Լիդիան Արմենիա

Լիդիան Արմենիան երկրաբանահետախուզական ընկերություն է, որը Հայաստանի կառավարությունից Ամուլսարի տարածքում համանուն ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն է ստացել։

«Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ն։ «Լիդիան Արմենիան» հիմնադրվել է 2005 թվականին։ Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության բաժնետերերի շարքում են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև բարեգործական մի շարք հայկական կազմակերպություններ։

 

 

Պարոն վարչապետ, մի խաբեք հանրությանը, ասեք, որ հանքը շահագործվելու է. Սիլվա Ադամյանը՝ Ամուլսարում տիրող իրավիճակի և Կառավարության լռության մասին |tert.am|

Պարոն վարչապետ, մի խաբեք հանրությանը, ասեք, որ հանքը շահագործվելու է. Սիլվա Ադամյանը՝ Ամուլսարում տիրող իրավիճակի և Կառավարության լռության մասին |tert.am|

tert.am: Կառավարությունը փորձեց «Էլարդի» փորձաքննությունն օգտագործել ի շահ իրենց նպատակների, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ Կառավարությունը որոշակի քաղաքական լծակներ ունի, որոնց շրջանակներում նա ուղղակիորեն չի կարող այդ հանքը չշահագործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներից Սիլվա Ադամյանը` խոսելով Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի և շրջակա միջավայրի առողջության ոլորտում պետական քաղաքականության վտանգների վերաբերյալ: «Մեր վերին ատյանները պարբերաբար փորձել են մեզ խաբել և մինչև հիմա խաբում են և՛ բնապահպաններին և հանրությանը, թե՝ մեզ ապացույցներ են ձեզանից պետք, որպեսզի կարողանանք կանգնեցնել հանքի շահագործումը: Իրականում իրավիճակը լրիվ այլ է, Կառավարությունը հրաշալի գիտի, թե ինչ է Ամուլսարում ինչ է կատարվելու և փորձագետներն ինչ են իրենց ասել, ներկայացրել, որ ուրան կա տարածքում, սակայն զավեշտն այն է, որ դա ևս չկանգնեցրեց մեր Կառավարությանը»,- ասաց նա: «Ասում են՝ վարչապետը ոչինչ չգիտի, քննչականն է խաբում, փորձագետն է խաբում: Հիմա ասում եմ իր երեսին՝ պարոն վարչապետ, դուք ամեն ինչ գիտեք, մի´ խաբեք հանրությանը, վե´ր կացեք ու ասե´ք, որ ամեն ինչ գիտեք, բայց հանքը շահագործվելու է»,- ասաց Ադամյանը: Սիլվա Ադամյանը նշեց, որ «Լիդիան»-ը փորձել է համագործակցել Ադրբեջանի և Վրաստանի հետ, սակայն նրանց դուրս են հանել, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դրական կողմով է «Լիդիան»-ին ներկայացրել մեր երկրում և այստեղ Մարիամ Բադալյանը հարց բարձրացրեց, թե ում է ծառայում Հայաստանի կառավարությունը, քանի որ ըստ նրա՝ հաստատ ոչ ժողովրդին: Առավել մանրամասն՝ tert.am-ում
12:46 - 07 օգոստոսի, 2020
«Լիդիան Արմենիա»-ն որևէ մեկի հետ վագոն-տնակները տեղափոխելու պայմանավորվածություն ձեռք չի բերել․ հայտարարություն

«Լիդիան Արմենիա»-ն որևէ մեկի հետ վագոն-տնակները տեղափոխելու պայմանավորվածություն ձեռք չի բերել․ հայտարարություն

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել իր վագոն-տնակի՝ ոչ ճիշտ վայրում տեղադրված լինելու հայտարարությունների վերաբերյալ։ «Քիչ առաջ մամուլից տեղեկացանք, որ Ջերմուկի քաղաքապետը «Լիդիան Արմենիայի» անունից հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում, թե իբր «Լիդիանը» համաձայնել է տեղափոխել իր վագոն-տնակները:Հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիան» նման պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել: Վագոն-տնակները գտնվում են ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում: «Լիդիանի» բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում են, ընկերությունը ունի բոլոր իրավունքներն ու թույլտվությունները իր օրինական տիրապետման ներքո գտնվող տարածքում կատարելու ցանկացած գործողություն, այդ թվում նաև տեղադրելու շարժական վագոն-տնակներ:«Լիդիանը» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ»:   
12:10 - 07 օգոստոսի, 2020
Իշխանությունների լռությունը վկայում է, որ հակված են հանքի շահագործմանը․ Անի Սամսոնյան

Իշխանությունների լռությունը վկայում է, որ հակված են հանքի շահագործմանը․ Անի Սամսոնյան

Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ հանրային քննարկման տիրույթում։ Վերջին օրերին Ջերմուկում իրավիճակը լարված է։ Սա այն բանից հետո, երբ Ամուսարի հանքը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան» ընկերության կողմից վարձված պահնորդական ծառայությունը հեռացրեց բնակիչների տեղադրած շարժական տնակները ու փոխարենը տեղադրեց իր տնակները։ Արդեն մի քանի օր է՝ ջերմուկիցներն ու բնապահպանները ակցիաներ են իրականացնում Ամուլսար տանող ճանապարհին։ Նրանք պահանջներ են ներկայացրել կառավարությանը՝ հեռացնել պահնորդական ծառայության կողմից տեղադրված տնակները, սադրանքներ հրահրող պահնորդական ծառայությանը զրկել լիցենզիայից եւ վերջնական դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։ Թեմայի շուրջ Infocom.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։ - Տիկին Սամսոնյան, չնայած տեղի ունեցող իրադարձություններին եւ լարվածությանը՝ իշխող քաղաքական թիմի ներկայացուցիրները կարծես լռություն են պահպանում։ Այն պարագայում, երբ ոստիկանական ուժերը անգամ ուժ գործադրեցին ցուցարարների նկատմամբ։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ։ - Ես կարծում եմ, որ իշխանության լռությունը բնական է, եւ այն պետք է սպասելի լիներ՝ թե՛ ջերմուկցիների, թե՛ բոլորիս համար, որովհետեւ պետք է համադրենք 2019 թվականին իշխանության արած հայտարարությունների հռետորաբանության փաստերը, պետք է վերհիշենք, որ հունվարին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարին եւ ասաց, որ եթե այն շահագործվեր, մենք ավելի շատ եկամուտներ կունենայինք բյուջեում, նույնիսկ հնարավոր է՝ երկնիշ աճ ունենալ։ Հետեւաբար, սա վկայում է տրամադրությունն այն մասին, որ իշխանությունը հակված է այն մտքին, որ Ամուլսարը պետք է շահագործվի։ Այդ լռությունը դրա վկայությունն է, որ եթե իրենք հակված են, որ հանքը շահագործվի, ուրեմն պետք է մնան անհաղորդ այս իրադարձություններին, որովհետեւ ի՞նչ պետք է ասի իշխանությունը ջերմուկցիներին, որովհետեւ երբ նոր էր հեղափոխությունը եղել, նույն իշխանությունը նույն ջերմուկցիներին խոսք էր տվել, որ Ամուլսարը մնալու է սար եւ հանք չի դառնալու, բայց երար քննարկելով իշխանությունների հետ եւ հասկանալով, որ այս հարցը քննարկումների դաշտում չի լուծվելու, ջերմուկիցները որոշեցին իրենց բողոքը այլ կերպ ներկայացնել։ Սկսեցին պահպանություն իրականացնել, փողոցային ակցիաներ իրականացնել։ Այս գործիքը ջերմուկցիների եւ Ամուլսարի պաշտպանների միակ գործիքն է այսօր։ Մենք կարող ենք նաեւ ասել, որ իշխանությունը, լավ հասկանալով, որ դա միակ գործիքն է, ընտրել է լավագույն պահը՝ Ամուլսարի հարցին վերջնական լուծում տալու համար՝ այն առումով, որ արտակագ դրության պայմաններում արգելված են հավաքները, եւ մարդիկ չեն կարող կիրառել իրենց բողոքի ձայնն արտահայտելու գործիքը։ Այս պայմաններում պարզ է, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ իշխանության մեծամասնությունը, եւ ոչ էլ այդ մեծամասնությունում գտվող նախկին եւ ներկայիս ակտիվ բնապահպան պատգամավորները պետք է լուռ մնան, որովհետեւ իրենք այդ հարցի վերաբերյալ այլեւս ասելիք չունեն։  - Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության իրականացրած գործողությունները․ տեսանք, որ ուժ գործադրեցին ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկվածներ եղան։ - Որպեսզի ես ոստիկանական գործողություններին գնահատական տայի, շատ կարեւոր էր, որ լինեի ոստիկանական բաժանմունքում, այդ պատճառով օգոստոսի 4-ին եղա Վայքի ոստիկանական բաժանմունքում, որտեղ տեղափոխել էին բերման ենթարկվածներին։ Վարչական կալանքի ենթարկված անձանց հետ խոսեցի, իրենք թե՛ բերման ենթարկելու ընթացքում, թե՛ ոստիկանական բաժանմունքում որեւէ խնդիր չունեին։ Իրենք ասացին, որ խնդիր չունեն, բայց մինչեւ բերման ենթարկելու իրադարձությունը՝ տեղի են ունեցել ավելի վատ իրադարձություններ, ընդ որում՝ դրանց ակտիվ մասնակցություն է ունեցել «Լիդիանի» վարձած պահնորդական ընկերությունը։ Երեկ բնակիչները պատմեցին, որ նրանք քարերով են հարձակվել քաղաքացիների վրա, փոխադարձ հայհոյանքներ են հնչել եւ նույնիսկ պահնորդական ծառայություն իրականացնող անձանցից ոմանք ուժ են գործադրել ոստիկանության ծառայողների հանդեպ։ Ինձ որքանով տեղեկացրին՝ ոստկանակության ծառայողները եղել են քաղաքացիական հագուստով եւ նրանք չեն իմացել, որ դրանք ոստիկաններ են, բայց բոլոր դեպքերում սա չի արդարացնում այդ գործողությունները։ Ես կարծում եմ, որ ոստիկանության համար նույնպես պետք է քննարկման առարկա դառնան պահնորդական խմբի կատարած այս գործողությունները։ Այսինքն՝ դրանք պետք է օբյեկտիվ քննության առարկա դառնան եւ հասկանանք, թե որքանով են օրինաչափ։ Օգոստոսի 4-ին Վայքի բաժանմունք էին բերման ենթարկել 4 հոգու, որոնք պահնորդական ծառայություն իրականացնող խմբի անդամ էին։ Ինչպես հասկացա՝ նրանիցից մեկը բերման էր ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ հայհոհել էր, հետո ասաց, որ հայհոյել են իրեն եւ ինքը փոխադարձ հայհոհանքներ է հնչեցրել։ Ընդհանուր իրավիճակը եղել է շատ լարված եւ ագրեսիվ։ Ես կարեւորում եմ ոստիկանության աշխատանքը այն տեսանկյունից, որ կարող են բախումներ լինել ոչ միայն ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ, այլեւ պահնորդական ծաայություն իրականացնողների եւ քաղաքացիների միջեւ, ինչպես տեսել ենք։ Ոստիկանությունը պետք է աչալուրջ լինի, գործի իրավաչափ եւ ամենակարեւորը, ուզում եմ շեշտադրել, որ ոստիկանությունն իրականացնում է հրահանգ, մարդկանց թույլ տալ, որ իրենց բողոքն արտահայտեն, դա պետք է թույլ տա կառավարությունը, իսկ կառավարությունը նորից եմ կրկնում, ընտրել է այն ժամանակը, երբ կա պարետի որոշում։ Անթուլատրելի է ուղղակի, որ մարդիկ չկարողանան իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Ես միշտ ասել եմ, որ Ամուլսարի խնդիրը իրենք համարում են իրենց կյանքի եւ անվտանգության խնդիրը։ Մարդու կյանքի իրավունքը իր հիմնարար իրավունքն է, եւ եթե հնարավորություն չունի իր բողոքն արտահայտելու, հետեւաբար մենք խնդիր ունենք առհասարակ ժողովրդավարության հետ։ Մի անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տվեցի՝ եթե Դուք այդքան գնահատում եք հանրաքվեի ինստիտուտը՝ որպես ժողովրդավարության կարեւոր ինստիտուտներից մեկը, եւ կարծում եք, որ մարդիկ կարող են որոշել ՍԴ-ի հարցը, արդյոք Դուք պատրա՞ստ եք, որ Ամուլսարի հարցն էլ լուծվի հանրաքվեով, որովհետեւ սա լավագույն օրինակն էր, որ տեղական հանրաքվեի միջոցով մարդիկ կարող էին որոշել՝ հանքը շահագործվի, թե ոչ։ Սա անմիջական ազդեցություն ունի այն մարդկանց վրա, որոնք ապրում են այստեղ եւ այդ մարդիկ կենսական անհրաժեշտություն ունեն՝ իրենց բողոքը արտահայտելու։  - Կառավարությունը «էլարդի» փորձագիտական խմբին պատվիրել էր համապարփակ եւ օբյեկտիվ փորձաքննություն ներկայացնել, ինչը արվել է, եւ պարզվել է, որ հանքի շահագործումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսների, բնության վրա, եւ, փորձաքննության համաձայն, «Լիդիանի» արած ՇՄԱԳ-ը թերի է եղել, ակտիվիստները պահանջում են կառավարությունից՝ այդ ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչել։ Ընկերությունն էլ պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները․ ի՞նչ պետք է անի կառավարությունը։ - Անցյալ տարի մենք եւ անձամբ ես ուսումնասիրել էի այդ փորձաքննության փաստաթուղթը, իսկապես «էլարդն» ասում է՝ այո՛, իրականացվել է փորձաքննություն, բայց այն իրականացվել է թերի եւ փաստ չէ, որ այդ ռիսկերը կառավարելի են։ Մենք կարողացանք փաստեր վեր հանել փաստաթղթից, որ, օրինակ, փորձաքննություն իրականացնող անձիք Ամուլսարում եղել են միայն մեկ օր։ Մնացած ամբողջ տեղեկությունը իրենք հավաքագրել են եւ վերլուծել են՝ ըստ «Լիդիանի» տված տեղեկության, սա շատ կարեւոր փաստ է այնքանով, որ մենք հասկանանք՝ օբյեկտի՞վ է եղել արդյոք «Լիդիանի» տված տեղեկությունը, որպեսզի նաեւ հասկանանք՝ «Էլարդի» փորձաքննությունն օբյեկտի՞վ է, թե՞ ոչ։ Մենք անվստահություն ենք հայտնել Էլարդի փորձաքննության նկատմամբ, եւ դրանից հետո չի իրականացվել այլ փորձաքննություն, ՇՄԱԳ-ն էլ ուժը կորցրած չի ճանաչվել։ Այսինքն՝ չի լուծվել այն խնդիրը, որը մեզ կարող էր ապացուցել, որ Ամուլսարի հանքի շահագործումը ռիսկեր չի պարունակում․ այս հարցերը մնացել են օդում կախված։  - Հանքի շահագործման դեմ պայքարողները պնդում են, որ շահագործումը կլինի այս կառավարության վերջը։ Եթե հանքը շահագործվի, ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ - Ես չեմ կարող ասել կամ կանխատեսել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Զարգացումներ, բնականաբար, կլինեն, որովհետեւ հեղափոխական ժամանակավոր իշխանությունը չի կատարել իր խոստումը։ Բնական է, որ սա կառավարության ֆիասկոն է՝ ջերմուկցիների եւ այն մարդկանց համար, որոնք կարծում էին, որ Ամուլսարը սար է մնալու եւ չի շահագործվելու որպես հանք։ Մարդիկ իրենց խաբված են զգում, եւ սա միայն նրա համար, որ իշխանությունը բավարար կամք չցուցաբերեց։ Infocom.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ։  «Մենք նշել ենք, որ բոլոր որոշումները պետք է լինեն համահունչ մարդկանց, ջերմուկցիների որոշումների հետ, ուրիշ տարբերակ չկա։ Երկորդը՝ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ Ամուլսարում լինեն բախումներ եւ ուժային ճնշումներ, եւ երրորդը՝ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ Ամուլսարի իրավիճակը կրկին լինի դեստրուկտիվ իրավիճակի՝ Հայաստանի քաղաքական, ներքաղաքական կյանքի համար»,- մեր զրույցում ասաց Աբովյանը։  Պատգամավորը շեշտեց, որ յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի ՀՀ քաղաքացիների, ջերմուկցիների եւ բոլորիս համար։ Անձամբ իր կարծիքով՝ Ամուլսարի հանքի շահագործումը վտանգավոր է եւ շատ մեծ բնապահպանական ռիսկեր է պարունակում՝ հաշվի առնելով բոլոր եզրակացությունները։  Ասպրամ Փարսադանյան
22:21 - 06 օգոստոսի, 2020
Քաղաքական ուժի լռություն պահպանելը ինքնանպատակ չէ, լռությունը ներքին քննարկումների, ներքին աղմուկի հետեւանք է․ Վահագն Թևոսյան

Քաղաքական ուժի լռություն պահպանելը ինքնանպատակ չէ, լռությունը ներքին քննարկումների, ներքին աղմուկի հետեւանք է․ Վահագն Թևոսյան

Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ հանրային քննարկման տիրույթում։ Վերջին օրերին Ջերմուկում իրավիճակը լարված է։ Սա այն բանից հետո, երբ Ամուսարի հանքը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան» ընկերության կողմից վարձված պահնորդական ծառայությունը հեռացրեց բնակիչների  տեղադրած շարժական տնակները ու փոխարենը տեղադրեց իր տնակները։ Արդեն մի քանի օր է՝ ջերմուկիցներն ու բնապահպանները ակցիաներ են իրականացնում Ամուլսար տանող ճանապարհին։ Նրանք պահանջներ են ներկայացրել կառավարությանը՝ հեռացնել պահնորդական ծառայության կողմից տեղադրված տնակները, սադրանքներ հրահրող պահնորդական ծառայությանը զրկել լիցենզիայից և վերջնական դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։ Թեմայի շուրջ Infocom.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի հետ։  - Պարոն Թեւոսյան, չնայած տեղի ունեցող իրադարձություններին եւ լարվածությանը՝ ձեր քաղաքական թիմը լռություն է պահպանում։ Սա այն պարագայում, երբ ոստիկանական ուժերը նույնիսկ ուժ գործադրեցին ցուցարարների նկատմամբ։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցով։ - Իմ անձնական վերաբերմունքը Ամուլսարի խնդրի շուրջ որոշակիորեն տարբերվում է այն վերաբերմունքից, որը ես՝ որպես պաշտոնատար անձ, պարտավոր եմ որդեգրել՝ իմ գործունեության ընթացքում։ Ես կարող եմ անձնական կարծիք ունենալ տարբեր երեւույթների մասին, բայց որպես պաշտոնատար անձ՝ պարտավոր եմ հետեւողական լինել, որպեսզի ցանկացած պրոցես ընթանա իրավական նորմերի շրջանակում՝ պարտադիր կերպով, որովհետեւ դա մշակույթ է, որը պարտավոր ենք փոխանցել։ Երբ մենք ուզում ենք, որ երկիրը լինի իրավական, ուրեմն պետք է լինի այդպիսին։ Ըստ այդմ՝ ոստիկանների գործողությունները ես կարող եմ որակել կամ իրավաչափ, կամ ոչ իրավաչափ։ Չեմ կարող որակել՝ բռնություն ցուցարարների կամ պահնորդների նկատմամբ, ես կարող եմ որակել իրավաչափ են եղել գործողությունները, թե ոչ, բացի դա՝ կարող եմ որակել շատ ավելի բարձր կոմպետենցիայով մարդու ստացած տեղեկության հիման վրա հետեւություն անելով, որովհետեւ ես այդ կոմպետենտությունը չունեմ։ Իրադարձությունները շատ ցավալի են այնտեղ, ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել ցանկացած խնդրի առիթով, որովհետեւ դա ժողովրդավարության հիմքերից մեկն է, բայց, այնուամենայնիվ, արտակարգ դրության ժամանակ նման մասսայական միջոցառումները չեմ ողջունում` այդուհանդերձ հասկանալով, որ դրանք որոշակի հիմքեր ունեին, եւ հենց այդ տնակների տեղափոխման հետ կապ ունեին։ Ուշի-ուշով հետեւում եմ, լռություն պահպանելը ինքնանպատակ չէ, լռությունը ներքին քննարկումների, ներքին աղմուկի հետեւանք է, որովհետեւ, եթե մեզնից յուրաքանչյուրը առանձին-առանձին ինչ-որ բան սկսի խոսել, դա գուցե կլինի շատ անհոդաբաշխ եւ ինքնանպատակ։ Այնուամենայնիվ, քաղաքական թիմի վերաբերմունքը որոշակիորեն արտահայտվել է դեռեւս մեկ տարի առաջ եւ դեռեւս դրանում էական փոփոխություն առկա չէ, սպասենք զարգացումներին։ Ինձ համար ցավալի է այդ պրոցեսներին հետեւելը, ես այնտեղ ունեմ մարդիկ, որոնց շատ հարգանքով եմ վերաբերում, շատ ծանր է հետեւել այդ իրադարձություններին, բայց կարծում եմ, որ քաղաքացիները իրացնում են իրենց իրավունքը։ Արտակարգ դրության պայմաններում, իհարկե, ցանկալի չէր լինի, մանավադ COVID-ի պայմաններում, քանի որ բազմամարդ հավաքները ահագին վտանգներ են ստեղծում վարակի տարածման համար։ - Կառավարությունը «էլարդի» փորձագիտական խմբին պատվիրել էր համապարփակ եւ օբյեկտիվ փորձաքննություն ներկայացնել, ինչը արվել է, եւ պարզվել է, որ հանքի շահագործումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսների, բնության վրա, եւ, փորձաքննության համաձայն, «Լիդիանի» արած ՇՄԱԳ-ը թերի է եղել, ակտիվիստները պահանջում են կառավարությունից՝ այդ ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչել։ Ընկերությունն էլ պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները․ ի՞նչ պետք է անի կառավարությունը։ -Ես կարծում եմ, որ կառավարությունը եւ, ընդհանրապես, քաղաքական թիմը ամենաշահագրգիռ կողմն են, որ այս թնջուկը հնարավորինս շուտ ավարտվի, որովհետեւ, եթե նույնիսկ շատ հաշվենկատ տրամաբանությունից ելնենք, որը շատ դեպքերում այդպես չէ, եւ շատ հաճախ ոչ պոպուլյար բաներ ենք անում՝ ելնելով ռեֆորմների անհրաժեշտությունից, բայց նույնիսկ, եթե վերցնենք շատ հաշվենկատ ելակետ, ապա հասկանալի է, որ Ամուլսարի թնջուկը հենց գործող իշխանությունների խաչն է։ Ըստ այդմ, ես չեմ կարծում, որ հնարավոր առաջին միանշանակ ելքի դեպքում կառավարությունն այդ քայլին չի գնա, ամեն դեպքում իմ կոմպետենցիան այդ հարցում բավական ցածր է, որովհետեւ ես կրթության, գիտության հանձնաժողովից եմ եւ հիմանկանում այդ ուղղությամբ են իմ ուսումնասիրությունները, այս հարցը ավելի ճիշտ կլիներ մեկնաբանեին տնտեսական հարցերի հանձնաժողովի պատգամավորները, որովհետեւ իրենք շատ ավելի կոմպետենտ են եւ ավելի խորն են ուսումնասիրել։ Ես տեղյակ եմ, որ մեր թիմից մի խումբ պատգամավորներ, որոնք բեւեռային տեսակտներ ունեն հարցի շուրջ, ձեռնարկել են եւ հնարավոր է՝ տեղի են ունեցել որոշակի հանդիպումներ գործադիրի եւ ՏԻՄ-երի հետ։ Կարծում եմ՝ այս պրոցեսը պետք է առաջ գնա, այն կանգնած չի եղել, ուղղակի հիմա սրվեց՝ հասկանալի իրավիճակի պատճառով, ինչքանով ես հասկացա՝ այդ տնակների հեռացումն էր պատճառը։  - Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ եթե հնարավոր էր Սահմանադրական բարեփոխումների հարցը լուծել հանրաքվեի միջոցով, ապա Ամուլսարի հարցը լավագույնս կարող էր լուծվել, եթե կառավարությունը հանրաքվե իրականացներ։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է հանրաքվեի տարբերակը արդյունավետ լուծում։  - Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, նորից եմ նշում, որ գուցե ոչ կոմպետենտ, կամ նվազ կոմպետենտ բաներ ասեմ, բայց քանի որ այստեղ առկա է միջազգային իրավունքի խնդիր եւ մենք նաեւ խնդիր ունենք միջազգային իրավունքի շրջանակում՝ մեր բարեվարքության էլեմենտը պահպանելու։ Այսինքն՝ չէ՞ որ մենք ուզում ենք, որ ներդրողներ գան, դրսի մարդիկ տեղյակ են, տեսնում են, թե ինչ է կատարվում, եւ մենք մեզ ոնց ենք պահում տնտեսվարողների նկատմամբ։ Այդ ամենից են իրենք հետեւություն անում՝ գա՞լ, թե՞ ոչ։ ՍԴ-ի խնդիրը մեր ներքին քաղաքական խնդիրն էր, այս պարագայում կարող է տպավորություն ստեղծվել, թե մենք ցանկացած տնտեսական վեճ դնում ենք հանրաքվեի։ Այո՛, սա բացառիկ դեպք է, բայց իրենց համար մեկ է՝ դա կլինի հանքարդյունաբերություն, ապակու գործարան, թե ինչ-որ ռեստորան, իրենք նայում են որպես բիզնես։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ մենք ցանկացած նմանատիպ խնդիր կարող ենք հանրաքվեով չեղարկել, դա վտանգավոր է այդ հնարավոր տպավորությունը ստեղծելու տեսանկյունից։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Իհարկե, ես գլոբալ առումով շատ կողմնակից եմ հանրաքվեներին, որովհետեւ համարում եմ, որ անկախ նրանից, թե մարդիկ որքանով են տիրապետում ինֆորմացիային, համենայն դեպս էմոցիոնալ եւ մշակութաբանական շերտը շատ կարեւոր է, որովհետեւ որքան էլ մարդուն բացատրես ռացիոնալ կողմը, եթե ինքը իռացիոնալ բնույթով դեմ է մի երույթի, դժվար թե այդ երեւույթից լավ բան դուրս գա։ - Հանքի շահագործման դեմ պայքարողները պնդում են, որ շահագործումը կլինի այս կառավարության վերջը։ Եթե հանքը շահագործվի, ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ - Ես, անկեղծ, չգիտեմ՝ հանքը կշահագործվի՞, թե՞ ոչ, նորից կրկնեմ, որ ցավոք այդքան կոմպետենտ չեմ, որ կարողանամ հետեւություններ անել պրոցեսների հնարավոր ելքի վերաբերյալ, բայց ուզում եմ ասել, որ մենք ինքնանպատակ իշխանություն չենք եւ մեր խնդիրը իշխանություն պահելը չէ, եթե մենք ինչ-որ մակարդակ հետո մի որոշում կընդունենք, որով Հայաստանի լավ ապագան կպայմանավորվի մեր հեռացումով, բնականաբար մենք ժամանակավոր ենք՝ հարատեւ Հայաստանի համեմատ։ Այս իշխանության վերջը կլինի․ այլ իշխանություն կգա, կշարունակի, այսինքն այդ երկու հանգամանքները համեմատելի չեն։ Մեր քաղաքական թիմը երբեք չի քննարկում հարցը այն կոնտեքստում, թե ոնց անենք, որ մեր իշխանությունը մնա։ Մենք քննարկում ենք՝ ոնց անենք, որ հարցը լուծվի, որ Հայաստանի հարատեւության կոնտեքստում հարցը երկարատեւ խնդիրներ չառաջացնի, այլ ընդհակառակը՝ լուծի ինչ-որ խնդիրներ եւ նոր զարգացումների հիմք դառնա։ - Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը ժամեր շարունակ փակ նիստ էր անցկացնում․ Ամուլսարի հարցը քննարկվե՞լ է։ - Այս հարցը երեկ չի քննարկվել, որովհետեւ պակաս կարեւորություն չունեցող հարց էր քննարկվում։ Երկու կարեւոր հարցերի քննարկումը անարդյունավետ կլիներ։  Infocom.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, որը, պատասխանելով վերը նշված հարցերին, ասաց, որ խմբակցության լռության պատճառը չի կարող քաղաքական պայմանավորվածությունը լինել։  «Ես ամբողջովին ինֆորմացված չեմ, քանի որ արձակուրդում եմ։ Ոստիկանությունը ուժ է գործադրել ճանապարհը բացելու համար, ճի՞շտ է։ Ես կարծում եմ, որ հիմա քաղաքական դիրքորոշում հայտնելու ժամանակը չէ, հիմա պետք է Շրջակա միջավայրի նախարարությունը ՇՄԱԳ-ի հետ կապված եզրակացություն տա, թե արդյոք նոր ՇՄԱԳ-ի որոշում պե՞տք է կայացվի կամ հին ՇՄԱԳ-ը համարվի ուժի մեջ»,- հավելեց պատգամավորը։  Ղալումյանն ընդգծեց, որ կառավարության քայլերը միանշանակ պետք է տեղավորվեն օրենքի շրջանակներում, եթե նոր ՇՄԱԳ-ի օրենսդրական հնարավորություն չլինի, կառաջանան նոր, ավելի դժվար խնդիրներ։ Անդրադառնալով հարցը հանրաքվեի միջոցով լուծելու տարբերակին՝ Ղալումյանը նշեց, որ, իր կարծիքով, հանրաքվե իրականացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ այս դեպքում պետք են մասնագիտական եզրակացություններ, վերջիններս պետք է որոշեն՝ Ամուլսարի շահագործումը բնապահպանական վտանգ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ։ «Եթե չեմ սխալվում՝ բնապահպանության տեսչությունը պետք է եզրակացություն տար, որպեսզի նոր ՇՄԱԳ-ի որոշում կայացվեր։ Էլարդի կատարած փորձաքննության մեջ էլ հակասություններ կան, քրեական գործ է հարուցվել։ Հանքի շահագործումը միանշանակ պետք է օրենսդրական հիմք ունենա, ՇՄԱԳ եզրակացությունով, օրենքով ամրագրված։ Եթե մեր կառավարությունը օրենքի գերակայության կողքին կանգնած է, չեմ կարծում, թե սա կարող է մեր վերջը լինել, կարծում եմ կլինի մեր շարունակությունը, քանի որ դա կլինի օրինական պրոցես։ Ե՛ւ հանքի շահագործումը, ե՛ւ չշահագործումը պետք է սահմանված լինեն օրենքով, հստակ եզրակացություններով։ Սա տրամադրություններից չպետք է կախված լինի, որ ես բնապահպան եմ՝ չեմ ուզում, կամ հակառակը՝ ուզում եմ շահագործվի, այստեղ միայն օրենքով սահմանված փաստարկներ են պետք։ Եթե եզրակացությունը հաստատվի, որ հանքի շահագործումը բնապահպանական ռիսկեր չի պարունակում, իմ կարծիքով, պետք է հանքը շահագործվի, եթե եզրակացությունը կլինի, որ դա պարունակում է բնապահպանական ռիսկեր, ապա մեր կառավարությունը այդ եզրակացությունը կպաշտպանի»,- եզրափակեց Ղալումյանը։ Ասպրամ Փարսադանյան
19:10 - 06 օգոստոսի, 2020
Տպավորություն է, որ պատասխանատու մարմինները դիտորդի կարգավիճակում հետեւում են, թե ով է հաղթելու այս մարաթոնում․ բնապահպան

Տպավորություն է, որ պատասխանատու մարմինները դիտորդի կարգավիճակում հետեւում են, թե ով է հաղթելու այս մարաթոնում․ բնապահպան

Վերջին մեկ ամսվա գործընթացները ցույց տվեցին, որ վերակազմավորման արդյունքում նոր ֆինանսական միջոցներ ձեռք բերած «Լիդիան» ընկերությունը, ամենայն հավանականությամբ, այդ միջոցների որոշակի մաս էլ տրամադրել է ինչ-որ գործողություններ անելու եւ ինչ-որ նպատակներ հետապնդելու համար։ Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, առցանց քննարկման ժամանակ  ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը։  Գալստյանի խոսքով՝ վերոգրյալը սկսվել է հունիսի 30-ին, երբ ընկերությունը նոր պահնորդական ծառայության հետ պայմանագիր էր կնքել, նրանք էլ, Գալստյանի խոսքով, վայրենի ձեւով ներխուժել էին տարածք, երեք շան ձագ սպանել իրենց մեքենաների անիվների տակ, զենքերով ու մահակներով ուժի ցուցադրություն արել․ «Որոշակի կոնֆլիկտներ ստեղծելու, դրա հետեւանքով պահապաններին ինչ-ինչ խնդիրների առաջ կանգնեցնելու համար պահնորդները անընդհատ գալիս էին, ճանապարհի եզրին կանգնում, անընդհատ կոնֆլիկտների մեջ էին մտնում։ Վերջին գործողությունն այն էր, որ գիշերով Ամուլսարի պահապանների տնակները ճանապարհի մյուս եզրին տեղափոխեցին, դրանց տեղերում էլ դրեցին իրենց տնակները։ Դա մարդկանց հունից հանեց, եւ երեկ, շատ մեծ քանակությամբ մոբիլիզացիա անելով, մարդիկ գնացին եւ 6-7 ժամ փակեցին այդ ճանապարհը։ Ըստ էության, պահապանները պահանջ դրեցին՝ կարճ ժամկետում տնակները հեռացնել, դրանք 20-30 մետր տանել հեռու․ սա կարճաժամկետ պահանջն էր։ Երկարաժամկետ պահանջն այն է, որ կառավարությունը դուրս գա այս թմրած, ոչ մի արձագանք չտալու վիճակից եւ արտահայտի իր կարծիքը։ Բնականաբար, ժողովրդի կարծիքը արդեն ակնհայտ է՝ ե՛ւ տեղացիների, ե՛ւ Հայաստանի քաղաքացիների, որ այս հանքը չպետք է շահագործվի»,- ընդգծեց բնապահպանը՝ շարունակելով, որ, կամ էլ կառավարությունը պետք է հայտարարի, որ գնում է հակառակ ճանապարհով, որպեսզի հասկանալի լինի, թե ժողովուրդը ինչ է անում։ Գալստյանի խոսքով՝ այս ամենի խորքային պատճառները գալիս են դեռեւս 2008-2009 թվականից, երբ Ջերմուկի բնակիչների իրավունքները խախտվել են, եւ նրանք չեն մասնակցել որոշումների կայացմանը, չեն տվել իրենց համաձայնությունը՝ իրենց քաղաքի՝ տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, բնապահպանական վիճակը փոխելու։ Նրա պնդմամբ՝ չտված համաձայնության պայմաններում այդ գործողությունների իրականացումը բերել է այս հանգրվանին։ Աշխարագրագետը հավելեց, որ այս իրավիճակը լուծում է պահանջում, պահանջում է ժողովրդավարական եւ քաղաքացիների իրավունքների պահպանությամբ լուծում։ Գնդեվազ համայնքի բնակիչ, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ներկայացրեց, թե երեկ ինչպիսի տրամադրություններ են եղել Գնդեվազում․ «Պետք է արձանագրենք, որ այսօր «մենք մերոնցով» ենք քննարկում խնդիրը, եւ պատասխանատու մարմիններից որեւէ մեկը չկա։ Երեկ տրամադրությունները Գնդեվազում բավականին բուռն էին, տեղացի կանայք եւ երեխաները, բոլորը հավքվել էին Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ եւ արժանապատվորեն դիմացան բոլոր վիրավորանքներին ու սադրանքներին։ Պահ կար, որ պահնորդական խմբի ներկայացուցիչները հայհոյանքներ ուղղեցին այդ հատվածում կանգնած բնակիչներին, սադրեցին, բայց բնակիչները սադրանքի չգնացին»,- ասաց Ենոքյանը։ Վերջինս պատմեց, որ դրանից հետո ոստիկանության ներկայացուցիչները մոտեցել են պահնորդական խմբի աշխատակիցներին եւ նրանց միջեւ հրմշտոց է տեղի ունեցել, հարվածներ են եղել՝ անգամ մարզի ոստիկանապետի եւ մի քանի այլ ոստիկանների նկատմամբ։ «Վայոց Ձորի նորանշանակ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որը այդ տարածքում է, ճիշտ է հերքում է, որ իրեն հարվածել են, բայց տեսնողներ են եղել, որ ոստիկանության աշխատակիցներին հարվածել են պահնորդական խմբի աշխատակիցները։ Մենք նկատել ենք, որ իրենք զինված են, երկաթյա շղթաներ ունեն․ իրենք այս սադրանքները մեկ ամիս է՝ իրականացվում են։ Պահնորդական խմբից երկու հոգու բերման են ենթարկել, կարգավիճակի մասին տեղեկություններ չունենք»,- մանրամասնեց բնապահպանը։ Խոսելով գնդեվազցիների տրամադրությունների մասին՝ նա նշեց, որ դրանք հստակ են․ բնակիչները ցանկություն չունեն այդտեղ հանք հանդուրժելու․ «Պետք է ասել, որ պահանջները մի քանիսն են, բայց ամենագլխավոր պահանջը, որը ես երեկ հնչեցրել եմ Շրջակա միջավայրի նախարարության առջեւ, ՇՄԱԳ փաստաթուղթն ուժը կորցրած ճանաչելն է։ Դրան եւ քաղաքացիների պահանջին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ անելիք չունի այդ գործում։ Մինչդեռ, մենք հասկանում ենք, որ այդ խնդրի լուծման բանալին գտնվում է նախարարության իրավասության ներքո։ Իրենք պարզապես շրջանցում են եւ ոստիկանության վրա են դնում ամբողջ բեռը, բայց այստեղ ոստիկանության դերը հասարակական կարգի պահպանումն է, իսկ գլոբալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ՇՄԱԳ փաստաթուղթը ուժը կորցրած ճանաչել»,- շեշտեց Ենոքյանը։ Վերջինս նաեւ նշեց, որ պատասխանատու մարմինների լռությունը կասկածներ է առաջացնում, որ նրանք համաձայն են հանքի շահագործմանը։ Բանախոսն այն կարծիքին է, որ կառավարությունից կամ գոնե Ազգային ժողովից պետք է լիներ մեկը, որը կցրեր այդ կասկածները․ «Իրավական բոլոր հիմնավորումները ներակայացված են ե՛ւ ԱԺ, ե՛ւ կառավարություն, ե՛ւ Շրջակա միջավայրի նախարարություն, այս առումով ամենաթողություն եւ անպատասխանատվություն է։ Տպավորություն է, որ կողք են քաշվել եւ դիտորդի կարգավիճակում հետեւում են, թե ով է հաղթելու այս մարաթոնում, մինչդեռ, մենք գործ ունենք զինված խմբի հետ, իսկ քաղաքացիները խաղաղ եղել են, խաղաղ են եւ չեն տրվելու սադրանքներին»,- եզրափակեց բնապահպանը։ Ասպրամ Փարսադանյան
17:27 - 05 օգոստոսի, 2020
«Լիդիան Արմենիան» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ. հայտարարություն

«Լիդիան Արմենիան» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ. հայտարարություն

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարությունում է տարածել, որում ասվում է. ««Լիդիան Արմենիան» խիստ մտահոգություն է հայտնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Երեկ «Լիդիանը» իր տարածքից հեռացրել է արդեն երկու տարի ապօրինի տեղադրված վագոն-տնակները: «Լիդիանի» տարածք ապօրինի ներխուժած խմբավորումը օգոստոսի 4-ին ողջ օրը սադրիչ հայտարարություններով հրահրում էր համայնքի բնակիչներին` սպառնալով «արյունահեղությամբ» ու կոչ անելով միանալ ապօրինությանը: Չնայած բոլոր ջանքերին, համայնքը հիմնականում անմասն մնաց ապօրինություն իրականացնող խմբավորման գործողություններից, և նրանց աջակցելու միացան մի քանի տասնյակ սադրիչ Երևանից: Հազարավոր մարդիկ այս համայնքներում արդեն երկու տարի սպասում են խնդրի օրինական կարգավորմանը: Զրկված օրինական աշխատանքից, հուսահատված մարդիկ ապրում են ապօրինություն իրականացնող խմբավորման մշտական սպառնալիքների ներքո` չստանալով իրենց իրավունքների օրինական պաշտպանություն պետությունից և իրավապահ մարմիններից: Երեկ ևս համայնքի ավելի քան 5 հազար բնակիչ ուղիղ եթերում հետևում էր, թե ինչպես է մի քանի տասնյակ սադրիչ` այդ թվում տարբեր պատեհապաշտներ` Երևանից, համայնքի անունից բանակցում այս ապօրինության հանդեպ հետևողական հանդուրժողականություն դրսևորող ոստիկանության հետ: «Լիդիան Արմենիան» պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը շարունակելու է լինել Հայաստանի այն բացառիկ ընկերություններից, որ որևէ պարագայում չի շեղվելու օրենքի տառից, որքան էլ դա դժվար լինի: Ընկերությունը չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ: Ընկերությունը շարունակելու է պայքարել իր օրիանական իրավունքները վերականգնելու համար, ի հեճուկս բոլոր այն ուժերի, որոնք փորձում են ապօրինի գործողություններով տապալել երկրի խոշորագույն և օրինակելի ներդրումը: «Լիդիան Արմենիան» հայտարարում է, որ չի դառնալու քաղաքական խաղաքարտ որևէ ուժի համար: Ողջ աշխարհը արդեն երկու տարի հետևում է այս աննախադեպ ապօրինությանը, որը խարան է թողել Հայաստանի հեղինակության վրա: «Լիդիան Արմենիան» կառավարությանը և ոստիկաությանը կոչ է անում վերականգնել օրենքը և կանգնել օրենքի երկամյա ոտնահարումից տուժած հազարավոր քաղաքացիների իրավունքների կողքին»:
13:04 - 05 օգոստոսի, 2020
Սեւանի ափին ապօրինի կառույցները պետք է ապամոնտաժվեն․ դրանց թիվն այս պահին մոտավորապես 3800 է |lragir.am|

Սեւանի ափին ապօրինի կառույցները պետք է ապամոնտաժվեն․ դրանց թիվն այս պահին մոտավորապես 3800 է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, Ամուլսարում իրավիճակը գնալով բարդանում է։ Շատերը նշում են, որ Ամուլսարը, որտեղ լուրջ զարգացումներ են տեղի ունենում, փորձաքար է Ձեզ համար: Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին այնտեղ տեղի ունեցած բողոքի ակցիաները, դրանք ի՞նչ ցույց տվեցին, և այս խնդիրն ինչպիսի լուծում է ունենալու: Ամուլսարի մասով ես մի քանի անգամ ասել եմ, որ գնահատականներ չեմ տալու, մինչև անձամբ փորձագիտական գնահատականներ չունենամ, մինչև մասնագետների հետ չխորհրդակցեմ: Հիմա առաջին հերթին ձեռնամուխ եմ եղել Սևանի, նրա ափերի հետ կապված խնդիրներին: Իսկ թե բնապահպաններն ու «Լիդիանի» ներկայացուցիչներն ինչ խնդիր են իրար մեջ լուծում, դա թող մյուս գերատեսչությունները, այդ թվում ոստիկանությունը հասկանա և կարգավորի այդ հարցը: Այսինքն՝ Դուք դեռ ուսումնասիրո՞ւմ եք խնդիրը: Այո, դրա համար ես չեմ ուզում հիմա գնահատականներով հանդես գալ: Ես ասել եմ, որ այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունը այս օրերի զարգացումներին միջամտելու ոչ մանդատ ունի, ոչ էլ ասելիք: Պարզ է, որ մեր ոլորտն է և ասելիք ունենալու եմ և ունեմ, բայց երեկվա զարգացումները, տնակներ տանել-բերելը շրջակա միջավայրի հետ ոչ մի կապ չունի: Երկու սուբյեկտների միջև խնդիր է ծագել, բողոքի ակցիաներ են ընթանում: Շրջակա միջավայրի նախարարությունն այդտեղ բովանդակային հարց ունի լուծելու, ոչ թե կոնկրետ երեկվա զարգացումների վերաբերյալ: Ես կրկնեմ, որ դեռ հարցը պետք է ուսումնասիրեմ, և իմ կարծիքը, բնականաբար, պետք է կառուցվի բացառապես փաստերի, փաստարկների, ինչպես նաև փորձագիտական շրջանակների հետ աշխատելուց հետո: Իսկ որքա՞ն ժամանակ կպահանջվի Ամուլսարի խնդիրն ուսումնասիրելու և դիրքորոշում արտահայտելու համար: Ժամկետ չեմ կարող ասել, բայց շատ չենք ուշացնի: Հատկանշական էր նախարարի պաշտոնում Սևանի խնդրի շուրջ Ձեր առաջին քայլը. Ինչո՞ւ սկսեցիք Սևանի ափին հենց ձեր թիմակցի կողմից շահագործվող ապօրինի կառույցի գործունեությունից՝ արգելելով այն: Քանի որ այդ հարցը հանրային մեծ հնչեղություն էր ստացել, և դա համընկավ իմ նշանակման հետ, բնականաբար, ես այդ դեպքով էլ անմիջապես սկսեցի զբաղվել: Իմ թիմակցի անվան հետ կապվում է, բայց առնվազն տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերն ու տվյալները դե յուրե ոչ մի աղերս չունեին իմ թիմակցի հետ, բացառությամբ այն դրվագի, որ վերջինս ասաց, որ ընկերական հարաբերություններ ունի և պարզապես այցելում է այնտեղ: Բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ով է տնօրինում այդ ափը, ով է տնտեսվարող և ով ինչ կապ ունի մեր թիմակցի, մեր պատգամավորի հետ, մենք այդ առումով որևէ անձով չենք պայմանավորում աընդունելի երևույթները: Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ափի տնտեսվարողը ափի տնօրինման իրավական կարգավիճակ չունի, և ապօրինի է թե տաղավարների, թե մնացած ժամանցի ենթակառուցվածքների տեղակայումն այդ ափին: Հետևաբար, ես կարգադրեցի «Սևան ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ամենասեղմ ժամկետներում կասեցնել դրա գործունեությունը և ապամոնտաժել տաղավարները: Տարօրինակ չէ՞, որ հեղափոխությունից հետո այսպիսի երևույթներ կան, հատկապես, եթե դրան թեկուզ անուղղակի առնչություն ունի ձեր թիմակիցը: Ինձ համար ոչ միայն տարօրինակ է, այլև շատ անընդունելի է, և իմ նախկին կարգավիճակում գործունեությունս նաև մեծապես միտված է եղել նոր Հայաստանում բացառելու նման երևույթները ոչ միայն նախկինից ժառանգած, այլև մեր իշխանության ընթացքում եղած նման փորձերը: Այդ պատճառով էլ Կոտայքի մարզում ունեցել ենք բավականին թեժ կետեր, թեժ զարգացումներ, տարբեր, այդ թվում օլիգարխիկ, կլանային շահեր հետապնդող շրջանակների թեժ դիմադրությանն ենք հանդիպել: Այժմ արդեն կարծես ավելի լայն մասշտաբի շրջափուլ է մտել դա: Այո, պետք է բոլոր նմանատիպ ապօրինի հողազավթումները կասեցնել, վերադարձնել նախկին տեսքին, ապա միայն ըստ նպատակահարմարության և բացառապես պետական շահից ելնելով, մրցույթների միջոցով, ամենաօբյեկտիվ ընթացակարգերով դրանք տրամադրել տնտեսվարողներին: Բոլոր ափերի հետ կապված նմանատիպ ուսումնասիրություններ արդեն արվո՞ւմ են: Այո, արդեն արվում են, և մոտ 300 այդպիսի ապօրինի գործող տնտեսվարող կա: Այս պահին «Սևան ազգային պարկի» տարածքում 970 պայմանագիր կա, և հաստատ դրանց շարքում կլինեն ապօրինի գործողներ, նմանատիպ դրվագներ ունենալու ենք: Շարունակությունը՝ lragir.am-ում
11:25 - 05 օգոստոսի, 2020
Ամուլսարում հավաքը կշարունակվի այսօր․կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը․ՀԲՃ

Ամուլսարում հավաքը կշարունակվի այսօր․կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը․ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ գիշեր Ամուլսարում հավաքը դադարեցվեց և կշարունակվի այսօր: Հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը: Ոստիկանությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի:Հանրության հիմնական պահանջն է՝1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։Կարճաժամկետ պահանջն է՝2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել:Այսօր մոբիլիզացիան շարունակվում է: Կոչ ենք անում մարդկանց միանալ պայքարին հնարավոր բոլոր ձևերով- գնալով Ամուլսար- Երևանում կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության դիմաց պիկետներ անելով- ֆեյսբուքում հանրային պաշտոնյաներին պատասխանատվության կանչելով- ոստիկանության ապօրինությունների ու բռնությունների համար պատասխանատվության ենթարկվելուն հետամուտ լինելով- տեղեկատվություն տարածելով- հնարավոր այլ ձևերով ինքնակազմակերպվելով»։
10:01 - 05 օգոստոսի, 2020
«Լիդիան Արմենիա»-ի հրավիրած պահնորդական ծառայության աշխատակիցների գործողություններով պայմանավորված գրություններ եմ ուղարկել ՀՀ Կառավարություն և ՀՀ ոստիկանություն․ Սոֆյա Հովսեփյան

«Լիդիան Արմենիա»-ի հրավիրած պահնորդական ծառայության աշխատակիցների գործողություններով պայմանավորված գրություններ եմ ուղարկել ՀՀ Կառավարություն և ՀՀ ոստիկանություն․ Սոֆյա Հովսեփյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» կազմակերպության կողմից հրավիրված պահնորդական ծառայություն իրականացնող կազմակերպության աշխատակիցների գործողություններով պայմանավորված գրություններ եմ ուղարկել ՀՀ Կառավարություն և ՀՀ ոստիկանություն»։     Ավելի վաղ նա գրել էր, որ տեղեկացել է Ջերմուկում տիրող իրավիճակից և թե որքան են «Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել բոլոր սահմանները` կռվի բռնվելով ոստիկանության հետ և հայհոյելով պայքարողներին։«Սա անթույլատրելի է և աններելի և պահանջում եմ նման ինքնակոչ պահնորդական կազմակերպություններին զրկել արտոնագրից, որոնք պարտավոր են լինել իրավապահ, բայց առաջինն են խախտում օրենքը։Գրությունը ժամերի ընթացքում կուղարկվի ոստիկանություն, պահանջով ` խիստ մոտեցում ցուցաբերեն նմանատիպ կազմակերպությունների անօրինական գործողությունների նկատմամբ։Հարգելիներս ամուր եղեք և ներողամիտ իմ բացակայության հանդեպ, քանզի բացակայությունս ոչ այլ ինչ է, քան հանգամանքներից բխող մեկուսացում(covid 19 չէ, դեռ դրան չեմ հասել)»։
09:23 - 05 օգոստոսի, 2020
Հանրային սեփականություն հանդիսացող տարածքից հենակետը տեղահանելու՝ «Լիդիան»-ի գործողության հարցով Ոստիկանությունն ուսումնասիրություն է իրականացնում

Հանրային սեփականություն հանդիսացող տարածքից հենակետը տեղահանելու՝ «Լիդիան»-ի գործողության հարցով Ոստիկանությունն ուսումնասիրություն է իրականացնում

ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնից Infocom-ի հետ զրույցում հաստատեցին՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս գիշեր հանել է Ամուլսարի շրջակայքում հանրային սեփականություն հանդիսացող տարածքում տեղադրված, բնակիչներին ու բնապահպաններին պատկանող հենակետը։ Ոստիկանությունից չմեկնաբանեցին, սակայն, մեր դիտարկումը, որ այդպիսով, փաստորեն, Ընկերությունը խախտել է Ջերմուկի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանի տրամադրած փաստաթղթի այն հիմունքը, ըստ որի՝ շարժական տնակները չեն գտնվում Ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում։  Այս հարցով ոստիկանության ձեռնարկած կամ ձեռնարկելիք միջոցառումների մասին մանրամասներ չհայտնեց նաեւ կառույցի լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ նշելով միայն, որ տեղում ուսումնասիրություններ են կատարվում։ «Լիդիան Արմենիա»-ից Infocom-ի հետ զրույցում մեկնաբանեցին, թե հանված շարժական տնակը գտնվել է ընկերության տարածում։ Մեր դիտարկմանը՝ ոստիկանության մայորի տրամադրած փաստաթղթում հակառակն է արձանագրված, ընկերության մամուլի ծառայությունից արձագանքեցին, որ սրա վերաբերյալ առանձին հաղորդագրությամբ հանդես կգան։  Նշենք, որ ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանը 2020 թվականի փետրվարին տրամադրել է փաստաթուղթ, որով հստակեցվել է, թե Ամուլսարի շրջակայքում ճանապարհի որ տարածքն է Ընկերությանը, որը՝ հանրային սեփականություն։ Ոստիկանությունը նաև տեղեկացրել են, որ ողջ գործընթացը տեսանկարահանվել է։ Ոստիկանության հսկողությամբ իրականացված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ շարժական տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաեւ այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հետեւապես` ներխուժում առկա չէ: Ընկերությունը չի մասնակցել նշագրումներին․ հղում անելով ղեկավարության թույլտվության բացակայությանը՝ հրաժարվել են մասնակցությունից։  Ավելի ուշ «Լիդիանը» տարածեց հաղորդագրություն՝ «Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը» գլխագրով՝ նշելով, թե «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել, իսկ Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը, ինչպես ասված է հաղորդագրության մեջ, եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։ ««Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից, ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրարկվեց։ Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։ Այս տարվա հուլիսին «Լիդիանը» ստացավ ևս մեկ փորձագիտական եզրակացություն, որ վագոն-տնակները գտնվում են «Լիդիանի» տարածքում։ Քանի որ ոստիկանությունը ընկերության դիմումին հերթական անգամ չարձագանքեց, «Լիդիանը» սեփական տարածքից ապօրինի գույքը հեռացրել է ինքնուրույն։ Ամուլսարում ապօրինություն իրականացնող խումբը, տեսնելով, որ չունեն համայնքի բնակիչների աջակցությունը, փորձում է բախումներ հրահրել` Երևանից հավաքվող սադրիչների խմբով արհեստական աղմուկ բարձրացնելով։ Կոչ ենք անում համայնքների բնակիչներին չտրվել սադրանքի և զերծ մնալ խուլիգանություն իրականացնող խմբի հետ բախումներից։ Կոչ ենք անում իրավապահ մարմիներին հետամուտ լինել այս տարածքում օրինականության վերակագնմանը և ապահովել քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է Ընկերության հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ Hetq.am-ի
11:50 - 04 օգոստոսի, 2020
Պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք․ ՀԲՃ

Պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Վերջին ամիսիներին Հայկական բնապահպանական ճակատը, Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչներն անընդհատ ահազանգում են, որ սնանկացած ու նոր տերերի անցած Լիդիան ընկերության վարձած նոր պահնորդական ընկերությունը, ինչպես նաև վարձկան կապալառու մեկ այլ ընկերություն բռնի գործողություններ են սադրում Ամուլսարի պահպանության կետերում։ Նախկինում գրել ենք վարձված նոր պահնորդական ընկերության՝ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի ստեղծած խնդիրների մասին․ հրազենով ու մահակներով զինված ներկայություն Ջերմուկի մայրուղուն, դաժանության ցուցադրություն՝ պահապանների շների ձագերին սպանելով, սպառնալիքներ, որ իրենք ամեն ինչ կանեն, որ Լիդիանը մտնի տարածք, բռնությունների սադրում, որոնց միջամտել է նաև տեղի ոստիկանությունը։ Դրանից բացի, պահնորդական ընկերության աշխատակիցները չեն կրել օրենքով պահանջվող տեղեկատվություն իրենց հագուստի վրա, ինչի կապակցությամբ 2020թ․ հուլիսի 17-ին դիմում ենք հղել լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը։ Օգոստոս ամսվա դրությամբ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն ակտիվորեն փորձում է համալրել իր աշխատակազմը։ Ընկերության ֆեյսբուքյան էջին հայտարարություն զետեղելուց բացի, «սպորտային կազմվածքով, բարձրահասակ, թիկնեղ, խելացի, լարված իրավիճակներին տիրապետող» մարդկանց աշխատանքի ընդունելու հայտարարություններ ընկերությունը տարածել է նաև list.am կայքում։ Մեզ հասել են տեղեկություններ, որ Ամուլսարի տարածքում ընկերության համար աշխատում են նախկին զինվորականներ, ինչը համադրելի է այնտեղ կամուֆլյաժային հագուստով ու զինված պահնորդների կեցվածքի հետ։ Ակնհայտ է, որ նոր տերեր ունեցող Լիդիան ընկերության ստրատեգիան բռնություններ հրահրելն է, որպեսզի այն արդարացնի ոստիկանության միջամտությունը։ Վերջինիս գործողությունները հանգիստ կարող են ուղղվել ընդդեմ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների, ովքեր ուղիղ երկու տարի իրենք կյանքն են դրել Ամուլսարն ու իրենց ընտրած միջավայրում ապրելու իրավոնքը պահպանելու համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում բռնությամբ որևէ հարց չի լուծվելու։ Առանց բռնության դիմելու, հենց խաղաղ պայքարի մեթոդներով են պայքարում Ջերմուկի ու Գնդեվազի, ինչպես նաև այս պայքարին միացած Հայաստանի այլ բնակավայրերի գիտակից ու պատասխանատու բնակիչները՝ իրականացնելով իրենց խաղաղ անհնազանդությունը մի աղետալի հանքարդյունաբերական ծրագրի դեմ, որն իրենց ու ապագա սերունդներին է պարտադրվել կոռումպացված նախկին իշխանությունների թեթև ձեռքով։ Միլիտարիստական կեցվածքով, սպառնալիքներով ու սադրանքներով ակտիվացված Լիդիանի գործողությունները հուշում են, որ այս մասնավոր ընկերությունը կարող է փորձել բռնությունների գնով պարտադրել իր ապօրինի, մահաբեր, սպեկուլյացիաներով լեցուն ծրագիրը։ Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, պաշտոնյաներին, լրատվամիջոցներին կանխել հնարավոր բռնություններն Ամուլսարի տարածքում՝ թույլ չտալով, որ մասնավոր որևէ ընկերություն, լինի պահնորդական, շինարարական, հանքարդյունաբերական ընկերություն, թե պարզապես խմբավորում, կարողանա որևէ բռնի գործողություն կատարել Ամուլսարում, ավելին՝ ձեռք, մահակ կամ զենք բարձրացնի մեծագույն զոհողության գնով Հայաստանի ու տարածաշրջանի էկոլոգիական, սոցիալական ու տնտեսական հարց լուծող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների վրա։ Ամուլսարի պահպանության պայքարը եղել ու մնալու է խաղաղ դիմադրություն, և կոչ ենք անում հետևյալ գործողություններով դեմ կանգնել Ամուլսարի տարածք բռնություններ մտցնելուն․ Հրաժարվել համագործակցել «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի, «Էկոբիլդինգ» ընկերության, Լիդիանի ու նրա կապալառուների հետ առհասարակ, այսինքն՝ չաշխատել այդ ընկերություններում, չմատուցել դրանց որևէ տեսակի ծառայություն։ Սա քաղաքացիական անհնազանդությանը բնորոշ խաղաղ պայքարի մեթոդներից մեկն է։ Նույնիսկ եթե առաջարկվող վարձը բարձր թվա, մի՛ գայթակղվեք փողին, մի՛ աշխատեք մի տեղ, որտեղ Հայաստանի պայքարող քաղաքացիների նկատմամբ ձեռք են բարձրացնում ու վտանգում են երկրի ապագան։ Ֆիզիկապես ներկա գտնվել Ամուլսարի պահպանության կետերում և Ջերմուկում, բարոյապես ու նյութապես աջակցել տեղի բնակիչներին։ Փաստագրել վերը թվարկված ընկերությունների ոտնձգություններն Ամուլսարի պահապանների նկատմամբ։ Բոյկոտել Լիդիանի պատվիրած լրատվական նյութերը պրոպագանդող լրատվամիջոցները։ Մինչ այդ, Ջերմուկի ու Գնդեվազի անձնազոհ բնակիչներին կոչ ենք անում շարունակել մնալ խաղաղ, նրանց նկատմամբ բռունցք, մահակ կամ զենք բարձրացնողները վաղուց պարտված են։ Լիդիան ընկերությունը կարող է Ամուլսարի տարածքից հեռացնել իր վերջին գույքը, վերականգնել ավերած լանդշաֆտն ու մեկընդմիշտ հեռանալ այդ տարածքից։ Որևէ այլ նպատակով այդ ընկերության ներկայությունն Ամուլսարում չի թույլատրվելու»։
15:43 - 03 օգոստոսի, 2020
«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կրկին Կառավարության շենքի դիմաց են. եկել են ստորագրություններով |armtimes.com|

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կրկին Կառավարության շենքի դիմաց են. եկել են ստորագրություններով |armtimes.com|

armtimes.com: «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք ստոագրահավաք էին իրականացրել, կառավարության շենքի մոտ են եկել 1200 ստորագրություններով: Ցուցարարները նշում են, որ մոտ 2000 մարդ արդեն երկու տարի է՝ մնացել են առանց աշխատանքի, իսկ իշխանությունները խնդրի լուծումն անընդհատ հետաձգում են ու ժամանակ սպանում: «Մենք այստեղ միտինգավոր չենք, ուղղակի ժողովուրդ ենք, որ առանց հաց ենք մնացել: Չենք եկել ինչ-որ մեկի դեմ բաներ խոսելու, մենք ընդամենը ուզում ենք աշխատել: Կառավարությունում էլ այդ մասին շատ լավ գիտեն: 2000 հոգի անգործ է մնացել, նրանց ընտանիքները սովից կոտորվում են: Այս տարի տուրիզմ չկա, բերք չկա՝ կարկուտն է վնասել, մարդիկ ապրելու միջոց չունեն»,- ասաց հավաքվածներից մեկը: Նրանք նշեցին, որ որոշել են հարցը իրավական ճանապարհով կարգավորել, քանի որ այլընտրանք չեն տեսնում. «Երկու տարի լուռ սպասել ենք, բայց 2000 հոգու ընտանիքները սովից կոտորվում են: Եկել ենք ընդամենը մեր կոչը կարդանք, ոստիկանն ասում է՝ ռուպրով խոսել չի կարելի: Մենք մեր վարչապետին շատ հարգում ենք, ոչ ոքի դեմ ոչինչ չունենք, երկու տարի է սպասում ենք, բայց ինչքա՞ն կարելի է: 500 միլիոն գումար ենք ներդրել, աշխատատեղ ենք ստեղծել, չեն ուզում մեզ հասկանալ, լսել»: Նրանք բողոքում են, որ ուր գնում են, իրենց հորդորում են սպասել, մեկ ամիս սպասում են, ասում են երկուս էլ սպասեք, ու այդպես շարունակ. «Մենք չենք ուզում վաղը կամ մյուս օրը այս հարցին լուծում տրվի, ոչ՝ հենց այսօր: Հոգնել ենք, հենց այսօր ենք ուզում հարցին լուծում տրվի: Եթե ուզում են հանքը փակել, թող վարչապետը դուրս գա հայտարարի, հիմնավորի, թե այս ինչ օրենքի, այս ինչ կետի համաձայն չի թույլատրվում աշխատել, իմանանք, հասկանանք մեր հետագա անելիքը: Իսկ այսօր մարդիկ չեն աշխատում եւ չգիտեն, թե ինչու»: Ավելին՝ armtimes.com-ում
13:01 - 30 հուլիսի, 2020
«Լիդիան»-ի նմանօրինակ վարքի հանդեպ կառավարության ցուցաբերած չեզոքությունը մեր կողմից դիտարկվելու է որպես միտումնավոր անգործություն․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն

«Լիդիան»-ի նմանօրինակ վարքի հանդեպ կառավարության ցուցաբերած չեզոքությունը մեր կողմից դիտարկվելու է որպես միտումնավոր անգործություն․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես պահանջ է դրվում ուժը կորցրած ճանաչել «Լիդիան»-ի կողմից ներկայացված ՇՄԱԳ փաստաթուղթը՝ հենվելով Էլարդ միջազգային փորձագիտական կազմակերպության և այլ՝ ազգությամբ հայ մասնագետների ու կազմակերպությունների բացահայտած թերությունների վրա։ Հայտարարությունը՝ ստորև․ «Հաշվի առնելով Ամուլսարի խնդրի շուրջ վերջին շաբաթներում տեղի ունեցող իրադարձությունները՝ -Լիդիան Արմենիա կազմակերպության պահնորդային խմբի փոփոխությունը, որը զուգորդվեց դիրքապահ շան ձագերի դիտավորյալ և դաժան սպանությամբ,-Առանց պայմանավորվածության դիրքերից տեխնիկա ներս մտցնելու փորձերը և դրանց հաջորդող իրարանցումները,-Առանց պայմանավորվածության պարբերական բնույթ կրող անհասկանալի մարդկանց տարածք մուտք գործելը, - Երեկ՝ 27․07․20 երեկոյան ժամին տեղի ունեցած իրադարձությունները, զուգորդված տարածքային ոստիկանության միջամտությամբ և դիրքապահ տղաների ձերբակալությամբ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թվարկված իրադարձությունները սադրել է հանքը շահագործել ցանկացող կազմակերպությունը` համավարակի հետևանքով սահմանված արտակարգ իրավիճակի ընթացքում և հատկապես, երբ հայ-ադրբեջանական սահմանում տիրել է պատերազմական իրավիճակ, շեշտելով նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում բացահայտվել են 5 տասնյակից ավել ազգությամբ թուրք բաժնետերեր, պահանջում ենք ՀՀ կառավորությունից հետևյալը՝ 1․ Ուժը կորցրած ճանաչել կազմակերպության կողմից ներկայացված ՇՄԱԳ փաստաթուղթը՝ հենվելով Էլարդ միջազգային փորձագիտական կազմակերպության և այլ՝ ազգությամբ հայ մասնագետների ու կազմակերպությունների բացահայտած թերությունների վրա։ 2․ Խիստ մոտեցում ցուցաբերել Լիդիան Արմենիա կազմակերպության գործունեությանը, հետևողական լինել նրա կողմից կազմակերպված սադրանքների բացահայտմանը և պատժել օրենքի ողջ խստությամբ։ Լիդիան կազմակերպության նմանօրինակ վարքի հանդեպ կառավարության ցուցաբերած չեզոքությունը մեր կողմից դիտարկվելու է որպես միտումնավոր անգործություն, ինչն առիթ է դառնալու հանրային մեծ ըմբոստության։ Հրապարակելով այս պահանջը, նախաձեռնությունը ակնկալում է կառավարության արագ արձագանքը գործողությունների տեսքով»։
21:40 - 28 հուլիսի, 2020
Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք․ ՀԲՃ

Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։   «Վերջին շրջանում Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունները կարիք ունեն պարզաբանման, որը ներկայացնում ենք կետերով։ Լիդիան ընկերության և նրա որդեգրած նոր ռազմավարության մասին   Լիդիանն այլևս բրիտանական օֆշորային Ջերսիի ընկերություն չէ, այլ կանադական։ Կանադայում և Ջերսիում ամիսներ տևած իրավական գործընթացներից ու պարտատերերի հետ ունեցած վեճերից հետո Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությանը հաջողվեց վերակազմավորվել, որի արդյունքում ընկերությունն անցավ իր երեք գլխավոր պարտատերերին և 2018թ-ի օգոստոսին Կանադայում գրանցված Lydian Canada Ventures Corporation ընկերության միջոցով ձուլվեց SL Newco ընկերությանը և հիմա Restructured Lydian է կոչվում։ Հայաստանյան դուստր ընկերությունը շարունակում է մնալ Լիդիան Արմենիան և պատկանում է Restructured Lydian-ին։ Լիդիանը շարունակում է պարտք մնալ շվեդական SEK ֆոնդին և Caterpillar Financial Services UK ընկերությանը, Ամերիա բանկին և արժետոմսեր ունեցող բազմաթիվ նախկին բաժնետերերի, այդ թվում՝ Թուրքիայից։ Ընկերության նոր տերերը ներդրումային ֆոնդեր են և ունեն ներդնելիք գումար, սակայն գումարի ներդրումն իմաստ կունենա հետևյալ դեպքերում՝ ա. եթե հնարավոր լինի հանքն աշխատեցնել, բ. եթե հնարավոր լինի վաճառել ծրագիրը այլ ընկերությունների, գ. եթե հնարավոր լինի, օրինակ, արբիտրաժի միջոցով գումար պոկել (օֆշորային գրանցման պատճառով 2018-2019 թվականներին Լիդիանի համար արբիտրաժ մտնելն անհեռանկարային էր)։ Այս բոլոր հանգամանքները հնարավոր կդառնան միայն մի դեպքում՝ եթե Լիդիանը մուտք ունենա Ամուլսարի տարածք և կարողանա համոզել, որ այնտեղ հնարավոր է աշխատել:   Չնայած բազմատեսակ հետազոտություններին, 2018թ․ Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքներին ու ակտերին, ԷԼԱՐԴ-ի բացահայտումներին՝ Հայաստանի նոր կառավարությունը 2018թ-ից ի վեր չիրականացրեց արդարության վերականգնում և չչեղարկեց այս ընկերությանը նախորդ մերժված կառավարության տված թույլտվությունները։ Հիշեցնենք, որ թույլտվությունները տրվել էին Ջերմուկ քաղաքի բնակիչների կամքին հակառակ, օտարերկրյա ճնշումների ներքո՝ հակասելով Հայաստանի ներքին օրենսդրությանը։  Այդուհանդերձ արդեն երկու տարի Ամուլսարի տարածքում ձգվող համառ պայքարը ամենակարևոր գործոնն է, որն այսօր խանգարում է Լիդիանի պլաններին։ Ամուլսարի ու Հայաստանի ջրային պաշարների պաշտպանության շուրջ կա մեծ հանրային մոբիլիզացիա Հայաստանում և Հայաստանից դուրս։ 2019թ-ի հանրային կարծիքի հարցման համաձայն Հայաստանի բնակիչների 74 տոկոսը դեմ է Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծին (CRRC, Կովկասյան Բարոմետր 2019): Ուստի Լիդիանի ու նրա տերերի հիմնական առաջադրանքներն են՝   ա. հանրային կարծիքը փոխել իրենց օգտին, բ. վերացնել դիմադրության գլխավոր օջախը Ջերմուկ համայնքում, գ. վերը նշված երկու առաջադրանքների շնորհիվ հնարավորություններ ստեղծել ներդրումային արբիտրաժի միջոցով գումար աշխատելու համար: Վերը նշված առաջադրանքներն իրագործելու քայլերից մի քանիսը հետևյալն են։ Սադրել բռնի գործողություններ Ջերմուկ և Գնդեվազ համայնքների դեմ։ 2020 հունիսին Լիդիանը փոխում է Ամուլսարի պահնորդական ծառայությունը: Նոր ընկերության անունն է «Հատուկ անվտանգության ծառայություն», որը հիմնադրվել է 2017թ-ին։ Լուրեր կան, որ այս ընկերությունում ներգրավված են նախկին զինվորականներ և արևելյան մարտարվեստներով զբաղված մարդիկ, որոնց տրված է հստակ առաջադրանք՝ բացել շրջափակված ճանապարհները։ Նրանք Ամուլսար ժամանեցին չափազանց ագրեսիվ կեցվածքով՝ վրաերթի ենթարկելով Ամուլսարի դիմադրական կետերում ապրող շան 3 ձագերին, զինվորական համազգեստով, հրազենով ու մահակներով շրջապատելով Ջերմուկ տանող հիմնական ավտոճանապարհը, իրենց վրա չունենալով օրենքով պահանջված՝ ընկերության անվանումն ու անհատ պահնորդների անունները: Մի քանի օր շարունակ նրանք սադրանքների էին գնում, խախտում տեղացիների հետ համաձայնությունները, լարված վիճակ ստեղծում: Այս տակտիկայի նպատակը տեղացիներին բռնությունների մեջ ներքաշելն է, որպեսզի հիմնավորվի ոստիկանության միջամտությունը։ Ստեղծել Ամուլսարում աշխատանքներ անելու պատրանք։ Նոր պահնորդական ընկերության հրահրած գործողություններին անմիջապես հետևեցին Վայքում գրանցված «Էկո Բիլդինգ» ընկերության գործողությունները։ «Էկո Բիլդինգը» պայմանագիր ունի Լիդիանի հետ և իբր՝ վերանորոգման աշխատանքներ պիտի անի Ամուլսարի տարածքում: Ընկերության հիմնադիրները կապված են Արամ Սարգսյանի հետ, 2018թ-ին վերջինիս գլխավորած նախընտրական «Մենք» դաշինքի անդամներ են: Ընկերության աշխատողներն իրենց բռնի են պահում, մի քանի օր առաջ տարածված տեսանյութից իմանում ենք, որ մահակներով, էլեկտրաշոկերով և այլ միջոցներով ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից որոշներին: Երեք օր առաջ այս ընկերության 6 աշխատողներ Սարավան գյուղի կողմից մտել են Ամուլսարի տարածք և դուրս չեն գալիս: Հուլիսի 27-ին Ջերմուկի բնակիչները հավաքվել էին Ամուլսար տանող ճանապարհների մոտ՝ կոչ անելով, որպեսզի նրանք դուրս գան այնտեղից։ Ոստիկանությունը բերման երթարկեց տասից ավելի մարդկանց, «Էկո Բիլդինգի» աշխատողների շարունակեցին մնալ Ամուլսարի տարածքում: Իրականացնել տեղեկատվական գրոհ։ Լիդիանին ծառայող լրատվամիջոցները, որոնց ցանկն, ի դեպ, համընկնում է ռոբասերժական լրատվամիջոցների հետ, նորից ակտիվացել են։ Թե՛ լրատվամիջոցերի, թե՛ ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով ընկերությունը տարածում է զրպարտող տեղեկություններ Ամուլսարի պահապանների մասին։ Օրինակ, «հիմնավոր կասկածներ» բառակակապցության տակ տպավորություն են ստեղծում, թե իրենց տարածքից գողություն է արվել՝ բարդելով պատասխանատվությունը Ամուլսարի պահապանների վրա։ Այնինչ այս ամբողջ ընթացքում տարածքը գտնվել է Լիդիանի պահնորդական ծառայությունների, տեսանկարահանող սարքերի մշտական հսկողության ներքո։ Այս տակտիկան ուղղված է ինչպես հայաստանյան լսարանին, որպեսզի հանրային կարծիք ձևավորեն, այլև հնարավոր է՝ պարտատերերին, որպեսզի իրենց գույքի հետ կապված սպեկուլյատիվ ինֆորմացիա դուրս թողնեն։ Ընկերությունն ու իրեն սպասարկող ֆեյք օգտատերերը տեղական և միջազգային հարթակներում շարունակում են ստեր տարածել, թե իբր Ամուլսարի պայքարը ֆինանսավորվում է ինչ-որ կոնկրետ տեղից։ Տեղեկատվական դաշտում ընկերությունը փորձում է ատելություն քարոզել Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող բնապահպանների, տեղացիների նկատմամբ: Ոչ միայն Լիդիանին սպասարկող ֆեյք օգտատերերն ու էջերը, այլ նույնիսկ Լիդիանի փաստաբանն է շարունակում Ամուլսարի համար պայքարողներին ներկայացնել իբրև Հայաստանի պետական շահերի դեմ գործողներ, որոնք ի թիվս այլ բաների նաև վնասում են Հայաստանի բանակին, մանավանդ՝ հայ-ադրբեջանական զինված կոնֆլիկտի վերջին սրացման օրերին։ Քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Լիդիանն ակտիվորեն աշխատում է քաղաքական ուժերի հետ, որպեսզի վերջինները սատարեն Ամուլսարը հանք դարձնելու ծրագրին։ Ըստ մեր տեղեկությունների, Լիդիանը փորձում է գործարքների գնալ մերժված կուսակցությունների և նրանց կողքին հայտնված նորահայտ քաղաքական ուժերի հետ, որոնք ակտիվորեն աշխատում են ընդդեմ ներկայիս կառավարության։ Ակնհայտ է, որ Ամուլսարում երբևէ հանքարդյունաբերական ծրագիր չի իրականացվելու, սա երաշխավորում են տեղի բնակիչները և Հայաստանի գիտակից քաղաքացիները։ Սակայն Հայաստանին իրավական ծուղակները գցելու միջոցով ընկերությունն ու նրա նոր տերերը կարող են նոր իրավիճակից ելնելով մտնել ներդրումային արբիտրաժ և գումարներ կորզել Հայաստանից։ Լիդիանի նոր գրանցումը այդ նոր իրավիճակի գործոններից մեկն է։ Որևէ կերպ չպետք է թույլ տալ մյուս գործոնի իրականություն դառնալը՝ Ամուլսարում աշխատելու պատրանք ստեղծելը։ Նույնիսկ եթե Լիդիանը ֆիկտիվ գործունեություն ծավալի, ու դրանից հետո կառավարությունը որոշի Լիդիանի գործունեությունը դադարեցնել, ապա դա Լիդիանին առիթ է տալու մտնել արբիտրաժ ընդդեմ Հայաստանի և նրա քաղաքացիների։ Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք»։
17:41 - 28 հուլիսի, 2020
Ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը

Ինչո՞ւ է աղմկում Արամ Սարգսյանը

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել Արամ Սարգսյանի Ամուլսարի վերաբերյալ գրառման հետ կապված։ «Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար սադրիչ գործողություններ են անում խմբավորումներ, որոնք ներկայանում են իբրև Լիդիան Արմենիա ընկերության կապալառուներ, որոնք պայմանագրով հանձն են առել ինչ-որ աշխատանքներ կատարել Ամուլսարի տարածքում։ Կամուֆլյաժային արտահագուստով ու զենքով պահնորդական ծառայություն իրականացնող չնույնականացված ընկերությունն էլ իր հերթին է սրում իրավիճակը Ամուլսարի տարածք տանող ճանապարհին (տեսեք այստեղ՝ https://bit.ly/3jkW62H)։ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը պարբերաբար նախազգուշացումներ է հնչեցնում, որ Ամուլսարի շուրջ հանքահենային հիմնական տակտիկան բռնի գործողություններ սադրելն է՝ ներքաշելով Ամուլսարի պահապաններին և դրանով հիմնավորելով ոստիկանական միջամտությունը։ Այս տակտիկան սնանկացած և նոր տերեր ունեցող ընկերությունն իրագործում է կապալառու խմբավորումների ու ընկերությունների միջոցով։ Այս լարումների ֆոնին ակտիվացել է Լիդիան Արմենիայի գովազդային բաժինը, որը վերջին օրերին վճարովի ռեպորտաժներ է պատվիրել հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների։ Գովազդային այս գրոհին միացել է նաև քաղաքական պատմության մեջ վաղուց մոռացության մատնված Արամ Սարգսյանը, որը վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում Ամուլսարի պայքարի, բնապահպանների, ջերմուկցի պահապանների մասին զազրախոսություններ ու ստեր է գրում։ Այս համընկնումները պատահական չեն։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում սադրիչ գործողություններ իրականացնող խմբավորման մասին մեր հավաքած տեղեկությունների ու Արամ Սարգսյանի բարձրացրած աղմուկի համընկնումների վրա։ Այսպես, հարձակվողական տակտիկայով դեպի Ամուլսար ներխուժող խմբավորման ներկայացուցիչները ներկայացել են իբրև «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատողներ։ Ըստ իրենց հավաստումների, «Էկո Բիլդինգ» ընկերությունը պայմանագիր ունի Լիդիան Արմենիայի հետ, որպեսզի Ամուլսարի տարածքում ինչ-ինչ վերանորոգման աշխատանքներ կատարի, և նրանք պարբերաբար ներխուժման փորձեր են անում այդ պայմանագիրը կատարելու նպատակով։ Ընկերության հիմնադիրներից է Վայքի բնակիչ Արամ Կառլենի Մինասյանը, իսկ տնօրենը նրա որդին է՝ Կառլեն Արամի Մինասյանը: Իսկ ահա, թե ինչու է աղմկում Արամ Սարգսյանը, պարզ է դառնում նրա քաղաքական դաշինքի կազմն ուսումնասիրելով։ 2018թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Էկո Բիլդինգ»-ի տնօրեն Կառլեն Մինասյանը ներառված էր «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում, որը գլխավորում էր Արամ Սարգսյանը: Կառլեն (Կարեն) Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում վերջին օրերին ակտիվորեն տարածում է Արամ Սարգսյանի՝ Ամուլսարի դիմադրական պայքարը վարկաբեկող հարցազրույցներն ու գրառումները: Կան նաև լուրեր, որ բացի Լիդիանի կապալառուների հետ այս քաղաքական կապերից, Արամ Սարգսյանին հետաքրքրում է նաև հանքի շահագործումը՝ որպես կիր մատակարարելու բիզնես հնարավորություն։ Ամուլսարի պայքարի ներկա փուլում շատ կարևոր ենք համարում հասկանալ Լիդիանի նոր տերերի ստրատեգիան և չդառնալ դրա մի մասը: Նրանք իրենց անունից գործողություններ չեն ձեռնարկում, սակայն փոխարենը ֆինանսապես շահագրգռում են տեղական ընկերությունների, նրանց «աշխատանքի պատվեր տալիս» Ամուլսարի տարածքում, որպեսզի վերջիններս հանուն իրենց շահույթի ամեն կերպ փորձեն աշխատանքներ սկսել Ամուլսարում: Մինչդեռ ինչպես հայտնի է, այս ծրագիրը կանխվել է Ջերմուկ համայնքի բնակիչների և բազմաթիվ այլ ակտիվ ու գիտակից մարդկանց ջանքերով, իսկ քանի դեռ ծրագիրը վերջնականորեն չի դադարեցվել ՀՀ կառավարության կողմից՝ դեպը լեռը տանող ճանապարհների մոտ շարունակում են հերթապահել Ամուլսարի պահապանները: Ուստի Ամուլսարում գումար վաստակելու նպատակ ունեցող տեղական ընկերություններն անխուսափելիորեն դիմադրության են հանդիպելու: Լիդիանի վերակազմակերպման արդյունքում նրա նոր տերերը դարձած ներդրումային ընկերությունները տեղի համայնքների բնակիչներին միմյանց դեմ դուրս բերելով նպատակ ունեն մի կողմից բախումներ հրահրել, բռնության սցենարներ սադրել և այդ ճանապարհով չեզոքացնել Ամուլսարի պահապաններից որոշներին ու խաթարել շարժման նկատմամբ հանրային համակրանքը, մյուս կողմից՝ աշխատանքի իմիտացիա ստեղծել Ամուլսարի տարածքում, ինչը նրանց իրավական գործիքներ կտա ներդրումային արբիտրաժի միջոցով Հայաստանից գումարներ կորզելու համար և մասամբ կհանդարտեցնի Լիդիանի դեմ ֆինանսական ու գույքային պահանջներ ներկայացնող պարտատերերին:Քանի դեռ Ամուլսարում դիմադրական պայքարի շնորհիվ ճանապարհները փակ են, արբիտրաժ մտնելու հնարավորություն Լիդիանի այս նոր տերերն ու ընկերությունները չունեն։ Կրկին շեշտում ենք, որ կարևոր է հասկանալ այս ստրատեգիան և չդառնալ այս բեմադրված սցենարի մասը: Իսկ Արամ Սարգսյանին կոչ ենք անում այլ բիզնես հնարավորություններ փնտրել։   «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն»
15:59 - 22 հուլիսի, 2020