ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՀՀ կառավարության համար ՄԻՊ ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է․ վարչապետ

ՀՀ կառավարության համար ՄԻՊ ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է․ վարչապետ

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շատ բարդ կոորդինատներ ունի, որովհետև թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը տարբեր պատկերացումներ ունի ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը  նախ շնորհավորեց բոլորին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով ինստիտուտի գործունեությունը և նրա անկախությունը։ «Ընդգծեմ նաև, որ շատ բարդ կոորդինատներ ունի ինստիտուտը, որովհետև սովորաբար ընդդիմությունն ունի Մարդու իրավունքների պաշտպանի մասին իր պատկերացումները,  որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ, իշխանությունն՝ իր պատկերացումները, որոնք նույնպես ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ։ Հանրությունն իր հերթին ունի Մարդու իրավունքների պաշտպանի մասին իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ։ Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության համար Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն արձանագրեց, որ ժողովրդավարությամբ առաջնորդվող կառավարության համար այդ ինստիտուտի անկախությունը չի կարող կարևոր չլինել մի պարզ պատճառով, որովհետև երբեմն իշխանությունն աշխատանքի ընթացքում կարող է շատ նրբություններ չնկատել, կարևորություն չտալ։ «Իշխանությունը երբեմն իր գործունեության արդյունքների և հետևանքների մասին այլ անկախ աղբյուրներից ազդակներ ստանալու անհրաժեշտություն ունի, մանավանդ այն պարագայում, երբ խոսքը գնում է մարդու իրավունքների, ազատությունների և օրինականության մասին․ հարցեր, որոնք մեր կառավարության առաջնային օրակարգի տիրույթում են,  Հարցեր, որոնք առաջ բերելով, մենք հաղթել են ընտրություններում երկու անգամ։ Հետևաբար, շատ կարևոր է, թե ինչպես են տեղի ունենում այդ պարտավորությունների և բարեփոխումների ընթացքը»,-նշեց Փաշինյանը։  Այս առումով վարչապետը կարևորեց Հայաստանում իրավունքի և արդարության ստանդարտ ունենալը։ «Իրավունքի և արդարության ստանդարտը շատ կարևոր մի գործիք է, որը դեռևս չի հաջողվել իրականություն դարձնել։ Կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անկախությունն այն կարևոր խաչմերուկներից է, որտեղ այս պրոցեսը պետք է տեղի ունենա, որտեղ, ի վերջո, իրավունքի ստանդարտ պետք է ունենանք, որպեսզի այդ թվում  օրինականությունը չօգտագործվի մարդկանց իրավունքներից զրկելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։ Համաժողովին ելույթ ունեցան նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, որից հետո ցուցադրվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված տեսանյութ։ «Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում․ դիմակայունություն և մարտահրավերներ» թեմայով  համաժողովի նպատակն է հարթակ հանդիսանալ՝ անդրադառնալու մարդու իրավունքների ազգային հաստատությունների մանդատին և դերին ճգնաժամային իրավիճակներում։  Համաժողովի ընթացքում ընդգծվեց  մարդու իրավունքների ազգային և օմբուդսմանական հաստատությունների կարևոր դերը մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում, ինչպես նաև նրանց ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովման կարևորությունը։ Համաժողովը նաև ամփոփեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 20 տարիների առանցքային ձեռքբերումները։ 
12:20 - 21 հոկտեմբերի, 2024
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 20 տարեկան է․ մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողովը

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 20 տարեկան է․ մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողովը

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ մեկնարկել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։ Հոկտեմբերի 21-22-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթին բարձր մակարդակի միջազգային համաժողովին առցանց ձևաչափով հանդես է գալու հիմնական ելույթով։ Միջոցառմանը հյուրընկալվել են նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի նախագահը, անդամները և գլխավոր քարտուղարը, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ներկայացուցիչը: Հոկտեմբերի 21-ին՝ միջոցառման առաջին օրը, ողջույնի ուղերձ է հղելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Բացման խոսքով են հանդես գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընթերցվելու է նաև ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի բացման խոսքը։ Համաժողովին մասնակցում են նաև Հայաստանի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եվրոպական առաջատար մարդու իրավունքների ինստիտուտների և մարմինների փորձագետներ: Բարձր մակարդակի այս համաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին՝ որպես երկրում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատություն։ Միջոցառումն ընդգծում է մարդու իրավունքների ազգային և Օմբուդսմանական հաստատությունների կարևոր դերը մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում, ինչպես նաև նրանց ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովման կարևորությունը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
11:19 - 21 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ-ն անդրադարձել է «Փյունիկ» ակումբի հետ կապված լուրերին

ՄԻՊ-ն անդրադարձել է «Փյունիկ» ակումբի հետ կապված լուրերին

ՄԻՊ-ը անդրադարձել է վերջին օրերին համացանցում շրջանառվող տեղեկատվությանը՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը անչափահաս ֆուտբոլիստների դեմքերով լուսանկարներ է տեղադրել մարզաբազայում՝ ուղեկցող գրությամբ արգելելով վերջիններիս մուտքը մարզաբազա.«Վերջին օրերին համացանցում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը անչափահաս ֆուտբոլիստների դեմքերով լուսանկարներ է տեղադրել մարզաբազայում՝ ուղեկցող գրությամբ արգելելով վերջիններիս մուտքը մարզաբազա։  Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմնի կողմից համացանցում իրականացվող մշտադիտարկումները վկայում են, որ առհասարակ նմանատիպ դեպքերը, հատկապես՝ երեխաների նկատմամբ ոչ զգայուն մոտեցումները, կրում են շարունակական բնույթ։ Հարկ է նկատի ունենալ, որ նման գործողությունների հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների իրավունքների, այդ թվում՝ վերջիններիս անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման, երեխաներին թիրախավորող վարքագծի և բռնության ցանկացած դրսևորման բացառումը։ Երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով: Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս կամ որևէ այլ եղանակով դրանք այլ անձի մատչելի դարձնելիս` պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել երեխաների նկատմամբ վատ և ոչ զգայուն վերաբերմունքը, բռնության ցանկացած դրսևորման, այդ թվում՝ հոգեբանական բռնության դրսևորումները, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում վերջիններիս իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ, իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ», - նշված է հայտարարությունում։
18:06 - 19 հոկտեմբերի, 2024
ՀՀ ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ կարող են ընտրվել 10-17 տարեկան երեխաները

ՀՀ ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ կարող են ընտրվել 10-17 տարեկան երեխաները

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման գործընթացը:  Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան Պաշտպանին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները, երեխաների ձայնը լսելի դարձնել ներպետական և միջազգային հարթակներում: Խորհրդի անդամ կարող են ընտրվել 10-17 տարեկան երեխաները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի կազմում արդեն իսկ ընդգրկված անդամների: Ընտրությունը կանցկացվի երկփուլ ձևաչափով՝ գրավոր և բանավոր:  1-ին փուլով անհրաժեշտ է ներկայացնել Խորհրդի անդամ դառնալու վերաբերյալ դիմում-հայտ և ազատ ոճի շարադրանքով մեկ-երկու էջի սահմաններում գրավոր աշխատանք երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Խորհրդի գործունեության երեք առաջնահերթ ուղղությունների և սպասվելիք արդյունքների մասին: Դիմում-հայտը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրի հասցեն, ուսումնական հաստատության անվանումը և կոնտակտային տվյալները (էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար): Դիմում-հայտը և գրավոր աշխատանքը անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ «subject» դաշտում նշելով «Խորհուրդ» վերնագիրը: Գրավոր փուլին մասնակցության վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 8-ն է: 2-րդ փուլ անցած դիմորդները կմասնակցեն երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ հարցազրույցի, որի օրվա, ժամի և վայրի վերաբերյալ ծանուցումը կուղարկվի 2-րդ փուլ անցած երեխաների դիմում-հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:  Խորհրդի անդամներին ընտրելու գործընթացին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամներ: Գրավոր և բանավոր փուլերը հաղթահարած առավելագույնը 20 մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:  Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 53-75-51 հեռախոսահամարով աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ն:  
18:29 - 18 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ գործունեությանը անթույլատրելի գործելաոճով միջամտելու, ապատեղեկատվություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է. ՄԻՊ

ՄԻՊ գործունեությանը անթույլատրելի գործելաոճով միջամտելու, ապատեղեկատվություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է. ՄԻՊ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Էրիկ Բեգլարյանը՝ հանդես գալով Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անունից և հղում կատարելով փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառմանը, սոցիալական ցանցի իր օգտահաշվում զետեղել է հրապարակում՝ անթույլատրելի գնահատականներ հնչեցնելով Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արմեն Մնացականյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող բողոքը փաստաբան Ռոման Երիցյանի կողմից Պաշտպանի աշխատակազմ է մուտքագրվել 2024 թվականի հոկտեմբերի 15-ին, որից անմիջապես հետո Պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը հրատապության կարգով քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, բանավոր ընթացակարգով ստացվել են որոշակի պարզաբանումներ, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի անվտանգությունն ապահովելու հարցերի առնչությամբ: Բացի այդ, հաշվի առնելով բարձրացված խնդրի հրատապությունը՝ հոկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում փաստաբան Ռոման Երիցյանի բողոքը քննարկման ընդունելու մասին (չնայած ՄԻՊ օրենքով սահմանված ժամկետը 30 օրն է), որի շրջանակում անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման և ՄԻՊ իրավասության շրջանակում ձեռնարկվող միջոցների վերաբերյալ Պաշտպանի ներկայացուցիչը տեղեկացրել է նաև փաստաբանին: Ընդգծենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը գործում է օրենքով սահմանված ժամկետներում և բացառապես օրենքով ու միջազգային չափանիշներով թույլատրելի մեթոդաբանությամբ, ինչն առավել քան պահպանվել է սույն բողոքի քննարկման շրջանակներում։Վերոգյալի հաշվառմամբ հատուկ ընդգծում ենք, որ նման անթույլատրելի գործելաոճով և ձևակերպումներով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելու, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է, առավել ևս երբ նման հրապարակմամբ հանդես է գալիս մասնագիտական փաստաբանական գործունեություն իրականացնող անձը: Փաստաբանական գործունեություն իրականացնող անձանց կողմից ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ շփումներում բազմաթիվ են փաստաբանական էթիկայի սկզբունքների և փաստաբանի վարքագծի կանոնների չպահպանմամբ հաղորդակցության դեպքերը, այդ թվում՝ հրապարակային ձևաչափով։ Այս հանգամանքն անթույլատրելի ենք համարում ոչ միայն ՄԻՊ հաստատության հետ շփումների, այլ ընդհանուր առմամբ իրավական պետության սկզբունքների պահպանման տեսանկյունից։ Կարևորելով ՀՀ Փաստաբանների պալատի հետ ձևավորված կայուն համագործակցությունը, արձանագրելով բազմաթիվ դրական արդյունքներ փաստաբանների հետ համատեղ կառուցողական աշխատանքի շրջանակներում՝ ընդգծում ենք նման գործելաոճի անթույլատրելիությունն ու հրավիրում ՀՀ Փաստաբանների պալատի ուշադրությունը նման երևույթները հասցեավորելու անհրաժեշտությանը։ Փաստաբանական էթիկայի սկզբունքներն ու փաստաբանի վարքագծի կանոնները սահմանված են ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային բազմաթիվ փաստաթղթերով։ Հավելենք, որ ՄԻՊ մանդատն ու գործունեության սկզբունքները, վերջինիս անկախությունն ու մանդատը հարգելու չափանիշները սահմանված են միջազգային մի շարք փաստաթղթերում։ Դրանց մի մասին կարող եք ծանոթանալ ՀՀ ՄԻՊ հաստատությանն ի աջակցության Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կողմից հրապարակված հայտարարության տեքստում 🔗 (https://ombuds.am/am/site/ViewNews/3031), որտեղ կարևորվում է նաև նշված չափանիշները չպահպանելու պարագայում պատասխանատվության անխուսափելիությունը»։
19:37 - 17 հոկտեմբերի, 2024
Մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել․ ՄԻՊ ուղերձը

Մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել․ ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ։ Դրանում ասված է․ «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու Ձեր՝ լրատվական դաշտի ներկայացուցիչների՝ բարդ ու մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանքի կարևորության մասին: Այն պետք է լինի ազատ ու պաշտպանված: Մամուլի ազատության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն քայլեր ձեռնարկել՝ նպաստելու լրագրողների անվտանգ գործունեությանը և ձևավորելու բարենպաստ միջավայր՝ անխոչընդոտ ու բնականոն աշխատանքի համար: Պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը ՄԻՊ մանդատի շրջանակում պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։ Կարևորում եմ Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև սերտ համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»:
09:33 - 16 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ աշխատակազմի համար մշակվել է մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման ուղեցույց

ՄԻՊ աշխատակազմի համար մշակվել է մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման ուղեցույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար մշակվել է մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման վերաբերյալ ուղեցույց։ Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, փաստահավաք աշխատանքները կազմում են մարդու իրավունքների հնարավոր խախտումների նույնականացման, հանցագործությունների բարձրաձայնման գործընթացների կարևորագույն մասը։ Վերոնշյալի շրջանակում կարևոր է վկայություն տվող անձի հետ իրականացնել ճշգրիտ, հասցեական աշխատանք, որի ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել որոշ սկզբունքների պահպանմանը, առանց որոնց անհնար կլինի իրականացնել արդյունավետ, հասցեական, հնարավոր խախտումներ վեր հանող ու անձին չվնասող փաստահավաքություն։ Ուղեցույցն այս նպատակով առաջարկում է մի շարք կարևոր սկզբունքներ, օգտակար խորհուրդներ ու հմտություններ՝ թե փաստահավաք գործունեության իրականացման շրջանակներում բոլոր կողմերի բարօրության ու անվտանգության ապահովման, թե փաստահավաք գործունեության արդյունավետության ապահովման համար: Ուղեցույցի կիրառությամբ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հավաքված փաստերը կարող են հիմք ծառայել նաև հանցագործությունների նույնականացման և քրեական հետապնդման համար: Թեև ուղեցույցը նախատեսված է Պաշտպանի աշխատակազմի կողմից մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման շրջանակներում օգտագործելու համար, այն կարող է օգտակար լինել ինչպես պետական մարմինների հետ սերտորեն համագործակցող կամ փոխկապակցված կառույցների, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և իրավապաշտպանների համար: Ուղեցույցը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
15:45 - 15 հոկտեմբերի, 2024
ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները

ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։ Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ներկայում մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթները Հայաստանում լայն տարածում են գտել, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է բոլոր հիմքերով խտրական խոսույթի և ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:  Պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին:  Քննարկվել են նաև բնապահպանական իրավունքների, քաղաքացիների հանգստի իրավունքի հետ կապված խնդիրները: Իր հերթին դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
09:45 - 15 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ-ը հոկտեմբերի 11-ին այց է իրականացրել Լոռու մարզ

ՄԻՊ-ը հոկտեմբերի 11-ին այց է իրականացրել Լոռու մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 11-ին այց է իրականացրել Լոռու մարզ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ: Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից: Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային հոսպիտալ: Հոսպիտալի տնօրեն Խորեն Ազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարվել տարածքով, ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող զինծառայողների հետ: Բուժանձնակազմի հետ քննարկվել են բուժառու զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը: Բուժում ստացող զինծառայողները ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է անցկացրել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: «Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար առանցքային է անձամբ քաղհասարակությունից լսել իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,- ասել է Անահիտ Մանասյանը:  Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների, կանանց, ազգային փոքրամասնությունների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:
10:30 - 12 հոկտեմբերի, 2024
Պաշտպանը ուսումնասիրություն է սկսել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ հատուկ գործողության առնչությամբ

Պաշտպանը ուսումնասիրություն է սկսել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ հատուկ գործողության առնչությամբ

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ հատուկ գործողության առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն։ «Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը: Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, աշխատակցներից մեկին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով։  Դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգել են, որ ԱԱԾ գործողությունները ահաբեկել են երեխաներին:
17:44 - 10 հոկտեմբերի, 2024
Տեղեկություն ունեմ՝ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինչ հատուկ միջոց է կիրառվել, բայց նախաքննական գաղտնիք է. ՄԻՊ
 |tert.am|

Տեղեկություն ունեմ՝ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինչ հատուկ միջոց է կիրառվել, բայց նախաքննական գաղտնիք է. ՄԻՊ |tert.am|

tert.am: Այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, շատ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով կատարում եմ ՄԻՊ առաքելությունը, այլ մեկնաբանություն այս հարցի հետ կապված չեմ տալիս: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարի պաշտոնում իր հավանական նշանակման լուրերին: Հարցին՝ ոլորտը շատ կտուժի՞, եթե Արփի Դավոյանը նշանակվի նախարար, Մանասյանն ասաց. «Կխնդրեմ այս հարցերի վերաբերյալ այլ հարցադրում չտաք, չեմ մեկնաբանելու»: Մանասյանը նաև անդրադարձավ հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառած հատուկ միջոցին, թե ի վերջո ինչ է կիրառվել: Նա նշեց, որ պետական կառույցները պարտավոր են տրամադրել տեղեկություն ՄԻՊ-ին, ուստի և տրամադրել են և որ ՄԻՊ-ը տեղյակ  է, թե ինչ միջոց է կիրառվել: «Հարցի հիմնական խնդիրն այն է, որ գործ ունենք այս պահին ընթացող գործի քննության հետ քրեական վարույթի շրջանակներում, հետևաբար այդ համատեքստում հարցը նախաքննական գաղտնիքին վերաբերող հարց է, որի վերաբերյալ տեղեկատվություն ինձ ևս փոխանցվել է: Ես հաղորդակցվել եմ գործընկերների հետ՝ թե ՆԳ նախարարության, թե քննչական համապատասխան մարմնի, համարում եմ, որ ճիշտ կլինի որ հանրությանը հասանելի դառնա այդ տեղեկությունը, երբ որ կունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, բոլորին կտեղեկացնեմ: Տեղեկատվությունը ես ունեմ, բայց նախաննքական գաղտնիքի հարց է»,- ասաց նա:
12:47 - 10 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա այց են իրականացրել Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Այցերի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բուժօգնության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, սննդի որակի հետ կապված հարցերը և այլն։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել շարքային, ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների հետ, քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի տարբեր հարցեր, այդ թվում՝ սոցիալական ապահովության, կրթական ցենզի բարձրացման, ատեստավորման գործընթացի, բնակարանային ապահովության, առողջության պահպանման, սոցիալ-կենցաղային պայմանների և այլնի հետ կապված։ Առանձին հանդիպում է անցկացվել զորամասի կանանց խորհրդի հետ, քննարկվել են կին զինծառայողներին հետաքրքրող տարբեր հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց լուծման մեխանիզմների մասին: Այցերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ներկայացուցիչները դրսևորել են համագործակցության բարձր մակարդակ։ Պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտում է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր ամենօրյա ուշադրության ներքո են: Ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։ Նշված այցերի արդյունքները ևս ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, որով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն։
10:25 - 09 հոկտեմբերի, 2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության կարևորությունն ու կյանքի կոչվող համատեղ ծրագրերի արդյունավետությունը։Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությանն առնչվող հարցերին։ Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
11:02 - 08 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետի խոսնակի հնչեցրած գնահատականներին

ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետի խոսնակի հնչեցրած գնահատականներին

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որին սոցիալական ցանցերում արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ գնահատականներ հնչեցնելով ՄԻՊ իրավասության շրջանակների մասին։ ՀՀ ՄԻՊ-ից այս առնչությամբ տեղեկացնում են․ «Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման/դրա բացակայության հանգամանք, եթե խոսքը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից իրավունքների հնարավոր խախտումներին է վերաբերում։ Ընդ որում՝ ՄԻՊ մանդատն ու գործունեության սկզբունքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջինիս անկախությունն ու մանդատը հարգելու չափանիշները սահմանված են միջազգային մի շարք փաստաթղթերում։ Դրանց մի մասին կարող եք ծանոթանալ ՀՀ ՄԻՊ հաստատությանն ի աջակցության Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կողմից հրապարակված հայտարարության տեքստում։ Ընդ որում` այդ սկզբունքներն ունեն այնպիսի կարևոր դերակատարություն ժողովրդավարական պետությունում, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացումը ցանկացած ձևով խոչընդոտելու, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար։ Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը վերը նշված չափանիշներին հակասող եղանակով գնահատելու, նրա գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի։ Հակառակ դեպքում միջազգային չափանիշների խախտումները պետք է դարձվեն քննարկման առարկա: Հավելենք, որ օրենքին համապատասխան՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որոնք ստացել են Պաշտպանի՝ մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշումը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում: ՄԻՊ հայտարարությանն արձագանքել էր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ նման գնահատականներ տալը ՄԻՊ իրավասություններից դուրս է։
21:35 - 04 հոկտեմբերի, 2024
Նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր հրապարակված ծավալուն որոշման՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացնում է.   «Ըստ նախնական ուսումնասիրությունների ՄԻՊ-ի կողմից արված եզրահանգումներն ու արտահայտած դիրքորոշումները նման են նրան, որ պաշտպանի անհամաձայնությունն ավելի շատ գործող օրենքների և իրավակարգավորումների է վերաբերում, քանի որ համայնքի կողմից ծանուցման գործընթացները, ժամկետների տրամադրումը, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ անմիջապես քանդման գործողություններին ձեռնամուխ լինելն ամբողջությամբ համապատասխանել է օրենքներին և որևէ իրավանորմի խախտում տեղի չի ունեցել:   Բացի այդ, վարչական ակտի ու վարչական մարմնի գործողությունների իրավաչափության գնահատական տվողը դատարաններն են: Այդ գործառույթը բացառապես վերապահված է վարչական դատարանին, ուստի՝ գտնում ենք , որ համայնքի կողմից իրականացված վարչարարությանը նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է:   Որոշմանը առավել մանրամասն ծանոթանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, հանդես կգանք լրացուցիչ պարզաբանմամբ»,- գրել է Կոստանյանը: Ավելի վաղ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները:
19:10 - 04 հոկտեմբերի, 2024
Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ

2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ մարդու իրավուներերի պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին են զանգահարել Համլետ Գևորգյանն ու Աղասի Ադամյանը և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետարանը Նոր Նորը վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեների ինքնակամ կառուուցների ապամոնտաժման աշխատանքներ է սկսել: Բողոք ներկայացրած անձանց պնդմամբ' Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում խախտվում են իրենց իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում: ՄԻՊ-ը Երևանի քաղաքապետարանին առաջարկում է․  ձեռնարկել անհրաժեշտ միջոցները ինքնակամ կառուցված շինությունների ապամոնտաժման հետևանքով քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում՝ մշակելով ու իրացնելով անհրաժեշտ կառուցակարգեր,  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հետագայում իրավունքի նման խախտումները բացառելու ուղղությամբ։  Մանրամասները՝ այստեղ:
17:21 - 04 հոկտեմբերի, 2024