Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետն է։

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։

2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը։

2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ) աշխատել է որպես ուսումնական նախագծի ղեկավար, 2006-2007թթ.- աշխատել է «Հայր եւ Որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում, 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում, 2015-2016թթ. եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018թթ․ տնօրինել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ -ն։ 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ: 2009-2013թթ. եղել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար:  

2018թ. հունիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 30-ը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ։ 

2020-2021թթ. աշխատել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար։
2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Ռոմանոս Պետրոսյանը Ջոն Քերիի գլխավորած կլոր սեղանի ժամանակ բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի մասին

Ռոմանոս Պետրոսյանը Ջոն Քերիի գլխավորած կլոր սեղանի ժամանակ բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսիայի մասին

ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ հանձնակատար Ջոն Քերիի անձնական հրավերով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է այսօր կայացած նախարարական կլոր սեղանին։ Միջոցառումը նախորդում էր ապրիլի 22-ին կայանալիք առաջնորդների համաշխարհային գագթնաժողովին, որը նախաձեռնվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից, ի նշան ԱՄՆ նոր վարչակազմի պատրաստակամությանը՝ միանալու կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարին։  Նախարարությունը տեղեկացնում է, որ կլոր սեղանին մասնակցում էին շուրջ 60 երկրի նախարարներ։ Հայաստանի ընտրությունը որպես  մասնակից երկիր, պայմանավորված է կլիմայական բանակցություններում ունեցած նշանակալի ավանդով և երկրի կողմից նախաձեռնված ակտիվ գործողություններով՝ ուղղված կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և մեղմմանը։   Նախարար Պետրոսյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և  նշել մեր երկրի համար մեծ  պատիվ է հանդես գալու նման բարձր մակարդակի նախարարական կլոր սեղանին։ Նախարարն իր խոսքում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմի կողմից սահմանված հավակնոտ նպատակները և նախաձեռնված համարձակ քայլերը թույլ կտան գլոբալ մակարդակով կանխել կլիմայական ճգնաժամը։ Հայաստանում խնդիրն առավել արդիական է, քանի որ մենք համարվում ենք կլիմայի փոփոխության նկատմամբ  4-րդ առավել խոցելի երկիրը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ արդեն իսկ արձանագրելով 1.3°C ջերմաստիճանի բարձրցում և տեղումների կրճատում 9%-ով։ Նախարարը բարձր մակարդակի այս հարթակը օգտագործել է նաև ևս մեկ անգամ բարձրաձայնելու 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների մասին։ «Covid-19 համավարակով պայմանավորված ճգնաժամը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները զգալիորեն անդրադարձել են Հայաստանի կողմից իր կլիմայական պարտավորությունների իրականացման վրա։  Ադրբեջանական զինուժի կողմից կիրառված սպիտակ ֆոսֆոր պարունակող թերմիտային նյութերով լայնածավալ գրոհները անդառնալի վնաս են հասցրել շրջակա միջավայրին և էկոհամակարգին տարածաշրջանային մակարդակով՝ անտառային հրդեհներից, մինչև մթնոլորտի, հողերի և ջրային համակարգերի կայուն աղտոտում։  Նույնիսկ երկրի համար այս դժվարին ժամանակահատվածում, Հայաստանը ընդարձակ համագործակցություն է ծավալում՝ գլոբալ օրակարագում ներգրավվելու, ինչպես նաև հասարակությանը կլիմայական թիրախների շուրջ համախմբելու նպատակով։ Այդ մոտեցումը ենթադրում է ոչ միայն կլիմայական հավակնոտ նպատակների հռչակում, այլև տնտեսական զարգացման մոդելների վերաիմաստավորում՝ խթանելով անցումը առավել կայուն, ցածրածխածնային տնտեսության՝ կլիմայական աղետալի հետագծից խուսափելու նպատակով։ Վերջինս հստակ ձևակերպված է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDC) 2020թ․ լրամշակված տարբերակում։ Ցածր ածխածնային անցումն ընկած է Հայաստանի էներգետիկ անկախության, էներգետիկ անվտանգության և կանաչ աճի հիմքում և մեր տեսլականը միտված է էկոհամակարգային մոտեցման, անտառվերականգնման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման վրա հիմնված հարմարվողականության ռազմավարությանը։ Որպես զարգացող և դեպի ծով ելք չունեցող երկիր Հայաստանը բարձր է գնահատում միջազգային օժանդակության անհրաժեշտությունը կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման նպատակով։   Այդ աջակցությունն իր նշանակալի ներդրումն ունի մեր երկրի կլիմայակայուն զարգացման տեսանկյունից՝ 2030 կայուն զարգացման օրակարգին համահունչ և ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով»,-նշել է նախարարը։
19:50 - 21 ապրիլի, 2021
Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության հեռանկարները

Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության հեռանկարները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․Գրիգորյանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա իր ջերմ ողջույնն է փոխանցել Ղազախստանի իր գործընկեր՝ Էկոլոգիայի, գեոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար պարոն Միրզագալիևին։ Նախարարը խոստացել է դիտարկել պարոն Միրզագալիևի կողմից առաջարկների վերաբերյալ նամակը, քննարկել բարձրաձայնված հարցերն ու առաջարկները և համապատասխան ընթացք տալ դրանց։ Ղազախական կողմը ԱԳՆ-ին ներկայացրել է Հայտագիր՝ դիմելով հայկական կողմին խնդրանքով տրամադրել տեղեկատվություն առաջին կատեգորիայի ձեռնարկությունների համար առկա լավագույն հասանելի տեխնիկայի և տեխնոլոգիաների (ԼՀՏ) վերաբերյալ (տեխնոլոգիաների շտեմարանի ձևավորում, տնտեսական արդյունավետության գնահատում, քիմիական, լեռնամետալուրգիական, լեռնահանքային, ցեմենտի, էներգետիկայի և այլ արդյունաբերական ոլորտներում լավագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների էկոլոգիական և տեխնոլոգիական բնութագրեր) հայկական փորձի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում երկրների փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել ղազախական կողմի հետ սերտացնել համագործակցությունն՝ էլ ավելի պաշտպանված շրջակա միջավայր ունենալու համար։ «Ղազախստանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի ավանդաբար բարեկամական հարաբերություններ և՛ ԱՊՀ, և՛ ԵԱՏՄ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում։ Այդպիսի հենք ունենալու դեպքում օրինաչափ է, որ շրջակա միջավայրի պահպանության գործում ևս պետք է ջանք ներդնել՝ ի նպաստ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության։Ես տրամադրված եմ բավականին շոշափելի և երկարատև համագործակցության։Կարճ ժամանակում կհղկենք կետային փոխգործակցության եզրերը և կքննարկենք այն հարթակը, որտեղ դրանք կյանքի կկոչվեն»,-նշել է նախարարը։ Ապա նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ Կառավարության և մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները շրջակա միջավայրի կառավարման ոլորտում՝ թվարկելով մեկնարկած օրենսդրական փոփոխությունների գործընթացներն ու ընթացիկ այլ ծրագրեր։ Առանձնակի անդրադարձ է կատարվել անտառածածկ տարածքների բազմապատկման և ընդլայնման ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրին և «10 մլն ծառ» նախաձեռնությանը, որի շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է հանրապետական մեծ ծառատունկ իրականացնել և տնկել 300.000 ծառ։ Նախարարն առաջարկել է գործընկերներին տնկիներ տրամադրել՝ համապետական ծառատունկին դեսպանության աշխատակազմով միանալու համար։ Դեսպան Իմանբաևն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր ուրախությունն հայտնել, որ ոլորտն ի դեմս նախարար Պետրոսյանի ղեկավարում է շրջակա միջավայրի խնդիրներին, առկա իրավիճակին և կառավարման հայեցակարգերին խորապես ծանոթ և բանիմաց մասնագետ։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ակտիվ գրագրության և համագործակցության այլ եղանակների միջոցով գործուն փուլ մտցնել հանդիպման ընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները։
19:44 - 19 ապրիլի, 2021
Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին

Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին: Այս մասյին հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը։ Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնատար այլ անձինք: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցել է Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սևան Ազգային պարկ»-ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքները: Նախարարը խոսել է Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման, «Սևան Ազգային պարկ»-ի դերի ու նշանակության, Գեղարքունիքի մարզի բնապահպանական մյուս կարևորագույն խնդիրների մասին․ «Սևանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է, իսկ նրա պահպանությունը՝ մեր գերակա խնդիրներից մեկը, գուցե նաև գլխավոր խնդիրը: Սովորաբար մաքուր է այնտեղ, որտեղ չեն աղտոտում: Ուստի մենք պետք է հասնենք նրան, որ Սևանի ափամերձ տարածքներում ապրող բնակիչները, տնտեսավարող սուբյեկտներն իրենք առաջին հերթին հոգան ինչպես լճի ջրի մաքրության պահպանման, այնպես էլ նրա ջրահավաք ավազանի մաքրության պահպանման մասին, ըմբռնեն լճի անփոխարինելի բնապահպանական ու  տնտեսական արժեքը: Մենք այս ուղղությամբ արդեն տվել ենք մի շարք գործընթացների մեկնարկը, որոնք պետք է հասցվեն իրենց տրամաբանական ավարտին»: Շաբաթօրյակի աշխատանքների ավարտին նախարարն այցելել է «Սևան Ազգային պարկ»-ի Մարտունու տեղամաս՝ մասնակցելու մեծ ծառատունկի աշխատանքներին:   Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի
16:47 - 17 ապրիլի, 2021
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է

Տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, այդ թվում՝ որոշ լրատվական կայքերում, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր բարեկամին պաշտոնի է նշանակել։ Խոսքը 2018-19թթ․ դեռեւս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնական, «Կոտայք» ՋՕԸ նախկին տնօրեն Պավել Ցուգունյանի մասին է, որն այժմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ցուգունյանը նախկին մարզպետ-ներկա նախարարի կնոջ ազգականն է։ Infocom-ը դեռեւս պատերազմից առաջ էր հավաքագրել այն տեղեկությունները, որոնք փաստացի ցույց են տալիս, որ Ցուգունյանն իրապես բարեկամական կապ ունի Պետրոսյանի հետ, սակայն, պայմանավորված ռազմական դրությամբ ու հետպատերազմական իրավիճակով՝ հրապարակումը որոշ ժամանակով հետաձգեցինք։  Այսպես, մեր ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ՝ Արմինե Պետրոսյանի քեռորդին է։ Թեեւ այս փաստը հնարավոր է եղել թաքցնել, սակայն սոցիալական ցանցերն ու պետական կառույցների պաշտոնական կայքերը հնարավորություն են տալիս գտնել պաշտոնյաների եւ այլ մարդկանց ազգակցական կապերը։ Արմինե Պետրոսյանի եւ Պավել Ցուգունյանի ազգակցական կապը Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ Կոտայք ՋՕԸ-ում միջադեպ էր տեղի ունեցել, ըստ հրապարակման՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին էր ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել էին, ծեծկռտուք էր սկսվել։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՋՕԸ-ի նոր պետը՝ Գուրգեն Օսիպյանը, Ռոմանոս Պետրոսյանի ազգակիցն է, իսկ այդ պաշտոնում նրա նշանակմանը օգնել է Պետրոսյանի մեկ այլ բարեկամ՝ Պավել Ցուգունյանը։ Ռոմանոս Պետրոսյանն այս հրապարակման վերաբերյալ հերքման պահանջով էր հանդես եկել՝ հատ-հատ հերքելով դրանում տեղ գտած տեղեկությունները, սակայն Պավել Ցուգունյանի ու իր կապի մասին ոչինչ չէր գրել։ Իսկ Ցուգունյանի ու Պետրոսյանի կապն, ինչպես արդեն նշեցինք, անցնում է վերջինիս կնոջ բարեկամական օղակով։ Հայտարարատու պաշտոնատար անձնանց հայտարարագրերի ռեեստերից եւ Ֆեյսբուք սոցիալական ցանցից տեղեկանում ենք, որ Ռոմանոս Պետրոսյանի կինը Արմինե Ռոբերտի Պետրոսյանն է։ Արմինե Պետրոսյանի ու Պավել Ցուգունյանի կապը թեեւ առաջին հայացքից անհնար է նկատել, սակայն սոցցանցերը իրենց գործն անում են։ Արմինե Պետրոսյանն, օրինակ, կա Պավել Ցուգունյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում, նա նաեւ հավանել է վերջինիս լուսանկրաներից մեկը, օրինակ։ Լուսանկարը հավանել է նաեւ Արմինե եւ Ռոմանոս Պետրոսյանների որդի Վանիկ Պետրոսյանը։ ՀՀ ընտրողների ռեգիստրից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Պավել Ցուգունյան անունով միայն մեկ քաղաքացի կա, որի հայրը, ըստ նույն տվյալների, Վլադիմիր Ցուգունյանն է: Վլադիմիր Ցուգունյանի ֆեյսբուքյան ընկերների ցանկում են Ռոմանոս Պետրոսյանը, նրա կինը, նրանց որդին, եւ, իհարկե, Պավել Ցուգունյանը։ Եթե Պետրոսյանի՝ Վլադիմիր Ցուգունյանի ընկերներում լինելու հանգամանքը կարող է պայմանավորված լինել նախարարի՝ հանրային դեմք լինելու փաստով, ապա տիկնոջ եւ որդու պարագայում որոշակի կասկած կարող է առաջանալ։ Հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք, որ Արմինե Պետրոսյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 10-ին։ ՀՀ ընտրողների ռեգիստրում Արմինե Պետրոսյան անուն-ազգանունով այս թվականին ծնված միայն մեկ քաղաքացի կա։ Ըստ այս համակարգի՝ նրա հետ համատեղ գրանցված այլ անձինք չեն բնակվում․ տիկին Պետրոսյանը գրանցված է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի 6/2 236 հասցեում՝ միայնակ: Այն, որ նախարարի կինը ներկայանում է ամուսնու ազգանվամբ, դժվարացնում է Արմինե Պետրոսյանի ընտանիքի անդամների մասին տեղեկություն գտնելը։ Սակայն, ինչպես նշեցինք, նրա հայրանունը Ռոբերտ է։ Տիկին Պետրոսյանի եւ նրա որդու ֆեյսբուքյան ընկերների ցանկում կա Հայկ Ռոբերտի Հակոբյան անունով օգտատեր։ Վերջինիս քույրը՝ Անի Հակոբյանը, ֆեյսբուքում դարձյալ ընկեր է Վլադիմիր Ցուգունյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի որդու հետ։ Անի Հակոբյանը ֆեյսբուքում ընկեր է նաեւ Արմինե եւ Ռոմանոս Պետրոսյանների հետ։ Բացի դրանից՝ Հայկ Ռոբերտի Հակոբյանի ֆեյսբուքյան էջում ամիսներ առաջ կային լուսանկարներ, որտեղ Հակոբյան քույր եւ եղբայրն ու Արմինե Պետրոսյանը միասին էին։ Այժմ, սակայն, Հայկ Պետրոսյանի էջից այդ նկարները կամ հեռացված են կամ միայն ընկերների համար են հասանելի։ Այդ նկարներից մեկում, որը ֆեյսբուք ներբեռնել էր Հայկ Ռոբերտի Հակոբյանը, պատկերված են Արմինե Պետրոսյանը, Անի Հակոբյանը եւ հենց ինքը` Հայկ Հակոբյանը: Սակայն եթե Հայկ Հակոբյանի էջի նկարն այս պահին անհասանելի է, ապա Անի Հակոբյանի էջում կա մեկ այլ լուսանկար՝ Արմինե Պետրոսյանի եւ Հայկ Հակոբյանի մասնակցությամբ, որը վերնագրված է «ընտանիք»։ Վերոնշյալից արդեն իսկ կարելի է փաստել, որ Արմինե Պետրոսյանը փոխել է իր ազգանունը եւ գոնե սոցցանցերում փորձել է հնարավորինս ստվերում պահել իր կապը՝ հարազատների հետ։ Սակայն փաստերի համադրությամբ ակնհայտ է, որ Արմինե Պետրոսյանի հայրը Ռոբերտ Հակոբյանն է։ Ընտրողների ռեգիստրում փնտրելով Հայկ Ռոբերտի Հակոբյանին՝ հնարավոր եղավ պարզել, որ նրանց ընտանիքի գրանցման հասցեն Կոտայքի մարզի Աբովյան քաղաքն է: Նույն հասցեում Հայկ Հակոբյանի հետ համատեղ գրանցված է 3 քաղաքացի` Անի Ռոբերտի Հակոբյանը, Ռոբերտ Հայկազի Հակոբյանը եւ Սոնյա Ազատի Հակոբյանը։ Արդեն պարզ է, որ Արմինե Պետրոսյանի հայրը Ռոբերտ Հայկազի Հակոբյանն է, իսկ Անի եւ Հայկ Հակոբյանները նրա քույր եւ եղբայրն են, իսկ ահա Սոնյա Ազատի Հակոբյանը Արմինե Պետրոսյանի մայրն է: Ի՞նչ է հայտնի Պավել Ցուգունյանի մասին Պավել Ցուգունյանը բնակվում է Աբովյան քաղաքում: Ինչպես արդեն նշել էինք՝ նրա հայրը Վլադիմիր Ցուգունյանն է: Ընտրողների ռեգիստրի միջոցով տեղեկանում ենք, որ Վլադիմիր Ցուգունյանի հոր անունը նույնպես Ազատ է, ինչպես Հակոբյան Սոնյայի հոր անունը: Հետեւաբար Հակոբյան Սոնյան եւ Ցուգունյան Վլադիմիրը քույր եւ եղբայր են: Ստացվում է, որ Վլադիմիր Ազատի Ցուգունյանը Ռոմանոս Պետրոսյանի կնոջ` Արմինե Պետրոսյանի մորեղբայրն է՝ քեռին, հետեւաբար Պավել Ցուգունյանը Արմինե Պետրոսյանի մորեղբոր որդին է: Ինչպես է Պավել Ցուգունյանը դարձել Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար «Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի» պաշտոնական կայքէջում տեղադրված կենսագրականից տեղեկանում ենք, որ Պավել Ցուգունյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 16-ին։  Սրանից հետո՝ արդեն 2021 թվականի փետրվարի 17-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարվել է մրցույթ, որը պետք է կայանար 2021 թվականի ապրիլի 6-ին։ Սակայն մարտի 3-ին մրցույթի գործընթացը դադարեցվել է։ Հայտարարության մեջ նշված է, որ նախատեսված մրցույթի գործընթացը դադարեցվել է՝ հիմք ընդունելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ «Հոդված 16. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակելը եւ ազատելը․ 1. Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:»։ Մրցույթի դադարեցման վերաբերյալ «Հրապարակ» լրատվականին տված մեկնաբանությունում Պավել Ցուգունյանը նշել էր, որ կառավարությունը մրցույթի նոր կարգ է հաստատել, որով էլ պետք է անցկացվի մրցույթը։ Ցուգունյանի մեկնաբանությամբ՝ քանի որ այդ նոր կարգն ուժի մեջ չի մտել, մրցույթը դադարեցվել է։ Հետաքրքրական է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի պաշտոնակատարի՝ պաշտոնից ազատման եւ տնօրեն նշանակելու մասին փաստաթուղթը հրապարակված է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքի էջում, իսկ ահա Պավել Ցուգունյանին տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որեւէ փաստաթուղթ չկար։ Անտառային կոմիտեից Infocom-ը տեղեկացավ, որ Ցուգունյանին նշանակելու փաստաթուղթը հրապարակված չէ տեխնիկական պատճառներով, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին արդեն տեղադրված կլինի կայքում։ Այսօր արդեն Ցուգունյանի նշանակման որոշումը հրապարակված է՝ հետին ամսաթվով։ Այսպիսով, չնայած Ռոմանոս Պետրոսյանն ու Պավել Ցուգունյանը անարձագանք են թողել կամ հերքել են շրջանառվող տեղեկությունները, որ իրենք բարեկամական կապ ունեն, այդուհանդերձ պաշտոնական եւ ոչ պաշտոնական բաց աղբյուրներից ստացած փաստերն այլ բան են խոսում։ Պավել Ցուգունյանը, որը կարճ ժամանակ առաջ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի օգնականն էր, հիմա՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին է։ Ընդ որում՝ ե՛ւ Ցուգունյանը, ե՛ւ Պետրոսյանն ու իր կինը այս փաստը փորձել են ծածուկ պահել հանրությունից։ Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան
22:08 - 14 ապրիլի, 2021
Ռոմանոս Պետրոսյանն ընդգծում է՝ յուրաքանչյուր ոք իրեն պետք է պատասխանատու զգա շրջակա միջավայրի պահպանության համար

Ռոմանոս Պետրոսյանն ընդգծում է՝ յուրաքանչյուր ոք իրեն պետք է պատասխանատու զգա շրջակա միջավայրի պահպանության համար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։  Նախարարն ավարտել է նույն ֆակուլտետի «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» բաժինը։ Նախարարին ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, ովքեր նույնպես Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտներ են։ Նախարարը շրջել է հարազատ ֆակուլտետում, ապա ֆակուլտետի դեկան` երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ պարոն Մարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ մի քանի ժամ տևած բովանդակային հանդիպում-քննարկում ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն է եղել՝ մասնագիտականից մինչև ներքին քաղաքական։ Շնորհակալություն հայտնելով նման հաճելի հանդիպման համար, նախարարը նախ ներողություն է խնդրել ֆակուլտետ այցի ուշացման համար, ինչը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ հանգամանքներով, ապա ներկայացրել է իր նախարար նշանակվելու օրվանից մինչ այժմ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած շրջադարձային բարեփոխումները, ընթացիկ իրավիճակը, խոսել նախարարության տեսլականից և ոլորտի մասնագետներ պատրաստող ֆակուլտետի ու պետական գերատեսչության փոխգործակցության անհրաժեշտության և հեռանկարների մասին։ Նախարարը շեշտել է, որ այս այցով ցանկություն ուներ մի շատ կարևոր, ինստիտուցիոնալ ամրագրում անել՝ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում մասնագետների դերն առանցքային է, և առանց այս դարբնոցի, որը մասնագետներ է տալիս պետությանը, շատ դժվար կլինի խորքային բարեփոխումներ անել։ Քննարկման արդյունքում ևս մեկ անգամ արձանագրվել է, որ ճիշտ է, նախարարությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ որոշակի կառավարչական խողովակներով համագործակցում է, բայց բացակայում է փոխգործակցության այն հարթակը, որը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին կկապի ոլորտի քաղաքականությունն իրականացնող գերատեսչության հետ։ «Բոլորս էլ հասկանում ենք, որ գլոբալ առումով շրջակա միջավայրի կառավարման ոլորտում առկա խնդիրների մեծ մասը,որոնք ուղղակիորեն ազդում են կյանքի որակի վրա, անմիջականորեն կապված է հիմնարար էկոկրթության բացակայության հետ։ Էկոկրթությունը միայն բուհական կամ դպրոցական շրջանի բնագիտական առարկայի դասաժամը սերտելը չէ, դա կենսակերպ է, վարքուբարք, որի ինստիտուցիոնալ փոփոխությունների ուղղությամբ ևս այս պահին աշխատանքներ են տարվում։Եվ այդ համատեքստում խիստ անհրաժեշտ է համալսարանի՝ որպես որակյալ մասնագետներ պատրաստող լիիրավ ինստիտուտի ակտիվ ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը։ Յուրաքանչյուր ոք իրեն պետք է պատասխանատու զգա շրջակա միջավայրի պահպանության համար: Այս ուղղությամբ նույնպես լուրջ անելիքներ կան: Բնապահպանության ոլորտում 1000 մղոն ճանապարհ ունենք անցնելու, և առաջին քայլերն արդեն արված են»,-իր ելույթում նշել է նախարարը։ Նախարարն առաջարկել է մտածել,ձևավորել և կայացնել նման հարթակ։ Ուսանողներին հետաքրքրել են մասնավորապես ոլորտում ու նախարարությունում առկա մասնագիտական աշխատատեղերի հարցը։ Նախարարը խոսել է նախարարության կադրային քաղաքականության մասին, ներկայացրել, թե ինչ որակավորում ունեցող մասնագետների կարիք կա այս պահին շրջակա միջավայրի նախարարությունում և ենթակա ՊՈԱԿ-ներում։ Նախարարը լսել է ոլորտի մասնագետների ներկայացրած խնդիրների վերաբերյալ ահազանգերը, տեսակետները, խոստացել է դիտարկել դրանք, ականջալուր լինել նրանց խորհուրդներին, որպեսզի առավել արդյունավետ իրականացվեն պաշտոնական պարտականություններն ու լիազորությունները։
10:24 - 14 ապրիլի, 2021
Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է Ամուլսարի խնդրի շուրջ ՀԲՃ-ի հարցադրումներին

Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է Ամուլսարի խնդրի շուրջ ՀԲՃ-ի հարցադրումներին

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը չորս հարց էր ուղարկել բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանին Ամուլսարի խնդրի առնչությամբ։ ՀԲՃ-ն ներկայացնում է իրենց ուղղած հարցերը, ստացված պատասխաններն ու իրենց մեկնաբանությունները․ 1. Արդյո՞ք դուք ամբողջապես ուսումնասիրել եք «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների 295 էջանոց հաշվետվությունը և ՀՀ քննչական կոմիտեի կայքում տեղադրված մյուս գրագրությունները Լիդիանի, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» խմբի և քննչական կոմիտեի միջև։ Եթե այո, ապա ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին որպես նախարար և երկրաբան։ Պատասխան - Նախարարն ի պաշտոնե և մասնագիտությամբ որպես երկրաբան փուլ առ փուլ ուսումնասիրում է «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների հաշվետվությունները, ինչպես նաև Քննչական կոմիտեում առկա Լիդիանի, «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» խմբի և քննչական խմբի գրագրությունները և պարբերաբար իր հրապարակային ելույթներում անդրադառնում դրանց՝ ներկայացնելով նախարարության դիրքորոշումը։      
11:35 - 13 ապրիլի, 2021
Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն. Ռոմանոս Պետրոսյան

Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։ «Այցի շրջանակում հանդիպել եմ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։   Հանդիպմանը մասնակցում էին՝ նախարարի խորհրդական Հ․ Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ․ Սաֆարյանը, «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Ներսեսյանը, անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վ․ Ահարոնյանը և «Ջրամատակարարում» ՓԲԸ տնօրեն Գ․ Հայրապետյանը։   Հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանի և Արցախի մեր գործընկերների հետ քննարկել ենք միջգերատեսչական համագործակցության շրջանակի ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։   Անդրադարձել ենք հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներին, կենսագործունեության լիարժեք վերականգնմանը և շրջակա միջավայրի կառավարման համակարգի անխափան աշխատանքին վերաբերող հարցերի:   Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործուն աջակցությամբ Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն, ինչպես նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար։   Քննարկել ենք շրջակա միջավայրի նախարարության տեխնիկական հզորությունների օգտագործման միջոցով Արցախի Հանրապտության անտառների մոնիթորինգի հնարավոր կազմակերպումը։   Անդրադարձել ենք նաև ջրային ոլորտի և ջրային ռեսուրսների կենսական կարևորության խնդրին։ Առկա խնդիրների կարգավորման նպատակով մի շարք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:    
18:22 - 07 ապրիլի, 2021
Անտառային ոլորտի կառավարման քաղաքականությունը պետք է լուծումներ տա ապօրինի ծառահատումների առկա մարտահրավերներին. Ռոմանոս Պետրոսյան

Անտառային ոլորտի կառավարման քաղաքականությունը պետք է լուծումներ տա ապօրինի ծառահատումների առկա մարտահրավերներին. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան այսօր աշխատանքային այց է կատարել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ։ Անտառտնտեսության մասնաճյուղի գրասենյակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մասնաճյուղի ղեկավարի և աշխատակիցների հետ։  Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարը։«Քննարկեցինք անտառային ոլորտի խնդիրներին և դրանց հայեցակարգային լուծումներին առնչվող մի շարք հարցեր։ Անտառային ոլորտի կառավարման քաղաքականությունը պետք է լինի համալիր և վերջնական լուծումներ տա անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների առկա մարտահրավերներին։ Մեր գործողությունների արդյունքում պետք է լիարժեք ապահովենք անտառների սոցիալական և տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը։Առանձնակի անդրադարձ կատարեցի «Վայոց ձոր անտառտնտեսության» տարածքից շուրջ 7-ից 8000 հա տարածք «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին անհատույց ու անժամկետ տրամադրելու Կառավարության 2006 թվականի որոշումն ուժը կորցրած ճանաչելու և այդ տարածքները պետական տնօրինմանը վերադարձնելու հարցին։Հիշեցնեմ, որ Վայոց ձորի մարզի «Եղեգիսի կիրճ» տարածքի պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հեկտարը փոխադրվել էր անտառային ֆոնդի հողերի կատեգորիա, նշված հողերը և «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հեկտարը, Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածքներն առանձնացվել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էր «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:  Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառտնտեսության` 4118 հեկտար ու Եղեգիսի անտառտնտեսության` Հերհերի անտառպետության` 3620 հեկտար և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 5329,91 հեկտար 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրվել էր «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։  Սույն թվականի փետրվարի 11-ին Կառավարությունը որպես չզեկուցվող հարց էր ներառել Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ համապատասխան պայմանագիրը խզելու և Կառավարության համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Այդ տարածքներում անտառկառավարման ու անտառպահպանության պետության կողմից վերաստանձնման ուղղությամբ շարունակում ենք գործուն քայլեր իրականացնել։  Հանդիպման ավարտին ոլորտի մասնագետները ներկայացրեցին մարզում առկա ընթացիկ խնդիրները և բարձրաձայնեցին անտառտնտեսությունների տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասին, քննարկեցինք դրանց հնարավոր լուծումները և մեր հետագա քայլերը»,- հայտնել է նախարարը։
22:26 - 06 ապրիլի, 2021
Փոփոխություններ ՇՄԱԳ գործընթացում՝ կոռուպցիան բացառելու համար |1lurer.am|

Փոփոխություններ ՇՄԱԳ գործընթացում՝ կոռուպցիան բացառելու համար |1lurer.am|

1lurer.am: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական տվող կենտրոնի գործունեությունը վերանայելու, փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա: Օրենսդրական բացի պատճառով ապօրինի կամ ինքնակամ բազմաթիվ կառույցներ չեն օրինականացվում՝ հավաստիացնում է Շրջակա միջավայրի նախարարը: Ձևավորվել է աշխատանքային խումբ՝ օրենքի փոփոխման համար: Առկա կարգավորմամբ գործում է երկու տեսակի ՇՄԱԳ փորձաքննություն՝ կառուցապատման և բուն գործունեության փուլերի համար: Սակայն երբեմն, օրենքի խախտմամբ, կառուցապատումն իրականացվում է առանց ՇՄԱԳ դրական եզրակացության, և բուն գործունեության իրականացումը դառնում է անհնար:Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Արդյունքում ունենում ենք կարևոր օղակի բաց, երբ փաստացի օբյեկտը կանգնած է, ժամանակին ՇՄԱԳ չի արվել, օրինականացման փաստաթղթերի մեջ կարևոր է ՇՄԱԳ դրական եզրակացությունը:Փորձաքննության ժամկետը ևս խնդիր է; Եզրակացությունը պետք է տրվի 60 օրվա ընթացքում: Շատ դեպքերում անհրաժեշտություն է լինում ավելացնել ևս 30 օր, բարդ հայտերի դեպքում ևս 10 օր: Ստացվում է 100 օր մեկ հայտի համար: Նախարարն ասում է՝ նոր նախագծով շրջակա միջավայրի վրա տվյալ գործունեության ազդեցության գնահատականը առավելագույնը 50 օրում պետք է տրվի: Մեկ այլ խնդիր է փորձագետների ցածր աշխատավարձը:Ռոմանոս Պետրոսյան - Փորձագետի միջին աշխատավարձը 180-200 հազար դրամ է, և շատ դեպքերում մի քանի միլիոն դրամի փորձաքննությունը լուրջ չէ վստահել ցածր որակավորում ունեցող մասնագետին:Տարվա առաջին եռամսյակում Շրջակա միջավայրի նախարարության փորձագիտական կենտրոնը 85 հայտ է ստացել: Նախորդ տարվանից մնացած՝ 136 փորձաքննության գնահատականը ևս պետք է այս տարի տալ: Հայտերը շատ են, փորձագետները՝ 7-ը: Շատ դեպքերում փաստաթղթերը թերի են, պահանջներին անհամապատասխան: Փորձագետների իրավասության շրջանակը նեղ է:Հերիքնազ Մկրտչյան (ՇՄԱԳ կենտրոնի գլխավոր մասնագետ) - Մենք չենք մասնակցում փորձաքննական գործընթացին, տեղանքի զննմանը կամ ուսումնասիրությանը, քանի որ օրենքով այդ գործառույթը սահմանված չէ:Նոր նախագծով կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ. սկսած հայտի ընդունումից մինչև փորձագետների հետ շփումը կլինի օնլայն հարթակում՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար: Մայիսին միջազգային խորհրդատուներ կգան Հայաստան՝ նախագծի փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնելու համար: Արդեն հունիսին օրենքի նախագիծը վերջնական տարբերակով կդրվի հանրային քննարկման, հետո կմտնի խորհրդարան:
14:37 - 06 ապրիլի, 2021
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը կվերափոխվի. Մանրամասնում է Ռոմանոս Պետրոսյանը

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը կվերափոխվի. Մանրամասնում է Ռոմանոս Պետրոսյանը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը կդառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ պետք է փոխվեն ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելու և փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա։ Սա շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած մտահոգիչ և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որին պետք է հանգուցալուծում տրվի 2021 թվականի ընթացքում։   «Իմ հրամանով ամիսներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի մշակման ակտիվ աշխատանքներ է տանում։ Նոր օրենքի ընդունմամբ ակնկալվում է նախևառաջ նոր որակի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և Ռազմավարական էկոլոգիական գնահատման ինստիտուտի կայացում և գործընթացի մասին հանրային ընկալումների փոփոխություն։ Պետք է փոխվեն ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը։ Այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին և իրական բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված»,- նշել է նախարարը։ Աշխատանքային քննարկումներն ուղեկցվում են բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ քննարկումներով։ Օրենքի փոփոխության նախագծի առանցքային կետերից են՝ ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից, հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին, ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը, օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին, հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը, հստակեցնել ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերի և գործունեության տեսակների շրջանակը և այլն: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկա 2-3 ամիսներին նոր օրենքի նախագիծը վերջնական պատրաստ կլինի՝ բոլոր ինստիտուցիոնալ լուծումներով։ Այն կներկայացվի շահագրգիռ բոլոր կողմերի քննարկմանը, և հանրային լայն քննարկումներից հետո ահմանված կարգով կդրվի շրջանառության մեջ։ «Այս փոփոխությունների վերջնարդյունքում մենք ունենալու ենք պետության կողմից մանդատավորված փորձաքննությունների կենտրոն, որն օժտված է լինելու լայն լիազորություններով, լինելու է ավելի ազդեցիկ և իրականացնելու է լուրջ խորքային ու բովանդակային գործառույթներ»,-նշել է Ռոմանոս Պետրոսյանը:
12:13 - 05 ապրիլի, 2021
Ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ մահվան սպառնալիքներ. Ռոմանոս Պետրոսյանը՝ վարչապետի անվտանգության մասին

 |armenpress.am|

Ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ մահվան սպառնալիքներ. Ռոմանոս Պետրոսյանը՝ վարչապետի անվտանգության մասին |armenpress.am|

armenpress.am: Շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նորմալ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը: «Մենք ունենք երկրի առաջին դեմքերի նկատմամբ իրականացված մահափորձի փաստերով հարուցված քրեական գործեր, մենք ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ  մահվան սպառնալիքներ ուղղված երկրի առաջին դեմքերին և պետության անվտանգության համակարգը ենթադրում է առաջին դեմքերի անձնական կյանքի երաշխիքներ, անվտանգության ապահովում»,- ասաց Պետրոսյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Վերանում ենք անձից, փողոցում քայլում է երկրի ղեկավարը, ԱԺ նախագահը և զուգահեռաբար հնչում են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ: Հետևաբար` պետական անվտանգության ծառայությունը պետք է ապահովի այդ անձանց անվտանգությունը: Ժողովրդի վարչապետն անընդհատ ժողովրդի մեջ է: Նախորդ շաբաթ Արագածոտնում շրջել է ժողովրդի մեջ: Խնդրում եմ քաղաքական նեղ շրջանակներին, որոշակի օդիոզ դեմքերի նեղ շրջանակներին և իրենց հայտարարությունները չվերագրել ժողովրդին»,- ասաց նա: Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ երբ տեսեք, որ ես թիկնապահների ու ոստիկանների թիկունքում եմ մնում, մեկ ժամ ավել չեմ մնա, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Դուք Հայաստանում մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարումը երբևէ նման իրավիճակ տեսե՞լ եք, երբ կոնկրետ, առարկայական,  անձնական պիտակավորումներով վիրավորական տոների մեջ սպառնալիքներ հղեն երկրի ղեկավարին, և դա կոնկրետ հետևանքներ չունենա: Մենք հիշում ենք բազմաթիվ դեպքեր նախկին կառավարման շրջանում, երբ նմանատիպ զարգացումներն ունենում էին անդառնալի հետևանքներ տվյալ քաղաքացիների համար: Իսկ այսօր որևէ նման դրվագ չի կրող քննարկվել»:
19:20 - 18 մարտի, 2021
«Սևան ազգային պարկի» հողերի վրա զոռբայությամբ կառուցված դղյակներն ապամոնտաժվում են. նախարար |armenpress.am|

«Սևան ազգային պարկի» հողերի վրա զոռբայությամբ կառուցված դղյակներն ապամոնտաժվում են. նախարար |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի փետրվարից մինչ օրս Սևանի ափամերձ տարածքներից ապամոնտաժվել են մոտ երեք տասնյակ շինություններ, որոնք չունեն այդտեղ գտնվելու իրավական փաստաթուղթ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Այս փուլում ապամոնտաժումը, քանդումը և ափից հեռացումը կատարվում է բացառապես «Սևան ազգային պարկի» տնօրինման տակ գտնվող հողերի վրա առանց որևէ տեսակի իրավունքի, զոռբայության արդյունքում կառուցած դղյակների, շենք-շինությունների, պարիսպների կցակառույցներին և տաղավարների նկատմամբ։ «Սևան ազգային պարկը»՝ որպես պետական ինստիտուտ, իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում իր տարածքները կարող է պարզապես ազատագրել և վերադարձնել իր տնօրինման տակ։ Որևէ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հաջորդ փուլով կապամոնտաժվեն կառուցապատման կամ վարձակալության որոշ թղթեր ունեցող տնտեսվարողների տարածքները, որոնք բոլոր դեպքերում կառուցված են իրավախախտումներով։   «Մենք իրենց ծանուցելու ենք նախապես և ժամանակ ենք տրամադրելու՝ եթե իրենց ձեռքով իրենց ապօրինի շինությունները չեն ապամոնտաժի, այդ դեպքում՝ արդեն օրենքով սահմանված կարգով «Սևան ազգային պարկը» սեփական միջոցներով կապամոնտաժի և դատական կարգով բռնագանձման հայց կներկայացնի դատարան՝ բռնագրավելու այն միջոցները, որոնք ծախսվել են ապամոնտաժելու վրա»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։ Ըստ նախարարի՝ երբ հերթը հասնի թույլատրելի նիշից ներքև կառուցված, բայց պետական գրանցում ունեցող տիրապետմանը, այդ ժամանակ փոխհատուցման հարց կարող է քննարկվել: «Դա պետք է վիճարկենք բացառապես դատական կարգով և օրենքով սահմանված այլ ընթացակարգերով»,- ասաց նա:
18:45 - 18 մարտի, 2021
Այսօր-վաղը, կարծում եմ, որոշում կհրապարակվի՝ արտահերթ ընտրությունների հետ կապված. Ռոմանոս Պետրոսյան |armtimes.com|

Այսօր-վաղը, կարծում եմ, որոշում կհրապարակվի՝ արտահերթ ընտրությունների հետ կապված. Ռոմանոս Պետրոսյան |armtimes.com|

armtimes.com: Իշխանություններն առաջիկայում պատրաստվում են գնալ արտահերթ ընտրությունների: Այսօր վաղը կարծում եմ՝ որոշումը կհրապարակվի։ Լրագրողների հետ զրույցում այսօր նշեց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Հարցին՝ մեկ-երկու օրից պարզ կլինի վարչապետի հրաժարակա՞նը, թե՞ պարզ կլինի ընտրության գնալու-չգնալու հարցը, Ռոմանոս Պետրոյանն ընգծեց, որ պարզ կլինեն արտահերթ ընտրությունների ժամկետները. «Դա ենթադրում է մեխանիզմներ Սահմանադրական ճանապարհով հրաժարական և այլն: Դրանից հետո հաշվարկը կարող եք անել դուք»: Հարցին, թե ինչը ստիպեց նորից վերադառնալ այդ օրակարգին, Պետրոսյանը նշեց՝ չնայած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մերժումների՝ արտահերթ ընտրություններով հանգուցալուծելու քաղաքական ճգնաժամը չէր հանգուցալուծվում. «Պետք է արձանագրենք, որ ընդդիմության փողոցային պայքարն էլ որևէ էական նշանակություն չունեցավ և հանրության կողմից չողջունվեց»: Հարցին՝ պատերազմից հետո հասարակությունը պատրա՞ստ է ընտրությունների, նախարարը նշեց, որ հարցը բազմաշերտ է և մեկ նախադասությամբ դժվար է պատասխանել. «Երկրում ծառացած քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման մենք տեսնում ենք բացառապես արտահերթ ընտրություններով: Դա կարող է լինել մոտ ապագայում, կարող է լինել միջնաժամկետ կտրվածքով: Այս պահին այդ կոնսուլտացիաներն են ընթանում»: Հարցին՝ ինչպե՞ս են անցկացնելու քարոզարշավ լարված մթնոլորտում, քանի որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը շրջում  է ոստիկանների ուղեկցությամբ, Պետրոսյանը նշեց, որ  գնահատականներն ուռճացված են. «Մենք ունենք երկրի առաջին դեմքերի դեմ իրականացված մահափորձեր, հարուցված քրեական գործեր, մենք ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ կյանքի սպառնալիքներ ուղղված երկրի առաջին դեմքերին: Իսկ երկրի վարչապետը միշտ ժողովրդի մեջ է, անցած շաբաթ էլ շրջել էր Արագածոտնում ժողովրդի հետ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
13:13 - 18 մարտի, 2021
Ամուլսարի հանքի շահագործման որոշում այս պահին չկա. ՇՄ նախարար |1lurer.am|

Ամուլսարի հանքի շահագործման որոշում այս պահին չկա. ՇՄ նախարար |1lurer.am|

1lurer.am: Ամուլսարի հանքի շահագործման մասով այս պահի դրությամբ որևէ որոշում ֆիքսված չէ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Քանի դեռ քրեական գործը հանգուցալուծված չէ, և այն օբյեկտիվ իրականությունը, որին սպասում ենք բոլորս, հրապարակայնացված չէ, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, բայց կարող եմ երաշխավորել, որ եթե Քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործը վեր հանի այնպիսի փաստեր, որոնք կասկածի տակ կդնեն շմագը, վտանգավոր թափոնների տեղադրման թույլտվությունները, կասկածի տակ կդնեն ջրօգտագործման թույլտվությունները, ապա ես՝ ինքս, ամենախիստ հակադարձումը կանեմ»,- նշեց նախարարը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ի հետ հարցազրույցում նշել էր, որ «հավանականություն կա, որ հանքը կբացվի»։
12:49 - 18 մարտի, 2021
Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ նիշ ենք ունենալու. Ռոմանոս Պետրոսյան |1lurer.am|

Այս տարի Սևանա լճի մակարդակի աննախադեպ նիշ ենք ունենալու. Ռոմանոս Պետրոսյան |1lurer.am|

1lurer.am: Այն միջոցները, որոնք Կառավարությունը ձեռնարկում է Սևանա լճում ձկան պաշարների բնականոն վերարտադրումը և զարգացումը ապահովելու նպատակով, առաջին հերթին անում է Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների բնականոն գործունեությունը ապահովելու համար: Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ բարձրացել է:  Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն էլ արձագանքեց, որ առավելագույն նիշը հունիս-հուլիսին է արձանագրվել, բայց այս տարվա կանխատեսմամբ՝ վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշ ենք ունենալու. մակարդակը հասնելու է 1901 մետրի:  «Դա Արփա-Սևան թունելով դեպի Սևան աննախադեպ քանակի ջրի ներհոսքի, ինչպես նաև ոռոգման նպատակով խիստ վերահսկողությամբ ջրի բացթողումների արդյունք են»,- ասաց նախարարը: Վարչապետի խոսքով՝ նշված ցուցանիշները փաստում են, որ իսկապես կարողացել են որոշակիորեն կանոնակարգել և ջրի վատնման գործընթաց թույլ չտալ: Կարևորեց նաև, որ այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար էլ ջրային պաշարների խնդիր չեն ունենալու:
11:58 - 18 մարտի, 2021
Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները կվերամեկնարկեն

Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները կվերամեկնարկեն

Շրջակա միջավայրի նախարարի մոտ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի լրամշակման և վարձավճարների վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայնտեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Քննարկումներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի ժ/պ Ի․ Զարգարյանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ո․Գրիգորյանը, իրավաբանական վարչության պետ Խ․Խաչատրյանը և նախարարի խորհրդական Գ․ Առուստամյանը։ Բնական էկոհամակարգերը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչներն են, որտեղ բնություն-մարդ կապի օրենսդրական կարգավորումը օրվա հրամայական է։ Անտառային ոլորտում շրջադարձային փոփոխություններ են նախատեսվում։ 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում վարձավճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները։ Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչելու ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանելու մասին» N 668-Ն որոշումը, ինչով սահմանված է պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը։ Անհրաժեշտություն է առաջանում նաև լրամշակել ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշումը։ Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։ Նորացված կարգի մշակումից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում Կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ կսահմանվի նոր վարձավճարներ, դիմումների՝ կարգին համապատասխանելու պարագայում, Անտառային կոմիտեի կողմից կհայտարարվեն մրցույթներ։  Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի կանոնակարգման շրջանակում մշակման փուլում են այդ նպատակով պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև կարճաժամկետ հեռանկարում պլանավորվում է ԲՀՊՏ օգտագործման կարգի մշակման և հարակից իրավական ակտերի և վերանայման գործընթացը։ Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կընդձեռնեն հավասարակշռել բնապահպանական և սոցիալ-տնտեսական բաղադրիչները, հասնել ԲՀՊՏ-ների կայուն կառավարման և դինամիկ զարգացման տեսլականին։ Ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակցված են լինելու խիստ հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունում նախաձեռնվում են մի շարք համալիր ծրագրեր։
17:55 - 10 մարտի, 2021