Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

«Սևան» ազգային պարկում սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10 000-ը չորացման սպառնալիքի տակ է․ հրատապ քննարկում նախարարի գլխավորությամբ

«Սևան» ազգային պարկում սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10 000-ը չորացման սպառնալիքի տակ է․ հրատապ քննարկում նախարարի գլխավորությամբ

Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան»ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումներիև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիների չորացման խնդիրը։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:   «Սևան» ազգային պարկի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչները հանդես են եկել իրավիճակի մասին զեկույցներով։    Խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը:   Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10.000 հատ: Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում: Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։   Հանդիպման ընթացքում քննարկվել են լուծման հնարավոր տարբերակներ, ներկայացվել է նաև միջազգային փորձը նման իրավիճակներում։   Նախարարը գործընկերներին ներկայացրել է խնդրի լուծման հրատապությունը, որոշում է կայացվել, շարունակել ուսումնասիրությունները, կարճ ժամանակահատվածում ամփոփել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գործել հրատապ ժամանակացույցով։
18:32 - 29 հունիսի, 2023
Հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք. ՇՄՆ-ն հաստատում է Սևանի ափին ապօրինի ավազի հանքի մասին հրապարակումը

Հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք. ՇՄՆ-ն հաստատում է Սևանի ափին ապօրինի ավազի հանքի մասին հրապարակումը

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանի ափին ավազի հանքի հետ կապված հրապարակման կապակցությամբ: «Ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված «Ահազանգ․ Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք» վերտառությամբ հրապարակումների, հայտնում ենք հետևյալը․ Նախքան ահազանգի սոցիալական ցանցերով տարածվելը, սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ներկայացուցիչների կողմից ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում Երևան -Շորժա M14 մայրուղու հարակից հատվածում հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք։ Դեպքի վայր են ժամանել «Սևան» ազգային պարկի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները։ Նյութերը փոխանցվել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի կողմից փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ: Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
09:37 - 21 հունիսի, 2023
Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է, որսի 600 տոննա քվոտա է սահմանվել․ Հակոբ Սիմիդյան |aravot.am|

Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է, որսի 600 տոննա քվոտա է սահմանվել․ Հակոբ Սիմիդյան |aravot.am|

aravot.am: 2022 եւ 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (լուսանկարում)։ «Սեւանա լճում սիգի քանակի ավելացում ենք ունեցել, դրա համար, ի տարբերություն 2021 թվականի՝ 2022 թվականին 600 տոննա քվոտա ենք սահմանել, որն ամբողջությամբ իրացվել է։ Շուրջ 580 տոննայի քվոտա ենք տվել, որից 37․6 մլն բնօգտագործման վճար է ստացվել։ 2022 եւ 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Եվ սա շարունակական է լինելու։ 300 մլն դրամ հատկացրել ենք Սեւանա իշխանի ծրագրի շարունակման համար»,- ասաց նա։ Հակոբ Սիմիդյանը հավելեց, որ որսի 600 տոննա քվոտայի շրջանակներում շուրջ 800 ձկնորս է ներգրավված եղել, այսինքն՝ հնարավորինս մեծ թվով մարդիկ են օգտվել ծրագրից։ «Մենք գիտենք, որ Սեւանա լճից այդ 600 տոննա սիգը չէ, որ դուրս է բերվում։ Քվոտայի սահմանումը 2020 թվականից է սկսել, միտքն այն է, որ հաշվարկենք ձկնատեսակի պաշարները, սահմանենք քվոտա եւ կարողանանք ձկնորսությունը բերենք օրինական դաշտ։ Անցած տարի երկու փուլով է եղել, առաջին փուլով գարնանային շրջանում 300 տոննա քվոտա ենք սահմանել։ Հաշվառում ենք իրականացրել, որի արդյունքում պաշարները թույլ են տվել, որ երկրորդ 300 տոննան էլ կարողանանք տրամադրել։ Այս տարի նույն տրամաբանությամբ ենք առաջ գնում, հաշվառման արդյունքում գարնան համար արդեն 300 տոննա սահմանվել է, քվոտան, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ արդեն տրամադրվել է։ Սպասում ենք Չեխիայից մեր գործընկերների այցին, որոնք, ըստ էության, իրենց գործիքներով կգան եւ Սեւանա լճում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառում կանեն։ Հուսամ, որ քվոտաների տրամադրման գործընթացը կհասցնենք նրան, որ ձկնորսությունն ամբողջությամբ կհայտնվի օրինականության շրջանակներում»,- ասաց նա։ Սեւանա լճի ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքների շրջանակում 2022-ի բյուջեով նախատեսված է եղել 118 մլն դրամ։ «2023 թվականին ամփոփելիս հուսամ մենք արդեն 400 հեկտար ափամերձ տարածք կմաքրենք»,- ասաց Սիմիդյանը։
12:48 - 06 հունիսի, 2023
«Սևան» ազգային պարկի երկու մասնաճյուղերի տնօրեններն ու աշխատակիցները կոռուպցիոն հանցագործություններ են կատարել․ նյութերն ուղարկվել են դատարան

«Սևան» ազգային պարկի երկու մասնաճյուղերի տնօրեններն ու աշխատակիցները կոռուպցիոն հանցագործություններ են կատարել․ նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական, վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենների, այլ աշխատակիցների կողմից մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքեր։ «Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի 5 և «Վարդենիս» մասնաճյուղի 4 տեսուչները, 2012-2019 թթ․ ընթացքում, տարբեր ամսիների և օրերի չեն հաճախել աշխատանքի, փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, նրանցից ոմանք այդ ընթացքում նաև բացակայել են հանրապետությունից։ Սակայն նշված մասնաճյուղերի՝ տվյալ ժամանակահատվածում պաշտոնավարած տնօրենները՝ համապատասխանաբար Հ.Մ․-ն և Մ․Հ․-ն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, դիտավորությամբ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց անվան դիմաց, չաշխատած օրերի սյունյակում բացականեր չեն արտացոլել։ Ընդ որում, ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենը ևս, նույն եղանակով, 2019 թ․ հուլիս-նոյեմբեր ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն բացակայելու վերաբերյալ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում այդ մասին նշումներ չանելու արդյունքում նրան չաշխատած օրերի համար ևս աշխատավարձ է վճարվել։ Արդյունքում՝ փաստացի պաշտոնեական կեղծիքի կատարմամբ, չաշխատած ժամանակահատվածների համար նշված անձանց անունով ՀՀ պետական բյուջեից ելքագրվել է ընդհանուր 4․158․011 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։ Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենները, տեղյակ լինելով 2019 թ․ նույն մասնաճյուղերի երեք տեսուչների կողմից Սևանա լճից, իրենց սպասարկման տարածքներում, ձկների ապօրինի արդյունահանում կատարելու մասին, դրան ի պաշտոնե չխոչընդոտելու և չկանխելու համար տեսուչներից որպես կաշառք պահանջել և ստացել են գույքային առավելություն՝ սիգ տեսակի ձկներ: Ավելին՝ Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրենը, խախտելով օրենսդրության պահանջները, նույն մասնաճյուղի երկու տեսուչներին ինքն է թույլատրել Սևանա լճից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում։ ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրեն Հ․Մ․-ն 2017-2018թթ․ ընթացքում՝ չպարզված օրերին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող ««Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է սոճի ցեղին պատկանող ընդհանուրը՝ 18 հատ կենսունակ ծառ, որոնցից 5-ը, կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է Վարդենիս քաղաքի նրա բնակարանի բակում՝ բուսական աշխարհին պատճառելով խոշոր չափի՝ ընդհանուր 1 375 000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Բացի այդ, 2019 թ. մայիսին, մասնաճյուղի անտառագետից տեղեկանալով մի անձի կողմից պահաբաժիներից մեկի տարածքում 3 թեղի տեսակի ծառերն ապօրինի հատելու փաստի մասին, այն չարձանագրելու և սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախապես պայմանավորվելով անտառագետի հետ, որպես կաշառք այդ անձից պահանջել և Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածում ստացել են 40.000 ՀՀ դրամ գումար՝ թույլատրելով ապօրինի հատված ծառերի կոճղերն արմատախիլ անել և վերացնել հետքերը: Իր հերթին ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» մասնաճյուղի տնօրենը, տեղյակ լինելով 2018-2019թթ․ մի քաղաքացու կողմից մասնաճյուղի տարածքից ավազի ապօրինի արդյունահանում կատարելու մասին, իր լիազորություններից բխող գործողություններ չկատարելու և այդպիսով նրա կողմից ավազի ապօրինի արդյունահանումն ի պաշտոնե չխոչընդոտելու, չկանխելու համար, այդ անձից 2019թ․ ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում որպես կաշառք պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր՝ 116.000 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված փաստերի հիման վրա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» և «Արևիկ» մասնաճյուղերի տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով հափշտակություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, կաշառք ստանալու, «Արևիկ» մասնաճյուղի անտառագետին՝ կաշառք ստանալու, մասնաճյուղերի 5 տեսուչներին՝ կաշառք տալու համար։ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ մյուս 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։Նախաքննությունն ավարտվել է, և 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:56 - 26 մայիսի, 2023
Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչ

Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչ

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյոնքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ, հայտնում են Շրջակա միջավայի նախարարությունից: Իրավախախտման վերաբերյալ կազմված  արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար: Բնապահպանական միջոցառումները կրում են շարունակական բնույթ: «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք զերծ մնալ արգելված գործողություններից և լիճը չծանրաբեռնել ապօրինի տեղադրվող խեցգետնաորսիչներով և ձկնորսական ցանցերով,  դրանով խախտվում է ոչ միայն լճի էկոհամակարգը, այլև՝ վտանգվում  վերջինիս  կենդանական և բուսական աշխարհը։ Յուրաքանչյուր նման գործողություն գտնվում է  իրավասու մարմինների ուշադրության ներքո և ենթարկա է պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրությունում:
10:50 - 26 մայիսի, 2023
«Սևան» մասնաճյուղի տնօրենը կաշառքի դիմաց թույլատրել է «Սիգի» ապօրինի արդյունահանումը. գործն ուղարկվել է դատարան

«Սևան» մասնաճյուղի տնօրենը կաշառքի դիմաց թույլատրել է «Սիգի» ապօրինի արդյունահանումը. գործն ուղարկվել է դատարան

2023 թվականի մայիսի 19-ին հսկող դատախազը հաստատել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղում ձկների ապօրինի արդյունահանման, ինչպես նաև կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 12-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը): Նախաքննությունը հանձնարարվել էր Գեղարքունիքի մարզային քննչական վարչությանը: 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության քննիչի միջնորդության հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունում որոշում էր կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրեն Ս.Թ.-ի, տեսուչներ Ա.Գ.-ի, Հ.Հ.-ի և քաղաքացիներ Դ.Պ.-ի, Դ.Մ.-ի և Ա.Ու.-ի նկատմամբ՝ մեղսագրվող արարքները չկատարելու և արարքների ապաքրեականացման հիմքով: 2023 թվականի սեպտեմբերի 30-ին, քննիչի որոշմամբ՝ քրեական վարույթը կարճվել էր՝ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված լինելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով: 2023 թվականի հունվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշմամբ՝ վերացվել են 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից մեղադրյալներ Ս.Թ.-ի, Դ.Մ.-ի, Ա.Ու.-ի, Դ.Պ.-ի. Ա.Գ.-ի և Հ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 30-ին կայացված և հսկող դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումները: Գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Թ.-ն, 2017 թվականից զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով կանխել «Սևան» մասնաճյուղի տարածքից «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանումը, կաշառքի դիմաց սույն գործով (վարույթով) անցնող քաղաքացիներին թույլատրել է իր վերահսկողության ներքո գտնվող «Սևան» մասնաճյուղի հատվածից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում: Արդյունքում «Բարդիներ» կոչվող լողափի հատվածից իրականացվել է 49 կգ «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանում՝ պատճառելով 245 հազար դրամի վնաս:  Ս.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) (կաշառք ստանալը), Հ.Հ.-ի, Ա.Գ.-ի, Դ.Պ.-ի ու Դ.Մ.-ի նկատմամբ՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը:
13:39 - 20 մայիսի, 2023
Կառավարությունը որոշեց Սեւանա լճից 170 մլն խմ ջրառ իրականացնել
 |news.am|

Կառավարությունը որոշեց Սեւանա լճից 170 մլն խմ ջրառ իրականացնել |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում ոռոգման նպատակով 2023 թվականին Սևանա լճից ջրառի մասին որոշում կայացրեց: Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազար հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հուն իլվացման նպատակով գետի հունով բաց թողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 521 մլն մ3: Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 172մլն մ3,  Ազատի ջրամբարից շուրջ 45 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 5 մլն մ3 ջրաքանակներով: Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 31 մլն մ3 ջրարտադրություն (ընդամենը՝ 253մլն մ3): Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 268 մլն մ3: Կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ3 ծավալով բացթողում: Այսպիսով, ոռոգման հաշվարկված ջրապահանջի (շուրջ 521 մլն մ3) և հնարավոր ջրառաջարկի (253+170=423 մլն մ3) տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 98 մլն մ3, որտեղ հաշվի չեն առնվել ամառային ամիսների եղանակային պայմանների հնարավոր փոփոխությունները (լիազոր մարմնի կողմից ներկայացվել է ճշգրտվածկանխատեսումը):
12:19 - 11 մայիսի, 2023
Նախատեսվում է մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծում |armtimes.com|

Նախատեսվում է մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ քննարկեց և հավանության արժանացրեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Ներկայացնելով այն՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց՝ սա նախատեսված է ջրային ստորաբաժանման գործման համար անհրաժեշտ նախադեպեր սահմանելու նպատակով, անվտանգ ու ապահով Սևանա լիճ ունենալու համար: «Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ պարեկային ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկության լրացուցիչ ֆունկցիա։ Ընդգրկված ջրային պարեկներն իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված մի շարք գործառույթներ։ Մասնավորապես՝ նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության, հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, լողամիջոցը վարելիս ոչ սթափ գտնված անձանց մեկուսացնելու, օրենքի շրջանակներում դրանց շահագործումը արգելելու վերաբերյալ»,- մանրամասնեց նախարարը։ Ըստ նրա՝ նշված կանոնները խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։ ՆԳՆ նախարարի խոսքով՝ հետագայում կարիք կլինի վերանայել ենթաօրենսդրական դաշտը, քանի որ ջրային փոխադրամիջոցներին առնչվող հարցում չունենք փորձ։ «Ջրային պարեկները ոստիկանության առջև դրված խնդիրների շրջանակներում, բնականաբար, արձանագրելու են այլ իրավախախտումներ ու հանցագործությունների կանխարգելում, ինչպես նաև Սևանա լճում ձկնորսության դեպքերի կանխարգելում։ Այն կլինի 95 հաստիքի միավորով, ներառյալ՝ տեխնիկական անձնակազմը»,- ասաց նա։ Վահե Ղազարյանը հիշեցրեց, որ արդեն մեկնարկել են ջրային պարեկների ծառայության համար դիմած դիմորդների լողալու և սուզվելու կարողությունների ստուգման գործընթացները։ Կլինի նաև պրակտիկա Սևանա լճի տարածքում։
12:17 - 27 ապրիլի, 2023
Սահմանվել են Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը

Սահմանվել են Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը

Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2023 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։ Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2023 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։ Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2023 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 300 տոննա: 2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել: Որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված ուսումնասիրությունները։ Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը, Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա` բացառելով «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները. Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի). Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր). Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի N332-Լ հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից, ինչպես նաև ժամային գրաֆիկից դուրս ժամկետներում։ Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ ապրիլի 25-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։
19:06 - 10 ապրիլի, 2023
ՇՄ նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանա լճի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ

ՇՄ նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանա լճի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի շուրջ շահարկումների վերաբերյալ, որոնք, ըստ նախարարության, ոչ մի առնչություն չունեն իրականության հետ և մատնում են շահարկողների իրական մտադրությունները: Հանրությանն այդ շահարկումներից զերծ պահելու նպատակով ՇՄ նախարարությունը հարկ է համարել պարզաբանել հետևյալը․  «Լողափի շուրջ բարձրացված աղմուկի հիմքում ընկած է անձնական հետաքրքրություն և շահադիտական նպատակ, քանի որ բողոքողի և Լճաշենի հանրային լողափի համար հայտարարված մրցույթի չշահած քաղաքացու միջև առկա է մոտ ազգակցական կապ (հիմք՝ AuroraNews լրատվականի տված հարցազրույցի 13։24 րոպեից), մրցույթին չհաղթած նախագծի հեղինակը գործընթացին մոտեցել է անպատասխանատու, մրցույթի օրը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով չի ներկայացել՝ իր ներդրումային ծրագիրը ներկայացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, հանձնաժողովը ծանոթացել է ծրագրին, դիտարկել այն, մրցույթում հաղթել է այն նախագիծը, որը համապատասխանել է ներկայացված բնապահպանական պահանջներին, հանրային լողափի զարգացման համար ներկայացրել է առավել բարձր ներդրումային գումար, ինչպես նաև առաջարկել է ամենաբարձր վարձավճարը։ Ուստի մրցույթի անցկացման օրինականությունը և թափանցիկությունը հիմնավորված է առկա փաստերով, Լճաշեն համայնքային կյանքի աշխուժացման համար մտահոգ որևէ քաղաքացու համար չկա ոչ մի խոչընդոտ այլ ձևաչափերում համագործակցելով ազգային պարկի կամ լողափի վարձակալների կամ համայնքի հետ՝ կյանքի կոչել զարգացման ծրագրերը, հանրային լողափերի կազմակերպման բուն նպատակը լողափնյա գոտու ստեղծումը և քաղաքացիների համար որակյալ ծառայությունների մատուցումն է, ինչը հնարավոր չէր լինի իրականացնել առանց տարածքի բարեկարգման և մաքրման։ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անձամբ «Սևան» ազգային պարկի և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է լողափի տարածքում և՛ մաքրումից առաջ, և՛ հետո։ Լողափի տարածքում որևէ ծառ չի հատվել, արմատախիլ չի արվել, ինչն արձանագրված է և՛ փաստաթղթերով, և՛ տեսանյութով՝ չնայած այն հանգամանքին, որ տարածքը ընկած է 1905 մետր նիշից ներքև և հանդիսանում է անտառմաքրման ենթակա տարածք»:  Նշվում է նաև, որ հանրային լողափերի կազմակերպման գործընթացն իրականացվում է գործող օրենսդրական կարգավորումների և գործիքակազմերի շրջանակներում։» Նախարարությունը նշում է, որ ներկայացված տեսանյութը նկարահանվել է 2022 թվականին՝ լողափում մաքրման աշխատանքների մեկնարկից առաջ։
20:07 - 31 մարտի, 2023
Լողափի տարածքն ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից. ՇՄ նախարարության պարզաբանումը

Լողափի տարածքն ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից. ՇՄ նախարարության պարզաբանումը

Ի պատասխան համացանցում տարածված «Սևան» ազգային պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար անտառ են ոչնչացրել» վերտառությամբ գրառման ՇՄ նախարարությունից պարզաբանել են. 2022 թվականի մայիսի 19-ին, ի թիվս այլ լողափերի, հանրային N5 լողափում ջրային հանգիստ կազմակերպելու, բարեկարգում և սպասարկում իրականացնելու համար հայտարարվել էր մրցույթ: Հունիսի 9-ին հանձնաժողովի կողմից դիտարկվել են ներկայացված հայտերը, և հաղթող է ճանաչվել ներդրումային ծրագրերից մեկը: Լողափը գտնվում է Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում (1,37 հա):Լողափը դեպի Գավառ ուղղությամբ օգտագործվում է այլ վարձակալների կողմից: Նախքան բարեկարգման աշխատանքների մեկնարկը «Սևան» ազգային պարկի կողմից իրականացվել են ուսումնասիրման աշխատանքներ և գույքագրում: Լողափնյա գոտին 1905 նիշից ներքև է, և տարածքում անտառաշերտի մաքրման աշխատանքները կարգավորվում են օրենսդրության համաձայն: Տարածքը ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից, որևէ ծառ չի հատվել: Մաքրման աշխատանքներն իրականացրել են «Սևան» ազգային պարկի մասնագետների կողմից: Տեղեկացնենք նաև, որ սոցիալական ցանցերում պարբերաբար ապատեղեկատվություն և տարբեր շահարկումներ են հայտնվում հանրային լողափերի սպասարկման իրականացման վերաբերյալ: Մեր քաղաքացիներին անհարկի շահարկումներից զերծ պահելու նպատակով տեղեկացնենք, որ գործընթացը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, ներդրումային ծրագրերին ներկայացվում են խիստ պահանջներ, և ամեն բան արվում է ջրափնյա հանգիստը պատշաճ և բոլոր չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու համար:
15:17 - 30 մարտի, 2023
Սիգի որսի արգելքի ընթացքում առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ

Սիգի որսի արգելքի ընթացքում առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ավարտվել է 36 օր տևած Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված խստացված վերահսկողությունը։ Դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացրել Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։ Շուրջօրյա հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3877 հատ, 1345.3կգ «սիգ» տեսակի ձուկ, 10կգ ձկնկիթ, լճից դուրս են բերվել ապօրինի գործիքներ՝ 174 ձկնորսական ցանց, 95 խեցգետնաորսիչ, 3 ռետինե նավակ, լճի առափնյա հատվածից ապամոնտաժվել ու հեռացվել են ժամանակավոր կացարաններ։ Արձանագրված մի շարք դեպքերով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
14:28 - 23 հունվարի, 2023
Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց

Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց

Հունվարի 19-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։ Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝Կենդանական, այդ թվում՝ ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը՝առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ: Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով: Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են նաև, որ վերահսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
15:57 - 20 հունվարի, 2023
Սիգի որսի արգելքի միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց

Սիգի որսի արգելքի միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:   Միջոցառումները կրում են շարունակական բնույթ:   ՇՄ նախարարությունից հիշեցնում են, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից և կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
20:18 - 06 հունվարի, 2023