Ինֆոքոմ

Ըստ Փաշինյանի՝ ՌԴ-ում շրջանցում են գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը

Ըստ Փաշինյանի՝ ՌԴ-ում շրջանցում են գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշելով, որ դրանում կարեւորագույն դրույթներից մեկը վերաբերում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին։  Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կառարած վերջին այցի արդյունքներով Կրեմլի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում էր․ «ՌԴ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործող փաստաթուղթ է, և դրա այլընտրանքը չկա»։ Ըստ Փաշինյանի՝ շատ դեպքերում, երբ ՌԴ գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, իր համար ցավալի է տեսնել, որ նրանք գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցն, ըստ էության, շրջանցում են․ «Որովհետեւ նաեւ եթե եռակողմ հայտարարություններն են հիմքը եւ մենք ուզում ենք դրանք արժեւորել, կարեւորել, պետք է գնանք, առաջին հոդվածից կարդանք, տեսնենք՝ ով ինչ աշխատանք պետք է իրականցներ, որ չի իրականացրել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ գերիների, պատանդների, այլ պահվող անձնանց հարցը իրենց շատ մտահոգում է։  Նրա խոսքով այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք են իրականացնում, այդ աշխատանքը չի երեւում, եւ դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է։ «Էն ընկալումներով, որոնցով ԼՂ մեր մի խումբ հայրենակիցներ փորձում են ձեւակերպել [վերադարձի] հարցը, ես դա իրատեսական չեմ համարում։ Երբ աշխատանքային այցով Վայքում էի, ԼՂ-ից բռնի տեղահանված մի կին մոտեցավ, ինձ ասաց՝ ուզում եմ անկեղծ ասեք՝ ինչքանով է իրատեսական վերադարձի հարցը, եւ ես էլի նույնը պատասխանեցի՝ էն ընկալումներով, ինչ ընկալումներով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցի բովանդակությունը փաթեթավորել, ես դա իրատեսական չեմ համարում եւ չեմ կարող խաբել, էն նույն պատճառներով, ինչ պատճառներով այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ լուծարման հրամանագիրը եւ րոպե առաջ լքեցին Լեռնային Ղարաբաղը»,- ընդգծեց Փաշինյանը։ Ապա վարչապետը հիշեցրեց 2023-ի սեպտեմբերի իրադարձությունները, երբ, նրա խոսքով, սոցցանցերում, մամուլում, ընդդիմության կողմից կար մեղադրանք, թե ինքը թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա ԼՂ-ից․ «Հիմա էլ ասում են՝ ես թույլ չեմ տալիս՝ վերադառնա, կամ չենք բարձրաձայնում։ Ասացի՝ ինչու, որովհետեւ այն բովանդակությունը, այն փաթեթավորումը, որը ներկայացվում է, իմ համոզմամբ հակասում է ՀՀ պետական շահերին։ ՀՀ պետական շահը չափում եմ ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներով եւ իրավազորությամբ»։ Փաշինյանը ընդգծեց, որ իր համար ակնհայտ է, որ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, առաջ, ընթացքում ԼՂ-ի հարցը չի եղել ԼՂ-ի հարց, եղել է ՀՀ-ի հարց, ՀՀ պետականությունը զրոյացնելու հարց․ «Եվ ես ժամանակի մեջ դրանում ավելի եմ համոզվում»։
13:18 - 31 օգոստոսի, 2024
Ադրբեջանի հետ բանակցություններն այս փուլում երկկողմ ձեւաչափով անցկացնելն արդյունավետ է․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի հետ բանակցություններն այս փուլում երկկողմ ձեւաչափով անցկացնելն արդյունավետ է․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ բանակցություններն այս փուլում երկկողմ ձեւաչափով անցկացնելն արդյունավետ է համարում։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ բանակցությունները չեն ընթանում ռուսական հարթակում․ «Մենք մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում բարձր ենք գնահատում։ Տեւական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձեւաչափով, ընդ որում՝ կարող ենք ասել, որ երկկողմ այդ ձեւաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած ս․թ․ ապրիլի 19-ի հայտարարությամբ։ Երեկ էլ, գիտեք, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց։ Մենք կարծում ենք, որ պետք է կողմնորոշվենք էս հարցում, որովհետեւ ընդհանուր ըմբռնում եղել է այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձեւաչափով, եւ քանի դեռ այդ ձեւաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտն այդ ձեւաչափն է։ Նույնը ես ուղիղ ասել եմ նաեւ ՌԴ նախագահին մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում։ Մյուս կողմից, երկկողմ ձեւաչափով աշխատելու այս արձանագրումն անելով՝ չեմ կարող ասել, թե բացառում եմ որեւէ այլ ձեւաչափով աշխատանք՝ այն ընդգծմամբ, որ առանձին կոնկրետ դեպք առանձին ժամանակաշրջանում առանձին հարցի համատեքստում պետք է դիտարկել։ Շատ քննարկումներ եղան, այդ թվում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ փորձ արեց տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն հրաժարվել է հանդիպումից․ ՀՀ-ն չի հրաժարվել հանդիպումից, ես ինքս Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ [դիվանագիտական խողովակներով], որ տեղի ունենա երկկողմ ձեւաչափով ահնդիպում։ Ինչու՞, որովհետեւ նախկին շրջանում եղել է փոխադարձ ըմբռնում, որ էս շրջանում աշխատում ենք երկկողմ ձեւաչափով, եւ կարծում եմ, որ կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, որովհետեւ էս պահի դրությամբ արդյունավետ է, ընդ որում, երբ հասունանա պահը՝ բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, դա կարող է նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, էնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում, եւ ես պատրաստ եմ նաեւ այդպիսի շփումների։ Ինչ վերաբերում է եռակողմ ձեւաչափերին, էլի, չբացառելով որեւէ տարբերակ, տվյալ ժամանակշրջանում, տվյալ իրադրության մեջ պետք է դրա նպատակահարմարությունը գնահատվի՝ գնահատվի արդյունքին միտված լինելու տրամաբանությամբ», - նշել է Փաշինյանը ասուլիսում։
12:57 - 31 օգոստոսի, 2024
2024-ի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա ՀՀ-ում, իսկ միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով․ Նիկոլ Փաշինյան

2024-ի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա ՀՀ-ում, իսկ միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ Բացման խոսքում նա նշեց․«Վերջին տարիներին ՀՀ-ում պետության եւ պետականության ընկալման խոր փոփոխություններ են տեղի ունենում, այդ փոփոխությունները հիմնված են «հայրենիքը պետությունն է» եւ «իրական Հայաստան» հայեցակարգերի վրա, որոնք հանրության շրջանում գնալով ավելի ու ավելի լայն ընկալում են ստանում։ Ա Ըստ այդ հայեցակարգերի՝ ՀՀ-ն ոչ թե որեւէ ավելի մեծ երկիր ստանալու, այլ բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է, այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի մաս են անվտանգությունը, ազատությունը, արդարությունը։ Բարեկեցության եւ դրա անբաժանելի մաս հանդիսացող անվտանգության, ազատության, արդարության ավելի բարձր մակարդակ ապահովելու միջոցը պետական ինստիտուտների շարունակական զարգացումնէ  եւ աշխատանքը՝ որպես ահմընդհանուր անելիք»։ Անդարադարձ կատարելով նաև տնտեսությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր ՀՀ-ում տնտեսությունը կայուն զարգանում է։«2024 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա ՀՀ-ում։ Այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572 հազարից դարձել է 750 հազար, միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով, 2018թ․-ի 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ։ Սա կարեւորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018թ․ հեղափոխությունից ի վեր ՀՀ-ում տնտեսությունը կայուն զարգանում է՝ ինքնիշխան պետության եւ նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով։ Պիտի ընդգծեմ, որ միեւնույն ջանջի գործադրմամբ ավելի մեծ արդյունք ստանալու առանցքային նախապայմանը կրթության, ուսուցման, որակավորման ավելի բարձր մակարդակն է», - նշել է Փաշինյանը մինչ լրագրողների հարցերին պատասխանելը։
12:32 - 31 օգոստոսի, 2024
Հերթեր «Զվարթնոց» օդանավակայանում․ ինչու են մարդիկ ժամերով սպասում անձնագրային անցակետում

Հերթեր «Զվարթնոց» օդանավակայանում․ ինչու են մարդիկ ժամերով սպասում անձնագրային անցակետում

ՀՀ քաղաքացի Միլենա Բարսեղյանը օգոստոսի 15-ին՝ ժամը 03։58-ին, Ստամբուլից ժամանել է Երեւան եւ մոտ 1 ժամ սպասել «Զվարթոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման անցակետում․ «Միաժամանակ մի քանի ինքնաթիռ էր վայրէջք կատարել, դրա համար էլ մարդկանց հոսքը շատ-շատ էր, առաջարկում էին հերթը շրջանցելու վճարովի տարբերակ, ինչն ինձ համար նորություն էր»,- պատմում է նա։ Միլենայի խոսքով՝ հերթի մեջ շատերը բողոքում էին, թե 2 պատուհան է սպասարկում, բայց երբ ինքն է մոտեցել, նկատել է, որ բոլոր պատուհաններն աշխատում են․ «Աշխատողներն էլ չէին ձգձգում, ես որ մոտեցա, արագ սպասարկեցին, պարզապես մի խնդիր կա․ այդ պահին այդ նույն հերթի մեջ սպասում էին տրանզիտ թռիչք ունեցող մարդիկ, այսինքն՝ պատուհանները առանձնացված չէին ըստ տրանզիտ թռիչք ունեցողների եւ չունեցողների։ Իմ վերջնակետը, օրինակ, Հայաստանն էր, բայց եթե Հայաստանը ինչ-որ մեկի համար տարանցիկ երկիր էր, եւ նրա սպասելաժամանակը 1 ժամ էր, նա հաստատ կուշանար մյուս թռիչքից»։ Լուսանկարը՝ Միլենա Բարսեղյանի Միլենան ասում է՝ այլ երկրներում տեսել է, որ անձնագրային պատուհանները բաշխվել են ըստ տրանզիտ թռիչքների կամ ըստ ԵՄ քաղաքացիների․  «Ես մեկնել էի Ստամբուլ, Ստամբուլից՝ Անկարա` ուսումնական նպատակով Նորվեգիայի դեսպանատան վիզա ստանալու համար, եւ այդ ընթացքում տեսա բաշխում նաեւ ըստ լոկալ թռիչքների, ինչը, իհարկե, Հայաստանի դեպքում ակտուալ չէ, մեզ մոտ ներքին թռիչքները ակտիվ չեն»։ Խնդրի մասին նախորդ ամսին բարձրաձայնել էր նաեւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հերթի միջից տեսանյութ հրապարակելով եւ պատմելով, որ առավոտյան ժամը 04։55-ի սահմաններում մոտ մեկ ժամ անձնագրային անցակետում սպասում են, եւ մարդկանց քանակը հաշվի առնելով՝ դեռ 3-4 ժամ էլ կսպասեն․ «Անձնագրային հսկիչ կետի մոտ արհեստական հերթեր են ստեղծում մարդկանցից գումար գանձելու համար։ Այս բարդակի հեղինակները առաջարկում են՝ 3-4 ժամ հերթ չկանգնելու եւ մուտքի կնիքը խփելու համար վճարել 9000-ական դրամ»,- տեսանյութում ասում էր Զոհրաբյանը՝ հավելելով, որ փաստորեն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը պատրաստ չէ այս ծավալի մարդ ընդունելուն։ Տեսանյութում Զոհրաբյանը նշում էր նաեւ, որ անձնագրային հսկիչ ոչ բոլոր պատուհաններն են աշխատում։ «Ինֆոքոմ»-ը երկու շաբաթ շարունակ դիտարկել է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքները՝ դուրս բերելով հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը «Զվարթնոց» ժամանած ինքնաթիռների տեսակները, դրանցում ուղեւորների հնարավոր միջին քանակը եւ վայրէջքի ժամերը։ Դիտարկման հիմք են հանդիսացել flightradar 24 կայքի թռիչքների ժամանակացույցը եւ օդանավերի վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տվյալները։ Համադրելով բոլոր տվյալները՝ ստացել ենք հետեւյալ ամփոփ պատկերը․ կեսգիշերնանց ժամերին կարճ միջակայքերով ժամանում են մի քանի, այդ թվում խոշոր եւ բազմամարդ օդանավեր, ինչն էլ հերթերի պատճառ է դառնում։ Որքան շատ են քարտերի միջի շրջանակները, այնքան շատ օդանավ է ժամանել տվյալ ժամին, եւ որքան մուգ են քարտերի գույները, այնքան շատ ուղեւորներ են եղել այդ օդանավերում Ինչ է ասում «Զվարթնոց»  օդանավակայանը Վայրէջքի ժամերի ընտրության, ժամ-գին հարաբերակցության, ռեսուրսների հնարավոր անբավարարության եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Զվարթնոց»  օդանավակայանից, որտեղից, սակայն, առաջարկը մերժեցին։ Օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը փոխանցեց, որ իրենց տարածած հաղորդագրությանն ավելացնելու այլ բան չունեն, անհրաժեշտության դեպքում կդիմեն։ Ըստ այդ հաղորդագրության՝ հերթերը պայմանավորված են ամառային սեզոնով եւ չվերթերի փոփոխություններով․ «Եղանակային պայմաններից ելնելով եւ ավիաընկերությունների չվացուցակում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում, քանի որ տարբեր օպերատիվ պայմաններից ելնելով չվերթերը ուշ կամ շուտ են ժամանում: Արդյունքում սահմանային անցակետում գոյանում են մեծ հերթեր: Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում»։ Օդանավակայանից նաեւ հայտնել էին, որ ուղեւորների ճանապարհորդությունը հարմարավետ եւ արագ դարձնելու համար օդանավակայանն ու ավիաընկերություններն առաջարկում են տարբեր ծառայություններ, ինչպես օրինակ` օդանավակայանում գործող «Fast Track», «VIP» ծառայությունները, ավիաընկերությունների կողմից առաջարկվող բիզնես դասի տոմսերը եւ այլ տարատեսակ վճարովի ծառայություններ․ «Այն ամբողջ աշխարհում ընդունված կարգ է և օդանավակայանը բացառություն չէ այս հարցում»,- ասված է հարորդագրության մեջ։ Ըստ մասնագետի՝ «Զվարթնոց»-ի նման օդանավակայանները չվացուցակներ կազմելու հարցում թելադրող չեն Ավիացիայի միջազգային կարգավորումների մասնագետ, օդաչու Հակոբ Ճաղարյանը մեր զրույցում ասում է՝ նախեւառաջ պետք է հիշել առաջարկ-պահանջարկ փոխհարաբերության մասին․ երբ առաջարկն է շատ, պահանջարկը՝ քիչ, գինն իջնում է, իսկ երբ պահանջարկը ավելի շատ է, քան առաջարկը, հերթեր են գոյանում, եւ այդ դեպքում անգամ լավ կահավորված օդանավակայանը, ինչպիսին «Զվարթնոց»-ն է (ըստ Ճաղարյանի՝ այն ունի անձնագրային 23-24 կետ, որը իր չափսերի համար բավականին լավ ցուցանիշ է), չեն հասցնում սպասարկել․ «Հիմա հերթեր են գոյանում, որովհետեւ ամառվա սեզոնի հետ կապված պահանջարկը ավելի շատ է, իսկ ինչո՞ւ է շատ հատկապես գիշերային ժամերին․ որովհետեւ Հայաստանը չունի տեղական փոխադրողներ՝ իրենց թռիչքուղիների ցանցով, որոնք կարող են իրենց հարմար ժամերի չվերթներ նախատեսել։ Հայ ուղեւորներին հիմնական փոխադրողները միջազգային ավիաընկերություններն են, որոնք գալիս են՝ իրենց բազային օդանավակայանների բազային թռիչքների համար իրենց հարմար ժամին Հայաստանից ուղեւորներ տանելու։ Ընդհանրապես, հաջող աշխատելու գրավականներից հիմնականը տրանզիտային թռիչքների իրականացումն է։ Տրանզիտ թռիչքներ կատարելու համար պետք է օրը 2 անգամ այդ թռիչքը կատարել՝ առավոտյան եւ երեկոյան, իրենք ունեն առավոտյան չվացուցակ եւ երեկոյան չվացուցակ, եւ քանի որ հայ ուղեւորներին տանում են առավոտվա չվացուցակին հասցնելու համար, գիշերներն են գալիս»։ Լուսանկարում՝ Հակոբ Ճաղարյանը Ըստ Ճաղարյանի՝ օդանավակայանների, այդ թվում՝ բուն օդանավերի սպասարկումը գիշերային ժամերին 8-10 տոկոսով ավելի թանկ է, քան ցերեկային ժամերին, որովհետեւ գիշերը օգտագործվում են լուսավորություն թռիչքուղու, շարժման ուղիների եւ այլնի համար․ «Բայց այդ մի քանի տոկոսի տարբերությունը ավիաընկերությունների համար արգելք չի հանդիսանում, որովհետեւ իրենք կարող են այդ ժամին շատ ուղեւոր տանել եւ իրենց այլ ուղղություններով թռչող օդանավերը լցնել»։  Ճաղարյանը պարզաբանում է, թե չվացուցակների հաստատման գործընթացն ընդհանրապես ինչպես է կատարվում։ Ըստ նրա՝ թե՛ ավիաընկերություններն են առաջարկում օդանավակայաններին, թե՛ օդանավակայանները՝ ավիաընկերություններին․ «Այսինքն՝ օդանավակայանը ունի սլոտներ (ժամանման եւ մեկնման ժամեր) եւ ավիաընկերությունը ունի ցանկություն․ եթե ավիաընկերության ցանկությունը համընկնում է օդանավակայանի հնարավորության հետ, օդանավակայանը տալիս է այդ ժամի թույլտվությունը, հակառակ դեպքում օդանավակայանը առաջարկում է այդ թռիչքն իրականացնել մեկ այլ ժամի»։ Բայց այնպիսի օդանավակայանները, ինչպիսին «Զվարթնոց»-ն է, որը 24 ժամվա ընթացքում 50-60 թռիչք է իրականացնում», ըստ նրա, թելադրող չէ։ Անդրադառնալով անձնագրային անցակետերը դասակարգելու հարցին՝ Ճաղարյանն ասում է, որ դա աշխարհում ընդունված մոտեցում է, բայց Հայաստանի դեպքում տրամաբանական չի լինի․ «Նախ, «Զվարթնոց»-ը տրանզիտ օդանավակայան չէ, միայն ռուսական ավիաընկերությունների թռիչքները փակելուց հետո ռուսների համար մասնակիորեն դարձավ տրանզիտ, հետեւաբար՝ տարանջատելը ըստ տրանզիտ թռիչքների եւ ոչ տրանզիտ թռիչքների, ազդեցիկ գործոն չի լինի։ Շատ երկրներում հանդիպել եմ նաեւ տարանջատման ըստ Շենգենյան գոտու երկրների կամ ըստ քաղաքացիության, բայց Հայաստանում դա էլ հնարավոր չէ այն հասարակ պատճառով, որ ՀՀ քաղաքացին եւ օտարերկրյա քաղաքացին ստուգվում են միեւնույն կանոնակարգով, այդ դեպքում խտրականություն դնելու իմաստը ո՞րն է, այլ հարց, եթե ՀՀ քաղաքացիները կամ ԵԱՏՄ քաղաքացիները ստուգվեին ավելի պարզեցված, արագացված ընթացակարգով»։ Ճաղարյանի խոսքով՝ շատ երկրներում իրենց քաղաքացիների անձնագրերն անգամ չեն ստուգում, տեղական ID քարտն են անցկացնում համակարգով եւ վերջ, որոշ տեղերում էլ պատուհաններ կան, որոնք աչքերով են ստուգում․ համակարագը մի անգամ նկարում է մարդու աչքերը, գրանցում, դրանից հետո նա գալիս, կանգնում է, աչքերը ֆիքսվում են, կտրոնը ստանում է եւ վերջ, նույնիսկ կնիք չի դրվում, համակարգն է ընդհանուր ծրագրի մեջ այդ տեղեկությունը փոխանցում։ Նման համակարգային փոփոխության համար, ըստ մասնագետի, միայն օդանավակայանաի ցանկությունը բավարար չէ, դա ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության կամ պետական ավելի բարձր մակարդակով լուծելիք հարց է․ «Այսինքն՝ Ձեր բարձրացրած հարցերը շատ ակտուալ են, բայց Հայաստանի դեպքում դա երեւի հնարավոր չի լինի ներդնել, որովհետեւ ԵԱՏՄ-ում դա չի գործում, իսկ Հայաստանը միացած է ԵԱՏՄ-ի հետամնաց, միջնադարից եկող ծրագրերին եւ նոր բան անելու հնարավորություն չունի։ Դեռեւս 2019 թ․-ին, երբ ես վարչապետի խորհրդական էի, հանդիպում ունեցանք օդանավակայանի կառավարչի հետ, այն ժամանակ քննարկվում էր դասական «Զվարթնոց»-ի շենքի վերականգման հարցը, եւ ի վերջո համաձայնության եկանք 2 շենքերի մեջ միջանկյալ մի բան սարքելու համար։ Եթե այդ ծրագիրը իրականանար, իսկ դա լուրջ ծրագիր էր, այս բոլոր խնդիրները կլուծվեին»։ Մեր այն հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէ ծանրաբեռնված շրջանում փոխգործակցություն ապահովել «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների միջեւ եւ թռիչքների մի հատված տեղափոխել Շիրակ, Հակոբ Ճաղարյանը պատասխանում է․ «Երեւան եկողին, իհարկե, ձեռք չի տա «Շիրակ» օդանավակայանում իջնել․ եթե ես ծանրաբեռնված ժամին Երեւանի տոմս վերցնող ուղեւոր եմ, ինձ պետք է իջնեմ հենց Երեւանում, ոչ թե Գյումրիում, իսկ այն ուղեւորը, որը տրանզիտով է գալիս Երեւան, որպեսզի շարունակի իր թռիչքը, չունի այն Գյումրիից շարունակելու հնարավորություն, նա ստիպված պետք է տեղափոխվի Երեւան, Երեւանից գնա, այդ դեպքում ուղեւորը կգերադասի այլ օդանավականից օգտվել, կամ էլ Շիրակում պետք է ունենաս այնքան թռիչք, որ այդ տրանզիտով եկողներին նստեցնես, տանես Երեւան․․․ Իմ աշխատելու ժամանակ ես փորձ եմ արել «Շիրակ»-ը սարքել աշխատող օդանավակայան, ներկայացրել եմ ծրագիր, ըստ որի՝ այն կդառնար lowcost (էժան տոմսերով) օդանավակայան, այդ դեպքում այն կսկսեր գործել բավականին լավ, կյանքը կեռար, բիզնեսը կզարգանար, դա լուրջ թեմա կլիներ, բայց Հայաստանի կառավարությունը գերադասեց 5 միլիոն եվրոյի չափով սուբսիդավորել արտասահմանյան ավիաընկերությանը, որպեսզի Երեւան թռիչքներ իրականացնեն, քան թե 3-4 միլիոն ծախսել սեփական ավիաընկերությունը ստեղծելու համար»,- նշում է Հակոբ Ճաղարյանը։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Ինֆոգրաֆիկան՝ Կատյա Մամյանի
16:39 - 30 օգոստոսի, 2024
Սևանում վրաերթի ենթարկված 6-ամյա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սևանում վրաերթի ենթարկված 6-ամյա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանում վրաերթի է ենթարկվել երկու երեխա․ մեկը տեղում մահացել է, մյուսը հիվանդանոցում է։ Հիվանդանոցում գտնվող երեխայի վիճակը նորմալ է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»,- ասել է Աբրահամյանը։ Նրա խոսքով վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ «Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստանալուց հետո վարորդի արարքին կտրվի իրավական գնահատական»։
12:44 - 28 օգոստոսի, 2024
Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանը

Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է պատիժը կրող դատապարտյալ,  65-ամյա դատապարտյալ Ա․ Կ․-ն։ Նշենք, որ խոսքը «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Կնյազյանի մասին է։ «Օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը»,- ասաց ՔԿԾ հանրային կապերի բաժնի ղեկավար Նոնա Նավիկյանը։ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բուժօգնության սպասարկման կազմակերպման եւ եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը, «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան, հայտնեց, որ դատապարտյալ Աշոտ Կնյազյանի մոտ գրանցվել է հանկարծամահություն․ «Մնացած հանգամանքները կպարզվեն դատաբժշկական փորձաքննությունից հետո»։
10:53 - 28 օգոստոսի, 2024
Քիմիկների գործով վկան պնդում է՝ իրեն ոչ ոք չի ասել, թե զորքին մինչեւ ուր պիտի ուղեկցի

Քիմիկների գործով վկան պնդում է՝ իրեն ոչ ոք չի ասել, թե զորքին մինչեւ ուր պիտի ուղեկցի

44-օրյա պատերազմի ժամանակ կամավորական Արման Նուրիջանյանի կարծիքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբի օպերացիայի ձախողման պատճառը եղել է վերադաս հրամանատարության անկազմակերպվածությունը։ Այդ մասին նա երեկ հայտարարեց Հակակոռուպցիոն դատարանում։ Քիմիկների գործով Նուրիջանյանը առանցքային անձ է․ հենց նրան է վստահված եղել զորախմբի ուղեկցումը դեպի օպերացիայի տեղանք։ Ստացվել է այնպես, սակայն, որ սահմանված վայրում՝ Կիրի հանքում իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել  իր դրոշը եւ տեսանյութը հրապարակել համացանցում։ Արդյունքում, զինծառայողները ընկել են շրջափակման մեջ․ նրանցից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Կատարվածի համար մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Արման Նուրիջանյանն ունի վկայի կարգավիճակ։ Դատարանն արգելեց նիստի տեսանկարահանումը՝ չպատճառաբանելով իր որոշումը Նախքան վկայի հարցաքննությանն անցնելը հերթական անգամ թույլտվություն խնդրեցինք նիստի տեսա եւ լուսանկարահանման համար։ Մեղադրող կողմը առարկություն չուներ, պաշտպանական կողմը՝ եւս։ Միայն մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը հայտարարություն արեց՝ ասելով, թե նախորդ նիստին իր վերաբերյալ սխալ տեղեկություն է հրապարակվել, խնդրեց դա շտկել եւ այլեւս չկրկնել․ «Եթե այդ պայմանով, ապա համաձայն ենք», - ասաց նա։ Մեր հարցը, թե ո՞ւմ կողմից է սխալ տեղեկություն հրապարակվել, մնաց անպատասխան։ Նիստից հետո պաշտպանի հետ առանձնազրույցում պարզ դարձավ, որ խոսքը մեկ այլ լրատվամիջոցի հրապարակած տեսանյութի մասին էր։ Այդ հարցին, սակայն, դատարանը չանդրադարձավ եւ որոշեց արգելել տեսանկարահանումը։ Նշենք, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դռնբաց նիստի տեսաձայնագրումը թույլատրում է դատարանը` մեղադրյալների համաձայնությամբ: Անգամ համաձայնության դեպքում դատարանը կարող է արգելել տեսաձայնագրումը, եթե դա է պահանջում արդարադատության շահը։ Դատավոր Սարգիս Դադոյանը, սակայն, որեւէ կերպ չպատճառաբանեց իր այդ որոշումը․ «Լսեցիք պաշտպանի հայտարարությունը, դատարանը Ձեզ թույլատրում է առհասարակ այս նիստը լուսաբանել նկարահանման եւ ձայնագրառման միջոցով, տեսանկարահանել չի թույլատրվում եւ հարցաքննության ամբողջ ընթացքը եւս չի թույլատրվում ձայնագրել, որոշ հատվածներ կձայնագրեք»,- ասաց նա։ Նշենք, սակայն, որ ըստ Քր․դատ․օր․-ի՝ դռնբաց նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարել ձայնագրում, հետեւաբար եթե նիստը դռնբաց է, ձայնագրման իրավունքը չի կարող սահմանափակվել։ Մեր ճշգրտող հարցին ի պատասխան՝ դատավորն ասաց․ «Ամբողջ նիստը կարող եք ձայնագրել, չեք կարող տեսանկարահանել»։ Այս գործով նիստերը նախկինում բազմիցս տեսանկարահանվել, անգամ ուղիղ հեռարձակվել են։ Ըստ վկայի՝ դեպքից 3 օր առաջ իմացել են, որ Զանգելանը գրավված է 40-ամյա Արման Նուրիջանյանը պատմեց, որ պատերազմի ժամանակ զինկոմիսարիատում չի հաշվառվել, ինքնակամ ներկայացել է գյուղապետարան, քանի որ գյուղական տարածքներում ինքնապաշտպանական ջոկատներ էին ստեղծվում․ – Զինվորական որեւէ կառույցից Ձեր նկատմամբ վերահսկողություն կա՞ր, սպաներ կայի՞ն,– հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։ – Գյուղապետը միայն՝ Արթուր Մանուչարյանը, նա էր իմ անմիջական հրամանատարը,– պատասխանեց վկան։ – Նա զինվորական ի՞նչ պաշտոն էր զբաղեցնում։ –Չգիտեմ։ – Ինչի՞ց եք կարծել, որ նա է Ձեր հրամանատարը։ – Նրանից եմ զենք ստացել, նրա մոտ եմ կցված եղել, այդ ջոկատի բոլոր հարցերը նա էր լուծում։ Ձախցի՝ հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արսեն Մարտիրոսյանը Նուրիջանյանը պատմեց, որ նախքան դեպքի օրը ինքը Կապան–Զանգելան ավտոճանապարհին տեղակայված մարտական հենակետում է ծառայություն իրականացրել, նրա խոսքով՝ «պոստ պահել»։ Մեղադրողի հարցին՝ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել ճանապարհը վերահսկելու, ի՞նչ վտանգ կար, վկան պատասխանեց․ «Ինքնապաշտպանության համար, որ Զանգելանի կողմից չգար թշնամին»։ – Այսինքն՝ երբ Դուք հերթապահել եք, արդեն իսկ տեղեկություններ կային, որ հակառակորդը Զանգելանո՞ւմ է,– ճշգրտեց մեղադրող Արշակ Մարտիրոսյանը։ – Ես մինչեւ գնալս իմացել եմ, որ Զանգելանը գրավված է (նկատի ունի դեպքից 3 օր առաջ,–հեղ․),– պատասխանեց վկան։ – Ո՞վ է հայտնել։ – Յութուբով եմ տեսել։ – Իսկ հրամանատարության հետ քննարկե՞լ եք դա։ – Բոլորս էլ գիտեինք։ – Կիրի հանքը Զանգելանից տարբե՞ր է։ – Այո։ Կապանից Կիրի հանք մոտ կես ժամվա ճանապարհ է, հանքից Զանգելան՝ 20 րոպեի։ – Այսինքն՝ Կիրի հանքով անցնելիս ակնհայտ կլինե՞ր, որ դա է հանքի տեղանքը։ – Իհարկե, նույնիսկ փոքր երեխայի համար։ Մինչեւ հանք հասնելը՝ մի 700 մետրի վրա, շիբինը թափած էր գետնին,– պատասխանեց վկան։ Նուրիջանյանի խոսքով՝ իրեն չի ասվել, թե մինչեւ ուր պիտի զորքին տանի Արման Նուրիջանյանի խոսքով՝ իրենց ջոկատում եղել է 20-ից ավելի անձ։ Դեպքին նախորդող երեկոյան գյուղապետը՝ Արման Մանուչարյանը, եկել, հարցրել է, թե ով գիտի դեպի Զանգելան տանող ճանապարհը, ինքն ասել է, որ գիտի (մինչ այդ բազմիցս երթեւեկել է, քանի որ առաքիչ է աշխատել), եւ այդպես որոշվել է, որ ինքը պիտի զորքին ուղեկցի։ –Կասե՞ք՝ բառացի ինչ է ասել գյուղապետը,– հարցրեց մեղադրողը։ – Ասել է՝ զորք է գալու, իրենք գիտեն՝ ուր պիտի գնան, որտեղ պիտի կանգնեն, ընդամենը պետք է ուղեկցող, ճանապարհը ցույց տվող։ – Ո՞ր ճանապարհը։ – Դեպի Զանգելան․․․ Ասել է՝ իրենց կթողնես, դու կգաս։ Ջոկատի մյուս անդամները գիտեին այդ ճանապարհը թե չէ՝ Նուրիջանյանը տեղյակ չէր, ենթադրում էր, որ ինքն է հարմար թեկնածու եղել, քանի որ անձնական մեքենա է ունեցել (գյուղապետի մեքենան սարքին չի եղել)։ Պատասխանելով ուղեկցումից հրաժարվողների վերաբերյալ հարցին՝ վկան ասաց, որ գյուղապետից լսել է, որ Վարդան Ալեքսանյանն է հրաժարվել։ Հիշեցնենք՝  վերջինս այն գնդապետն է, որին ԳՇ պետի՝ այդ ժամանակվա տեղակալ Անդրանիկ Մակարյանը հանձնարարել էր կազմակերպել Քիմիկների զորախմբի ուղեկցումը։ Նախորդ դատական նիստին նա էլ իր հերթին էր հայտարարել, թե ուղեկցողի խնդիր կար, մարդիկ հրաժարվում էին։  Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը – Վարդան Ալեքսանյանը եւ Համբարձում Փարամազյանը (մյուս ուղեկցողն է,–հեղ․) դատարանում ասել են, որ Դուք ներկա եք եղել, երբ երեկոյան տեղանքի շուրջ խոսակցություն է եղել։ Նրանք հիշում են Ձեզ,– ընդգծեց մեղադրող Նավասարդյանը։ – Ես իրենց չեմ տեսել,– պնդեց վկա Նուրիջանյանը։ – Ինչպե՞ս կբացատրեք, ինչո՞ւ են նման ցուցմունք տվել։ – Արդարանում են երեւի։ – Ինչի՞ց։ – Մեղադրանքից պրծնելու համար․․․ Չգիտեմ․․․ Ես չկամ տենց բաների մեջ․․․ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել, իրենց չեմ հիշում։  Ըստ Նուրիջանյանի՝ լուսադեմին արթնացել է, գյուղապետի մեքենայից լիցքավորել իր «Միցուբիշի» մակնիշի մեքենան եւ ճանապարհ ընկել։ Առջեւից գնացել է ինքը, ապա՝ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը վիլիսով, որից հետո՝ զինծառայողների 3 ավտոբուսները։ Իր կողքին նստել է Փնջոյան ազգանունով մի սպա, որն էլ, ըստ վկայի, ասել է, թե Զանգելան են գնում, ոչ թե Կիրի հանք․ «Փնջոյանին հարցրի՝ ո՞ւր ենք գնում, ասաց՝ Զանգելան, ասացի՝ բա Զանգելանը գրավել են, ասաց՝ գիշերը մերոնք երկու կողմերից մտել են, մենք էլ մեջտեղով գնում ենք, սանրելով դուրս գանք․․․  Նույնիսկ հանքով անցնելիս ինձ հարց տվեց՝ սա հա՞նքն է, ասացի՝ այո, բայց էդտեղ էլ ոչ մի բան չխոսեց, ոչինչ չզեկուցեց»,– նշեց վկան՝ հավելելով, որ ինքն էլ այլ հարցեր չի տվել՝ ակնկալելով, որ երբ հասնեն սահմանված վայրը, իրեն կասեն մեքենան կանգնեցնել։ Դա, սակայն, այդպես էլ տեղի չի ունեցել։  – Փնջոյանը քեզ խաբե՞լ է,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Ռուդիկ Ալեքսանյանը (նրա հարցաքննությունը՝ այստեղ)։ – Դե, փաստորեն,– ասաց վկան՝ հետագայում հավելելով, որ վերջում իր մոտ տպավորություն է եղել, թե նա էլ չի իմացել։ – Վարդան Ալեքսանյանը ասում էր՝ քեզ ասել է, որ մինչեւ հանք պիտի գնաս։ – Սուտ է ասում, ինձ նման բան չի ասել,–պնդեց վկան։ Ըստ նրա՝ նույնիսկ ոստիկանական հենակետում են կանգել, ճանապարհից իրենց մեքենան նստած ոստիկանին այնտեղ իջեցրել, սակայն դարձյալ ոչ ոք չի հուշել, որ դա է հենց այն վայրը, որտեղ պիտի կայանեին։ Ուշագրավ է, որ նախորդ նիստին վկա Վարդան Ալեքսանյանը ասել էր, թե դեպքի նախորդ օրը այցելել է ոստիկանական այդ հենակետ՝ ոստիկաններին տեղյակ պահելու, որ հաջորդ օրը զորք է գալու այդտեղ՝ օպերացիայի։ Արման Նուրիջանյանի պնդմամբ՝ կրակելու հրաման այդպես էլ չի տրվել Վկա Արման Նուրիջանյանը պատմեց, որ երբ Զանգելանին 200 մետր էր մնացել, եւ դպրոցի տանիքը (որտեղ էլ, ըստ յութուբում հրապարակված տեսանյութի, տեղադրվել էր ադրբեջանական դրոշը) արդեն տեսանելի էր, ինքնակամ կանգնեցրել է մեքենան․ «Հարցրել եմ՝ կոնկրետ որտե՞ղ ենք գնում, կոնկրետ տեղ ասեք, տանեմ, ուզում էի հասկանալ՝ կարճ ճանապարհով գնամ թե երկարով, Փնջոյանն ասել է՝ մի րոպե սպասիր»։ Տուժողի իրավահաջորդ Հայկ Եղիազարյանը հարցրեց՝ երբ վկան նկատել է տանիքը, Փնջոյանը չի՞ ասել՝ կանգնի–կանգնի։ Վկան բացասական պատասխան տվեց, ինչը վրդովեցրեց Եղիազարյանին․ Հայկ Եղիազարյանը - Ասում եմ այն, ինչ դու ասել ես 2020 թ․ դեկտեմբերին։ Որ ձայնագրությունը տամ, լսես, ի՞նչ ես անելու,- բղավեց նա։  - Եթե նման բան եմ ասել, ներողություն կխնդրեմ։ Ավելի ուշ վկան պատմեց, որ Փնջոյանը իջել է, մոտեցել Աբգարյանի վիլիսին, հարցրել՝ ո՞ւր ենք գնում, արդեն տանիքն երեւում է, Աբգարյանն էլ ասել է՝ գի՞ժ եք, էս ո՞ւր եք եկել․ «Աբգարյանն ասաց՝ շատ եք եկել, պտտվեք, հետ ենք գնում, ես պտտվեցի, էլի կանգնեցի․․․ Այդ ընթացքում, երբ կանգնած էինք, զորքի մի մասը ավտոբուսներից իջավ, 2 զինվոր նկատեց, որ դիմացի թմբի վրա 2 հոգի երեւում են, տղերքից մեկն ասաց՝ կարողա՞ զասադ է, ու այդ ժամանակ սկսեցին գնդացիրի լուսային փամփուշտներվ մեզ վրա կրակել, Աբգարյանն ասաց՝ եկեք թմբի տակ․․․ Ես դեռ չէի հասկացել՝ ինչ է կատարվում, թիկունքը պետը իմ աչքի առաջ զոհվեց․․․ Հրաձիգով սկսեցի կրակել գնդացիրի վրա, նա լռեց, հետո սկսեցին սնարյադով կրակել․․․ Բոլորը խուճապահար փախչում էին, Աբգարյանը ասաց՝ բոլորդ եկեք թմբի տակ, ինքն էլ մտավ թմբի տակ, բայց արդեն սաղ ցրվել էին, որովհետեւ ավտոբուսների վրա ԷԼ էին կրակում»։ – Զինծառայողները պատասխանո՞ւմ էին այդ կրակոցներին։ – Ոչ ոք չի կրակել ինձնից բացի։ –  Ինչո՞ւ։ – Չգիտեմ, չեմ կարող ասել։ – Գուցե Դուք նշա՞ն եք տվել հակառակորդին, որ զորքին հասցրել եք այդտեղ, ու փախել եք,– վրդովվեց տուժողի իրավահաջորդներից Սեդա Հովհաննիսյանը։ – Իրենք ինձնից շուտ զորքին տեսել էին։ – Բա ինչի՞ չէին խփում։ – Չգիտեմ, բայց մենք այնքան բաց տարածքով ենք անցել, կարող էին նույնիսկ չթողնել, որ հասնենք այդտեղ, ուղղակի երեւի չեն պատկերացրել, որ ավտոբուսներից կիջեն։ – Բա ո՞վ հրաման տվեց, որ իջնեն։ – Ի՞նձ եք հարցնում, ես ընդամենը ուղեկցող եմ։ – Ե՞րբ սկսեցիք կրակել։ – Երբ դիմացս մարդ զոհվեց, այդ ժամանակ հասկացա, որ թուրքն է։ – Իսկ կրակոց տալու հրաման չեղա՞վ։ – Չգիտեմ, չեմ լսել տենց հրաման, ես ինքնակամ եմ կրակել․․․ Հետո վարորդներից մեկը ուսից բեկորային վիրավորում ստացավ, ինձ խնդրեց մեքենան հանեմ, որ դուրս գա, ասաց՝ չեմ կարողանում, չեմ դիմանում, ես էլ քշել եմ, դուրս եկել։ – Առաջինը Դո՞ւք եք դուրս եկել։ – Այո, ես ու երկու ավտոբուսի վարորդները։ – Բա ինչո՞ւ զինծառայող չվերցրիք Ձեզ հետ։ – Ես չէի պատկերացնում, որ պիտի քշեի, գնայի․․․ Մտածեցի՝ զորքը կլցվի ավտոբուսները։ – Որեւէ մեկը բարձրաձայնե՞ց՝ մոտեցեք ավտոբուսներին։ – Ոչ, ես չեմ լսել նման բան։ – Դրանից առաջ Աբգարյանը ասել էր՝ հետ ենք գնում, չէ՞։ Այսինքն՝ Դուք պետք է անձնակազմին հետ տեղափոխեինք։ Ինչո՞ւ եք նրանց թողել եւ դուրս եկել,- հարցրեց մեղադրող դատախազ Դավիթ Նավասարդյանը։ – Որտե՞ղ եմ թողել․․․Մարտ են վարում, կրակում են, փամփուշտներս վերջացել էին, պետք է մնայի այնտեղ, ի՞նչ անեի, զոհվեի՞,- պատասխանեց վկան։ Վկայի տեղեկություններով՝ օգնության մեկնած զորքը, տեղ չհասնելով, հետ է եկել Արման Նուրիջանյանը պատմեց, որ վերադարձել է զորամաս, իր հրամանատար Մանուչարյանին պատմել կատարվածի մասին․ «Ասել եմ՝ էս ո՞ւր եք ինձ ուղարկել, ինքն էլ ասել է՝ ես էլ տեղյակ չեմ եղել։ Զարմացած էր, որ ընկել ենք շրջափակման մեջ, որ մեր գնացած տեղում թուրք է եղել»։ Վկայի տեղեկություններով՝ իր գալուց հետո ավտոբուսներ են մեկնել՝ շրջափակման մեջ մնացած զորքին օգնության, սակայն մինչեւ վերջ չգնալով՝ հետ են եկել։ Վկա Արման Նուրիջանյանը – Երբ փրկվեցիք, որեւէ մեկին հարցեր ուղղեցի՞ք։ Ի վերջո, Դուք պետք է ուղեկցում իրականացնեիք, Ձեր կողքին նստել էր շարասյան զինվորական, Ձեր ցուցմունքում նշել եք, որ ճանապարհի ընթացքում շարժը ոչ մեկը չի համակարգել, եւ ամենասարսափելին՝ որեւէ մեկը չի իմացել ուր գնալ, որտեղ կանգնել,- ասաց մեղադրող Արշակ Մարտիրոսյանը։ – Իմ հրամանատարին եմ հարցրել։ – Լա՞վ եք հիշում, Կապանի զորամասում որեւէ մեկին հանդիպե՞լ եք։ – Հիշեցի՝ ինչ նկատի ունեք,- կարճատեւ լռությունից հետո ասաց վկան։ – Կհիշես–կհիշես, շատ բան կհիշես,– լսվեց Հայկ Եղիազարյանի ձայնը։ Նիստերի դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց։ Ավելի ուշ վկան պատմեց, որ դեպքից 2-3 օր անց կատարվածի համար զորամասում իրեն են մեղադրել, դավաճան անվանել․ «Մի տարեց մարդ էր, ասաց՝ դու էն դավաճանը չե՞ս, որ մեզ տարավ Զանգելան, բա ասում էին՝  ԱԱԾ–ն քեզ խփել է, գնացինք հրամանատարի մոտ, ասացի՝ ի՞նչ դավաճան, էդ ի՞նձ եք ասում, ասաց՝ մի քիչ կամաց խոսիր, պատուհանները փակեք․․․ Ես նույնիսկ տունս ցույց տվի, հասցեն ասացի, ասացի՝ թե հարց լինի, ես այ էն տանն են, տեղ չունեմ փախչելու․․․ Էդտեղ հասկացան, որ ես կապ չունեմ․․․  Բախտս բերել է, սաղ եմ մնացել, նույն հաջողությամբ կարող էի ես էլ զոհվել։ Էդ ժամանակ իրենց ձեռք կտար երեւի»,– նեղսրտած ասաց Արման Նուրիջանյանը։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 3-ին։   Միլենա Խաչիկյան
13:42 - 27 օգոստոսի, 2024
Անհետացած անշարժ գույք, եկամուտներով չհիմնավորված ծախս․ ինչ են պատմում Գյումրիի համայնքապետի հայտարարագրերը

Անհետացած անշարժ գույք, եկամուտներով չհիմնավորված ծախս․ ինչ են պատմում Գյումրիի համայնքապետի հայտարարագրերը

«Ինֆոքոմը» շարունակում է ուսումնասիրել համայնքային պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը։ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի բոլոր տարեկան հայտարարագրերում ներկայացված տվյալները խնդրահարույց են։   Եկամուտները գերազանցող վարկի մարում Վարդգես Սամսոնյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում նշել է, որ պաշտոնի ստանձման օրվա՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ ունեցել է ավելի քան 5 մլն դրամ վարկի մայր գումարի մնացորդ։ Նույն թվականի տարեկան հայտարարագրում՝ տարեվերջի դրությամբ, որպես վարկի մայր գումարի մնացորդ նշել է շուրջ 2․1 մլն դրամ։ Այսինքն՝ 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Սամսոնյանը շուրջ 3 մլն դրամ ուղղել է վարկի մարման վճարումներին։ 2021 թվականին Սամսոնյանի տարեկան եկամուտները կազմել են շուրջ 2․9 մլն դրամ, իսկ բուն պաշտոնի ստանձնումից մինչև տարեվերջ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստացած եկամուտները կազմել են շուրջ 500 հազար դրամ։ 2021 թվականի ընթացքում չեն նվազել նաև Սամսոնյանի դրամական միջոցների մնացորդները։ Ստացվում է, որ Սամսոնյանի՝ վարկի մարմանն ուղղված 3 մլն դրամից 2.5 մլն դրամի աղբյուրն անհայտ է։ Չհայտարարագրված վարկ և անհետացող անշարժ գույքեր Ըստ Սամսոնյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ տարեվերջի դրությամբ վարկերի մայր գումարի մնացորդները կազմել են շուրջ 2․1 մլն դրամ, իսկ ըստ 2022 թվականի հայտարարագրի՝ այդ տարվա վերջին՝ 33 մլն դրամ։ Ստացվում է, որ 2022 թվականին Սամսոնյանն ավելի քան 30 մլն դրամի նոր վարկեր է վերցրել։ 2022 թվականի հայտարարագրի եկամուտների բաժնում, սակայն, ստացած վարկերի գումարները հայտարարագրված չեն։ Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր Սրանք Սամսոնյանի հայտարարագրերում առկա միակ անճշտությունները չեն։ 2021 թվականի տարեսկզբի և տարեվերջի դրությամբ Սամսոնյանը հայտարարագրել է 11 անշարժ գույք։ Պաշտոնի ստանձման հայտարարագրում՝ նույն տարվա նոյեմբերի 4-ի դրությամբ, սակայն, հայտարարագրված է 3 անշարժ գույք։ Սա այն դեպքում, որ 2021 թվականի ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներ հայտարարագրված չեն։ Անշարժ գույքի անճշտությունները շարունակվում են հաջորդ տարիներին։ 2022 թվականի սկզբին Սամսոնյանը հայտարարագրել է 11 անշարժ գույք։ Տարվա ընթացքում 48 % բաժնային սեփականությամբ գնել է բնակարան և օտարել ¼ բաժնային սեփականությամբ իրեն պատկանող շինությունը։ Այսինքն՝ տարեվերջին պետք է կրկին հայտարարագրվեր 11 անշարժ գույք, սակայն հայտարարագրվել է 6-ը։ Այդ 5 անշարժ գույքը օտարվել է, թե ոչ, հայտարարագրի ուսումնասիրությամբ պարզել հնարավոր չէ։ 2023 թվականի տարեսկզբին հայտարարագրված 6 անշարժ գույքից տարեվերջում մնում են 4-ը։ Անշարժ գույքի ցանկից դուրս եկած ավտոտնակի և Գյումրիում գտնվող առանձնատան օտարման մասին, սակայն, հայտարարագրում նշումներ չկան։ Սամսոնյանի կինը չի ներկայացրել 2021 և 2022 թվականների հայտարարագրերը Վարգես Սամսոնյանը համատեղ բնակվում է կնոջ և անչափահաս զավակների հետ։ Կինը՝ Աղունիկ Աբգարյանը, որպես պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձ, չի ներկայացրել 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերը։  Աղունիկ Աբգարյանը 2022 թվականից չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, ինչի մասին տեղեկանում ենք Վարդգես Սամսոնյանի հայտարարագրերից։ Թե որ երկրի քաղաքացի է ներկայումս համայնքապետի կինը, անհայտ է։ Նշված բոլոր անհամապատասխանությունների վերաբերյալ համայնքապետի և կնոջ արձագանքները ստանալու համար գրություն էինք ուղարկել Վարդգես Սամսոնյանին, որը, սակայն, անպատասխան է մնացել։   Հեղինակ՝ Լիլիթ Գրիգորյան
20:54 - 22 օգոստոսի, 2024
Պատմություն այն մասին, թե ինչպես են նույն ընտանիքի անդամները «մրցակցում» պետական գնումներում

Պատմություն այն մասին, թե ինչպես են նույն ընտանիքի անդամները «մրցակցում» պետական գնումներում

«Ինֆոքոմը» այս անգամ հայտնաբերել է Գրիգորյան ընտանիքին պատկանող մի քանի ընկերություններ, որոնք, օրենքի խախտմամբ, մասնակցում են պետական գնումների նույն ընթացակարգին։  «Գնումների մասին» օրենքն արգելում է փոխկապակցված անձանց և միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ` պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և կոնսորցիումով մասնակիցների։ Ավելի վաղ գրել էինք շինարարությամբ զբաղվող Զաքարյանների ընտանիքին պատկանող ընկերությունների մասին, որոնք նույնպես մասնակցել էին տարբեր պետական մրցույթների և, որոշ դեպքերում, հաղթել։    Ահա և օրենքը խախտած երկրորդ ընտանիքի պատմությունը   Մուշական 1/21 հասցեում հաշվառված ընտանիքի 15 անդամներից 6-ը «ՎԱՆԻ», «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ», «ԱՐՀՈՎՇԻՆ», «ՆԱՐ - ԴԱՎ ՇԻՆ», «ԼԻԳՈ - ՇԻՆ» ընկերությունների ներկա կամ նախկին սեփականատերերն են։ Շինարարությամբ և ասֆալտապատմամբ զբաղվող այս ըՆկերությունները համատեղ դիմում են տարբեր գերատեսչությունների հայտարարած մրցույթների նույն ընթացակարգերին։  «Ինֆոքոմը» դիտարկել է նրանց մասնակցած մրցույթներից 38-ը, որտեղ Գրիգորյանների ընկերություններից 2-ը կամ 3-ը համատեղ հայտ են ներկայացրել։ Օրենքի խախտմամբ մասնակցած 38 մրցույթից 15-ը այս ընտանիքին պատկանող ընկերությունները շահել են։    «ԱՐՀՈՎՇԻՆ», «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ», «ՎԱՆԻ»    ՀՀ քաղաքաշինության կոմիտեի՝ Գեղարքունիքի մարզի Աղբերք և Շատջրեք գյուղերի, Արմավիրի մարզի Արգինա և Ջիլի գյուղերի միջնակարգ դպրոցների տիպային (մոդուլային) շենքերի կառուցման աշխատանքների իրականացման մրցույթ (ծածկագիր՝ ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/5)։    Այս մրցույթին դիմել են Գրիգորյաններին պատկանող 3 ընկերություն՝ «ԱՐՀՈՎՇԻՆ», «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» և «ՎԱՆԻ» ՍՊԸ-ները։ Մրցույթին մասնակցելու պահին ընկերությունների 100% սեփականատերերն են եղել համապատասխանաբար Միքայել Գրիգորյանը, Գևորգ Գրիգորյանը և Ղազար Գրիգորյանը։ Ղազար Գրիգորյանը Գևորգի հորեղբայրն է, իսկ Միքայելը՝ Ղազարի հորեղբոր որդին։  Հայտարարաված այս մրցույթը 3 չափաբաժնով է եղել. ընկերություններն իրար հետ դիմել են բոլոր չափաբաժիններին։ Մրցույթում «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերության հայտերը մերժվել են՝ նախահաշվային գնից բարձր գին ներկայացնելու և բանակցությունների ընթացքում նոր գին չառաջարկելու հիմքով։ Իսկ «ՎԱՆԻ» ՍՊԸ-ի հայտը մերժվել է միայն առաջին չափաբաժնի համար, քանի որ սխալ էր գրել գինը՝ և թվերով, և տառերով։ Մյուս երկու չափաբաժիններում ընկերությունը սխալներ չի արել։  «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերությունը, որպես ամենացածր գին ներկայացրած մասնակից, հաղթող է ճանաչվել առաջին չափաբաժնի համար։  Այս 3 ընկերություները միասին դիմել են նաև Քաղաքաշինության կոմիտեի հայտարարած մեկ այլ մրցույթի, սակայն չեն հաղթել։    «ՎԱՆԻ», «ԱՐՀՈՎՇԻՆ»   Հայաստանի տարածքային հիմնադրամի՝ Շիրակի մարզի «Ցողամարգի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դռների և պատուհանների փոխարինման և Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տանիքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/6/7/1)։   Այս մրցույթին դիմել են «ԱՐՀՈՎՇԻՆ» և «ՎԱՆԻ» ընկերությունները։ Մրցույթին մասնակցելու պահին ընկերության 100% բաժնետեր են եղել Արամայիս Գրիգորյանը և Ղազար Գրիգորյանը։ Ղազարը Արամայիսի հորեղբայրն է։  Ընկերությունները մրցույթի երկու չափաբաժիններինն էլ դիմել են։ «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերությունը առաջին չափաբաժնի համար, որպես ամենացածր գնառաջարկ ներկայացրած մասնակից, հաղթել է։  Այս ընկերությունները համատեղ դիմել են ընդհանուր 20 մրցույթի, որից 8-ում ընկերություններից որևէ մեկը հաղթել է։ «ԱՐՀՈՎՇԻՆ», «ԼԻԳՈ - ՇԻՆ»   Երևանի քաղաքաքապետարանի՝ Երևան քաղաքում փողոցների մայթերի վերանորոգման (սալիկապատման) աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ԵՔ-ԳՀԱՇՁԲ-19/77)։    Մասնակցել են «ԼԻԳՈ - ՇԻՆ» և «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերությունները։ Մրցույթին մասնակցելու պահին «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերության սեփականատերն է եղել Արամայիս Գրիգորյանը, իսկ «ԼԻԳՈ - ՇԻՆ» ընկերության սեփականատերը՝ Լիլիա Գրիգորյանը։ Լիլիայի և Արամայիսի պապերը եղբայրներ են, նրանք հաշվառված են նույն հասցեում։   «ԱՐՀՈՎՇԻՆ», «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ»    Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Արարատի մարզի Մխչյան, Արալեզ, Փոքր Վեդի, Մասիս և Նոր Կյանք համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ՋԲՄ-ԱՇՁԲ-2022/2/1/2/3/4/5)    «ԱՐՀՈՎՇԻՆ» և «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերությունների սեփականատերերը մրցույթին դիմելու պահի դրությամբ եղել են Միքայել և Գևորգ Գևորգյանները։ Միքայելի հորեղբայրը Գևորգի պապն է։ Նրանք հաշվառված են նույն հասցեում։ Ընկերությունները հայտ են ներկայացրել բոլոր 5 չափաբաժինների համար, որից միայն մեկի դեպքում է «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերության հայտը բավարարել պայմանններին և, որպես նվազագույն գին ներկայացրած մասնակից, ընկերությունը հաղթել է։  Մյուս բոլոր չափաբաժինների դեպքում ընկերությունները կամ նախահաշվային գնից բարձր գին են ներկայացրել, կամ էլ ներկայացրած տեղեկությունները չեն համապատասխանել պահանջին։  Այս ընկերությունները համատեղ դիմել են ընդհանուր 7 մրցույթի, որից 1-ում «ԱՐՀՈՎՇԻՆԸ» հաղթել է։ «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ», «ՆԱՐ - ԴԱՎ ՇԻՆ»    Քաղաքաշինության կոմիտեի՝ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի մսուր մանկապարտեզի կառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-20/2)։ Դիմել են «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» և «ՆԱՐ - ԴԱՎ ՇԻՆ» ընկերությունները։  «ՆԱՐ - ԴԱՎ ՇԻՆ» ընկերության սեփականատերը Վանի Գրիգորյանն է, որը «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերության սեփականատեր Գևորգ Գրիգորյանի հորեղբոր որդին է։ Մրցույթում հաղթող մասնակից է ընտրվել «ՆԱՐ - ԴԱՎ ՇԻՆ» ընկերությունը։  «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ», «ՎԱՆԻ»    ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի՝ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի մսուր մանկապարտեզի կառուցման աշխատանքների իրականացման համար մրցույթ (ծածկագիր՝ ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/2)։  Մասնակցել են «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» և «ՎԱՆԻ» ընկերությունները։ «ՎԱՆԻ» ընկերության սեփականատեր Ղազար Գրիգորյանը «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերության սեփականատեր Գևորգ Գրիգորյանի հորեղբայրն է։ «ՎԱՆԻ» ընկերությունը հայտարարված մրցույթում հաղթել է։  «ԱՐՀՈՎՇԻՆ», «ՄԵԴԻՍՈՆ ԷՅԲԼ»   Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Արարատի մարզի Ուրցաձոր և Արարատ համայնքների խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ՋՀԲՄ-ԱՇՁԲ-2022/7)։    Մրցույթի երկրորդ չափաբաժնի համար դիմել են «Մեդիսոն էյբլ» և «Արհովշին» ընկերությունները։ Հաղթել է «Մեդիսոն էյբլը»՝ որպես ամենացածր գնառաջարկ ներկայացրած ընկերություն։  «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերության սեփականատեր Միքայել Գրիգորյանը «ԷՍԷՆԴ» ընկերության 66% բաժնետերն է։ Ընկերության մյուս մասնաբաժինները պատկանում են Էդգար Աբրահամյանին։ Էդգար Աբրահամյանին է պատկանում նաև «ՄԵԴԻՍՈՆ ԷՅԲԼ» ընկերությունը։  «ՄԵԴԻՍՈՆ ԷՅԲԼ» և «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերությունները համատեղ դիմում են տարբեր գերատեսչությունների գնումների։ Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման համաձայն՝ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն ծավալող մարդիկ համարվում են փոխկապակցված անձինք, իսկ գնման ընթացակարգի միաժամանակյա մասնակցությունն արգելվում է։  Միքայել Գրիգորյանի՝ «ԷՍԷՆԴ» ընկերության բաժնետերը դառնալուց հետո «ՄԵԴԻՍՈՆ ԷՅԲԼ» և «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ները համատեղ հայտ են ներկայացրել 5 մրցույթի, հաղթել՝ 1-ում։  «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերությունը 2018-2020 թականներին եղել է գնումների սև ցուցակում, սակայն Առաջին ատյանի ընհանուր իրավասության դատարանի որոշմամբ դուրս է եկել ցուցակից և շարունակել մասնակցել պետական գնումներին։  Սև ցուցակում է հայտնվել նաև «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերությունը 2019 թվականի հուլիսին՝ 2 տարի ժամկետով։ Ընկերությունը խախտել էր «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը, ըստ որի՝ մասնակիցը ընկնում է գնումների մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկ, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը։  2020 թվականի ապրիլին «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերությունը Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի վճռով հանվել է ցուցակից։  Մենք ընկերությունների հանրային հասանելի հեռախոսահամարներով փորձեցինք կապ հաստատել Գրիգորյաններից որևէ մեկի հետ, սակայն համարները անհասանելի էին կամ զանգերն անպատասխան էին  մնում։    Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան
18:16 - 22 օգոստոսի, 2024
Պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց Նորքի այգին դեռ պատրաստ չէ. քաղաքապետարանը որոշել է տուգանել կառուցապատողին

Պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց Նորքի այգին դեռ պատրաստ չէ. քաղաքապետարանը որոշել է տուգանել կառուցապատողին

Մեկ տարի առաջ Տիգրան Ավինյանը, որն այն ժամանակ դեռ Երևանի փոխքաղաքապետն էր,  կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվող այգու մասին։  «Այս այգու ամենահետաքրքիր մասն այն է, որ կասկադի կառուցում է լինելու՝ թամանյանական նախագծի մոտիվներով, մոտավորապես 1,4 հա տարածք կանաչապատվելու է»,- մանրամասնեց Ավինյանը։  Այգու կառուցման և կանաչապատման աշխատանքների պայմանագիրը կնքվել է «Էլդոգար» ընկերության հետ սեպտեմբերի 11-ին, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնում է Վահրամ Կնյազյան Ա/Ձ-ն, որի հետ պայմանագիր է կնքվել նոյեմբերի 1-ին։  Ըստ կապալառուի պայմանագրի 2-րդ հավելվածի՝ պայմանագրով սահմանված աշխատանքները պետք է սկսեին շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի ուժի մեջ մտնելու օրվանից։ Նոյեմբերի 1-ից սկսված աշխատանքները, ըստ կառուցապատողի հետ կնքված պայմանագրի 2-րդ հավելվածի, պետք է ավարտվեին 240 օրացուցային օրվա ընթացքում, այսինքն՝ 2024 թվականի հունիսի 28-ին։  Հունիսի 28-ից ավելի քան 1 ամիս է անցել, բայց այգու տարածքում շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել։  2024 թվականի ապրիլի 1-ի՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը նշեց, որ պայմանագրով սահմանված աշխատանքների 55 %-ը արված է։ Քաղաքապետի հարցին, թե ինչ ժամկետներում են նախատեսում ավարտել այս աշխատանքները, Գեղամյանը պատասխանեց, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով սահմանված ժամկետներում։  «Կանխատեսում ենք, որ ժամկետում կավարտվի շինարարությունը, մեծ թափով ընթանում է»,- վստահեցրեց Գեղամյանը։ Շների զբոսանքի համար նախատեսված հատված, 13.08.2024 Կասկադը վերևից, 13.08.2024 Դեպի եկեղեցի բարձրացող աստիճանները, 13.08.2024 Այգու տարածքը վերևից, 13.08.2024 Ճեմուղի, 13.08.2024 Քաղաքապետարանից հայտնում են, որ պայմանագրով սահմանված ժամկետների երկարաձգման համաձայնագիր չի ստորագրվել, սակայն ժամկետներն ուշացնելու համար տուգանքներ են կիրառվում։ Տուգանքի հստակ չափը, ըստ քաղաքապետարանի, հայտնի կդառնա աշխատանքների ավարտից հետո։  «Կապալառու ընկերությունից պայմանագրով սահմանված 6.2 կետի համաձայն՝ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ՝ կատարման ենթակա, սակայն չկատարված աշխատանքի գնի 0.05 տոկոսի չափով»,- նշված է քաղաքապետարանից մեզ տրամադրած պատասխանում:  Պայմանագրի ժամկետի ավարտի դրությամբ հունիսի 10-ին ներկայացրած կատարողականով կատարված աշխատանքի չափը կազմել է 340 մլն 700 հազար դրամ։ Աշխատանքների ավարտից հետո պայմանագրի ընհանուր գնից կհանվի ժամկետի լրանալու պահին չկատարված աշխատանքի գումարը, կբազմապատկվի 0,05 տոկոսով և ուշացրած օրերի քանակով։ Այդպես էլ կկազմվի տուգանքի չափը։  37-րդ աշխատանքային օրն է՝ այգին պատրաստ չէ։ Օգոստոսի 21-ի դրությամբ տուգանքի չափը կազմում է 3 մլն 300 հազար դրամ։  Այգու կառուցման և կանաչապատման աշխատանքների ավարտի մասին էլ քաղաքապետարանը հստակ պատասխան չունի. «Ներկայումս ընթանում են աշխատանքներ այգու բարեկարգումը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտելու ուղղությամբ»,- պատասխանել են քաղաքապետարանից։  Այգու տարածքում աշխատող շինարարաներն էլ ենթադրում են՝ մեկ-երկու ամսից նոր կավարտեն։    Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան
15:56 - 21 օգոստոսի, 2024
Փոխքաղաքապետի կնոջ՝  հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող ծախսը

Փոխքաղաքապետի կնոջ՝ հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող ծախսը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, 2023 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ  5.4 մլն դրամով վաճառել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա, որը, սակայն, ըստ նախկինում ներկայացրած հայտարարագրերի, չի ունեցել։  «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հայտարարագրված չի եղել ինչպես 2023 թվականի, այնպես էլ նախորդ տարիների հայտարարագրերում։ 2018 թվականին Սոսէ Բաղդասարյանը չի ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։ 2023 թվականի ընթացքում Սոսէ Բաղդասրայանը 10.6 մլն դրամով գնել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա այն դեպքում, երբ վերջինիս տարեկան հայտարարագրած եկամուտները կազմել են 4.3 մլն դրամ։ Եթե հաշվենք նաև հայտարարագրերում բացակայող, բայց օտարված ավտոմեքենայի իրացումից ստացված եկամուտը, ապա ընդհանուր եկամուտը կկազմի առավելագույնը 9.8 միլիոն դրամ։ Տարվա ընթացքում չեն նվազել նաև Սոսէ Բաղդասրայանի ունեցած դրամական միջոցները։ Այսինքն՝ վերջինիս՝ ավտոմեքենայի համար ծախսած ավելի քան 800 հազար դրամի ծագման աղբյուրն անհայտ է։  Եթե նույնիսկ Արմեն Փամբուխչյանի և նրա կնոջ հայտարարագրած միջոցները դիտարկենք մեկ ընդհանուր տնտեսության տրամաբանությամբ, ապա նրանց իրականացրած ծախսերից առնվազն 873 հազար 403 դրամի աղբյուրը չի արտացոլվում 2023 թվականի տարեկան հայտարարագրերում։ Ավելին, ստացվում է, որ Արմեն Փամբուխչյանի ընտանիքը տարվա ընթացքում որևէ ընթացիկ/առօրյա ծախս չի իրականացրել. օրինակ՝ ձեռք բերված ավտոմեքենայի վառելիքի ծախս կամ սննդի/հագուստի ծախս։   Սոսէ Բաղդասարյանի՝ 2019 թվականին ունեցած գույքն անհետացել է հաջորդ տարվա հայտարարագրից Սոսէ Բաղդասարյանը իր 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ տարեսկզբի և տարեվերջի դրությամբ ունեցել է համատեղ սեփականութամբ ձեռք բերված բնակարան։  2020 թվականին և դրանից հետո ներկայացրած հայտարարագրերում, սակայն, Սոսէ Բաղդասարյանը անշարժ գույք չի հայտարարագրել։ Արդյոք օտարվե՞լ է այդ բնակարանը, եթե այո, ապա ի՞նչ եղանակով։ Այս հարցերի պատասխանը ՍոսԷ Բաղդասարյանի հայտարարագրերում ներկայացված տվյալներից հասկանալ հնարավոր չէ։ Հայտարարագրերի մասին հարցումներ ենք ուղարկել թե՛ Սոսէ Բաղդասարյանին և թե՛ Արմեն Փամբուխչյանին։ Նրանցից ոչ մեկը մեր հարցերին չի պատասխանել։   Սոսէ Բաղդասարյանը վարձատրվում է քաղաքապետարանի, վարչապետի աշխատակազմի, Հանրային հեռուստաընկերության գնումները շահող ընկերությունից Սոսէ Բաղդասարյանի եկամուտները գոյանում են Հանրային հեռուստաընկերությանը և «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին մատուցած ծառայություններից։ 2022 և 2023 թվականներին Բաղդասարյանը ընդհանուր առմամբ 885 հազար դրամի վարձատրություն է ստացել «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունից, 9,5 մլն դրամ էլ՝ Հանրային հեռուստաընկերությունից։  Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր 2018 թվականի մայիսին հիմնադրված այս ընկերությունը անվանափոխվել է 2022 թվականին, փոխվել են նաև բաժնետերերը և տնօրենը։ Ընկերության բաժնետերերից մեկը Վազգեն Պողոսյանն է, իսկ մյուսը՝ նրա կինը՝ Մարինե Ստեփանյանը։ «Բեգրաունդ Փրոդաքշնը» 2019 թվականից միլիարդավոր դրամների հասնող գնումների պայմանագրեր է կնքում Վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, Հանրային հեռուստաընկերության, ԿԳՄՍ նախարարության և Ֆինանսների նախարարության հետ։ Կնքված պայմանագրերի մեծ մասը «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով են։  Այս ընկերությունն է կազմակերպել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության, ՎԶԵԲ կառավարիչների տարեկան խորհրդի հանդիպման արարողությունները, սպորտային, մշակութային և մի շարք այլ միջոցառումներ։  Ըստ էլեկտրոնային գնումների համակարգի՝ ընկերությունը գերատեսչությունների հետ կնքել է 12 պայմանագիր, որոնցից 10-ը՝ «մեկ անձ» գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 4 մլրդ դրամ։  Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան
18:24 - 19 օգոստոսի, 2024
Չպարզաբանված 100 հազար դոլարի նվիրատվությունը, ԿԿՀ համակարգի անկատարությունն ու Գարիկ Սարգսյանի արձագանքը

Չպարզաբանված 100 հազար դոլարի նվիրատվությունը, ԿԿՀ համակարգի անկատարությունն ու Գարիկ Սարգսյանի արձագանքը

Երկու շաբաթ առաջ «Ինֆոքոմն» ուսումնասիրել էր Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի հայտարարագրերում ներկայացված տվյալները ու պարզել, որ վերջինս 2023 թվականին ստացել է 10 միլիոն դրամ (մոտ 26 հազար դոլար) նվիրատվություն իր հորից ու 43 մլն դրամ (100 հազար դոլարից ավելի)՝ իր ազգականից։ Ավելին, Գարիկ Սարգսյանի հոր՝ Մնացական Սարգսյանի հայտարարագրում ներկայացված տվյալների վերլուծությամբ պարզել էինք, որ նվիրաբերված գումարից 9 միլիոն դրամի ծագումն անհայտ է և արտացոլված չէ հայտարարագրում: Հայտարարագրերում արձանագրված այս խնդիրների վերաբերյալ Գարիկ Սարգսյանի արձագանքը ստանալու համար՝ հուլիսի 26-ից փորձում էինք կապ հաստատել վերջինիս հետ, սակայն ապարդյուն։ Արդեն հուլիսի 29-ին Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն առաջարկեց գրավոր ուղարկել հարցերը։ Հուլիսի 29-ի կեսօրին գրություն ուղարկեցինք՝ խնդրելով արձագանքել մինչև հուլիսի 30-ը՝ աշխատանքային օրվա ավարտը։ Մինչև հուլիսի 31-ը չստանալով արձագանք՝ հրապարակեցինք «Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն» հոդվածը։ Գարիկ Սարգսյանի արձագանքը ստացանք հրապարակումից 1 օր անց՝ օգոստոսի 1-ին։   Ի՞նչ նպատակով է ստացվել ավելի քան 100 հազար դոլարի նվիրատվությունը Գարիկ Սարգսյանին հարցրել էինք՝ արդյո՞ք ազգակցական կապ ունի 43 միլիոն դրամ նվիրատվություն կատարած Արմեն Եղյայանի հետ, և թե ի՞նչ նպատակով է վերջինս այդքան նվիրատվություն արել։ Համայնքապետը պատասխանել է. «Գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ, թե ինչ նպատակով է կատարվել 43 մլն դրամի նվիրատվությունը, նշեմ, որ նվիրատվությունը, ի տարբերություն նվիրաբերության, չի կատարվում որոշակի նպատակներով, բայց, այնուամենայնիվ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հորաքրոջս տղայի կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 43 մլն դրամ և 18.12.2023թ. կնքված նվիրատվության պայմանագրով հորս կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 10 մլն դրամ գումարով ձեռք եմ բերել հասարակական նշանակության թվով 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը»,- նշված է Սարգսյանի պատասխանում։ Այսպիսով, Գարիկ Սարգսյանն այդպես էլ չի հստակեցնում, թե ինչով է պայմանավորված պաշտոնյայի ստացած՝ ավելի քան 100 հազար դոլարի նվիրատվությունը։  Գարիկ Սարգսյանը միակ պետական պաշտոնյան չէ, որը խոշոր չափի նվիրատվություններ է ստացել։ Այդ նվիրատվությունների թափանցիկության, դրանց աղբյուրների հետագծելիության ապահովման մեխանիզմներ, սակայն, չկան։ Արդյո՞ք պաշտոնատար անձի՝ խոշոր դրամական նվերներ ստանալը կապ ունի իր պաշտոնեական գործունեության հետ, արդյո՞ք այդ անձը նմանատիպ խոշոր նվիրատվություններ ստացել է մինչև պաշտոնյա դառնալը, նվիրատվությունը ստացվել է կանխի՞կ, թե՞ անկանխիկ եղանակով, արդյո՞ք նվիրատվությունը հիմնավորվում է նվիրատուի օրինական եկամուտներով։ Սրանք ողջամիտ հարցեր են, որոնք կարող են ծագել այն հարկատուների մոտ, որոնց հարկերից վճարվում է պաշտոնատար անձը։ Այս հարցերի պատասխանները կարող է ստանալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով), որը, օրենքով սահմանված կարգով կարող է պարզաբանումներ հայցել պաշտոնատար անձից, ինչպես նաև իրավիճակային հայտարարագիր պահանջել նվիրատուից։    Որտեղից են գոյացել համայնքապետի հոր՝ 9 միլիոն դրամի միջոցները Գարիկ Սարգսյանին նաև հարցրել էինք, թե որտեղից են գոյացել իր հոր՝ Մնացական Սարգսյանի՝ 9 միլիոն դրամի միջոցները և ինչու դրանք արտացոլված չեն հայտարարագրում։ Վերջինս իր պատասխանում նշել է, որ ընդհանուր 13 մլն դրամի ծագման աղբյուրը արտացոլված է Մնացական Սարգսյանի դեռևս 2021թ. տարեկան հայտարարագրում՝ որպես Արարատի մարզում գտնվող երկու անշարժ գույքերի վաճառքից ստացված դրամական միջոց, որից 10 մլն դրամը 2022թ. ավանդ է դրվել բանկում և նույն տարում հանվել, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը արտացոլված է վերջինիս 2022թ․ տարեկան հայտարարագրում։ 2021 թվականի տարեկան հայտարարագրում իսկապես երևում է, որ Մնացական Սարգսյանը վաճառել է 2 հողամաս, բայց ի՞նչ արժեքով է վաճառել այդ հողամասերը՝ «Օտարված անշարժ գույքի գինը և արժեքը» դաշտում չենք տեսնում։ Հայտարարագրի եկամուտների բաժնում ևս արտացոլված չէ հողամասերի վաճառքից ստացված եկամուտը։  Ինֆոքոմը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ իմանալու, թե արդյոք Մնացական Սարգսյանը հայտարարագրում ներկայացրել է անշարժ գույքերի օտարման գնի և դրանից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները, և հնարավո՞ր է, որ այս տվյալները ներկայացված լինեն հայտարարագրերում, սակայն արտացոլված չլինեն հայտարարագրի հրապարակային հատվածում։ Հանձնաժողովից պատասխանել են, որ անշարժ գույքերի օտարման արժեքները լրացվել են  «Անշարժ գույք» բաժնում, սակայն դրանք համակարգ չեն տեղափոխվել հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդրի պատճառով։ Միաժամանակ, Հանձնաժողովը նշել է, որ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ «Հաշվետու տարվա եկամուտներ» բաժնում դրանք որպես եկամուտներ հայտարարագրված չեն:  Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի պատասխան մեր հարցերի՝ Վեդու համայնքապետը պարզաբանել է նաև, թե ինչպես է իր հոր՝ 2022 թվականի տարեվերջին հայտարարագրված 1 մլն 200 հազար դրամը 2023-ի տարեսկզբին դարձել 10 մլն 200 հազար դրամ։ «Ինչ վերաբերում է հորս հայտարարագրում 2022 թվականի տարեվերջին առկա 11 200 000 դրամի փոխարեն 1 200 000 դրամի կանխիկ գումարի հիշատակմանը, ապա տեղեկացնում եմ, որ դա ընդամենը տեխնիկական վրիպակի արդյունք է, որն ուղղելու համար դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին դիմում է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչին մինչ այժմ ընթացք չի տրվել»։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցրինք՝ արդյո՞ք ստացել են նման դիմում։ Հանձնաժողովից հայտնել են, որ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումը մուտքագրվել է, սակայն փոփոխություններ կատարելու գործընթացը դեռևս չի իրականացվել՝ պայմանավորված նրանով, որ hամակարգում դեռևս ապահովված չէ 2022 թվականի տարեկան հայտարարագրերում փոփոխություններ կատարելու հնարավորությունը:   Ինչու է անհրաժեշտ հայտարարագիր լրացնելիս հետևել հայտարարատու պաշտոնյաների համար սահմանված ուղեցույցներին Գարիկ Սարգսյանից հարցրել էինք նաև՝ 2023 թվականին հասարակական նշանակության 2 շինությունների ¼ մասնաբաժնի գնման գործարքների վերաբերյալ նշված 36 միլիոն դրամ և 177 միլիոն 700 հազար դրամ գները մասնաբաժնի՞, թե՞ ամբողջ շինության արժեքներն են։ Գարիկ Սարգսյանն այս հարցին ի պատասխան նշել է․  «[․․․] եթե Ձեր կողմից չդրսևորվեր ավելորդ շտապողականություն (հետևաբար նաև չէր տաոածվի չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ), ապա սահմանված ժամկետում կտեղեկացվեիք, որ հորաքրոջս տղայի կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 43 մլն դրամ և հորս կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 10 մլն դրամ գումարով ձեռք եմ բերել հասարակական նշանակության թվով 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը, շուրջ՝ 53 մլն դրամով, իսկ 36 մլն և 177,7 մլն դրամը թվով երկու հասարարական նշանակության շինությունների ընդհանուր արժեքն է, որոնցից ինձ է պատկանում միայն 1/4 բաժնեմասը»։ Սակայն, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարատու պաշտոնյաների համար սահմանված ուղեցույցի, բաժնային սեփականության ձեռքբերման դեպքում «Ձեռք բերված անշարժ գույքի գինը» դաշտում անհրաժեշտ է լրացնել ոչ թե ամբողջ գույքի գինը, այլ միայն այն գումարը, որը վճարվել է մասնաբաժինը ձեռք բերելու համար։  «Համատեղ կամ բաժնային սեփականությամբ հայտարարատուին պատկանող գույքի ձեռքբերման գործարքները գրանցելիս՝ հայտարարատուն «Ձեռքբերման արժեքը» դաշտում նշում է գույքի միայն իրեն պատկանող մասի արժեքը, բացառությամբ ամուսինների համատեղ սեփականության առարկա հանդիսացող գույքի»,- նշված է  ուղեցույցում։ Այնուամենայնիվ, արձագանքի բացակայության պայմաններում, առաջնորդվելով պաշտոնյաների կողմից հայտարարագրերի լրացման ուղեցույցները ոչ պատշաճ ուսումնասիրելու կանխավարկածով, խմբագրությունը հանրությանն է ներկայացրել այս երկու գույքերի ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների հաշվարկման երկու տարբերակ․ եթե հայտարարագրում որպես գույքի գին նշված է միայն Գարիկ Սարգսյանի գնած մասնաբաժնի գինը, ապա այս ծախսը մի քանի անգամ ավելին է, քան նրա հայտարարագրած (օրինական) եկամուտները։ Եթե Գարիկ Սարգսյանը հայտարարագրել է ամբողջ գույքի գինը, ապա ստացած նվիրատվությունների օգնությամբ նա կկարողանար ձեռք բերել այդ գույքը։  Այսպիսով, Գարիկ Սարգսյանը «Ինֆոքոմի» խմբագրությանը մեղադրում է ավելորդ շտապողականություն դրսևորելու և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու մեջ այն պարագայում, երբ ինքն անձամբ է հայտարարագրման ենթակա տվյալները սխալ լրացրել, ինչպես նաև համայնքային հեռախոսահամարներով իր կամ համայնքային պաշտոնյաների հետ պատշաճ կապի հնարավորություն չի ապահովել և հարցերը գրությամբ ներկայացնելու պայմանավորվածությունից հետո արձագանքի համար տրված ժամկետում չի օգտվել իր արձագանքի հնարավորությունից։  Ինֆոքոմը առաջիկայում կանդրադառնա նաև խոշոր չափի նվիրատվություններ ստացող այլ պաշտոնատար անձանց ևս։   Հեղինակ՝ Սուսինա ԽաչատրյանԽմբագիր՝ Սևակ Մամյան  
18:11 - 16 օգոստոսի, 2024
«Զինվորները սթրեսային վիճակում էին»․ հոգեբան սպայի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

«Զինվորները սթրեսային վիճակում էին»․ հոգեբան սպայի ցուցմունքը Խուռհատ սարի գործով

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի՝ Խուռհատ սարի օպերացիային մասնակցած նորակոչիկ զինծառայողները գտնվում էին հոգեբանական ծանր վիճակում։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց հոգեբան սպա Կարեն Հայրյանը։  Հայրյանը վկա է գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով։ Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում ստացած թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով իշխանության անգործություն դրսեւորելու եւ կապի միակ միջոցը վերցնելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Երկամսյա դադարից հետո Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր վերադարձավ վկաների հարցաքննության փուլին․ նրանց մի մասին հնարավոր չէր եղել նախկինում դատակոչել Արցախի շրջափակման, ապա նաեւ բռնի տեղահանման պատճառով։ Վկա Կարեն Հայրյանը պատմեց, որ իրենց զորամասի հոգեբանական կետը գտնվել է նախ Առաքել, ապա Տող գյուղերում, որից հետո էլ՝ Կարմիր Շուկայում։ Զինվորներին իրենց մոտ բերել են ըստ անհրաժեշտության՝ բժիշկների կամ սպաների ցուցումով։ Թե Խուռհատ սարից քանի զինվորի հետ են աշխատել, վկան դժվարացավ հիշել, ասաց միայն ընդհանուր թիվը՝ 882։ Զինծառայողների պատմածներից Հայրյանը մտաբերեց միայն, որ երբ հակառակորդը հարձակվել է, խուճապ է սկսվել, եւ նրանք տարբեր խմբերով տարբեր ուղղություններով են գնացել․ «Զինվորները սթրեսային վիճակում էին․ նախ վախն էր, տագնապայնությունը, ընկերների կորուստը, սկզբում չէին ուզում խոսել, ընթացքում արդեն խոսում էին»,– ասաց նա։ – Խուռհատ սարի շրջափակման միջից դուրս եկած զինվորների հետ զրուցե՞լ եք,– հարցրեց զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Գուրգեն Գրիգորյանը – Երբ իրենք դուրս են եկել, մենք արդեն Կարմիր Շուկայում ենք եղել, մեզ մոտ չեն բերել։ – Հնարավո՞ր է, որ 1-2 ամսվա նորակոչիկները շրջափակումից դուրս գան, զորքի մեծ մասը կոտորվի, եւ նրանց սպաները կամ հոգեբանները չփորձեն գոնե խոսել, ճշտել նրանց վիճակը․․․ Իմ պատկերացմամբ՝ այդ հարցադրումը ձեր կողմից բարձրացնելը հենց Ձեր սուրբ պարտականությունն էր։ – Ես իմ պարտականությունները սահմանված կարգով իրականացրել եմ, բոլոր աշխատանքների վերաբերյալ գրավոր զեկուցել եմ ըստ վերադասության․․․– պնդեց վկան։ – Կոնկրետ այդ հարցը բարձրացրե՞լ եք։ – Նման քայլ արվել է հոսպիտալի ղեկավարության կողմից․ սենյակներ կային, որտեղ զինվորները հանգստանում էին, իրենց հետ աշխատանք էր տարվում, հոսպիտալի պետն էլ եկել, մեզ օգնել է, զինվորների հետ աշխատել։ – Այդ սովետական արձանագրումները․․․ Հասկանում եմ՝ Ձեր գործի իմաստը ինչ է եղել տարիներով․ բռնել, գրել, որ ամեն ինչ իդեալական է,– վրդովվեց փաստաբանը։ – Ես խնդրում եմ՝ ինձ չվիրավորեք,– արձագանքեց վկան։ Դատավոր Ջոն Հայրապետյանը, վկա Կարեն Հայրյանը Դատավոր Ջոն Հայրապետյանը, դիմելով վկային, ասաց՝ ընդհանուր տպավորությունն այն է, կարծես վկան խուսանավում է կոնկրետ պատասխաններ տալ, ուզում է արագ երկու բառ ասել, հեռանալ։ Հայրյանը, սակայն, հերքեց, պնդեց՝ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել, բայց քանի որ կոնտուզիա է ստացել, հետագայում եւս մի պատերազմի մասնակցել, որոշ բաներ չի հիշում։ – Դե հիմա պատասխանեք՝ Ձեզ ի՞նչ հիմնական պատճառ են հայտնել զինվորները, ինչո՞ւ են գտնվել բարոյահոգեբանական ծանր վիճակում։ – Զինվորները ներկայացնում էին, որ մենակ են մնացել։ – Մենակ մնալը ո՞րն է։ – Ասա՝ առանց սպա,– բղավեց դահլիճում գտնվող որդեկորույս ծնող Բենիկ Գաբրիելյանը։ Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ Դատավորը նկատողություն հայտարարեց ծնողին։  Գուրգեն Գրիգորյանը հարցրեց՝ երբ հոգեբանները զինվորների կողքին չեն, ո՞վ է բարոյահոգեբանական աշխատանքներ տանում նրանց հետ։ Ի պատասխան՝ վկան պարզաբանեց՝ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար ունի բարոյահոգեբանական գծով տեղակալ, եթե նա զոհվում է, սպաներն են, եթե սպաներն էլ տեղում չեն՝ սերժանտները։  – Որպես հոգեբան՝ զինվորներից հարցրե՞լ եք՝ տեղակալի զոհվելուց հետո մյուս սպաները ինչ աշխատանքներ են տարել։ – Տվյալ պարագայում զինվորները խառնաշփոթ, ընկճված վիճակում էին, ես հարցեր չէի տալիս, նրանց հետաքրքիր չէին այդ հարցերը, ի վիճակի չէին նման հարցերի պատասխանել։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը միջամտեց՝ պատերազմական իրավիճակում ոչ բոլոր զինվորները կդիմեին հոգեբանի, հետեւաբար եթե դիմել են, ենթադրվում է, որ այնքան ծանր վիճակում են եղել, որ պատրաստ են եղել մանրամասն խոսելու․ – Որ եկան Ձեզ մոտ, չասացի՞ն՝ այ սենց դեպքեր են տեղի ունեցել։ Մեզ այդ դեպքերն են հետաքրքիր։ – Նշել են, որ հակառակորդը տարբեր կողմերից հարձակվում էր, եւ մի մեծ խառնաշփոթ է առաջացել։ Արսեն Ղուկասյանը, որի զոհված զինծառայողի հորեղբայր է (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ), հայտնեց, որ իրենց տեղեկություններով՝ Հայրյանը զինծառայողների մարտական ուղիների փաստաթղթավորմամբ է զբաղվել, ուստի չէր կարող չիմանալ, թե նրանց հետ ինչ է եղել։ Ի պատասխան՝ վկան պարզաբանեց՝ մարտական ուղիների փաստաթղթերում նշվել են զինծառայողների կատարած սխրանքները՝ ինչ են խոցել, ոնց են դիմագրավել․ «Այդ ամենը տպվել, բաժանվել է․․․ Ես կոնկրետ չեմ կարող հիշել, բոլորը ուղարկվել են պահպանման, եթե փորձեք, կարող եք գտնել․»,– ասաց նա։ Արսեն Ղուկասյանը – Ինչ–որ մեկին մեղադրո՞ւմ էին, որ իրենց ընկերները զոհվել են, որ ստիպված են եղել նահանջել,– հարցրեց դատավորը։ – Նման դեպք չեմ հիշում։ – Պարտության պատճառ նշո՞ւմ էին։ – Նախքան Խուռհատ սարը ասում էին՝ մենք չէինք տիրապետում զենքերին, իսկ հակառակորդը պատրաստված է, անընդհատ մեզ վրա է գալիս․․․  Խոսելով մեղադրյալ Իշխան Վահանյանի մասին՝ Կարեն Հայրյանն ասաց, որ նա վիրավորման մասին լսել է բուժկետի բժշկից (հետագայում զոհվել է), իսկ զինվորներից լսել է, որ նա, չնայած թեթեւ վիրավորմանը, թողել, գնացել է։ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը – Ասե՞լ են, որ դա ազդել է զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա։ – Ասել են, որ խառնաշփոթի մեջ են եղել։ – Իսկ սպանե՞րը։ – Ինձ բան չեն ասել,– պատասխանեց վկան։ – Սուտ, – բղավեց Արսեն Ղուկասյանը՝ հայտարարելով, որ նախկինում վկան իր ներկայությամբ ընդհուպ մինչեւ հայհոյել է դավաճան սպաներին։ – Երբ նոյեմբերի 9-ից հետո հանդիպել եմ սպա Ղարիբ Ջավադյանին (նրա ցուցմունքը՝ այստեղ), ինքն էլ է ասել, որ Վահանյանը զինվորներին թողել, գնացել է։ – Փախե՞լ է։ – Չի փախել, վնասվել է, թողել, գնացել է,– նշեց վկան։ – Քանի՞ անգամ է եղել, որ քո ներկայությամբ զինվորները ասել են՝ կռիվը չսկսած՝ Վահանյանն ասաց՝ վիրավոր եմ, ու փախավ,– վրդովվեց Արսեն Ղուկասյանը։ – Դե, ես նշեցի, ես զինվորների կողմից եմ լսել, որ քերծվածք է, թե ինչ, ասել է՝  վիրավորվել է, գնում է։ Ուրիշ ի՞նչ ձեւ պատասխանեմ,– ասաց Կարեն Հայրյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 26-ին։   Միլենա Խաչիկյան
23:00 - 15 օգոստոսի, 2024