Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար։ 

Ծնվել է 1956 թ. ապրիլի 28-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ 

1978 թ. -ին ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ոազմական ուսումնարանը
1991 թ.-ին՝ Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան։

1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1991-1992 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար,  ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ 1992-1994 թթ եղել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1994-1999 թ.՝ ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

1999թ-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2020թ.-ի օգոստոսի 19-ից եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը։ 
2020թ. նոյեմբերի 20-ից մինչև 2021 թ․-ի հուլիսի 20-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1994 թ. ստացել է գեներալ-մայորի, 1996 թ․-ին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի,
ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ:
Պարգևատրվել է անվանական զենքով՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից:
Արցախյան պատերազմի մասնակից է:

Մոսկվան գործադրելու է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության խաղաղ հանգուցալուծման բոլոր ջանքերը. Շոյգուն՝ Հարությունյանին

Մոսկվան գործադրելու է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության խաղաղ հանգուցալուծման բոլոր ջանքերը. Շոյգուն՝ Հարությունյանին

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Մայիսի 17-ին հեռախոսազրույց է վարել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի քանի խմբեր վերադարձել են ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը նշանակում է, որ խնդիրն, ընդհանուր առմամբ, դեռևս չի հանգուցալուծվել։ Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները, շեշտելով, որ իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։ ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար։
19:13 - 17 մայիսի, 2021
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը, արձանագրելով, որ չնայած հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում և, փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել։  Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Ստանիսլավ Զասն իր հերթին նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ այն քննարկվելու է առաջիկա օրերին, Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
17:14 - 17 մայիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով Սյունիքում ստեղծված իրադրությունը

Վաղարշակ Հարությունյանը Ստանիսլավ Զասին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով Սյունիքում ստեղծված իրադրությունը

Մայիսի 14-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում Սյունիքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Շեշտելով իրադրության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը՝ միևնույն ժամանակ, Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ այսօրինակ սադրանքները, նշելով, որ դրանք էապես վտանգում են առանց այն էլ փխրուն խաղաղությունը՝ սպառնալիք հանդիսանալով նաև տարածաշրջանային անվտանգությանը։ ՀՀ պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը, ստեղծված իրադրության առնչությամբ պաշտնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն ու Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց էին ունեցել նաև մայիսի 13-ի երեկոյան, որի ավարտից հետո ՀԱՊԿ մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվում էր. «Կազմակերպությունում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին: Իրավիճակի զարգացմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն»։
17:56 - 14 մայիսի, 2021
Ադրբեջանցիների ներխուժած վայրերում տեղանքը, զինվորականները և ապահոման ճանապարհները հայկական բանակի վերահսկողության տակ են. ՀՀ ՊՆ-ն՝ Շոյգուին

Ադրբեջանցիների ներխուժած վայրերում տեղանքը, զինվորականները և ապահոման ճանապարհները հայկական բանակի վերահսկողության տակ են. ՀՀ ՊՆ-ն՝ Շոյգուին

Մայիսի 14-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը։ Վաղարշակ Հարությունյանը ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է ստեղծված իրադրությունում հայկական կողմի գործողությունները, նշելով, որ բոլոր այն վայրերում, այդ թվում նաև Սև լճում, ուր ներխուժել են ադրբեջանցիները, թե՛ ամբողջ տեղանքը, թե՛ զինվորականները և թե՛ նրանց ապահովման ճանապարհները գտնվում են հայկական բանակի լիարժեք վերահսկողության տակ։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ցանկացած ոտնձգություն։ Հեռախոսազրույցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախբի առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ 
17:04 - 14 մայիսի, 2021
Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը

Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը

Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին (հիշեցնենք, որ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը): Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները,  Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։ Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նախանշված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով։
16:49 - 14 մայիսի, 2021
Հարությունյանն ու Զասը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել. ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել |armtimes.com|

Հարությունյանն ու Զասը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել. ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել |armtimes.com|

armtimes.com: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին РИА Новости-ին է հայտնել կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «ՀԱՊԿ քարտուղարությունն իրավիճակի հետ կապված ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստացել, սակայն աշխատանքային ակտիվ շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ։ Մասնավորապես գլխավոր քարտուղարը իրավիճակն այսօր ևս մեկ անգամ քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ»,- ասել է Զայնետդինովը։ Քիչ առաջ էլ Գորիսում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ՀԱՊԿ-ին դիմումը պաշտոնապես ուղարկվել է:
15:21 - 14 մայիսի, 2021
Ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները. Վաղարշակ Հարությունյան

Ամբողջովին պահպանվում են անկախ Հայաստանի ճանաչված սահմանները. Վաղարշակ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, թե օրերս Սյունիքի մարզի Արավուս գյուղում տեղի ունեցած միջադեպը ինչպե՞ս է մեկնաբանում նախարարը։ Հիշեցնենք, որ Արավուս գյուղում հովիվը եղել է ադրբեջանական դիրքերից 50 մետր հեռավորության վրա և ադրբեջանցի զինվորականները  բռնության են ենթարկել վերջինիս։  Նախարարը  նշեց, որ հովիվն է մոտեցել ադրբեջանական դիրքերին և դա է եղել քաշքշուկի պատճառը։ Անդրադառնալով սահմանների վերաբերյալ քննարկումներին, Հարությունյանն ասաց․ «Այն սահմանը, որ նախատեսված էր Սովետական Միությամբ և անկախ Հայաստանի ճանաչված սահմանը, ամբողջովին պահպանվում է: Կան տեղեր, որտեղ մեր դիրքերը 50 մետր առաջ են, կան տեղեր, որ հակառակը: Սա պայմանավորված է նրանով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ հնարավոր լինի ապահովել անվտանգությունն ու վերահսկողությունը»: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ, սակայն կարևորեց այն, որ այժմ չկան միջադեպեր,  որոնք կհանգեցնեն զոհերի և վիրավորների: Հարությունյանի խոսքով նման միջադեպերից խուսափելու համար համապատասխան մարմինները պետք է իրազեկեն քաղաքաղցիներին, աշխատանք տանեն, որպեսզի նրանք չմոտենան դիրքերին։ «Սա շփման  գծի բնական կյանքն է, դա եղել է միշտ՝ նախորդ 30 տարում, սահմանի տարբեր հատվածներում»,- եզրափակեց Հարությունյանը։  
17:14 - 05 մայիսի, 2021
ՊՆ-ն նախատեսում է բանակի հրամկազմի պրակտիկան կազմակերպել տարբեր երկրների զորամասերում |armenpress.am|

ՊՆ-ն նախատեսում է բանակի հրամկազմի պրակտիկան կազմակերպել տարբեր երկրների զորամասերում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարարությունը նախատեսում է բանակի հրամանատարական կազմի համար պրակտիկա անցնելու հնարավորություն ստեղծել տարբեր պետությունների զորամասերում: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանի հարցին: «Մենք խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը ժամանակակից իրավիճակին: Պետք է այսօրվա հրամկազմն անցնի տարբեր պետությունների զորամասերում պրակտիկա, որպեսզի ռազմավարական օղակի սպայակազմն ունենա գիտելիքներ, որոնք օգտագործվում են տարբեր պետություններում»,- ասաց Հարությունյանը: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նախատեսվում է թարմացնել նաև ռազմական համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև կուրսանտներին սովորեցնել օգտվել ժամանակակից սպառազինությունից: Հարությունյանը հավելեց, որ Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, ըստ որի, ՌԴ-ն պատրաստ է վերապատրաստման համար ընդունել անսահմանափակ թվով զինվորականների:
17:06 - 05 մայիսի, 2021
Պաշտպանության նախարարն «Աստղիկ» ԲԿ-ում տեսակցել է վիրավոր զինծառայողներին

Պաշտպանության նախարարն «Աստղիկ» ԲԿ-ում տեսակցել է վիրավոր զինծառայողներին

Մայիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և  զինված ուժերի ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:   Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին։ Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի և կապիտան Հայկ Ավանեսյանի ապաքինման ընթացքը: Զեկուցվել է, որ Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, և մի քանի օրից նա կտեղափոխվի Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։   Կապիտան Հայկ Ավանեսյանի հետագա բուժումն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ հստակ քայլեր և առաջարկություններ կներկայացվեն հավելյալ հետազոտություններից հետո:   Վաղարշակ Հարութունյանը բարձր է գնահատել բժիշկների կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ զինծառայողների ապաքինման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
10:12 - 02 մայիսի, 2021
ՀՀ ՊՆ ղեկավարը և Հնդկաստանի դեսպանը հատուկ ուշադրություն են դարձրել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին

ՀՀ ՊՆ ղեկավարը և Հնդկաստանի դեսպանը հատուկ ուշադրություն են դարձրել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ` համագործակցությանը գործնական ընթացք հաղորդելու նպատակով: Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես, Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողությունների ընթացքի և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի, տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:
20:08 - 26 ապրիլի, 2021
Կանադան ուսումնասիրում է ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին սարքավորումներ վաճառելու սահմանափակումների խնդիրը

Կանադան ուսումնասիրում է ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին սարքավորումներ վաճառելու սահմանափակումների խնդիրը

Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Էլիսոն Մարի Լե Քլերին (նստավայրը` ք. Մոսկվա) և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրեյգ Ֆոուլերին (նստավայրը` ք. Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողությունների և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշել տարածաշրջանում առաջացած նոր անվտանգային սպառնալիքները: Տիկին դեսպանը տեղեկացրել է, որ Կանադայում լրջորեն ուսումնասիրում են ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին կանադական սարքավորումներ վաճառելու սահմանափակումների հետ կապված խնդիրը՝ ապագայում նման դեպքերի բացառման համար: Զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
19:10 - 26 ապրիլի, 2021
Հայաստանն ու Կիպրոսն ունեն համանման անվտանգային մարտահրավերներ. Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Խարալամբոս Պետրիդեսի հետ

Հայաստանն ու Կիպրոսն ունեն համանման անվտանգային մարտահրավերներ. Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Խարալամբոս Պետրիդեսի հետ

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությանը:   Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:   Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և եռակողմ` Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Նշվել են փոխգործակցության առաջնային ուղղությունները, որոնք ներառում են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության լայն շրջանակ: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության միջոցառումների անցկացման` համավարակով պայմանավորված ժամանակավոր դադարեցումից հետո, ընթացիկ տարվա երկրորդ կեսին, հնարավոր կլինի հաստատել համագործակցության հետագա ծրագրերը և անցել դրանց ակտիվ իրականացմանը:   Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների մանրամասներ և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակը:   Կիպրոսի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ երկու երկրներն ունեն համանման անվտանգային մարտահրավերներ և, հաշվի առնելով ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի ձեռք բերած փորձը, ընդգծել մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:   Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում շարունակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ քննարկումները:
17:24 - 25 ապրիլի, 2021