Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

Կառավարության որոշմամբ ՀՀ 6 մարզերին 40 ծրագրերի համար 885 մլն 178 հազար դրամ կհատկացվի

ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծ, որի համաձայն ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020 եւ 2021թթ․ հավանության արժանացած եւ իրականացված կամ իրականացման փուլում գտնվղ 36 համայնքների 40 ծրագրերի համար պահուստային ֆոնդից կհատկացվի 885 մլն 178 հազար դրամ։ 40 ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքներն իրենց մասով ֆինանսավորել են, այժմ առաջացել է պետության ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Նշված ծրագրերից չորսը, ինչպես նշեց ՀՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը, 2020-ին է հաստատվել, 36—ը՝ 2021-ին։ Ընդհանուր գումարը 1 մլրդ 872 մլն է, որից 885 մլնն է պետության մասնաբաժինը։ Ըստ մարզերի հետեւյալ բաշխվածությունն է․ Արարատի մարզ՝ 7 ծրագիր՝ 69 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 7 ծրագիր՝ 241 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 6 ծրագիր՝ 256 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 8 ծրագիր՝ 152 մլն դրամ, Լոռու մարզ՝ 9 ծրագիր, 147 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 3 ծրագիր՝ 18,5 մլն դրամ։ Այս որոշմամբ ակնկալվում է գումարներ հատկացնել շինարարներին։ Ըստ նախարարի՝ ոմանք աշխատանքներն ավարտվել են, ոմանք ավարտական փուլում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ որակի վերահսկման առումով ինչ աշխատանքներ են իրականացվել, եւ որքանով կարող են վստահ լինել, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ մակարդակով են իրականացվում։ Նախարարը պատասխանեց, որ նախարարությունում կան համապատասխան աշխատակիցներ, որոնք մարզային եւ տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում շինհրապարակներ․ «Ցավոք, պետք է ասել, որ բավական դեպքեր ունենք, որտեղ հայտնաբերվում էն նախագծային, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են, եւ շտկման համար ժամանակ է տրվում։ Եթե նախանշված նորմերը չբավարարվեն, այդ դեպքում շինարարները չեն վճարվի։ Ցավոք, դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են ներկված խողովակ։ Կան դեպքեր, որոնց վերաբերյալ տեսչական մարմինը վարույթ սկսել»,- ասաց Սանոսյանը։ Փաշինյանը ճշտեց՝ այս գումարը, որ հատկացվում է, դրանով վճարում են ստուգած, պատշաճ աշխատանքի համա՞ր, Սանոսյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ վճարում են այն ժամանակ, երբ համոզված են, որ կատարած աշխատանքը նորմալ է։
11:43 - 02 դեկտեմբերի, 2021
Մեղադրանք է առաջադրվել Այգեկ համայնքի ղեկավարին․ ՔԿ

Մեղադրանք է առաջադրվել Այգեկ համայնքի ղեկավարին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ղեկավարը, 1999 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, տեղյակ լինելով  համայնքի մի շարք բնակիչների կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում ինքնակամ ջերմոցներ և բնակելի տներ կառուցելու մասին, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այգեկ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:01 - 26 նոյեմբերի, 2021
Փորձել եմ անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ մարզի առաջընթացի համար. Մաթևոսյանը հրաժեշտի ուղերձ է հղել արմավիրցիներին

Փորձել եմ անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ մարզի առաջընթացի համար. Մաթևոսյանը հրաժեշտի ուղերձ է հղել արմավիրցիներին

Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, որը երեկ, ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում, արմավիրցիներին հրաժեշտի ուղերձ է հղել՝ նշելով, որ  մեծ պատասխանատվությամբ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և ա3  տարիների ընթացքում փորձել է անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ մարզի առաջընթացն ապահովելու և ազգաբնակչության կենսամակարդակը բարելավելու համար: Ուղերձի մյուս մասը ներկայացնում ենք ստորև. «Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ, Ես դադարեցրել եմ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնում: Անկեղծորեն պետք է նշեմ, որ մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը, հանգամանքների բերումով ուղղակի չկարողացա հանդես գալ իմ պաշտոնավարման երեք տարիները ներկայացնող հաշվետվությամբ: Սակայն խոստանում եմ, որ անպայման ժամանակ կգտնեմ և Ձեզ կներկայացնեմ մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ առարկայական տվյալներ, որոնք ես համարում եմ համատեղ ձեռքբերումներ: Իհարկե, ես և իմ գործընկերները երբեք չենք սահմանափակվել մեր հաջողություններով և ձգտել ենք ավելիին: Եվ ի ուրախություն բոլորիս, այսօր Հայաստանի Հանրապետության 2022 թվականի բյուջեի նախագծով, պետական այլ միջոցներով, հիմնադրամների և միջազգային դոնոր կազմակերպությունների ծրագրերով գալիք տարվա համար սահմանել ենք մարզի զարգացմանն ուղղված առավել բարձր նշաձող, որը, վստահորեն կարող եմ ասել, իրականացվելու է մեծ պատասխանատվությամբ և ամբողջ ծավալով: Ինձ հարազատ մարզի սիրելի բնակիչներ և գործընկերներ, Հավատացնում եմ բոլորիդ, որ Արմավիրի մարզից հեռու լինելով էլ հետևողականորեն շարունակելու եմ զբաղվել մեր մարզի խնդիրների լուծմամբ: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակ անց Արմավիրի մարզն ամբողջությամբ փոխելու է իր դիմագիծը՝ հետևում թողնելով անլուծելի համարվող բոլոր խնդիրներն ու հարցերը: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել մարզպետարանի աշխատակիցներին, Կառավարության, Ազգային ժողովի գործընկերներին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, կրթական, առողջապահական հաստատությունների և այլ ոլորտների ներկայացուցիչներին, որոնց հետ անցել եմ այս բարդ ու պատվաբեր ճանապարհը՝ համատեղ ուժերով հաղթահարելով ընթացիկ խոչընդոտներն ու դժվարությունները: Հարգելի գործընկերներ, թող Ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի և ծառայի Արմավիրի մարզի շենացմանը, բնակչության բարօրությանն ու պետության հզորացմանը: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձր վստահության համար՝ խոստանալով, որ անելու եմ հնարավորը՝ արդարացնելու իր և մեր հայրենակիցների սպասումները: Ամենայն լավն ու բարին բոլորիդ: Ձեզ շատ հարգող, Ձեր խոնարհ ծառա, արմավիրցի Համբարձում Մաթևոսյան»:
10:01 - 26 նոյեմբերի, 2021
Հրապարակվել է ՔՊ-ի Արմավիր խոշորացված համայնքի ավագանու ցուցակը․ այն գլխավորում է Արմավիրի գործող քաղաքապետը

Հրապարակվել է ՔՊ-ի Արմավիր խոշորացված համայնքի ավագանու ցուցակը․ այն գլխավորում է Արմավիրի գործող քաղաքապետը

ՔՊ-ի Արմավիրի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիր խոշորացված համայնքի ավագանու ցուցակը։  Այն ներկայացնում ենք ստորեւ․ Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի Սարգսյան Վարշամ Լյովայի Իսկանդարյան Նարինե Սարդարի Մկրտչյան Կարեն Սարգսի Միքաելյան Արթուր Արեւշատի Խլղաթյան Նարե Մանվելի Եղիազարյան Արթուր Հովհաննեսի Արոյան Արտակ Նորիկի Դավթյան Նուշիկ Աշոտի Բաղդասարյան Տիգրան Հարությունի Շիրվանյան Արմեն Միխաելի Մկրտչյան Արմինե Բենիկի Բարսեղյան Հայկ Լեւոնի Հակոբյան Արմեն Գեղամի Մատինյան Սուսաննա Ավետիսի Դոլինյան Հայկ Արմենակի Հարությունյան Խաչիկ Պապիկի Մկրտչյան Հերիքնազ Շաքրոյի Աբգարյան Հայկ Ռաֆիկի Հովհաննիսյան Դավիթ Արմենի Պարոնյան Աննա Միհրանի Աղախանյան Կարեն Արամի Կարապետյան Արշակ Վահագնի Գիրգորյան Լուսինե Արշալույսի Մուրադյան Վաղուշ Նորիկի Մարգարյան Ռոման Ռաֆիկի Գրիգորյան Թամարա Արշալույսի Մարգարյան Հարություն Մանուկի Շահինյան Մամիկոն Սերյոժայի Մնացականյան Աստղիկ Հովիկի Ավետիսյան Դավիթ Տարոնիկի Ստեփանյան Էդգար Ռազմիկի Գալոյան Լուսինե Սերգեյի Նազարյան Ստեփան Վարազդատի Մելեքյան Հայկ Անդրանիկի Ղազարյան Արմինե Գեւորգի Դարբինյան Անդրանիկ Շուրիկի Խաչատրյան Նարեկ Հարությունի Դավթյան Գայանե Սեյրանի Հարությունյան Արմեն Վարազդատի Կարապետյան Կարեն Կամոյի Ղեւոնդյան Լուսինե Ալբերտի Քանդոյան Ժորա Հրանտի Հարությունյան Լիպարիտ Գուրգենի Կարապետյան Հասմիկ Ֆրունզիկի Հակոբյան Հակոբ Հովհաննեսի
17:56 - 12 նոյեմբերի, 2021
Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2021թ. հուլիսի 18-ին քաղաքացուց դիմում է ստացվել այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, այդ թվում՝անչափահասների, տրամադրել է Մերձավանի տարածքում անհատույց հողամասեր ստանալու վերաբերյալ կեղծ քաղվածքներ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 325-րդ հոդվածի 1-ին մասերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ Մերձավան համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, 2007-2008թթ. ընթացքում կեղծ քաղվածքներ է տրամադրել այն մասին, որ Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի 29.09.1990թ. որոշմամբ՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձինք ստացել են տարբեր չափերի տնամերձ հողամասեր, որոնց հիման վրա վերջիններս ՀՀ կադաստրի կոմիտեում հիշատակված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ՝ այդ կերպ համայնքին պատճառելով, նախնական տվյալներով, 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականում Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի նման որոշում գոյություն չունի, ըստ համայնքի սեփականությունից օգտված անձանց վերաբերյալ գոյություն ունեցող արձանագրության՝ վերոհիշյալ քաղաքացիների անվամբ հողհատկացումներ չեն իրականացվել, իսկ 2006-2010թթ. համայնքային գրքերի զննությամբ հաստատվել է, որ հիշյալ քաղաքացիները նույն համայնքում որպես առանձին ծուխ երբևէ հաշվառված չեն եղել և նրանց անուններով տվյալ մատյաններում որևէ տեղեկատվություն առկա չէ: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու, վերոհիշյալ քրեական գործին միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:27 - 11 նոյեմբերի, 2021
Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին․ Դիանա Գասպարյան

Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի’ բնակիչներ, Էջմիածինը և Ոսկեհատը բոլորիս տունն են: Մեր միասնական նպատակն է ապահովել մեր խոշորացվող համայնքի բնականոն զարգացումը, այն դարձնել առավել բարեկեցիկ, անվտանգ ու ապահով համայնքի բնակիչների և էլ ավելի գրավիչ՝ զբոսաշրջիկների համար։ Անցած տարիների ընթացքում Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն իր ներուժով, նպատակասլացությամբ ու աշխատասիրությամբ ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին: Քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների բնականոն զարգացումը, գործարարության և ներդրումների հոսքի խթանումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդնումը, հանգստի գոտիների ստեղծումը, մշակութային ու սպորտային ենթակառուցվածների բարելավումը առաջիկա հինգ տարիներին լինելու են իմ եւ մեր թիմի գործունեության հիմնական ուղղությունները:    Այս նպատակներն իրագործելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր թիմն ունի ձեզնից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։ Ձեր վստահության քվեի շնորհիվ մենք կկարողանանք ունենալ սոցիալապես ավելի պաշտպանված, տնտեսապես ավելի աշխույժ, ավելի բարեկարգ ու ավելի հյուընկալ համայնք»։
09:18 - 11 նոյեմբերի, 2021
Կոտայքում և Արմավիրում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, կլինեն նոր ավտոբուսներ․ Գնել Սանոսյան |armenpress.am|

Կոտայքում և Արմավիրում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, կլինեն նոր ավտոբուսներ․ Գնել Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Կոտայքի և Արմավիրի մարզերում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, մարզերում արդեն տրանսպորտային ընկերությունների մրցույթն ավարտվել է։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Վերջապես կարողացանք երկու մարզերում տրանսպորտային ցանցի մրցույթներ հայտարարել։ Երկու մարզում է հաջողվել իրականացնել՝ Կոտայքի մարզում մրցույթն ավարտվել է հոկտեմբերին և Արմավիրի մարզում նոյեմբերի 9-ին։ Առաջին մրցույթին մասնակիցներ չկային, ստիպված ենք եղել բաժանել ենք 2 լոտի, արդեն մասնակիցներ կան, գործընթացն էլ առաջ կգնա»,- նշեց Սանոսյանը։ Նախարարը ասաց, որ երկու մարզերն էլ կհամալրվեն նոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, կլինեն տարբեր երթուղիներ, որոնք կսպասարկեն բոլոր համայնքները։  «Հանրապետությունում առնվազն 200 բնակավայրերում ընդհանրապես որևէ հասարակական տրանսպորտային միջոց չկա, էլ չեմ խոսում այն մասին, որ ունենք բնակավայրեր, որտեղ տրանսպորտ կա, բայց կանոնավոր չէ կամ եղած գրաֆիկը մեր բնակիչներին չի բավարարում։ Մեր նպատակը այն է, որ կարողանանք Հանրապետության բոլոր բնակավայրերը որակյալ սպասարկել»,- եզրափակեց Սանոսյանը;
18:01 - 10 նոյեմբերի, 2021
Աղավնատուն համայնքում սպորտային համալիր է բացվել

Աղավնատուն համայնքում սպորտային համալիր է բացվել

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ Աղավնատուն համայնքում ներկա է գտնվել դպրոցի տարածքում կառուցված սպորտային համալիրի բացմանը: Արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև ատլետիկայի խաղահրապարակ, ուսուցողական վարժական հարմարությունների սրահ, հանդերձարաններ և 300 նստատեղ ունեցող սպորտային համալիրը կառուցվել է համայնքի բնակիչ, մոսկվայաբնակ Վահան Ավագյանի բարերարությամբ և կրում է Արզուման Շմավոնյանի և Կարեն Ներսիսյանի անունը: Մարզպետը համայնքի ղեկավարի և բարերարի ուղեկցությամբ շրջել է սպորտային համալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին՝ բարձր գնահատելով բարերարի ներդրումն ու այն համարելով առողջ սերունդ ունենալու կարևոր գրավական: Այնուհետև Համբարձում Մաթևոսյանը հանդես է եկել ելույթով՝ նախ իր խոնարհումը հայտնելով Արցախյան 44-օրյա պատերազմում Աղավնատուն համայնքից զոհված հերոս հայորդիների հիշատակին՝ ընդգծելով, որ պատերազմ կոչված արհավիրքից հետո անհրաժեշտ է եռակի, քառակի անգամ պարտավորված լինել ստեղծարար աշխատանքով արժանին մատուցելու հերոս նահատակներին: Թվարկելով միայն վերջին երեք տարում Աղավնատանը կառավարության աջակցությամբ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհաշինությանն ուղղված ծրագրերը՝ մարզպետը միաժամանակ կարևորել է բարերարների, մասնավոր հատվածի կողմից իրականացվող նմանատիպ ձեռնարկները, որոնք միտված են համայնքների զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Նախատեսված է համալիրում տեղադրել նաև ըմբշամարտի և ծանրամարտի համար անհրաժեշտ մարզական գույք:
10:17 - 02 հոկտեմբերի, 2021