ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը դրամաշնորհի ձևով ավելի քան 3 միլիոն դրամ հատկացրեց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին

Կառավարությունը դրամաշնորհի ձևով ավելի քան 3 միլիոն դրամ հատկացրեց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին

ՀՀ կառավարությունը վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի ձևով 3 160 000 ՀՀ դրամ կհատկացնի: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Համապատասխան նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել գրասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ, ինչպես նաև միջոցառումների հետ կապված ծառայություններ՝ «TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման նպատակով:  Վարչապետի աշխատակազմի կարիքների համար անհրաժեշտ ապրանքները նախատեսվում են ձեռք բերել ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում, իսկ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի ձևով է հատկացվելու 3 մլն 160 հազար դրամ: Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ «TOUR DE SEVAN 2024»-ը Սևանի շուրջ կազմակերպվող հեծանվարշավ է լինելու, որի նպատակով անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև է ընտրվել հրատապության հիմքով մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, քանի որ գնման որևէ մրցակցային ձևի կիրառումը, ըստ վարչապետի աշխատակազմի, ժամկետի առումով հնարավոր չէ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի: Ըստ հիմնավորման՝ նախագիծը միտված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ սահմանված հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորման քաղաքականության իրականացմանը․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեծանվավազքի վարչապետի գավաթում տեղի են ունեցել փոփոխություններ, և այսուհետ դրան մասնակցելու են միայն աշակերտները, բնակչության մասնակցությունը զանգվածային մարզական միջոցառումներին խթանելու, բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության, առողջ ապրելակերպի արմատավորման նպատակով կազմակերպվում է նաև «TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավը»,- նշված է փաստաթղթում: Նշենք, որ այս նախագիծն ընդգրկված է եղել այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ «ՀՀ 2024թ․ պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացումներ և ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի երկրորդ կետն էլ մակագրված է «գաղտնի»։
12:07 - 15 օգոստոսի, 2024
Պետությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կցուցաբերի Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին |armenpress.am|

Պետությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կցուցաբերի Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը: Նոր ծրագիրը հաստատվեց կառավարության օգոստոսի 15-ի նիստում:  «Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով: Տուժած տնտեսավարողների շրջանակը և պատճառված վնասները գույքագրվել են Լոռու և Տավուշի մարզպետարանների կողմից»,-ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Քաղաքաշինության կոմիտեի և Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն այցելել են աղետի գոտի, տուժած յուրաքանչյուր տնտեսավարողի գործունեության իրականացման վայր, գնահատել են ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի վնասվածության աստիճանը: Այդ աշխատանքների արդյունքում տնտեսավարողների վնասվածությունը դասակարգվել է 3 աստիճանի՝ ցածր, միջին և բարձր, որն էլ հիմք է հանդիսանում ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափի հաշվարկման համար:   Ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերը: Շահառուներին աջակցությունը տրամադրվում է՝ հիմք ընդունելով տնտեսավարողների կրած վնասվածության աստիճանը»,-ասաց նախարարը: Տրամադրվող աջակցությունը բաղկացած է երկու բաղադրիչից: Առաջին՝ կախված տնտեսավարողի ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի մակերեսից և վնասվածության մակարդակից, որի վերանորոգման ծախսերի վերաբերյալ հաշվարկներն իրականացվել են Քաղաքաշինության կոմիտեից կողմից: Ըստ այդմ, ցածր՝ 1 քառ. մետրի համար՝ 6600 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, միջին՝ 1 քառ. մետրի համար՝ 14 հազար 900 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, բարձր՝ 24 հազար 800 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ: Պապոյանի խոսքով՝ այս բաղադրիչով աջակցություն տրամադրվելու է շուրջ 150 տնտեսավարողի, որի ընդհանուր գումարը կազմելու է մոտ 140 մլն դրամ: Երկրորդ բաղադրիչ՝ կախված տնտեսավարողի՝ 2023 թվականի համար պետական բյուջե վճարված հարկերի չափից, որի վերանորոգման ծախսերի վերաբերյալ հաշվարկներն իրականացվել են ՊԵԿ-ի կողմից: Նախատեսվում է ցածր աստիճանի տուժածներին՝ 2023 թվականի հարկերի (ԱԱՀ և շրջանառության հարկ) չափով վերադարձ՝ 50 տոկոսը, նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը՝ 5 մլն դրամ, միջին՝ 2023-ի հարկերի չափով վերադարձ՝ 70 տոկոս, նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը 10 մլն դրամ, բարձր՝ 2023-ի հարկերի չափով վերադարձ՝ 100 տոկոսի չափով, նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը՝ 15 մլն դրամ: Երկրորդ բաղադրիչով պետությունը մոտ 155 տնտեսավարողի է աջակցություն տրամադրելու, գումարը կազմելու է մոտ 150 մլն դրամ: Աջակցությունը տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության միջոցով: Աջակցություն ստանալու համար տուժած տնտեսավարողները դիմում են ներկայացնելու նախարարություն օգոստոսի 25-ից հոկտեմբերի 15-ը: Դիմումներն ընդունվելու են Էկոնոմիկայի նախարարության էլ. փոստին՝ [email protected]: «Երբ մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք վճարել հարկերը, չունենալ ստվերային շրջանառություն, նման դեպքերի համար է: Ես չգիտեմ, թե այս աջակցությունից քանի տնտեսավարող իրեն տրվող աջակցությունը կհամարի արդարացի, բայց կարծում եմ՝ միանշանակ արդարացի է, որ մենք դա կապում ենք վճարված հարկերի հետ: Հարկերը պետական բյուջե հավաքագրվում են նաև նրա համար, որ նման ճգնաժամային իրավիճակներում կառավարությունն աջակցություն ցուցաբերելու հնարավորություն ունենա: Սա այն դեպքն է, երբ մարդկանց ասում ենք՝ վճարած հարկերը չընկալել որպես իրենց աշխատած գումարն ուրիշին տալու գործընթաց, այլ ընկալել որպես մի գրպանից հանել, մյուս գրպանը դնել»,–ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  
12:03 - 15 օգոստոսի, 2024
Հայ-վրացական սահմանի 2 տեղամասերում Հայաստանը նոր սահմանային ներկայացուցիչ է նշանակում

Հայ-վրացական սահմանի 2 տեղամասերում Հայաստանը նոր սահմանային ներկայացուցիչ է նշանակում

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետը: Համապատասխան որոշման նախագծում սահմանային ներկայացուցչի անունը չի նշվում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողները պարբերաբար փոխատեղության կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղափոխվում են ծառայության մեկ վայրից մյուսը։ Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ նշանակվող զինծառայողի ամբողջական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր կներկայացվի վրացական կողմին՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև՝ սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի պահանջների:  Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ սահմանային ներկայացուցիչ նշանակված գնդապետ Էդգար Հունանյանի՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում այլ պաշտոնում աշխատանքի անցնելու հանգամանքով: Հիմնավորման մեջ ասված է, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն հայ-վրացական պետական սահմանում սահմանային ներկայացուցիչ նշանակելու հետ կապված հարաբերությունները:
11:19 - 15 օգոստոսի, 2024
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 150 հազար հատ նույնականացման քարտ ձեռք կբերի

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 150 հազար հատ նույնականացման քարտ ձեռք կբերի

ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի (ID քարտերի) շարունակական տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ՆԳ նախարարությունն առաջարկել է ձեռք բերել 150 000 հատ «անձնագրեր» (722 միավոր գնով)։ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության արժանացավ։ Անձնագրերի ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվելու է 108 300 դրամ։ Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ 2023թ. հաշվետու տարվա համար ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագրերը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որի համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ։ Դրանով պայմանավորված՝ 2024թ հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն արդեն իսկ տրամադրել է 71 548 նույնականացման քարտ, որը գերազանցում է 2023 թ տրամադրված նույնականացման քարտերի թիվը 7 105 հատով (2023թ. ընթացքում տրամադրվել է 64 442 հատ)։ 2024թ. 1-ին կիսամյակում նույնականացման քարտերից փաստացի մուտքերը կանխատեսվել են 107 100 դրամ, իսկ փաստացի մուտագրվել է 229 089 դրամ։ Եւ քանի որ նշված գնման համար նախատեսված բյուջեն բավարար չէ պահանջարկը բավարարելու համար, նույնականացման քարտերի տրամադրման աշխատանքների անխափան գործընթացի բնականոն շարունակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել ևս 150 000 հատ նույնականացման քարտ։ Գնումը առաջարկվում է իրականացնել «հրատապ մեկ անձ» գնման ձևով, քանի որ, ըստ ՆԳՆ-ի, ծագել է գնման անհետաձգելի պահանջ և արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։
11:14 - 15 օգոստոսի, 2024
44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքները եւս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն

44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքները եւս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն

ՀՀ կառավարությունը որոշեց 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սկսած պատերազմի հետևանքով անհայտ կորած քաղաքացիների ընտանիքներին սոցիալական աջակցության համար դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգել մինչեւ ս․թ․ օգոստոսի 20-ը։ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը մինչ այս պետք է ներկայցվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թվականի հունիսի 15-ը։ Փոփոխման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այսպիսով, անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը: Միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքների։ Պետական բյուջեից պահանջվելու է 6.600.000 դրամ:
11:10 - 15 օգոստոսի, 2024
Հունիսի 17-ը՝ հայրերի օր. կառավարությունը հանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը

Հունիսի 17-ը՝ հայրերի օր. կառավարությունը հանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց մի օրենսդրական նախաձեռնության, որով առաջարկվում է հունիսի 17-ը սահմանվել Հայրերի օր։ Փոփոխություն է արվում «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, որում մինչ այս պահը սահմնված է եղել միայն Մայրության եւ գեղեցկության տոնը, որը նշվում է ապրիլի 7-ին։ Հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը ամրագրում է պետության պատասխանատվությունը ընտանիքի պաշտպանության դերի կարեւորման հարցում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է այս օրենսդրական փոփոխությունը, որի արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն հայրերի մեծարման եւ նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ եւ ծրագրեր մշակելու ու իրականացնելու, այդ նպատակով պետական եւ հասարակական հատվածի համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ հանրային կրթության ծրագրերը խթանելու համար։
11:08 - 15 օգոստոսի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը:Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները, ընթացիկ հիմնական արդյունքները, ինչպես նաև 2024 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի եկամուտներն ու կապիտալ ծախսերի կատարողականը: Անդրադարձ է կատարվել տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, հարկային եկամուտներին, արտահանման և ներմուծման տեմպերին: Հաջորդիվ քննարկվել են պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումների և վերաբաշխումների վերաբերյալ առաջարկվող նախագծերը, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Անդրադառնալով պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաև կապիտալ ծախսերի կատարման ընթացքին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ծրագրերի՝ ժամանակին և պատշաճ իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ պետք է շարունակել հետևողական քայլերն այդ ուղղությամբ:
18:32 - 13 օգոստոսի, 2024
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը

ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 137 մլն դրամ գումար է հատկացվել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի հարդարման, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցները տրամադրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` 2024 թվականի պետական բյուջեի հատկացումների վերաբաշխմամբ: «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վերնոյ 3 հասցեում բարեգործական ծրագրի շրջանակում կառուցվել է նոր շենք, սակայն ներքին հարդարման որոշակի աշխատանքներ չեն կատարվել։ Թատրոնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային և ենթակառուցվածքային բարենպաստ պայմանների ապահովման, ինչպես նաև բարերարի գործն ավարտին հասցնելու, ամբողջականացնելու նպատակով կատարված հատկացումը կկազմի  69.7 մլն  դրամ։ Այս տարի՝ օգոստոսի 10–ին, լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան 100–ամյակը։ Այդ կապակցությամբ նախաձեռնվել է մեծանուն արտիստի արձանի պատրաստման գործընթացը։ 2.8 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում` Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց, սալահատակված մայթին:  Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է։
18:47 - 08 օգոստոսի, 2024
100 մլն դրամի նվիրատվություն՝ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով

100 մլն դրամի նվիրատվություն՝ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով

Գործադիրը հավանություն է տվել նաև 2024 թվականի հուլիսի 29-ին ստորագրված «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրով նախատեսվում է բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:
17:54 - 08 օգոստոսի, 2024
Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի 2025-ին. Արփինե Սարգսյան
 |tert.am|

Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի 2025-ին. Արփինե Սարգսյան |tert.am|

tert.am: Հայաստանում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի հաջորդ տարվա մարտից, երբ արդեն հայտնի կդառնա մրցույթը հաղթած ընկերությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ «Նախագիծը վերաբերում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացմանը։ Այս նախագծով կարգավորվում են արդեն երկրորդ բուն մրցութային ձևաչափին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան ավելի որակյալ իրականացնել գործընթացը և ընտրել լավագույն մատակարարին, որը կկարողանա ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին»,-ասաց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ծրագրի մեկնարկին նախ շուկայի ուսումնասիրություն է իրականացվել՝ հասկանալու, թե ինչ մատակարարներ կան և ինչ առաջարկներ կարող են տրամադրել։ Դրա հիման վրա ձևավորվել է ծրագիրը և առաջին փուլը, որտեղ ընտրվել են որակավորված թեկնածուներին եղել է որակավորման պահանջների համապատասխանության փուլը։ «Դրա շրջանակներում ունեցել ենք միջազգային 5 առաջատար ընկերությունների հայտավորումներ, որոնք բիոմետրիկ անձնագրերի, նույնականացման քարտերի օգտագործման համակարգի ոլորտում ունեն բավական հարուստ փորձառություն»,-նշեց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ որակավորման փուլում դուրս են բերել այն ընկերությանը, որը ծայրից ծայր ձևաչափով իրականացրել է նույնականացման բիոմետըրիկ համակարգի ներդնում․ «5 ընկերություններից որոկավորվել են 3 արտասահմանյան ընկերություն՝ երկու գերմանական և մեկ ֆրանսիական։ Ներկայում բանակցությունների փուլն է, և իրենց կողմից կա առաջարկ երկարաձգել խնդիրների և առաջարկների քննարկման փուլը, որպեսզի ՆԳՆ-ն առաջարկի հարցումը ձևակերպի շատ ավելի գրագետ և վերջնական, որովհետև այն գործընթացի ամենակարևոր փուլն է, որտեղ սխալվելու հավանականություն չեն ունենալու»: Ըստ Սարգսյանի՝ երեք ընկերությունները իրենց առաջարկները կներկայացնեն մինչև ընթացիկ տարվա ավարտը, հաղթողը կորոշվի հաջորդ տարվա մարտին, իսկ ծառայությունների մատուցման մեկնարկը նախատեսված է 2026 թվականի մարտին։ «2026 թվականի մարտին պատրաստ լինելու դեպքում միանգամից կտա ծառայությունների մատուցման մեկնարկը, բայց ուզում եմ, որ զգուշավորությամբ վերաբերվենք այս բոլոր ժամկետներին, քանի որ մրցույթի փուլում հնարավոր են բողոքարկումներ»,- ասաց նա: Փոխնախարարը հավելեց, որ սա նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության տրամաբանության մեջ կարևոր հենասյունային ուղղություն է, իրենք անվտանգության այնպիսի կարևոր կանոներ են նախատեսում, որոնք կբավարարեն բարձր ստանդարտներին։
13:33 - 08 օգոստոսի, 2024
Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների և նպաստառուների հետվճարը 10 տոկոսից կդառնա 12 տոկոս |1lurer.am|

Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների և նպաստառուների հետվճարը 10 տոկոսից կդառնա 12 տոկոս |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն առաջարկում է կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ գնումների դեպքում հետվճարի հաշվարկման համար կիրառվող 10 տոկոսը դարձնել 12 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000-ից դարձնել 6000 դրամ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ օգոստոսի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: «Բայց միաժամանակ առաջարկում ենք կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների հետվճար չհաշվարկել, քանի որ ի սզբանե ծրագրի նպատակներից մեկը, և հիմքում դրված էր այն հանգամանքը, որ միջոցառման նպատակներից պետք է լինի տնտեսության ստվերային շրջանառության կրճատմանը նպաստելը: Ըստ էության, երբ այս ծրագիրը մեկնարկում էինք, մեր մյուս պետական գերատեսչությունների հետ համագործակցությամբ էինք սկսել մեկնարկը՝ ԿԲ-ի և ՊԵԿ-ի՝ նպաստելու անկանխիկ գործարքներին, իսկ կոմունալ վճարումները, ըստ էության, ամբողջությամբ համարվում են ստվերից դուրս: Հետևաբար, քանի որ արդեն իսկ ունենք վարքագծային փոփոխություն, և մեր կենսաթոշակառուներն ու նպաստառուները ակտիվորեն սկսել են օգտագործել՝ անկանխիկ վճարումներ իրականացնելով իրենց քարտերով, մենք առաջարկում ենք այս փոփոխությունը»,- ասաց նախարարը: Նարեկ Մկրտչյանը նաև ներկայացրեց վիճակագրություն: Ըստ այդմ՝ հուլիսի դրությամբ ծրագրից օգտվում է շուրջ 240 հազար շահառու: Ծրագրի մեկնարկից սկսած՝ օգոստոսը ներառյալ, կլինի շուրջ 9 մլրդ հետվճար: «Իսկ ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը մեր կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից՝ ծրագրի մեկնարկից սկսած (մինչև հուլիս ամսվա տվյալն է), 119 մլրդ է: Եվ կարողացանք նաև որոշակի վարքագիծ փոխել: Եթե ծրագրի մեկնարկի առաջիկա ամիսներին կենսաթոշակային քարտերով թոշակ ստացողների թիվը 300 հարյուր հազարի շրջանակում էր, ապա այժմ մենք ունենք շուրջ 540 հազար՝ քարտերով ստացող կենսաթոշակառուներ, որոնց, ըստ էության, 44 տոկոսն արդեն օգտվում է այս ծրագրից»,- ասաց նա:
13:03 - 08 օգոստոսի, 2024
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ վարկային համաձայնագրով Հայաստանը 75 մլն եվրո վարկային միջոցներ կստանա |1lurer.am|

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ վարկային համաձայնագրով Հայաստանը 75 մլն եվրո վարկային միջոցներ կստանա |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: «2024 թվականի հունիսի 26-ին ՀՀ և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիրը՝ Հայաստանին բյուջետային աջակցության նպատակով 75 մլն եվրո վարկային միջոցներ տրամադրելու մասին: Ծրագիրը կազմված է 3 հիմնական բաղադրիչներից՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում»,- նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ սահմանել են բարեփոխումների հետևյալ ոլորտային ուղղությունները՝ արտաբյուջետային պլանավորման թափանցիկության, ռիսկերի կառավարման և պետական ծախսերի արդյունավետության բարձրացում, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումներ, պետական գնումների համակարգի արդիականացում, կանաչ տնտեսության քաղաքականության մշակում, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացում ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնում, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավում, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացում, կորպորատիվ թափանցիկության ընդլայնում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ: Նախարարն ասաց, որ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նշված ուղղությունների ներքո նախապայմանների ձևով սահմանվել են երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության կոնկրետ գործողություններ, որոնք արդեն իսկ ապահովված են: «Սա ծրագրի երկրորդ փուլն է, առաջին փուլն ավարտվել է 2022 թվականին: Մենք նաև քննարկումներ ենք սկսել 3-րդ փուլ ունենալու համար, ինչի շուրջ կսկսենք աշխատանքներն առաջիկայում»,- նշեց Վահե Հովհաննիսյանը: Նախարարը հատկանշական համարեց, որ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, և հետևաբար, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է, իսկ ԱԶԲ-ի վարկային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկայում ԱԶԲ խորհրդի կողմից հաստատվելուց հետո: «Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են ՀՀ 2024 թվականի Պետբյուջեի մասին օրենքով սահմանված պակասորդի ֆինանասավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»,- ասաց նա: Նախարարը հայտնեց. «Ունենք լողացող տոկոսադրույք, հաշվի առնելով հուլիսի 27-ի տոկոսադրույքը՝ այն մոտավորապես կկազմի 4.178 տոկոս: ՀՀ կառավարությունը կարող է ցանկացած պահի լողացող տոկոսադրույքը վերափոխել ֆիքսվածի առանց որևէ լրացուցիչ վճարի, որը կդառնա անփոփոխ մինչև համաձայնագրի ավարտը: Մայր գումարի մարման ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, և մայր գումարը ենթակա է մարման 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով՝ սկսած 2029 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2044 թվականի մարտի15-ը»:
12:05 - 08 օգոստոսի, 2024
Տավուշի մարզ կատարած այցի երկրորդ օրը վարչապետը եղել է մի շարք բնակավայրերում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Տավուշի մարզ կատարած այցի երկրորդ օրը վարչապետը եղել է մի շարք բնակավայրերում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը շարունակել է ծանոթանալ սուբվենցիոն և այլ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից. «Վարչապետը նախ ծանոթացել է Հ-26, /Մ-4/ - Ենոքավան – Կարմիրգյուղ - /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 642 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Իջևան համայնքում կառավարության ղեկավարին է ներկայացվել մասնավոր հատվածի կողմից դեկորատիվ բույսերի արտադրության և ընդլայնման ներդրումային ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվում է արտադրությունն ընդլայնել մինչև 70 հեկտար, այժմ աշխատանքներն իրականացվում են շուրջ 16 հա-ի վրա։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Խաշթառակում, որտեղ ներկայացվել է ժամանակավոր կամուրջի շինարարության ընթացքը: Շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է։ Արդյունքում կառուցվելու է ժամանակավոր անցում: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Խաշթառակի կամուրջը փլուզվել էր Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով: Մարզային այցի երկրորդ օրը վարչապետը ծանոթացել է նաև Նոյեմբերյան համայնքի Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի կառուցման ընթացքին: Ծրագրի 874 մլն դրամ է: Կառուցվում է մեկ հարկանի մետաղական կոնստրուկցիաներով շենք՝ 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզ։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ: Նոյեմբերյան համայնքում Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել է Բագրատաշենի նոր դպրոցի կառուցման ընթացքը, որի արժեքը 1 մլրդ դրամ է: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին: Կառավարության ղեկավարն այցելել է Նոյեմբերյան համայնքի Այրումի մանկապարտեզ, որի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև 2024թ. սեպտեմբեր: Կատարվել են շենքի ամբողջական հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ: Տարածքի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Տավուշում վարչապետին ներկայացվել են Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան, Այրում, Բերդավան, Բագրատաշեն, Ոսկեպար և Կողբ բն․ ասֆալտապատում ծրագրի ենթածրագրով Նոյեմբերյան-համայնքի Այրում քաղաքի ասֆալտապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 53 մլն դրամ է, որից 29 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոյեմբերյանի Շիրազի փողոցի ասֆալտապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացված ծրագրի արժեքը 86 մլն դրամ է, որից 47 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կատարվել են 670 գծմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ 4070քմ մակերեսի վրա: Այցի շրջանակում կառավարության ղեկավարին ներկայացվել են Բաղանիս բնակավայրի 5-րդ փողոցի սալապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացված ծրագրի արժեքը 39 մլն դրամ է, որից 27 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կատարվել է 534 գծմ ճանապարհի վերակառուցման և տուֆապատման աշխատանքներ 2136 քմ մակերեսի վրա: Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Աճարկուտ-Կիրանց 3,7 կմ հատվածի վերակառուցման աշխատանքներին, որի նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է: Աշխատանքներն ավարտական փուլում են։ Կիրանց գյուղի հատվածում վարչապետին ներկայացվել են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում ճանապարհի կահավորման և հենապատերի կառուցման աշխատանքները։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 0,7 կմ է։ Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության «Խելացի» անաս¬նաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման» ծրագրով անասնաշենքի կառուցման ծրագրին, որի արժեքը 23 մլն դրամ է: Ֆերմերը ձեռք է բերել Ջերսեյ և Ֆլեգվի ցեղատեսակների խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 16 գլուխ ։ Օրական արտադրվում է 22-23 լիտր կաթ, հաշվի առնելով բարձր որակը՝ այն վաճառվում է 300 դրամով։ Անասնաշենքը նախատեսված 20-25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։ Բերքաբեր բնակավայրում վարչապետը հանդիպում է ունեցել բնակչության հետ, լսել նրանց խնդիրները և պատասխանել մի շարք հարցերի: Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Սևքար բնակավայրի գյուղամիջյան պուրակի բացման արարողությանը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 89 մլն դրամ է, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Իրականացվել է 2230 քմ տարածքի բարեկարգում, 1285 քմ սալիկապատում, շատրվանների համար պոմպակայանի և ֆիլտրացիոն կայանի կառուցում: Վարչապետը Ոսկեպարում հանդիպել է բնակիչների հետ, պատասխանել «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության» ծրագրին վերաբերող հարցերի», - նշված է հայտարարությունում։
21:51 - 03 օգոստոսի, 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ և ծանոթացել այնտեղ իրականացվող ծրագրերին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ և ծանոթացել այնտեղ իրականացվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից․ «Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դիլիջան քաղաքում, որտեղ վարչապետին ներկայացվել են Տ-10-34, /Մ-4/ - Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Դիլիջան քաղաքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Շամախյան ½ հասցեում մասնավոր հատվածի կողմից «Ալլուր» բնակելի համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին: Ներդրումների ծավալը հասնում է 6․1 մլրդ դրամի։ Կառուցվում են 6 վեցհարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Այն ներկա պահին վերակառուցվում է որպես բազմաբնակարան բնակելի շենք: Վարչապետի հաջորդ կանգառը Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարանում էր, որտեղ ներկայացվել է Այվազովսկու վերականգնված կտավը: Նշվել է, որ վերջինիս վերականգնման նախաձեռնությունը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինության կողմից է, ծրագիրը հովանավորվել է մասնավոր անձի կողմից: Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզի շենքը, կառուցել ջեռուցման համակարգ, բարեկարգել տարածքը։ Ավարտը նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերին: Կառավարության ղեկավարը հաջորդիվ ծանոթացել է Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրագծի կառուցման ընթացքին: Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացման շրջանակում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 288 մլն դրամ է, որից 187 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը ։ Կատարվել են մոտ 8000 գծմ ջրագծի կառուցման /50-219մմ պողպատե և պոլիէթիլենային խողովակներով/ աշխատանքներ: Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև Իջևանի գինու և կոնյակի գործարանի կողմից ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում ձեռք բերված սարքավորումները: 2019 թվականից մինչ օրս ձեռք է բերվել 739․6 մլն դրամի 171 տարբեր սարքավորումներ և 1 շշալցման հոսքագիծ։ 2023 թվականին կնքվել է 1․8 մլրդ դրամի վարկային պայմանագիր։ Նշվել է, որ գործարանն աշխատակիցների համար ապահովել է բարձր աշխատավարձ և ժամանակակից պայմաններ արտադրության և աշխատակազմի համար: Տավուշի մարզում վարչապետն այցելել է «Հին Իջևանատուն» համալիր՝ ծանոթացել իրականացված ներդրումային ծրագրին: Նշվել է, որ կատարվել է 1,7 մլրդ դրամի ներդրում: Կառուցվել է հյուրանոցառեստորանային երկհարկանի, մանսարդային հարկով համալիր։ Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Իջևան քաղաքի Տերյան փողոցում կոյուղագծերի կառուցման ընթացքին: Նշվել է, որ աշխատանքներն իրականացվում են Իջևանի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, Խաշթառակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արժեքը 17.7 մլն դրամ է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, որից 18 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Իջևան քաղաքի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ ասֆալտապատման աշխատանքների ընթացքը: Աշխատանքներն իրականացվում են Իջևան համայնքի Իջևան, Ազատամուտ, Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ և Գանձաքար բն․ ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների պայմանագրային արժեքը 129.6 մլն դրամ է, որից 71,3 մլն դրամը հատկացրել է կառավարությունը: Կատարվում են 1 կմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ: Այցի ընթացքում Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգումն է ներկայացվել կառավարության ղեկավարին (Գանձաքար-Իծաքար հատված): Շինարարության պայմանագրային արժեքը 4,2 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 35 կմ է, այդ թվում՝ Հախում գետի վրա նոր կամուրջի կառուցումը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Վարչապետը ծանոթացել է նաև Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Ծրագրի արժեքը 3,6 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 26 կմ։ Աշխատանքներն ավարտական փուլում են։ Այնուհետև՝ ներկայացվել է Թթուջուր-Նավուր ճանապարհի 1-ին տեղամասի՝ 15 կմ հատվածի շինաշխատանքները: Ծրագրի արժեքը 2,4 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 15 կմ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: Վերոնշյալ ճանապարհաշինական ծրագրերին միջոցները հատկացրել է Կառավարությունը: Բերդ համայնքում վարչապետը ծանոթացել է Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում ծրագրի ենթածրագրով Բերդ համայնքում իրականացվող տուֆապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 293 մլն դրամ է, որից 220 մլն դրամը տրամադրել է կառավարությունը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հ-36-ից մինչև Չինչին ճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Ծրագրի արժեքը 1,3 մլրդ դրամ է 2024 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 6,9 կմ հատվածը: Աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի: Գործադիրի ղեկավարին ներկայացվել են ՀՀ կառավարության Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված և կառուցման փուլում գտնվող անհատական բնակելի տներ: Այդ նպատակով շահառուներին պետությունը հատկացրել է 16-ական մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեով: Բնակելի տների սեփականատերերը շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Կառավարության կողմից նման ծրագիր նախաձեռնելու համար: Նշվել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում ծրագիրն առաջացրել է մեծ հետաքրքրություն և ներկայումս ընթացքի մեջ են նմանատիպ բազմաթիվ բնակելի տների կառուցման աշխատանքներ: Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Իջևան համայնքի Իջևան, Ազատամուտ, Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ և Գանձաքար բնակավայրերի ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում ծրագրի ենթածրագրով Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման ընթացքին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 168 մլն դրամ է, որից 92 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։  Իրականացվում են 2034 գծմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ, 11880քմ մակերեսի վրա: Աշխատանքներն ավարտական փուլում են», - ասված է կառավարության հայտարարությունում։
10:39 - 03 օգոստոսի, 2024
Արցախից տեղահանվածների կարիքներին ուղղված միջազգային աջակցությունը՝ ամփոփ

Արցախից տեղահանվածների կարիքներին ուղղված միջազգային աջակցությունը՝ ամփոփ

Արդեն 4 ամիս է՝ «Ինֆոքոմը» փորձում է ամփոփել եւ դասակարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքներին ուղղված մարդասիրական օգնության վերաբերյալ տվյալները։ Մեր նպատակն էր հասկանալ, թե որ աղբյուրից որքան գումար է հատկացվել, ինչ ուղղություններով է այն ծախսվել եւ, ի վերջո, հավաքագրված միջոցների որ մասն է հասել ուղիղ շահառուին։  Տեղեկություններ ստանալու համար գրավոր դիմել ենք ՀՀ կառավարությանը, 25 պետության դեսպանատներին եւ 4 միջազգային կառույցներին՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե հավաքագրված գումարի որքան մասն է հատկացվել աշխատավարձերին, խորհրդատվություններին, միջոցառումների կազմակերպմանը, իսկ որքան մասը՝ ուղիղ տեղահանվածներին։ Թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ գործընկեր պետությունները եւ թե՛ միջազգային կառույցները չեն տրամադրել արձագանքմանն ուղղված ծախսերի բացվածքը, ինչը սահմանափակում է ուղիղ շահառուներին հատկացրած գումարի չափը հասկանալու հնարավորությունը։  Ավելին, մեր հարցումներին ոչ բոլորն են արձագանքել։ Իրանը եւ Չինաստանը ընդհանրապես հրաժարվել են տվյալներ տրամադրել։ Ընդհանրական տեղեկություններ հայտնել են միայն Կանադան, Շվեդիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Գերմանիան, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ Եվրամիությունը։ Մի շարք դեսպանատներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Հնդկաստանի, Հունաստանի եւ այլ, չեն պատասխանել գրավոր հարցումներին (ընդ որում՝ կրկնակի) եւ բազմաթիվ հեռախոսազանգերին։  Ուղիղ նվիրատվություն տեղահանվածների աջակցության հատուկ հաշվեհամարին Կառավարությունը, տեղեկության տրամադրումը տեւական ժամանակ ձգձելուց հետո, ուղարկել է տվյալներ՝ ուղիղ բյուջետային աջակցության, բնաիրային աջակցության, վարկային արտոնությունների վերաբերյալ։ Փոխվարչապետի գրասենյակից տրամադրել են նաեւ ընդհանրական տեղեկություններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) հավաքագրված միջոցների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայտարարած աջակցության մասին:  ՀՀ ֆինանսների նախարարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության հատուկ հաշվեհամարին ուղիղ նվիրատվություն է իրականացվել Լիտվայի եւ Լատվիայի կառավարությունների կողմից՝ համապատասխանաբար 350 000 եւ 50 000 եվրոյի չափով (դոլարային արժույթով՝ ~380 000 եւ ~54 000)։ Չինաստանը հայտարարել էր 1 մլն դոլարի աջակցության մասին, որի կեսը տրամադրել է անցած տարվա նոյեմբերին, մյուսն կեսն էլ պետք է տրամադրեր մինչեւ այս տարվա հունիս ամիսը։ Անդրադառնալով Եվրոպական միության կողմից հայտարարված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը՝ կառավարությունից հայտնել էին, որ ՀՀ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, որի նպատակն է նպաստել Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարճաժամկետ եւ միջնաժամկետ խնդիրներին արձագանքմանը, ինչպես նաեւ նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրման քաղաքականությանը աջակցմանը: Եվրամիության տրամադրած ֆինանսական աջակցությանը կանդրադառնանք ստորեւ։ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված աջակցություն Կառավարությունից մեզ հայտնել էին, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) եւ «Փախստականների կարիքներին արձագանքման ծրագրի» շրջանակում վերջինիս գործընկեր կառույցների միջոցով հավաքագրվել է շուրջ 49,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԿԽՄԿ-ի միջոցով հայտարարվել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար աջակցություն, ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով՝ 13,2 մլն: Մեր բանավոր ճշտող հարցին՝ հայտարարվել է, բայց դեռ չի՞ փոխանցվել, կա՞ արդյոք տեղեկություն, թե հայտարարված աջակցությունը երբ է տրամադրվելու, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից պատասխանել են, որ հայտարարված բառը նշանակում է, որ այդքանի խոստում է եղել, բայց թե դրա որ մասն է դառնալու իրականություն, ասել չեն կարող։ Վերոնշյալ աջակցության մի հատվածն է միայն իրականացվել Կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցության ծրագրերի համաֆինանսավորման եղանակով: Մասնավորապես, փախստականներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին միանվագ 50-հազարական դրամ հատկացնելու ծրագիրը համաֆինանսավորել են ԿԽՄԿ-ն, Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան, UNHCR-ը եւ Շվեյցարական կարմիր խաչը՝ 525 մլն դրամի չափով։  Նույն ծրագրի շրջանակում նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու նպատակով այլ դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվել է եւս շուրջ 435,5 մլն դրամ, որի բացվածքը ներկայացնում ենք ստորեւ։  Մեկ այլ՝ բնակարանի վարձի եւ կոմունալ ծախսերի համար 40+10-հազարական դրամ հատկացնելու ծրագիրը համաֆինանսավորվել է ԿԽՄԿ-ի, Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, UNHCR-ի, Շվեյցարական կարմիր խաչի կողմից․ այս կազմակերպությունները Հայկական կարմիր խաչի միջոցով տրամադրել են 3 մլրդ 425 մլն դրամ: Ինչ վերաբերում է բնաիրային աջակցությանը՝ հումանիտար բեռներ են ստացվել հետեւյալ պետություններից՝ Ավստրիա, Արգենտինա, Բուլղարիա, Գերմանիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Չինաստան, Ռումինիա, ՌԴ-ից, Ֆինլանդիա, ինչպես նաեւ UNHCR-ից, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, մասնավոր այլ նախաձեռնությունների կողմից:  Հումանիտար բեռները հիմնականում ներառել են մահճակալներ, քնապարկեր, անկողնային, խոհանոցային եւ հիգիենայի պարագաներ, սնունդ, հագուստ: Ստացվել են նաեւ առողջապահական կարիքների համար նախատեսված բեռներ Ֆրանսիայի, Ավստրիայի եւ Լիտվայի, ինչպես նաեւ շուրջ մեկ տասնյակ միջացգային կազմակերպությունների կողմից: Աջակցություններ միջազգային կազմակերպություններից եւ գործընկեր պետություններից  Եվրոպական միություն Եվրոպական Միությունից մեզ հայտնել են, որ ԵՄ մոբիլիզացրած ընդհանուր ռեսուրսները (ներառյալ պայմանագրային եւ նախապատրաստման փուլում գտնվող) կազմում են 67 միլիոն եվրո։ Այս գումարը ներառում է՝  - 2023 թվականի աշնանը 12,15 միլիոն եվրոյի մարդասիրական աջակցությունը՝ ուղղված Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) միջոցով:  - Լրացուցիչ 5,5 միլիոն եվրո է մոբիլիզացվել DG ECHO-ի կողմից 2024 թվականի ընթացքում՝ փախստականների միջնաժամկետից մինչեւ երկարաժամկետ կարիքների բավարարման միջոցառումների համար: - 2023 թվականի նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 15 միլիոն եվրո բյուջետային աջակցության տրամադրման մասին՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը փախստականների կարիքները հոգալու իր ծրագրերին:  - 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԵՄ պատվիրակությունը տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ պայմանագիր է կնքել երեք ծրագրերի համար (ընդհանուր արժեքը՝ 180 000 եվրո)՝ ուղղված փախստականներին անմիջական աջակցություն տրամադրելուն:  - Նույն ժամանակահատվածում ԵՄ կողմից ֆինանսավորվող մի շարք  ընթացիկ ծրագրերի բյուջեներ վերաբաշխվել են՝ փախստականներին աջակցելու նպատակով։ Մոտ 500 000 եվրո ընթացիկ ծրագրերից վերաբաշխվել է փախստականների կարիքներին արձագանքմանը:  ԵՄ պատվիրակությունը ներկայումս պլանավորում է իրականացնել 3 ծրագիր՝ (ընդհանուր արժեքը՝ 8,8 միլիոն եվրո), քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոնսորցիումների հետ։  ԵՄ-ից հայտնել են, որ լրացուցիչ 25 միլիոն եվրո բյուջետային աջակցություն է նախապատրաստվում փախստականների միջնաժամկետից երկարաժամկետ կարիքները հոգալու համար, եւ ակնկալվում է, որ կստորագրվի մինչեւ 2024 թվականի վերջը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ԵՄ անդամ պետությունները մոբիլիզացրել են ընդհանուր առմամբ 35 միլիոն եվրո՝ ԼՂ-ից փախստականների կարիքները հոգալու համար:  Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի պատճառով ծանր այրվածքներ ունեցող 24 անձ տեղափոխվել է ԵՄ 7 անդամ երկրներ՝ Բելգիա, Բուլղարիա, Իտալիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Իսպանիա, բուժում ստանալու։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (UNHCR) ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը առավել խոցելի վիճակում գտնվող 5500 փախստականի 6 ամիս ժամկետով հատկացրել է ամսական 125 ԱՄՆ դոլար, ընդհանուր՝ 4 մլն 125 հազար դոլար։ UNHCR-ը իր գործընկերներից 97 միլիոն դոլար է խնդրել` փախստականների հրատապ կարիքներին 2023 թվականի հոկտեմբերից մինչեւ 2024 թվականի մարտը արձագանքելու նպատակով։ Մարտի 29-ի դրությամբ հավաքագրվել է 51 մլն դոլար, այսինքն՝ պահանջված գումարի մոտ 52 տոկոսը։ Իսկ UNHCR-ի տրամադրած հատուկ օգնության չափը կազմել է 14,6 մլն դոլար։ Կազմակերպությունը իր գործընկերների հետ 51 221 փախստականի մատակարարել է 115 747 հիմնական օգնության պարագաներ՝ աջակցելով 12 433 տնային տնտեսության։ UNHCR-ը փախստականների ​​ընտանիքներին մատակարարել է կահույք եւ կենցաղային տեխնիկա: Մասիսի նախկին մարզական կենտրոնում 18 ընտանիքի (46 հոգի) մատակարարել է լվացքի մեքենաներ, սառնարաններ, էլեկտրական տաքացուցիչներ, կաթսաներ եւ թեյնիկներ, ինչպես նաեւ անկողնային պարագաներ եւ սրբիչներ: Մարալիկի Սոցիալական բնակարանային համալիրին տրամադրել է կենցաղային իրեր՝ աջակցելով 17 ընտանիքների (27 հոգի): UNHCR-ից մեր հարցմանն ի պատասխան տրամադրել են նաեւ այն դոնորների ցանկը, որոնք 100 000 դոլար կամ ավելի են ներդրել Հայաստանի Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներին արձագանքման համար։  Ամերիկայի Միացյալ Նահանգներ 2023թ․ սեպտեմբերի 24-ից ԱՄՆ կառավարությունն ապահովել է ավելի քան 22,5 միլիոն դոլար մարդասիրական օգնություն։ Այս միջոցներից 21,3 միլիոնը ապահովվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ), իսկ 1,15 միլիոնը ԱՄՆ պետքարտուղարության միջոցով։  ԱՄՆ-ից հայտնել են, որ նախապես հայտարարված հավելյալ ֆինանսավորումը կհատկացվի հընթացս։ Ճապոնիա  2023 թվականի սեպտեմբերից Ճապոնիայի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար հատկացրել է ընդհանուր 5 միլիոն ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն [1, 2]։ Ճապոնիան հաղորդել է, որ երկրի կառավարությունը աջակցություն է ցուցաբերում նաեւ Մարդկային անվտանգության հիմնարար ծրագրերի դրամաշնորհների (GGP) միջոցով: Այս տարի դրամաշնորհների օգնության շրջանակում ստորագրվել են ստորեւ նշված ծրագրերը, որոնց շահառուները տեղահանված անձինք են։ Շվեդիա Շվեդիան հատկացրել է մոտ 3 մլն 430 հազար դոլար։ Շվեդիայի օգնությունը եւս բաշխվել է չորս ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Շվեդիայից երկարաժամկետ ծրագրերով աջակցությանը, ապա երկրի դեսպանատնից հաղորդել են, որ 2023-2024 թվականներին Շվեդիան UNDP Armenia-ին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, հատկացրել է 490 հազար դոլար։ Այս Ծրագրի նպատակն է վերականգնել ԼՂ-ից փախստականների եւ նրանց ընդունող համայնքների խոցելի խմբերի կենսապահովման համակարգերը՝ դրանք մարդասիրական հիմնական ստանդարտներին եւ տնտեսական վերականգնման նվազագույն ստանդարտներին համապատասխանեցնելու համար:  2023-2024 թվականներին Շվեդիան 392 հազար դոլար է հատկացրել Կանանց ռեսուրսային կենտրոնին՝ նպաստելու փախստականների երկարաժամկետ ինտեգրմանը հասարակության մեջ, ինչպես նաեւ ԼՂ-ց բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների համար սոցիալ-հոգեբանական աջակցության եւ տնտեսական ուժեղացման ծրագրեր իրականացնելու համար:  Կանադա Մարդասիրական օգնությունը, որը Կանադան տրամադրել է՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղից փախստականների հումանիտար ճգնաժամին, ընդհանուր առմամբ կազմում է 3,9 մլն ԱՄՆ դոլար։ Այն բաշխվել է չորս ուղղություններով։ Շվեյցարիա Շվեյցարիան իր Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալության միջոցով տրամադրել է 1 մլն 725 հազար դոլար: Այդ միջոցները բաշխվել են Պարենի համաշխարհային ծրագրի, UNHCR-ի եւ ԿԽՄԿ-ի միջեւ՝ ուղղելու փախստականների անհետաձգելի կարիքների բավարարմանը:  Պատասխանում ասված է, որ Շվեյցարիան այժմ աշխատում է միջնաժամկետ արձագանքման նոր նախագծի մշակման վրա, որը կենտրոնանում է փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման վրա: Միացյալ Թագավորություն 2023 թվականի սեպտեմբերից սկսած Միացյալ Թագավորության կառավարությունը տրամադրել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ ԿԽՄԿ-ի միջոցով եւ 70 000 ֆունտ ստեռլինգ Impact Hub-ի միջոցով, ինչը համարժեք է 1 մլն 359 հազար դոլարի:  Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնել են, որ ֆինանսական աջակցություն է տրամադրվել նաեւ տեղահանության օրերին վառելիքի պահեստի պայթյունից տուժած այրվածքներով հիվանդներին կենսական աջակցություն ցուցաբերելու համար: Մասնավորապես, հոկտեմբերին UK-Med-ի շտապ բժշկական թիմի վեց անդամ է ժամանել Հայաստան, բուժել պայթյունից տուժածներին: Բժիշկներն աշխատել են Միքայելյան հիվանդանոցում։ «Ավելի ուշ՝ նոյեմբերին, երբ այրվածքներով հիվանդներից որոշները Միքայելյանի անվան հիվանդանոցից տեղափոխվեցին Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն, Միացյալ Թագավորության կառավարությունը կենսական բժշկական սարքավորումներ նվիրաբերեց կենտրոնին՝ նրանց վերականգնման եւ բուժման համար: Այս փաթեթները ներառում էին անհրաժեշտ անզգայացման նյութեր, ինտուբացիայի եւ լարինգոսկոպիայի պարագաներ, ինչպիսիք են էնդոտրախեալ եւ տրախեոստոմիայի խողովակները, կոկորդային դիմակները եւ շտապ կրիկոտիրեոտոմիայի հավաքածուները»: Գերմանիա Գերմանիայից մեր հարցմանն ի պատասխան՝ հաղորդել են, որ Arbeiter-Samariter-Bund կազմակերպության միջոցով Գերմանիան 4,3 մլն եվրո ֆինանսավորում է հատկացնում մի ծրագրի, որն ուղղված է փախստականների խոցելի խմբերին եւ նրանց հոգեկան տրավմաների հաղթահարմանը։ 2023 թվականի ճգնաժամի ակտիվ փուլում Գերմանիան Տեխնիկական օգնության դաշնային ծառայության (THW) եւ Johanniter կազմակերպության միջոցով տրամադրել է մոտ 600 000 եվրո արժողության պարագաներ։ Դրանց մեծ մասը փոխանցվել է Գերմանիայի արտգործնախարարի՝ 2023 թվականի նոյեմբերին Հայաստան կատարած այցելության շրջանակում։ Այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեսպանատներն ու միջազգային կազմակերպություններն են տրամադրել տվյալներ, եւ մեր ստացած ոչ բոլոր պատասխաններն են ամբողջական, դժվարացնում է հավաքագրած տվյալների ամփոփ հաշվարկը։ Հետեւապես զերծ ենք մնում միջազգային աջակցության վերաբերյալ ընդհանուր ոչ ճգրիտ թվեր ներկայացնելուց։  Հեղինակ՝ Հայարփի ԲաղդասարյանԱնիմացիան եւ գլխավոր լուսանկարը՝ Ռոման Աբովյանի
18:55 - 01 օգոստոսի, 2024