«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Իշխանության հետ երկխոսելու մի օրակարգ կա, դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ խոսելու բան չկա. Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Իշխանության հետ երկխոսելու մի օրակարգ կա, դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ խոսելու բան չկա. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Իշխանության հետ երկխոսելու միակ օրակարգը Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ բան չկա խոսելու: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ պատրաստ են ընդդիմության հետ երկխոսել: Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների գրառումներին, որոնց միջոցով շնորհակալություն էին հայտնում Ոստիկանությանը՝ այս օրերին իրականացվող գործողությունների համար, Իշխան Սաղաթելյանն ասաց. « ՔՊ-ն շնորհակալ է Ոստիկանությանը, քանի որ նրանք հասարակական կարգ չեն պահում, իրենց իշխանությունն են պահում, այնքան անամոթ են, որ այդ նույն ոստիկաններին, որոնք Շուշիում կոտորվեցին, մեկ անգամ չցավակցեցին, իսկ այսօր անընդհատ ծափահարում են և ստիպում, որ բռնություն գործադրի քաղաքացիների նկատմամբ և երբեմն ոստիկանությունը տեղիք տալիս է»:
15:32 - 03 մայիսի, 2022
Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ. Ալեն Սիմոնյան

Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ. Ալեն Սիմոնյան

«ՀՀ իշխանությունը, մեր իրավիճակից ելնելով, այսօր ապահովում է ՀՀ անվտանգությունը շատ ավելի լավ, քան այսօր դրա մասին խոսող այն դերակատարները, որոնք կարողացել են ապահովել կամ կկարողանան այս իրավիճակում ապահովել»։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը ասելիք չունի, բայց նրանք դուրս են եկել փողոց՝ Արցախի եւ Հայաստանի անվտանգության համար, արդյո՞ք դա ասելիք չէ, դա իշխանության համար լուրջ ազդակ չէ՞, որ իրենց քաղաքականությունը այս առումով սխալ է, Սիմոնյանը պատասանեց․ «Խնդրում եմ՝ թող ընդդիմությունը, դուք բացատրեք, թե ինչ է նշանակում այդ «համար»-ը, ո՞րն է դա, երբ վիրավորում են, գոռում են՝ միացի՛ր, դա առաջա՞րկ է անվտանգության համար, այն, ինչ իրենք՝ Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պիտի անեին, մոտ քսան տարի ժամանակ ունեցել են, եւ ոչինչ չեն արել»։Անդրադառնալով նախկինում հնչած այն տեսակետին, թե Նիկոլ Փաշինյանն այլեւս չպետք է բանակցի՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ներողություն եմ խնդրում, բայց նախ դուք չպետք է որոշեք, այլ ժողովուրդը, եւ ժողովուրդը այդ որոշումը կայացրել է, եւ երկրորդ, բա ո՞վ պետք է բանացկի․ Քոչարյա՞նը, որը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային պրոցեսից, եւ քննարկում էր Մեղրին Արցախի հետ փոխարինելու հարցը, թե՞ Սերժ Սարգսյանը, որը տասը տարվա պաշտոնավարումից հետո եկավ եւ ասաց, որ բանակցային պրոցեսը այլեւս լավատեսություն չի ներշնչում, եւ մենք գտնվում ենք փակուղում, թե՞ Վանեցյանը թե՞ Դաշնակցությունը»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքն ուզում է հասկանալ ընդդիմության առաջարկները։Լրագրողի հարցին՝ բայց արդյո՞ք այս իշխանությունը պետք է բանակցի, որը պարտվել է եւ Արցախի 75 տոկոսը տվել է թշնամուն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նախ, այդ հարցի պատասխանը տվել է ՀՀ  քաղացացին, ոչ թե ես, ոչ թե դուք, այս նույն մարդիկ ութ ամիս առաջ այս նույն լոզունգներով գնացին քաղաքացու մոտ, ի դեպ, իրենք չէին ուզում գնալ, մենք ենք պարտադրել այդ օրակարգը, որ ժողովուրդը պիտի որոշի, եւ ժողովուրդը այդ հարցի պատասխանը տվել է»։ Անդրադառնալով «75 տոկոս» ձեւակերպմանը, ԱԺ  նախագահը հարց հնչեցրեց․ «Եկեք մի բան հասկանանք․ այդ որ ասում եք 75 տոկոս, այն գրավյալ տարածքները մե՞ջն են, որոնց մասին խոսում էր Սերժ Սարգսյանը եւ ասում, որ դրանք որեւէ նշանակություն չունեն, թե՞ դուք նկատի ունեք հենց Արցախի տարածքը, որով Արցախի Հանրապետությունը  իր անկախությունն է հռչակել։ Անվերջ կան բաց տեղեր, անվերջ կա քաղաքական որեւէ կոնկրետ հարցի պատասխանի բացակայություն, եւ դա է պատճառը, որ մեր ընդդիմությունը այսօր, մեղմ ասած, բավականին վատ իրավիճակում է հայտնվել»,- նշեց նա՝ հավելելով, որ ընդդիմությանը, ամեն դեպքում, հասկանում է․ «Սա իրենց համար միգուցե վերջին շանս է, եւ կարծում եմ՝ այս փորձից հետո շատերը, որպես քաղաքական գործիչ, չպետք է վերադառնան այս դահլիճ, որովհետեւ նրանց քաղաքական ասելիքը սպառված է»։
13:52 - 03 մայիսի, 2022
Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կրակոցներ․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին մեր սահմանին ադրբեջանական կողմից գրանցվել են «մեծ տրամաչափով զենքի կիրառման կրակոցներ»․ «Հետեւությունները թողնում եմ Ձեզ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ինքը մասին բազմաթիվ անգամներ ասել է, որ ընդդիմության գործողությունները գրեթե միշտ համընկնում են կա՛մ կարեւոր այցերի հետ, օրինակ՝ ՌԴ ղեկավարի կամ ԵՄ ղեկավարների, կա՛մ սահմանում տեղի ուենցող իրադարձությունների հետ․ «Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է, համարում եմ, որ ինչ-որ ձեւերով դա համակարգվում է, եւ այն բացահայտումները, որ այսօր արդեն ԱԱԾ-ի կողմից արվում են, դրա մի մասն են, բայց մեր քաղաքացիները ամեն ինչ հասկանում են եւ չեն միանում, եւ այդ ակցիաները գնալով սակավ մարդկանցով են տեղի ունենում»,- նշեց նա։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ երբ իրենք էին ընդդիմություն, նույն բանը իրենց վերաբերյալ էին ասում, Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ ասելով․ «Գիտեք՝ ինչ, երկու բան․ նախ նույնության մասին ով-ով, իրենք չպետք է խոսեն, որովհետեւ բացի երեւի մորուք պահելուց, ամեն ինչ կրկնում են, եւ չեն հասկանում, որ եթե ուզում ես ինչ-որ բան անել, չի նշանակում, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ պահի դա արել է, դու էլ, նույնն անելով, կհաջողես, դրա ձեւերը շատ երկար կարող եմ բացատրել։ Ինչ վերաբերում է նույնությանը, 2018 թ․-ին սահմանին տեղի չէր ունենում այն, ինչ հիմա է տեղի ունենում, եւ այդ խոսակցությունը մի կարճ պահ տեւեց»։ Սիմոնյանի կարծիքով՝ արդեն երկարատեւ ժամանակ է՝ այնպիսի տպավորություն է, թե ընդդիմության գործողությունները եւ հայտարարությունները կարծես հարեւան երկրի ՊՆ լրատվական բաժնից լինեն․ «Եւ ոչ միայն իմ մոտ է այդ տպավորությունը, իմ խոսքերը դնենք մի կողմ, տեսեք՝ գործողություն, կրակոց, գործողություն, կրակոց, սա ես չեմ ասում, սա ուղղակի փաստ է»։
13:02 - 03 մայիսի, 2022
Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Ալեն Սիմոնյանը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողություններին՝ ընդհանուր առմամբ, այն գնահատելով համաչափ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «ոստիկանությունը բոքսում էր» քաղաքացուն, դրա՞ համար էր ինքը երեկ շնորհակալություն հայտնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․   ««Ոստիկանությունը բոքսում էր» արտահայտությունը հանեք ձեր լեքսիկոնից, մի կոնկրետ դեպքը ընդհանրացնել եւ հոգնակի թվով ներկայացնելը պատիվ չի բերում ե՛ւ ձեզ, ե՛ւ լրատվամիջոցին, որովհետեւ եթե ես խնդրեմ ասել այդպիսի մեկ, երկու, երեք դեպք, դուք դա չեք անի» ։ Երբ լրագրողները հիշեցրին երեկ տեղի ունեցած բռնության այլ դեպք, մասնավորապես՝ լրագրողի նկատմամբ, Սիմոնյանն ասաց․ «Դե ես ասացի՝ բացի 2-3 դեպքից․․․» Դիտարկմանը, թե 3 դեպքը արդեն հոգնակի է, ԱԺ նախագահը արձագանքեց՝ ասելով․ «Հիմա սա Ձե՞ր հարցազրույցն է թե՞ իմ, վերջացավ Ձեր հարցը, ես այլեւս չեմ պատասխանի»։ Այնուհանդերձ, ԱԺ նախագահը նշեց, որ այդ դեպքի մասին լսել է, բայց բավականին քիչ է հետեւում ակցիաներին եւ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողությունները գնահատում է համաչափ։ Նա կրկին շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները եւ թույլ չեն տալիս, որ տարբեր փոքր միջոցառումներ խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքները․ «Բայց միեւնույն ժանանակ կրկնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում այն քաղաքացիներին, ովքեր իրենց իրավունքն են իրացնում, ազատ ցույցեր, երթեր իրականացնում, կարող եք տեսնել՝ ոստիկանությունը ինչպես է ուղեկցում, նաեւ ընդդիմադիր գործիչներն են նշում, որ ոստիկանության աշխատակիցները օգնում, աջակցում են, երբ ինչ-որ դեպք է տեղի ունենում, համենայն դեպս պետք է հասկանանք, որ գործողություններ, քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, եւ ոստիկանությունը իր աշխատանքն է իրականացնում»,- ասաց նա։
12:50 - 03 մայիսի, 2022
Պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ քաղաքական շահի ընթացքի մեջ են․ Սերգեյ Բագրատյան

Պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ քաղաքական շահի ընթացքի մեջ են․ Սերգեյ Բագրատյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ ընդդիմության արդեն երկու օր տևող ակցիաների պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթն է՝ նշաձողն իջեցնելու պահանջի մասին։ Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը սպառել էր ներքաղաքական օրակարգը, չկար մի բան, որով հնարավոր էր հանրությանը գեներացնել,  դրա համար էլ փորձում է «ելույթի այդ մի հատվածով» գեներացնել հանրային դժգոհություն։ «Արտաքին դիվանագիտական ճակատում մեր կարևորագույն հանդիպումներից առաջ անպայման ձեռնարկվում են որոշակի ակցիաներ, ընդդիմության կողմից ճնշում է գործադրվում գործող իշխանության վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանության գերկենտրոնացումը արտաքին ճակատում կարող է թուլացրած լինել ներսը, իրենք [ընդդիմադիրները] փորձում են օգտվել հնարավորությունից և իրենց նպատակներին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չեն դնում»,- 1in.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Սերգեյ Բագրատյանը։ Խոսելով ակցիաների մասին՝ Բագրատյանը նշեց, որ պետական շահն անտեսվում է, և ընդդիմադիրներն ավելի շատ «քաղաքական շահի ընթացքի մեջ են»։ «Ենթադրվում է նաև, որ հնարավոր է, որ որոշակի կենտրոններից ուղերձներ են հղվում ընդդիմությանը, և փորձում են գեներացնել այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները սխալվեն այս դիվանագիտության հարաբերության ընթացքում, իսկ ներքին և արտաքին ճնշման տակ այդ սխալների արդյունքում իրենք կարողանան իշխանափոխություն իրականացնել»,- նշեց պատգամավորը։ Բագրատյանը նաև մտահոգությու հայտնեց, որ ընդդիմության մի թևը Հայաստանի ապագան տեսնում է «առնվազն Ռուսաստանի հետ համընթաց»։ «Այսինքն՝ այստեղ մենք անկախության լուրջ կորուստներ կարող ենք արձանագրել և մեր սուվերենությունը հանձնել որևէ երրորդ պետության։ Ոչ ոք չի հրաժարվում ռազմավարական դաշնակցի հետ համագործակցությունից, բայց ցանկացած համագործակցություն և ցանկացած հարաբերություն պետք է չլինի ի հաշիվ երկրի անկախության և սուվերենության»,- ասաց նա։ Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմությունն ու իշխանությունն ունեն կուլիսային պայմանավորվածություններ, Բագրատյանը նշեց․ «Ցանկացած ակցիա, որը կոնկրետ նշում է Արցախի հարցում իշխանության բացթողումները՝ նշաձողն իջեցնելու հետ կապված և այլն, դու կարող ես դա օգտագործել արտաքին հարթակներում, որ կա ընդդիմություն, որն Արցախի հարցում այլ դիրքորոշում ունի, և այդ դիրքորոշումը կարող է բերել արհավիրքների։ Եվ արտաքին խաղացողները, որոնք շահագրգռված են տարածաշրջային խաղաղությամբ, հաշվի են նստելու այդ իրողության հետ։ Եթե իշխանությունը ճիշտ է խաղարկում այս իրողությունը, կարող է որոշակի դիվիդենտներ շահել և այս դժգոհությունը վերածել արտաքին հաջողության որոշակի սեգմենտներում։ Բայց արդյո՞ք դա կուլիսային պայմանավորվածություն է․ չեմ կարծում, որ հնարավոր է կուլիսներում պայմանավորվել մի հարցի շուրջ, որը, ի  վերջո, իշխանւթյան խնդիր է լուծում։ Բագրատյանի խոսքով՝ սա սոցիալական հենք չունեցող շարժում է․ «Արցախի ղեկավարությունը հստակ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները Արցախի ընտրված իշխանության հետ համատեղ իրականացնում են նույն քաղաքականությունը։ Այսինքն՝ եթե Արցախի իշխանությունը դժգոհություն հայտներ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունից, բնականաբար, ընդդիմությունն ավելի լայն զանգվածներ կարող էր գեներացնել։ Արցախի արտգործնախարարը հստակ հայտարարեց, որ ներքաղաքական օրակարգում Արցախը մի՛ քննարկե։ Դա վերաբերում էր և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը։ ․․․ Ընդդիմությունը, եթե ասում էր՝ Արցախի հարցը լուծելու համար եմ ես իշխանություն ուզում, Արցախի հարցը վերացավ, մնաց «իշխանություն եմ ուզում» հատվածը, իսկ իշխանություն բոլորը ուզում են»։ Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության ընդլայնված նիստին հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ: Հիշեցնենք նաև, որ ընդդիմությունը, երկու օր է, բողոքի ակցիաներ է իրականացնում։ Այսօր առավոտվանից ևս ակցիաները շարունակվում են։
10:13 - 03 մայիսի, 2022
Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի՝ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու Արցախի տարածքների դեօկուպացիան․ Մարիա Կարապետյանը սխալ է ներկայացնում ծրագիրը

Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի՝ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու Արցախի տարածքների դեօկուպացիան․ Մարիա Կարապետյանը սխալ է ներկայացնում ծրագիրը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր՝ «Ազատությանը» տված հարցազրույցում, հայտարարեց, որ իրենք նախընտրական ծրագրում չեն գրել, թե դեօկուպացնելու են Արցախի տարածքները։ «Այնտեղ [նախընտրական ծրագրում] գրված չի եղել, որ մենք դեօկուպացնելու ենք Շուշին և Հադրութը, գրված է եղել՝ այդ հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ստեղ նյուանս կա, տարբերություն կա։ Ես հասկանում եմ, որ բառի գործածությունը  ավելի ցայտուն է թվում․ օգտագործվա՞ծ է բառը, թե՞ ոչ։ Բայց ձևակերպման տարբերություն կա»,- նշեց պատգամավորը։ Մարիա Կարապետյանը, սակայն, սխալ է ներկայացնում ՔՊ նախընտրական ծրագրում դեօպուկացիայի մասին ձևակերպումը․ այնտեղ գրված չէր, որ Արցախի տարածքների հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ծրագրում նշվում էր հետևյալը․ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ՝ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»: Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2021-ի ապրիլի 14-ին՝ Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպես քաղաքական և ոչ թե որպես ռազմական հարց ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա․ որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը»:  Մարիա Կարապետյանը, փաստորեն, սխալվում է․ ՔՊ նախընտրական ծրագրում Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը նշում էր որպես բանակցային գործընթացի առաջնահերթություններից մեկը, իսկ նախընտրական քարոզարշավից առաջ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօպուպացիայի խնդիրը պետք է և ոչ թե կարող է դրվել որպես բանակցային հարց։ Infocom-ն արդեն անդրադարձել է այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման մասին ինչ էր նշված ՔՊ նախընտրական և 2021-ին ձևավորված կառավարության ծրագրերում, և ինչ են այժմ փաստացի հայտարարում կառավարող ուժի ներկայացուցիչները։ Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ կայքից Աննա Սահակյան
19:11 - 27 ապրիլի, 2022
Արայիկ Հարությունյանի նախկին խորհրդականը՝  Գոհար Մամիկոնյանը, ՀՌՀ անդամի թեկնածու |hetq.am|

Արայիկ Հարությունյանի նախկին խորհրդականը՝ Գոհար Մամիկոնյանը, ՀՌՀ անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գոհար Մամիկոնյանի թեկնածությանը: Գոհար Մամիկոնյանը սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնում, իսկ մագիստրատուրան՝ հանրային կառավարում բաժնում: Թեկնածուն 2018-2021 թվականներին զբաղեցրել է ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը, 2021-ի ապրիլի 1-ից մինչ այժմ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն է: Վերջինիս թեկնածությունը ներկայացրեց Նարեկ Բաբայանը, որի խոսքով՝ Մամիկոնյանը 2014-ից «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ է, իսկ 2015-ից՝ ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ: «Գոհար Մամիկոնյանը, զբաղեցնելով քաղաքացիական ծառայության պաշտոններ, աչքի է ընկել համառ աշխատասիրությամբ ու քաղաքական զսպվածությամբ՝ որևէ կերպ չշահարկելով զբաղեցրած պաշտոնն ու քաղաքական դիրքորոշումները»,- ասաց Բաբայանը՝ վստահեցնելով, որ թեկնածուն կարող է առաջադրված պաշտոնում քաղաքական զսպվածություն ցուցաբերել: Հանձնաժողովը հավանություն տվեց Գոհար Մամիկոնյանի թեկնածությանը՝ հարցն ընդգրկելով լիագումար նիստերի օրակարգում: Նշենք, որ նիստին ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին:
16:17 - 26 ապրիլի, 2022
Փաշինյանի մերձավորներն իրենց ընկերությունները չեն հայտարարագրել
 |hetq.am|

Փաշինյանի մերձավորներն իրենց ընկերությունները չեն հայտարարագրել |hetq.am|

hetq.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության գալուց ի վեր պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, բայց հենց իր՝ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պաշտոնյա աներորդին ու նախկին պատգամավոր ընկերը։ Վարչապետի զոքանչը չի հայտարարագրել իր բաժնեմասերը Ընդունված է համարել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Փաշինյանի ընտանիքին: Թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1999-ի դեկտեմբերին, իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ պատկանում է 3 փայատիրոջ՝ Կիմա Մկրտչյանին, որը վարչապետի զոքանչն է (70 %), «Հայկական ժամանակ»-ի լրագրող, «Իմ քայլը» դաշինքի նախկին (2019-2021 թթ.) պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանին (20 %) եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին (10 %): Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Հայկ Գեւորգյանը փայատեր է 2002-ից, իսկ Պետրոս Մակեյանը ՍՊԸ-ի առաջին հիմնադիրներից է եւ այստեղ է 1999-ից: «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների ընտանիքի չափահաս անդամները պաշտոնյայից առանձին ներկայացնում են հայտարարագրեր: Օրենքի սահմանմամբ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ: Փաշինյանի զոքանչ Կ. Մկրտչյանը հայտարարագրեր սկսել է ներկայացնել 2018-ից՝ այն բանից հետո, երբ այդ տարվա ամռանը ԱԺ պատգամավոր է դարձել որդին՝ Հրաչյա Հակոբյանը: Այսինքն՝ օրենքի իմաստով որպես համատեղ բնակվող չափահաս անձ Մկրտչյանը համարվում է Հրաչյա Հակոբյանի ընտանիքի անդամ: Մոր եւ եղբոր հետ հաշվառված է նաեւ Աննա Հակոբյանը, սակայն նա իր ու վարչապետի ընտանիքով ապրում է առանձին եւ հայտարարագրեր է ներկայացնում որպես Փաշինյանի ընտանիքի անդամ: Այսպիսով՝ 2018-ից վարչապետի զոքանչն ու պատգամավոր Հակոբյանի մայրը հայտարարատու անձ է: Պաշտոնյաների ընտանիքի անդամները հայտարարագիր ներկայացնում են տարվա կտրվածքով: Եթե մինչեւ 2019 թ. նրանք հայտարարագրում էին միայն տվյալ տարվա ընթացքում ձեռք բերած ու օտարած գույքը, արժեթղթերն ու ներդրումները, ապա 2019-ից ընտանիքի անդամները պարտավոր են հայտարարագրել այն ամենն, ինչ ունեն այդ պահին՝ անկախ նրանից՝ հաշվետու տարու՞մ են ձեռք բերել, թե ոչ: Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ: Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Ընկերության անունը Փաշինյանի եւ նրա կնոջ անուններից է կազմված՝ ՆԻԿոլ+ԱՆնա: Սկզբնապես մասնակիցները եղել են Աննա Հակոբյանն (80 %) ու լրագրող Հայկ Գեւորգյանը (20 %): Ընկերությունը գրանցված է Գեւորգյանի հաշվառման հասցեում, տնօրենն էլ ստեղծումից մինչեւ հիմա նա է: 2014-ին Ա. Հակոբյանն իր փայը հանձնել է մորը՝ Կիմա Մկրտչյանին: Վերջինս, ինչպես «Դարեսկիզբում» ունեցած 70 %-ի պարագայում էր, այստեղ էլ պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել: ՀՀ մտավոր սեփականության գործակալության (ներկայում՝ գրասենյակ) տեղեկագրից իմանում ենք, որ 2009-ի հուլիսին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իր անունով գրանցված ապրանքային նշանի հանդեպ բոլոր իրավունքները զիջել է «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ին (խոսքը, թերեւս, «Հայկական ժամանակի» ապրանքային նշանի մասին է): Նշված տեղեկագրի մեկ այլ համարից տեղեկանում ենք, որ 2010-ի մայիսին «Նիկան հրատարակչությունը» նույն ապրանքային նշանի օգտագործման լիցենզիա է տվել «Դարեսկիզբ» ընկերությանը 5 տարի ժամկետով: Թե՛ իրավաբանական անձանց պետռեգիստրի, թե՛ ՊԵԿ-ի տվյալներով՝ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ն «Դարեսկիզբի» նման գործող ընկերություն է, լուծարված չէ, ասել է թե՝ Կ. Մկրտչյանը պարտավոր էր հայտարարագրել իր բաժնեմասը: 2017 թ. հուլիսից հետո, Քրեական օրենսգրքի համաձայն, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 200.000-300.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա: Փաշինյանի աներորդին կրկնել է մոր սխալը     Հրաչյա Հակոբյանը մոր՝  Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Շահերի հայտարարագիրն այն հատվածն է, որտեղ պաշտոնյաները ներկայացնում են ոչ միայն իրենց, այլեւ ընտանիքի անդամներին վերաբերող մի քանի տվյալներ, այդ թվում՝ մասնակցությունն առեւտրային կազմակերպություններում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում: ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ: Այս պարագայում պաշտոնյան պարտավոր էր հայտարարագրել ընկերությունը, ինչն արել է: Բայց Հակոբյանը «Բ26»-ում ունեցած 100 % բաժնեմասը ներկայացրել է միայն «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, իսկ «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին (ինչպես մոր ունեցած բաժնեմասերի) որեւէ նշում չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ. Հակոբյանը 2019 թ. շահերի հայտարարագրում նշել է իր կուսակցական պատկանելությունը, իսկ 2020-ի նույն բաժնում այդ մասին որեւէ նշում չկա, չնայած նա էլի ՔՊ-ական է: Շարունակությունը՝ hetq.am-ում
17:00 - 25 ապրիլի, 2022
Պատգամավորը հորդորում է ԶԼՄ օրենքի փոփոխության նախագծի հեղինակներին հետ կանչել այն

 |armenpress.am|

Պատգամավորը հորդորում է ԶԼՄ օրենքի փոփոխության նախագծի հեղինակներին հետ կանչել այն |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում լրագրողական հանրության մասնակցությամբ քննարկում անցկացվեց ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլիթ Մինասյանի ներկայացրած նախագծում նշվում է , որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: «Օրենքի բացը լրացնելու եւ առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,-ասված է նախագծում: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ  նախագծով իշխանությունը ցանկանում է արագ խնդիր լուծել: «Պարտավոր էին հստակ սահմանել հավատարմագրման հիմքերը, որպեսզի լրագրողի համար իր վարքագիծը կանխատեսելի լինի և լրագրողն իմանա, թե օրինակ որ դեպքում ինքը կարող է զրկվել հավատարմագրումից, հակառակ դեպքում դաշտը բաց է, և ցանկացած գերատեսչություն կարող է կամայականորեն որոշել և ազատվել ոչ ցանկալի լրագրողներից կամ գլուխներն ազատել անցանկալի հարցերից: Այսինքն՝ պետք է հստակ հիմքերը նշել, թե որ դեպքում ինչ հիմքեր կան և որ դեպքում կարող է զրկվել հավատարմագրումից: Օրենքի որոշակիության պահանջի խնդիր կա, հիմքերը հստակ սահմանված չեն, հետևաբար, եթե հիմքերը չկան, ինչո՞վ են առաջնորդվելու, որպեսզի որոշեն լրագրողին զրկել»,-ասաց Սեյրանյանը: Լրագրող Սևակ Վարդումյանն էլ նշեց՝ չգիտի, թե ո՞ր դեպքում կարող է ԱԺ աշխատակազմը իրեն զրկել հավատարմագրումից: «Ենթադրենք ես մի քիչ բարձր եմ ծիծաղում միջանցքում, այդ ժամանա՞կ է զրկում, ինչ-որ մեկին հարվածում եմ, այդ ժամանա՞կ է զրկում, բարձրախոսը շատ եմ մոտեցնում բանախոսին, այդ ժամանա՞կ է զրկում….»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցերի պատասխանները հնարավոր չէ գտնել նախագծում, պատգամավորներն էլ չեն ներկայացրել: Լրագրողի կարծիքով՝ նախագիծը պետական գերատեսչության համար կամայական որոշում կայացնելու հնարավորություն է ստեղծում: Նա նախագծում որևէ հիմնավորում չի տեսել, նշում է, որ, եթե լինեին կետեր, ինքը մեծ ուրախությամբ, կքննարկեր, կբանավիճեր՝ կոնսենսուսի գալու համար, այսպիսով` կոչ է անում հեղինակներին հետ կանգնել նախագծից: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ ասաց. «Պետք է այս մոտեցումից հրաժարվել: Լրագրողի հավատարմագրման դադրեցում կամ զրկում պետք է չլինի մեր օրենսդրության մեջ»: Թագուհի Թովմասյանն էլ դժգոհեց, որ լրագրողական հանրության հետ նախապես չեն արվում նրանց վերագրվող օրենքների մասին քննարկումները: «Այո, լրագրողների մեջ էլ կան մարդիկ, որոնք խնդիր են առաջացնում, և այդ մարդիկ առաջացնում են նաև նման օրենսդրական նախաձեռնություններ բերելու անհրաժեշտություն, և դրանով փորձում են կուլիսներում հիմնավորել, որ այդ դեպքերը կանխելու համար են բերում տվյալ նախաձեռնությունը»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ խնդիրը պետք է կարգավորվի հենց լրագրողական դաշտում: «Յուրաքանչյուր խմբագրություն պետք է իր վրա պարտավորություն վերցնի, ինքն իր համար մշակի, հրապարակի այն էթիկայի կանոնները, որոնք իրենք ինքնակամ հետևելու են, և պետական գերատեսչությունը կարողանա հետևել հենց նրանց կողմից մշակված էթիկայի կանոնների պահպանմանը: Ելքերից մեկը սա եմ տեսնում, ինքնակարգավորման լավագույն միջոց է, որ խնդիրը կարգավորվի հենց  լրագրողական դաշտում և որևէ մեկը մահակ չունենա՝ որևէ լրագրողին հավատարմագրումից զրկելու սպառնալիքով պատժել»,-ասաց նա: Պատգամավորն առաջարկեց ստորագրահավաք կազմակերպել և դիմել կառավարությանը՝ խնդրելով նախագծին տալ բացասական եզրակացություն, դիմել նաև նախագծի հեղինակներին՝ խնդրելով հետ կանչել նախագիծը, քանի որ, պատգամավորի գնահատմամբ, այն իրավազուրկ, հիմնազուրկ է:  
16:25 - 15 ապրիլի, 2022
Ի՞նչ մանդատ է տվել ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին․ կառավարող ուժը հակասում է իր նախընտրական խոստումներին

Ի՞նչ մանդատ է տվել ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին․ կառավարող ուժը հակասում է իր նախընտրական խոստումներին

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Արցախյան հիմնախնդրի լուծման, տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում  հաճախ են առաջ մղում այն թեզը, որ իրենք ժողովրդից մանդատ են ստացել։ Վերջին օրերին ակտիվացել են այս հարցերի շուրջ քննարկումները։ Այս հոդվածում կփորձենք հասկանալ, թե կառավարող ուժը ընտրությունների արդյունքում ինչպիսի քայլեր իրականացնելու մանդատ է ստացել ժողովրդից։   Ի՞նչ են հայտարարում Փաշինյանն ու նրա թիմակիցները Երկու օր առաջ՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմին և իր մեղավորությանը։ Վարչապետի պնդմամբ`  միջազգային հանրությունը Հայաստանին հստակ ասում է`  լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրե՛ք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում, ասում է, խնդրում եմ, մեզ վրա հույս չդնեք»,- հայտարարեց Փաշինյանը: Վարչապետի խոսքով`  ինքն այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգն այլընտրանք չունի: Իր ելույթում Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումն ու ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումը։ «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- հայտարարեց վարչապետը: Երեկ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց․ «Առաջ քաշվեց այն գաղափարը (նկատի ունի՝ 90-ականներին- խմբ․), որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի․ տարիներ են անցել, ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել»:  Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը նշեց՝ իրենք անելու են ամեն ինչ, որ Արցախը չհայաթափվի։ Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի կազմում լինելու դեպքում Արցախը չի հայաթափվի, պատգամավորը պատասխանեց․ «Այսինքն, ձեզ համար հաճելի է, որ Ադրբեջանի կազմից դուրս հայաթափվի՞»։ Այնուհետև Խաչատրյանը, պատասխանելով հարցին՝ պատկերացնո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում թե՞ ոչ, նշեց․  «Վարչապետը բաց ասաց, որ մենք մեր գործընկերների հետ, ովքեր կարող են օգնել Հայաստանին ու Արցախին, այժմ քննարկելու ենք անվտանգության հարցերը, նոր կարգավիճակի, որովհետև նրանք մեր ուզած կարգավիճակի հարցը չեն ուզում քննարկել։ Երբ որ մենք ասում ենք, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանից դուրս, ասում են՝ ցտեսություն, գնացեք, լուծեք ձեր հարցը։ Բայց մենք օժանդակության կարիք ունենք։ Ասում են՝ եթե ուզում եք՝ կոալիցիա ձևավորվի, եթե ուզում եք՝ Հայաստանն, Արցախը օգնություն ստանան, կարգավիճակի նշաձո՛ղն իջեցրեք, և մենք, փոխանակ իրենց հետ քննարկենք, թե մինչև ուր իջեցնենք, ասում ենք՝ լավ, էդ մի կողմ դրեցինք, քննարկենք անվտանգության հարցերը։ Այս տարվա մարտին ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց 5 կետանոց առաջարկ։ Առաջարկների թվում էին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատումը։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՔՊ պատգամավոր  Էդուարդ Աղաջանյանը պատասխանելով հարցին, թե իրենց համաձա՞յն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշեց․ «Մենք կարծում ենք, որ դա՝ որպես նախապայման, նույնիսկ իմաստ չունի առաջադրել Հայաստանի առաջ, որովհետև դա արդեն կայացած փաստ է»։ Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը մեկ անգամ չէ հայտարարել, որ Ադրբեջանի տարածք է ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Աղաջանյանը պատասխանեց․ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ երբևէ Հայաստանը որևէ նկրտում չի ունեցել, և խոսքը Արցախի հայ բնակչության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքի մասին է»։  Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդն անվտանգ ապրի, Աղաջանյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի, և վերջնական կարգավիճակին հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։ Իսկ մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ՀՀ-ի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը, և ուրեմն հարց է ծագում՝ ինչու է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն։ Պատճառն այն է, որ ՀՀ-ն իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա ԼՂ-ի հիմնախնդիր և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը»։  Ապրիլի 7-ին տեղի ունեցավ Փաշինյանի, Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Խոսելով հանդիպման մասին՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց․ «Մեզ համար սկզբունքային նշանակութուն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու նրանց իրավունքների, ազատությունների պաշտպանությունը, նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։ Երկու դեպքում էլ Փաշինյանը նշում է Արցախի ժողովրդի ընդհանուր իրավունքների մասին՝ չնշելով ոչինչ ինքնորոշման սկզբունքի մասին։   Դիտարկենք ՔՊ նախընտրական ծրագիրն ու ելույթները՝ հասկանալու համար, թե ներայիս կառավարող ուժը ժողովրդից ինչ մանդատ է ստացել։   «Անջատում հանուն փրկության» սկզբունք և ինքնորոշման իրավունք «Անջատում հանուն փրկության» գաղափարի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր դեռ 44-օրյա պատերազմի օրերին։ Պատերազմից հետո՝ 2021-ի ապրիլին, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պետք է միջազգային հանրությանն ի ցույց դնել ԼՂ-ի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը «հետագա բանակցային գործընթացի առանցքը պետք է կազմի»: ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում, Փաշինյանը կրկին խոսեց այս  սկզբունքի մասին։ ՔՊ նախընտրական ծրագրում Արցախյան հակամարտության կարգավորման մասին ասվում էր հետևյալը․ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։ Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է։ Արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հունիսի 17-ի հանրահավաքի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը խոսեց այս գաղափարի մասին․ «44-օրյա պատերազմը, ԼՂ հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել «անջատում հանուն փրկության» տրամաբանության ներքո, որովհետև ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում, մասնավորապես, այնպիսի օրինակներով, ինչպիսիք Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է։ Միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն բևեռենք այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկության»-ը [ԼՂ ] հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է»։ Արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարեց․  «Ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը, ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, «Անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում։ Ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագրում, սակայն, Արցախյան հիմնախնդրի լուծման մասին ձևակերպումները մի փոքր այլ էին։ Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Կառավարության ծրագրից դուրս է մնացել  «Անջատում հանուն փրկության սկզբունքը»։ Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, ապա եթե այդ ձևակերպումը կար կառավարության ծրագրում, ապա այն հիմա անհետացել է կառավարող ուժի ներկայացուցիչների խոսույթից։ Նրանք օգտագործում են «ԼՂ ժողովրդի իրավունքներ» ընդհանրական ձևակերպումը։   Արցախի տարածքների դեօկուպացիա 2021-ի հունվարին Փաշինյանը հանդիպում էր ունեցել Պուտինի և Ալիևի հետ։ Վարչապետի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր, որ հանդիպման ընթացքում Փաշինյանը ԼՂ կարգավիճակի հստակեցման համատեքստում խոսել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիայի, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովման մասին։ Նիկոլ Փաշինյանը 2021-ի ապրիլի 14-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպես քաղաքական և ոչ թե որպես ռազմական հարց ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա․ որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը»:  Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին ոչ մեկ անգամ խոսել է նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը (1, 2)։ ՔՊ նախընտրական ծրագրում նշված էր․ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:  Իսկ կառավարության ծրագրում արդեն ոչ մի խոսք չկար Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին։   Խաղաղության օրակարգ և հարևանների հետ հարաբերություններ Նախընտրական ծրագրում արտաքին քաղաքական հարցերի շուրջ ՔՊ դիրքորոշումը հետևյալն էր․  «Հայաստանը կարևորում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման համար: Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով։ Թուրքիայի ղեկավարության ապակառուցողական գործողությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին 44-օրյա պատերազմում ցուցաբերած բացահայտ աջակցությունը, ինչպես նաև հակահայկական քաղաքականությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ինչը բխում է տարածաշրջանային կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Հարաբերությունների կարգավորումը կարող է տեղի ունենալ Թուրքիայի կողմից համապատասխան կառուցողական քայլերի դեպքում»: Իսկ կառավարության ծրագրում արտաքին քաղաքական հարցերի մասին ձևակերպումներն այսպիսին էին․ «Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին: Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը կախված չէ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը: Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումն էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար:  Այսպիսով, ժողովուրդը 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին տվել է՝  պատերազմի հետևանքների վերացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, «անջատում հանուն փրկության» սկզբունքով Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման, նախկին ԼՂԻՄ բնակավայրերի  դեօկուպացիայի, Արցախի վերահսկողության ներքո վերադարձնելու, 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչման մանդատ։ Ավելին, ծրագրում հստակ նշվում էր՝ այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Նախընտրական ծրագրի այս կետերից երկուսը՝ «Անջատում հանուն փրկության» սկզբունքը և Արցախի տարածքների դեօկուպացիան, դուրս են մնացել կառավարության ծրագրից։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին կառավարության ծրագրում նշվում էր, սակայն վերջին շրջանում կառավարող ուժի ներկայացուցիչները խոսում են Ացախի ժողովրդի ընդհանուր իրավունքների մասին։ Իսկ կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին հայտարարություններն, ըստ էության, անուղղակի ակնարկ են այն մասին, որ կարող է քննարկվել Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրի այն ձևակերպմանը, թե Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, ապա Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները հակասում են դրան։ Վիգեն Խաչատրյանը, հիշեցնենք, ասել էր, թե 90-ականներին առաջ եկած գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, ճիշտ չի եղել։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը խոսում են ժողովրդից մանդատ ստանալու մասին, սակայն իրենց նախընտրական ծրագրում և ելույթներում տված խոստումներին հակասող հայտարարություններ են անում։ Աննա Սահակյան
16:03 - 15 ապրիլի, 2022
ՀՀ վարչապետի ելույթում Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս լինելու մասին որևէ ձևակերպում չի եղել. Էդուարդ Աղաջանյան |armenpress.am|

ՀՀ վարչապետի ելույթում Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս լինելու մասին որևէ ձևակերպում չի եղել. Էդուարդ Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Արցախի հարցի որևէ լուծում, որի հետևանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետության համար: Այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանական ճեպազրույցում: Պատգամավորը, նախ անդրադառնալով Արցախի ԱԺ-ի նախորդ օրն արած հայտարարությանը, վստահեցրեց. «Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել: Եվ բնական է, որ այս գործընթացի կարևորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է»: Հայտարարության առնչությամբ պատգամավորը նշում է՝ կարող է ընդամենը ենթադրել, որ Արցախի գործընկերները լավ չեն հասկացել ՀՀ վարչապետի ելույթի բովանդակությունը՝ կրկին շեշտելով, որ որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել, ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը: «ՀՀ-ի համար Արցախյան հիմնախնդիրը երբևէ տարածքային վեճ չի եղել, եղել է արցախցիների, արցախահայության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու, այսինքն՝ իրավունքի իրացման խնդիր: Հետևաբար, մեզ համար, ըստ էության, կարգավիճակը մշտապես եղել է միջոց այս իրավունքներն իրացնելու համար: ՀՀ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ մշտապես եղել է անփոփոխ»,-ասաց պատգամավորը: Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու հարցին՝ Աղաջանյանը պարզաբանեց. «Խոսքն առաջին հերթին այն նշաձողի մասին է, որի արդյունքում կապահովվի ՀՀ-ի շուրջ միջազգային հանրության այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում առնվազն հայանպաստ լուծումը կդառնա առավել հավանական: Մենք ունենք 30 տարվա բանակցային փորձ, որի ընթացքում մենք ունեցել ենք որոշակի նշաձող, և այդ թվում պայմանավորված դրանով, ՀՀ-ն այդ 30 տարիների ընթացքում, ըստ էության, եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ, դրա պայմաններում, որի հետևանքները, կարծում եմ, բոլորս տեսնում ենք հընթացս, նաև տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո: Կարծում եմ՝ ժամանակն է հետևություն անել մեր սխալներից, շարժվել իրատեսական նկատառումներով»: Անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանի կազմում լինելն անընդունելի է՝ Աղաջանյանը շեշտեց, որ ՀՀ վարչապետի ելույթում Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս լինելու մասին որևէ ձևակերպում չի եղել:   Անդրադառնալով Արցախի հնարավոր կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Աղաջանյանը վստահեցրեց. «Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ՝ պետք է, որ ընդունելի լինի բոլորի համար՝ առաջին հերթին արցախցիների համար: Պայմանն այն է, որ եթե արցախցիների համար դա ընդունելի է, ենթադրում եմ, որ ՀՀ քաղաքացիների և Հայաստանի համար դա ևս ընդունելի է: Խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, որի առկայության պայմաններում ենթադրվում է, որ արցախցիները չեն ուզենա լքել Արցախը: Հակառակ պարագայում այն լուծումը, որ կառաջարկվի, բնականաբար չի լինի ՀՀ շահերին համապատասխան, ոչ էլ արցախցիների: Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող լինել ընդունելի Հայաստանի Հանրապետության համար»:  Ըստ նրա՝այդ իրատեսական շարժառիթներով ու նկատառումներով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունները կարևոր են համարում միջազգային հանրության հետ նույն մակարդակի, նույն գծի վրա լինելն այս հարցում: Պատգամավորը սա չափազանց կարևոր պայման համարեց, որպեսզի հարցը լուծվի առավել բարենպաստ ձևով: Հիշեցնենք, որ Փաշինյանը ապրիլի 13-ին հայտարարել է, որ միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար: «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»,- նշել է նա: Փաշինյանի խոսքով` այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգը այլընտրանք չունի:
12:03 - 15 ապրիլի, 2022
ՔՊ խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որն ստանձնել է Նիկոլ Փաշինյանը. Կոնջորյան |1lurer.am|

ՔՊ խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որն ստանձնել է Նիկոլ Փաշինյանը. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: Արցախյան հիմնախնդիրը երկար տարիներ Հայաստանում եղել է իշխանությունը բռնազավթելու և իշխանությունը պահելու, հիմա էլ դարձել է իշխանությունը վերաբռնազավթելու գործիք, և այն մարդիկ, ովքեր այսօր հայրենասիրական բառապաշարով ճամարտակում են հայրենիքի մասին, փաստացի Արցախը և արցախյան հարցը դարձրել են հրազենի փող, որն ուղղել են իրենց քաղաքական հակառակորդների ճակատին, երբեմն՝ բառի բուն և ուղիղ իմաստով, երբեմն՝ փոխաբերական, և այսօր նորից փորձում են նույն բանն անել ՀՀ-ում: ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Այսօր ժողովրդին շրջանցելու ճանապարհով փորձում են արցախյան հիմնախնդրի կարգավորման այս պատմական փուլը նորից վերածել իշխանություն բռնազավթելու քաղաքական ակտի և դա նորից անում են հայրենասիրության քողի ներքո: Ի՞նչ ենք մենք ասում. մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ, դուք մեզ տվել եք մանդատ 2021 թ. ընտրություններով, որպեսզի Հայաստանում և մեր տարածաշրջանում հաստատենք խաղաղության դարաշրջան: Մենք գալիս ենք և ժողովրդին ներկայացնում ենք մեր պատկերացումները, մեր առաջարկները, միջազգային հանրության դիրքորոշումները: Ասում ենք՝ եկեք քննարկենք, եկեք բանավիճենք, եկեք դուք ներկայացրեք ձեր տեսակետը, և ժողովրդի ներկայացուցչական մանդատով օժտված այս մասը փոխարենը մեզ հետ բանավիճի, փոխարենը չհամաձայնվի, առաջարկներ ներկայացնի, շրխկացնում է դուռը, հեռանում է և հեռվից՝ Հայաստանի տարբեր քաղաքներից, հեռակա բանավիճում է մեզ հետ և նորից՝ հայրենասիրության գաղափարական քողի ներքո»,- ասաց Կոնջորյանը: Նրա խոսքով՝ ՔՊ խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որն ստանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն պատասխանատվությունը, որով, վարչապետի գլխավորությամբ, իրենց օժտել է ՀՀ ժողովուրդը: «Մենք մեր ժողովրդի հետ բաց ենք, անկեղծ ենք, ազնիվ ենք, մենք մեր ժողովրդի հետ երկխոսում ենք, մեր և ժողովրդի անսասան և անբեկանելի կապն է, որ դառնալու է Հայաստանի պայծառ ապագայի հիմնաքարը, և այդ կապը ոչ ոք չի կարող կտրել»,- նշեց իշխող խմբակցության ղեկավարը:
13:25 - 14 ապրիլի, 2022
Անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու համար. Հովհաննիսյան |1lurer.am|

Անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու համար. Հովհաննիսյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ նիստին խոսեց ստեղծված իրավիճակի ու անցյալի սխալների մասին: «Եթե Արցախը նախկինում մշտապես օգտագործվել է իշխանությունը պահելու, մարդկանց կեղեքելու ու բանակի հզորացման անվան տակ այն թալանելու համար, ապա հեղափոխությունից հետո մինչ այս պահը Արցախն օգտագործվում է իշխանությունը վերադարձնելու համար, իշխանության վերադառնալու համար, կրկին այն գողանալու համար: Կրթական, տնտեսական, սոցիալական ու մի շարք այլ ոլորտներում ծրագրեր գրեթե չէին իրականացվում, որովհետև պետք էր բանակը հզորացնել, որ հայրենիքը պաշտպանեինք: Անգամ հեղափոխության օրերին էին ֆեյք տեսանյութեր տարածում սահմաններին կուտակումների մասին, որ մարդկանց վախերի միջոցով կանգնեցնեին քաղաքացիական ճշմարիտ անհնազանդությունից: 2018-ից հետո վերացվեց նաև այս նարատիվը: Կառուցվում և բարեկարգվում են կրթական հարյուրավոր հաստատություններ, իրականացվում և ֆինանսավորվում են սոցիալական, տնտեսական, առողջապահական բազմաթիվ ծրագրեր: Աննախադեպ միջոցներ են ուղղվում Արցախի մեր հայրենակիցների բարեկեցության համար, ավելի մեծ ծավալով է ֆինանսավորվում բանակը: Ու այս ամենը՝ առանց միմյանց հակադրելու Արցախն ու Հայաստանի զարգացումը: Այո՛, տասնամյակների խաբեության, փուչ կենացների, կեղծ հայրենասիրության հետևանքը ապրիլյան, հետո՝ 44-օրյա պատերազմն էր, որի արդյունքում հազարավոր հայրենակիցներ ենք կորցրել: Բայց մեր եղբայրներն ու քույրերն իրենց կյանքը չնվիրեցին միայն մեր ազատության համար, նրանք իրենց կյանքի գնով բացահայտեցին ճշմարտություններ, որոնց հետ որքան ուշ առերեսվեինք, այնքան մեծ էր լինելու ողբերգությունը»,- ասաց Հովհաննիսյանը: Նա շեշտեց, որ որպես պետություն ու ժողովուրդ իրավունք չունենք տրվելու սին պատրանքների: «Պետք է կարողանանք այս պատմական խաչմերուկում մեր պետականության համար կարևորագույն շրջափուլում մեր որոշումները կայացնենք՝ ելնելով ճշմարտություններից և ոչ երբեք կրկին մեզ մատուցվող կեղծ պաթոսից ու արկածախնդրությունից: Մեզ անհրաժեշտ է հանրային լայն կոնսոլիդացիա՝ բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալու, արցախահայության բոլոր իրավունքները պաշտպանելու և մեր ժողովրդի համար երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:
12:17 - 14 ապրիլի, 2022
Պետք է մարդկանց բացատրենք, որ Ղարաբաղը չենք ուրանում, ուզում ենք ապահովել Ղարաբաղի հայաթափության բացառումը. ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյան |news.am|

Պետք է մարդկանց բացատրենք, որ Ղարաբաղը չենք ուրանում, ուզում ենք ապահովել Ղարաբաղի հայաթափության բացառումը. ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյան |news.am|

news.am:  Իրոք, ծանրագույն երկընտրանքի առջեւ ենք մենք կանգնած, եւ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները մեր ժողովրդի հետ, որովհետեւ այս ամբիոնից խոսքն ուղղվում էր ոչ միայն մեզ, այլեւ մեր հարգարժան քաղաքացիներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ դեռևս 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ. ««Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել: Այն ժամանակ մենք գիտեինք, որ Խորհրդային Միության ժամանակ հարց բարձրացվեց փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր ու մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղեր հայաթափվեցին: «Կոլցո» օպերացիան խորհրդային զորքերն արեցին Ադրբեջանի ՕՄՕՆ-ի հետ ու մենք չմտածեցինք, թե սա ուր է տանում», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը: Նրա խոսքով, 1988-ի շարժումը բերեց նրան, որ դաշտային Ղարաբաղը հայաթափվեց. «Բերեց նրան, որ 400-500 հազար հայեր չկարողացան շարունակել իրենց կյանքը իրենց պատմական հայրենիքում: Վերջապես, բերեց նրան, որ մենք ունենք ԼՂԻՄ-ի մի զգալի մասի կորուստ, որտեղ հայեր չեն ապրում: Որտե՞ղ պետք է կանգ առնենք, որտե՞ղ պետք է հասկանանք՝ մեր նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ»,-ասաց Վիգեն Խաչատրյանը: Նա ընդգծեց, որ չի կիսել երբեք Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, թե 1997-ին իրենք չգնացին հարցի լուծման, որովհետեւ քաղաքացիական պատերազմ կարող էր լիներ. «Մենք չգնացինք այդ լուծմանը, որովհետեւ կորցրել էինք վստահությունը հասարակության մեջ: Այսօր այս դահլիճում նստած մեծամասնությունից է կախված վարչապետի՝ խաղաղություն հստատելու քաղաքականությունը կպսակվի հաջողությամբ, եթե ժողովուրդը շարունակի մեզ վստահել, կամ հիասթափվի»,-ասաց նա: ՔՊ-ական պատգամավորն ընդգծեց, որ պետք է փոխենք մեր կենսաձեւը խաղաղություն հաստատելու համար եւ ավելի պետք է նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը հեղափոխություն է արել: Նա ասաց, թե որոշել է այլևս չխոսել խորհրդարանական ընդդիմության մասին, քանի որ ժողովուրդը վաղուց հիասթափվել է նրանցից։ ՔՊ-ականի խոսքով՝ շատ մարդիկ գոհ են հեղափոխության արդյունքներից, բայց ավելի շատ մարդիկ դեռ բավարարված չեն, ավելին են ուզում տեսնել. «Մենք պետք է առանձին ներքին քննարկում անենք՝ ի՞նչ պիտի անենք, որ ապահովենք խաղաղության պայմանագրի իրականացումը, պիտի ավելի նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել ու հեղափոխություն արեց: Պետք է մարդկանց բացատրենք, որ մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովենք Ղարաբաղի հայաթափության բացառումը», - նշեց նա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Վիգեն Խաչատրյանին «ճիշտ խոսքերի համար»:
12:06 - 14 ապրիլի, 2022