Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատվել է |hetq.am|

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատվել է |hetq.am|

hetq.am: Լուսանկարում՝ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանը վերահաստատել է: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Հուլիսի 14-ին Գորիսում հնչած կրակոցների գործոց շուրջ երկու ամիս հետախուզման մեջ գտնվելուց հետո Մելիքսեթ Պողոսյանի որդին ինքնակամ ներկայացել է քննչական կոմիտե: Հուլիսի 14-ին Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ հնչած կրակոցների հետևանքով երկու անձ տեղափոխվել էր հիվանդանոց։ Միջադեպի մի կողմում եղել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին, իսկ մյուս կողմում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն է: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Շարունակությունը՝ hetq.am կայքում
15:46 - 25 սեպտեմբերի, 2021
Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Infocom-ը քարոզարշավի ընթացքի, համայնքային խնդիրների, առաջնահերթ լուծում պահանջող հարցերի եւ ապագա ծրագրերի մասին զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության թեկնածու Կարեն Լազարյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ Գորիսում հոկտեմբերի 17-ի ընտրությունից առաջ ուժերի վերադասավորման ակտիվ գործընթացներ են տեղի ունենում․ «Թեեւ քարոզարշավը երկու օր է՝ ինչ մեկնարկել է, բայց մինչ այդ էլ ակնհայտ դարձավ, որ որոշ ուժեր հույսները դրել են սոցցանցային, քոմենթային կռիվների վրա, ինչն իրականացվում է նաեւ ֆեյքային հայհոյանքների միջոցով»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք հրապարակավ մերժել են այդ գործելակերպը եւ մրցակից քաղաքական ուժերին պատշաճ մրցակցության, գաղափարական, ծրագրային մրցակցության հորդոր հղել: Ըստ Լազարյանի՝ Գորիսը հիմա այնպիսի մարտահրավերների առջեւ է կանգնած, որ իրենք իրավունք չունեն տրվել միջկուսակցական եւ սոցցանցային կռիվներին: «Մենք նաեւ կողմերին կոչ ենք արել բանավիճել բացառապես այն խնդիրների եւ ծրագրերի շուրջ, որոնք առնչվում են համայնքային խնդիրներին: Վերջին օրերի արտառոցություններից մեկն էլ այն է, որ ոչ իշխանական քաղաքական թիմերի նախընտրական ցուցակներից ավագանու անդամի թեկնածուների արտահոսք է նկատվում՝ ինքաբացարկի տեսքով: Եվ դա՝ ոչ միայն Գորիս, այլեւ Տեղ ու Տաթեւ համայնքներում»,- նկատեց Գորիսում ՀԱԿ-ի թեկնածուն եւ նշեց, որ նաեւ իրենց նախընտրական ցուցակից էլ երկու հոգի դուրս են եկել․ պատճառները դեռ ուսումնասիրում են: Սակայն թեկնածուն հեռու է մտքից, որ դա ինքնաբուխ եւ բնական գործընթաց է, եւ ավելի շատ ինչ-որ ճնշումների կամ գայթակղիչ խոստումների հետեւանք է: «Ինքներդ դատեք․ Գորիս համայնքի ամեն բնակավայրում մի քանի հոգու (միանգամից) խոստացել են նշանակել գյուղի վարչական ղեկավար, մանկապարտեզի վարիչ, դպրոցի տնօրեն… Եվ հիմա յուրօրինակ մենամարտ է՝ մի կողմից՝ տարածքային իշխանության վարչական ռեսուրսի, մյուս կողմից՝ համայնքի վարչական ռեսուրսի միջեւ»,- ասաց Կարեն Լազարյանը: 44-օրյա պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ։ Համայնքում գլխավոր խնդիրն այսօր անվտանգությանն է առնչվում։ Հակառակորդը մայիսից գտնվում է Գորիսի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի տարածքում, եւ, կարծես, նպատակ չունի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու։ Արդեն նաեւ արոտավայրերի խնդիր կա։ Իսկ օգոստոսին հակառակորդը փակել էր Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը՝ հավելյալ խնդիրներ ստեղծելով ոչ միայն այդ ճանապարհով անցնողների, այլեւ բնակիչների համար․ Ադրբեջանի ուղղակի սպառնալիքները չեն դադարում։ Գորիսի համայնքապետի թեկնածուից հետաքրքրվեցինք՝ ընտրվելու պարագայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ այնքանով, որքանով հնարավոր է համայնքապետի պաշտոնում, ինչ նախաձեռնություններ կամ առաջարկներ ունի։ Լազարյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրի առանցքային բաժինը նվիրված է հենց անվտանգության խնդիրներին: Առաջին բանը, որ պատրաստվում են անել, համանքի բոլոր բնակավայրերում պատերազմից հետո առաջ եկած կարիքների եւ խնդիրների գնահատումն է, որի հիման վրա էլ կճշգրտեն անելիքները․ «Կաջակցենք պետական մարմինների գործողություններին, որոնք ուղղված կլինեն Սեւ լճի տարածքից ադրբեջանցի օկուպանտներին դուրս մղելուն: Համայնքի բնակավայրերում Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում կազմավորված ինքնապաշտպանական (աշխարհազորային) ջոկատներն ամրապնելուն ուղղված միջոցառումներ կիրականացնենք ու կհամագործակցենք Սյունիքի մարզային զինկոմիսարիատի հետ՝ զորակոչերի, զորահավաքների կազմակերպման գործում»,- թվարկեց մեր զրուցակիցը: Հաշվի առնելով հանգամանքը, որ Գորիս համայնքի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում, թեկնածուն եւ իր թիմը պատրաստվում են ՀՀ կառավարությանն առաջարկել Գորիսում հրավիրել կառավարության արտագնա նիստ եւ քննարկել առկա խնդիրները: Իսկ մինչ այդ՝ կփորձեն Գորիս հրավիրել ԱԺ խմբակցություններին՝ Գորիսի անվտանգության հարցերով միասնական մոտեցում մշակելու համար: «Միեւնույն ժամանակ համարում ենք, որ ոչ պակաս կարեւոր է մեր հողի վրա ապրող, այդ հողը շենացնող մարդու կյանքի համար բարեկեցիկ պայմանների ստեղծումը, համայնքի զարգացման եւ բարգավաճման հեռանկարի երաշխավորումը: Այդ ուղղությամբ նույնպես ունենք առաջարկություններ եւ ծրագրեր»: Իսկ Գորիսում, ըստ Կարեն Լազարյանի, առաջնահերթ լուծում պահանջող շատ խնդիրներ կան․  «Համայնքի վարչական տարածք համարվող Սեւ լճի մերձակայքում 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանի զինվորականներն են ներխուժել: Ադրբեջանցիների հսկողության ներքո են Որոտան, Քարահունջ գյուղերի երբեմնի տարածքների որոշ հատվածներ, ինչպես եւ Շուռնուխ գյուղի արեւելյան մասը: Վերիշենի եւ Ակների արոտավայրերի մի մասն ադրբեջանցիների կողմից վերահսկվող դիրքերի հայացքի ներքո են, ինչը դժվարացնում կամ անհնար է դարձնում դրանց օգտագործումը: Անորոշություններով լեցուն է Գորիս-Կապան մայրուղին, որը, միջպետական նշանակությունից զատ, Գորիս քաղաքը համայնքի մեջ մտնող Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի, նաեւ Աղբուլաղ, Ձորակ, Վանանդ գյուղատեղիների հետ հաղորդակցության միակ ուղին է: Առանց այդ խնդիրների լուծման՝ իրատեսական չի լինի մյուս հարցերի առաջնահերթ քննարկումը»,- ասաց մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ թվարկված հարցերի վերաբերյալ իրենց կոնկրետ առաջարկություններն արտացոլված են իրենց նախընտրական ծրագրում, որի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: Թե բացի անվտանգային խնդիրների հնարավոր լուծումներից՝ համայնքային զարգացման ինչ նախաձեռնություններով են հանդես գալու ընտրվելու պարագայում, Լազարյանը ներկայացրեց, որ նախ պետք է լուծվի Բարձրավանի, Ներքին Խնձորեսկի եւ Վերիշեն գյուղերի գործող ճանապարհների հիմնանորոգման կամ գոնե բարեկարգման խնդիրը: Խնձորեսկում նաեւ խմելու ջրի խնդիր կա, որ չի լուծվել տասնամյակներով։ «Կան նաեւ բնապահպանությանն առնչվող խնդիրներ. խոսքը, մանսվորապես, Վարական գետն աղտոտումից զերծ պահելն է Ակներ, Վերիշեն, Քարահունջ գյուղերի եւ Գորիս քաղաքի տարածքում»,- ասաց թեկնածուն եւ նկատեց՝ որքան էլ տարօրինակ է՝ սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ չի տրվել Ակներ եւ Վերիշեն գյուղերին, որոնք մոտ 11 կմ սահման ունեն Ադրբեջանի հետ: (Գորիսի խոշորացված համայնքի 12 բնակավայրերից 5-ը (Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Հարթաշեն եւ Բարձրավան գյուղերը) պաշտոնապես ստացել են սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ,- հեղ․)։ Այս ամենից զատ՝ Գորիսում համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Լազարյանի համոզմամբ՝ կա մեկ այլ լրջագույն խնդիր եւս՝ համայնքում վերականգնել քաղաքացիական համերաշխությունը: Հայարփի Բաղդասարյան
17:21 - 24 սեպտեմբերի, 2021
Գորիսի ՏԸՀ-ն չի գրանցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը․ կուսակցությունը դատարան է դիմել

Գորիսի ՏԸՀ-ն չի գրանցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը․ կուսակցությունը դատարան է դիմել

Լուսանկարը՝ ՀԿԿ ֆեյսբուքյան էջից Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ Գորիսի տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Երջանիկ Ղազարյանը։ Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների։  Գորիս խոշորացված համայնքում կա 13 բնակավայր, իսկ Կոմունիստական կուսակցության ցուցակում համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ չեն եղել։ Գորիսի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության ցուցակի թեկնածուները եղել են միայն Գորիս քաղաքից, այդ պատճառով էլ, ինչպես նախատեսված է օրենքով, ընտրական ցուցակը չի գրանցվել։ Կոմունիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչ, «Գլոսսա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Համբարձումյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ իրենք վարչական մարմնի կայացրած այս որոշումը բողոքարկել են Վարչական դատարանում։ Նա նշեց, որ Կապանում փաստաթղթերը դատարան ներկայացնելիս որոշակի խոչընդոտների են բախվել․ Համբարձումյանի խոսքով՝ դատարանում ընդամենը մի կարգադրիչ է եղել։ Համբարձումյանը եւս մեր զրույցում հաստատեց, որ Կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվել է օրենքի հիշյալ պահանջին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Նրա խոսքով՝ Կոմունիստական կուսակցությունն իրազեկված չի եղել այդ դրույթի մասին, իսկ պետական մարմինը կուսակցությանը չի տեղեկացրել, որ ներկայացված ցուցակը թերի է, եւ ժամանակ չի տրամադրել փաստաթղթերի համալրման համար․ «Պետական մարմինը պետք է տեղեկացներ եւ ժամանակ տրամադրեր ցուցակը լրացնելու համար, առավել եւս, որ մինչեւ հոկտեմբերի 17-ը (ընտրության օրը,-հեղ․) բավական ժամանակ կա։ Հասկանալի է, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, բայց թե կոնկրետ թիվ 34 ընտրատարածքում (Գորիսի տեղական ընտրական հանձնաժողովը,- հեղ․) որ գյուղերն են խոշորացման արդյունքում դարձել Գորիս համայնք, ոչ մեկը պարտավոր չէր իմանալ։ Կարող էին նշել, որ ցուցակում այս, այս, այս համայնքներց ներկայացուցիչներ չկան, եւ երկու-երեք օր ժամանակ տային՝ այդ բնակավայրերի ներկայացուցիչներին ցուցակում ընդգրկելու համար»,- մեր զրույցում ասաց Աշոտ Համբարձումյանը։ Իսկ թե ինչու են ցուցակը ներկայացրել գրանցման վերջին օրը, մեր զրուցակիցն ասաց, որ տեխնիկական խնդիրներ են եղել էլեկտրոնային ձեւաթուղթը լրացնելու հարցում, հետո ավագանու թեկնածուների ցուցակը ներկայացրել են տպագիր։ Իսկ դատարանում հայցը ներկայացրել են այն պատճառաբանությամբ, որ տեղեկացված չեն եղել պահանջի մասին, եւ, որ վարչական մարմինը պարտավոր էր թերությունները վերացնելու ժամկետ տրամադրել, ոչ թե միանշանակ մերժեր գրանցումը․ «Մենք հայցը ներկայացրել ենք պահանջով, որ ՏԸՀ որոշումն անվավեր ճանաչվի, հանձնաժողովը պարտավորեցվի տրամադրել ողջամիտ ժամկետ՝ ընտրական ցուցակը համալրելու նպատակով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով նաեւ, որ կուսակցությունը միայն այս առումով չէ, որ իրավական խնդիրներ ունի․ դատական գործընթացներ կան, որտեղ Համբարձումյանը միտում է տեսնում՝ կուսակցության բանականոն գործունեությանը խոչընդոտելու եւ այն անհնարին դարձնելու համար։ Իսկ ՏԸՀ նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանը մեր զրույցում նկատեց՝ կուսակցությունը ցուցակը ներկայացրել է վերջին օրը՝ երեկոյան․ «Ես ինչպե՞ս իմանայի՝ իրենք թեկնածություն են դնելու, որ տեղեկացնեի՝ ինչ փաստաթղթեր են ներկայացնելու։ Գոնե մի անգամ մտնեին մեզ մոտ, հարցնեին՝ ինչ ընթացակարգ է գործում։ Իսկ հավելյալ ժամանակ չէինք կարող տալ, որովհետեւ ընտրացուցակների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն էր։ Դրանից հետո հնարավոր չէր»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ իրենք տեղյակ չէին, որ կուսակցությունն այս հարցով դիմել է դատարան։ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Գորիսում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Հայարփի Բաղդասարյան
15:03 - 24 սեպտեմբերի, 2021
«Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ ՔՊ-ն հրաժարվում է քննարկում կազմակերպել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

«Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ ՔՊ-ն հրաժարվում է քննարկում կազմակերպել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կազմակերպում քննարկում Սյունիքի մարզում ստեղծված իրադրության վերաբերյալ: Խմբակցությունն արձանագրել է, որ «Գորիս–Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ»: «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 13–ին նախաձեռնել էր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում ԱԱԾ տնօրենի ու այլ պատասխանատուների մասնակցությամբ։ Մինչև օրս խորհրդարանական մեծամասնությունը չի կազմակերպել այդ քննարկումը՝ փաստացի հրաժարվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու սեփական լիազորություններից և ժողովրդին հաշվետու լինելու պարտականությունից»,-  ասվում է «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ: «Հայաստան» խմբակցությունից նշել են, որ միայն «նոր իշխանության ձևավորման դեպքում է հնարավոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիվ խաղաղություն»:
12:40 - 18 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանի զինծառայողների անօրինական գործողությունները ՀՀ ՄԻՊ-ը կներկայացնի միջազգային կառույցներին

Ադրբեջանի զինծառայողների անօրինական գործողությունները ՀՀ ՄԻՊ-ը կներկայացնի միջազգային կառույցներին

Սյունիքի մարզում սեպտեմբերի 14-15-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում սեպտեմբերի 11-ին ադրբեջանական ոստիկանական  հենակետ տեղադրելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները շարունակական դիտավորյալ արարքներով խախտում են մարդկանց իրավունքները: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Մասնավորապես, փաստերը վկայում են, որ հենակետի զինված ծառայողները շարունակում են առանց իրավական հիմքերի կանգնեցնել օրինական հիմունքներով ՀՀ-ում գտնվող և միջպետական ճանապարհի այդ հատվածով երթևեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ, տարբեր ստուգումներ իրականացնել: Վարորդներից անօրինական գանձում են գումարներ, ներկայացնում են անօրինական այլ պահանջներ: Մասնավորապես, պահանջում են դիզվառելիք, հայտարարված իբր պետական մուծումներից զատ գանձում են կանգնելու համար վճար, կան ահազանգեր ՀՀ դրամով տարբեր չափի գումարներ գանձելու մասին: Ոստիկանական հենակետի անմիջապես հարևանությամբ՝ ճանապարհի վրա տեղադրված են արգելապատնեշներ: Ադրբեջանական զինված ծառայողների այս անօրինական արարքների պատճառով ճանապարհի Որոտանի հատվածում էականորեն դանդաղել է մարդկանց ու քաղաքացիական մեքենաների տեղաշարժը, այդ պատճառով հաճախակի են դարձել խցանումները: Դրանք գնալով ավելի են ինտենսիվանում: Նույն կերպ խաթարվել է երթևեկությունը Կապան-Տաթև ճանապարհով: Ճանապարհը լրջորեն ծանրաբեռնվել է՝ նման բեռնատարների ու ծավալի երթևեկության համար նախատեսված չլինելու պատճառով: Առկա են վթարների դեպքեր: Խոսքը ինչպես ՀՀ քաղաքացիական բնակչության, այնպես էլ  ՀՀ տարածքում օրինական հիմքով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին է: Որոտանի հատվածում հերթերի, խցանումների պատճառով երթևեկությունը դարձել է միակողմանի: Լրջորեն բարդացել է ՀՀ քաղաքացիական բնակչության հաղորդակցությունը, այդ թվում՝ հասանելիությունը հրատապ բժշկական ծառայություններին: Նշվածից զատ, խախտվում է նաև Իրանի քաղաքացիների գործարարությամբ զբաղվելու և նրանց աշխատանքային իրավունքները: Մարդիկ կրում են էական նյութական վնասներ: Ճանապարհի Որոտանի հատվածում տեղադրված տեսախցիկների միջոցով ադրբեջանական իշխանությունները շարունակում են ՀՀ քաղաքացիական բնակիչների անձնական տվյալներ բացահայտ հավաքելը՝ առանց իրավական հիմքերի: Տեսախցիկներն ակնհայտ արձանագրում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղևորների քանակը, նրանց ու վարորդների դեմքերը՝ հաշվի առնելով, որ հատկապես առանց այն էլ ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած արգելապատնեշների պատճառով էականորեն դանդաղել է ավտոմեքենաների արագությունը: Հենակետի զինված ծառայողները, որոնք գրեթե բոլոր դեպքերում դիմակավորված են, դեմքերն ամբողջությամբ փակված է, մշտապես ծառայություն են իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով, ինչպես հաստատում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները: Սա բացարձակ անթույլատրելի, բացահայտ ահաբեկող նշանակության հանդերձանք է ու պահվածք՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ՀՀ համայնքներ իրար միավորող միջպետական նշանակության ճանապարհի մասին ու որ այդ ճանապարհող երթևեկում են գլխավորապես քաղաքացիական անձինք: Ավելին, ադրբեջանական զինված ծառայողների դիմակավորված լինելը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային կանոնները, բացարձակ բարձրացնում է անօրինական արարքների ռիսկը և ապահովում է անպատժելիության մթնոլորտ: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե հստակ գիտեն, թե ինչ վտանգավոր հետևանքների մարդկանց համար կարող են առաջացնել իրենց այս արարքները և դիտավորությամբ գնացել են դրան: Ուստի, կրում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների համար պատասխանատվությունը: Նրանց արարքները չունեն իրավական հիմք: Անհերքելի է, որ ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումը, ինչպես նաև նման գործելաոճը հետապնդում է լարվածություն առաջացնելու, քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու նպատակ: Բազմաթիվ բեռնատար մեքենաների հերթերը, խցանումները խաթարել են Գորիսի Որոտան բնակավայրի քաղաքացիական բնակչության բնականոն ու խաղաղ կյանքը, առաջացրել են մարդկանց ֆիզիկական անվտանգությունը վտանգող հետևանքներ: Ստեղծված պայմաններում ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են: Այս հարցում պետք է ղեկավարվել մարդու իրավունքների գերակայության սկզբունքով՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու պետությունների միջև տեղի չի ունեցել պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա: Մարդու  իրավունքների պաշտպանը ստեղծված վիճակի մասին կտեղեկացնի մջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլն):
11:38 - 17 սեպտեմբերի, 2021
Իշխանությունը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասով ԱԺ փակ նիստին ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով  |armenpress.am|

Իշխանությունը Սյունիքում ստեղծված իրավիճակի մասով ԱԺ փակ նիստին ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով |armenpress.am|

armenpress.am: Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով Ազգային ժողովում ընդդիմության նախաձեռնությամբ անցկացվելիք փակ նիստին իշխանությունը ցանկանում է ներկայանալ առաջին դեմքերով, սակայն դեռ պարզ չէ, թե այն երբ կկայանա, ընդդիմությունը դժգոհում է իշխանության որոշումների կայացման արագությունից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Մենք առաջարկել էինք, որ համապատասխան պաշտոնատար անձինք՝ ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ԱԳՆ-ի, Դատախազության և ՄԻՊ-ի, գան և ներկայացնեն իրավիճակը և դրանից դուրս գալու իրենց առաջարկությունները: Իշխանություններն ասում են, որ ցանկանում են առաջին դեմքերով ներկայանալ, և համադրման խնդիր կա, տարբեր պատճառներով բացակայողներ կան»,- ասաց Օհանյանը: Ընդդիմությունն առաջարկել էր սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանից առաջ՝ 14:00-ին հավաքվել, քննարկել: «Բայց այսօր մենք տեղեկություն ստացանք, որ նորից համադրման խնդիր կա, և իրենք առաջարկում են, որ վերջնական համադրումն իրականացնեն»,- ասաց Օհանյանն ու հավելեց՝ կարծում է, այսօր չի լինի այդ հանդիպումը: Թե նիստը երբ կկայանա, նա չգիտի: «Հայաստան» խմբակցության ղեկավարը բողոքեց իշխանության որոշումների ընդունման արագությունից:
13:27 - 15 սեպտեմբերի, 2021
Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այն հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքում․ Աղաջանյանը՝ ադրբեջանական հսկիչ կետի մասին

Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այն հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքում․ Աղաջանյանը՝ ադրբեջանական հսկիչ կետի մասին

Ադրբեջանական ուժերը տեղակայված են այն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրը առաջացել էր։ Այսինքն՝ իրենց լոկացիայի առումով ոչինչ չի փոխվել, ուղղակի տեղադրել են այդ հսկիչ կետերը։ Խոսքը վերաբերում է այն ելակետային դիրքերին, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը։ Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են եւ ճանապարհի այդ հատվածը գտնվում են Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ, իրենք տեղակայված են այդտեղ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։  Լրգարողների այն հարցին, թե ինչու է հայկական կողմն այս պահին առաջնորդվում Խորհրդային Միության քարտեզով Աղաջանյանը նշեց, որ այլ քարտեզներ չկան։ Աղաջանյանի կարծիքով պաշտոնյանների եւ գերատեսչությունների կողմից ադրբեջանական տեղանուններ օգտագործելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքների վրա։  Աղաջանյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել Եվրամիության՝ հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի հետ եւ հարցերի ամբողջ շրջանակը մանրամասն քննարկվել է։  «Մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ հետեւյալն է․ ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարություններին, թե իբր կողմ է երկարատեւ խաղաղության սկիզբ կամ մաս կազմելու, գործնականում իր քայլերով էլ ավելի է սրում եւ էսկալացնում իրավիճակը։ Սա մի խնդիր է, որը պետք է մշտապես մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում լինի։ Հույս եմ հայտնել, որ իրենք կօգտագործեն իրենց գործիքակազմում եղած բոլոր այն ճնշման գործիքները, որոնցով հնարավոր կլինի Ադրբեջանին բերել կոնստրուկտիվ դաշտ»,- մանրամասնեց պատգամավորը։ Լրագրողի այն հարցին, թե Սյունիքում ադրբեջանական զինծառայողների կողմից փակած Գորիս-Կապան ճանապարհն ի՞նչ բանակցությունների արդյունքում է բացվել եւ արդյոք այս հենակետն է եղել ճանապարհը բացելու համար։ Աղաջանյանը պատասխանեց․ «Ռուս սահմանապահներն ստանձնել են այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթ եւ իրենց բանակցությունների արդյունքում է այդ խնդիրը լուծվել է։ Նման պայմանավորվածություն չի եղել, գինը դա չէր։ Ինչ անում է ադրբեջանական կողմը, ընդամենը նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգը։ Մենք գնում ենք տարածաշրջանում երկարատեւ խաղաղության գործընթացի սկիզբ դնելու ճանապարհով, պատրաստվում ենք չտրվել սադրանքներին: Մենք նման գործողությունները գնահատում ենք սադրանք Ադրբեջանի կողմից։ Այդ սադրանքները կարող են ուղեկցվել զոհերով, կարող են ուղեկցվել այլ տհաճ ու անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով պետք է մեր քաղաքական ուժը տանի այս գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ դրա համար ստացել է ժողովրդի մանդատը»,- եզրափակեց Աղաջանյանը։   
17:33 - 14 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանի պետական ​​մաքսային ծառայությունը «օրինական» է որակել Գորիս-Կապան ճանապարհի հատվածում իրանական բեռնատարներից վճարներ գանձելը |tert.am|

Ադրբեջանի պետական ​​մաքսային ծառայությունը «օրինական» է որակել Գորիս-Կապան ճանապարհի հատվածում իրանական բեռնատարներից վճարներ գանձելը |tert.am|

tert.am: Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները, գրում է minval.az-ը:«Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաև պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: Նախօրեին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում էր, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
17:28 - 13 սեպտեմբերի, 2021
Որոտանում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները իրանցի վարորդներից 130 դոլար են պահանջում |civilnet.am|

Որոտանում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները իրանցի վարորդներից 130 դոլար են պահանջում |civilnet.am|

civilnet.am: Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ իրենց տարածքով անցնելու համար։ Այս մասին Սյունիքից հայտնում է ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը, որը զրուցել է իրանցի վարորդների հետ։ «Իրանցի վարորդները մեզ հայտնեցին, որ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրենց և տեղեկացրել, որ իրենք մուտք են գործել ադրբեջանական տարածք։ Ադրբեջանցիները յուրաքանչյուր վարորդից պահանջել են 130 դոլար վճարել։ Այն բանից հետո, երբ վարորդներն ասել են, որ գումար չունեն, ադրբեջանցի ոստիկանները վերցրել վարորդների անձնագրի ու մեքենայի տվյալները և ասել՝ վերադառնալիս պետք է արդեն վճարված լինեն գումարները»,- պատմում է ՍիվիլՆեթի թղթակիցը։ Գևորգ Թոսունյանը հայտնեց, որ Կարմրաքարի, ինչպես նաև Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- հայտնել էր ԱԱԾ-ը։
13:35 - 13 սեպտեմբերի, 2021
Մարդիկ կարող են խուսափել Հայաստան ապրանք ներմուծելուց․ Թունյանը՝ Գորիս- Կապան ճանապարհի մասին |armenpress.am|

Մարդիկ կարող են խուսափել Հայաստան ապրանք ներմուծելուց․ Թունյանը՝ Գորիս- Կապան ճանապարհի մասին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հուսով է, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը արագ կկարգավորվի, որովհետև, ըստ պատգամավորի, դրա հետևանքը կարող է լինել այն, որ մարդիկ կարող են խուսափել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց։ Լրագրողների հետ ճեպազրույցում Թունյանը ընդգծեց՝ որևէ մեկը չի կարող հերքել, որ Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների ստուգումը և պետտուրքի գանձումը լուրջ խնդիր է։ «Եկեք սպասենք, տեսնենք, թե իրավիճակը ինչպես է հանգուցալուծվում»,- հավելեց Թունյանը։ Պատգամավորի կարծիքով՝ այդ խոչընդոտը անհարմարություն, անորոշություն և ռիսկեր է պարունակում, ինչը ,բնականաբար, պետք է արագ կարգավորվի։ «Այսինքն, որևէ մեկի համար հաճելի չի, որ իր երկրի բեռնատարների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծվեն։ Հայաստանի տարածքով գալիս են իրանական այն բեռները, որոնք սպառվում են Հայաստանում։ Ե՛վ Հայաստանի համար, և՛ Իրանի համար կարևոր է այդ ճանապարհը»,- շեշտեց Թունյանը։ Պատգամավորը նշեց, որ դեռ բավարար տեղեկություններ չունի, որպեսզի կարողանա գնահատական տալ Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված։ «Այս պահին ես ավելին չգիտեմ, քան այն, ինչ հրապարկվել է ԱԱԾ-ի կողմից։ Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, որովհետև անհարմարություն է, որ մեր՝ Իրանի հետ կապող միակ ճանապարհի հետ կապված խնդիրներ կան»,- եզրափակեց Թունյանը։
13:14 - 13 սեպտեմբերի, 2021
ՊՆ-ից հայտնել են՝ Սյունիքի վերաբերյալ իմ հարցերն իրենց լիազորություններից անդին են. Աննա Գրիգորյան

ՊՆ-ից հայտնել են՝ Սյունիքի վերաբերյալ իմ հարցերն իրենց լիազորություններից անդին են. Աննա Գրիգորյան

Ազգային ժողովի նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի կերպով ընդունեց, որ չի տիրապետում՝ ինչ է կատարվում այսօր Սյունիքում, ինչ իրավիճակ է և թե ինչպիսի պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այսօր կան։ Սա պետք է ցավով արձանագրել, քանի որ ԱԺ նախագահը ի պաշտոնե երկրորդ մարդն է, և եթե թիվ մեկ կառույցի մանդատ ունեցող ղեկավարը առհասարակ չգիտի, թե ինչ է կատարվում Սյունիքում սա ինչպես կարելի է բացատրել։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի ելույթին՝ Գրիգորյանը հավելեց․ «Պարոն Սիմոնյանն ասում է՝ «մենք ոչինչ չենք զիջել», ես վստահ եմ, որ պարոն Սիմոնյանը կարդացել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այնտեղ առաջին կետում գրված է, որ հայկական և ադրբեջանական զորքերը կանգնում են ճիշտ այն նույն կետում, որտեղ գտնվում են այդ պահին։ Հետո հետ են քաշվել՝ նույն ձեր հրամանով, քանի որ Կովսականն ու Սանասարը որևէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետևաբար՝ այո՛, դուք այդ տարածքները հանձնել եք։ Հանձնել եք Գորիս-Կապան, այն է Հայաստան- Իրան միակ միջպետական ճանապարհը»։  Գրիգորյանը տեղեկացրեց, որ Սյունիքում առկա իրավիճակի վերաբերյալ հարցապնդումներով դիմել է տարբեր գերատեսչությունների և փորձել է հասկանալ այդ ճանապարհահատվածում ճանապարհի շահագործումը և երթևեկությունը ինչ տրամաբանությամբ են կարգավորվում։ Գրիգորյանը հարց է բարձրարել նաև, թե հնարավոր ՃՊՏ-ների դեպքում, երբ պատահարի կողմերը հանդիսանան ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիները ինչպես պետք է կարգավորվեն խնդիրները։  «Առհասարակ անվտանգության ի՞նչ երաշխիքներ պետք է այստեղ գործեն։ Առայժմ այս պահին ինձ ՊՆ-ից է պատասխան եկել, որտեղ գրված է, որ նրանց լիազորությունից անդին են իմ հնչեցրած հարցերը։ Այսինքն ՊՆ-ն պատասխան չունի, իսկ մարզպետը երեկ գնացել էր, ու ասում է՝ «գիտեք այնտեղ ադրբեջանցիներն իրենց տարածքում են դրել, ռուսներն էլ են այնտեղ մի անհանգստացեք»։ Բա դուք ի՞նչի համար եք, դուք իշխանությո՞ւն եք, թե ոչ․ կողմնորոշվե՛ք։ Ժողովրդի անունից հաճախ խոսողները ճիշտ կանեն ժողովրդի հետ խոսեն, բացատրեն՝ ինչպիսի իրավիճակ է, և մարդիկ ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել»,- եզրափակեց Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
12:22 - 13 սեպտեմբերի, 2021
Վահե Հակոբյանը անհասկանալի է համարում ԱԱԾ տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով |armenpress.am|

Վահե Հակոբյանը անհասկանալի է համարում ԱԱԾ տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը խոսեց Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում ադրբեջանական կողմը լկտիանում է։ «Ադրբեջանական կողմը Որոտանի ճանապարհի վրա ոստիկանական հենակետ է դրել։ Համացանցում հայտնվել են տեսանյութեր և, իմ տեղեկություններով, կանգնեցնում են իրանական բեռնատարեր, ինչ-որ պետտուրք, մաքսատուրք են մուրում և դրանից հետո թողնում են, որ նրանք շարունակեն երթևեկությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։ Պատգամավորը անհասկանալի է համարում Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով․ «Սա ի՞նչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ ,այո, դա ադրբեջանական տարա՞ծք է»։ Վահե Հակոբյանի կարծիքով ՝ այսօր ավելի կարևոր խնդիր չկա, քան Սյունիքն է։ «Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը կլինի բոլոր խնդիրների լուծումը»,- հավելեց Հակոբյանը։
11:28 - 13 սեպտեմբերի, 2021
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պահանջեց Սյունիքի հարցով խորհրդարանում քննարկում կազմակերպել |azatutyun.am|

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պահանջեց Սյունիքի հարցով խորհրդարանում քննարկում կազմակերպել |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է Ազգային ժողովի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանը։ Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցությունը պահանջեց ձևաչափ գտնել ու քննարկում կազմակերպել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Սյունիքում։ Երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ Որոտանի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթեր է ստուգում՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավերելու ուղղությամբ։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԱԾ հայտարարությունը անատամ և ոչինչ չասող որակեց՝ շեշտելով՝ այնտեղ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն։ «Նախորդ օրերին մենք ականատես եղանք ադրբեջանական զինված ուժերի հերթական ապօրինի գործողություններին և, ցավոք սրտի, մեր իշխանությունների կրավորական ու ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին։ Ընդ որում ԱԱԾ հայտարարությունը ոչ միայն չի բխում մեր անվտանգության շահերից, այն անատամ է և ոչինչ չասող։ Երկրորդը՝ այս ընթացքում մենք նաև որևէ բացատրություն, որևէ հիմնավորում և վարքագիծ չտեսանք իշխանություների կողմից։ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է գտնել ձևաչափ՝ քննարկում կազմակելպելու, որ հասկանանք, թե ինչ է կատարվում, մանավանդ, որ ԱԱԾ հայտարարությունն ամբողջական օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մինասյանի առաջարկն անպատասխան թողեց, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հարցրեց խորհրդարանի խոսնակին՝ արդյո՞ք պատրաստվում են քննարկում կազմակերպել և ԱԱԾ տնօրենին Ազգային ժողով հրավիրել։ «Մենք այդ հարցը կքննարկենք ձևաչափի առումով,և կհասկանանք, չեմ բացառում, որ առաջարկը կընդունվի», - ասաց Սիմոնյանը։
10:58 - 13 սեպտեմբերի, 2021