Արմեն Գեւորգյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին Երեւանում:

1990թ. ընդունվել է Օրենբուրգի (ՌԴ) պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, 1991թ. տեղափոխվել եւ 1993թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) պետական ծառայության ինստիտուտը: 1993-1996թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ: 1996թ. համատեղությամբ ավարտել է Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ կրթության եւ վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ: 2015թ.՝ Հարվարդի համալսարանի Բիզնես դպրոցի «Ընդհանուր կառավարում» ծրագիրը: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

1990-1996թթ. ՌԴ  մի շարք կրթական եւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 1997-1998թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 1998-2000թթ.՝ ՀՀ նախագահի օգնական, ապա ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2000-2006թթ.՝ ՀՀ  նախագահի առաջին օգնական: 2006-2008թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2007-2008թթ.՝ նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2008-2014թթ.՝  ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2014- 2015թթ.՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնությունների հիմնադրամի» գործադիր տնօրեն: 2016թ. հունվար-հունիս՝ նույն հիմնադրամի նախագահի խորհրդական: 2016թ. հունիս-հոկտեմբեր՝  ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2016-2018թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 2018թ. ապրիլ-մայիս՝ ՀՀ փոխվարչապետ: 2018-2019թթ.՝ «Արինս գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, վարչության նախագահ: 2019-2021թթ.՝ «Արինս մենեջմենտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունները |armtimes.com|

Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունները |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական գործով նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի և Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի՝ Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունները: Նիստի սկզբում Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանը նշեց, որ մեկ այլ քրեական գործով ինքն ու դատավոր Դանիբեկյանը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանողական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։ Փաստաբանը 2020թ. պաշտպանում էր քաղաքացի Նարեկ Մանթաշյանի շահերը, որը մեղադրվում էր դատավոր Դանիբեկյանի մասին անձնական տեղեկություններ բացահայտելու համար, սակայն հետագայում դատարան կանչվեց որպես վկա:
17:37 - 26 հոկտեմբերի, 2021
Որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին․ Արմեն Գևորգյանն անձնագրերի վավերականության ժամկետը կրճատելու նախաձեռնության մասին մի շարք հարցեր է առաջ քաշել

Որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին․ Արմեն Գևորգյանն անձնագրերի վավերականության ժամկետը կրճատելու նախաձեռնության մասին մի շարք հարցեր է առաջ քաշել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը 2 տարի դարձնելու նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր է առաջ քաշել։ Տելեգրամում Արմեն Գևորգյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հրապարակվել է Կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականությունը կարող է սահմանափակվել երկու տարով: Առանց մանրամասնելու այս նախաձեռնության ծագման մասին՝ կցանկանայի հնչեցնել մի շարք հարցեր, որոնք կպահանջեն տրամաբանական և հիմնավորված պատասխաններ: 1. Արդյո՞ք նման որոշումը, եթե ընդունվի, չի սահմանափակում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և դրանով իսկ չի հակասում Սահմանադրության համապատասխան նորմերին: 2. Ինչքանո՞վ է նմանատիպ նախաձեռնությունը նպաստելու ընտրողների ցուցակի ճշգրիտ և իրատեսական կազմմանը և չի խոչընդոտելու արդյո՞ք այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը։ 3.Որքանո՞վ է այս նախագիծը բյուջեի վրա ֆիսկալ ազդեցություն ունենալու, պետությունը գումար կգանձի՞ յուրաքանչյուր նոր 2-ամյա ժամկետի համար: 4. Արդյո՞ք հաշվարկվել են նման որոշման իրականացման բոլոր կազմակերպական և տեխնիկական ասպեկտները, արդյո՞ք սա նշանակում է, որ երկու տարին մեկ հսկայական թվով մարդիկ ստիպված են գործ ունենալ պետության հետ՝ հերթ կանգնել, փաստաթղթեր կազմել, գործընթացները կլինե՞ն էլեկտրոնային ՝ ավտոմատ, թե՞ ոչ: 5. Ինչպե՞ս կազդի նման որոշումը այլ պետություններից մեր հայրենակիցների կողմից Հայաստանի՝ երկրորդ քաղաքացիություն ստանալու գործընթացի որակի և ծավալի վրա: 6. Արդյո՞ք այս որոշումը կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի միջև արդյունավետ երկխոսությանը վիզային ռեժիմի ազատականացման և պարզեցման վերաբերյալ, և որքանո՞վ կշարունակվի օտարերկրյա պետությունների կողմից երկարաժամկետ (ավելի քան երկու տարի ժամկետով) վիզաների տրամադրումը: 7. Արդյո՞ք այս լուծումը հակասություններ կառաջացնի աշխատուժի ազատ տեղաշարժի առումով գործող ԵԱՏՄ նորմերի և տրամաբանության հետ: 8.Եվ ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված նման նախաձեռնության անհրաժեշտությունը: Ամփոփելով ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ որոշումն իր ազդեցությամբ անդրադառնալու է աշխարհի 10 միլիոն հայերին։ Արդյո՞ք կան գնահատականներ՝ ինչքանո՞վ է այս առաջարկության տրամաբանությունը նպաստելու հայության համախմբվածությանը»։
13:10 - 18 հոկտեմբերի, 2021
Դատախազը միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը |armenpress.am|

Դատախազը միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով շարունակվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ներկայացրեց դատախազության բողոքը և Վերաքննիչ դատարանին միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին արդարացնելու որոշումը և քրեական գործն ուղարկել դատարան` նոր քննության: «Սահմանադրական դատարանի որոշմամբ` քրեական հոդվածը, որով մեղսագրվում էր ամբաստանյալների արարքը, դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունենալ այն արարքը, որը կատարվել է և որը նկարագրված է իրենց մեղադրանքներում: Այդ արարքները այդ նկարագրությամբ կարող են որակվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ- խմբ.)»,- ասաց Բաղդասարյանը:
13:02 - 30 օգոստոսի, 2021
Հայաստանը հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքին մաս դառնալու պատմական հնարավորություն ունի. Արմեն Գևորգյան |armenpress.am|

Հայաստանը հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքին մաս դառնալու պատմական հնարավորություն ունի. Արմեն Գևորգյան |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանում խաղաղությունը պետք է լինի երկարատև և արժանապատիվ, զարգացման հնարավորությունները բոլոր երկրների համար պետք է լինեն շահավետ, իսկ տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերը պետք է լինեն համարժեք, պատմականորեն հիմնավորված և դրական: Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանը: «Այսօր Հայաստանը գտնվում է ուժեղ ճնշման ներքո տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացելու համար: Եթե ներկայում առկա միտումները շարունակվեն, ապա Հայաստանի տարածքում բախվելու են բազմաթիվ արտաքին խաղացողների շահեր: Սա է իրականությունը, որը մեզ համար ձևավորում է նոր, ռեգիոնալ ռիսկեր: Այս իրավիճակն էլ ավելի չբարդացնելու համար մենք պետք է գործենք բաց և թափանցիկ, պետք է պարզենք՝ արդյո՞ք ռեգիոնալ ապաշրջափակման հարցով արտաքին ուժերի հետ դեռևս կան չհրապարակված պարտավորություններ կամ խոստումներ»,-ասաց Գևորգյանը: Պատգամավորի խոսքով` անգամ ճանապարհների ապաշրջափակման դեպքում կարելի է ձևավորել Արցախի և Հայաստանի շահերի համար նպաստավոր օրակարգ՝ օրինակ, խնդիր դնել Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր: «Եթե վերոնշյալի շուրջ գործող իշխանություններն արդեն իսկ ունեն պարտավորություններ և գնալու են այդ ճանապարհով, ապա խորհրդարանի խնդիրն է օգտագործել առկա ողջ գործիքակազմը՝ այդ գործընթացի հետևանքները մեղմելու և հայ ժողովրդի համար բարենպաստ դարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում վտանգավոր միտումները կանխելու համար»,- ընդգծեց Արմեն Գևորգյանը: Պատգամավորի համոզմամբ` Հայաստանը պատմական հնարավորություն ունի հյուսիս-հարավ հաղորդակցման միջանցքին մաս դառնալու` Քաջարանի թունելի կառուցման ճանապարհով, ինչպես նաև ուժերի լարումով անցնել  գործնական քայլերի ՝ Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմն ակտիվացնելու ուղղությամբ:
17:04 - 11 օգոստոսի, 2021
«Հայաստան»-ը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին |armenpress.am|

«Հայաստան»-ը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արմեն Գևորգյանին: Արմեն Գևորգյանի կենսագրությունը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Արմեն Գևորգյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում չափազանց մեծ է Ազգային ժողովի մշտական հանձնաժողների դերը` օրենսդրական մշակման հարցերից, մինչև արտաքին կապեր և խորհրդարանական վերահսկողություն: Պատգամավորը ներկայացրեց տարածաշրջանային համագործակցության և եվրասիական ինտեգրման հարցերի առնչությամբ իր պատկերացումները: « 44-օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծը և աշխարհաքաղաքականությունը: Պատերազմի հետևանքները փոխել են Հայաստանի ու Արցախի տեղն ու դերը այս ճարտարապետության մեջ: Զգալիորեն թուլացած ու անվտանգային լրջագույն խնդիրների շեմին գտնվելով, հայ ժողովրդին, այնուամենայնիվ, պատմականորեն վիճարկված է ապրել այս հողի վրա ու այս տարածաշրջանում: Հարևաններին ընտրելու հնարավորություն տրված չէ: Մենք այստեղ ապրում ենք դարերով և պետք է շարունակենք ապրել և արարել: Դրա համար անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն և գրագետ տարածաշրջանային համագործակցություն, որի միջավայրը, նոր իրողություններից ելնելով, պետք է մեր պետությունը կառուցի իր ազգային անվտանգության շահերի խորը գիտակցմամբ»,- ասաց Գևորգյանը:
16:34 - 11 օգոստոսի, 2021
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանին բերման կենթարկեն դատարան |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանին բերման կենթարկեն դատարան |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։ «Իմ պաշտպանյալը նաև առաջադրվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը սկսել է օգոստոսի 9-ից և դեռ ընթացքի մեջ է: Խնդրում եմ բացակայությունը համարել հարգելի»,- ասաց Ալեքսանյանը: Նա նաև նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցով: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմելով դատարանին՝ ասաց, որ համաձայն է նիստը հետաձգելուն: «Ունեմ նաև մեկ վերապահում՝ կա 1 միջնորդություն, որը գործընկերս է ներկայացրել՝ Սեդրակ Քոչարյանի իրավունքների հարցը քննարկելու համար: Կարծում եմ, որ պարոն Գևորգյանի բացակայությունը չի խոչընդոտում այդ հարցը քննարկելուն, որովհետև առնչություն չունի իր շահերի և իրավունքների հետ»,- ասաց Խուդոյանը: Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ ամբաստանյալի բացակայությամբ դատարանը հնարավոր չի համարում որևէ այլ հարցի քննարկում, բացի  նրա բացակայության հետ կապված հարցերից:  «Նախորդ նիստի ժամանակ դատարանը չի արձանագրել Արմեն Գևորգյանի անհարգելի բացակայության հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նոր ձևավորված ԱԺ-ի առաջին նիստն էր: Հաշվի առնելով, որ նման վարքագիծը կրկնվում է, դատարանն այստեղ անբարեխղճություն է տեսնում Արմեն Գևորգյանի կողմից: Դատարանը համարում է, որ Գևորգյանը դատարան չի ներկայացել անհարգելի պատճառի:   Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին առաջարկեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:   «Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ, նա անձեռնմխելի է և որևէ հարկադրանքի միջոց, առանց ԱԺ-ի թույլտվության չի կարող կիրառվել: Դատախազի նման որոշումը չի բխում քրեական դատավարության և Սահմանադրության պահանջներից»,- դատախազի նման առաջարկին հակադարձեց Էրիկ Ալեքսանյանը: Դանիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը նիստին չի ներկայացել անհարգելի պատճառով, անհրաժեշտ է միջոցներ կիրառել հաջորդ նիստին Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար: «Դատարանն այդ պատճառաբանությամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին»,- ասաց Դանիբեկյանը: Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 17-ը, ժամը 13:00-ն:
14:26 - 10 օգոստոսի, 2021
Չսխալվել ամենակարևոր պահին, չանել որևէ անօրինական հրահանգ. հրաժարվե´ք կիրառել վարչական լծակները, նժարին մեր պետությունն է․ վաղվա մեր զղջումը կարող է արժեք չունենալ․ Արմեն Գևորգյանը՝ համայնքապետերին

Չսխալվել ամենակարևոր պահին, չանել որևէ անօրինական հրահանգ. հրաժարվե´ք կիրառել վարչական լծակները, նժարին մեր պետությունն է․ վաղվա մեր զղջումը կարող է արժեք չունենալ․ Արմեն Գևորգյանը՝ համայնքապետերին

ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը կոչով դիմել է Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին․ «Սիրելի համայնքապետեր. Դիմում եմ ձեզ, որովհետև վստահ եմ ձեր հայրենասիրության ու պետական գիտակցության վրա։ Դիմում եմ ձեզ որպես մի մարդ, որը երկար տարիներ աշխատել է Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում ու քաջածանոթ է Հայաստանի համայնքների խնդիրներին։ Դիմում եմ ձեզ այն համոզմամբ, որ ձեզնից շատերը գիտեն իմ մոտեցումները արդարության և սկզբունքայնության մասին: Դրանք չեն փոխվել: Այսօր մենք չափազանց կարևոր ընտրության առաջ ենք։ Ես չէի ուզի անել այս արտահայտությունը, բայց այո, մենք այն իրավիճակում ենք, երբ վաղը կարող է իրոք ուշ լինել։ Մեր վաղվա ափսոսանքն ու զղջումը կարող են որևէ արժեք չունենալ, քանի որ այլևս չեն փոխի մեր պատմության հետագա ընթացքը։ Այդ ընթացքը մեր օգտին շրջել կարող ենք միայն հունիսի 20-ի ճիշտ ընտրությամբ, իսկ պարզապես բարի ցանկությունները մեզ ոչնչից չեն ապահովագրելու։ Այս ընտրությունը որքան բարդ, նույնքան էլ պարզ է. ընտրությունը Հայաստանի լինել կամ չլինելու մեջ է, մեր՝ չդադարող ստորացման կամ արժանապատիվ խաղաղության մեջ է։ Խնդրում եմ՝ դիմանալ և չտրվել գործող իշխանության ճնշումներին։ Ընդամենը մի քանի օր կարելի է դիմանալ իր վերջին օրերն ապրող իշխանության անօրինական ճնշումներին։ Նրանք ձեզ կսպառնան, կփորձեն սիրաշահել, խաբել, ի՜նչ ասես կանեն, բայց նժարին մեր պետությունն է։ Իմ հորդորն է՝ չանել որևէ անօրինական հրահանգ. հրաժարվե´ք կիրառել վարչական լծակները, չստիպեք մարդկանց՝ քվեարկել իրենց խղճին դեմ, ու դուք ինքներդ նույնպես այդպես չանեք։ Մենք իրար հետ մեծ աշխատանք ունենք անելու, մեր երկիրը վիրավոր է, մեր ժողովրդին ուզում են ստորացնել։  Եկեք միասի´ն դա թույլ չտանք, եկեք միասին ոտքի կանգնեցնենք մեր երկիրը։ Եթե մենք այսօր սխալվենք, եթե այսօր զիջենք, եթե այսօր կոտրվենք, վաղը կարող է ուշ լինել։ Եկեք միասին շրջենք պարտության էջը։ Եկեք միասին նոր էջ բացենք մեր պետության և մեր բոլորիս կյանքում։ Եկեք միասին հաղթենք»։  
12:45 - 17 հունիսի, 2021
Ստույգ տեղեկություն չի լինի մեղադրյալների կարգավիճակի մասին. Քոչարյանի և Գևորգյանի նիստը կլինի ընտրություններից հետո |armtimes.com|

Ստույգ տեղեկություն չի լինի մեղադրյալների կարգավիճակի մասին. Քոչարյանի և Գևորգյանի նիստը կլինի ընտրություններից հետո |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Դանիբեկյանը հայտնեց, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից ստացել է գրություն, ըստ որի, վերջինս վատառողջ է, ինչի հետևանքով չի կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին: Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանից էլ դատարանը ստացել է գրություն, որով Վարդևանյանը տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը պետք է մասնակցեն միջոցառումների Արարատի մարզի մի շարք քաղաքներում, ինչի արդյունքում նրանք չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին: Նշենք, սակայն, որ Գևորգյանը նիստերի դահլիճում էր: Դանիբեկյանը հայտնեց, որ ստացել է դիմում նաև մյուս պաշտպան՝ Արամ Օրբելյանի կողմից, ով նշում է, որ այլ գործի շրջանակներում դատական նիստի մասնակցելու պատճառով չի կարող ներկայանալ սույն գործով նիստին: Գործով դատախազ Պետրոս Պետրոսյանն ի պատասխան այս դիմումների նշեց, որ պատասխանող կողմի չներկայանալն անարգանք է դատարանի և գործին մասնակից անձանց նկատմամբ, քանի որ դատարանը նախորդ նիստին կայացրել էր որոշում, որ քարոզարշավը չի կարող հանդիսանալ խոչընդոտ այսօրվա դատական նիստի կայանալու հարցում: Գործով մյուս դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, որ ներկայացված դիմումներից և ոչ մեկը վստահություն չի ներշնչում. «Ինչ է նշանակում փաստաբանի օգնականի կողմից դիմում ներկայացնել դատարանին, «խաբար» են էլի ուղարկել, կամ ինչ է նշանակում՝ ես հիվանդ եմ, չեմ գալիս դատական նիստին: Վարդևանյանի ներկայացած դիմումն էլ հակասում է իրականությանը, քանի որ Արմեն Գևորգյանը հիմա ներկա է նիստին: Սրանք միջոցներ են դատական նիստերին հայեցողականորեն մոտենալու»,-ասաց Բաղդասարյանը: Աննա Դանիբեկյանը որոշեց նիստը հետաձգել եւ այն նշանակել ընտրություններից հետո՝ հունիսի 29-ին, ժամը՝ 13:00-ին, քանի որ հաջորդ երեքշաբթի՝ հունիսի 22-ին, դատավորի խոսքով դեռևս պաշտոնական տեղեկատվություն ընտրությունների արդյունքների վերաբերյալ հնարավոր է չլինեն. «Եվ դատարանը հնարավոր է ստույգ տեղեկություններ չունենա ամբաստնյալների կարգավիճակի մասին»,-եզրափակեց Դանիբեկյանը:
14:10 - 15 հունիսի, 2021
Հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արմեն Գեւորգյան

Հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր՝ «Հայաստան» դաշինքի նկատմամբ․ Արմեն Գեւորգյան

Առաջին հերթին ուզում եմ կիսվել ձեզ հետ կարճ, հիմնական, ներածական մտքերով։ Առաջինը ուզում եմ նշել, որ հունիսի  7-ին սկսվում է քարոզարշավը և «Հայաստան» դաշինքը բավականին կազմակերպված և հնարավոր բոլոր ռեսուրսները մոբիլիզացված կազմակերպված մտնում ենք այդ գործընթացի մեջ։ Այս մասին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի անդամների ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։ «Այս պահի դրությամբ մենք քիչ թե շատ ունենք մեր անելիքների հստակ պատկերացումները քարոզարշավի կազմակերպման ձևաչափով  ։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ամբողջ հանրապետությունով բացել ենք տարածքային շտաբեր։ Մենք առաջնորդվել ենք ոչ թե մարզային, այլ խորհրդային նախկին շրջանների բաժանումով։ Երևանում ունենք ըստ համայնքների կենտրոնական շտաբեր և նաև բազմաթիվ ենթաշտաբեր են բացվել ամբողջ հանրապետությունում ։ Այս պահի դրությամբ 800-ից ավելի ենթաշտաբեր ունենք բացված, և այդ գործընթացը այս պահին էլ շարունակվում է»։ Նա հավելեց, որ իրենց շատ է ոգևորում այն հանգամանքը, որ վերջին 15 օրվա ընթացքում այցելությունները, հոսքը դեպի իրենց շտաբեր ակտիվացել է, դա նշանակում է, որ   հանրության մոտ սկսում է հետաքրքրություն ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի այլ նաև մեր դաշինքի նկատմամբ։ «Մենք բավականին վճռական ենք տրամադրված , որպեսզի օգնենք մեր տեղի գործընկերներին և քարոզչական և կազմակերպչական աշխատանքները արվեն բարձր մակարդակով, որպեսզի որևէ խնդիր չունենանք, և անախորժություններ չլինեն։ Մենք փորձում ենք առանց ուրիշների համար խնդիրներ առաջացնելու տանել մեր աշխատանքը և փորձել մեր բնակչությանը առաջին հերթին համոզել, քարոզել, հորդորել, որ անպայման մասնակցեն գալիք ընտրություններին և երկրորդը ընտրեն մեր դաշինքին։ Երկրորդը՝ ուզում եմ ձեզ տեղեկացենել, որ բավականին հետաքրքիր աշխատանք է սկսվել այս պահի դրությամբ մեր ներկայացված ծրագրի քննարկման շուրջ»,- ասաց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ առաջարկություններ են ստացել և սկսելու են մասնագիտական համայնքների հետ առանձին-առանձին հանդիպումներ, քննարկումներ։ Նա նշեց, որ փորձելու են նաև հայտնաբերել այն մարդկանց ում հետ կկարողանան առաջիկայում համատեղ աշխատել և համագործակցել։ «Պրոցեսները ամսի 20-ով չեն ավարտվելու, ես կարծում եմ, որ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու՝ երկիրը այս խորը ճահիճից հանելու համար»։
15:13 - 04 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Հայաստան»  դաշինքը մայիսի 29-ին ներկայացրեց իր թիմը և ծրագիրը: «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, նշեց, որ այն անվանել են «365 օր. Ապագան սկսվում է հիմա»: «Այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մեր նպատակն է հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու չէ նաև առարկություններ: Մենք կոչով դիմում ենք հանրությանը, մասնագիտական համայնքներին․ ձեր կարծիքները չափազանց կարևոր են մեզ համար: Դրանով ընդգծում ենք մեր թիմի կարևոր սկբունքներից մեկը՝ մասնակցային կառավարում»,-ասաց Արմեն Գևորգյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը ներկայացվելու է բոլոր գյուղերում ու քաղաքներում՝ սպասելով առաջարկությունների  ու դիտողությունների, որպեսզի այն համալրվի ու դառնա ավելի աբողջական: Դրանով քաղաքացիներն ավելի մեծ արդյունքներ կտեսնեն: Արմեն Գևորգյանը նշեց, որ փաստաթղթում ներկայացրել են առաջընթացի հիմնական գաղափարները, որոշ հարցերում՝ կոնկրետ քայլեր: Այս  իմաստով սա տեսլականների, գաղափարների ու կոնկրետ գործողությունների համատեղում է: «Մենք ելնում ենք Հայաստանի այսօրվա իրողություններից, մենք առաջնորդվում ենք պետության զարգացման վերելքի հեռանկարով: Այս փաստաթուղթը քննարկումների, շտկումների արդյունքում կարող  է դառնալ ապագա կառավարության գործունեության իրատեսական ծրագիր: Մեր թիմն առաջարկում է աշխատող երկրի կոնցեպցիան»,-ասաց Արմեն Գևորգյանն՝ ընդգծելով, որ դա վերաբերվում է պետական համակարգին, որը պետք է աշխատի արդյունավետ ու լավ վարձատրվի, դա վերաբերվում է անհատին, որը պետք է ունենա իր կյանքը կառուցելու լայն հնարավորություններ, դա վերաբերվում է մասնավոր հատվածին, որը պետք է ունենա աշխատելու բարենպաստ պայմաններ: Արմեն Գևորգյանը շեշտեց, որ աշխատող երկիր կոնցեպցիայի հիմքում մարդն է, ու դա չպետք է լինի զուտ կարգախոս, այլ՝ հեռանկարի հիմնաքարը:  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ծանոթ են երկրում առկա խնդիրներին, գիտեն դրանք լուծելու ճանապարհները, ունեն թիմ, փորձառություն՝ դրանք լուծելու համար: «Ստեղծված իրավիճակում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա, մեր պետականության, ինքնիշանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական ազգային պետական քաղաքականության ու դա իրականացնելու վճռականությամբ: Մեր բոլոր քայլերի հիմքում, իբրև առաջնահերթություն, ներազգային պառակտվածության հաղթարահումն ու ատելության մթնոլորտի բացառումն է լինելու: Վերականգնելու ենք համերաշխության, երկխոսության կենսական մթնոլորտը: Դա ազգային միասնականության օրվա հրամայականն է: Միայն այդպես է հնարավոր ապահովել Հայաստանի բնականոն զարգացումը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, ֆինանսական և մտավոր ներուժի համախմբումը բացառիկ անհրաժեշտություն է: Այն պետք է արդյունավետ իրականացվի տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական առհասարակ զարգացման բոլոր ուղղություններին համապատասխան: «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ: Կասեցնելու ենք սպասվող արտագաղթի նոր ալիքը, խթանելու ենք հայրենադարձությունը, վերանայելու ենք երկքաղաքացիներին երկրի պետական կառավարման մեջ ներգրավելու  սահմանափակումները: Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Նախատեսվում են հատուկ նպատակային ծրագրեր արտերկրյա մասնագետների համար: Պատասխանատու քաղաքացի, ներառական հասարակություն, ազգային ուժեղ պետություն, ըստ Իշխան Սաղաթելյանի՝ սա է լինելու համազգային ներուժի համախմբման ուղենիշը: «Հայաստան դաշինք»-ի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով անվտանգության ու արտաքին քաղաքական հարցերին, նշեց, որ այդ ոլորտներում առկա է ձախողում: Առաջին աշխատանքը, որ կատարելու են, զինված ուժերի մատունակության վերականգնումն է: Նրա խոսքով՝ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար, այլ ճանապարհ չկա: Բանակը երկրի անվտանգության ողնաշարն է, այն պետք է լինի ժամանակակից, պրոֆեսիոնալ ու մարտունակ: «Մեր բանակը աջակցության ու լուրջ բարեփոխման կարիք ունի: ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի: Ոստիկանությունը ստեղծված չէ մեկ պաշտոնիայի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Մենք կվերադարձնենք ոստիկանությունը ՀՀ օրենքներով գործառույթների դաշտ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը: Արտաքին քաղաքականության ոլորտում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կվերականգնեն վստահությունը երկրի հանդեպ՝ որպես կանխատեսելի ու հասկանալի գործընկերոջ: Երկկողմանի մակարդակով բարեկամ պետություններին կառաջարկվի նոր ու հասկանալի օրակարգ: «Մենք ունենք արագ վերականգնման ներուժ: Մենք կանենք ամեն ինչ, որ դա հետաքրքիր և կենսական կարևոր հարց դառնա նաև մեր դաշնակիցների ու առաջին հերթին Ռուսաստանի համար: Չափազանց կարևոր է նոր օրակարգ ձևավորելը: Մենք չենք կարող նոր գաղափարներ առաջ չբերել: Մենք ի վիճակի ենք մեր բարեկամների հետ ապահովել ու պաշտպանել ՀՀ-ի շահերը: Մենք կվերականգնենք մեր կորցրած դիրքերը միջազգային կառույցներում»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանն՝ ընդգծելով, որ պետք է շարժվել դեպի ուժեղ Հայաստան:  
20:55 - 29 մայիսի, 2021