Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

ԱՍՀ նախարարը Դոհայում քննարկել է խնամատարության ինստիտուտի ուղղությամբ համագործակցության տարբերակները

ԱՍՀ նախարարը Դոհայում քննարկել է խնամատարության ինստիտուտի ուղղությամբ համագործակցության տարբերակները

Կատարի Պետության Սոցիալական զարգացման և ընտանեկան հարցերով նախարար Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա՝ «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» համաժողովին մասնակցելու նպատակով։   Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ կունենա մի շարք միջազգային գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ․ առաջիկայում Կատարի Պետության կողմից ստորագրման կներկայացվի նաև ոլորտային համագործակցության զարգացման հուշագիրը։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից: Նախարար Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հետ, որի ընթացքում քննարկվել են հավասար հնարավորությունների ապահովման, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում ՀՀ գործող դեսպան Արմեն Սարգսյանը։ Ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները` նախարար Մկրտչյանը, մասնավորապես՝ ընդգծել է Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնման ու e-disability.am հարթակի գործարկման կարևորությունը։ Ոլորտային մի շարք կարևոր թեմաներից զատ՝ քննարկվել է նաև Հայաստանում ու Կատարում աջակցող միջոցների արտադրությամբ և զարգացմամբ զբաղվող ընկերությունների վերապատրաստման ու փորձի փոխանակման հնարավորությունը, ինչը երկուստեք թույլ կտա նպաստել աջակցող միջոցների որակի բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև խնամատարության ինստիտուտի ուղղությամբ համագործակցության տարբերակները։ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ինստիտուտի զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքականությունը և նշել, որ վերջինիս կայացումը շարունակում է լինել ոլորտային առաջնահերթություններից։ Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են նաև քննարկված թեմաների շուրջ ՀՀ-ում ու Կատարում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներ և միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը։ Ընդգծվել է նաև ընտանիքի ինստիտուտի հզորացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը․այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության կողմից նոր ընդունված ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը՝ նշելով, որ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծումը փաստաթղթով սահմանված չորս հիմնական ուղղություններից մեկն է։
20:02 - 29 հոկտեմբերի, 2024
ԱՍՀ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալական աջակցությանն ու զբաղվածությանն առնչվող մի շարք հարցեր

ԱՍՀ նախարարը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալական աջակցությանն ու զբաղվածությանն առնչվող մի շարք հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ  սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ համագործակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ՝ լիահույս լինելով, որ այն հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել։ Անդրադառնալով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված ոլորտային առաջնահերթություններին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում կարևորել է նաև միջազգային գործընկերների դերը։ Այս համատեքստում նախարարը նշել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և նախարարության արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ հատկապես ոլորտային բարեփոխումների և գենդերային հավասարության ապահովման ուղղություններով։ Կողմերը դիտարկել են նաև լավագույն փորձի փոխանակման հնարավորությունը․ շեշտվել է փոխադարձ այցերի դերը, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ոլորտային քաղաքականություններին և բարեփոխումներին, ուսումնասիրել դրանք, և, ըստ անհրաժեշտության, տեղայնացնել։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալական աջակցությանն ու զբաղվածությանն առնչվող մի շարք հարցեր։  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում գենդերային քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ նախարար Մկրտչյանը ներկայացրել է Գենդերային ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը, ինչպես նաև Ժողովրդագրության ռազմավարությամբ ամրագրված գերակայությունները։  Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։  
15:41 - 22 հոկտեմբերի, 2024
Մենք այսօր հայեցակարգային փաստաթուղթ ենք ընդունում. Փաշինյանը՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը հաստատելու մասին
 |1lurer.am|

Մենք այսօր հայեցակարգային փաստաթուղթ ենք ընդունում. Փաշինյանը՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը հաստատելու մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին նախագծին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ դրա մշակման համատեքստում իրականացվել են ժողովրդագրական առկա վիճակի համապարփակ և համալիր վերլուծություն, ռազմավարության արդյունքային շրջանակի տեսլականի և ռազմավարական նպատակների ու գործողությունների ծրագրի մշակում, իրականացված վերլուծության և արդյունքային շրջանակի պաշտպանության անցկացում Վիեննայի Վիլկենշտեյնի ժողովրդագրության և համաշխարհային մարդկային կապիտալի կենտրոնում, բնակչության թվաքանակի կանխատեսման իրականացում Չեխիայի Չարլզի համալսարանում միջազգային փորձագետների և տեղական թիմի օժանդակությամբ: «Ժողովրդագրական առկա իրավիճակի համապարփակ վերլուծությունը ներառում է բազմաշերտ հետազոտություն, որի հիման վրա կառուցվել է համապարփակ՝ 125 տարվա ժամանակային հորիզոնն արտահայտող տվյալների բազմաբաղադրիչ բազա՝ ինտեգրելով այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ՀՀ վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության վերաբերյալ հրապարակած տվյալները, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տրամադրած տվյալները, ՀԲ-ի տրամադրած տվյալները և այլ վերլուծություններից բխած տվյալներ»,- ասաց Նարեկ Մկրտչյանը: Նախարարն ընդգծեց, որ վերլուծության շրջանակում կատարվել է ՀՀ արտաքին և ներքին միջավայրում սոցիալ-տնտեսական, մշակութային և քաղաքական զարգացումների վերլուծություն, ինչպես նաև ԼՂ ժողովրդագրական տվյալների վերլուծություն: «Ռազմավարությունը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը՝ հանգեցնելով այնպիսի կարևոր արդյունքների, ինչպիսիք են մարդկային կապիտալի զարգացումը, կյանքի որակի բարձրացումը, տնտեսական կայուն և ներառական աճը»,- ասաց նախարարը: Նարեկ Մկրտչյանը նշեց ռազմավարության 4 ռազմավարական թիրախները՝ ընտանիքի բարեկեցության միջավայրի ստեղծում, վաղաժամ մահերի կանխման համակարգ, ակտիվ ծերության ծրագրերի իրականացում, միգրացիայի կառավարման քաղաքականություն: «Մենք չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին: Պարզվում է, որ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Ժողովրդագրությունը մեր բոլորիս հավաքական գործունեության մասին է, և մեզնից յուրաքանչյուրի գործունեության որակն է կանխորոշում՝ Հայաստանում ժողովրդագրական բնույթի հարց կլինի թե չէ: Օրինակ՝ իրական Հայաստանի ռազմավարությունը մենք կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ, խաղաղության օրակարգը մենք կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ, պետական ինստիտուտների կայացման ռազմավարությունը և հարցը, որ մենք պետք է կենտրոնանանք պետության և պետական ինստիտուտների կայացման վրա, մենք դա կկարողանա՞նք իրագործել, թե՞ չէ»,- նշեց վարչապետը:   «Ժողովրդագրության ֆունդամենտալ հարցը հետևյալն է. Հայաստանի քաղաքացին կամ Հայաստանում բնակվող մարդը այս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե՞ չի տեսնում: Եթե սոցիալ-հոգեբանական մակարդակում մարդը ապագա չի տեսնում, ինչ ռազմավարություն ուզում եք ընդունեք, ինչ փող ուզում եք ծախսեք, հնարավոր չէ. մարդը պետք է ֆունդամենտալ առումով տեսնի, որ երկրում կա ապագա. ինքը, իր երեխաները, իր թոռները, ծոռները կարող են այստեղ ապրել, կրթություն ստանալ, լինել բարեկեցիկ, ազատ, և ստեղծագործական հաճույք ստանալ իրենց կյանքից, աշխատանքից և ՀՀ քաղաքացի լինելուց: Մենք այսօր, ըստ էության, հայեցակարգային փաստաթուղթ ենք ընդունում, որը պետք է ճյուղավորվի՝ կապվելով մեր բոլոր ռազմավարություններին: Մեր բոլոր ռազմավարություններն այն մասին են, որ ՀՀ-ն մի տեղ է, որի հետ արժե կապել սեփական և սեփական սերունդների կյանքը. սա է մեր գործնական խնդիրը, որը պետք է կարողանանք ապացուցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:02 - 17 հոկտեմբերի, 2024
Հայաստանում շուրջ 80 000 աղջիկ չի ծնվել՝ հղիության արհեստական ընդհատման հետևանքով
 |civilnet.am|

Հայաստանում շուրջ 80 000 աղջիկ չի ծնվել՝ հղիության արհեստական ընդհատման հետևանքով |civilnet.am|

civilnet.am: Վերջին տասնամյակներին հղիության արհեստական ընդհատման հետևանքով Հայաստանում չի ծնվել շուրջ 80 000 աղջիկ։ Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում ժողովրդագրական խնդիրների քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ այդ թիվը կարող էր էական լինել մարդկային կապիտալի զարգացման համար։ Հարցի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մարդկանց ինչ-որ մասն ուզում է ունենալ տղա երեխաներ։ Սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են։ Վերջերս մի տեղեկանք էի կարդում, որտեղ արված էր հետևյալ արձանագրումը, որ սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքականի հետ կապված խնդիր է լինելու։ Դա մեր վերարտադրողական պոտենցիալի վրա էական բացասական ազդեցություն է ունենալու կամ արդեն ունեցել է» Վարչապետը հայտարարեց՝ այս թեմայով հանրության հետ պետք է խոսակցություն ունենալ ու դա պետք է «լսվող խոսակցություն լինի»։ Թարմացում Նախարար Նարեկ Մկրտչյանի արտահայտությունը՝ «վերջին տասնամյակներում 80 հազար աղջիկ չի ծնվել», չափազանցված է ու իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին պարզել է  «Փաստերի ստուգման հարթակը»։ Ի պատասխան հարցին, թե նախարարը ինչ տվյալների հիման վրա է նման պնդում արել, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ելույթի համար հիմք են ընդունվել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» ուսումնասիրության արդյունքները։  «Հիմք ընդունելով այն, որ բնական ծնունդների գործակիցը պետք է լիներ 1.05, սկսած 1989թ․-ից ունենք 24,659 չծնված աղջիկ․ այսինքն՝ աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, Հայաստանն արդեն իսկ կորցրել է ոչ միայն աղջիկների, այլև պոտենցյալ ապագա մայրերի, որոնց չծնվելու ու երեխա չունենալու հետևանքով բնակչությունը նվազման կգնա 80.000 մարդով»: Ստացվում է՝ նախարար Նարեկ Մկրտչյանը միջազգային կազմակերպությունների հետազոտություններում նախանշված կանխատեսումները ներկայացրել է որպես իրականություն՝ սխալ տվյալներ հանրայնացնելով։
11:48 - 17 հոկտեմբերի, 2024
40+10 հազար դրամ ծրագրի շահառուների որոշ խմբի համար դիմումները կրկին ընդունվում են

40+10 հազար դրամ ծրագրի շահառուների որոշ խմբի համար դիմումները կրկին ընդունվում են

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ արդեն իսկ կարող են դիմում ներկայացնել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվելու համար։ Այս մասին հայտնում է Աշխատաքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով։  Դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույցը, որը տարածել է նախարարությունը, ստորև․  ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հղմամբ։ ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։ ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվեն ինքնաշխատ եղանակով։ ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։ ՔԱՅԼ 5․ «Իմ բանկային տվյալները» դաշտում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկն ու լրացնել բանկային քարտի 16 նիշ ունեցող համարը։ ՔԱՅԼ 6․ Հաջորդ քայլով անհրաժեշտ է նշել ունեք արդյոք անչափահաս երեխա, թե ոչ։ Եթե չի լրացել Ձեր երեխայի 18 տարեկանը, անհրաժեշտ է սեղմել այո և լրացնել իր մասին պահանջվող տեղեկատվությունը։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։ ՔԱՅԼ 7․ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով», ինչպես նաև կատարել համապատասխան նշում «Հավաստում եմ, որ իմ կողմից ներկայացված տվյալները հավաստի են» դաշտում։ ՔԱՅԼ 8․ «ՀԱՍՏԱՏԵԼ» կոճակ։ Դիմումը մուտքագրելուց հետո կնշվի, որ այն հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։  ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ․ անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն), *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է։ Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։
11:33 - 17 հոկտեմբերի, 2024
Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ

Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ

Ներկայացվող օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ներդնելու աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ, ինչը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրերը կկնքվեն թվային համակարգի միջոցով, կլինեն օրենսդրությանը համապատասխան, գրագետ և նույնանման: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրենքների նախագծերը: Զեկուցողը նշել է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի թվային եղանակով, համաժամանակյա ռեժիմով և ցանկացած պահին հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը: Հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների վերահսկողությունը, նվազեցնել փաստաթղթաշրջանառությունը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում կան խնդիրներ: Մասնավորապես, գործատուն միշտ չէ, որ պահպանում է աշխատանքային պայմանագրի կնքման գործընթացը. օրինակ՝ չեն նշվում աշխատաժամանակի տևողությունը կամ վարձատրության չափը և կամ մի շարք այլ պահանջներ: Դեպքեր կան, երբ տարբեր պատճառներով չի տրամադրվում նաև աշխատանքային պայմանագրի երկրորդ օրինակը: Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները: Համակարգը նախատեսվում է ներդնել երկու փուլով՝ կամավոր և պարտադիր: Կամավորը կներդրվի 2025 թվականի հուլիսի 1-ից և կտևի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը. դրանից հետո այն բոլորի համար կլինի պարտադիր: Թվային համակարգի մուտքը նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով և հանդիսանալու է համակարգի առանձին մոդուլ: Աշխատանքային պայմանագիրն աշխատողին հասանելի կլինի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման համակարգի միջոցով: Աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով կլինի կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Թվային համակարգի կառավարումն իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն, Տեսչական և հարկային մարմինները ունենալու են հասանելիություն համակարգին՝ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացակարգի շրջանակում և հարկային հսկողության մասով: Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն կտրվի այն ծավալով, որն անհրաժեշտ է օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման համար: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կարվի ամենը, որպեսզի համակարգը հասանելի լինի բոլորին և ապահովվի թվային անվտանգությունը: Փոխնախարարը նաև անդրադարձել է աշխատանքային պայմանագրերի վաղաժամկետ խզմանն ու նման համակարգի ներդրման միջազգային փորձին վերաբերող հարցերին: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ համակարգի ներդրումը բավականին առաջադեմ է և արմատական փոփոխություն է ներկայացնում: Նա առաջարկել է մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքների նախագծերում կատարել մի քանի տեխնիկական բնույթի շտկումներ: Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի՝ հոկտեմբերի 14-ի հերթական նիստում և ստացել դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցն ընդգրկել նաև առաջիկա ԱԺ հերթական օրակարգի նախագծում:
18:16 - 15 հոկտեմբերի, 2024
Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձեւը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից

Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձեւը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից

34-ամյա Արեւ Մելքոնյանը 1 տարեկանում անժամկետ հաշմանդամություն է ստացել, նրան տրամադրվել է վերականգնողական անհատական ծրագիր, որի հիման վրա տարիներ շարունակ անվասայլակ գնելու նպատակով պետությունից ֆինանսական աջակցություն է ստացել։ Այժմ, երբ լրացել է թե՛ անվասայլակի շահագործման, թե՛ վերականգնողական անհատական ծրագրի (այսուհետ՝ ՎԱԾ) գործողության ժամկետը, Արեւը ցանկանում է, ըստ սահմանված կարգի, փորձաքննություն անցնելու դիմում ներկայացնել՝ նույն եւ աջակցող մեկ այլ միջոց ստանալու համար, սակայն հենց այդ նպատակով պետության կողմից ներդրված e-disability.am էլեկտրոնային հարթակը նրան այդ հնարավորությունը չի տալիս։ Այս հարթակը ներդրվել է ընդամենը 1 տարի առաջ՝ սոցիալական ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։ Հարթակի մշակման եւ ներդրման համար պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 150 միլիոն դրամ՝ չհաշված միջազգային դոնորներից ստացված աջակցությունները։ Նյութում կարդացեք՝ Ինչ է իրենից ներկայացնում ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը Ինչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող անձինք Ինչու են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող որոշ ՀԿ-ներ դժգոհ այս բարեփոխումից Ինչպես է բարձրաձայնված խնդիրներին արձագանքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Ինչու է նոր ներդրված համակարգի օրինականության հարցը հասել դատարան Ֆունկցիոնալության գնահատման համակարգի աշխատանքի տրամաբանությունը Ըստ բարեփոխումների ծրագրի՝ հաշմանդամության կարգի տրամադրման նախկին համակարգը փոխարինվել է ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգով։ Դրանով գնահատման բժշկական մոդելից Հայաստանն անցում է կատարել սոցիալական մոդելի, ինչը նշանակում է, որ գնահատող հանձնաժողովներում ներգրավված են ոչ միայն բժիշկներ, այլեւ հարակից ոլորտների մասնագետներ՝ հոգեբան, լոգոպետ, վերականգնողաբան, մանկավարժ եւ այլք։ Բացի այդ, եթե նախկինում հաշմանդամության կարգը որոշում էին հանձնաժողովի անդամները, ապա այժմ այն որոշում է հիշյալ e-disability.am հարթակը ինքնաշխատ եղանակով՝ հանձնաժողովի անդամների գնահատականների հիման վրա։  Հայաստանում արմատական այս փոփոխությունների մասին հայտարարվել էր դեռ 2014 թ․-ին։ Այդ ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) ծրագրում էր նոր համակարգը գործարկել 2019 թ․ հունվարից։ Գործընթացը, սակայն, դանդաղեց, նախագիծը հանրային քննարկման դրվեց միայն 2022 թ․-ին։ Ի վերջո, 2023 թ․ փետրվարի 1-ից մասնակի, իսկ 2024 թ․ հունվարի 1-ից ամբողջապես ներդրվեց անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը։ Չնայած 10 տարի շարունակ մշակվելուն՝ նոր համակարգը հասցրել է մի շարք դժգոհությունների, մինչեւ անգամ դատական վեճի առիթ դառնալ։ 2022  թ․ Կառավարությունը սահմանեց անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը։ Ըստ դրա՝ քաղաքացին նախ դիմում է պոլիկլինիկա կամ բժշկական որեւէ հաստատություն, որտեղ թերապեւտը կամ բժիշկը նրան ուղարկում է համապատասխան հետազոտությունների, որոնք անհրաժեշտ են ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը կազմակերպելու համար։   Հաջորդիվ գործընթացը շարունակվում է էլեկտրոնային եղանակով։ Բժշկական հաստատությունը էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում ստեղծում է գնահատման ուղեգիրը։ Անձը  (կամ նրա օրինական ներկայացուցիչը) e-disability.am հարթակի միջոցով ներկայացնում է դիմում՝ կցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով ինքնագնահատականի թերթիկը։ Թերթիկում ներառված են մի շարք հարցեր՝  զբաղվածության, տեղաշարժման, կենցաղում առկա հնարավոր դժվարությունների, օժանդակ սարքերի անհրաժեշտության եւ այլնի մասին։ Դիմումն ուղարկելուց հետո համապատախան մանագետները կազմում են անձի վերաբերյալ ամփոփաթերթ։ Այն աղյուսակ է, որում ներառվում են ֆունկցիոնալության միջազգային դասակարգիչների` օրգանիզմի ֆունկցիաների (b), մարմնի կառուցվածքի (s), գործունեության ու մասնակցության (d) եւ միջավայրային գործոնների (e) ծածկագրերը, որոնք ենթակա են գնահատման։ Գնահատման արդյունքներն ամփոփվում են արձանագրությունում, որը իրենից ենթադրում է նույն այդ ամփոփաթերթը՝ յուրաքանչյուր ծածկագրի կողքին հանձնաժողովի նշանակած որակիչներով (0-4 բալային համակարգով)։ Տարիքային տարբեր խմբերի համար (0-2, 3-5, 6-14, 15-18 եւ 18 տարեկանից բարձր) սահմանված է ընդհանուր առմամբ 6 տեսակի արձանագրություն՝ ըստ հետեւյալ ոլորտների.  հենաշարժական խնդիրներ տեսողական, խնդիրներ լսողական խնդիրներ խոսքի եւ ձայնի խնդիրներ հոգեկան (մտավոր) խնդիրներ քրոնիկական հիվանդություններ։ Գնահատականների արձանագրությունը ներբեռնվում է համակարգ, որն էլ ինքնաշխատ եղանակով կայացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը՝ նրան ճանաչելով կամ չճանաչելով հաշմանդամություն ունեցող։ Ըստ ֆունկցիոնալության սահմանափակման տոկոսային միավորի՝ ընտրվում է ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ միջին (25-50%), ծանր (51-75%) կամ խորը (76-100%), եւ ժամկետը՝ 1 տարի, 2 տարի, 5 տարի, մինչեւ 18 տարեկան կամ անժամկետ։ Թեթեւ (5-24%) աստիճանի սահմանափակում ունեցող անձինք հաշմանդամություն ունեցող չեն համարվում, սակայն կարող են օգտվել որոշակի ծառայություններից։ Գնահատումից հետո հանձնաժողովը կազմում է Ծառայությունների անհատական ծրագիր (այսուհետ՝ ԾԱԾ), որում նշվում է տվյալ անձին առաջարկվող կամ երաշխավորվող ծառայությունների եւ աջակցող միջոցների ցանկը (պետական բյուջեից փոխհատուցվող եւ չփոխհատուցվող)։  Այս ողջ գործընթացը՝ դիմումը մուտքագրելու պահից մինչեւ որոշումն ընդունելու պահը, պետք է տեւի ոչ ավելի, քան 30 օր, իսկ որոշումը անձին պետք է տրամադրվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Սլաքի միջոցով կարելի է թերթել ինֆոգրաֆիկաները եւ ծանոթանալ վիճակագրական տվյալներին Կառավարությունն ընդլայնել է կրկնակի փորձաքննության դիմելու դեպքերի ցանկը Ֆունկցիոնալության գնահատումը լինում է երեք տեսակի՝ առաջնակի, կրկնակի եւ վերագնահատում, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված են որոշակի պայմաններ։ Այս տարվա հունիսի 27-ին Կառավարությունը փոփոխություններ կատարեց այդ պայմանների մեջ՝ սահմանելով, որ անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք աջակցող միջոց (անվասայլակ, լսողական սարք եւ այլն) ստանալու համար կարող են կրկնակի փորձաքննության դիմել։ Ըստ մեկ այլ որոշման՝ նախկին համակարգով տրված եւ գործողության մեջ գտնվող ՎԱԾ-ի հիման վրա անձը կարող է ստանալ նույն աջակցող միջոցից, իսկ եթե լրացել է ՎԱԾ-ի ժամկետը, Միասնական սոցիալական ծառայությունը նրան տրամադրում է տեղեկանք, որտեղ նշվում է ՎԱԾ-ով երաշխավորված աջակցող միջոցը։ Իսկ այն դեպքում, երբ անձին անհրաժեշտ է նախկինում չունեցած եւ ՎԱԾ-ում չներառված աջակցող միջոց, ապա նա պետք է  անցնի ֆունկցիոնալության գնահատում՝ ԾԱԾ ստանալու համար։ Հենց այս՝ վերջին դրույթն էլ վերաբերելի է Արեւ Մելքոնյանին, քանի որ նա, բացի իր հիմնական անվասայլակից, ցանկանում է նաեւ մեկ այլ աջակցող սարքի՝ կցորդիչի դիմում ներկայացնել։ Հարթակը, սակայն, ներառում է կրկնակի փորձաքննություն անցնելու միայն 2 դեպք՝ եթե լրացել է հաշմանդամության ժամկետը կամ առկա է վիճակի փոփոխություն։ Փաստացի, էլեկտրոնային հարթակը սինխրոնացված չէ օրենսդրական կարգավորումներին։ Էլեկտրոնային եղանակով կրկնակի գնահատման դիմում ներկայացնելու պատուհանը Միասնական սոցիալական ծառայությունում (ՄՍԾ) օրենսդրական փոփոխության մասին տեղյակ չեն եղել Արեւ Մելքոնյանը համաձայն չէ Կառավարության այն ձեւակերպմանը, թե հաշմանդամություն ունեցող անձինք իրենց դիմումի հիման վրա են կրկնակի փորձաքննություն անցնում։ Նա կարծում է, որ կառավարությունն իր քայլերով հանգեցնում է նրան, որ բոլորն էլ ստիպված լինեն դիմել․ «Ես չեմ կարողանում իրենց ստեղծած օնլայն հարթակում դիմում ներկայացնել, համակարգը ի սկզբանե հարցնում է՝ ինչի՞ համար եք ուզում կրկնակի փորձաքննություն անցնել, արդյո՞ք լրացել է հաշմանդամության ժամկետը, թե՞ ունեք վիճակի փոփոխություն, եւ քանի որ ինձ մոտ ոչ մեկն է, ոչ մյուսը, առանց դրա հայտը չի ընդունում»,- ասում է Արեւն ու հավելում՝ կայքը նաեւ մատչելիության խնդիր ունի, հատկապես՝ հաշմանդամության մյուս տեսակների՝ մտավոր եւ տեսողական խնդիր ունեցող անձանց համար։ Օրենսդրական ընթացիկ փոփոխությունների վերաբերյալ պատշաճ իրազեկված չեն անգամ Միասնական սոցիալական ծառայությունում։ Մոտ մեկ ամիս առաջ, երբ Արեւը, այս փոփոխությանը դեռ անտեղյակ, դիմել է Աբովյան քաղաքի միասնական սոցիալական ծառայություն, վերջինիս աշխատակիցն էլ, ըստ ամենայնի անտեղյակ լինելով, հրաժարվել է անձին տեղեկանք տրամադրել՝ ասելով, որ դրա սահմանված ձեւը առկա չէ, եւ առհասարակ, այդպիսի կարգ գոյություն չունի։ Շաբաթներ անց անձը ստիպված է եղել կրկին ՄՍԾ գնալու։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանին այս դեպքը չի զարմացնում,  ըստ նրա՝ մեկ այլ անգամ ՄՍԾ-ն հրաժարվել է անձին տեղեկանք տրամադրել անգամ ժամկետի մեջ գտնվող ՎԱԾ-ի հիման վրա՝ ուղարկելով նրան կրկնակի փորձաքննության։ Գործնականում այսպիսի մոտեցում ցուցաբերելով՝ պետությունը, ըստ Հովսեփյանի, հրաժարվում է նախկինում իր կայացրած ակտերից՝ մարդկանց դնելով ընտրության առաջ․ «Անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց մոտ արդարացիորեն առաջացել է լեգիտիմ ակնկալիք հանրային իշխանությունների նկատմամբ, որ իրենք ունեն իրենց անժամկետ հաշմանդամությունից բխող սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աջակցող սարքեր ստանալու իրավունք, բայց Կառավարությունը, փաստացի, որոշել է, որ պետք է խախտել այդ սկզբունքը եւ ընտրության առաջ կանգնեցնել հաշմանդամություն ունեցող հազարավոր անձանց․․․ Դա նաեւ արթնացնում է անարդարության զգացում՝ ինչո՞ւ պիտի մարդը կրկին ապացուցի, որ ինքը ունի այդ հաշմանդամությունը, եթե պետությունը նախկինում դա հաստատել է»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը։ Հովսեփյանը բացատրում է՝ մարդիկ, որոնք ունեն նախկին հանձնաժողովների հետ շփման վատ փորձ, գիտեն, թե ինչ է իրենց սպասվում, եւ խուսափում են դիմել, նույնիսկ երբ անհրաժեշտությունը կա։ Բացի այդ, դա հավելյալ ջանք եւ ռեսուրս է պահանջում։ Ոլորտին վերաբերող խնդիրները, սակայն, սրանով չեն ահմանափակվում։ Ըստ Հովսեփյանի՝ արդեն իսկ նոր բարեփոխումների անհրաժեշտություն կա, քանի որ այն, ինչ ամրագրված է Կառավարության որոշումներում, չի համապատասխանում նրան, ինչ կա գործնականում։  Դատարանը կորոշի ֆունկցիոնալության գնահատման համակարգի օրինականությունը 2023 թ․ օգոստոսին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Սոցհարցերի նախարարության դեմ՝ վիճարկելով նոր համակարգի օրինականությունը։ Կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը պատմում է, որ համակարգի մասնակի գործարկումից հետո իրենք տարբեր բողոքներ էին ստանում հաշմանդամություն ունեցող անձանցից այն մասին, որ կայացված վարչական ակտերով խախտվել են իրենց իրավունքները։ ՀԿ-ն, սակայն, չէր կարողանում հասկանալ՝ իսկապե՞ս խախտվել են, թե՞ ամեն ինչ եղել է օրինականության սկզբունքին համապատասխան, որովհետեւ վարչական ակտերը չունեին հիմնավորումների մաս․ «Մարդկանց մոտ անվստահություն է առաջանում կայացված վարչական ակտերի նկատմամբ, որովհետեւ նրանք չեն հասկանում՝ ինչո՞ւ իրենց վերաբերյալ կայացվեց հենց այդ որոշումը»։ Երբ ՀԿ-ն դիմել է նախարարությանը, վերջինս հրաժարվել է տրամադրել այն բանաձեւը, որով համակարգը հաշվարկում եւ որոշում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը։ Պատճառաբանությունն այն է, որ այդպիսով  կանխում են հնարավոր կոռուպցիան․ «Ըստ նախարարության՝ եթե գնահատող մասնագետները իմանան, թե ինչպես է բանաձեւը աշխատում, կսկսեն գնահատել այնպես, որ բանաձեւը տա իրենց ցանկալի արդյունքը։ Մինչդեռ սա անտրամաբանական հիմնավորում է, քանի որ բանաձեւի հիմքում չի կարող լինել այլ տրամաբանություն, քան այն է, որ ինչքան վատ է գնահատվում անձի վիճակը, այնքան ավելի հավանական է, որ հաշմանդամություն սահմանվի։ Բացի այդ, մասնագետները ժամանակի ընթացքում հասկանալու են այդ միտումները, եւ ըստ այդմ, ցանկացածը կարողանալու է իր ցանկալի արդյունքին համապատասխան գնահատում իրականացնել»,- ասում է Հովսեփյանն ու նշում, որ բանաձեւի ինչ-որ հատված իրենց հասանալի դարձավ դատական գործընթացի շրջանակում միայն։  Այդ ժամանակ են պարզել նաեւ, որ միջավայրային գործոնների գնահատումը բանաձեւի հաշվարկում հաշվի չի առնվում։ Սեպտեմբերի 19-ին Վարչական դատարանում մեկնարկեց այս գործով հիմնական դատալսումների փուլը։ «Ինֆոքոմը» դիմեց դատարանին՝ նիստի տեսա եւ լուսանկարահանման թույլտվություն ստանալու համար. հայցվոր կողմը՝ ի դեմս ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանի, կողմ արտահայտվեց, մինչդեռ նախարարության ներկայացուցիչը՝ ի դեմս իրավաբանական վարչության աշխատակից Անի Ասատրյանի, առարկեց՝ նշելով, որ քանի դեռ գործը դատաքննության փուլում է, դրա հանրայնացումը նպատակահարմար չէ։ Նախագահող դատավոր Աղասի Դարբինյանը անհասկանալի որակեց նախարարության դիրքորոշումը՝ որոշելով, որ առկա չէ որեւէ հիմք դռնբաց դատական նիստի տեսա եւ լուսանկարահանումը արգելելու համար։ Մանրամասնելով հայցի առարկան՝ փաստաբան Դավիթ Ասատրյանը ներկայացրեց հիմնական պահանջները՝ ոչ իրավաչափ ճանաչել Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշող բանաձեւը ստեղծելու, այն e-disability.am էլեկտրոնային համակարգի տեխնիկական եւ գործառույթային նկարագրում տեղադրելու եւ նույն  հարթակի միջոցով հաշմանդամություն ունեցող խմբերի նկատմամբ կիրառման հնարավորություն ստեղծելու գործողությունները։ Ասատրյանի խոսքով՝ այն, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն չունեն ծանոթանալ իրենց վերաբերյալ կայացված որոշումների հիմնավորումներին, հանգեցնում է նրանց իրավունքների խախտման․ անձինք գտնվում են պետության հետ անհավասար պայմաններում եւ չեն կարող վիճարկել այս կամ այն գործակցի կիրառման հարցը․ «Պետությունը՝ ի դեմս պատասխանողի, խտրական, տարբերակված եւ ոչ օբյեկտիվ վերաբերմունք ունի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ․ տարբեր ոլորտներում առկա են որոշակի գնահատում իրականացնելու տարբեր կարգավորումներ,  բայց չկա որեւէ տեսակի հարաբերություն, երբ անձը, օրինակ՝ նորակոչիկը, զինծառայության մեկնելուց առաջ փորձաքննություն անցնի եւ հետո չկարողանա տեղեկանալ, թե իրեն զինվորական հաշվառման կանգնեցնելու կամ չկանգնեցնելու որոշման հիմքում ինչ գործակից, ինչ պատճառաբանական մաս է դրված, եւ կան իրավական ակտեր, որոնք դա կարգավորում են»,- նշեց փաստաբանը։ Ասատրյանը մեջբերեց իրավունքի սահմանափակման՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունելի պայմանները․ այդ սահմանափակումը նախատեսվա՞ծ է օրենքով, այն ծառայո՞ւմ է օրինական նպատակի, այն անհրաժե՞շտ է ժողովրդավարական համակարգում, եւ արդյո՞ք սահմանափակումը համաչափ է։ Տվյալ դեպքում այս պայմանները, ըստ նրա, առկա չեն։ Ձախից՝ փաստաբան Դավիթ Ասատրյանը, ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը Նախարարությունն ամբողջությամբ առարկեց հայցադիմումին՝ պնդելով, որ կատարված աշխատանքների շնորհիվ ոչ թե խտրականություն, այլ հզոր համակարգ  է ստեղծվել։ Նախարարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը պարզաբանեց․  «Ինչ-որ փուլում ունեինք հայեցակարգ, որտեղ հանրայնացնում էինք այդ բանաձեւը, բայց երբ պիլոտների ժամանակ տեսանք, թե ինչպես են գնահատող մասնագետները փոխում որակիչը, որպեսզի ստանան այն աստիճանը, որն ուզում են, հասկացանք, որ մեծ ռիսկ ունենք»,- նշեց նա՝ հարց բարձրացնելով՝ ո՞րն է ավելի ձեռնտու թե՛ պետության, թե՛ անձի տեսանկյունից՝ հանրայնացնել բանաձեւը, կորցնել օբյեկտիվությո՞ւնը, թե՞ թաքցնել, բայց ունենալ անաչառ համակարգ։ Անդրադառնալով միջավայրային գործոնները այդ բանաձեւում չներառելուն եւ հաշմանդամությունը որոշելու գործընթացում փաստացի հաշվի չառնելուն՝ Հակոբյանը նշեց՝ միջավայրային գործոնները օբյեկտիվ գնահատելը ամենից բարդն է, սուբյեկտիվ գնահատման ռիսկը, ինչով պայմանավորված վերջնարդյունքը կարող է արհեստականորեն փոխվել, մեծ է, եւ առնվազն իրենց ուսումնասիրած երկրների մեջ չկա այնպիսին, որը կարողանա օբյեկտիվ գնահատել միջավայրային գործոնները․ «Միջավայրային գործոնները չենք ներառել, բայց ունենք հզոր գործիքակազմ, որով չափում ենք, թե անձը ինչ խնդիր ունի միջավայրում․ առաջինը ինքնագնահատականի թերթիկն է, որտեղ նշում է իր խնդիրները, երկրորդը՝ ունենք մեթոդաբանություն, որը չկար նախկինում, եւ միջազգային հարցաշար, որը մասնագետը լրացնում է, օրինակ, տնայց կատարելու միջոցով, եւ այս տեղեկությունները օգտագործվում են ԾԱԾ կազմելու համար»,- մանրամասնեց բաժնի պետը։ Ձախից՝ նախարարության ներկայացուցիչներ Անի Ասատրյանը, Աննա Հակոբյանը Հակոբյանի խոսքով՝ կան երկրներ, որտեղ, կախված ազգային առանձնահատկություններից, անձանց բանավոր խոսքը միայն հիմք է՝ հաշմանդամություն ձեւակերպելու համար․ «Մենք մեր երկրում դեռեւս չենք կարող նման քաղաքականություն մշակել եւ հիմնվել միայն անձի խոսքի կամ գնահատողի մոտեցումների վրա։ Դրա համար թվային այս համակարգն ենք մշակել, այս գործիքակազմն ենք մշակել, որի վրա 10 եւ ավելի տարի ենք աշխատել, այս մեթոդական ուղեցույցն ենք մշակել, որպեսզի կարողանանք հստակ տեսնել՝ մասնագետը, օրինակ, հենաշարժողական խնդիրը որ գնահատում է 4, արդյոք ճի՞շտ է, դա բխո՞ւմ է ուղեցույցից թե՞ ոչ, իսկ թե ինչպես է հաշվարկվում, շատ մեխանիկական կողմ է եւ չի կարող ազդել հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառման գաղափարի վրա»,- ասաց Աննա Հակոբյանը։ Նախարարությունը «շտկել է» դատարանում բարձրաձայնված խնդիրը Աննա Հակոբյանը իր ելույթում նշեց՝ երբ նախնական դատալսումների փուլում հայցվոր կողմը ներկայացրել է իր փաստարկները վարչական ակտերի հիմնավորում չունենալու վերաբերյալ, ինքը հարցը քննարկել է նախարարությունում, եւ արդեն մի քանի օր է, ինչ կայացվող ակտերը ունեն պատճառաբանական մաս։ Նախեւառաջ, ուշագրավ է, որ նախարարությունը այդ լրացումն արել է հիմա՝ դատական գործընթացի փուլում միայն, մինչդեռ դրա անհրաժեշտության մասին պետք է ի սկզբանե տեղյակ լիներ, քանի որ դա օրենքի պահանջ է։ Մասնավորապես, «Վարչական վարույթի եւ վարչարարության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր՝ փաստական եւ իրավական էական հիմքերը: Բացառություն կարող է լինել, օրինակ, այն դեպքում, երբ վարչական ակտերը հրատարակում են տեխնիկական միջոցների օգտագործմամբ, եւ յուրաքանչյուր առանձին դեպքում հիմնավորելու անհրաժեշտություն չկա: Տվյալ դեպքում, սակայն, հասկանալի է, որ գործ ունենք առանձին անձանց առանձին խնդիրների հետ, հետեւաբար յուրաքանչյուր որոշում հիմնավորելու անհրաժեշտություն կա։  Ինչպես երեւում է ստորեւ տեղադրված լուսանկարում, ակտի պատճառաբանական մասում ներառված են միայն իրավական հիմքերը, իսկ փաստական հիմքերի մասին որեւէ նշում չկա։ Մեր հարցին՝ արդյո՞ք այս հիմնավորումը համապատասխանում է «Վարչական վարույթի եւ վարչարարության մասին» օրենքի հիշյալ պահանջին, նախարարությունից ըստ էության չեն պատասխանել՝ գրելով միայն հետեւյալը․ «Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման հիմնավորման մեջ հղում է տրված այն իրավական ակտերին, որոնց հիման վրա կայացվել է համապատասխան որոշումը»։ Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման օրինակ Եվ չնայած որ գործնականում հիմնավորման բաժինը ավելացվել է, նախարարի՝ 2022 թ․ օգոստոսի 19-ի 108 Ա/1 հրամանում, որի հիման վրա հենց կայացվում են այս որոշումները, այդ փոփոխությունը մինչ օրս արված չէ (կամ առնվազն այն չի հրապարակվել)։ Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ իրավական ակտը ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաեւ ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը (այսինքն՝ իրավական ակտը՝ ներառյալ սկզբնական տեքստը, երբեւէ կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները): Ի դեպ, նախարարի՝ մեթոդական ուղեցույցները սահմանող հրամանները անհասկանալիորեն նշագրվել են «Ա» տառով, այսինքն՝ որպես անհատական իրավական ակտ, սակայն բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք անհատական իրավական ակտի հետ որեւէ աղերս չունեն։ Անհատական իրավական ակտը, ըստ օրենքի, նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետեւանքներ եւ վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց։ Մինչդեռ այդ հրամանները չեն վերաբերում կոնկրետ անհատների, դրանք սահմանում են կանոններ անորոշ թվով անորոշ անձանց կամ անձանց խմբի համար։ Այդպիսի ակտերը, ըստ օրենքի, նշագրվում են «Ն» կամ «Լ» տառով, այսինքն՝ որպես նորմատիվ կամ լոկալ իրավական ակտեր։ «Ինֆոքոմ»-ի հարցերի շրջանակին ծանոթանալուց հետո Նախարարությունը չեղարկեց հարցազրույցի պայմանավորվածությունը Թեմայի շուրջ հարցազրույց իրականացնելու համար դեռեւս օգոստոսի 17-ին դիմել ենք նախարարության լրատվության բաժին։ Այնտեղից տեղեկացրել են, որ պատասխանատու անձինք կա՛մ արձակուրդում են, կա՛մ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն, եւ սեպտեմբերի երկրորդ կեսին միայն գուցե հնարավոր լինի հարցազրույցը կազմակերպել։ Որոշել ենք սպասել եւ մեկ ամիս անց կրկին դիմել նույն հարցով։ Սեպտեմբերի 18-ին ստացել ենք հարցազրույցի համաձայնություն, իսկ 19-ին ձեռք ենք բերել նաեւ օրվա եւ ժամի պայմանավորվածություն։ Օրեր անց նախարարությունը խնդրել է ուղարկել նախատեսվող հարցերի շրջանակը, ինչը եւ արել ենք՝ ելնելով գործընկերային հարաբերություններից։ Արդյունքում, սակայն, հարցազրույցի նախորդ օրը նախարարությունը չեղարկել է պայմանավորվածությունը՝ պատճառաբանությամբ, որ ծանոթանալով հարցերի շրջանակին՝ այլեւս նպատակահարմար չի գտնում հարցազրույց տալ։ Փոխարենն առաջարկել է հարցերն ուղարկել գրավոր։ Չնայած լրատվամիջոցի հանդեպ այս անհարգալից եւ ոչ գործընկերային վերաբերմունքին՝ հարցերը, այնուհանդերձ, ուղարկել ենք՝ պայմանավորվելով դրան պատասխանել մանրամասն եւ հնարավորինս սեղմ ժամկետում։ Հարցման պատասխանը ստացել ենք 6 օր անց։ Հաշմանդամության գնահատման բանաձևում ներառված վճռորոշ ծածկագրերը ընտրվել են` հիմնվելով նախարարի հրամանի  գունանշված հատվածների վրա  Գրավոր հարցմամբ նախարարությանը խնդրել էինք պարզաբանել՝ ինչո՞ւ ամբողջությամբ հրապարակված չէ անձի ֆունկցիոնալությունը որոշող հաշվարկի բանաձեւը, անկախ բանաձեւն իմանալ-չիմանալուց հանձնաժողովի համար արդյո՞ք տրամաբանական չէ, որ որքան բարձր (ծանր) գնահատեն անձի ամփոփաթերթում նշված այս կամ այն ծածկագիրը, այնքան բարձր կսահմանվի նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը։ Այս հարցին, սակայն, նախարարությունը կոնկրետ չի պատասխանել։ Հղում կատարելով գնահատման կարգին եւ մեթոդական ուղեցույցներին՝ նշել են՝ իրավական ակտերի մեկնաբանությամբ գնահատման բանաձեւի մեջ ներառվում են միայն վճռորոշ ծածկագրերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ գնահատող մասնագետներին։ Հետաքրքրվել էինք՝ ամփոփաթերթում նշված եւ հանձնաժողովի կողմից գնահատված ծածկագրերից վճռորոշ ծածկագրերը եւ դրանց թիվը յուրաքանչյուր անձի եւ/կամ խնդրի դեպքում տարբե՞ր են, ի՞նչ իրավական ակտով են դրանք սահմանված, եւ արդյո՞ք ստանդարտացվել են ՀՀ-ում։ Նախարարությունից դարձյալ հղում են կատարել գնահատման կարգը սահմանող որոշմանը եւ մեթոդական ուղեցույցներին՝ չհստակեցնելով, թե ինչ իրավական ակտով են սահմանված եւ կոնկրետ ինչ սկզբունքով են ընտրվում վճռորոշ ծածկագրերը, նշել են միայն՝ դրանց ստանդարտացում «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով չի պահանջվում։ Դատական նիստի ժամանակ հայցվոր կողմի հարցին ի պատասխան՝ նախարարության ներկայացուցիչն ասաց, որ վճռորոշ ծածկագերը հատուկ գունավորում ստացածներն են։  Ավելի ուշ մեր ճշտող հարցին, թե ինչ գունավորման մասին է խոսքը, Մուշեղ Հովսեփյանը պարզաբանեց՝ հայցադիմումի պատասխանում  նախարարությունը գրել է, որ նախարարի հիշյալ հրամանում վճռորոշ ծածկագրերը գունանշել (highlight) եւ այդ տարբերակով ուղարկել են միայն «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնին՝ համակարգը կառուցելու եւ ընդգծված ծածկագրերը բանաձեւի մեջ ներառելու համար։ Այս մասին, սակայն, մեզ տված պատասխանում որեւէ խոսք չկա։ Եվ հասկանալի էլ չէ, թե ով է ընդգծել եւ ինչ սկզբունքով է ընտրել, թե որ ծածկագրերը պետք է ընդգրկվեն բանաձեւում։ Ըստ Սոցհարցերի նախարարության՝ նոր համակարգը ապահովում է ամեն անձի կարիքին համարժեք գնահատում Ըստ նաարխարության՝ Ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունների լայն տարանջատման նպատակն է առավել թիրախային գնահատել անձի կարիքը՝ ըստ հաշմանդամության տեսակի եւ ըստ տարիքային խմբի։ Եվ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր խմբի համար կարեւոր է որոշակի ծածկագրերի գնահատումը, տարբեր են նաեւ վճռորոշ ծածկագրերը․ «Հետեւաբար, e-disability համակարգը, ինչպես նաեւ բանաձեւը հաշվի են առնում այս բոլոր առանձնահատկությունները»։ Խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե ինչու միջավայրային գործոնները բանաձեւի հաշվարկի մեջ չեն ներառվել, եւ արդյոք դա չի հակասում այս բարեփոխման ընդհանուր տրամաբանությանն ու գաղափարախոսությանը, ըստ որի՝ բժշկական մոդելից անցում էր կատարվում սոցիալականի՝ հենց միջավայրային գործոններից ելնելով մարդկանց սոցիալական կարիքները հաշվի առնելու համար։ Նշենք, որ թե՛ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, թե՛ ներպետական նույնանուն օրենքով՝ հաշմանդամությունը սահմանվում է որպես իրավիճակ՝ պայմանավորված անձի առողջական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցությամբ։ Ի պատասխան՝ նախարարությունից նշել են՝ միջավայրային գործոնները թեեւ ներառված չեն ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը հաշվարկելու բանաձեւում, բայց դրանք հիմք են հանդիսանում համապատասխան ծառայություններ երաշխավորելու եւ ծառայությունների անհատական ծրագրում դրանք ներառելու նպատակով: Ըստ Նախարարության՝ մեթոդական ուղեցույցով սահմանված են ոչ միայն միջավայրային գործոնների ծածկագրերը եւ դրանց գնահատման չափանիշները, այլեւ  միջավայրային գործոնների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման հարցաշարը․ «Նման մանրակրկիտ փաստաթուղթ ստեղծելն ինքնանպատակ չէ, այն փաստում է, որ գնահատման ժամանակ միջավայրային գործոնները մանրամասն դիտարկվում և հաշվի են առնվում ծառայությունների անհատական ծրագրի մշակման ժամանակ։ Նշենք նաեւ, որ միջավայրային գործոնի գնահատումը շատ սուբյեկտիվ է, աշխարհում դեռեւս չկան միջավայրային գործոնները գնահատելու հստակ չափորոշիչներ կամ մեթոդաբանություն։ Միջավայրային գործոնների գնահատականը բանաձեւում ներառելու դեպքում, տվյալ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը կբարձրանա, դրանից բխող առնվազն կենսաթոշակի կամ նպաստի չափը կբարձրանա, սակայն լոկալ, զուտ տվյալ անձի համար որոշակի ծառայություններ իրականացնելուց զատ, հնարավոր չի լինի բացառել համընդհանուր անմատչելի միջավայրային խոչըդոտները»։ Ըստ հարցման պատասխանի՝ եթե անձը կարիք ունի նոր ծառայության, ենթադրվում է, որ առկա է նրա առողջական վիճակի կամ կարիքների փոփոխություն։ Արեւ Մելքոնյանի դեպքում, փաստորեն, առկա է միայն կարիքի փոփոխություն․  «Հետևաբար, նոր ծառայություն, այդ թվում նոր տեսակի աջակցող միջոց ստանալու համար կարեւոր է, որ նա անցնի ֆունկցիոնալության գնահատում բազմամասնագիտական թիմի կողմից, որն էլ գնահատված կարիքի հիման վրա կերաշխավորի անհրաժեշտ ծառայությունը՝ ծառայությունների անհատական ծրագրով։ Այնուամենայնիվ, հարցը ներկայումս քննարկվում է նախարարությունում, առաջիկայում հնարավոր լավարկումներ կատարելու նպատակով»։ Նախարարությունից հավելել են նաեւ, որ աջակցող միջոցների արժեքները սահմանվել են շուկայական գների ուսումնասիրության արդյունքում․ «Ներկայումս իրականացվում են աշխատանքներ աջակցող միջոցների ազգային ցանկը ընդլայնելու եւ վերանայելու ուղղությամբ։ Մշակվել  են շուրջ 190 աջակցող միջոցների տեխնիկական նկարագրությունները, ինչպես նաեւ դրանց  տրամադրման ցուցումները՝ դրանք կապելով անձի ֆունկցիոնալության գնահատման համատեքստում գնահատվող մասնակցության եւ գործունեության «d» ծածկագրերում  անձի ունեցած դժվարությունների հետ: Այնուհետեւ կիրականացվի դրանց ծախսակազմումը: Արդյունքում նախատեսվում է աջակցող միջոցների ընդլայնված ցանկը ներառել պետական բյուջեի միջոցներով տրամադրվող աջակցող միջոցների ցանկում»,- ասված է պատասխանում։ Մեկուկես տարի գործող համակարգի աշխատանքը գնահատելուց նախարարությունն առայժմ ձեռնպահ է մնացել, նշել՝ համակարգի արդյունավետությանը գնահատական հնարավոր է տալ որոշակի ժամանակահատված գործարկելու եւ մշտադիտարկում իրականացնելու արդյունքում։ Իսկ հետագա գործարկման հարցը պարզ կլինի առաջիկայում։ Հոկտեմբերի 7-ին գործի քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Այն կհրապարակվի հոկտեմբերի 28-ին։   Միլենա Խաչիկյան
21:09 - 12 հոկտեմբերի, 2024
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ դիտարկվել է նաև կառույցի աջակցության հնարավորությունը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված աշխատանքներում։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ոլորտային տարբեր բարեփոխումների իրականացման գործում։ Այս համատեքստում նախարարը, մասնավորապես՝ ընդգծել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված նպատակների իրագործման կարևորությունը՝ մանրամասնելով ռազմավարական 4 նպատակների ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ «Ցանկություն ունենք Հայաստանը դիրքավորել որպես ժողովրդագրական գիտելիքի ստեղծման և տարածման երկիր։ Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված ծրագրերի իրականացման գործում կարևորում ենք նաև հասարակության վարքագծային փոփոխությունների ուղղությամբ աշխատանքը, որովհետև հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում, ովքեր ունեցել են այլ կենսակերպ, պետք է շարունակական և արդյունավետ աշխատանքներ իրականացնենք դրանք վերափոխելու ուղղությամբ»,- ասել է նախարարը։ Ֆլորենս Բաուերը ևս կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների դերը։ Վերջինս նշել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կշարունակի աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնություններում։ Ֆլորենս Բաուերի խոսքով՝ տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել Ժողովրդագրության ռազմավարությունը։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը վերահաստատել է կառույցի՝ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանն ուղղված ջանքերին նպաստելու հանձնառությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը՝ գենդերային բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների, կարողությունների զարգացման ու թվային նոր գործիքների ներդման միջոցով։
18:41 - 10 հոկտեմբերի, 2024
Տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:   Խորհրդի անդամներ են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 անձ, խորհրդի քարտուղարությունն իրականացնում է նախարարի օգնականը։   «Առաջին նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ Հասարակական խորհրդի գործունեության նպատակի և անդամների լիազորությունների, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու ընթացակարգի և ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։   ՏԿԵ նախարար, խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը ողջունել է անդամներին և շնորհակալություն հայտնել խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Նախարարը ներկայացրել է խորհուրդը ստեղծելու հիմնական նպատակը, խոսել անդամների լիազորությունների և դերի մասին։   «Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են ակտիվ մարդիկ, որոնք մշտապես կապի մեջ են համայնքապետների, մարզպետների, Երևանի պարագայում՝ վարչական շրջանների ղեկավարների հետ։ Շփվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ և իրենց խնդիրների լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր գործադրում։ Խորհրդի անդամները 2 հիմնական դերակատարում ունեն՝ տեղում առկա խնդիրները հավաքել և ներկայացնել, այնուհետև տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների հետ փորձենք լուծումներ գտնել այդ խնդիրներին, և արդեն լուծումների մասին տեղում դուք իրազեկեք, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, տեղահանված անձանց շրջանում բարձրանա պետական ծրագրերի մասին իրազեկվածությունը»,- իր խոսքում մասնավորապես ընդգծել է նախարար Սանոսյանը։   ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացը պարզեցվել է, և վարույթը 90 օրվա փոխարեն ներկայումս տևում է միջինում երկու ամիս։   «Անչափահասները չեն դիմելու քաղաքացիության, քանի որ նրանց ծնողներին ՀՀ քաղաքացիության շնորհումից հետո զուտ անձնագրերի փոփոխությամբ է հարցը լուծվում։ Գործընթացը սահուն ու պատշաճ կազմակերպելու նպատակով ԼՂ-ից բռնի տեղահանվածների դիմումներն ընդունում են ծառայության մարզային բոլոր ստորաբաժանումները»,- նշել է Արմեն Ղազարյանը։   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը զեկուցել է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքի մասին, նշել, որ ծրագիր իրականացվում է երեք բաղադրիչով և առաջին փուլի շահառուներն են 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները և այն ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ:   «Երկրորդ բաղադրիչով իրականացվում է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, իսկ երրորդով՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրումն»,- իր խոսքում ասել է Գայանե Ղարագյոզյանը։   Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։   Ծավալվել է հարց ու պատասխան։ Հնչել են հարցեր Հայաստան տեղափոխված ազգաբնակչության բնակապահովման շահառու դառնալու, տեղահանված ուսանողների կրթության վարձավճարի փոխհատուցման, բռնի տեղահանվածների թոշակավորման գործընթացի և այլ թեմաների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:20 - 26 սեպտեմբերի, 2024
ԱՍՀ նախարարը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

ԱՍՀ նախարարը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի ղեկավար (AGFUND), Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ: «Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ դիտարկելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել համատեղել ջանքերը խնամատարության ինստիտուտի զարգացման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով»,- գրել է նախարարը։
16:26 - 26 սեպտեմբերի, 2024
Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպել է «Libra Group»-ի նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ. քննարկել են համատեղ ծրագրերի հարցը

Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպել է «Libra Group»-ի նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ. քննարկել են համատեղ ծրագրերի հարցը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի և նրա տիկնոջ՝ Սելենի ինստիտուտի ղեկավար Նիցիա Լոգոթեթիսի հետ։ Նախարարությունից հայտնում են, որ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը՝ երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման, արտերկրում ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով։ Նարեկ Մկրտչյանն ու Ջորջ Լոգոթեթիսը խոսել են նաև համատեղ իրականացվող ծրագրի մանրամասների մասին, որի շրջանակում հայ ուսանողներին հնարավորություն է տրվում աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում։
12:07 - 26 սեպտեմբերի, 2024
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկմանը Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկմանը Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի «Հայաստանի կայուն զարգացում և Սփյուռքի ներուժի ներգրավում» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:   Իր ելույթում նախարար Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադառնալով ժողովրդագրության, աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև թվայնացման ոլորտներում առկա մարտահրավերներին, իրականացվող աշխատանքին և հեռանկարներին։   Քննարկման շրջանակում նախարարը խոսել է ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված գերակայությունների մասին՝ նշելով, որ փաստաթղթի առանցքում 4 առաջնահերթություններ են՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, ծնելիության մակարդակի բարձրացում, ակտիվ և առողջ ծերության պայմանների ապահովում, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում․ այս տեսլականի իրագործման նպատակով՝ նախատեսվում է իրականացնել շուրջ 190 միջոցառում։ Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ ռազմավարությունն առաջիկայում կներկայացվի Կառավարության հավանությանը։ «Ծնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը հնարավորության կտա զարգացնել մարդկային կապիտալն ու խթանել ընտանիքների բարեկեցությունը։ Ժողովրդագրության ռազմավարության մշակմանը զուգահեռ՝ երեխա ունեցող ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով՝ ԱՍՀ նախարարությունը շարունակում է իրականացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխա ունեցող ընտանիքների աջակցության և մի շարք այլ ծրագրեր»,- ասել է նախարարը։   Անդրադառնալով մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման կարևորությանը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում մշակվող ռազմավարության կարևորությունը։ Նա նշել է, որ փաստաթղթում որպես հիմնանպատակ է սահմանվել զբաղվածության խթանումը՝ մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով։ Արդյունքում՝ ոլորտի քաղաքականության իրականացման համար թիրախային խմբեր են սահմանվել մարզային քաղաքները ներառող համայնքների աշխատանքային տարիքի քաղաքացիները, 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդները և միջին տարիքի չաշխատող կանայք։   Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ մինչ ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումների մեկնարկը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է որոշ պիլոտային ծրագրեր, ինչպես օրինակ՝ «Կանանց աքսելերատոր»-ը և «Պլատֆորմ #5»-ը, որոնք որոշակի օրինակ են ծառայել այլ երկրների համար։   Պանելային քննարկման ընթացքում նախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև սոցիալական ծառայությունների թվայնացման կարևորությանը՝ ներկայացնելով ճգնաժամային իրավիճակներում թվային գործիքների կիրառման հաջողված փորձն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։
18:47 - 19 սեպտեմբերի, 2024
Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ

Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ։ Նախարարությունը մանրամասներ է ներկայացրել, թե ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։    Հարց 1: Եթե ԼՂ-ում ստացել եմ կենսաթոշակ, ապա ՀՀ-ում անհրաժեշտություն կա արդյոք կրկին դիմել կենսաթոշակի նշանակման համար:   Պատասխան: Եթե Լեռնային Ղարաբաղում ստացել եք կենսաթոշակ, ապա ՀՀ-ում Ձեզ կենսաթոշակ կնշանակվի և կվճարվի գործող օրենսդրությանը համապատասխան՝ ներկայացված դիմումի համաձայն։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։   Հարց 2: ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում կենսաթոշակի որ տեսակների համար կարող եմ դիմել:   Պատասխան: ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար`   • աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),   • զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):   Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։   Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ համապատասխան մարմնի (օրինակ՝ Պաշտպանության նախարարություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ։   Հարց 3: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար արդյոք պարտադիր է ունենալ ՀՀ քաղաքացիություն:   Պատասխան: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու իրավունք տվող հիմնական պայմաններից մեկը ՀՀ-ի բնակության վայրի հասցով հաշվառում ունենալն է, այդ թվում՝ ոչ քաղաքացիների համար։ Ամբողջականը՝ այստեղ։
09:54 - 12 սեպտեմբերի, 2024
Նարեկ Մկրտչյանն ու Պետեր Սիյարտոն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանը

Նարեկ Մկրտչյանն ու Պետեր Սիյարտոն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ապահովման գործընթացներին, ոլորտային ռազմավարություններին, խոցելի խմբերին մատուցվող ծառայություններին, սոցիալական արդարության ապահովման կարևորությանը։ Կողմերը քննարկել են նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումները, իրականացված ու ընթացիկ ծրագրերը՝ այս համատեքստում շեշտելով նաև Հունգարիայի կառավարության կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունն ու դրա շարունակականության ապահովման պատրաստակամությունը։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հատկապես վերջին շրջանում երկու երկրների միջև բազմոլորտ կապերի ընդլայնումը ցույց է տալիս փոխադարձ հետաքրքրվածությունը՝ գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Զրույցի ընթացքում գործընկերներն անդրադարձել են նաև օգոստոսին երկու երկրների համագործակցությամբ իրականացված նախաձեռնություններից մեկին, որի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի: Նախարարներն ընդգծել են, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նոր փորձառություն ու լավ ժամանց են հաղորդում երեխաներին, այլև էապես նպաստում նրանց հուզական և հոգեբանական ապաքինմանը: Նշվել է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի։ Երկու երկրների նախարարները հանդիպման ավարտին կրկին վերահաստատել են պատրաստակամությունը խորացնելու բազմոլորտ համագործակցությունը՝ ընդգծելով առկա մեծ պոտենցիալը։
10:15 - 11 սեպտեմբերի, 2024
Սահմանվում են սոցիալական ծառայության նոր տեսակներ |armenpress.am|

Սահմանվում են սոցիալական ծառայության նոր տեսակներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում իրավական հիմքեր են ստեղծվում սոցիալական աջակցությունների ոլորտում բարեփոխումների համար:  Սոցիալական աջակցության մասին օրենքի նախագիծն ու հարակից 15 օրենքում փոփոխությունների փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը: «Սա հիմնարար ռեֆորմի փաթեթ է, իրավական բոլոր հիմքերն է ստեղծում սոցիալական աջակցությունների ոլորտում բարեփոխումներն ապահովելու համար»,-ասաց Ժամակոչյանը: Նա ներկայացրեց, որ նախագծով առաջարկվել են սահմանել և կարգավորել սոցիալական աջակցության ոլորտի, սոցիալական ծառայությունների նոր տեսակներ, օրինակ՝  ընտանիքի կենսապահովման կայունացման օգնությունը, սոցիալ-հոգեբանական օգնությունը, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը, սոցիալական պատրոնաժը, ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը, կենցաղային օգնությունը: Սահմանվել է հրատապ արձագանք պահանջող իրավիճակ հասկացությունը և դրա հետ կապված սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները: Սահմանվել է, որ 2029 թվականից հետո սոցիալական աշխատող կարող է հանդես գալ միայն սոցիալական աշխատանքի և հարակից ոլորտների բարձրագույն կրթություն ունեցող և հավաստագրված անձը: Ներդրվել է սոցիալական աշխատողների 3 տարին մեկ հավաստագրման ինստիտուտը: 
12:46 - 10 սեպտեմբերի, 2024