Գի՞նդ, թե՞ Google AdWords. Թվային և աութբաունդ մարքեթինգի հիմնախնդիրները Հայաստանում [Challenge 4.1 | Աբել Սիմոնյան]
“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։
Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։
Մեր երկրում, երբ որոշ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ խոսում ենք թվային մարքեթինգի զարգացման մասին եւ շեշտում կարևորությունը, տպավորություն է ստեղծվում, որ փորձում ենք «թոփալ էշին վազել սովորեցնել»։ Շատ կազմակերպություններում միայն այն, որ թվային մարքեթինգի տակ հասկացվում է «Բրյուսովում սովորող մորքուրի աղջկան կոմպի դիմաց նստացնել 55.000 դրամով, որ համ էլ փող աշխատի», ցույց է տալիս մեր հասարակության որոշ հատվածի անլուրջ ու ոչ հասուն վերաբերմունքը թվային մարքեթինգի հանդեպ։ Ճիշտ է՝ վերջին տարիներին թմբկահարվում է թվային մարքեթինգի կարևորությունը, բացվել են մի շարք թրեյնինգ կենտրոններ, որտեղ վերապատրաստում են «մասնագետներ», խոսում են թրենդների մասին, մեր ժարգոնային լեքսիկոնում հայտնվել են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «թարգեթինգ/թիրախավորում», «լիդ», «մասսլայքինգ», «ֆոլլովինգ», «բրենդ եվանգելիստ» (լսել եմ մի անգամ բանկերից մեկի մարքեթոլոգից, ով ասաց, որ պետք է զարգացնել բանկի հավատարիմ եվանգելիստների բանակը։ Ասեմ, որ հաճելիորեն զարմացած էի)։ Շատ մարդիկ հասկացել են բլոգգինգի անհրաժեշտությունը և թիրախավորված ու վերաթիրախավորված գովազդի կարևորությունը։ Այնուհանդերձ, այն մարդկանց քանակը, 1) որոնք օգտվում են թվային մարքեթինգի հնարավոր բոլոր առավելություններից, 2) որոնք խոսում են դրա կարևորության մասին, 3) որոնք օգտագործում են թվային մարքեթինգը՝ որպես «գեղեցիկ հավելում» բիզնեսին, և 4) որոնք չեն հասկանում մարքեթինգից ու ակտիվորեն ընդդիմանում են դրան՝ հիմնվելով այնպիսի դարակազմիկ արտահայտությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, «դեմ առ դեմից լավ բան չկա», «մեր մտածելակերպը ուրիշ ա», «մերոնք գնի վրա են էթում», «12 տարեկանից առևտրի մեջ եմ ու մենակ մահվանս օրը չգիտեմ» և այլն, իրարից էականորեն տարբերվում են։ Ու, ցավոք սրտի, այստեղ քանակական առումով գերիշխում են վերջին երկու տեսակի մարդիկ։ Մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ նորարարությունը շատ դանդաղ է զարգանում մեր երկրում ու սերտ կապակցված է տնտեսության թերզարգացածության, օրինակ՝ Երևանում շուկայի գերկենտրոնացման և մարզային անհամաչափ զարգացման հետ։
Ըստ Ֆորբսի[1] միջին վիճակագրական մարդն ամենօրյա կտրվածքով 4,000-10,000 անգամ ենթարկվում է գովազդային հաղորդակցությունների ներգործությանը։ Այլ կերպ ասած, մեր ուշադրությունը գովազդի վրա օրական շեղվում է միջինը 4,000-10,000 անգամ։ Այդ հաղորդակցությունները կարող են լինել ավանդական կամ թվային գովազդի տեսքով։ Այս առումով, շատ մարքեթոլոգներ իրենք իրենց հարց են տալիս. «Ինչպե՞ս հասնեմ իմ ուզած մարդկանց ու ի՞նչ ասեմ, որ ինձանից մի բան գնեն»։
Այսօր գոյություն ունի հեռանկարային թիրախներին հասնելու երկու ճանապարհ՝ ինբաունդ մարքեթինգ և աութբաունդ կամ ավանդական մարքեթինգ։
Աութբաունդ մարքեթինգը, որն այլ կերպ անվանում են ընդհատողական կամ հարկադրողական մարքեթինգ, կենտրոնացած է այնպիսի մարտավարությունների վրա, որոնք մեսիջները ուղղորդում են մեծ թվով մարդկանց՝ հուսալով, որ այդ մարդկանց մեջ կլինեն նրանք, ում անհրաժեշտ կլինի ծառայությունը կամ արտադրանքը։ Փրինթ/հեռուստատեսային/ռադիո գովազդը, սառը զանգերը, ուղիղ թիրախավորված էլեկտրոնային նամակները (direct mail) և այլն, ուղարկվում են մարդկանց հոծ խմբերի, որոնցից շատերը, եթե ոչ բոլորը, մարքեթոլոգի արտադրանքի կարիքը պարզապես չունեն։ Սա, փաստորեն, դառնում է միակողմանի հաղորդակցություն, որտեղ սովորաբար շեշտվում է ապրանքի կամ ծառայության առավելությունները և պատճառաբանվում, թե ինչու լսարանը պետք է գնի այն։
Այստեղ ամենամեծ խնդիրը այն է, որ եթե մարքեթոլոգները ցանկանում են հարմարեցնել գովազդը մեծ լսարանի համար, ապա այն պետք է լինի ընդհանրական և ոչ թե հստակ սահմանված թիրախների համար։ Այլ կերպ ասած, ավանդական մարքեթինգը թույլ չի տալիս թիրախավորելու յուրահատուկ կարիքներ ու մարտահրավերներ։
Կան նաև այլ պատճառներ, որ ավանդական մարքեթինգը այսօր չի աշխատում։
Էլ. փոստերի օգտատերերի 91 %-ը[2] ապաբաժանորդագրվում է տարերային էլ. փոստերից, որոնք առաջ հաճույքով կարդում էին կամ պահպանում «սև օրվա» համար։ Այստեղ ամենահավանական տարբերակն այն է, որ կոնտենտը դառնում է նրանց համար ոչ ռելեվանտ։
Մարդկանց 86 %-ը «թռնում» է գովազդներից[3]։ Կան բազմաթիվ սթրիմինգ ծառայություններ (օրինակ՝ Netflix-ը), որտեղ գովազդները կարելի է առաջ տալ կամ անջատել։
Ի տարբերություն մեր երկրի, այլ երկրներում թվային երաժշտական ծառայություններն և արբանյակային ռադիոն հնարավորություն են տալիս խուսափելու ռադիոգովազդից։ 2018 թվականի հուլիսի տվյալներով, միայն Spotify-ը[4] (Հայաստանում այն չի գործում) ուներ 180 միլիոն ակտիվ օգտատեր։ Ռադիոն քայլ առ քայլ կորցնում է նախկին ազդեցությունը։
44 % ուղիղ թիրախավորված էլեկտրոնային նամակները[5] երբեք չեն բացվում։ Դրանք ուղարկվում են աղբաման կամ junk mail։ Ներկայումս որոշ կազմակերպություններ Հայաստանում օգտագործում են ուղիղ թիրախավորված էլեկտրոնային նամակների մարտավարությունը։
Բաններային գովազդի արձագանքման միջին գործակիցը կազմում է մեկ տոկոսի 1/10-ը[6]: Հայաստանում շատերը այն կիրառում են՝ ինձ համար անհասկանալի պատճառներով։
25-34 տարեկանների 84 %-ը[7] լքում են կայքը՝ նյարդայնացնող ու տեսադաշտը չորս կողմից ծանրաբեռնող գովազդի պատճառով (Հայաստանում մեյնսթիմ շատ կայքեր չեն ընկալում սա)։
Հարկադրել գովազդները մարդկանց՝ այլևս արդյունավետ չէ, որովհետև հանրությունը ունի տարբերակներ ու խուսափելու եղանակներ։
Մինչ աութբաունդ մարքեթինգը «բրդում է» գովազդը լայն լսարանի վրա, ինբաունդ մարքեթինգը ձգում է մարդկանց։ Գովազդի բովանդակության հետ կապ չունեցող մարդկանց ներգրավելու փոխարեն՝ ինբաունդ մարքեթինգը թույլ է տալիս գրավել լավագույն թիրախները[8], որոնք ակտիվորեն առցանց լուծումներ են փնտրում։ Երբ թիրախները հայտնվում են կայքում, էջում կամ բլոգում, կոնտենտի շնորհիվ նրանք գտնում են օգնություն և ուղղորդվածություն։
Ինբաունդ մարքեթինգի հիմքը կոնտենտն է՝ կայքի կոնտենտ, բլոգի կոնտենտ և այլն։ Հաճախորդները (այցելուները այստեղ առաջնահերթ ծանոթանում են խնդրի ու հավանական լուծումների հետ։ Հետո թիրախները համեմատում են հավանական լուծումները։ Իսկ վերջում՝ համեմատության հիման վրա կատարում են ընտրություն։
Ինբաունդ մարքեթինգը 62 %-ով ավելի էժան է, քան աութբաունդ մարքեթինգը։
Կոնտենտ մարքեթինգը գեներացնում է երեք անգամ ավելի շատ լիդեր (լիդը այն օգտատերն է, որը հետաքրքրություն է ցուցաբերում ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ, ինչը նրան դարձնում է հավանական հաճախորդ) մեկ դոլարի դիմաց, քան ավանդական մարքեթինգը։
Միջին վիճակագրական օգտատերը 20 % առցանց ժամանակը անցկացնում է՝ կոնտենտ դիտելով։
Մարդկանց 70 %-ը նախընտրում է իմանալ կազմակերպության մասին կոնտենտի միջոցով՝ ի հակադրումն գովազդի։
Բարձրակարգ, ռելեվանտ և օգտակար ինֆորմացիան ունակ է ավելի արագ թիրախներին մղելու գործողությունների։
Շատ հեշտ է թվում, չէ՞։ Ապացույցը՝ հայաստանյան մարքեթինգային իրողությունները։
Ես, թեև, ինբաունդ մարքեթինգի կողմնակից եմ, այնուհանդերձ, չեմ պարտադրում հրաժարվել սովորական դարձած մարքեթինգային մոդելներից, քանի որ իրենք՝ բիզնեսները և անհատները, պետք է գիտակցեն դա։
Ամենամեծ սխալը, որ գոյություն ունի մեր՝ հայաստանյան, մարքեթինգային աշխարհում, ռազմավարության բացակայությունն է։ Սա այն է, երբ մարքեթոլոգը շարժվում է «օրվա կուրսով» ու փորձում է ինչ-որ բան անել ինչ-որ նպատակի համար։ Մարքեթինգում սա կոչվում է RAM (Random acts of marketing կամ մարքեթինգային անկանոն գործողություններ):
RAM-ի իդեալական բանաձևը՝
(Չկա ֆինանսավորում (կամ անկանոն ֆինանսավորում) + Չկա ինտեգրացում + Չկա չափելիություն)* ռազմավարության բացակայություն= Մարքեթինգային անկանոն գործողություններ
Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն փոքր ու միջին, այլև խոշոր բիզնեսներին։ Երբ բիզնեսները մարքեթինգի բաժնի բյուջեավորման համար չունեն բենչմարկեր, օրինակ՝ տարեկան եկամուտների 5 %-ի հատկացում մարքեթինգային բաժնին, ու մարքեթինգի համար գումարի հատկացումը կախված է տնօրենի/սեփականատիրոջ քմահաճույքից, բարեհոգությունից, տվյալ պահին տրամադրվածությունից կամ էլ համոզողի ճարպկությունից, ապա մենք ունենք դասական RAM-ի օրինակ։ Մեկ այլ օրինակ է ուրիշի ռազմավարությունը փոխառելը կամ ավելի վատ, երբ փորձում են ինչ-որ հայտնի բրենդի մարտավարությունը կիրառել Հայաստանում։ Նորամուծությունները մշտապես գովելի են, բայց երբ փորձում են կրկնօրինակել բազմամիլիոն դոլլարանոց մարտավարական գործողությունները, որոնք պրոֆեսիոնալ ռազմավարության կցորդներն են և հաշվարկված են հստակ թիրախավորված լսարանի համար, ապա դրա վերջը էժան ու, առավել ևս, ոչ չափելի արշավներն են։ Շատերն են նկատել մեջբերումների տեսքով ու կրոնական թեմաներով, կամ էլ կազմակերպության սեփականատիրոջ բարերարությունը և հովանավորչական գործունեությունը սրբագործող բիզնես էջեր, որտեղ գրեթե ոչինչ չես գտնի պրոդուկտի կամ ծառայության մասին։
Ռազմավարությունը ճանապարհային քարտեզ է։ Այն օգնում է հասնել այնտեղ, որտեղ մենք նպատակադրվում ենք, հասկանալ, թե ինչ է պետք դրա համար, ընթացքը և տևողությունը, ինչպեսև գնահատում է վտանգներն ու ռիսկերը։ Իսկ դրա բացակայությունը նման է այս արտահայտությանը՝ «Եթե մարդ չգիտե՝ ուր է գնում, դժվար էլ հասնի այնտեղ»։
Մյուս խնդիրը չափելիության բացակայությունն է։ Ինչը չափելի չէ, գոյություն չունի։ Մարքեթինգում գոյություն ունեն բազմաթիվ մետրիկներ, որոնք պետք է կիրառել՝ արշավները չափելի դարձնելու համար։ Օրինակ՝ մարքեթինգում գոյություն ունի Engagement rate կամ ներգրավածության ինդեքս կամ գործակից մետրիկը։ Այն օգնում է չափել թիրախների ներգրավվածության գործակիցը։ Եթե էջը ունի 24.000 հետևորդ և վերջին յոթ օրերի ընթացքում հավաքել է 9000 like, 4427 comment և 2192 share, ապա՝
(940+447+2192)/24.000*100=14.91 %
Այս մետրիկը պայմանականորեն ցույց է տալիս, որ 100 այցելուից 14.91% ներգրավվում է էջի հետ։ Համեմատության համար կարելի է հաշվել 4 շաբաթ և վերլուծել տվյալը։
Վերոնշյալ մետրիկի այլ տարբերակ է տարիքային ներգրավվածության ինդեքսը։
Սա օգնում է թիրախավորել հստակ լսարան և կենտրոնանալ կարիքները վեր հանելու վրա։ Թվային մարքեթինգում «չոր թիվը» որոշում է ամեն ինչ։ Այս մետրիկը մեկն է այն բազմազանությունից, որոնք օգնում են առաջ մղելու և չափելու արդյունավետությունը։
Ես այն մարդկանցից չեմ, ովքեր պնդում են, թե բոլորը կարող են զբաղվել մարքեթինգով։ Կարծում եմ՝ նույնը վերաբերում է նաև բալետին։ Ցավոք սրտի, շատ կազմակերպություններ աշխատանքի են վերցնում այս սկզբունքով։ Քանի որ չկա հստակ աշխատանքային դերաբաշխվածություն, սրան գումարած վերոհիշյալ խնդիրները, բիզնես գրագիտության փոփոխական մակարդակները ու մեր բիզնեսում ավտորիտարիզմի բավական բարձր մակարդակը, երբ տնօրենը կամ կառավարող պաշտոնը զբաղեցնողը կարող է կամայական որոշումներ կայացնել՝ քանակական, որակական և որդեգրված ինտեգրացիայի փոփոխության վերաբերյալ, դժվարանում է պրոդուկտների և ծառայությունների օրգանական ու կոմպետենտ առաջմղումը։ Հաճախ, հենց բիզնեսներն են իրենք իրենց ոտքից կրակում ոչ իրատեսական սպասումների պատճառով։
Որոշ կազմակերպություններ միավորում են մարքեթինգային թիմին ու IT մասնագետներին, իսկ որոշ փոքր կազմակերպություններում տնօրենները կամ այլ աշխատակիցներ այս աշխատանքը անում են այնքան ժամանակ, մինչև կազմակերպությունը դառնում է շահութաբեր և հնարավորություն է ստեղծվում նոր հաստիքներ ներմուծել։
Կազմակերպությունների խոշորացմանը զուգահեռ՝ ներքին գործընթացները դառնում են ավելի խճճված, և ես մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես վաճառքի կամ HR բաժնի աշխատակցին՝ անգլերեն խոսելու կամ ընկերության չափումներով «կրեածիվ» լինելու համար, մարքեթինգային բաժին են տեղափոխել, որով ոչ միայն խնդիրները չեն լուծվել, այլև ավելի են խորացնել։ Սրան զուգահեռ՝ կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք ունեն նորարարական աշխարհայացք, տեսական գիտելիքներ, օտար լեզուների և Adobe Photoshop-ի իմացություն, գերազանց հաղորդակցություն և գործազուրկ են։ Նրանց պետք է պարզապես տալ հնարավորություն, որոշակի ազատություն և պատասխանատվության շրջանակներ, փորձարկումների հնարավորություն ու «աճեցնել» կազմակերպության հետ։ Հայաստանում սա, ցավոք սրտի, գոյություն չունի։ Շատերը ցանկանում են աշխատանքի վերցնել փորձառու մարքեթոլոգի՝ անհամապատասխան աշխատավարձով ու անիրատեսական սպասումներով։
Հայաստանում մարքեթինգի հետ կապված հաստիքները ցածր վարձատրվող են, քանի որ շատ կազմակերպություններում այն չի համարվում գերակա ռազմավարական կառավարման օղակ։
Ի՞նչ ու ինչի՞ վրա են աշխատում մարքեթինգային բաժիններում։
Search Engine Optimization (SEO) (Որոնման հարթակի օպտիմիզացիա) - այս բարդ բառերի տակ թաքնված իմաստը ենթադրում է կայքը բերել այնպիսի «մարդավայել» վիճակի, որ դառնա թիրախակենտրոն, օգտակար, հաճելի աչքի համար ու պարզ օգտագործման համար։
Search Engine Marketing (SEM) (Որոնիչների շուկայավարում) նպաստում է կայքերի առաջմղմանը՝ բարձրացնելով դրանց տեսանելիությունը որոնիչների արդյունքների էջերում (օրինակ՝ Google-ում)՝ օպտիմիզացիայի և գովազդի միջոցով: Որոշ կազմակերպություններում SEO և SEM-ը աութսորսի և ֆրիլանսի վրա են, ինչը, իմ կարծիքով, փոքր և միջին կազմակերպությունների համար օպտիմալ տարբերակ է։ Եթե կազմակերպությունը մեկ անգամ վճարում է հավուր պատշաճի կայք ունենալու համար և ամսական սպասարկման ու հոսթինգի համար, մնում է միայն կայքի կառավարումը։ Հայաստանում այս հաստիքը հիմնականում սինքրոնացվում է մարքեթինգային այլ գործառույթների հետ։ Հիմնական խնդիրներն է բարձրացնել կայքի հեղինակությունը, տեսանելիությունը, օգտագործել ճիշտ keyword-ներ և այլն։ Սակայն, կազմակերպության զարգացման հետ մեկտեղ, բարդանում է նաև կայքի վարումը, և հետևաբար հաստիքների քանակը։ Հայաստանում սա ընդհանրապես զարգացած չէ։
Social Media Marketing (Սոցիալական մեդիա մարքեթինգ)։ Ավանդաբար SMM-ը համարվում էր SEM-ի մասնիկը, սակայն մեր օրերում SEM-ը ավելի շատ վերաբերում է վճարովի որոնմանը։ Սոցիալական մեդիա մարքեթինգը ուղղված է ծառայության և պրոդուկտի տեսանելիության, ներգրավվածության, գնման etc., խթանմանը և առաջմղմանը սոցիալական կայքերում։ Սակայն, պետք է հստակ բաժանել SMM-ը ըստ ռազմավարական գերակայությունների։ Օրինակ, ես մեր ընկերության պրոդուկտը առաջ եմ մղում Ֆեյսբուքով ու Ինստագրամով՝ հստակ թիրախավորված լսարանի համար։ Ի դեպ, Ինստագրամը պատկանում է Ֆեյսբուքին, ինչպեսև Whatsapp-ը։ Այս ինտեգրված և միատեղված մոտեցումը շատ է օգնում առաջմղման համար։ Հայաստանում В Контакте, Pinterest, Twitter etc. այնքան էլ թիրախավորված չեն, թեև, կարծում եմ, որ կա որոշակի հատված, ում կարելի է թիրախավորել։
Content Writer (Կոնտենտի գեներացման մասնագետ) միայն վերջին տարիներին է սկսել ընկալվել, որպես առանձին մասնագիտություն։ Մասնագիտական կարողությունների մասին խոսելը շատ հաճախ ցույց է տալիս գրված կոնտենտի որակը և ընդգրկման տիրույթը։ Կոնտենտի գեներացման համար պետք են հատուկենտ գիտելիքներ այն բնագավառում, որտեղ աշխատելու է մասնագետը։ Այնուհանդերձ, ներկայումս Հայաստանում նման մասնագետներին աշխատանքի ընդունելիս հաճախ պահանջում են գրաֆիկական դիզայնի հմտություններ։ Որոշ կազմակերպություններում այս երկուսը՝ կոնտենտի գեներացումը և գրաֆիկական դիզայնը, տարբեր հաստիքներ են։Երբ ես ու ընկերս հիմնում էինք կազմակերպությունը, ես հանդես էի գալիս որպես կոնտենտ գեներատոր, ինչպես նաև Adobe Photoshop-ի և Adobe InDesign-ի «մասնագետ», իսկ ընկերս զբաղվում էր Adobe Illustrator/Coral Draw-ի հետ կապված աշխատանքերով։ Այսպես մենք խնայում էինք գումարը։ Իսկ կազմակերպության զարգացման հետ մեկտեղ, երբ գործընթացները դարձան ավելի բարդ, արդեն հնարավոր եղավ աշխատանքի վերցնել աշխատակցի, որը կկարողանար համադրել այս ամենը, քանի որ անհրաժեշտություն էր առաջացել պատվիրակելու պատասխանատվությունը։
Մարքեթինգային բաժնի պետ/զարգացման պատասխանատու/PR և հաղորդակցության բաժնի պետ և այլն։ Այն, ինչ շատ կա Հայաստանում, բայց, մեծապես, ոչ որակական առումով։ Կան կազմակերպություններ, որտեղ բաժնի պետ կոչվածը կատարում է նայողի ու հաստատողի պարտականություն՝ առանց «գործից» հասկանալու։ Սովորաբար, նման կազմակերպություններում գումարային հոսքերը վերահսկվում են ավտորիտարիզմի տառին համապատասխան՝ «ատկատի» ու նմանօրինակ քստմնելի դեպքերի բացառման, սակայն, իրականում, աշխատակիցներին «բռի մեջ» պահելու համար։ Սրան զուգահեռ՝ կան կազմակերպություններ, որտեղ պատրաստ են բարձր աշխատավարձ վճարել մասնագետին, քանի որ հասկանում են մարքեթինգի կարևորությունը ու վստահում են մարքեթինգի բաժնի պետին ու թույլ են տալիս ինքնուրույն ընտրելու այն աշխատակիցներին, ում հետ նա աշխատելու է։ Այս գործում նրան կարող է օգնել HR-ը կամ տնօրենը։ Նման կազմակերպություններում մեծամասամբ համագործակցային մթնոլորտ է։ Կան կազմակերպություններ, որտեղ մարքեթինգի բաժինը համարվում է հաճելի հավելում բիզնեսին, այդ իսկ պատճառով բարեկամին կամ երրորդ/չորրորդ կուրսի ուսանողին նստեցնում են համակարգչի առաջ։ Շատ դեպքերում որակը տեսանելի է միանգամից՝ ընդհանրական տերմիններով կոնտենտի տեսքով (օրինակ՝ «Մենք ապահովում են բարձր որակ»։ Նրանց համար սա առավելություն է, իսկ հասարակ մահկանացուներիս համար՝ պարզապես սպասելիք։ Դժվար է պատկերացնել, որ բիզնեսը ձգտում է ապահովել վատ որակ)։ Ցավոք սրտի, այս մոտեցումը շատ է տարածված Հայաստանում ու նպաստում է կազմակերպություններում RAM-ի խորացմանը։
Առաջին անգամ ես աշխատանք եմ գտել «Գինդի» միջոցով։ Նույնը եղել է, երբ առաջին անգամ հայտարարություն եմ տվել։ «Գինդը» մեր առաջին պրակտիկ հարթակն էր, ինչի համար ես նրանց շնորհակալ եմ։ Սակայն, գնալով, բիզնեսը դառնում է ավտոմատ։ Մեր երկրում շատերը ձգում են մինչև վերջին կաթիլ արյունը ու զոհաբերում են բազմաթիվ հնարավորություններ ստատուս-քվոն պահպանելու համար։ Ես հոդվածում չեմ հիշատակում ավտոմատացման, ինտեգրացիայի, բրենդ մարքեթինգի կամ անալիտիկայի այլ տարրերի մասին, քանի որ կարծում եմ՝ դրան հասնելու համար պետք է սկզբում հասկանալ, թե ուր ենք մենք գնում։ Մեր երկրում մարքեթինգի առումով ամենամեծ վախը նորամուծությունների փորձարկումն է ու ոչ մի դեպքում սխալներ թույլ չտալը։ Թե ինչի է հանգեցնում այս ամենը, տեսանելի է բոլորին։ Անհրաժեշտ է նոր տեսակի կառավարում ու մտածելակերպ, ինչին մենք գնում ենք, թեպետև դանդաղ քայլերով։
Verjum cankanum em dez maxtel haceli or, ինչպես ստորև բերված նկարում։
Հետգրություն․ թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Կարինե Նահապետյանին։
[1] Finding Brand Success In The Digital World, POST WRITTEN BY Jon Simpson, Owner of Criterion.B, overseeing client strategy and company culture, Forbes.inc
[2] 23 Reasons Inbound Marketing Trumps Outbound Marketing [Infographic], Written by Pamela Vaughan, Originally published Oct 31, 2011 3:00:00 PM, updated July 28 2017, Blog.Hubspot.com
[3] Content Marketing Infographic; Did you know that 90% of all organizations use content in their marketing efforts? By Demand Metric
[4] 75 amazing Spotify Statistics and Facts (2020) / By the Numbers by Craig Smith, Last Updated on: March 19th, 2020
[5] 23 Reasons Inbound Marketing Trumps Outbound Marketing [Infographic], Written by Pamela Vaughan, Originally published Oct 31, 2011 3:00:00 PM, updated July 28 2017, Blog.Hubspot.com
[6] What is Banner Blindness and How To Beat It, By Zhiyuan on May 6, 2015, Updated: 26 April 2020
[7] 23 Reasons Inbound Marketing Trumps Outbound Marketing [Infographic], Written by Pamela Vaughan, Originally published Oct 31, 2011 3:00:00 PM, updated July 28 2017, Blog.Hubspot.com
[8] How and Why to Identify Your Best Prospects, April 19, 2018, Posted by Nicole Mertes
22:00 - 01 մայիսի, 2020