Նիդերլանդներ

Նիդերլանդներում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տասնյակ տուժածներ
 |shantnews.am|

Նիդերլանդներում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տասնյակ տուժածներ |shantnews.am|

shantnews.am: Նիդերլանդներում մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Նիդերլանդներում երեքշաբթի առավոտյան ուղևորատար գնացքը, որը տեղափոխում էր առնվազն 50 մարդ, ռելսերից դուրս է եկել գծի վրա շինարարական տեխնիկայի հետ բախվելուց հետո, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է, շատերը՝ ծանր, հայտնել են հոլանդական շտապօգնության ծառայությունները: Ինչպես նշվում է, տուժածներից մի քանիսը հոսպիտալացվել են, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Հարավային Հոլանդիայի նահանգի Վորշոտեն գյուղի մոտակայքում վթարի վայր են ժամանել փրկարարական խմբերը։ Բացի դրանից, գործակալությունը, վկայակոչելով Նիդերլանդների երկաթուղիների (NS) հայտարարությունը, Twitter-ի իր միկրոբլոգում ավելացրել է, որ Լեյդեն քաղաքի և Հաագայի որոշ հատվածների միջև ուղևորափոխադրումները չեղարկվել են վթարի պատճառով։
09:50 - 04 ապրիլի, 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ Լաչինի մասին որոշումը չկատարելու հարցով |armeniasputnik.am|

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ Լաչինի մասին որոշումը չկատարելու հարցով |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Նիդերլանդների արտգործնախարարությունը Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ է հրավիրել և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին: Տեղեկանում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ֆեյսբուքյան էջից։ Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման առնչությամբ: Վոբկե Հոկստրան պատասխան նամակում համաձայնել է խորհրդարանականների այն նկատառման հետ, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը:   Նշվել է նաև, որ Հոկստրան քանիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում:   Նիդերլանդների արտգործնախարարը նշել է, որ երկրի կառավարությունը չի կիսում դատարանի որոշման առնչությամբ Ադրբեջանի մեկնաբանությունները։ Հոկստրան շեշտել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի։
12:23 - 23 մարտի, 2023
Նիդերլանդները շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման ուղղությամբ․Նիդերլանդների վարչապետ

Նիդերլանդները շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման ուղղությամբ․Նիդերլանդների վարչապետ

Մարտի 21-ին Նիդերլանդների խորհրդարանում` Եվրոպական առաջիկա գագաթաժողովին նվիրված քննարկումների ժամանակ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի հարցերին պատասխանելիս վարչապետ Մարկ Ռյուտեն հանդես է եկել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մի շարք հայտարարություններով։ Այս մասին ասված է Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ․ «Վարչապետ Մարկ Ռյուտեն մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շատ սահմանափակ է մեկնաբանում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, իսկ Նիդերլանդների կառավարությունը դատավճիռն այդպես չի ընկալում։ Դրա մասին հստակ տեղեկացվել է Ադրբեջանի դեսպանը։ Մարկ Ռյուտեն վստահեցրել է, որ Նիդերլանդական կողմը շարունակում է երկկողմ և Եվրամիության համատեքստում ակտիվ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման ուղղությամբ։ Պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի այն հարցին թե ինչ քաղաքական հետևանքներ ունի այն հանգամանքը, որ Ադրբեջանը գազ է ներկրում Ռուսաստանից, որպեսզի կարողանա Եվրոպային գազ մատակարարել ըստ պայմանավորվածության, վարչապետ Ռյուտեն պատասխանել է, որ Ադրբեջանը սահմանափակ քանակությամբ է գազ ներկրում Ռուսաստանից, այդուհանդերձ Եվրոպական հանձնաժողովը արդեն իսկ հայտարարել է, որ ռուսական գազի ներկրման հարցը քննարկելու է ադրբեջանական իշխանությունների հետ»։
13:14 - 22 մարտի, 2023
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքից, վերադառնալ մինչև սեպտեմբերի 12-ի սահմանները. Նիդերլանդների ԱԳ նախարար |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքից, վերադառնալ մինչև սեպտեմբերի 12-ի սահմանները. Նիդերլանդների ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան շեշտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի փաստն՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները։ Ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ նախարարն այս մասին ասել է՝ ի պատասխան խորհրդարանական մի քանի խմբակցությունների՝ Դավոսում Նիդերլանդների և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցերին: Վոպկե Հուքստրան տեղեկացրել է, որ Դավոսում հունվարին վարչապետ Ռյուտեի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը նախաձեռնվել է նիդերլանդական կողմից՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մտահոգությունները փոխանցելու նպատակով, որի ընթացքում Նիդերլանդների վարչապետն ընգծել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը չպետք է քաղաքական իրավիճակի զոհ դառնա և կարևորել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ ի կատարումն 2020 թ. եռակողմ համաձայնության։ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Նիդերլանդները ԵՄ և ԵԽ շրջանակներում ևս ակտիվորեն աշխատում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով՝ նշելով, նաև որ Ադրբեջանը վատ է կատարում ՄԻԵԴ վճիռները։  Խորհրդարանականների հարցերին պատասխաններում Նիդերլանդների ԱԳ նախարարը հաստատել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից գազ է ներկրում Եվրամիության հանդեպ իր պարտավորությունների կատարումը ապահովելու համար և ընդգծել, որ այդ հարցը բարձրացվելու է Եվրահանձնաժողովի կողմից։  Նախարար Վոպկե Հուքստրան վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիան՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 12.09.2022թ. սահմանները։ Պատասխաններում նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ հավաստիացնելով, որ վերջիններիս հայրենադարձման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվում է Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններում։
21:23 - 09 մարտի, 2023
Քննարկվել են հայ-նիդերլանդական համագործակցության հեռանկարները

Քննարկվել են հայ-նիդերլանդական համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Սխերմերսին և կարևորել բարեկամական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև՝ դրա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնելով: «Երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով ուրախ կլինենք զարգացնել և ընդլայնել կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները: Կողմերն ընդգծել են հատկապես կրթության ոլորտում համագործակցության ներուժը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է հայ-նիդերլանդական բարեկամական համագործակցության շրջանակում դիտարկել, մասնավորապես, միջբուհական համագործակցության զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Քննարկվել է նաև գիտության և հետազոտության ոլորտում, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա», «Էրազմուս+» համագործակցությունների ձևաչափով: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է տանում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Ըստ այդմ՝ արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում: Անդրադառնալով մշակութային ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու փոխհամագործակցությունը մշակույթի և ստեղծագործական ոլորտում: Նախարարը, մասնավորապես, առաջարկել է դիտարկել Նիդերլանդների մշակութային հարթակներում մշակութային միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ: Ժ. Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ մեծանուն հայ կոմպոզիտորի ծննդյան հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում են Հայաստանի նվագախմբերի հյուրախաղերը մի շարք օտարերկրյա պետություններում: ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի խոսքով՝ Հայաստանն ու Նիդեռլանդների Թագավորությունն ունեն մշակութային մի շարք ընդհանրություններ, որոնք կարող են կրթամշակութային ծրագրերի առիթ դառնալ: Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանի դիրքը համաշխարհային սպորտային քարտեզում ընդգծելու ուղղությամբ. «Ուրախ կլինենք Նիդերլանդների ներկայացուցիչներին ևս տեսնել Երևանում նախատեսված միջազգային մրցաշարերին: Կարող ենք դիտարկել նաև համատեղ ուսումնամարզական հավաքների, սեմինարների կազմակերպումը»: Դեսպան Սխերմերսը հայտնել է, որ 2022 թվականի մայիսին Երևանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը Նիդերլանդների թիմը մասնակցել է. առաջիկա մրցաշարերին ևս մասնակիցներ կունենան: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ճամբարների, օլիմպիադաների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրին և հույս հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական գործողություններ ու քայլեր կձեռնարկեն խնդրի կարգավորման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ հումանիտար ճգնաժամի արդյունքում խախտվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ։ Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրրքություն ներկայացնող այլ հարցեր:
16:46 - 03 մարտի, 2023
ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Եղեգնաձորում

ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Եղեգնաձորում

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում: «Եվրամիության առաքելությունը Հայաստանում է: Որոշումը Բրյուսելում պաշտոնապես հաստատել են ԵՄ արտաքին գործերի նախարարները: Դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Նիդերլանդները հպարտ է այս հարցում իր ներդրումն ունենալու համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ 
17:23 - 20 փետրվարի, 2023
Նիդերլանդական հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը
 |armenpress.am|

Նիդերլանդական հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդական հեղինակավոր Trouw ամսագրում լույս է տեսել «Դանդաղ գործողության հումանիտար ճգնաժամ» (Humanitarian crisis in slow motion) վերնագրով հոդվածը՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ։ Հեղինակը ծավալուն անդրադարձ է կատարում Արցախի՝ ավելի քան երկու ամիս ձգվող շրջափակմանը: Նկարագրվում է Ստեփանակերտի բնակիչ Արտյոմ Ծատուրյանի պատմությունը, ով դեկտեմբերին Հայաստան էր բերել մանկական Եվրատեսիլի մասնակիցների մի խումբ, և մինչ օրս, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով չի կարողանում վերադառնալ տուն։ Հեղինակը նշում է, որ Ծատուրյանի օրինակը միակը չէ, 700 արցախցիներ այժմ բնակվում են Հայաստանի տարբեր վայրերում՝ սպասելով տունդարձի բաղձալի պահին։ Ուշագրավ է այն, որ հեղինակն ինքը հեգնանքով է նկարագրում ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստներին, ովքեր, իր իսկ դիտարկմամբ, նախկինում երբևէ բնապահպանական ակտիվությամբ աչքի չեն ընկել։ Անդրադառնալով հակամարտության ներկա հանգրվանին՝ հեղինակը նշում է, որ 2020 թվականի արյունալի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում է տեղակայվել ռուս 2,000 խաղաղապահ՝ խուսափելու համար հետագա հնարավոր բախումներից։ Այնուամենայնիվ, նշվում է, որ ներկա ճգնաժամային պայմաններում տպավորություն է, թե ռուս խաղաղապահ զորակազմը անկարող կամ դժկամ է լուծել իր առջև ծառացած այս խնդիրը։ Հեղինակը մասնավոր զրույցներով և ստացված լուսանկարներով ևս փաստում է, որ արժանահավատ են բոլոր այն պնդումները, որ առկա է սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ իրերի կրիտիկական սակավություն։
17:06 - 20 փետրվարի, 2023
Նիդերլանդները հաստատում է, որ ադրբեջանական շրջափակումը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի |armenpress.am|

Նիդերլանդները հաստատում է, որ ադրբեջանական շրջափակումը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրան համաձայն է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում։ Վոբկե Հոկստրան նման մտահոգություն է հայտնել՝ պատասխանելով պատգամավորներ Ագնես Մալդերի և Դոն Սեդերի հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը: Այս մասին հաղորդում է Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնության տարածած հաղորդագրությունը: Հաղորդագրությունում նշվում է, որ 2023 թ. փետրվարի 10-ի խորհրդարանին ուղղված իր նամակում ԱԳ նախարար Հոկստրան նշել է, որ Նիդերլանդները մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին ԵՄ-ի միջոցով՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ, քանի որ միայն ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով մուտք ունի Լեռնային Ղարաբաղ: Նախարարը գրել է, որ Նիդերլանդները տարբեր բանակցությունների և հայտարարությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել եռակողմ համաձայնագրի դրույթները: «2023 թ. հունվարի 19-ին ես հեռախոսով խոսել եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում ես փոխանցել եմ հումանիտար իրավիճակի վերաբերյալ իմ մտահոգությունները և խնդրել ադրբեջանական կողմին ապահովել ազատ տեղաշարժը: Նույն օրը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում վարչապետը նույն ուղերձն է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին», - Վոբկե Հոկստրայի խոսքերն է մեջբերում Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնությունը։ Նախարարը հավելել է, որ Սեդերի և Մալդերի միջնորդության համաձայն՝ կաբինետը նաև դիտարկում է, թե եվրոպական մակարդակով հետագա ինչ տարբերակներ կան՝ համոզելու Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել շրջափակումը։
10:56 - 14 փետրվարի, 2023
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Նիդերլանդների արտգործնախարարները

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Նիդերլանդների արտգործնախարարները

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի: «Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները:  ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԼՂ վերադարձող երեխաների հետ կապված միջադեպին, Ադրբեջանի կողմից նրանց հանդեպ ցուցաբերած անթույլատրելի վարքագծին:  Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կառավարության հասցեական հայտարարությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման վերաբերյալ:  Միրզոյանն ընդգծել է նաև միջազգային հանրության կողմից գործուն քայլերի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու փորձերը կանխելու նպատակով: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
17:51 - 19 հունվարի, 2023
Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև Լաչինի միջանցքի արգելափակման մասին

 |armenpress.am|

Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև Լաչինի միջանցքի արգելափակման մասին |armenpress.am|

armenpress.am:  Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է դեկտեմբերի 13-ին «Քաղաքական բարեփոխված կուսակցություն», «Քրիստոնեական միություն», «Գյուղացի-քաղաքացի շարժում» և Սոցիալիստական կուսակցությունների խմբակցությունների կողմից ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: Այս մասին տեղեկանում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մամուլի հաղորդագրությունից: Միջնորդության մեջ նշվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին, Ադրբեջանը փակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը և դադարեցրել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը: Փաստաթղթում նաև նշվում է, որ «ռուս խաղաղապահները չեն միջամտում այդ տարածքում, ու որ այս իրավիճակը սպառնում է ստեղծել հումանիտար առումով արտակարգ իրավիճակ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»: Բացի այդ, կառավարությանը կոչ է արվում Եվրոպական խորհրդին հորդորել համատեղ կոչով դիմել Ադրբեջանին՝ դադարեցնել թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ և բացել միջանցքը։ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը ողջունել է միջնորդության ընդունումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից: «Մենք ակնկալում ենք կառավարության արագ գործողությունները՝ վերջ դնելու Ալիևի դաժան բռնապետության կողմից ստեղծված հումանիտար աղետին, մասնավորապես՝ ճանապարհի ապաշրջափակման և շրջափակումը չկրկնելու համար միջազգային երաշխիքների ստեղծման, ինչպես նաև Եվրամիության կողմից Ստեփանակերտ օդային փոխադրումներ կազմակերպելու միջոցով», - նշված է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մամուլի հաղորդագրությունում։
20:12 - 14 դեկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Նիդերլանդների իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հուկստրայի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել դինամիկ զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել հետևողական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ:  Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման ուղղությամբ Նիդերլանդների հետ հաստատված սերտ փոխգործակցությունը: Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը։ Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ սեփական առավելապաշտական նպատակներին հասնելու Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության հասցեական և սկզբունքային գնահատականները կարող են նպաստել Հարավային Կովկասում կայունության հաստատմանը: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան  հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ այն դրական դեր է խաղում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:
09:51 - 02 դեկտեմբերի, 2022
Նիդերլանդների խորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող երկիր |hetq.am|

Նիդերլանդների խորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող երկիր |hetq.am|

hetq.am: Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 24-ին Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող երկիր, ինչը պայմանավորված է Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման հետ։ Այդ մասին հայտնում է NRC Handelsblad-ը։ Խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունն աջակցել է GroenLinks («Կանաչ ձախեր) կուսակցության պատգամավոր Թոմա Վան դեր Լիի առաջարկին։ Իր նախագծում պատգամավորն ընդգծում էր, որ ռուսական բանակը «համակարգված և մտածված» հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքացիական թիրախներին, որի հետևանքով երկրի բնակչության մեծամասնությունը մնացել է առանց էլեկտրականության։ Այդ երկրի արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան հայտարարել է, որ խորհրդարանի որոշումն ունի խորհրդանշական բնույթ, քանի որ Նիդերլանդների օրենսդրությամբ չի նախատեսվում հետևանքներ այն երկրների համար, որոնք ճանաչվել են ահաբեկչության հովանավոր։ Նոյեմբերի 23-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել էր նմանատիպ որոշում։ Խորհրդարանում նշել էին, որ քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում էներգետիկ ենթակառուցվածքներին, հիվանդանոցներին, դպրոցներին և ապաստարաններին, ռուսական զորքերի հարվածները միջազգային իրավունքի խախտում են։ Նոյեմբերի 21-ին էլ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն էր ՌԴ-ին ճանաչել ահաբեկչական պետություն։ Փաստաթուղթը կոչ էր անում ստեղծել ռուսական ագրեսիայի հատուկ միջազգային տրիբունալ։ Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ ընդունած բանաձևում էլ նշվում էր, որ Ռուսաստանը ահաբեկչական վարչակարգով երկիր է։  
13:08 - 25 նոյեմբերի, 2022