ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Բալթյան երկրներն անջատվում են ռուսական էներգահամակարգից
 |azatutyun.am|

Բալթյան երկրներն անջատվում են ռուսական էներգահամակարգից |azatutyun.am|

azatutyun.am: Այսօրվանից Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, անջատվում են ռուսական էներգահամակարգից, հաղորդում է Associated Press-ը։ Փետրվարի 9-ի երեկոյան արդեն այս երեք երկրները կմիանան Եվրոպական էներգամատակարարման ցանցին՝ Լեհաստանի միջոցով։ Ռուսաստանի Դաշնությունից էներգետիկ անկախություն ստանալու գործընթացը սկսվել է 2018 թվականին, երբ համաձայնագիր ստորագրվեց Լեհաստանի հետ՝ Բալթյան երկրների էներգահամակարգը եվրոպական ցանցերին սինքրոնացնելու մասին։ «Բալթյան էներգահամակարգը վերջապես մեր ձեռքերում է, մենք ամբողջությամբ վերահսկում ենք այն, Ռուսաստանին կզրկենք էլեկտրաէներգիան որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործելու հնարավորությունից», - հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչիունասը: Խորհրդային Միությունից անջատվելուց տասնամյակներ անց Միության էներգացանցից անջատվելը Բալթյան երկրները վաղը կնշեն հանդիսավոր պայմաններում։ Ակնկալվում է, որ Լիտվայում կլինեն Բալթյան երկրների, Լեհաստանի նախագահները և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
16:27 - 08 փետրվարի, 2025
Պուտինը չի պատրաստվում ադրբեջանական օդանավի կործանման մասին հայտարարություն անել |factor.am|

Պուտինը չի պատրաստվում ադրբեջանական օդանավի կործանման մասին հայտարարություն անել |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հայտարարություն անել ադրբեջանական AZAL ավիաընկերության օդանավի կործանման հետ կապված։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ո՛չ, [ինքնաթիռի կործանման մասին խոսելու]) պլաններ չկան»,- ասել է նա՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, որոնցում Ռուսաստանին առաջարկվում է իր վրա վերցնել վթարի մեղքը։ Հավելենք, որ օրերս Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը։ Միաժամանակ, Բաքուն շարունակում է պնդել, որ օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից «Պանցիր-Ս» համակարգի հրթիռով։ Միաժամանակ, Պեսկովը հայտարարել է, որ Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, երբ ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունենան։ «Իհարկե, մենք այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակներով մեր գործընկերների հետ շփումներում։ Մենք չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին՝ սպասվո՞ւմ են, արդյոք, Պուտինի և Ալիևի շփումներ այս թեմայով։ Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ փետրվարի 3-ին ռուսական կողմին նոտա է ուղարկվել Բաքվում «Ռուսական տան» գործունեության դադարեցման  կապակցությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել էր, որ «Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու՝ ադրբեջանական կողմի որոշման համաձայն՝ ռուսական կողմից ակնկալվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ»։
16:11 - 07 փետրվարի, 2025
Երբեք չէի սպասի, որ Հայաստանում դրան այլ կերպ կվերաբերվեն. Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին
 |news.am|

Երբեք չէի սպասի, որ Հայաստանում դրան այլ կերպ կվերաբերվեն. Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին |news.am|

news.am: Այսօր՝ փետրվարի 6-ին, ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարությունները։ «Գիտեք, անկեղծ խոսենք, ես իսկապես երբեք չէի սպասում, որ այս հարցին կվերաբերվեն այլ կերպ, քան թե՛ Հայաստանի պետության, թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ հայերի՝ որպես էթնիկ խմբի պատմականորեն հաստատված բացարձակ կոնսենսուսային դիրքորոշումը։ Երբեք չէի մտածի, որ տարիներ շարունակ տառապանքով ձեռք բերված, ձևավորված այս համախմբված դիրքորոշումը բուն հայ հասարակության ներսից կենթարկվի ինչ-որ փոփոխության։ Դե, տեսեք, թե ինչ հայտարարություններ ենք մենք լսում վերջին շրջանում։ Խոսքս հիմա Դավոսի հայտարարությունների մասին է։ Բայց դարձյալ ասեմ, այս հարցը մեզ չպետք է ուղղվեր:  Մեր երկիրը, մեր դիրքորոշումը ձևակերպված է Պետդումայի համապատասխան հայտարարության մեջ, որը պարբերաբար առաջ ենք քաշում, որը դուք գիտեք, մենք այն մեջբերում ենք»,- նշել է Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ իրեն թույլ է տալիս անձնական գնահատական ​​տալ Դավոսում հնչած մեջբերումների վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ այդ հարցում Մոսկվայի դիրքորոշումը ձևակերպված է և փոփոխության չի ենթարկվել:
20:52 - 06 փետրվարի, 2025
Մոսկվան ակնկալում է Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցի դրական լուծում. Զախարովա
 |1lurer.am|

Մոսկվան ակնկալում է Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցի դրական լուծում. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում «Ռուսական տան» հետ կապված հարցը դրական լուծում կստանա՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա խոսել է նաև Մոսկվայի արձագանքի մասին՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցման վերաբերյալ Բաքվից ստացված ծանուցմանը։ «Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել անհրաժեշտ գործողությունները՝ «Ռուսական տան» գրանցումն ավարտելու համար և դա անել Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ երկկողմ միջկառավարական համաձայնագրի հիման վրա»,- ասել է Զախարովան։ Հիշեցնենք՝ Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է դադարեցնել Ռուսական տան աշխատանքը Բաքվում, կազմակերպությունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած տարածքները։
19:33 - 06 փետրվարի, 2025
Բաքվում «Ռուսական տունը» կարող է դադարեցնել աշխատանքը
 |1lurer.am|

Բաքվում «Ռուսական տունը» կարող է դադարեցնել աշխատանքը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով՝ «Ռոսիա 24»-ի եթերում ասել է Россотрудничества-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։ Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Բաքվում «Ռուսաստանի տան» հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ «Ռուսական տունը» մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը մտադիր է այն շտապ վաճառել՝ ասել է Պրիմակովը։ Նրա խոսքով՝ մեկ այլ տարածքի սեփականատերը, որի հետ բանակցություններ են վարել, առայժմ «դադար է վերցրել»։ Հունվարի վերջին BakuTV-ն պնդել է, որ ռուսական հատուկ ծառայությունները աշխատում են Բաքվում «Ռուսական տան» քողի տակ։ Դրանից հետո Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին կանչել են ՌԴ ԱԳՆ և դժգոհություն հայտնել։
16:33 - 06 փետրվարի, 2025
Կրեմլը չի ​​մեկնաբանել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցը
 |1lurer.am|

Կրեմլը չի ​​մեկնաբանել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցը |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուի օդանավակայանում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) չվերթի կործանման վերաբերյալ։ Զեկույցը բաղկացած է 53 էջից։ Այն պարունակում է դեկտեմբերի 25-ի առավոտյան Embraer 190 ինքնաթիռով տեղի ունեցած ավիավթարի հետաքննության նախնական արդյունքները։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են։ Հանձնաժողովը հայտնաբերել է միմյանց հաջորդած երկու հարվածներից առաջացած հիդրոտեխնիկական համակարգերի և էլեկտրական լարերի վնասը, ինչը հանգեցրել է սարքավորումների խափանման: Պահպանված բեկորների նախնական զննությամբ հայտնաբերվել են տարբեր չափերի և ձևերի բազմաթիվ վնասներ: «Օտար օբյեկտների» պատճառած միջանցիկ վնասի բնույթն ու ծագումը պարզելու համար կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ և փորձաքննություններ, հայտնում են զեկույցի հեղինակները։ Նշվում է նաև, որ փորձագետները վերծանում են AZAL ինքնաթիռի սև արկղերը։ Աշխատանքների ավարտից հետո վթարի հետաքննության արդյունքների հիման վրա կպատրաստվի վերջնական հաշվետվություն: Կրեմլը չի ​​մեկնաբանել Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցը AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ: «Դա նախնական զեկույց է։ Իհարկե, մեր համապատասխան գերատեսչությունները պատշաճ ուշադրությամբ կուսումնասիրեն այն: Հնարավոր չենք համարում ՌԴ նախագահի աշխատակազմից այս թեմայի մեկնաբանությունը»,- ասել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
18:18 - 05 փետրվարի, 2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ, կողմերն ըմբռնում են դրա կարևորությունը․ Կոպիրկին
 |arm.sputniknews.ru|

ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ, կողմերն ըմբռնում են դրա կարևորությունը․ Կոպիրկին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը: Նման կարծիք հայտնեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։ Ճգնաժամը ոչ միայն խնդիր է, այլև հնարավորություն Կոպիրկինը նշում է, որ կա ընդհանուր տրամադրվածություն՝ թույլ չտալու, որ առկա խնդրահարույց պահերն անդառնալի վնաս հասցնեն հայ-ռուսական համագործակցությանը։ Թեև երբեմն տեղեկատվական ֆոնն էլ բարդ է՝ լրացուցիչ լարվածություն առաջացնող տարբեր փորձեր են արվում, այդ թվում՝ դրսից, բայց հարաբերությունները զարգացնելու ու նոր իրողություններին հարմարվելու տրամադրվածություն ևս կա։ «Ճգնաժամը միշտ և՛ խնդիր է, և՛, միևնույն ժամանակ` հնարավորություն։ Այն, հավանաբար, մեր հարաբերությունները հասունության նոր մակարդակի բերելու առումով նոր հնարավորություններ է ստեղծում, որն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները և խնդիրները», - նշեց դիվանագետը։ Կոպիրկինն այս համոզմանը հանգել է նաև հիմնվելով այն հանդիպումների վրա, որոնք բարձր մակարդակով տեղի էին ունենում ղեկավարների և արտգործնախարարների միջև։   Թաքնված օրակարգ չկա Իհարկե, Ռուսաստանը չի կարող մտահոգություն չհայտնել արտաքին ուժերի կողմից լրացուցիչ լարվածություն առաջացնելու փորձերի վերաբերյալ։ Եվ այդ ուժերն իրականում չեն էլ թաքցնում սեփական աշխարհաքաղաքական մղումները, այն է՝ երկկողմ կապերի, համագործակցության խզումը։ Կոպիրկինը ընդգծեց, որ ամերիկյան նախկին վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս խոսել են այդ մասին։ Դիվանագետի կարծիքով` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ որ ուժեր փորձում են ներմուծել դրսից: Հարաբերությունների ամրության կարևոր գործոններից մեկը դեսպանը համարում է վստահությունը։ Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունները պետք է զգան, որ կողմերը ծածուկ օրակարգ չունեն։ ԵՄ անդամակցության օրենքի մասին Խոսելով ՀՀ ԱԺ–ում քննարկվող՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի մասին՝ դեսպանը կրկնեց ՌԴ փոխվարչապետի և ԱԳ նախարարի՝ նախորդիվ արած հայտարարությունները. դա Հայաստանի, հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքն է՝ կատարել իր ընտրությունը, և Ռուսաստանը դրան վերաբերվում է հարգանքով։   Բայց կան նաև օբյեկտիվ իրողություններ։ Չի կարող երկիրը միաժամանակ լինել երկու մաքսային միություններում։ Առավել ևս հիմա, երբ Արևմուտքն ու մասնավորապես ԵՄ-ն չեն էլ թաքցնում իրենց ոչ բարեկամական վերաբերմունքը Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։ Դեսպանը հիշեցրեց Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների՝ վերջերս Հայաստան կատարած այցի մասին:   Նրանց հայտարարություններում Եվրոպայի հետ մերձեցմանը զուգահեռ հստակ ուրվագծվում էին Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը։ Կոպիրկինը կարծում է, որ երբ հարցն այսպես է դրվում, չափազանց դժվար է ինչ-որ բան որոշելը։ Ժամանակին Եվրամիության կատեգորիկ մերժումը` առկա խնդիրները քննարկելու Ռուսաստան-Եվրոպա-ԵՄ ձևաչափով, հանգեցրեց ներկայիս ճգնաժամին։ Ռուսաստանը, հաշվի առնելով Ուկրաինայի հետ սերտ տնտեսական կապերը, այն ժամանակ առաջարկում էր քննարկել Ասոցացման համաձայնագրի հետ կապված իրավիճակը։ Բրյուսելը կտրականապես հրաժարվեց եռակողմ քննարկումից, ինչից հետո տեղի ունեցավ Մայդանը և Կիևում իշխանության ապօրինի զավթումը։   Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:40 - 04 փետրվարի, 2025
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախարարները հանդիպում կունենան Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի հարցով |armenpress.am|

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախարարները հանդիպում կունենան Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի հարցով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մի շարք գերատեսչությունների ղեկավարները մոտ ժամանակներս կհանդիպեն՝ քննարկելու «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի շինարարության ընթացքը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Մենք նախատեսում ենք մոտ ժամանակներս անցկացնել եռակողմ հանդիպում՝ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, տրանսպորտի, էներգետիկայի նախարարների և մաքսային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ», - ասել է նա։ Դեսպանը նշել է, որ այդ նախագծի իրականացման մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2025 թվականի մարտը։ 2023 թվականի մայիսի 17-ին Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երթուղու համատեղ շինարարության մասին։ Նախագծի իրականացման համար Մոսկվան Թեհրանին է տրամադրում է 1,3 մլրդ եվրոյի միջպետական ​​վարկ։ Ընդ որում, շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է 1,6 մլրդ եվրո։  Ակնկալվում է, որ Ռեշտ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (Իրանի քաղաք)-Աստարա (Ադրբեջանի քաղաք) գիծը կկառուցվի Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի մասնակցությամբ։ «Հյուսիս-Հարավ» 7200 կմ երկարությամբ միջանցքի ստեղծման  միջկառավարական համաձայնագիրն ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից 2000 թվականին։ Ավելի ուշ մասնակից երկրների թիվը հասել է 14-ի: Ռուսաստանն ու Իրանն ակնկալում են, որ «Հյուսիս-Հարավ»-ը կդառնա այլընտրանք Սուեզի ջրանցքին և կկրճատի Եվրասիայում բեռնափոխադրումների ժամանակը: Միջանցքի արևմտյան ցամաքային ճյուղն անցնում է Ադրբեջանի տարածքով, արևելյանը՝ Թուրքմենստանի և Ղազախստանի տարածքով, իսկ ջրային երթուղին՝ Կասպից ծովով:
15:30 - 04 փետրվարի, 2025
Փորձում ենք չարձագանքել Ադրբեջանից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար. ՀՀ փոխարտգործնախարար

Փորձում ենք չարձագանքել Ադրբեջանից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար. ՀՀ փոխարտգործնախարար

armenpress.am: Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ինստիտուցիոնալ մեխանիզմ է, որը կախված չէ Վաշինգտոնում իշխող քաղաքական թիմից կամ ուղղակիորեն ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական տարաբնույթ գործոններից։  «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ 2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթն ունի ինչպես կարևոր քաղաքական, այնպես էլ գործնական նշանակություն, իսկ երկկողմ ռազմավարական երկխոսության ֆորմատի ստեղծումը տեղի էր ունեցել հենց ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ ադմինիստրացիայի ժամանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ Երևան-Վաշինգտոն հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումը թույլ կտա ներկա ադմինիստրացիայի հետ գործընկերությունը սկսել շատ ավելի բարվոք և շատ ավելի առաջընթաց դիրքերից։ Հարցազրույցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի շուրջ ստեղծված ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը, Հայաստան-Եվրոպական միություն, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման շուրջ Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացին։  - Պարոն Հովհաննիսյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկա աշխարհաքաղաքական իրադրությունը՝ մասնավորապես տարածաշրջանային համատեքստում։  - Տարին սկսվեց շատ ինտենսիվ գործընթացներով՝ կապված ոչ միայն Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի՝ պարտականությունները ստանձնելու գործընթացների հետ, բայց նաև մի շարք այլ զարգացումներով։ Երևի նկատելի էր, որ արտաքին գործերի նախարարությունը նույնպես, տարվա առաջին օրերից սկսած, ներգրավված էր մի շարք միջոցառումներում Հայաստանի ներգրավվածության ապահովմանը։ Տարին աչքի ընկավ հայ-ամերիկյան և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմամբ. թե՛ արտգործնախարարի այցն էր Վաշինգտոն, թե՛ Երևանում մի շարք Եվրամիության պատվիրակությունների հետ քննարկումներն էին։ Երկկողմ հարթակներով նույնպես տարին սկսեց շատ ակտիվ․ առաջին անգամ ունեցանք Նորդիկ-Բալթիկ երկրների խորհրդարանների խոսնակների այցը, որն աննախադեպ ֆորմատ էր, դրան նախորդել էր 2024 թվականի վերջին  այդ երկրների արտգործնախարարների հետ ԱԳ նախարարի  հանդիպումը Մալթայում։ Ղրղզստանի արտգործնախարարի այցը տեղի ունեցավ, որը երկար տարիներ չէինք ունեցել, մի շարք միջազգային կազմակերպություններում նույնպես ակտիվություն էր նկատվում։ Տարին և աշխարհաքաղաքական իրավիճակը, թերևս, կարելի է նկարագրել որպես մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, նոր հնարավորություններ առաջ քաշող։ Ինչքանո՞վ մեզ կհաջողվի այդ նոր հնարավորությունները օգտագործել, ժամանակը ցույց կտա, բայց ջանք չենք խնայում այդ առումով՝ ապահովելով Հայաստանի շահերը և փորձելով լինել ակտիվ բոլոր ուղղություններով։  - 2024 թվականին Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցան բազմաթիվ կարևոր իրադարձություններ․ խոսքն այս պարագայում վերաբերում է, օրինակ, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն ու ակտիվացմանը և այդ ուղղությամբ կողմերի գործադրած ջանքերին։ Պարոն փոխնախարար, ինչպե՞ս կբնութագրեք Երևանի և Բրյուսելի միջև երկխոսության ներկա մակարդակը, ի՞նչ գործընթացներ են սպասվում առաջիկայում` տնտեսական ոլորտ, ՀՀ-ում ԵՄ դիտորդներ, որոնց առաքելության ժամկետը Բրյուսելի կողմից օրեր առաջ երկարաձգվեց ևս 2 տարով։  - Նման ինտենսիվ ժամանակաշրջան, թերևս, Եվրամիության հետ չէինք ունեցել։ Այն սկսվեց Եվրոպական պառլամենտում 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետի ելույթով, որտեղ հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրամիության հետ այնքանով, ինչքանով Եվրամիությունը պատրաստ է դա անել։ Դրան հետևեցին Եվրամիության կողմից սատարող հայտարարություններ և սկսվեցին գործընթացներ, որոնց նպատակն էր բարձրացնել Եվրամիության հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Հիմնական ուղղությունը գործընկերության նոր օրակարգի ստեղծումն է, և այդ բանակցությունները կավարտվեն գալիք շաբաթների ընթացքում, բայց դրա հետ զուգահեռ տեղի ունեցան նաև այլ կարևոր զարգացումներ։ Նշեցիք անվտանգության ոլորտը․ Եվրամիությունը մեզ համար երբևիցե չի եղել այդպիսի կարևոր դերակատար։ Այժմ մեր սահմաններին Եվրամիության դիտորդների ներկայացմամբ, նոր ձևաչափերով, ինչպիսիք են քաղաքական և անվտանգային երկխոսությունը, որը նոր մեխանիզմն է և այլ նախաձեռնություններով Եվրամիությունը մեզ համար դառնում է շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ Նշենք նաև Եվրոպական խաղաղության գործիքը, որից մենք արդեն օգտվում ենք, և որի վերաբերյալ որոշումն ընդունվել էր 2024 թվականի հուլիսին՝ մեկ այլ շատ կարևոր որոշման հետ մեկտեղ, որն արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի որոշումն էր։ Երկար տարիներ փորձում էինք դա ապահովել, և գիտեք, թե մի խումբ գործընկերներ ինչքան զուսպ են վերաբերվում միգրացիոն ոլորտի հետ կապված հարցերին, սակայն մեզ հաջողվեց ապահովել այդ որոշման ընդունումը, և արդեն դեկտեմբերին մեկնարկեցին բովանդակային բանակցությունները վիզաների ազատականացման շուրջ։ Այդ նույն տարվա ընթացքում միացանք Եվրոջասթ, Եվրոպոլ կառույցներին, որոնք արդարության, հանցանքների դեմ պայքարի կարևոր գործիքներ են։ Դրա հետ մեկտեղ Եվրոպական պառլամենտի հետ շարունակվում է շատ սերտ համագործակցությունը և, իհարկե, այս տարի կստորագրենք գործընկերության նոր օրակարգը, սպասում ենք բարձրաստիճան այցեր թե՛ Բրյուսել, թե՛ Երևան։ Իհարկե, այդ առումով այս դինամիկան կպահպանվի և կզարգանա։ Եվրամիությունը շարունակում է մնալ մեր կարևորագույն դոնորը, կարևորագույն աջակիցը՝ ժողովրդավարության գործընթացների հետ կապված։ Եվրամիության մի շարք անդամ երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են շատ արագ տեմպերով։  Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը ևս 2 տարով երկարաձգելը շատ կարևոր որոշում էր․ դիտորդական առաքելությունը մեծ դեր է խաղում մեր անվտանգության ապահովման գործընթացում, մեր սահմանների այդ մոնիթորինգը ոչ միայն նպաստել է միջադեպերի նվազեցմանն, այլև իրազեկության մակարդակը Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում զգալի աճել է։ Այժմ երրորդ՝ անկողմնակալ դիտորդի աչքերով է իրավիճակը դիտվում։ Դա նաև մեծ դեր է խաղում մեր սահմանամերձ շրջաններում բնակչության ինքնավստահության մակարդակի բարձրացման առումով։ Այդ առաքելությունն օգնում է նաև ենթակառուցվածքային գործունեության առումով մեր մի շարք պրոյեկտներին․ այսպես, օրինակ, չվերթը դեպի Կապանի օդանավակայան նույնպես վերահսկվում է դիտորդների կողմից։   Շատ ենք կարևորում (խմբ․ նկատի է առնվում ՀՀ-ում ԵՄ դիտորդների գործունեությունը), և արտգործնախարարի մակարդակով անմիջապես արձագանքեցինք ու պատրաստ ենք սերտ համագործակցել դիտորդների հետ։ - Պարոն Հովհաննիսյան, Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների ընդլայնումից զատ, հատկանշական է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների աննախադեպ զարգացումը․ ընթացիկ տարվա հունվար ամսին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Ի՞նչ է սա իրենից ենթադրում և ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ Երևանն այդ փաստաթղթից, որքանո՞վ է իրատեսական դրա իմպլեմենտացիան՝ հաշվի առնելով ԱՄՆ վարչակազմի փոփոխությունը։ - Իսկապես, Եվրամիության հետ զուգահեռ, տարին շատ ինտենսիվ էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով։ Հայաստանը և Միացյալ Նահանգները 2019 թվականին արդեն իսկ բարձրացրել էին հարաբերությունների մակարդակը և աշխատում էին ռազմավարական երկխոսության ֆորմատի շրջանակներում։ Եվ անցած տարի հունիսին այդ երկխոսության շրջանակներում որոշում ընդունվեց բարձրացնել հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության մակարդակի և ստեղծել ռազմավարական գործընկերության հանձնաժողով։ Դրան նախորդել էին համապատասխան աշխատանքային խմբերի հանդիպումներ, թերևս, 2023 թվականին, և ամբողջ ամառվա ընթացքում ունեցանք տարբեր պատվիրակությունների աննախադեպ այցելություններ՝ սկսած ապակենտրոնացված համագործակցությունից, կոնգրեսական մի քանի այցելություններ էին տեղի ունեցել և այլն։ Իսկապես, դրա կուլմինացիան, դրա վերջնակետը եղավ Վաշինգտոնում այդ փաստաթղթի՝ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը, որը ֆորմալիզացնում է հարաբերությունների մակարդակի բարձրացումը։ Փաստաթղթում նշված են այդ հիմնական 4 ուղղությունները, որոնցով պետք է խորացվի համագործակցությունը, գործընկերությունը․ դա տնտեսական համագործակցությունն է՝ այնտեղ նոր հնարավորություններ են բացվում թե՛ առևտրի դիվերսիֆիկացիայի առումով, թե՛ Հայաստանի դիմադրողականությանն աջակցելու առումով։ Անվտանգության և պաշտպանության ոլորտն է կարևոր․ անցած տարի և նախանցած տարի ունեցանք համատեղ զորավարժություններ։ Ստորագրման ժամանակ նշվեց նաև Միացյալ Նահանգների աջակցությունը, օժանդակությունը սահմանների վերահսկման մեր կարողություններին, և մի շարք այլ ուղղություններով աջակցությունն էլ ավելի կավելացվի Միացյալ Նահանգների կողմից։ Երրորդ ուղղությունը ժողովրդավարության, արդարադատության ոլորտներն են։ Միացյալ Նահանգները միշտ եղել է մեր կարևոր գործընկերներից մեկն այդ առումով, և աջակցությունը Հայաստանին երկար տարիների գործընթաց է։ Վերջին ուղղությունը՝ մարդկանց միջև շփումներն են՝ հումանիտար, կրթական, մշակութային և այլ ծրագրերի մասին է խոսքը, որոնք նույնպես կարևոր են 2 երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների կոնտեքստում։   Փաստաթուղթն ունի թե՛ կարևոր քաղաքական, թե՛ պրակտիկ նշանակություն։ Դուք կարող եք հարցնել՝ իսկ ինչու՞ գնացող ադմինիստրացիայի հետ․ գիտե՞ք, ռազմավարական այդ երկխոսությունը, ֆորմատի ստեղծումը տեղի էր ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ադմինիստրացիայի ժամանակ, և այս գործընթացները կապ չունեն Վաշինգտոնում քաղաքական թիմի, այս կամ այն թիմի ներկայության հետ․ սրանք ինստիտուցիոնալ մեխանիզմներ են, որոնք ուղղակիորեն կախված չեն քաղաքական տարբեր գործոններից։ Հակառակը, հարաբերությունների՝ այս մակարդակի բարձրացումը թույլ կտա նոր ադմինիստրացիայի հետ մեր գործընկերությունը սկսել շատ ավելի բարվոք, շատ ավելի առաջընթաց դիրքերից։ Հայտնի է, որ վերջին՝ առնվազն մեկ-երկու ամսվա ընթացքում Վաշինգտոնում ստեղծվել էր անցումային թիմ, և, իհարկե, բոլոր արտաքին և կարևոր այլ հարցերի շուրջ թե՛ գնացող ադմինիստրացիան, թե՛ նոր ադմինիստրացիան կոորդինացում ունեին, և բնական է, որ նման փաստաթղթերի ստորագրումը կոորդինացվել է նաև նոր ադմինիստրացիայի հետ։  Այնտեղ նաև ընդունվեցին մի շարք այլ որոշումներ․ դա էներգետիկայի բնագավառում բանակցությունների մեկնարկն է, որի շուրջ բանակցություններն, իհարկե, արդեն տեղի կունենան նոր ադմինիստրացիայի հետ, և, բնականաբար, դրանք համաձայնեցվել են։  Հայաստանը նաև միացավ «Իսլամական պետության» դեմ ալյանս կառույցին, որը միշտ եղել է ահաբեկչության դեմ մեր համատեղ պայքարի կարևոր ուղղություններից մեկը, և վստահ ենք՝ նոր ադմինիստրացիայի հետ նույնպես այդ համագործակցությունը կզարգանա։ Այնպես որ, այս քայլն ուղղված էր նոր ադմինիստրացիայի հետ շատ ավելի ամուր հիմքերի վրա մեր համագործակցությունը շարունակելուն․ նաև վարչապետի այց կա Վաշինգտոն, և կարծում եմ, որ այդ բոլոր ջանքերի շնորհիվ կշարունակենք անցած տարվա այդ աննախադեպ դինամիկան։ - Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա մակարդակը․ օրեր առաջ, ԱԺ-ում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Դուք, խոսելով Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններից, նշեցիք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները կրել են կառուցողական բնույթ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կունենա այդ այցը հայ-ռուսական հարաբերությունների վրա, կարո՞ղ ենք այս առումով դրական տեղաշարժեր արձանագրել։   - Այստեղ ավելացնելու շատ բան, կարծես, չունեմ։ Իսկապես, հանդիպումը շատ կարևոր էր և նախապատրաստվում էր երկար ժամանակ։ Զարմանալի չէ, որ Ռուսաստանի հետ ունենք շատ լայն օրակարգ, ընդգրկուն օրակարգ, և այս հանդիպումը ցույց տվեց 2 կողմերի ցանկությունն՝ աշխատանքային և պրակտիկ մոտեցում ունենալ բոլոր հարցերի շուրջ։ Վարչապետը հայտարարել էր, որ մեր ցանկությունը չէ սրել կամ վատթարացնել հարաբերությունները որևէ գործընկերոջ հետ, հակառակը՝ մեր ջանքերը միտված են բալանսավորված և Հայաստանի շահերն ապահովող արտաքին քաղաքականության իրականացմանը, և, իհարկե, այդ այցը հենց դրա վկայությունն էր։   - Տևական ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են հարաբերությունների կարգավորման շուրջ։ Չնայած առկա բարդություններին, հավանական պայմանագրի համաձայնեցված և չհամաձայնեցված հոդվածներին ու Բաքվի կողմից հաճախ հնչող սպառնալիքներին՝ Երևանը մշտապես հաստատակամություն է հայտնում այդ բանակցությունները վերջնական խաղաղության պայմանագրի հասցնելու մասին։ Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կբնութագրեք և կգնահատեք Երևան-Բաքու բանակցությունների ներկա ընթացքը և արդյոք հավանական համարո՞ւմ եք, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել 2025 թվականին։ - Բնական է, հնարավոր ենք գտնում և դրանով է պայմանավորվում, որ շարունակում ենք մեր ջանքերը։ Թե՛ վարչապետը, թե՛ արտգործնախարարը վերջերս անդրադարձել են այդ գործընթացներին։ Այստեղ կարող եմ միայն հաստատել, որ թե՛ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու, ինչին իսկապես շատ մոտ ենք, թե՛ դելիմիտացիայի պրոցեսն առաջ տանելու, որտեղ ունենք դրական դինամիկա, թե՛ կոմունիկացիաների բացման հարցում մեր մոտեցումները կոնստրուկտիվ են, նպատակ ունեն իսկապես հասնելու կայուն խաղաղության։ Փորձում ենք նաև չարձագանքել մեր հարևան երկրից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը միայն մեկ պատճառով՝ պահպանելու այդ գործընթացը և, ի վերջո, հասնելու խաղաղության այս տարածաշրջանում, որը երկար տարիներ տուժել է հակամարտություններից։ Սա կլինի նաև այս տարվա մեր կարգախոսը։ Ջանքեր չենք խնայի այդ առումով, աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ աջակցելու այդ գործընթացին և, իհարկե, պետք է հավատանք, որ կհասնենք արդյունքի։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
11:28 - 04 փետրվարի, 2025
Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Արմեն Սարկիսյանը․ ՏԱՍՍ |azatutyun.am|

Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Արմեն Սարկիսյանը․ ՏԱՍՍ |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի "Алые Паруса" բնակելի համալիրում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել, նախնական տեղեկություններով կան զոհեր և վիրավորներ: Բազմաթիվ լրատվամիջոցներ և Telegram ալիքներ, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, հայտում են, որ պայթյունը, ենթադրաբար, մահափորձ է եղել։ Արմեն Սարկիսյանը, որը հայտնի է նաև որպես «Գորլովսկի», մահացել է, հայտնում է ռուսաստանյան պետական ՏԱՍՍ-գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններում իր աղբյուրները։ Լրատվամիջոցը նշում է, որ Սարկիսյանի մահվան լուրը հաստատել են նաև նաև նրա մերձավորները, այդ թվում՝ Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։ ՏԱՍՍ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արմեն Սարկիսյանը պայթյունի հետևանքով ծանր վիրավորում է ստացել։ Ռուսական պետական լրատվամիջոցները պնդում են, թե սա «մանրամասն ծրագրված մահափորձ էր՝ հենց Սարկիսյանի դեմ։ Իրավապահները որոնում են կազմակերպիչներին» հայտարարել է ՏԱՍՍ-ը։ Վերջինս հետախուզման մեջ է ուկրաինական իշխանությունների կողմից։ Սարկիսյանը այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, նա գլխավորում է նաև ARBAT գումարտակը, որը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ "Алые Паруса" բնակելի շենքը գտնվում է Կրեմլից 12 կմ հեռավորության վրա:
15:09 - 03 փետրվարի, 2025
Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը |armenpress.am|

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի տարածքում անօրինական կերպով գտնվում է 670 հազար մարդ, նրանց մոտ կեսը կանայք և երեխաներ են: Այս մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի հետ զրույցում հայտարարել է ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը:  «Մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը նրանք իրավունք ունեն դիմել պրոֆիլային գերատեսչություններին և ներքին գործերի մարմիններին՝ իրենց իրավական կարգավիճակի հարցը կարգավորելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։  Եթե իրավական կարգավիճակը չհաջողվի կարգավորել, օտարերկրյա քաղաքացիները ստիպված կլինեն լքել Ռուսաստանը, եզրափակել է Գորովոյը։ Ավելի վաղ ՌԴ կրթության նախարարությունն առաջարկել էր փաստաթղթերի նոր ցանկ՝ օտարերկրյա քաղաքացիների երեխաներին ռուսական դպրոցներ ընդունելուն առնչվող։  Փաստաթղթի համաձայն ՝ այժմ ուսումնական հաստատություն ընդունվելու համար անհրաժեշտ է հաստատել Ռուսաստանում ոչ միայն երեխայի, այլև նրա օրինական ներկայացուցիչների բնակության իրավունքը։  
19:31 - 02 փետրվարի, 2025
Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին
 |1lurer.am|

Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին |1lurer.am|

1lurer.am:  Ռուսաստանը, իհարկե, պրոցեսի հետ կապված որոշ անհանգստություններ ունի, բայց էլի եմ ուզում ասել՝ մեր խոսակցությունները, մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյոք եղե՞լ են սպառնալիքներ ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց պաշտոնապես մեկնարկելու դեպքում ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիք: «Այն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, դա ակնհայտ է, այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ՝ ՌԴ դիրքորոշումների և անհանգստությունների հետ կապված, դա էլ է փաստ: Բայց այն, որ մենք շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ, այն, որ շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, կարծում եմ՝ նաև պետք է ուշադիր լինել, որ ԵԱՏՄ շրջանակներում չարվեն քայլեր, որ ինքնին հարցականի տակ կդնեն ԵԱՏՄ-ի բովանդակությունը: Արդեն եղել են, ցավոք սրտի, քայլեր, որոնք, մեր գնահատմամբ, կասկածի տակ են դրել ՀԱՊԿ գործունակությունը, և նաև դա է պատճառը, որ ՀՀ-ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը: Այսինքն՝ ամեն ինչ միակողմանի չէ»,- ասաց նա: Անդրադառնալով ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին՝ արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությանը, որն ավելի քան 50 հազար քաղաքացիների ստորագրություն է ստացել, Փաշինյանը հիշեցրեց՝ հարցը մտնելու է ԱԺ քննարկման, բայց եթե մերժվի, ապա, կարգի համաձայն, որոշ ժամանակ անց պետք է արվի հանրաքվե: «Ինչո՞ւ են ՀՀ-ում՝ քաղաքացիների շրջանում, այսպիսի ընկալումներ ձևավորվել, դա նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի հետ կապված հարց է, և մեր խոսակցությունը եղել է և շարունակում է մնալ սրա մասին»,- ասաց նա՝ հավելեց, որ որևէ մեկը չի կարող և չպետք է ժխտի ՀՀ քաղաքացիների՝ ընտրություն ունենալու իրավունքը:
17:07 - 31 հունվարի, 2025