Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Ամուլսարում գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ամուլսարում գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ամուլսարում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ չմանրամասնելով, սակայն՝ արդյոք կա՞ն բերման ենթարկվածներ, թե՞ ոչ։ Ամուլսարի տարածքում այս գիշեր դարձյալ լարված իրավիճակ է եղել։ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի պահնորդական ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին։ Ամուլսարի պահապան, ջերմուկցի Շիրակ Բունիաթյանը Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ սկզբում լեզվակռիվ է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի, տեղի ոստիկանները Ամուլսարի պահապաններից մեկին դուրս են բերել տարածքից՝ ուշագնաց վիճակում․ «Կռիվը եղել է գիշերը։ Արդեն մի քանի ամիս է՝ ինչ լարված իրավիճակ է, ոստիկանությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում, սակայն այդ ժամանակ էնտեղ եղել է միայն երկու ոստիկան»,- ասաց Բունիաթյանը՝ հավելելով, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, իսկ բերման ենթարկվածների մասին ինքը տեղեկություն չունի։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ ծեծի ենթարկվածներից երկուսի վիճակը լավ է, մյուսի մասին որևէ տեղեկություն չունի։ Բունիաթյանի խոսքով՝ Ամուլսարի պահապանները նկատել են, որ բռնություն է գործադրվել նաև ոստիկանների նկատմամբ։ Դեպքի առնչությամբ «Լիդիան Արմենիա»-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Լիդիանի» պահնորդական ծառայությունը պաշտպանել է տարածքը՝ օրենքի շրջանակներում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և այսուհետ նույնպես օրենքի սահմաններում հակազդելու է ցանկացած ոտնձգության․ «Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։ Խմբավորման անդամները սպառնացել են «Լիդիանում» աշխատող ու այդ պահին Ամուլսարի տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։ Կից տեսանյութը հաղորդում է հանցագործության մասին։ Բոլոր նրանք, ովքեր այս հանցավոր խմբավորմանը ներկայացնում են որպես «խաղաղ ցուցարարներ», առիթ ունեն համոզվելու, որ քարերով սեփական համայնքի բնակիչների վրա հարձակվող փոքրաթիվ խմբավորումը չի ներկայացնում համայնքը, և ամենայն հավանականությամբ ոչ սթափ վիճակում գտնվելով, իրականացնում է հանցավոր քայլեր` սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը։  Նույն տեսանյութում կարող եք տեսնել` ինչպես են իրենց «բնապահպան» ներկայացնող անձինք տանջում տարածքում ապրող շներին։ Այս խմբավորմանը որպես «հերոսներ» ու «բնապահաններ» ներկայացնողների խղճին ենք թողնում իրենց ստեղծած կերպարների պահվածքը։ Ոստիկանությունից պահանջում ենք իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել համայնքների բնակիչների անվտանգությունը։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ երկամյա անպատժելիությունից հղփացած այս խմբավորումն այլևս ընդունակ է ցանկացած հանցագործության։ Ժամանակն է վերջ տալ ապօրինությանը և վերակագնել օրենքն Ամուլսարի շրջակայքում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի մեկից փոխվել են «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները, ինչը, ըստ ընկերության, կապված է պահնոդրական նախորդ ծառայության ժամկետը լրանալու հետ։ Ամուլսարի պահապան ջերմուկիցների պնդմամբ, փաստորեն, ինչպես նախորդ պահնորդները, այնպես էլ նորերը դիտավորյալ սադրիչ գործողություններ են իրականացնում։ Լուսանկարը՝ Հետք-ի Մարի Արշակյան
13:23 - 07 սեպտեմբերի, 2020
ՀՀ կառավարությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը․ Սուրեն Սահակյան

ՀՀ կառավարությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լիդիանի պահնորդական նոր ծառայության աշխատակիցները գիշերը ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից նրան կամ նրանց, որոնք գտնվել են Լիդիանի տարածքից դուրս, ճանապարհի մյուս եզրին։ Ըստ լուրերի, ծեծի մի փոքր բաժին էլ հասել ա ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Ոստիկանները նկարահանել են այդ ամենը։ Սա իրողությունն ա, որ մենք ստացել ենք Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանի ՖԲ-յան էջից։ Հիմա՝ թե ինչ ա նախորդել սրան։ Լիդիանի սնանկության վերաբերյալ դատական գործ ա քննվել Կանադայում, որի արդյունքներով տերերը, որոնք պետք ա իբր Ամուլսարը հանք դարձնեին, փոխվել են։ Սրանք էլ նոր, սադրիչ մարտավարություն են որդեգրել սկսած ամառվա կեսերից։ Սադրանքների էդ շղթայի հերթական օղակը օգոստոսի 4-ին վագոն տնակները ընդհուպ մինչև ճանապարհը մոտեցնելն էր։ Հանրությունը դրա կապակցությամբ բարձրացրեց իր ձայնը և վագոն տնակները, համաձայն օրենքի, հետ տարվեցին իրենց ելման դրություն։ Էդ ընթացքում կառավարությունն անընդհատ զգաշացվել ա, որ պահնորդական ծառայության նման գործոլաոճը, ի վերջո, արյունահեղության ա հանգեցնելու։ Էդ զգուշացումները լուրջ չէին ընդունվում։ Կառավարությունը լուռ էր։ Հիմա արդեն հղվել ա արյունը։ Չգիտեմ՝ ինչքանով ա գիտակցվում, որ լռություն պահպանելու դեպքում դա վերջին արյունը չի լինելու։ Հուսով եմ, որ Ամուլսարի պահապանների հայտարարությունը, թե իրենք մինչև մահ պատրաստ են կանգնել իրենց համատեղ որոշման համար (այն է՝ Ամուլսարը հանք չի դառնալու), լուրջ ա ընդունվել։ Սրա կապակցությամբ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը նույն Շիրակ Բունիաթյանի նման պնդմանն ի պատասխան արձագանքել էր, թե «լավ, էլի, Շիրակ ջան, ուրեմն ես էլ կյանքի գնով կպաշտպանեմ ձեր կյանքը» կամ իմաստով նույնը այլ ինչ-որ բան։ Էսօր Հայասատանի Հանրապետության շատ որոշակի քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ ա սպառնում։ Ամուլսարի, որպես հանքավայր, շահագործման մասին ջերմուկցիների կարծիքը չհարցնելը խախտել ա նրանց սահմանադրական իրավունքները։ Իրավունքների այդ խախտումը չարձանագրելով ու այն չվերացնելով, ՀՀ կառավարությունը վտանգում ա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը։ Ինչ վերաբերում ա Լիդիանի գործունեությանը, ապա դա այլ կերպ, քան պետության ու քաղաքացիների նկատմամբ իրականացվող շանտաժ, դժվար է նկարագրել։ Ըստ էության, նրանք ասում են, թե եթե հանքավայրի շահագործումը չսկսի, այստեղ մարդիկ են զոհվելու։ Ըստ իս, նման կազմակերպությունը տեղ չունի Հայաստանում՝ նույնիսկ անկախ բնապահպանական ռիսկերից, մարդու բնական իրավունքների պաշտպանության, սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ այլ հարցերից, որոնք շոշափում ա էս խնդիրը»։
13:13 - 07 սեպտեմբերի, 2020
Ունեցել ենք խորհրդատվություն Ամուլսարի թեմայով, որոշումների կայացման փուլում ենք. Էդուարդ Աղաջանյան |tert.am|

Ունեցել ենք խորհրդատվություն Ամուլսարի թեմայով, որոշումների կայացման փուլում ենք. Էդուարդ Աղաջանյան |tert.am|

tert.am: Ամուլսարի հետ կապված մի քանի գործընթաց կա տարբեր մարմիններում, մասնավորապես՝ քննչական մարմիններում,  գործեր են քննվել դեռևս 2019 թվականից մինչ օրս և դրանով է պայմանավորված Կառավարության կողմից որոշումների կայացման զգուշավորությունը, քանի որ ցանկացած որոշում կարող է իրավական հետևանքներ ունենալ ոչ միայն քաղաքական թիմի համար, այլև ՀՀ միջազգային համատեքստում։Լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ամուլսարի համար պայքարողները դժգոհում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի համար ընթացող վերջին զարգացումներին չի արձագանքում:«Որոշումների կայացման փուլում ենք, ունեցել ենք խորհրդատվություն տվյալ թեմայի վերաբերյալ: Այս հացը Կառավարության ուշադրության կենտրոնում է և հավաստիացնում եմ, որ Կառավարությունը կոնկրետ գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ նաև իրավական դաշտը կարգավորելու համար։ Գիտեք, որ Տեսչական մարմինների համակարգման գրասենյակն օրենքների փաթեթ է ներկայացրել Ազգային Ժողով, որով  բավական մեծ կարգավորումներ են առաջարկվում կոնկրետ ընդերքի ոլորտին վերաբերող, որը տեսչական մարմիններին կտա հստակ հիմքեր կոնկրետ գործողություններ իրականացնելու, կոնկրետ իրավիճակներից ելնելով, որի հնարավորությունը ներկայիս գործող օրենսդրությամբ տեսչական մարմինները չունեն»,– ասաց նա: Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, կոնկրետ գործողություններ է իրականացնում և մոտ ժամանակներս ինչ-որ պատկերացումներ կլինեն և դրանք կներկայացվեն հանրությանը: Հարցին հնարավո՞ր է,  որ Կառավարությունը մտահոգված է, որ կտրուկ հայտարարությունը կբերի դիմադրության, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, թե Կառավարությանը միայն մտահոգում են ՀՀ շահերը:
18:17 - 03 սեպտեմբերի, 2020
Պահնորդական ընկերության գործունեությունն Ամուլսարում կասեցվել է. ՀԲՃ

Պահնորդական ընկերության գործունեությունն Ամուլսարում կասեցվել է. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի օգոստոսի 28-ի եզրակացության համաձայն կասեցվել է «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊ ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը: Սա առաջին հերթին կարևոր էր օրինակությունը վերահաստատելու և բռի ու բռնության հակումներ ունեցող մարդկանց Ամուլսարի տարածքից հեռացնելու առումով։ Բացի այդ մեկ անգամ ևս ցցուն արտահայտվեց, թե ինչ որակի ու ինչպիսի անօրինականություններ թույլ տվող ընկերությունների հետ են համագործակցում հանք շահագործելու մտադրություններ ունեցողները։ Հանձնաժողովի ամողջական եզրակացությանը կարող եք ծանոթանալ այստեղ, որտեղ նկարագրված են այդ ընկերության թույլ տված անօրինականությունների մի մասը միայն։ Իրականում դրանք շատ ավելի լայնածավալ են ու անաչառ գնահատման դեպքում այս ընկերության լիցենզիայի գործունեությունը պետք էր ընդհանրապես կասեցնել՝ ինչպես մինչ այս առաջարկվել էր ոստիկանությունում իրականացրած վարչական վարույթի արդյունքներով։
10:58 - 03 սեպտեմբերի, 2020
Ոստիկանությունը քննարկում է Ամուլսարում Լիդիանի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության լիցենզիան կասեցնելու հարցը․ Անի Սամսոնյան

Ոստիկանությունը քննարկում է Ամուլսարում Լիդիանի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության լիցենզիան կասեցնելու հարցը․ Անի Սամսոնյան

Ամուլսարում կատարված վերջին իրադարձությունների կապակցությամբ դիմել էի ՀՀ Կառավարությանը, որպեսզի մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող Լիազոր մարմինը վերանայի Ամուլսարում Լիդիան Արմենիայի համար պահնորդական ծառայություն իրականացնող «Հատուկ անվտանգության ծառայություն» ընկերության լիցենզիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։«Մասնավորապես նշել էի մի քանի փաստեր, որոնց համաձայն առերևույթ խախտվել էր Մասնավոր Պահնորդական գործունեության մասին ՀՀ օրենքը, որոնք հանգեցնում են լիցենզիայի գործողության դադարեցման։ՀՀ Ոստիկանությունից ինձ գրավոր տեղեկացնում են, որ իմ ներկայացրած խախտումները արձանագրվել են։ Մասնավորապես այն, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ աշխատակիցները կրել են հատուկ համազգեստ, որի վրա օրենքով սահմանված կարգով տեսանելի կերպով փակցված չեն եղել պահնորդի անունը, ազգանունը, պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը և ֆիրմային անվանումը։ Նշված փաստով 28.07.2020 թ․-ից ՀՀ Ոստիկանության ՀԱԱԳ վարչության կողմից իրականացվել է վարչական վարույթ։ Մասնավոր պահնորդները չեն ենթարկվել նաև ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի և անվտանգության իրականացման նպատակով օրինական կարգադրություններին և հայտարարություններին, ինչի հետևանքով ոստիկանները ստիպված են եղել պահնորդներին հեռացնել տարածքից։ ՀՀ Ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովը քննարկում է ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը։Կսպասենք վերջնական եզրակացությանը»,- գրել է նա։
15:53 - 28 օգոստոսի, 2020
ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենը Ամուլսարի թեմայով խնդրահարույց պնդումներ է արել

ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենը Ամուլսարի թեմայով խնդրահարույց պնդումներ է արել

Օրերս 24News-ի եթերում Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ու քննարկումների թեմայով հարցազրույցի ժամանակ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը հայտարարել է, որ սարը որպես ոսկու հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության իրականացրած ՇՄԱԳ-ը կատարված է բավականին բարձր մակարդակով եւ միջազգային չափանիշներին համապատասխան։ Թեեւ հնարավոր է՝ այդ գնահատումն իսկապես միջազգային ստանդարտներին համապատասխան է իրականացվել, սակայն 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից թաքցնելու դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Փորձաքննությամբ պարզվել էր, որ հիշատակված ՇՄԱԳ-ն ամենեւին էլ իդեալական չէ։ Նույն տարվա օգոստոսի վերջին՝ եզրակացության հրապարակումից օրեր անց, ELARD-ի փորձագետները ՀՀ կառավարության հետ տեսակոնֆերանսի ժամանակ էլ իրենց ծավալուն փաստաթուղթը մեկնաբանելիս հայտարարեցին, որ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ը թերի է եւ թույլ չի տալիս կուռ կերպով գնահատել կամ քանակական գնահատական տալ ազդեցությանը:  Փորձագետներից հիդրոերկրաբան Նիդալ Ռաբահը, մասնավորապես, նշել էր, որ իրենք չկարողացան գնահատել այդ ՇՄԱԳ-ի արժանահավատությունն ու վստահելիությունը՝ ելնելով բոլոր թերություններից՝ այսպիսով եւս մեկ անգամ հաստատելով, որ Ամուլսարի հարցում անհրաժեշտ է իրականացնել նոր բնապահպանական գնահատում, քանի որ եղած փաստաթղթերով հնարավոր չէ գնահատել իրական վտանգները։ Ընդ որում՝ ELARD-ի փորձագետները զարմացել էին, որ այդպիսի հարց եւ տեսակոնֆերանսի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարությունում, քանի որ զեկույցում այդ ամենի մասին հստակ գրված է եղել։  Երկրաբանական գիտությունների դոկտոր Մելիքսեթյանը նաեւ հիշեցրել է, որ խոսվում էր Ամուլսարի ծրագրի իրականացման դեպքում Սեւանա լճի վրա հնարավոր բացասակայն ազդեցության մասին, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, թե մասնագետներն ասացին, որ որեւէ վտանգ չկա։ Դարձյալ վերադառնալով ELARD-ի փորձաքննությանը՝ նշենք, որ ի սկզբանե, երբ պատվիրվել է այն, պոտենցիալ ազդեցության հիմանական մտահոգություն են հանդիսացել Սպանդարյան-Կեչուտ թունելի եւ Կեչուտի ջրամբարը, որոնք սնուցում են Սեւանա լիճը։ Ըստ փորձաքննության նյութերի՝ թթվային դրենաժից ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը դառնում են մակերեւութային ջրեր՝ աղբյուրներում, հոսանքներում եւ գետերում։ Հանքի բացահանքերի շրջակայքում խանգարված տարածքները կարող են գոյացնել թթվային դրենաժ, որը կհոսի անմիջապես մակերեւութային ջրեր։  Ժամանակավոր աղբյուրները, ըստ եզրակացության, բացահանքի շրջակայքում հանդիսանում են ստորգետնյա ջրերի կարճ ուղիներ։ Բացահանքի պատերից կարող է հոսել օրերի կամ ամիսների ընթացքում՝ կախված, թե ինչպիսի փոխկապակցվածություն ունեն ճաքերը եւ մակերեւույթը։ Գարնանային ձնհալի ժամանակ վաղանցիկ աղբյուրներից հոսքը վկայում է լեռնաշղթայի ճաքերի միջոցով հոսքի արագության մասին։ Ժամանակը, որի ընթացքում թթվային դրենաժի ազդեցությունը կրող հոսքերը հասնում են լեռան ցածրադիր գոտու մշտահոս աղբյուրներին եւ հոսքերին, ավելի երկար է, սակայն եթե խզվածքների եւ ճաքերի միջոցով ստորգետնյա ջրերի հոսքը լավ է փոխկապկցված, հոսքերի որոշ հատվածներում կարող է կրճատվել վաղանցիկ աղբյուրների հետ միախառնվելու ժամանակահատվածը։ Ոչ մշտահոս եւ մշտահոս աղբյուրների ջրերը եւ ստորգետնյա ջրերը, որոնք հատվում են լեռան բարձրադիր հատվածներում հիմնական գետերին կարող են հասնել մի քանի ժամվա ընթացքում։ Թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերի մեծ գետեր լցվելու ժամանակահատվածը, ըստ ELARD-ի, վիճելի է եւ կախված է ճեղքվածքների փոխկապակցվածությունից։ Թեեւ ELARD-ի փորձագետները նշել են, որ թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել եւ իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, ու Կեչուտի ջրմբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի, սակայն, միեւնույն ժամանակ, նրանք շեշտել են, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, այն կարող է ազդեցություն ունենալ Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սեւան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենա Սեւանա լճի վրա։ Ինչպես նաեւ, ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել աղբյուրներ եւ հոսքեր, որոնք իրենց հերթին լցվում են Կեչուտի ջրամբար։ Ընդ որում՝ ELARD-ն ընդգծել է, որ այդ պահին առկա տվյալների հիման վրա հնարավոր չէ ասել ստորգետնյա այդ ջրերի փոխանցման ժամանակը։ Այսպիսով, ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսենթյանի պնդումները, թե Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող ընկերության ՇՄԱԳ փորձաքննությունը կատարված է բավականին բարձր մակարդակով, եւ թե Ծրագրի իրականացման դեպքում Սեւանա լճին վտանգ չի սպառնում, ոչ միանշանակ են եւ խնդրահարույց։ Ըստ որում՝ Մելիքսեթյանն իր պնդումներին փաստական հիմքեր չի ներկայացրել։ Հայարփի Բաղդասարյան
14:42 - 28 օգոստոսի, 2020
Ամուլսարի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ քրեական գործի հարցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Ամուլսարի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ քրեական գործի հարցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Օգոստոսի 4-5-ին Ամուլսարի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ քրեական գործի հարցումը մերժվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ Բացի այս՝ Ամուլսարի տարածքից «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակներն ապամոնտաժելու առնչությամբ եւս քրեական գործ չի հարուցվել, իսկ պահնորդների մոտից եւ նրանց վագոն-տնակներից ապօրինի որեւէ առարկա չի հայտնաբերվել։ Հիշեցնենք՝ օգոստոսի առաջին օրերին Ամուլսարում իրավիճակը լարված էր։ Օգոստոսի 4-ին Ամուլսարը հանք դարձնելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայությունը գիշերը հանել էր սար տանող ճանապարհի մոտ բնակիչների տեղադրած տնակները եւ տեղադրել իրենցը։ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այդ գործողությունն, ըստ էության, իրականացրել էր սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Ջերմուկի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանի տրամադրած փաստաթղթի այն հիմունքը, ըստ որի՝ շարժական տնակները չեն գտնվում Ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում։ Ամուլսարի պաշտպանները, տեղի բնակիչները այդ օրը երեկոյան պահանջում էին, որ ոստիկանության նախաձեռնությամբ 30 մետրով հետ տարվն «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տնակները: Վայոց ձորի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, սակայն, նշել էր, որ նման քայլի դիմել չեն կարող։ Նա ակտիվիստներին հորդորել էր բացել ճանապարհն ու հաջորդ օրը շարունակել հավաքը, սակայն վերջիններս չէին համաձայնել։ Օրեր շարունակ տեւած ակցիաներից հետո ի վերջո «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակները տեղահանվեցին, սակայն ընթացքում նաեւ միջադեպեր տեղի ունեցան բնակիչ-բնապահպանների ու պահնորդների, վերջիններիս ու ոստիկանության ծառայողների, նաեւ ոստիկանների ու ջերմուկցիների միջեւ։ Բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանական մեքենան անցել էր բնապահպան-ցուցարարի ոտքի վրայով, նույն օրը երեկոյան նաեւ շուրջ յոթ բերման ենթարկվածներ եղան, բացի ցուցարարներից՝ վարչական ձերբակալման ենթարկեցին երկու պահնորդներ։  Ամուլսարում ընթացող ակցիաներին զուգահեռ՝ ի պաշտպանություն Ամուլսարի միջոցառումներ էին կազմակերպվում նաեւ Երեւանում։ Մայրաքաղում ակցիա իրականացնող քաղաքացիները եւս բերման ենթարկվեցին, այդ թվում՝ իրավապաշտպաններ։  Օրերս էլ, երբ ջերմուկիցներն ավտոերթով գալիս էին Երեւան՝ ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա անցկացնելու, այդ ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերության պահպնորդական ծառայության աշխատակիցները Ամուլսարի պահապանների մեքենաները հրելով դուրս էին հանել տարածքից ու փոխարենը կանգնեցրել իրենց «Կամազը»։  Հայարփի Բաղդասարյան
15:52 - 25 օգոստոսի, 2020
Ամուլսարում պահնորդական ընկերության հնարավոր խախտումների հանգամանքով ոստիկանությունում իրականացվել է վարչական վարույթ․ ՀԲՃ

Ամուլսարում պահնորդական ընկերության հնարավոր խախտումների հանգամանքով ոստիկանությունում իրականացվել է վարչական վարույթ․ ՀԲՃ

Սույն թվականի հունիսի 30-ին Լիդիան ընկերությունը փոխեց տարածքի պահպանության ծառայություն իրականացնող ընկերությանը՝ վարձելով «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ին։ Այս նոր պահնորդների գործունեությունն Ամուլսարում անմիջապես սկսվեց բռնի ու սադրիչ գործունեություններով, շան երեք ձագերին ավտոմեքենայի անիվների տակ ոտնատակ անելով, զենքի բացահայտ ցուցադրությամբ, Ամուլսարի պահապանների նկատմամբ սպառնալիքներով, տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատը /ՀԲՃ/։Դա շարունակվեց արդեն օգոստոսի հայտնի դեպքերով, երբ նրանք հեռացրին պահապանների տնակները, սանձազերծեցին բռնություններ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների, նույնիսկ՝ ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ։ Լիդիան ընկերության պաշտոնական մեկնաբանությունները հաստատում էին, որ վարձված ընկերությունը գործել է Լիդիանի անմիջական վերահսկողության ու ցուցումների ներքո։Նոր պահնորդական ընկերության կողմից ծառայությունն իրականացնելու ընթացքում օրենքի պահանջները չկատարելու հետ կապված բազմիցս բարձրացայնել են տեղացիները, իսկ Հայկական բնապահպանական ճակատը հուլիսի 17-ին դիմում էր ներկայացրել ոստիկանությանը՝ կապված ընկերության ներկայացուցիչների կողմից ֆիրմային տարբերանշաններ ու անուն-ազգանուն չկրելու հետ, ինչպես նաև խնդրել պարզաբանել, թե արդյո՞ք Ամուլսարում հայտնված համազգեստավոր անձինք պահնորդի որակավորում ունեն, թե ոչ։ Հիշեցնենք, որ ծառայության անցնելու առաջին իսկ օրվանից տեղացիների, Ամուլսարի պահապանների ու Ջերմուկի մայրուղով անցնող մարդկանց համար մեծ խնդիր էր Լիդիանի վարձկանների կողմից զենք կրելու հարցը։ Դեռևս հուլիսի 1-ին «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Ա․ Դանիելյանը Թեհմինե Ենոքյանի հարցին պատասխանել էր, որ «ըստ իրավիճակի կորոշեն՝ զենք կրեն, թե ոչ»։Պարզվում է, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայով ընդհանրապես քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի։ Այս մասին ոստիկանությունը հուլիս ամսին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ի պատասխան իր հարցմանը։ Իսկ ահա Հայկական բնապահպանական ճակատի հարցմանը ոստիկանությունը պատասխանել է օգոստոսի 21-ին՝ տեղեկացնելով, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊ ընկերության կողմից հնարավոր խախտումներ թույլ տալու հանգամանքով ոստիկանությունում իրականացվել է վարչական վարույթ։ Թե ինչ խախտումներ է արձանագրել ոստիկանությունը, պատասխանում չկա, կարելի է միայն ենթադրել, որ դրանք կարող էին վերաբերել լիցենզիայի թույլտվության սահմաններից դուրս զենք կրելու, Պահնորդական ծառայության մասին օրենքի պահանջները չկատարելու, ոստիկանության ներկայացուցիչների պահանջները չկատարելու հետ։Այդուհանդերձ, ոստիկանությունը հայտնում է, որ իրենց կատարած վարույթի արդյունքները ներկայացվել են ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը՝ առաջարկով, որ կասեցվի ընկերության լիցենզիայի գործունեությունը։ Լիցենզավորման հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքներով կայացվելիք եզրակացությունը կտեղադրվի azdarar.am ՀՀ հրապարակային ծանուցման պաշտոնական ինտերնետային կայքում։Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնություն  
16:46 - 24 օգոստոսի, 2020
«Լիդիան Արմենիան» հայցադիմում է ներկայացրել ԱԺ պատգամավորի դեմ

«Լիդիան Արմենիան» հայցադիմում է ներկայացրել ԱԺ պատգամավորի դեմ

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ` վերջինիս կողմից հարցազրույցի ընթացքում «Լիդիանի» Ամուլսարի ծրագրի վերաբերյալ խոսելիս «…կոռուպցիոն և հանցավոր ճանապարհով ձեռք բերված թույլտվություններ» «…նախկին կոռուպցիոն շղթաներով ամբողջությամբ կազմակերպած այդ հանցավոր գործարքը՝ Ամուլսարի, Լիդիանի» և նման արտահայտություններ կիրառելու համար: Ընկերության որակմամբ, ընդգծված արտահայտությունները զրպարտություն են, ոչ մի աղերս չունեն իրականության հետ և նպատակ ունեն արատավորել ընկերության գործարար համբավը: Ըստ էության կարող ենք փաստել, որ տարբեր շրջանակներ, քաղաքական ուժեր ներկայացնող մի շարք անհատներ այս ընթացքում «Լիդիան Արմենիայի» գործարար համբավն արատավորելու, Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու և բացասական տրամադրություններ ստեղծելու, կամ ինչ-որ խմբերի հաճոյանալու, քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով դիմել են հենց այս՝ զրպարտության միջոցին։ Նման հայտարարությունները ոչ միայն չեն ապացուցվել ավելի քան երկու տարվա ընթացքում, այլև առանձին դեպքերում դատարանի կողմից արդեն իսկ որակվել են որպես զրպարտություն։ Արման Բաբաջանյանի պարագայում նման անպատասխանատու հայտարարությունների փաստն առավել մտահոգիչ է, քանի որ խոսքը ոչ թե ակտիվիստի կամ ցուցարարի մասին է, այլ ՀՀ օրենսդիր իշխանությունը ներկայացնող և օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող ԱԺ պատգամավորի»։
15:35 - 24 օգոստոսի, 2020
Հնարավոր բախումների պատասխանատվությունը ընկնելու է իրավապահ մարմինների վրա. Լիդիան

Հնարավոր բախումների պատասխանատվությունը ընկնելու է իրավապահ մարմինների վրա. Լիդիան

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Լիդիան Արմենիան» տեղեկացրել էր, որ Ամուլսարի շուրջ արդեն երկու տարի ապօրինություն իրականացնող խմբավորումը շարունակում է սեփական մեքենաներն ապօրինաբար կայանել Ամուլսարի մուտքերի մոտ՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում։ Երկու տարուց ավելի իրավապահ մարմինների թողտվությունը և սեփական անպատժելիությունը վայելող այս խմբավորումն արդեն տևական ժամանակ խոչընդոտում է Ամուլսարի տարածքում աշխատող մարդկանց, այդ թվում սեփական համայնքի բնակիչների սննդի մատակարարումը, կեղտաջրերի և աղբահանության մեքենաների ազատ ելումուտը` ստեղծելով հումանիտար լուրջ խնդիր։ «Լիդիանը» ստիպված էր սեփական ուժերով ընկերության տարածքից հեռացնել ապօրինություն իրականացնողների մեքենաները` տարածքում անհրաժեշտ տարրական կենսական պայմանները, ինչպես նաև պահնորդների անխափան ելումուտն ապահովելու համար:Իրավապահ մարմիններին, ՀՀ կառավարությանը հիշեցնում ենք, որ օրինական գործունեության բոլոր իրավունքներն ունեցող «Լիդիան Արմենիայի» Ամուլսարի ծրագրի տարածքում աշխատում են աշխատելու օրենսդրական իրավունքներ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` շրջակա համայնքների բնակիչներ։ Նրանց աշխատանքի, անվտանգության, կյանքի երաշխավորը պարտավոր է լինել ՀՀ կառավարությունը՝ հանձին իրավապահ մարմինների։ Մինչդեռ անարգել ապօրինություն իրականացնող խմբավորւմը խոչընդոտում է Ամուլսարի տարածքում աշխատող Հայաստանի օրինապաշտ քաղաքացիների կենսական կարիքների հոգալուն և սպառնալիք է դարձել այդ համայնքների բնակիչների համար։ «Լիդիանը» օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու է իր աշխատակիցների անվտագության ապահովման համար։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց անմիջական գործառույթները և ապահովել տարածքում օրենքի վերականգնումը, այլապես համայնքում հնարավոր բախումների պատասխանատվությունը ընկնելու է իրավապահ մարմինների վրա»։
17:31 - 21 օգոստոսի, 2020
«Լիդիան»-ի պահնորդները սադրիչ քայլով ուզում էին այնպես անել, որ ի պաշտպանություն Ամուլսարի ավտոերթը Երեւան չհասնի․ Շիրակ Բունիաթյան

«Լիդիան»-ի պահնորդները սադրիչ քայլով ուզում էին այնպես անել, որ ի պաշտպանություն Ամուլսարի ավտոերթը Երեւան չհասնի․ Շիրակ Բունիաթյան

Երեկ երեկոյան, երբ ջերմուկցիներն ու բնապահպանները ավտոերթով Երեւան էին գալիս՝ ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնելու, սարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության պահպնորդական ծառայության աշխատակիցները Ամուլսարի պահապանների մեքենաները հրելով դուրս են հանել տարածքից ու փոխարենը կանգնեցրել իրենց «Կամազը»։ Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանն Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ մեքենան տեղակայել են այնտեղ, որտեղից վերջերս ապամոնտաժել էին «Լիդիանի»՝ ապօրինի տեղադրված վագոն-տնակները։ Մեր զրուցակիցը պատմեց, որ իրավիճակը երեկոյան լարվել է, պահնորդներն Ամուլսարի պահապանների հետ վեճի են բռնվել, քաշքշել են փոքրաթիվ քաղաքացիներին, հետո ջերմուկի բնակիչները եկել են սարի տարածք։ Իրավիճակը հանդարտվել է միայն այն ժամանակ, երբ մարզային ոստիկանական ուժերը եւս եկել են տարածք, ու, ինչպես ներկայացրեց Բունիաթյանը՝ պահնորդներն ուղղակի թաքնվել են ոստիկանների հետեւում։ «Մենք Երեւանից հետ գնացինք եւ իրենց առաջարկեցինք, որ մեքենան հանեն այդտեղից, իրենք չարձագանքեցին։ Ուզում էին պայմաններ թելադրել, որքան գիտեմ՝ մի քանի օր է՝ քաղաքացիները չեն թողնում՝ այդ մուտքերով սնունդ մտնի, դրա համար Սարավանի կողմից էին տանում սնունդը։ Սադրել են, դրա համար էլ քաղաքացիները բողոքի այդ ժեստն են կիրառել։ Միայն Սարավան գյուղից եկող ճանապարհով սնունդ բերելը բարդացնում է դրա տեղափոխման հարցը։ Իրենք ասել են, որ եթե մենքենան տանեն ներս, ուրեմն պետք է թողնենք, որ այդ մուտքերով սնունդ մտնի, մենք ասացինք, որ խնդիր չունենք մեքենայի հետ, բայց եթե ուզենան մեքենան հետ տանել, թույլ չենք տալու։ Այդպես էլ արել ենք, հիմա այդ մեքենայի դիմացից եւ հետեւից կանգնախ են մեր մեքենանները, եւ այն չի կարող տեղաշարժվել․ ստացում է՝ այն փոխարինում է մեր մեքենաներին»,- ասաց Բունիաթյանը։ Վերջինս այս քայլը եւս սադրանք որակեց եւ նշեց, որ այդ քայլով ոչ միայն ուզում էին այնպես անել, որ սնունդ տանելու հիմնական ճանապարհը բացվի, այլեւ որ ավտոերթը չհասներ Երեւան, հետ գար Ջերմուկ․ «Իրենք, իմանալով որ պոստերում քիչ մարդ կա, դիմել են այդ քայլին հենց այն ժամանակահատվածում, երբ ճանապարհին էինք։ Եթե նպատակը միայն մեկը՝ սննդի հարցը լուծելը լիներ, կսպասեին՝ հասնեինք Երեւան, նոր կանեին այդ գործողությունը։ Մենք ճանապարհի կեսին իմացանք, որ իրենք այնտեղ սկսել են այդ սադրիչ գործողությունները, ու, կարծում եմ, որ սա եւս մեկ փաստ է, որին կառավարությունը պետք է ականջալուր լինի եւ այդ սադրիչներին հեռացնի Ամուլսարից։ Ասեմ նաեւ, որ մի քանի օր առաջ, բնակիչներն ու պահնորդները պայմանավորվել էին, որ ամեն ինչ լինի առաջվա պես՝ հարթ ու համերաշխ, բնակիչները ոստիկանության տարածքային վարչության պետին էլ ասացին, որ պայմանավորվել ենք՝, սնունդն էլ այստեղից մտնի, բայց իրենք այդ ամենը կրկին խախտել են եւ հերթկան սադրանքն են արել»,- ասաց Բունիաթյանը՝ ընդգծելով, որ, փաստորեն, խնդիրը բնակիչներից չի գալիս։  Մեր զրուցակցի խոսքով՝ ի սկզբանե պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պահնորդները երեք մեքենայով պետք է մտնեին, դուրս գային, եւ բնակիչները չպիտի խոչընդոտեին նրանց աշխատանքը, բայց այսօր պահնորդներն իրենց վրա ավելորդ լիազորություններ են վերցրել եւ, Բունիաթյանի բնորոշմամբ, ինչ-որ ապօրինի զորքի պես, ուրիշ երկրի բանակի պես են դրսեւորում իրենց, որը հանդուրժելի չէ։ Բունիաթյանը հիշեցրեց, որ ժամանակին «Լիդիանն» ինքն էր Սարավանի կողմից փակել մուտքը, ու իրենք մինչեւ վերջ էլ այլ քայլի տրամաբանությունը չհասկացան, քանի որ ջերմուկցիներն այնտեղ որեւէ գործողություն չէին անում․ «Հենակետ էին դրել եւ կենտրանական մայրուղուց հողային ուղիով դեպի Ամուլսար տանող ճանապարհները Սարավանի կողմից փակել էին։ Մի քանի օր հետո, երբ տեսան, որ դա անտրամաբանական եւ ծիծաղելի է, բացեցին։ Հիմա նույն տրամաբանությամբ իրենց կամազով փակել են Ամուլսար մտնող հողային ճանապարհի մուտքը։ Ուզում եմ սա հատուկ նշել՝ որպես նույնպիսի անտրամաբանական, անհասկանալի գործողություն»;  Այս պահի դրությամբ Ամուլսարի տարածքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ոստիկանության պարեկային մեքենան հսկողություն է իրականացնում, քաղաքացիների հենակետում էլ շարունակվում է հերթափոխը, իսկ Լիդիանի մեքենան էլ շարունակում է մնալ բնակիչների մեքենաների արանքում, այսպես ասած, բլոկադայի մեջ։ Հայարփի Բաղդասարյան
16:47 - 21 օգոստոսի, 2020
Ակցիայի մասնակիցները հետ են վերադառնում Ջերմուկ. Ամուլսարում միջադեպ է եղել
 |24news.am|

Ակցիայի մասնակիցները հետ են վերադառնում Ջերմուկ. Ամուլսարում միջադեպ է եղել |24news.am|

24news.am: Բնապահպան-ակտիվիստների, Ամուլսարը հանք դարձնելու դեմ պայքարող քաղաքացիների՝ մոտ 3 ժամ տևած բողոքի ակցիան ավարտվեց: Ելույթների ժամանակ ցուցարարները հայտարարեցին, որ մինչև Ջերմուկից ավտոշարասյունը գալիս էր Երևան՝ բողոքի ակցիա անելու, «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փորձել են վագոն-տնակները տեղաշարժել դեպի Ամուլսարի տարածք, ինչպես նաև բռնություն են գործադրել Ջերմուկի բնակիչների նկատմամբ. հարվածել են նրանց և փորձ արել՝ շրջելու նրանց ավտոմեքենաները: Այս պահին ակցիայի մասնակիցները հետ են վերադառնում Ջերմուկ: Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները 2 հիմնական պահանջ առաջ քաշեցին. նախ նրանք պահանջում են, որ վարչապետը վերջնական որոշում կայացնի Ամուլսարի հետ կապված: Մյուս պահանջը վերաբերում էր ՇՄԱԳ-ը անվավեր ճանաչելուն: Ցուցարարները նաև 15 րոպե լռության ակցիա իրականացրին, որի նպատակն էր խախտել թեմայի վերաբերյալ պաշտոնյաների լռությունը:
19:46 - 20 օգոստոսի, 2020
Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները․ ՀԲՃ

Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2018թ-ի դեկտեմբերին վարչապետը ջերմուկցիներին ասում էր, որ միջազգային փորձաքննության արդյունքների հիման վրա կորոշվի Ամուլսարի հետագա ճակատագիրը։ Այդ արդյունքները Քննչական կոմիտեն հրապարակեց 2019թ-ի ամռանը՝ փորձելով դրանք ներկայացնել Լիդիանի համար դրական շեշտադրումներով։ Սակայն այդ ուսումնասիրությունը կարդացած մարդիկ թույլ չտվեցին հանրությանը մոլորեցնել։ Իսկ արդեն 2019թ-ի օգոստոսի 29-ին կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում ԷԼԱՐԴ-ի փորձագետները մեկ անգամ ևս հաստատեցին, որ Ամուլսարի հարցում անհրաժեշտ է իրականացնել նոր բնապահպանական գնահատում, քանի որ եղած փաստաթղթերով հնարավոր չէ գնահատել իրական վտանգները։ Նրանք զարմացած էին, որ այդպիսի հարց է առաջացել ՀՀ կառավարությունում, քանի որ զեկույցում այդ ամենի մասին հստակ գրված է եղել։ Նրանք նաև շատ զարմացած էին, որ տեսակոնֆերանսին մասնակցում են Լիդիան ընկերության ներկայացուցիչները։ Սակայն այս ամենից հետո ՀՀ կառավարությունը չկատարեց իր խոստումն ու խնդրի արդարացի լուծման բեռն ու պատասխանատվությունը թողեց ջերմուկցիների ու գիտակից քաղաքացիների ուսերին՝ չնայած նրան, որ կար շատ պարզ լուծում․ միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված փորձաքննական դրական եզրակացությունը։ Խնդրի լուծման անհարկի ձգձգումն ևս մի տարի՝ 2020թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին բերեց իրավիճակի լուրջ սրման և բախումների Ամուլսարի մատույցներում և Երևանում։ Մանրամասները՝ տեսանյութում »
13:42 - 20 օգոստոսի, 2020