Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ դիմել է Սուրեն Պապիկյանին

Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ դիմել է Սուրեն Պապիկյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ։ «Սյունիքի մարզի Հին և Նոր Խնձորեսկ համայնքներն իրար կապող հայտնի ճոճվող կամուրջը զբոսաշրջային ուղղություն է։ Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաք է։ Սակայն տեղի միակ ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների թվի աճին։ Ըստ այդմ՝ առաջարկել եմ հիմնանորոգել դեպի Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը, ինչն իհարկե կունենա դրական ազդեցություն զբոսաշրջային հոսքի և տեղի բնկաչության կենսապայմանների համար»,-գրել է Էդմոն Մարուքյանը։  
10:41 - 11 օգոստոսի, 2020
Միասին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ենք. Սուրեն Պապիկյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է շինարարներին

Միասին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ենք. Սուրեն Պապիկյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է շինարարներին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի՛ շինարարներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ։ Ձեր որակյալ ու բարեխիղճ աշխատանքը կենսական նշականություն ունի մեր տնտեսության ամրապնդման, ենթակառուցվածքների զարգացման գործում։ Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում ձեր նվիրվածության և պատասխանատվության շնորհիվ հնարավոր դարձավ մեղմել համավարակի տնտեսական հետևանքները և ոլորտը պահել դիմակայուն: Ինժեներների, նախագծողների, ճարտարապետների, շինարարների մեծ բանակն իր ամենօրյա նվիրված աշխատանքով բառի ամենաուղիղ իմաստով կառուցում է մեր երկիրը, փոխում այն՝ դարձնելով ավելի լավ,ավելի անվտանգ, բարեկեցիկ ու գեղեցիկ։ Պատմականորեն հայ շինարարները աշխարհին հայտնի են հմուտ շինարարի համբավով և թողած անգնահատելի ժառանգությամբ:Այսօր ևս ձեր աշխատանքի արդյունքները, լավագույնս արտացոլելով ժամանակի ոգին, փոխանցվելու են սերունդներին։ Պետք է փաստել, որ մեր երկրում օր օրի աճող շինարարության պայմաններում մենք կարիք ունենք ոլորտի համալրման և որակյալ մասնագետների ներգրավման, ուստի առանձնահատուկ հարգանքս այն շինարարներին, որոնք այս տարի արտագնա աշխատանքի փոխարեն մասնակցում են երկրի շենացման գործին, ինչպես նաև այն երիտասարդներին, որոնք որոշել են մասնագիտանալ շինարարության հետաքրքիր ոլորտում: Կրկին շնորհավորում եմ շինարարական ոլորտի բոլոր մասնագետներին, մաղթում քաջառողջություն, մասնագիտական նոր հաղթանակներ և բարօրություն»։  
12:51 - 09 օգոստոսի, 2020
Պապիկյանն այցելել է Սեւան-Շողակաթ-Վարդենիս ճանապարհի շինարարական տեղամաս

Պապիկյանն այցելել է Սեւան-Շողակաթ-Վարդենիս ճանապարհի շինարարական տեղամաս

ՀՀ տարածքային կառավարման  եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց Սեւան-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի շինարարական տեղամաս՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես ներկայացրեց ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ընկերության պատասխանատուն, պետական միջոցների հաշվին մայիս ամսին Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում իրականացվում է ճանապարհաշինական խոշոր ծրագիր:  Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո նախարար Պապիկյանը կիսվեց իր տպավորություններով: «Հսկայածավալ աշխատանք է կատարվել, այն էլ՝ բավականին կարճ ժամանակի ընթացքում: Այն դեպքում, երբ նախկինում սովորաբար նման ծավալի աշխատանքներն իրականացվում էին մեկ-երկու տարվա ընթացքում, ճանապարհաշինական կազմակերպությունը կարողացել է երկու ամսվա ընթացքում ավարտական փուլի հասցնել շինարարությունը: Շինարարության որակը բարձր են գնահատում նաեւ մեզ հետ համագործակցող միջազգային տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները: Սեւանա լճի հյուսիսային եւ արեւելյան ափի բնակավայրերի զարգացման համար այս ճանապարհի հիմնանորոգումը ձեռք է բերում հսկայական նշանակություն, բացի այն, որ այս ճանապարհը դառնում է Հայաստանի հյուսիսային մարզերն Արցախին կապող հիմնական ու ավելի կարճ ուղին: Սա, իհարկե, այսօր Հայաստանում իրականացվող հսկայածավալ ճանապարհաշինության ընդամենը մի հատվածն է, քանի որ մենք մեր առջեւ 500 կիլոմետր երկարության ճանապարհների հիմնանորոգման խնդիր ենք դրել այս տարի  ու ձգտում ենք այն իրագործել ամբողջությամբ: Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում այս պահի դրությամբ դեռեւս ընթանում են ջրահեռացման համակարգի կառուցման եւ այլ կարգի նախապատրաստական աշխատանքներ՝ նախքան ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը: Երանոս-Ծակքար հատվածում տեսանք եւ լավ, եւ որոշակի թերացումներով ընթացող աշխատանքներ, որի համար արեցինք համապատասխան դիտողություններ: Որակի մասին հիմա վաղ է վերջնական գնահատակ տալը, սակայն մի բան պարզ է, որ իրականացված ճանապարհաշինական աշխատանքներն արդեն մի գլուխ բարձր են նախորդ տարում իրականացված աշխատանքներից եւ մի քանի գլուխ բարձր՝ ավելի վաղ ժամանակներում իրականացվածներից: Եվ այս ոլորտում մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում՝ մեր ճանապարհաշինությունը համապատասխանեցնելով միջազգային արդի չափորոշիչներին: Համոզված եմ, որ շուտով մենք կունանենք նաեւ այնպիսի ճանապարհաշինական կազմակերպություններ, որոնք ոչ միայն Հայաստանում կծավալեն որակյալ ճանապարհաշինություն, այլ նաեւ կմաասնակցեն միջազգային մրցույթների եւ ճանապարհաշինական աշխատանքներ կծավալեն նաեւ այլ պետություններում»,-ներկայացրեց Սուրեն Պապիկյանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւս այցի արդյունքների շուրջ   ներկայացրեց իր դիտարկումները: «Մենք նախարար Պապիկյանի հետ եղանք շինարարական յոթ տեղամասերում, արեցինք դիտողություններ ու առաջարկություններ, քննարկեցինք ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծումները կտրվեն առանց ձգձգումների: Կարելի է ասել, որ մարզում շինարարական շատ եռուն շրջան է սկսվել, որը գնալով ավելի լայն թափ կառնի օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին: Շատ ծրագրերի մրցույթների արդյունքներն արդեն գտնվում են ամփոփման փուլում, եւ ուրախալին այն է, որ գրեթե բոլոր մրցույթներում եղել են մասնակից ու հաղթող ճանաչված ընկերություններ: Չնայած շինարարությունների ընթացքում նկատված թերություններին՝ ընդհանուր առմամբ մենք գոհ ենք մարզում ծավալված շինարարական աշխատանքների ընթացքից: Աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները քննարկում ենք անմիջապես եւ գտնում համապատասխան լուծումները: Համոզված եմ, որ գործողության մեջ դրված բոլոր ծրագրերը մենք սահմանված ժամկետներում կավարտենք, եւ եղանակային պայմանները խոչընդոտ չեն հանդիսանա»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
13:07 - 08 օգոստոսի, 2020
Պապիկյանը դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի առանձին հատվածներում շինաշխատանքների ընթացքը |armenpress.am|

Պապիկյանը դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի առանձին հատվածներում շինաշխատանքների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացավ Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի երկու տեղամասերում իրականացվող շինարարության ընթացքին։ Սեւան-Մարտունի Գետափ միջպետական ճանապապարհի Երանոս-Ծակքար յոթ կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավել է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:  Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ շինտեղամասի նախագծի ղեկավար Վահրամ Պետրոսյանը, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Օգոստոսի 5-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացված է ավելի քան 50 տոկոսով: «Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնյա ծածկույթի հին շերտի ֆրեզման եւ հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի եւ ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման եւ ասֆալտբետոնյա ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնյա վերին շերտի ծակույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, եւս 2200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում եւ իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթեւեկության նշաններով եւ գծանշումներով: Աշխատանքներն ընթանում են սահմանված` չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ»,-ներկայացրեց շինարարության պատասխանատուն։ Նախարարի այցի հաջորդ կանգառը նույն ճանապարհի` Մարտունի քաղաքով անցնող Կամոյի փողոցում էր։ Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, պետական միջոցներից շինարարության իրականացման նպատակով հատկացվել է անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5-­ կիլոմետրանոց հատվածը հիմնանորոգվում է պետական միջոցների հաշվին: Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ: Կասֆալտապատվի  շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ: Ասֆալտապատում կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Օգոստոսի յոթի դրությամբ կառուցվում է ջրահեռացման համակարգը, հանվել է ամբողջությամբ հին ասֆալտբետոնյա ծածկույթը եւ ծածկի հիմքը, մոտակա օրերին կսկսվի մայթերի կառուցումը, կտեղադրվի ճանապարհի նոր հիմք եւ ասֆալտբետոնյա ծածկ։ Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ։ Նախարարը հորդորեց շինարարներին` հնարավորինս արագացնել շինարարության տեմպերը, որպեսզի այստեղով Արցախի ու Իրանի հետ կապող ճանապարհների հիմնանորոգումը հնարավոր լինի ավարտել սահմանված ժամկետներում:
17:36 - 07 օգոստոսի, 2020
Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի վարչապետ Փաշինյանը

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի վարչապետ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կառավարությունում ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը: Խորհուրդը կնախագահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կազմում կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այլ նախարարներ, պատգամավորներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
14:14 - 06 օգոստոսի, 2020
ՏԿԵ նախարար Պապիկյանն այցելել է Բերդ. այդտեղ Ադրբեջանը հրետակոծությամբ վնասել է 89 տուն

ՏԿԵ նախարար Պապիկյանն այցելել է Բերդ. այդտեղ Ադրբեջանը հրետակոծությամբ վնասել է 89 տուն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 4-ին այցելել է սահմանամերձ Բերդ համայնք: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շրջել է հուլիսին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետրանքով ծավալված մարտական գործողությունների հետևանքով առավելապես տուժած Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի սահմանապահ գյուղերում, զրուցել տեղի բնակիչների հետ և հետևել հրետակոծության հետևանքով նրանց կրած գույքային վնասների վերականգնման և վերանորոգման աշխատանքներին: Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերում վնասներ է կրել 89 տուն, 14 բնակարան: Ներկայումս ընթանում են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում 17 տների տանիքների, պատուհանների, դռների և ճակատային պատերի վերանորոգման աշխատանքները: Այգեպարում մեկնարկել է նաև գյուղամիջյան ճանապարհի շինարարությունը: Այցի շրջանակներում նախարարը մարզպետի, համայնքապետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի ուղեկցությամբ համայնքում տիրող իրավիճակին ծանոթանալիս հայտնել է, որ առաջիկայում պետական բյուջեից ֆինանսավորման երկրորդ փուլով կմեկնարկեն վնասված տների նորոգման ավելի մեծ ծավալով աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը շեշտել է, որ կառավարության համար հրատապ և առաջնահերթ է հնարավորինս արագ վերականգնել սահմանապահ համայնքների բնականոն առօրյան, իսկ այդ նպատակով, նախարարի խոսքով, անհրաժեշտ է հավելյալ աշխատուժի ներգրավմամբ տեմպ հաղորդել շինարարական աշխատանքներին: Անդրադառնալով պատասխանատու պաշտոնյաների՝ մինչ այժմ կատարած մեծածավալ աշխատանքին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ հաջորդիվ դրանք պիտի ուղղվեն ոչ միայն կրած վնասների չեզոքացմանը, այլև պիտի սահմանեն էլ ավելի բարձր նշաձող` ուղղված սահմանապահ համայնքների բարեկեցությանն ու զարգացմանը: «Միայն բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ. Մեր առաջիկա անելիքները պետք է ուղղվեն սահմանի գյուղերին նոր գույն, նոր որակ, նոր շունչ հաղորդելուն»: Նախարարը այցի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնողների և սահմանապահ համայնքների բնակիչների հետ արդեն իսկ իրականացվող գործողությունների հետ զուգահեռ քննարկել է նաև առաջիկայում նախատեսվող քայլերը։ «Մի բան հստակ է. Մեր սահմանապահ համայնքների բնակիչների ոգին անսպառ ու անկոտրում է։ Սա ոգևերում է յուրաքանչյուրիս ու ուժ տալիս անելու հնարավոր ամենը՝ համայնքների ամրությունը բազմապատկելու, բնակիչների սոցիալական, հոգեբանական վիճակը էլ ավելի հզորացնելու համար»,-նշել է նախարարը։
21:27 - 04 օգոստոսի, 2020
Նախարար Պապիկյանն արձանագրել է համայնքների աննախադեպ ակտիվությունը սուբվենցիոն ծրագրերում ներգրավման առումով

Նախարար Պապիկյանն արձանագրել է համայնքների աննախադեպ ակտիվությունը սուբվենցիոն ծրագրերում ներգրավման առումով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող ընթացիկ ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախարար Պապիկյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է խորհրդակցության հրատապությանն ու կարևորությանը: Նախարարի խոսքով՝ թեպետ արտակարգ դրության ժամանակ աշխատանքը տարածքային կառավարման բնագավառում ընթացել է բնականոն կերպով, այնուամենայնիվ, երկարատև ընդմիջումից հետո նմանօրինակ ձևաչափով աշխատանքային հանդիպումը հնարավորություն է տալիս առավել մանրամասն քննարկել 2020թ. առաջին կիսամյակում արձանագրված ընդհանուր խնդիրները և դրանց համակարգային լուծումները: Խորհրդակցության օրակարգային հարցերի թվում հատկապես կարևորվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքոը: «Այս տարի հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն 44,7 մլրդ դրամ է, որից պետության համաֆինանսավորումը կազմում է 24,8 մլրդ դրամ: Սա խոսում է այն մասին, որ կառավարություն-համայնք համագործակցության շրջանակում դեռ նախորդ տարիներին մեր կողմից սահմանված նշաձողերին հասնելու ուղղությամբ շոշափելի քայլեր են արվել, ներկայացված հայտերի առումով համայնքները ցուցաբերել են աննախադեպ ակտիվություն, ինչի արդյունքում այս տարի ունենք հաստատված 701 սուբվենցիոն ծրագիր: Համեմատության համար պետք է նշել, որ 2018 և 2019թ. միասին հաստատվել էր 618 հայտ»,- ասել է նախարար Պապիկյանը: Նախարարը մարզպետների ուշադրությունն է հրավիր ծրագրերի մրցութային գործընթացների կազմակերպման վրա և հորդորել հետևոաղական լինել մեկնարկող շինարարական աշխատանքների ընթացքի ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարի հիմնականում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով հետաձգված ծրագրերին: Հանձնարարվել է կապալառուների կողմից ստանձնած պարտավորությունների և փաստացի կատարողականի հիման վրա ամփոփել ավարտական արդյունքները: Նախարար Պապիկյան մարզպետների հետ քննարկել է նաև 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։ Արձանագրվել է, որ 2020թ. առաջին կիսամյակում հավաքագրվել է 8,2 մլրդ դրամ, ինչը 1,3 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Նշվել է, որ ցուցանիշների անկումը մեծապես պայմանավորված է եղել համավարակի տնտեսական հետևանքներով։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև մարզպետարանների օպտիմալացման հարցը, ընդգծվել է, որ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները բխելու են մարզպետարանների գործառույթային առանձնահատկություններից և միտված են լինելու այդ գործառույթների առավել լիարժեք իրականացմանը։ Նախատեսվում է, որ մարզպետը կունենա մեկ տեղակալ: Ի թիվս վերոշարադրյալի՝ խորհրդակցության շրջանակներում քննարկվել են օրակարգային այլ հարցեր ևս, որոնք առնչվել են շարժական սպանդանոցներին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մարզերում գրանցված վնասներին և առաջիկայում այս համատեքստում խնդիրների լուծման տարբերակներին։
21:14 - 31 հուլիսի, 2020
Երևանի Օրբելի 23 հասցեում գտնվող, ավելի քան 3 հա պետգույք հանդիսացող տարածքը կօտարվի, նախատեսվում է հյուրանոց կառուցել |tert.am|

Երևանի Օրբելի 23 հասցեում գտնվող, ավելի քան 3 հա պետգույք հանդիսացող տարածքը կօտարվի, նախատեսվում է հյուրանոց կառուցել |tert.am|

tert.am: Կառավարությունը որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով: Հարցը  ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այն զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է եղել: «Որոշում է ընդունվել այն ներկայացնել աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր»,-ասաց նա: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ երբ այս հարցերում նաև դնում են պարտավորություններ՝ ներդրում իրականացնելու, աշխատատեղ ստեղծելու, ապա խորհուրդ է տալիս գույքը չպահել որպես գրավ: «Դա պոտենցիալ գնորդների շրջանակը նեղացնում է, որովհետև, ըստ էության, բանկերի մասնակցությունը գործընթացին խոչընդոտում է»,-ասաց նա:Վարչապետը ևս համաձայնեց, որ դա անտրամաբանական է: Կառավարութան աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը նշեց, որ խնդիրը քննարկել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ: «Երբ մենք վերջին հինգ գույքը հանել ենք մրցույթի, տրամաբանությունն այն է, որ գույքն օտարման ենթարկվում է որոշակի պայմաններով, և դրանց իրականացման վրա որոշակի վերահսկողության լծակ պետք է ունենա Պետգույքի կառավարման կոմիտեն, և այդ լծակը գրավն է, բայց դա չի բացառում, որ տվյալ գույքը ձեռք բերողի կողմից կարող է ևս գրավադրվել բանկում: Բաբայանը հավաստիացրեց, որ եթե նման խնդիր կա, ապա այն կլուծվի, և խնդիրը կարող է լուծվել պայմանագրի շրջանակներում»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
13:40 - 30 հուլիսի, 2020
Սուրեն Պապիկյանը երեք մարզերում հետևել է  ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Սուրեն Պապիկյանը երեք մարզերում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հարթավան-Քուչակ, Քուչակ-Ապարան ճանապարհատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, նախարարը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր, ներկայացրել իր դիտարկումներն աշխատանքի որակի և ժամանակացույցի հետ կապված։ Սուրեն Պապիկյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ անորակ իրականացված աշխատանքները չեն ընդունվելու և հորդորել է ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին։ Պատասխանատուները վստահեցրել են, որ պատշաճ ուշադրություն է դարձվում որակի վերահսկմանը, իսկ թերություների դեպքում դրանք պարտադիր շտկվում են։ Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Չքնաղ-Ձորագլուխ 5․4 կմ ճանապարհահատվածում։ Պայմանագրային արժեքը 358 մլն դրամ է, աշխատանքները նախատեսված է ավարտել դեկտեմբերին։ Նախարար Պապիկյանի հետ զրույցում պատասխանատուները նշել են,որ նախագծային որոշ աշխատանքների ավարտից հետո նորոգման աշխատանքները կշարունակվեն ավելի լայն թափով: Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է նաև մարզի Վարդաբլուր համայնքի կենտրոնական փողոցի 2 կմ ճանապարհահատվածը։ Ներկայումս ընթանում են հողային աշխատանքներ։ Վերջին անգամ համայնքի ճանապարհն ասֆալտապատվել է 1980-ական թվականներին։ Հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են Սիփան-Ավշեն եզդիաբնակ համայնքներն իրար կապող 6․1 կմ ճանապարհահատվածում։ Ճանապարհը կառուցվել է մոտ 40 տարի առաջ և մեծ նշանակություն ունի երկու համայնքների համար։ Նախարարն ընդգծել է, որ ամեն ինչ արվում է համայնքային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ․ բարեկարգ ճանապարհն իր հերթին կնպաստի ազգային փոքրամասնություններով բնակեցված այս համայնքներում կյանքի աշխուժացմանը։ Շիրակի մարզում նախարար Պապիկյանը մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ հետևել է Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման մայրուղու Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Շինարարության պատասխանատուների խոսքով իրականացվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել են ջրահեռացման համակարգերը: Ճանապարհը վերջին անգամ հիմնովին նորոգվել է 2000-ական թթ: Իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում` 10 սմ ասֆալտբետոնե ծածկի տեղադրմամբ: Հոռոմ-Արթիկ հանրապետական նշանակության ճանապարհի տարբեր հատվածներում ևս իրականացվում են հիմնանորոգման, ինչպես նաև միջին նորոգման աշխատանքներ: Նախարար Պապիկյանը ծանոթացավ Գուսանագյուղով անցնող ճանապարհի հիմնանորոգման ընթացքին, որտեղ ներկայումս իրականացվում են հողային և ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքներ: Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհը ևս նախատեսվում է հիմնանորոգել այս տարի: Շրջայցի ընթացքում այս հատվածում նկատված խնդիրները ուսումասիրելիս նախարար Պապիկյանը հորդորեց պատասխանատուներին հետևողականություն ցուցաբերել, շտկել նախագծային թերությունները և տեմպ հաղորդել ճանապարհի շինարարությանը: Վերադարձին  նախարարն Արմավիրի մարզում հետևել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` ՏԿԵ  նախարարության պատվիրակությամբ:
21:43 - 24 հուլիսի, 2020
2 մլրդ 646 մլն դրամ մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

2 մլրդ 646 մլն դրամ մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի համար |hetq.am|

hetq.am: Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին 2020 թվականի ինն ամսում կհատկացվի 2 մլրդ 646 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 16-ի նիստում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ սրանք 2019 թվականի մեկնարկած և 2020 թվականին ավարտվող սուբվենցիոն ծրագրերն են։ «Խոսքը վերաբերում է 83 համայնքների թվով 106 սուբվենցիոն ծրագրերին։ Նշեմ նաև, որ դեռևս 2020 թվականի ապրիլի 23-ին 21 ծրագրերի համաֆինանսավորման համար մեր կողմից հատկացվել է 405 մլն դրամ»,- նշեց նախարար Սուրեն Պապիկյանը։ Վարչապետն էլ հայտնեց, որ 700-ից ավել սուբվենցիոն հաստատված ծրագիր կա, և այս տարի սուբվենցիոն ծրագրերն աննախադեպ ծավալ են ունենալու։ «Այս տարի հաստատվել է 701 ծրագիր, ընդհանուր գումարային հաշվարկով շուրջ 44 մլրդ դրամ, որից կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 մլրդ դրամ»,- հավելեց Սուրեն Պապիկյանը։ Նշված ֆինանսական միջոցները համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված՝ օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է կառավարության 2006 թվականի  նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» սահմանված կարգի դրույթների համաձայն` համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման  անհրաժեշտությամբ:
14:09 - 16 հուլիսի, 2020
Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

fip.am:  Հեղափոխությունից հետո բավական հաճախ է շոշափվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և աշխատավարձերի բարձրացման թեման։  Նախորդ տարի մեծ աղմուկ առաջացավ, երբ «Հետքը» պարզեց, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով գրեթե կրկնապատկվել են նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին, մշտապես նշում է, որ կառավարությունից դեպի մասնավոր հատված մեծ հոսք է նկատվում, որի պատճառը ցածր վարձատրությունն է։ «Մարդիկ գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որովհետև այն աշխատանքը, որ իրենցից ակնկալվում է 400 հազար դրամ, իրենք ասում են՝ 1 մլն 200 հազար դրամով հենց հիմա մեզ առաջարկում են, ինչո՞ւ մնանք: Ասենք՝ ո՞վ է, որ կմնա այստեղ աշխատելու»: Վարչապետի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ բարձրաստիճան պաշտոնյաները «զոհողության են» գնացել՝ մասնավոր հատվածում բարձր վարձատրությամբ աշխատանքից հրաժարվելով և պետական համակարգ գալով։   Եվ քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել են պաշտոնյաների 2019 թ․ եկամուտների հայտարարագրերը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքան աշխատավարձ էին ստանում նախարարները մինչև այդ պաշտոնում նշանակվելը, և որքան են կազմել նրանց ստացած աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները (այսուհետ՝ աշխատավարձ) 2019-ին՝ արդեն նախարարի պաշտոնում։ Քանի որ նախարարների աշխատավարձերը կրկնապատկելու վերաբերյալ վարչապետի գաղտնի հանձնարարագիրը ստորագրվել է նախորդ տարվա հուլիսին, վերջիններիս ամսական միջին աշխատավարձը պարզելու համար ամբողջ տարվա աշխատավարձը կբաժանենք 12 ամիսների։ «Հեղափոխական» նախարարները Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարի պաշտոնում նշանակված Արսեն Թորոսյանը նախարարների ցանկում միակն է, որի աշխատավարձը գրեթե չի փոխվել՝ մասնավոր հատվածից կառավարություն տեղափոխվելուց հետո։ Մինչ նախարար դառնալը Թորոսյանը «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենն էր, որտեղ, ըստ հայտարարագրի, ստացել է միջինում 1 մլն 516 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի նախարարի պաշտոնում Թորոսյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 515 հազար դրամ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր մասնավոր փաստաբանական գրասենյակում, որտեղ վերջինիս աշխատավարձը, ըստ ներկայացված հայտարարագրի, կազմում էր մոտ 430 հազար դրամ։ Բադասյանն արդարադատության նախարար է նշանակվել 2019-ի հունիսին, և ըստ վերջինիս կողմից ներկայացված հայտարարագրի՝ 2019-ին՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 372 հազար դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թ. մայիսի 12-ին։ Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է երեք տեղից ստացած եկամուտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 801 հազար դրամ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 409 հազար դրամ։ Նախորդ տարի ներկայացրած հայտարարագրից պարզում ենք, որ նախարարի պաշտոնում Պապիկյանը միջինում ստացել է ամսական 1 մլն 591 հազար դրամ աշխատավարձ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր իր իսկ կողմից հիմնադրված «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, և ըստ ներկայացրած հայտարարագրի՝ նրա միջին ամսական եկամուտը կազմել է 356 հազար դրամ։ Արդեն նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Արշակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մինչ հեղափոխությունն աշխատել է հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններում։ Հեղափոխությունից հետո Զարուհի Բաթոյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնի նշանակվելը Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 167 հազար դրամ։ 2019-ին, արդեն զբաղեցնելով նախարարի պաշտոնը, Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 500 հազար դրամ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր Երևանի պետական համալսարանում և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում։ Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանի միջին ամսական եկամուտը, մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը, կազմել է 156 հազար դրամ։ Իսկ արդեն նախարարի պաշտոնում Հարությունյանը, ըստ 2019թ․ հայտարարագրի, ստացել է 1 մլն 406 հազար դրամ աշխատավարձ։   Պետական համակարգի «հնաբնակները» Կառավարության ներկայիս կազմի 12 նախարարներից 6-ը մինչև հեղափոխությունը ևս աշխատում էին պետական համակարգում, և նրանց դեպքում կհաշվարկենք մինչև նախարար նշանակվելը վերջին զբաղեցրած պաշտոնում ստացած միջին աշխատավարձը։ Այսպես, ներկայիս նախարարներից ամենից բարձր աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, ստացել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը մինչ այդ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր։ Մնացականյանն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնեց հեղափոխությունից անմիջապես հետո՝ մայիսի 12-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեսնում ենք, որ 2018-ին՝ մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը, նա ստացել է 17,108 դոլար աշխատավարձ։ Սա նշանակում է, որ Մնացականյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 3890 դոլար կամ մոտ 1 մլն 890 հազար դրամ։  2019-ին Մնացականյանը հայտարարագրել է 16,776,991 դրամ եկամուտ, այսինքն՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 398 հազար դրամ։ Մնացականյանից հետո ամենից բարձր աշխատավարձ ստացել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը մինչև հեղափոխությունը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ջանջուղազյանը, 2018-ի մայիսի 12-ին նշանակվելով ֆինանսների նախարար, պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, կրկին զբաղեցնելով ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, հայտարարագրել էր 15 մլն 211 հազար դրամ եկամուտ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, կազմել է 1 մլն 268 հազար դրամ։ Այս տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարար Ջանջուղազյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 266 հազար դրամ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մինչև այս պաշտոնը ստանձնելը արտակարգ իրավիճակների նախարարն էր։ Տոնոյանը ևս ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելիս նոր հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, զբաղեցնելով ԱԻ նախարարի պաշտոնը, հայտարարագրել էր 7 մլն 933 հազ դրամ աշխատավարձ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 661 հազար դրամ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Տոնոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 666 հազար դրամ։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր նույն նախարարության (այն ժամանակ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։  Հեղափոխությունից հետո՝ մայիսի 16-ին, Խաչատրյանը դադարել է պաշտոնավարումը։ Պաշտոնի դադարեցման հայտարարագրում տեսնում ենք, որ Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմում էր 602 հազար դրամ։ Նույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խաչատրյանը զբաղեցնում էր «Հայ-Թեք» ընկերության տնօրենի պաշտոնը՝ այդ ընթացքում ստանալով 785 հազար դրամ աշխատավարձ։ 2018-ի հոկտեմբերի 15-ին Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Նախորդ տարվա հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարարի պաշտոնում Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս պաշտոնում նշանակվել է 2018-ի հոկտեմբերի 4-ին։ Մինչ այդ Ցոլակյանը ԱԺ պատգամավոր էր և ըստ 2018-ի հայտարարագրի՝ ստանում էր 525 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 371 հազար դրամ։ Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ևս այդ պաշտոնին էր նշանակվել 2018-ի մայիսի։ Մինչ այդ նա զբաղեցնում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և ըստ հայտարարագրի՝ ստանում էր 860 հազար դրամ աշխատավարձ։ 2019-ին Գրիգորյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 536 հազար դրամ։ Այսպիսով, վերլուծելով վերոնշյալ տվյալները, ստացվում է, որ նախարարների բարձր աշխատավարձերի վերաբերյալ վարչապետի պարզաբանումը, թե այդ մասնագետները կարող էին ավելի բարձր վարձատրվել մասնավոր սեկտորում, տեղին չէ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի այդ հիմնավորումը վերաբերելի է, թերևս, միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի՝ մասնավոր սեկտորում ստացած աշխատավարձը կարելի է համեմատել նախարարական վարձատրության հետ։ Սևադա Ղազարյան
11:41 - 09 հուլիսի, 2020
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ, քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ, քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Գերմանական զարգացման գործակալության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) արդյունավետ ներգրավվածությունն ու աջակցությունը` ՀՀ վարչատարածքային բարեփոխման, միավորված համայնքներում ծառայությունների բարելավման և համայնքային ենթակառուցվածքների զարգացման գործում: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել KFW բանկի՝ Հայաստանում գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացման ծրագրի վերսկսմանը միտված գործընկերային և կառուցողական մոտեցման նկատմամբ: Իր հերթին դեսպան Բանցհաֆը խոսել է բազմաբնակավայր համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնման, ինչպես նաև ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունից և վերահաստատել գերմանական կողմի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը դրանց իրագործման հարցում: Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դրսևորվում է հատկապես այն ոլորտներում, որոնք ղեկավարվում և համակարգվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KFW բանկի աջակցությամբ ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման, Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման, ինչպես նաև Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերի ընթացքին և դրանց հետագա իրագործմանը: Երկուստեք կարևորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը, որը թույլ կտա սեղմ ժամկետներում հաղթահարել համավարակով պայմանավորված առկա խոչընդոտները և ապահովել վերոնշյալ ծրագրերի կայուն շարունակականությունը:
14:40 - 07 հուլիսի, 2020
Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին

Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Շնորհավորելով դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բազմամյա հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Նախարար Պապիկյանի խոսքով առկա փոխգործակցության բարձր մակարդակը դրսևորվում է հատկապես երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և իր հերթին վերահաստատել իրանական կողմի պատրաստակամությունը նոր որակ հաղորդելու երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և լիարժեք օգտագործելու տնտեսական հարաբերություններում առկա չիրացված ներուժը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր տիպի կորոնավիրուսային համավարակի մարտահրավերներին արձագանքելու և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
10:08 - 03 հուլիսի, 2020
ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը․ դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները. Պապիկյան |armtimes.com|

ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը․ դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները. Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը: «Այդ մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ ազդեցություն են թողնում ճանապարհների որակի վրա: Հատկապես ամռանը, դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները»,- նշեց նախարարը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ նկատեց, որ ժամանակին ռուսական կողմի հետ քննարկում են ունեցել եւ ռուսներն առաջարկել են, որ ավտոմեքենաների կշռման եւ ստանդարտներ կիրառելու համակարգը ներդրվի նաեւ Հայաստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Երբ մենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավելի աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում: Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետեր պետք է ունենանք եւ բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»։
15:24 - 02 հուլիսի, 2020