ՎԶԵԲ - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հիմնադրվել է 1991 թվականին, ունի 30 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Բանկի առաքելությունը նախկին կոմունիստ երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն էր։ Բանկի հիմնական գրասենյակը Լոնդոնում է։
 
Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին։ ՎԶԵԲ-ի կապիտալում նրա բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո։ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։ 
Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ-ի Կովկասյան տարածաշրջանի տնօրենին ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները

Տիգրան Ավինյանը ՎԶԵԲ-ի Կովկասյան տարածաշրջանի տնօրենին ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 24-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:  Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական ոլորտի կարճաժամկետ ու միջնաժամկետ առաջնահերթությունները: Նա կարևորել է 2021թ. փետրվարի 4-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որը խնդիր ունի վերականգնել ու կայուն զարգացման վրա դնել երկրի տնտեսությունը: Այդ ծրագրի բաղադրիչների շարքում Տիգրան Ավինյանն առանձնացրել է ինչպես նոր ոլորտները, օրինակ՝ Հայաստանում տեխնիկական կանեփի և այլ մշակաբույսերի մշակման հեռանկարները, այնպես էլ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող, սակայն «Տնտեսական արձագանքման ծրագրով» ակտիվ փուլ մտած քաղաքաշինական նախագծերը: Այդ համատեքստում քննարկվել են Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման և «Կոնդ» թաղամասի զարգացման ներդրումային ծրագրերը: Փոխվարչապետը հատուկ շեշտել է, որ «Կոնդ» թաղամասի զարգացման ծրագիրն ամբողջովին լինելու է ներառական գործընթաց, որտեղ հաշվի է առնվելու հանրային կարծիքը: Առաջիկա օրերին սպասվում է նաև «Կոնդ» թաղամասի վերակառուցման նախագծի մրցույթի հայտարարումը:   Անդրադարձ է կատարվել նաև «Ինժեներական քաղաքին» որպես պետություն-մասնավոր համագործակցության հաջող օրինակի, որն արդեն ընթացքի մեջ է, և մոտ ժամանակներում հայտարարվելու է շինարարության մրցույթը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Նորագյուղ» թաղամասի զարգացան, Հայաստանում ակադեմիական ու նորարարական թաղամասերի ստեղծման հարցերի շուրջ: Դիմիտրի Գվինդաձեն ներկայացրել է 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող գործառնությունները՝ նշելով, որ դրանց ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո: Նախորդ երկու տարիների աճի դինամիկան պահպանվել է՝ հասնելով գործառնությունների ռեկորդային ցուցանիշի և մոտ 93 տոկոսով բաժին ընկնելով մասնավոր հատվածին: ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող գործառնությունները ընդգրկել են բանկային, էներգիայի ու բնական ռեսուրսների, տրանսպորտային ոլորտները: Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ բնագավառներում: Անդրադարձ է եղել մասնավոր հատվածի մրցունակության և արտադրողականության բարձրացման ուղղությամբ կառավարության կողմից մշակվող ծրագրերի շուրջ համագործակցությանը:
18:22 - 24 փետրվարի, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ նշելով սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների վերացմանն ուղղված Կառավարության ջանքերը: Զրուցակիցները հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել են ՎԶԵԲ-ի կողմից մասնավոր հատվածին աջակցությունը և Հայաստանում ֆինանսական տարբեր գործիքների ակտիվացումը, որոնք ուղղված են մի շարք ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտ, այլընտրանքային էներգետիկա և այլն: Մտքեր են փոխանակվել կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտության և դրա համար առկա նախադրյալների շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները:
16:41 - 24 փետրվարի, 2021
Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Փետրվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստը: Վերջինիս մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Ողջույնի իր խոսքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստի շրջանակներում: Նախքան աշխատանքների մեկնարկը, ցանկանում եմ անդրադառնալ ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:     2020 թվականը Հայաստանի համար բազմակի ճգնաժամերի տարի դարձավ՝ նկատի ունենալով տարեսկզբի կորոնավիրուսի համավարակը և արդեն աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Այս ամենը խաթարող ազդեցություն ունեցավ տնտեսության ու սոցիալ-տնտեսական կյանքի վրա. տնտեսական տարին ավարտել ենք մոտ 7.5 տոկոս տնտեսական անկումով, ինչը չի կարող սոցիալական հետևանքներ չունենալ: Նախորդ տարին ավելի տեսանելի դարձրեց խորքային այն խնդիրները, որոնք կուտակվել են և ընդհանուր առմամբ բնութագրում են մեր երկրի տնտեսական համակարգը: Մասնավորապես՝ մրցունակության և տեխնոլոգիական զարգացման ոչ բավարար մակարդակ, ըստ այդմ՝ ֆորս-մաժորներին դիմակայելու ցածր կարողունակություն և իրավիճակներին ադապտացվելու նվազ ճկունություն: Այս խնդիրներն ավելի սուր են արտահայտված փոքր և միջին ձեռնարկատիրության հատվածում: Այս իրողությունը հետևություններ անելուց զատ, տնտեսական քաղաքականության վերաիմաստավորման և առկա մարտահրավերներին համապատասխան վերափոխման անհրաժեշտություն է ստեղծում: Այս համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության մրցունակության և դիմակայունության աճի հիմքում պետք է ընկած լինեն ինդուստրիալիզացիան, տեխնոլոգիական մոդեռնիզացիան և միջազգային արժեշղթաներում մրցունակ դիրքեր գրավելը: Անկասկած, բոլոր ներկաներն արդեն իրազեկ են, որ Վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի կետերի իրականացման շրջանակներում փետրվարի 4-ին Կառավարությունը հաստատել է «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը», որի առանցքը առաջիկա վեց ամիսներին տնտեսական ակտիվության խթանումն է, գործարարության և ձեռներեցության զարգացման համար նպաստավոր միջավայրի ու պայմանների ապահովումը: Չնայած ծրագիրը կարճ ժամկետում իրականացվելու օրակարգ ունի, դրանում ներառված բոլոր գործողություններն ու միջոցառումները նաև միջնաժամկետում պիտի նպաստեն տնտեսության վերականգնմանն ու կայուն զարգացմանը: Ծրագրում կարևոր տեղ է հատկացված մասնավոր հատվածի հետ պարբերական խորհրդակցություններին, որոնց միջոցով փորձելու ենք վեր հանել խնդիրները և լուծումներ գտնել: Կարող ենք համարել, որ այս նիստով դնում ենք այդ խորհրդակցությունների մեկնարկը:Ամփոփելով՝ ցանկանում եմ նաև ողջունել և շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին այսօրվա նիստին ներկա գտնվելու համար»: Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին ողջունել է խորհրդակցության մասնակիցներին՝ արտահայտելով Միացյալ Թագավորության հանձնառությունը շարունակելու աջակցել անցկացվող միջոցառումներին, որոնք խթանում են տնտեսության զարգացումը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է այնպիսի գործիքների ներդրումն ու կիրառությունը, որոնցով առավելագույնս արդյունավետորեն կհաղթահարվեն նախորդ տարվա առաջացրած խնդիրները: ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, անդրադառնալով ՎԶԵԲ-ի առաքելությանը, ներկայացրել է Բանկի կողմից Հայաստանում իրականացվող գործառնությունների դինամիկան: Ըստ այդմ՝ նախորդ տարի Հայաստանում ՎԶԵԲ-ի գործառնությունների ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո, որի մոտ 93 տոկոսը մասնավոր հատվածում գործառնություններն են: Նա նշել է, որ ՎԶԵԲ-ը մեծապես շահագրգռված է աջակցելու մասնավոր-պետություն տնտեսական երկխոսությանը, ինչն էլ իր հերթին պիտի նպաստի մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը: Նիստի ընթացքում քննարկվել են պետական գնումներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել խոշոր առևտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը և այլն: Քննարկման առարկա են դարձել դրոշմավորման գործընթացում առկա խնդիրները, «Հայփոստի» առաքման ծառայության գների բարձրացման հարցերը: Օրակարգում է եղել նաև բանկերի կողմից ֆինանսական հասանելիության գործիքների ընդլայնման հարցը:  
18:57 - 19 փետրվարի, 2021
ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ներդրումներ է կատարել Հայաստանում

ՎԶԵԲ-ը ռեկորդային ծավալի ներդրումներ է կատարել Հայաստանում

2020 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում արձագանքել է Covid-19 համաճարակին` կատարելով 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ էներգետիկայի, բանկային և տրանսպորտային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման աջակցության միջոցով։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՎԶԵԲ երևանյան գրասենյակից, բանկն օգնել է հոգալ երկրի տնտեսության անմիջական և երկարաժամկետ կարիքները: ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է, «ՎԶԵԲ-ի թիմն աշխատել է օգնել մեր հաճախորդներին հաղթահարել Covid-19 համաճարակի ազդեցությունը: Մեր աջակցությունը ներառում է իրացվելիության ապահովում և առևտրի ֆինանսավորում: Մենք ներդրումներ ենք արել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներում: Բանկային հատվածին մեր ցուցաբերած աջակցությունը խթանել է ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը: Վերականգնմանն օժանդակելը մեր առաջնահերթ նպատակն է 2021 թվականին։ Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում Եվրամիության (ԵՄ) հետ և շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ի մեր գործընկերներին այս կարևոր ռազմավարական համագործակցության համար ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ծրագրերի համատեքստում»: ՎԶԵԲ-ը մեծացրել է իր ներդրումների ծավալը տնտեսության անմիջական կարիքները հոգալու և վերականգնման հիմքեր ստեղծելու նպատակով՝ կենտրոնանալով ապագայում բարելավված տնտեսությունների վերակառուցման վրա: Բանկը շարունակել է իր աջակցությունը կենտրոնացնել մասնավոր հատվածի վրա, և այդ աջակցությունը 2020 թվականին կազմել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումների ավելի քան 90 տոկոսը: Նորարարական ծրագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է Հայաստանում և Կովկասում արդյունաբերական մասշտաբի 55 Մվտ հզորությամբ առաջին արևային էլեկտրակայանը։  Ծրագիրը կօգնի մեծացնել Հայաստանում մաքուր էներգիայի պաշարը և նվազեցնել երկրի կախվածությունը ներմուծվող վառելիքներից: Օժանդակելով  առևտրի կենսական հոսքերի պահպանմանը՝ ՎԶԵԲ-ը Հայաստանում նոր ռեկորդային աջակցություն է ցուցաբերել առևտրի ֆինանսավորման գործարքներին՝ շուրջ 70 միլիոն եվրո գումարի չափով Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում, որում ներգրավված են ութ տեղական գործընկեր բանկեր։  ՎԶԵԲ-ը էլ ավելի է ընդլայնել իր աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին)՝ վարկեր տրամադրելով առևտրային բանկերին բիզնեսի հետագա վարկավորման համար: Սա ներառում է «Կանայք բիզնեսում» վարկային գծերը: Ենթակառուցվածքների ոլորտում Բանկը ֆինանսավորում է Մեղրի քաղաքի մերձակայքում գտնվող սահմանային անցակետի վերակառուցումն ու արդիականացումը, որպեսզի այն համապատասխանի անվտանգության և ապահովության ժամանակակից պահանջներին: Ծրագիրը զգալի դրամաշնորհային աջակցություն է ստացել Եվրամիությունից։ ՎԶԵԲ-ը աջակցություն է ցուցաբերել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որը շարունակում է իրականացնել իր էլեկտրական բաշխիչ ցանցի արդիականացումը: Խորհրդատվական և քաղաքականության մշակման գործընթացներում ներգրավվածություն Բանկը նաև բիզնես խորհրդատվություն է տրամադրել տեղական ՓՄՁ-ներին՝ իրականացնելով  խորհրդատվական 80 ծրագիր 70 տեղական խորհրդատուների օգնությամբ և երեք միջազգային խորհրդատվական միջոցառումների, շուկայի զարգացման 10 միջոցառումների և դասընթացների միջոցով: Գործարարության աջակցման գրասենյակը (ԳԱԳ) սկսել է նորարարական նախաձեռնություն`համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության հետ` տեղական բիզնեսներին տրամադրելով ճգնաժամի հաղթահարման թեմաներով անվճար վեբինարներ։ Ազգային ժողովն ընդունել է ԳԱԳ-ի կողմից մշակված՝ լիզինգի օրենսդրական դաշտը բարելավող փաթեթը:
14:47 - 20 հունվարի, 2021
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվել է ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահող

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվել է ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահող

 Հեռավար կարգով հոկտեմբերի 7-ին կայացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի լիագումար նիստը, որի ընթացքում որոշումներ են ընդունվել կառույցի 2021-2025 թթ. Ռազմավարական և կապիտալի շրջանակի վերաբերյալ և հաստատվել է Բանկի հաշվետվությունը: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, լիագումար նիստում ՀՀ փոխվարչապետ, ՎԶԵԲ-ում Հայաստանի կառավարիչ Տիգրան Ավինյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող 2020-2021 թթ. համար: Բանկին Հայաստանի անդամակցությունից ի վեր առաջին անգամ երկրի ներկայացուցիչն ընտրվում է Կառավարիչների խորհրդի փոխնախագահող: 2021 թվականին Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան ժողովը: ՎԶԵԲ տարեկան ժողովում Հայաստանը ներկայացրել և 2021-2025 թթ. Ռազմավարական և կապիտալի շրջանակի ու ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ուղղությունների վերաբերյալ ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՎԶԵԲ-ում Հայաստանի փոխկառավարիչ Ավագ Ավանեսյանը: Նա ներկայացրել է նաև Արցախի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ ու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման մանրամասները, անդրադարձել ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը: Նշվել է, որ Ադրբեջանի գործողություններն արդեն իսկ երկարատև և խորը վնաս են հասցրել տարածաշրջանի տնտեսական կայունությանը և կարող են հանգեցնել հումանիտար ճգնաժամի: Հայաստանի ամբողջական ուղերձը առաջիկայում հասանելի կլինի ՎԶԵԲ պաշտոնական կայքում:
10:28 - 08 հոկտեմբերի, 2020
Տարիների պայքարն ու բողոքներն իրենց արդյունքը տվեցին․ ՎԶԵԲ-ն այլևս հետաքրքրված չէ Լիդիանով․ ՀԲՃ

Տարիների պայքարն ու բողոքներն իրենց արդյունքը տվեցին․ ՎԶԵԲ-ն այլևս հետաքրքրված չէ Լիդիանով․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ ՎԶԵԲ-ի՝ Լիդիան ընկերությունում ու Ամուլսարի ծրագրում ներդրումները դադարեցնելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․«2020թ. հուլիս ամսվա դրությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դադարեցրել է իր ներդրումները Լիդիան ընկերությունում և Ամուլսարի ծրագրում։ ՎԶԵԲ-ը 2009թ-ից ֆինանսավորել է Լիդիան ընկերությանը՝ սկզբում երկրաբանահետախուզական փուլում (2009թ. դրությամբ ունենալով 5,8 միլիոն կանադական դոլարի արժետոմս), այնուհետև հանքի շահագործման տեխնիկական ու տնտեսական հիմնավորումների կազմման ժամանակ (2016թ. ՎԶԵԲ-ի արժետոմսերի ընդհանուր արժեքը Լիդիանում 10․5 միլիոն կանադական դոլար էր), իսկ արդեն ծրագրի վերջնական հաստատումից հետո՝ բնապահպանական և սոցիալական բացասական ազդեցության մեղմման նպատակով (ի դեպ, այդ ծրագրով էր նախատեսվել Լիդիանի կողմից Ջերմուկ ազգային պարկի ստեղծումը և կարմիր գրքում գրանցված բուսատեսակի տեղափոխման ծրագիրը)։ 2018թ․ դրությամբ ՎԶԵԲ-ը համարվում էր Լիդիան Ինթերնեշընըլի խոշոր 7 բաժնետերերից մեկը։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը խոշոր ֆինանսական հաստատություն է, որի բաժնետոմսերի շուրջ 60 տոկոսը պատկանում է Եվրամիության անդամ պետություններին, ԵՄ-ին և Եվրոպական ներդրումային բանկին։ Կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։ Այն ստեղծվել է 1991թ․ Միացյալ նահանգների և եվրոպական պետությունների կողմից հետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու և բիզնեսին աջակցելու նպատակով։ Հանդիսանում է պետությունների և մասնավոր ընկերությունների խոշոր վարկատու, այդ թվում՝ Հայաստանում, որի արտաքին պարտքի մինչև մեկ տոկոսը պատկանում է ՎԶԵԲ-ին։ Համաշխարհային բանկի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ միասին, որը դադարեցրեց իր մասնակցությունն Ամուլսարի ծրագրում դեռ 2017թ-ին, ՎԶԵԲ-ը հանդիսացել է Լիդիանի ո՛չ միայն խոշոր ֆինանսական հենասյունը, այլև քաղաքական ապավենը։ Լիդիան ընկերության ղեկավարները հաճախ էին շահարկում ՎԶԵԲ-ի անունն ու հեղինակությունը՝ որպես  Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի «բարձր ստանդարտների» երաշխիք։ Կարելի է միայն կռահել, որ Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ահռելի ներգրավվածությունն Ամուլսարի հարցում և ՀՀ կառավարության հետ այս թեմայով պարբերական հանդիպումները կարող էին պայմանավորված լինել բրիտանական խոշոր կապիտալ ունեցող այս բանկով։ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան ներգրավվածության մասին պարբերաբար գրել է open democracy կայքը։ Լիդիանի երկարատև հովանավոր ՎԶԵԲ-ն իր կայքում  գրում է. «2019-ին Լիդիան Ինթերնեշընլըն անվճարունակ է դարձել և իր վարկատուներից պաշտպանություն է հայցել Կանադայում, ինչը հնարավորություն է տվել ընկերությանը վերակազմավորել իր բիզնեսն ու ֆինանսական գործերը։ Սնանկության գործընթացների շրջանակում ընդունվել է կորպորատիվ վերակազմավորման պլան, որի արդյունքում ընկերության ակտիվների նկատմամբ վերահսկողությունն ու սեփականատիրությունն անցնում է Լիդիան Կանադային, Լիդիան ՄԹ-ին և Լիդիան Արմենիային պարտք տված երեք խոշորագույն պարտատուներին, իսկ Լիդիան Ինթերնեշնլը պետք է փակվի Ջերսիում իրավասու դատարանի գործընթացներին համապատասխան։ 2020թ. հուլիսի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքի սեփականատեր է Լիդիան Վենչըրս Կանադան, որի բաժնետեր ՎԶԵԲ-ը չի հանդիսանում։ Ներկա դրությամբ ՎԶԵԲ-ը բաժնեմաս ունի միայն Ջերսիում գրանցված Լիդիան Ինթերնեշընըլում, որն այլևս որևէ գույքի չի տիրապետում։ Պարտատերերը դիմելու են Ջերսիի դատարան ընկերության լուծարման համար։ Բանկը Լիդիան Ինթերնեշնլի բաժնետիրական կապիտալն ավելացնելու նպատակով ընկերությունում ներդրել է 11.4 միլիոն կանադական դոլար՝ գնելով արժետոմսեր։ Այս գումարներն օգտագործվել են Բնապահպանական ու սոցիալական ազդեցությունը մեղմացնելու նպատակով։ ՎԶԵԲ-ը ներդրում չի կատարել Լիդիան Վենչըրսում և դրա նկատմամբ ֆինանսական հետաքրքրություն չունի»։ Կարելի է փաստել, որ ներկա դրությամբ Ամուլսարի ծրագրից դուրս են եկել բոլոր հիմնական ներդրողները, և մասնավորապես՝ ՎԶԵԲ-ն ու ՄՖԿ-ն, որոնք Լիդիանի քաղաքական հենարանն էին և որոնց հեղինակությանն ու «բարձր չափանիշներին» հղում էր անում ընկերությունը։ Ջերսիում ընթացող լուծարման գործընթացում ներգրավված են ծանր տեխնիկա տրամադրող երկու խոշոր պարտատերեր՝ Caterpillar Financial Services Uk-ը և արտահանումների խթանման շվեդական SEK հիմնադրամը։ Լիդիանի սեփականատերերն այժմ Orion Resource Partners, Osisko Mining and Resource Capital Fund ներդրումային ֆոնդերն են։ Փաստացի գոյություն չունի նաև Լիդիան Ինթերնեշնլ ընկերությունը, որը Հայաստանին սպառնում էր միջազգային արբիտրաժով։ Հայկական բնապահպանական ճակատի գնահատականով՝ տեղացիների աննկուն պայքարն ու ՎԶԵԲ-ին գրված բազմաթիվ բողոքի նամակները, ինչպես նաև 2014, 2017 և 2020 թվականներին Ջերմուկ համայնքի բնակիչների և բնապահպանական կազմակերպությունների անունից ՎԶԵԲ-ի Ծրագրերի հաշվետվողականության անկախ մեխանիզմին հասցեագրված գանգատարկումը հասան իրենց նպատակին։ Թեև 2014թ․ բողոքը մերժվել էր, իսկ 2017-ինը բանկն ընդհանրապես հրաժարվել էր դիտարկել, 2020-ին ներկայացված բողոքին ընթացք է տրվել, և հուսով ենք, որ ՎԶԵԲ-ը կկարողանա պատասխան տալ այս տարիների ընթացքում բնապահպանական ու սոցիալական այսաստիճան բացասական ազդեցություն ունեցող ծրագրին աջակցելու համար։ Ամուլսարի ծրագրից հրաժարվելու վրա կարևոր ազդեցություն ունեցավ նաև ֆինանսավորող շուրջ մեկ տասնյակ հաստատություններին հասցեագրված առցանց հանրագիրը, որը բացվել է 2016թ․ և մինչ օրս հավաքել 27000 ստորագրություն։ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու պահանջով հանրագրին միացել էին ոչ միայն Հայաստանի բնակիչներն ու արտերկրի հայերը, այլև Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորող բանկերի և ընկերությունների հիմնադրման երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների բազմաթիվ քաղաքացիներ։ Այս հաղթանակում կարևոր դեր ունեցավ նաև միջազգային համերաշխությունն Ամուլսարի պայքարին՝ տասնյակ լրագրողներ, կազմակերպություններ ու բազմաթիվ անհատներ նպաստեցին խնդրի բարձրաձայնմանը միջազգային լրատվամիջոցներում, իրենց պետական օղակներում, քաղաքների փողոցներում։ Ամուլսարում հանք բացելով շահագրգռված անձանց ու ձեռնարկություններին, ներառյալ սփյուռքի դրամատերերին, Ջերմուկից ու Երևանից բազմիցս կոչեր են հասցեագրվել, որպեսզի նրանք չվատնեն իրենց դրամը՝ ներդնելով այն Լիդիանում։ Ստացվում է, որ բազմաթիվ արժետոմսեր փոշիացել են անհեռանկար այս ծրագրին հավատալու պատճառով։  Այս փուլում վերջնական հաղթանակի համար ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ուժը կորցրած ճանաչի 2016թ-ին Հայաստանի նախկին կոռումպացված կառավարության կողմից Ամուլսարի ՇՄԱԳ-ին տված բնապահպանական դրական եզրակացությունը»։
14:55 - 16 օգոստոսի, 2020
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում |civilnet.am|

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումը Ամուլսարի ծրագրում |civilnet.am|

civilnet.am: Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շրջափակման մեջ է։ Այժմ, հանքարդյունաբերող ընկերության վերակազմավորման գործընթացի շրջանակում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ իր ներդրումները այս նախագծում դադարեցված են։ Այս մասին հաղորդում է Opendemocracy.net կայքը՝ Ամուլսարի խնդրի մասին հրապարակած ծավալուն հոդվածում։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանում 400 մլն դոլար արժողությամբ ոսկու խնդրահարույց հանքավայրում ներդրումները մոտենում են ավարտին, ասվում է բանկի բողոքների վերաբերյալ մարմնի նոր գնահատող զեկույցում։  Հոդվածում նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում Lydian International-ի՝ Ամուլսարում ոսկու հանքավայրը գտնվում էր տեղի բնակիչների և բնապահպանական ակտիվիստների շրջափակման մեջ, որոնք 2018 թվականին երկրում Թավշյա հեղափոխությունից հետո արգելափակել էին մուտքը դեպի հանք: Լուրը, որ ՎԶԵԲ-ի ներդրումները ավարտին են մոտենում, հայտնվել է վերջին շաբաթներին Ամուլսարում բողոքի ցույցերի վերսկսման ֆոնին այն բանից հետո, երբ Լիդիան գրուպը նոր՝ մասնավոր անվտանգության ընկերություն էր վարձել և տարածքից հանել ակտիվիստների վագոնները: ՎԶԵԲ-ը 2009-ից Ամուլսարում ֆինանսավորել է երկրաբանահետախուզական աշխատանքները, հորատման և տեխնիկատնտեսական հիմնավորումները, ինչպես նաև Լիդիանի կողմից իրականացվող բնապահպանական և սոցիալական հետևանքների մեղմացման միջոցառումները։ Բանկը քաղաքացիական հասարակության խմբերի կողմից քննադատության է ենթարկվում Լիդիան ընկերությանն աջակցելու համար: «ՎԶԵԲ-ը պարտավոր է հանրությանը ներկայացնել պատշաճ բացատրություն, որն արտահայտում է իր դիրքորոշումը նախագծի և ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է CEE Bankwatch Network կազմակերպության՝ ՎԶԵԲ-ի քաղաքականության գծով տնօրեն Ֆիդանկա Մաքգրատը: (CEE Bankwatch Network-ը Պրահայում տեղակայված կազմակերպություն է, որը վերահսկում է պետության կողմից իրականացվող ծրագրերը՝ խթանելով բնապահպանական, սոցիալական և տնտեսական առումներով ինքնաբավ այլընտրանքային գործունեությունը)։ «(Ամուլսարում) Lydian-ի անվտանգության ընկերության կողմից վերջերս տեղի ունեցած սադրանքը ընդամենը մեկ նշանն է այն վնասի, որ այդ ներդրումները շարունակելու են հասցնել ՎԶԵԲ-ի հեղինակությանը նույնիսկ, երբ նա դադարեցնի իր բաժնեմասնակցությունը Lydian International-ում»,- ասել է Ֆիդանկա Մաքգրատը։ Ամուլսարի շրջափակումը բարդ դիմակայության պատճառ է դարձել Հայաստանի կառավարության ՝ ի դեմս բողոքի ցույցերի նախկին առաջնորդ և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անգլո-կանադական հանքարդյունաբերական Lydian International ընկերության և հենց այդ ցույցերի մասնակիցների միջև: Դիմակայությունը ներքաշել է նաև հանքի միջազգային աջակիցներին, այդ թվում՝ ՎԶԵԲ-ին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարություններին: Շարունակվող շրջափակումը և կառավարության պատվիրած բնապահպանական աուդիտը թույլ չտվեցին Լիդիանին՝ Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ներդրողին, ավարտելու աշխատանքները հանքում, ինչպես նաև ֆինանսական դժվարություններ առաջացրին վերջինիս մոտ։ ՎԶԵԲ-ի նախագծերի գնահատման անկախ մեխանիզմի (IPAM)՝ օգոստոսի 7-ին հրապարակած զեկույցում ասվում է, որ բանկի ներդրումները «կդադարեցվեն» Lydian-ի կորպորատիվ վերակազմավորման գործընթացի շրջանակում: Ամուլսարի շրջափակման պատճառով Lydian-ի պարտատուները առկախել էին այդ ընկերության կողմից մայր գումարի և տոկսագումարների վճարումը։ Այժմ, երբ պարտատուները չեղարկում են այդ համաձայնությունը, խումբը պատկանում է նրա երեք մեծ վարկատուներին՝ Orion Resource Partners, Osisko Mining և Resource Capital Funds ներդրումային ընկերություններին: Ջերսիում գործող Lydian-ի մայր ընկերությունը, որտեղ ՎԶԵԲ-ին պատկանում էր բաժնետոմսերի 5 տոկոսը, լուծարվում է ընկերության վերակազմավորման շրջանակում:  ՎԶԵԲ-ի նախագծերի գնահատման անկախ մեխանիզմի (IPAM) զեկույցում ասվում է, որ ՎԶԵԲ-ը «ֆինանսական հետաքրքրություն չունի» Lydian-ի նոր մայր ընկերության վերակազմավորման մեջ, որը գրանցված է Կանադայում, և Ջերսիի ընթացակարգի ավարտը կհանգեցնի բաժնետիրական կապիտալում ՎԶԵԲ-ի  բաժնեմասնակցության դադարեցմանը»: «ՎԶԵԲ-ը դեռ կարող է մեղքը քավել՝ հանդես գալով ի աջակցություն ժողովրդավարության և համագործակցելով Հայաստանի կառավարության հետ՝ նախագծի արդյունքում առաջացած շրջակա միջավայրի վնասներն ու սոցիալական կոնֆլիկտները հաղթահարելու համար»,- ասել է Ֆիդանկա Մաքգրատը:  «Ամեն դեպքում բանկը ստիպված կլինի պատասխանել ազդակիր համայնքների հետ պատշաճ խորհրդատվություն չապահովելու համար»,- ասել է նա։ Գրեթե 75 տոկոսով շահագործման պատրաստ Ամուլսարի հանքավայրի՝ շրջակա միջավայրի և սոցիալական հնարավոր վնասների վերաբերյալ տարաձայնություններն ի ցույց են դրել հանքարդյունաբերական այս խոշոր ծրագրի շուրջ հասարակության շատ դժգոհություններ:   Ավելին՝ civilnet.am-ում
17:15 - 12 օգոստոսի, 2020
ՎԶԵԲ Գործարարության աջակցման հայաստանյան գրասենյակը ֆինանսավորում կստանա`օժանդակելու ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը

ՎԶԵԲ Գործարարության աջակցման հայաստանյան գրասենյակը ֆինանսավորում կստանա`օժանդակելու ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը (Good Governance Fund - GGF)»  աջակցելու է Հայաստանում ՎԶԵԲ-ի օժանդակությամբ գործող՝ Գործարարության աջակցման գրասենյակի (ԳԱԳ) գործառնություններին։ Ինչպես հայտնում է ՎԶԵԲ-ը, լավ կառավարման հիմնադրամը նաև կօգնի Գործարարության աջակցման գրասենյակին առաջ տանել մի շարք նպատակային գործողություններ, որոնք ուղղված են հայաստանյան ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը:   Գործարարության աջակցման գրասենյակը հարթակ է ստեղծում Հայաստանի Հանրապետության կառավարության և մասնավոր հատվածի միջև քաղաքական երկխոսություն վարելու համար, ինչպես նաև տրամադրում է տնտեսական և իրավաբանական փորձագիտություն՝ խթանելու ավելի բարենպաստ ներդրումային միջավայր, որտեղ մասնավոր հատվածը կարող է բարգավաճել։ ԳԱԳ-ը առանցքային դեր է խաղում՝ օգնելով Հայաստանի Կառավարությանը ձևավորել գործարարությանն աջակցող տնտեսական քաղաքականության արձագանք COVID-19 համաճարակի պայմաններում՝ սերտորեն համագործակցելով բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ:   Գործարարության աջակցման գրասենյակի գործողությունները, որոնց նպատակն է օգնել Հայաստանի մասնավոր հատվածին հաղթահարել COVID-19-ի ֆինանսական և գործառնական հետևանքները, ներառում են. տարածաշրջանային գյուղատնտեսական կենտրոնի փորձնականացում (պիլոտային ծրագիր)` արտադրողների և գնորդների միջև կապերի ամրապնդման նպատակով, աջակցություն ՓՄՁ-ներին իրենց բիզնես մոդելների ադապտացման գործում և Ներդրումների աջակցման գործակալության հետ համատեղ հայկական ստարտափների համար զարգացման վաղ փուլի ֆինանսավորման հիմնադրամի (seed fund) ստեղծում։ Մինչ օրս Գործարարության աջակցման գրասենյակը ֆինանսավորում է ստացել ՎԶԵԲ-ի՝ Բաժնետերերի հատուկ հիմնադրամից (SSF)։ ԳԱԳ-ը համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ` պարզելու բիզնեսի և ներդրողների առջև ծառացած հիմնական մարտահրավերները՝ միաժամանակ ձևավորելով անհրաժեշտ բարեփոխումներ՝ այդ մարտահրավերները հաղթահարելու նպատակով: «Մենք երախտապարտ ենք մեր գործընկեր Գործարարության աջակցման գրասենյակին, ինչպես նաև Երևանում Բրիտանական դեսպանատան մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնությանը սատարելու համար: ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին և սատարելու կառավարության և մասնավոր հատվածի միջև արդյունավետ երկխոսությանը: Տնտեսության իրական հատվածը արդյունավետորեն գործող պետության հիմնասյուն է, և ներդրումային լավ մթնոլորտը շարունակում է էական նշանակություն ունենալ մասնավոր հատվածի հետագա զարգացման և տնտեսական աճի համար», - ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար՝ դեսպան Դեյվիդ Մորանն ասել է․ «Միացյալ Թագավորությունն ուրախ է իր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով  աջակցել Գործարարության աջակցման գրասենյակին : Դա կօգնի ՀՀ կառավարությանն իր աշխատանքներում՝ ուղղված Հայաստանի ներդրումային ներուժի զարգացմանը, ներդրողների վստահության ամրապնդմանը և COVID-19-ի տնտեսական հետևանքների հաղթահարմանը»: Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն ասել է․ «Գործարարության աջակցման գրասենյակը հաջողությամբ կատարում է իր դերը պետական-մասնավոր երկխոսության ձևավորման և իրականացման գործում, հայ գործարար համայնքին աջակցություն և փորձագիտություն է տրամադրում բարեփոխումների ծրագրերի մշակման գործում, և այս գործընթացում ԳԱԳ-ը նախարարության հիմնական գործընկերն է: Մենք համագործակցությունն արդյունավետ է և մենք նախատեսում ենք ավելի շատ համատեղ ծրագրեր: Մենք ուրախ ենք լսել, որ Միացյալ Թագավորության կառավարությունը իր՝ «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով աջակցելու է գրասենյակին՝ ապահովելով ֆինանսավորման շարունակականությունը, և դա կհանգեցնի նոր հնարավորությունների, որտեղ մենք կհամագործակցենք և թվով ավելի շատ համատեղ նախաձեռնություններ կիրականացնենք»։
14:58 - 20 հուլիսի, 2020
Գյումրիում առաջիկա օրերին կմեկնարկեն փողոցաշինական աշխատանքները |armenpress.am|

Գյումրիում առաջիկա օրերին կմեկնարկեն փողոցաշինական աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում առաջիկա օրերի ընթացքում կմեկնարկեն փողոցաշինական աշխատանքներ՝  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով: Սա բանկի կողմից Գյումրիում իրականացվող փողոցաշինության  ծրագրերի 2-րդ փուլն է, որի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված է 15 փողոց։ Այս մասին տեղեկացրեց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ ՎԶԵԲ-ի ծրագրի հաջորդ՝ 3-րդ փուլով, ևս մրցույթ է հայտարարված, որի արդյունքները հստակ կլինեն օգոստոսի 5-ին: «Երկրորդ փուլի շինարարական կազմակերպության մրցույթն արդեն կայացել է, կա հաղթող ընկերություն, որը բավական փորձառու է»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ,  ընդհանուր առմամբ, ՎԶԵԲ-ի ծրագրի 2 փուլով կնորոգվի 22 փողոց և 1 հրապարակ: Քաղաքում աշխատանքներ իրականացվելու են նաև Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Այս պահին իրականացվում են նախագծա-նախահաշվային աշխատանքները: Այս ծրագիր ընդգրկված են Գյումրու պատմական միջուկի փողոցները և կենտրոնական հրապարակը: Քաղաքում 17 փողոց էլ նորոգվելու է սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր 950 մլն դրամ գումարի 55 տոկոսը հատկացվելու է պետական, իսկ մնացածը՝ համայնքային բյուջեից:
18:53 - 28 հունիսի, 2020
45 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը

45 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համապատասխանաբար՝ 25 մլն և 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) շրջանառու կապիտալի համալրման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀԷՑ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Այս օժանդակութան նպատակն է ամրապնդել ու բարձրացնել ՀԷՑ-ի իրացվելիությունը, ապահովել ընկերության գործունեության շարունակականությունը՝ կենսական նշանակության ծառայությունների մատուցումը, աջակցել առանցքային ենթակառուցվածքներին համավարակից անկախ աշխատելու համար: Վարկային միջոցները հնարավորություն կտան պահպանել հուսալի և անխափան ծառայությունների մատուցման որակը համավարակի տնտեսական հետևանքների վերացման ուղղված պայքարի պայմաններում։ «Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն նաև լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնում»,- նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Մենք  մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱԶԲ-ի և ՎԶԵԲ-ի մեր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության և մեծ օժանդակության համար»:  ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի խոսքով. «Համավարակն իր ազդեցությունն ունի թե՛ տնտեսության, թե՛ հասարակության վրա: ՀԷՑ-ի աշխատանքը խիստ կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի և տնտեսության համար: Մենք ուրախ ենք ՀԷՑ-ին՝ Հայաստանում մեր կարևոր գործընկերոջը, աջակցելու համար»: «ԱԶԲ-ն սերտ հարաբերություններ ունի ՀԷՑ-ի հետ, և ուրախ ենք այս աջակցությունը տրամադրելու համար: Կարծում ենք, որ այն նախադեպ կհանդիսանա ճգնաժամի տնտեսական հետևանքների նվազեցմանն ուղղված մասնավոր հատվածի հետագա միջոցառումների համար», - նշել է ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման գծով տնօրեն Շանտանու Չակրաբորտին:  ՀԷՑ-ն ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում: «Տաշիր» ընկերությունների խումբը արդյունաբերական և շինարարական խոշորագույն դիվերսիֆիկացված ընկերություններից մեկն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության մի քանի տնտեսական ոլորտներում: 2017թ-ին ԱԶԲ-ն և ՎԶԵԲ-ը 160 միլիոն ԱՄՆ դոլարի (յուրաքանչյուրն 80 միլիոն) վարկային միջոցներ են տրամադրել       ՀԷՑ-ին, որով նախատեսված է բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման որակը և բարձրացնել էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը: Էներգամատակարարման արդյունավետության բարձրացումը ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Հայաստանում ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է և ակտիվ գործում է տնտեսության բոլոր ոլորտներում: Հայաստանում իր գործունեությունն սկսելով 1992 թվականին՝ ՎԶԵԲ-ը 1.36 միլիարդ եվրոյի ներդրում է կատարել 178 նախագծում, որոնք ներկայացրել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտները, ընդ որում ներդրումների 90%-ը կատարվել է մասնավոր հատվածում: ԱԶԲ-ն նպատակ ունի հասնել  բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձևավորմանը՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։ 
13:03 - 02 հունիսի, 2020
Կորոնավիրուսի պատճառով 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով․ ՎԶԵԲ |hetq.am|

Կորոնավիրուսի պատճառով 2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով․ ՎԶԵԲ |hetq.am|

hetq.am: 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։ Ըստ ՎԶԵԲ-ի Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների նոր հրապարակման` «գլոբալ անորոշությունը և նվազող պահանջարկը, որոնք առաջացել են կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով և զուգակցվել պարենային ապրանքների գների անկայունության հետ, ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ կնվազի հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը, ինչպես նաև անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման արդյունքում: Սոցիալական սահմանափակումների և ցածր շարժունակության երկարատև միջոցառումները վնաս կհասցնեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, որը մեծապես կախված է արտերկրում ապրող հայերի այցերից»: Վերականգնումը կախված կլինի երկրի ներսում վիրուսի տարածումը զսպելուն ուղված միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին սովորական վիճակին վերադառնալու տեմպից: Այս տարի ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների տնտեսությունները, հավանաբար, միջինում 3,5 տոկոսով անկում կգրանցեն, իսկ 2021 թվականին հնարավոր է 4.8 տոկոս աճ, ասվում է զեկույցում՝ նախազգուշացնելով, սակայն, որ կանխատեսումները ենթակա են «աննախադեպ անորոշության»: Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ճգնաժամը չափավոր ազդեցություն կունենա տնտեսական արդյունքների երկարաժամկետ հետագծի վրա, և աճը կվերսկսվի երրորդ եռամսյակի ավարտին, սակայն տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները, հավանաբար, նշանակալի և երկարաժամկետ կլինեն։  «Եթե սոցիալական հեռավորության առումով սահմանափակումները ուժի մեջ մնան շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր, անկումը կարող է լինել շատ ավելի խորը, և այդ դեպքում հետագա տարիների ընթացքում չի հաջողվի հասնել 2019 թվականին գրանցված՝ մեկ շնչի հաշվով արտադրանքի մակարդակին», - ասվում է զեկույցում: ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում զսպման միջոցառումները ազդել են ներքին պահանջարկի և առաջարկի վրա: Արտաքին ցնցումները ներառում են պարենային ապրանքների գների կտրուկ անկում (ազդելով պարենային ապրանքներ արտահանող ընկերությունների վրա), գլոբալ արժեքային շղթաների խափանում, տուրիզմի կոլափս և դրամական փոխանցումների նվազում: ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում զարգացող տնտեսություններում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: ՎԶԵԲ-ի գործունեության գրեթե բոլոր երկրները, ամենայն հավանականությամբ, այս տարի տնտեսական անկում կապրեն, բացառությամբ փոքր թվով երկրների, ներառյալ Թուրքմենստանը և Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Եգիպտոսը: Կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք ճնշման տակ են ընկել պարենային ապրանքների գների և տրանսֆերտների կտրուկ անկման հետևանքով, այս տարի տնտեսական աճը կնվազի միջինում 1,2 տոկոսով՝ նախքան 2021 թվականին վերականգնվելը՝ գրանցելով 5,8 տոկոս աճ։ Ղազախստանն ու Ուզբեկստանը օգտագործում են իրենց հասանելի բուֆերները` տնտեսությանը զգալի խթան ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, ավելի փոքր երկրներում, ինչպիսիք են Ղրղզստանի Հանրապետությունը, Մոնղոլիան և Տաջիկստանը, անկում է գրանցվում ծայրահեղ սահմանափակ հարկաբյուջետային հնարավորությունների և զգալի պարտքերի պատճառով։ Կենտրոնական Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում սահմանափակումների խիստ միջոցառումները ներառում են բիզնեսների և դպրոցների զանգվածային փակում, մինչդեռ ընդհատված արժեքային շղթաները խոչընդոտում են արտադրության գործընթացը, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում, որն օրինակ՝ Սլովակիայի հանրապետությունում կազմում է արդյունաբերական արտադրության գրեթե կեսը: Կրճատված արտաքին պահանջարկը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի է հետաձգելու վերականգնումը: Կանխատեսվում է, որ 2020 թվականին արդյունքը տարածաշրջանում կնվազի 4,3 տոկոսով, սակայն 2021 թվականին կրկին կամրապնդվի՝ աճելով 4,5 տոկոսով: Զեկույցում նշվում է, որ Լեհաստանը, որն ունի Կենտրոնական Եվրոպայի և Մերձբալթյան տարաժաշրջանի ամենամեծ տնտեսությունը, հատկապես կայուն է եղել 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Ակնկալվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամն ավելի ուժեղ ազդեցություն կունենա երկրի ներսում բիզնեսի և զբաղվածության վրա՝ հաշվի առնելով Լեհաստանի բարձր մակարդակի ինտեգրումը գլոբալ արժեքային շղթաներին և առևտրի մեծ ազդեցությունը, հատկապես Եվրամիության (ԵՄ) շրջանակներում: Լեհաստանի տնտեսությունը 2020 թվականին 3,5 տոկոս անկում կապրի, իսկ 2021 թվականին կաճի 4,0 տոկոսով: Ըստ զեկույցի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրները, ամենայն հավանականությամբ, խիստ ազդեցության կենթարկվեն կորոնավիրուսային ճգնաժամի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների խստացման, արտարժույթի ներքին շուկաների վրա ուժեղ ճնշման և արտահանման նկատմամբ արտաքին պահանջարկի նվազման հետևանքով: Պարենային ապրանքների գների անկումը լրացուցիչ բեռ է ստեղծել ածխաջրածիններ և մետաղներ արտահանողների` Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի համար, մինչդեռ տրանսֆերտների ակնկալվող նվազումը ճնշում է գործադրում տնային տնտեսությունների մեկանգամյա եկամտի վրա, հատկապես Մոլդովայում, Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Զբոսաշրջությունից եկամուտների կորուստը լուրջ հարված կլինի Վրաստանի տնտեսության համար: Ուկրաինայում կրճատված արտաքին պահանջարկի և ներքին պահանջարկի անկման համադրությունը`պայմանավորված վիրուսի տարածումը զսպող հանրային առողջապահական միջոցառումներով, իր վնասը հասցրեց արտադրության և ծառայությունների ոլորտներին: Ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, իսկ 2021-ին կգրանցվի 5,0 տոկոս աճ։ Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանն ապրեց կրկնակի ցնցում․ թե՛ կորոնավիրուսային համավարակը, որը բերեց գլոբալ պահանջարկի նվազմանը, և թե՛ նավթի արդյունահանումը սահմանափակելու մասին համաձայնագրի ձախողումը, որոնք միասին հանգեցրեցին նավթի գների էական անկմանն ու գործունեության կտրուկ դանդաղեցմանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:32 - 13 մայիսի, 2020
ՎԶԵԲ-ը շարունակելու է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությունը՝ նախանշված ծրագրերն առաջ մղելու նպատակով

ՎԶԵԲ-ը շարունակելու է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությունը՝ նախանշված ծրագրերն առաջ մղելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Պարոն Չակրաբարտին ողջունել և դրական է համարել կոնորանավիրուսային համաճարակով պայմանավորված ՀՀ կառավարության հակաճգնաժամային լայն միջոցառումների իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը լիարժեք աջակցում է հայկական կողմի քայլերին ու ծրագրերին: ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ բանկն ակտիվորեն շարունակելու է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության ծրագրերը, ինչպես նաև երկրում ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, արտաքին առևտրի և այլ ուղղություններով մինչ ճգնաժամը նախանշված ներդրումային ծրագրերը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ենթակառուցվածքային կապիտալ ներդրումային ծրագրերը և շարունակելու է այդ ուղղությամբ գործողությունները՝ այդպիսով խթանելով տնտեսության ակտիվացմանը: Տեսակոնֆերանսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սումա Չակրաբարտին մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակի և դրա տնտեսական հետևանքների վերաբերյալ:
15:39 - 27 ապրիլի, 2020
Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է Գյումրու ճանապարհներն ու փողոցների լուսավորությունը արդիականացնելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը

Ֆինանսների նախարարությունում ստորագրվել է Գյումրու ճանապարհներն ու փողոցների լուսավորությունը արդիականացնելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Գյումրիի քաղաքապետարանը այսօր Ֆինանսների նախարարությունում ստորագրել են դրամաշնորհ ներգրավելու մասին համաձայնագիր: Ստորագրված համաձայնագրով ՎԶԵԲ-ը E5P հիմնադրամի միջոցներից 2 մլն եվրո գումարի դրամաշնորհ է հատկացնելու Գյումրի քաղաքի ճանապարհների, ինչպես նաև փողոցների լուսավորության արդիականացման համար: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և E5P տարածաշրջանային հիմնադրամում գլխավոր կառավարիչ Էվա Մանիկը: Դրամաշնորհի միջոցներով կտեղադրվի էներգախնայող նոր LED (լուսադիոդային) լուսավորություն, կառավարման և մոնիտորինգի համակարգ, կփոխարինվեն և կնորոգվեն սյուները, ինչպես նաև հոսանքի մալուխները: Կատարվելիք աշխատանքների արդյունքում կկրճատվի էներգիայի սպառումը, և նվազագույնի կհասցվեն շահագործման և տեխսպասարկման ծախսերը: Նոր LED լուսավորությունը զգալիորեն կնվազեցնի էներգիայի սպառման արժեքը, ինչի արդյունքում քաղաքապետարանը կտնտեսի էլեկտրանէներգիայի տարեկան ծախսը:
17:46 - 03 մարտի, 2020
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ տարվա աշնանը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր։ Դիմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետաքրքրությունների շրջանակներում գտնվող արտադրության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային և ոլորտային գաղափարներ։ Նա տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը բարձր մակարդակով կապահովի իր մասնակցությունը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովին։ Կողմերը կարևորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման  ընթացքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև հետագա և պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
17:57 - 17 փետրվարի, 2020