ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Պատերազմի մասնակիցներից կամ նրանց հարազատներից կատարողական ծախսեր չեն գանձվի․ նախագիծ |hetq.am|

Պատերազմի մասնակիցներից կամ նրանց հարազատներից կատարողական ծախսեր չեն գանձվի․ նախագիծ |hetq.am|

hetq.am: Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում, որով հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում: Գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ պայմանավորված հետևանքների հիմքով՝ պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը ներելու իրավական հիմք սահմանված չէ, այդ իսկ պատճառով էլ արդարադատության նախարարությունը վերը նշված փոփոխություններն է առաջարկում։  
19:57 - 22 հունվարի, 2021
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը

Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Ծառայության ֆեյսբուքյան էջը։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է․ խուսափել Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց, բոլոր վճարումներն իրականացնել բացառապես 𝗧𝗲𝗹𝗰𝗲𝗹𝗹, 𝗘𝗮𝘀𝘆𝗣𝗮𝘆, 𝗜𝗗𝗿𝗮𝗺, 𝗠𝗼𝗯𝗶𝗗𝗿𝗮𝗺 վճարահաշվարկային տերմինալների, 𝗘-𝗽𝗮𝘆𝗺𝗲𝗻𝘁𝘀, 𝗔𝗿𝗖𝗮 վճարային համակարգերի և բանկային առցանց փոխանցումների միջոցով, դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը ներկայացնել բացառապես https://e-request.am/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։ Քաղաքացիների համար կգործեն Սպասարկման գրասենյակի 060-713-435 և Տեղեկատուի 060-713-500 հեռախոսահամարները: Բացառապես արգելանքներին առնչվող հարցերով կարող եք կապ հաստատել #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ (077, 055, 091) 713 437 հեռախոսահամարներով: Խիստ անհրաժեշտության դեպքում Ծառայություն այցելելիս կրել պաշտպանիչ դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն:
14:58 - 22 հոկտեմբերի, 2020
Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային բաժնում

Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային բաժնում

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին: Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանի ուղեկցությամբ Ծառայության ղեկավար կազմը շրջայց է կատարել Սևանի բաժնում, ապա Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքում, ծանոթացել շենքային պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, բաժնի աշխատանքների կազմակերպմանը և առկա խնդիրներին: Խորհրդակցության ժամանակ Սերգեյ Մեղրյանն անդրադարձել է քաղաքացիների համար կենսական կարևորության խնդիրներին հրատապ լուծում տալու առաջնահերթության նպատակով Ծառայության կողմից նոր ձևավորված #Քո_Արգելանքը  արագ արձագանքման խմբի գործունեությանը՝ նշելով, որ այդ կերպ փորձ է արվել նվազեցնել գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև սպասարկման կենտրոններում բացառել քաղաքացիների կուտակումները։ Գեղարքունիքի մարզային բաժնի պետը խորհրդակցության ժամանակ զեկուցել է կատարողական  վարույթների մասին, բաժնի գործունեությանն առնչվող այլ հարցեր։ Ծառայության բարեփոխումների արդյունավետ իրականացումն ապահովելու համար աշխատանքային հանդիպման ավարտին տրվել են հատուկ հանձնարարականներ:
22:21 - 18 սեպտեմբերի, 2020
Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզային բաժին

Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզային բաժին

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ օգոստոսի 28-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի մարզային բաժին։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ բաժնի աշխատանքների կազմակերպմանը, գույքագրել առկա խնդիրները: Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Թադևոս Վարդանյանի ուղեկցությամբ Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքում շրջայց կատարելիս Ծառայության ղեկավար կազմը ծանոթացել է բաժանմունքի շենքային պայմաններին, լուծում պահանջող խնդիրներին: Ծառայության Գյումրու բաժնում աշխատանքային խորհրդակցության ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ ընդգծել է Ծառայության համալիր բարեփոխումների իրականացման ճանապարհին Ծառայության առանձին գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման պահանջը: Սերգեյ Մեղրյանը նաև շեշտել է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների համար կենսական կարևորության խնդիրներին հրատապ լուծում տալու առաջնահերթությանը, սպասարկման որակի բարձրացման ապահովմանը, որոնք Ծառայության բարեփոխման ռազմավարության առանցքային օղակներից են: Շիրակի մարզային բաժնի պետը Գլխավոր հարկադիր կատարողին  զեկուցել է բաժնի գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող համապատասխան քայլերը, կարճված կատարողական վարույթների արխիվացման գործընթացի կազմակերպման հարցերը: Աշխատանքային հանդիպման ավարտին տրվել են առանձին հանձնարարականներ:
11:51 - 31 օգոստոսի, 2020
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ օգոստոսի 14-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին։ Տեղում ծանոթանալով բաժնի աշխատանքի կազմակերպմանը, շենքային պայմաններին՝ Սերգեյ Մեղրյանը, տեղակալ Լևոն Բալյանը, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Գագիկ Միրիջանյանը և Գլխավոր հարկադիր կատարողի օգանական Խաչատուր Իգիթյանը Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Դումանյանի ուղեկցությամբ այցելել են նաև Ծառայության Մասիսի, Վեդու, Եղեգնաձորի բաժանմունքներ։ Մարզային բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Մեղրյանն առանձնակի կարևորել է Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործողությունների հետևողական կատարումը, լիազորությունների պատշաճ իրականացումը։ Շեշտվել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ծառայության շահառուների հետ շփումներին, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացմանը։ Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետը Գլխավոր հարկադիր կատարողին է  ներկայացրել բաժնի գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։ Աշխատանքային խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
11:39 - 17 օգոստոսի, 2020
Արտակարգ դրության ընթացքում բռնագանձում չի տարածվելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրված աջակցության գումարների վրա

Արտակարգ դրության ընթացքում բռնագանձում չի տարածվելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրված աջակցության գումարների վրա

Կառավարության՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին այսօրվա որոշման համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք և բռնագանձում չի կիրառի նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիներին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։Աջակցություն են համարվելու այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են 2020 թվականի մարտի 16-ից հետո` անհատույց կերպով` կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու (հաղթահարելու) համար:Որոշման համաձայն՝ նշված դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը Ծառայությանը տրամադրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հիմք ընդունելով աջակցության շահառուների շրջանակի որոշման գործընթացում ներգրավված պետական մարմնից կամ աջակցություն տրամադրող անձից ստացված տեղեկատվությունը՝ աջակցության նպատակի, շահառուների շրջանակի, աջակցություն տրամադրողի, ինչպես նաև այն հաշվեհամարի վերաբերյալ, որից փոխանցվել (փոխանցվելու) են դրամական միջոցները։Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է ս․թ․ մարտի 16-ից հետո ֆիզիկական անձանց դրամական աջակցություն տրամադրած անհատներին և կազմակերպություններին համապատասխան տեղեկատվությունը սեղմ ժամկետներում ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։Ծառայությունը հիշեցնում է, որ Կառավարության 23․04․2020 թվականի թիվ 555-Ն որոշման համաձայն` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք և բռնագանձում չի կիրառում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտի 16-ից հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների վրա։
20:03 - 12 հունիսի, 2020
Դատական կատարողի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է առցանց վեբինարի ձևաչափով

Դատական կատարողի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է առցանց վեբինարի ձևաչափով

1952 թվականին ձևավորված Դատական կատարողների միջազգային միությունը (ԴԿՄՄ), որին անդամակցում է 80-ից ավելի պետություն, Դատական կատարողի համաշխարհային օրը նշում է դեռևս 2007 թվականից: Հայաստանի Հանրապետությունը Միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականից: Ինչպես հայտնեց ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, այս տարի՝ հունիսի 11-ին, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Դատական կատարողի 13-րդ համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը Միության կողմից կազմակերպվել էր առցանց՝ «Դատական կատարողը ձեր կողքին է՝լուծելու  Covid-19-ի ճգնաժամը» թեմայով վեբինար ձևաչափով, որին մասնակցում էր 25 երկրի ավելի քան 220 ներկայացուցիչ: Վեբինարի նպատակն էր քննարկել համավարակի հետևանքով հարկադիր կատարողների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Միության մշակած հայեցակարգերը, Covid-19-ի պայմաններում դատական ակտերի կատարման միջոցները, դրանց չկատարման հետևանքով առաջացող խնդիրները։ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիտցն իր խոսքում նկատել է, որ նախադեպը չունեցող խնդրահարույց այս իրավիճակում դատական կատարողի մասնագիտությունը ցուցաբերում է հարմարվողականություն համարժեք պատասխաններ գտնելու համար։ Այս համատեքստում վեբինարի զեկուցողներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից էլեկտրոնային և հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի առանձնահատկություններին: Տոնի կապակցությամբ Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ անցկացվել է նաև հատուկ խորհրդակցություն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար անձնակազմի առանձին ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շնորհավորելով գործընկերներին օրվա առթիվ՝ Սերգեյ Մեղրյանը, նշել է, որ Դատական կատարողների միջազգային միությունը պատրաստակամ է օժանդակել Ծառայությանը՝ հաղթահարելու  առաջադրված մարտահրավերները, և առաջիկայում բարեփոխումների որդեգրած քաղաքականությունն իրագործելու ճանապարհին նախատեսվում է Միության հետ զարգացնել առավել սերտ համագործակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համավարակի պայմաններում կատարողական գործողությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև Գլխավոր հարկադիր կատարողի կողմից  տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ համավարակի պայմաններում հարկադիր կատարողի բնականոն և անվնաս աշխատանքի կազմակերպումն ապահովելու համար։
11:29 - 12 հունիսի, 2020
Սերգեյ Մեղրյանն ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 22- ամյակի առիթով

Սերգեյ Մեղրյանն ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 22- ամյակի առիթով

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22 ամյակի առթիվ։ «Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի՛ գործընկերներ և վետերաններ, Երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարողի օրվան նվիրված շնորհավորական ուղերձս հղում եմ այս ձևաչափով: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ: Ծառայության կենսագրության այս տարիների համապատկերը թույլ է տալիս ոչ միայն գույքագրել ծառայությունում իրականացված բարեփոխումները, արձանագրած ձեռքբերումներն ու բացթողումները, այլ  նաև վերլուծել նոր մարտահրավերները և ուղենշել առաջիկա անելիքներն ու զարգացման հեռանկարները: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր ուրույն դերն ու կարևորությունն ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտում իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման գործընթացի օրինականության ապահովման և իրավակարգի ամրապնդման գործում: Ծառայությունը, հավատարիմ լինելով արդարադատության ոլորտի բարեփոխումների համալիր ծրագրերի իրագործման հայեցակարգային մոտեցումներին, իր ամեն օրյա աշխատանքով հետամուտ է օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների արդյունավետ իրականցմանը: Այսօր էլ մեզանից՝ որպես պետական մարմինների և հասարակության միջև արդյունավետ և  իրավունքահեն հարաբերությունները երաշխավորող հիմնական կառույցից, սպասելիքները մեծ են: Եվ պատահական չէ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր առաջնային խնդիրներից է համարում ոչ միայն Ծառայության գործունեության օրինականության, մատչելիության և թափանցիկության ապահովումը, այլ նաև հասարակական ընկալումներում Ծառայության նկատմամբ վստահության ցուցիչի բարձրացումը: Այս հարցում առանցքային է մեզանից յուրաքանչյուրի բարեխիղճ, հետևողական և հաշվետու աշխատանքը: Պատասխանատվության այն չափաբաժինը, որ ունի մեզանից յուրաքանչյուրը, պետք է լինի առաջնորդող՝ մեր աշխատանքը լավագույնս կատարելու ձգտմամբ, իսկ երբեմն Ծառայության աշխատանքին հասցեագրված ողջամիտ քննադատությունը պետք է դիտարկել որպես ազդակ՝ եղած բացթողումները շտկելու, նոր մարտահրավերները հաղթահարելու, անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ օրենսդրական լուծումներ գտնելու համար: Համակարգային բարեփոխումների համատեքստում այսօր, առավել քան երբևէ, մեր հարկադիր կատարողը պետք է առանձնանա մարդկային և մասնագիտական բարձր որակներով՝ իր ամուր կամային հատկանիշներով, բարոյական արժեհամակարգով, ամենօրյա հաշվետու աշխատանքով: Ուզում եմ այս նշանակալի օրը գնահատանքի խոսքեր ուղղել մեր վետերաններին, ովքեր իրենց ներդրումն ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացման ու զարգացման գործում։ Միևնույն ժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր աշխատակիցներին, ովքեր երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում և իրենց գործառույթներն իրականացնում են նվիրումով և այն գիտակցմամբ, որ առաջնային է պետության և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունն օրենքի տառին համապատասխան: Վստահ եմ՝ առաջնորդվելով սկզբունքայնությամբ, պետական մտածողությամբ, պետության և հասարակության նկատմամբ ունեցած հարգանքով և կենտրոնացնելով բոլորիս փորձառությունը, գիտելիքներն ու ջանքերը՝ կկարողանանք արժանապատվորեն և մեծագույն պատասխանատվությամբ իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորություների ողջ շրջանակը: Կրկին շնորհավորելով բոլորիս Հարկադիր կատարողի մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, անփորձանք ծառայություն՝ ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի»: 
12:36 - 05 մայիսի, 2020
Կարմիր գծերի, ճանապարհային խախտումների համար ԴԱՀԿ-ն արգելանք չի կիրառի արտակարգ դրության ժամանակ |civilnet.am|

Կարմիր գծերի, ճանապարհային խախտումների համար ԴԱՀԿ-ն արգելանք չի կիրառի արտակարգ դրության ժամանակ |civilnet.am|

civilnet.am: Կառավարության այսօրվա արտահերթ նիստում որոշում կայացվեց մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով՝ ապրիլի 14-ի ժամը 17:00-ից մինչև մայիսի 14-ը, ժամը 17:00-ն ներառյալ: Նախագիծը պետք է դրվի Ազգային ժողովի արտահերթ նիստի հաստատմանը։ Հարցը զեկուցեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը նկատեց՝ արտակարգ դրությունը երկարացնելու առումով իրավաչափության խնդիր չկա։ «Նախագծով, որով արտակարգ դրությունը երկարաձգվելու է մինչև մայիսի 16-ը, որոշակի մեղմացումներ են նախատեսվում, այդ թվում՝ ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումների մասով։ Բացի այդ, ԴԱՀԿ-ն արգելանքներ չի կիրառի կարմիր գծերի և երթևեկության խախտումների համար արտակարգ դրության ժամանակ», - ասաց նախարարը։ Այունհետև հարցին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին Հայաստանում վարակի տարածման հետ կապված անկառավարելի իրավիճակ չկա: «Բայց կարծում եմ, որ բոլորս պետք է արձանագրենք մի շատ կարևոր ռիսկ, որի առաջ մենք գտնվում ենք: Պարետատան որոշմամբ ապրիլի 13-ից թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է: Սա արվել է մի քանի նկատառումներով: Սոցիալ-տնտեսական կյանքն էլ ավելի չբարդացնելու նպատակով»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ սա բերելու է վարակակիրների թվի ավելացման ռիսկի: «Սա տեղի կունենա, եթե մեր համաքաղաքացիները նախ իրենք խստորեն չպահպանեն առողջապահության նախարարության ցուցումներն ու անվտանգության կանոնները: Եթե այդ կանոնները ճշգրիտ պահվեն, վարակվելու հավանականությունն էապես կնվազի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է պահել, որպեսզի պարետատունն օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենա: Վարչապետը նաև նշեց, որ ընդհանրապես վերացվում են ԶԼՄ-ների նկատմամբ նախկինում կիրառված սահմանափակումները: «Պայմանով, որ մենք մոնիտորինգ կիրականացնենք՝ հասկանալու համար՝ որքանով են մամուլն ու հանրությունը կարողացել ադապտացվել լրատվական պատեհ քաղաքականությանը: Եթե հանկարծ ռիսկեր առաջանան, ապա կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնեն, և վերջին գործող ռեժիմը կվերականգնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ԴԱՀԿ-ն արտակարգ դրության ռեժիմի ժամանակ երթևեկության և կայանտեղիների հետ կապաված գործերով արգելանքներ չի իրականացնի: «Հետագայում, արտակարգ դրության վերացումից հետո, այդ վարույթները կշարունակվեն»,- ասաց նա: Արտակարգ դրության ժամկերի երկարաձգման նախագիծն այսօր քննարկվելու է  Ազգաին ժողովում: 
13:14 - 13 ապրիլի, 2020
ԴԱՀԿ-ն հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումները կատարել վճարահաշվարկային տերմինալների միջոցով

ԴԱՀԿ-ն հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումները կատարել վճարահաշվարկային տերմինալների միջոցով

Հանրապետությունում կորոնավիրուսի վտանգի կանխարգելման խնդիրներից և առողջապահական անվտանգությունից ելնելով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է քաղաքացիներին բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ» «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց: Այս մասին գրում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջը: «Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև «e-payments» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն այցելելու անհրաժեշտության դեպքում խնդրում ենք պահպանել Առողջապահության նախարարության առաջարկած կանխարգելիչ բոլոր միջոցները։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարով՝ 060-570-435»,-  նշված է հայտարարության մեջ։
13:57 - 14 մարտի, 2020