Մինսկի խումբ

Մինսկի խումբը (ՄԽ) ձևավորվել է 1992 թվականին։  ՄԽ-ի գործունեության նպատակը Արցախյան հակամարտության խաղաղ կարգարումն է:

Մինսկի խմբի համանախագահող երկրներն են Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտի), Ռուսաստանի Դաշնությունը (Իգոր Խովաև) և Ամերիկայի Միացյալ Նահանգները (Էնդրյու Շոֆեր):

Արցախի նախագահը Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի դեմ

Արցախի նախագահը Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի դեմ

Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Այս մասին ասվում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հանրությանն ուղղված հայտարարության մեջ: «Այս շրջափակումը, որը հիմնված է հայերի դեմ ռասայական ատելության ադրբեջանական պետական քաղաքականության վրա, համընդգրկուն է. այն զրկում է 120,000 արցախցիներին սննդի, էներգիայի, առողջապահական և այլ կենսական ապրանքների ու ծառայությունների բնականոն հասանելիությունից և, հետևաբար, լուրջ, կանխամտածված և զանգվածային հարձակում է մեր հայրենակիցների կյանքի ու այլ իրավունքների նկատմամբ։ Հունվարի 20-ից, շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի լուրջ սղությունը հաղթահարելու համար, Արցախի կառավարությունը ստիպված է եղել սահմանափակել սննդի հասանելիությունը կտրոնների միջոցով՝ յուրաքանչյուր անձի համար ամսական մեկ կիլոգրամ բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, շաքարավազ և ձեթ, որոնց շրջանակը կավելացվի առաջիկայում: Խիստ ձմռան պայմաններում խափանելով նաև էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ Ադրբեջանը խորացրել է մարդասիրական ճգնաժամն Արցախում: Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով հանրապետության բոլոր մանկապարտեզները, տարրական և միջնակարգ դպրոցները փակվել են՝ երկրի շուրջ 20,000 երեխաներին և պատանիներին զրկելով նորմալ կրթությունից։ Կասեցվել են նաև տնտեսական բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքները՝ հազարավոր քաղաքացիների դարձնելով գործազուրկ: Դադարել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված մոտ 3,700 բնակարանների կառուցման և այլ շինարարական աշխատանքները: Դադարել են նաև պլանային վիրահատությունները՝ այդպիսով լրացուցիչ վտանգի տակ դնելով շուրջ 600 քաղաքացու առողջությունն ու կյանքը: Մենք երախտապարտ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՌԴ խաղաղապահ առաքելությանն իրենց ջանքերի համար՝ ապահովելու ճգնաժամային իրավիճակում հայտնված մոտ 90 ծանր հիվանդ մարդկանց տեղափոխումը Հայաստան, վերամիավորելու տասնյակ բաժանված ընտանիքների և Արցախ տեղափոխելու նվազագույն սննդամթերք, որը թույլ է տալիս մեզ կանխել սովամահության դեպքերը։ Իրավիճակն , այնուամենայնիվ, մնում է անտանելի՝ սննդամթերքի, դեղորայքի ու այլ կենսական պարագաների մեծ սղության, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանման, հազարավոր ընտանիքների բաժանման, տնտեսության փլուզման և այլ ճգնաժամային պայմաններում։ Մենք ողջունում ենք բազմաթիվ երկրների գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հստակ կոչերն Ադրբեջանին՝ անհապաղ ու անվերապահ կերպով վերացնելու շրջափակումը: Այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելությամբ լեցուն անզիջողականության պայմաններում: Ահա թե ինչու միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես նա վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում: Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև՝ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ: Այդ համատեքստում մենք հորդորում ենք նրանց պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը մտնում է մարդկության դեմ (erga omnes) հանցագործությունների իրավական հասկացության մեջ։ Դրա կանխումը բարոյական, իրավական և քաղաքական պարտավորություն է, որը պարտադիր է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի, միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է առավելագույնը կատարել նաև Արցախի ժողովրդի պաշտպանության և սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու համար»,-ասվում է տեքստում:
10:03 - 13 փետրվարի, 2023
Ռուսական ագրեսիան եւ միակողմանիությունը խաթարել են Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ․ Վեդանտ Փաթել |news.am|

Ռուսական ագրեսիան եւ միակողմանիությունը խաթարել են Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ․ Վեդանտ Փաթել |news.am|

news.am: ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Փաթելը փետրվարի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է՝ Ռուսաստանը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։  Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելը մնում է անփոփոխ առաջնահերթություն ոչ միայն այդ վարչակազմի, այլեւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, ինչի մասին, մասնավորապես, վկայում են այդ հարցերի շուրջ նրա անմիջական շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Եվ դա այն է, ինչի վրա մենք շարունակելու ենք կենտրոնանալ: Լրագրողը նշել է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան քննադատել է Վաշինգտոնի և Բրյուսելի խաղաղարար ջանքերը Հարավային Կովկասում եւ հարց է ուղղել, թե արդյոք Վաշինգտոնը սատարում է ռուսական կողմից կազմակերպված հանդիպումները՝ հիշեցնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրորը փորձում է կազմակերպել եւս մեկ հանդիպում. «Ինչ վերաբերում է Ռուսաստանին․․․Փաստն այն է, որ ռուսական ագրեսիան և միակողմանիությունը խաթարել են մի շարք ուղղություններով տարվող ջանքերն ու Մինսկի խմբի ձևաչափում արդյունավետ աշխատանքի մի շարք հեռանկարներ»,-ասել է Փաթելը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես «հավատարիմ է մնում խաղաղությանն աջակցելու ցանկացած ուղղությամբ փոխգործակցությանը, լինի դա երկկողմ հիմքի վրա, լինի դա ԵՄ-ի ներսում մեխանիզմների միջոցով, լինի դա ԵԱՀԿ-ի միջոցով»։ «Հարավային Կովկասում խաղաղությանը աջակցելը մեզ համար մնում է անփոփոխ առաջնահերթություն»,-հավելել է նա։ 
11:55 - 11 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը: Հիշեցնենք, որ այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Հայաստանում է։ Խովաևի հետ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 
16:59 - 10 փետրվարի, 2023
Նիկոլ Փաշինյանն ընդունել է  Իգոր Խովաևին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իգոր Խովաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
17:26 - 09 փետրվարի, 2023
Բլինքենի նոր խորհրդականը ներկայացնելու է ԱՄՆ-ն ՄԽ համանախագահության ձևաչափում. Պետդեպ
 |armeniasputnik.am|

Բլինքենի նոր խորհրդականը ներկայացնելու է ԱՄՆ-ն ՄԽ համանախագահության ձևաչափում. Պետդեպ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նոր ավագ խորհրդական Լուիս Բոնոն ներկայացնելու է ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ինչպես իր նախորդները։ Ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանտ Պատելը` անդրադառնալով Բոնոյի նշանակմանը։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի կայքից։ «Էնթոնի Բլինքենը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ` սա մի բան է, ինչը շարունակելու ենք անել։ Ինչ վերաբերում է պարոն Բոնոյին, ապա նա առաջնորդելու է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ուղղությամբ ԱՄՆ ներգրավվածությունը։ Սա Բայդենի վարչակազմի համար մշտական առաջնահերթություն է»,-ասել է Պատելը։ Նրա խոսքով` Բոնոն պետքարտուղարությունում ավագ ղեկավար է, որը զգալի փորձ ունի բարդ հարցերի շուրջ աշխատելու: Բացի այդ, ըստ Պատելի, Բոնոն վայելում է Բլինքենի և դեպարտամենտի անձնական վստահությունն այս նոր դերը ստանձնելու հարցում։ Նշենք, որ նախկինում Բոնոն եղել է ՄԱԳԱՏԷ-ում և ՄԱԿ-ի կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար Վիեննայում, ինչպես նաև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի և պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը:
12:42 - 02 փետրվարի, 2023
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են՝ ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով

Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը երեք բանաձև է ընդունել Բրազիլիայում, Մարոկկոյում և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։ Բանաձևի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում ասվում է․ «Խորհրդարանը ցավում է ծանր հումանիտար ճգնաժամի համար, որն առաջացել է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակման հետևանքով։ Քանի որ միջանցքը պատերազմից տուժած տարածաշրջանը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերաբացելու այն՝ ապահովելու հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը առավել խոցելի խմբերի համար»։ Բանաձևն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բանաձևով կոչ է արվում թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը մեկնել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար: «Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են տարածքում ներկա ռուս «խաղաղապահների» անգործությունը և գտնում են, որ դրանք պետք է փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով։ Նրանք նաև կոչ են անում ԵՄ-ին ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի գործողությունների, Ռուսաստանի ապակառուցողական դերի կամ Մինսկի խմբի անգործության պատճառով»,- ասվում է բանաձևի մեջ։   Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
16:23 - 19 հունվարի, 2023
Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:   Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:   Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
17:49 - 03 դեկտեմբերի, 2022
Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ |armenpress.am|

Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն: Այս մասին «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նա ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ խորապես կարևորելով «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը: «Մեր օրերում, երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարը: Մեր այս դիրքորոշումը պետք է ընկալելի լինի նաև Հարավային Կովկասում իրենց տարածաշրջանային շահերը հետապնդող երկրների համար:Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին»,-ասել է ԱԺ նախագահն իր ելույթում: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները: «Ադրբեջանը ցայսօր, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, որոնք որակվում են ինչպես հայատյացության դրսևորում, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման և հատկապես՝ խաղաղապահ առաքելության չեզոքացման նենգ դրսևորում: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ»,-ասել է Թովմասյանը, հավելելով, որ արցախահայությունը  կանգնած է անցյալից դասեր առնելու, ընդօրինակելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև: Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է: «Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը: Աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը»,-ընդգծել է Արթուր Թովմասյանը:
17:03 - 26 նոյեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Հոկտեմբերի 2֊ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ է համարվել Ադրբեջանի կողմից կատարված հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը միջազգային հանրության կողմից և հանցագործների պատասխանատվության ենթարկումը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
21:29 - 02 հոկտեմբերի, 2022
Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ, անդրադարձել Ադրբեջանի ԶՈՒ-ի պատերազմական հանցագործություններին

Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ, անդրադարձել Ադրբեջանի ԶՈՒ-ի պատերազմական հանցագործություններին

Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։ Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված պատերազմական հանցագործություններին, որոնց վերաբերյալ տեսանյութերն ադրբեջանական կողմը լայնորեն տարածում է սոցիալական ցանցերում` նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմը գործադրելու է բոլոր ջանքերը` մեղավորներին համարժեք պատասխանատվության ենթարկելու համար։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: »
19:46 - 02 հոկտեմբերի, 2022
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունն արձագանքել է Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարություններին։ «Գիտե՞ք, որ 1997 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան, ԱՄՆ-ի և Ռուսատանի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի»,- նշված Twitter-յան միկրոբլոգում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ: Երկրի ԱԳՆ-ից նշել էին՝ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման։ Նշենք, որ նմանատիպ հայտարարություն արել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում նշելով, թե Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։  
19:00 - 27 օգոստոսի, 2022
ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ զրույցում կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Հուլիսի 25-ին հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Նշենք, որ երեկ Բլինքենի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ գործընկերների հետ ներգրավվելուն, որ աջակցեն Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ համապարփակ խաղաղության հասնելու հարցում։ Նա նաև կոչ է արել Ալիևին ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանային տրանսպորտային կապերի կոմունիկացիաների բացմանը: Նա խրախուսել է շարունակել երկխոսությունը, ինչպես, օրինակ, վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ Իլհամ Ալիևը թբիլիսյան հանդիպումը գնահատել է որպես առաջին քայլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանը արդեն ձևավորել է իր հանձնաժողովի կազմը խաղաղության պայմանագրի պատրաստման համար և հայկական կողմից սպասում է նույն քայլին։ «Զրույցի ընթացքում ողջունվել է վերջերս Ադրբեջանի և ԵՄ հանձնաժողովի միջև էներգետիկ ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների վերաբերյալ»,- նշված է ադրբեջանական գործակալության հաղորդագրության մեջ։
11:20 - 26 հուլիսի, 2022
Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է. «Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։ Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը»,- ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ։
18:31 - 25 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ դերը՝ որպես տարածաշրջանային անվտանգության ամենամեծ կազմակերպություն, և բարձր է գնահատել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը՝ իբրև ԵԱՀԿ պատասխանատվության գոտում համապարփակ և անբաժանելի անվտանգության ապահովման շուրջ երկխոսության խորհրդարանական հարթակ:  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտին համակարծիք էին, որ պատվիրակության այցը լավ առիթ է՝ ուրվագծելու կողմերի միջև փոխշահավետ համագործակցության նոր հնարավորությունները: Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով տարվող աշխատանքների շուրջ դիրքորոշումները։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած Ադրբեջանի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի և Լեռային Ղարաբաղի հակամարտություն չկա, միջազգային հանության շրջանում առկա է համընդհանուր կոնսենսուս առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ: Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:  Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակաբար հայտարարվող նկրտումները, որոնք լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու հայտարարությունների անկեղծությունը։ ԱԳ նախարարը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նպատակաուղղված քաղաքականություն է վարում 44-օրյա պատերազմի իրվերահսկողության տակ անցած տարածքներում հայկակակն կրոնական ու մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրման և ոչնչացման ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծվել է հրատապ լուծում պահանջող այս խնդիրների լիարժեք հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական քայլերի կարևորությունը։ 
20:18 - 16 հունիսի, 2022