Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 71 միլիոն 560 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 71 միլիոն 560 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 71 միլիոն 560 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 603 հազարից: Ապաքինվել է ավելի քան 49 միլիոն 780 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 16  մլն 295 հազար 714 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 302 հազար 762 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 829 հազար 136-ի, մահերինը՝ 142 հազար 680-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 836 հազար 313 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 180 հազար 453: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 2 մլն 625 հազար 848 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 28 հազար 137 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 46 հազար 453 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ֆրանսիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 2 մլն 351 հազար 372, մահերինը՝ 57 հազար 567: Տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան, Իսպանիան, Արգենտինան: Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 100 հազար 818 վարակվածության ընդհանուր, 51 հազար 949 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 187 հազար 006-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 1744 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 79-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 86 հազար 701 է, որից ապաքինվել է 81 հազար 774-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 220-ը:
17:22 - 12 դեկտեմբերի, 2020
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ՌԴ մի շարք քաղաքացիների դեմ
 |tert.am|

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ՌԴ մի շարք քաղաքացիների դեմ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ՌԴ մի շարք քաղաքացիների և կազմակերպությունների դեմ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նրանց մեղադրում են մարդու իրավունքները խախտելու մեջ: Ամերիկյան պատժամիջոցային ցանկում «Մագնիտսկու ակտի» շրջանակներում ընդգրկվել են Չեչնիայի ղեկավարի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մարտինով Դանիիլը, Հանրապետության փոխվարչապետ Ուսմաև Վախիտը, Ռամզան Քադիրովի ներկայացուցիչ Սաբսաբի Զիյադը և Չեչնիայի այլ ներկայացուցիչներ:   Բրիտանական պատժամիջոցային ցանկում ընդգրկվել են Չեչնիայի Արգուն քաղաքի  ոստիկանապետը, Չեչնիայի ներքին գործերի փոխնախարարը և «Տերեկ» արագ արձագանքման հատուկ ջոկատը: Նրանց դեմ պատժամիջոցներ են սահմանվել ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ հալածանքների համար:  
22:02 - 10 դեկտեմբերի, 2020
Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից |azatutyun.am|

Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական «եռյակը» կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից և միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԵ) մուտքի սահմանափակումներից։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։ «Իրանի հայտարարությունները ուրանի հարստացման գործարաններում երեք նոր ցենտրիֆուգների կասկադ տեղադրելու մասին հակասում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և խորը մտահոգություն առաջացնում», - հայտարարել են Իրանի հետ միջուկային ծրագրի սահմանափակման հարցով համաձայնագրի կողմ հանդիսացող եվրոպական երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները։ Իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունից հետո պաշտոնական Թեհրանը կոշտացրել է դիրքորոշումը միջուկային ծրագրի հարցում։ Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն, ում արևմտյան հատուկ ծառայությունները համարում են Իրանի միջուկային ծրագրի ղեկավար, հարձակման էր ենթարկվել «զինված ահաբեկիչների կողմից»: Պաշտոնական Թեհրանը կատարվածի մեջ Իսրայելին է մեղադրում: «Նման ահաբեկչական գործողությունները ոչ միայն չեն խանգարի իրանցի գիտնականների ջանքերին, այլև նրանց է՛լ ավելի նպատակասլաց կդարձնեն», - հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:
14:55 - 07 դեկտեմբերի, 2020
Խնդրում ենք շուտափույթ զբաղվել ՄԹ-ում ՀՀ դեսպանի նշանակման գործով` ընտրելով հայկական դիվանագիտական կորպուսի ամենափորձառու անդամներից մեկին. ՄԹ հայ համայնք

Խնդրում ենք շուտափույթ զբաղվել ՄԹ-ում ՀՀ դեսպանի նշանակման գործով` ընտրելով հայկական դիվանագիտական կորպուսի ամենափորձառու անդամներից մեկին. ՄԹ հայ համայնք

Միացյալ Թագավարության հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների կողմից նամակ է նախաձեռնվել, ստորագրվել  ու ուղարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Նամակը ՄԹ-ում Հայաստանի դեսպան նշանակելու հրատապ անհրաժեշտության մասին է։ Նամակը՝ ստորև.   «Մեծարգո պարոն Նախագահ, Մեծարգո պարոն Վարչապետ, Մեծարգո պարոն Նախարար,   Դիմում ենք Ձեզ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության (ՄԹ) հայկական համայնքի անունից։ 2019 թվականի հուլիսին ՄԹ-ում  Հայաստանի Հանրապետության դեսպան՝ երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի մահվանից հետո ՄԹ-ում չի նշանակվել ՀՀ դեսպան։ Առանց այն էլ սակավաթիվ աշխատակազմ ունեցող դեսպանատան համար սա լուրջ հարված է  ներուժի և ՄԹ-ում  ներկայացուցչական կշռի իմաստով: Սա բնականաբար անդրադառնում է ՄԹ-ում ՀՀ շահերի պաշտպանության, ինչպես նաև ՄԹ-ում հայկական համայնքի և ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացման արդյունավետության վրա։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սույն թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած հանցավոր պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական համայնքը փորձել է ինքնակազմակերպվել և ուժերի ներածին չափով թե՛ ֆինանսական և թե՛  քաղաքական աջակցություն ցուցաբերել Մայր Հայրենիքին։ Այդ աշխատանքները սակայն, մեր խորին համոզմամբ, շատ ավելի արդյունավետ կլինեին, եթե համապատասխան ներուժով զինված և դիվանագիտական բարձր մակարդակով ներկայացված դեսպանատունը նախ ակտիվորեն աշխատեր ՄԹ-ան քաղաքական շրջանակների և հասարակության հետ, և երկրորդ՝ խաղար համակարգող դեր համայնքի ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու գործում։ Այժմ, երբ Արցախի գոյամարտը մտնում է լարված դիվանագիտական, իրավական և քաղաքական փուլ, լիարժեք աշխատող, դիվանագիտական լավագույն կադրերով զինված դեսպանատան առկայությունը ՄԹ-ում դառնում է օրհասական խնդիր, որն ունի շուտափույթ լուծման կարիք։ Սա էլ ավելի է կարևվորվում, հաշվի առնելով Ադրբեջանի լավագույնս ներկայացված լինելը և շատ ակտիվ աշխատանքը ՄԹ-ում՝ ի պաշտպանություն Արցախի հարցում իրենց շահերի։ Մենք պարտավոր ենք ունենալ համապատասխան կարողություններ թշնամու այդ ջանքերը հակադարձելու համար։ Մենք չենք կարծում, որ դիվանագիտության մեջ կարող ենք մեզ թույլ տալ քաղաքական ֆատալիզմ և ձեռք քաշել պայքարի առավել ծանր ու դժվար ճակատներից։ Հակառակը, ամենաբարդ ճակատը պետք է ամենալավը զինված և պաշտպանված լինի։ ՄԹ-ի շահերը և քաղաքական հետաքրքրությունները չեն սկսվում և ավարտվում նավթա-գազային արդյունաբերությունում նրա ունեցած շահերով։ ՄԹ-ն շատ ավելի բարդ քաղաքական կառույց է և մենք վստահ ենք, որ ճիշտ, գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում Հայաստանի շահերը կարող են համարժեքորեն ներկայացված և պաշտպանված լինել ՄԹ-ում, այդ թվում նաև այստեղի համայնքի ավելի համակարգված և նպատակային աշխատանքի շնորհիվ։ Այսպիսով՝ խնդրում ենք Ձեզ շուտափույթ զբաղվել ՄԹ-ում Հայաստանի դեսպանի նշանակման գործով, ընտրել հայկական դիվանագիտական կորպուսի ամենափորձառու, ամենակարող և ամենաներկայացուցչական անդամներից մեկին՝ հաշվի առնելով ՄԹ-ում մեր շահերը ներկայացնելու հետ կապված թե՛ դժվարությունները և թե՛ կարևորությունը։ Մնում ենք Ձեր տրամադրության տակ՝ Ձեր ցանկացած հարցադրման պատասխանելու  կամ Ձեզ այս գործում հնարավորինս աջակից լինելու պատրաստակամությամբ։ Հարգանքներով՝ Միացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչներ (Համայնքի 80 անդամի ստորագրություն) Այժմ, երբ Արցախի գոյամարտը մտնում է լարված դիվանագիտական փուլ, լիարժեք աշխատող, դիվանագիտական լավագույն կադրերով զինված դեսպանատան առկայությունը ՄԹ-ում դառնում է օրհասական խնդիր»։
11:31 - 30 նոյեմբերի, 2020
Բրիտանիան եւ Ֆրանսիան ստորագրել են համաձայնագիր անօրինական միգրանտների թիվը կրճատելու մասին |news.am|

Բրիտանիան եւ Ֆրանսիան ստորագրել են համաձայնագիր անօրինական միգրանտների թիվը կրճատելու մասին |news.am|

news.am: Բրիտանիան եւ Ֆրանսիան ստորագրել են 31,4 մլն եվրո արժողությամբ համաձայնագիր, որի նպատակն է կրճատել Լա Մանշ նեղուցը հատող անօրինական միգրանտների թիվը, գրում է Independent-ը: Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Փրիթի Փաթելն ու նրա ֆրանսիացի գործընկեր Ժերալդ Դարմանենը հայտարարել են, որ պատրաստվում են մեծացնել ոստիկանների ներկայությունը, դրոնների կիրառումը, որպեսզի զգալի չափով բարդացնեն նեղուցի հատումն անօրինական միգրանտների համար: Նշվում է, որ միայն այս տարի լա Մանշը հատել է ավելի քան 8 000 միգրանտ: Համաձայնագրի շրջանակում կավելանա ֆրանսիացի ոստիկանների թիվը, որոնք պարեկային ծառայություն են մատուցում առափնյա շրջանում: Բացի այդ, կմեծանա դիտորդական տեխնոլոգիաների, այդ թվում՝ անօդաչուների, ռադիոլոկացիոն սարքավորման, տեսախցիկների եւ բարձր տեխնոլոգիական հեռադիտակների թիվը: Փաթելի խոսքով՝ Ֆրանսիայի իշխանությունները կանխարգելել են նեղուցի միջոցով ավելի քան 5000  անօրինական միգրանտի մուտքը Մեծ Բրիտանիա: Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ 1999 թվականից ի վեր Լա Մանշը հատելու փորձի ժամանակ զոհվել է շուրջ 300 մարդ:
11:34 - 29 նոյեմբերի, 2020
Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին և քննարկել Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր:  Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Թիմն այցելել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով և Հայաստանում կմնա 5 շաբաթ: Առաքելությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում: «Մեր կառավարությունը համավարակի առաջին օրվանից անում է հնարավոր ամեն բան կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու և բուժհաստատություններին մարդկային ռեսուրսներով, անհրաժեշտ սարքավորումներով ու դեղամիջոցներով ապահովելու համար»,- նշել է փոխնախարարը` հավելելով, որ կարևորում է այս ոլորտում միջազգային համագործակցությունը: Բուժաշխատողներից և միջազգային փորձագետներից բաղկացած խումբն իր առաքելության շրջանակներում կանցկացնի դասընթացներ, փորձի փոխանակում: Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելով և զարգացնելով առողջապահական ծառայությունների կարողությունները՝ COVID-19-ի շրջանակներում: Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել բժշկական թիմի անդամներին` հայ բժիշկների կողքին կանգնելու և համատեղ գործունեություն ծավալելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:
10:30 - 28 նոյեմբերի, 2020
Միացյալ Թագավորությունից  գործուղված բժշկական խումբը Հայաստանում կվերահսկի COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը

Միացյալ Թագավորությունից գործուղված բժշկական խումբը Հայաստանում կվերահսկի COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը

Միացյալ Թագավորությունից Հայաստան է ժամանել հինգ բուժաշխատող: Նրանք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը:   Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը ընդունել է Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբին (ՇԲԽ) և շնորհակալություն հայտնել համավարակի դեմ պայքարի այս ծանր ժամանակաշրջանում Հայաստանին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հանձնառության համար: Բուժաշխատողներն արձագանքել էին ԱՀԿ-ի հրավերին և գործուղվել Հայաստան ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և ԱՀԿ-ի աջակցությամբ: «Այս խումբն ունի արժեքավոր փորձառություն: Համավարակի ընթացքում նրանք գործուղվել են բազմաթիվ երկրներ, նաև՝ աշխատել Միացյալ Թագավորությունում COVID-19-ի դեմ ծավալված միջոցառումների շրջանակում: Վստահ եմ, որ այս պրոֆեսիոնալ խումբը կարող է փոխանցել իր գիտելիքներն ու հմտությունները հայ բուժաշխատողներին՝ աջակցելով COVID-19-ով հիվանդների բուժմանը»,- նշել է դոկտոր Զայցևը: Առաջիկա ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայի ՇԲԽ-ն կանցկացնի վերապատրաստման դասընթացներ, կհամակարգի հիվանդանոցների աշխատանքը և կհամագործակցի բուժանձնակազմերի հետ՝ երաշխավորելով բարձրակարգ ու որակյալ բժշկական սպասարկում։ Խումբը կաջակցի առողջապահության նախարարությանը՝ հզորացնելու առողջապահական ծառայությունները COVID-19-ի համավարակի և այլ հիվանդությունների դեմ պայքարի գործում։ Մեծ Բրիտանիայի շտապ բուժօգնության խումբը դասակարգված է որպես ԱՀԿ նախաձեռնություն, որի նպատակն է ձևավորել նախնական որակավորում ունեցող, արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն տրամադրող շտապ բուժօգնության խմբերի համաշխարհային ցանց։ ԱՀԿ-ի այս դասակարգումը վկայում է հիվանդներին անմիջականորեն բուժում ցուցաբերելու խմբի կարողության մասին՝ ԱՀԿ միջազգային ստանդարտներին համապատասխան։
19:19 - 26 նոյեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա գլխավորած պատվիրակությանը: «Բարոնուհի Քոքսին երախտագիտություն եմ հայտնել Արցախի ժողովրդի համար ամենադժվար պահերին նրա ցուցաբերած աջակցության, Արցախում ծավալած մարդասիրական գործունեության համար: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձել ենք Արցախի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 10-ի հայտարարությանն ու դրա դրույթներին և դրան հաջորդած զարգացումներին: Բարոնուհի Քերոլայն Քոքսը ներկայացրել է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու և Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների ու ազատությունների համար արդար պայքարի մասին բարձրաձայնելու ուղղությամբ պատերազմի ընթացքում միջազգային տարբեր հարթակներում իր կողմից ձեռնարկված քայլերը, ընդգծել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությունը»,- գրել է ԱՀ նախագահն իր ֆեյսբուքյան էջում:
18:47 - 14 նոյեմբերի, 2020
Արտակ Բեգլարյանն ընդունել է Քերոլայն Քոքսին և Արման Թաթոյանին

Արտակ Բեգլարյանն ընդունել է Քերոլայն Քոքսին և Արման Թաթոյանին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին: Այս մասին հայտնում Է ԱՀ ՄԻՊ աշխատակազմը։ Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված, Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2 միջանկյալ զեկույց ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, 3 փակ զեկույց՝ հայ ռազմագերիների և զինծառայողների դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, 1 զեկույց՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման վերաբերյալ, 1 զեկույց՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև մեկ համատեղ զեկույց ՀՀ Մարդու իրավունքների հետ՝ քիմիական բնույթի զինատեսակների կիրառման վերաբերյալ: Արձանագրված փաստերն ավելի քան բավարար էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ընդհանրապես միջազգային հանրության համար՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու և Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու և կանխելու համար: Իր հերթին Բարոնուհի Քերոլայն Քոքսը ընդգծել է, որ երկար տարիներ շարունակ Արցախի ժողովրդի իրավունքների մասին մշտապես բարձրաձայնել է միջազգային հարթակներում, իսկ պատերազմի ընթացքում՝ կոչ արել շահագրգիռ կառույցներին՝ գործնական քայլերով ապահովել արցախցիների իրավունքների պաշտպանությունը: Բարոնուհին շեշտադրել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի արդար պայքարին իր իրավունքների ու ազատությունների համար, և միջազգային հանրությունը պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել առկա կարիքների ու հիմնախնդիրների վրա: Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Արցախում ստեղծված մարդասիրական աղետին և մատնանշել միջազգային աջակցության այն ուղղությունները, որոնք կարևոր են առկա ծանր իրավիճակը հաղթահարելու համար:Հանդիպումից հետո պատվիրակությունը, Պաշտպանի ուղեկցությամբ, այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված քաղաքացիական մի շարք շինություններ:
18:37 - 14 նոյեմբերի, 2020
Մեծ Բրիտանիան հույս է հայտնել, որ ԼՂ-ում կրակի դադարեցումը կողմերին կմոտեցնի լիարժեք կարգավորմանը |armenpress.am|

Մեծ Բրիտանիան հույս է հայտնել, որ ԼՂ-ում կրակի դադարեցումը կողմերին կմոտեցնի լիարժեք կարգավորմանը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավարությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ դա կողմերին կմոտեցնի լիարժեք բանակցային կարգավորմանը: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում  Միացյալ Թագավարության պատվիրակության հայտարարությունում: «Միացյալ Թագավորությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքում: Հասկանալի է, որ քաղաքացիական զոհերի և տեղահանվածների թվերի աճի, ինչպես նաև COVID-19-ի դեպքերի աճի պայմաններում հրադադարը հրատապ անհրաժեշտ էր: Այս գործողությունները կկանխեն մարդկային հետագա կորուստները, և հուսանք, որ կողմերին կմոտեցնեն լիարժեք բանակցային կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում: Նշվում է նաև, որ քանի մարտերը հանդարտվում են, և ձմեռը մոտենում է, իրենք երկու կողմերին էլ հորդորում են առաջնահերթ համարել հումանիտար իրավիճակը՝ հատկապես կենտրոնանալով կանանց և երեխաների կարիքների վրա: Շեշտվում է, որ և՛ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, և՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պետք է լիարժեք հասանելիություն տրվի և աջակցություն ցուցաբերվի`քաղաքացիական անձանց համար անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար: «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում գործել պատասխանատու և բարեխղճորեն`հնարավոր դարձնելով հումանիտար օգնության շտապ մատակարարումը»,- ասված է հայտարարությունում  Միացյալ Թագավարությունը վերահաստատել է իր աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին `որպես հիմնական ձևաչափի, որի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել վերջնական որևէ կարգավորում: «Դրա Մադրիդյան սկզբունքները ամուր հիմք են ստեղծում հակամարտության տևական լուծման համար, իսկ դրա կառույցները ՝ դրանց իրականացման համար: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին սերտորեն համագործակցել համանախագահների հետ`ի աջակցություն նրանց ջանքերի»,- ասված է հայտարարությունում:
14:29 - 13 նոյեմբերի, 2020
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամներին

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամներին

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Նարեկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամ Շաքե Իսայանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի աշխատակազմից։ Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, ողջունելով բարոնուհուն եւ պատվիրակության անդամներին խորհրդարանում, բարձր են գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը, նրա հավատարմությունը համամարդկային արժեքներին, ժողովրդավարության սկզբունքներին եւ ջերմ վերաբերմունքը մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասն ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված պատերազմական իրավիճակը: Խոսելով Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի միջոցով ռազմական գործողություններում ներգրավել են նաեւ վարձկան ահաբեկիչների: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ էթնիկ զտման, ոչնչացման քաղաքականություն է իրականացվում արցախահայերի նկատմամբ:  Ադրբեջանը Թուրքիայի հետ իրականացնում է վայրագ գործողություններ՝ կիրառելով արգելված զենքեր: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնել նման դժվար պահին Հայաստանի կողքին լինելու համար: Նա նշել է, որ արցախահայերը հերթական ցեղասպանությունից փրկվելու պատերազմի մեջ են, եւ պետք է ջանքեր գործադրել կանգնեցնելու համար այս աղետը: Էդմոն Մարուքյանն անթույլատրելի է համարել նման իրավիճակը, ողբերգությունը 21-րդ դարում: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կարեւորել է բրիտանական գործընկերներին եւ միջազգային կառույցներին խնդրի վերաբերյալ իրազեկումը: Նա նշել է, որ Թուրքիան հայ ժողովրդի ոչնչացման պատերազմ է սկսել` փաստելով, որ Ադրբեջանը պարզապես կատարում է Թուրքիայի պահանջը: Ընդգծելով Թուրքիայի առանցքային դերակատարությունը՝ բանախոսը նշել է, որ բոլոր գործընթացների ռազմական կառավարումն իրականացվում է թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը ողողված է ծայրահեղական վարձկան ահաբեկիչներով եւ առկա են տարածաշրջանի անվտանգության լուրջ սպառնալիքներ: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը, ներկայացնելով մանրամասներ պատերազմի ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունից, կարեւորել է Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Նա խոսել է նաեւ ահաբեկչությունը սատարող երկրներին զենքի վաճառքի կասեցման խնդրի մասին: Բանախոսը շեշտել է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հարցը: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է, որ վերջին տասնամյակների պատմությունը ցույց է տվել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Խոսելով Թուրքիայի իրականացրած ցեղասպանության քաղաքականության շարունակության մասին՝ նա շեշտել է, որ ցեղասպանությունը 21-րդ դարում այն նկարագիրն ունի, ինչ կատարվում է Արցախում: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ռազմական գործողութուններում կիրառվում է նորագույն գերտեխնիկա: Պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Նարեկ Մկրտչյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից արգելված քիմիական զենքի կիրառմանը, պատերազմական վայրագություններին, նշել են, որ ջանք պետք է գործադրել միջազգային հանրության լռությունը կոտրելու գործում: Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ իրավիճակը մանրամասն ներկայացնելու համար՝ ընդգծելով իր մտահոգությունը շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ: Նա նշել է, որ մեծ կսկիծով եւ տագնապով է հետեւում Արցախում տեղի ունեցող ահավոր երեւույթներին: Նա տեղեկացրել է, որ պատվիրակության խմբում են նաեւ բրիտանացի լրագրողներ, որոնք տեղում իրավիճակին ծանոթանալու ցանկություն են հայտնել: Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ բարոնուհի Քերոլայն Քոքսը հանդես է եկել անձնական հայտարարությամբ, հրապարակել է հաղորդագրություններ, հայտարարություններ, դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից իրականացված խոշտանգումները, խաղաղ բնակչության սպանությունը, ծննդատան ռմբակոծումը: «Աշխարհը երախտագիտության մեծ պարտք ունի Հայաստանի, Արցախի ժողովրդին, որն աշխարհի մնացած մասի համար պահել է հավատի ու ազատության առաջնագիծը»,- ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը: Խորհրդարանականները պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին, որոնք վերաբերել են Արցախի Հանրապետության ճանաչմանը, արցախահայության անվտանգության երաշխիքներին: 
18:44 - 08 նոյեմբերի, 2020
Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում British Petroleum-ի գրասենյակի դիմաց |armenpress.am|

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում British Petroleum-ի գրասենյակի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայում հայ համայնքը խաղաղ բողոքի ցույց է անցկացնում Լոնդոնում՝ նավթագազային միջազգային British Petroleum ընկերության գրասենյակի դիմաց` պահանջելով դադարեցնել բիզնես կապերն Ադրբեջանի հետ: Ակցիայի մասնակիցները նշում են, որ Ադրբեջանում գրասենյակ ունեցող և ադրբեջանական նավթն արդյունահանող և արտահանող ընկերությունը ֆինանսավորում է Արցախի դեմ պատերազմը: Հայաստանի և Արցախի դրոշով ակցիայի մասնակիցները վանկարկում են «Դադարեցրե’ք ֆինանսավորել պատերազմը», «Դադարեցրե՜ք ֆինանսավորել ահաբեկչությունը», «Ամոթ BP-ին», «BP-ն սպանում է մարդկանց» և մի շարք այլ արտահայտություններ: Բողոքի խաղաղ ցույցի մասնակիցները նշում են նաև, որ Հայաստանն ու Արցախն այժմ պայքարում են British Petroleum-ի կողմից ֆինանսավորվող Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի դեմ:
19:11 - 31 հոկտեմբերի, 2020
Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղամիջոցներ կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղամիջոցներ կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորությունը հայտնել է 1 մլն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց օգնություն ցուցաբերելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՄԹ կառավարության կայքից: Արտաքին գործերի նախարար Դոմնիկ Ռաաբը հայտարարել է, որ հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթից կստանան բժշկական պարագաներ, սնունդ և կունենան ավելի ապահով կացարաններ: Այսպիսով, ՄԹ-ն 1 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ փաթեթով ճգնաժամից տուժած խաղաղ բնակիչներին կտրամադրի խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ, վիրակապեր: Մարտերում տուժած անձինք, նաև երեխաները կստանան բուժում առողջապահական հաստատություններում կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքող անձանցից: Մեծ Բրիտանիայի աջակցությամբ մարտական գործողություններին մոտ գտնվող խոցելի համայնքներին կտրամադրվեն նաև ծածկոցներ, սննդամթերքի ծանրոցներ, հիգիենայի պարագաներ: «Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթով ԼՂ հակամարտությունից տուժածներին կտրամադրվի կենսական նշանակության սնունդ, դեղորայք և անհրաժեշտ բժշկական պարագաներ: Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին էլ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և փնտրել խաղաղ, բանակցային և քաղաքական լուծում, որն այնքան անհրաժեշտ է տարածաշրջանի ժողովրդին»,- ասել է Դոմինիկ Ռաաբը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպն էլ երախտագիտություն է հայտնել տարածաշրջանում ԿԽՄԿ-ի ջանքերում ՄԹ-ի ներդրման համար: «Դոնորներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից ստացված բարձրորակ աջակցությունը ԿԽՄԿ-ին հնարավորություն է տալիս չեզոք, անկողմնակալ և անկախ գործունեություն իրականացնել՝ զինված բախումներից և այլ իրավիճակներին տուժածների համար»,- ասել է նա: Հայտարարությունում նշվում է, որ ՄԹ աջակցությունը կօգնի բարելավել նաև ապաստարանները՝ տեղադրելով կամ բարելավելով ջրի բաքերը, սանհանգույցները: 
11:22 - 31 հոկտեմբերի, 2020