Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։

Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։

Դատավորների առաջխաղացումը «խափանվել» է. Նաիրա Ավետիսյանն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմել է դատարան
 |hetq.am|

Դատավորների առաջխաղացումը «խափանվել» է. Նաիրա Ավետիսյանն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմել է դատարան |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը բացասական դերակատարում է ունեցել դատավոր Նաիրա Ավետիսյանի կարիերայի վրա: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ եզրակացություն է կազմել: Դատավոր Ավետիսյանը համաձայն չէ եզրակացության մեջ տեղ գտած որոշ փաստերի շարադրումից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը դիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի: Դիմելով դատարան` պահանջում է այլ կերպ շարադրել եզրակացության մեջ տեղ գտած փաստերը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքությանը վերաբերող եզրակացություններն օրենքով հրապարակման ենթակա չեն, և հանրությունն այդպես էլ չի տեղեկացվում, թե այս կամ այն պաշտոնում նշանակվող անձն ինչպիսի արժանիքներ կամ թերություններ ունի և բարեվարքության «թեստն» ինչպես է հաղթահարել: Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. օգոստոսի 5-ին որոշում է կայացրել 10 դատավորի հանել առաջխաղացման և հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին և օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել: ԲԴԽ-ի այդ որոշմամբ դատավոր Նաիրա Ավետիսյանը ևս հանվել է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից: Գրավոր դիմել էինք Հանրապետության նախագահին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե ինչ բնույթի առարկություններ են եղել դատավորների վերաբերյալ, որոնք ընդունվել են ԲԴԽ կողմից և դատավորները` որպես թեկնածուներ, հանվել են ցուցակներից: Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնել են, որ կարևորում են հակակոռուպցիոն դատարանների կազմավորման ու դրանց անկախության և անաչառության հանրային վստահության ձևավորումը: «Հանրապետության նախագահը ԲԴԽ-ին առաջարկել է ըստ էության ուսումնասիրման և քննարկման առարկա դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և փորձագետների կողմից տրամադրված խորհրդատվական եզրակացություններն ու կարծիքները, ինչպես նաև Հանրապետության նախագահին ներկայացնել դատավորների թեկնածուների նշանակման սահմանափակումները հավաստող փաստաթղթերի և անձնական գործերի ամբողջական փաթեթը»,- հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից: Դատավոր Նաիրա Ավետիսյանն արձակուրդում է, նրա հետ խոսել չհաջողվեց: Դատավորի գործավարը փոխանցեց, որ վարչական դատարան ներկայացված դիմումը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած խեղաթյուրումներին: Ըստ գործավարի՝ գույքի ու եկամուտների հայտարարագրերում դատավորի նշած տվյալները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր եզրակացությամբ խեղաթյուրել և ոչ ճիշտ է ներկայացրել: Նշենք, որ դատավոր Նաիրա Ավետիսյանի ամուսինը՝ Յուրի Բադալյանը, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականն է: Մինչ այդ զբաղեցրել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի պաշտոնը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից խնդրել էինք տրամադրել դատավորների բարեվարքության եզրակացությունների վերաբերյալ տեղեկություններ, սակայն հղում անելով օրենքին՝ մերժել են անվանական տեղեկություններ տրամադրել: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 26․1-ին հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց։ Հանձնաժողովը, ինչպես նաև անձին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմինը (անձը) չեն կարող հրապարակել անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները»,- հայտնում են հանձնաժողովից: Նշենք, որ 2021թ. ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակագրում և առաջխաղացման ցուցակներում ընդգրկել 97 անձի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն և դրա արդյունքներով ներկայացրել 97 եզրակացություն: Դրանցից 89-ը վերաբերել է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել ցանկացող անձանց, 8-ը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց։ 89 եզրակացությունից 60-ը եղել է դրական, 22-ը՝ դրական վերապահումով, 7-ը՝ բացասական։ Իսկ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց վերաբերյալ ներկայացված 8 եզրակացությունից 5-ը եղել է դրական, 2-ը՝ դրական վերապահումով, մեկը՝ բացասական։ 2021թ. ընթացքում ներկայացված 8 բացասական եզրակացությունների 6-ի պարագայում հիմք են հանդիսացել թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, իսկ 2 թեկնածուի դեպքում՝ գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և բարեվարքության հարցաթերթիկում վերջինիս ներկայացրած տվյալների անարժանահավատությունը։ 2022թ. ընթացքում Հանձնաժողովն իրականացրել է ՍԴ դատավորի պաշտոնին հավակնող, դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակագրում, առաջխաղացման ցուցակներում ընդգրկել է հավակնող 158 անձի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն և դրանց արդյունքներով ներկայացրել 157 եզրակացություն, իսկ մեկ անձի վերաբերյալ որոշում չի կայացվել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշխվելու հետևանքով: 2022թ. ընթացքում ներկայացված 21 բացասական եզրակացությունից 5-ը վերաբերել է դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկվել հավակնող անձանց։ Բացասական եզրակացության համար 2 թեկնածուի պարագայում հիմք են հանդիսացել գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, 2-ի դեպքում՝ գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը: Մեկ եզրակացության դեպքում հիմք է հանդիսացել թեկնածուի գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները և վերջինիս կողմից բարեվարքության հարցաթերթիկում` քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ ներկայացված տվյալների անարժանահավատությունը։ Յոթ եզրակացություն վերաբերել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում ընդգրկվել հավակնող անձանց։ Բացասական 6 եզրակացության պարագայում հիմք են հանդիսացել թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները, իսկ մեկի դեպքում՝ թեկնածուի կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը։   Շարունակությունը՝ hetq.am-ում
09:31 - 19 օգոստոսի, 2022
Կներդրվի հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգ

 |armenpress.am|

Կներդրվի հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգ |armenpress.am|

armenpress.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսանկյունից հաջողված կոռուպցիայի կանխարգելումը իրենից ենթադրելու է նորարական այն բոլոր գործիքների և մեխանիզմների օգտագործումը, որոնք հնարավոր կդարձնեն չեզոքացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը հենց ծագման վայրում: Հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգերի ներդրման վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնած համատեղ աշխատանքային քննարկմանը այս մասին ասաց Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: «Այս առնչությամբ նորություն չէ ասել, որ պաշտոնատար անձանց գույքային դրության ստուգման գործընթացը ամբողջությամբ ստուգվում է ժամանակից թվային և էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով: Հայտարարագրման համակարգը, որը այս պահին կա և շահագործվում է հանձնաժողովի կողմից, մշակվել և ներդրվել է դեռևս 2011 թվականին»,- ասաց Հարությունյանը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացմամբ՝ տվյալների ծավալը, որոնք հավաքագրվում են հանձնաժողովի կողմից, ենթադրում են արդյունավետ կառավարում, որը ֆիզիկական տարածքում մարդկանց միջոցով իրականացնելու տեսանկյունից պահանջում է բավականին մեծ ռեսուրսներ և նույնիսկ այդ ռեսուրսների առկայության պարագայում  չկա  վստահություն, թե որքանով դա օգտակար կլինի: «Որպես խնդիր տվյալների արդյունավետ կառավարման, դրանց մշակման, դրանց մշակման արդյունքում առավել օգտակարություն ստանալու համար հենց դիմում ենք թվային և տեղեկատվական տեխնոլոգիաներին: Համակարգը, որը նախագծվել է առայժմ որպես տեխնիկական առաջադրանք, իրենից ներկայացնում և հիմնվում է հիմնականում ժամանակակից տեխնոլոգիաների կողմից տրված հնարավորությունների միջոցով, մասնավորապես՝ ալգոռիթմերի միջոցով, ավտոմատացված կերպով որոշումների կայացման և երբեմն նաև արհեստական բանականության օգտագործման միջոցով, որոնք իսկապես պետությանը հուշում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին: Այս տեսանկյունից հանձնաժողովը գրեթե մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել է արդեն գոյություն ունեցող նմանատիպ համակարգերը, դրանց ֆիզիկական, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից, թե ինչպես են գործող համակարգերը արդյունավետ ապահովում տվյալների հավաքագրումը, ինչպես է տեղի ունենում այդ տվյալների մթերումը, ինչ սկզբունքով է տեղի ունենում տվյալների մշակումը, ինչ սկզբունքով են ստացվում հաշվետվությունների և տեղեկությունների արդյունքները և ամենակարևորը՝ ինչպես է առհասարակ ապահովվում պետության կողմից մարդու վերաբերյալ հավաքագրված տվյալների անվտանգությունը և անհատական տվյալների պաշտպանությունը»,- եզրափակեց Հարությունյանը:
12:45 - 29 հունիսի, 2022
ԿԿՀ-ն պատգամավոր Դավիթ Դանիելյանին բանավոր նկատողություն է հայտարարել

ԿԿՀ-ն պատգամավոր Դավիթ Դանիելյանին բանավոր նկատողություն է հայտարարել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանավոր նկատողություն է հայտարարել 8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին։ Վերջինս մեկ տարուց ավելի չէր ներկայացնում դեռ նախորդ տարի՝ 2021 թվականի հունվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի լիազորությունները ստանձնելու օրվա դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։   Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հայտարարագրի այդ տեսակը ներկայացնելու համար օրենքով նախատեսված է մեկամսյա ժամկետ, եւ Դանիելյանը այն պետք է ներկայացներ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը։ Չնայած նրան, որ դրանից մի քանի ամիս անց Հանձնաժողովը նրա անունը ներառել էր հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակում, ավելի ուշ՝ մեր գրավոր հարցումից հետո, նրան նաեւ գրավոր ծանուցում ուղարկել՝ լրացուցիչ ժամանակ տալով, հայտարարագիրը, մեկ է, չէր ներկայացվել։ 2022 թվականի մարտի 17-ին արդեն պատգամավորը հրավիրվել էր Հանձնաժողով՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով արձանագրություն կազմելու։ Հիշյալ հոդվածը պատասխանատվություն է սահմանում հայտարարատու անձի կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերը սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար (պատժվում է 200․000 ՀՀ դրամ տուգանքով)։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հանձնաժողովին՝ հետաքրքրվելով՝ Դանիելյանը հրավիրված օրը ներկայացե՞լ է արդյոք, եթե այո, ապա ինչպե՞ս է պատճառաբանել իր հայտարարագրի բացակայությունը։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝ հարուցվե՞լ է արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, եւ ի՞նչ որոշում է կայացվել դրա արդյունքում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Դավիթ Դանիելյանը, պատշաճ ծանուցված լինելով, մարտի 17-ին չի ներկայացել եւ դրա  վերաբերյալ որեւէ պարզաբանում չի տվել։ Արդյունքում, նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, եւ նույն օրը հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Գործի քննությունը նշանակվել է ապրիլի 5-ին։ Արձանագրությունը, վարույթ հարուցելու մասին որոշումը, ինչպես նաեւ վարչական իրավախախտման գործի քննության տեղի եւ ժամանակի մասին տեղեկությունը համապատասխան ուղեկցող գրությամբ փոստային առաքմամբ ուղարկվել են Դավիթ Դանիելյանին: Պատշաճ ծանուցված լինելով՝ պատգամավորը ապրիլի 5-ի նիստին եւս չի ներկայացել եւ չի ներկայացրել որեւէ տեսակի միջնորդություն։ Սակայն նիստի նախորդ օրը՝ ապրիլի 4-ին, նա ներկայացրել է համապատասխան հայտարարագիրը, որն արդեն հասանելի է ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրի համապատասխան բաժնում․ «Ուստի ընդունված պրակտիկայի համաձայն եւ հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հանձնաժողովը որոշեց Դավիթ Դանիելյանին ազատել վարչական պատասխանատվությունից եւ հայտարարել բանավոր նկատողություն՝ կարճելով գործի վարույթը»,- ասված է մեր հարցման պատասխանում։  Հիշյալ 21-րդ հոդվածը սահմանում է, որ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից եւ բավարարվել բանավոր դիտողությամբ: Գործի վարույթը կարճելու որոշման մեջ Հանձնաժողովը նշել է, որ արարքի նվազ նշանակությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ թեեւ ձեւականորեն արարքը կարող է պարունակել իրավախախտման հատկանիշներ, սակայն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը, պետությանը այնպիսի էական վնաս չի պատճառվել, որի հիմքով սահմանված պատախանատվությունը դիտարկվի համաչափ: Հանձնաժողովը նշել է նաեւ, որ նվազ նշանակությունը կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել խախտման բնույթը, դրա որակական կողմը, ինչպես նաեւ խախտում թույլ տված անձի վերաբերմունքը խախտման նկատմամբ․ «Հանձնաժողովն արձանագրում է, որ 169.28-րդ հոդվածը նպատակ է հետապնդում ապահովել պետական պաշտոն զբաղեցնող անձի (ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամի) հանրային հաշվետվողականությունը, հանրային գործունեության նկատմամբ վստահությունը, կոռուպցիոն ռիսկերից զերծ գործունեությունը: Խախտման հիմքով պատասխանատվություն սահմանելու հարցը որոշելու համար Հանձնաժողովը գտել է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր գործով գնահատել, թե արդյոք այդ խախտումը հանգեցրել է նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների բուն էության խաթարմանը: Այս առնչությամբ էական է խախտման որակական կողմը»,- նշել է ԿԿՀ-ն՝ եզրահանգելով, որ տվյալ դեպքում Դավիթ Դանիելյանի կողմից մինչև գործի քննության օրը հայտարարագրերը ներկայացնելու արդյունքում այդ նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների էությունը չի խաթարվել։ Հայտարարագրերի ռեեստրում արդեն հասանելի է նաեւ Դավիթ Դանիելյանի կնոջ հայտարարագիրը, որը եւս նախորդ ամիս՝ սահմանված ժամկետը լրանալուց մեկ տարի անց, դեռ բացակայում էր։ Տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն ներկայացվել է Հանձնաժողովի ծանուցումից հետո սահմանված ժամկետում, ուստի այս դեպքում վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել։   Միլենա Խաչիկյան
18:48 - 02 մայիսի, 2022
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ 2021 թ.-ին ԲԴԽ-ն 28 որոշում է կայացրել

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ 2021 թ.-ին ԲԴԽ-ն 28 որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքը հրապարակել է դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման մասով հաշվետվություն․ «1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 6 միջնորդություն, որից 5-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, իսկ 1-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հիմքով: Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 3-ը մերժվել են, 2-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, իսկ 1-ով՝ խիստ նկատողություն: 2. Արդարադատության նախարար. Արդարադատության նախարարի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 18 միջնորդություն, որից 8-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 5-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, իսկ 5-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հիմքով: Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 8-ը մերժվել են, 1-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, 2-ով՝ նկատողություն, 3-ով՝ խիստ նկատողություն, 1-ով դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով, իսկ 3-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է: 3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 4 միջնորդություն, որից 3-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հիմքով, իսկ 1-ը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով: Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 1-ը մերժվել է, 2-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է, 1-ով դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ §Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով: 4. Բարձրագույն դատական խորհուրդ. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում հրապարակվել են թվով 28 որոշումներ: Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվել է 1 դատավորի լիազորությունները կասեցնելու մասին որոշում՝ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքով: Բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով (նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով) դադարեցվել են 2 դատավորի լիազորություններ»։
11:41 - 26 ապրիլի, 2022
Պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ չի ներկայացնում օրենքով պահանջվող հայտարարագիրը․ նա հրավիրվել է ԿԿՀ

Պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ չի ներկայացնում օրենքով պահանջվող հայտարարագիրը․ նա հրավիրվել է ԿԿՀ

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի ներկայացնում դեռ 2021 թվականի հունվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։  Հայտարարագրի այդ տեսակը ներկայացնելու համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված է մեկամսյա ժամկետ, այսինքն՝ Դանիելյանը այն պետք է ներկայացներ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը, ինչը, սակայն, չի արվել։ Դրանից ամիսներ անց՝ 2021 թվականի օգոստոսի 5-ին, երբ Դանիելյանն արդեն ազատված է եղել այդ պաշտոնից եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է պատգամավոր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակ, որում ներառված է եղել նաեւ նրա անունը՝ բացակայող հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններով։ Թեեւ օրենքով նման ցուցակ հրապարակելու կարգ սահմանված չէ, Հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր, որոշ դեպքերում այդպես է վարվում՝ անձանց լրացուցիչ ծանուցելու, ինչպես նաեւ իր աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար։ Որպես կանոն՝ ցուցակը հրապարակելուց հետո հայտարարատու անձանց տալիս են մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո միայն, եթե հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ուղարկում են գրավոր ծանուցում։ Գրավոր ծանուցումից հետո արդեն, ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 169․28-րդ հոդվածի, 30-օրյա ժամկետում հայտարարագիրը դարձյալ չներկայացնելու դեպքում անձինք ենթարկվում են վարչական տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.000 դրամ)։ Նախորդ հրապարակմամբ Infocom-ն արդեն հայտնել է, որ չնայած ցուցակի հրապարակումից հետո Դանիելյանը դարձյալ չէր ներկայացրել հայտարարագիրը, Հանձնաժողովը նրան լրացուցիչ ժամանակ տրամադրելու վերաբերյալ օրենքով սահմանված գրավոր ծանուցումը չէր ուղարկել։ ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մեր զրույցում դա պայմանավորել էր տեխնիկական խնդիրներով․ «Որոշ մասերով տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, որի արդյունքում տվյալները ամբողջությամբ չեն արտահանվել, նման բացթողումներ հնարավոր է լինեն, չեմ բացառում, դրա համար հիմա մենք աշխատում ենք նոր համակարգի ստեղծման վրա, պայմանագիրն արդեն կնքված է, ենթադրաբար առաջիկա մեկ տարվա ընթացքում նմանատիպ բոլոր հարցերը կկարգավորվեն, եւ հետագայում ավելի հստակ կկարողանանք ցանկացած տվյալ շատ ավելի սեղմ եւ հստակ ժամկետում տրամադրել»,- ասել էր նա՝ նշելով, որ լրացուցիչ ժամանակ տրամադրելու ծանուցումը Դանիելյանին ուղարկվել է միայն 2022 թվականի հունվարի 18-ին՝ մեր գրավոր հարցումից հետո։ Լրացուցիչ ժամանակի ավարտից հետո՝ փետրվարի 28-ին, դարձյալ դիմեցինք ԿԿՀ՝ հետաքրքրվելով՝ Դավիթ Դանիելյանը ներկայացրե՞լ է արդյոք հիշյալ հայտարարագիրը, եթե այո, ապա ե՞րբ, իսկ եթե ոչ, հարուցվե՞լ է արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Մեր հարցին ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնեցին, որ  Դանիելյանը 30-օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ ծանուցումը ստացել է հունվարի 25-ին, սակայն մինչ օրս (խոսքը մինչ փետրվարի 28-ի մասին է,-խմբ․) հայտարարագիրը չի ներկայացրել․ «Հայտնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այժմ իրականացնում է վարչական իրավախախտման վարույթ»,- նշեցին ԿԿՀ-ից՝ հավելելով, որ պատգամավորը մարտի 17-ին հրավիրվել է Հանձնաժողով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու: Հայտարարագրերի ռեեստրում բացակայում է նաեւ Դանիելյանի փոխկապակցված անձի՝ կնոջ հայտարարագիրը։ «Հանրային ծառայության մասին»  օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի, եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ տվյալները եւ պատասխանատու են դրանց իսկության համար: Նույն հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հայտարարագրերը օրենքի եւ ԿԿՀ-ի կողմից սահմանված կարգի եւ ժամկետների պահպանմամբ  չներկայացնելը եւս առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Հաշվի առնելով սա՝ մարտի 1-ին ԿԿՀ-ին ուղղված մեր հարցմամբ խնդրեցինք հայտնել նաեւ՝ Դանիելյանի կնոջն ուղարկվե՞լ կամ նախատեսվո՞ւմ է ուղարկել ծանուցում՝ 30-օրյա ժամկետում հայտարարագիրը ներկայացնելու համար։ Մեր հարցին ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնեցին, որ Դանիելյանի կինը ծանուցվել է հենց այդ օրը՝ մարտի 1-ին: Ճշտող հարցին, թե որն է պատճառը, որ նրա ծանուցումը այդքան ուշ է ուղարկվել, Հանձնաժողովից չպարզաբանեցին։  Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ պատգամավոր Դավիթ Դանիելյանից, սակայն նրա օգնական Արփինե Կարապետյանը փոխանցեց, որ հավելյալ պարզաբանման կարիք չկա, խնդիրը տեխնիկական է․ «Պարոն Դանիելյանն ասաց, որ տեխնիկական խնդիր է․ երբ բացվում է կնոջ տվյալները լրացնելու կետը, ծրագիրը կախում է, փորձում է կարգավորել, բայց չի ստացվում»։ Անձամբ իր հայտարարագրի բացակայության վերաբերյալ Դանիելյանը որեւէ այլ բան չփոխանցեց։   Միլենա Խաչիկյան
16:59 - 02 մարտի, 2022
Ընդունվելիք կանոններին հետևելով՝ հանրային ծառայողները զերծ կլինեն կոռուպցիայից․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

 |armenpress.am|

Ընդունվելիք կանոններին հետևելով՝ հանրային ծառայողները զերծ կլինեն կոռուպցիայից․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն ընդունվելիք կանոններին հետևելու դեպքում հանրային ծառայողների աշխատանքը զերծ կլինի կոռուպցիայից: Փետրվարի 23-ին Երևանում կայացած աշխատաժողովին նման կարծիք հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ «Դրանք վերաբերում են կոռուպցիոն այնպիսի հնարավոր ռիսկերին, ինչպիսին շահերի բախումն է, պաշտոնի հետ այլ ցանկացած վճարովի աշխատանքի, բացառությամբ ստեղծագործական աշխատանքի հետ համատեղելիությունը, ինչպես նաև ազգակցական կապի առկայության պարագայում համատեղ աշխատանքը և այլն»,- նշեց նա: Վերջինս առանձնացրեց պատգամավորներին, դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, դատախազներին, քննիչներին, որոնք ունեն վարքագծի իրենց կանոնները։ Պետական մարմիններում մնացած բոլոր հանրային ծառայողները պարտավոր են հետևել նոր կանոններին։  Հարությունյանի խոսքով՝ կանոնները կհաստատվեն ապրիլին։ Դրանց չհետևելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ՝ նույնիսկ աշխատանքից հեռացում։ «Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնկրետ վարքագիծը արդեն կոնկրետ հանցակազմի տարրեր պարունակի և հանգեցնի նաև կոնկրետ քրեական հետապնդման և դրա արդյունքով նաև քրեական պատասխանատվության», - ընդգծեց Հարությունյանը: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին վարքագծի կանոնների միասնական ընկալումը, այն ներդնելու մեխանիզմները, որոնք ողջ հանրային ծառայության տիրույթում կձևավորեն համաչափ և նույնական վարքագծի դրսևորում: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց  հանրային ծառայողների վարքագծի կանոնների նախագիծը, որը քննարկվեց շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:
21:16 - 23 փետրվարի, 2022
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի գնահատման արդյունքների վերաբերյալ առաջարկություններին: Դրանք առնչվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Դատախազության, քննչական մարմինների, Ազգային ժողովի գործունեությանն ու առանձին գործառույթների իրականացմանը: Առաջարկությունների հետ կապված տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որի շրջանակում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցներում Հայաստանի վարկանիշի շարունակական բարձրացումը և նշել, որ այս համատեքստում պետք է հաղորդակից լինել ստացվող ազդակներին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այդ առաջարկները պետք է դիտարկել՝ պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ելնելով: Վարչապետի խոսքով՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն, դատական ոլորտներում, առանցքային նշանակություն ունեն կառավարության համար: Այս առումով, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այդ բարեփոխումների արդյունքում պետք է, օրինակ, հանրության շրջանում էապես մեծանա դատական վճիռների նկատմամբ վստահությունը: «Մեր խնդիրն է՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրվող վարկանիշներում Հայաստանի իմիջը շարունակական բարձրացնել, այնպես որ պետք է այս հարցում լինենք մաքսիմալ հետևողական»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Հանձնարարվել է գնահատել վերը նշված առաջարկներն ու դրա արդյունքների հիման վրա իրականացնել համապատասխան փոփոխություններ: Հաջորդիվ՝ խորհրդին է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը: Տեղեկացվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ստուգվել և վերլուծվել է 210-ից ավելի պաշտոնատար անձի հայտարարագիր, որից 139-ը եղել են դատավորներ: Հավելյալ ստուգվել են նաև վերոնշյալ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների հայտարարագրերը: Արդյունքում՝ հարուցվել են ինչպես կարգապահական վարույթներ, այնպես էլ որոշ գործեր ուղարկվել են դատախազություն: Նշվել է, որ 2021-ի հունիսից վերագործարկվել է ծախսերի հայտարարագրումը ներառող համակարգը, հայտարարագրման լրացման համար վերամշակվել է նոր ձևանմուշ: Նախորդ տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է անհամատեղելիության պահանջների և շահերի բախման 45 դեպք, որոնցից 15-ը՝ մեդիա հրապարակումների հիման վրա: Վերոնշյալ հիմքով հարուցվել է 3 վարույթ: Միաժամանակ, իրականացվել է պետական պաշտոնի հավակնող 103 անձի բարեվարքության ուսումնասիրություն, տրվել են համապատասխան եզրակացություններ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը խորհրդի կողմից գնահատվել է դրական: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության մեխանիզմների շարունակական զարգացման, այդ թվում ՝թվայնացման միջոցով դրանք կատարելագործելու կարևորությունը: Նիստում անդրադարձ է կատարվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների և օպերլիազորների ընտրության ընթացքում առաջ եկած խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկներին, ինչպես նաև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին», որը ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:
20:00 - 16 փետրվարի, 2022
Կուսակցությունների հաշվետվողականության կանոնակարգումը պատվիրակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Կուսակցությունների հաշվետվողականության կանոնակարգումը պատվիրակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցությունների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է. 2022 թվականից սկսած՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններն անհրաժեշտ է ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հաշվետվությունների ներկայացման վերջնաժակետը նախատեսվում է հետաձգել երեք ամսով: Տարեկան հաշվետվությունների՝ պարտադիր աուդիտի իրականացման համար Հանձնաժողովը մշակել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որն առաջիկայում կտրամադրվի կուսակցություններին նրանց դիտողություններն ու առաջարկությունները հավաքելու համար: «Կուսակցությունների մասին» օրենքի 28.1 հոդվածի համաձայն՝ մինչև 31.12.2021 թվականի կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցրած անձինք ներկայացնում են 2021 թվականի հաշվետու ժամանակահատվածի տարեկան հայտարարագիր: 2022 թվականի հունվարի 1-ից կուսակցության ղեկավար մարմնում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում այդ անձինք ներկայացնում են համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագրեր: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ առաջիկայում նախատեսվում է կուսակցությունների շրջանում իրականացնել իրազեկման ծրագրեր և պատրաստակամություն է հայտնում այս ուղղությամբ ամրապնդելու համագործակցությունը:
10:59 - 14 փետրվարի, 2022
Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների կողմից իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետներում որոշակի խախտումներ են առկա։ 2022 թվականի հունվարի սկզբին Infocom-ը ուսումնասիրեց հայտարարագրերի ռեեստրում 8-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորների էջերը հասկանալու համար՝ նրանցից յուրաքանչյուրը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացրե՞լ է արդյոք իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Արդյունքում պարզվեց, որ հունվարի 12-ի դրությամբ 9 պատգամավորների անվանական էջերում բացակայում են որոշ հայտարարագրեր։ Խոսքը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Դանիելյանին, Խաչատուր Սուքիասյանին, Վիգեն Խաչատրյանին, Գուրգեն Մելքոնյանին, Մերի Գալստյանին, Հակոբ Ասլանյանին, Կարեն Համբարձումյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին։  Մասնավորապես, Վիգեն Խաչատրյանի, Խաչատուր Սուքիասյանի, Հայկ Մամիջանյանի եւ Գուրգեն Մելքոնյանի էջերն ամբողջովին դատարկ էին, թեեւ նրանք պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր էին ներկայացնել պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։ 8-րդ գումարման ԱԺ-ն, ինչպես հայտնի է, ձեւավորվել է 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում, իսկ պատգամավորները իրենց լիազորությունները ստանձնել են օգոստոսի 2-ին առաջին նիստի երդման արարողությամբ։ Այսինքն՝ օգոստոսի 2-ից սկսած՝ նրանք ունեին մեկ ամիս ժամանակ պահանջվող հայտարարագրերը ներկայացնելու համար։ Հունվարի 12-ի դրությամբ Վահե Հակոբյանի էջում առկա վերջին հայտարարագիրը 2018 թվականին Սյունիքի մարզպետի լիազորությունները դադարեցնելու հայտարարագիրն էր։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է նույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Քանի որ Վահե Հակոբյանը պատգամավոր է ընտրվել պաշտոնեական լիազորությունները դադարեցնելուց 3 տարի անց, օրենքի այս դրույթը նրա դեպքում կիրառելի չէ, ուստի նա եւս պետք է ներկայացներ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր։ Պատգամավորներ Մերի Գալստյանի, Հակոբ Ասլանյանի եւ Կարեն Համբարձումյանի էջերում էլ նույն օրվա դրությամբ բացակայում էին 2020 թվականի տարեկան հայտարարագրերը, որոնք պետք է ներկայացված լինեին մինչ 2021 թվականի մայիսի 31-ը՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։ Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանին, նա 2020 թվականի նոյեմբերի 30-ին դադարեցրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի օգնականի լիազորությունները, որից հետո՝ 2021 թվականի հունվարի 27-ին, նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, որից հետո էլ՝ 2021 թվականի հունիսի 20-ին, ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Հաշվի առնելով նույն՝ 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ Դանիելյանը ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը պիտի ներկայացներ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ այն ներկայացվել է 2021 թվականի օգոստոսի 12-ին, այսինքն՝ պաշտոնը դադարեցնելուց գրեթե 9 ամիս անց։ Նույն դրույթի համաձայն՝ ՊՎԾ-ում աշխատանքի անցնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը, Դանիելյանը պիտի ներկայացներ նաեւ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր, որը, սակայն, նրա էջում բացակայում էր։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հունվարի 12-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք պատգամավորները չեն ներկայացրել հիշյալ հայտարարագրերը, եթե այո, ապա նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ հարուցվե՞լ է վարչական վարույթ, եւ կիրառվե՞լ է արդյոք պատասխանատվության միջոց թե՞ ոչ։ Հայտարարագրերը ներկայացրած լինելու պարագայում խնդրել էինք հայտնել պաշտոնական ռեեստրում դրանց հասանելի չլինելու պատճառները եւ տրամադրել այդ հայտարարագրերը կամ համապատասխան հղումները։ 8 պատգամավորից 6-ը Infocom-ի հարցումից հետո է ներկայացրել պահանջվող հայտարարագրերը Մեր հարցմանն ի պատասխան՝ հունվարի 19-ին ԿԿՀ-ից տեղեկացրին, որ հիշյալ բոլոր պատգամավորները, բացառությամբ Դավիթ Դանիելյանի, ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը։ Լրացուցիչ գրավոր հարցմամբ խնդրեցինք հստակեցնել, թե յուրաքանչյուրը երբ է ներկայացրել, եւ եթե կան պատգամավորներ, որոնք հայտարարագրերը ներկայացրել են հիմնական ժամանակի ավարտից հետո լրացուցիչ ծանուցում ստանալու արդյունքում միայն, ապա երբ են ուղարկվել այդ ծանուցումները։ Ի պատասխան այս հարցման՝ հունվարի 27-ին ԿԿՀ-ից հայտնեցին, որ հայտարարագրերը արդեն հասանելի են պաշտոնական ռեեստրում, եւ դրանցում արտացոլված են ներկայացնելու օրերը։ Ուսումնասիրելով այդ հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ հիշյալ 8 պատգամավորներից 6-ը հայտարարագրերը ներկայացրել է մեր առաջին հարցումից՝ հունվարի 12-ից օրեր անց միայն։ Մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանը հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի հունվարի 16-ին, Վիգեն Խաչատրյանը, Գուրգեն Մելքոնյանը, Հակոբ Ասլանյանը, Կարեն Համբարձումյանը՝ հունվարի 17-ին, Մերի Գալստյանը՝ հունվարի 18-ին։ Ինչ վերաբերում է Հայկ Մամիջանյանին եւ Վահե Հակոբյանին, նրանք հայտարարագրերը ներկայացրել էին մեր հարցումից ավելի վաղ՝ համապատասխանաբար հունվարի 11-ին եւ հոկտեմբերի 27-ին։  Նախորդ տարվա հունիսի 7-ին ԿԿՀ-ն հայտարարեց, որ 2021 թվականի հունիսի 1-ին կամ դրանից հետո պաշտոն ստանձնած եւ պաշտոնը դադարեցրած հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի ներկայացման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է՝ հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոխվել են հայտարարագրերի համապատասխան ձևանմուշները, իսկ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 9-ին, տեղեկացրեց, որ համակարգն արդեն վերագործարկվել է։ Միաժամանակ հանձնաժողովը հորդորեց հնարավորինս շուտ  կատարել օրենքով սահմանված հայտարարագրման պարտավորությունը՝ վերջնաժամկետ սահմանելով 2021 թվականի հոկտեմբերի 4-ը։ Ստացվում է, որ անկախ գործընթացի՝ տեխնիկակական պատճառներով կասեցումից՝ հիշյալ բոլոր պատգամավորները ժամկետի խախտմամբ են ներկայացրել իրենց հայտարարագրերը։ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության, եթե «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա դարձյալ չի ներկայացնում հայտարարագիրը։ Մենք գրել էինք, որ օրենքի այս դրույթից հետեւում է, որ գրավոր ծանուցումը պիտի ուղարկվի հիմնական մեկամսյա ժամանակի լրանալուց հետո՝ այնպես, որ անձը դրա հիման վրա եւս մեկ ամիս ժամանակ ունենա՝ հայտարարագիրը ներկայացնելու համար։ Հարցազրույցի ընթացքում մեր այս հետեւությանը համաձայնել էր ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը (ինչի վերաբերյալ ձայնագրությունն առկա է), այդ իսկ պատճառով մենք եզրակացրել էինք, որ վերոհիշյալ պատգամավորների դեպքում, բացառությամբ Վահե Հակոբյանի, հայտարարագրերը ներկայացվել են նաեւ այդ լրացուցիչ մեկամսյա ժամկետի ավարտից հետո, թեեւ նրանց նկատմամբ վարչական վարույթներ չեն հարուցվել։ Սակայն նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով, մեկնաբանելով օրենքի այս դրույթը, նշեց, որ գրավոր ծանուցում ուղարկելու համար ժամկետ սահմանված չէ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ համակարգն ավտոմատացված չէ, հայտարարագրեր չներկայացնելու փաստն ինքնին չի արձանագրվում, եւ Հանձնաժողովը հայտարարատուներին ուղարկում է գրավոր ծանուցումը այն ժամանակ, երբ նկատում է, որ որեւէ հայտարարագիր բացակայում է։ Դրանից բացի, մենք հարցմամբ խնդրել էինք նշել՝ կա՞ն պատգամավորներ, որոնք համապատասխան հայտարարագիրը չեն ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված ժամկետում, եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 169. 28-րդ հոդվածի համաձայն՝ նախքան վարչական վարույթ հարուցելը նրանց ուղարկվել է գրավոր ծանուցում՝ լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար (կամ այդ մասին տեղեկացվել է էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսազանգով)։ Հարցմանն ի պատասխան՝ ԿԿՀ-ից տեղեկացրել են․ «Վերոնշյալ հայտարարատուները ծանուցվել են էլեկտրոնային եղանակով եւ հեռախոսազանգով, եւ քանի որ Հանձնաժողովի նպատակը հայտարարագրերը ստանալն է, իսկ նշված հայտարարատուները արդեն ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը, հետեւաբար հանձնաժողովում վարույթներ չեն հարուցվել»։ Քանի որ մեր հարցը վերաբերում էր լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար ծանուցելուն, մենք ենթադրել ենք, որ ստացված պատասխանում Հանձնաժողովը նկատի է ունեցել հենց այդ ծանուցումը։ Սակայն Հայկուհի Հարությունյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ թյուրընկալում է տեղի ունեցել, եւ Հանձնաժողովը նկատի է ունեցել այն, որ հիշյալ պատգամավորներին ծանուցել են՝ տեղեկացնելու համար, որ իրենք այսուհետ հայտարարատու անձինք են, իսկ այդ ծանուցումը կատարվել է ուշ, քանի որ նրանց վերաբերյալ տեղեկությունը Հանձնաժողովին ուշ է փոխանցվել։ Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հայտարարագրերը ուշ են հրապարակվել «Հանրային ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածը սահմանում է, որ հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող 5-րդ օրը հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։ Ուստի ԿԿՀ-ից խնդրեցինք պպարզաբանել նաեւ, թե որն է պատճառը, որ համեմատաբար ավելի վաղ ներկայացված հայտարարագրերը (օրինակ՝ Վահե Հակոբյանի կամ Հայկ Մամիջանյանի հայտարարգրերը) դարձյալ ժամկետի խախտմամբ են հրապարակվել։ Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մեր զրույցում պարզաբանեց, որ բուն խնդիրը կապված է հայտարարատու անձանց անձնական տվյալների գաղտնիության ապահովման հետ (նույն՝ 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը)․ «Երբ նշվում է հայտարարատու անձի մարզը, համայնքը, փողոցը, շենքը, բնակարանը, Կառավարության որոշմամբ սահմանված կարգով որոշ դեպքերում փակվում է դրանց մի հատվածը, ոչ ամբողջությամբ, հրապարակելուց հետո, սակայն, նշված տվյալները կամ ամբողջությամբ էին փակվում, կամ ամբողջությամբ բաց էին մնում, երկու դեպքում էլ խնդիր է։ Քանի որ համակարգը վաղուց է ներդրված, արդիականացման խնդիր կա, եւ հիմա տեխնիկական մասնագետները աշխատում են, այդ պատճառով այդ գործընթացը մի փոքր ավելի երկար տեւեց»,- ասաց Հակոբյանը։ Մեր հարցին, թե ինչպես է, որ հայտարարատու այլ անձանց դեպքում նման խնդիր չի առաջացել, իսկ հիշյալ պատգամավորների դեպքում առաջացել է, Հակոբյանը պատասխանեց, որ դա եւս ծրագրային խնդիր է․ «Այնպես չէ, որ չի առաջանում, չենք բացառում, որ լինեն դեպքեր, երբ նման խնդիր լինի, պատահում է՝ հայտարարատուներն են բացահայտում, դիմում մեզ, պատահաում է՝ մենք ենք բացահայտում, լուծում տալիս, բայց հնարավորինս փորձում ենք խնդիրը լուծել, նոր հրապարակել, որպեսզի երկու կողմի համար էլ խնդիրներ չառաջացնենք»։ Դավիթ Դանիելյանի՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիրը մինչ օրս բացակայում է Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանի կողմից ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելուն, մեր հարցման պատասխանում նշել են, որ դա պայմանավորված է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ, որի պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 4-ից կասեցվել է հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորությունը։ Անդրադառնալով Դավիթ Դանիելյանի մեկ այլ՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելուն՝ ԿԿՀ-ից հայտնել են, որ 2021 թվականի օգոստոսի 5-ին ԿԿՀ կայքում հրապարակվել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակ, որտեղ առկա է նաեւ Դավիթ Դանիելյանի անունը՝ բացակայող հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններով, սակայն 2022 թվականի հունվարի 18-ի դրությամբ Դանիելյանը դեռ չի ներկայացրել այդ հայտարարագիրը․ «Նշված հայտարարատուին ուղարկվել է ծանուցում՝ հայտարարագիրը օրենքով սահմանված կարգով 30-օրյա ժամկետում ներկայացնելու համար: Հայտարարագիրը նշված ժամկետում չներկայացնելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհարուցի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ»,- ասված է հարցման պատասխանում: Նշենք, որ Դավիթ Դանիելյանի դեպքում եւս լրացել է ոչ միայն հայտարարագիր ներկայացնելու հիմնական ժամանակը, այլ նաեւ լրացուցիչ մեկամսյա ժամկետը։ Ավելին, դրա լրանալուց հետո՝ 2021 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ, Հանձնաժողովը նրա անունը ներառել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակում, սակայն ծանուցում դարձյալ չի ուղարկել։ Հասկանալու համար, թե որն է դրա պատճառը, եւ ի վերջո երբ է Դավիթ Դանիելյանին ուղարկվել գրավոր ծանուցումը, Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանին խնդրեցինք այս հանգամանքը եւս պարզաբանել։ Վերջինս մեր զրույցում շնորհակալություն հայտնեց խնդիրը վեր հանելու համար եւ տեղեկացրեց, որ Դանիելյանին եւս գրավոր ծանուցումն ուղարկվել է մեր հարցումից հետո՝ 2022 թվականի հունվարի 18-ին․ «Որոշ մասերով տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, որի արդյունքում տվյալները ամբողջությամբ չեն արտահանվել, նման բացթողումներ հնարավոր է լինեն, չեմ բացառում, դրա համար հիմա մենք աշխատում ենք նոր համակարգի ստեղծման վրա, պայմանագիրն արդեն կնքված է, ենթադրաբար առաջիկա մեկ տարվա ընթացքում նմանատիպ բոլոր հարցերը կկարգավորվեն, եւ հետագայում ավելի հստակ կկարողանանք ցանկացած տվյալ շատ ավելի սեղմ եւ հստակ ժամկետում տրամադրել»,- ասաց նա։  Հարցին՝  օրենքով կամ իրավական այլ ակտով ամրագրվա՞ծ է արդյոք, որ նախքան գրավոր ծանուցում ուղարկելը Հանձնաժողովը կարող է կամ պետք է իր կայքում հրապարակի համապատասխան հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակը, Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ոչ միշտ են այդպիսի ցուցակներ հրապարակում, իսկ հրապարակելու դեպքում այդպես են վարվում հայտարարատուներին լրացուցիչ ծանուցելու, ինչպես նաեւ հանձնաժողովի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ապահովելու համար։ Որպես կանոն՝ ցուցակը հրապարակելուց հետո հայտարարատու անձանց տալիս են մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո միայն, եթե հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ուղարկում են գրավոր ծանուցում։ Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ԱԺ որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրերը ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետները, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրանք ուշ է հրապարակել՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված։    Միլենա Խաչիկյան
20:05 - 31 հունվարի, 2022
Մոտ 70 պաշտոնյա հայտարարագրել է 100 մլն և ավելի դրամ. հանձնաժողովը ներկայացրել է հայտարարագրման տվյալները |armenpress.am|

Մոտ 70 պաշտոնյա հայտարարագրել է 100 մլն և ավելի դրամ. հանձնաժողովը ներկայացրել է հայտարարագրման տվյալները |armenpress.am|

armenpress.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրերում տարեվերջի դրությամբ զգալի թվով պաշտոնատար և վերջիններիս ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք հայտարարագրել են խոշոր կանխիկ դրամական միջոցների մնացորդներ։ 15-50 մլն ՀՀ դրամ կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ, 50-100 մլն ՀՀ դրամ` մոտ 160 անձ, 100 մլն և ավելի ՀՀ դրամ` մոտ 70 անձ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ  «Հանրային ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող եկամուտը կամ դրամական միջոցներով հանձնած փոխառության գումարը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարատուն նշված գործարքները կատարել է կանխիկ ձևով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարատու անձանց առաջարկում է դրամական միջոցները պահել անկանխիկ եղանակով, ինչն ավելի թափանցիկ և հաշվետու կդարձնի պաշտոնատար անձանց գործունեությունը:
17:22 - 26 հունվարի, 2022
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը․ Արծվիկ Մինասյան

Քննարկվում է հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր ինստիտուտներից մեկի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, բայց չափազանց սկզբունքային նշանակություն ունի այն քաղաքականության հիմնադրույթը, թե ի վերջո ինչպես ենք մենք պատկերացնում հակակոռուպցիոն քաղաքականությունը մեր երկրում։ Անշուշտ սա բոլոր տիպի երկրների համար հիմնարար հարցերից մեկն է, առավել ևս մեր նման երկրի համար, որն անցնելով խորհրդային կարգերը, որտեղ շատ մեծ էր կոռուպցիայի դերը՝ անցումային շրջանում նույնպես զերծ չենք մնացել այս բացասական երևույթից։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։  Մինասյանը նշեց, որ երկար ժամանակ քննարկումների արդյունքում որդեգրվել է մի մոդել, որտեղ ընդդիմության համոզմամբ հակակոռուպցիոն քաղաքականությունը չի կարող ունենալ դրական արդյունք։ Պատգամավորը մանրամասնեց․ «Նախ այն պատճառով, որ կոռուպցիա ծնող հիմնական շարժառիթը ու պատճառը իշխանական ազդեցության լծակն է թե՛ հանրային ֆինանսական ռեսուրսների հասանելիության, թե՛ այդ ռեսուրսների բաշխման և թե՛ հանրային իրավունքների տրամադրման՝ որոշումների կայացման մակարդակում։ Այս առումով սկզբունքային նշանակություն ունի, թե որոնք են կոռուպցիայի դեմ պայքարի հակահամակարգային տարրերը, որոնք պետք է նպաստեն, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լինի։ Անշուշտ, ինչպես միջազգային փորձն է վկայում՝ դրա կենտրոնական տեղում քաղաքական ընդդիմությունն է, որը ունենալով լծակներ, փոխադարձ զսպման համակարգի միջոցով հասնել այն բանին, որպեսզի իշխանական լծակների տիրապետող անձիք կարողանան հավասարակշռված այս համակարգում զերծ մնալ, կամ նվազեցնել կոռուպցիոն դրսևորումները»։ Մինասյանը նշեց, որ դեռևս 2000-ականների կեսից Հայ հեղափոխական դաշնակցությունը կարևորել է այս հարցը, օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկությունների տեսքով ներկայացրել է իր մոտեցումները և կուսակցությունը մեծ դերակատարություն ունի Գրեկոյի՝ Հայաստանի անդամակցության հարցում։ Մինասյանի խոսքով բոլոր ժամանակներում կուսակցության համար սկզբուքնային նշանակություն է ունեցել այն, որ հակակոռուպցիոն քաղաքականության կենտրոնական, արմատական հարցերից մեկը՝ ընդդիմության դերակատարաությունն է։ «Պատահական չէ, որ մեր բոլոր ժամանակների պնդումներում եղել է հիմնավորում՝ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարումը կամ առնվազն ազդեցիկ դերակատարությունը այս մարմնի գործունեության մեջ պետք է քաղաքական ընդդիմությունը ունենա։ Այս տեսակետը մենք միշտ հայտնել ենք, սակայն այն մոդելը, որը որդեգրվել է հիմա բացարձակ զրոյացրել է ընդդիմության դերակատարությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս սկզբնական փուլում ընդունված օրենքի մեջ կար հնարավորությւոն, որ գոնե մասնակի ազդեցություն ունենա ընդդիմությունը՝ այն է մրցութային խորհրդում ընդդիմադիր խմբակցությունները ներակայացնում էին մրցութային խորհրդի անդամներ։ Մեր համոզմամբ այս համակարգը, որը ստեղծվել է չի կարող օբյեկտիվորեն իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար։ Այս համակարգը վստահություն չի ներշնչում առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չկան անհրաժեշտ գործողությունները, որոնք կփաստեն, որ կա որոշակի հնարավորություն վստահելու այս համակարգին, մենք չունենք այս համակարգի նկատամբ այն վստահությունը, ինչը դուք ունեք։ Ուզում եմ հայտարարել, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը»,- եզրափակեց պատգամավորը։
11:39 - 14 սեպտեմբերի, 2021
ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը։ ԿԿՀ անդամի պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը։Թեկնածուին ներկայացրեց մրցութային խորհրդի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որը տեղեկացրեց, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում ձեւավորվում է մրցութային խորհուրդ, որտեղ խորհրդի անդամներ ներկայացնելու իրավասությունը վերապահված է Մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատին, Բարձրագույն դատական խորհրդին, Ազգային ժողովի խորհրդին եւ կառավարությանը։ Այս իրավասու մարմինների ներկայացուցիչներից ձեւավորվել է մրցութային խորհուրդը, որը 2021-ի հունիսի 22-ին հայտարարել էր ԿԿ հանձնաժողովի անդամի պաշտոնիի համար մրցույթ։ Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ երկու հավակնորդ է եղել, երկուսն էլ անցել են մրցույթի բանավոր քննության փուլը, իսկ մրցութային խորհրդի սեպտեմբերի 3-ի որոշմամբ, ի վերջո, հաղթոր է ճանաչվել Մարիամ Գալստյանը։ Վերջինը մասնագիտության իրավաբան է, իրավագիտության բակալավրի աստիճանը ստացել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում։ Գալստյանի կենսագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ի դեպ, ԿԿ հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր է 2019-ի դեկտեմբերի 6-ից։ Մրցութային խորհուրդը ձեւավորվել է 2021-ի փետրվարի 19-ին՝ ԱԺ նախագահի կարգադրությամբ։Գալստյանն իր ելույթում նշեց, որ հիմա, առավել քան երբեւէ, արդիական է այն գաղափարը, որ կոռուպցիայի անգամ նվազագույն քանակությամբ առկայությունն ուղղակի վտանգի է ազգային անվտանգությանը, պետության մարտունակությանը, տնտեսությանը․ «Կարծում եմ՝ այս գիտակցումով պետք է առաջնորդվենք յուրաքանչյուրս»,- ասաց նա՝ շեշտելով, որ միշտ հավատացել է, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի օրենքի շրջանակներում ագրեսիվ եւ անհանդուրժող պայքար մղել կոռուպցիայի դեմ։
17:32 - 13 սեպտեմբերի, 2021
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է սահմանված ժամկետում հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցուցակը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է սահմանված ժամկետում հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցուցակը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձանց ցուցակը, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրերը: Սույն հղումով ներկայացված է հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած առաջին խումբ պաշտոնատար անձանց ցուցակը։ Գործընթացը շարունակական է լինելու, և համապատասխան տվյալների մշակմանը զուգահեռ` Հանձնաժողովը փուլ առ փուլ կհրապարակի հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած մյուս պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների ցուցակները։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի ծանուցման հիման վրա ծանուցմամբ նշված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու դեպքում, հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 ՀՀ դրամի) չափով: Նշված հիմքերով վարույթներ կհարուցվեն նաև հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների («Հանրային ծառայության մասին» օրենքով իմաստով ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց) նկատմամբ:
17:19 - 05 օգոստոսի, 2021
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը մտադիր է Հայաստանում առավել ակտիվ աջակցել կոռուպցիայի կանխարգելմանը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը մտադիր է Հայաստանում առավել ակտիվ աջակցել կոռուպցիայի կանխարգելմանը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանը և ծրագրերի ղեկավար Անահիտ Խաչատրյանը 2021 թվականի հուլիսի 29-ին հյուրընկալվեցին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրասենյակում: Ծանոթանալով հանձնաժողովի առաջիկա ծրագրերին՝ նրանք պատրաստակամություն հայտնեցին շարունակել և ընդլայնել հետագա համագործակցությունը, հանձնաժողովին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն կոռուպցիայի կանխարգելման գործում՝ ավելացնելով համակարգային բարեփոխումներին ուղղվող օժանդակությունը: Այս մասին տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը կարևորել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը: Կողմերը մտքեր են փոխանակել հետագա գործակցության ուղղություններն ընդլայնելու վերաբերյալ՝ կարևորելով քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության, հանրային ծառայողների շրջանում բարեվարքության համակարգի ներդրման, պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգի կատարելագործման, քաղաքացիների շրջանում հանրային իրազեկվածության բարձրացման և կրթական ծրագրերի իրագործմանն առնչվող հարցերը: ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն նշեց, որ ներկայացված ուղղությունները կարևոր են և ԱՄՆ ՄԶԳ-ն գործակալությունն առաջիկայում կշարունակի գործուն աջակցություն ցուցաբերել՝ այդ ոլորտներում հաջողություններ արձանագրելու համար: ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանը կարևորեց հանձնաժողովի հետ շուրջ մեկուկես տարվա փոխգործակցությունը և հույս հայտնեց, որ վերոնշյալ  ուղղություններով ևս կլինեն շոշափելի արդյունքներ: Կողմերը պայմանավորվել են այսպիսի աշխատանքային քննարկումները դարձնել պարբերական։ Հետագա հանդիպումներին կներկայացվեն ոչ միայն նպատակները, այլև կատարված աշխատանքներն ու արդյունքները:
16:44 - 30 հուլիսի, 2021