ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։