Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Մխիթար Հայրապետյանը։

ԱԲ գործիքների կիրառումն արագացնելու է հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման գործընթացը. մեկնարկել է AI Conf 2024-ը

ԱԲ գործիքների կիրառումն արագացնելու է հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման գործընթացը. մեկնարկել է AI Conf 2024-ը

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  հոկտեմբերի 12-ին մեկնարկել է «Krisp» ընկերության կողմից կազմակեպված  AI Conf 2024-ը,  որն այս տարի անցկացվում է «Building with AI»՝ «Կառուցելով արհեստական բանականությամբ» խորագրով: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ Բացման հանդիսությանը ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։Նախարարն ընդգծել է, որ մեր երկրի համար ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիաներից մեկն է։ Նա նշել է՝ մեծ հնարավորություններ կան՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների մեջ մեծ ռեսուրսներ գեներացնելով, դրանք ճիշտ, արդյունավետ կիրառելով թռիչքային աճ ապահովել Հայաստանի տնտեսության զարգացման համար։ «Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ, նոր կրթական ծրագրեր, նոր ենթակառուցվածքներ, ԱԲ սուպերհամակարգչային կենտրոններ, գիտահետազոտական խմբեր, որոնք կենտրոնացված են լինելու հենց ԱԲ գործիքներով բարդ լուծումներ գեներացնելու ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ և՛ կառավարությունը, և՛ մասնավոր հատվածն ունեն այս ընկալումն, ինչը լավատեսություն է ներշնչում»,- ասել  է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ հանրային կառավարման ռեֆորմների, թվային փոխակերպման քաղաքականության մեջ  ԱԲ գործիքների ներդրումն ու  կիրառումը գալիս է ավելի որակյալ դարձնելու կառավարությունների որոշումները, խնայելու ժամանակ, ապահովելու  կանխատեսելի լուծումներ և արդյունավետ կառավարում։Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «Krisp»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, ընդգծել, որ ԱԲ-ն ամենակարևոր տեխնոլոգիան Է աշխարհում և այն մարդիկ, կազմակերպությունները և կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել ԱԲ-ն՝ շատ ավելի առաջ կգնան, ավելի մրցակցային կլինեն։ «Այստեղ ներկա են տարբեր ոլորտների՝ կառավարության, ուսումնական հաստատությունների, ֆինանսական, այլ ներկայացուցիչներ, և մեր հիմնական նպատակն է  հասկանալու, թե ինչպես է ԱԲ-ն ազդում բոլորի գործունեության, մեր կյանքի վրա և արդյոք մենք կկարողանանք այս մեծ հնարավորությունը ճիշտ օգտագործել»,- կարևորելով միջոցառման անցկացումը՝  ասել է Դավիթ Բաղդասարյանը։ Ներկաներին ողջունել է նաև Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն  և համահիմնադիր Հայկ Եսայանը։ Միջոցառման պաշտոնական արարողությունից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը շրջել է համաժողովի շրջանակում անցկացվող էքսպոյի տարածքով,  ծանոթացել ներկայացված ընկերություններին, քննարկել հնարավոր համագործակցության տարբերակներ։AI Conf Armenia-ն, որն իրականացվում է 2022 թվականից, արհեստական բանականության (ԱԲ) թեմայով Հայաստանի ամենամեծ համաժողովն է, որի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որը կխթանի նորարարությունը, կրթությունը` ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես ԱԲ նորարարությունների առաջատար: Համաժողովի ընթացքում կներկայացվեն  և կքննարկվեն  ԱԲ նորագույն միտումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ԱԲ նախագծերն ու հետազոտությունները։ Ելույթ կունենան ոլորտի առաջատար փորձագետներ, կիրառական հետազոտողների կողմից կանցկացվեն սեմինարներ, գործնական դասընթացներ, պանելային քննարկումներ «ԱԲ հեղափոխություն», «ԱԲ-ն կրթությունում»,  «ԱԲ-ն ՖինԹեք-ում», մի շարք այլ թեմաներով։ Համաժողովին մասնակցում են խոսնակներ այնպիսի հեղինակավոր ընկերություններից և կրթական հաստատություններից, ինչպիսիք են՝ Krisp-ը, Ucraft-ը, PicsArt-ը, PMI Science-ը, Team Telecom Armenia-ն և այլն։
19:25 - 12 հոկտեմբերի, 2024
Հայ ինժեներական ներուժը կարող է մեծ փոփոխություններ բերել համաշխարհային ասպարեզում, Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը |armenpress.am|

Հայ ինժեներական ներուժը կարող է մեծ փոփոխություններ բերել համաշխարհային ասպարեզում, Երևանում մեկնարկել է WCIT 2024 եռօրյա կոնգրեսը |armenpress.am|

armenpress.am: Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024) չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար:  Այդ կարծիքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեդիա զոնայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ շեշտելով, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու ՀՀ-ի հավակնությունները՝ դառնալու տարածաշրջանային տեխնոլոգիական կարևորագույն հաբ-կենտրոն: «Վերջին ամիսների ընթացքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մեր գործընկերները` Հայկ Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաև պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ համատեղ մեծածավալ աշխատանքի արդյունքում փորձել են երեք օր շարունակ Հայաստանն առաջարկել իբրև կարևորագույն կիզակետ տեխնոլոգիական քարտեզի վրա, և ես առավել քան վստահ եմ, որ այս երեք օրվա ընթացքում մենք ինքներս մեզ համար բացահայտելու ենք արհեստական բանականության կողմից մարդկությանը և առհասարակ տեխնոլոգիական աշխարհին առաջարկվող նոր հնարավորություններ, նոր գործիքակազմեր, որոնք գալիս են փոխելու և հեղափոխելու առհասարակ մեզ բոլորիս, մեր կյանքը, մեր մոլորակը: Առավել քան վստահ եմ, որ կոնգրեսը չափազանց կարևոր միջազգային հարթակ է լինելու նորանոր բացահայտումների համար»,- ասաց Մխիթար Հայրապետյանը: Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շան Սիան իր հերթին նշեց, որ 2019 թվականի կոնգրեսի օրերին կրկին հավաքվել էին Երևանում, հետևաբար ունեն բազմաթիվ հաճելի հիշողություններ: Նա տեղեկացրեց, որ WITSA-ն 28-րդ անգամ է կազմակերպում այս կոնգրեսը: Վերջին երկուսն անցկացվել էին ասիական երկրներում:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
12:43 - 05 հոկտեմբերի, 2024
Ռազմարդյունաբերոողների գործունեությունը կդյուրացվի. ԲՏԱՆ-ն 4 փոփոխություն է նախաձեռնել |1lurer.am|

Ռազմարդյունաբերոողների գործունեությունը կդյուրացվի. ԲՏԱՆ-ն 4 փոփոխություն է նախաձեռնել |1lurer.am|

1lurer.am: ԲՏԱՆ-ն առաջարկում է հիմնական 4 նոր գործառույթներով օժտել ռազմարդյունաբերական կոմիտեին՝ նպաստելու Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացմանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 1-ի նիստին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Նախարարը նախ հիշեցրեց՝ շուրջ 4,2 մլրդ դրամի բյուջե է նախատեսված ռազմարդյունաբերության ոլորտում նորարարությունների, նորագույն տեխնոլոգիաների խթանման համար: Ըստ զեկուցողի՝ այսօր էլ ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքներ կատարվում են, սակայն մի շարք իրավահարաբերություններ պետական ու ուժային կառույցների, մյուս կողմից՝ մասնավոր հատվածի միջև, կանոնակարգված չեն: Ուստի օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նախ կանոնակարգել դաշտը՝ հեշտացնելու այն ռազմարդյունաբերողների գործը, որոնք ցանկանում են պետական ֆինանսավորումից օգտվել: Կանոնակարգման ենթակա երկրորդ ուղղությունը վերաբերում է փորձանմուշների արտադրությանը: «Այս մասում ունենք 1,5 մլրդ դրամի համապատասխան բյուջե. սա նախատեսված է 2024 թվականի բյուջեով, սակայն որևէ մեխանիզմ սրա տակ դրված չէ: Մենք առաջարկում ենք օրենսդրական այս փոփոխություններով տալ մեզ գործիքակազմ՝ մշակելու մեխանիզմները, դրա տակ դնելու համակարգ»,- ասաց նախարարը և հավելեց, որ արդյունքում այն ռազմարդյունաբերողները, որոնք պատրաստ են պետական փորձարկման, կֆինանսավորվեն պետության կողմից: Երրորդ փոփոխությունը վերաբերում է պետական փորձարկումների գործընթացին. կվերացվեն արհեստածին, բյուրոկրատական այն խոչընդոտները, որոնք լրջորեն ազդում են պետական փորձարկման գործընթացի վրա: Այս համատեքստում նախարարը ներկայացրեց նաև պրակտիկայում գոյություն ունեցող մի երևույթ: «Պետական փորձարկման համար անհրաժեշտ անգամ մեկ փամփուշտի համար մենք Կառավարության առանձին որոշումների ենք տանում: Հետայսու մենք մտադիր ենք 2 նախարարների՝ ԲՏԱ նախարարի և պաշտպանության նախարարի հրամանով այս հարցը կարգավորել, որը մի քանի անգամ արագացնելու է պետական փորձարկումների տեմպերը»,- ասաց նախարարը: Չորրորդ ուղղությունը հնարավորություն է տալու պետական հաստատությանն արտակարգ իրավիճակներում, օգտագործելով պետական գործիքակազմը, ձեռք բերել ռազմական նշանակության հումք, արտադրանք, լրամասեր, բաղադրիչներ, նյութեր, որոնք հետագայում կմատակարարվեն մասնավոր հատվածի ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին, որովհետև այս ընկերությունները կաշկանդված են, երբ խոսքն արտերկրից նման գնումներին է վերաբերում:
14:22 - 01 հոկտեմբերի, 2024
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև ստորագրված Իրականացման պայմանագրի ծրագրի շրջանակում Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաստուդիայի հիմնարկեքի արարողությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը ծրագրի շրջանակներում Հանրային հեռուստաընկերությանը ցուցաբերված նշանակալից աջակցության համար: Այս համագործակցությունը, ըստ նախարարի, հերթական վկայումն է հայ-չինական բարեկամական հարաբերությունների: Նախարարն առանձնահատուկ կարևորել է ՀՀ կառավարության թվային փոխակերպման երկարաժամկետ ռազմավարության համար այսօրինակ ծրագրերն ու նախագծերը, որոնք գալիս են աջակցելու, ուժեղացնելու, հզորացնելու տեղեկատվական ոլորտում արտադրական կարողությունները: «Սա ոչ միայն ենթակառուցվածքներ կամ շենքեր կառուցելու, այլև նորարար միտք, նոր տեխնոլոգիաներ և թվային լուծումներ բերելու մասին է, ուստի շնորհավորում եմ Հանրային հեռուստաընկերությանն այսչափ կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ընդգծել է նախարարը: Ըստ աղբյուրի՝ ներկաներին ողջույնի խոսք է հղել նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը: Նա դեսպանատան անունից շնորհավորել է ներկաներին նախագծի մեկնարկի կապակցությամբ, անդրադարձել հայ-չինական բարեկամական հարաբերությունների կայուն և նպաստավոր զարգացմանը, համատեղ իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին: «Չինաստանը դիտարկում է Հայաստանը որպես լավ բարեկամ և գործընկեր՝ մեծապես կարևորելով Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Հավաստիացած եմ, որ Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման ավարտից հետո այն կդառնա երկու երկրների միջև բարեկամական համագործակցության ևս մեկ խորհրդանշական արդյունք՝ նպաստելով Հայաստանի տեղեկատվական միջոցների զարգացմանն ու մարդկանց կյանքի որակի բարելավմանը՝ հարստացնելով գործնական համագործակցության բովանդակությունը»,- ասել է գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նշվում է, որ երախտագիտության խոսքով հանդես է եկել նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Չինաստանի կառավարություններին այսօրինակ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ Մովսիսյանը շեշտել է, որ անկախության շրջանում սա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում կատարված ամենամեծ ներդրումն է: Հիմնարկեքի արարողությանը ելույթ է ունեցել նաև Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը: ՀՀ ԲՏԱ նախարարության տեղեկացմամբ՝ ելույթներից հետո հայկական և չինական կողմի ներկայացուցիչները Իրականացման պայմանագրի էջերով պարկուճը տեղադրել են նոր մասնաշենքի հիմքում՝ խորհրդանշելով լայնածավալ շինաշխատանքների պաշտոնական մեկնարկը: Հեռուստատաղավարն անկախ Հայաստանում կառուցվող ամենամեծ հեռուստաստուդիայի շենքն է. նախագիծն ընդգրկում է 7128 քմ հողատարածք, որտեղ կառուցվելու է 3210 քմ շինություն:  
21:57 - 30 սեպտեմբերի, 2024
«ԱՐԶՆԻ» ռազմական օդանավակայանում կայացել է Ավիամոդելային 2-րդ փառատոնը. ներկա է եղել ԲՏԱ նախարարի տեղակալը

«ԱՐԶՆԻ» ռազմական օդանավակայանում կայացել է Ավիամոդելային 2-րդ փառատոնը. ներկա է եղել ԲՏԱ նախարարի տեղակալը

ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ «ԱՐԶՆԻ» ռազմական օդանավակայանում սեպտեմբերի 22-ին կայացել է Ավիամոդելային 2-րդ փառատոնը։ Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից: Բացման խոսքում նախարարի տեղակալ Մանթաշյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ Հայաստանում ավիամոդելիզմի խթանմանն ուղղված ջանքերի համար: Նա ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը, որոնք ոչ միայն նպաստում են նորարարությանը և ստեղծագործականությանը, այլև հարթակ են ստեղծում մասնագետների և էնտուզիաստների միջև գիտելիքների և հմտությունների փոխանակման համար: Նա նաև հույս է հայտնել, որ փառատոնը կաջակցի ավիամոդելիզմի հանրայնացմանը և հանրահռչակմանը Փառատոնը համախմբել էր ոլորտի մասնագետներին փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված մոդելների ցուցադրության նպատակով: Փառատոնի ընթացքում ներկայացվել  է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական: Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացրել նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելավարները, ապա՝ Հայաստանում գործող խմբակները, ԲՈՒՀ-երը և լաբորատորիաները: Ցուցադրական հարթակում պատրաստի մոդելներով և ձեռքբերումներով ներկայացել են անհատ ավիամոդելավարները։ Այստեղ ևս հանդես են եկել  նաև գործող խմբակները, ԲՈՒՀ-երն ու լաբորատորիաները: Արդեն 2-րդ տարին իրականացվող փառատոնն անցկացվում է Արմ Փրոջեքթ ՀԿ նախաձեռնությամբ։
14:27 - 25 սեպտեմբերի, 2024
Հանդիպում NVIDIA-ի հետ՝ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով

Հանդիպում NVIDIA-ի հետ՝ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Հայաստանում արհեստական բանականության (AI) գործիքների լայն կիրառման առավել նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ընդունել են NVIDIA-ի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից,  Սիլիկոնյան հովտի շուկայական կապիտալիզացիայով ամենախոշոր ընկերություններից մեկը՝ NVIDIA-ն առաջատար է համակարգչային գիտության, գերհամակարգիչների, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության մեջ։  Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալն ազգային մրցունակության նախադրյալ է և այս համատեքստում առանձնակի ընդգծել արհեստական բանականության կիրառության կարևորությունը տնտեստության բոլոր ճյուղերում՝ հաշվի առնելով տեխնոլոգիայի աճի արագ տեմպերն ու արտադրողականության աճի պոտենցիալը։ Հանդիպմանը NVIDIA-ի ԱՄԷ-ի ներկայացուցիչ, ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման տնօրեն Անտոն Զորաևը մանրամասն ներկայացրել է ընկերության լուծումներ՝ փոխակերպելով աշխարհի խոշորագույն արդյունաբերությունները` խորապես ազդելով հասարակության վրա: Կողմերը հանգամանալից քննարկել են նաև ՀՀ-ում արհեստական բանականության ենթակառուցվածքների նախապատրաստման, ներդրման, ինչպես նաև գերհամակարգիչների կիրառման հնարավորությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ամենատարբեր՝ տնտեսական, կրթական, առողջապահական, կիբեռանվտանգության, քաղաքացիական ծառայությունների կազմակերպման, քաղաքաշինության և այլ բնագավառների զարգացմանը: Հաշվի առնելով Հայաստանի լեզվամշակութային առանձնահատկությունները՝ քննարկվել է նաև հայոց լեզվի մոդելի ներդրման կարևորության հարցը: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ նախանշյալ ուղղություններով հետագա փոխգործակցության վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, «GeForce Now» ընկերության ԱՊՀ երկրների և Հարավային Կորեայի տարածաշրջանային տնօրեն Պավել Տռոիցկին, Հայաստանի Վերակառուցման և Զարգացման «ԱԴԿԱՌՍ» գործակալության տնօրեն Սարգիս Գևորգյանը, «Արմեդ-Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները: NVIDIA-ն հիմնադրվել է 1993 թվականին: NVIDIA-ի արագընթաց աճը կապված է ընկերության՝ արհեստական բանականության ոլորտում գերակայության հետ: Այժմ այն ​​դարձել է մասնագիտացված GPU-ների և կիսահաղորդիչ կոմպոնենտների առաջատար մատակարարը AI համակարգերի համար ամբողջ աշխարհում: NVIDIA-ն այժմ ամբողջական փաթեթային հաշվողական ենթակառուցվածքային ընկերություն է՝ տվյալների կենտրոնական մասշտաբով: Ընկերության գլխամասը տեղակայված է Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 31․000 աշխատակից աշխարհի 36 երկրներում:
16:03 - 19 սեպտեմբերի, 2024
Կառավարությունը 1մլդ 940մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրին |aysor.am|

Կառավարությունը 1մլդ 940մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրին |aysor.am|

aysor.am: Այսօր կառավարության նիստին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ առաջարկվում է 1մլդ 940մլն դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին։ «Նշված գումարից 1մլդ 880մլն դրամը կուղղվի 2024 թվականի համար նախատեսված ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67մլն 900 հազար դրամը՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին»,-ասաց նախարարը։ Հայրապետյանը նաև մանրամասն ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են մինչև այժ կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրի մասով.«Այս ծրագրի իրականացումը և շարունակականությունը ապահովելու համար պետական բյուջեից այս փոխանցումը կլինի նախավերջինը։ Վերջին փոխանցումը կլինի 2025 թվականին՝ 1մլդ-ի չափով»։  Նախարարը նաև հավելեց, որ այս պահին 250 ինժեներ է աշխատում ծրագրի վրա.«Այս պահին այնտեղ ներկայացված են 22 ինժեներական ընկերություններ»։
11:57 - 19 սեպտեմբերի, 2024
YouTube դրամայնացման ակտիվացման խնդիր և Google քարտեզների ճշգրտում. Ընկերության պատվիրակությունը Հայաստանում է

YouTube դրամայնացման ակտիվացման խնդիր և Google քարտեզների ճշգրտում. Ընկերության պատվիրակությունը Հայաստանում է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Google» ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել է Հայաստանում  առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը: Նախարարությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել  են «Google»  ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորություններն, անդրադարձ է եղել նաև  Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին: ««Google»-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն  մենքտեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելուառումով՝ ամպային ծառայություններից մինչև արհեստական բանականությանկիրառումը տարբեր ոլորտներում»-ընդգծել է Հայրապետյանը։ Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու նշանակությունը: Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն ապագայում կյանքի կոչելու, երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:
10:51 - 18 սեպտեմբերի, 2024
Կառավարության 390 մլն դրամ կհատկացնի Հանրային ՀԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի ենթակառուցվածքների շինաշխատանքերի համար

Կառավարության 390 մլն դրամ կհատկացնի Հանրային ՀԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի ենթակառուցվածքների շինաշխատանքերի համար

Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացվել պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 390 մլն դրամ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարության հետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցման աշխատանքների, անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումների ապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերի համար: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը։ «Հայկական կողմի աշխատանքներին զուգահեռ չինական կողմը կսկսի 8-րդ հեռուստաստուդիայի շինարարությունը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, հանդիպել գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ: Նախարարին ներկայացվել է պայմանագրով նախատեսված շինարարական ծրագիրը, տաղավարի համար նախատեսված վայրը, շինարարական աշխատանքների ժամանակացույցը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև 2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր, որով չինական կողմն աջակցելու է տաղավարի կառուցմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
15:14 - 13 սեպտեմբերի, 2024
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 5-ին այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն», որի նպատակն է հայկական աերոտիեզերական ոլորտի զարգացումը: Գործակալության հիմնադիր, աերոտիեզերական ոլորտի փորձագետ Մհեր Մեհրաբյանը նախարարին ներկայացրել է գործակալության հիմնադրման պատմությունը, գործունեությունը, նպատակներն ու գաղափարները: Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել ԲՏԱ նախարարության հետ համագործակցության արդյունքում ստեղծված աերոտիեզերական ոլորտի զարգացմանը նպաստող ինժեներակոնստրուկցիոն և գիտահետազոտական ազատ լաբորատորիային, որը ներառում է «Մաքուր սենյակ» լաբորատորիան, նանոլիտոգրաֆիկ համակարգը, ԱԹՍ֊ների և այլ թռչող սարքերի համար նախատեսված աերոդինամիկ խողովակը, աերոտիեզերական սարքերի և կոմպոնենտների թեստավորման այլ լաբորատոր սաքերը: Նախարարին ներկայացվել է նաև «Էնջինդ ԱՄ» ընկերության գործունեությունը, որի նպատակն է ստեղծել ամուր հիմքեր հայկական տիեզերական արդյունաբերության համար՝ այդ շրջանակում, ճանապարհային քարտեզում ծրագրվում է կառուցել թվով չորս առանցքային գործարան, որոնցից մեկը կիսահաղորդչային կոմպոնենտների և միկրոէլեկտրոնիկայի արտադրության լաբորատորիա-գործարանն է: Ընկերության ղեկավարը նախարարին է ներկայացրել լաբորատորիա-գործարանի հավակնոտ ծրագրերը: Երկուստեք հաստատել են Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի արտադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը. նախարարն իր աջակցությունն է հայտնել ընկերությանն այդ գործում։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող աերոտիեզերական ինժեներության ոչ ֆորմալ կրթական ծրագրին, որի միջոցով խնդիր է դրված լուծելու Հայաստանում աերոտիեզերական ոլորտում մասնագետներ պատրաստելու հիմնախնդիրը: Հիմնադրամի միջոցով երիտասարդների համար կազմակերպվում և իրականացվում են աերոտիեզերական ինժեներության անվճար դասընթացներ, որոնք ոչ միայն միտված են երիտասարդներին կապելու աերոտիեզերական ոլորտի հետ, այլ նաև՝ վերապրոֆիլավորելով այլ մասնագետների, խթանելու նրանց գործունեությունն այս ոլորտում: Հ իմնադրամի շնորհիվ շուրջ 850 շրջանավարտ ստացել է տարբեր մասնագիտություններ՝ եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, աերոտիեզերական ինժեներություն, էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա: Նախարար Հայրապետյանը, իր հերթին, կարևորելով Հայաստանում աերոտիեզերական արդյունաբերություն ունենալու անհրաժեշտությունը, իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել ոլորտի զարգացմանն օժանդակելու գործում, ներկայացրել է նախարարության կողմից ներդրված բարեփոխումներն ու ծրագրերը, որոնք միտված են ոլորտի զարգացմանը նպաստելուն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ:
21:44 - 05 սեպտեմբերի, 2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ արտադրող «ԱՏԳ» ընկերություն

Մխիթար Հայրապետյանն այցելել է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ արտադրող «ԱՏԳ» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 2-ին այցելել է «ԱՏԳ» ընկերություն, որը մշակում և արտադրում է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ։ Ընկերության ղեկավար Գեղամ Վարդանյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը, մինչև 2030 թվականի ռազմավարական պլանը, ընկերության աշխատակիցների թվի ավելացման, այդ թվում արտահանման ծավալների աճի հեռանկարները։ Նախարար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել ԱՏԳ նախաձեռնություններին՝ այդ թվում աշխատուժի ավելացման և արտահանման ներուժի ընդլայնման ընկերության պատրաստակամությանը: Նախարարը ևս մեկ անգամ ընկերությանն է ներկայացրել այն ծրագրերն ու հնարավորությունները, որոնք ներդրված են ոլորտը բարելավելու նպատակով: Խոսել են նաև խնդիրներից, դրանց հնարավոր լուծումներից և համատեղ լուծման տարբերակներից: «ԱՏԳ» ընկերության արտադրատեսակները մշակվում են դիզայնից մինչև արտադրություն։ Գործընթացը ներառում է էլեկտրոնային և բարձր հաճախականության բաղադրիչների, ինչպես նաև ալեհավաքների համակարգերի նախագծում, դրանց մեխանիկական և էլեկտրամեխանիկական միավորների մշակում, արտադրություն, հավաքում և վերջնական փորձարկում։
10:22 - 03 սեպտեմբերի, 2024
Հայաստանում հոկտեմբերի 4-7-ը կանցկացվի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

Հայաստանում հոկտեմբերի 4-7-ը կանցկացվի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական  աշխատանքային հերթական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում WCIT 2024-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքները։  Աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են իրենց վերապահված գործառույթների կատարման ընթացքի մասին, վերահաստատել պատրաստակամությունն՝ աջակցելու միջոցառման պատշաճ իրականացմանը: Աշխատանքային խմբի անդամներն անդրադարձել են նաև առաջ եկած մարտահրավերներին, խնդիրներին, դրանց լուծման հնարավոր տարբերակներին։ Քննարկման արդյունքում հնարավոր է դարձել ներկայացված խնդիրների համար ընտրել լուծման արդյունավետ ձևաչափեր: Կարևորվել է միջոցառման պատշաճ նախապատրաստումը և աշխատանքների օպերատիվ կազմակերպումը։ 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի  4-7-ը՝ «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո։ WCIT 2024-ը տեղի կունենա DIGITEC Հայաստան միջոցառման հետ սերտ փոխգործակցության շրջանակներում։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության անմիջական համակարգմամբ:  WCIT 2024/ DIGITEC-ը կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ, այլ միջոցառումներ։  Կոնգրեսի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն Արհեստական բանականության  առաջատար մասնագետներ և խոսնակներ, որոնք կմասնակցեն նաև DIGITEC էքսպոյին, կծանոթանան կազմակերպություններին ու տեխնոլոգիական ներուժին։
21:56 - 22 օգոստոսի, 2024
Իրավական հիմքեր կստեղծվեն ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների գործունեության պատշաճ իրականացման համար
 |1lurer.am|

Իրավական հիմքեր կստեղծվեն ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների գործունեության պատշաճ իրականացման համար |1lurer.am|

1lurer.am: Կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույքը տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ ՀՀ պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության օգոստոսի 1-ի նիստին ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: Ըստ նախարարի՝ այս աշխատանքներն այսօր էլ կատարվում են պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ, սակայն բանավոր հիմքով: Նախագծով առաջարկվում է ստեղծել ինստիտուցիոնալ հենք, որոնցով ռազմարդյունաբերողները կառաջնորդվեն, այն է՝ հստակ պատկերացում կունենան, թե ԳՀՓԿ աշխատանքների համար դիմելու հայտերն ինչպես են ձևավորվում, ֆինանսավորվում, կատարվում: Ռազմարդյունաբերական ոլորտում ԳՀՓԿԱ իրականացնող սուբյեկտները հաճախ առնչվում են այնպիսի հանգամանքների, երբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության հիմնական բաղադրիչները, նյութերը ձեռք բերելը դառնում է անհնարին՝ դառնալով ԳՀՓԿ աշխատանքների իրականացման անհնարինության կամ ժամկետների էական խախտման պատճառ: Այս խնդիրների լուծման նպատակով լիազոր մարմնի համար սահմանվում է լիազորություն՝ կազմակերպել անհրաժեշտ ապրանքների, նյութերի, լրամասերի և բաղադրիչների ձեռքբերում և պահուստավորում՝ ապահովելու համար նշված աշխատանքների անընդհատությունը և ԳՀՓԿԱ իրականացման ժամկետների արդյունավետությունը: Նշված գործառույթները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից սահմանվելիք կարգով: Տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում իրականության մեջ ռազմարդյունաբերական սուբյեկտ չհանդիսացող բազմաթիվ սուբյեկտներ սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքում ստանում են տարբեր խնդիրներ լուծող ռազմական նշանակության որոշակի տեխնիկական բնութագրերով արտադրանք կամ լրամասեր: Այս արտադրանքների, լրամասերի պետական փորձարկումների կազմակերպման, դրանց տեխնիկական բնութագրերի համապատասխանության մասին փաստաթղթի տրամադրման համար լիազոր մարմնին տրվում է համապատասխան գործընթացների կազմակերպման լիազորություն՝ դրանք հետագայում ռազմարդյունաբերական ոլորտում կիրառելու համար: Առաջարկվող փոփոխությամբ և լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար:
13:13 - 01 օգոստոսի, 2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Արագած» ընկերություն

Մխիթար Հայրապետյանն այցելել է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Արագած» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 31-ին այցելել է «Արագած» ՍՊ ընկերություն, որը զբաղվում է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ։ Ընկերությունը, որը հիմնադրվել է դեռևս 1992 թվականին, այժմ մասնագիտացած է ռազմական կիրառման  էլեկտրոնային սարքերի նախագծմամբ, մշակմամբ և սերիական արտադրությամբ։  Ընկերության ղեկավար Հովհաննես Ղարիբյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել վերջին շրջանի բարեփոխումներին, արտադրական ծավալներին։ Այս ընկերությունում է ամբողջությամբ նախգծվել և պատրաստվել հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար ջերմադիտարկման սարքը։ Ընկերության տնօրենը նշել է, որ աշխարհի տարբեր երկրներում նման սարքեր արտադրվում են, հայկականն իր որակով չի զիջում դրանց, իսկ գինը մոտ 4 անգամ ավելի էժան է: Հովհաննես Ղարիբյանն ընդգծել է, որ արտադրվող տեսականին ամբողջությամբ կիրառվում է ՀՀ ՊՆ-ի կողմից, սակայն արտադրական ծավալներն ու գործարանի հնարավորությունները թույլ են տալիս առաջիկայում մտածել նաև արտահանման մասին։ Անդրադարձ է կատարվել նաև կադրերի համալրման խնդրին։ Նշվել է, որ վերջին 10 տարիների ընթացքում ընկերության աշխատակազմը գրեթե տասնապատկվել է։  Աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մեխանիկներ, էլեկրոնիկայի հետ աշխատող մասնագետներ, ֆիզիկոսներ և ծրագրավորողներ են։  Առաջարկ է եղել նաև նախարարության կողմից ինժեներական կրթության ուղղությամբ համատեղ ծրագիր իրականացնելու վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական տարածքների ընդլայնման, նոր ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները, դրանց իրականացման տարբերակները։  Մխիթար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի պերմանենտ զարգացմանն ու ընդլանմանն ուղղված ծրագրերի իրականացումը, որը հնարավորության կտա էլ ավելի մեծ արժեք ստեղծել տնտեսության ռազմարդյունաբերության ճյուղում։  Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր մի քանի անգամ ավելացվել են պաշտպանական ոլորտում գիտատեխնիկական հետազոտությունների համար տրամադրվող գումարները, ինչի արդյունքում ռազմարդյունաբերական համալիրի հայաստանյան մի շարք ընկերություններ, այդ թվում նաև «Արագած»-ՍՊԸ-ն, ընդլայնել են մշակումների շրջանակն ու արտադրության ծավալները։
10:01 - 01 օգոստոսի, 2024
Դատարանը բավարարել է «Հետք»-ի հայցն՝ ընդդեմ ԲՏԱ նախարարության
 |hetq.am|

Դատարանը բավարարել է «Հետք»-ի հայցն՝ ընդդեմ ԲՏԱ նախարարության |hetq.am|

hetq.am: Վարչական դատարանը բավարարել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի (hetq.am) հայցը և պարտավորեցրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնք 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարության որոշմամբ ստացել են պետական աջակցություն։ Դատարանը նաև որոշել է ԲՏԱ նախարարությունից հօգուտ «Հետաքննող լրագրողների» բռնագանձել 10 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրք և 40 հազար դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցում։ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը որոշում ընդունեց պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Աջակցության անհրաժեշտությունը  բացատրվեց ընկերությունների կրած վնասներով, որոնք առաջին հերթին դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորման հետևանքով են առաջացել։ Դեռևս 2023-ի փետրվարից Կառավարությանն ու ԲՏԱ նախարարությանը ուղարկած հարցումներով «Հետքը» խնդրել է տրամադրել աջակցություն ստացած ընկերությունների ցանկը։ Պատասխանել էին, որ հայտերը դեռևս ուսումնասիրվում են։ Ընդ որում՝ դրան հաջորդել են այլ հարցումներ ևս, որոնց ի պատասխան նախարարությունից այդպես էլ չեն տրամադրել պետական բյուջեի հաշվին աջակցություն ստացած ընկերությունների ցանկը։ Նախ պատճառաբանում էին, թե հայտերը դեռևս ուսումնասիրում են, հետո՝ որ ոչ բոլոր ընկերությունների հետ են պայմանագրերը կնքված։ Հարցումներից մեկին ի պատասխան՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը ուղիղ նշել է, որ ընկերությունների ցանկը և նրանց ստացած աջակցության չափի մասին տեղեկություններն առևտրային գաղտնիք են պարունակում։ Այդ ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Ռոբերտ Խաչատրյանն էր։ Հիշեցնենք, որ չնայած ԲՏԱ նախարարությունը հրաժարվում էր ներկայացնել ցանկը, «Հետք»-ին հաջողվել է բաց աղբյուրից՝ Ֆինանսների նախարարության Armeps համակարգից, որտեղ հրապարկվում են Կառավարության և մյուս պետական մարմինների պայմանագրերը, գնումները և այլ պաշտոնական տեղեկություններ, հավաքագրել այս որոշման շրջանակներում աջակցություն ստացածների պայմանագրերը։ Պարզվել էր, որ աջակցություն են ստացել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Պիկսարտ»-ը (Pics Art) և «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ը (Energize Global Services) ստացել են յուրաքանչյուրը 400 միլիոն դրամ (1 մլն ԱՄՆ դոլար) աջակցություն։ 
15:04 - 30 հուլիսի, 2024
Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների համար սահմանվել է համահարթ սակագին

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների համար սահմանվել է համահարթ սակագին

Հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակում իրականացնող մի շարք մարզային հեռուստաընկերություններ 2024 թվականի հունիսի 27-ին աջակցություն ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին. որոշվել է նվազեցնել պայմանագրային գումարը՝ սահմանելով համահարթ վարձավճար: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: «Հեռուստաընկերությունների կողմից ներկայացված մտահոգություններն ու փաստարկները հիմնականում վերաբերում էին վերջիններիս ֆինանսական եկամուտների կտրուկ նվազմանը, ինչն էլ իր հերթին բերում է պարտքերի կուտակման և մոտ ապագայում կարող է հանգեցնել հեռուստաընկերությունների փակմանը: Մանրակրկիտ ուսումնասիրելով և քննարկելով հեռուստաընկերությունների կողմից ներկայացված փաստարկները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջնորդությամբ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը որոշում է կայացրել 2024 թվականի օգոստոսի 1-ից 20-40 տոկոսով նվազեցնել հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մարզային հեռուստաընկերությունների պայմանագրային գումարը՝ յուրաքանչյուրի համար սահմանելով ամսական 200 հազար դրամ համահարթ վարձավճար։  Հարկ է նշել, որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել նաև փոքր քաղաքների և գյուղերի բնակչության շրջանում մարզային հեռուստաընկերությունների մեծ պահանջարկը, ինչպես նաև դրանց կայուն զարգացման ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:18 - 30 հուլիսի, 2024