Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  ՌԴ նախագահն իր խոսքում նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ շատ ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում: Մենք ունեցանք հոբելյանական գագաթնաժողով, լրացավ ԵԱՏՄ-ի տասնամյակը, բոլոր երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի համար դրական նշանակություն ունի համագործակցությունն այդ միջազգային կազմակերպության շրջանակում: Հայաստանի համար առևտրաշրջանառության ավելացումը ԵԱՏՄ երկրների հետ 2015 թվականից զգալի է եղել` 14 անգամ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ևս զարգանում են հաջողությամբ: Մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը: Նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճը զգալի է եղել, ինչը կապված է ձեր կողմից արտահանման աճի հետ մեր երկիր: Առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև կազմել է ավելի քան յոթ միլիարդ դոլար, նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել: Իհարկե, կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության աճի հետ կապված, կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի, բայց կա հնարավորություն ԵԱՏՄ աշխատանքի հարթակում խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության հարցերին անդրադառնալ: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է. «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի: Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վերջին անգամ մենք հանդիպել ենք դեկտեմբերին, այս ընթացքում, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել: Իհարկե, տնտեսական հատվածն արդեն քննարկել ենք նիստի ընթացքում, և վստահ եմ, որ այժմ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը, տարածաշրջանային հարցերը: Ես ևս ուրախ եմ Ձեզ տեսնել»:
09:51 - 09 մայիսի, 2024
Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը
 |armenpress.am|

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 8-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիսավոր նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխշահավետ գործակցությունն ու կապերը և ձգտում հետագայում եւս պահպանել դրանք։ «ԵԱՏՄ-ն այսօր արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց է, որի գործունեությունն ապահովում է փոխադարձ ապրանքաշրջանառության և ներդրումների աճ, գործարար կապերի ընդլայնում և զարգացում, որի արդյունքում անդամ բոլոր երկրները տնտեսական ռեալ շահույթներ են ստանում: Այն իր հերթին խթանում է տնտեսական կայուն զարգացումը, ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի համար՝ բարձրացնելով մարդկանց կենսամակարդակը»,- նշել է Պուտինը՝ նիստի վարման իրավունքը փոխանցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես կառույցը ղեկավարող երկրի առաջնորդի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ողջունել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության եւ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետն առաջարկել է անմիջապես սկսել օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը: Նիստը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև Կուբայի և Տաջիկստանի ղեկավարներն, այս պահին շարունակվում է դռնփակ ռեժիմով։ Նշենք, որ աշխատանքային այցի շրջանակում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումը:
19:08 - 08 մայիսի, 2024
Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել
 |factor.am|

Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եվրոպական երկրներին կոչ է արել չմասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ես ուղերձ եմ հղել ԵՄ անդամ բոլոր երկրներին, որտեղ նշել եմ, որ կարծում եմ՝ ճիշտ է արարողությանը չմասնակցելը։ Իմ խորհուրդն է՝ դա չանել։ Բացի այդ, Պուտինը մարդ է, որը Միջազգային քրեական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել»,- ասել է Բորելը։ Նա նշել է, որ սկզբում ԵՄ անդամ երկրների շրջանում քննարկում է եղել Պուտինի երդմնակալությանը մասնակցել-չմասնակցելու հետ կապված, ինչպես նաև՝ ինչ մակարդակով՝ դեսպանների կամ գործերի ժամանակավոր հավատարմատարների։ «Ինձ համար դիրքորոշումը պարզ է։ Ուկրաինացիներին ու շատ մարդկանց ամբողջ աշխարում դժվար կլինի հասկանալ, թե ինչու ենք ներկա Պուտինի երդմնակալությանը, մարդու, որը դատապարված է ՄՔԴ-ի կողմից և պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի համար, որի ընտրությունը մենք վիճարկում ենք, քանի որ այն ազատ չէր, ընտրություններն արդար չէին։ Սա ակնհայտ հակասություն կլիներ։ Հետևաբար, իմ խորհուրդն էր ԵՄ անդամ երկրներին՝ չմասնակցել երդմնակալությանը»,- ասել է Բորելը։  
16:16 - 07 մայիսի, 2024
Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները

Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի լիազորությունները։ Ելույթում նա հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է և կլինի լավ հարաբերությունների ամրապնդման համար բոլոր այն երկրների հետ, որոնք Ռուսաստանը տեսնում են որպես վստահելի և ազնիվ գործընկեր։ Պուտինի խոսքով՝ չեն հրաժարվում արեւմտյան պետությունների հետ երկխոսությունից. «Ընտրությունն իրենցն է. մտադիր են շարունակել Ռուսաստանի զարգացումը զսպելու փորձերը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը, տարիներով շարունակական ճնշում գործադրել մեր երկրի վրա, թե՞ համագործակցության և խաղաղության ճանապարհ փնտրել»։ Նա նշել է՝ հնարավոր է երկխոսություն, այդ թվում՝ անվտանգության և ռազմավարական կայունության հարցերի շուրջ, բայց ոչ ուժի դիրքերից, և առանց որևէ մեծամտության, միայն հավասար պայմաններում՝ հարգելով միմյանց շահերը։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում երդմնակալության արարողությանը։ Այսօր ասուլիսի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու չի մասնակցում Պուտինի եդմնակալության արարողությանն այն դեպքում, երբ գնացել էր Էրդողանի եդմնակալության արարողությանը մասնակցելու, ասել էր․ «Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալության արարողությանը մասնակցելու մասին, և հաշվի առնելով նաև մեր օրակարգը և առանձնահատկությունը՝ մասնակցել եմ։ ՌԴ նախագահից հրավեր ոնց որ թե չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի նաև, այսօրվա էս խոսակցությունը պակաս կարևոր չի ինձ համար (նկատի ունի մամուլի ասուլիսը - խմբ․)»։  
16:03 - 07 մայիսի, 2024
Փաշինյանը խոսեց Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու մասին

Փաշինյանը խոսեց Պուտինի երդմնակալությանը և մայիսի 9-ի շքերթին չմասնակցելու մասին

Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք զորահանդեսին չմասնակցելու վերաբերյալ հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես անցած տարի միջոցառմանը մասնակցել եմ, չեմ կարծում, թե ամեն տարի պիտի մասնակցեմ։ Ես չեմ էլ հիշում էդպիսի պրակտիկա, որ ՀՀ որեւէ ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը, կամ որեւէ երկրի։ Չեք կարծո՞ւմ, որ մի քիչ տարօրինակ կլինի՝ ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի մայիսի 9-ի շքերթին»։ Լրագրողը դիտարկում արեց, թե ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը չմասնակցելը հնարավոր է՝ կապված է նաեւ այս ասուլիսի հետ, ինչին Փաշինյանն արձագանքեց՝ «այո, կարող է նաեւ կապ ունենալ»․ «Վաղը ես ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում նախագահում եմ եւ դե յուրե պետք է այնտեղ լինեմ, եւ դա իմ աշխատանքի մասն է, սա էլ է իմ աշխատանքի մասը, ինչպես խոսեցի՝ էս երկխոսության գործընթացը»։   Խոսելով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդրի մասին՝ Փաշինյանն ասաց․ «Մենք ակնկալում ենք, որ էդ հեռարձակումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ՀՀ պետական կարգը հարգեն։ Կարծում եմ՝ ինչ-որ անհավանական բան չենք ուզում։ Մանավանդ, չեմ պատկերացնում, որ ասենք նույն ՌԴ-ում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որն ասենք նույն բառապաշարով կամ դրա 5 տոկոսի չափով խոսում է Հայաստանում հաստատված պետական կարգի, կառավարության, պետության մասին, ու հնարավոր լինի դա ՌԴ-ում շարունակի եթեր ունենալ․ բացառված բան ա։ Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ խնդրում ենք հարգալից վերաբերմունք ՀՀ-ի եւ նրա շահերի նկատմամբ։ Մենք, հաշվի առնելով նաեւ մեր երկրների բարեկամական հարաբերությունը, պատրաստ ենք մի անգամ խնդրել, երկու անգամ խնդրել, երեք, չորս, հինգ, վեց անգամ խնդրել, յոթ անգամ խնդրել, հետո մի անգամ պահանջել, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ անգամ պահանջել, եւ եթե յոթերորդից հետո էլ էդ պահանջն արհամարհվի, ուրիշ տարբերակ չկա, պետք ա անջատվեն էդ բոլոր հեռուստաընկերությունները, ՀՀ-ում պետք ա չհեռարձակվեն»։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ խնդրանքները չբավարարելու դեպքում բացառում է, որ այդ հեռուստատեսությունները, ընդհանրապես որեւէ ռեսուրս, ընդ որում՝ որեւէ երկրի, կարող են ՀՀ-ում շարունակել իրենց հեռարձակումը։ «Երկու անգամ էլ կպահանջենք, չեղավ՝ ուրեմն խնդրում եմ՝ էս գլխից բոլորս արձանագրենք, թե ինչ ա լինելու հաջորդ քայլով»։
14:03 - 07 մայիսի, 2024
 Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Վաղը մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստը, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ: Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Օրակարգը ՌԴ-ի հետ շատ բազմազան է։ Գիտեք, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ և դրանց մի մասը բարձրաձայնվել են։ Մենք երբեք չենք եղել այն կարծիքին, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար, դրանք բարձրաձայնվում են ՀՀ-ՌԴ բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսերը հանելու նպատակով։ Իհարկե, [քննակելու ենք] ամբողջ օրակարգը մեր հարաբերությունների՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մենք կքննարկենք»,- ասաց վարչապետը՝ խոստանալով, որ հանդիպման արդյունքները հետագայում կներկայացնի։
13:29 - 07 մայիսի, 2024
Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
 |tert.am|

Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Բառացիորեն երդմնակալության հաջորդ օրը (մայիսի 8-ին) նախագահը անցկացնում է առաջին խոշոր միջազգային միջոցառումը, այն է՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական հանդիպումը։ Դրանից հետո տեղի կունենա երկկողմանի հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև ավանդական ընկերական ընթրիք ԱՊՀ երկրների ղեկավարների համար»,- ասել է Ուշակովը։ Նա նշել է, որ «այս երկկողմ շփումը լինելու է շատ առարկայական, քննարկման շատ հարցեր կլինեն»։ «Վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն ղեկավարների միջև»,- ասել է Ուշակովը։ «Դուք գիտեք, որ Փաշինյանն ինքը ապրիլին ասել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններն անցնում են ծանր ժամանակներ։ Վերջերս նկատելիորեն նվազել են մեր երկրների միջև տարբեր մակարդակների շփումները։ Քննադատություն է հնչում և՛ Ռուսաստանի, և՛ ՀԱՊԿ-ի հասցեին»,- Ուշակովը։ Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը, թեև դեռ դուրս չի եկել այդ կազմակերպությունից, միևնույն ժամանակ չի մասնակցում կառույցի համատեղ զորավարժություններին և պատրաստվում է զերծ մնալ դրա ֆինանսավորումից: «Զուգահեռ Հայաստանը ցուցադրաբար զարգացնում է երկխոսությունն Արևմուտքի հետ, այդ թվում դիտարկում Է Եվրամիությանը միանալու տարբեր տարբերակներ, ակտիվանում են ՆԱՏՕ-ի գծով կապերը: Այժմ շատ հարցեր են կուտակվել, որոնք քննարկում են պահանջում հենց առաջնորդների միջև», - ասել  է  Կրեմլի ներկայացուցիչը:
18:39 - 06 մայիսի, 2024
Ռուսաստանը Եվրոպայում ահաբեկչություններ և դիվերսիաներ է պլանավորում. Financial Times |hetq.am|

Ռուսաստանը Եվրոպայում ահաբեկչություններ և դիվերսիաներ է պլանավորում. Financial Times |hetq.am|

hetq.am: Եվրոպական հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են իրենց կառավարություններին, որ Ռուսաստանը սաբոտաժի և դիվերսիայի գործողություններ է ծրագրում ամբողջ աշխարհամասում: Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Եվրոպայի երեք հատուկ ծառայություններին։ Պարբերականը գրում է, որ Ռուսաստանն արդեն ուղղակիորեն և միջնորդների միջոցով սկսել է առավել ակտիվորեն նախապատրաստել պայթյուններ, հրկիզումներ և վնաս հասցնել Եվրոպայի ենթակառուցվածքներին՝ չմտածելով խաղաղ բնակիչների մահվան մասին։ Պարբերականի աղբյուրները նշում են, որ պատճառն այն է, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ մշտական հակամարտության ուղին է ընտրել։ «Մենք կարծում ենք, որ պետության կողմից վերահսկվող դիվերսիաների ռիսկը զգալիորեն մեծանում է։ Այժմ Ռուսաստանը կարծես իրեն հարմարավետ է զգում եվրոպական հողի վրա վնասի մեծ ներուժով գործողություններ իրականացնելիս»,- ավելի վաղ հայտարարել է Գերմանիայի ներքին հետախուզության ղեկավար Տոմաս Հալդենվանգը։ Եվրոպական կառավարություններից մեկի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության ծառայությունների միջոցով տեղեկություններ են ստացվում «Ռուսաստանի ակնհայտ և համոզիչ մեքենայությունների» մասին, որոնք համակարգվում են և մասշտաբային բնույթ կրում:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:28 - 05 մայիսի, 2024
Պուտինը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
 |civilnet.am|

Պուտինը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում |civilnet.am|

civilnet.am:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 22-ին Մոսկվայում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «շատ զգայուն է» որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։ «Կխոսենք նաև տարածաշրջանում անվտանգության առումով ստեղծված իրավիճակի մասին։ Հարցերն այստեղ շատ են, դրանք շատ զգայուն են»,- հանդիպման հրապարակային մասում ասել է Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ալիևը նշել է, որ Ռուսաստանը կարևոր երկիր է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով։ «Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են։ Մենք ուրախ ենք, թե ինչպես են դրանք լուծվում։ Ռուսաստանը կարևոր երկիր է Կովկասում տարածաշրջանային անվտանգության և ավելի լայն աշխարհագրության առումով։ Մեր երկրների փոխգործակցությունից շատ բան է կախված»,- ասել է նա։
18:08 - 22 ապրիլի, 2024