ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

ԵՊՀ-ի կոչը միջազգային գործընկերներին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵՊՀ-ի կոչը միջազգային գործընկերներին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵՊՀ գիտական խորհուրդը հանդես է եկել կոչով՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին:    «Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։   Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի։   Հաշվի առնելով, որ Ադրբեջանում Ալիևի ավտորիտար ռեժիմի գործունեության արդյունքում քաղաքացիական հասարակությունն ու զանգվածային լրատվամիջոցներն ամբողջությամբ վերահսկվում են իշխանությունների կողմից, ակնհայտ է, որ այս գործողությունների հիմնական նախաձեռնողը հենց իշխանություններն են, իսկ նպատակը որևէ առնչություն չունի բնապահպանական հարցերին։   Այս հանգամանքի մասին են վկայում նաև հենց Ալիևի հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի խորհրդարանի կողմից «ակտիվիստներին» ցուցաբերած աջակցությունը: Այսպես կոչված «բնապահպանական» բողոքի ցույցերը նպատակաուղղված են արցախահայության ահաբեկմանը, Արցախի էթնիկ զտմանն ու հայաթափմանը, շուրջ 120 հազար մարդու պատանդ պահելով՝ բանակցային գործընթացում սեփական շահերի առաջմղմանը։   Արտակարգ այս իրավիճակի պատճառով Արցախում դադարել է պարենի, դեղորայքի ու բժշկական այլ պարագաների մատակարարումը: Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ պատշաճ օգնություն ցուցաբերել։ Բացի դրանից՝ ստեղծված պայմաններում խաթարվել էր արցախցիների՝ կրթություն ստանալու իրավունքը:   Իր հակամարդկային քաղաքականությամբ Ադրբեջանը ոտնահարում է 120 հազար մարդու կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի, կրթության և կենսական ու անքակտելի այլ իրավունքները, վտանգում արցախահայության գոյությունը, ինչը հնարավոր չէ այլ կերպ, քան էթնիկ զտման մտադրություն մեկնաբանել։ Արցախահայությունն այսօր կանգնած է հումանիտար աղետի շեմին։   Երևանի պետական համալսարանը, խստորեն դատապարտելով Լաչինի միջանցքի արգելափակումը, դիմում է աշխարհի տարբեր երկրների իր գործընկերներին, բարեկամներին ու ակադեմիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ նրանց հրատապ ուշադրությունը հրավիրելով արցախյան այս գոյավիճակի վրա, և կոչ անում հնարավոր բոլոր հարթակներով բարձրաձայնել հարցն ու կանխել հումանիտար լայնածավալ աղետի հետագա խորացումն ու դրա անդառնալի հետևանքները»,- ասված է ԵՊՀ կոչում:
16:26 - 21 դեկտեմբերի, 2022
ԵՊՀ ռեկտորը Տիգրան Մանսուրյանին ոսկե մեդալ է հանձնել

ԵՊՀ ռեկտորը Տիգրան Մանսուրյանին ոսկե մեդալ է հանձնել

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ: Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից։  Նախքան համալսարանականների հետ հանդիպումը մաեստրոն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի անկյունում: Այնուհետև մեծանուն կոմպոզիտորին մեծաթիվ ԵՊՀ-ականներ դիմավորեցին մշակույթի կենտրոնում: Համալսարանականների հետ հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, առանձնակի կարևորելով Տիգրան Մանսուրյանի այցը Երևանի պետական համալսարան, վստահեցրեց, որ կոմպոզիտորի ստեղծած արվեստի մասին հնարավոր է անվերջ խոսել: Անդրադառնալով պետականաշինության գործում մշակույթի ունեցած դերին՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ երկրի ապագան նաև պայմանավորված է գիտության և արվեստի մեծանուն ներկայացուցիչների կատարած գործի հանդեպ ցուցաբերած հարգանքով: «Յուրաքանչյուր ազգ հզոր է իր մեծերով․ հայ ազգի մեծություններից են՝ Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան, Արամ Խաչատրյան... Այսօր ես անչափ ուրախ եմ, որ Երևանի պետական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն տեսնելու, լսելու և հարցեր տալու մեծանուն կոմպոզիտորին»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը: Հանդիպման ընթացքում կոմպոզիտորին և նրա գործը ներկայացրին նրա հետ երկար տարիներ ստեղծագործական ուղի անցած ընկերները՝ ԵՊՀ երկարամյա պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ, բ․գ․դ․ Հենրիկ Էդոյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը։ Այնուհետև դիտելով կոմպոզիտորի մասին պատմող կարճ տեսաֆիլմ՝ համալսարանականները հնարավորություն ունեցան տալու իրենց հետաքրքրող հարցերը: Մեջբերելով կոմպոզիտորի այն միտքը, թե Հայաստանը դառնալու է գիտության հիմքի վրա զարգացող երկիր՝ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչության աշխատակից Մարինե Մկրտչյանը հարցրեց, թե այդ գործում ի՞նչ դերակատարում ունի Երևանի պետական համալսարանը, որին ի պատասխան՝ մաեստրոն նշեց. «Աշխարհը գտնվում է բեկումնային իրավիճակում, և գոյացել են այնպիսի տարօրինակ խնդիրներ, որոնք մի կողմից՝ դրական, մյուս կողմից՝ ծայրահեղ բացասական նշանակություն ունեն: Ես կարծում եմ, որ մեր գիտական միտքը պետք է լինի պետական մտքի առաջնագծում, ինչում մենք միշտ հաջողել ենք։ Հայաստանը դեռ Սովետական իշխանության տարիներին համարվել է գիտության հանրապետություն, և կարևոր է, որ մենք այդպիսին մնացել ենք: Համալսարանը ոչ միայն գիտության ռացիոնալ, այլև ազգային գիտակցության հումանիտար ամենամեծ կենտրոնն է: Այն հայագիտական հումանիտար կենտրոն է, որը գիտության նվաճումներին ու ձեռքբերումներին իմաստ և հողեղեն մարմին է տալիս: Այս երկուսի համատեղումն ապահովում է համալսարանը»։ Ամփոփելով խոսքը՝ մաեստրոն հորդորեց ուսանողներին լավ սովորել՝ ապահովելու գիտության անընդհատական զարգացումը: ԵՊՀ Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, կարևորելով կենտրոնի նախաձեռնած «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակում կազմակերպվող հանդիպումները, մեզ հետ զրույցում ասաց. «ԵՊՀ Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի գլխավոր և սկզբունքային նպատակներից է ձևավորել կապ ժամանակի մեծությունների և համալսարանականների միջև՝ նպաստելով նրանց հոգևոր հարստության զարգացմանը: Վստահաբար կարող եմ ասել, որ կոմպոզիտորի հետ կազմակերպված հանդիպումը լավագույն հնարավորությունն էր համալսարանականների համար հղելու իրենց հետաքրքրող հարցերը»: Նշենք, որ հանդիպման ավարտին ԵՊՀ երգչախումբը կատարեց «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է:  
13:44 - 01 դեկտեմբերի, 2022
ԵՊՀ-ի և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ-ի և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հիմք ընդունելով երկու կառույցների համատեղ գործունեության փոխշահավետությունն ու դրա հետագա զարգացման ու ամրապնդման կարևորությունը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնեցին ԵՊՀ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից: ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով կողմերը միավորելու են իրենց ջանքերը մասնագետների վերապատրաստման, կրթական և գիտահետազոտական լրացուցիչ աշխատանքներ կատարելու, համատեղ այլ ծրագրեր իրագործելու համար։ Նախանշված նպատակներին հասնելու համար կողմերը ներդնելու են ուսումնամեթոդական բազաներ, լաբորատորիաներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություններ ու հմտություններ։ Ըստ համաձայնագրի՝ համագործակցության շրջանակում կազմակերպվելու են նաև գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ և ակադեմիական այլ միջոցառումներ։
15:34 - 30 նոյեմբերի, 2022
STARMUS VI. ԵՊՀ-ում կայացել է «Տիեզերք և ներշնչանք» քննարկումը. փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը՝ ԵՊՀ ոսկե մեդալակիր

STARMUS VI. ԵՊՀ-ում կայացել է «Տիեզերք և ներշնչանք» քննարկումը. փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը՝ ԵՊՀ ոսկե մեդալակիր

Երևանի պետական համալսարանում սեպտեմբերի 9-ին «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված քննարկմանը բանախոսել են ԵՊՀ շրջանավարտ, STARMUS VI փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գրող Դեյվիդ Ջոն Էյքրը և հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Գարիկ Իսրայելյանին հանձնել է ԵՊՀ ոսկե մեդալ: Ինչպես տեղեկացրին ԵՊՀ-ից, Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գարիկ Իսրայելյանին «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման կայացման համար՝ ընդգծելով դրա կարևորությունը գիտության բնագավառի վերարժևորման և հասարակության ուշադրությունը գիտության կողմը սևեռելու տեսանկյունից։ «Շատերը չէին հավատում, որ «Սթարմուսը» կկայանա Հայաստանում, սակայն Դուք սովորեցրիք հավատալ երազանքների իրականացմանը և դրա համար անել հնարավոր ու անհնարին ամեն բան: Անհրաժեշտ է շատ աշխատել, ձգտել լավագույնին, ստեղծել կապեր և սովորել օտար լեզուներ։ Վստահ եմ՝ ցանկացած երազանք հնարավոր է իրականացնել, և այսօր դա ապացուցում են Գարիկ Իսրայելյանը, Ջիմ Բաղյանը և Դեյվիդ Ջոն Էյքրը»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։ Խոսելով Նոբելյան շաբաթվա ընթացքում գրանցած հաջողությունների մասին՝ ռեկտորն ընդգծեց, որ սա բացառիկ հնարավորություն էր գիտությունն ուսանողների և գիտնականների համար էլ ավելի հետաքրքիր դարձնելու: «Հուսով եմ՝ աշխարհահռչակ գիտնականների ու արվեստի գործիչների հետ հանդիպումները, նրանց հաջողության պատմություններին ու գիտական նվաճումներին հաղորդակից դառնալը կոգևորի մեր երիտասարդներին՝ հավատալու իրենց ուժերին և նպաստելու մեր երկրում գիտության, արվեստի և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։ Ապա նա ԵՊՀ շրջանավարտ Գարիկ Իսրայելյանին հանձնել է ԵՊՀ ոսկե մեդալ: Մինչ բուն քննարկմանն անցնելը Գարիկ Իսրայելյանը ներկաներին պատմեց ԵՊՀ-ում անցկացրած ուսանողական տարիների մասին՝ վերհիշելով այն տպավորությունները, որոնք իր կյանքում մինչ օրս ունեն ազդեցիկ նշանակություն։ «Ինձ համար անչափ հաճելի է վերադառնալ սիրելի և հարազատ բուհ, որտեղ անցել է իմ ուսումնառության ամենակարևոր ժամանակահատվածը: Տարիներ անց, վերադառնալով Երևանի պետական համալսարան, ես ինձ կրկին ուսանող եմ զգում»,- ասաց ԵՊՀ շրջանավարտը: ««Սթարմուսի» համահիմնադիրը մեզ հետ զրույցում պատմեց, որ փառատոնի ստեղծման գաղափարը միանգամից չի առաջացել․ հիմնադրվել է 2007 թվականին, իսկ անվանումն ընտրվել է երկարատև քննարկումների արդյունքում։ Գ. Իսրայելյանը փաստեց, որ տիեզերագիտության արդիականությունն ավելի է ընդգծվում տեխնոլոգիական դարաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Ես համոզված եմ, որ հետագա տարիներին այս ոլորտում սպասվում են չափազանց հետաքրքիր նորարարություններ, դրանով պայմանավորված՝ փառատոնի կարևորությունը տարեցտարի մեծանում է: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում մենք շնորհում ենք նաև Սթիվեն Հոքինգի անվան հուշամեդալ։ Ս․ Հոքինգը հաջողության է հասել իր գիտահանրամատչելի աշխատությունների շնորհիվ՝ գրելով ռեկորդային ցուցանիշ գրանցած «Ժամանակի համառոտ պատմություն» գիրքը։ «Սթարմուս» փառատոնը նույնպես գիտահանրամատչելի է և նախատեսված տիեզերագիտությամբ հետաքրքրվող բոլոր մարդկանց համար»,- նշել է նա: Հաջորդիվ ելույթ է ունեցել հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը՝ հայտնելով, որ առաջին անգամ է եկել Հայաստան և իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, մասնավորապես Երևանի պետական համալսարանում: «Իմ ծնողները հայ են, ես իմ կյանքի ողջ ընթացքում լսել եմ Հայաստանի մասին և միշտ ցանկացել եմ լինել այստեղ»,- ասել է Բաղյանը: «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկման ընթացքում Ջիմ Բաղյանը ներկայացրել է տիեզերքը՝ պատմելով ներկաներին ամենից շատ հետաքրքրող՝ դեպի տիեզերք թռիչքի, դրա ընթացքում ստացած տպավորությունների և զգացողության մասին։ Տիեզերագնացն անդրադարձել է նաև Երկրից դեպի Մարս ձգվող ճանապարհին արևի ճառագայթահարման վտանգի առկայությանը՝ նշելով. «Հավանականությունը, որ մարդը տիեզերքից հետ չի վերադառնա կամ վերադառնալուց հետո քաղցկեղ կունենա, 5-10 տոկոս է, սակայն չափազանց կարևոր է հաշվի առնել անգամ այդ քիչ տոկոսը, և ես կարծում եմ՝ մարդկությունը դեռևս պատրաստ չէ այդ վախը հաղթահարելուն»: «Տիեզերանավից հստակ տեսանելի է Երկիրը, երևում է ամեն բան, նույնիսկ ֆուտբոլի դաշտը: Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե որքան հետաքրքիր և տպավորիչ է տիեզերանավի պատուհանից ողջ տիեզերքը տեսնելը»,- պատմել է տիեզերագնացը: ԵՊՀ տեղեկացմամբ՝ ամերիկացի գրող, աստղագիտությունն ու տիեզերքը հանրայնացնող գործիչ Դեյվիդ Ջոն Էյքրը նշել է, որ ինքը 2002 թվականից եղել է աստղագիտությանը վերաբերող ամսագրի գլխավոր խմբագիրը։ Նա գիտության և Ամերիկայի պատմության վերաբերյալ 23 գրքի հեղինակ է, համահեղինակ կամ խմբագիր։ 15 տարեկանում հիմնադրել է աստղագիտությանն առնչվող ամսագիր՝ «Deep Sky Monthly»-ն։ Ներկաներին հետաքրքրել է նաև այն, որ Դեյվիդ Էյքրը հաճախ է ճամփորդում՝ աստղագիտության վերաբերյալ զրույցներ անցկացնելու համար, ինչպես նաև զբոսաշրջիկների հետ դիտելու արևի խավարումը: «Քննարկման ունկնդիր, ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի ղեկավար, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Հայկ Զաքարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այս շաբաթվա ընթացքում համալսարանականներին շնորհվել է բացառիկ հնարավորություն լսելու աշխարհահռչակ գիտնականներին և ծանոթանալու գիտության բնագավառի նորարարություններին»,- հայտնում են ԵՊՀ-ից։ «Նոբելյան մրցանակակիրների և հանրաճանաչ գիտնականների՝ Հայաստան, մասնավորապես Երևանի պետական համալսարան այցելելը չափազանց կարևոր է մեզ համար։ «Սթարմուս» փառատոնը նաև ստեղծեց հասարակությանը գիտությանն ավելի մոտեցնելու հնարավորություն: Անչափ կարևորում եմ այն, որ մեր ուսանողները լսում են գիտության մեջ մեծ վաստակ ունեցող մարդկանց դասախոսությունները՝ ծանոթանալով նրանց փորձին և գիտության տվյալ ոլորտի նորարարություններին»,- ասել է Հայկ Զաքարյանը։ «ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Մարինե Տոնոյանը ներկա է եղել «ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված բոլոր դասախոսություններին և անչափ տպավորված է դրանցից։ Մ. Տոնոյանը փաստեց, որ այս շաբաթն իր համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել՝ նպաստելով գիտելիքների հարստացմանը։ «Երկար ժամանակ անհամբեր սպասում էի հենց այսօրվա քննարկմանը: Ցանկանում էի տեսնել հատկապես Գարիկ Իսրայելյանին, որովհետև նրա գործունեությունն ինձ ոգեշնչում է՝ մղելով ավելի լավ սովորելու, իմ մասնագիտության մեջ կատարելագործվելու, որպեսզի իմ բոլոր երազանքներն իրականություն դառնան: Այդ երազանքներն իհարկե ուղղված են գիտության, հատկապես աստղագիտության զարգացմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Մ. Տոնոյանը։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներից Նունե Բադալյանը հավելեց, որ երիտասարդ գիտնականների ու ֆիզիկոսների համար այսպիսի միջոցառումների նախաձեռնումն անչափ կարևոր է, որովհետև յուրաքանչյուր դասախոսություն ոգեշնչման աղբյուր է։ «Այսօրվա քննարկումը շատ հետաքրքիր էր, որովհետև կապված էր նաև իրական կյանքի հետ, ցույց էր տալիս, թե ինչքան կարևոր է աստղագիտությունը մեր կյանքում, և թե ինչպես պետք է երեխաներին ու հասարակությանը կրթենք, որպեսզի գիտությունն ավելի շատ ուշադրության արժանանա»: Ն. Բադալյանին տպավորել էր Ջիմ Բաղյանի պատմությունը, որին ճանաչում է դեռ փոքր տարիքից՝ հետևելով նրա գործունեությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ «Ջիմ Բաղյանը պատմեց, թե ինչպես է փոքր տարիքում, նայելով աստղերին, հետաքրքրվել գիտությամբ։ Զարմանալի կթվա, սակայն այդ պատմությունը շատ նման է իմ պատմությանը․ փոքր տարիքում ֆիզիկոս պապիկս ինձ ցույց էր տալիս աստղերը, ուսումնասիրում էինք քարտեզը ճիշտ այնպես, ինչպես Ջ․ Բաղյանն էր պատմում։ Այսպիսով՝ ինձ համար այս օրն անչափ նշանակալի էր»,- պատմեց է Բադալյանը:   Սեպտեմբերի 5-10 Հայաստանում առաջին անգամ անցկացվող STARMUS VI միջազգային փառատոնը նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ ԵՊՀ-ի և փառատոնի համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես են եկել Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոսներ Քիփ Թորնը, Միշել Մայորը և մանրէաբան Էմանուել Շարպենտիեն։
21:05 - 09 սեպտեմբերի, 2022
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԵՊՀ-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԵՊՀ-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց հիշարժան այս օրվա առթիվ: «Կարծում եմ՝ Երևանի պետական համալսարանն ավարտելը շատ կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր ուսանողի կյանքում: Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք առաջադրել, որ առնվազն երեք հայաստանյան բուհ պետք է տեղ գտնի բուհերի միջազգային ռեյտինգի առաջին 200 հորիզոնականում: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ Երևանի պետական համալսարանը, բնականաբար, այս ցուցանիշի ապահովման ամենակարևոր հավակնորդներից մեկն է: Ընդհանուր առմամբ մենք չենք դադարում կրկնել, որ կրթությունը և կրթության ոլորտի բարեփոխումներն ամենառազմավարական ուղղություններն են, որոնք պիտի զարգացնեն Հայաստանի կառավարությունը և Հայաստանի Հանրապետությունը: Ասվածում որևէ չափազանցություն չկա, որովհետև ինչպես համոզված եմ, այնպես էլ շարունակում եմ համոզված մնալ, որ մեր հանրային կյանքի որևէ ոլորտում, որևէ խնդրի առնչվելիս և այդ խնդրի ծագումնաբանությունը հայտնաբերելու փորձեր անելուց մենք անպայման տեսնում ենք կրթության ոլորտում ունեցած այս կամ այն խնդիր: Շատ կարևոր է, որ մենք ահա այս և այս կարգի միջոցառումները ոչ միայն օգտագործենք իրար շնորհավորելու, այլև մեր առաջիկա ապագա անելիքները ճշգրտելու, այդ օրակարգի իրականացման համար անհրաժեշտ նոր եռանդով տոգորվելու համար: Ընդհանրապես այն դրական բարեփոխումները և փոփոխությունները, որոնց մասին խոսում ենք, ես միշտ համեմատում եմ հրթիռի հետ. երբ հրթիռը երկրից պոկվում է՝ կա առաջին աստիճանը շարժիչների, որը սպառվելուց հետո բաց է թողնվում, հետո կա երկրորդ աստիճանը, հետո երբեմն լինում է նաև երրորդ աստիճանը: Ես կարծում եմ, որ մենք մեր բուհական համակարգն ահա այսպիսի տրամաբանությամբ զարգացնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած։ Մեր բուհական համակարգը, կարծես, արդեն սպառել է առաջին աստիճանի շարժիչները, և կարծում եմ՝ եկել է ժամանակը գործարկելու երկրորդ աստիճանի շարժիչները՝ նոր արագություն, նոր որակ, նոր բովանդակություն ստանալու համար։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ այսօրվա մեր շրջանավարտները՝ Երևանի պետական համալսարանի, կդառնան նաև այն շարժիչ ուժը, որը մեզ համար կրթության ոլորտի բարեփոխումները կդարձնի առավել կարևոր, առավել բովանդակալից և առավել պահանջված։ Ուզում եմ ևս մեկ անգամ այս տոնական առիթով գնահատանքի խոսքեր ասել Երևանի պետական համալսարանի բոլոր այն դասախոսներին, ովքեր այսօրվա մեր շրջանավարտներին օժտել են այնպիսի հմտություններով, որոնք նրանց պետք է մրցունակ դարձնեն, որոնք նրանց պետք է օժտած լինեն շարունակաբար իրենց երազանքների հետևից քայլելու, և այնպիսի հմտություններով, որոնք յուրաքանչյուրին իր երազանքների հետևից գնալիս կօգնեն, որ ինքն իր հետևից տանի նաև այլ մարդկանց, ինքն իր հետևից տանի երկիրը, հայրենիքը, պետությունը։ Սիրելի շրջանավարտներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ կրթությունը փոխելու և փոխվելու կարողությանը ձեր նվիրվածության համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դասախոսներին, պրոֆեսորադասախոսական կազմին, Երևանի պետական համալսարանին կատարված աշխատանքի համար: Ուզում եմ բոլորիս ուժ, կամք և եռանդ մաղթել՝ մտածելու, խորհելու, որոշելու, առաջ շարժվելու այս ժամանակներում, մտածելու, խորհելու, որոշումներ կայացնելու, առաջ շարժվելու ուժ և կամք ունենալու իմաստով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Փաշինյանը ԵՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ: Մասնավորապես, ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը, ԵՊՀ ակադեմիկոս, Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սահարյանը, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբ. գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Կարապետյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմ. գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բան. գիտությունների թեկնածու Նվարդ Երնջակյանը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Մուշեղ Ռաֆայելյանը: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, որին գիտության բնագավառում բացառիկ նվաճումների համար շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում:
09:08 - 16 հունիսի, 2022
ԵՊՀ-ում ուժեղացվելու է արաբագիտությունը. Կատարի համալսարանի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ-ում ուժեղացվելու է արաբագիտությունը. Կատարի համալսարանի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվում է Կատարում, որտեղ հանդիպումներ է ունենում կրթության ու գիտության ոլորտների ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու ծրագրեր։ «Այսօր Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամի հետ ստորագրել ենք երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր՝ հաստատելու և զարգացնելու փոխգործակցություն կրթության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ոլորտներում։ Կատարի համալսարանի հետ այսուհետ իրագործելու ենք ուսանողների և անձնակազմի փոխանակման ծրագրեր, իրականացնելու ենք համատեղ հետազոտական նախագծեր, կազմակերպելու ենք հանդիպումներ, սեմինարներ ու գիտաժողովներ, փոխանակելու ենք կրթական, գիտական ու մեթոդական գրականություն, ինչպես նաև իրականացնելու ենք տարաբնույթ այլ ծրագրեր։ Հատկանշական է, որ մեր նոր գործընկեր համալսարանում հիմնվելու է հայագիտական կենտրոն, իսկ ԵՊՀ-ում էլ ուժեղացվելու է արաբագիտությունը»,-գրել է նա։
19:13 - 13 հունիսի, 2022
Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը. պաշտպաններ

Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը. պաշտպաններ

Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնվելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը: Այս մասին հայտնում են Արամ Սիմոնյանի պաշպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը։ «Կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, գիտության վաստակավոր գործիչ Արամ Հրաչիկի Սիմոնյանը։ Նրա նկատմամբ 2018 թվականից սկսված խայտառակ ապօրինի հետապնդումներ նախաձեռնած անձինք կարող են իրենց բավարարված զգալ։ Արամ Սիմոնյանի հետ պատիվ ենք ունեցել ծանոթանալ 2018 թվականից հետո, ցավոք սակայն, այնպիսի հանգամանքներում, որոնք չպետք է առնչություն ունենային նրա կարգի մարդուն։ Քրեական գործ, մեղադրանք, խափանման միջոց հասկացություններն ու Արամ Սիմոնյանի անձը պարզապես անհամատեղելի էին։ Անհնար էր նրա հետ անգամ քննարկել իրեն առաջադրված մեղադրանքը, ամոթ էր պարզապես։ Համապատասխան արժեքներով ապրող ու դրանց հավատացող մարդ լինելով, Արամ Սիմոնյանն այդպես էլ հրաժարվեց հասկանալ, որ մարդուն կարելի է հանիրավի մեղադրել, կարելի է պատվերով քննություն նախաձեռնել, պարզել, որ քննելու որևէ բան անգամ գոյություն չունի, բայց շարունակել հետապնդումները։Ցանկանում ենք տեղեկացնել հանրությանը, որ Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ, մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում։Արամ Սիմոնյանի պաշտպաններ»:Հիշեցնենք, որ   Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 34 միլոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար։
13:28 - 08 հունիսի, 2022
Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ. նրանք պահանջում են գիտխորհրդի նիստ անցկացնել և դիրքորոշում հայտնել իրենց հայտարարության վերաբերյալ |news.am|

Ընդդիմադիր պատգամավորները մտան ԵՊՀ. նրանք պահանջում են գիտխորհրդի նիստ անցկացնել և դիրքորոշում հայտնել իրենց հայտարարության վերաբերյալ |news.am|

news.am: «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով հասան Երեւանի պետական համալսարանի շենքի մոտ, որի մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած: ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Իրականում մեզ համար այս դուռը բացել, մտնելը մի րոպեի հարց է, բայց այս պետական համալսարան է, ուզում ենք նորմալ ճանապարհով դռները բացեն, պատգամավորները մտնեն, այդ հարցադրումը անեն; Նիկոլավարի բաներ չենք ուզում անել, թե չէ  մի րոպե հետո այս դուռը կարանք բացենք: Դրա համար սպասում ենք»: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ ԵՊՀ ռեկտորը փոխանակ իջնի ներքեւ, խոսի, թաքնվում է: Ինչի՞ց է վախենում, իրավունք ունի՞ նա ռեկտոր կոչվի: Նա պարտավոր է պատասխան տալ, թե որն է իր դիրքորոշումը Արցախի հարցում, ոչ թե թաքնվի»: Ոստիկանները փոխանցեցին, որ համաձայնություն կա, որ պատգամավորները ներս մտնեն: Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք այստեղ ենք հասկանալու համար, թե պետհամալսարանը եւ գիտխորհուրդը ինչ դիրքորոշում ունի մեր հայտարարության վերաբերյալ: Մենք պահանջում ենք, որ  ԵՊՀ գիտխորհուրդը հրավիրի նիստ եւ հայտնի դիրքորոշում, իսկ ռեկտորին մեր պտգամավորները կհանդիպեն ու կհասկանան՝ ինքը որտեղ է դաստիարակություն ստացել, ինչ դիրքորոշում ունի»:
14:02 - 31 մայիսի, 2022
Երևանի պետական համալսարանը համագործակցային նոր կապեր է հաստատում Լիտվայի բուհերի հետ

Երևանի պետական համալսարանը համագործակցային նոր կապեր է հաստատում Լիտվայի բուհերի հետ

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) մայիսի 20-ին հյուրընկալվել են Լիտվայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվել են համագործակցություն հաստատելու հնարավոր ուղիները, կոնկրետ ոլորտներն ու զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող երկրի նախագահի պատվիրակության կազմում Հայաստանում են՝ ամրապնդելու երկկողմ համագործակցությունը և հաստատելու գործընկերային նոր կապեր։ «Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեց ԵՊՀ գործունեության հիմնական ուղղությունները, բարեփոխման իրագործվող ծրագրերը, առաջնային նպատակներն ու նախագծերը, որոնք միտված են կրթության որակի բարելավմանն ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։ Լիտվացի գործընկերներին ներկայացվեցին ԵՊՀ-ի և Լիտվայի համալսարանների միջև արդեն իսկ հաստատված համագործակցությունները և դրանց շրջանակում իրականացված ծրագրերը։ ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ համալսարանը պատրաստակամ է հաստատելու նոր կապեր, կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ՝ միտված ուսանողների, դասախոսների և հետազոտողների կարողությունների բարձրացմանը, փորձի փոխանակմանն ու նրանց միջև հաղորդակցության ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Լիտվայի պատվիրակության ղեկավար, Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության և մշակութային հարցերի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը, հանդիպման ընթացքում խոսել է իրենց երկրի բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության, իրականացվող գործընթացների և ռազմավարական նպատակների մասին՝ փաստելով, որ Հայաստանն այն երկիրն է, որի հետ Լիտվան ցանկանում է ընդլայնել և առավել խորացնել առկա համագործակցությունը։ Բուհերի ներկայացուցիչներն էլ հանդիպման ընթացքում խոսել են իրենց համալսարանների գործունեության հիմնական ուղղությունների և այն ոլորտների մասին, որոնց շրջանակում կարելի է փոխգործակցություն ծավալել։ Կողմերն արձանագրել են, որ համատեղ կրթական, հետազոտական ծրագրերի իրագործումը, փոխանակման ծրագրերի իրականացումը, ամառային դպրոցների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև հետագայում կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերի իրականացումը արդյունավետորեն կխթանեն համագործակցությունը ինչպես բուհերի, այնպես էլ երկու երկրների միջև։ Նշվում է, որ հանդիպման ավարտին պատվիրակության անդամները եղան ԵՊՀ այն ֆակուլտետներում և կենտրոններում, որոնց հետ կցանկանային համագործակցություն հաստատել՝ տեղում ծանոթանալով դրանց գործունեությանը և իրականցվող աշխատանքներին։ Նրանք այցելել են ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, ծանոթացել բակալավրի և մագիստրոսական ծրագրերին, եղել նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում, արյունաբանական լաբորատորիայում, էկոլոգիայի և բնության պահպանության, կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, կենդանաբանության, բուսաբանության և սնկաբանության ամբիոններում: Լիտվայի Հանրապետության բուհերի պատվիրակության կազմում ընդգրկվել են նախագահի՝ կրթության, գիտության և մշակութային հարցերի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը, Միկոլաս Ռոմերիս համալսարանի պրոռեկտոր Ռեգինա Վալուտիտեն, Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ռեկտոր Յուոզաս Աուգուտիսը, Կլայպեդայի համալսարանի հաղորդակցության և մարքեթինգի բաժնի ղեկավար Ինգա Պետրաուսկիենեն, Վիլնյուսի համալսարանի կրթության որակի և զարգացման բաժնի ղեկավար Անդրիուս Ուժդանավիչուսը, Վիլնյուսի Գեդեմինասի տեխնիկական համալսարանի Անտանաս Գուստայնիսի ավիացիոն ինստիտուտի դեկան Յուստաս Նուգարասը և Լիտվայի սպորտի համալսարանի ռեկտոր Դիանա Ռեկլայտիենեն։ Նրանց հետ համագործակցային կապեր հաստատելու, դրանց արդյունքում նոր ծրագրեր ու գաղափարներ իրագործելու վերաբերյալ քննարկմանը ԵՊՀ ռեկտորի հետ մասնակցել են պրոռեկտորներ Ռաֆայել Բարխուդարյանը, Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վահագն Ագլյանը, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Շուքուրյանը, կենսաբանության ֆակուլտետի ամբիոնների վարիչներ Աննա Կարապետյանը և Աննա Փոլադյանը։
22:06 - 20 մայիսի, 2022
ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողները պարտավոր են վարձը վճարել մինչև թեզի նախապաշտպանությունը․ oragir.news-ը սխալվում է

ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողները պարտավոր են վարձը վճարել մինչև թեզի նախապաշտպանությունը․ oragir.news-ը սխալվում է

Մայիսի 3-ին oragir.news կայքում հրապարակվել է «ԵՊՀ-ն նոր ձև է գտել ուսանողներին ցույցերից հեռու պահելու համար․ ռեկտորի ապօրինի «հրամանը»» վերտառությամբ հոդված (արխիվացված հղումը)։ Հոդվածում նշվում է, որ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսում սովորող ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին դեկանատներից հաղորդագրություններ են ստացել, որ ռեկտորի որոշման համաձայն՝ նրանց չի թույլատրվում մասնակցել թեզի պաշտպանությանը, քանի որ չեն վճարել ուսման վարձը։  «Ուսանողները տարակուսանքի մեջ են։ Բանն այն է, որ ռեկտորի համապատասխան հրամանը պետք է հրապարակված լինի ԵՊՀ-ի կայքում, այնինչ այդ մասին որևէ գրառում չկա։ Նկատենք նաև, որ դեկանատներից ուսանողներին ուղարկված հաղորդագրության մեջ ևս չի նշվում հիշատակված հրամանի համարը։ Ակնհայտ է, որ ԵՊՀ ռեկտորը նոր ձև է գտել ուսանողությանը բողոքի ակցիաներից հեռու պահելու համար, քանի որ նախորդ օրերին ԵՊՀ-ում դասապրոցեսը խաթարվել է։ Նշենք, որ ԵՊՀ-ում ուսանողները կարող են ուսման վարձը վճարել մաս-մաս, իսկ մագիստրատուրայի ավարտական կուրսում՝ ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև մագիստրոսական թեզի պաշտպանության նախորդ օրը»,- նշվում է հոդվածում։ ԵՊՀ-ից, «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են հետևյալը․ «Համաձայն Երևանի պետական համալսարանի և մագիստրանտի միջև 2020թ. կնքված «Առկա ուսուցման ձևով մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության կազմակերպման պայմանների վերաբերյալ» պայմանագրի 3.2.7 կետի՝ ավարտական կուրսի ուսանողը պարտավոր է ուսումնառության վերջին կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարն ամբողջությամբ վճարել մինչև մագիստրոսական թեզի նախապաշտպանությունը: Ուսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից»:  Oragir.news-ը նաև պնդում է, թե ուսանողներին ուղարկված նամակում նշված հրամանը պետք է հրապարակված լինի համալսարանի կայքում, բայց «այդ մասին որևէ գրառում չկա»։ Խոսքը վերաբերում է ԵՊՀ ռեկտորի՝ «Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգը սահմանելու մասին» հրամանին, որը հրապարակված է Պետհամալսարանի փաստաթղթերի համար նախատեսված կայքում։ Այս հրամանով սահմանվում է, որ ուսանողները և՛ առաջին, և՛ երկրորդ կիսամյակում կարող են ուսման վարձը բաժանել 4 մասի՝ ամեն ամիս վճարելով դրա մի մասը։ Սակայն ավարտական կուսերի ուսանողները պարտավոր են ուսումնառության վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարը վճարել մինչև ավարտական աշխատանքի կամ մաիգիստրոսական թեզի նախապաշտպանությունը։ ԵՊՀ-ին նաև խնդրել էինք հայտնել, թե ուսանողներն ինչ ընթացակարգով են տեղեկանում այն մասին, որ վարձը չվճարած կամ թերի վճարած լինելու դեպքում չեն կարող մասնակցել թեզի պաշտպանությանը։ Պետհամալսարանից մեզ հայտնել են, որ ուսանողներն ուսումնառության վերաբերյալ տեղեկությունները կարող են ստանալ համալսարանի պաշտոնական կայքից, իսկ անհատապես նրանց վերաբերող տեղեկությունը ֆակուլտետների դեկանատներն ուղարկում են համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեներին։ Այսպիսով, oragir.news-ի պնդումը, թե ԵՊՀ մագիստրատուրայի ավարտական կուրսում ուսանողները կարող են ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև մագիստրոսական թեզի պաշտպանության նախորդ օրը, կեղծ է, քանի որ ըստ ռեկտորի հրամանի և ուսանողների հետ կնքված պայմանագրի՝ ուսանողները վարձը պետք է մուծեն մինչև թեզի նախապաշտպանությունը։ Աննա Սահակյան
21:38 - 05 մայիսի, 2022
Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալին

Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալին

Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել դեկանի տեղակալին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Թ.-ն, 2002-2022 թվականների ընթացքում զբաղեցնելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, ունենալով դոցենտի կոչում և հանդիսանալով ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմնի անդամ, ակնհայտ ապօրինի գործողության համար ուսանողներից ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք:Մասնավորապես` Ա. Թ.-ն, նույն բուհի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 1-ին կուրսում դասավանդելով «Մաթեմատիկական անալիզ» առարկան, իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ նույն ֆակուլտետի երկու ուսանողի կողմից հիշյալ առարկայի քննությունը վերահանձնելու ժամանակ վերջիններիս դրական գնահատելու և այդ կերպ նրանց համալսարանից հեռացվելու հանգամանքը կանխելու նպատակով 2022թ. փետրվարի 25-ին ԵՊՀ վարչական շենքում գտնվող իր աշխատասենյակում հանդիպել է հիշյալ ուսանողների ազգականներ ներկայացած անձանց, որոնցից պահանջել ու անձամբ ստացել է 96.424 ՀՀ դրամին համարժեք 200-ական ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ կաշառք:Կաշառքի առարկան ստանալուց հետո` նույն օրը, Ա. Թ.-ն վերը նշված ուսանողներից ընդունել է քննությունը և համապատասխան գիտելիքներ չունենալու պայմաններում քննական առարկայի լուծարքային տեղեկագրում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց կողմից դրական գնահատական ստանալու վերաբերյալ, այնուհետև` տեղեկագիրը դրել շրջանառության մեջ:Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով:Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:59 - 29 ապրիլի, 2022
ԵՊՀ-ն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով․ ԵՊՀ մամուլի խոսնակ

ԵՊՀ-ն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով․ ԵՊՀ մամուլի խոսնակ

ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում արված «Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջիջ է՞, թե ԵՊՀ-ում պարզապես քաոս է» հրապարակմանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Ի պատասխան ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում փետրվարի 15-ին՝ ժամը 18։15-ին, արված «Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջիջ է՞, թե ԵՊՀ-ում պարզապես քաոս է» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում եմ, որ Մայր բուհն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով (ենթադրում եմ, որ փորձառու քաղաքական գործիչը բարեխիղճ շփոթմամբ է սեփական գրառումը «զարդարել» մեկ այլ կուսակցության՝ ԱԺԲ-ի թռուցիկով): Նախկին պատգամավորի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ժամանակին լրագրող ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խաչակրաց արշավանք էր սկսել դպրոցների եւ բուհերի հանրապետականացման դեմ ու ես էլ այդ արշավը ողջունողներից էի։ Մենք սրբազան պայքար էինք մղում տարատեսակ մեծ ու փոքր կուսակցական բազեների դեմ ու որպես «Սանտա-Բարբարա» էինք նայում Նիկոլի բացահայտած «Զիբիլիքսի» շոուն։ Իսկ երբ բուհերը ապակուսակցականացնելու սրբազան գործի համար ողջ կրթական եւ բուհական համակարգը քպ-ացվեց, իսկ քպ-ական Սուրեն Պապիկյանը նշանակվեց ԵՊՀ խորհրդի նախագահ, որ ՔՊ-ական ռեկտորի հետ ուս ուսի տված պայքարեն իրենք իրենց դեմ, այ էդ նուրբ հոգեբանական սուբլիմացիան անգամ Ֆրոյդը չի կարողացել ընկալել։ Եվ ահա բուհերի քաղաքականացման դեմ ծրագրի շրջանակներում այսօր մայր բուհն ու նրա գրադարանը զարդարվել էին ԱԺԿ քաղաքական կառույցի թռուցիկներով։ Չէ, ես որեւէ պրետենզիա չունեմ տվյալ քաղաքական միավորման դեմ, բայց եթե ԵՊՀ-ն ականապատվեր ՀՀԿ, ԲՀԿ, Դեմկուս կամ՝ «Հայոց մայրեր» կուսակցության թռուցիկներով, նույն լեգիտիմ հարցադրումն ուղղելու էի Սուրեն Պապիկյանին եւ ռեկտոր Հովհաննեսին։ Հիմա ԵՊՀ-ն կուսակցական օթյա՞կ է, թե մայր բուհ-ում պարզապես քաոս է»։  
22:04 - 15 փետրվարի, 2022