Սահման

ՄԻՊ տվյալներով՝ զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն վեց քաղաքացի

ՄԻՊ տվյալներով՝ զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն վեց քաղաքացի

 Քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ՝ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիկաան բնակչությունը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիտինե Գրիգորյանը։ «Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից․ նա որևէ զինված ծառայության մեջ ներգրավված չէ։ Առնվազն մեր հաստատության կողմից արձանագրվել է վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի տվյալ։ Մենք նույնականացրել ենք այդ անձանց, այցելել ենք նաև, այսինքն՝ կան ապացույցներ։ Եվ այս ամենը ներկայացվել է ԱԳՆ-ին»,- նշեց Գրիգորյանը։  Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ բացի շտապօգնության, տրասնպորտային միջոցներից ու անձնակազմից, թիրախորվել են են նաև լրագրողներ․ դրա վերաբերյալ նույնպես կան ապացույցներ։  «Մենք շարունակում են հավաքագրել, նույնականացնել պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունները․ դրանք նույնպես ամփոփվում են»,- եզրափակեց Գրիգորյանը։   Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրացնելով Քրիստինե Գրիգորյանին, նշեց․ «մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցագործությունների, քաղաքացիական օբյեկտների վնասման, ու միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի խախտման դեպքերի հետ կապված արդեն իսկ բոլոր պատկան մարմինների հետ ակտիվ աշխատում ենք։ Վերջին երկու օրվա ընթացքում Եվրոպական դատարան արդեն իսկ ներկայացրել ենք մի քանի իրար համալրող դիմումներ միջանկյալ միջոց կիրառելու առումով։ Նաև արդեն ստացել ենք պատասխաններ։ Խոսքը վերաբերում է թե՛ գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը,  ինչպես նաև այս պահի դրությամբ հավաքագրվում է մնացած ավելի լայնամասշտաբ հասցված վնասի հետ կապված ապացույցները, որոնք մեր ընթացիկ տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակում (մենք ունենք մի քանի միջպետական գործեր Եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում վարույթ) ներկայացնելու ենք»։
11:56 - 16 սեպտեմբերի, 2022
Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել․ ԱԻ նախարարը ներկայացրել է, թե ինչեր են վնասվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով

Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել․ ԱԻ նախարարը ներկայացրել է, թե ինչեր են վնասվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել, ճոպանուղին, հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույքեր։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ «Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանումներ, մասնավորապես Սյունիքի մարզում Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը։ Ունենք նաև Շտապ օգնության մեքենաներ, որոնք հրետակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները և հեկտարներով ցորենի, գարու արտեր, և Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել ու մասնավոր մեքենաներ»,- ասաց ԱԻ նախարարը։  Շատ կարևոր է փաստագրել այս հանգամանքները իրավական առումով․ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հույս ունենալով, որ այս ուղղությամբ մանրակրկիտ աշխատանք կիրականացվի։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով ԱԻ նախարարի ներկայացրած տվյալները, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակի  և պետական մյուս գերատեսչությունների տիրապետության տակ եղած տեղեկատվությունը հանգամանալից կերպով և պատշաճ կերպով արդեն իսկ ներկայացվում է միջազգային գործընկերներին, իսկ այն դեպքերում, երբ իրավական խնդիրներ և ռազմական հանցագործության տարրեր կան, մշակվում են և հետագա համապատասխան ընթացք կստանան։
11:38 - 16 սեպտեմբերի, 2022
Առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան․ Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան․ Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Սա ՄԱԿ-ի ԱԽ-ում արդեն երկրորդ քննարկումն էր։ Երկու օր առաջ տեղի էր ունեցել ևս մեկ քննարկում, փակ ռեժիմում։ Եվ ահա արդեն երկրորդը մեր պնդմամբ արդեն բաց ռեժիմով, որպեսզի ողջ աշխարհի մարդկությունը կարողանան հետևել տարբեր երկրների մշտական ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումներին։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  «Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց ուզում եմ ընդգծել, որ սա որևէ կերպ չպետք է նսեմացնի քննարկման կարևորությունը։ Միջազգային հանրությունը շատ հստակ դիրքվորվել է հարցերի շուրջ։ Երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքերի անհրաժեշտությունը, օգտագործվել է ագրեսիա եզրույթը, այսինքն՝ շատ հստակ ընկալում կա, որ սա ներխուժում է ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցավծենր, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր, բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են ԼՂ հակամարտության մասին, և ըստ էության չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել մեկ տարի և ավել, որ ԼՂ հիմնախդնիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք ու հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից։ Հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, ովքեր համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չի, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան։ Թույլ տվեք ավելի չմանրամասնել»,- նշեց Արարատ Միրզոյանը։ 
11:26 - 16 սեպտեմբերի, 2022
Եկել ենք այն եզրակացության, որ այս պահին ռազմական դրության որոշման չպետք է գնանք․ Նիկոլ Փաշինյան

Եկել ենք այն եզրակացության, որ այս պահին ռազմական դրության որոշման չպետք է գնանք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից․ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարի մայիսին Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է։ Այս մասին այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Փաշինյանը անդրադարձավ նաև ռազմական դրություն մտցնելու հարցին ու նշեց․ «ԱԽ մակարդակով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման չպետք է գնանք։  Մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, ովքեր ասում էին, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանությանը։ ԱԽ նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել, այս փուլում նրանք կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի, առավել ևս, որ հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է, և կան բոլոր օրենսդրական հիմքերը որոշումները կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ։ Շատերը ակնկալում էին, որ ռազմական դրություն պետք է մտցվի և այդ համատեքստում խոսույթ է ձևավորվել, թե ինչ անեն քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ առաջինը, մենք որևէ պարագայում չպետք է մոռանանք պետության գործունեության և գործառութային դերը կատարելու անհրաժեշտությունը, և խոսքը վերաբերվում է նաև տնտեսությանը, և սա չափազանց կարևոր է։ Իհարկե, մենք ամեն ինչով պետք է աջակցենք զինված ուժերին։ Կան հայրենակիցներ՝ եղբայրներ և քույրեր, ովքեր իրենց պատքն են համարում անմիջականորեն մասնակցել երկրի անվտանգության ապահովմանը։ Նման քաղաքացիները ցանկացած պահի կարող են դիմել կարող են դիմել համապատասխան կառույցներ, զինկոմիսարիատներ, մեր մյուս քաղաքացիները, պետական պաշտոնյաները, մասնավոր հատվածը պետք է ամենօրյա աշխատանքով ապահովեն երկրի բնականոն գործունեությունը, որովհետև դրանից է կախված մեր զինված ուժերի նյութական ֆինանսական ապահովումը, ինչի մասին մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք»,- նշեց Փաշինյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին նշեց․ «բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կամավորության հիմունքով զինվորագրվել և գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրառելիությունը ապահովելու համար՝ զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի»։ Սուրեն Պապիկյանը անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին ու նշեց, որ օպերատիվ իրավիճակը սահմանին գնահատվում է հարաբերական հանգիստ։ Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է, զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը։
11:09 - 16 սեպտեմբերի, 2022
Մակրոնը ՀՀ վարչապետի հետ զրույցում վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը

Մակրոնը ՀՀ վարչապետի հետ զրույցում վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
10:50 - 16 սեպտեմբերի, 2022
Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված․ Փաշինյանը՝ Բլինքենին

Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված․ Փաշինյանը՝ Բլինքենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էնթոնի Բլինքենն իր ցավակցություններն է փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ և վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
10:36 - 16 սեպտեմբերի, 2022
Բունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

 |armenpress.am|

Բունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա |armenpress.am|

armenpress.am: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա: Միխայել Ռոթը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Լավ է, որ ԱՄՆ և ԵՄ բանակցային ջանքերի շնորհիվ հաստատվեց հրադադար: Դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի պետական տարածքների վրա: Տասնամյակներ տևող այս հակամարտությունը ոչ թե զենքի ուժով, այլ խաղաղարար բանակցությունների միջոցով պետք է լուծվի: Ակնհայտորեն Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի թուլությունից, փորձում է իր տարածքային հետաքրքրությունները առաջ մղել: Մենք չպետք է Հայաստանը թողնենք Ռուսաստանի հույսին: ԵՄ-ն պետք է ստանձնի առաջնորդի դերակատարություն խաղաղության հաստատման գործում և աջակցի Հայաստանի ժողովրդավարությունը»:
10:29 - 16 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները․ ՀՀ ԱԳՆ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները․ ՀՀ ԱԳՆ

Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն: Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ Անվտանգության խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և առկա պայմանավորվածությունների ներքո իր պարտավորությունների կոպիտ խախտումների վրա։ Այդ առնչությամբ ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի տարածքի օկուպացիային, ծանր զինատեսակների կիրառմամբ քաղաքացիական բնակավայրերի, մասնավորապես՝ Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի ու Սոթքի հրետակոծությանը, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և ավերածությունների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտմամբ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը: Անդրադառնալով 2021թ. մայիսից ի վեր Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ու 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ Հայաստանի տարածքների նկատմամբ ուժի կիրառմանն՝ ընդգծվել է, որ վերջին հարձակումներն ի ցույց են դնում, որ պատասխանատվության ենթարկելու պատշաճ միջոցների բացակայության պարագայում ագրեսիվ քաղաքականությունը կարող է շարունակվել և ավելի ընդլայնվել։ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան իրականացվել է ընթացող բանակցությունների լույսի ներքո և ի հեճուկս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով տարբեր ձևաչափերում գործադրվող ջանքերին: Դեսպան Մարգարյանն ընդգծել է ԱԽ կողմից միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր մանդատի իրացման անհրաժեշտությունը, և դիմելով անդամ երկրներին՝ կարևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը պահանջը՝ անհապաղ և առանց նախապայմանների դուրս բերելու Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից և զերծ մնալու ագրեսիայի հետագա գործողություններից ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և եռակողմ հայտարարությունների ներքո իր պարտավորությունների հանձնառության լիակատար պահպանումը ներգրավումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում բոլոր հարցերի հասցեագրմանը, այդ թվում՝ կարգավիճակի հարցի հանգուցալուծմանը բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ հայրենադարձման կոչը։
00:22 - 16 սեպտեմբերի, 2022
Բլինքենն ակնկալում է նոր շփումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ
 |news.am|

Բլինքենն ակնկալում է նոր շփումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է նոր շփումներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ՝ կապված տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նա հիշեցրել է, որ Բլինքենը վերջերս զրուցել է երկու երկրների ղեկավարների հետ, եւ պետք է սպասել, որ շուտով նա կրկին նման հնարավորություն կունենա։ Փրայսը ողջունել է «երկրների կողմից հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը»։ «Մենք շարունակում ենք զբաղվել եւ խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է կրկին կայուն խաղաղության հասնելու համար, այս հարցը ռազմական լուծում չունի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բլինքենը գրել էր․ «Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը և կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ ձգտելով ամրապնդել այն: ԱՄՆ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն»:
00:06 - 16 սեպտեմբերի, 2022
Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը

Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը խոստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերը։ Երկուստեք շեշտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման և ուժի կիրառման անթույլատրելիության անհրաժեշտությունը։ Հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական ագրեսիայի հետևանքերի վերացման և նոր ագրեսիայի հավանականության բացառման համատեքստում նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության հստակ, հասցեական ու համարժեք արձագանքի կարևորությունը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման նպատակով գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
22:55 - 15 սեպտեմբերի, 2022