Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Սամվել Բաբայանը հերքում է պատերազմի օրերին Արցախը լքելու մասին լուրերը և դիմում ԱՀ դատախազությանը

Սամվել Բաբայանը հերքում է պատերազմի օրերին Արցախը լքելու մասին լուրերը և դիմում ԱՀ դատախազությանը

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության գրասենյակը հաղորդագրություն է տարածել կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի անունից, որտեղ Բաբայանն անդրադարձել է պատերազմական օրերին Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ լուրերին։ «Հետպատերազմյան շրջանում շահադիտական դրդումներով պարբերաբար հրապարակ են նետվում իմ, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ, որի կապակցությամբ անհրաժեշտ եմ գտնում անդրադառնալու մի շարք էական հանգամանքների: 2020թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին, զբաղեցնելով նախագահին կից անվտանգության հարցերով խորհրդակցական մարմնի քարտուղարի պաշտոնը, պատերազմի ողջ ընթացքում կատարել եմ իմ պաշտոնեական լիազորություններից բխող գործողություններ, այդ թվում՝ խորհրդատվություն տրամադրել մարտական գործողությունների կազմակերպման վերաբերյալ։ Հարցերը, թե այդ խորհրդատվական դիտարկումներից քանիսն են ընդունելի դարձել և/կամ ինչ ճշգրտությամբ են իրականացվել, այլ հասցեատեր ունեն։ 2020թ․ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթական չեն)։ Գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվել հայկական կողմի համար խիստ անբերենպաստ պայմաններով հայտնի եռակողմ հայտարարությունը։ Տեղեկանալով հայտարարության մասին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, փորձել եմ կանխել այն, սակայն փաստաթուղթն արդեն ստորագրված էր։ Որպես ԱԽ քարտուղար, անզոր լինելով փոխելու զարգացումների ընթացքը, այլևս նպատակահարար չեմ գտել շարունակել զբաղեցնել հնչեղ, բայց անբովանդակ այդ պաշտոնը։ Ապա, ի նշան բողոքի, հրաժարվել եմ նաև «Արցախի հերոս»  բարձրագույն կոչումից: Պետական համակարգից հեռանալուց հետո, բազմակողմանիորեն գնահատելով Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իմ քաղաքական գաղափարակիցների հետ մշակել և Արցախի ու Հայաստանի իշխանություններին եմ ներկայացնել ճգնաժամային կառավարման ոլորտային մոտեցումներ, ծրագրեր, հայեցակարգեր։ Նշեմ նաև, որ ԱՀ իշխանությունների հետ պարբերական շփումներ եմ ունենում իբրև խորհրդարանական ուժի առաջնորդ, իսկ ՀՀ իշխանությունների հետ առնչվել եմ բացառապես արտախորհրդարանական ուժերի հարթակում, ապա հեռացել՝ ձևաչափի անարդյունավետության պատճառով։ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննչական գործողությունների շրջանակում երկու անգամ հրավիրվել եմ հարցաքննության, պարզաբանումներ տվել մարտական գործողություններին իմ առնչության և ներգրավվածության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կանխակալ մեդիահրապարակումներով ինձ մեղսագրվող արարքների ապացուցման դեպքում պատրաստ եմ կրելու պատասխանատվություն։ Հակառակ դեպքում հետամուտ եմ լինելու՝ պատասխանատվության ենթարկելու զրպարտության և սուտ մատնության հեղինակներին։ Զինվենք համբերությամբ և հետևենք դատավարական գործընթացներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները իմ, որպես ԱՀ բարձրաստիճան պաշտոնյայի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու  վերաբերյալ տեղեկությունների հիմքով օրենքով սահմանված գործողություններ չեն նախաձեռնել, դիմում եմ ԱՀ դատախազությանը՝ վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և համապատասխան քրեաիրավական որակմամբ ճշմարտությունը բացահատելու պահանջով։ Իրավապահ մարմինների գործողությունների առանցքում, ի դեպ, վաղուց հայտնված պիտի լիներ նաև ԱԽ 2020թ․ նոյեմբերի 6-ի նիստում շրջանառված պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող, պետության կողմից պահպանվող և պաշտպանվող տեղեկատվության՝ ԱԽ քատուղարի ելույթի առանձին դրվագների հանրայնացված լինելու հանգամանքը։ Պետական, ռազմական, քաղաքական, հասարակական իմ ողջ գործունեության ընթացքում առաջնոդվել եմ բացառապես սեփական գաղափարներով և խղճով: Ըմբռնումով եմ մոտենում ինձ վերագրվող երևույթները, քանի որ շրջանակները, ովքեր մշտապես ուղղորդվոմ են ինչ-ինչ կենտրոններից, չեն կարող հավատալ ազատ և անկաշկանդ միտք ունենալու հնարավորությանը: Հարգելով յուրաքանչյուրի արտահատվելու իրավունքը, այնուամենայնիվ համոզված եմ, որ այդ հասկացությունը նույնական չէ զրպարտության ու սուտ մատնության հետ․ որևէ մեկի իրավունքը չի կարող իրացվել մյուսի իրավունքների ոտնահարման հաշվին»,–ասվում է հաղորդագրությունում։
10:08 - 05 սեպտեմբերի, 2022
Ռուս խաղաղապահները կրճատել են դիտակետերի քանակը միջանցքում, փոխարենը նորերն են տեղակայել Բերդաձորի ենթաշրջանում |hetq.am|

Ռուս խաղաղապահները կրճատել են դիտակետերի քանակը միջանցքում, փոխարենը նորերն են տեղակայել Բերդաձորի ենթաշրջանում |hetq.am|

hetq.am: ՌԴ խաղաղապահ զորախումբը Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքի տարածքում 2 դիտակետ է տեղաբաշխել, որոնց միջոցով վերահսկողություն է իրականացնում այդ հատվածում։ Նկատենք, որ հին միջանցքում, որով անցնում էր Գորիս-Աղավնո-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը, տեղակայված էր 6 դիտակետ։ Դրանցից 2-ը գտնվում էին հենց ճանապարհի վրա, իսկ մնացած 4-ը՝ միջանցքի տարածք մուտք-ելք ապահովող ճանապարհների վրա։ Oգոստոսի 31-ի իր տեղեկագրում ՌԴ խաղաղապահ զորախումբը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու փոփոխությամբ պայմանավորված՝ կատարվել է զորախմբի դիտակետերի տեղակայման ճշգրտում։ Այս գործընթացի արդյունքում 27 դիտակետերին ավելացվել են եւս 3-ը, ու հիմա իր պատասխանատվության գոտում զորախումբն ունի 30 դիտակետ-հենակետ։ Սակայն հարկ է նշել, որ դիտակետերի թիվն ավելացվել է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ նոր միջանցքի հատվածում նախկին 6-ի փոխարեն այժմ կա 2 դիտակետ։   Միջանցքում են ռուսական կողմի թիվ 1 եւ 2 դիտակետերը։   Սրանցից առաջինը գտնվում է Հայաստան-Արցախ ներկա երթուղու վրա՝ ՀՀ սահմանի անմիջական հարեւանությամբ՝ Հագարի գետի վրա կառուցված նոր կամրջի մոտ։ Այսինքն՝ այն վերահսկում է երթեւեկությունն ու անվտանգությունը Գորիս-Տեղ-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ ներկա երթուղու վրա։ Բայց նորություն չէ, որ միջանցքով անցնում է ոչ միայն հայկական կողմը, այլեւ պարբերաբար այն տարանցում են ադրբեջանցիները՝ ռուսների ուղեկցությամբ։ Ներկա միջանցքը, ինչպես եւ նախորդը, Քաշաթաղի (Լաչինի) շրջանը կիսում է երկու մասի, եւ մի հատվածից մյուսն անցնելու ամենակարճ տարբերակը միջանցքը հյուսիսից հարավ կամ հարավից հյուսիս հատելն է։ Օրինակ՝ միջանցքից հարավ՝ Հագարի գետի հովտում գտնվող Ծաղկաբերդ գյուղը (եւ, ընդհանրապես, Հագարիի հովիտի հարավային գյուղերը) Բերձոր քաղաքին կապելու ամենակարճ ճանապարհն անցնում է հենց միջանցքով (Ծաղկաբերդ-միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր) եւ, բնականաբար, հատում Գորիս-Տեղ-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ ճանապարհը։  Սակայն ադրբեջանցիները հիմա ակտիվ շինաշխատանքներ են կատարում նույն Ծաղկաբերդ-միջանցք-Բերձոր ճանապարհի վրա, որը, դատելով տարածված տեսանյութերից եւ առցանց քարտեզներից, առաջիկայում փոխելու է ուղղությունը եւ ոչ թե հատելու է Գորիս-Տեղ-Հին Շեն-Մեծ Շեն-Ստեփանակերտ երթուղին, այլ անցնելու է Հագարիի նորակառույց կամրջի տակով եւ նույն գետի հունով բարձրանալու վերեւ, ապա Աղավնո գյուղի հյուսիսային մասում միանալու Աղավնո-Բերձոր ճանապարհին։ Այսինքն՝ այս պարագայում հայկական ու ադրբեջանական երթեւեկները չեն խաչվի։ Ադրբեջանցիներն այս կերպ նաեւ կրճատում են Ծաղկաբերդ-միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր ներկա ճանապարհի ոլորաններն ու երկարությունը։  Ինչ վերաբերում է միջանցքի թիվ 2 դիտակետին, ապա եթե հավատանք ռուսական կողմի տարածած քարտեզներին, սրա տեղակայումը չի փոխվել, պարզապես թիվ 24 դիտակետը դարձել է թիվ 2։ Խոսքը նախկին Շիվիթ բնակավայրի ավերակների մոտ տեղակայված դիտակետ-հենակետի մասին է, որը նախկին միջանցքի դեպքում վերահսկում էր դրա հարավային սահմանը, իսկ ներկա միջանցքի պարագայում դարձել է դրա հյուսիսային անցակետը։ Այս դիտակետը գտնվում է Ծաղկաբերդ-միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր ճանապարհի վրա՝ Ապարան գյուղից 1,5 կմ հարավ։ Փաստորեն, եթե ադրբեջանցիները ավարտին հասցնեն Ծաղկաբերդ-միջանցք-Աղավնո-Բերձոր ճանապարհը Հագարի գետի հունին զուգահեռ, միջանցքը տարանցելիս այդուհետ դժվար թե օգտվեն միջանցք-Ապարան-Աղանուս-Բերձոր լեռնային հատվածից։ Նոր դիտակետեր՝ Բերդաձորում Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն (նախկինում եւ ռուսական կողմի քարտեզներում՝ Կիրով) եւ Տասը Վերստ (նախկինում եւ ռուսական կողմի քարտեզներում՝ Ենգիբար) գյուղերում, ՌԴ զորախումբը 2 նոր դիտակետ է տեղակայել։ Իրականում Հին Շենում ռուսները ներկա են դեռ 2020-ի դեկտեմբերից, երբ թշնամին սադրանքի դիմեց Խծաբերդ-Հին Թաղեր ուղղությամբ, վերահսկողության տակ առավ այդ գյուղերը, ապա հասավ Հին Շեն ու Մեծ Շեն, սակայն որոշակի նահանջեց ռուսների միջամտությունից հետո։ Ընդ որում՝ չնայած Հին Շենում փաստացի առկայությանը՝ ռուսական կողմի քարտեզներում մինչեւ այս տարվա օգոստոսի 30-ը ներառյալ որեւէ դիտակետ չէր նշվում այս գյուղի տարածքում։ Բացի դրանից, հատկանշական է, որ Հին Շենի հարեւանությամբ գտնվող թշնամական մարտական հենակետը, որին անդրադարձել էինք վերջերս, դեռ չի հանվել։ Այն գտնվում է նախկին ԼՂԻՄ-Լաչինի շրջան սահմանագծին՝ բարձունքի վրա, որտեղից Հին Շենն ափի մեջ է։ Թշնամու դիրքից մինչեւ նորակառույց ճանապարհը, որն անցնում է գյուղի գերեզմանոցի մոտով, 470 մ է (տես ստորեւ), գերեզմանոցի մյուս կողմում էլ՝ գյուղամիջյան խաչմերուկի վրա, ռուսական թիվ 3 դիտակետն է։ Ինչպես հայտնի է, միջանցքով անցնող ճանապարհը երկու կողմերում 2,5-ական կմ անվտանգության գոտի պետք է ունենա, այնինչ դեռեւս այդ գոտում գտնվող ադրբեջանցիները, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանը, արդեն սկսել են իրենց հենակետից քարեր գլորել ճանապարհի ուղղությամբ։ Համայնքապետը հույս է հայտնել, որ ռուսական կողմը հետեւողական կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության պատշաճ կատարմանն ու ադրբեջանցիներին կստիպի հեռանալ Հին Շենով անցնող ճանապարհի անվտանգության գոտուց։ Եթե Հին Շենում սովոր էին թշնամու ներկայությանը, ապա հարեւան Մեծ Շենի տեսադաշտում (սարերի վրա) ադրբեջանցիները հայտնվել են օգոստոսի 27-ից, երբ Բերձորն ու հարակից գյուղերն արդեն հանձնվել էին նրանց։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։ Ինչ վերաբերում է Տասը Վերստ գյուղի մոտ ռուսական կողմի դիտակետին (թիվ 10), ապա այն նոր է եւ գտնվում է Գորիս-Ստեփանակերտ հին (Բերձորով) ու նոր (Հին Շեն-Մեծ Շենով) ճանապարհների հատման կետում (տես ստորեւ)՝ վերահսկելով նրանց երթեւեկը։ Նկատենք, որ ադրբեջանցիները պարբերաբար ռուսների ուղեկցությամբ Շուշի-Բերձոր-Շուշի ուղղությամբ տարանցումներ են կատարում հենց Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհով։   Բերձորի հանձնումից հետո երկարել է շփման գիծը Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Եղցահող գյուղի ուղղությամբ, որը գտնվում է Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհից ոչ հեռու։Եղցահողի ուղղությամբ այս տարվա օգոստոսին թշամու սադրանքի եւ տարածած կեղծ լուրի մասին առ այն, թե իբր իր զինուժը վերահսկողության տակ է վերցրել Եղցահողի հարեւան Սարիբաբ ռազմավարական բարձունքը։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
10:48 - 04 սեպտեմբերի, 2022
Արցախի ՄԻՊ–ը կոչ է անում բոլոր պետական մարմիններին բացառել հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները

Արցախի ՄԻՊ–ը կոչ է անում բոլոր պետական մարմիններին բացառել հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների հայտարարություններին։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․«Արձագանքելով Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների կողմից հնչեցված հայտարարություններին առ այն, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց, ուսումնական հաստատությունների պատասխանատուների կողմից ճնշումներ են գործադրվում հավաքի մասնակիցների նկատմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում նշել, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու յուրաքանչյուրի իրավունքը։ Հավաքների ազատության մասին Արցախի Հանրապետության օրենքի 6֊րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը որևէ հավաքի։ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր պետական մարմիններին և պաշտոնատար անձանց առաջնորդվել բացառապես օրենսդրական կարգավորումներով՝ բացառելով հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկա են լինում հավաքի վայրում՝ հավաքի ընթացքի դիտարկում իրականացնելու նպատակով»։
20:32 - 03 սեպտեմբերի, 2022
Կոնգրեսականները պահանջել են ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին

 |armenpress.am|

Կոնգրեսականները պահանջել են ԱՄՆ-ից մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին |armenpress.am|

armenpress.am: Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը  և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը միացել են Կոնգրեսի ավելի քան 45 անդամներից բաղկացած երկկուսակցական խմբին՝ կոչ անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին՝ Արցախի` վտանգի տակ գտնվող հայ բնակչությանն աջակցելու նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ զգալի ռեսուրսներ հատկացնելով: Ինչպես հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից՝ կոնգրեսականները նամակն ուղղել են Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակի առիթով:Նամակն ուղղած կոնգրեսականների թվում են Նանետ Բարագանը, Թոնի Կարդենասը, Անդրե Կարսոնը, Ջուդի Չուն, Քեթրին Քլարկը, Ջիմ Կոստան, Ջեյսոն Քրոուն և մի խումբ այլ կոնգրեսականներ: «Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել ծանր դժվարություններին, որոնք առաջացել են 2020 թվականին ադրբեջանական ուժերի սանձազերծած 44-օրյա պատերազմի, նաև անմեղ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող շարունակական ագրեսիայի պատճառով։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հաստատել է, որ Հայաստան տեղափոխված ավելի քան 90 000 փախստականներ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ են, տառապում են հումանիտար սուր ճգնաժամից»,-իրենց նամակն այսպես են սկսել կոնգրեսականները: Ապա նրանք ընդգծել են, որր 2021 թվականի ֆինանսական տարում 5 000 000 ԱՄՆ դոլար ֆինանսավորումը, որը ստանձնել էր ԱՄՆ ՄԶԳ-ն, ինչպես նաև ՄԱԿ-ի Հայաստանի միջգերատեսչական արձագանքման ծրագրի միջոցով հատկացված օգնությունը անբավարար են եղել այդ ճգնաժամը լուծելու համար: «Բազմաթիվ ընտանիքներ խիզախորեն վերադարձել են  Արցախ՝ իրենց տները՝ չնայած ադրբեջանական զորքերի կողմից բռնության շարունակական սպառնալիքին և չնայած նրան, որ բախվում են սննդի, կացարանի խնդրին: Մենք նաև խիստ մտահոգված ենք, որ Արցախում մնացած անձինք չեն ստացել ԱՄՆ-ի նախկինում հատկացված օգնություններից որևէ մեկը»,-նշել են կոնգրեսականները: Նրանք ընդգծել են ԱՄՆ օգնության անհրաժեշտությունը՝ հայերի համար Բերձորի միջանցքի փակման, շատ հայ ընտանիքների տարհանման, իրենց տները լքելու համատեքստում: «Մենք կոչ ենք անում պետքարտուղարությանը և ԱՄՆ ՄԶԳ-ին՝ էապես ավելացնել ֆինանսավորումը, որն ուղղակիորեն կօգնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այդ թվում՝ բնակարանային, սննդի, ջրի, առողջապահության, ականազերծման և այլ խնդիրների լուծման հարցում: Մենք նաև հորդորում ենք ձեզ ձեռնարկել հնարավոր բոլոր գործողությունները՝ պաշտպանելու Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող հայկական  պատմամշակութային վայրերը, որոնք ներկայում վտանգի տակ են՝ ըստ բամազաթիվ հաղորդագրությունների»,-շեշտել են կոնգրեսականները:  Նրանք նաև նամակում խնդրել են թարմացնել այն կոնկրետ գործողությունները, որոնք Բայդենի վարչակազմը ձեռնարկել է Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայերին օգնելու համար, նաև՝ ծրագրերի, գործընկերների, բյուջեների և արդյունքների մասին տեղեկատվությունը: Կոնգրեսականները նկատել են, որ 2021 թվականի փետրվարին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակված վերջին զեկույցը հնացած է և չի տալիս տվյալներ, որոնք անհրաժեշտ են առողջ քաղաքական որոշումներ կայացնելու համար: «Մենք խստորեն հորդորում ենք ձեզ կատարել հումանիտար ճգնաժամի թարմացած կարիքների գնահատում և որքան հնարավոր է շուտ օգնություն տրամադրել շահագրգիռ կողմերին»,-եզրափակել են կոնգրեսականները:
13:17 - 03 սեպտեմբերի, 2022
Բաքուն դատապարտում է Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Ստեփանակերտ
 |azatutyun.am|

Բաքուն դատապարտում է Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Ստեփանակերտ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկ Ստեփանակերտ կատարած այցը՝ պնդելով, թե այն վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը: Ըստ հայտարարության՝ «այդ ապօրինի քայլը», որ Հայաստանի պաշտոնատար անձի կողմից ձեռնարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից անմիջապես հետո, «ակնհայտորեն ցույց է տալիս կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը»: «Այդ ապօրինի այցը» վկայում է, որ Հայաստանի հայտարարությունները Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ «հեռու են անկեղծ լինելուց», պաշտոնական Երևանը չի հարգում նաև միջազգային միջնորդների ջանքերը, APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդում է Բաքուն և վստահեցնում, որ «միջազգային սահմաններում Ադրբեջանի արածքային ամբողջականության դեմ ձեռնարկվող բոլոր քայլերին պատասխան կտրվի: Արցախի Անկախության օրվա առթիվ պաշտոնական Երևանը պատվիրակություն չէր գործուղել Ստեփանակերտ, իսկ օրվա ավարտին Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել:
10:41 - 03 սեպտեմբերի, 2022
ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր

ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ ԳՔ փոխտեղակալի այցը լավ հնարավորություն է քննարկելու Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները և առկա խնդիրների հասցեագրման գործում ՄԱԿ-ի ներգրավվածության հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԱԿ համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Կարևորվել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունենցող մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար խնդիրներին, նախարար Միրզոյանը կարևորել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ հետևելով նաև ՄԱԿ-ի «չանտեսելով ոչ ոքի» սկզբունքին: Նախարար Միրզոյանի կողմից շեշտվել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների վերադարձի, անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերի պարզաբանման կարևորությունը։
18:55 - 02 սեպտեմբերի, 2022
Կադրային քաղաքականության թերությունները տեսանելի են նաև մեր կողմից. Արցախի նախագահն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Կադրային քաղաքականության թերությունները տեսանելի են նաև մեր կողմից. Արցախի նախագահն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին: Ինչպես տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների` Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգության մարտահրավերների չեզոքացմանը, ինչպես նաև՝ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող բազմաթիվ հարցերի: Նախագահը նշել է, որ իշխանությունները պետք է համբերատար լինեն ու ըմբռնումով մոտենան Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանրության կողմից հնչող քննադատություններին` չնայած, որ հանրային հետաքրքրությունը հաճախ կլանում է հարցերի այնպիսի շրջանակ, որի մասին բարձրաձայնելը կամ տեղեկատվություն հրապարակելը սպառնում է ազգային անվտանգությանը, առնչվում է պետական գաղտնիքների շարքին, ի վերջո, հակադրվում է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության տակտիկական մոտեցումներին: Երկրի ղեկավարի խոսքով` Արցախի Հանրապետության քաղաքացիների` կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացման դրսևորումները հարգանքով են ընկալվում, սակայն նույնատիպ հարցերի վերաբերյալ հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող են տարբեր կարծիքներ ու մոտեցումներ ունենալ, հետևաբար, պետությունը պարտավոր է դրանց առնչությամբ ողջամիտ և հավասարակշռված որոշումներ ընդունել: Անդրադարձ է կատարվել նաև հանրային կյանքին առնչվող խնդիրներին, կադրային քաղաքականությանը, պետական կառավարման համակարգի թերություններին: «Մենք բարձր ենք գնահատում հաշվետվողականությունը և ուշադրությամբ հետևում ենք հանրության կողմից բարձրացվող յուրաքանչյուր խնդրի: Կադրային քաղաքականության թերությունները տեսանելի են նաև մեր կողմից, և մերօրյա սուղ պայմաններում միշտ չէ, որ հաջողվում է այդ ոլորտում հաղթահարել բոլոր խնդիրները», -մասնավորապես ասել է նախագահը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ իշխանությունները շարունակելու են հավատարիմ մնալ գործադիր իշխանության կազմում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու գործելաոճին և առաջիկայում ևս փորձելու են վերանայումներ կատարել՝ հաշվի առնելով կադրային քաղաքականության սկզբունքներն ու պարբերական փոփոխություններով կառավարման արդյունավետությունը նվազեցնելու անթույլատրելիությունը: Հանդիպման վերջում երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ Արցախի իշխանությունները շարունակելու են հավատարիմ մնալ հազարավոր քաջորդիների արյան գնով կերտված պետականության սյուներն ամրացնելու, Արցախի Հանրապետության Սահմանադրության պետականապահպան իրավահնարավորությունները կատարելագործելու, պետական իշխանության ձևավորման ու բնականոն գործունեության անխափան ընթացքն ապահովելու գործին:
17:39 - 02 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ն շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար. ԱԳՆ

ՀՀ-ն շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: «1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։ Այս քայլն Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։ Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք, որպես միջազգային հանրության անդամ, ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
16:22 - 02 սեպտեմբերի, 2022
ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն. ՀՀ ԱԺ նախագահ

ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախահայության լինելիության եւ իրավունքների պաշտպանության երաշխիքը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումն էր: Դրան հաջորդած երեք տասնամյակի ընթացքում արցախահայությանը պատուհասած սպառնալիքներն ու անվտանգության հարցերը, ցավոք, չեն դադարել: Երեք պատերազմների միջով անցած մեր հայրենակիցներն այսօր էլ բազում մարտահրավերների են բախվում: Վտանգներից կոփված կամքի, հայրենասիրության եւ իրենց հողում պատվախնդրորեն ապրելու շնորհիվ մեր եղբայրներն ու քույրերը յուրաքանչյուր պահի աշխարհին հիշեցնում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի, անվտանգ միջավայրում երեխաներ մեծացնելու, խաղաղ ծերություն ունենալու մասին: Ներքին եւ արտաքին հարթակներում քննարկվող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն: Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրացրել ու շարունակելու ենք հիշեցնել, որ լուծված չեն 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, ոչնչացման եզրին է հսկայական մշակութային ժառանգություն եւ օրախնդիր է գերության ու պատանդության մեջ գտնվող մեր հայրենակիցների տունդարձը: Հավերժ փառք Արցախյան բոլոր պատերազմներում անձնազոհաբար նահատակված մեր հարազատներին եւ խոնարհում բոլոր նրանց, ովքեր վերապրել են պատերազմները: Մեր պատգամն է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել երկարատեւ խաղաղության՝ հանուն արցախահայության իրավունքների եւ անվտանգության»:
13:22 - 02 սեպտեմբերի, 2022
Իրացրել ենք մեր վաստակած իրավունքը՝ վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական-իրավական կարգավիճակը. Արտակ Բեգլարյան

Իրացրել ենք մեր վաստակած իրավունքը՝ վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական-իրավական կարգավիճակը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել:    «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում,   Այսօր մեր պետական տոնացուցի կարևորագույն տոնն է, ազգային իղձի իրականացման վճռորոշ քայլի մարմնացումը: 1991 թ. այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:   Այդ պատմական որոշման միջոցով մենք իրացրել ենք մեր վաստակած իրավունքը վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական-իրավական կարգավիճակը՝ հետագա տարիներին հաստատելով ու պաշտպանելով ինքնորոշման իրավունքի կիրարկման ճշմարտացիությունը:   Ադրբեջանի հայահալած քաղաքականության դիմակայման և պատմական արդարության վերականգնման բարդ ու զրկանքներով լի երթի արդյունքում մենք ունենք Արցախի Հանրապետությունը, որն իր բացառիկ դերակատարմամբ կոչված է ծառայելու մեր ազգային նպատակներին՝ ի շահ հայոց պետականության ամրապնդման Արցախում ու Մայր Հայաստանում և հայ ժողովրդի հարատևման:   Բազմաթիվ մարտահրավերներով լի այդ ճանապարհին հաջողելու միակ հնարավորությունը մեր ավագների հռչակած նպատակներին ու արժեքներին հավատարմությունն անխախտ պահելն է, պետականության շարունակական ամրապնդումն ու դժվարություններին դիմակայելու վճռականության պահպանումը: Հեշտ լուծումներ այս պայքարում երբեք չեն տրվելու մեզ, բայց ես ավելի քան վստահ եմ, որ հաղթանակների ու պարտությունների միջով անցած մեր ժողովուրդը թանկ է գնահատում զրկանքներով ձեռք բերածը, կորցրածն ու պահպանածը:   Արցախը հայկական արդի ինքնության առանցքն ու պատվարն է, իսկ Արցախում ապրող ու արարող, Արցախի ցավով իրապես ապրող յուրաքանչյուր հայ՝ մեր ինքնության ու արժանապատիվ գոյության պահապանը: Ուստի, փախուստն ընտրված ուղուց ու դժվարություններից նշանակում է դասալքություն սեփական արժեքներից, ինքնությունից ու ապագայից:   Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր նահատակների վառ հիշատակի առջև, հրճվում ու հույսով լցվում մեր մանուկներով և ամուր պահում մեր պետականությունը: Ընտրությունը մեծ չէ. Արցախում ապրողների, Մայր Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ազգային ոգու, նպատակասլացության, հետևողականության, անտրտունջ ու անդադար աշխատանքի և պայքարի շնորհիվ ենք երաշխավորելու Արցախի հայկականությունը և հայոց պետականության հարատևումը:   Ուրեմն, ի՛ գործ և շնորհավո՛ր ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձը»,- նշված է ուղերձում:  
13:06 - 02 սեպտեմբերի, 2022
Արցախի արտաքին գործերի նախարարը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսին

 |armenpress.am|

Արցախի արտաքին գործերի նախարարը որպես հիմնական զեկուցող կմասնակցի ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսին |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում են Հայ դատի հանձնախմբից։ Այցի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախարարը քաղաքական խորհրդակցություններ կունենա, ներառյալ կոնգրեսական ճեպազրույցները, վերլուծական կենտրոնների կլոր-սեղան քննարկումները, համալսարանական դասախոսություններն ու հասարակական գործիչների հետ հանդիպումները: Նշվում է, որ Արցախի ԱԳ նախարարի այցը համընկնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի հետ, որն անցկացվելու է ԱՄՆ մայրաքաղաքում: Դավիթ Բաբայանն Արցախի անվտանգության և անկախության մասին ելույթ կունենա ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի միջոցառմանը: Դավիթ Բաբայանը նաև որպես հիմնական զեկուցող հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ համագործակցությամբ: Կոնֆերանսը կկայանա սեպտեմբերի 19-ին: 
12:39 - 02 սեպտեմբերի, 2022