Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գործող քարտուղար, ռազմական, քաղաքական գործիչ։

Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ասկերանում։ 1977-1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն։

1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 2000 թվականի մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Պատգամավորական գործունեությունն իրականացրել է «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։ 2007-2010 թվականներին եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ 2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշնակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։ Անկուսակցական է։

2020թ․ դեկտեմբերի 2-ին նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհդրի քարտուղարի պաշտոնում։

Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ քննարկվել է Ստեփանակերտում ջրամատակարարման ընթացիկ վիճակը

Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ քննարկվել է Ստեփանակերտում ջրամատակարարման ընթացիկ վիճակը

Օգոստոսի 20-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային  խորհրդակցություն՝ նվիրված ջրամատակարարման ընթացիկ վիճակի քննարկման և ջրապահովման խնդրին հեռանկարային ու համալիր լուծումներ առաջարկելու հարցերին, հայտնում են ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից: Խորհրդակցությանը, որին մասնակցել են ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, ՀՀ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը, ինչպես նաև ոլորտային մասնագետներ, ներկայացվել են վերջին ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի խիստ սակավության խնդրի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, որոնց արդյունքում որոշակիորեն բարելավվել է բնակչությանը ջրով ապահովելու հարցը։  Ընդգծվել է ջրի առկա պաշարը խնայողաբար օգտագործելու, մուտքային ծավալներն ավելացնելու և ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու անհրաժեշտությունը։ Ներկայացվել են աշխարհում կիրառվող միջոցները, քննարկվել դրանք հայաստանյան գործընկերների մասնագիտական օժանդակությամբ Արցախում ներդնելու հնարավորությունները։  
12:40 - 20 օգոստոսի, 2021
Արցախի ԱԽ քարտուղարը Ստեփանակերտում խմելու ջրի խնդրի թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Արցախի ԱԽ քարտուղարը Ստեփանակերտում խմելու ջրի խնդրի թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Օգոստոսի 18-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ 24 ժամային ռեժիմով ամենօրյա աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ, որպեսզի բնակչության ջրային պահանջները բավարարվեն։Քննարկման ընթացքում նշվել է, որ մայրաքաղաքում բնակչության քանակի ավելացմամբ պայմանավորված է նաև առաջացել ջրային խնդիրը, որի լուծման ճանապարհներից է ջրի խնայողաբար և նպատակային օգտագործումը։
22:21 - 18 օգոստոսի, 2021
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ապրիլի 2-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված սահմանային գոտում առաջացող հրատապ հարցերի լուծման նպատակով գործող օպերատիվ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների կատարման ընթացքի հետ։ Ինչպես հայտնում են Արցախի անվտանգության խորհրդից, ներկայացվել են շփման գծում առկա իրավիճակի մշտադիտարկման, ըստ անհրաժեշտության՝ օպերատիվ լուծումներ պահանջող հարցերի լուծման մեխանիզմներին վերաբերող նկատառումներ։ Քննարկվել են ընթացիկ խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ պատասխանատուները ստացել են համապատասխան ցուցումներ։ Խորհրդակցությանը մասնակցել են առողջապահության, Էկոնոմիկայի և գյուղատնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Խաղաղապահ զորախմբի հրամկազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
19:23 - 02 ապրիլի, 2021
ԱՀ Աժ նախագահն ընդունել է Վիտալի Բալասանյանին

ԱՀ Աժ նախագահն ընդունել է Վիտալի Բալասանյանին

Մարտի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Քննարկվել են երկրի անվտանգության հետ կապված հարցեր: Ազգային ժողովի նախագահը անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարևան երկրի քաղաքական ուժերի անհանդուրժողական կեցվածքը: «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով պատերազմն է կանգնեցվել, Արցախի կարգավիճակի հարցը դեռ օրակարգում է,Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,այլապես կհայաթափվի, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը պիտի բարձրացվի», - ասել է Արթուր Թովմասյանը՝ շեշտելով, որ բանակցային գործընթացը պիտի շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:   Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստան կատարած այցի արդյունքներին: Քննարկվել է Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վանդալիզմի մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու հարցը: Քննարկվել են նաև օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացրել է խորհրդի հավանությանը արժանացած օրենքների նախագծերը, դրանք կքննարկվեն արտահերթ լիագումար նիստի ժամանակացույցով: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արտահերթ լիագումար նիստ է հրավիրվում Ազգային ժողովի նախագահին հասցեագրած պաշտոնական գրություն ուղարկելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
16:12 - 29 մարտի, 2021
Արցախի ԶՈւ-ն քանակական և որակական առումներով պահպանվելու է․ Վիտալի Բալասանյան
 |armeniasputnik.am|

Արցախի ԶՈւ-ն քանակական և որակական առումներով պահպանվելու է․ Վիտալի Բալասանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անդրադարձել է այն տեղեկությանը, թե Հայաստանն Արցախից հանում է իր ռազմական ստորաբաժանումները և այլևս զորակոչիկներ չի ուղարկելու Արցախ։  Վիտալի Բալասանյանը հավաստեց, որ Հայաստանից դեպի Արցախ ներկայումս զորակոչ չկա, սակայն նշեց, որ Արցախի բանակը համալրվում է պայմանագրային զինծառայողներով, հետևաբար Արցախի ԶՈւ–ն քանակական և որակական առումներով պահպանվելու է։ Ըստ նրա` իրականությունից շատ հեռու է այն տեղեկությունը, որ Հայաստանն իր ստորաբաժանումները հանում է Արցախից։  «Ցանկացողները կարող են գալ Արցախ, գրանցվել որպես ԱՀ քաղաքացի և ծառայել Պաշտպանության բանակում։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը գտնվում են այստեղ և խնդիր ունեն թույլ չտալ, որ լինի երկկողմանի ոտնձգություն, բայց դրան զուգահեռ Արցախի բանակի կառուցվածքային փոփոխությունների գործընթացը մեկնարկել է, համալրումը սկսված է։ Արցախի բանակն ի զորու կլինի վարել պաշտպանական մարտեր»,– նշեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Բալասանյանի գնահատմամբ` քանի որ արդեն աշխարհաքաղաքական նոր իրողություններ են ի հայտ եկել, ուստի Արցախին անհրաժեշտ է պրոֆեսինալ հիմունքներով բանակ, թեև ժամկետային զինծառայության տարբերակն էլ, ըստ նրա, ուժի մեջ է։ Բալասանյանի հավաստմամբ` Արցախի ԶՈւ պահեստազորում կան անհրաժեշտ թվաքանակով մարդիկ, ովքեր կհամալրեն բանակը, որն էլ կկատարի իր առջև դրված մարտական խնդիրները։
20:40 - 22 մարտի, 2021
Նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի հետ Ամարասի վանքում մասնակցել է Սուրբ Պատարագի

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի հետ Ամարասի վանքում մասնակցել է Սուրբ Պատարագի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի անդամների հետ փետրվարի 21-ին Ամարասի վանքում մասնակցել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։ Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հանրային կյանքում, հավաստիացրել, որ, համագործակցելով Արցախի թեմի հետ, կառավարությունը միջոցներ կհատկացնի յուրաքանչյուր կիրակի մայրաքաղաքից դեպի Հանրապետության շրջանների գործող եկեղեցիներ տրանսպորտային կապն ապահովելու համար։ Պատարագին մասնակցել են նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ՊԲ զինծառայողներ, ուխտավորներ։
18:10 - 21 փետրվարի, 2021
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել է հումանիտար օգնությանը վերաբերող հարցեր

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել է հումանիտար օգնությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը փետրվարի 13-ին ընդունել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Հայկական ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչ, արցախյան պատերազմի մասնակից, ռազմական ֆոտոլրագրող Վյաչեսլավ Ավանեսյանին։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԽ գրասենյակից, քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով մեծապես տուժված Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնությանը վերաբերող հարցեր։ Վյաչեսլավ Ավանեսյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած կառույցի կողմից Արցախի Հանրապետությանն է տրամադրվել սոցիալական նշանակության հումանիտար օգնություն, որի առաջին խմբաքանակն արդեն ներկրված է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցության գործընթացի շարունակական կազմակերպման մասին։
18:08 - 13 փետրվարի, 2021
Վիտալի Բալասանյանն անդրադարձել է ՊԲ-ի կազմալուծման լուրերին. կկազմավորվեն պայմանագրային հիմունքներով ստորաբաժանումներ

Վիտալի Բալասանյանն անդրադարձել է ՊԲ-ի կազմալուծման լուրերին. կկազմավորվեն պայմանագրային հիմունքներով ստորաբաժանումներ

Արցախի պետական մարմինները զբաղվում են պայմանագրային հիմունքներով, պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով: Այս մասին տարածած հայտարարության մեջ նշել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում` պետական շենքերին, տեղադրվելու է ադրբեջանական պետական դրոշ: Հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և  սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և ըստ այդ լուրերի տրամաբանության՝ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով, պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով: Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի՝ Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղն առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե մասնավորապես Ստեփանակերտի առևտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից: Սիրելի΄ արցախցիներ, Արցախի Հանրապետության իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին,  պետությունը մշտապես հանձնառու է՝ կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները: Ըստ այդմ՝ կոչ եմ անում, տուրք չտալ կեղծ լուրերին և  հավատացած լինել, որ արվել,  և  արվում է ամեն ինչ՝ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ»,-նշված է  Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ:
11:42 - 04 փետրվարի, 2021
Կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցնել մարտական հերթապահության. Վիտալի Բալասանյանը՝ ասկերանցիներին

Կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցնել մարտական հերթապահության. Վիտալի Բալասանյանը՝ ասկերանցիներին

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների եւ Արցախյան պատերազմներին մասնակցած տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ասկերանի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան։ «Անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին՝ Բալասանյանը շեշտել է, որ անհրաժեշտ է օր առաջ ծառայություն սկսել պետական սահմանների պաշտպանության հարցում: Ըստ Բալասանյանի՝ Ասկերանի շրջանում պահեստազորից պետք է կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցկացնել յոթօրյա պարապմունքներ ու անցնել մարտական հերթապահության: Այն կկոչվի սահմանապահ ծառայություն, որը տարիքային սահմանափակումներ չի ունենա, և ծառայողները կվարձատրվեն: Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերի մասին, որոնք հիմնականում կապված են եղել բնակչության անվտանգության, տիրող անորոշ իրավիճակի և հետագա անելիքների հետ: Վիտալի Բալասանյանը պատասխանել է ներկաների հարցերին»,- նշված է հայտարարության մեջ։
18:24 - 28 դեկտեմբերի, 2020
Արցախի փաստացի ղեկավարը լինելու եւ արցախցիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին. Վիտալի Բալասանյան
aravot.am

Արցախի փաստացի ղեկավարը լինելու եւ արցախցիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին. Վիտալի Բալասանյան aravot.am

aravot.am: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Aravot.am-ին, որը ներկայացնում ենք ստորև․-Պարո՛ն Բալասանյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի ներկայիս անվտանգությունը: Կան արցախցիներ, որոնք պատերազմի հետեւանքով դուրս են եկել Արցախից եւ, չնայած այն բանին, որ նրանց բնակավայրերը պահպանվել են, դեռ մտադրություն չունեն վերադառնալու՝ հաշվի առնելով հետպատերազմյան եւ դեռեւս չճշգրտված սահմանների անորոշ իրավիճակը, գերության մեջ հայտնվելու վտանգը: -Չկա այդպիսի հասկացողություն, որ ինչ-որ մի տեղ անվտանգ է: Ընդհանրապես աշխարհում չկա մի անվտանգ կետ: Ընդհուպ այն պետություններում, որոնք այսօր պատերազմական գործողությունների մեջ չեն, այդ երկրներում տեղի են ունենում ահաբեկչություններ: Ցույց տվեք մի երկիր, որտեղ այդ ահաբեկչական գործողությունները չեն կատարվում: Մենք հաճախ լսում ենք, թե գերտերություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինչպես են մտնում դպրոցներ՝ կրակում: Յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր բնակիչ, երբ իր մասնակցությունը բերում է պետականաշինության, պետության անվտանգության գործին, որը ներառում է եւ ժողովրդի անվտանգությունը, ավելի շուտ են այդ հարցերը լուծվում:Հիմա մենք տարբեր ծրագրեր ենք մշակում. Արցախի հանրապետությունն ունենալու է իր սեփական զինված ուժերը, մենք ուժեղացնելու ենք ոստիկանական ուժերը, Ազգային անվտանգության ծառայության ուժերը: Մեր պահեստազորն ու աշխարհազորը օրենքի շրջանակներում ռազմականացնելու ենք, անցնելու ենք սահմանապահ ծառայության, խաղաղապահ ուժերն իրենց առաքելությունն են իրականացնելու եւ այն կոնտինգենտը, ինչը մտնում է խաղաղապահ ուժերի մեջ: Դա վերաբերում է ե՛ւ օդանավակայանին, ե՛ւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ե՛ւ այն բուժծառայությանը, որը Ռուսաստանի Դաշնությունից տեղակայված է Արցախում: Մենք ունենք երկու դաշտային հոսպիտալ, որի հետ իրականացնում ենք այդ աշխատանքները, որոնք համաձայնեցված են: Իհարկե, այս պահի դրությամբ չկան այդ փաստաթղթերը, բայց այդ համագործակցության փաստաթղթերը լինելու են՝ ռազմական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, արտակարգ իրավիճակների, սահմանապահ ծառայությունների:Մենք սուբյեկտ ենք եւ անկախ ամեն ինչից՝ միջազգային ճանաչում ունի Արցախը, թե՝ ոչ, դա մեզ համար երկրորդական է, եւ այն արցախցիները, որոնք պատերազմական գործողությունների ժամանակ մեկնել են այլ երկրներ, թե՛ Հայաստանի Հանրապետություն, թե՛ Ռուսաստանի Դաշնություն, կոչ եմ անում ու հորդորում եմ թող արագ վերադառնան իրենց օջախները: Թող վստահ լինեն, որ անվտանգության հարցերը լրիվ կարգավորված են եւ անվտանգության բաղադրիչն ավելի ենք ուժեղացնելու:-Պարո՛ն Բալասանյան, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի փաստացի ղեկավարը դուք եք, ինչպե՞ս կմեկնաբանեք: -Ես ի պաշտոնե զբաղեցնում եմ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Իհարկե, այսօր անվտանգության խորհուրդն ունի նոր կառուցվածք, նոր կանոնակարգ, անվտանգության խորհրդի անդամների, ընդհանրապես՝ խորհրդի լիազորությունները մեծացել են, երեւի դա են հաշվի առել: Արցախի Հանրապետության փաստացի ղեկավարը նախագահն է, այս պահի դրությամբ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Երբ որ նոր ընտրություններ կլինեն, կլինի նոր նախագահ: Ես իմ պարտականությունները կատարում եմ իմ լիազորությունների շրջանակում: Օրինապաշտ մարդ եմ, չեմ փորձել եւ չեմ փորձի իմ իրավունքներն ի պաշտոնե չարաշահել:Պաշտոնի գալուց առաջ դուք պայման դրեցիք, որ ուժային բոլոր կառույցները գտնվելու են ուղիղ ձեր համակարգման դաշտում, պահպանվո՞ւմ են այդ պայմանները։-Այո:Կան տեղեկություններ, որ մոտ ապագայում արցախցիներին ռուսական անձնագրեր են տրամադրվելու: Կա՞ այդպիսի նախաձեռնություն: -Ես չգիտեմ՝ լուրերը որտեղից են, որեւէ բան մի բացառեք: Կա Արցախի Հանրապետության կարգավիճակի հարց: Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանի Դաշնությունը կճանաչի այն սահմանները, որը մենք առաջարկություն ենք արել: Մենք առաջարկել ենք բարձրաձայն, դա լինելու է նաեւ Ղարաբաղի Հանրապետության սեփական տարածքները: Ընդլայնելու ենք այս տարածքները ու Ռուսաստանի Դաշնությունը կճանաչի Արցախի Հանրապետության տարածքն իր ժողովրդով, չի բացառվում, որ արցախահայությունը կարող է դիմի եւ գնա այդպիսի քայլի, որեւէ բան մի բացառեք, որովհետեւ դա ժողովրդի որոշումն է: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այն սահմանները, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կամ միջազգային հանրության կառույցների կողմից, մենք այդ սահմաններից դուրս ենք ապրում, բայց ունենք Հայաստանի Հանրապետության անձնագրեր: Իհարկե, Արցախում կան Արցախի Հանրապետության անձնագրեր, բայց այդ անձնագրերը միջազգայնորեն ճանաչված չեն, որովհետեւ մեր կարգավիճակը չի ճանաչվել: Նորից եմ ասում՝ չի բացառվում:-Եթե պատերազմից 3 ամիս անց ամփոփենք տեղի ունեցածը, ի՞նչ եզրահանգման եք եկել, ինչո՞ւ եղավ պատերազմը, արդյոք կարո՞ղ էինք կանխել այն, ինչպես որոշ քաղաքական գործիչներ եւ նաեւ մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր պնդում իր վերջին հարցազրույցում: -Մեր սխալ վարած արտաքին քաղաքականության արդյունք էր: Միանշանակ կարող էինք չունենալ այս պատերազմը: Ես չգիտեմ՝ ով ինչ էր ասում, ես իմ խոսքերի համար եմ պատասխան տալիս եւ ուրիշների ասածները չեմ ցանկանում վերլուծել եւ գնահատական տալ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր գնահատականները տալ եւ վերլուծություններն անել:Կարդալ ավելին՝ aravot.am-ում։
12:08 - 27 դեկտեմբերի, 2020
Հարություն Բաբայան. «Թշնամին ամբողջությամբ տիրապետել է մեր վարքագծին. մեզ մոտ հենակետերի միջև կապի խզում է եղել» |hetq.am|

Հարություն Բաբայան. «Թշնամին ամբողջությամբ տիրապետել է մեր վարքագծին. մեզ մոտ հենակետերի միջև կապի խզում է եղել» |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ռազմական գործողությունների ընթացքում եղել է Սյունիքի մարզում, նաև Արցախում, ասում է իր հիմնական աշխատանքով` օրենսդիր գործունեությամբ այդ ընթացքում չի զբաղվել: Պատգամավորը մեզ հետ զրույցում ներկայացրեց դիտարկումները թե իր արձանագրածի, թե մարտական գործողություններին մասնակցած ընկերների, այդ թվում 70-ամյա հոր պատմություններից, որը որպես կամավոր է մեկնել Արցախ: Բաբայանն ասում է, որ ինքն ամբողջ պատերազմի ընթացքում Խնձորեսկից մինչև Մեղրի անընդհատ բոլոր դիրքերով շրջել է` հասկանալու, թե ինչով կարող է օգնել: Պատգամավորն ուշադրություն է հրավիրում Մեղրիում զոհվածների փաստին՝ օրինակ բերելով նաև նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանին, ասում է այդ հատվածում 12 զոհ ենք ունեցել, սակայն պաշտպանություն իրականացնողները համապատասխան զինտեխնիկա չեն ունեցել: Անարձագանք են մնացել Պաշտպանության նախարարությանն ուղղված այն կոչերը, որ Մեղրիում հրետանի է հարկավոր: «Մարտական գործողությունների ժամանակ որոշակի շեղումներ եղել են, ու այդ շեղումները հանգեցրել են անկազմակերպվածության, հետադարձ կապի բացակայության կամ ոչ ճիշտ կոորդինացիայի: Թշնամին ամբողջությամբ տիրապետել է մեր վարքագծին, կարողացել է էնպիսի ազդեցություն թողնել, որ մեզ մոտ ջոկատների, հենակետերի միջև կապի խզում է եղել»,- պատմում է Հարություն Բաբայանը: Պատգամավորն այն համոզմունքին է, որ պետք է ստեղծվի փաստահավաք խումբ, որը քննելու է այս ռազմական գործողությունների ողջ ընթացքը: Պաշտոնատար անձինք, ըստ նրա, իրավունք չունեն պարզապես հրաժարականի դիմում ներկայացնել և հեռանալ, բոլորը պետք է փաստահավաք խմբի հարցերին պատասխանեն: Օրինակ` ի՞նչ են զեկուցել, ինչպե՞ս են զեկուցել, կամայական զորամասի որևէ հրամանատար ինչ մարտական խնդիր է կատարել և այլն: Բաբայանի կարծիքով` նման անձինք չպետք է Հայաստանից բացակայեն, իսկ պաշտոնատար անձինք, որոնք պետք է հարցերի պատասխանեն, շարունակ հրաժարականներ են ներկայացնում: «Հունան Պողոսյանը Սյունիքի մարզը թողնում, գնում է: Ինչի՞ է գնում, բացատրություն պետք է տա, ախր հո ամուսնալուծություն չի՞, որ կնոջդ ասես` այլևս չեմ կարող ապրել քո հետ… ուղղակի պատասխանատվությունը կորել է»,- ասում է մեր զրուցակիցը: Հարություն Բաբայանը լիահույս է, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն արագ կապաքինվի և հանրությանը կներկայացնի իր վերլուծությունները: Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
19:06 - 02 դեկտեմբերի, 2020
Արցախում տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են. Աբովյան
 |pastinfo.am|

Արցախում տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են. Աբովյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մանե Թանդիլյանը՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։ «Փաստինֆո»-ն ԱՀ-ում նոր նշանակումների վերաբերյալ զրուցել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ։ - Պարոն Աբովյան ինչպե՞ս եք գնահատում այդ երկու պաշտոններում նոր նշանակումները, մասնավորապես Վիտալի Բալասանյանի նշանակումը ԱԽ քարտուղարի պաշտոնում՝ հաշվի առնելով Վիտալի Բալասանյանի դիրքորոշումը ՀՀ իշխանությունների վերաբերյալ։ - Վիտալի Բալասանյանը շատ պարկեշտ, խիզախ հայ մարդ է։ Իրականում շատ ուրախ եմ, որ Արցախում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, սակայն հաշվի առնելով բոլոր հանգամանքները, այս պարագայում թույլ տվեք առայժմ չմեկնաբանեմ։ - Նկատի ունեք, որ ԱՀ իշխանությունները կամ այնտեղի քաղաքականությունն առանձնանու՞մ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից։ - Ես նման բան չասացի։ Պարզապես փաստն եմ արձանագրում, որ այնտեղ տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ. Այնտեղ ավելի ճկուն են փաստորեն։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի անձին, ապա խորը հարգանք ունեմ դեպի մի մարդու, որն իր կյանքով ապացուցել է, որ ինքն իսկական հայ մարդ է։ Կարդալ ավելին՝ pastinfo.am-ում։
19:02 - 02 դեկտեմբերի, 2020