Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Միշտ ձեր կողքին կլինենք՝ ձեւավորելու եւ ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից. Հունաստանի վարչապետ
 |news.am|

Միշտ ձեր կողքին կլինենք՝ ձեւավորելու եւ ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից. Հունաստանի վարչապետ |news.am|

news.am: Մեծ ուրախությամբ հյուրընկալում ենք Աթենքում բարեկամ Հայաստանի վարչապետին. Այ այցը կարեւոր քայլ է, որն էլ ավելի է  ամրապնդում Հայաստանի եւ Հունաստանի գերազանց հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Աթենքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում նշեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Սրանք հարաբերություններ են, որ գալիս են դարերի խորքից, բայց կարող են էլ ավելի արդյունավետ լինել մեր առջեւ ծառացած նոր ընդհանուր մարտահրավերների դեպքում: Հատկապես այս պահին, երբ Հայաստանը ԵՄ աջակցությամբ ձեւավորում է հստակ ու թափանցիկ ինստիտուտներ, որոնք թույլ կտան ներդրումներ ներգրավել: Մենք հնարավորություն կունենանք քննարկելու նաեւ մեր երկկողմ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկան, ժամանակից տեխնոլոգիաները: Այս համագործակցությունն էլ ավելի խորանում ու զարգանում է: Այդ տրամաբանության մեջ ստորագրվել է հուշագիր Enterprise Greece-ի եւ Enterprise Armenia-ի միջեւ: Մենք աջակցում ենք նաեւ  պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023-ի դեկտեմբերին: Մենք պարոն վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր առեւտրատնտեսական հարաբերությունները»: Միցոտակիսը նշեց, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումները. «Այստեղ մեր մոտեցումները ընդհանուր են, մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը: Մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգնքի սկզբունքներին: Մենք հավատում ենք, որ տարաձայնությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով: Իսկ Հայաստանը 2023-ից մեզնից բոլորից ավելի լավ է հասկանում խաղաղության գինը: Այն որոշումները, որոնք դուք պետք է ստանձնեք, սիրելի Նիկոլ, կձեւավորեն փաստացի երկրի ապագան գալիս տարիների համար: Չափազանց հետաքրքրությամբ լսեցի ձեր մոտեցումները, թե ինչպես եք դուք տեսնում քայլերի իրականացումը նոր ձեւավորվող ռազմավարական միջավայրում: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու նաեւ ԼՂ 100 հազարից ավելի մարդկանց կայնքը հեշտացնել;ու ձեւաչափը: Հունաստանը դիվանագիտության տեսանկյունից միշտ ձեր կողքին կլինի ձեւավորելու եւ ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից: Միայն կայուն պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է բացել Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի ճանապարհը: Այդ պատճառով նաեւ Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը դուք մեզ ներկայացրեցինք: Դա թույլ կտա, որ տարածաշրջանը բախումների թատերաբեմից վերածվի առեւտրական հանգույցի՝ կապելով Պարսից ծոցի երկրները Միջերկրական ծովի երկրների հետ: Միայն ընդհանուր բարգավաճումը կարող է լռեցնել զենքը, միայն ժողովուրդների առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը: Քննարկեցինք նաեւ Հայաստանուևմ արձանագրվող բարեփոխումները, որոնք ցույց են տալիս Հայաստանի նվիրվածությունը դեպի Արեւմուտք: Հունաստանը, որպես ԵՄ երկիր պատրաստ է իր գիտելիքներով, փորձով, ունակություններով ձեւովորելու նոր, լիբերալ ժողովրդավարություն»: Իր խոսքի վերջում Հունաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց նաեւ Հունաստանում հայկական համայնքին, որը կապող օղակ է երկու երկրների միջեւ:
15:43 - 27 փետրվարի, 2024
Կայացել է վարչապետ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը

Կայացել է վարչապետ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը: Ողջունելով վարչապետի այցը Հունաստան` Հունաստանի նախագահը նշել է. «Ձեր այցն արտացոլում է մեր հարաբերությունների գերազանց մակարդակը, ինչպես նաև մեր ընդհանուր կամքը, որպեսզի մեր համագործակցությունը զարգանա ու ավելի խորանա բոլոր ոլորտներում: Մեր երկու երկրները կապված են դարավոր բարեկամության և եղբայրական հարաբերությունների և փոխըմբռնման զգացումներով: Կառուցողական կերպով համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակում և այս ոգով ամբողջովին կիսում ենք Ձեր հետաքրքրությունը` պաշտպանելու համաշխարհային մշակութային կոթողների անվտանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում: Զուգահեռ իրազեկ լինելով Ձեր ջանքերին` բարեփոխումների իրականացման գործում, մենք սատարում ենք, և ինստիտուցիոնալ երկխոսությունը խորացնում Հունաստանի և Հայաստանի միջև: Հունաստանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, առաջին իսկ վայրկյանից մենք մեր համերաշխությունն արտահայտեցինք հայ ժողովրդին` ուղարկելով հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր հայերին, միաժամանակ, լինելով միջազգային իրավունքի ջատագով` դիվանագիտական երկխոսության միջոցով խնդիրները լուծելու գործում: Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին, որի նպատակն է հաստատել համերաշխություն, խաղաղություն, որը կլինի հարատև և կնպաստի լավ հարևանության և հարաբերությունների ստեղծմանը: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ պարոն վարչապետ»: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և խոսքերի համար և նշել. «Մեր երկրների միջև կապերը` քաղաքական, տնտեսական, մշակութային, իրավացիորեն նշեցիք, երկար պատմություն ունի, մեր ժողովուրդների միջև խորը էմոցիոնալ կապ կա: Այս առումով, իհարկե, այդ էմոցիոնալ կապը արտահայտվեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հունաստանի օգնությամբ, ինչի համար շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ առիթ ունենք վերջին 33 տարիների ընթացքում խորացնել նաև մեր միջպետական հարաբերությունները: Եվ ուրախ եմ, որ այդ պատմական խորը համագործակցությունը կարևոր կոմպոնենտ է ստացել` դա համագործակցությունն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շուրջ: Հունաստանը Եվրոպական միությունում մեր կարևորագույն գործընկերներից է և մեր հարաբերություններն ընդգծվում են ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում, որը մեր ժողովրդավարական բարեփոխումների հիմնական աջակիցներից է: Նաև այդ աջակցության համար ենք շնորհակալ, նաև նրա համար, որ Հունաստանը մասնակցություն ունի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությանը: Համոզված եմ, որ այս այցի ընթացքում երկկողմ համագործակցության, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը, տարածաշրջանային ու միջազգային հարցերը քննարկելու առիթ կունենանք: Այս հատվածում կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի համար»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:21 - 27 փետրվարի, 2024
Հունաստանում Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն է հիմնվել

Հունաստանում Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն է հիմնվել

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում այսօր ստորագրվել է Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և Հայաստանի Հանրապետության դեսպանության միջև համագործակցության պայմանագիր, որով համալսարանում հիմնադրվում է Հունաստանում Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն՝ մեկնարկելով հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:   «Պայմանագիրը ստորագրվեց Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսի և Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի կողմից։ Կենտրոնի հիմնումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին մի շարք պաշտոնատար անձիք, այդ թվում՝ Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, «Ազատության ուղի» խմբակցության ղեկավար տիկին Զոի Կոնստանտոպուլուն, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի և ՍԻՐԻԶԱ կուսակցության անդամ տիկին Նինա Կասիմատին, ակադեմիական ոլորտի, ինչպես նաև հայ հոգևոր դասի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ միջոցառումը պատմական նշանակություն ունի, քանի որ առաջին անգամն է Հունաստանում հիմնվում հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն, որը տեղի է ունենում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը նպատակ ունի երկկողմ շփումները վերածել գիտական ոլորտում երկարաժամկետ և հեռանկարային կապերի զարգացման և ընդլայնման, ինչը Հայաստան-Հունաստան հարաբերությունների ամրացման հիմք կհանդիսանա, նշեց դեսպանը: Նա նշեց նաև, որ հայագիտության կենտրոնի գաղափարը հասունացել է ժամանակի ընթացքում։ ՀՀ դեսպանն ընդգծեց այն փաստը, որ Դեմոկրիտուս համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնումը բոլորովին պատահական չէ, այն մի շարք քննարկումների արդյունքում ընդունված որոշում է՝ հիմնված այն կարևոր փաստի վրա, որ Համալսարանն ունի բավարար ներուժ և մեծ հետաքրքրություն հայագիտությունը զարգացնելու հարցում։ Կարևոր է նաև տարածաշրջանում առկա կենսունակ հայ համայնքը և եկեղեցին, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում կաջակցեն կենտրոնի աշխատանքներին այսուհետ։ Դեսպան Մկրտչյանը հատկապես կարևորեց համալսարանի՝ ռազմավարական կարևոր տարածաշրջանում գտնվելու հանգամանքը, և որ այն ունի արևելագիտական ուսումնասիրությունների բավական զարգացած ավանդույթներ։   Պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը իր հերթին նշեց, որ հայոց լեզուն և մշակույթը, ինչպես նաև հայոց պատմությունը համալսարանի հետաքրքրությունների շրջանակներում են, և այսօր ստորագրված պայմանագիրը պաշտոնապես մեծ հնարավորություններ է բացում հայագիտությանը նվիրված ուսումնասիրությունների համար: Նա համոզմունք հայտնեց, որ աշխատանքների արդյունավետությունը տեսանելի կլինի մոտ ապագայում և կայուն հիմք կհանդիսանա հայ և հույն բարեկամ ժողովուրդների ակադեմիական համագործակցության համար: Միջոցառմանը հաջորդեց հայական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն»,- ասված է հաղորդագրությունում։
14:12 - 20 փետրվարի, 2024
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հունաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը բոլոր ոլորտներում

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հունաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը բոլոր ոլորտներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսին, ով նոր է ստանձնել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:   Վարչապետը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցության շարունակական զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման, համատեղ նոր ծրագրերի իրականացման առումով: Նշելով, որ Հունաստանի հետ Հայաստանն ունի հագեցած օրակարգ՝ դրա իրացման համատեքստում վարչապետը կարևորել է կառավարությունների միջև ակտիվ և ինտենսիվ համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, Հայաստան-Հունաստան բազմոլորտ համագործակցության օրակարգին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
18:45 - 14 փետրվարի, 2024
Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում նշվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-ամյակը

Հունաստանում Հայաստանի դեսպանության շենքում նշվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-ամյակը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում փետրվարի 9-ին հանդիսավոր արարողությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «ֆեյսբուք» սոցիալականն հարթակում տեղադրված հաղորդագրությունից:  Միջոցառման շրջանակներում ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում ՀՀ ՊՆ Զինված ուժերի ներկայացուցիչ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը, ով իր խոսքում նշել է ներկայիս անվտանգային զարգացումների համատեքստում ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների անխուսափելիությունը, կարևորելով միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-Հունաստան և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափերով: Նա ընդգծել է նաև Հունաստանի ռազմական կրթական հաստատություններում հայ կուրսանտների առկայությունը ՀՀ ԶՈՒ բարեփոխումների գործում վերջիններիս առաքելության համատեքստում: Ըստ աղբյուրի՝ ելույթով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, որը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձը: Դեսպանն ընդգծել է, որ հայկական բանակի վերակազմավորումը, արդիականացումը և տեխնիկական հագեցվածությունն անխուսափելի են։  «Բարեփոխումների ճանապարհով բանակի վերակազմավորումը հետապնդում է Հայաստանի անվտանգության ապահովման նպատակ, ինչը հետևողական և ժամանակատար աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվի»,- ասել է նա: Նա նշել է նաև, որ Հունաստանի և Կիպրոսի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը մեծ կարևորություն ունի, քանի որ Հայաստանը կարիք ունի վստահելի գործընկերների։ Ներկաները վայելել  են հունահայ Միհրան Ցալիկյանի գլխավորած փողային նվագախմբի կատարումներ`նվիրված Հայաստանին և հայկական բանակին։ Միջոցառմանը հաջորդել է հայկական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն։
16:49 - 10 փետրվարի, 2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանապուլոսը՝ Ալեն Սիմոնյանին

Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանապուլոսը՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված ամուր բարեկամական հարաբերությունների մասին, որոնք հիմնված են հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եղբայրության, փոխօգնության եւ ընդհանուր արժեքների վրա: «Հայ-հունական միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, մինչդեռ միջխորհրդարանական համագործակցությունը չիրացված մեծ ներուժ ունի: Անհրաժեշտ եմ համարում խթանել մեր խորհրդարանների միջեւ համագործակցությունը նաեւ փոխադարձ այցերի ձեւաչափով»,- նշել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում երկու խորհրդարանների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հունաստանի հետ համագործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, ինչպես նաեւ Թվինինգ ծրագրով հունական աջակցությունն Ազգային ժողովին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ձեւաչափին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին: Խրիստոս Սոֆիանապուլոսը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստանի վարած քաղաքականությունը: «Հունաստանը ողջունում եւ սատարում է Հայաստանի մոտեցումը խաղաղության հաստատման գործընթացում, քանի որ այն հիմնված է միջազգային իրավունքի, իրավասության վրա եւ իրականացվում է դիվանագիտական ճանապարհով: Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծել է դեսպանը:  
15:32 - 07 փետրվարի, 2024
Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախապայման են ԵՄ-Անկարա կապերը բարելավելու համար․ Հունաստանի ԱԳՆ |news.am|

Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախապայման են ԵՄ-Անկարա կապերը բարելավելու համար․ Հունաստանի ԱԳՆ |news.am|

news.am: Հունաստանի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները նախապայման են Եվրոպա-թուրքական հարաբերությունների բարելավման համար։ Շաբաթ օրը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետրիտիսը։ Այդ մասին հայտնում է Kathimerini-ն։ «Հունաստանը միշտ աջակցել է Թուրքիայի եվրոպական կուրսին։ Դա բխում է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ավելի լայն Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի կայունության շահերից»,- ասել է նա։ Միաժամանակ Հունաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավվել են՝ ընդգծեկով, որ անհրաժեշտ է մշտապես ցուցադրել, որ Թուրքիան ևս պատրաստակամութուն ունի բարելավելու եվրո-թուրքական հարաբերությունները։ Թուրքիան, ըստ նրա, պետք է ընդունի ԵՄ անդամ երկրների համար բարձր զգայունություն ունեցող հարցերը: Կիպրոսի վերաբերյալ նա նշել է, որ «պետք է շոշափելի ապացույցներ լինեն, որ պատրաստակամություն կա շարունակել երկխոսությունը Կիպրոսի հարցի շուրջ՝ հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա»: «Հունաստանը ներկա կլինի այս գործընթացին»,- ընդգծել է նա։ Ինչպես նշում է հունական լրատվամիջոցը, Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արևելքի ճգնաժամը, Ուկրաինայի պատերազմը, ինչպես նաև ԵՄ-Աֆրիկա և ԵՄ-Թուրքիա հարաբերությունները։
14:38 - 04 փետրվարի, 2024
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ հանդիպմանն ընդգծել է տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու կարևորությունը

Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ հանդիպմանն ընդգծել է տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու կարևորությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Յաննիս Պլակյոտակիսի հետ։ Այդ մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման համար՝ կարևորելով երկու բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմի արդյունավետ կիրառումը։ ՀՀ դեսպանը ներկայացրել է զրուցակցին տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը՝ կարևորելով ԵՄ դերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում։ Այս համատեքստում դեսպանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին ու Եվրոպական միությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին ուղղված ցուցաբերվող աջակցության համար։ Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դեսպան Մկրտչյանն ընդգծել է տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու կարևորությունը, փոխադարձ այցելությունների ակտիվացումը։ Իր հերթին Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակն արձանագրել է երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակը, ընդգծել, որ Հունաստանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով։ Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ փոխխոսնակը վերահաստատել է Հունաստանի դիրքորոշումը՝ դատապարտելով բռնության բոլոր դրսևորումները Լեռնային Ղարաբաղի համատեքստում` մտահոգություն հայտնելով ծագած հումանիտար խնդիրների լուծման կապակցությամբ, աներկբա աջակցություն արտահայտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը։ Միաժամանակ պարոն Պլակյոտակիսը գոհունակություն է հայտնել՝ Կիպրոսի հիմնախնդրի հարցում Հայաստանի հաստատակամ աջակցության համար։
14:49 - 29 հունվարի, 2024
Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանում հանդիպել է կառավարող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսին: Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման և նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Դեսպանը նշել է, որ միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ երկու երկրների համահունչ մոտեցումները փոխգործակցությունն առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնելու լավագույն հնարավորությունն են ընձեռում, որտեղ իր կարևոր ներդրումն ունի միջխորհրդարանական համագործակցությունը։ Դեսպանը նաև նշել է, որ մոտ ապագայում ակնկալում է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում համագործակցության առավել ակտիվացում: Ստավրոս Կալաֆատիսն իր հերթին ընդգծել է, որ իր համար մեծ պատասխանատվություն և պատիվ է ստանձնել եղբայրական Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարումը Հունաստանի օրենսդիր մարմնում։ Նա հավելել է, որ իրենից կախված ամեն բան կարվի, որպեսզի գործի կենսունակ խումբ` ակտիվ նախաձեռնություններով, որն իր ուրույն ներդրումը կունենա հայ-հունական հարաբերությունների էլ ավելի խորացման մեջ։
15:19 - 26 հունվարի, 2024
Քննարկվել է ՀՀ-ի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Երևանում հյուրընկալելու հարցը

Քննարկվել է ՀՀ-ի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Երևանում հյուրընկալելու հարցը

Հունվարի 25-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է տնտեսական դիվանագիտության հարցերով Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոստաս Ֆրանգոյանիսին: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «ՀՀ դեսպանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը, անդրադարձ եղավ փոխադարձության և հավասար իրավազորության սկզբունքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն առաջիկայում Երևանում հյուրընկալելու հարցին: Երկուստեք կարևորվեց հայ-հունական տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու կարևորությունը՝ որպես ավանդական բարեկամական երկկողմ հարաբերությունների կարևոր հիմք: Կարևորվեց գործարար շրջանակների միջև կապերի ինտենսիվացումը, ինչի ուղղությամբ առաջիկայում նոր քայլեր են նախատեսվում»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:45 - 25 հունվարի, 2024
Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան - Հայաստան բարեկամական խումբը

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան - Հայաստան բարեկամական խումբը

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան - Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նեա Դիմոկրատիա» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ: Այս մասին տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից: Բարեկամական խմբի փոխնախագահն է «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլուն, քարտուղարը՝ «ՍԻՐԻԶԱ- Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլուն։ Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որտեղ ընդգրկված են Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների պատգամավորներ: Նրանց անունները հրապարակում ենք ստորև. Վոլուդակի Սևաստի (Սեվի) Գյուլեկաս Կոնստանտինոս Գոլիդակիս Դիամանտիս Դերմենձոպուլոս Խրիստոս Կարաոգլու Թեոդորոս Կուվելաս Դիմիտրիոս Կիրիազիդիս Դիմիտրիոս Լիվանոս Միխաիլ Մարկոպուլոս Դիմիտրիոս Տրագակիս Իոաննիս Զամբարաս Միլտիադիս (Միլթոս) Կասիմատի Իրինի (Նինա) Պանայոտոպուլոս Անդրեաս Պապաիլիու Գեորգիոս Խրիստոդուլակիս Էմանուիլ (Մանոլիս) Աբատիելոս Նիկոլաոս Ֆոտոպուլոս Ստիլիանոս
15:45 - 19 հունվարի, 2024
ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և վերջին զարգացումներին

ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և վերջին զարգացումներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Խրիստոս Սոֆիանոպուլոսն առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև առկա լավ համագործակցությունն առավել ընդլայնելու և զարգացնելու համար: Նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ է խոսել սերտ պատմական բարեկամության և համերաշխության վրա հիմնված հայ-հունական հարաբերությունների մասին՝ նշելով երկու երկրների միջև առկա է բազմոլորտ երկկողմ օրակարգ և արդյունավետ քաղաքական երկխոսություն «Հունաստանը դժվար պահերին միշտ եղել է մեր կողքին, և ես իմ ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում մեր երկրի առջև ծառացած այս դժվարին ժամանակներում Հունաստանի կառավարության և իշխանությունների ցուցաբերած աջակցության համար»,- ասել է նախագահը։ Դեսպան Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և վերջին զարգացումներին, ինչպես նաև առկա անվտանգային մարտահրավերներին ու դրանց դիմակայելու ուղիներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և կայուն ու տևական խաղաղության հասնելու իր սկզբունքային դիրքորոշմանը՝ միջազգային իրավական նորմերի, երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար իրավունքների անխաթարության շրջանակներում: Երկուստեք շեշտվել է խնդիրները խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու և ռազմական սպառնալիքի բացառման հրամայականը:Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Հունաստանի բազմաշերտ փոխգործակցության վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ներուժի լիարժեք իրականացման ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս արդյունավետ համագործակցության օրակարգային հարցերին:Հանրապետության նախագահն՝ ի դեմս դեսպանի, իր շնորհակալական խոսքն է փոխանցել Հունաստանի կառավարությանն ու իշխանություններին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հունական կողմի ցուցաբերած հումանիտար աջակցության համար:Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակը, ինչպես նաև սերտ համագործակցությունը Եվրամիության և այլ միջազգային հարթակներում:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին ժողովրդավարության ամրապնդման ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումներին և սկզբունքային մոտեցումներին:
17:59 - 12 հունվարի, 2024
Կարևոր է օգնել մեր բարեկամ և դաշնակից երկրին բոլոր միջազգային հարթակներում. Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը ՀՀ այցից հետո

Կարևոր է օգնել մեր բարեկամ և դաշնակից երկրին բոլոր միջազգային հարթակներում. Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը ՀՀ այցից հետո

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարություն է տվել Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը և լրագրող Կատերինա Ֆրիսային՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:   «Այսօր ես հնարավորություն ունեցա այցելել Հայաստան և հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։   Միևնույն ժամանակ այցելել եմ Երևանում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչություն։   Հայաստանի հետ Հունաստանը պատմական կապեր ունի, դարերի պատմություն ունեցող կապեր։ Այն մեզ բարեկամ երկիր է։ Հունաստանը, հենց այս հավերժական բարեկամության համատեքստում, միշտ հոգ է տանում՝ Հայաստանին ապահովելու անհրաժեշտ համերաշխությունն ու անվտանգությունը։ Հատկապես այսօր՝ մի ժամանակաշրջանում, երբ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով տարածքային ամբողջականությունը լուրջ ճնշման տակ է։   Հատկապես կարևոր է թե՛ որպես խորհրդանիշ, թե՛ որպես Հունաստանի անունից լավ ծառայությունների մատուցում Հայաստանին, օգնել մեր բարեկամ և դաշնակից երկրին բոլոր միջազգային հարթակներում․ Եվրամիությունում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման համար, և այնտեղ, որտեղ պահանջվում է՝ տալ լուծում, որը կլինի արդար և կայուն և կհաստատի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության մասին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպես նաև ցանկացած թշնամական գործողությունից խուսափելու համար։   Հունական կառավարության, հունական պետության համար սկզբունքային է աջակցություն ցուցաբերել ցանկացածին, ով գտնվում է պաշտպանության մեջ ցանկացած տեսակի ագրեսիայից»,- ասված է հայտարարության մեջ:  
19:02 - 10 հունվարի, 2024
Արմեն Գրիգորյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերը

Արմեն Գրիգորյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերը

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Յորղոս Գերապետրիտիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները բարձր են գնահատել պատմամշակութային ընդհանրությունների վրա հիմնված հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան: Անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին, ինչի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կարևորել է Հունաստանի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծել, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծում ստանա միջազգային իրավունքի սկզբունքները խստագույնս պահպանելու միջոցով: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։
17:45 - 10 հունվարի, 2024