Գոռ Աբրահամյան

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական։

Ծնվել է 1979թ․ հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։ 1996-2002թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալվարի, այնուհետև՝ մագիստրեսի կոչում։ 2003թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան։ Նույն թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան լրագրություն մասնագիտությամբ։

2002-2003թթ․աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես լրագրող, քաղաքական մեկնաբան։ 2003 թ-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2003-2006 թթ․ թղթակցել է «Փակագիծ» թերթին։ 2003-2017 թթ․ եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար։ Զբաղվել է քաղծառայողների պատրաստմամբ մի շարք հասարակակն և մասնավոր կազմակերպություններում։ 2017թ․ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։

Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ |factor.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ։ Ինչպես տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ դատախազի ցուցումներով որոշումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից մասնակի առարկություններ են ներկայացվել, դրանց քննարկման դատավարական ժամկետները սպառված չեն և առարկությունները քննարկման փուլում են: Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել էր դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ: Կոմիտեն դատախազի որոշումը գնահատում էր որպես անօրինական և չհիմնավորված:
16:29 - 31 հունվարի, 2022
Արթուր Դավթյանը դեկան նշանակվելու կամ նմանատիպ զրույց որևէ մեկի հետ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

Արթուր Դավթյանը դեկան նշանակվելու կամ նմանատիպ զրույց որևէ մեկի հետ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է մամուլում տարածված տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին առաջարկել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնը: Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, և այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք: «Դեկան նշանակվելու կամ նմանատիպ որևէ զրույց ՀՀ գլխավոր դատախազը որևէ մեկի հետ չի ունեցել. գրված բամբասանքին նման մտավարժանքներով արժանահավատություն հաղորդելու փորձերը պրիմիտիվ են»,- գրել է Աբրահամյանը: Անդրադառնալով տարածվող տեղեկատվությունը, թե գլխավոր դատախազը դիմել է ՌԴ-ին քաղաքացիության հարցով՝ Աբրահամյանը գրել է, որ արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք չկա՝ հիշեցնելով, որ նման տեղեկատվություն տարածվել էր նաև 2021 թվականի նոյեմբերին, որը հերքվել է:
12:40 - 24 հունվարի, 2022
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դատախազի որոշումը |armenpress.am|

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դատախազի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է, թե ինչ պատճառաբանությամբ է մերժվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանի միջնորդությունը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։ Նա նշել է, որ փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը դատախազը մերժել է հենց այն պատճառաբանությամբ, որ դատարանի որոշումից հետո չեն փոխվել այնպիսի իրողություններ ու հանգամանքներ, որոնք նվազեցնում կամ չեզոքացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը: Վերաքննիչ դատարանը կայացրել է Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում, այդ որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է, որի հիման վրա անձը կալանավորվել է: «Կարծում եմ՝ հիմա որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ եթե դատարանը կալանքի հիմքերն առկա չհամարեր, չէր կարող նման որոշում կայացնել: Հակառակ դեպքում, հիմքերի բացակայության հիմնավորմամբ ուղղակի կմերժեր դատախազության միջնորդությունը: Եվ դատախազը պաշտպանի երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժել է հենց այն պատճառաբանությամբ, որ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման կայացումից հետո չեն փոխվել այնպիսի իրողություններ ու հանգամանքներ, որոնք նվազեցնում, կամ չեզոքացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը»,- հարցմանն ի պատասխան ասաց Աբրահամյանը: Ավելի վաղ, դատախազը մերժել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը: Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն` հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր: Այս գործով ձերբակալվել էին մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանը, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ապա ազատ արձակվել։ Ավելի ուշ, Վերաքննիչ դատարանը բավարարել էր դատախազության բողոքը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում կայացրել:
18:00 - 21 դեկտեմբերի, 2021
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ ադրբեջանական գերությունից վերադարձած հայ զինծառայողների ցուցմունքները հրապարակելուց

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ ադրբեջանական գերությունից վերադարձած հայ զինծառայողների ցուցմունքները հրապարակելուց

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Վերջին շրջանում նկատելի է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի տարբեր դրվագներին առնչվող քրեական կոնկրետ գործերով իրականացվող նախաքննության փուլում այդ գործերով տարբեր կարգավիճակներով անցնող անձանց շահերը ներկայացնող փաստաբանների կողմից տարբեր ձևաչափերով, իրենց հետաքրքրություններից ելնելով՝ աղճատված բովանդակությամբ նախաքննական նյութեր, այդ թվում նաև դատավարության մասնակիցների նախաքննական ցուցմունքներից պատառիկներ հրապարակելու, հանրայնացնելու դեպքերը: Հերթական նման դրսևորումը վերաբերում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կոնկրետ գործով որպես տուժող անցնող՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից գերեվարված, ապա վերադարձված մի խումբ հայ զինծառայողների նախաքննական ցուցմունքներից որոշակի հատվածների հրապարակմանը: Նման գործելակերպը, որպես հանրային ուղղորդված կարծիք ձևավորելուն ուղղված մանիպուլյացիոն հնարք, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն, նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր սուբյեկտներին: Քրեական գործերով անցնող բոլոր անձանց, այդ թվում նաև դատավարության մասնակիցների շահերի պաշտպանության գործառույթ իրականացնող փաստաբան գործընկերներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նախքան անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալը, այլոց իրավունքների ոտնահարմանը, նրանց վերաբերյալ կանխակալ կարծիք ձևավորելը որպես պաշտպանական մարտավարության գործիք դարձնելուն ուղղված նմանատիպ գործելակերպից: Հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում ենք խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը: Միաժամանակ, վարույթն իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել նման դեպքերը բացառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները»:
14:40 - 08 դեկտեմբերի, 2021
Պատերազմի օրերի հրամանները ԶՈՒ-ի կողմից կեղծելու մասին Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին

Պատերազմի օրերի հրամանները ԶՈՒ-ի կողմից կեղծելու մասին Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ: Նախօրեին Արցախի անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի» տաղավարում հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու։ «Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (նկատի ունի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել», - ասել է Բաբայանը։
13:38 - 03 դեկտեմբերի, 2021
Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների գործով որպես մեղադրյալ ներգրավված շարքային զինծառայողը կալանավորվել է. Գոռ Աբրահամյան

Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների գործով որպես մեղադրյալ ներգրավված շարքային զինծառայողը կալանավորվել է. Գոռ Աբրահամյան

Հավելումն նախօրեին ՀՀ դատախազության կողմից հրապարակված հաղորդագրության՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, տեղեկացնեմ, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև մեկ շարքային զինծառայող, ով դեպքի պահին նշանակված է եղել իրականացնելու հենակետի դիտորդի պարտականությունները, ում անգործության, պարտականությունները (այդ թվում նաև զենք գործադրելով պաշտպանել մարտական դիրքը) չկատարելու արդյունքում թշնամական ուժերն անարգել մոտեցել և մտել են ՀՀ ԶՈւ մարտական հենակետ և որը եղել է դիրքից խափուստ կատարած զինծառայողների թվում:   Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը երեկ ուշ երեկոյան ևս բավարարվել է: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
18:43 - 26 նոյեմբերի, 2021
Դատախազությունը կբողոքարկի Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման հիմքով: ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է հիշյալ դատական ակտը: Հաշվի առնելով, որ այդ հիմքով և այդպիսի որոշման կայացումն անհիմն է, դրա դեմ կներկայացվի բողոք ՀՀ վերաքննիչ դատարան: Ընդ որում, դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմնավորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին:  Վերաքննիչ բողոքը ներկայումս նախապատրաստման փուլում է»,- գրել է Աբրահամյանը: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ Հրանտ Դավթյանը, 2018թ. հունիսի 20-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Արսեն Դավթյանը ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ և շարժական գույքերի, դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տվյալները: Նշված հանցավոր արարքները կատարելու համար նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ անջատված մասով, գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2021թ ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
11:25 - 24 նոյեմբերի, 2021
Չկա և չի քննվում որևէ քրգործ՝ դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով. Գոռ Աբրահամյան

Չկա և չի քննվում որևէ քրգործ՝ դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երեկ սոցցանցում որոշ օգտատերերի դիտարկումների է հանդիպել այն մասին, որ քրեական գործեր են հարուցվում չկրակելու վերաբերյալ տված հրամաններին չենթարկված զինծառայողների նկատմամբ:   «Իհարկե, այդ գրառումները որևէ փաստի հղում չէին պարունակում, և բացառելի չէ, որ զուտ էմոցիոնալ հայտարարությունների շարքից էին:   Այդուհանդերձ, հնարավոր անտեղի շահարկումները բացառելու համար ուզում եմ նշել, որ ՀՀ քննչական մարմիններում չկա և չի քննվում որևէ քրեական գործ՝ կապված ՀՀ պետական սահմանների պաշտպանության պարտականություններ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, ստորաբաժանումներին պետական սահմանների անձեռնմխելիությունը խախտող, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժող, ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերին մոտեցող թշնամական ուժերին դիմադրություն ցույց չտալու, սահմանների և դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, նման պայմաններում հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով:   Ավելին, նման բան չի կարող լինել:   Ճիշտ հակառակը՝ ՀՀ Սահմանադրությամբ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով պետական սահմանների անձեռնմխելիության պաշտպանությունը, այդ համատեքստում ըստ անհրաժեշտության նաև ագրեսիա իրականացնող թշնամական ուժերի ուղղությամբ կրակ արձակելը ՀՀ բանակի, յուրաքանչյուր տեղամասի կտրվածքով սահմանի տվյալ տեղամասերի պաշտպանության համար պատասխանատվություն կրող ստորաբաժանման պարտականությունն է:   Եվ դրա չկատարման արդյունքում, որպես հետևանք՝ պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն թույլ տալը, պետական իշխանության կամ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է և հանգեցնում է քրեական պատասխանատվության»,- գրել է Գոռ Աբրահամյանը:   
15:32 - 18 նոյեմբերի, 2021
Ադրբեջանցի զինծառայողների ՀՀ պետական սահմանը Սիսիանի ուղղությամբ հատելու, 1-ից մինչև 2 կմ առաջանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․Գոռ Աբրահամյան

Ադրբեջանցի զինծառայողների ՀՀ պետական սահմանը Սիսիանի ուղղությամբ հատելու, 1-ից մինչև 2 կմ առաջանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․Գոռ Աբրահամյան

Նախօրեին Սյունիքում Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։    «2021թ. նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց թույլտվության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու, այնտեղ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ՀՀ տարածքի այդ մասը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:   Քրեական գործի շրջանակներում, հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:   Դրանց կապակցությամբ ևս կտրվեն իրավական գնահատականներ»,- ասված է Գոռ Աբրահամյանի տարածած հաղորդագրության մեջ։ 
19:37 - 15 նոյեմբերի, 2021
Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2021թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Լերմոնտովո համայնքներում, Սյունիքի մարզի Կապան համայնքում, Լոռու մարզի Արզնի համայնքում կայացած տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ամբողջ օրը ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ, ահազանգեր իրավապահ մարմինները չեն ստացել, իրականացվող մշտադիտարկման ընթացքում չեն արձանագրվել նաև քրեական վարույթի շրջանակներում քննության առնելու ենթակա ԶԼՄ հրապարակումներ:  Տավուշի մարզի Իջևան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ստացվել է ընդամենը մեկ ահազանգ՝ առերևույթ կրկնակի քվեարկություն կատարելու փորձի վերաբերյալ, որի կապակցությամբ դատախազության հանձնարարությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Բացի նշվածը, այլ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր, հաղորդումներ չեն ստացվել:  Մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ստացված է եղել առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ ընդամենը երկու ահազանգ, որոնք ՀՀ գլխավոր դատախազության և Սյունիքի մարզի դատախազության նախաձեռնությամբ դարձվել են ստուգման առարկա: Սակայն ստուգողական գործողությունների արդյունքում դրանք չեն հաստատվել և թողնվել են անհետևանք: Մյուս համայնքների կտրվածքով մինչև քվեարկությունն ընկած ժամանակահատվածում հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ևս որևէ ահազանգ չի արձանագրվել»։
10:14 - 15 նոյեմբերի, 2021
Համացանցում տարածված՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն» վերտառությամբ տեսանյութը կուղարկվի ՀՔԾ

Համացանցում տարածված՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն» վերտառությամբ տեսանյութը կուղարկվի ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Սոցիալական ցանցերում տարածած «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ տեսանյութը ֆիքսվել է և կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Տեսանյութն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև՝ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,- գրել է Գոռ Աբրահամյանը:
15:05 - 14 հոկտեմբերի, 2021
Երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

Երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եռակողմ հանդիպում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև։ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և ԱՀ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը: Կողմերն ընդգծել են եռակողմ հանդիպման ձևաչափի կարևորությունը հատկապես Արցախում և տարածաշրջանում կայունության և օրինականության, Արցախի բնակչության բնականոն կենսագործունեության, անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին նպաստելու առումով: Կողմերը նաև օգտակար են գնահատել պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց, զինծառայողների փնտրման, այդ նպատակով կողմերի միջև միջնորդավորված տեղեկատվության փոխանակման գործընթացի ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը և կարևորել են այդ աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը: Ընդհանուր պատրաստակամություն է արտահայտվել նաև հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, հաղորդակցության ուղիներում տարաբնույթ օրինախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման և գործընթացի շարունակման շուրջ՝ որպես կապող օղակ՝ հիմնական դերակատարում վերապահելով Արցախում տեղակայված և գործունեություն ծավալող ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, որոնց գործունեության արդյունավետությունը բարձր է գնահատվել: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպման ընթացքում շեշտել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձման անհրաժեշտությունը՝ որը նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետով, ինչը կարևոր ազդակ կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության, հետագա հնարավոր համագործակցության, անվտանգության երաշխավորման, կողմերի միջև վստահության նախադրյալների ստեղծման համար: ՀՀ գլխավոր դատախազը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման, էսկալացիայից խուսափելու նպատակով արձանագրվող և հնարավոր օրինախախտման միջադեպերի, դրանց հանգամանքների պարզմանն ուղղված երկկողմ տեղեկատվության փոխանակման ձևաչափերի ներդման շուրջ քննարկումների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում լարվածության թուլացման, հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև երկխոսության հաստատման ուղղությամբ ռուսական կողմի և անձնապես ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անհատական ջանքերը և ցուցաբերած հետևողականությունը»։
09:31 - 24 սեպտեմբերի, 2021
Քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

Քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ մերժել էր միջնորդությունը՝ համարելով, որ թեև առկա է գործի քննությանը մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը, սակայն այն նվազ է, և մեղարդյալի պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորվել նաև անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառման դեպքում՝ դա թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը: Այս որոշման դեմ Շիրակի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը և այսօր բավարարվել է»։
16:31 - 15 սեպտեմբերի, 2021
Դատարանը մերժեց կաշառքի գործով ձերբակալված տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու միջնորդությունը |azatutyun.am|

Դատարանը մերժեց կաշառքի գործով ձերբակալված տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու միջնորդությունը |azatutyun.am|

azatutyun.am: Օրերս կաշառքի գործով ձերբակալված Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Դատավոր Աննա Մաթևոսյանը ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալությունը և մերժեց տնօրենին կալանավորելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ դատական ակտը ստացվել է, ուսումնասիրվել է և հիմա նախապատրաստվում է դրանց դեմ բողոք՝ Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար՝ ինչպես ձերբակալման, այնպես էլ խափանման միջոց կալանքի մասով: Ըստ իրավապահների՝ դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում1500 դոլար կաշառք է պահանջել։ Քրեական գործը հարուցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։ Սկանդալի կենտրոնում հայտնված Մարինա Մալախյանը պնդել էր, որ ինքը որևէ գումար չի պահանջել և չի ստացել, իսկ կաշառք տալու մասին բարձրաձայնած ուսուցիչը հակառակը՝ հայտարարել էր, որ գումարը տվել է, որպեսզի աշխատանքի ընդունվի։
13:39 - 10 սեպտեմբերի, 2021
«Ֆիզգորոդոկում» քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրգործեր |1lurer.am|

«Ֆիզգորոդոկում» քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրգործեր |1lurer.am|

1lurer.am: «Ֆիզգորոդոկում»՝ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցում օրեր առաջ քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր. տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Մասնավորապես, նշված դեպքերից հետո քաղաքացիներից ստացվել են հաղորդումներ ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ անհամաչափ ուժ, բռնություններ կիրառելու վերաբերյալ: Կատարված իրադարձությունների վերաբերյալ գրություն է ստացվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից:  Դատախազությունից դրանք քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:  Նախապատրաստված նյութերով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է երեք առանձին քրեական գործ, որոնցից երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
11:26 - 08 սեպտեմբերի, 2021