Ժառանգություն

«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղեգծով՝ ազատական, կառավարման ժողովրդավարական համակարգի կողմնակից քաղաքական ուժ է, որն առաջնային խնդիր է համարում Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական, իրավական, իր ներքին ու արտաքին քաղաքականությունն ազգային ինքնիշխան շահի հիման վրա կառուցող զարգացած պետության կայացումը:

Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն է տարածել, որում ասվում է «Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի մեր երազանքների Սահմանադրական դատարանը տանող ճանապարհը չի կարող կառուցվել ո՛չ կեղծված առկա սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով նրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա: Ներկայիս իրավիճակում ապրիլի 5-ի ահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի: «Ժառանգությունը» համոզված է, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ ուղին իշխանության կողմից այս տարի Սահմանադիր ժողովի գումարումն է, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին օրինակարգ Սահմանադրության նախագծի մշակումը և նոր հանրաքվեի անցկացումը, որից հետո մենք կունենանք պետական հիմնական օրենք՝ համապատասխան դատարանով հանդերձ, մեր ազգային-պետական շահերին համապատասխան: Այս կարևորագույն խնդրի վերաբերյալ այլ մոտեցումները «Ժառանգությունը» համարում է պահի քաղաքական նպատակահարմարության, վտանգավոր հռետորաբանության և կարճատես հատվածապաշտության դրսևորումներ, որոնք չեն կարող որևէ աղերս ունենալ մեր հայրենիքի առաջընթացի հետ: Մեր երկիրը օտար ազդեցությունների կամ միջանձնային բախումների  փորձադաշտ չէ: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական և նվիրյալ հատվածների: Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ»:
12:58 - 17 փետրվարի, 2020
Թույլ չտանք մեզ շեղել «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից. «Ժառանգություն»

Թույլ չտանք մեզ շեղել «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից. «Ժառանգություն»

Հայաստանյան վերջին զարգացումները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում հստակ ազդակներ են հաղորդում, որ մեր պետության ժողովրդավարական և իրավական բարեփոխումների ընթացքը բախվել վտանգավոր խոչընդոտների: «Ժառանգությունը»՝ իբրև 2018 թ. գարնանային հեղափոխության հիմքում ընկած արժեքների և «Նոր Հայաստանի» գաղափարախոսության հետևողական դավանորդ քաղաքական ուժ, շեշտում է, որ Հայաստանում դարձյալ գլուխ են բարձրացնում հին ու տխրահռչակ ուժերը, որոնք ցանկանում են «ոտքերը մաքրել» առաջընթացի մեր հույսերի ու ծրագրերի վրա: Եվրոպական և միջազգային գործընկեր կառույցները ուշադրություն են սևեռում գաղափարական պայքարից դեպի միջանձնային պայքարի անցման, ինչպես նաև սայթաքելու հնարավորության վրա՝ հորդորելով լիցքաթափել իրավիճակը և երաշխավորել սահմանադրության բնականոն գործունեությունը: «Ժառանգությունը» համոզված է, որ 2015 թ. ժողովրդի կողմից մերժված, կեղծված սահմանադրությունը միանշանակ պետք է փոփոխվի քաղաքական համերաշխության մթնոլորտում՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ: Հայաստանի ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացումն ապահովելու համար պարտադիր է իշխանության բոլոր թևերի միջև հակակշիռների գործուն մեխանիզմների և փոխվերահսկողության օրենսդրական ապահովումը: «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանության բոլոր թևերին՝ գործադիր, օրենսդիր և դատական, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը հաստատել փոխգործակցության մթնոլորտ: Գործադիր իշխանությունը բարեփոխումներն ավարտին հասցնելու լուրջ առաքելություն ունի, համախմբելու ժողովրդավարական և իրավական Հայաստանի կայացմանը հավատարիմ գործունակ բոլոր ուժերին, այլ ոչ թե հասարակությունը կրկին բաժանել սևերի և սպիտակների: Այս ճանապարհին մեր անվերապահ պատրաստակամությունն ենք արտահայտում աշխատելու և գործնական քայլեր կատարելու: Թույլ չտա՛նք Հայաստանի Հանրապետությանը շեղելու «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից: «Ժառանգությունը» նշում է, որ մենք ցայսօր չունենք ժողովրդի կամքն արտահայտող օրինական սահմանադրություն, ուստի պետք է հանրաքվեով փոխել ողջ սահմանադրությունը, որի կամքն արտահայտել է գործող իշխանությունը՝ կազմելով հանձնաժողով, դրա շնորհիվ կբարեփոխվի նաև ՍԴ-ին վերաբերող հոդվածների համախումբը: Այսօր առաջարկվող հատվածական փոփոխությունները և հանրաքվեները հարցի հանգուցալուծման արդյունավետ ուղի չեն:
13:42 - 07 փետրվարի, 2020
Հայաստանի պետական համակարգը կարևորագույն ոլորտներում տեղապտույտի մեջ է, իսկ հասարակական, քաղաքական փոխըմբռնումը գաղափարակից ուժերի միջև գնալով թուլանում է. «Ժառանգություն» կուսակցություն

Հայաստանի պետական համակարգը կարևորագույն ոլորտներում տեղապտույտի մեջ է, իսկ հասարակական, քաղաքական փոխըմբռնումը գաղափարակից ուժերի միջև գնալով թուլանում է. «Ժառանգություն» կուսակցություն

Հայաստանում ներքաղաքական իրավիճակին է անդրադարձել «Ժառանգություն» կուսակցությունը և հանդես եկել տարածելով հայտարարությամբ։ «Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի 2020թ. վերջին զարգացումները մեր պետությունից պահանջում են արագ և վճռական արձագանքում, բազմակողմ գործողություններ հանրային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտում: «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ, ցավոք, ՀՀ պետական համակարգը կարևորագույն ոլորտներում տեղապտույտի մեջ է, իսկ հասարակական, քաղաքական փոխըմբռնումը գաղափարակից ուժերի միջև գնալով թուլանում է: ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը, որը քննվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով, առավել բևեռացրեց իրավիճակը. պարզ դարձավ, որ Հայաստանում դրսի և ներսի աջակցությամբ դեռևս ամուր են այն ուժերը, որոնք կարող են իրենց նպատակների իրականացման ճանապարհին սպանություններ կատարել, ինքնասպանության հասցնել՝ համոզված լինելով, որ նախկինի պես ոչինչ չի բացահայտվի, և անպատիժ կշարունակեն իրենց հանցագործ ծրագրերը՝ ի վնաս մեր պետական անվտանգության: Պետության համար նույնքան վտանգահարույց են տնտեսական և սոցիալական քաղաքականության մեջ թույլ տրվող բացթողումները: Նախաձեռնվում են արտաքուստ բարի մտադրություններ կամ տրամաբանություն հետապնդող քայլեր, որոնք սխալ ելակետ ունեն, բնավ մշակված չեն, որի հետևանքով պետական, հանրային շատ ոլորտներ ցնցումների մեջ են հայտնվում: Այսպես՝ մարզային ոչ մեծ ծննդատների փակման որոշումները այն պատճառաբանությամբ, թե այնտեղ բավարար ծննդօգնություն չի մատուցվում, մասնագետներ չկան, ծնունդները քիչ են, ապացուցում է, որ պետությունն օտարվում է իր հիմնական գործառույթից՝ ապահովել ենթակառուցվածքների ու տարածքների համաչափ զարգացումը՝ կանխելով բնակչության կործանարար կենտրոնացումը խոշոր քաղաքներում: Կամ՝ միայն սպանդանոցներում կենդանիների մորթը կազմակերպելու ճիշտ մոտեցումն այնքան անպատրաստ, հապշտապ և անշրջահայաց ներդրվեց, որ մեր պետության մեջ կրկին փողոցներ են փակում, բողոքի օղակի մեջ սեղմում կառավարության շենքը: Իրավիճակի կարգավորման քաղաքական գործիքները նահանջում են ոչ քաղաքական և բնավ ոչ քաղաքակիրթ մեթոդների առջև: Ազգային ժողովում օրերս ծավալված բանավեճերի մակարդակը վկայում է, որ գողական կամ բակային ենթամշակույթը դեռ շատ ամուր է խորհրդարանական կառավարում որդեգրած մեր պետության մեջ: «Ժառանգությունը», որն իր գործունեության ողջ ընթացքում պայքարել է ազատ և ժողովրդավարական արժեքների հաղթանակի համար՝ հանուն ինքնիշխան. անվտանգ, և կայուն առաջընթաց ապահովող Հայաստանի, մտահոգությամբ նշում է, որ ՀՀ իշխանության բոլոր թևերում՝ դատական, օրենսդիր և գործադիր, խորանում է ընդհանուր կառավարման ճգնաժամը, վստահության ներուժը սասանվում է: Սխալների և դրանց ուղղման թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը: Հանուն ժողովրդավարական, թավշյա և ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի վարչապետը պետք է նախաձեռնի նոր քայլ՝ բարենորոգելու դատական, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը հնարավոր իրավաքաղաքական մեթոդներով: Կլինի դա ազգային համաձայնության կառավարության կազմումը, ուժային կառույցների բարենորոգումը, դատական համակարգի վերբեռնումը, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը: Հանրությունը և գաղափարակից քաղաքական-հասարակական ուժերը սպասում են վճռական քայլին»:
11:16 - 22 հունվարի, 2020
Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում.«Ժառանգություն»

Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում.«Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ հանրաքվե գումարվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների 94,39 տոկոսը «կողմ» քվեարկեց մեր անկախությանը. սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայաստանից Արցախ և ի սփյուռս աշխարհի, այս սրբազնագույն տոնի առթիվ: Փշոտ ու բարդ է դեպի անկախություն տանող հայոց ճանապարհը. 28 տարի Հայաստանի պետությունը և նրա քաղաքացիներն անգայթ ընթանում են այս ճանապարհով՝ կորուստներով և ձեռքբերումներով, նոր հաղթանակների հույսերով և հավատով: «Ժառանգությունը» համոզված է, որ մեր հայրենիքի անկախության 28-ամյա տարեդարձը կխորհրդանշի պետական ինքնիշխանության ամրակայման, քաղաքացիական համերաշխության հաստատման, տնտեսական վերելքի մի նոր հանգրվան հայոց պատմության մեջ: Մեր հավաքական ուժի համախմբումը առավել կմերձեցնի համայն հայության իղձերի իրականացումը: Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունն անդարձ հաստատվելու են մեր անկախ և միացյալ հայրենիքում:
06:28 - 21 սեպտեմբերի, 2019
Ժառանգություն կուսակցության հայտարարությունը

Ժառանգություն կուսակցության հայտարարությունը

Հայաստանյան վերջին զարգացումներն առավել ցայտուն դարձրին պետական կառավարման համակարգում և քաղաքական դաշտում առկա ճգնաժամային իրողությունները, որոնց մասին քանիցս բարձրաձայնել ենք: Ցավով արձանագրում ենք, որ կուսակցության նախազգուշացումները հին համակարգի ականների մասին իրականություն են դարձել: Ամուլսարի շուրջ ծագած հանրային անհամերաշխության դրսևորումները, Սահմանադրական դատարանի հանդեպ մոտեցումների ծայրահեղացումը, ընդհանուր դատաիրավական համակարգի և ուժային կառույցների անհամարժեք գործողությունները, ԱԱԾ տնօրենի հրաժարականի քաղաքական հայտարարությունը և դրան հաջորդած պաշտոնական արձագանքները, «Մարտի մեկի» դատաքննության ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորման շուրջ բարձրացած տագնապը ցույց են տալիս, որ իշխող քաղաքական ուժը և խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ շեշտը դնում են անձերի թիրախավորման վրա՝ խորացող ճգնաժամին համակարգային քաղաքական, օրենսդրական լուծում տալու փոխարեն: «Ժառանգությունը» համոզված է, որ Նոր Հայաստանի հեղափոխական արժեքները վտանգվում են, ուստի հանրային վստահության բարձր քվե ստացած վարչապետը պետք է նոր քայլ կատարի և «Կանգ առ՛»-ի ու գալիքի համապատկերում համախմբի ինքնիշխան ու ժողովրդավարական, արդար Հայաստանի արժեհամակարգի դավանորդ քաղաքական ուժերին: Պետք է սկսել սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջին համարժեք գործընթացը, որի շնորհիվ օրինական և համապարփակ հանգուցալուծում կստանա ՍԴ ճգնաժամը, պետք է ավարտին հասցնել ընտրական օրենսդրության սկսված, բայց այդպես իրականություն չդարձած փոփոխությունները, կուսակցությունների մասին նոր օրենքի մշակումները, որոնք հնարավոր կդարձնեն հանրային բաց և թափանցիկ գործունեություն ծավալող կուսակցությունների գոյությունը՝ կանխելով արկածախնդիրների ու վարձկանների մուտքը հայ քաղաքական դաշտ դրսից ու ներսից: Հին համակարգի ռեստավրացիան պետք է բացառվի:«Ժառանգությունը» կողջունի մեր պետականության և ինքնիշխանության առջև ծառացած այս երեք հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ կատարվելիք իշխանության բոլոր քայլերը՝ ի սպաս դնելով իր ողջ կարողություններն ու ներուժը:
07:59 - 19 սեպտեմբերի, 2019
«Օրենսդրորեն բացառենք հին ուժերի վերադարձը». «Ժառանգության» հայտարարությունը

«Օրենսդրորեն բացառենք հին ուժերի վերադարձը». «Ժառանգության» հայտարարությունը

Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:Հայտարարությունում նաեւ նշվում է. ««Ժառանգություն» կուսակցությունը, հետեւելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է , որ այս կարեւորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է իր մարտավարական շահերին: Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար եւ վտանգահարույց գործողությունը եւ հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը սկսում է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը խորհրդարանի հետ միասին, պատրաստ է անգամ սահմանադրական փոփոխությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Քաղաքականապես անհասկանալի է, թե ինչն էր նրան խանգարում այս կարեւորագույն խնդիրներին լուծում տալ անցած մեկ տարվա ընթացքում: Գրեթե մեկ տարի հայաստանյան քաղաքական դաշտում բարձրաձայնում էին այս հիմնարար դրույթները, իսկ այժմ դարձյալ փորձ է կատարվում միանձնյա որոշումներ ընդունել՝ շրջանցելով անհրաժեշտ քաղաքական եւ հանրային քննարկումների փուլը, ինչը հղի է ներքաղաքական ցնցումների եւ նենգադուլների հետագա կրկնություններով:«Ժառանգություն»-ը համոզված է, որ միանձնյա, փողոցային պայքարի՝ դիպվածային եւ կասկածելի օրինականություն ունեցող քայլերով ու կարգախոսներով անցումային արադարադատության մեխանիզմներ ներդնել անհնար է. դրանց հաջող գործարկման համար հանրային-քաղաքական ներգրավվածությունը եւ համերաշխությունը պարտադիր պայման են:Կոչ ենք անում վարչապետին զերծ մնալ արկածախնդրական քայլերից, որոնք վտանգում են ՀՀ միջազագային հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական եւ իրավական պետության:Ակնկալում ենք խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ու հասարակական ուժերի հետ օր առաջ քննարկումների կազմակերպում՝ օրենսդրորեն բացառելու համար հին ուժերի վերադարձը եւ սահմանադրական կարգի տապալման բոլոր հնարավոր փորձերը»:
09:46 - 21 մայիսի, 2019
Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության. «Ժառանգության» հայտարարությունը

Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության. «Ժառանգության» հայտարարությունը

Հայաստանում կառավարման ճգնաժամը վերածվում է անիշխանության: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Ժառանգություն» կուսակցությունը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դատական վճռին: Կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.«Մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման դատական վիճռը դարձավ հաստատումը մինչ այդ արդեն նկատելի վտանգավոր մի օրինաչափության՝ Հին Հայաստանը դեռ կանգուն է, և Նոր Հայաստանի գործադիր ու օրենսդիր իշխանությունը չի կարողանում ապահովել այն իրավական համակարգի ձևավորումը, որի դեպքում անհնար կլինի դատական դողէրոցքը: Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Ռոբերտ Քոչարյանի և այլոց հանդեպ խափանման միջոցների հետ կապված փոխբացառող դատական որոշումները, որոնք հաջորդում են դատավորների ինքնաբացարկների շքերթին, և ուղեկցվում են ոստիկանության կողմից դժվարությամբ կարգավորվող հասարակական բախումներով, ցույց են տալիս, որ Հայաստանում կառավարման ճգնաժամն աստիճանաբար վերածվում է անիշխանության, նենգադուլների, որից կարող են օգտվել ռևանշի ձգտող ուժերը, նրանց հարձակողականությունը գնալով աճում է:Փաստենք, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա մերժված իրավահաջորդի իշխանության օրոք վտանգավորությամբ շատ ավելի նվազ մեղադրանքների հարուցման պարագայում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և հասարակական լայն վստահությունը վայելող շատ անձանց երաշխավորությունները երբևէ հաշվի չեն առնվել դատարանների կողմից:«Ժառանգությունը» համոզված է, որ ընտրողական արդարադատության մասին պնդումները ի չիք կդառնային, եթե Հայաստանի ներկա իշխանություններն իրականացնեին թավշյա հեղափոխության ընթացքում բազմիցս հնչեցված անցումային արդարադատության և լյուստրացիայի գործիքակազմը: Տպավորություն է առաջանում, որ նոր իշխանությունները չունեն բավարար վճռականություն անցյալի հակապետական և հակասահմանադրական քայլերն անաչառ բացահայտելու համար, նրանք կաշկանդված են ինչ-ինչ գործոններով: Այլապես քաղաքական ի՞նչ բացատրություն կարելի է տալ 1996, 2003 և 2013 թթ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական կարգի տապալման փորձերն անուշադրության մատնելու միտումը: Ներքաղաքական շարունակվող զարգացումներն ապացուցում են, որ 2013 թ. տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական զարգացումներում Րաֆֆի Հովհաննիսյանի խոհեմության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել մարտիմեկյան արյունալի դեպքերի վտանգավոր կրկնությունից:«Ժառանգությունն» արձանագրում է, որ ներպետական տիրույթում օրեցօր ավելի առարկայացող տարատեսակ նենգադուլների հիմնական մեղավորը իշխող ուժի քաղաքական դալտոնիզմն է, որը սև ու սպիտակի հակադրությամբ կարճաժամկետ կտրվածքում քաղաքական շահաբաժին ապահովեց իրենց թիմի համար, սակայն ներկայումս Հայաստանի պետական անվտանգության և ինքնիշխանության հիմքերն են սասանվում:Պնդում ենք՝ կառավարման հին համակարգը և սկզբունքները մեր երկրում վերակենդանանալու որևէ հնարավորություն չպետք է ունենան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ ենք անում հրաժարվել կառավարման միակուսակցական, անհատների վրա հիմնված գործելակերպից, սկսել խորհրդակցությունների շրջափուլ ժողովրդավարության և Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության գաղափարների դավանորդ ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ՝ հիմքում ունենալով մեր պետականության առջև ծառացած խնդիրների հանգուցալուծումը և համազգային քաղաքական վստահություն վայելող իշխանության ձևավորումը»:
18:25 - 19 մայիսի, 2019
«Ներկայացրեք այդ նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք». «Ժառանգությունը՝ Փաշինյանին

«Ներկայացրեք այդ նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք». «Ժառանգությունը՝ Փաշինյանին

«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Բաց նամակում ասվում է. «Հարգելի պարոն վարչապե՛տ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք,որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու եւ մեր պետության ու քաղաքացու համար մեծ կարեւորություն ունեցող պնդում է, որից էապես կախված է հայրենի կառավարության սոցիալական քաղաքականության հանդեպ վստահության աստիճանը: «Ժառանգություն» կուսակցությունը, որպես ՀՀ քաղաքացու տեղեկացվածության եւ իրազեկման սահմանադրական իրավունքի հետեւողական պաշտպան, խնդրում եւ պահանջում է, որ Դուք ներկայացնեք նոր բացված այս 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք, որն ըստ ամենայնի Ձեզ համար արդեն պետք է կազմած լինեին կառավարության պատկան ատյանները: Մենք ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակված նյութերում չգտանք հավաստումը Ձեր նշած նորահայտ աշխատատեղերի, ավելին՝ փետրվար ամսվա պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աշխատունակ բնակչության 20,8 %-ը՝ 228,8 հազար մարդ գործազուրկ է, որը նախորդ ամիսներին արձանագրված ցուցանիշերից գրեթե չի տարբերվում: Արդյունաբերությանը եւ տնտեսության այլ ոլորտներին վերաբերող վերլուծականներն էլ փաստում են, որ շատ ճյուղերում, մասնավորապես՝ մետաղագործության եւ հանքարդյունաբերության մեջ, ունենք ցուցանիշերի ակնհայտ անկում, որը բնականաբար ուղեկցվել է աշխատատեղերի փակմամբ: Լիահույս ենք, որ ի հաստատումն Ձեր ղեկավարած կառավարության աշխատանքի թափանցիկության հռչակված սկզբունքի, կհրապարակեք տեղեկանք, որից ՀՀ քաղաքացիների համար պարզ կդառնա, թե քանի աշխատատեղ է իրականում բացվել, տնտեսության որ ոլորտներում է գրանցվել նման առաջընթաց: Ինչպես նաեւ ակնկալում ենք համապատասխան տեղեկատվություն, թե որքան աշխատատեղ է փակվել ձեր կառավարության գործունեության ընթացքում: Հասարակությանը կողմնորոշելու հրապարակային այլ մեթոդները համոզիչ չեն, եւ չեն կարող ՀՀ քաղաքացիների բոլոր շերտերի համար բացահայտել, թե որքանով է արդյունավետ տնտեսական հեղափոխության նոր քաղաքականությունը բնակչության զբաղվածության ոլորտում: Ակնկալելով Ձեր պատասխանը հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ նախորդ իշխանությունները եւս տրվում էին իրականության առասպելականացման գայթակղությանը, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանը, որը հայտարարում էր Հայաստանում 4 մլն բնակչության տեսլականը, տնտեսական աճի բարձր տեմպերը, բայց այդ առասպելականացումը հանգեցրեց նրանց իշխանության վարկաբեկմանը եւ, ի վերջո, ժողովրդական հեղափոխությանը»:
10:07 - 15 ապրիլի, 2019
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 31-ին կայացած իր 12-րդ համագումարի բանաձեւում ամրակայեց հետհեղափոխական Հայաստանում հաստատվող միակուսակցական իշխանության եւ կառավարման համակարգի ճգնաժամի տագնապահարույց դրսեւորումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած իշխող «Իմ քայլը» դաշինքի վերջին ամիսների գործունեությունն ի ցույց են դնում ՀՀ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների քայլերի հակասականությունն ու անհետեւողականությունը, որի հետեւանքով ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ նկատվում է տեղապտույտ: Կարծում ենք՝ հետհեղափոխական ամիսները ողջամիտ ժամանակահատված էին երկրում առկա խնդիրները քարտեզագրելու, համակարգելու եւ լուծման ռազմավարությունը մշակելու համար: Մտահոգված լինելով Հայաստանում կյանքի կոչված ժողովրդավարական հեղափոխության նպատակների իրականացման ընթացքով՝ «Ժառանգությունը» հայտարարում է՝  Ա) ՀՀ պետական կառավարման տարբեր մակարդակներում ընդունվում են որոշումներ, կատարվում են կադրային հեռացումներ ու նշանակումներ, որոնք արդեն կայուն պարբերականությամբ պատճառ են դառնում հանրային բողոքների ու բախումների, որոնց ազդեցությամբ այդ որոշումների ի կատար ածումը կա՛մ հետաձգվում է, կա՛մ դառնում անհնարին: Բ) Առ այս պահը պարզ չէ,  թե ինչ կառուցվածք պետք է ունենա ՀՀ կառավարությունը, սակայն լուծարման ենթակա ոլորտներում՝ գյուղատնտեսություն, մշակույթ, սփյուռքի հետ հարաբերություններ, առկա են լրջագույն խնդիրներ: Դրանք վկայում են, որ իշխող քաղաքական ուժի կողմից ձեռնարկած կառավարության կազմի կրճատման կամ բարորակման ծրագիրը բավարար չափով մշակված չէ եւ չի համապատասխանում պետության առջեւ այս պահին ծառացած մարտահրավերներին: Գ) Հռչակած տնտեսական հեղափոխությունն անընդմեջ բախվում է ներքին եւ արտաքին լրջագույն դիմադրության, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների եւ ներդրողների հետ վարվող քաղաքականությունը իրականացվում է հին վարչակարգի պատժիչ գործիքներով: Նոր Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո չեն հստակեցվում գործունեության նոր, փոխադարձ ընդունելի կանոններ բիզնեսի հավասարապես բոլոր ներկայացուցիչների համար, որոնք հնարավորություն կտան որոշակի սահմանագիծ անցկացնել ներկա եւ նախկին գործելակերպի միջեւ: Տարիների ընթացքում նախորդ հանցավոր վարչակազմի պարտադրանքով կուտակված հարկային եւ այլ պարտավորությունների մարման տնտեսապես ձեռնտու կանոնների եւ ժամանակացույցի մշակման փոխարեն գործում են պատժիչ ցուցադրական միջոցառումներ, որոնց արդյունավետությունն ակնհայտ կասկածահարույց է եւ առաջացնում է հասարակական անհամերաշխության տարբեր աստիճանի դրսեւորումներ: Դ) Ուշանում են հեղափոխության արդյունքում հայտարարված կարգախոսների կյանքի կոչման մեխանիզմները՝ ազատ, մենաշնորհներից  զերծ, անկախ Հայաստան, որտեղ  երաշխավորվում են երջանիկ անհատի, հոգատար հանրության եւ հզոր պետության կայացման նպատակները: Դրա պատճառը թաքնված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականության սկզբունքներում, որոնք երբեմն նմանվում են հին համակարգի արատավոր գործելաոճին: Պետական եւ անգամ հանրային գործունեության բոլոր հարթակներում առավելությունը տրվում է իշխող կուսակցության ներկայացուցիչներին, անձնական թիմին ու բարեկամներին՝ անկախ նրանց արհեստավարժության եւ փորձառության աստիճանից: Իսկ զարգացումները ցույց են տալիս, որ այդ նշանակումների արդյունքում իշխանություն ստացած, բայց դրան անպատրաստ անձինք բավական արագորեն հայտնվում են կոռուպցիոն պատմությունների եւ ԱԱԾ թիրախում: Ե) Դատական համակարգում եւս գործունեության ու վստահության ճգնաժամ է, ամիսներ են անցել, հասարական ուշադրության առանցքում գտնվող եւ ոչ մի գործ իր տրամաբանական ավարտին չի հասել, հեղափոխությունից մեկ տարի է անցել, բայց անցումային արդարադատության մասին խոսակցությունները գործ չեն դառնում, ինչպես նաեւ անհրաժեշտ լյուստրացիայի պահանջները: Փոխարենը տեղեկատվական «պատերազմներ» են  բռնկվում, դաշտ է բացվում «ֆեյքերի բանակների» առջեւ, որոնք կեղծ օրակարգեր են ձեւավորում: Արձանագրելով, որ նոր հայաստանյան իրողություններում ամենամեծ հակահեղափոխականը վարչապետի գլխավորած քաղաքական թիմի՝  երկրին հարվածող արտաքին ու ներքին օրակարգային խնդիրներին դիմագրավելուն անպատրաստ լինելն է՝ կոչ ենք անում Հայաստանի հեղափոխական իշխանությանը հրաժարվելու «սեւ ու սպիտակի» հակադրությունից, պետական համակարգը սեփական քաղաքական թիմի կայացմանը ծառայեցնելու անհեռանկար մոտեցումներից, անցյալից եկող խնդիրների թնջուկում առաջնահերթությունների կամայական ձեւավորումից, իսկ պետության ղեկավարին՝ «ասֆալտին փռելու», «ծնոտը ջարդելու», սեփական ցուցումներով քրեական հետապնդումներ նախաձեռնելու կամ դադարեցնելու արատավոր գործելակերպից եւ հրապարկային քաղաքական կոչերից: 
10:17 - 08 ապրիլի, 2019