Սահման

Հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են․ Թաթոյան

Հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են․ Թաթոյան

Հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են։ Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են։ Ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին անօրինական է, հանցավոր։ Առավել ևս այստեղ խոսքը Հայաստան ներխուժած զինված ծառայողների մասին է։ Ադրբեջանական այս սանձարձակ պահվածքը նաև այն բանի հետևանքն է, որ Հայաստանի իշխանությունը, հանուն քաղաքական շահերի, ամեն կերպ արդարացնում էր ադրբեջանական հանցանքները, ներխուժումները, հայտարարում, թե ադրբեջանական զինված ծառայողները ներկա են իրենց տարածքներում։ Ադրբեջանական իշխանությունն էլ օգտվում էր այս իրենց նվեր մատուցած հնարավորությունից, ամրապնդում իրենց դիրքերը։ Դրան զուգահեռ էլ առաջ էին բերում խաղաղության կեղծ հայտարություններ՝ միաժամանակ խորացնելով հայատյացությունն ու թշնամանքը»,- գրել է Թաթոյանը։ 
11:44 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանական ԶՈՒ կրակը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել

Ադրբեջանական ԶՈՒ կրակը 09:30-ի դրությամբ դադարել է. ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի: Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ:
10:20 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ առավոտյան «Հատուցում» գործողություն է իրականացրել Ներքին Հանդում

Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ առավոտյան «Հատուցում» գործողություն է իրականացրել Ներքին Հանդում

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարում է, որ առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։ Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ ժամը 05:30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ գործողության արդյունքում Ներքին Հանդում հայկական ԶՈՒ-ի «մարտական դիրք է ոչնչացվել»։ «Հայկական կողմի յուրաքանչյուր սադրանք, որն ուղղված է ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահմանի օպերատիվ իրադրության սրմանը, այսուհետ կպատասխանվի ավելի լուրջ և վճռական միջոցներով։ Կատարվածի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։
10:08 - 13 փետրվարի, 2024
Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցը, Հայաստանը՝ 32 գյուղերի, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքում․Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցը, Հայաստանը՝ 32 գյուղերի, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքում․Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցը, Հայաստանը՝ 32 գյուղերի, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստին։ «Մենք, քանի որ հավատարիմ ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունն ընդունելուն, ասում ենք՝ օկուպացված տարածքներ պետք է չլինեն։ Հետևաբար, որտեղ պարզվի՝ ՀՀ-ն է ինչ-որ տարածքներ հսկողության տակ պահում, որոնց Ադրբեջանին են պատկանում, ՀՀ-ն դուրս կգա, որտեղ պարզվի՝ Ադրբեջանը, իրենք պետք է դուրս գան։ Սա գործնականում հնարավոր չէ իրագործել առանց համաձայնեցված քարտեզի․ ինչպե՞ս որոշենք՝ սա ՀՀ տարածքն է, թե՞ Ադրբեջանի․ պետք է սեղանին դնել Ալմաթիի հռչակագրի դրույթները դե յուրե արտահայտող քարտեզներ և իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին», - ասել է Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ կակառակը նշանակում է ստեղծել մի իրավիճակ, որը անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը չի կարող խաղաղության հենք դառնալ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ադրբեջանական ութ գյուղերի հարցը, որոնք դեռևս «հայկական օկուպացիայի տակ են», մշտապես ուշադրության կենտրոնում են։  
21:15 - 13 հունվարի, 2024
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել

Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել

Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով՝ տպավորություն ենք ստանում, որ փորձ է արվում ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվեն հետագա պատերազմները․ սա տրամաբանությունից դուրս է։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստին։ «Մենք առաջարկում ենք զորքերը հայելային հետ քաշել, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը սա մերժում է, ասում ենք՝ եկեք սահմանային շրջանները ապառազմականացնենք, Ադրբեջանը մերժում է։  Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել․ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերեն և դրանց կատարման՝ մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան։ Սա իհարկե նոր բան է, բայց կարծում եմ՝ եթե մենք անկեղծ ուզում ենք գնալ խաղաղության, բոլոր հարցերը կարելի է հասցեագրել», - նշել է Փաշինյանը։
20:53 - 13 հունվարի, 2024
Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել․ Նիկոլ Փաշինյան

Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել․ Նիկոլ Փաշինյան

Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանի և Նախիջանի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել՝ և երկաթուղային, և ավտոճանապարհային։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում։ «Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում միջանցքային խոսույթ ձևավորվել ՀՀ տարածքի նկատմամբ, ընդ որում, երբ մենք ասում ենք՝ մի րոպե, դա նկրտում է ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, ասում են՝ դա միջազգայնորեն ընդունված խոսույթ է, կա «Հյուսիս-հարավ» միջանցք, Հարավային, Հյուսիսային միջանցք, կոնկրետ օրինակներ են բերում։ Ադրբեջանի պարագայում, օրինակ, ասում են՝ մենք էդ նույն խոսույթն օգտագործում ենք նաև Իրանի տարածքով միջանցքի տարածքով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ։ Մենք նախ ասում ենք՝ շատ լավ, եթե էդպես ա, գիտեք՝ հիմա այդ թեման կա՝ Ադրբեջան-Նախիջևան կապի, զուգահեռներ են տարվում Իրանի տարածքով այդ կապը ապահովելու մասին։ Մենք, որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք, սրան արձագանքում ենք, որ ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանի և Նախիջանի միջև նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել՝ և երկաթուղային, և ավտոճանապարհային»։ Փաշինյանի խոսքով՝ փորձ է արվում հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Նա նշում է՝ ըստ էության եռակողմ հայտարարության 2 կողմերը՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը, ստորագրման պահից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, ցույց են տվել, որ փաստաթուղթն իրենց համար այլևս գոյություն չունի: «Այն գործողությունները, որ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, ընդ որում ՌԴ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ, վկայությունն է այն բանի, որ իրենց համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չի կարող այնպես լինել, որ եռակողմ հայտարարության 2 կողմի համար այս փաստաթուղթը այլևս չկա, երրորդ կողմի համար այս փաստաթուղթը շարունակի գոյություն ունենալ»,- ասաց ՀՀ վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանից ասում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մենք հասանք նրան, որ արձանագրվի «Զանգեզուրի միջանցք» և, որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը: «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ երկուսից, ոչ մեկը չկա գրված, տենց բան ընդհանրապես գոյություն չունի: Ոչ մի տեղ գրված չէ, որ Ռուսաստանը Հայաստանի որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի, ընդհակառակը գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում: Եվ բանական է, ուրիշ ով պետք է ապահովի»,- ասաց նա: Փաշինյանը նաև նշեց, որ Ադրբեջանը արդեն 3 տարի Զանգեզուրի միջանցքի մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: «Ով, որ Զանգեզուրի միջանցք արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև: Ցավոք այդ պարգևը ոչ ոք չի կարող ստանալ, քանի որ այդպիսի հայտարարություն եռակողմ հայտարարության մեջ չկա»,- ասաց նա:
20:11 - 13 հունվարի, 2024
Վարչապետը Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության գործընթացին լրջագույն հարված է համարում
 |armenpress.am|

Վարչապետը Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության գործընթացին լրջագույն հարված է համարում |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ Վարչապետն այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվեց Գավառ քաղաքում: «Իմ գնահատմամբ՝ վերջին շրջանում Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ Ի՞նչու՝ մի քանի պատճառներով։ Պատճառներից առաջինը հետևյալն է, որ, ինչպես գիտեք, մենք մի քանի անգամ հրապարակային արձանագրված պայմանավորվել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ՀՍՍՀ-ի տարածքը և Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան, ինչքան եղել է ԱՍՍՀ-ի տարածքը։ Ալմա-Աթայի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ Խորհրդային Միությունը փլուզվեց և խորհրդային այն հանրապետությունները, որոնք միացել են Ալմա-Աթայի հռչակագրին, իրենք իրենց տարածքներով ձեռք են բերում անկախություն և խորհրդային պետությունների միջև ունեցած ադմինիստրատիվ սահմաններ դառնում են պետական սահմաններ։ Սա նշանակում է, որ սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ։ Այսինքն՝ մեր դելիմիտացիայի հանձնաժողովները ոչ թե պետք է գնան սահման ստեղծեն, այլ իրենք պետք է վերաարտահայտեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին»,-ընդգծեց վարչապետը։ Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրվել են և՛ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման արդյունքում ընդունված քառակողմ հայտարարությունում, և՛ նույն ամսվա ընթացքում Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և՛ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ «Ի՞նչու եմ հարված համարում վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որովհետև այն, ինչ նրանք ասում են ամենաբարձր մակարդակով, ուղիղ հակասում է այս տրամաբանությանը և այս պայմանավորվածությանը»,-ասաց վարչապետը։ Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, որը նա համարեց բացարձակապես անընդունելի:
19:27 - 13 հունվարի, 2024
Հայաստան-Ադրբեջան սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությունն ուժի մեջ է. ՀՀ ԱԳՆ |armeniasputnik.am|

Հայաստան-Ադրբեջան սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությունն ուժի մեջ է. ՀՀ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ: «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում հայկական կողմը մշտապես հանդես է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ, և դա շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում: «Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ զորքերի հայելային հետքաշումը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից` հիմք ընդունելով Խորհդային Միության Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզները»,–նշված է հաղորդագրության մեջ: ԱԳՆ-ից չեն մեկնաբանել, թե խաղաղության պայմանագրի որ ձևակերպումների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն հասել վերջնական համաձայնության։ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ Հայաստանի համար առաջնային է երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա: Նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Բաքուն և Երևանը քննարկում են պայմանական սահմանից զորքերը դուրս բերելու հայկական նախաձեռնությունը։ Բաքուն մերժել էր այս առաջարկը։
17:43 - 06 հունվարի, 2024
Շարունակում ենք դիտարկել Հայաստանի անվտանգային դրությունը․ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ուղերձ է հղել |news.am|

Շարունակում ենք դիտարկել Հայաստանի անվտանգային դրությունը․ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ուղերձ է հղել |news.am|

news.am: ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն Ամանորին ընդառաջ ուղերձ է հղել․ «Ամանորին ընդառաջ իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Հայաստանին և պայծառ հայ մարդկանց։ Անցյալում ենք թողնում ևս մեկ դժվարություններով լի տարի։ Անցնող տարին հագեցած էր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրված ջանքերով, միաժամանակ՝ հստակ գիտակցմամբ, որ դրան հասնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու։    Անցնող տարվա ընթացքում մենք շարունակել ենք գործընկերների հետ տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև դժվարին հանգամանքներում Հայաստանի Հանրապետությանը ժողովրդավարության, բարեփոխումների և բարեկեցության ապահովման գործում աջակցությանն ուղղված աշխատանքը։ Այս տարի մենք ականատես եղանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության հիմնադրմանը։ Եվրոպական միության Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ներքո  ստեղծված քաղաքացիական առաքելությունը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում և շարունակում է դիտարկել անվտանգային դրությունը, և միաժամանակ նպաստում մարդկանց անվտանգությանը և տարածաշրջանում վստահության կառուցմանը։ Եվրոպական միությունն անհրաժեշտ մարդասիրական աջակցություն է տրամադրել՝ օգնելու հաղթահարել պատերազմի և տեղահանության հետևանքները։ Արձագանքել ենք սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած հայերի հրատապ կարիքներին և շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել։ Արձագանքելով նրանց կարիքներին՝ Եվրոպական միությունը և անդամ պետություններն ուղարկել են ավելի քան 50 մլն եվրո օժանդակություն։ Ցանկանում եմ ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված աշխատանքն՝ ուղղված տեղահանված անձանց աջակցությանը և ինտեգրմանը:   Մենք աշխատում ենք նաև Սյունիքի մարզում՝ դիմակայունության ամրապնդման և առկա ներուժը բացահայտելու նպատակով՝ ներդրումներ կատարելով կրթության, տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների ուղղությամբ։  Հավատարիմ լինելով «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ոգուն՝ մարզում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների և գործընկերների կողմից իրականացվում են ավելի քան 110 մլն եվրո արժողությամբ ներդրումներ։ Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը միմյանց հետ կապված են ընդհանուր քաղաքական արժեհամակարգով և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությամբ։  Հընթացս՝ ուսումնասիրում ենք բոլոր հարթություններում գոյություն ունեցող մեր հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները։ Մենք էապես նոր մակարդակի կբարձրացնենք  անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կամրապնդենք տնտեսության ոլորտում մեր համատեղ աշխատանքը՝ նոր հնարավորություններ առաջարկելով ՀՀ քաղաքացիներին և հայաստանյան ընկերություններին։    Տնտեսական և ներդրումների պլանին համահունչ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի, կանաչ և թվային անցման ուղղությամբ ներդրումներին նույնպես նոր թափ կհաղորդենք՝ նպատակ ունենալով ամրապնդել միակցվածությունն ու մրցունակությունը։   Այդ նպատակով Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև արդեն գործարկել ենք ներդրումների համակարգման հարթակը։ Սիրելի՛ հայ ժողովուրդ, Եվրոպական միությունն ուսը` ուսի նեցուկ է ձեզ։  Օրըստօրե ի ցույց ենք դնում Եվրոպական միության քաղաքացիների համերաշխությունը Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Աջակցում ենք բարեփոխումներին և ներդրումներին։ Աջակցում ենք հայ ժողովրդի ստեղծարար ներուժի և տաղանդի դրսևորմանը։ Թող այս Նոր տարին բոլորիս ավելի լավը դարձնի և հզորացնի, ամրապնդի խաղաղ և բարգավաճող տարածաշրջանում ավելի լավ ապագա կառուցելու մեր վճռականությունը։ Շնորհակալություն»:
18:29 - 01 հունվարի, 2024