Հայաստան համահայկական հիմնադրամ

Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։

Հիմնադրման օրվանից ի վեր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով։

2018 թ․ սեպտեմբերի 24-ին հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը։ 

«Հայաստան» հիմնադրամը 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել և փոխանցել լիբանանահայությանը

«Հայաստան» հիմնադրամը 1 մլն ԱՄՆ դոլար է հավաքագրել և փոխանցել լիբանանահայությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով ս․թ․ սեպտեմբեր ամսվա ընթացքում 1,000,000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել և փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։ Հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Այս օժանդակությունը շարունակական բնույթ է կրում և սկիզբ է առել դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Հաջորդ աջակցությունը 2020թ.-ի օգոստոսին Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո Հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքն էր: Այնուհետ սույն թվականի ապրիլ ամսին ևս որոշակի դրամական աջակցություն ցուցաբերվեց տեղի հայ կրթական հաստատություններին՝ ընդհանուր առմամբ շուրջ 600,000 ԱՄՆ դոլար։«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր նվիրատուներին, Հիմնադրամի ցանցին, ինչպես նաև ԱՄՆ տեղական մարմնին՝ Armenia Fund Inc. կազմակերպությանը՝ լիբանանահայության գոյապահպանման խնդիրներին արագ արձագանքելու և տեղում դրամահավաք կազմակերպելու համար։«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զորակցությունն է բերում Լիբանանի անքակտելի մաս հանդիսացող հայ համայնքին՝ հույս հայտնելով, որ կայունությունն ու բարեկեցութունը մոտ ապագայում կվերահաստատվեն Լիբանանում։ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։
17:05 - 15 հոկտեմբերի, 2021
ԱՀ նախագահ Հարությունյանը «Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենի հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը

ԱՀ նախագահ Հարությունյանը «Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենի հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին։ Քննարկվել են հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու նոր նախագծերի հեռանկարները: «Երկրի ղեկավարը չափազանց կարևոր է համարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախը հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելուն միտված գործունեությունը՝ շեշտելով, որ միայն ողջ հայության ջանքերի միավորման շնորհիվ է հնարավոր Արցախում ապրելու ու արարելու արժանապատիվ պայմաններ ստեղծել։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է բնակարանաշինության և կրթական ոլորտներում, ինչպես նաև պատերազմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կենսական նշանակությունը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։  
20:37 - 15 սեպտեմբերի, 2021
Համահայկական հիմնադրամում անցկացված աուդիտի արդյունքներով որևէ խնդիր չի արձանագրվել․ Նիկոլ Փաշինյան

Համահայկական հիմնադրամում անցկացված աուդիտի արդյունքներով որևէ խնդիր չի արձանագրվել․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Հայաստան համահայկական հիմնադրամի աշխատանքներին։ «44-օրյա պատերազմի ընթացքում ամբողջ աշխարհում, Սփյուռքում և Հայաստանում հայությունը  կոպեկ-կոպեկ, ընդ որում հատկանշական է, որ այդ հանգանակությունները տարբեր տրամաչափի էին լինում, գումար էր հավաքում Հայաստան համահայկական հիմնադրամին հաջակցություն մեր բանակի և երկու պետությունների։ Ընդ որում այդ հանգանակությունը խրախուսվում էր և կոչ էր արվում նաև կառավարության կողմից, այսինքն՝ դա զուտ նախաձեռնություն չէր։ Հետո այդ գումարների ճակատագիրը մեծ կասկածների առիթ տվեց, տեղի ուենցավ ուղղակի բյուջետային ֆինանսավորում, այսինքն՝ հիմնադրամից գումարներն ուղղվեցին բյուջե՝ ավելի քան 50 միլիարդ, որից հետո մարտի 15-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշում եղավ՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը աուդիտորական կազմակերպության հետ պետք է կատարեր աուդիտ և ներկայացներ հասարակության դատին, որպեսզի փարատվեն բոլոր կասկածները և ընկալելի լինի գումաների արդյունավետությունը»,- նշեց Մամիջանյանը։ Վերջինիս խոսքով այդ կազմակերպությունը համաշխարհային, հայտնի կազմակերպություններից մեկը չէր, այլ նվազ հայտնիություն ունեցող կազմակերպություն էր։ «Եթե չեմ սխալվում դրա վերջնաժամկետը ապրիլի 5-ն էր, ի՞նչ տեղի ունեցավ այդ աուդիտորական եզրակացության հետ, խնդրում եմ դա չներկայացնել azdarar.am կայքում զետեղվող հաշվետվությունները, որովհետև դա օրենքի պահանջ է։ Խոսքը գնում է առանձին հաշվետվության կամ աուդիտորական եզրակացության մասին, որովհետև կայքում նման ինֆորմացիա չկա, բաց, հասանելի աղբյուրներում էլ ես չեմ հանդիպել»,-վարչապետին հարց ուղղեց պատգամավորը։  Պատգամավորի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նշեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյուքնների հիման վրա տարածվել է հայտարարություն։ «Դրա բովանդակությունը այն է, որ հոգեբարձուների խորհուրդը արձանագրել է, լսել է կառավարության հաշվետվությունը․ ես եմ անձամբ տվել այդ հաշվետվությունը։ Արձանագրվել է, որ չարաշահումներ և հանգանակված գումարների վատնումներ չեն եղել, որից հետո որոշում է կայացվել ձևավորել աշխաատանքային խումբ և իրականացնել աուդիտ, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի անդամ ես տեղյակ եմ, որ այդ աշխատանքները արվել են և ամփոփվել են արդյունքները։ Հիմա չեմ կարող ասել՝ հրապարակվել են արդյունքները, թե ոչ, բայց որքանով ես տեղյակ եմ, որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել, ընդհակառակը արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է Համահայկական հիմնադրամի հայտարարությանը»,- պատասխանեց Փաշինյանը։ Վարչապետը, անդրադառնալով Մամիջանյանի այն դիտարկմանը, թե աուդիտ իրականացնող կազմակերպությունը ոչ այնքան հայտնի է, Փաշինյանը նշեց, որ իր համոզմամբ, եթե նույնիսկ այդ աուդիտը իրականացնի ամենահայտնի և ամենավստահելի աուդիտորական ընկերությունը չի կարող խնդիր առաջանալ, որևէ չարաշահում կամ վատնում բացահայտվել կառավարության գործողություններում։  Մամիջանյանը  շեշտեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ Համահայկական հիմնադրամի այդ ընթացքում գումարված միջոցների ծախսման, դրանց արդյունավետության, օպերատիվության և ոլորտների ընտրության հետ կապված։ Պատգամավորը նաև նշեց, որ հիմնադրամից գումարներն ուղղվել են ռազմական հարցերի լուծման նպատակով։  «Կառավարությունը երբեք չի ասել, թե հիմնադրամի միջոցները ծախսվել են ռազմական նատակներով, կամ ռազմական կարիքների համար։ Կառավարությունն ասել է՝ ետպատերազմական շրջանում իրականացրել է ավելի քան 100 միլիարդ դրամի հատկացում պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար։ Պատերազմի ընթացքում ի հայտ են գալիս լրացուցիչ առողջապահական, սոցիալական, տնտեսական կարիքներ և այլն։ Այդ 100 միլիարդից 52 միլիարդը եղել է Համահայկական հիմնադրամի միջոցներից, մնացած ավելի քան 50 միլիարդը  եղել է պետական բյուջեից։ Հետևաբար չէր կարող պետական բյուջեից միջոցներ տրամադրվել, եթե ինչպես դուք եք ասում պետական բյուջեում միջոցներ չլինեին, իսկ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, այլ ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ։ Աշխարհում չկա որևէ հանձնաժողով, որ կկարողանա արձանգրել որևէ այլ բան, բացի իմ ասածից այլ բան տեղի չի ունեցել»,- եզրափակեց Փաշինյանը։
18:17 - 15 սեպտեմբերի, 2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կկառուցվի 817 բնակարան, 290 տուն. նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի տնօրենը քննարկում են ունեցել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կկառուցվի 817 բնակարան, 290 տուն. նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի տնօրենը քննարկում են ունեցել

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:  Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող շուրջ 30 մլրդ դրամի վերակառուցման ծրագրերի ընթացքը, որոնք ներառում են համայնքային և համապետական նշանակության ճանապարհների վերակառուցում, դպրոցների հիմնանորոգում, ջրամատակարարման ցանցի կառուցում և լայնածավալ բնակարանաշինություն: Նշվել է, որ բնակշինարարության առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 բնակարան և 290 տուն: Բնակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ՝ Ստեփանակերտում և Իվանյան համայնքում՝ սեփական տանիքով ապահովելով Շուշիից և Հադրութից տեղահանված 457 ընտանիքի։ Նախագահ Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է նաև սեպտեմբերից Սյունիքի մարզում մեկնարկող ծրագրերին վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահի՝ ապրիլ ամսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո, նախագահի հանձնարարությամբ, Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները այցելել էին մարզ, հանդիպումներ ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ: Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում կազմվել է Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրների ծրագիր՝ համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծման նպատակով: Շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից և կիրականացվի փուլերով՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով և մասամբ նաև՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ: Նշելով, որ Արցախի, Սյունիքի համայնքներին անվտանգային, տնտեսական և սոցիալական աջակցությունը առաջնահերթություն է՝ նախագահ Սարգսյանը ասել է, որ բոլոր միջոցներն ու ջանքերը պետք է գործադրել աջակցության կարիք ունեցող մեր համայնքներին ու հայրենակիցներին սատար կանգնելու համար։ Կարևորելով ծրագրերի՝ պատասխանատվությամբ իրականացումը, ժամկետների խստագույնս պահպանումը՝ նախագահը գոհունակություն է հայտնել ներկայումս ընթացող աշխատանքների ծավալի և տեմպի վերաբերյալ: Հայկակ Արշամյանը նախագահ Սարգսյանին տեղեկացրել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշումների կատարման ընթացքի մասին:
16:11 - 05 օգոստոսի, 2021
Գյումրիում ընթացքի մեջ են «Հայաստան» հիմնադրամի միջոցներով երկու բազմաբնակարան շենքերի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները |armenpress.am|

Գյումրիում ընթացքի մեջ են «Հայաստան» հիմնադրամի միջոցներով երկու բազմաբնակարան շենքերի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում մեկնարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի  կողմից  36 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենքի և  50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է  «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում: Աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 28-ին Գյումրի այցելեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Ծրագրի իրականացման արդյունքում կլուծվի աղետի հետևանքով տնակներում ապրող շուրջ 36 ընտանիքի կացարանի խնդիրը, ովքեր նոր կյանք կսկսեն հարմարավետ ու կահավորված բնակարաններում: Գյումրու ավագանու որոշմամբ` ծրագրի իրագործման նպատակով Մուշ-2 թաղամասում 5800 քմ հողատարածք է տրամադրվել, որից շենք- շինությունների ընդհանուր մակերեսը 4200 քմ է: Կստեղծվի կանաչապատ տարածք, որը կծառայի թաղամասի մյուս բնակիչներին ևս: Շահառուների ընտրությունը կկատարվի հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներից` Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։ Բնակարաններն ու մանկապարտեզը սնուցվելու են արևային հոսանքով, որի շնորհիվ էապես կկրճատվեն շենքի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Տանիքներին արևային վահանակների տեղադրումը ևս կատարվելու է «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի շրջանակում։ Կլուծվի նաև տարածքի բնակիչների զբաղվածության խնդիրը: Շենքերի ձեղնահարկերում կգործեն արհեստանոցներ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետները դասընթացներ կկազմակերպեն թաղամասի բնակիչների համար` նրանց տալով նոր մասնագիտություն ստանալու և աշխատելու հնարավորություն: «Շինարարությունը նախատեսված է հաջորդ տարի ավարտել, բայց շինարարական կազմակերպությունը բավական արագ տեմպերով աշխատում է և կփորձի այս տարեվերջ, կամ հաջորդ տարվա սկզբին ավարտել շինարարությունը: Որակից և տեմպերից շատ գոհ եմ: Մի լավ լուր ևս ունեմ՝ ծրագիր կա ևս 2 բնակելի շենքի կառուցման, որոնց բնակարանների մի մասը նախատեսվում է  տալ  վերջին պատերազմում զոհված ու հաշմանդամություն ստացած զինվորների ընտանիքներին, որոնք բազմանդամ, անօթևան կամ էլ սոցիալապես անապահով են:  Նախատեսվում է, որ նոր շենքերը կունենան 60 բնակարան, որոնցից առնվազն 25-ը կտրվի պատերազմի մասնակիցների ընտանիքներին»,-նշեց Հայկակ Արշամյանը: «Առաջին հարկում ունենք տարածք, որը կփորձենք վարձակալությամբ տալ և գումարը ուղղել շենքերի պահպանությանը։ Միևնույն ժամանակ շենքերի վերևի՝ հավելյալ հարկերում, ուզում ենք արվեստագետներին արվեստանոցներ տրամադրել, ստուդիոներ՝ ոչ մշտական բնակության համար. ցանկացած արվեստագետ, նկարիչ կամ քանդակագործ, ով ցանկանա,  կկարողանա գալ, ապրել այստեղ վեց ամիս, որպեսզի շենքի երեխաները մանկուց մոտիկ լինեն արվեստին և ավելի հեշտ ինտեգրվեն», - նշեց  Հայկակ Արշամյանը։ Ծրագրի մեկնարկը հնարավոր է դարձել 2019թ. Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերության և ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղի ջանքերով կազմակերպված հեռուստամարաթոնի, ինչպես նաև Հիմնադրամի մշտական գործընկեր ԱԿԲԱ բանկի ներդրման շնորհիվ: Հեռուստամարաթոնին միացել են բազմաթիվ նվիրատուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքի տարբեր համայնքներից:   Ֆրանսիայում «Հայաստան» հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսավորմամբ էլ կառուցվելու է մանկապարտեզը: Արմենուհի Մխոյան
16:48 - 28 հուլիսի, 2021
153 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից

153 զինծառայողի ընտանիք հատուցում է ստացել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից

Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 153 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել, այս մասին տեղեկացրեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4177-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Այս հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության առաջին, երկրորդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։
11:10 - 21 հուլիսի, 2021
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Հիմնադրամի միջոցները յուրացնելու վերաբերյալ

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Հիմնադրամի միջոցները յուրացնելու վերաբերյալ

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցները յուրացնելու վերաբերյալ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրավերված գումարների յուրացման հետ։ Հիշեցնեմ, որ Հիմնադրամում հավաքված գումարներից 105,000,000 ՀՀ ԱՄՆ դոլար գումար փոխանցվել է ՀՀ կառավարությանը և տարբեր պաշտոնյաների կողմից կանխիկացման միջոցով յուրացվել։ Այս քայլը հակաիրավական լինելուց բացի՝ ծայրահեղ հակաբարոյական է, աշխարհասփյուռ հայության կողմից հավաքված գումարներով պետք է տներ, մանկապարտեզներ, դպրոցներ կառուցվեին, մինչդեռ այդ գումարների ճակատագիրը մնացել է անհայտ։ Մենք հետևողական ենք լինելու և բոլոր այն անձինք, ովքեր նվիրաբերություն են կատարել հիմնադրամին կարող են վստահ լինել, որ յուրացված գումարները հետ են վերադարձվելու և ծախսվելու են ըստ նշանակության, իսկ դրանք յուրացրած անձինք կանգնելու են պատասխանատվության առջև»,- գրել է փաստաբանը։
09:59 - 14 հուլիսի, 2021
Ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդն է հատկացվել «Հայաստան» հիմնադրամի կողմից, շեշտում է վարչապետը |azatutyun.am|

Ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդն է հատկացվել «Հայաստան» հիմնադրամի կողմից, շեշտում է վարչապետը |azatutyun.am|

azatutyun.am: Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, դրանից 52 միլիարդ դրամը հատկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ 2020 թվականի պյուջեի հետ կապված կար և գուցե հիմա էլ կա մի շատ մեծ և կարևոր շահարկում, խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների մասին է: «Մարտի 15-ին տեղի ունեցած հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նիստում ներկայացրել եմ ծախսերի բացվածքը, որի արդյունքում հոգաբարձուների խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է, որ խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել: Սա արձանագրված փաստ է», - շեշտեց վարչապետը։ Նրա խոսքով՝ 1992 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերը հիմնադրամի խողովակով հանգանակվել է 247 միլիոն դոլար, իսկ միայն 44-օրյա պատերազմի ընթացում 212 միլիոն դոլար։ «Այսինքն՝ 28 տարվա ընթացքում հանգանակվել է 247 միլիոն դոլար Հայաստանում և Արցախում ծրագրեր իրականացնելու համար։ 44-օրյա պատերազմի ընթացքում հանգանակվել է 212 միլիոն դոլար, այսինքն՝ 44 օրում հանգանակվել է 28 տարվա ընթացքում հանգանակվածի ավելի քան 70 տոկոսի չափ գումար», - ասաց Փաշինյանը՝ եզրափակելով․ - «Ռազմական դրության հետ կապված ծախսերը պետք է քննարկվի դռնփակ ռեժիմով և պետք է տող առ տող ներկայացվի էն, ինչ-որ հրապարակային չենք կարող ասել, տող առ տող պետք է ներկայացվի, թե 120 միլիարդ դրամը ինչի վրա է ծախսվել, որ այս թեման անշրջելիորեն ու վերջնականապես փակվի»:
13:56 - 22 ապրիլի, 2021
Պրոթեզավորման գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախարարությունը հուշագրեր է ստորագրել

Պրոթեզավորման գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախարարությունը հուշագրեր է ստորագրել

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Համահայկական հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի և պրոթեզավորում իրականացնող՝ «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն», «Ինտերօրթո», «Օրթեզ», «Բարրի Թրեյդ», «Կամար» հասարակական կազմակերպությունների հետ։ Նույն կազմակերպությունների հետ նույնաբովանդակ մեկ այլ հուշագիր կնքել են նախարարությունն ու «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամը։ Ըստ այդմ՝ կողմերը կհամագործակցեն և համատեղ կիրականացնեն 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց՝ առավել ֆունկցիոնալ պրոթեզներով ապահովման գործընթացը։ Այն կներառի ինչպես պրոթեզների կամ դրանց դետալների ու նյութերի տրամադրումն, այնպես էլ պրոթեզի վերանորոգումը, պրոթեզը կրելուն նախապատրաստումը, կրելու հմտությունների ուսուցումն ու պրոթեզավորման գործընթացին առնչվող այլ ծառայությունների մատուցումը:  Նախարարությունը տեղեկացնում է, որ հուշագրի ստորագրման ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ տրամադրելու պետության պարտավորությանը՝ շեշտելով, որ առկա բոլոր հնարավորությունների ու ռեսուրսների միավորմամբ հնարավոր է ցանկալի արդյունք գրանցել։ Կարևորելով համատեղ իրականացվող աշխատանքը՝ նախարարը նշել է․ «Պետք է համադրենք բոլորիս ջանքերն ու հնարավորությունները ոլորտային խնդիրներին ժամանակին արձանագրելու համար։ Ձեր գիտելիքն ու փորձը կարող են այլ որակ ապահովել և առավել արդյունավետ դարձնել պրոթեզավորման գործընթացը, իսկ ոլորտում ունեցած փորձը հնարավորություն կտա խնդիրներն արագ կարգավորել։ Մենք վերահաստատում ենք այն մոտեցումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և նրանց առողջության վերականգնման ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք անելու»,- ասել է նախարարը։ Մեսրոպ Առաքելյանը հույս է հայտնել, որ կողմերի համագործակցությունն ավելի երկարաժամկետ լինի, և հուշագրի կողմ հանդիսացող կազմակերպություններն իրենց համատեղ ներդրումը կունենան ոլորտի զարգացման գործում։  Նախարարը նշել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել մասնագետների վերապատրաստման դասընթացներ՝  պրոթեզավորման գործընթացում ներգրավելով  նոր մասնագետների։
22:20 - 19 ապրիլի, 2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում նոր ծրագրեր է սկսում. Արայիկ Հարությունյանն ընդունել է կառույցի ներկայացուցչին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում նոր ծրագրեր է սկսում. Արայիկ Հարությունյանն ընդունել է կառույցի ներկայացուցչին

Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող շինարարության ընթացքն ու նոր սկսվելիք ծրագրերը: Կառույցի փոխտնօրենը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում են Ասկերանի շրջանում մի քանի նոր բնակավայրեր: Լրացվել է այն համայնքների շարքը, որոնք առաջիկայում մայրուղիներին կապող ասֆալտապատ ճանապարհներ կունենան: Նախագահ Հարությունյանը իր խոսքում կարևորել է հատկապես Կարմիր շուկա բնակավայրում իրականացվելիք շինարարական աշխատանքները: Հաշվի առնելով բնակավայրի ռազմավարական նշանակությունը՝ Հիմնադրամն այնտեղ 100 տուն կառուցելու հովանավորություն է ստանձնել, որոնց հողային աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին:
17:06 - 14 ապրիլի, 2021
Մենք զենքի համար գումար չենք հավաքում․ Հայկակ Արշամյան
 |news.am|

Մենք զենքի համար գումար չենք հավաքում․ Հայկակ Արշամյան |news.am|

news.am: Հիմնադրամի նպատակը չէ ռազմական ծախսեր հոգալը, մենք շարժվել ենք մեր կանոնադրությամբ, օրենքով։  Այս մասին, ի պատասխան այն հարցին, թե որքանո՞վ է ճիշտ «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը գումարներ փոխանցելը և դա չի՞ նշանակում, որ դրանք իրական նպատակին չեն ծառայում, ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։  Հ․Արշամյանը վստահեցրեց, որ կանոնադրական ոչ մի խախտում իրենք թույլ չեն տվել, նաև տեղեկացրեց, որ այդ գումարները հատուկ բացված հաշվեհամարին են փոխանցվել և ոչ թե բյուջետային ծախսերի համար են եղել, այլ ռազմական դրությամբ պայմանավորված հավելյալ ծախսերի։  «Մարդ կա՝ ասում է, որ ես իմ գումարը տվել եմ, որ գնայիք փամփուշտ գնեիք։ Ամբողջ դրամահավաքի, պատերազմի ընթացքում մենք փորձում էինք կանխել, ասում էինք՝ մենք զենքի համար գումար չենք հավաքում։ Մեր գործառույթների մեջ դա չի մտնում»։ Հիմնադրամի ղեկավարն ասաց, որ իրենք պատրաստվում են հաշվետվություն ներկայացնել հանրությանը, թե ինչպես են հիմնադրամի գումարները ծախսվել։  «Երբ մեր աուդիտրական ընկերությունը կտա իր եզրակացությունը 2020-ի մասին, մենք հանրային հաշվետվողականություն կապահովենք»։  Պատերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից, մինչ այսօր հիմնադրամում հավաքվել է 220 մլն դոլար։ «Այսօր դրսում ունենք շուրջ 60 մլն դոլար, որը հավաքված է։ Դրանից մի փոքր պակաս էլ Հայաստանի հաշիվներին կա»,- ասել է Հայկակ Արշամյանը։    
21:38 - 24 մարտի, 2021
«Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են Արցախի վերակառուցման ծրագրերը

«Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են Արցախի վերակառուցման ծրագրերը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստի ընթացքում կայացված որոշումները:  «Սույն թվականի մարտի 15–ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից սոցիալական, առողջապահական և ենթակառուցվածքների ոլորտի հրատապ կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված դրամական միջոցների, ինչպես նաև Արցախի 2021թ. վերակառուցման ծրագրերի հարցերը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Քննարկված առաջին հարցի վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որից հետո ծավալվեց կառուցողական քննարկում: Այս հարցի վերաբերյալ խորհուրդն ընդունեց հայտարարության տեքստ, որը հանրայնացվել է Խորհրդի նիստի ավարտից հետո: Արցախում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրեց արդեն կատարված աշխատանքները, ինչպես նաև  արցախահայության հրատապ կարիքները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրեց սոցիալական, կրթական, բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք քայլեր, որոնց նպատակն է Արցախի բնակչության առկա կարիքների բավարարումը և տեղահանվածների սոցիալական ու բնակարանային հարցի լուծումը: Որոշում կայացվեց ծրագրերի առավել մանրամասն նկարագրությունները փոխանցել հոգաբարձուների խորհրդի դիտարկմանը և մոտ ապագայում հաստատել Արցախի վերաշինման ծրագրային ուղղությունները: Նիստի ավարտին հոգաբարձուները կրկին անգամ շնորհակալություն հայտնեցին ավելի քան 750 հազար նվիրատու անձանց և կազմակերպություններին, որոնք շարունակական նվիրվածությամբ մասնակցում են հանգանակություններին և իրենց մշտական ներդրումն ունեն Հայաստանի և Արցախի զարգացման գործում»:
17:24 - 16 մարտի, 2021
«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահեցնում է՝ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահեցնում է՝ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել

Երեկ՝ մարտի 15-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ է անցկացրել։ Ըստ խոհրդի հայտարարության՝ նիստն անցել է «կառուցողական մթնոլորտում»։ Խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Որոշվել է հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ «Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը», - ասված է խորհրդի հայտարարությունում։  
14:17 - 16 մարտի, 2021
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, շահարկումներից վեր կառույց. ՀՀ նախագահ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, շահարկումներից վեր կառույց. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ 29-րդ նիստին, որն անցկացվել է հեռավար: Նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված հարցեր: Մինչև աշխատանքները սկսելը՝ մասնակիցները նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակը: Այնուհետև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով. «Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս նիստն արտակարգ է թե՛ իր օրակարգով, թե՛ այն պայմաններով, որոնցում տեղի է ունենում՝ պատերազմի հետևանքներ, քաղաքական լարված իրավիճակ Հայաստանում, կորուստներ ինչպես մարդկային կյանքերի, այնպես էլ տարածքային, ծանր, վիրավոր Արցախ, կորոնավիրուսի համավարակ, սոցիալական, տնտեսական, քաղաքական մեծ ճգնաժամ և դժվարություններ: Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցներ մարդկային ու նյութական մեծ կորուստներ են կրել, կորցրել են տուն, ունեցվածք, և, ինչն առավել ցավալի է, ոմանք նաև ընտանիք և հարազատներ: Հիմնադրամն այժմ նրանց աջակցելու ծրագիր է իրականացնում: Սակայն այսօր ես ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր հարցի: Այդ հարցը մեկ բառով կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ վստահություն: Արդեն իսկ առիթ եմ ունեցել ասելու, որ որպես «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների և բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն և դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, որն արտահայտվել է և՛ գրավոր, և՛ բանավոր, և՛ նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների կողմից: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել: Փորձելու ենք ձեզ հետ միասին շատ կոնկրետ և պրակտիկ պատասխաններ գտնել և լուծել հարցը, որպեսզի հիմնադրամը կարողանա և՛ շարունակել իր գործունեությունը, և՛ իրագործել այն կարևոր ծրագրերը, որոնց համար ստեղծված է: Ամեն ինչ պետք է անենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը լինի բյուրեղային և որևէ ձևով վտանգված չլինի: Ես դեռ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելիս կարծիք էի հայտնել, որ հիմնադրամը լուրջ փոփոխությունների կարիք ունի: Առաջին նիստի ժամանակ նույնիսկ առաջարկել էի առաջարկություններ ներկայացնել՝ ինչպես բարելավել, կատարելագործել հիմնադրամի գործունեությունը: Այսօրվա արտահերթ նիստը առիթ և հնարավորություն է՝ քննարկելու ոչ միայն վստահության, այն վերականգնելու հարցը, այլև մտածելու կամ գոնե սկսելու մտածել իսկապես արմատական քայլեր ձեռնարկելու մասին՝ հիմնադրամը որպես կառույց և համահայկական երևույթ վերափոխելու ուղղությամբ: Սկսենք ոչ միայն մտածել, այլև գործել այդ ուղղությամբ: Խոսքը վերաբերում է ոչ միայն կանոնադրությանը, այլև ռազմավարությանն ու մարտավարությանը, նաև մշակույթին և մտածողության ձևին: Մյուս կողմից, ուզում եմ նորից կրկնել հոգաբարձուների նախորդ նիստում արտահայտած մի միտք՝ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած փոփոխություն իրավականից մինչև բարոյահոգեբանական, պետք է մեկ հստակ ուղերձ ունենա. «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք և հայություն նպատակակետերով՝ թիրախներով: Ես շարունակում եմ մնալ այն տեսակետին, որ անհրաժեշտ են նոր տեսլական, գործունեության ծրագիր՝ այսօրվան և վաղվան համահունչ, որովհետև այսօր Հայաստանն ու Արցախը տարբեր են, քան ամիսներ առաջ: Այսօր աշխարհն է տարբեր, այսօր մեր հայրենակիցները, որոնք մեր նվիրատուներն են, ապրում են նոր, փոփոխվող աշխարհում, հետևաբար, մենք պետք է լինենք նաև ժամանակակից հիմնադրամ: Եվ իհարկե, պատերազմի և համավարակի հետևանքները մեզ կանգնեցրել են շատ լուրջ մարտահրավերների առջև: Հիմնադրամը, որպես համահայկական կառույց, պարտավորություն ունի լինել այդ խնդիրների լուծման առաջին գծում: Այդ շարքում առաջին հերթին պետք է ներառվեն աջակցությունը մեր զոհված հայրենակիցների ընտանիքներին, վիրավոր զինվորներին, ինչպես նաև՝ նրանց առողջական խնդիրների լուծման, իրենց բնօրրաններից տեղահանված արցախցի մեր հայրենակիցների կեցության հարցերը: Այս ամենից զատ պետք է նախաձեռնվեն և իրականացվեն զարգացման նախագծեր: Այս նիստին քննարկելու ենք հարցեր, որոնք հրատապ են և կենսական: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք: Միևնույն ժամանակ կոչ եմ անում բոլորին՝ մի կողմ դնել բոլոր քաղաքական, անձնական և այլ հետաքրքրություններն ու հարցերը և նպատակ ունենալ կայացնել կշռադատված որոշումներ, որոնք նպաստելու են հիմնադրամի նկատմամբ վստահության վերականգնմանը և այս կառույցն իսկապես դարձնելու այն լոկոմոտիվը, որն իր հետ միասին առաջ է տանելու մնացած բարեգործական հայկական կառույցներին»: Նախագահի բացման խոսքին հաջորդել են քննարկումներն օրակարգի հարցերի շուրջ:
13:55 - 16 մարտի, 2021