ՀՀ զինված ուժեր

Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն:

Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։ ՀՀ զինված ուժերը կազմված են հետեւյալ մասնագիտացված զորքերից. ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր, հակաօդային պաշտպանության զորքեր: Ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետեւյալ զորատեսակներից. մոտոհրաձգային զորքեր, տանկային զորքեր, հրթիռային զորքեր եւ հրետանի, օդադեսանտային զորքեր, ինժեներական զորքեր, կապի զորքեր։

Զինված ուժերը կառավարվում են Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի կողմից։ Գործող պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն է, Գլխավոր շտաբի պետը՝ Օնիկ Գասպարյանը։ Ռազմական դրության եւ պատերազմի պայմաններում զինված ուժերը ենթարկվում են վարչապետին։

Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասում նսեմացրել են նորակոչիկին․ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ․ Թագուհի Թովմասյան

Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասում նսեմացրել են նորակոչիկին․ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել։ Անմիջապես հանձնարարել եմ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագտներին կապ հաստատել թե՛ Պաշտպանության նախարարության, թե՛ զինվորի հարազատների հետ։ Նորակոչիկի հարազատները նշել են, որ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան և ևս երկու զինվորի ստիպել են մաքրություն իրականացնել, իրենք հրաժարվել են, որի արդյունքում ծեծել են, թույլ չեն տվել ճաշարանից օգտվել, քնել, ջուր խմել և այլն: Զինվորը կապ է հաստատել հարազատների հետ, պատմել հանգամանքները, որից հետո զինվորի հետ կապը կորել է․ վերջինս փախուստի է դիմել, իսկ ծեծի մասին ահազանգել է 2-րդ զինվորը։ Հարազատները պատմել են նաև, որ ՊՆ-ն և տվյալ զորամասի հրամանատարական կազմը ներողություն են խնդրել իրենցից, ընդունել են, որ տարածքում մաքրություն անելու պարտադրանք եղել է, իրենց խոսքով, մեկ անգամ խփել են զինվորին, բայց սանհանգույցի մաքրության մասին խոսք չի գնացել։ Կապ ենք հաստատել նաև ՊՆ Մարդու իրավունքների բարեվարքության վարչության պետի հետ, ով հայտնել է, որ տեղյակ է խնդրից, խոսել է Կապանի ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ․ զինվորին միայն հորդորել են մաքրել իրեն հատկացված տարածքը, այլ պարտադրանք և ծեծ չի եղել։ Դեպքի առթիվ ծառայողական քննություն է ընթանում։ Իսկ զինվորի գտնվելու վայրը հայտնի չէ։ Մեր փորձագետները զրուցել են նաև Կապանի զորամասի հրամանատարի հետ, ով պատմել է, որ զինվորը բոլորի ներկայությամբ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում մաքրություն իրականացնել, որից հետո հրամանատարը հրավիրել է զինվորներին իր աշխատասենյակ, բացատրական աշխատանքներ է իրականացրել, զինվորների ներկայությամբ հրամանատարն անձամբ մաքրել է իր սենյակը՝ ցույց տալու համար, որ դա յուրաքանչյուրի պարտականությունն է, և պարսավելի ոչինչ չկա, որի արդյունքում էլ նորակոչիկները վստահեցրել են, թե նման խնդիր այլևս չի լինի, սակայն աշխատասենյակը լքելուց հետո, երբ վաշտի հրամանատարը նրանց հորդորել է իրենց հատկացված տարածքը մաքրել, նրանք հրաժարվել են, և վերոնշյալ զինվորը լքել է զորամասը։ Լսելով բոլոր կողմերի բացատրությունները, պետք է արձանագրել, որ նման դեպքերը բանակում անթույլատրելի են և պետք է իսպառ վերացվեն: Համաձայն Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքի 1-3 հոդվածների պահանջների՝ զորամասում զինծառայողների ամենօրյա կյանքն ու գործունեությունն իրականացվում է ներքին ծառայության պահանջներին համապատասխան։ Զինվորական ծառայության կատարման սկզբում զինծառայողը կարիք ունի հատուկ ուշադրության: Հրամանատարների (պետերի) խիստ վերահսկողությունը և նրանց անձնական օրինակը օգնում են զինծառայողին արագորեն ընկալելու ներքին ծառայության կանոնները: Համաձայն Օրենքի 13-րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով: Ի թիվս այլնի՝ զինծառայողը պարտավոր է՝ բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից: Ինչ վերաբերվում է զորամասում զինվորների կողմից մաքրության ապահովմանը, գտնում եմ, որ այդ աշխատանքների կատարումը պետք է կազմակերպվի Օրենքի դրույթներին խիստ համապատասխան՝ հարգելով յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված), ինչպես նաև խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը սահմանող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դրույթները»:
11:18 - 03 փետրվարի, 2022
Գերությունից վերադարձած ևս մեկ զինծառայող ազատ կարձակվի․ կալանքը երկարացնելու միջնորդությունը մերժվել է |factor.am|

Գերությունից վերադարձած ևս մեկ զինծառայող ազատ կարձակվի․ կալանքը երկարացնելու միջնորդությունը մերժվել է |factor.am|

factor.am: Նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը փետրվարի 6-ին կլինի ազատության մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է Արամյանի պաշտպանի Արա Կարապետյանը։ «Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողն ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը։ Հարգանքներս Արենի համար բոլոր մտահոգ անձանց»,- նշել է փաստաբանը։ Դեկտեմբերի 6-ին Արեն Արամյանը ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ապա վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
17:15 - 01 փետրվարի, 2022
Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ. ՄԻՊ

Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ. ՄԻՊ

Հայաստանում կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ, չկան երաշխիքներ ամուսնացած կամ հղի կանանց համար: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ օրենսդրությունը հիմնականում սեռով պայմանավորված չեզոք է, սակայն հստակ երաշխիքների պակասը (նաև բացակայությունը) բերում է նրան, որ գործնականում ոչ միշտ են հաշվի առնվում սեռային առանձնահատկությունները Զինված ուժերում: Սա կին զինծառայողներին հաճախ է կանգնեցնում խոչընդոտների առջև: ՄԻՊ-ը պնդում է, որ օրենքը պետք է լրացուցիչ երաշխիքներ նախատեսի զինվորական ծառայություն անցնող կանանց համար: «Չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների:  Թեև Հայաստանում կանայք կրթությամբ չեն զիջում տղամարդկանց՝ Զինված ուժերում կին զինծառայողների տոկոսային հարաբերակցությունը՝ տղամարդ զինծառայողների համեմատությամբ, բավական ցածր է: Այս մասին են վկայում նաև Պաշտպանության նախարարության տվյալները: Զինված ուժերում ներգրավվածության փորձի բացակայության պարագայում կանայք ավելի քիչ են հնարավորություն ունենանում արտահայտելու իրենց կարծիքը անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Շատ ժամանակ նրանք ներգրավված չեն զինվորական ստորաբաժանումներում որոշումների կայացմանը: Դրանից բացի, հասարակությունում կա կարծրատիպային վերաբերմունք կին զինծառայողների նկատմամբ, և կանայք բավարար կերպով ներկայացված չեն զինվորական բարձր պաշտոններում: Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Կանայք առավել մեծ թիվ են կազմում միայն շարքային կազմի և ավագ ենթասպայական կազմի պաշտոններում, մինչդեռ սպայական կազմում կին զինծառայողների հարաբերակցությունը բավական ցածր է»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ կին զինծառայողները բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս: Այս մտահոգության մասին զորամասեր այցերի և  առանձնազրույցների ընթացքում ՄԻՊ-ին հայտնել են հենց կին զինծառայողները:  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Սա այն խոչընդոտներից է, որի պատճառով կին զինծառայողները բավարար ներկայացված չեն բարձր պաշտոններում և հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Բացի այդ, նշված սահմանափակման հետևանքով կին զինծառայողները կարող են կանգնել մի կողմից՝ ընտանիք և երեխաներ, մյուս կողմից՝ աշխատանք և աշխատանքում առաջընթաց ունենալու երկընտրանքի առաջ: Զինվորական օրենսդրությամբ առկա չեն խրախուսական նորմեր այն կին զինծառայողների համար, ովքեր ունեն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից օգտվելու հնարավորություն, սակայն ծառայելու նպատակով այդ արձակուրդից իրենց ցանկությամբ չեն օգտվել: Հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ: Մինչդեռ, հղի կանանց համազգեստի հարմարավետության տեսանկյունից, հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը, ճիշտ կլինի նրանց համար նախատեսել հատուկ համազգեստ: Որևէ իրավական ակտում հրապարակված չեն, թե որոնք են կանանց համար հասանելի զինվորական հաշվառման ենթակա մասնագիտությունները, ինչը խոչընդոտ է կանանց համար զինվորական հաշվառման նպատակով դիմելու և հետագայում զինվորական ծառայություն անցնելու համար: Կանանց զինվորական ծառայության խրախուսման տեսանկյունից կարևոր կլինի նաև ընդհանրապես ընտանեկան կյանքի առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդրության վերանայումը: Օրինակ՝ համատեղ ծառայության բավարար օրենսդրական երաշխիքներ առկա չեն զինծառայող և քաղաքացիական ծառայող, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսինների համար: «Միևնույն ժամանակ, առկա չեն օրենսդրական երաշխիքներ պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում նույն զորամասում քաղաքացիական հաստիք զբաղեցնող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ ծառայության նոր վայր տեղափոխելու, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում մյուս ամուսնուն հնարավորին մոտ զորամասում ծառայության տեղափոխելու վերաբերյալ: Նախատեսված չէ նաև զինծառայողին մինչև վեց ամիս ժամկետով վերապատրաստման գործուղելու դեպքում զինծառայող հանդիսացող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ գործուղելու կամ դրա անհնարինության դեպքում՝ չվճարվող արձակուրդ տրամադրելու հնարավորություն: Ամուսինները ստիպված են ընտրություն կատարել՝ կամ հրաժարվել վերապատրաստման գործուղումից, կամ վերապատրաստման գործուղման ժամանակահատվածում բնակվել առանձին կամ վերապատրաստման գործուղվող զինծառայողի ամուսինը (կինը) ստիպված է ազատվել զինվորական ծառայությունից, որպեսզի ամուսնու (կնոջ) հետ միասին բնակվի»,-ասված է հաղորդագրությունում: Վերը նշված խնդիրները տարիներ շարունակ բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես տարեկան հաղորդումներով, այնպես էլ Պաշտպանության նախարարության և ԶՈՒ Գլխավոր շտաբի հետ քննարկումների ժամանակ: ՄԻՊ-ը համապատասխան առաջարակները կուղարկի Ազգային ժողով, այդ թվում՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, խմբակցություններին, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:
12:28 - 01 փետրվարի, 2022
21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից․ ՔԿ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, 2021 թվականի նոյեմբերի 16-ին իրականացնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու և ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես դիրքի ավագ, իսկ պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը, համապատասխանաբար, 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին։ Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են հայկական կողմին, ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանի Հանրապետությունում: Քրեական վարույթի շրջանակներում Գ.Գ.-ին, Ն.Ե.-ին և Ս.Մ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։ Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: 2022 թվականի հունվարի 27-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: 
11:44 - 01 փետրվարի, 2022
ԶՈւ զորամիավորումներում անցկացվել են Բանակի օրվան նվիրված միջոցառումներ

ԶՈւ զորամիավորումներում անցկացվել են Բանակի օրվան նվիրված միջոցառումներ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ։ Անցկացվել են հանդիսավոր տողաններ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։ Զորամասերի մշտական տեղակայման վայրերին մոտ գտնվող եկեղեցիներում ու մատուռներում և «Եռաբլուր» զիվորական պանթեոնում կատարվել են մոմավառության արարողություններ։ Զինծառայողները «Եռաբլուրում» և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել  հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Կազմակերպված միջոցառումներին մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հոգևորականներ, զինծառայողների հարազատներ։
16:51 - 29 հունվարի, 2022
Պողոս Պողոսյանը և Սահակ Օհանյանը ազատվել են ԶՈՒ-երում զբաղեցրած պաշտոններից

Պողոս Պողոսյանը և Սահակ Օհանյանը ազատվել են ԶՈՒ-երում զբաղեցրած պաշտոններից

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ Պողոս Պողոսյանը և Սահակ Օհանյանը ազատվել են ԶՈՒ-երում զբաղեցրած պաշտոններից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Պողոս Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Սահակ Օհանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից»,-ասված է նախագահի մեկ այլ հրամանագրում:
20:40 - 13 սեպտեմբերի, 2021
Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի․ Նիկոլ Փաշինյան

Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին ներկայացնելուց հետո անդրադարձել է նաև մի շարք օրակարգային խնդիրների։  Վարչապետը լավ առիթ է համարել հանդիպումը և տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ ԶՈՒ հրամկազմի հետ կիսվել է տեսակետներով և տեղեկատվությամբ: «Ուզում եմ արձանագրել, որ, ըստ էության, Ադրբեջանը շարունակում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եվ այդ քաղաքականության առանձնահատկությունը հետևյալն է՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծել է մի օրակարգ, և ինքը, ըստ էության, պարտադրում է այդ օրակարգը: Այսինքն՝ այդպիսի տպավորություն է ուզում ստեղծել: Պիտի արձանագրենք, որ մենք մեր սեփական օրակարգն ունենք, և Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, եղել է և շարունակում է մնալ իր միջազգային պարտավորությունների շրջանակում: Եվ մի նրբության մասին նաև պիտի ձեզ տեղյակ պահեմ, որ այդ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը փորձում է սեփական մեկնաբանությունները ներկայացնել, և ինչպես բազմիցս եմ ասել, նպատակն այդ օրակարգի հարցերի լուծման վիժեցումն է: Այսինքն՝ իրականում փորձ է արվում հնարավորություն չտալ լուծել հարցեր, որոնք գտնվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում»,- ասել է վարչապետը և անդրադարձել կոնկրետ մի քանի կետերի: «Գիտեք, որ նաև նախընտրական շրջանում բազմիցս խոսել եմ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման թեմայի շուրջ: Եվ սա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկն է: Ուզում եմ շատ հստակ լինի և կարծում եմ հրապարակային հայտարարություններից էլ բոլորդ այդ եզրակացություններն արել եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Եվ ի՞նչ է անում Ադրբեջանը. փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար: Նկատի ունեմ, մասնավորապես՝ միջանցքի մասին խոսակցությունները: Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ: Շատ է խոսվում այն մասին, նաև՝ քաղաքական դաշտում շահարկումներ են տեղի ունենում, թե կան հայտարարություններին կից ինչ-որ գաղտնի արձանագրություններ, գաղտնի պայմանավորվածություններ: Բացարձակապես որևէ նման բան չկա: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ դուք բոլորդ դա իմանաք: Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա այդպիսի պայմանավորվածություն: Եվ դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: Ի՞նչ է գրված այդ հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել: Ինչո՞ւ ենք ընդունել այդ օրակարգը: Դա էլ եմ ուզում ասել: Որովհետև Ադրբեջանի վերջին՝ համարյա 30 տարվա քաղաքականությունը եղել է Հայաստանի շրջափակումը: Այսինքն՝ կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք Հայաստանի Հայրապետությունը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա: Այսինքն՝ Հայաստանի ապաշրջափակում տեղի չունենա: Սա շատ պարզ տրամաբանություն է: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս այս նրբություններն արձանագրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հաջորդիվ վարչապետն անդրադարձել է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմային: «Նախընտրական շրջանում ես էլի մի քանի անգամ ասել եմ, որ սա մեր օրակարգն է: Եվ դուք հիշում եք այդ, այսպես ասած, «սարսափազդու» փաստաթղթի արտահոսքի պայմաններում և օրերին կառավարության նիստում ես հայտարարեցի, որ մենք ընդունում ենք այդ օրակարգը և ընդունելու ենք այդ օրակարգը: Դա նաև մեր օրակարգն է, որովհետև ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: Եվ ես շարունակում եմ այս դիրքորոշումն ունենալ: Նախկինում էլ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ մենք ասել ենք, որ մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը: Եվ մենք այն ժամանակ հենց այս պայմաններն էինք առաջադրել՝ այդ խնդիրը լուծելու և այդ ճանապարհով առաջ գնալու համար: Հայաստանի դիրքորոշումները, կարծում եմ, համահունչ են և արտահայտված են միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որն արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նոյեմբերից հետո հրապարակված մի քանի հայտարարություններով: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ապրիլի 13-ի հայտարարությամբ, արձանագրել են կարգավորման անհրաժեշտությունը կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այսինքն՝ ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի հստակ արձանագրենք, որ միջազգային հանրությունն ինքն է արձանագրում կոնֆլիկտի լուծման անհրաժեշտությունը, հետևաբար արձանագրում է կոնֆլիկտի գոյությունը: Եվ այս առումով էլ պիտի արձանագրեմ, որ մեր մոտեցումները և դիրքորոշումները խնդրի գոյության հատվածով, համահունչ են միջազգային հանրությանը»,- նշել է վարչապետը:
21:20 - 03 օգոստոսի, 2021
ԶՈՒ բարեփոխումների գործընթացն իրականացնել առավելագույն թափով. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

ԶՈՒ բարեփոխումների գործընթացն իրականացնել առավելագույն թափով. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին:    Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և շնորհավորել Արշակ Կարապետյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Վարչապետը նշել է, որ ինչպես Վաղարշակ Հարությունյանը, այնպես էլ Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում: «Ես խոսում եմ տարածաշրջանի  իրադրության մասին, որը, ցավոք, չենք կարող կայուն համարել: Բայց նաև կարծում եմ, որ սա լավ առիթ է, որպեսզի ես որոշ նկատառումներ ներկայացնեմ այդ կապակցությամբ: Առաջինը՝ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ: Գիտեք նաև, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: Եվ այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար: Ուզում եմ արձանագրել՝ մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետևյալը. քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք  այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն՝ պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել են մանդատ՝ Հայաստանի Հանրապետության և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ: «Մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու համար, բայց պիտի արձանագրենք, որ, ցավոք, դա միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված: Սա է ամբողջ խնդիրը: Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված և կախված է նրանից, թե մեր և միջազգային հանրության ջանքերով ինչքանով կկարողանանք տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին բերել կառուցողական դաշտ, բայց մյուս կողմից մենք պետք է ընդունենք նաև այդ օրակարգը, որ մենք էլ մեր հերթին պետք է լինենք մաքսիմալ կառուցողական, որպեսզի ժողովրդից ստացած մանդատը կարողանանք իրացնել, իհարկե ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մեծագույն խնդիրն է՝ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը: «Մենք բոլորս շատ մեծ պատասխանատվության տակ ենք և պետք է կրենք այդ պատասխանատվությունը: Փաստն այն է, որ ճակատագիրը հենց մեր վրա է դրել, այս օրակարգն առաջադրել և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից: Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում: Իհարկե, մենք իրար հետ աշխատում ենք արդեն բավականին երկար ժամանակ, գործնականում ավելի քան 2 տարի և հույս ունեմ, որ նաև մեր համատեղ աշխատանքի պատմությունը կօգնի մեզ, որպեսզի Պաշտպանության նախարարությունը և կառավարության մյուս մարմիններն ու Զինված ուժերը սինքրոն գործեն:  Հետևաբար` ես մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին»,- ասել է վարչապետը: Նշվում է, որ, իր հերթին, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ունենք ռազմաքաղաքական իրավիճակ, որը պարտադրում է մեզ ունենալ մարտունակ բանակ: «Կարևորագույն խնդիրն է այսօր՝ ավարտին հասցնել մեր բարեփոխումները: Դա է այն երաշխիքը, որ կապահովի մեր պետության անվտանգությունը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ ծառայության համար և մաղթել բարի ծառայություն: Ես մնում եմ ձեր շարքերում»,- ասել է նա:  ՀՀ վարչապետի աշխատակազմը հաղորդում է, որ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը նշել է. «Պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ: Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք  ստանձնում այս պաշտոնները և չենք վերաբերվում դրանց որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում հակառակորդի ոտնձգություններից խաղաղություն ապահովենք, մենք ամեն ինչ անելու ենք մեր սահմանները պաշտպանելու և արդեն նախաձեռնված ներդրումների և բարեփոխումների շնորհիվ հայկական բանակի  ռեսուրսները վերականգնելու համար, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն կարողանա լինել տարածաշրջանում իր համբավն ունեցող, հզոր բանակներից մեկը: Շնորհակալություն վստահության համար, մեզ բոլորիս ցանկանում եմ այդ գործում հաջողություն: Աստված մեզ պահապան»: Ամփոփելով հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աստված մեզ ուժ ու կամք տա, որպեսզի մենք մեր ժողովրդի, մեր պետական ազգային նպատակներն իրագործենք»:   
21:07 - 03 օգոստոսի, 2021
ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածի մարտական դիրքերում կանգնած են լեգենդար ջոկի հրամանատարներ |armenpress.am|

ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածի մարտական դիրքերում կանգնած են լեգենդար ջոկի հրամանատարներ |armenpress.am|

armenpress.am: 2-րդ բանակային կորպուսի պաշտպանության գոտու մարտական դիրքերում կանգնած զինծառայողների մարտական ոգին բարձր է, և նրանք ամեն վայրկյան պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Աս մասին ասաց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը, ով ներկայացնում էր Սոթք հանքավայրի մոտ գտնվող նոր մարտական դիրքերից մեկը։ «Հավաստիացնում եմ, որ զինծառայողների մարտական ոգին բարձր է։ Մարտական դիրքերում կանգնած են լեգենդար ջոկի հրամանատարներ, որոնց սխրանքները կմնան պատմության մեջ։ Պատերազմի ժամանակ իրենք իսկ ղեկավարել են մարտական գործողությունները»,- ընդգծեց Պետրոսյանը։ Հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Վարուժան Թումանյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է և պաշտպանել է Քարվաճառի «Հովազ-1» մարտական դիրքը, պատմում է, որ մինչև պատերազմի ավարտը մնացել են իրենց դիրքում կանգուն։ «Երբ սկսվեց պատերազմը Քարվաճառի զորամասերից մեկում էի։ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին մեր դիվիզիոնի վրա, տագնապով բարձրացանք դիրքեր։ Ես «Հովազ-1» մարտական դիրքն եմ պաշտպանել, հակառակորդին հաջողվել էր այն գրավել, սակայն մենք հակագրոհով հետ ենք վերցրել դիրքը ու մինչև պատերազմի ավարտը եղել ենք այդ դիրքում»,- ասաց Թումանյանը։ Ժամկետային զինծառայողը նշեց, որ պատերազմի ընթացքում իրեն հոգեպես ուժեր տալիս ժողովրդի օգնությունը, հրամանատարների խոսքերը։  «Նոյեմբերի 9-ից հետո տխուր էինք, ընկճված, սակայն շատ հարցերին ըմբռնումով էինք մոտեցել։ Ամեն ինչ կունենա իր ժամանակը, մի փոքր ուժեղանանք՝ մեր ուզածով կլինի։ Իհարկե, հավատում եմ՝ կորցրած տարածքները հետ ենք բերելու, ուղղակի ժամանակ է պետք ուժեղանալու համար»,- նշեց Թումանյանը։ Վարուժանին մնացել է ծառայելու 30 օր։ Հարցին, թե ինչ կտանի իր հետ ծառայությունից, Վարուժանը պատասխանեց, որ լավ ընկերներ ու հիշողություններ։
13:22 - 12 հունիսի, 2021
Պատերազմում վիրավորվածների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը կազմել է 1 տոկոս

 |armenpress.am|

Պատերազմում վիրավորվածների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը կազմել է 1 տոկոս |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը կազմել է 1 տոկոս, ինչը միջազգային վիճակագրական տվյալներից 5 անգամ ցածր է։ Մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Ավետիսյանը։ «Ռազմաբժշկական վարչությունում իրականացվել էր կառուցվածքային փոփոխություն՝ հիմնական շեշտը դրվել էր արագ արձագանքման, փոքր շարժական (մոբիլ) ծառայության վրա։ Դա հնարավորություն տվեց  պատերազմի ընթացքում մաքսիմալ մոտեցնել որակավորված բուժօգնության փուլը մարտի դաշտին, որի արդյունքում վիրավոր զինծառայողների շրջանում ունեցանք ներհոսպիտալային մահացության վիճակագրական տվյալներից մոտ 5 անգամ ցածր ցուցանիշ՝ մոտ 1 տոկոս»,- ընդգծեց Ավետիսյանը։ Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետի խոսքով՝ այդ ամենը որոշակի ռիսկ էր պարունակում, որովհետև վտանգվում էին որակավորված բժիշկների կյանքը, սակայն այլ ելք չկար։  
16:45 - 28 մարտի, 2021
Ներկայումս փաստացի բուժում է ստանում պատերազմի հետևանքով վիրավորված շուրջ 1500 զինծառայող

 |armenpress.am|

Ներկայումս փաստացի բուժում է ստանում պատերազմի հետևանքով վիրավորված շուրջ 1500 զինծառայող |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ Մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը՝ ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։ Գնդապետ Փաշիկյանը ընդգծեց, որ պատերազմի օրերին մեծ ծանրաբերվածությամբ է աշխատել բժշկական անձնակազմը։ «55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորվումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր  վիրավորումներ»,- ասաց Փաշիկյանը։   ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն իր հերթին նշեց, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։ «Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից»,- պարզաբանեց Օհանյանը։
15:06 - 28 մարտի, 2021
Վաղարշակ Հարությունյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն

Վաղարշակ Հարությունյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին, բանակի վերափոխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու ընթացիկ բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։  Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանցով պայմանավորված՝ ժամանակակից մարտահրավերներին։  Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները հանդես են եկել  զեկույցներով, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ: Բարձրացված հարցերի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով։ Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը քննարկված խնդիրների լուծման վերաբերյալ տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ 
19:28 - 16 մարտի, 2021