ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի

ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդիսանում է Դատախազության կայուն գործընկերը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման առումով: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է հատկապես կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերը, որոնց շրջանակում Դատախազության ներկայացուցիչները հնարավորություն են ունենում օտարերկրյա ուսումնական հաստատություններում անցնել վերապատրաստումներ: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:37 - 15 փետրվարի, 2024
Դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն է խնդրել անհիմն մեղադրելու համար. փաստաբան

Դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն է խնդրել անհիմն մեղադրելու համար. փաստաբան

Այս տարի վերջապես դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց Դատավորից նրան անհիմն մեղադրելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործով փաստաբան Արսեն Սարդարյանը: «Այս ծանր դեպքը, երբ դատավորին ակնհայտ անհիմն մեղադրանքով ոչ միայն զրկեցին անձեռնմխելիությունից, այլև նույնիսկ կալանավորեցին, իսկ հետագայում դատախազության ներկայացուցիչը սկսեց լրատվական դաշտում ամեն գնով սևացնել օբյեկտիվ և արդար աշխատած դատավորին, իրավունքի լուրջ նահանջ էր և լուրջ հարված դատական իշխանությանը: Հուսանք, որ ներողությունը զուտ ձևական չէ, և ՀՀ դատախազությունը, քննչական մարմինը և երևույթին բացասական առումով առնչված գիտնականներն ու դատավորները կանեն անհրաժեշտ հետևություններ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ բարձրագույն դատական խորhրդի համաձայնությամբ, 2022 թվականի մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը): 2022 թվականի մայիսի 20-ին վարույթից անջատվել է Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական վարույթը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ Բորիս Բախշիյանը ներկայացված մեղադրանքում ճանաչվել է անմեղ, արդարացվել է: 2022 թվականի նոյեմբերի 16-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է 2023 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ: 2023 թվականի հուլիսի 27-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ վարույթ չի ընդունվել: Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Բորիս Հրանտի Բախշիյանից:
15:00 - 15 փետրվարի, 2024
Պաշտոնից ազատված Քոչունցը քրեական գործով է անցնում. գործը դատարանում է
 |factor.am|

Պաշտոնից ազատված Քոչունցը քրեական գործով է անցնում. գործը դատարանում է |factor.am|

factor.am: Այսօր առավոտյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Կամո Քոչունցը, պարզվում է, քրեական գործով է անցնում։ Ինչպես Factor․am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ Քոչունցին մեղադրանք է առաջադրված 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ «Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան»,- ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի հրամանագրով` այսօր առավոտյան Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից: Քոչունցը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 13-ին:  Նրա փոխարեն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել Արթուր Երոյանը։ 
17:12 - 14 փետրվարի, 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. Դատախազություն

«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. Դատախազություն

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ուսումնասիրվել են «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության ամբողջ գույքը, շենքերը, շինությունները և տարածքը, այն է՝ ք. Երևան, Հրազդանի կիրճ 4 հասցեում գտնվող Հրազդան մարզադաշտը՝ շուրջ 62 հազար քմ մակերեսով շինությունները և 14 հա հողամասը, վարձակալության են հանձնվել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն): Վարձակալության տրված գույքի մի մասը՝ 10,4443 հա մակերեսով հողամասը և 61,660,3 քմ մակերեսով շինությունները մարզահամալիրը, «Հրազդան» մարզադաշտը, Կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1333-Ն որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով օտարվել են վարձակալին՝ «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանը: Գույքի վաճառքի գին է սահմանվել 87 մլն 520 հազար դրամը (ուսումնասիրության նյութերում առկա չէ նման գնի վերաբերյալ որևէ հիմնավորում, հաշվի չի առնվել Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ գույքի գնահատումն իրականացնել համապատասխան որակավորման անկախ գնահատողի կողմից՝ առավել իրատեսական գին սահմանելու նպատակով): Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված տվյալները, ըստ որոնց՝ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարել է ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Մինչդեռ, Գլխավոր դատախազության ուսումնասիրության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ Ընկերության կողմից 2001-2004 թվականների ընթացքում 900 հազար ԱՄՆ դոլար ներդրում կատարելու վերաբերյալ տվյալներ առկա չեն, դրանց վերաբերյալ տեղեկություն առկա չէ «Հրազդան Մարզահամալիր» ՓԲԸ-ի հաշվապահական հաշվեկշռում, առկա չէ նաև վարձակալի կողմից վարձատուին ներկայացված՝ կապիտալ ներդրում կատարելու վերաբերյալ որևէ ակտ կամ գրավոր տեղեկություն։ 2005 թվականի հունվարի 7-ին Ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ՝ նույն ընկերության բաժնետեր Ա.Ա.-ն իր վրա է վերցրել 2004 թվականին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագրով Ընկերության ստանձնած պարտավորությունները՝ մինչև 2009 թվականը 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու մասին (ըստ Պետական գույքի կառավարման վարչության՝ Ա.Ա.-ի կողմից կատարված ներդրումները համարվել են ընդունված): 2010 թվականին Ընկերությունը վերանվանվել է «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության, որից հետագայում առանձնացվել են «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ ընկերությունն ու «ՍՈԼԻԴՈՒՍ» ՓԲ ընկերությունը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի վճռով՝ «Հրազդան Կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2019 թվականին Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ։ Հաշվի առնելով, որ պաշտոնատար անձանց կողմից ներկայացված ոչ արժանահավատ տվյալների հիման վրա՝ Կառավարությունը տվյալ ժամանակահատվածում շուրջ 11 մլրդ 558 մլն դրամ շուկայական արժեք ունեցող, ներկայում՝ 16 մլրդ 127 մլն 253 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեք ունեցող գույքը՝ «Հրազդան» մարզադաշտը, վաճառել է ընդամենը 87 մլն 520 հազար դրամով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2024 թվականի փետրվարի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:35 - 14 փետրվարի, 2024
Ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտած ընկերությունների 2 տնօրենների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտած ընկերությունների 2 տնօրենների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ընդերք օգտագործող ընկերության՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու անձի՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային և այլ էական վնաս: 2023 թվականի դեկտեմբերի 27-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 43 մլն 583 հազար 300 դրամ վնասը: Դատախազը 2024 թվականի փետրվարի 13-ին հաստատել է Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
11:05 - 13 փետրվարի, 2024
Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը

Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը

Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: «Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Առևտրային կազմակերպության ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:01 - 12 փետրվարի, 2024
Ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ մեր ինստիտուցիոնալ աշխատանքը միջազգային հետաքրքրություն է առաջացրել. Վարդապետյան |1lurer.am|

Ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ մեր ինստիտուցիոնալ աշխատանքը միջազգային հետաքրքրություն է առաջացրել. Վարդապետյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2023 թվականի ապրիլի 4-ին կայացված վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել Հակոբ Կովալենկոյի Շահգալդյանի անվամբ Մարզ Կոտայքի Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 2,4993 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այժմ առաջարկվում է հողամասն ամրագրնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:  Կառավարության՝ փետրվարի 8-ի նիստին, անդրադառնալով առաջարկին և այդ մասով հարուցված քրգործին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ վճռով 46 միլիոն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունք: Քննարկման շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ կա երկու հարց, որոնց մասով իշխող ուժին ամենաշատն են քննադատում: Մեկը վերաբերում է քրեական գործերի վաղեմության ժամկետներին և դատարանների քննության մասով դրանց ձգձգմանը: Մյուս հարցը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգին: «Ի՞նչն էր այդ «թուքումուրի» իմաստը, որ մարդիկ մեզ մեղադրում էին և մեղադրում են, թե հեղափոխությունից հետո ինչու գործիքները չենք վերցրել և գնացել տեղում [լուծել հարցը],- ասաց վարչապետը և հավելեց, որ որոշում է կայացվել, որ պետք է գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով: Օրենսդրությունը քննարկման ժամանակ անգամ հարց էր բարձրացվում, թե ինչքանով է գործընթացը սահմանադրական կամ հակասահմանադրական. «Ի վերջո, 2023-ից առաջին ծիծեռնակները երևացին: Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ գործող և գործունակ ինստիտուտ ենք հիմնադրել, և այս ճանապարհին մեզ անակնկալներ չեն սպասվում. նկատի ունեմ լեգիտիմությունը»: Աննա Վարդապետյանը տեղեկացրեց՝ ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ ինստիտուցիոնալ, հետևողական աշխատանքը միջազգային որոշակի հետաքրքրություն է առաջացրել, և շատ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, ուզում են ուսումնասիրել հայկական փորձը: «Անցած տարի մենք Ղազախստանի մեր գործընկերներից հայց ստացանք, թե խնդրում ենք մեզ բացատրել ձեր ինստիտուտի նրբությունները և օգնել որոշակի առումով բարեփոխումների ենթարկել ղազախական ընթացակարգերը: Մենք սիրով համաձայնել ենք և կիսվել մեր փորձով: Այսինքն՝ մենք ձևավորել ենք իրավական մի պրոդուկտ, որը շուտով կսկսենք նաև «արտահանել»: Սա հետևողական իրավական ճիշտ աշխատանքի արդյունք է»,- ասաց նա: Վարդապետյանը նաև կարծիք հայտնեց, որ այս մասով արդյունք չէր գրանցվի, եթե գործընթացը «ճիշտ» սկսած չլինեին. «Սա մեզ ապահովագրելու է հետագայում «ինքնադատաստանի» մեղադրանքներից պաշտպանվելիս հատկապես եվրոպական դատարանում, հատկապես սեփականության իրավունքի պաշտպանության առումով, և նույն աշխատանքը մենք իրականացնում ենք նաև պետշահերով»:
13:22 - 08 փետրվարի, 2024
Դադարեցվել է Արարատի մարզում օրենքի խախտմամբ հանքարդյունաբերական գործունեություն ծավալած ընկերության ընդերքօգտագործման իրավունքը

Դադարեցվել է Արարատի մարզում օրենքի խախտմամբ հանքարդյունաբերական գործունեություն ծավալած ընկերության ընդերքօգտագործման իրավունքը

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ: «Օրենքի խախտմամբ հանքարդյունաբերական գործունեություն ծավալած, պետությանը 1 մլն 359 հազար դրամի գույքային վնաս պատճառած, Արաքս գետի հունը խախտած ընկերությունը «Արև Սյուզի» ՍՊ ընկերությունն էր: Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերությունը, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք, շեղվել է ընկերությանը տրամադրված կոորդինատներից, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ 2748 խմ ծավալով լեռնային զանգված՝ խախտելով Արաքս գետի հունը: Միևնույն ժամանակ, ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չէր վճարել 5 մլն դրամ տուգանքը: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Կ.Հ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել էր 1 մլն 359 հազար  դրամ վնասը, վճարել էր նաև գանձման ենթակա՝ 5 մլն դրամ տուգանքը:  Դատախազը նույն թվականի նոյեմբերի 16-ին, հաստատել էր Կ.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով՝ ընկերության տնօրենը մեղավոր էր ճանաչվել վերոնշյալ արարքում և նրա նկատմամբ որպես պատիժ՝ նշանակվել էր տուգանք՝ 2 մլն 720 հազար դրամի չափով: Արարատի մարզի դատախազությունը, 2023 թվականին միջնորդագիր էր ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ «Արև Սյուզի» ՍՊ ընկերությանը տրամադրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով՝ դադարեցվել է «Արև Սյուզի» ՍՊ ընկերության ընդերքօգտագործման իրավունքը, ուժը կորցրած է ճանաչվել ՇԱԹՎ-29/306 թույլտվությունը, լեռանահատկացման թիվ ԼՎ-306 ակտը և լուծվել է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրված թիվ ՊՎ-306 ընդերքօգտագործման պայմանագիրը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
18:17 - 02 փետրվարի, 2024
Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով հանձնման մասին միջնորդություն է ուղարկվել ՌԴ
 |1lurer.am|

Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով հանձնման մասին միջնորդություն է ուղարկվել ՌԴ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով, հանձնման մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այդ մասին «Լուրերին» տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):  Քրեական վարույթով պարզվել էր, որ Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք էր բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին և գրանցված եղել «Զանգեզուր մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ: Վանեցյանի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը: Կարեն Վանեցյանը, տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը Միքայել Մինասյանին պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել էր օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք: Նա 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք էր բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը: Նախաքննության ընթացքում Կարեն Վանեցյանի գտնվելու վայրը պարզել հնարավոր չէր եղել: Միջնորդություն էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
12:29 - 02 փետրվարի, 2024
Երևանի Հրաչյա Քոչարի փողոցին հարող տարածքում կառուցված բենզալցակայանն օրենքի խախտմամբ է սեփականաշնորհվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի Հրաչյա Քոչարի փողոցին հարող տարածքում կառուցված բենզալցակայանն օրենքի խախտմամբ է սեփականաշնորհվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցին հարող տարածքում գտնվող բենզալցակայանի վերաբերյալ փաստաթղթերը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ բենզալցակայանի նկատմամբ 2002 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից գրանցվել է ՍՊ ընկերության սեփականության իրավունքը: Ըստ սեփականության իրավունքի վկայականի՝ գրանցման հիմքում դրվել են Երևանի քաղաքապետի՝ պետական սեփականություն համարվող հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին որոշումները, ինչպես նաև հողի վարձակալության պայմանագրերն ու նախագիծը: Նշված պայմանագրերով վարձակալին թույլատրվել է վարձակալած հողամասի վրա իրականացնել շինարարություն, սակայն դրա նկատմամբ վարձակալի կողմից սեփականության իրավունք ձեռք բերելու վերաբերյալ նշում առկա չի եղել: Գործող օրենսդրությամբ, սակայն, վարձակալված հողամասի վրա վարձակալի կողմից կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունք կարող էր գրանցվել վարձակալության պայմանագրում ուղղակիորեն նման հիմք նախատեսված լինելու պարագայում: Արդյունքում, իրավական հիմքերի բացակայության պայմաններում, Կադաստրի կոմիտեի կողմից կատարվել է սեփականության իրավունքի գրանցում, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության շահերին: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ բենզալցակայանի զբաղեցրած հողամասն ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ): Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքեր՝ Երևան քաղաքի դատախազության դատախազը 2024 թվականի հունվարի 23-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ 2024 թվականի հունվարի 25-ին Հակակոռուպցիոն կոմիտեում  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1‑ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2024 թվականի փետրվարի 1-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը պետությանը վերադարձնելու նպատակով:
17:43 - 01 փետրվարի, 2024
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 98-րդ հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝   301 միլիոն 218 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար. 567 միլիոն 396 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել. 1 իրավաբանական անձանցում մասնակցություն. 3 միլիոն 331 հազար դրամ՝ փոխառությունից ծագող պահանջի իրավունք. 4 միլիոն 863 հազար դրամ՝ նախկին նախարարին նախկինում պատկանած տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
17:34 - 31 հունվարի, 2024
Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի՝ պետությանը պատճառած վնասն ամբողջովին վերականգնվել է

Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի՝ պետությանը պատճառած վնասն ամբողջովին վերականգնվել է

Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին ու պետությանը պատճառված վնասը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: «Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս: Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության, 95 մլն դրամ գործարանային արժեքով՝ համակցված կերի հոսքագիծ: Հոսքագիծը նշված արժեքով հաշվառվել է համայնքի գույքային հաշվեկշռում: Համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի՝ 2010 թվականի հուլիսի 23-ի որոշման պահանջները, այն է՝ սարքավորումը չի կարող օգտագործվել շահույթ ստանալու նպատակով և պետք է ծառայի բացառապես ի շահ համայնքի բնակչությանը, հոսքագիծը հանձնել է իր եղբորը փաստացի պատկանող՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում գործող ընկերությանը, որտեղ այն 9 տարի շարունակ շահագործվել է ընկերության արտադրական կարիքների համար: Համայնքի նախկին ղեկավարը 2019 թվականին նախաձեռնել է գույքն ուղղակի վաճառքով օտարելու գործընթաց: 95 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող համայնքային գույքը գնահատվել է 19 մլն դրամ և համայնքի ավագանու՝ 2019 թվականի հուլիսի 11-ի թիվ 24-Ա որոշմամբ՝ նույն ամսվա 26-ին ուղղակի վաճառքով օտարվել է իր եղբորը պատկանող ընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Դատախազը 2022 թվականի մարտի 22-ին համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): 2024 թվականի հունվարի 30-ին համայնքի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին և պետությանը պատճառված՝ 116 մլն դրամի վնասը:
12:43 - 30 հունվարի, 2024
Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած 184 անձ գործուն զղջալու հիմքով ազատվել է քրեական պատասխանատվությունից |armenpress.am|

Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած 184 անձ գործուն զղջալու հիմքով ազատվել է քրեական պատասխանատվությունից |armenpress.am|

armenpress.am: Գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած 184 անձ  ազատվել է քրեական պատասխանատվությունից։  «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատասխանելով հարցին, թե գործուն զղջալու հիմքով ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած քանի՞ անձ է ազատվել քրեական պատասխանատվությունից՝ համապատասխան օրենքի ընդունումից ի վեր։  «Հայտնում ենք, որ ծանր և/կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով ազատվել է 184- անձ, որից 1-ը ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ բաժնում (Սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները) և 14-րդ բաժնում (Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները), 1-ը՝ 14-րդ բաժնում, 182-ը՝ 15-րդ բաժնում (Զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունները) ընդգրկված հանցանքների կատարման համար: Քրեական վարույթներով այլ տեղեկություններ տրամադրվել չեն կարող, քանի որ դրանք պարունակում են քրեական վարույթների հրապարակման ոչ ենթակա տվյալներ»,- նշեցին գլխավոր դատախազությունից։ Հայաստանում գործուն զղջալու ինստիտուտը բացառիկ դեպքերում կիրառելի է դարձել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով: Գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսի 4-ից։ Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելու ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել էր, որ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը, որով նախատեսված են գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը, սահմանում է, որ, եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության արարք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: «Նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարևոր է նման իրավակարգավորումը, որը էապես նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը: Նման պայմաններում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նույն իրավակարգավորումները բացառիկ դեպքերում կիրառելի չեն ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում: Դրանով իսկ պայմանավորված՝ նախագծով առաջարկում ենք գործուն զղջալու դեպքում չնախատեսել նման սահմանափակում»- ասել էր Մինասյանը։ Օրենքով սահմանված են հանգամանքները, որոնց պարագայում անձը չի կարող գործուն զղջալու հիմքով ազատվել պատասխանատվությունից: Դրանք են մասնավորապես խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է ծանրացնող հանգամանքներում, ահաբեկչությունը, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը և այլն, ինչպես նաև այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում:
09:51 - 30 հունվարի, 2024