Խաղամոլության ռիսկը մեծանում է. բուքմեյքերական գովազդը կարգելվի հեռուստատեսությամբ, համացանցով, ռադիոյով, կարգելվի նաև արտաքին գովազդը. ֆինանսների փոխնախարար |tert.am|
tert.am: 2019թ.-ի հունիսի 19-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է փոփոխություն գովազդի մասին օրենքում, որի ժամանակ ինտերնետ շահումով խաղերի գովազդի որոշակի սահմանափակումների պայմաններում, այնուամենայնիվ, հնարավորություն է եղել հեռուստաընկերությամբ, ռադիոյով, համացանցով գովազդներ իրականացնելու, որից հետո Ֆինանսների նախարարությունը, ՊՎԾ-ն սկսել են մշտադիտարկումներ իրականացնել 2000թ.-ից ուժի մեջ մտած գովազդային դաշտում, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում։ Այս մասին ԱԺ-ում ««Գովազդի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակներում ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։
«2020թ.-ի վերջում 2018թ.-ի համեմատ ունեցել ենք խաղադրույքների 6 անգամ աճ, իսկ միջին խաղադրույքներ կատարելը ավելացել է մոտ 3 անգամ։ Այս ամենը համադրելով միջազգային միտումներին՝ հասկացել ենք, որ մեզ մոտ այն շատ արագ է զարգանում և ռիսկեր կան, որ այդ զարգացման ընթացքում մեզ մոտ խաղամոլության ռիսկը մեծանում է։ Հասկանալով, որ ռիսկեր ունենք, հիմա վերադառնում ենք այն կարգավորումներին, որ ունեցել ենք մինչև 2019թ.-ը և առաջարկում ենք ինտերնետ շահումով խաղերի մասին գովազդը սահմանափակել` թողնելով միայն չորսաստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն վայրերի արտաքին և ներքին մասում, որտեղ իրենք գործունեություն են իրականացնում»,- ասաց փոխնախարարը։
Հայրապետյանի կարծիքով՝ այս նախագծով փորձ է արվում ինչ-որ չափով մեղմել այս իրավիճակը:
16:31 - 20 հունվարի, 2022