաբի պետը եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պետք է ուղեկցեին նրանց, սակայն իմ ղեկավարման կետ հասնելուց հետո ինձ հայտնի է դարձել, որ այդ անձնակազմը էլի նահանջել է 9 կմ-ի ուղղությամբ, ապա՝ Հադրութ»։  Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Հարցին՝ այդ հանդիպմանը Իշխան Վահանյանը մասնակցե՞լ է, վկան դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ շատ մութ էր, անձրեւոտ, 20-ից ավելի սպայական կազմ է եղել, բայց չի բացառվում, որ մասնակցած լինի։ Այդ ժամանակահատվածում Վահանյանի ենթադրյալ վիրավորում ստանալու մասին եւս նա տեղեկություն չուներ, ասաց՝ գուցե այն աստիճանի չի եղել, որ իրեն զեկուցեին։ Ըստ Առստամյանի՝ հիշյալ նահանջների հետեւանքով առաջնագծում պաշտանություն իրականացնող 1-ին եւ 4-րդ հրաձգային գումարտակների ամբողջ աջ թեւը եւ թիկունքը բացվել են, եւ դա է եղել հիմնական խնդիրը։ Նաեւ դրա պատճառով է, որ օրեր անց, երբ Հադրութի դպրոցում հաստիքային փոփոխություններ են արվել, Գարիկ Վարդերեսյանին ազատել են գումարտակի հրամանատարի պաշտոնից՝ նրան փոխարինելով Իշխան Վահանյանով․ «Ազատման պատճառը գումարտակի հրամանատարի անկազմակերպ, անփույթ նահանջն էր, որը իմ կողմից ներկայացվել է բանակի հրամանատարին, եւ քանի որ Վահանյանն էր շտաբի պետ, ամենահավանական թեկնածուն է եղել, այլ մարդ չի եղել»։ Այդ նահանջից հետո զորքը մեկնել է նախ Հադրութի զորանոց, որից մեկ օր անց՝ տեղափոխվել Հադրութի դպրոց։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ իրեն զեկուցվե՞լ է, որ այդ մեկ օրվա ընթացքում զորքը անկազմակերպ վիճակում է եղել Հադրութի տարածքում, այդ թվում՝ զորանոցում, որը անվտանգ չի  եղել, ինչին ի պատասխան՝ վկան նշեց, որ զորանոցում ապաստարաններ եղել են, բայց քաոսային իրավիճակից խուսափելու համար ցուցում է տրվել հավաքվելու Հադրութի դպրոցում, որը զորանոցից ընդամենը 700 մ հեռավորության վրա էր։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե դպրոցում էլ անվտանգ չէր, ինչո՞ւ են այդտեղ տարել զորքին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ անվտանգ տեղ այլեւս չկար․ «Դպրոցում էլ կար ապաստարան, եւ դրանից բացի, տեղակայվել են տարբեր տեղերում»։ Հարցին՝ իրեն չե՞ն զեկուցել, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան դպրոցի ուղղությամբ արկ է ընկել, վկան բացասական պատասխան տվեց։  Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ հիշյալ նահանջներից հետո անձնակազմը պատրա՞ստ է եղել, որ Հադրութի դպրոցում նրան մարտական նոր առաջադրանք են տվել, վկան էլ պատասխանեց՝ եթե պատրաստ չլինեին, պիտի ասեին՝ իրենց չտանեին։ Նման զեկույց, սակայն, իրեն չի տրվել․ «Եղել են խնդիրներ միայն վիրավորների, հիվանդների, վախեցած երեխաների հետ կապված, բայց ոչ թե ամբողջ կազմի»,- ասաց նա՝ հավելելով, որ եղել են նաեւ դեպքեր, երբ դասակի հրամանատարն է հրաժարվել խնդիր կատարելուց, եւ անմիջապես ազատվել է պաշտոնից։ Գուրգեն Գրիգորյանը նաեւ հարցրեց՝ տեղյա՞կ է, որ սեպտեմբերի 25-ին Ջաբրայիլի զորամասում տագնապ է եղել։ Վկան, սակայն, նշեց, որ ինքը 15-ից 25-ը արձակուրդում է եղել, եւ 26-ին է վերադարձել ծառայության։ Նա նաեւ տեղեկություն չուներ զինծառայողների զինգրքույկները հավաքելու պատճառների վերաբերյալ։ «Շտաբի պետը չի՞ զեկուցել»,- հարցրեց Գրիգորյանը։ «Ոչ մի կերպ»,- պատասխանեց վկան։  Ըստ դիվիզիայի նախկին հրամանատարի՝ Խուռհատ սարում շրջափակման մեջ հայտնվելու եւ կապի միջոցի բացակայության մասին իրեն այդ պահին չեն զեկուցել Խոսելով արդեն դատարանում քննվող դեպքի մասին իրեն հայտնի տեղեկություններից՝ Կարեն Առստամյանը պատմեց, որ հոկտեմբերի 10-ի առավոտյան հրետակոծություն է եղել (նախկինում հարցաքննված զինծառայող վկաները հայտնել են, որ հակառակորդը միայն հրաձգային զինատեսակներից է կրակել), որին հաջորդել է հակառակորդի 30 խմբերի ներթափանցումը տարբեր կողմերից։ Դիվերսիոն խմբերի մեջ, ըստ վկայի, եղել են նաեւ հայկական համազգեստով, հայերեն խոսող խմբեր։ Այդ ժամանակ նահանջի հրաման կամ թույլտվություն չի եղել, իրեն զեկուցվել է միայն, որ յուրային ստորաբաժանումները, կորուստներով կրելով, նահանջել են, սակայն մանրամասներ չեն հայտնել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններ Գայանե Հովակիմյանը եւ Գուրգեն Գրիգորյանը Ըստ քրեական գործում առկա տվյալների՝ Խուռհատ սարում զինծառայողները կատարել են ոչ կանոնակարգված նահանջ, չեն անցել շրջանաձեւ պաշտպանության, տիրել է քաոսային վիճակ, ինչի մասին, ըստ Առստամյանի, ինքը տեղեկացել է  միայն օրեր անց՝ հոկտեմբերի 15-16-ին․ այդ պահին ոչ մեկը՝ ոչ զորամասի հրամանատարը, ոչ գումարտակի հրամանատարը իրեն չեն զեկուցել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը հետաքրքրվեց՝ իմանալուց հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Այդ ժամանակ արդեն զորքը ահագին հեռու էր, անհնարին էր կոնկրետ գործողություն իրականացրել, պետք է նրանց ցուցում տրվեր, անվտանգ ուղղություններով դուրս գային, ինձ հետ կապի դուրս չեն եկել, բայց ինչքան գիտեմ, զորամասում կապի դուրս են եկել, զորամասի հրամանատարը դիմել է Կարմիր Խաչին»։ Թե այդ ընթացքում Վահանյանը որտեղ եւ ինչ անելիս է եղել, դիվիզիայի նախկին հրամանատարը տեղյակ չէր, ասաց՝ դեպքից օրեր անց զրուցել է սպայական կազմի հետ եւ նրանցից է տեղեկացել, որ Վահանյանը վիրավորման պատրվակով մեքենայով հեռացել է․ իրականում վիրավոր եղել է թե չէ՝ իրեն չի հաջողվել պարզել։ Այդ ժամանակ է նաեւ իմացել, որ զինվորների մի մասը զոհվել է, մյուս մասը՝ գերեվարվել։ Ըստ գեներալի՝ իրեն չի զեկուցվել նաեւ կապի միջոցի բացակայության մասին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը տարակուսանք հայտնեց, թե եթե նման կարեւոր հանգամանքները չեն զեկուցել, ապա ինչպես է ամբողջ կորպուսը իրեն ենթարկվել։ Դատավորը ճշգրտեց հարցը․ ո՞վ պետք է անընդհատ կապի մեջ գտնվեր եւ իրեն զեկուցեր 400 զինվորի վիճակի մասին։ Ըստ Առստամյանի՝ գումարտակի ղեկավարումը իրականացվում էր զորամասի հրամանատարի եւ գնդի հրամանատարի տեղակալի միջոցով, բայց նրանցից ոչ մեկը շրջափակման մեջ լինելու մասին իրեն չի զեկուցել, ասաց՝ եթե զեկուցեին, ինչ–որ մի բան կմտածեր, որովհետեւ իր ձեռքի տակ առկա ուժեր կային։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, իր մի շարք հարցերի պատասխաններ հստակ չստանալով, ի վերջո հարցրեց․ «Դուք ընդհանրապես տիրապետե՞լ եք իրավիճակին»։ «Տիրապետել եմ»,– պատասխանեց վկան՝ ասելով, որ իր ղեկավարության ներքո 25 գումարտակ է եղել, եւ ամեն ինչ չէր, որ իրեն պիտի զեկուցվեր․ դրա համար զորամասի հրամանատարներ կային։ Փաստաբանն էլ արձագանքեց․ «Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր պարտականությունը, որպես դիվիզիայի հրամանատար, թերի եք կատարել, որն էլ հանգեցրել է ծանր հետեւանքի», ինչին ի պատասխան՝ Կարեն Առստամյանն ասաց․ «Եթե ապացուցվի, որ այդպես է, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»։ Վկայի պատասխանները զայրացրին նաեւ դահլիճում ներկա ծնողներին, որոնք սկսեցին տարակուսանք հայտնել, թե ինչու Առստամյանը Վահանյանի կողքին նստած չէ։  Կարեն Առստամյանը նշեց, որ որպես մարդ՝ կիսում է կարծիքը, որ 2 ամսվա զինծառայողը չի կարող այնպիսի պատրաստվածություն ունենալ, որ դիմակայի հակառակորդի հարվածներին Վկային հարցեր հղեց նաեւ ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը՝ խնդրելով ոչ թե որպես զինվորական, այլ որպես անձ հայտնել՝ իրատեսակա՞ն էր համարում, որ 400 նորակոչիկները կարող էին մարտական գործողություններ իրականացնել։ Հիշեցնենք, որ ըստ տուժողի իրավահաջորդներից մեկի՝ 400 զինծառայողից մոտ 150-ն են փրկվել, մնացածը կամ զոհվել են, կամ անհետ կորած են մինչ օրս։ Պատասխանելով հարցին՝ վկան դարձյալ հիշեցրեց, որ զինվորական կանոնադրությամբ սահմանված է ուսումնական գումարտակի անցումը մարտականի, բայց, ասաց, որպես մարդ՝ ինքն էլ է կիսում այն կարծիքը, որ 2 ամսվա զինծառայողը չի կարող այնպիսի պատրաստվածություն ունենալ, որ դիմակայի հակառակորդի հարվածներին։ Պաշտպան Հարությունյանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում փորձ արե՞լ է կամ հնարավո՞ր էր վերադաս ղեկավարությանը ներկայացնել իր այդ կարծիքը, որ ճիշտ չէ 1-2 ամսվա նորակոչիկներին երկրորդ դիրք տանել․ «Ճիշտը, իհարկե, ճիշտ չէ, բայց ամեն զորակոչին այդ խնդիրը ունեցել ենք․ եթե, օրինակ, զորակոչը հուլիսին լիներ, պատերազմը սկսվեր օգոստոսին, ընդհանրապես անպատրաստ կլինեին, մենք էլ ենք հասկանում, որ պատրաստվածության առումով պրոբլեմներ եղել են»։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Պաշտպանն անդրադարձավ նաեւ մեղադրանքի այն դրվագին, ըստ որի՝ Վահանյանը կապի միակ միջոցն իր հետ տարել է։ Ասաց՝ թեեւ նման ցուցմունքներ դեռ չեն հնչել, բայց ենթադրենք՝ այդպես է, այդ մի սարքի ուժո՞վ էր, որ գումարտակը պիտի ողջ մնար․ «Եթե Վահանյանը վիրավորման պատճառով դուրս է եկել, ապա պարտադիր պիտի իր վաշտի կամ դասակի հրամանատարին ասեր, կապի միջոցն էլ տար, դա անհրաժեշտ էր վերադաս հրամանատարության հետ կապ հաստատելու համար»,- պատասխանեց վկան՝ նշելով, որ ղեկավարման մարմին հանդիսացել է Վահանյանը, ղեկավարման միջոց՝ կապի սարքը, եթե մեկը չկա, գործողությունը խաթարվում է, եթե երկուսը չկան, ընդհանրապես ամեն ինչն է խթարվում։ Այնուհանդերձ, վկան հայտնեց նաեւ, որ վաշտերի հրամանատարների մոտ եղել են կապի այլ տեսակի միջոցներ, որոնք ոչ թե վերադաս հրամանատարության, այլ հարեւան վաշտերի հետ կապ հաստատելու համար են նախատեսված․ «Այսինքն՝ պրակտիկորեն հնարավոր էր առանց դրա ինչ-որ բան անել»,- արձանագրեց պաշտպանը։ Սպա Ռյուրիկ Սեմյոնովի գնահատմամբ՝ նորակոչիկների գումարտակին Խուռհատ սար, ապա Հադրութի զորանոց տանելը սխալ որոշում է եղել Դատակոչված մյուս վկան զորամասի օպերատիվ բաժնի պետ Ռյուրիկ Սեմյոնովն էր, որը հայտնեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին, նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ Սեմյոնովը կապի մեջ է եղել առաջնագծի հետ, իսկ քանի որ 5-րդ գումարտակը 2-րդ գծում է նախապես տեղակայված եղել, իրեն շատ մանրամասներ հայտնի չեն։ Լսել է միայն, որ Վահանյանը, ոտքից վիրավորվելով, թողել գնացել է՝ իրեն պաշտոնակատար չնշանակելով եւ կապի միջոցը իր հետ տանելով․ «Վահանյանի մարտադաշտը թողնելուց հետո խուճապային իրավիճակ էր, անձնակազմը տարածքին չի տիրապետել, սպաներից էլ ով մնացել է, չի իմացել տարածքը, կեսը անտառն են մտել, կեսը՝ նկուղներ, ղեկավարում չի իրականացվել»։ Հարցին՝ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեր տեղի սպայական կազմը, վկան պատասխանեց․ «Գուցե գեղեցիկ չհնչի, բայց նահանջն էլ պիտի կազմակերպված լինի, պիտի անձնակազմը հաշվառվեր, դուրս հանվեր անվտանգ տեղամաս»։ Վկան դավաճանություն որակեց այն, որ մի քանի սպաներ կարող էին այլ զինվորների հետ հեռանալ՝ որոշներին թողնելով վտանգավոր վայրում․ «Այ, դու այս գիշեր գլուխդ հանգիստ բարձին կդնես»,- լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Լուսանկարում՝ Ռյուրիկ Սեմյոնովը Սեմյոնովի խոսքով՝ եթե որոշողն ինքը լիներ, այդ գումարտակին միանշանակ չէի տանի Խուռհատ, մանավանդ՝ անտառային տարածք, որտեղ ավելի դժվար է կատարել ծառայություն․ դրա համար, ըստ նրա, կան հատուկ ստորաբաժանումներ։ Նա սխալ որակեց նաեւ զորքի՝ Հադրութի զորանոցում տեղակայվելը․ ըստ նրա՝ դպրոցն էլ այդ ժամանակ անվտանգ չէր, ասաց՝ լավագույն տարբերակը ըստ բնագծերի խրամատներում դիրքավորվելը կլիներ։ Խոսելով հոկտեմբերի 3-4-ի նահանջի մասին՝ վկան ասաց՝ Գարիկ Վարդերեսյանի այդ որոշումը գուցե ճիշտ է եղել․ «Անձնակազմը անպատրաստ էր, կես տարի ծառայած չէին, որ գոնե նվազագույնին տիրապետեին, մարդ կար՝ մի հատ կրակած չկար»։ Սեմյոնովը հերքեց նաեւ Առստամյանի այն տեղեկությունը, թե այդ նահանջով 5-րդ գումարտակը աջակողմյան թեւը բացել է՝ այլ գումարտակներին վտանգելով։ Խոսելով պատերազմին նախորդած օրերի մասին՝ վկան ասաց, որ սեպտեմբերի 21-ից սկսած՝ տեխնիկայի շարժ է նկատվել, 24-ին կամ 25-ին անօդաչու են բարձրացրել եւ տեսել հակառակորդի մեծ քանակությամբ կուտակումը։ Այդ օրը, ըստ նրա, դիվիզիայի հրամանատարը՝ Կարեն Առստամյանը, ներկա եղել է։ Հարցին՝ արդյո՞ք նա արձակուրդում չէր, ինչպես քիչ առաջ նշեց իր ցուցմունքում, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ հենց իր կողքին է կանգնած եղել։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 25-ին Ջաբրայիլի զորամասում տագնապ հայտարարելուն, ինչի մասին զինծառայող վկաներն էին հայտնել, Սեմյոնովը պարզաբանեց, որ դա պատահականության արդյունք է եղել․ «Քանի որ ես արդեն առաջնագծում էի, խոսել եմ գնդի զամպալիտ Աշոտ Մկրտչյանի հետ, ասել, որ պատրաստ լինեն, գուցե գործողություն լինի, տագնապ լինի, նա էլ իջնելիս հերթապահին ասել է՝ տագնապ, պատահական սեղմել են, բայց գուցե դա էլ էր լավ․ ինչքան մարզվեին, այդքան լավ»։ Փաստաբանը հետաքրքրվեց նաեւ՝ նման կուտակումների դեպքում ի՞նչ էր պետք անել, ինչին ի պատասխան՝ սպան պարզաբանեց, որ պետք էր առաջինը գործել, խոցումներ իրականացնել, սակայն դրա համար վերադաս հրամանատարության՝ դիվիզիայի հրամանատարի կամ շտաբի պետի հրամանն էր պետք, ինչը իրենք չեն ստացել․ «Զեկուցել ենք, բազմաթիվ զանգեր են եղել, շտաբի պետին էլ ենք զանգել, ասել ենք՝ գոնե կուտակման դիմաց անձնակազմ հանենք, ասել է՝ սպասեք, սպասեք, ու կռիվը սկսվել է, հրաման չի եղել, միայն մի կարգադրություն ենք ստացել զգոնությունը բարձրացնելու մասին, բայց քանի որ տեսել ենք՝ հակառակորդի սպառազինությունը շատ է, միջոցները հանել ենք առաջնագիծ․ որտեղ կուտակում կար, հրետանին պատրաստ է եղել խնդիր կատարելու»։ «Այսինքն՝ զեկույցները մինչեւ ամենավերեւ եղել են, բայց ոչ մի հրաման չի արձակվել, միտումնավոր թողել են, որ ամբողջ Արցախը կոտորվի»,- արձանագրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 31-ին։   Միլենա Խաչիկյան
22:38 - 12 հոկտեմբերի, 2022
4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ

4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը․ Իշխան Վահանյանի գործով հարցաքննվեցին սպայական կազմից վկաներ

#Կարճասած Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում երեկ վեց ժամից ավելի՝ մինչ ուշ երեկո, ընթացավ 44-օրյա պատերազմի ժամանակ  իշխանության անգործության եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին սպայական կազմից առանցքային վկաներ։ Մասնավորապես, նույն գումարտակի ուսումնական վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը, ցուցմունք տալով, պատմեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարում թշնամու լայնածավալ հարձակման ժամանակ, երբ վիրավորներին օգնություն ցույց տալիս են եղել, Իշխան Վահանյանը, «վախ-վախ» կանչելով, ասել է, թե վիրավոր է, եւ վիրավորների մեքենա նստելով՝ հեռացել։ Արտաքինից, սակայն, վիրավորման մասին վկայող ոչինչ Գրիգորյանը չի տեսել։ Արձագանքելով նրա այս հայտարարությանը՝ Վահանյանը հայտարարեց, որ վկան ստում է․ հենց նա է իրեն գետնից բարձրացրել եւ օգնել մեքենա նստել։ Հայկազ Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի, եւ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանեց, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել․ ամեն մեկը մի կողմ էր վազում, թաքնվում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ վկայի խոսքերը հանցագործության տարրեր են պարունակում, եւ հորդորեց առանձին քրեական գործ հարուցել՝ խոստանալով հակառակ դեպքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Մյուս վկան՝ Գարիկ Վարդերեսյանը, պատմեց, որ դրանից օրեր առաջ Իշխան Վահանյանը վիրավորներին մարտի դաշտից հանելու իր առաջադրանքը լիարժեք չի կատարել, մի քանիսին վերցրել է եւ նրանց հետ միասին՝ գնացել հոսպիտալ, թեեւ ինքը նաեւ դրա թույլտվությունը չէր տվել։ Վկա Հարություն Մարտիրոսյանի խոսքով էլ՝ ինքը Վահանյանին նույն այդ հարձակման օրն է տեսել միայն․ վերջինս զանգել է իրենց, հանդիպել, իր մեքենայի բանալիները փոխանցել՝ խնդրելով հնարավորության դեպքում հանել այն Հադրութից։ Ըստ վկայի՝ Վահանյանը իրենց է փոխանցել նաեւ իր մոտ եղած ռադիոկապը, որի մեջ, ըստ Վահանյանի, լիցքավորում չի եղել։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ՝ մինչեւ ուշ երեկո, շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը, որն անցավ լարված մթնոլորտում։ Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։  Դատարանը ներկայումս վկաների հարցաքննության փուլում է։ Գործով շուրջ 40 վկա կա, որոնցից ընդհանուր առմամբ հարցաքննվել է 10–ը։ Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդներին, նրանց թիվը, ըստ գործի նյութերի, 15-ն է, սակայն ենթադրվում է, որ դատարանը նոր տուժողներ եւ տուժողների իրավահաջորդներ է ներգրավելու, ինչը, ըստ Դատախազության մեկնաբանության, նախաքննության փուլում չի արվել ժամկետների սղությամբ պայմանավորված։ Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ Իշխան Վահանյանն ի վիճակի է եղել մարտի ղեկավարումը շարունակելու, սակայն «վախ-վախ» ասելով՝ վիրավորների մեքենայով հեռացել է Երեկ հարցաքննված առաջին վկան պատերազմի ժամանակ 5-րդ հրաձգային գումարտակի ուսումնական վաշտի հրամանատար, այն ժամանակ կապիտան, ներկայումս՝ մայոր Հայկազ Գրիգորյան էր, որը նշեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին եւ նրա հետ ունի միայն ծառայողական հարաբերություններ, ընկերական կամ թշնամական՝ ոչինչ։ Դատարանում ցուցմունք տալով՝ Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ պատերազմը սկսվելու օրը եղել է պատասխանատու գումարտակում, եւ երբ հակառակորդը հարձակվել է, հրաման է ստացել բարձրանալ պաշտպանության շրջանները եւ դիրքավորվել, ինչն էլ արվել է։ Կոնկրետ իր վաշտը եղել է «Չռիկներ» կոչվող հատվածում՝ բլրի վրա։ Վաշտում եղել են 1-2 ամսվա զինծառայողներ, որոնք, կորոնավիրուսով պայմանավորված, չեն հասցրել կրակային մարտավարության դասընթացներ անցնել, եղել են նույնիսկ այնպիսիք, որոնք երդում դեռ չեն տվել։ Այնուհանդերձ, բոլորը ստացել են իրենց հասանելիք զենքերը եւ դիրքավորվել անհրաժեշտ կետում։ Վկայի կարծիքով՝ այդ նորակոչիկներին մարտի դաշտ տանելու իրավունք չկար։ Լուսանկարում՝ վկա Հայկազ Գրիգորյանը Գրիգորյանը պատմեց, որ առաջին օրվանից մարտը ղեկավարել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատարը՝ Սամվել Սահակյանը, որը պատերազմի երրորդ-չորրորդ օրը զոհվել է, նրա զոհվելուց հետո՝ Գարիկ Վարդերեսյանը։ Այդ ընթացքում կապը վերադաս հրամանատարության հետ պահել են ռադիոկապի միջոցով, որի մարտկոցի հետ խնդիրներ են առաջացել․ մեկ-երկու անգամ բերել, փոխել են, սակայն հետագայում դրա հնարավորությունը չի եղել։ Մի քանի օր անց շրջափական մեջ ընկնելով՝ նահանջի հրաման են ստացել․ թե ում կողմից, Գրիգորյանը չկարողացավ ասել։ Նահանջել են դեպի «9-րդ կիլոմետր» կոչվող տարածք, որտեղ մեքենաներ են ուղարկվել՝ իրենց տեղափոխելու համար․ տարել են նախ Հադրութի զորամաս, իսկ հետո, երբ զորամասն են սկսել ռմբակոծել՝ Հադրութի դպրոց, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Ըստ Գրիգորյանի՝ զորքն այդ ժամանակ արդեն անմարտունակ էր, ի վիճակի չէր ինչ-որ խնդիր կատարելու, եւ ինքն այդ մասին զեկուցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանին։ Հադրութի դպրոցում բանակի հրամանատարը անձնակազմի փոփոխություններ է արել․ Իշխան Վահանյանին նշանակել է գումարտակի հրամանատար, իսկ իրեն՝ գումարտակի շտաբի պետ․ «Բայց քանի որ վաշտի հրամանատար չի եղել, ես իմ պաշտոնին եմ մնացել, իմ ստորաբաժանման հետ»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց, թե ում հրամանով վկան չի ստանձնել իր նոր պաշտոնը, ինչին ի պատասխան՝ նա ասաց․ «Հրամանը անգամ չեն ասել, որ նշանակվել եք, ոչ մեկը ոչ մի բան չի ասել»։ Ճշտող հարցին՝ բանակի հրամանատարի բանավոր հրամանն արդյո՞ք բավարար չէր, վկան պատասխանեց․ «Բավարար էր, բայց քանի որ վաշտի հրամանատար չի եղել, անձնակազմի հետ եմ մնացել»։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ անձնակազմի հետ մնալը անորոշ պատասխան է, այնինչ մեղադրողը  հարցնում է, թե այդ հրամանից հետո վկան կոնկրետ որ պաշտոնում է պաշտոնավարել․ «Շարունակել եմ պաշտոնավարել որպես վաշտի հրամանատար, ոնց կամ, մնացել եմ, ոչ մի փոփոխություն չեմ արել, ոչ ինչ–որ մեկն ասաց՝ մնացեք, ոչ ասաց՝ էդ պաշտոնը ստանձնի, ոչ մի բան չեն ասել»,- արձագանքեց Գրիգորյանը։ Հոկտեմբերի 8-ի մոտակայքում արդեն Գրիգորյանը Վահանյանի հրամանով երկու դասակի հետ գնացել է հայկական գերեզմանների հարակից տարածք, որտեղ գիշերը շրջափակման մեջ են ընկել, ունեցել՝ զոհեր եւ վիրավորներ, ապա դուրս գալով՝ բջջայինով զանգահարել է Վահանյանին, ներկայացրել իրավիճակը եւ հարցրել, թե ինչ անի։ Վահանյանը մեքենա է ուղարկել նրանց հետեւից՝ ասելով, որ կբարձրանան Խուռհատ սար։ Նույն գիշեր այլ անձնակազմի հետ այդտեղ բարձրացել է նաեւ հենց Վահանյանը։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Ըստ Հայկազ Գրիգորյանի՝ այդ գիշեր հանգիստ է եղել, խոսակցություններ կային, թե առավոտյան հրադադար է սպասվում, ինչը, սակայն, տեղի չունեցավ, եւ հակառակորդը լայնածավալ հարձակում գործեց․ «Հրետակոծում էին հենց սարը ե՛ւ հետեւից, ե՛ւ դիմացից, լիքը տեխնիկա է խոցվել, շատ վիրավորներ ենք ունեցել, որոնք տարհանվել են, եւ այլեւս հնարավոր չի եղել այդտեղ մնալ»։ Վկան պատմեց, որ վիրավորներին օգնություն են ցույց տվել, նստեցրել մեքենա, եւ այդ խառը պահին ինքը լսել է, որ Վահանյանը, «վախ-վախ» կանչելով, ասել է, թե վիրավոր է, եւ նրանց հետ մեքենա նստելով՝ հեռացել է։ Հանրային մեղադրողի հարցին՝ ինքը տեսե՞լ է Վահանյանի վիրավորվելը, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ երբ մարդ վիրավորվում է, արյուն է գալիս կամ ինքնազգացողությունն է վատանում, բայց նման բան տվյալ դեպքում չի եղել։ Միայն տեսել է, որ Վահանյանը զանգել է գնդի հրամանատարին, հայտնել իր վիրավոր լինելու մասին, բայց թե ինչ պատասխան է ստացել, տեղյակ չէ։ Ըստ սահմանված կարգի՝ գումարտակի հրամանատարի հեռանալու դեպքում վերջինիս գործառույթները պետք է փոխանցվեին Հայկազ Գրիգորյանին, ինչը եւս, ըստ նրա, չի արվել․ «Ինքը նստել ու գնացել է, ուրիշ ոչ մի բան»,- ասաց վկան՝ կարծիք հայտնելով, որ Վահանյանն ի վիճակի է եղել մնալու եւ մարտի ղեկավարումը շարունակելու։ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը հայտարարեց, թե որոշ դեպքերում վկան ստում է Արձագանքելով Գրիգորյանի այս հայտարարություններին՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանն ասաց, որ վիրավորվելիս Գրիգորյանը իր կողքին է եղել եւ սկսեց երկխոսել նրա հետ․ «Ինձ ընկած հիշո՞ւմ ես»,- հարցրեց նա վկային։ «Չէ, լսել եմ, որ ասել ես՝ վիրավոր եմ, ես զինվորներին էի օգնում»։ «Ինձ ո՞վ է օգնել՝ կամազ նստեմ»,- հարցրեց ամբաստանյալը, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ չգիտի։ Ամբաստանյալը նշեց, որ հենց Հայկազ Գրիգորյանն էլ եղել է օգնողը, իրեն գետնից բարձրացնողը․ «Գնդի հրամանատարի ասածը փոխանցե՞լ եմ քեզ»,- հարցրեց նա Գրիգորյանին․ «Չէ, ես հետո եմ իմացել, որ գնդի հրամանատարն ասել է, որ դու այն վիճակում չես, որ վիրավորների հետ իջնես»,- պատասխանեց Գրիգորյանը։ «Ռացիան տվե՞լ եմ քեզ»,- դարձյալ հարց հղեց Իշխան Վահանյանը, ինչին Գրիգորյանը բացասական պատասխան տվեց։ Ավելի ուշ Իշխան Վահանյանը հայտարարեց, որ նրա խոսքերում որոշ բաներ իրականությանը չեն համապատասխանում․ «Բաներ կան, որ սուտ է ասում, զորամասի հրամանատարն էլ է գալու, կգա, պարզ կդառնա, որ տենց բաներ չկան։ Ռադիոկապի մեջ զարյադկա չի եղել, ինքն էլ նշեց, որ մեզ ոչ էլ հասցրել են, ես գնդի հրամանատարի հետ խոսել եմ, ասել եմ, որ ի վիճակի չեմ, ասել է՝ հանձնի Գրիգորյան Հայկազին, հանձնել եմ իրեն, ինքն անձամբ է ինձ նստեցրել մեքենան, ես դա չէի հիշում, բայց առերեսման ժամանակ զինվորներ են եղել, իրենք են ասել»։ Ըստ Վահանյանի՝ Հայկազ Գրիգորյանը ստում է նաեւ, երբ ասում է, թե չի ստանձնել նոր պաշտոնը։ Հայկազ Գրիգորյանի խոսքով՝ իրավիճակն այնպիսին է եղել, որ իրենք 4 սպաներով չեն կարողացել կանխել զորքի ցաքուցրիվ լինելը Շարունակելով իր ցուցմունքը՝ մայոր Հայկազ Գրիգորյանը պատմեց, որ Իշխան Վահանյանի գնալուց հետո, երբ ամեն ինչ արդեն անվերահսկելի է եղել, եւ ըստ էության, գտնվել են շրջափակման մեջ, 4 սպաներով նահանջի որոշում են կայացրել․ եղել են ինքը, Վազգեն Վարդանյանը (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ,– հեղ․), հականետային դասակի հրամանատարը եւ վաշտի ավագը։ Թեեւ վերջինս հադրութեցի էր եւ տեղանքին ծանոթ էր, այնուհանդերձ, չեն իմացել՝ որ ճանապարհով գնալ, քանի որ ուշ են տեղեկացել, որ Հադրութ քաղաքը արդեն գրավված է, եւ ոչ մի ուղղություն այլեւս անվտանգ չէ․ «Մենք, անորոշ իրավիճակում սարի գլխին նստած, մտածում էինք՝ ինչ անենք, որ կողմ գնանք․ որ ուղղությամբ գնում էինք, հակառակորդը կրակում էր, միայն Գոշով որ բարձրացել ենք դեպի Հադրութ, այդտեղ չի կրակել, դուրս ենք եկել անտառի մեջ, արդեն ցրիվ ենք եղել, ամեն մեկը մի ուղղությամբ վազի, թաքնվի, անկանոն մի բան, չեմ կարող բացատրել»։  Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինքը, որպես սպա, ինչ գործողություններ է արել, որ անձնակազմը չբաժանվի, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ այնպիսի իրավիճակ էր, որ հնարավոր չէր բոլորի ղեկավարումն իրականացնել, անձնակազմը բացազատված էր․ «Որ շրջափակման մեջ ենք ընկել, անտառ ենք բարձրացել, ում զանգահարել ենք, ոչ ոք չի պատասխանել, չի խոսել, կապը ինչքան տալիս էինք, ոչ ոք չէր պատասխանում, կապի եմ դուրս եկել միայն մեր դիվիզիայի նախկին հրամանատարի տեղակալ, գնդապետ Մելքումյանի հետ, նա է մի երկու բառ բացատրել, ասել՝ սարի դոշով գնացեք էս կողմ, էն կողմ, հետո կապը ընդհատվել է»։ Արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը 3 խմբի է բաժանվել․ մոտ 60-65 հոգին է միայն իր հետ նույն ուղղությամբ գնացել։ Ի պատասխան դատավորի հարցին, թե որն է պատճառը, որ մյուսները զոհվել կամ գերեվարվել են, վկան պատասխանեց՝ սխալ ճանապարհով գնալը։ Նրա այս պատասխանները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնցից մեկը՝ Արսեն Ղուկասյանը, բղավեց․ «Եթե մենք ասում ենք, թե որ ուղղությամբ գնաք, ինչո՞ւ եք ընտրել Հադրութի ճանապարհը՝ իմանալով, որ այնտեղ թուրքեր են»։ Նշենք, որ շրջափակման մեջ մնացած զինծառայողների թվում է եղել Արսեն Ղուկասյանի եղբորորդին, որը, ըստ Ղուկասյանի ցուցմունքի եւ առկա ձայնագրության, զանգահարել է իրեն, ասել, որ շրջափակման մեջ են, եւ Ղուկասյանը, կապվելով ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ, փորձել է ուղղություն ցույց տալ։ Դատավորը վերաձեւակերպեց նրա հարցը․ «Ձեզ ինչ–որ մեկը ճիշտ ճանապարհը հուշե՞լ է»,– հարցրեց նա։ «Վազգենի հետ էլ են խոսել, ուղղություն տվել, բայց չգիտեմ՝ ով, ինչ է ասել, ինձ գնդապետ Մելքումյանն է ուղղություն ասել»,– պատասխանեց վկան։ Հարցին, թե ի վերջո, 4 հրամանատարով ինչու են թույլ տվել, որ զորքը ցաքուցրիվ լինի, Հայկազ Գրիգորյանը պատասխանեց․ «Չենք կարողացել հավաքել»։ Դատավորի հարցին՝ եթե ռադիոկապն առկա լիներ, եւ նա հստակ իմանար, թե որ ուղղությամբ է պետք շարժվել, կթողնե՞ր, որ զորքի մյուս մասը այլ ճանապարհով գնար, վկան պատասխանեց․ «Եթե նկատեի, որ ուրիշ ճանապարհով են գնում, թույլ չէի տա»։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հայտարարեց, որ վկայի հայտնած տեղեկությունները, մասնավորապես, սպաների գործողությունների, շրջափակման մեջ ընկած զորքի դուրսբերման վերաբերյալ, ակնհայտորեն հանցագործության տարրեր են պարունակում եւ կոչ արեց քրեական գործ հարուցել, հակառակ դեպքում մինչ հաջորդ դատական նիստը ինքն է հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու Գլխավոր դատախազությանը։ Ըստ Գարիկ Վարդերեսյանի՝ ամբաստանյալը վիրավորներին մարտի դաշտից հանելու իր առաջադրանքը լիարժեք չի կատարել Հարցաքննված մյուս վկան պատերազմի ժամանակ 5-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Գարիկ Վարդերեսյանն էր, որը նշեց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին եւ նրա հետ ունի ծառայողական հարաբերություններ։ Վարդերեսյանի հայտնած տեղեկությունները վերաբերում էին սեպտեմբերի վերջին Ջաբրայիլում տեղի ունեցած այն դրվագին, երբ Վահանյանը վիրավորում է ստացել։ Հիշեցնենք, որ Վահանյանի խոսքով՝ ինքը երկու անգամ է վիրավորում ստացել, այնինչ տուժող կողմը այն համոզմանն է, որ նա միայն մինչ Խուռհատ սարում տեղի ունեցած դեպքերն է վիրավորվել, իսկ սարում պարզապես քչփորել է իր վերքը՝ մարտի դաշտը լքելու պատրվակ ստեղծելով։ Վկա Գարիկ Վարդերեսյանը պատմեց, որ ինքը՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ Վահանյանը՝ որպես գումարտակի շտաբի պետ, պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել են մարտական գործողություններին։ Դրանցից մեկի ժամանակ, երբ իրենք հրամանատարական դիտակետում են եղել, հրետակոծություն է սկսվել հենց դիտակետի վրա։ Վահանյանը կանգնած է եղել գումարտակի հրամանատարի հետեւում, եւ վերջինիս ոտքերի մոտ ընկած արկից երկուսն էլ վիրավորվել են․ հրամանատարը հոսպիտալի ճանապարհին մահացել է, իսկ Վահանյանին, որը բեկորային վնասվածք է ստացել, բուժակը՝ Կարեն Հովհաննիսյանը (նա եւս հետագայում զոհվել է,– հեղ․), բուժօգնություն է ցուցաբերել, վիրակապ դրել, եւ նա շարունակել է ծառայությունը։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ Վահանյանն ի՞ր կամքով է մնացել դիտակետում, շարունակել ծառայությունը թե՞ վկայի հորդորով, ինչին ի պատասխան՝ վկան մի քանի վայրկյան լռեց, ապա ասաց․ «Իմ կամքով․․․ Ես չեմ թույլատրել, որովհետեւ գումարտակի հրամանատարը զոհվել էր, եթե նա էլ բացակայեր, գումարտակը ի վիճակի չէր լինի այլ խնդիր կատարելու, միայնակ հնարավոր չէր 400-500 հոգու ղեկավարում իրականացնել»։ Ճշտող հարցին՝ Վահանյանի վերքը, իր տպավորությամբ, ի՞նչ աստիճանի ծանր էր, Վարդերեսյանը պատասխանեց․ «Ունեցել ենք գումարտակի հրամանատար, որ, մի ոտքը կտրված, մասնակցել է մարտական գործողությունների, բայց ինձ չի թվում, որ սա այն լուրջ վիրավորումն էր, որ նա կարող էր բացակայել»։ Լուսանկարում՝ վկա Գարիկ Վարդերեսյանը, դատավոր Ջոն Հայրապետյանը Հաջորդիվ հրետակոծություն է եղել Նյուզգար կոչվող տեղամասում, որտեղ բազում զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել, ինչի մասին տեղեկանալով՝ Վարդերեսյանը կապ է տվել, որպեսզի մեքենա գա՝ նրանց դուրս բերելու․ «Մեքենան գալիս է, Վահանյանը նստում է, հետո ինձ տեղեկացնում են, որ նա վիրավորների հետ իջել է ներքեւ՝ իր վիրակապը հանելու, դրանից հետո՝ 2-3 օր անց, նորից գալիս, միանում է գումարտակին»։ Մեղադրողի ճշտող հարցին՝ վկայի տված առաջադրանքը՝ Նյուզգարից վիրավորներին դուրս բերելու վերաբերյալ, Վահանյանն ի վերջո կատարե՞լ է, Վարդերեսյանը պատասխանեց, որ նախնական տվյալներով ասվել է, որ վիրավորները դուրս են բերվել, բայց հետո հարցուփորձ անելով պարզվել է, որ գնացել, մի քանի հոգու վերցրել է եւ շատերին մարտի դաշտում թողնելով՝ հեռացել։ Վկա Արսեն Ղուկասյանն էլ հետաքրքրվեց՝ այսինքն՝ Վահանյանը Նյուզգար չի՞ հասել, ինչին Գարիկ Վարդերեսյանը բացասական պատասխան տվեց․ «Ես եմ իրեն ուղարկել՝ վիրավոր բերելու, բայց մի քանի հոգու վերցրել, հետ է եկել, Նյուզգար չի հասել»,– ասաց նա՝ հավելելով, որ ինքն է հաջորդ օրը 15-20 վիրավորի դուրսբերումը կազմակերպել։ Այս պատասխանը խիստ վրդովեցրեց Ղուկասյանին, քանի որ նրա եղբայրը եւս այնտեղ է եղել․ «Եղբայրս Նյուզգարում կենդանության օրոք է գլխատվել, կարող եմ դատաբժշկական եզրակացությունը բերել»,– խոսքն ամբաստանյալին ուղղելով՝ բղավեց նա։ Նշենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է, իսկ եղբորորդուց առ այսօր որեւէ լուր չկա։ Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց նաեւ՝ արդյո՞ք Վարդերեսյանը Վահանյանին թույլատրել էր հոսպիտալ գնալ, ինչին վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ մասին վերադաս հրամանատարությանը ինքը զեկուցել է․ «Զեկուցվել է, որ նա նախքան դա վիրավոր է եղել, որ իջել է վիրավորների հետ, եւ դիվիզիայի հրամանատարի հրամանով, չգիտեմ որտեղից, ոնց, իրեն  ճարել, երեք օր անց նորից հետ են ուղարկել»։  Դրանից հետո Վարդերեսյանը ամբաստանյալին հանդիպել է «9-րդ կմ» կոչվող հատվածում, որտեղ որոշակի պաշտպանություն են իրականացրել, ապա՝ միասին իջել Հադրութ։ Դա եղել է հոկտեմբերի 7-ի մոտակայքում։ Այնտեղ արդեն անձնակազմի փոփոխություն է տեղի ունեցել․ որոշում է կայացվել Վարդերեսյանին այլ վայր տեղափոխելու եւ դիվիզիայի հետախուզության սպա, իսկ Վահանյանին՝ նրա պաշտոնին՝ գումարտակի հրամանատար նշանակելու մասին։ Իշխան Վահանյանը հարցրեց վկային, թե ինչ պատճառով նրան տեղափոխեցին, ինչին ի պատասխան՝ վկան ասաց․ «Դիվիզիայի հրամանատարի՝ Կարեն Առուստամյանի հետ խնդիր ունենալու պատճառով»։ Փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ խնդիրը կապված է եղել ռազմական գործողությունների՞ հետ թե՞ եղել է անձնական․ «Դիվիզիայի հրամանատարի պատասխանը եղել է այն, որ ես ի վիճակի չեմ խնդիր կատարել»,– պատասխանեց Վարդերեսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Մեղադրող Գեւորգ Ավետիսյանն էլ հետաքրքրվեց՝ Վահանյանի նախորդ վարքագիծը հաշվի առնելով՝ ինքն ի՞նչ կարծիքի է եղել նրա նշանակման վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Վարդերեսյանն ասաց․ «Իմ առաջին հարցը եղել է Վահանյանին, ասել եմ՝ դու պատրա՞ստ ես գումարտակը ղեկավարելու, նա էլ ասել է՝ հա, դու գնա քո գործերով»,– պատմեց վկան՝ հավելելով, որ Վահանյանը, ամեն դեպքում, փորձառու սպա է․ զինվորականի 20 տարվա փորձ ունի, բայց նրա գործողությունները ինքը չի կարող գնահատել։ Այդ ժամանակ, ըստ վկայի, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը անկայուն էր, եւ ինքը թե՛ բանակի, թե՛ դիվիզիայի հրամանատարին զեկուցել է, որ բանակը մարտունակ չէ, որովհետեւ զորահավաքից հետո եղել է խիստ կարանտին, եւ զինվորները շատ բաների չեն տիրապետել։ Ինչ վերաբերում է կապի միջոցին, ըստ Վարդերեսյանի, ինքը այն փոխանցել է կապի դասակի հրամանատարին՝ ասելով, որ լիցքավորման միացնեն։ Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին, թե առհասարակ ինչպես է այն լիցքավորվում, ինչը պարզաբանելով՝ վկան ասաց, որ լիցքավորվում է հոսանքով, լիցքավորիչ կա, բայց անկախ դրանից, իրենց մոտ շատ մարտկոցներ են ունենում, կապի դասակի հրամանատարի մոտ 10 հատ եղել է, դա դժվար գտնվող բան չէ։ Այնուհանդերձ, Վարդերեսյանը դժվարացավ պատասխանել՝ հնարավո՞ր էր արդյոք, որ հոկտեմբերի 10-ին՝ Խուռհատ սարի գործողությունների ժամանակ, Վահանյանն իր մոտ մարտկոց չունենար։ Տեղափոխվելուց 3-4 օր անց ինքը, տեղեկանալով, թե գումարտակն ինչ վիճակում է, վերադարձել է․ «Ես իմանում եմ, որ Վահանյանը Սիսիանի հոսպիտալում է, ասում եմ՝ արի, գումարտակիդ տիրություն արա, ես չեմ կարող ամեն րոպե էստեղ լինել, նա էլ ասում է՝ վիրավոր եմ, տեսնեմ՝ ինչ վիճակ է, կգամ»։ Ըստ Վարդերեսյանի՝ այդ ժամանակ գումարտակից 25 զինծառայող էր մնացել արդեն։ Դրանից հետո 5-րդ գումարտակը որեւէ խնդիր այլեւս չի կատարել։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Ամբաստանյալ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հարց հղեց վկային՝ նախ արձանագրելով, որ նրա պատմած դրվագը վերաբերում էր մինչ հոկտեմբերի 10-ը եղած դեպքերին, ապա հետաքրքրվելով՝ արդյո՞ք նա որեւէ տեղեկություն ունի Վահանյանի՝ ամսի 10-ին վիրավորում ստանալու մասին։ Վկան բացասական պատասխան տվեց։ «Բացառո՞ւմ եք, որ ամսի 10-ին էլ կարող էր վիրավորում ստանալ»,– հարցրեց պաշտպանը։ «Նույն տեղում նույն ձեւո՞վ»,– ասաց վկան՝ դժվարանալով հստակ պատասխանել այդ հարցին։ Վկա Հարություն Մարտիրոսյանի խոսքով՝ Իշխան Վահանյանն իրենց է տվել իր մեքենայի բանալիները՝ խնդրելով այն հանել Հադրութից Հաջորդ վկան 3-րդ գումարտակի սպառազինության գծով տեղակալ Հարություն Մարտիրոսյանն էր, որը Իշխան Վահանյանի հետ նույն կուրսում է սովորել, իսկ 2018 թվականից սկսած՝ նույն տեղում ծառայել, նրա հետ ունի ծառայողական, նորմալ հարաբերություններ։ Դատարանում ցուցմունք տալով՝ Մարտիրոսյանը պատմեց, որ ողջ պատերազմի ընթացքում ինքը Վահանյանին մեկ անգամ՝ հոկտեմբերի 10-ին է հանդիպել։ Դա այն նույն օրն է, երբ հայկական զորքը, Խուռհատ սարում շրջափակման մեջ ընկնելով, ստիպված է եղել նահանջել․ «Ես ու իրենց (նկատի ունի՝ 5-րդ գումարտակը,–հեղ․) սպառազինության գծով տեղակալը՝ Արտուշ Արզումանյանը, գնում էինք Արտուշի մեքենայով՝ իմ ՈՒՐԱԼ–ի համար ռադիատորի մաս բերելու, էդ ժամանակ Վահանյանը զանգում է Արտուշին, ասում է, որ վիրավոր է, Տողի վերեւը՝ սարի վրա, մի գյուղ կար, էդտեղ էր, Արտուշը ասաց՝ Իշխանը կանչում է, 700 մետր էր, գնացինք, տեսանք իրեն, միայնակ քայլում էր»։ Ըստ վկայի՝ Վահանյանն իրենց տվել է իր մեքենայի բանալիները՝ դրա գտնվելու վայրն ասելով ու խնդրելով, որ հնարավորության դեպքում Հադրութից հանեն, քանի որ ինքը վիրավոր է։ Դա վկայող, ոչինչ, սակայն, Մարտիրոսյանը չի նկատել։ Դրանից բացի, նրա հիշելով, Վահանյանն Արզումանյանին է տվել նաեւ իր ռադիոկապը, բայց թե ինչպես է դա մեկնաբանել, վկան չգիտեր։ Մեղադրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք աշխատում էր այն, վկան չմտաբերեց, միայն նշեց, որ ինքը հետագայում գնացել է Հադրութ, բայց մեքենան հանելու հնարավորություն չի եղել։ Ինչ վերաբերում է Խուռհատ սարում տեղի ունեցածին, Հարություն Մարտիրոսյանին շատ մանրամասներ հայտնի չէին, միայն գիտեր, որ նահանջի ժամանակ ցաքուցրիվ վիճակ է եղել։  Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հարցին՝ սեպտեմբերի 27-ից առաջ ուսումնական տագնապ կամ պատերազմը սկսելու մասին որեւէ տեղեկություն ունեցե՞լ են, վկան պատասխանեց, որ 3-րդ եւ 4-րդ գումարտակը 14 օրով առաջնագծում է եղել, սեպտեմբերի 25-ին իջել է, եւ հաջորդ օրը գումարտակների հրետանին, հակառանկային ստորաբաժանումներն են բարձրացել դիրքեր, քանի որ կասկած կար, որ հակառակորդը կուտակումներ է անում, եւ այդ կասկածը, ըստ նրա, կար վաղուց՝ մոտ մեկ–մեկուկես ամիս առաջվանից։ Փաստաբանի հարցին՝ այդ մասին բարձր ղեկավարությունը կարո՞ղ էր տեղեկացված չլիներ, վկան պատասխանեց, որ նման որոշումները, որպես կանոն, ինքնուրույն չեն կայացվում։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 12-ին։   Միլենա Խաչիկյան
23:30 - 06 սեպտեմբերի, 2022
«Իշխան Վահանյանն ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք»․ 44-օրյա պատերազմի հրամանատարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա

«Իշխան Վահանյանն ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք»․ 44-օրյա պատերազմի հրամանատարի գործով հարցաքննվեց ևս 2 վկա

#Կարճասած 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով 40 վկա եւ տուժողի 15 իրավահաջորդ կա։ Այս մասին երեկ հայտարարեց գործը քննող դատավոր Ջոն Հայրապետյանը։ Դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին դատակոչված 3 վկաներից 2-ը՝ պատերազմի օրերին ժամկետային զինծառայողներ Ենոք Ավետիսյանը եւ Արգիշտի Աբրահամյանը։ Ավետիսյանը պատմեց, որ Վահանյանի կողմից որեւէ ուղղորդում չի եղել, իսկ երբ նահանջից հետո զանգել են նրան, ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք։ Մյուս վկան՝ Աբրահամյանը, հայտնեց, թե պատերազմից հետո համացանցով է տեղեկացել  Վահանյանի մասին, այնինչ ամիսներ առաջ՝ քննիչի մոտ հարցաքննվելիս, նա մի քանի անգամ տվել է Վահանյանի անունը՝ նշելով, որ տեսել է նրան, ընդհանուր խոսակցություններից՝ լսել, թե իբր վիրավորվել է եւ զորքին անտեր թողնելով՝ հեռացել։ Հաշվի առնելով այս հակասությունը՝ հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Պաշտպանության բանակի N զորամասի 5-րդ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։  Վահանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ  անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։  Նախորդ դատական նիստերին Վահանյանի շահերի պաշտպանությունն իրականացրել է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գեւորգ Պարունակյանը, սակայն վերջինս դուրս է եկել աշխատանքից, ինչով պայմանավորված՝ տեղի է ունեցել պաշտպանի փոփոխություն։ Դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակից ամբաստանյալին նոր փաստաբան է տրամադրվել․ այսուհետ նրա շահերը կպաշտպանի Սիրանուշ Հարությունյանը։ Վկա Արգիշտի Աբրահամյանը շատ հարցերի պատասխաններ չէր հիշում Երեկ հարցաքննված առաջին վկան Արգիշտի Աբրահամյանն էր, որը դատարանում հայտարարեց, որ պատերազմի ընթացքում Վահանյանի հետ առնչություն չի ունեցել եւ նրան չի տեսել։  Աբրահամյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 24-ին, համավարակով պայմանավորված՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը կարանտին է անցել Ասկերանում, որից հետո տեղափոխվել է Ջաբրայիլ։ Պատերազմը սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին, նրանց տարել են Ջաբրայիլի դիրքեր՝ 3-րդ գիծ, որտեղ ընկել են ռմբակոծության տակ, եւ հետո դիրքից դիրք տեղափոխվելով՝ հոկտեմբերի 4-ի կամ 5-ի մոտակայքում ի վերջո հասել են Հադրութ։ Թե ով է տեղափոխվելու հրաման տվել, վկան չհիշեց, միայն նշեց, որ իրենց վաշտի հրամանատարն այդ ժամանակ Հայկազ Գրիգորյանն էր։ Լուսանկարում՝ Արգիշտի Աբրահամյանը Հադրութում արդեն, ըստ նրա,  «թուրքի գերեզմաններ» կոչվող հատվածում է ուժեղ կռիվ եղել, որից հետո նահանջի հրաման ստանալով՝ իջել են դեպի Հադրութի դպրոց։ Թե ում հրամանով են այդ տարածք գնացել, հետո նաեւ՝ նահանջել, վկան դարձյալ չհիշեց՝ ասելով միայն․ «Խառը վիճակ էր, լսվեց նահանջի հրաման, իջանք»։ Դպրոցից հետո, ըստ նրա, հոկտեմբերի 10-ին, ոմն սերժանտ, որը նաեւ վարորդ է եղել, նրանց տեղափոխել է «Վիշկա» կոչվող բլրի մոտ, որպեսզի այդտեղից հսկեին Հադրութ քաղաքը, բայց թե ով է կազմակերպել այդ ամբողջը, Աբրահամյանը դարձյալ չգիտեր․ «Այդ ժամանակ Հայկազն էր մեզ հետ, Վահանյանին չեմ տեսել կամ գուցե տեսել եմ, բայց տեղը չեմ բերել, որովետեւ ես միայն մեր հրամանատարին գիտեի»,– ասաց նա։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 11-ին, երբ թշնամին միանգամից հարձակվել է, նահանջի հրաման ստանալով՝ իջել են։ Հանրային մեղադրողի հարցին, թե ով է տվել նահանջի հրամանը, վկան պատասխանեց․ «Չգիտեմ, ամբողջ զորքն էր գոռում՝ նահա՜նջ»։ Ճշտող հարցին՝ վերադաս հրամանատարությունից մարդ չկա՞ր, որն իրենց կուղղորդեր, վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իջնելուց հետո Հայկազ Գրիգորյանին էլ չի տեսել։ «Պիտի հրամանատար լիներ, որ․․․»,– լսվեց դահլիճից։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, փաստաբան Սիրանուշ Հարությունյանը Վկային հարց հղեց նաեւ ամբաստանյալի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը՝ ասելով՝ ինքը ճի՞շտ հասկացավ, որ միայն Հայկազ Գրիգորյանն է եղել նրանց կողքին․ «Կարող է էլի մարդիկ են եղել, բայց ես նրանց չեմ ճանաչում, միայն Հայկազին գիտեի»,– պատասխանեց վկան։ Ճշտող հարցին՝ Վահանյանին տեսե՞լ է, նա բացասական պատասխան տվեց։ Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանի հարցերին էլ ի պատասխան՝ վկան ասաց, որ իրենց աջակցող հրետանային ուժ կամ այլ ծանր տեխնիկա չի եղել։ Դիրքեր էլ, որ բարձրացել են, իրենք են բահերով խրամատ փորել։ Աբրահամյանի կարծիքով՝ իրենց այդպիսի դիրք չէր կարելի վստահել, քանի որ ընդամենը մեկ-երկու ամսվա զինծառայողներ էին։ Նահանջից հետո հասնելով Հադրութ քաղաք՝ ինչ–որ տուն են գտել, գիշերել այնտեղ՝ զուգահեռ զանգահարելով իրենց ծանոթ մարդկանց, օգնություն խնդրել, բայց ոչ ոք օգնության չի եկել, միայն հորդորել են դուրս գալ այդտեղից, որից հետո՝ հաջորդ օրը, դուրս են եկել, բայց տեղ չեն հասել՝ ընկնելով շրջափակման մեջ։ Աբրահամյանն այդտեղ հրազենային վիրավորում է ստացել։ Գրիգորյանի հարցին՝ պատերազմից հետո իր ընկերների հետ քննարկե՞լ են, վերլուծե՞լ են արդյոք, թե ինչը ոնց եղավ, ինչու եղավ, վկան պատասխանեց․ «Տենց ընկեր չունեմ, որի հետ կարող եմ էդ ամենից խոսել»։ «Բոլորը զոհվել են․․․»– լսվեց ծնողներից մեկի ձայնը։ Հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել Արգիշտի Աբրահամյանի նախաքննական ցուցմունքը Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկա Արգիշտի Աբրահամյանի նախաքննական ցուցմունքը՝ հաշվի առնելով նրա ցուցմունքներում առկա էական հակասությունները, ինչպես նաեւ այն, որ նա որոշ հանգամանքներ չի մտաբերում։ Կողմերը չառարկեցին միջնորդության դեմ, եւ դատարանը բավարարեց այն։ Նշենք, որ նախաքննության փուլում Աբրահամյանը հարցաքննվել է այս տարի՝ 2022 թ․ հունվարի 10-ին։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Ընթերցելով նախաքննական ցուցմունքը՝ հանրային մեղադրողն ասաց, որ  դատարանում վկան հայտարարեց, որ Իշխան Վահանյանին միայն պատերազմից հետո համացանցով է տեսել, սակայն նախաքննության փուլում քննիչին ասել է, որ Հադրութի դպրոցում իրենց հետ եղել են նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար, ավագ ենթասպա Ղարիբ Ջավադյանը, վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը, գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Գարիկ Վարդերեսյանը, շտաբի պետ Իշխան Վահանյանը եւ էլի սպաներ, որոնց չի կարող հիշել։ Այս հակասությունը, սակայն, վկան պարզաբանել չկարողացավ․ «Ղարիբը Հայկազի հետ էր, բայց Վահանյանին չեմ հիշում»։ Մեղադրողի հարցին՝ ինքը նման տեղեկություն չի՞ հայտնել, վկան պատասխանեց․ «Ահագին ժամանակ է անցել, չեմ հիշում»,–ասաց նա։ Վկայի անորոշ պատասխանները սկսեցին զայրացնել տուժողների իրավահաջորդներին, որոնք պահանջեցին «հետ քայլ» չանել, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանն էլ հորդորեց չլսել ոչ մեկին՝ տալով միայն ճշմարտացի ցուցմունք․ «Երբ հարցաքննության եմ եղել, ես քննիչին ասել եմ, որ շատ բան չեմ հիշում, նա ընդհանուր կարծիքի հիման վրա գրել է»։ «Հիմա ինչ հիշում եք, դա ասեք»,– նշեց դատավորը։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Ըստ հանրային մեղադրողի՝ նախաքննության փուլում վկան նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին, որքան հիշում է, Վահանյանը իրենց հավաքել է Հադրութի դպրոցում, ասել, որ կգնան մի հանգիստ տեղ՝ գրեթե 3-րդ գիծ, որից հետո գնացել են վերոնշյալ «թուրքի գերեզման» կոչվող հատվածը․ «Հա, տենց բան եղել է»,– ասաց վկան։ «Իշխան Վահանյա՞նն է ուղարկել»,– ճշտեց մեղադրողը։ «Չեմ հիշում, բայց հա, ուրեմն՝ ինքը»։ Դատավորի հարցին՝ այսինքն՝ դեպքը եղել է, բայց անձին չի հիշո՞ւմ, վկան դրական պատասխան տվեց։ Նախաքննության փուլում վկան նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 9-ին սարի ներքեւի հատվածում տեսել է Իշխան Վահանյանին․ «Կարող է՝ ասել եմ հրամանատար, քննիչն է գրել Վահանյան»,– կարծիք հայտնեց նա։ Դատավոր Ջոն Հայրապետյանը խնդրեց պարզաբանել, որովհետեւ մարդուն չճանաչել, բայց 4 անգամ նրա անունը տալ, ըստ նրա, հնարավոր չէ։ Ի պատասխան՝ վկան միայն լռեց։ Դատավորն արձանագրեց, որ վկան չի կարողանում պարզաբանել եւ խնդրեց մեղադրողին շարունակել։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Ըստ նախաքննական ցուցմունքի՝ վկան հայտնել է նաեւ, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ի սահմաններում, թշնամին հարձակում է գործել, եւ ինքը հիշում է, որ այդ ժամանակ մայոր Իշխան Վահանյանը գտնվում էր սարի ներքեւի հատվածում եւ ասում էր, որ կրակեն մեկ աջ, մեկ ձախ ուղղությամբ․ «Եվ ինձ համար հասկանալի էր, որ նա չէր տիրապետում իրավիճակին, չգիտեր, թե ինչ է կատարվում։ Այդ ընթացքում հակառակորդի ուժերը շատ էին, հասկանում էինք, որ չենք կարողանում պաշտպանվել, ունեինք վիրավորներ եւ զոհեր, սկսեցինք իջնել, զորքը խուճապահար վիճակում էր, եւ երբ արդեն հասանք սարի տակ, ընդհանուր խոսակցություններից իմացա, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը իբր վիրավորվել է, նստել մեքենա եւ հեռացել՝ զորքին թողնելով անտեր վիճակում»,– ընթերցեց Գեւորգ Ավետիսյանը։ Վկան նշեց, որ նման խոսակցություն իսկապես լսել է, որից հետո դատարանից ընդմիջում խնդրեց։ Նիստն ընդմիջվեց 3 րոպեով։ Այդ ընթացքում դատարանի միջանցքում վկային մոտեցան տուժողների իրավահաջորդները՝ հորդորելով միայն ճիշտը պատմել։ Վերադառնալով դահլիճ՝ Արգիշտի Աբրահամյանը շարունակեց տալ նույնաբովանդակ ցուցմունք։ Հարցաքննության ավարտից հետո ծնողները կարծիք հայտնեցին, որ վկան ինչ–որ ճնշման տակ է։ Ըստ վկա Ենոք Ավետիսյանի՝ Վահանյանը հեռախոսով ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք Դատակոչված մյուս վկան պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայության մեջ գտնված Ենոք Ավետիսյանն էր։ Նա բանակ է զորակոչվել 2020 թ, հուլիսի 28-ին, «Մարտունի 2»-ում 17 օր եղել է կարանտինի մեջ, որից հետո արդեն տեղափոխվել է Ջաբրայիլ։ Ըստ նրա՝ իր բախտը բերել է, քանի որ նախկինում մի քանի անգամ կրակային դասերի է գնացել, բայց մարդիկ կային, որ չէին անցել կրակային, անգամ իրենց կցած զենք չունեին դեռ։ Ավետիսյանը պատմեց, որ պատերազմը սկսելուց մոտ 2 օր առաջ իրենց գումարտակում տագնապ է եղել, ինչը պայմանավորել են նրանով, որ առաջնագծում կուտակումներ կան, եւ մոտակա ժամանակներում կարող է լարվածություն ստեղծվել։ «Այսինքն՝ դա եղել է զգոնության ստուգում, որից հետո առօրյա ծառայության ենք վերադարձել»,– ասաց նա։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն, երբ հարված է եղել զորամասի վրա, իջել են թաքստոց, ապա ջոկ–ջոկ գնացել՝ զենքերը ստանալու եւ ուղեւորվել 2-րդ գիծ։ Իրենց հրամանատարն այդ ժամանակ Հայկազ Գրիգորյանն էր, իսկ Իշխան Վահանյանին հանդիպել է արդեն Հադրութում՝ «Թութակներ» կոչվող դիրքում։ Սակայն բուն հարձակման պահին նրան չեն նկատել, որպես հրամանատար՝ ոչ մի ուղղորդում նրա կողմից չի եղել․ «Եղել է մի կամավոր տարիքով մարդ, որին հետո խփել են, նա է կրակելու հրաման տվել, հետո էլ ասել՝ էստեղ չեք մնալու, որովհետեւ շարքից հանել էին մեր ուժերը, եւ եթե մենք էլ մնայինք, ոչ մի կենդանի ուժ չէր կարող դուրս գալ, անհավասար պայքար է եղել»,– պատմեց վկան՝ նշելով, որ իրենք միայն ԱԿԱ տեսակի զենք են ունեցել եւ հեռադիտակ, կապի ոչ մի միջոց, անգամ նռնակ չի եղել իրենց մոտ։  Լուսանկարում՝ Ենոք Ավետիսյանը Հարցին՝ իսկ երբ իջան սարից, չհետաքրքրվեցի՞ն, թե ուր են իրենց ղեկավարները, վկան պատասխանեց, որ մարդ չկար, որպեսզի հետաքրքրվեին։ Նրա խոսքով՝ միայն կամավորն է զանգել Վահանյանին, հայտնել իրենց գտնվելու վայրը, նա էլ, առանց ուղղություն տալու, ասել է՝ ոնց կարող եք, դուրս եկեք․ «Այդ կամավոր մարդը հարցնում է, թե նա որտեղ է, Վահանյանն էլ ասում է՝ վիրավոր եմ, բայց թե մինչեւ վիրավոր լինելը որտեղ է եղել, տեղյակ չենք»։ Սարից իջնելով արդեն՝ քայլել են Հադրութի գյուղերից մեկի ուղղությամբ, ճանապարհին եկեղեցու մոտով են անցել եւ այդ հատվածում հայկական զորքի են հանդիպել․ «Մեր բախտը բերում է, իրենց ենք կպնում ու գնում, բայց մարդիկ են եղել, որ այլ ուղղությամբ են գնացել, եւ նրանցից մինչ օրս տեղեկություն չունենք»։ Լուսանկարում՝ փաստաբան Գուրգեն Գրիգորյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե մինչեւ ենթադրյալ դեպքի օրը ինչքան կանոնավոր է եղել Ջաբրայիլի զորքը, ոնց է ղեկավարվել, որովհետեւ ըստ նրա՝ տպավորություն է, թե գումարտակի հրամանատարի փախուստից հետո ողջ անձնակազմը ցայտնոտի մեջ է ընկել․ «Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ծառայության ժամանակ լսել եմ՝ ինչ զինատեսակներ են պետք, ինչով պիտի կոմպլեկտավորված լինի վաշտը, հիմա ուզում եմ հասկանալ՝ մինչեւ էդ փախուստը գուցե տվել են այլ զենքեր․ եթե ամբաստանյալը չի համալրել, մի հոդված էլ ավելացնենք, եթե ուրիշ մեկը պիտի աներ, ինչու՞ նրա կողքին նստած չի»,– վրդովվեց նա։ Արձագանքելով նրա վրդովմունքին՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ թե՛ Ջրականի, թե՛ Հադրութի, այդ թվում՝ 5-րդ գումարտակի, դրա սպառազինությանն առնչվող քրեական գործ կա, որ այժմ նախաքննության փուլում է։ Վկա Ենոք Ավետիսյանն էլ նշեց, որ որքանով ինքն է տեղյակ, իրենց վաշտը ծանր տեխնիկայով կոմպլեկտավորված չի եղել։ «Իսկ զորանոցում ծանր զենքեր, նռնակ եղե՞լ է»,– հարցրեց Գրիգորյանը։ «Պիտի որ եղած լինի», –պատասխանեց վկան։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 5-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 30 օգոստոսի, 2022
44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

#Կարճասած Դատարանում այսօր սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Վահանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, ինչը զայրացրեց նիստին ներկա տուժողների իրավահաջորդներին: Զոհված եւ անհետ կորած բազմաթիվ զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի այս գործով տուժող են նաեւ ավելի քան 70 օր Հադրութի հարակից անտառներում թաքնված եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկված ժամկետային 6 զինծառայողները, որոնցից դատարան էին ներկայացել Արման Արմաղանյանը եւ Դավիթ Սահակյանը։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր։ Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այստեղ սկսվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։ Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Նշենք, որ այս գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մարտի 28-ին դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կայացել է դատական նիստ։ Շաբաթներ անց, սակայն, ապրիլի 15-ին, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ գործի տարածքային ընդատությունը փոխելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է այն հիմնավորմամբ, որ տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների եւ դատակոչված վկաների գերակշիռ մասի բնակության վայրը գտնվում է Սյունիքի մարզի վարչական տարածքից դուրս՝ ՀՀ տարբեր, այդ թվում՝ Երեւանին մոտ մարզերում։  Ընդատության փոփոխության այդպիսի հիմք նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածով։ Նիստի սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը դահլիճում ներկա տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին ասաց՝ ոչ ոք չի կարող հասկանալ այն ցավը, որ նրանք են զգում, սակայն իրենք դատական գործընթաց են անցկացնելու, եւ ինքը, որպես դատավոր, պարտավոր է դատարանում նիստի կարգը ապահովել, ուստի խնդրում է ըմռնումով մոտենալ, չաղմկել եւ վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, հակառակ դեպքում դա համարժեք պատասխանատվության է հանգեցնելու։ Չնայած դատավորի հորդորին՝ դատական նիստը անցավ լարված մթնոլորտում։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Նիստին ներկա անձանց ինքնությունը ճշտելու ընթացքում պարզ դարձավ, որ զոհված զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի դատարան են ներկայացել նաեւ ծնողներ, որոնք գործով իրավահաջորդ ճանաչված չեն, թեեւ նրանց որդիները եւս ծառայել են այն գումարտակում, որի հրամանատարը ամբաստանյալն է եղել։ Դատախազը պարզաբանեց՝ դա պայմանավորված է եղել նախաքննության ժամկետների սղությամբ․ «Ամբաստանյալի գործողությունների հետեւանքով, այո, տուժել են անձինք, սակայն քրեական գործի նախաքննության ժամկետների հետ կապված ստեղծվել էր իրավիճակ, երբ բոլոր տուժողներին հնարավոր չեղավ ճանաչել»,- ասաց նա՝ առաջարկելով գործի քննության ընթացքում այդպիսի տվյալներ հայտնաբերելու դեպքում համապատասխան անձանց ճանաչել տուժող, որից հետո նրանց ծնողներին՝ տուժողների իրավահաջորդ։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդներն ու ծնողները Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը ընդգծեց՝ դա պետք է ոչ թե ընթացքում, այլ ի սկզբանե անել, քանի որ այդ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության խնդիր ունեն։ Այնուհանդերձ, կողմերը չառարկեցին այս փուլում դատական նիստը շարունակելուն։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ ցանկացած անձ, որը համարում է, որ առաջադրված մեղադրանքի սահմաններում իրեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ նյութական վնաս, իրավունք ունի դիմում հասցեագրել դատարան՝ իրեն տուժող կամ եթե տուժողը կենդանի չէ, ապա տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Այնուհետեւ դատավորը ճշտեց ամբաստանյալի ինքնությունը։ Դատավորի հարցերին ի պատասխան՝ Իշխան Վահանյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ծնվել է Երեւանում, 37 տարեկան է, ամուսնացած, խնամքին կա երկու անչափահաս՝ 14 եւ 15 տարեկան երեխա, նախկինում դատապարտված չի եղել։ Վահանյանն ունի զինվորական բարձրագույն կրթություն, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայել Արմավիրի ուսումնական բրիգադում, Մեհրաբի զորամասում, ապա՝ Ջաբրայիլում։ Դատավորը ճշտեց դատավարության մյուս մասնակիցների ինքնությունները եւս, պարզաբանեց նրանց իրավունքներն ու պարտականությունները, հետաքրքրվեց՝ կողմերը ունե՞ն բացարկի, ինքնաբացարկի կամ այլ միջնորդություններ։ Քանի որ այդպիսիք առկա չէին, դատարանը սկսեց դատաքննության փուլը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը, հրապարակելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հայտնեց, որ Իշխան Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա, ՊԲ N զորամասի հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի՝ ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դատախազի խոսքով՝ դրանից բացի Իշխան Վահանյանը նույն օրը «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտական դիրքը:  Լուսանկարում՝ դատախազ Գեւորգ Ավետիսյանը Մասնավորապես, Վահանյանը, ըստ մեղադրանքի, ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը, ինչն արվել է հոկտեմբերի 9-ին։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման, որի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը չի կատարել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ իր վրա դրված բազում պարտավորություններ, ինչպես, օրինակ, հավատարիմ մնալ զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը եւ նույնիսկ կյանքը, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները,  իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, պատասխանատու լինել իրեն վստահված ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման եւ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար, կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների կողմից ստացած խնդրի կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարեւոր ուղղությունում եւ իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա եւ այլն։  Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անվտանգությունը վեր է դասել ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, անտեսել իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու եւ մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքները, ինչպես նաեւ մարտի դաշտը չթողնելու եւ ենթակա անձնակազմի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի պահանջը եւ որեւէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ․ «Փոխարենը մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ Վահանյանը վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված «Հայտեռա» տեսակի միակ կապի միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը»,- հայտարարեց դատախազը։ Ըստ նրա՝ իշխանության այդպիսի անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ․ «Մասնավորապես, գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չի եղել նաեւ վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ»։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը և Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը և  Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչեւ օրս հայտնի չէ։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, պաշտպան Գեւորգ Պարունակյանը Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատավորի հարցին՝ հասկանալի՞ են իրեն մեղադրանքի էությունն ու իրավաբանական որակումը, Իշխան Վահանյանը դրական պատասխան տվեց։ Նա նաեւ հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Ապացույցների հետազոտման ժամանակ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը․ նախ կհետազոտվեն գործում առկա նյութերը, ապա՝ իրեղեն ապացույցները, եթե այդպիսիք առկա են, որից հետո կհարցաքննվեն վկաները, տուժողները եւ տուժողների իրավահաջորդները, իսկ վերջում՝ ամբաստանյալը։ Ըստ այդմ, մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց Վահանյանի հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունները։ Դրանք պարունակում էին տեղեկություններ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված մուտքային եւ ելքային զանգերի վերաբերյալ։ Ըստ դատախազի՝ զննությամբ պարզվել է, որ կատարված զանգերի մեջ ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հեռախոսահամարը առկա չէ։ Վահանյանը, սակայն, հակառակը պնդեց՝ կարծիք հայտնելով, որ դա գուցե պայմանավորված է Արցախի հեռախոսահամարների 097 կոդով․ «Նախաքննության ժամանակ ասել են, որ բարդ պրոցես է, ՀՀ համարները կարողացել են հանել, Արցախինը դեռ հանում էին»,- նշեց նա։ Դատավորը, սակայն, նկատեց՝ հրապարակված հեռախոսահամարների մեջ կային 097 կոդով սկսվող զանգերի վերծանումներ։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանն էլ հայտնեց, որ միջնորդություններ են ներկայացվել հենց «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությանը եւ այնտեղից են ստացվել տեղեկությունները․ «Եվ ինչպես դատարանը նշեց, այդ զանգերի մեջ կան նաեւ 097 կոդով, այսինքն՝ Ղարաբաղից իրականացված զանգեր, ամբողջ տեղեկութոյւնը ստացվել է, եւ ինչ զանգ կա, արձանագրվել է»,- ասաց նա։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը Ամբաստանյալի առարկությունները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնք սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին՝ ասելով նաեւ․ «Ի՞նչ ես հեքիաթ պատմում», «Սա էլ արդարանալու նոր ձե՞ւ է», «Փոխանակ աչքերը կախի, մարդկանց դեմքերին է նայում», «Սրա նման սրիկաները իմ երկու տղայի եւ հինգ հազար էրեխու գլուխն են կերել, իմ տունը քանդել են» եւ այլն։ Դատավորը փորձեց հանդարտեցնել տուժողների իրավահաջորդներին, որոնցից մեկը՝ Վարդուհի Մանուկյանը, ասաց․ «Չի ստացվում, չեմ կարողանում իմ էմոցիաները զսպել, երբ նրան տեսնում եմ»։ Դատավորը պարզաբանեց, որ խոսելու իրավունք ունեն ինչպես տուժողների իրավահաջորդները, այնպես էլ ամբաստանյալը․ «Բայց ստելու իրավունք նա չունի»,- արձագանքեց Մանուկյանը։ Իսկ երբ դատավորը փորձեց մեջբերել օրենքը, Մանուկյանը, ձեռքի ժամացույցը նետելով ամբաստանյալի ուղղությամբ, բղավեց․ «Այդ օրենքը միայն մե՞զ համար է գործում»։ Դատական նիստը ընդմիջվեց։ Լուսանկարում՝ ժամացույցը Հետազոտվեցին Իշխան Վահանյանի ստացած վնասվածքի եւ բուժման  վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժշկական փաստաթղթերը Ընդմիջումից հետո դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց ամբաստանյալի բուժման վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված որոշ փաստաթղթեր։ Դրանցից պարզ էր դառնում, որ Իշխան Վահանյանը 2020 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունվել է հոսպիտալ «աջ ազդրի կույր բեկորային վնասվածք» ախտորոշմամբ, որից հետո կատարվել է վերքի մշակում, վիրակապում։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ վերքի վիճակը գնահատվել է հանգիստ, կատարվել են վիրակապումներ, իսկ հոկտեմբերի 15-ին նշվել է, որ հիվանդի վիճակը բավարար է, տվյալները նորմայի սահմաններում են։ Այնուհանդերձ, երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Վահանյանը, ըստ ներկայացված փաստաթղթերի, վիրահատվել է, նրան տրամադրվել է 10-օրյա վերականգնողական արձակուրդ։ Հհոկտեմբերի 27-ին արդեն նշվել է, որ նա պիտանի է ծառայության եւ դուրս է գրվում զորամաս։ Այս ապացույցների հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ տուժող Արման Արմաղանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեկն է այն 6 տղաներից, որոնք շուրջ 70 օր թաքնվել էին Հադրութի հարակից անտառներում եւ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ փրկվել։ Նա ասաց, որ Վահանյանի զորքից է եղել եւ նրան շատ լավ ճանաչում է․ «Հոկտեմբերի 6-ի կողմերը Վահանյանը կողքից վիրավորում է ստացել, իսկ 10-ին, երբ ձորից իջնում էինք, ինձնից մի տասը մետր այն կողմ նորմալ քայլում էր, երբ տեսավ՝ կամազներ են գալիս, կողքը բռնեց, սկսեց դժվար քայլել»,- նշեց նա։ Լուսանկարում՝ տուժող Արման Արմաղանյանը Հայտարարությամբ հանդես եկավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը՝ ընդգծելով այս ապացույցի կարեւորությունը․ «Դրանք հավաստում են մեկ բան․ ամբաստանյալը, լինելով հրամանատար, հնարավորություն ունենալով վիրակապի միջոցով այդ պահին մնալ դիրքերի վրա եւ ղեկավարել, օգտագործել է  բժշկության հետ կապված զինվորական իր գիտելիքները այն մասին, որ նման պարագայում հնարավոր է եւ արձակուրդ ստանալ, եւ չարամտորեն խուսափել, փախել է»,- ասաց նա։ Զոհված զինծառայողներից մեկի հայրն էլ հայտարարեց՝ գուցե կարիք կա, որ բժիշկը գա եւ հարցաքննվի․ «Որովհետեւ երեւում է, որ կարող է նաեւ հանցավոր համաձայնություն եղած լինել նրա հետ»,- ասաց նա։ Դատախազը տեղեկացրեց, որ հիշյալ բժիշկը դատակոչի ցուցակում ներառված է եւ որպես վկա հրավիրվելու դատարան՝ հարցաքննության։ Այնուհետեւ հրապարակվեց գործով վկա Արսեն Ղուկասյանի կողմից ներկայացված լազերային սկավառակի զննությունը։ Դրանում առկա էր հեռախոսային խոսակցություն, որը Ղուկասյանը ձայնագրել է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին (այսինքն՝ նույն օրը, երբ Վահանյանը, ըստ մեղադրանքի, լքել է մարտի դաշտը,- հեղ․)։ Նախաքննության փուլում նա հայտնել է, որ այդ օրը իրեն է զանգահարել իր եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանը (որի հայրը զոհվել է 44-օրյա պատերազմում,- հեղ․) եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի օգնությամբ փորձել է նկարագրել տեղանքը, բացատրել, թե իրենք որտեղ են գտնվում այդ պահին․ «Հադրութի պոստից որ նայում ես դեպի հակառակորդ, հենց ուղիղ աջ կողմը մենք ենք, անտառի մեջ ենք, սարի գլխին, ես ԱԱԾ զորքին ասացի, որ մենք սարի գլխին երեք դիրք ունենք դրած, հիմա էդ դիրքից կրակում են մեզ, պիտի իմանան՝ եթե մերոնք են, ասեն՝ չկրակեն, գնանք գոնե այնտեղ․․․ Մեկին ասեք՝ հետս կապվի, հասկանանք՝ զորքը ոնց տանենք ավելի ապահով տեղ»,- նշված էր արձանագրությունում։ Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ այդ հեռախոսազրույցից հետո ինքն այլեւս չի կարողացել կապ հաստատել եղբորորդու հետ, եւ մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսպիսով, այսօրվա դատական նիստը ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 20-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 09 հունիսի, 2022